Ваан Тотовенц

Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա

7
ԺԳ

Մի ամառ, հանկարծ, մեր քաղաքում հայտնվեց մի մարդ մերկ սրունքներով, բոբիկ, գլխաբաց, աղվեսի մի մորթի հագին, որ մինչև ծնկները չէր հասնում, ձեռքին երկար, իր հասակից բարձր մի գավազան, երկաթե բարակ շղթայով թևից կախ արած մի քաշքուր, մորթը թուխ, ինչպես արաբ կամ հնդիկ, ցանցառ, բայց սիրուն, սրածայր միրուքով, ճակատին խալ, կարմիր և կրքոտ շրթունքներով։ Այս մարդը չէր խոսում, միայն ման էր գալիս և թող հավաքում իր քաշքուրով։ Շուտով լուր տարածվեց, որ աստծու հրամանով յոթ տարուց հետո այս մարդու լեզուն պիտի բացվի, և աստվածը վերջին պատգամը պիտի տա մարդկության՝ նրա բերանով։

Եթե չէր կարող խոսել, ո՞վ, որտեղի՞ց, ինչպե՞ս իմացվեց այս մարդու համրության միստերիան՝ ոչ ոք չհարցուփորձեց։

Եվ այս մարդը, որ կարծվում էր, թե եկած կլիներ հարավի երկրներից, դարձավ ընդհանուրի հարգանքի առարկա։ Նրա հարգանքն ավելի և ավելի մեծացավ, երբ տեսան, որ շահամոլ չէ, ինչ որ չէր տեղավորվում իր փոքրիկ քաշքուրի մեջ, չէր վերցնում, թեկուզ դա լիներ շատ թանկագին իր։ Այսպես, մարդիկ ստիպված էին միայն փող տալ՝ մինչև անգամ ոսկի փող։

Գիշերն երբ նա քնում էր թրքական գերեզմանոցում, մի փոքրիկ վրանի տակ, աղոտ մի լույս պլպլացնելով։ Ասում էին, որ գիշերներն աղոթում է և երբեք չի քնում։ Ցերեկը ման էր գալիս, գիշերը չէր քնում, իսկ ո՞վ էր հարց տալիս իրեն, թե ապա ինչպե՞ս է ապրում։

Յոթ տարի չպիտի խոսեր, յոթ տարի չպիտի քներ, յոթ տարի պիտի աղոթեր միայն յոթ տարուց հետո մարդկությունը պիտի լսեր աստծո նոր խոսքը։

Ամեն օր նա բարձրանում էր քաղաքի մարմարյա մզկիթի մինարեն, ամբողջ մի ժամ աչքերը հառում էր երկնքին, ձեռքերը կրծքի վրա ծալած և գավազանը գրկած։ Ներքևում մեծ

բազմություն էր հավաքվում և դիտում։ Ծայր էր առնում առասպելների մի շարան՝ աստծո հետ է խոսում, հենց աստված կողքին կանգնած է, բայց մեղավոր մարդկությունը չի կարող տեսնել։

Շատերր մինչև անգամ ասում էին, որ այն. ինչ երևում է, դա նրա լոկ պատկերն է, ինքը թռել է աստծու մոտ և շուտով կվերադառնա։

Բայց քաղաքում գտնվող մի քանի ժուլիկներ չթողին, որ յոթ տարուց հետո մարդկությունն արժանանա աստծո նոր պատգամին, և մի գիշեր, գուշակելով, որ այս մարդու աղվեսի մորթու տակին բավականին խոշոր գումար հավաքված կլինի, հարձակվեցին վրան ու կողոպտեցին։

Գողերը չբռնվեցին, բայց նրանց պատմությունը տարածվեց քաղաքում։

Եվ այդ պատմությունից պարզվեց մի բան, ամենաէականը, պարզվեց, որ աստծո հրամանով համրացած մարդը սարսափելի կերպով հայհոյելիս է եղել իր վրա հարձակվող գողերին և ոգի ի բռին աշխատելիս է եղել աստծո նվիրված այս մարդը չհանձնել փողը։ Այն բազմաթիվ մանր փողերը, որ նա հավաքելիս է եղել, վերածել է ոսկու։ Գողերը ոչ մի մանր փող նրա մոտ չէին գտել։

