Nar-Dos

Մահը

14
9

Երբ Շահյանը մտավ պանի Զդանևիչի մոտ, վերջինս իր հաշիվներն էր տեսնում հյուրանոցի սպասավորի հետ։ Սենյակի դռան մոտ դրված էին երկու մեծ ճամպրուկ։ Ինքը պանի Զդանևիչը ճանապարհորդական փոքր-ինչ հնացած, բայց կոկ և ճաշակով կարված հագուստի մեջ էր, ուսին սակվոյաժ ձգած։ Շահյանին ընդունեց շատ սիրալիր և մտերմորեն, հետո ներողություն խնդրեց և նորից դարձավ սպասավորի ներկայացրած հաշիվներին։

Շահյանը նստեց հեռու և սպասում էր մի տեսակ բութ հանգստությամբ։ նա նմանում էր կյանքի հետ իր հաշիվները վերջացրած սառն ու անտարբեր մարդու։ Այն կրակը, որ այնպիսի կատաղությամբ վառվել էր նրա մեջ պանի Զդանևիչի վերաբերմամբ, կարծես հանգել էր այժմ, և նրան թվում էր, թե այդ հանգած կրակն այժմ այնտեղ, հոգու խորքում, ծուխ էր արձակում այնքան թանձր ու ծանր և այնքան հեղձուցիչ, ինչպես վառված փայտի վրա ջուր թափելուց հետո։

Պանի Զդանևիչը շուտով արձակեց սպասավորին և, երբ սպասավորը դուրս գնաց, արագ դարձավ Շահյանին։

Երևակայեցեք, բացականչեց նա մի տեսակ անհոգ ծիծաղով։ Եթե դուք չլինեիք, բոլոր ունեցած-չունեցածս պետք է թողնեի այստեղ։ Բայց հիմա, փառք աստծո, բոլոր իրեղեններս փրկված են։

Նա շտապով հավաքեց այս ու այնտեղ թափթփված մի քանի մանր-մունր բաներ և սկսեց տեղավորել ճամպրուկներից մեկի մեջ, նույն անհոգությամբ գանգատվելով հյուրանոցում տիրող անկարգ կարգերից, անաստված թանկ գներից և զանազան հարմարությունների բացակայությանից։ Իր անհոգ շատախոսության միջոցին հանկարծ խոսքը կիսատ թողեց բերանում, բնազդաբար ետ նայեց Շահյանի կողմը, մի րոպե ուշադրությամբ դիտեց նրա քարացած դեմքը, հետո կամաց բաց թողեց ձեռքին բռնած մի ինչ-որ իր և մոտեցավ նրան։

Ի՞նչ է պատահել ձեզ, պարոն Շահյան, հարցրեց նա մտահոգությամբ։

Շահյանը թեթև կերպով ցնցվեց: Մինչև այդ րոպե կարծես քնած էր և այդ րոպեին միայն սթափվեց։

Ի՞նձ... ոչինչ, արտասանեց նա, մեքենայաբար վեր կենալով տեղից և զարմանալով, թե ի՞նչ էր նկատել իր մեջ պանի Զդանևիչը։

Հապա ինչո՞ւ այդպես գունատ եք։

Գունա՞տ... մի՞թե։

Նայեցե՛ք հայելուն... Դուք անպատճառ հիվանդ եք։

Շահյանը շփոթված, հեռվից մեքենայաբար նայեց պատի վրա կախված հայելուն և չտեսավ իր դեմքը։

Այս երևի նրանից է, որ գիշերը սովորականից ուշ քնեցի և այս առավոտ վաղ վեր կացա, որ հասնեմ ձեզ, ասաց նա և աշխատեց ժպտալ։

Պանի Զդանևիչը լուրջ դեմքով և թերահավատությամբ շարժեց գլուխը, իր փորձող աչքերը չհեռացնելով Շահյանի ակնոցից։

Մեղքն ուզում եք ինձ վրա ձգել, բայց ափսոս, որ չեմ կարողանում համոզվել, թե մեղավորն իսկապես ես եմ։ Համենայն դեպս, թույլ տվեք ձեզ նկատեմ, պարոն Շահյան, դուք շատ զարմանալի երիտասարդ եք երևում. այնքան սառն եք և անտարբեր, որ կարծես թե աշխարհս գոյություն չունի ձեզ համար։

Շահյանը շատ օտարոտի կերպով ծիծաղեց։ Նրա ծիծաղի մեջ լսվում էին վիրավորված անձնասիրության շեշտեր։

Երանի չէ՞ր լինի, որ այդպես լիներ, ասաց նա կամաց և հետո ավելացրեց իրեն ոչ հատուկ զայրացկոտությամբ. Աշխարհս ոչ թե միայն գոյություն ունի ինձ համար, այլև նրա գոյությունն այնքան ճնշում է ինձ, որ կյանքիս գնով կցանկանայի նրանից ազատվել։

Պանի Զդանևիչը ապուշ կտրվեց։

Այդ դո՞ւք եք ասում, պարոն Շահյան...

Այո՛, ես եմ ասում։

Այդպես երիտասարդ հասակո՞ւմ...

Այդպես երիտասարդ հասակում։

Եվ առա՞նց կատակի։

Առանց կատակի։

Շահյանն իր պատասխանները տալիս էր իսկույն և համարձակ։ Այդ բանում նրան քաջալերում էր պանի Զդանևիչի մտերմական հովանավորող վերաբերմունքը։ Նա տեսավ, որ խիստ հետաքրքրել է պանի Զդանևիչին, ուստի փքվում էր և չէր վախենում իր մտքերն ուղղակի հայտնելուց։ Արագ քայլերով անցուդարձ էր անում սենյակի երկարությամբ, որի ժամանակ թեթև կերպով ճռճռում էին նրա կոշիկները, և թեև չէր նայում պանի Զդանևիչին, բայց զգում էր, որ նա, զարմացած, աչքերով հետևում էր իրեն։ Այդ բանը խիստ հաճելի էր Շահյանի համար, և այդ միջոցինն ազդում էր, որ բարձրացել է ինքն իր աչքում։

Լսեցեք, պարոն Շահյան, խոսեց պանի Զդանևիչը կարճ լռությունից հետո։ Դուք, իհարկե, չափազանցնում եք, որովհետև, ինչպես տեսնում եմ, դեռևս շատ անփորձ եք։ Երևի մի որևէ անախորժ դեպք է պատահել ձեզ, որ այդպես...

Այո՛, մի խիստ անախորժ դեպք, պանի Զդանևիչ, վրա բերեց Շահյանը խիստ ու կտրուկ և ականջ դրեց կոշիկների ճռճռոցին։

Ի՞նչ դեպք:

Ա՛յն, որ ես ծնվել եմ։

Շահյանն իսկապես շատ լուրջ կերպով ասաց այդ խոսքերը, բայց հետո, ինքն էլ չհասկացավ ինչու, նայեց պանի Զդանևիչին։ Նրանց աչքերը հանդիպեցին իրար, և երկուսն էլ միաժամանակ ծիծաղեցին։

Եվ դուք ասում եք, թե կատակ չեք անում, նկատեց պանի Զդանևիչը։

Ոչ, իզուր եք կարծում, թե՝ որ ծիծաղեցի, կատակ եմ անում։ Ամենալուրջ կերպով կրկնում եմ, որ միակ և ամենամեծ անախորժ դեպքը, որ պատահել է ինձ, այդ այն է, որ ես ծնվել եմ։

Բայց չէ՞ որ այդ վաղուցվա դեպք է, բացականչեց պանի Զդանևիչը, շարունակելով ծիծաղել։

Այո՛, բայց, դժբախտաբար, այնպիսի մի դեպք, որի ծանրությունը մարդ հետո է զգում։

Դուք փիլիսոփա եք եղել, պարոն Շահյան։

Այդ ավելի վատ։ Ես կկամենայի անասուն լինել։

Ա՛խ, դուք կրկնակի փիլիսոփա եք եղել, բացականչեց պանի Զդանևիչը այս անգամ արդեն բարձրաձայն ծիծաղելով։ Դուք հոռետես եք, այդ իմացա. անշուշտ և աթեիստ եք։ Չէ՞։

Շահյանը հոնքերը կիտեց և կանգ առավ։

Դուք ինձ ծաղրում եք, պանի Զդանևիչ, նկատեց նա վիրավորված։

Իհարկե, ծաղրում եմ, հապա ի՞նչ էիք կարծում, վրա բերեց պանի Զդանևիչը լուրջ, մտերմական հանդիմանությամբ։ Քանի՞ տարեկան եք։

Շահյանը չպատասխանեց։ Նա նայում էր պանի Զդանևիչի փեշերին:

Հազիվ թե քսան-քսանհինգ տարեկան լինիք, չէ՞: Եվ այդ հասակում թույլ եք տալիս ձեզ այդպիսի պառավական հայա՞ցք ունենալու կյանքի վրա։ Եվ ձեր այդ երիտասարդական հասակը, ձեր արյունը, ձեր ամբողջ էությունը չի՞ բողոքում այդ փտած հայացքի դեմ։ Կարելի բա՞ն է միթե այդ։ Ձեր հասակում մարդը մարմնացած մի ցանկություն պիտի լինի ապրելու, ապրելու և միմիայն ապրելու, կյանքին նվիրված օրհներգներ պիտի հորինի նա, պիտի վայելի ագահորեն կյանքի բոլոր բարիքները, շատ անգամ զոռով խլելով նրանից այդ բարիքները, և համենայն դեպս, կատաղի կռիվ պիտի մղի մահվան գաղափարի դեմ։ Իսկ դուք...

