Егише Чаренц

Երկիր Նաիրի

6

Եվ, այստեղ եւեթ հարկավոր է ասել, որ հենց այդ օրերից է, որ սկսեց սարն ի վեր բարձրանալ ընկ. Վառոդյանը, հետագայում նաիրյան այդ քաղաքի կյանքում այնքան խոշոր դեր խաղացող ա՛յն ընկ. Վառոդյանը, որը, վերջ ի վերջո, ոչ այլ ինչ էր, եթե ոչ խղճուկ մի վարժապետ, «նաիրյան մի բթամտություն».-ինչպես ասում էր պ. Մարուքեն: Ինչո՞վ, ինչո՞վ նա Մազութի Համոյի աչքը մտավ -աստված ինքը գիտե, բայց փաստը մնում է փաստ, որ, այս օրերից սկսած, նա ավելի խոշոր մասնակցություն ունեցավ քաղաքի անցուդարձում, քան ինքը Սերգե Կասպարիչը, բժիշկը -այդ երկրորդ, կամ ավելի լավ է ասել -աջ ձեռքը Մազութի Համոյի: Ես էլ չեմ խոսում Օսեփ Նարիմանովի -Համո Համբարձումովիչի ձախ ձեռքի մասին, որը կամաց-կամաց, դեպքերի զարգացման ընթացքում, համարյա թե կորցրե՛ց իր ամբողջ նշանակությունը: Այս հանգամանքն ավելի զարմանալի կթվա, եթե ասեմ, որ նախքան այդ, ինչպես Սերգե Կասպարիչը, այնպես էլ Օսեփ Նարիմանովը «Կենտրոնից» նշանակված անդամներ էին Տեղական Կոմիտեում, որի նախագահն էր, ինչպես արդեն գիտենք, մինչեւ վերջը մնաց -Մազութի Համոն: Սա նշանակում է, որ, ինչպես բժիշկը, այնպես էլ հաշտարար դատավորը, երկուսն էլ՝ Մազութի Համոյի հետ հավասարապես ենթակա էին Կենտրոնասարդի անմիջական, այո՛, տատանումներին՝ ուղեղահրահանգներին. իսկ ընկ. Վառոդյա՞նը... Նա ի՞նչ էր որ. նա իսկի էլ կարծես գոյություն ունենալիս չլիներ առաջներում: Ինչքա՜ն, ինչքա՜ն էր պատահել, երբ նա, ընկ. Վառոդյանը, կարծես թե պատահմամբ, մտել էր Մազութի Համոյի գրասենյակը, երբ այնտեղ «նիստի» են նստած եղել Տեղական Կոմիտեի «Երեքը». եւ ի՞նչ. պատահում էր հետեւյալը. նա, ընկ. Վառոդյանը, հազիվ էր կարողանում գլուխը ներս խոթել, երբ բժիշկը, միշտ այդ մեծամիտ բժիշկը, բարձրացնում էր քիթը վեր, հոտոտում էր օդը՝ նայելով ընկ. Վառոդյանի դեմքին, -«ներողություն» -ասում էր բժիշկը կիսաժպիտ, որից հետո զսպանակի նման դռնից դուրս էր թռչում ընկ. Վառոդյանի գլուխը ու մնում էր դռան, փակ դռան հետեւում՝ որսորդական բարակի նման ներսի շշուկներին ունկնդիր: Այսպես էր, այո՛, առաջներում. բայց հետո... Հետո ընկ. Վառոդյանը դարձավ նշանավոր գործիչ, պատկառելի անձնավորություն շա՜տ, շա՜տ անգամներ առիթ ունեցան բժիշկ Սերգե Կասպարիչը եւ հաշտարար դատավոր Օսեփ Նարիմանովը նրա ընդունարանի առաջհերթի սպասելու...

Բայց ների՛ր, ընթերցող, որ ես պատմությանս թելը բավականին խճճեցի, թեկուզ, գիտե՞ս, նաիրյան այդ քաղաքի այն նշանավոր օրերի պատմությունը գրողը հիմա, ուզած-չուզած, պիտի զգա իրեն այն դժբախտ երեխայի դերում, որը, ինչպես այդ հաճախ տեղի էր ունենում հենց նույն այդ քաղաքի երեխաների կենցաղում, գետում լողանալուց հետո ուզում է հագնվել, բայց գտնում է շապիկի թեւերը թրջած այնպես պինդ հանգուցած, որ սատանան ինքը կդժվարանա արձակել. նա գիտե, նա հասկանում է, որ իր շուրջը հռհռացող երեխաներն են այդ արել. նրա սիրտը պայթում է ոխից ու բարկությունից, բայց նույնպես ավելի քան լավ հասկանում է նա, որ եթե ընկնի ընկերների հետեւից -շատ են, մի երկուսը ետ կմնան մնացած շորերը եւս կթրջեն ու կհանգուցեն, ուստի մնում է նրան հանգուցած շապիկը մի կողմ թողնել հագնել շորերն առանց սպիտակեղենի -ինչպես մեզ, ընթերցող, գոնե անհանգույց դեպքերն ու իրողությունները մոռացության չտալու նպատակով մնում է մի կողմ թողնել բոլոր խճիճներն ու հանգույցները եւ անցնել վեպի շարունակությանը:

Ինչպես ասացի՝ ընկ. Վառոդյանը սեփական աչքերով տեսել էր Մազութի Համոյի գրասենյակում «Կենտրոնից» ստացած գրությունը, որի մեջ գրված էր, ի միջի այլոց, «Հայտնի՛ր բոլորին» հրահանգը: Եվ ահա, Մազութի Համոյի գրասենյակից ելնելով, հանդիպեց, պատահմամբ, պ. Մարուքեին ընկ. Վառոդյանը եւ մտածեց, որ առաջին հերթին հենց այդ հաստամիտ Գրաստամատյանին է հարկավոր հայտնել հետաքրքիր նորությունը: Այդ միտքն հղացավ ընկ. Վառոդյանի գլխում երկու պատճառով. նախ՝ ինքը ցույց կտա այդ հաստամիտ պարոնին, որ այնքան էլ հասարակ անձնավորություն չէ ընկ. Վառոդյանը, որ, այո, ինքը կապեր ունի այնպիսի կենտրոնների հետ, որ կարող է ամեն նորություն իսկական աղբյուրից իմանալ,- ապա՝ ինչպես հրահանգել էր նրան Մազութի Համոն, «կշոշափե հողը»... Իսկ պ. Մարուքեն, այսպես թե այնպես, որպես հակառակորդ, բավականին հետաքրքիր «հող» էր՝ հասարակական տրամադրությունները շոշափելու համար...

«Հետաքրքիր նորություններ»,- ասաց ընկ. Վառոդյանը, այնպես, ի միջի այլոց, պ. Մարուքեին: - «Բավականին հետաքրքիր...»:

«Հը՞,-ակնոցների տակից վեր, ընկ. Վառոդյանին նայեց պ. Մարուքեն. - Ի՞նչ կա»:

Ընկ. Վառոդյանը ժպտաց: Ու հազաց հետո, ձեռքը շրթունքներին տանելով. «Ըհը՛, ըհը՛, ըհը՛»,-ճիշտ եւ ճիշտ Սերգե Կասպարիչի նման:

Պ. Մարուքեն բարկացավ.

«Մի բան գիտես-ասա՝ ի՞նչ ես պոչդ գետնովը տալիս«:

Ընկ. Վառոդյանը շիկնեց, աչքերից արյուն կաթեց ընկ. Վառոդյանի - «Յոթ օրից Էրզրում կլինենք»,-պայթեց ռումբի նման, կրկնելով Մազութի Համոյի խոսքերը, ընկ. Վառոդյանը պ. Դրաստամատյանի գլխին ու նայեց նրան հաղթական:

Նայեց, նայեց նրան, արհամարհանքը ակնոցների տակից դառը պսպղացնելով, պ. Մարուքեն.-«Իդիո՛տ»,-- կարծես թքեց, կարծես ձգեց, ծանր մահակի նման, ընկ. Վառոդյանի դեմքին պ. Մարուքեն. ու շուռ տվեց դեմքը. աջ ուսը ցնցելով՝ հեռացավ:

Նա գիտեր, քչերից մեկն էր պ. Մարուքեն նաիրյան այդ քաղաքում, որ թերթեր էր կարդում,-կարդացել էր արդեն պ. Մարուքեն, որ արդեն, արդեն՝ պատերազմ է հայտարարված Տաճկաստանին: Եվ, երեւակայո՞ւմ եք- դժգոհ էր դրանից: Տարօրինակ, այո, զարմանալի մարդ էր այդ պ. Դրաստամատյանը, ինչքան էլ նրան, խորին արհամարհանքով, պ. Գրաստամատյան անվաներ ընկ. Վառոդյանը, ինչքան էլ նրա, առանց այն էլ աչքի ընկնող քթի ծայրը համարյա թե միշտ ավելի եւս աչքի զարկեր իր անհաճո կարմրությամբ, որ, ինչպես ասում էին, հետեւանք էր ոգելից ազդեցությունների,-չնայած, կրկնում ենք. այս բոլոր տարօրինակություններին-պ. Մարուքեն է՛ր եւ արժանի է ամենայն ուշադրության: Երեւակայո՞ւմ եք. նա, այդ հարբեցող «եվրոպացին» այդ երեկո հանդգնություն ունեցավ կատարելու այնպիսի մի մեծագործություն, որի համար արժե՛ որ նա համարվի իմ միակ հերոսը, այդ կարմրաքիթ Դրաստամատյանը...