Կողոպտվելու հաջորդ օրն իսկ այդ մարդը չերևաց մեր քաղաքում։ Այն գնալն էր։ Ո՞ւր գնաց, ի՞նչ եղավ՝ ոչ ոք չիմացավ։

***

Սրա կապակցությամբ ես կպատմեմ մի այլ դեպք մի այլ դեմքի մասին։

Ամերիկայից մեր քաղաքն ընկավ մի բնիկ ամերիկացի՝ մր․ Ջեյկըբ անունով։

Այս մր․ Ջեյկըբը մի բողոքական միսիոնար էր, որ սուրբ հոգի էր բաժանում։

Ոչ ավել, ոչ պակաս՝ սուրբ հոգի էր բաժանում։

Ինչպե՞ս էր անում։

Հավաքում էր բողոքական հասարակությունը ժողովարանում,

անգլերենով քարոզ էր կարդում (մեկը թարգմանում էր), քարոզից հետո, աչքերը փակ, աղոթում էր, ձեռքերը տարածած օդում, աղոթքից հետո՝ մի քանի րոպե խստագույն լռույուն էր ազդարարում և ի վերջո հայտարարում․

Ով որ սուրբ հոգին ստացավ՝ թող ոտի կանգնի։

Սկզբները քիչ թվով, բայց հետագայում բազմություններ էին ոտի կանգնում։

Ո՛չ ոք չէր կարող բացատրել, թե ինչ էին զգում, երբ «սուրբ հոգի» էին ստանում, բայց կանգնում էին, կանգնում էին մասսայաբար։

Սուրբ հոգի առնողներն ինչ որ փող ունեին գրպանները դատարկում էին մր․ Ջեյկըբի գանձարանը։ Այդ գանձարանն ստեղծված էր, որպեսզի հնարավորություն տրվեր մր․ Ջեյկըբին սուրբ հոգին տարտղնելու ամեն տեղ։

Գտնվեցին մի քանի բողոքականներ, որոնք աշխատեցին դադարեցնել այդ խաղը, բայց աջակցություն չգտան և վերջ ի վերջո իրենք էլ գնացին ու ստացան սուրբ հոգին։

Ամբողջ մի ամիս ողջ քաղաքը միայն սուրբ հոգու մասին էր խոսում։ Կային բողոքական կլասիկ կեղծավորներ, որոնք դադարեցին սուրբ հոգի չառնողների հետ հարաբերություն անելուց։ Սուրբ հոգի չառնողներին չէին բարևում։

Ծայր առան ամուսնալուծումներ, ընտանեկան ամեն կարգի անհամություններ, բաժանումներ, (ծնողները սուրբ հոգին առնում էին, հանկարծ որդիներն ու աղջիկները դիմադրում էին առնել, որդիներն ու աղջիկները առնում էին, ծնողները չէին առնում, եղբայրներն առնում էին, քույրերը չէին առնում, ամուսինն առնում էր, կինը չէր առնում, կամ ընդհակառակը)։

Վաղը կերթաս ու կառնես, հընկ֊մընկ չընես, պատվիրում էր սուրբ հոգի առած ամուսինը։

Սկսվում էր վեճը, և սուրբ հոգի առնող ամուսինը կամ եղբայրը, հանուն սուրբ հոգու, քաշում էր փայտը կամ ոտնամանի մեկը և սկսում էր ծեծել սուրբ հոգուն դիմադրող կնոջը կամ քրոջը։

Նրանք, որոնք սկզբներում սուրբ հոգի առնողների վրա էին ծիծաղում, իրենք էլ ստացան և սկսեցին չառնողների վրա ծիծաղել։

Սուրբ հոգի առնողներն այլևս խանութ չէին բաց անում՝ առևտուրով զբաղվելու համար, մինչև անգամ պարզ, անմեղ արհեստով զբաղվելը մեղք էին համարում։ Այսպիսով, բավական խանութներ փակ էին։

Հանկարծ մի առավոտ մի խանութ (որ մինչև այդ բաց էր) չէր բացվում։ Այլևս պարզ էր՝ խանութի տերը առել էր սուրբ հոգին։

Կողքի խանութպանները, տեսնելով, որ խանութը չբացվեց, ասում էին իրար․

Իշու ձագը սուրբ հոգին առավ․․․

Առա՜վ ու առա՜վ․․․

Սուրբ հոգու կոմեդիան այնքան ընդհանրացավ, որ մի բողոքական ուրիշ բողոքականի դռնից անցնելիս՝ թխկացնում էր լուսամուտը և հարցնում․