Իսկ ես դատարկ և աննպատակ բան եմ համարում այդ բոլորը։

Ա՛խ, դուք նպատա՞կ եք ուզում։

Անպայման։

Բայց այդ բոլորի նպատակը հենց այն է, ինչ որ ասացի։ Ուրիշ ի՞նչ եք ուզում։

Դուք ինձ չեք հասկանում, պանի Զդանևիչ։

Ես ձեզ շատ լավ եմ հասկանում, պարոն Շահյան։ Դուք հետևում եք բոլոր հոռետեսներին հատուկ մի ընդհանուր պակասության. չեք տեսնում ձեր քթի տակ գտնված գանձը և ձդտում եք տեսնել անծանոթ մի գանձ, որը գտնվում է ձեր տեսողությունից դուրս և միանգամայն անմատչելի է ձեզ։

«Այս ի՞նչ է, այլաբանությո՞ւն», մտածեց Շահյանը, լավ չհասկանալով պանի Զդանևիչի խոսքերի իմաստը, և կամաց, վախեցած նայեց նրա մեղմորեն և փոքր-ինչ ծաղրաբար ժպտող աչքերին։

Պանի Զդանևիչը մոտեցավ նրան և այս անգամ սկսեց խոսել այնպես, ինչպես հասակավորը խոսում է երեխայի հետ։

Ես ուզում եմ մի քանի խրատ տալ ձեզ, պարոն Շահյան։ Ամենից առաջ պիտի ասեմ ձեզ, որ դուք ձեր այդ հոռետեսությամբ ինձ վրա այնպիսի տպավորություն եք թողնում, ինչպիսի տպավորություն որ կթողնի ծխախոտ ծախող երեխան։ Ես ներողություն չեմ խնդրում ձեզնից իմ այս համեմատության համար, որովհետև այնքան համակրեցի և սիրեցի ձեզ, իմ ազնիվ բարեկամ, որ անկեղծորեն կփափագեի ձեզ ազատված տեսնել այդ սարսափելի հիվանդությունից։ Իսկ հոռետեսությունն իսկապես որ սարսափելի հիվանդություն է, որից ամեն կերպ պիտի աշխատեք ազատվել։ Եվ այդ բանը դժվար չէ. հարկավոր է միայն կյանք մտնել, կյանքը ճաշակել և... դեն շպրտել այն գրքերը, որ կարդում եք։ Այո՛, այո, իմ սիրելի բարեկամ, ես տեսնում եմ, որ դուք շատ անփորձ եք, կյանքը չեք ճանաչում, նրա համը չեք առել ամենևին և խոսում եք միմիայն գրքերից։ Բայց եթե կյանքի գիրքն էլ կարդայիք, կտեսնեիք, որ նրա էջերը ձեր կարծածի չափ սև չեն։ Ի նկատի ունեցեք, որ այս բանն ես ասում եմ կյանքի մեջ այնքան դառնություններ ճաշակելուց հետո։ Կյանքը, ինչ էլ որ լինի նա, միշտ սիրելի է, համենայն դեպս, ավելի սիրելի ու ցանկալի, քան մահը, ճիշտ այն բնական օրենքի զորությամբ, որով մարդուս համար ավելի սիրելի ու ցանկալի է իր աշխարհագրական հայրենիքը, քան օտար, անծանոթ մի երկիր։ Մեռնելը միշտ կարելի է, պարոն Շահյան, ով ցանկանում է այդ, բայց նորից ապրել, ավա՜ղ, այդ միայն Ղազարոսին է վիճակված։ Մտածեցեք, ինչքան ուզում եք մտածեցեք և խորը գնացեք կյանքի վերջնական նպատակը գտնելու, մարդու գոյության հանելուկը լուծելու համար ի՞նչ դուրս կգա դրանից։ Ոչինչ։ Մտածելով չեք կարող փոխել աշխարհիս օրենքները: Այդ օրենքներն եղել են, կան և կմնան նույնը, անկախ այն բանից, թե ինչ մեկնություն եք տալիս դուք նրանց։ Մտածելով ավելի ևս կենթարկեք ձեզ նրանց ճնշմանը, ավելի ևս կտանջվեք անորոշության մեջ և մի ծայր, որին վերջ ի վերջո կհասնեք, այդ այն կլինի, որ կվճռեք անձնասպանություն գործել։ Բայց ինչո՞ւ համար, հարցնում եմ ձեզ, ի՞նչ նպատակով։ Դուք կյանքի նպատակն եք փնտրում, բայց ինճո՞ւ մահվան նպատակի մասին ևս ոչինչ չեք մտածում։

Պանի Զդանևիչը լռեց և նայում էր Շահյանի դեմքին առաջվա նման հանդարտ, փոքր-ինչ ծաղրաբար ժպտող աչքերով, բայց համակրանքով։

Շահյանը սուս էր կացել։ Նա զգում էր, թե այժմ նույն դրության մեջ է, ինչ որ Աշխենի և Եվայի հետ միևնույն նյութի մասին ունեցած խոսակցության ժամանակ։ Սակայն այդ երկու հարանման դրության միջև էական մի տարբերություն կար։ Աշխենի և Եվայի հետ ունեցած խոսակցության ժամանակ նա պարզապես զգում էր, որ ինքն ակամա երևան է հանել իր մտավոր ու բարոյական կատարյալ դատարկությունը և ծաղրի ու հիասթափության առարկա է դարձել մի բան, որ մահ էր իր համար։ Մինչդեռ այժմ այդպիսի բան ամենևին չէր զգում։ Ճիշտ է, տեսնում էր, որ պանի Զդանևիչն էլ ծաղրում, նույնպես երեխա էլ է անվանում իրեն, բայց այդ ծաղրը սիրելի և հաճելի էր նրա համար և դրանով իրեն ավելի մոտեցած էր զգում պանի Զդանևիչին։ Նա զգում էր, որ ինքն ամենևին հոռետես չէ, և զայրանում էր, թե ինչո՞ւ կեղծում էր, ինչո՞ւ համարձակություն չուներ սիրտը բանալու պանի Զդանևիչի առաջ, որն իր մտերմական-հովանավորող վարմունքով այնքան վստահություն էր ներշնչում նրան։ Եվ առաջին անգամ խիստ ափսոսաց, որ շտապեց նամակն այրել։

Այժմ նա կանգնած էր պանի Զդանևիչի առաջ պարզապես հուսահատված այն բանից, որ ինքը, չնայելով իր ներքին ուժեղ դրդման, վախկոտությամբ ետ էր նահանջում ճշմարտությունն ասելուց։ Իսկ այդ ճշմարտությունն այն է, որ նա ցանկանում էր ապրել, ցանկանում էր ընկնել այդ սիրելի, այդ պաշտելի կնոջ առաջ, գրկել նրա ոտները և աղաղակել. «Ավելորդ են խրատներդ. քեզնից ավելի լավ եմ հասկանում, թե որքան սիրելի բան է կյանքը։ Բայց կյանքը, իմ կյանքը դու ինքդ ես։ Կա՛ց, մի գնա։ Կա՛ց, իմս եղիր և կտեսնես, թե ինչպիսի օրհներգներ կնվիրեմ կյանքին, ինչպես կաստվածացնեմ, կպաշտեմ քեզ և քեզ հետ կյանքը...»։