Նա գիտեր, այո -կարդացել էր արդեն պ. Դրաստամատյանը, որ պատերազմ է հայտարարված Տաճկաստանին, միակ մարդն էր գուցե, որ, իրեն միայն հայտնի պատճառներով, դժգոհ էր դրանից: Կային ասողներ -ինչպես, օրինակ, Հաջի Մանուկոֆ էֆենդին,-որ «անարխիստ» է պ. Մարուքեն, այսինքն՝ «անիշխանական». այնինչ ընկ. Վառոդյանն այն կարծիքն ուներ, որ նա, այսինքն՝ պ. Մարուքեն, ոչ «անարխիստ» է, ոչ բան, այլ, պարզապես մի «մխի գլոխ», որին հարկավոր է «խփել»: Չգիտենք, որքա՞ն էր համապատասխանում իրականության ընկ. Վառոդյանի այդ կարծիքը պ. Մարուքեի մասին, բայց հարկավոր է ասել, որ ընկ. Վառոդյանի այդ օրիգինալ կարծիքում կար, եթե ոչ ուղղակի, գոնե կողմնակի ճշմարտության որոշ տոկոս. գուցե, այո, ընկ. Վառոդյանի տեսակետից, այդ «մխի գլխին» հարկավոր էր «խփել», քանի որ, այո,-մենք չգիտենք, թե ուրիշ ինչ պատճառներ կային պ. Մարուքեի համար, իրեն չվերաբերող մի խնդրի,-Տաճկաստանին հայտնած պատերազմից դժգոհելու, բայց մի բան պարզ էր ինքնըստինքյան, այդ այն է, որ պ. Մարուքեն նկատել էր, որ արդեն շարժվում է «Ընկերությունը»,- սա՛ էր, ամենից առաջ, նրա դժգոհելու պատճառներից մեկը: Ո՛չ անարխիստ, ո՛չ բան: Նա՝ պ. Մարուքեն, իրեն միայն հայտնի պատճառներից դրդված, դեմ էր «Ընկերությանը», այսինքն՝ կոնկրետ ասած՝ տեղական «երեքին» ու նրա արբանյակներին. նրանք սեւ ասեին, պ. Մարուքեն կասեր՝ սպիտակ. նրանք հա ասեին, պ. Մարուքեն կասեր՝ չէ: Եվ այսպես -ամեն ինչում. այսպես էլ հիմա: Արդեն խոսում էին քաղաքում, արդեն շշնջում էին, խորհրդավոր, զանազան բերաններ: Արդեն տալիս էին հայտնի անուններ... Անհամբերությամբ սպասում էին այդ ըղձալի օրվան. այս ըղձալի օրը, ինչպես ընկ. Վառոդյանն էր ասում քաղաքային այգում ծանոթ օրիորդներին, պիտի բանար իրենց՝ Նաիրիի առաջ ըղձա՛լի հորիզոններ: Դեռ երեկ, դեռ առաջի օրը, այգու ակումբում պարծենում էր, «ագռավի աղջիկը» սեղանին խփելով, Կինտաուրի Սիմոնը, որ «կամավոր կգնա»: Հասկանում էր, իհարկե, զգում էր արդեն պ. Մարուքեն, որ շուտով «պարը կսկսվի» եւ գլխապտույտ կգնա. հասկանում էր եւ դժգոհելով սպասում: Իսկ հիմա ահա, ընկ. Վառոդյանին հանդիպելուց հետո, հասկացավ, զգաց պ. Դրաստամատյանը, որ արդեն գլորվել է քարը - քթի տակ, դժգոհ, փնթփնթալով՝ քաղաքային այգու ակումբը գնաց պ. Մարուքեն, մտածելով, որ այնտեղ, երեւի, ամեն ինչ կիմանա:

Իրիկուն էր արդեն. արդեն վառվում էին լույսերը քաղաքային այգում: Նվագում էր զինվորական երաժշտախումբը. նվագում էր «Բոժե ցարյա»: Հասկացավ պ. Մարուքեն, որ «սկսվել է պարը»: Հիշեց այն մյուս կիրակին. կանգնեց, կանգնեց նորից պ. Մարուքեի ուղեղում -կանգնեց, այծագլուխ, Մազութի Համոն: Լիքը, խիտ կանգնած հասարակության միջով մոտեցավ ակումբին պ. Մարուքեն - եւ, հրաշքի մի նման, ելնելով կարծես իրա, պ. Մարուքեի ուղեղից -կանգնեց. դեմը, նույն թղթախաղային կանաչ սեղանի վրա կանգնած էր -Մազութի Համոն: Ներքեւում, այսինքն՝ սեղանի կողքին, գլխաբաց կանգնած էին՝ բժիշկը, Օսեփ Նարիմանովը, Արամ Անտոնիչը, Գեներալ Ալոշը, ընկ. Վառոդյանը եւ Կինտաուրի Սիմոնը -կոշկակարը: Բերանները բաց՝ բղավում էին «ուռա»: Դեռ չէր ուշքի եկել պ. Մարուքեն, երբ մեկը հետեւից հրեց նրա կողին եւ ականջին բղավեց. «Գըլխարկդ հանե՛, տո՛, չե՞ս հասկընա»: Նայեց -Աբոմարշն էր. ակնոցը քթին, այծամորուք: Դեմքին -պատկառանք էր խորհրդավոր. ակնոցը թեքվել էր մի կողմ. գլուխը նման էր «Խաթաբալայից» հանած ծաղրանկարի: Հանեց գլխարկը, առանց բան հասկանալու, պ. Մարուքեն. բայց մինչ այդ նվագը դադարեց, բոլորը ծածկեցին գլխարկները եւ այս անգամ պ. Մարուքեն ինքը մնաց՝ քիթը վեր, գլխարկը ձեռին: «Հայրենակիցնե՛ր», - սկսեց, երեւի ընդհատված ճառը շարունակելով, Մազութի Համոն. տիրեց լռություն՝ լսողություն տիրեց: «Մոտ է, մոտենում է օրը, -շարունակեց ապա Մազութի Համոն, -երբ, ելած մոխիրից, դարերի քնից,- հառնե՛ պիտի, ազատ, երկիրը հազարամյա- ազատ Նաիրին»: Այս իմաստով ահա խոսում էր, բավականին հուզված, Մազութի Համոն. բայց ահա նրա ձայնը բարձրացավ, ձեռքը վեր մեկնվեց աչքերը վառվեցին. նա, ինչպես երեւում էր, վերջացնում էր ճառը.-«Ամեն ոք մեզանից պարտավոր է օգնել, ինչով որ կարող է, այսօր. ես չեմ կասկածում»,-վերջացրեց խոսքը Մազութի Համոն,- «որ մեր հաղթապանծ զորքերը մի շաբաթից հետո Էրզրում կմտնեն»: Այսպես վերջացրեց իր ճառը Մազութի Համոն - եւ նորից թնդաց երաժշտությունը՝ հասարակությունը ոռնաց: Ոգեւորության հենց այդ ծայրահեղ վայրկյանից հետո էր ահա, որ տեղի ունեցավ անսպասելի, աներեւակայելի, անթույլատրելի մի բան.-երեւակայո՞ւմ եք՝ պ. Մարուքեն, այդ «ախմախ անասունը», որպիսի հորջորջում տվեց նրան, դեպքը կատարվելուց հետո, Գեներալ Ալոշը,-այդ ողորմելի պ. Մարուքեն ահա, իր կանգնած տեղից, հենց որ Մազութի Համոն իր խոսքը վերջացրեց -«Իդիո՛տ»-բացականչեց, ինչքան որ ձայն ուներ, Համո Համբարձումովիչի հասցեին. տիրեց մեռելային լռություն՝ ապշանք, էլեկտրական լարում:-«Բա՛ցց»-իջավ, չոր, հնչուն՝ շխկալով ընկավ ընկ. Վառոդյանի ապտակը պ. Մարուքեի այտին: Պ. Աբոմարշն շտապեց ոտքի մի խրատական հարվածով օգնության հասնել ընկ. Վառոդյանին: Պ. Մարուքեն, երեսնիվայր, ընկավ. ակնոցը, պսպղուն, թռավ մի կողմ: «Հարբած է»,- հայտնեց Սերգե Կասպարիչը՝ դեպքի տեղը հասնելով: «Հարբած է»,-հաստատեց ընկ. Վառոդյանը.-«պետք է ոստիկանատուն ուղարկել, որ ուշքի բերեն»: Ու պատմեց, որպես ապացույց, ընկ. Վառոդյանը, որ նույնը, բառացի, կես ժամ առաջ ասաց իրեն, փողոցում, առանց որեւէ առիթի, պ. Մարուքեն:

Պ. Մարուքեին տարան ոստիկանատուն:

Չգիտեմ, հարբած էր թե չէ պ. Մարուքեն, բայց մի բավականին հավաստի աղբյուրից ես հետո տեղեկացա, որ, ճիշտ որ, ինչպես այդ հավաստի աղբյուրն էր ինձ տեղեկացնում -պ. Մարուքեն հարբած էր եղել: Նույնն էր հաստատում եւ Բոչկա Նիկալայը հետո, պատմելով, որ այդ օրը, դեպքը պատահելուց երկու ժամ, մոտավորապես, առաջ պ. Մարուքեն իրա, Բոչկա Նիկալայի դախլի դիմացը կանգնած՝ գլուխն է քաշել «մի բոթիլ սմիրնովկա»-դառնահամ օղի: Բայց այս դեպքում արժեքավոր է, իհարկե, ոչ այնքան Բոչկա Նիկալայի ցուցմունքը, մանավանդ որ օղու նրա հիշատակած քանակը դժվար թե ընդունակ լիներ «խելքից հանելու» պ. Մարուքեին,-որքան, այո՛, վերեւում հիշածս «հավաստի աղբյուրի» ցուցմունքը, որովհետեւ... Բայց այս ենթադրությունս հիմնավորելու համար նախ եւ առաջ հարկավոր է ասել, թե ի՞նչ «աղբյուր» էր այդ, որին կարելի էր հավատ ընծայել այն էլ այնպիսի մի նուրբ անհասկանալի հարցում, որպիսին էր պ. Մարուքեի վարմունքը պատմական այն ահավոր, այն նշանակալից վայրկյանին: Այդ «աղբյուրը», դե, մի մարդ էր, երեսունին մոտիկ մի երիտասարդ նաիրցի, որը վերջին օրերս էր միայն երեւացել նաիրյան այդ քաղաքում, բայց որին ճանաչում էին տեղացիք նրա մանկությունից. ռեալական դպրոցի տեսուչ Արամ Անտոնիչի մորեղբոր որդին էր դա -Կարո Դարայանը, որին յոթ-ութ տարեկան հասակից Մոսկվա, Լազարյան Ճեմարանն էր ուղարկել Արամ Անտոնիչը. սրա խնամքին էր մնացել, ծնողների մահվանից հետո, դեռ մանուկ հասակից Կարո Դարայանը: Արամ Անտոնիչը, նրան Մոսկվա ուղարկելով, հասել էր երկու նպատակի մի անգամից. նախ՝ ազատվել էր նրա հոգսից, երկրորդ՝ իր վերջին պարտքը դրանով հատուցած էր համարել իր ազգակցի հիշատակին: Ինչպես որ գնացել էր Մոսկվա Կարո Դարայանը -այնպես էլ մնացել էր այնտեղ մինչեւ ավարտելը, որից հետո եւս, թեկուզ տեղափոխվել էր Կովկաս-Բաքու, բայց չէր երեւացել հայրենի քաղաքում, չնայած Արամ Անտոնիչի հաճախակի խնդրանքներին: Արամ Անտոնիչը, մանավանդ երբ Դարայանը վերջացրեց դպրոցը, երբ արդեն վերացած էր համարում ամեն մի հոգատարության խնդիր մորեղբոր որդու նկատմամբ, շատ էր ցանկանում նրան իր մոտ տեսնել, գուցե հենց նրա համար միայն, որ, ինչպես ասում էր նա հաճախ Գեներալ Ալոշին, «ցանկանում էր իր ազնվության պտուղը մոտիկից ճաշակել»: Բայց հետո, Կարո Դարայանի Բաքու գալուց մի քանի ժամանակ անց, Արամ Անտոնիչը դադարեց հանկարծ իր «ազնվության պտուղի» մասին առհասարակ խոսելուց, իսկ երբ, լինում էր, հիշեցնում էին նրան իր «սանիկի» մասին -Արամ Անտոնիչը թթու դեմք էր շինում. Արամ Անտոնիչը ծամծմում էր զրույցը: Գեներալ Ալոշը սկզբում չէր հասկանում, ավելի շուտ՝ չէր իմանում բանի եղելությունը. բայց հետո նա իմացավ, եւ ահա բանը մինչ այնտեղ հասավ, որ Արամ Անտոնիչը մի գեղեցիկ օր էլ վերցրեց գրեց իր սանիկին, որը, ի դեպս, համարյա թե չէր էլ պատասխանում իր «բարերարի» նամակներին ո՛չ մի նշան չէր էլ ցույց տալիս այդ կողմերը երեւալու,-Արամ Անտոնիչը, ինչպես ասացինք, վերցրեց գրեց Կարո Դարայանին, որ չլինի թե վերջինս իր աչքին երեւա. իսկ եթե պատահի գալու լինի հայրենի քաղաքը -չլինի թե մտաբերե իր քեռու բնակարանը. քեռու բնակարանը «փուչ» սանիկի համար փակված կլինի: Այսպես էր գրել իր մորեղբորորդուն Արամ Անտոնիչը իր վերջին նամակում - ահա, այդ նամակը գրելուց երկու ամիս անց, որտեղից որտեղ, մեր պատմած դեպքերի նախօրյակին, մի գեղեցիկ առավոտ եկավ Կարո Դարայանը նաիրյան այդ քաղաքը կառքը կանգնեցրեց... ճիշտ պ. Մարուքեի բնակարանի առաջ: Այս վերջին հանգամանքը խիստ զարմանալի թվաց ոչ այնքան քաղաքացիների, որքան իրա -Արամ Անտոնիչի աչքին. բանն այն է, որ, ճիշտ է, Մոսկվա գնալուց առաջ երկու երեխաներ, ավելի լավ է ասել՝ երկու փողոցային խաղընկերներ, թեպետ եւ ճանաչելիս լինեին իրար պ. Մարուքեն եւ Կարո Դարայանը, բայց չէ՞ որ դրանից հետո այնքան էր ջուր հոսել, այն էլ տարբեր հուներով, որ ոչ մի հնարավորություն, թվում է թե, չպիտի մնար նրանց մտերմանալու: Դրանից հետո պ. Մարուքեն, ինչպես գիտենք, տեղական քաղաքային յոթնամյա դպրոցն էր ընկել, որից հետո, չգիտենք, թե ի՜նչ զարմանալի հրաշքով, եղել էր Բեռլինում, այնինչ Կարո Դարայանը գնացել էր Մոսկվա, ապա Բաքու, այնպես որ ո՛չ մի առիթ, ո՛չ մի հնարավորություն, թվում է թե, չեն ունեցել իրար հանդիպելու - եւ հանկարծ... Կարո Դարայանը վերադառնում է այդ քաղաքը եւ կայարանից քշում է ուղի՛ղ պ. Մարուքեի բնակարանը, ամենայն ճշտությամբ ասում է կառապանին պ. Մարուքեի հասցեն... Հասկանո՞ւմ եք՝ Կարո Դարայանը, ամբողջ քսան տարի ո՛չ հայրենի քաղաքի ո՛չ էլ պ. Մարուքեի դեմքը տեսնելուց հետո -ասում է կառապանին պ. Մարուքեի հասցեն եւ հին բարեկամի նման իջնում է նրա տանը, նախքան վերջինիս սենյակ մտնելը -դուրսը, հենց դռան առաջ, կառապանի կողքին մի պինդ համբուրվելով իրեն միանգամայն անծանոթ, բայց հրաշքով մտերմացած պ. Մարուքեի հետ... Այս բանն իր սեփական աչքերով տեսել է Կինտաուրի Սիմոնը, կոշկակարը ամենայն մանրամասնությամբ պատմել է ընկ. Վառոդյանին: Եվ ահա -հենց այդ Դարայանը, նա ինքը, ինչպես այս բոլորից կարող եք եզրակացնել՝ պ. Մարուքեի այդ հոգեկից ընկերն ահա, վերջինիս հետ քաղաքային այգում տեղի ունեցած այն ցավալի դեպքի երկրորդ օրը հավատացնում էր բոլորին, որ պ. Մարուքեն, ճիշտ է, հարբած է եղել: Կարծում եմ, որ ես իրավունք ունեմ Կարո Դարայանին, այդ, իմ կարծիքով ամենահավաստի աղբյուրին, լիովին հավատալու, նախ նրա համար, որ նա հետագայում հայտնի դարձավ քաղաքին, որպես միանգամայն մաքուր, անկաշառ մի անձնավորություն, ապա՝ նրան, պ. Մարուքեի այդ սրտակից ընկերոջը, իսկի էլ ձեռնտու չէր հարբեցողի դիպլոմ կպցնելը իր «հոգեկցի» ճակատին, մանավանդ որ այդ չարաբաստիկ «դիպլոմը» շատ շուտով պատճառ դարձավ պ. Մարուքեի ուսուցչական դիպլոմից զրկվելուն: Մի հանգամանք, որի մեջ խառն էր - եւ նա ինքն էլ չէր թաքցնում -Մազութի Համոյի մատը: Նա՝ Մազութի Համոն, որպես ծխական դպրոցների ավագ հոգաբարձու, ասել էր հոգաբարձական ժողովին, որ շտապ կարգով, որպես բացառություն, տեղի էր ունեցել ո՛չ թե Համո Համբարձումովիչի գրասենյակում, այլ եկեղեցու մոմավաճառքի խանութում, որտեղ միշտ պատրաստ էր լինում ծխական դպրոցների հոգաբարձական կազմը,-այդ կազմին ահա ասել էր, զայրույթի փրփուրը բերանին, Մազութի Համոն, որ «նաիրյան դպրոցում, ուր կրթվում, հասունանում թեւ է առնում մեր մատաղ սերունդը, որի ուսերի վրա, որի վտիտ ուսերի վրա վաղը պետք է ծանրանա նաիրյան- օ, ես հավատում եմ դրան,-պայծառ ապագան դարբնելու գործը,- հարգելի ժողովականնե՛ր, ես ասում եմ, այո, որ նման մի սրբազան վայրում, այն էլ ուսուցչի բարձր կոչումով, տեղ չպե՛տք է ունենան պ. Դրաստամատյանի նման հարբեցող ավարաները...»: Այսպես էր ասել ծխական դպրոցների հոգաբարձական կազմին, միանգամայն արդարացի լինելով, Մազութի Համոն,- եւ նրան, այդ կազմին, ոչինչ ուրիշ չէր մնում անելու, քան հաստատելու նրա կարծիքը եւ հեռացնելու պաշտոնից պ. Մարուքեին, որը եւ տեղի ունեցավ, ի մեծ անտարբերություն պ. Մարուքեի եւ ի մեծ ուրախություն ամբողջ քաղաքի -երկու օր անց:

Բժիշկ Սերգե Կասպարիչը այլեւս նստում էր զորակոչային ատյանում: Իսկ երեկոները, ըստ սովորության, նորից զբաղվում էր քաղաքային ակումբում մխիթարիչ թղթախաղով, բայց այն տարբերությամբ, որ այժմ հետզհետե խոշորանում էին գումարները, խաղամիջի գումարները. «տասը», «հիսուն», «հարյուրի»-ի տեղ կանաչ սեղանների շուրջը այժմ լսվում էին «երեք ու կես», «հինգ» «հավասար» բացականչությունները, որոնք, փոխաբերաբար հասկացվում էին, որպես հարյուրի ու հազարի հետ առնչություն ունեցող գումարներ: Երկրորդ աչքի ընկնող փոփոխությունը, որ առանձնապես դուր էր գալիս Սերգե Կասպարիչին, այն էր, որ նոր, միանգամայն «թարմ» մարդիկ էին սկսել հաճախել քաղաքային ակումբը, ըստ մեծի մասի երիտասարդ սպաներ, որոնք շատ շուտ ընտելանում էին բժշկին եւ, նրանից հետո, մնացած շրջանին՝ Օսեփ Նարիմանովին, Գեներալ Ալոշին, Արամ Անտոնիչին եւ մյուսներին. ես դիտմամբ առաջին հերթին չտվի Համո Համբարձումովիչի անունը, որովհետ նա թեկուզ չէր դադարել ակումբ հաճախել, բայց երեւում էր կանաչ սեղանի շուրջը ոչ պարբերաբար, ինչպես առաջ, այլ երբեմն-երբեմն, այլն էլ երեկոյան ուշ ժամերին, տասնմեկից հետո. ո՞վ, ո՞վ չգիտեր, որ օրըստօրե մեծանում, վիթխարի ծավալ էր ստանում Մազութի Համոյի հասարակական գործունեությունը, որով, իհարկե, քիչ տեղ էր մնում անձնական հաճույքներին՝ աննշան տեղ: Արդեն խոսում էին, արդեն շատ որոշակի շշուկներ էին շրջում քաղաքում - այդ շշուկները ինչ - որ առնչություն ունեին ընկ. Վառոդյանի հետ, արդեն տալիս էին հայտնի անուններ: «Անդրանիկ», «Դրո», «Քեռի», - խոսում էին արդեն տներում ու փողոցներում: Եվ այդ անունները կապվում էին, ինչ - որ անհայտ թելերով կապվում էին այդ անունները Մազութի Համոյի գրասենյակին. ինչ - որ անհայտ կողմերից երկարվում էին, ասես, աներեւույթ թելեր փաթաթվում էին «Լույսի» կառավարիչ Մազութի Համոյի շուրջը, նրա հետ առընթեր մեջ առնելով նա ընկ. Վառոդյանին, այո, նախ առաջ ընկ. Վառոդյանին, ապա բժշկին Օսեփ Նարիմանովին: Չգիտենք՝ կապ ունեի՞ն արդյոք այդ շշուկներին, թե ոչ, բայց այդ օրերին էր հենց, որ Հինգհարկանի Շենքի հրամանների կողքին մի առավոտ քաղաքացիք փակցրած գտան -ուրիշ, նաիրատառ հրամաններ, ճիշտն ասած՝ հայտարարություններ, որոնց ներքեւում, սպիտակի վրա սեւով ստորագրված էր՝ տպված էր նաիրատառ՝ Համազասպ Աստվածատրյան. - դա հենց ի՛նքն էր՝ «Լույսի» կառավարիչ Համո Համբարձումովիչ Ասատուրովը - Մազութի Համոն...