Մուրադ աղա, առա՞ր։

Նոր տի՞ առնեմ, ծո, է՛շ, մեղա՜, մեղա՜, ութն օր է առեր իմ, պատասխանում էր Մուրադ աղան։

Ես դահա չառա։

Վաղը գնա ա՛ռ, ամոթ է, ծո, սարսա՛խ։

Փոքր հորաքույրս, որ բողոքական մարդու էր գնացել, մր․ Ջեյկըրի ժամանումից երեք օր հետո սուրբ հոգին առավ․ այսպես ասած՝ առաջին առնողներից մեկն էր։ Լուր բերին հորս թե՝ «Եղսա քորոն սուրբ հոգի է առեր»։

Կանչեցե՛ք՝ գա, պատվիրեց հայրս։

Գնացին, կանչեցին։ Չեկավ․ փեսային կանչեցին։ Նա եկավ և հայտնեց.

Հաջի էֆենդի, կվախնա, որ գա։

Հայրս նրան պատասխանեց.

Էդ ի՞նչ ջիվերիս սուրբ հոգին է առեր, որ կվախնա, և մուգ գույնի մի հայհոյանք շպրտեց մր․ Ջեյկըբի հասցեին։

Վերջապես, հազիվ մատների վրա հաշված մի քանի հոգի մնացին, որոնք համառորեն չառան սուրբ հոգին։ Այս համառողների ըստ մյուսների՝ անհույս ՜ մեղավորների համար մր․ Ջեյկըբը վերջին մի աղոթք արավ և փողերը հավաքած՝ հեռացավ, վերջ տալով կոմեդիայի առաջին գործողության։

Նրա գնալուց հետո սկսվեց կոմեդիայի երկրորդ գործողությունը։

Սուրբ հոգի առնողներր հետզհետե սկսեցին դուրս գալ տներից և խանութները բաց անել, թողնելով սուրբ գիրք կարդալը (առնելուց հետո միայն սուրբ գիրք էին կարդում), որովհետև տան եկամուտը պակասեց։

Խանութները բաց անելու հետ միասին սկսվեցին փողոցային սկանդալները։ Ով որ սուրբ հոգի էր առել և ահա դուրս էր գալիս՝ գնալու և առևտուրը շարունակելու, փողոցում ենթարկվում էր ծաղրածունակի։ Ծաղրածունակը սկսվեց ինքնաբերաբար, բաց լուսավորչական քահանաները վարագույրի ետևից հրահրում էին։ Նրանք այն աստիճան արծարծեցին ծաղրուծանակի խարույկը, որ հասցրին կատարյալ ողբերգության։

Հը՞, սուրբ հոգին ինտո՞ր էր, կոտոշ ունե՞ր․․․

Հը՜, սուրբ հոգին բանիս նմա՞ն էր․․․

Ծ՛ո, երևի սուրբ հոգին ջիվերուս պես էր․․․

Այսպես աղաղակում էին ու ծափ տալիս։

Բայց սուրբ հոգի առնողներից ոմանք, այս ծաղրը նմանեցնելով «տիրոջ չարչարանքներուն», մի տեսակ հպարտությամբ տարան։

Օրինակի համար՝ ես հիշում եմ, նրանցից մեկն աղաղակում էր ծաղրի ժամանակ՝ աչքերը երկինք հառած և բազկատարած․

Տե՜ր Հիսուս Քրիստոս, քո ճամփայեն կերթամ կո՜ր․․․

Քրիստոսի ճանապարհն այն էր, որ նրա նման իրենք էլ ծաղրվում էին սուրբ հոգու համար։

Շատերը բավական սպասեցին խանութը բաց անելու, մինչև որ բազմությունը հոգներ և մոռանար, բայց բազմությունը ո՛չ հոգնեց և ո՛չ էլ մոռացավ։ Բոլորն էլ գիտեին, թե ով դուրս չի եկել և երբ է մտադիր դուրս գալու։