Ինչպե՞ս է, ընդունո՞ւմ եք խրատներս, թե ոչ, հարցրեց պանի Զդանևիչը ժպտալով։

Այդ խրատները ես ինքս էլ շատ լավ եմ հասկանում, բայց... հասկանալ բավական չէ, ասաց Շահյանը, աշխատելով չկորցնել իր խոսակցության նախկին եղանակը: Կյանքը սիրելու համար, հարկավոր է նրան տիրել:

-Տիրեցեք, ո՞վ է ձեզ արգելում։

Ո՜վ է արգելում... Ես ինքս։

Դուք ինքնե՞րդ։

Ես կամք չունիմ... ես փալաս եմ, արտասանեց Շահյանը, և նրա ձայնը դողաց։ Նա նստեց և քիչ էր մնում լաց լինի։

Պանի Զդանևիչը նայեց նրան լրջորեն և զարմացած։ Հետո հանկարծ ուսից հանեց սակվոյաժը և ձգեց մի կողմ։

Ես այլևս չեմ գնում, մնում եմ, ասաց նա։

Շահյանը վեր թռավ տեղից, և արտասուքը, որ խեղդում էր նրան, ցամաքեց կոկորդի մեջ։

Մինչև որ չիմանամ ինչ է ձեր վիշտը և չհանգստացնեմ ձեզ, չեմ հեռանալ այստեղից, ավելացրեց պանի Զդանևիչը։

Շահյանը կարկամել էր և չէր իմանում ինչ ասի։ Ապուշի պես նայում էր պանի Զդանևիչին իր պլպլան ակնոցի միջից, և նրան թվում էր, թե խելքը կորցնում է։ Նա սառում ու տաքանում էր այն կասկածից, թե միգուցե մատնել է իրեն, և պանի Զդանևիչն արդեն հասկացել է, թե ինչ է պատահում իրեն։

Պանի Զդանևիչն առավ նրա ձեռքը և համառ ու փորձող հայացքով նայում էր նրա աչքերին։

Լսո՞ւմ եք, պարոն Շահյան, ես մնում եմ, չեմ գնում։ Ձեր դրությունը, ձեր խոսքերն ինձ շատ տարօրինակ են թվում, իսկ ես այնքան համակրում եմ ձեզ, որ չեմ կարող հանգիստ սրտով հեռանալ, մինչև որ չիմանամ, թե ինչ է պատահում ձեզ։ Ես տեսնում եմ, որ դուք մի վիշտ ունիք, որ դուք ուզում եք ինչ-որ ասել, բայց չեք վստահանում։ Ասացեք, մի՛ վախենաք. ինձնից ավելի լավ բարեկամ և խորհրդատու չեք կարող ճարել։ Ասացեք, ասացեք համարձակ։

Ես... ես ոչինչ չունիմ ասելու, շշնջաց Շահյանն այնպիսի ողորմելի ձայնով, որ կարծես թե իրեն մեղադրում էին ինչ-որ մահացու մի հանցանքի համար, որից ուզում էր հրաժարվել։ Եվ նա, առանց զգալու, բնազդական վախկոտությամբ ձեռքը կամաց դուրս քաշեց պանի Չդանևիչի ձեռքից ու ետուետ քաշվեց, կարծես այդ սպառնում էր ճխլել նրան իր հսկայական հասակի տակ, ոչնչացնել նրան իր հետաքրքիր աչքերով։

Պանի Չդանևիչը հենց այնպես էլ սառած մնաց իր տեղում։ Մի րոպե կատարելապես ապշած նայում էր Շահյանի ճակնդեղի պես կարմրատակած դեմքին, հետո ուսերը վեր քաշեց, վերցրեց սակվոյաժը, ձգեց ուսին և մոտեցավ ճամպրուկներին։

Չեմ հասկանում, ոչինչ չեմ հասկանում, ասաց կարծես ինքն իրեն, և զբաղվեց մնացած իրերը ճամպրուկի մեջ տեղավորելով։

Շահյանր զգաստացավ և նոր զգաց, թե որպիսի թանկագին րոպե բաց թողեց ձեռքից։ Ուզում էր սխալն ուղղել, բայց ուշ էր արդեն։ Տեղնուտեղն արձանացած, այժմ քաթանի պես գունատվել էր։ Այդպես է լինում, երբ ձեռքիդ բռնած չափազանց նուրբ ու թանկագին մի անոթ հանկարծ ընկնում կոտրվում է և կոտրածը ոչ կարելի է ամբողջացնել, ոչ նույնիսկ կոծկել։ Շահյանն զգաց, որ եթե ինքը մի որևէ բանով գրավել էր պանի Զդանևիչին, այդ մի բանն էլ կորավ, չքացավ անդարձ, և այժմ ինքը պարզապես ապուշի տպավորություն է թողնում այդ կնոջ վրա։ Եթե ավելի մեծ խայտառակության երկյուղը չունենար, ուղղակի կառներ գլխարկը և դուրս կփախչեր, որպեսզի չտեսներ պանի Չդանևիչի հիասթափված, ապշած դեմքը...

Նրանք կայարան հասան այն ժամանակ, երբ երկրորդ զանգն արդեն տվել էին։ Պանի Չդանևիչը սպասում էր, որ Շահյանը կօգնի իրեն շուտով վագոններից մեկում տեղավորվելու, բայց տեսնելով, որ նա փայտի պես կանգնած է մնացել իր տեղում, ինքը վազեց տոմսակ գնելու և հետո իր ճամպրուկները շալակած բեռնակրին առաջ գցեց դեպի երկաթուղու կառախումբը։ Շահյանը մեքենայաբար հետևեց նրան և պլատֆորմի վրա խռնվող բազմության մեջ քիչ մնաց, որ աչքից կորցներ նրան։ Պանի Զդանևիչը հազիվ ժամանակ ունեցավ նրա ձեռքը սեղմելու։

Մնաք բարյավ, պարոն Շահյան, ասաց նա։ Ես ոչ ձեզ կմոռանամ, ոչ իմ պարտքը։ Իսկ դուք չմոռանաք, որ ինձ համար հանելուկ մնացիք, ավելացրեց նա ժպտալով, և կրկին անգամ պինդ սեղմեց նրա ձեռքը։ Մնաք բարյավ։

Նա հավաքեց իր երկայն վերարկուի փեշերը և բարձրացավ վագոնն այն ժամանակ, երբ գնացքն արդեն սկսել էր շարժվել տեղից։

Շահյանն այլևս չտեսավ նրան։

10

Ննջարանի առաստաղից կախված գնդաձև լապտերն իր միապաղաղ կարմիր ապակու միջից մեղմ, անշարժ լույս էր տարածել սենյակում։ Խուլ լռության մեջ թվում էր, թե այդ լույսը, սաստիկ տխրած, նիրհում է։ Լուսամուտների ասվեգործ վարագույրների ծակոտիներից երևում էր, թե ինչպես ձմեռային օրվա սառած ու անփայլ վերջալույսը, արագորեն խավարելով, հանգչում էր դաժան հանգստությամբ, և թանձր մառախուղը գորշ ամպի նման ծանրությամբ նստում էր երկրի վրա։

Մահճակալի վրա պառկած էր Թեկլեն այնքան անշարժ, որ թվում էր, թե մեռած է։ Լապտերի կարմիր լույսի մեջ նրա խոշոր դեմքն իր լի կզակով, կարծես, պատած էր կարմիր շղարշով, որի մեջ բնականից ավելի սևին էին տալիս նրա փակ աչքերի չափից դուրս լայն փռված թերթերունքները, ինչպես խավարած կիսալուսիններ։ Դեմքն այնպես սառն էր և անշարժ, որ գլուխր կարծես կերտած լիներ մի կարծր քարից և այդ քարն իր ամբողջ ծանրությամբ թաղվել էր փափուկ բարձի մեջ։