Այդ հայտարարությունները կանչում էին քաղաքացիներին, կանչում էին, ինչպես ասված էր նրանցում - կիրակի, ցերեկվա ժամը 12-ին, ամառային ակումբի դահլիճը - «Հասարակական ժողովի»: Գրված էր, նույնպես ասված էր նրանցում, որ -«Ներկա մոմենտի մասին կբանախոսե Համազասպ Աստվածատրյանը»-(կարդա՝ Մազութի Համոն) ապա՝ «Բանախոսությունից հետո տեղի կունենա մտքերի փոխանակություն մի շարք կարեւոր հարցերի մասին. մուտքը ազատ է բոլորի համար. պատասխանատու կարգադրիչ՝ Համազասպ Աստվածատրյան» - ահա այդ հայտարարությունների բովանդակությունը:

Կարդաց-կարդաց այդ հայտարարությունը վարսավիր Վասիլը, նրա դեմքը, չգիտեմ ինչու, գարնան առավոտի նման, զվարթ, բացվեց. կարծես յուղ քսեցին վարսավիրի դեմքին: Ձեռքերը իրար շփելով՝ մտավ Կինտաուրի Սիմոնի կոշկակարանոցը վարսավիր Վասիլը եւ զվարթ բացականչեց. «Մազութի Համոն էլի կանչել է քեզի, տո՛, Կլուբի Մեյմուն, բանե խաբա՞ր ես հեչ...«: Կոշկակար Սիմոնը կարծեց, թե ճիշտ որ կանչում է իրեն Մազութի Համոն. դանակը վար դրեց Կինտաուրի Սիմոնը եւ ելավ ոտքի: «Ո՞ւր ա, ո՞ւրտեղ է», - թեկուզ խոցված վարսավիրի կոպիտ հորջորջումից, բայց ներքուստ հպարտացած, որ, ա՛յ, ինքը եւս առնչություն ունի այնպիսի անձնավորության հետ, ինչպիսին է Համո Համբարձումովիչը - Մազութի Համոն: «Ո՞ւրա»,- շողոքորթ ժպտալով՝ հարցրեց Կինտաուրի Սիմոնը վարսավիր Վասիլին, կարծելով, որ դուրսը, դռան մոտ, երեւի, կանգնած սպասում է իրեն Մազութի Համոն: «Ա՛յ», - պատասխանեց, մեջքը թեքելով կռնակը դեպի Կլուբի Մեյմունը դարձնելով, վարսավիր Վասիլը. ու ցուցամատը տարավ, ցույց տվեց... իր այն տեղը, որի վրա ծննդյան օրից նստում էր նա: Հասկացավ Կլուբի Մեյմունը, գլխի ընկավ նա, որ «ձեռ է առել» իրեն վարսավիր Վասիլը. - «Թո՛ւ, մարդ, նամուսիդ«,-թքեց Կինտաուրի Սիմոնը վարսավիրի հետեւից. բայց նա, խռպոտ հռհռալով, ցատկել էր արդեն դուրս: Վարսավիր Վասիլը արդեն չկար:

Բայց ես մոռացա ասեմ, որ Մազութի Համոյի նույն այդ հայտարարությունների կողքին, նույն այդ օրը, փակցրած կային եւս ուրիշ հայտարարություններ, որոնց ճակատին տպված էր թեեւ «Լույս» Նավթարդյունաբերական Ընկերության կողմից» ծանուցումը, սակայն նրանց ներքեւում եւս տպված էր նորից նրա, անխուսափելիորեն նրա - Մազութի Համոյի ստորագրությունը: Նրանցում, այդ մյուս հայտարարություններում, ծանուցվում էր ի լուր հանրության, որ -«Ապրանքատեղափոխության պայմանների դժվարանալու պատճառով՝ «Լույսի» վարչությունը պատիվ ունի հայտնելու արգո հասարակությանը, որ սույն թվից սկսյալ նավթը վաճառվելու է փութը մի ռուբլի հինգ կոպեկով»-այսինքն՝ նախկին գնից փթին 15 կոպեկ ավելով: Չնայած Համազասպ Աստվածատրյանի առաջին հայտարարության առանձին խորհրդավորությանը եւ անհասկանալի ոճին՝ Մազութի Համոյի այս երկրորդ հայտարարությունն ավելի հուզեց քաղաքացիների միտքը, քան առաջինը: Մանավանդ որ չար լեզուներն սկսեցին խոսել,- այս լեզուների շարքում իր առանձնահատուկ տեղն ուներ պ. Մարուքեի լեզուն,-որ նավթի գինը բարձրացնելու խնդրում մատ չունի «Կենտրոնը», այսինքն՝ «Լույսի» կենտրոնական՝ Բաքվի վարչությունը, այլ որ այդ հետեւանք է իրա -Մազութի Համոյի սեփական ձեռներեցության, մի բարեմասնություն, որով այնքան հարուստ էր Մազութի Համոն եւ որի շնորհիվ նա քանիցս արժանացել էր կենտրոնական վարչության առանձին ուշադրությանը, հատուկ հարգանքին: Չգիտենք, որքան հիմք ունեին այդ զրույցները, բայց մենք, աչքի առաջ ունենալով ռուսական հայտնի առածը, տրամադիր ենք կարծելու, որ այդ «ծուխը» եւս պիտի նախապայման ունենար եթե ոչ իսկական մի «կրակ», գոնե կրականման մի բան: Սիրելի ընթերցո՛ղ, քո աչքից թող չխուսափե իմ այս միանգամայն «նուրբ», միանգամայն զգուշավոր վերաբերմունքը դեպի Մազութի Համոյի անձնականին ուղղված զանազան «ասեկոսեները». ո՞ր, ո՞ր, ասացեք խնդրեմ, քիչ թե շատ համարում ունեցող հեղինակը կարող է ցանկանալ, որ իրեն մեղադրեն բամբասանքի մեջ դեպի իր հերոսը -նո՛ւ, եթե ոչ «հերոսը», գոնե իր վեպի նշանավոր, այո՛, կենտրոնական անձնավորություններից մեկը: Իսկ ինձ համար, մանավանդ, ոչ միայն որպես հեղինակի, այլ որպես մարդու -ուրեմն կրկնակի կերպով անհաճելի պիտի լիներ նման մեղադրանքը, որովհետեւ, զգում եմ, որ եթե ես թույլ տայի ինձ գոնե մի, թեկուզ ամենաչնչին, անբարեխղճություն գրությանս առարկա անձնավորության հասցեին -ապա հետեւեին, խղճի խայթի նման հսկեին պիտի անքուն գիշերներս Մազութի Համոյի կայծկլտող աչքերը՝ ուտեին պիտի սիրտս: Պիտի նայեին նրանք, հսկեին պիտի խղճմտանքս -կախաղանի բարձունքից պարզեին պիտի դեպի խիղճս Մազութի Համոյի տառապյալ աչքերը -նախատինքի, այո, մորմոքի ասեղներ...

Կիրակի, ինչպես գրված էր հայտարարության մեջ՝ ցերեկվա ժամը 12-ին արդեն կանգնած էր Մազութի Համոն ակումբի դահլիճի դեռ չբարձրացրած վարագույրի հետեւը եւ պատրաստվում էր սկսելու: Նայում էր վարագույրի արանքից դահլիճում հավաքված հասարակությանը սրտմտում էր կարծես. կողքին կանգնած էր ընկ. Վառոդյանը եւ նույնպես ցույց էր տալիս դժգոհության նշաններ: Բանն այն էր, որ այնքան էլ, կարծես, դահլիճը լիքը չէր: Առաջին շարքում, կողք կողքի, նստած էին՝ Գեներալ Ալոշը, Օսեփ Նարիմանովը, բժիշկը: Արամ Անտոնիչը երկրորդ կարգի առաջին նստարանն էր ընտրել եւ քիթը վեր տնկած, հոտոտում էր օդը. փնտրում էր օդի ալիքներում ինչ-որ ծանոթ մի բան, բայց, կարծես, չէր գտնում: Նրանից երկու նստարան այն կողմը նստել էր կոշկակար Սիմոնը -Կլուբի Մեյմունը: Վարսավիր Վասիլը նրա հետեւում դրված նստարանն էր ընտրել եւ, նայելով կոշկակարի ծոծրակին, շոյում էր մորուքը: Բացի այս հարգելի նաիրցիներից, եթե Հաջի Մանուկոֆին, ռեալականի օրիորդաց գիմնազի մի քանի ուսուցիչ-ուսուցչուհիներին, ծխականի վարժապետ-վարժուհիներին, տեր Հուսիկ քահանա-Խաչագողին եւ պ. Աբոմարշին էլ թվենք -սրանով համարյա թե սպառած կլինենք չափահաս քաղաքացիների կոնտինգենտը, եթե, իհարկե, այդպիսիների շարքին չդասենք մի քանի ուսանող-ուսանողուհիներին մի շարք աշակերտներին (մեծ մասը Գեւորգյան ճեմարանից), որոնք կարծես թե իրենք էլ զգալով իրենց անչափահաս լինելը՝ շարվել էին պատերի երկայնքին եւ բռնել էին մուտքը՝ չնայած որ դահլիճում դեռ, բավականին թվով, մնացել էին դատարկ նստարաններ:

Տասներկուսից տասը անց Մազութի Համոն անհանգստացավ. նայեց ժամացույցին, նայեց ընկ. Վառոդյանին. «Հարկավոր է սկսել»,-ասաց ընկ. Վառոդյանին Մազութի Համոն: Ընկեր Վառոդյանը դուրս եկավ մի վայրկյան, ծառային կարգադրեց - եւ ահա, երբ կրկին վերադարձավ հայտնեց Համո Համբարձումովիչին, որ իսկույն կսկսեն -դրսից, ակումբի դռնից, լսվեց զանգի ձայնը, որից հետո դահլիճ մտնել սկսեցին մի քանի նոր անձնավորություններ, մի երկու ուսանող, մի երկու եկվոր սպաներ. վերջին մտնողը պ. Մարուքեն էր, հետեւից՝ Կարո Դարայանը, որ տեղավորվեցին վերջին շարքի նստարաններին. ապա դուռը փակվեց, վարագույրը բարձրացավ...