Եվ ամենավերջինն էլ չազատվեց ծաղրից։

Մի ամիս հետո լուր ստացվեց, որ մր․ Ջեյկըբը Տիգրանակերտից

դեպի Մուսուլ գնալիս՝ սպանվել է անհայտ չարագործների ձեռքով։

Երբ այս լուրը հորս հայտնեցին, ասաց․

Չարյաց մեծագույնն ի չիք եղավ։

***

Բողոքականնե՜ր… Ինչպե՞ս էր ստեղծվել բողոքականների համայնքը։

Ով եկեղեցու մի պաշտոնյայից սրտնեղեր, վարդապետից կամ քահանայից, տիրացուից կամ ժամկոչից, գնում էր ժողովարան, աղոթք էր անում և «դարձի» գալիս։ Մի հյուսն կար, որ գժտվել էր լուսավորչական եկեղեցու ժամկոչի և նրա կնոջ հետ (նրանք հարևաններ էին) և գնացել, բողոքական դարձել։ Անունը Մամբրե էր։ Սովորություն էր, որ երբ մեկը բողոքական դառնար, նրան պարոն էին կանչում։ Մեկ օրից մյուսը Մամբրե ախպարը դարձավ պարոն Մամբրե։ Պարոն Մամբրեն ժողովարանում այսպես էր աղոթում. «Տե՛ր, ասում էր սուտ լացով, քո սուրբ հոգիդ գազյաղիուվ մեր սրտերը վառե»։

Գերմանացի մր. Էյմանը, որ կոլեջ էր բաց արել մեր քաղաքում և եռանդուն պրոպագանդ էր մղում քրիստոնյաներին քրիստոնյա դարձնելու համար, շատ էր հավանել պարոն Մամբրեին և, կանչելով իր մոտ, նրան աշխատանք էր տվել բարձրը ռոճիկով, նվիրելով նրան նաև իր հնացած շորերը։ Հանկարծ մի օր Մամբրեն երևաց մեր փողոցներում եվրոպական շորերով, օսլայած օձիքով և փողկապով։ Եթե հռովմեական տոգա հագներ մեկը, այնքան տարօրինակ չպիաի թվար։ Շորերը պարտադրեցին նրան, որ մեծ բեղերը փոքրացնի։ Փոքրացրեց։

Պարոն Մամբրեն, ցանկանալով ավելի առաջ գնալ, մտածել էր շատ տարօրինակ մի բան։ Մտածելուց հետո էլ (ամենատարօրինակը) ցանկացել էր գործադրել։

Մի կիրակի, ժողովարանից հետո, պարոն Մամբրեն ապուշացած կերպարանքով (այդպիսի ապուշ կերպարանք ստանում

էին ժողովարանից դուրս եկող բողոքականները, իբր թե մաքրվում էին մեղքերից) մտնում է մր․ Էյմանի առանձնասենյակը և թախծոտ շեշտով սկսում․

Մր․ Էյման, շա՜տ կը ցա՜վիմ, ո՜ր հա՛յ ծնված եմ։

Մր․ Էյմանը, առանց մեկ երկու ասելու, տեղնուտեղը թքում է պարոն Մամբրեի երեսին և դուրս վռնդում, իսկ առավոտյան նրա առաջին գործն է լինում հեռացնել Մամբրեին աշխատանքից։

Պարոն Մամբրեն բոլորովին այլ բան էր ակնկալում, նա համոզված էր, որ մր․ Էյմանը պիտի շոյի նրա «ցավը» և ավելի առաջ քաշի։ Հյուսնը մի քանի շաբաթ էլ եռանդուն աղոթեց ժողովարանում, բայց մր․ Էյմանը նրան ետ չվերցրեց։ Տեսնելով, որ բողոքականներից այլևս հույս չկա, պարոն Մամբրեն, հին արհեստավորի շորերը հագած, վերադարձավ լուսավորչական եկեղեցի։ Նրա առաջին անգամ եկեղեցում երևալը տեսարան էր․ ամբողջ պատ արագի տևողության՝ բարձրր և անճոռնի հեկեկում էր, աղոթում, կռանում, գետնի կարպետը համբուրում, բարձրաձայն աղաղակելով․ «Տե՛ր, մեղա՜, մեղա՜, իշություն ըրի, ներե՛»։

Պատարագից հետո, հանդիսավոր կերպով, Մամբրեն հաշտվեց ժամկոչի և նրա կնոջ հետ՝ ներողություն խնդրելով։ Մր․ Էյմանից ստացած շորերը նվեր տվեց մի գյուղական վարժապետի, բաց արավ իր նախկին կրպակը, բեղերն ստացան առաջվա պատկառելի ձևը, և երախտագիտությամբ ընդունեց իր նախկին հաճախորդներին։