Ննջարանի խորքում նստած էր Մարությանը և վշտահար խոնարհվել էր ծնկների վրա։ Մոր մահճակալի մոտ նստած էր Եվան և անթարթ աչքերով նայում էր հիվանդի դեմքին։ Լապտերի կարմիր լույսի տակ նրա դեմքը սրվել պլպլում էր, աչքերն անբնական կերպով մեծացել, սառել էին։ Շուրջր տիրող քարացած լռությունը, լապտերի միապաղաղ աղոտ-կարմիր լույսը մահվան տպավորություն էին թողնում։ Եվ մահվան այդ կաշկանդող տպավորության տակ Եվայի անշարժ հայացքը հառած էր մոր դեմքի վրա, մինչև որ նրան թվում էր, թե կարմիր լույսի թափանցիկ շղարշով պատած նրա դեմքը կամաց-կամաց շարժվում, երկարում ու լայնանում է, փակ աչքերի լայն փռված թերթերունքները բարձրանում են ծանրությամբ, բերանը սկսում է բացվել և ահա՛, որտեղ որ է, պիտի լսվի այն սարսափելի ճիչը, որ արձակեց մայրն այդ առավոտ որդու մահվան գույժը լսելով։ Եվան ցնցվում էր, անթարթ նայելուց շաղվող հայացքը հեռացնում էր մոր դեմքից, գլուխը ետ էր ձգում աթոռի մեջքի վրա և աչքերը փակում։ Լապտերի լույսը վերևից ուղղակի ընկնում էր նրա դեմքին, և այդ դեմքն այնքա՜ն անշարժ, այնքա՜ն անզգա էր երևում։

Անշարժ շրջապատի կաշկանդող տպավորության տակ Եվային թվում էր, թե ամբողջ ննջարանը լիքն է ուրվականներով, որոնք իրար են անցնում հանդիսավոր լռությամբ, և ինքն իր փակ աչքերով տեսնում է նրանց ու չի վախենում։ Թողնելով, որ ուրվականներն իրենց հիմար պարը բռնեն, նա անձնատուր էր լինում անորոշ մտածմունքների և անմեղ զարմանքով հարցնում էր ինքն իրեն. «Այս ի՞նչ է կատարվում շուրջս»։ Ծայրահեղ վիշտը բթացրել էր նրա զգացումները, այնպես որ նա կարծում էր, թե ինքը վիշտ չի զգում ամենևին, այլ միայն ինչ-որ վերին աստիճանի օտարոտի մի բան կաշկանդել է իր ամբողջ էութունը, և ինքը ոչ մի կերպ չի կարողանում դուրս գալ այդ կաշկանդված դրությունից։ Նրան թվում էր, թե հանկարծ ընկել է բոլորովին նոր ու անծանոթ մի աշխարհ, ուր ամեն ինչ մութն էր ու լուռ, ինչպես գերեզմանի մեջ։ Այդ սոսկալի մթության ու լռության մեջ մի լույս կար միայն, արյան նման կարմիր մի լույս, որի մեջ հանդիսավոր պար էին բռնել ինչ-որ անձև ու անմարմին ուրվականներ... Նա աչքերը բաց էր անում, նայում էր առաստաղից կախված լապտերին և կրկին անգամ հարցնում էր ինքն իրեն անմեղ զարմանքով. «Այս ի՞նչ է կատարվում շուրջս»։

Նրա ուղեղի մեջ ամուր կերպով, ինչպես ոստը փայտի մեջ, ցրված էր մի գիտակցություն միայն եղբայրն այլևս չկար, նա այլևս չէր վերադառնալու, նրան այլևս չէր տեսնելու երբեք, երբեք... Մնացածը ինչ որ մտածում ու զգում էր, խառնում էր իրար, կուտակվում ու ցրվում, առանց որևէ հետք թողնելու։ Երկար ժամեր մոր մահճակալի մոտ նստած չէր հասկանում, թե ինչ դեր է կատարում ինքը, ինչու մայրը շարունակ պառկած է անշարժ, ինչու հայրն այնպես խոնարհվել է ծնկների վրա. ինչու ամբողջ տան մեջ տիրում է այդ զարհուրելի լռությունը։ Երբեմն, երբ դուրս էր գալիս այդ կաշկանդված դրությունից, նայում էր շուրջը և մտքումը դարձյալ կրկնում էր. «Այս ի՞նչ է կատարվում շուրջս»։ Նրան թվում էր, թե խելագարվում է։ Բայց այդ միտքն ամենևին չէր սարսափեցնում նրան։ Եղբոր մահից հետո մահն անգամ սարսափ չէր նրա համար, ա՛յն մահը, որից այնքա՜ն վախենում էր առաջ։ Եղբայրը չկա այլևս վերջացավ. այլևս երբեք չպիտի տեսնի նրան, երբե՛ք։ Իսկ նրանից հետո թեկուզ ամբողջ աշխարհը կործանվի և ինքն էլ հետը միասին։ Աշխենը, ահա՛ թե ում համար պետք է ցավել... Սակայն Աշխենի համար միևնույնը չէ՞ Արմենակն ապրո՞ւմ է, թե ոչ. չէ՞ որ նրանք երկուսն էլ վաղուց արդեն թաղել են իրենց իրար համար... Մի՞թե։

«Ո՛չ, ո՛չ, ո՛չ» շշնջաց Եվան մտքում և խոնարհվեց ծնկների վրա։

Նրա առաջ պատկերացավ հորեղբոր աղջիկն այն դրության մեջ, երբ նա, իր վզին փարած, ծանր հեկեկանքով իր դժբախտ սիրո պատմությունն էր անում։ Եվան այն ժամանակ վերին աստիճանի հիասթափված էր, ուստի սառն և անկարեկից։ Բայց այժմ միանգամից զգաց Աշխենի բոլոր տանջանքն ու հուսահատությունը։ Եվ հոգով-մտքով թռավ այնտեղ, ուր հեռացել էր Աշխենը մեղմելու համար իր տանջանքներն անձնուրաց գործունեության մեջ։ Ա՜խ, ինչպե՛ս կցանկանար, որ այդ րոպեին իսկապես այնտեղ լիներ, ի՛նչպիսի կարոտով ու տանջանքով կրծքին կսեղմեր իր սիրելի Աշխենին, որպեսզի մխիթարեր նրան, որպեսզի մխիթարվեր ինքը... Իայց արդյոք գիտե՞ Աշխենը, որ իր սիրած երիտասարդն այլևս չկա... Եվ, եթե չգիտե ու նոր իմանա, ի՞նչ կանի...

«Տե՛ր աստված, տեր աստված, այս ի՞նչ է պատահում ինձ», շշնջաց Եվան անտանելի տանջանքով, խոնարհված ծնկների վրա և մատներով սեղմելով իր ուսերը ցնցողաբար։ Նոր էր զգում իր վիշտը, նոր էր տեսնում, թե ի՜նչ սոսկալի թշվառություն էր պատահել իրենց ընտանիքի մեջ։

Եվան նստեց ուղիղ և նայեց չորս կողմը։

Լապտերի մեղմ լույսն իր կարմրությամբ, կարծես, գոլորշիանում էր։ Խուլ լռության մեջ ականջները թշշում էին։ Թեկլեի՝ բարձի մեջ ծանր քարի նման թաղված գլուխն իր դեմքի մեռելային անշարժությամբ զարհուրելի տպավորություն էր գործում։ Մարությանն, առաջվա նման անշարժ, խոնարհված էր ծնկների վրա. նրա ճաղատ ծոծրակը, կարմիր լուսով լուսավորված, վշտահար ցնցվում էր կարծես։ Թվում էր, թե միշտ ուրախ, միշտ զվարճախոս այդ մարդը, որ այժմ այդպես խղճալի կերպով կուչ էր եկել, լաց է լինում անձայն, և անմխիթար արտասուքները ողողում են նրա ծնկները։ Անհուն խղճահարությամբ ու վշտով նայում էր Եվան նրա կախված գլխին, որ կարծես հարյուր տարեկան ծերունու գլուխ լիներ, և խելագարեցնելու չափ տանջում էր նրան այն միտքը, որ ինքը ո՛չ մի, ո՛չ մի բանով չպիտի կարողանա մխիթարել այդ թշվառ հորը։

«Օ՜ֆ, տեր աստված, շշնջաց նա, անտանելի վշտիտ աչքերը փակելով, ի՞նչ կլինի, որ այս բոլորն երազ լինի միայն, այն սարսափելի երազներից մեկը, որից մարդ զարթնում է սրտի անհուն թեթևությամբ և ուրախանում, որ իր բոլոր տեսածն ու զգացածը լոկ երազ է եղել...»։