Եվ ահա այստեղ էր, որ հանդիսականների աչքին ներկայացավ մի բավականին տարօրինակ, անսպասելի տեսարան. բեմի աջ անկյունում դրված էր ամբիոնանման մի հարմարություն, որի կողքին կանգնած էր Մազութի Համոն, իսկ բեմի կենտրոնում, նույն ճակատագրական կանաչ սեղանի առաջ (ուրիշ սեղան երեւի չէր ճարվել ակումբում) նախագահական աթոռի վրա նստած էր, որպես նախագահ -երեւակայո՞ւմ եք -ընկ. Վառոդյանը... Վա՛տ, վա՛տ հոտ էր փչում, ինչպես հետագայում ասում էր պ. Մարուքեն, նաիրյան այդ ժողովից -ասում էր, ինչպես ասացինք, հետագայում, երբ արդեն պատմության գիրկն էր անցել այդ ժողովը արդեն եւ ակնբախ էին դարձել նույնիսկ Մեռելի Ենոքի աչքին, նրա աղետավոր հետեւանքները... Բայց ա՛յն, ա՛յն ժամանակ ո՞նց հասկանար այդ «վատ հոտը» -չասենք Մեռելի Ենոքը, որն ընդհանրապես քիչ բան էր հասկանում, այլ, ասենք, հենց մանրավաճառ Կոլոպոտյանը, որ իսկի չէր էլ եկել ժողովի կամ նաիրցի արհեստավորը, որ չէր էլ լսել այդ ժողովի մասին եւ եթե լսեր էլ -քիչ բան պիտի հասկանար: Ո՞նց, ո՞նց իմանար նեխած ձկան նման վագոնները լցված նաիրցի տրեխավորը, ո՞նց հասկանար այդ «վատ հոտը» նա, որ առաջին անգամն էր, ելած իր մութը խուղից, երկաթագիծ տեսնում նրա անհայտ հեռուներից սարսափահար՝ լալիս էր պառավանման երգում էր, պառավաձայն, վայրենի իր «Տանըմը»-փակ, անդուռ վշտի հանճարեղ այդ ոռնոցը, որ պատիվ կարող էր բերել ամեն մի, ձմռան կեսգիշերին դունչը լուսնին տնկած, սարսափահար գայլի...

Տասներկուսից տասնհինգ անց այդ ժողովը բացվեց:

«Ըհը՛, ըհը՛«,-երկու մատը շրթունքներին տանելով, չոր հազաց ընկ. Վառոդյանը. ասաց բացման խոսքը՝ կարճ ազդու: «Տիկիններ եւ պարոններ»,- սկսեց իր խոսքը ընկ. Վառոդյանը, թեկուզ, կարծեմ, ոչ մի տիկին չկար դահլիճում, եթե, իհարկե, չհաշվենք ծխականի վարժուհի օր. Սաթոյին, որին փոխաբերական մտքով միայն, թերեւս, կարելի էր «տիկին» անվանել, այն էլ եթե նման մի անքաղաքավարություն թույլատրելի լիներ նաիրյան ժողովներում: Ընկ. Վառոդյանը իր բացման խոսքում, մոտավորապես, ասաց, որ «մեծ օրեր» են եկել, նշանակալից օրեր ամեն մեկի համար, բոլոր ժողովուրդների համար եւ, մասնավորապես, նաիրյան ժողովրդի համար: Նա հայտնեց, որ պ. Համազասպը կզեկուցե այդ նշանակալից օրերի ամբողջ կարեւորության մասին եւ համոզված է, որ արգո հասարակությունը միանգամայն հասուն, աչալուրջ վերաբերմունք կցուցահանե դեպի դրված խնդիրները: «Խոսքը, զեկուցման համար, տրվում է պ. Համազասպին»,-ասաց ընկ. Վառոդյանը եւ նստեց: Եվ մինչ կմոտենար ամբիոնին պ. Համազասպը, մինչ կխմեր ջուրը -դահլիճում, Գեներալ Ալոշի առաջնորդությամբ, ներկաներն հազալ սկսեցին եւ կոկորդները մաքրել, կարծես իրենք պիտի, բոլորը մեկ, ատենախոսեին: Բայց շուտով տիրեց լիակատար լռություն, Համո Համբարձումովիչը -Մազութի Համոն, վերջապես, սկսեց...

Ես չեմ կարող, իհարկե, արագագրական ճշտությամբ վերարտադրել այստեղ Մազութի Համոյի այդ պատմական, այդ նշանավոր ճառը: Բայց ձեւականը, այսինքն՝ նրա շարժումների, ձայնի, առոգանության այլ նրբությանց նկարագրությունը մի կողմ թողնելով, որովհետեւ, սիրելի ընթերցող, դա վեր է իմ ուժերից,-ես կաշխատեմ պատմել, ամենայն ճշտությամբ, նրա այդ պատմական ճառի բովանդակությունը կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ կորիզը,- եւ թող ներե ինձ Համո Համբարձումովիչի տառապյալ ստվերը, եթե ես, ինձնից անկախ պատճառներով, թույլ տամ թեկուզ ամենաաննշան, մազաչափ անճշտություններ:

«Խաչատուր Աբովյանը, «Վերք Հայաստանի, ողբ հայրենասիրի» իր հայտնի վեպում պատմում է, թե ինչպես Լիդիացվոց Կրեսոս թագավորի համր լեզուն բացվում է մայրենի լեզվի հրաշալի հրաշքով»:-Այսպես մանվածապատ, այսպես բանաստեղծական սկսեց իր այդ նշանավոր ճառը Մազութի Համոն: Իմաստն այն է, պարզաբանեց նա հետո, որ հայրենազուրկ մարդու գոյությունը մի վերք է, մի յարա, իսկ մայրենի լեզուն -հրաշարար բալզամ: Դուք գիտեք, թե ինչպիսի՜ մեծ սիրով, ինչպիսի մեծ ոգեւորությամբ քնարերգել են բոլոր մեծ բանաստեղծները, ինչպես մեր Ալիշանը եւ Գամառ Քաթիպան,-շարունակեց հետո Մազութի Համոն,-իրենց հայրենի երկիրը, իրենց հայրենի աշխարհը -իրենց հայրենիքը: Ինչո՞ւ,- հարցը, շեշտակի, դրեց Մազութի Համոն,-որովհետեւ, ինչպես հայտնի է բոլորին եւ ինչպես համոզված է ինքը -այդ երկու գաղափարը, այդ երկու հասկացողություններն են -մայրենի լեզու եւ հայրենի երկիր- որ, հարմոնիկ կերպով շաղկապվելով իրար, ստեղծում են այն մեծ, այն, ամեն մի ժողովրդի զարգացման պսակը կազմող, հոյակապ շենքը, որ կոչվում է ազգություն: Հայրենի երկիր մայրենի լեզու. ահա՛ այն երկու հզորագույն ազդակները, որ շաղկապելով իրար, ամեն մի զարգացած ժողովրդից, ամեն մի ցաք ու ցրիվ ցեղից կազմում են անքակտելի մի միավոր,-կազմում են, ինչպես ասաց, կենդանի մի օրգանիզմ- մի ամբողջական ազգություն: Բայց հարց տանք, հարց տանք մեզ ամենից առաջ, թե ի՞նչ է կոնկրետ կերպով իրենից ներկայացնում ազգություն միավորը կազմող իր առաջադրած անդամներից առաջինը-հայրենի երկիրը: Եվ, իհարկե, ոչ ոքի համար նորություն չի լինի, եթե նա ասի, որ դա այն հողն է, որի վրա ապրել են տվյալ ժողովրդի նախորդները, այն հողն ու ջուրն են, որով սնվել են, դարերի ընթացքում կյանք են ստացել տվյալ ժողովրդի պապերը, պապերի պապերը, նրանց էլ պապերն ու պապերի պապերը: Ինքը նրա համար է այնքան անգամ կրկնում «պապերը«, որովհետեւ ցանկություն ունի արգո հասարակության առանձնակի ուշադրությունը հրավիրել այն, ավելի քան կարեւոր եւ տվյալ դեպքում հիմնական հանգամանքի վրա, որ «հայրենիք» գաղափարը կապված է ո՛չ միայն այն հողի, այն երկրամասի հետ, որի վրա ապրում է հիմա տվյալ ժողովուրդը. օ, ոչ, իհարկե ոչ, հարգելի հանդիսականներ: Այստեղ ինքը՝ Մազութի Համոն, հարկադրված է կիրառել ազգային հարցի շուրջը գոյություն ունեցող գիտական գրականության այն հիմնական տեսակետը, որ կոչվում է «պատմական տեսակետ»: Բանն այն է, այն է, հարգելի հանդիսականներ, որ հայրենիք կոչվածը մի օրում չի շինվում, մի օրում չի՛ կազմակերպվում, հայրենիքը կազմվում է դարերի ընթացքում եւ ժառանգություն է մնում դարերի ժառանգներին: Եթե օրինակով խոսելու լիներ, մի՞թե միայն սա՞, միթե միայն փոքրիկ այդ քաղա՞քն է իրենց հայրենիքը... Ծիծաղելի կլիներ, եթե այդպես մտածեին: Օ, նա գիտե, Մազութի Համոն համոզված է միանգամայն, որ ո՛չ ոք արգո հանդիսականներից այդպես չի մտածում: Բայց ինչո՛վ, ինչո՛վ պիտի հաստատեն իրենք, որ այսինչ կամ այնինչ երկրամասը, որի վրա ապրում են այսօր բոլորովին տարբեր, օտար ցեղեր- ինչի՞ հիման վրա կարելի է պնդել, որ այդ երկրամասը եւս կազմում է այսինչ ժողովրդի հայրենիքը, նրա օրինական սեփականությունը: Ոչ այլ ինչով, եթե ոչ կենդանի պատմությամբ, այսինքն՝ գոյություն ունեցող այն պատմական հետքերով, որ թողել է տվյալ ժողովուրդը տվյալ երկրամասերում. ահա՛ թե ինչ, ահա՛ թե որտեղ է հարցի կենտրոնը, հարգելի հանդիսականներ: Ուրեմն, պարզ ասած, հայրենիք գաղափարի հիմքն է կազմում տվյալ ժողովրդի կուլտուրան, կուլտուրական անցյալը- ահա ամենաէականը:-