Երբեմն, երբ չար կատակի համար նրան պարոն Մամբրե էին ասում, Մամբրեն խնդրում էր․ «Մըսեք, մարմինս փուշ֊փուշ կըլլի»։

***

Մենք մի ազգական ունեինք, շատ հեռավոր մի ազգական, որին Մանուկ փեսա էինք անվանում։ Եվ ո՛չ միայն մենք, այլև ողջ քաղաքը նրան Մանուկ փեսա էր կանչում։

Մանուկ փեսան չափազանց նիհար, ոսկրուտ, բարձրահասակ, շատ փոքրիկ, կապույտ և խորն ընկած աչքերով մի

մարդ էր։ Նրա աչքերն այնքան էին փոքր, որ հորաքույրս ասում էր՝ «մախաթով են ծակեր»։

Ամեն անգամ, երբ Մանուկ փեսան հայտնվում էր մեր տանը (պետք է ասել, որ շատ քիչ էր գալիս), տան հասակավորները խեթ աչքերով էին նայում և նրանից բացարձակապես ֆիզիկական սարսափ էին զգում։

Հորաքույրս միշտ ասում էր․

― Գյոպեռգոռը եկավ․․․

Մանուկ փեսան կարևորություն չէր տալիս այդ խոսքերին և նայվածքներին, ընդհակառակն, քթի տակ մանրիկ ժպտում էր և՝

― Հը, ինտո՞ր եք, աղե՞կ եք, հարցնում էր։

Ոչ ոք չէր պատասխանում։

Երկար լռությունից հետո հորաքույրս թե՝

Մանուկ փեսա՜․․․

Մանուկ փեսան անմիջապես ընդհատում էր, որովհետև հորաքրոջս սկսած տոնից նա գիտեր, թե ինչ պետք է ասի․

― Խոսքդ շեքերով կոտրիմ․ մի՛ խոսա․․․

Եվ հորաքույրս լռում էր, չէր էլ կարող չլռել, որովհետև Մանուկ փեսան կարող էր շատ «վրան բաց» սրախոսություն անել։ Հորաքրոջս լռելուց հետո՝ Մանուկ փեսան սկսում էր զբաղվել մեզմով՝ մանուկներով։

Մենք Մանուկ փեսային շատ էինք սիրում, որովհետև նա անվախ մարդու համբավ ուներ և մեզ պատմում էր հերոսական պատմություններ։

Թիփի՜, բո՜ւք֊բորան, լերան ծերն ենք, գելերը մեզ շրջապատեցին․․․

Եվ այսպես անվերջ պատմություններ, որոնք մեզ հափշտակում էին։ Երբ ընդհատում էր, բոլորս միասին․

Ամա՛ն, Մանուկ փեսա, ոտքդ պագնինք․․․

Եվ նա շարունակում էր եռանդով ու ոգևորությամբ։

Պատմած ժամանակ աչքերը մի քիչ մեծանում էին, այնքան մեծանում, որ կապույտը պարզ երևում էր։

Կամաց֊կամաց մեզ համար էլ պարզվեց Մանուկ փեսայի «գյոռպեգյոռ» լինելու միստերիան։

Մանուկ փեսան ո՛չ խանութ ուներ և ո՛չ էլ արհեստով էր զբաղվում, բայց ապրում էր բավականին բարեկեցիկ։ Երբ

ասում եմ արհեստ չուներ՝ ուզում եմ ասել սովորական արհեստ չուներ։ Նրա արհեստը թուրք մեռելներին քաշել֊դուրս բերելն էր գերեզմանից։ Ինչպե՞ս էր անում այդ։ Թուրք մեռելները փաթաթված էին լինում պատանքի (քեֆին) մեջ և այդ քեֆինը առհասարակ լինում էր թանկագին մետաքսից կամ որևէ թանկագին կերպասից։ Նա զբաղվում էր քեֆին ծախելով։

Երևակայեցեք մի մարդ, որ գիշերը մեն֊մենակ մտնում է թրքական գերեզմանոցը, մոտենում է նոր թաղված գերեզմանին, բաց է անում, կռանում ներքև, գրկում մեռելին, քաշում, վեր բարձրացնում, ձգում գետնին, քեֆինը քանդում, մեջքին փաթաթում, մեռելը դնում տեղը, վրան ծածկում, այնպես, որ առավոտյան նշմարելի չլինի, ապա մոտենում է պարսպին, բարձրանում և ցատկում փողոց, քայլում տուն և հանգիստ քնում։