11

Թեկլեն առաջին օրը անցկացրեց խորին անզգայության մեջ։ Նա ուշքի եկավ հետևյալ օրը և նմանում էր լեթարգիական քնից արթնացողի։ Այնուհետև սկսեցին որդեկորույս մոր ծանր վշտի ծանր օրերը։ Նա լալիս էր մերթ մեղմորեն, առանց արտասուքի, երկար, աղեկտուր բառերով, մերթ ողբում էր կատաղի ջղայնոտությամբ, որի միջոցին խեյագարի պես փետում էր մազերը, ճանկռոտում էր երեսը, կոծում էր ծնկները ինչ-որ վայրենի ճիչերով, որից հետո հանգստանում էր հանկարծ, գլուխը կախում էր կրծքին և մղկտում էր լուռ, առանց բառեր արտասանելու, և աչքերից թափվում էին արտասուքներն առվի պես։ Երբ կսկծի ուժգին թափն անցավ, նա այլևս չէր ողբում, նրա աչքերն այլևս թաց չէին լինում. նա ման էր գալիս ուրվականի պես, նայում էր շարունակ լայն բացած աչքերով, կարծես զարմացած ինչ-որ խիստ զարմանալի մի բանի վրա, և շատ քիչ էր խոսում, երբեմն էլ ամբողջ ժամերով նստած էր մնում մի տեղում անշարժ ու լուռ և չէր իմանում ինչ է մտածում։ Շատ հաճախ որդու լուսանկարը դնում էր առաջը, նայում էր, նայում, հետո գլուխը դնում էր վրան և նրան թվում էր, թե հանգիստ ու քաղցր մի քուն է մտնում։ Մի-երկու անգամ ուշագնաց եղավ այդ դրության մեջ, և հազիվ կարողացան նրան ուշքի բերել։

Մարությանն այլևս այն Մարությանը չէր. թվում էր, թե առմիշտ կորցրել էր իր աշխույժը, դարձել էր լռակյաց և ջղային ու գրգռվում էր ամեն մի չնչին բանից։ Նա միշտ խույս էր տալիս թե՛ կնոջից, թե՛ աղջկանից և տանն եղած ժամանակ մեծ մասամբ փակված էր մնում աոանձնասենյակում։

Եվան նույնպես բոլորովին փոխվել էր։ Եղբոր չարաչար մահը և Բազենյանի վերաբերմամբ ունեցած ծանր հիասթափությունը, փոխանակ ընկճելու, ինչ-որ վեհություն էին տվել նրա հոգուն։ Այդ վեհությունն արտահայտվում էր նրա ամբողջ արտաքինի մեջ. հասակով կարծես ավելի ևս բարձրացել էր, ման էր գալիս առանց շտապելու, հաստատուն քայլերով, նայում էր վիրավորված մարդու հպարտ հայացքով, խոսում էր վճռական ձայնով և թվում էր, թե հոր ու մոր վշտի վրա նայում էր առանց որևէ կարեկցության։ Սակայն շատ գիշերներ, երբ պառկում էր քնելու, քունը մոտ չէր գալիս նրա աչքերին. դեմքը թաղում էր բարձի մեջ և հեկեկում էր երեխայի պես։ նրա անբիծ հոգին խիստ վրդովված էր։ Ամենևին չէր ուզում հաշտվել այն մտքի հետ, թե եղբայրն այլևս չկա, այլևս երբեք չպիտի տեսնի նրան: Մյուս կողմից նրան կատաղի վրդովմունք էր պատճառում այն հանգամանքը, որ մի ինչ-որ անծանոթ, բախտախնդիր երիտասարդ կարողացավ ամենաանարգ կերպով խաբել իրեն և գողանալ իր անարատ սիրտը։ Շատ ժամանակ չէր անցել, դեռ երեկ էր, որ նա լի էր կենսուրախությամբ, վառվռուն զգացումներով, ոսկեվառ հույսերով, իսկ այժմ հանկարծ ամեն ինչ քարացել էր նրա մեջ և իր ծանրության տակ անտանելի կերպով ճնշում էր նրա հոգին։ Իր շուրջն ու ներսը տեսնում էր զարհուրելի դատարկություն ու խավար, ինչպես մի մարդ, որ կուրանում է հանկարծ։ Մարդկանց և աշխարհի վրա ինչպիսի՜ պայծառ հայացք ուներ և հանկարծ ի՛նչ էր տեսնում։ Իրենց տունը մանավանդ նրան ներկայանում էր իբրև մի դրախտ, ուր թշվառությունը չպիտի համարձակվեր ներս մտնել։ Մինչդեռ ահա՛ իր սիրասուն եղբայրն այլևս չկա, ահա՛ մայրը գրեթե խելագարված, ահա՛ հայրը, այդ՝ երիտասարդական աշխուժով լի, այդ բարի ու կենսուրախ հայրը, վշտից ծերացած և դաժանացած։ Ահա՛ և ինքը։ Ո՞ւր են, ո՞ւր չքացան իր անհանգիստ պայծառ հոգու անզուսպ ձգտումները, որոնք թև էին տալիս թռչելու դեպի բարին, դեպի ճշմարիտը, դեպի սիրո և անձնազոհության գերագույն մի իդեալ, որը ներկայանում էր նրան միշտ արևի կենսատու շողերով լուսազարդված... մեռելությո՜ւն, ամե՜ն տեղ մեռելություն, սոսկալի՜ մեռելություն... Նրա համար օրը լուսանում և մթնում էր իբրև բնության մեքենայական մի գործողություն, առանց հարցնելու մարդ-արարածին, թե կամենո՞ւմ է նա արդյոք, որ այդ գործողությունը կատարվի։ Ծայրահեղ հուսահատության մեջ կյանքը նրան ներկայանում էր իբրև բոլորովին աննպատակ մի բան, այնպես որ, լավ որ մտածում էր, ապշած էր մնում, թե ուրեմն էլ ինչի՞ համար էին այդ անտանելի տանջանքները, որ այժմ կրում էր ինքը, ինչպես և այն երջանիկ օրերը, որոնք անցան գնացին...

Նրա մեջ զարթել էր խորազնին միտքը բոլոր տանջվողների մխիթարության այդ միակ աղբյուրը։ Մի բան, որ նա սաստիկ փափագում էր, այդ այն էր, որ լիներ մեկը, որի առաջ կարողանար թափել իր բոլոր զգացածներն ու մտածածները։ Մի անգամ այդ բանը փորձեց անել հոր մոտ. բայց հայրն այնպես բարկացավ նրա վրա, որ նա իսկույն լռեց: Մի ուրիշ անգամ օր. Սահակյանի մոտ արեց նույն փորձը և նույն անհաջողությանը հանդիպեց. օր. Սահակյանը պարզապես ծաղրեց նրան։ Եղբայրս որ մեռավ, ասաց նա, կարծում էի, թե ես Էլ հետը կմեռնեմ վշտից, կամ եթե չմեռնեմ էլ, անպատճառ կգժվեմ, բայց ինչպես տեսնում ես, ոչ մեռա, ոչ էլ գժվեցի, և տե՛ս, դեռ ինչքան էլ չաղացել եմ նրա մահից հետո:

12

Մի օր աղախինը Եվային հանձնեց մի նամակ, որ փոստից հենց նոր էր ստացվել: Եվան իսկույն ճանաչեց Աշխենի գիրը: Սաստիկ ճնշող մի զգացումով բաց արեց նամակը և կարդաց.