«Ուրեմն, հիմնական այս տեսակետը պարզաբանելուց հետո, պարզ պիտի լինի ամեն մեկի համար, որ այսինչ ցեղը կամ ժողովուրդը, որ, դեպքերի բերումով դարեր շարունակ տիրել է տվյալ երկրամասին իր ապրած վայրում ոչ մի հետք, ոչ մի կուլտուրական արձան չթողնելուց բացի՝ քանդել է այդ միեւնույն տեղում ապրած ու վաստակած ժողովրդի հնագույն հետքերը,-պարզ է, հարգելի հանդիսականներ, որ նման մի ցեղ ո՛չ մի իրավունք չունի խոսելու իր այդ ժամանակավոր ապաստանի մասին, որպես «հայրենիքի»: Երկա՜ր-երկա՜ր խոսեց այս ուղղությամբ Մազութի Համոն, բերեց կոնկրետ օրինակներ, ինչպես «մենք եւ ոսոխը», ապա անցավ իր առաջադրած «երկու հիմնական հասկացողություններից» երկրորդին- մայրենի լեզվին: Ինչպես հոգին է՝ մարմնի մեջ, ինչպես հոգին է շնչավորում չոր մարմինը եւ կենդանի կապակցություն ստեղծում մարմնի բոլոր մասերի, բոլոր անդամների, բոլոր բջիջների մեջ -այնպես էլ լեզուն, մայրենի լեզուն, այն հոգին, այն, ավելի լավ է ասել՝ ցեմենտն է, որ միացնում է տվյալ ժողովրդին իր, դարերից ժառանգություն մնացած, հայրենիքում, կապում է այդ ժողովրդի անհատներին իրար, կերտում է նրանցից այն անքակտելի միավորը, որ կոչվում է «ազգություն»: Ահա՛ թե ի՛նչպես է լուծում լեզվի եւ հայրենիքի, այսինքն՝ մի խոսքով ասած՝ ազգության պրոբլեմը ժամանակակից գիտությունը, հարգելի հանդիսականներ: Ուրեմն, պարզ ասած, «հայրենիքը» տվյալ ազգության մարմինն է, իսկ «լեզուն»- հոգին: Ուրեմն, հարգելի հանդիսականներ, եթե մենք հարցը կոնկրետացնենք եւ կիրառել ուզենանք մեր հայրենի իրականությանը, պիտի ասենք.-ահա՛ մեր հոգին, ահա՛ մեր մարմինը: Վաղո՜ւց, վաղո՜ւց է արդեն, որ բաժանված է մեր հոգին մեր մարմնից, բայց, հարգելի հանդիսականներ, քանի դեռ կենդանի է հոգին- կենդանի է մարմինը: Ինչքան էլ «լեզուն» եւ «հայրենիքը» անքակտելի օղակներ կազմեն «ազգություն» կոչված կենդանի միավորի, բայց պատմության մեջ շատ անգամ պատահել են դեպքեր, երբ որեւէ ազգություն, դեպքերի դժբախտ բերումով զրկվելով մեկից, կառչել է մյուսին, այդպիսով հնարավորություն է ունեցել չձուլվել օտարներին, պահել իր ազգային դեմքը, ինչպես մենք, արգո հանդիսականներ, ինչպես նաիրցիներս: Եվ այսօր, բայց ավելի լավ է ասել՝ մինչ օրս, որովհետեւ նո՜ր, նո՜ր պայծառ հեռանկարներ են բացվում այսօրվանից մեր առաջ, հարգելի հանդիսականներ,-ի՞նչ, ի՞նչ էինք մենք մեզանից ներկայացնում, որպես ազգություն. ես կասեի՝ հոգի առանց մարմնի. հոգեւոր ազգություն: Որովհետեւ, այո, մայրենի լեզո՛ւն էր միայն, որ դեռ պահում էր մեզ, պաշտպանում էր ձուլման վտանգից - եւ նրա՛, նրա շնորհիվ էր միայն, որ մենք, ուրիշ շատ եւ շատ ազգերի, ինչպես, օրինակ, Ասորեստանի եւ Բաբելոնի նման կորստյան չմատնվեցինք... Ո՞րն էր, ո՞րն էր Նաիրին մինչ օրս, հարգելի հանդիսականներ. ո՞րն էր, այո,-կենդանի Նաիրին:-Նաիրին ե՛ս էի, հարգելի հանդիսականներ, Նաիրին դո՛ւք էիք եւ բոլոր նրանք, որոնք մեզ նման խոսում էին նաիրյան քաղցր լեզվով, որի մասին այնպիսի հրաշքներ է պատմում Խաչատուր Աբովյանը... Ես հիմա խոսում եմ,- հիշում եմ, ձայնը բարձրացնելով, մարգարեական հուզմամբ բացականչեց, ոգեւորված, Մազութի Համոն.-ես խոսում եմ հիմա Հոգեւո՛ր Նաիրիի մասին, հարգելի հանդիսականներ,- այս իմաստով ես կարող եմ ասել, որ Նաիրին այնտեղ է, որտեղ կա գոնե մի նաիրցի: Առաջին՝ մարմնավորի հայրենիքի իմաստով՝ Նաիրին այնտեղ է, որտեղ ապրել են մեր պապերը, մեր պապերի պապերը եւ նրանց էլ պապերի պապերը, հարգելի հանդիսականներ,-այնտեղ է, ասենք -Վանում, Բիթլիսում, Դիարբեքիրում. այնտեղ է -Կիլիկիայում, Դերսիմում, Գարահիսարում. իսկ երկրորդ՝ լեզվի, հոգեւորի իմաստով -Նաիրին, կրկնում եմ, այնտեղ է, որտեղ կա, որտեղ ապրում է այսօր գոնե մի նաիրցի: Իսկ որտե՞ղ, որտե՞ղ, ասացեք խնդրեմ, չկա, չի ապրում հիմա մեր եղբայր նաիրցին... Որտե՞ղ, աշխարհի ո՞ր, թեկուզ ամենահեռավոր անկյունում, չկա, ոտք չի դրել հայրենազուրկ նաիրցին...Տարել է, տարել է իր հալածված ստվերը, տարել է աշխարհից աշխարհ թափառական նաիրցին: Ելել է նա, նաիրցին -հինգ դար առաջ ելել է հայրենի աշխարհից ու թողել է հնամյա իր անունը աշխարհի բոլոր կողմերի վրա թափառական նաիրցին: Եվ այսօր ահա արդեն հնչում է ժամը, հարգելի հանդիսականներ. ժամանակ է արդեն, որ գա, ետ դառնա նորից հնամյա իր երկիրը աստանդական նաիրցին: Եվ արդեն -արդեն՝ աշխարհի հեռու, ամենախուլ անկյուններից պարզում է իր ձեռքը դեպի իր հայրենիքը, պարզում է դեպի հայրենի Նաիրին -աստանդական զավակը. մարմինը կորցրած ուրվականի նման՝ մարմնանալ է ուզում հազարամյա Նաիրին... Բայց ինչպե՞ս, ինչպե՞ս, ինչպե՞ս մարմնանա...«-Այստեղից էր ահա, որ անցավ Մազութի Համոն «ներկա մոմենտին»:

Պետք է, սակայն, նկատել, որ Մազութի Համոյի այդ պատմական բանախոսության առաջին, տեսական մասը բավականին քիչ, համարյա աննկատելի ուշադրության արժանացավ հանդիսականների կողմից: Հանդիսականները, ճիշտ է, չէին աղմկում, չէին էլ հազում կամ անհանգստանում տեղերում, այլ այնպես, կարծես թե չկային, կարծես թե, ինչ-որ մի անխուսափելի պարտականություն կատարած լինելու համար՝ ականջները դեմ էին տվել սատանի ջրաղացի. ոչ ջուր էր լցվում ականջները, ոչ մտքի հատիկ: Բանախոսության երկրորդ մասը, սակայն, բավականին հետաքրքրեց եւ նույնիսկ այն աստիճանի հուզեց հանդիսականներին, որ մինչեւ անգամ Կինտաուրի Սիմոնը -Կլուբի Մեյմունը, ձայն առավ եւ... համարյա թե խոսեց:

«Դուք գիտեք,-ասաց Մազութի Համոն՝ հարցի գործնականին անցնելով,-որ, երկրորդ շաբաթն է արդեն, ինչ պատերազմ է հայտարարված մեր դարավոր թշնամուն- ոսոխին: Մեր հաղթապանծ զորքերն արդեն մտել են թշնամու սահմանները,-մո՜տ է, մո՜տ է արդեն փառավոր այն օրը, երբ մեր փառավոր զորքերը Էրզրում կմտնեն: Ծանրության կենտրոնը հիմա նրանումն է, որ մենք, նաիրցիներս, հարկ եղած լրջությամբ գիտակցենք, հասկանանք լիովին այն խոշոր նշանակությունը, որ ունեն այդ անցքերը եւ կարող են ունենալ մեր հարցի համար: Բավական է գիտակցել այս հանգամանքը միայն, որպեսզի հասկանանք, որ չի կարելի այսօր, այո՛, չի կարելի ձեռքերը ծալած նստել. հարկավոր է ցույց տալ մեզ բոլորիս համար նվիրական գործին ամենայն աջակցություն, լիակատար աջակցություն: Թե՛ բարոյական եւ թե՛, մանավանդ, նյութական: Դուք գիտե՞ք,-ձայնը բարձրացնելով եւ խորին հուզմունքով բացականչեց հանկարծ Մազութի Համոն,-որ ես հայտնեմ պիտի հիմա մի ուրախալի, մի, բացառիկ նշանակություն ունեցող, խոշոր նորություն.-թագավոր կայսեր ստորագրությամբ գրություն է ստացվել փոխարքայի հասցեով, որով թույլատրվում է մեզ կամավորական բանակներ կազմակերպել -ուրիշ խոսքով ասած՝ մեր սեփական, այո՛-նաիրյան զորքն ունենալ՝ մեր հին հայրենիքի գրավված վայրերը պաշտպանելու համար...»:

Դեռ չէր վերջացրել իր այս նախադասությունը Մազութի Համոն, երբ, կարծեմ բժիշկ Սերգե Կասպարիչի նշանով, դահլիճում ծայր առավ մի կատաղի ծափահարություն: Հանդիսականներից շատերը, ինչպես Կինտաուրի Սիմոնը եւ վարսավիր Վասիլը, ոգեւորության այն աստիճանին հասան, որ սկսեցին ոտքերը գետնին խփել բացականչություններ անել: Բայց հնչեց նախագահի,-չոր, հատու,-հնչեց ընկ. Վառոդյանի զանգը նախագահական տեղից. դահլիճում տիրեց լռություն: Բաժակից ջուր խմեց, առիթից օգտվելով, Մազութի Համոն եւ շարունակեց.-«Սա նշանակում է, որ կայուն, իրական հողի վրա է դրվում այսօրվանից մեր հարցը- մեզ մնում է գրկաբաց առաջ գնալ ստեղծված հնարավորություններին՝ աճապարել կազմակերպված դիմավորել մեր տառապյալ հայրենիքի վերջնական ազատագրմանը»:-Այստեղ նորից, չնայած մի վայրկյան առաջ էր խմել -բաժակից ջուր խմեց Մազութի Համոն -«բայց դեռ ես չեմ հայտնել, հարգելի հանդիսականներ, ամենաէականը»,-ասաց Մազութի Համոն խորհրդավոր ձայնով. երեւում էր, որ ուզում էր հայտնել չափազանց կարեւոր, նշանակալից մի նորություն, բայց դժվարանում էր ձեւավորել: «Ես պիտի հայտնեմ ձեզ, հարգելի հանդիսականներ,-ասաց, շրթունքները սրբելով, նա վերջապես,-որ նույն այդ բարձրագույն գրությամբ-ամենահավաստի աղբյուրից մենք տեղեկություն ենք ստացել- բավականին, այո՛, բավականին որոշ խոստումներ են տրվում մեզ ապագայի նկատմամբ- եւ մենք ամենայն վճռականությամբ կարող ենք ասել, որ բացի ընդհանուր բարյացակամ վերաբերմունքից դեպի մեր «Հարցը»- մենք արդեն ունենք իրական, ապա ուրեմն պաշտոնական երաշխիքներ ամենաբարձր ինստանցիաներից գրավոր տրված...»:

Այստեղ նորի՛ց, նորից դղրդաց դահլիճը հախուռն ծափահարություններից, ապա անցնելով բանախոսության վերջաբանին, դեպի հասարակությունն եկավ, ամբիոնի մոտից հեռանալով, Մազութի Համոն եւ ասաց, մոտավորապես, հետեւյալը. «Մեծ, վճռական, պատմական օրեր ենք ապրում, հարգելի հանդիսականներ,- հարկավոր է, որ մենք, պարզ ու որոշ կերպով, ցուցահանենք մեր կազմակերպված վերաբերմունքը դեպի կատարվող անցքերը: Պետք է գիտենանք օգտվել առիթից -շեշտեց, խրատական շեշտով, Մազութի Համոն: Հարկավոր է գործով, այո՛, ոչ թե խոսքով, օգնության գալ այսօր հայրենիքի ազատագրման նվիրական գործին, պարզ ասած՝ պետք է ժողովըրդական ամենալայն խավերի սեփականություն դարձնենք կամավորության գաղափարը: Թող գրվի՛, ով որ կարող է, ով որ ընդունակ է զենք վերցնելու -թող գրվի՛ նա կամավոր,- այն ժամանակ գալիք սերունդների առաջ մենք, հպարտությամբ, այո՛, իրավունք կունենանք ասելու, որ արինք, ինչ որ պահանջվում էր մեզանից պատմական այս ծանր վայրկյանին,-կատարեցինք, այո, որդիական մեր պարտքը դեպի մեր թանկագին հայրենիքը, դեպի, ես հավատում եմ, այո, օ՜, ես չեմ կասկածում -վերածնվող Նաիրին...»:

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Երկիր Նաիրի"

Ятук Музыка
Kруговой
Давид Баласанян

Kруговой

Гора Сипан с острова Ктуц
Гора Сипан с острова Ктуц
Играть онлайн