«Եվա ջա՛ն։

Ուռա՜... տոներին քեզ մոտ եմ։ Գժվում եմ, որ մտածում եմ, թե ինչպիսի երջանիկ ժամանակ պիտի անցկացնեմ քեզ մոտ ամբողջ երկո՜ւ շաբաթ։ Կարծես տասն տարի է, որ չեմ տեսել քեզ։ Ինչքան խնդրեցի, որ լուսանկարդ ուղարկես չուղարկեցիր, ծուլացար։ Շատ բարի, երևի առիթ կունենամ փոխարենը հատուցանելու։ Սենյակս արդյոք պահպանե՞լ ես նույնությամբ։ Մի վայրկյան անգամ չպիտի թողնեմ, որ հեռանաս ինձնից։ Գիշերներն էլ պետք է միասին քնենք, իրար գրկած։ Այլապես թվում է, թե չեմ կարող բոլոր կարոտս հանել երկու շաբաթվա ընթացքում։ Հայրիկն ինչպե՞ս է, մայրիկը, Սուրենը, վերջապես՝ դո՞ւ ինչպես ես, դու, իմ ծլվլան ծիծեռնակ։ Ա՛խ, ի՜նչ սիրուն համեմատություն. գրչիցս թռավ ինքնաբերաբար։ Հիրավի, որ հիշում եմ անհանգիստ սիրելի շատախոսությունդ, իսկույն աչքիս առաջ պատկերանում է ծիծեռնակը գարնանային հրաշալի առավոտյան ծլվլալիս։ Բայց դու էլ, ամենքդ էլ անաստված մարդիկ եք. ինչո՞ւ վերջին ժամանակս շուտ-շուտ նամակ չեք գրում։ Գրածներդ էլ ի՞նչ է։ Նո՞ր եք սովորել այդպես չոր-չոր բաներ գրելը։ Ավելի լավ է ոչինչ չգրեք կամ ուղղակի գրեցեք, էլի, ռամիկ մարդկանց պես. «Նախ և առաջ կհարցնեմ ձեր առողջությունը. եթե մեզնից հարցնեք, փառք աստծո, մենք էլ ողջ և առողջ ենք և կցանկանք ձեր առողջությունը»։ Ու պրծավ։ Իմացիր, որ առանձնապես բարկացած եմ քեզ վրա, Եվա։ Ի՞նչ հիմարություններ էիր գրել վերջին նամակիդ մեջ։ Ինչ-որ փիքիսոփա ես դարձել։ Ասենք, առաջ էլ փիլիսոփա էիր, բայց այժմ փիլիսոփայությունդ այնքան «խուրը տկեմեն» է, ինչպես կասի թիֆլիսեցին, որ գլուխս բան չի մտնում։ Օրինակ. ի՞նչ է նշանակում՝ «թշվառ է նա, որ միշտ ուրախ և երջանիկ է»։ Սրանք քո իսկական խոսքերն են, որ ես բառացի արտագրում եմ քո վերջին նամակից։ Աստված վկա, այնպես պիտի կռվեմ քեզ հետ այդ խոսքերի համար, որ... Սպասիր մեկ գամ։ Այդ խոսքերի վրա ինչե՜ր, ինչե՜ր չեմ մտածել, բոլորը հիմարություններ, իհարկե... Ա՛խ, քույրիկ ջան, աստված ոչ անի, որ դու երբևիցե թշվառ լինես։ Կմեռնեմ, որ քեզ թշվառ տեսնեմ։ Բայց այդ անկարելի է. ծիծեռս մի՞թե կարող է բու դառնալ... Ո՜ւֆ, քիչ է մնում, որ նորից հիմար մտքեր ծագեն գլխումս այս ցնծագին տրամադրությանս միջոցին, երբ ուրիշ ոչ մի բանի մասին չեմ ուզում մտածել, բացի միայն այն բանի մասին, որ շուտով պիտի գամ, պիտի տեսնեմ քեզ, պիտի գրկեմ քեզ, պիտի համբուրեմ սիրունիկ աչքերդ... Ո՜ւֆ։ Գիտե՞ս, այդ բացականչությունը որ գրեցի, ո՛վ պատկերացավ իսկույն առաջս. դու։ Ճիշտ է, լուսանկարդ չուղարկեցիր, բայց ես ավելի զորեղ միջոց ունեմ քեզ տեսնելու, քան մեռած թուղթը կարող է ցույց տալ. ամեն անգամ, որ ուզում եմ քեզ պատկերացնել, դեմքս քեզ պես թթվեցնում եմ զայրացկոտությամբ, գլուխս ցնցում, ձեռքս խփում ծնկանս և ինքս ինձ արտասանում սրտանց «ո՛ւֆ»։ Այդ բավական է լինում, որ քեզ ոտով-գլխով տեսնեմ աչքիս առաջ։ Հեշտ միջոց է, չէ՞։ Դրանով եմ ապրել այս մեռելության մեջ այսքան ժամանակ։ Զարմանալի է. այդտեղ եղած ժամանակս այնքան չէի սիրում քեզ, ինչքան հիմա, այստեղ։ Բայց այս էլ ճիշտ է, որ դու կախարդ ես։ Կախարդ որ չլինեիր, քեզ տեսնելու կարոտն այսպես չէր սպանիլ ինձ։ Ա՜խ, ե՞րբ պետք է անցնի այս երկու շաբաթը։ Ահա թե ե՛րբ է հարկավոր, որ մարդիկ թևեր ունենային։

Այսօր թեմական տեսուչն եկավ մեր գյուղը (տեսնո՞ւմ ես, ես արդեն «մեր» եմ ասում), այցելեց մեր ուսումնարանը, ներկա եղավ դասերիս և շատ գոհ մնաց. այնքան գովեց, այնքան գովեց, որ... պատրաստ եմ տասն անգամ, հարյուր անգամ համբուրելու քեզ։ Ինքս ինձ վրա զարմացած եմ մնացել. ե՞ս, այսքան փոխվա՞ծ... Առաջ, որ կատարելապես անտարբեր էի, թեկուզ արժանիքներիս համար մի ամբողջ թագավորություն էլ տային ինձ, այժմ ամենաչնչին գովասանքից անգամ ուրախանում եմ երեխայի պես։ Ինչո՞վ կբացատրես այս հանելուկն, իմ սիրուն փիլիսոփա։

Գիտե՞ս, երբ եմ գրում այս տողերը, գիշերվա ժամը տասին։ Այդ արդեն շատ ուշ է այստեղ։ Դուրսն երեք վերշոկ ձյուն է նստած, շները խուլ ոռնում են։ Առաջս, սեղանիս գլխին, պատի վրա, մեխից կախված ճկճկում է ծոցիս ժամացույցը, բուխարումը փայտեր են ճրթճրթում, միակ ձայները, որ լսում եմ գիշերային այս լռության մեջ։ Այս երեկո (շաբաթ) Մինասյանի քույրը սենյակումս երկու մոմ վառեց և խունկ ծխեց։ Մոմերը վաղուց են հանգել, իսկ խունկի ծուխն ու հոտը դեռևս չեն անցել։ Սիրում եմ մեղրամոմի դժգույն լույսն, խունկի հոտը, թեև դրանք մեռելի և մահվան գաղափար են հիշեցնում ինձ միշտ։ Ականջումդ մի բան ասեմ, որ ոչ ոքի չասես, առաջ ես սկեպտիկ աթեիստ էի: Դու այդ չգիտեիր։ Իսկ այժմ... դարձյալ զարմանալի փոփոխություն. մինչդեռ շուրջս այս տգետ ու գռեհիկ ամբոխի մարդկանց բերանից հայհոյանքներ եմ լսում նույնիսկ աստծո հասցեին, ես լի հավատով ու ակնկալությամբ պաշտում եմ այն խաչը, որի վրա չարչարեցին, մահացրին նրան։ Երբեմն, կեսգիշերին, մենակությանս մեջ, այս խուլ անկյունում, ուր կյանքը ներկայանում է իր ամենամռայլ գույներով, հոգիս լցվում է անտանելի թախծությամբ և այդ թախիծը կարողանում եմ փարատել միայն լուռ արտասվելով և աղոթելով։ Ո՞ւմ համար եմ աղոթում, ո՞ւմ համար կարող եմ աղոթել, այդ դու գիտես... աղոթքի բոլոր զորությունը, բոլոր քաղցրությունը զգացի այն ժամանակ միայն, երբ գործնական կյանքի մեջ համոզվեցի, թե հիրավի, ի՜նչ սքանչելի բան է անձնուրացությունն ուրիշի բարօրության օգտին։ Մարդիկ անմիտ են, Եվա ջան. նրանք ուզում են երջանիկ լինել, բայց չգիտեն, թե ո՛րն է երջանկության ուղիղ ճանապարհը: Երջանկությունը նրանք որոնում են անձնական բարօրության, եսասիրության մեջ, մինչդեռ այդտեղից է, որ բխում է բոլոր թշվառությունների աղբյուրը։ Մարմինը, մարմինը և միմիայն մարմինը, ահա՛ մեր դարի կուլտը։ Մինչդեռ ի՞նչ է դա, այդ մարմինը, մի բուռ հող, որ այսօր-էգուց պիտի միախառնվի մայր հողի հետ։ Այնինչ հոգին, այդ միակ բանը մարդու մեջ, որ անմահ է և որը միայն ուժ ունի անմահացնելու մարդու անունը, ինչո՞ւ մոռանանք այդ հոգին։ Քանի՞ գրոշ արժե մարմնական թեկուզ ամենամեծ վայելքը հոգեկան այն սքանչացման դեմ, որ զգում ես դու, երբ տեսնում ես, որ ուրիշի օգտին լավ բան ես գործել, թեկուզ այդ ուրիշը լինի մի անասուն, այո՛, պարզապես մի անասուն։ Փորձիր դուրսը, փողոցի մեջ ցրտից կոնկոռնացող, քաղցած մի շուն ներս կանչել սենյակդ, տաքացնել, կերակրել և կտեսնես, թե որքան թեթևանում է հոգիդ, որքան նրբանում են զգացումներդ, որքան ուզում ես սիրել և բարիք գործել...

Ցտեսություն, իմ աննման Եվա, ցտեսություն։ Շուտով կտեսնեմ քեզ գրկիս մեջ, կարոտակեզ սրտիս սեղմած: Ա՛խ թևե՜ր, թևե՜ր... Բարևիր հայրիկին, մայրիկին, Սուրենին պաչիր իմ կողմից։ Իսկ ես պաչպչում եմ սիրուն աչիկներդ։

Քո Աշխեն»։

«Հ.Գ. Հենց որ դուրս գամ, առաջին իսկ կայարանից կհեռագրեմ: Արմենակից ի՞նչ տեղեկություն։ Ինչու ոչինչ չես գրում»։

13

Մարությանը հենց նոր վերադարձել էր ճաշի, երբ աղջկա սենյակից լսեց զսպված հեկեկանքի ձայներ։ Նա ջղային զայրույթով դեն շպրտեց գլխարկը և անցավ աղջկա սենյակը։

Է՞լ ինչ է պատահել, հարցրեց սաստող, բայց վախեցած ձայնով։

Եվան, նամակը ձեռքին, վեր թռավ տեղից։

Չե՛մ կարող, հայրի՛կ, չեմ կարող, աղաղակեց հուսահատորեն։ Սպանի՛ր ինձ կամ տո՛ւր ինձ իմ եղբայրը... Ի՞նչ պատասխանեմ ես սրան, ի՞նչ ասեմ...

Մարությանն արագ մոտեցավ նրան և առավ նրա ձեռքի նամակը։ Մինչդեռ շտապով աչքի էր անցկացնում եղբոր աղջկա նամակը, Եվան շարունակում էր հեկեկալ հուսահատական տանջանքով։ Ընթերցումը վերջացնելուց հետո Մարությանը նամակը վերադարձրեց աղջկան։

Լավ, էլ ինչո՞ւ ես լաց լինում, ասաց այս անգամ մեղմորեն։

Ա՜խ, հայրիկ, եթե իմանաս, թե ինչ սարսափելի հարված պիտի լինի նրա համար, երբ գա և իմանա, որ Արմենակն այլևս չկա... Դու չգիտես, դու ոչինչ չգիտես, հայրիկ... Մենք ենք, որ դիմանում ենք, բայց նա... Մի՞թե չես երևակայում, թե թեկուզ հենց իմ այս սև հագուստը միայն ի՜նչ հարված պիտի տա նրան... Նա լավ աղջիկ է, հայրիկ, առանց իր գրելու էլ գիտեմ, որ սաստիկ սիրում է ինձ, սիրում է ամենքիս, իսկ Արմենակին... Հիմա մտածիր. Արմենակի մահը, մեր վիշտը... այդ ախր մահ կլինի նրա համար, նա չի կարող դիմանալ, չի կարող... Ես դիտեմ, գիտեմ... Ո՛չ, ո՛չ, հայրիկ ջան, չե՛մ ուզում, չե՛մ կարող... Թող չգա, թող ոչինչ չիմանա...

Դու դարձյալ սկսեցիր քո հիմարությունները, նկատեց հայրը զայրացած։ Միևնույն է, վաղ թե ուշ, պիտի իմանար, թե ինչ դժբախտություն է պատահել մեզ, բայց դու չթողիր, որ մինչև անգամ հայտարարություն տայինք լրագրերին հոգեհանգստի մասին, չթողիր, որ ակնարկություններով, բաներով քիչ-քիչ նախապատրաստեինք նրան։ Հիմա լա՞վ է, որ բոլորովին ոչինչ չի իմանում, և հարվածը հանկարծական պիտի լինի։

Եվան վերին աստիճանի հուսահատությամբ ձեռքերը կոտրատեց։

Դու ճիշտ ես ասում, հայրիկ։ Բայց ինչո՞ւ էիր լսում ինձ։ Հիմա ի՞նչ անենք։ Ես չեմ կարող նրան երկաթուղու կայարանում դիմավորել, չեմ կարող, հայրիկ, աստված է վկա, չեմ կարող...

Լավ, մի գնա կայարան, քեզ ո՞վ է ասում, որ գնաս։ Տե՛ր աստված, այս աղջիկը գժվել է... Լավ, էլ ինչու ես այդքան հուսահատվում։ Հարվածը մեզ համար, կարծեմ, ավելի սաստիկ էր և անակնկալ, բայց տեսնում ես, որ մենք չմեռանք, ուրեմն նա էլ չի մեռնի, անհոգ կաց։

Օ՜, կմեռնի՜, հայրիկ, կմեռնի՜, աղաղակեց Եվան, և հեկեկանքը նորից խեղդեց նրան։

Ասում եմ՝ գժվել ես և ճիշտ որ գժվել ես, սաստիկ զայրացած բացականչեց հայրը, դուրս գնաց և դուռը պինդ շրխկացրեց իր ետևից։ Սակայն նորից ներս մտավ իսկույն և արագ քայլերով մոտեցավ աղջկան։

Ի սեր աստծո, Եվա, պահպանիր քեզ, ասաց լուրջ աղերսանքով։ Լսո՞ւմ ես, ինչ եմ ասում։ Վիշտն առանց այն էլ սպանել է ինձ և, եթե դու էլ հիվանդանաս, էլ չգիտեմ, թե ինչ կպատահի ինձ...

Եվան պինդ փաթաթվեց հոր վզովը։

Հայրիկ ջան, սովորեցրու, ասա, ինչո՞վ կարող եմ այս սարսափելի վիշտը դուրս կորզել սրտիցս, ինչո՞վ կարող եմ հանգստանալ։

Զսպիր քեզ, որդիս, միշտ զսպիր և մտածիր, որ հայր ունիս, մայր ունիս, եղբայր ունիս, վերջապես հորեղբոր աղջիկ ունիս, որոնք բոլորն էլ քեզնով են ապրում։ Մտածիր և այն մասին, որ եղբայրդ անօգուտ չմեռավ։ Թող նրա հիշատակը ոգևորի քեզ, և ոչ թե հուսահատեցնի։ Բոլոր քույրերը պետք է երանի տան քեզ, որ այնպիսի մի պատվական եղբայր ես ունեցել։ Մինչդեռ հարյուրավոր երիտասարդներ մեր ժամանակում, անձնատուր եղած անձնական վայելքների, շատ անգամ մեռնում են անառակ, ցոփ կյանքի մեջ խայտառակ մահով, քո եղբայրը բոլոր անձնականը մոռացած, գործեց և մեռավ իբրև հերոս իր հայրենակիցների համար։

Մարությանն երկար ժամանակ այսպես մխիթարում էր աղջկան։ Եվան այժմ նստած էր հոր առաջ բավական հանգստացած, բայց և այնպես արտասուքի կաթիլները դեռևս գլորվում էին նրա աչքերից։

Նույն օրն երեկոյան, երբ Եվան նստած էր իր սենյակում և զբաղված էր ընթերցանությամբ, դուռը բացվեց և ներս մտավ օր. Սահակյանը։

Եվա ջան, եկել եմ քեզ ուրախացնելու. այսօր նամակ ստացա Աշխենից, տոներին գալիս է։

Լա՜վ ուրախություն է, հանգիստ դառնությամբ նկատեց Եվան, առանց գլուխը բարձրացնելու գրքի վրայից։

Օր. Սահակյանը սկզբում զարմացավ. հետո խիստ կոտրվեց։

Իրավ, այժմ նա ատելի պիտի լինի քեզ համար. նա որ չլիներ, եղբայրդ այստեղ էր և կենդանի...

Ո՛ւֆ, բացականչեց Եվան հանկարծական զայրացկոտությամբ և աոջևը դրած գիրքը շպրտեց հատակի վրա այնպիսի կատաղի ուժով, որ ահագին թրխկոց բարձրացավ։ Ինչե՜ր ես ասում, չեմ հասկանում...

Նրա աչքերը լցվեցին անզուսպ բարկության արտասուքներով։

Դեռ լավ իմացիր, թե ինչ եմ ասում, հետո հանդիմանիր, եթե արժանի եմ, ավելացրեց նա, դեմքը վիրավորական կերպով շարժելով օր. Սահակյանից։

Օր. Սահակյանը տեղն ու տեղը սառած մնաց։

Լավ, էլ ինչու ես բարկանում այդպես, նկատեց մեղմորեն։

Որովհետև վիրավորում ես։

Ի՞նչ ասացի, որ վիրավորվեցիր։

Ա՛յն ասացիր, որ... Լավ հասկացիր. ես այնքան հիմար չեմ, որ եղբորս հեռանալու պատճառը համարեմ Աշխենին։ Դրանով ես վիրավորած կլինեի եղբորս զգացումները, ստորացրած կլինեի նրա համոզումները։ Եղբայրս այն երիտասարդներից չէր, որոնք իրենց վեհ գործի են նվիրում և զոհ գնում այն ժամանակ միայն, երբ տեսնում են, որ իրենց անձնական կյանքի մեջ դժբախտ են։ Այդպիսի ճարահատված անձնազոհություններն ինձ համար ոչ մի նշանակություն չունին։ Անձնազոհությունը պետք է լինի ինքնաբերաբար, առանց որևէ կողմնակի դչդիչ պատճառի։ Ինչպե՞ս կարող եմ ես գնահատել մի զոհված կյանք, երբ այդ կյանքն իր տիրոջ համար արդեն ոչ մի արժեք չի ունեցել. Աշխենը լիներ, չլիներ եղբայրս դարձյալ կգնար այնտեղ, ուր գնաց և զոհվեց: Ես այդպես եմ համոզված։ Եթե այդպես համոզված էլ չլինիմ, դու ինքդ պե՛տք է աշխատես ինձ այդպես համոզել, եթե գեթ փոքր-ինչ հարգում ես եղբորս հիշատակը և չես ուզում, որ սիրտս կտրեմ նրանից։ Մինչդեռ դու հակառակն ես անում։ Մի անգամ ինքն Աշխենն ինձ նույնն ասաց, ինչ որ այս րոպեին դու ասացիր, և ես նրա վրա էլ բարկացա։ Առհասարակ ես խիստ նեղանում եմ, երբ ինձ վերագրում են մի բան, որ մտքովս անգամ չի անցել։

Օր. Սահակյանն անցավ նրա ետևը և, խոնարհվելով նրա ուսի վրա, ժպտալով նայեց նրա դեմքին։

Եվա, թույլ կտա՞ս համբուրեմ։

Եվան վիրավորված հանգստությամբ լռում էր։

Իզուր սպասելով նրա պատասխանին, օր. Սահակյանը երկու ձեռքով բարձացրեց նրա գլուխը և համբուրեց շրթունքներից։

Գիտե՞ս ինչ կա, Եվա ջան, ասաց նա, արագորեն մի աթոռ առնելով ու նստելով նրա մոտ։ Մինչև այժմ ում հետ էլ որ խոսել եմ, ամենք էլ, ծանոթ-անծանոթ, վիրավորվել են ինձնից։ Բայց, աստված է վկա, ես երբեք ոչ ոքի վիրավորելու միտք չեմ ունեցել. ես միայն իմ կարծիքով, ճշմարտությունն եմ ասել, և ինձնից վիրավորվողներից ոչ ոք չի կարողացել ինձ համոզել, որ սխալվել եմ։ Բայց այս անգամ, քո վերաբերմամբ, պետք է անկեղծ խոստովանեմ, մեղավոր եմ, որովհետև համոզվեցի, որ ճշմարտությունը չեմ ասել: Ուստի պետք է ներես ինձ։ Ի նկատի ունեցիր, որ այս առաջին անգամն է, որ ինձնից վիրավորվողից ներողություն եմ խնդրում։ Այդ նշանակում է, որ ես լիովին համոզված եմ, որ սխալվել եմ։ Եվ շատ ուրախ եմ, որ սխալվել եմ, որովհետև գիտե՞ս, թե ինչպիսի հարված պիտի լիներ քո ատելությունն Աշխենի համար, որը բառիս բուն նշանակությամբ պաշտում է քեզ։ Ուզո՞ւմ ես, ցույց տամ նրա նամակը, տես ինչպիսի՛ կարոտով է քեզ հիշում, ինչպիսի՛ ուրախություն է հայտնում, որ շուտով պիտի տեսնի քեզ։

Գիտեմ. նույնն ինձ է գրում, ասաց Եվան խռովածի պես։

Օր. Սահակյանը կռացավ, հատակից վերցրեց գիրքը և դրեց նրա առաջ։

Ուզո՞ւմ ես ուղիղն ասեմ, Եվա։ Ես իսկապես եկա քեզ մոտ այն նպատակով, որ իմանամ, թե ինչպես ես տրամադրված այժմ դեպի Աշխենը, և դիտմամբ այդ նպատակով էլ ասացի այն, ինչից որ վիրավորվեցիր և գիրքը գլխովս տվիր: Ես կասկածում էի և եթե տեսնեի, որ եղբորդ մահն այս կամ այն կերպ կապում ես իսկապես Աշխենի հետ, պետք է հնար գործ դնեի հակառակը համոզելու քեզ։ Եվ փառք աստծո, որ ինքդ ասացիր այն, ինչ որ ես պետք է ասեի այդպիսի դեպքում։ Այժմ ես հանգիստ եմ և միանգամայն շնորհակալ, որ ինձ ազատեցիր մի մեծ դժվարությունից։ Ինչևիցե, այս վերջացավ։ Այժմ մի բան եմ ուզում խնդրել քեզ։ Աշխենը գրում է, որ իր գալու օրը կհեռագրի ձեզ. հեռագիրը որ ստանաք, կհայտնե՞ս ինձ, որ ես էլ գամ կայարան նրան դիմավորելու:

Ես չեմ գնալ կայարան։

Ինչո՞ւ:

Չեմ կարող։

Իսկ հա՞յրդ։ Գիտեմ, որ մայրդ չի կարող, հիվանդ է։

Հորս էլ չեմ թողնիլ, որ գնա:

Օր. Սահակյանը կարճ ժամանակ սիրով նայեց Եվայի հանգիստ և հաստատ վճռականություն արտահայտող դեմքին:

Հասկանում եմ քեզ, Եվա ջան, ասաց նա։ Բայց իզուր ես կարծում, թե նա այնքան թուլասիրտ կգտնվի, որ չի կարող դիմանալ հարվածին։ Ճիշտ է, նա բոլորովին չի իմանում, թե ինչ է պատահել, բայց որքան նրա սիրտն ընդունակ է սիրելու, այնքան և ամուր է հոգին։ Բացի դրանից, չէ՞ որ միևնույն հարվածը պետք է ստանա այստեղ, տանը, խո չե՛ք կարող նրանից թաքցնել...

Ո՛չ, ո՛չ, ո՛չ, արտասանեց Եվան անտանելի տանջանքով և գլուխը դրեց սեղանի վրա։ Նա գալիս է ուրախ և երջանիկ, կարծելով, թե պիտի գտնի իր թողած նախկին կենսուրախ տունը, մինչդեռ...

Եվ Եվան լռեց լացակումած։

Օր. Սահակյանը նայեց նրան խորին կարեկցությամբ. ուզում էր շոյել նրա փափուկ մազերը, որոնք, մի գիսակի մեջ հյուսված, փայլում էին ճրագի լույսի տակ. ուզում էր մխիթարական խոսքեր ասել, բայց զգաց, որ դրանով միայն յուղ կարող է թափել կրակի վրա։

Համենայն դեպս հեռագիրը որ ստանաք, իմաց տուր ինձ, ասաց նա: Իսկապես որ շատ լավ կլինի՝ ոչ դու գաս, ոչ հայրդ, որովհետև ո՞վ գիտե ինչ կպատահի, որ ձեզ այդպես տեսնի։ Ավելի լավ է, մենակ ես կգնամ. մինչև տուն հասնելը կնախապատրաստեմ նրան, որպեսզի հարվածը հանկարծական չլինի։

Եվան գլուխը բարձրացրեց արագ. նրա աչքերը լիքն էին արտասուքով։

Խնդրում եմ, Վարո ջան, այդպես արա, բացականչեց նա։ Դու ինձ ազատած կլինիս մի անտանելի դժվարությունից։

Be the first who will comment on this

Other parts of "Մահը"

Yatuk Music
Nocturne
Arno Babajanyan

Nocturne

War and peace
War and peace
Play Online