Այս գաղտնիքն իմանալուց հետո՝ մեր աչքին Մանուկ փեսան ավելի հերոսական դարձավ, թեև մենք էլ սկսեցինք ֆիզիկական սարսափ զգալ նրանից։

Երբ նրան խրատում էին, որ ձեռք քաշի այդ արհեստից, գեթ հասակն առնելուց հետո, նա պատասխանում էր․

Շատ ռահաթ գործ ունիմ․․․

Մանուկ փեսան մի ուրիշ հատկություն էլ ուներ, նա կարող էր ամենաբնական կերպով հաչել։ Եվ այդ հատկությունը նրան շատ անգամ էր փրկել բռնվելուց։ Երբ ոտի ձայն էր առնում գերեզմանը քանդած ժամանակ, սկսում էր հաչել, և բոլորը փախչում էին սարսափած։ Մինչև անգամ գերեզմանոցի դիմացի տներում ապրող հայերը, երբ կես֊գիշերին հաչոց էին լսում, բոլորը սփրթնում էին, խաչակնքում և փսփսում․

Մանուկ փեսան գյոռ կբանա կոր, վո՜ւյ, մայրիկ աստվածածին․․․

Ցերեկը, երբ փողոցից անցնում էր հուղարկավոր թափորը, Մանուկ փեսան դիտում էր լուսամուտից, մանրիկ ժպտում և ցինիկորեն ասում․

Վա՜յ, հաջի Մուստաֆաս մեռեր է, աստծու քով կերթա կոր, թող երթա, բարի ճանապարհ, ես մեյ մը չըլբըխցնեմ դե, թող անանկ երթա։

Եվ պառկում էր, քնում, որպեսզի գիշերն աշխույժ զգա իրեն։

***

Մանուկ փեսան մի էշ ուներ։ Այդ էշը երկար տարիներ ծառայել էր նրան, այլևս անպետք էր և ուզում էր ծախել։ Շատերն ասում էին, որ «ազատ ըրե», բայց Մանուկ փեսան ցանկանում էր ծախել։ Ազատ անելն էլ այն էր, որ անասունին թողնում էին բաց դաշտը, իր համար արածում էր, պառկում, վեր կենում և մի օր էլ սատկում։

Մանուկ փեսան էշը ծախեց։ Բոլորն էլ զարմացան։

Հայրս ասաց.

Էդ էշն առնողն ինքն է էշը։

Վաճառքից ութ օր հետո էշը գնողը դիմեց դատարան՝ վաճառքը չեղյալ համարելու համար։ Գնողը դատարանում պատճառաբանեց, որ էշը գարին չի կարող աղալ, ինչպես ուտում է, այնպես էլ դուրս է գալիս, և ուրեմն շուտով պետք է սատկի։

Փողոցի հավերուն կե՞ր տի տամ, ասում էր գնողը։

Դատը լսողները բոլորն էլ կարծեցին, որ Մանուկ փեսան խրվեց, ի՞նչ կարող էր պատասխանել, բայց Մանուկ փեսան պատասխանեց․

Իմ ծախածը ջաղաց չէ, էշ է։

Դատարանը գտավ, որ գնողի պատճառաբանությունն անհիմն է, և որոշեց իրավունք չտալ վաճառքը չեղյալ համարելու։

ԺԵ
Հին հռովմեական այդ ճանապարհի վրա այլազան և տարօրինակ էր կյանքը, և ամենատարօրինակը Ամերիկայից վերադարձած մարդիկ էին՝ ամերիկահայեր, որոնք իրենց հետ

բերել էին միայն արտաքին տարազ, մի քանի անգլերեն բառեր և ծամածռված բերաններ։ Ոչ միայն անգլերեն խոսելիս, այլ մինչև անգամ հայերեն խոսելիս նրանք ծամածռում էին իրենց բերանները։

Օրինակ՝ մեզ շատ ծանոթ էշ Օվաննեսը, որ Ամերիկայից վերադարձին, չգիտեմ ինչու, դառել էր պարոն Հովհաննես, հայերեն խոսելիս, կարծես մայրենի լեզուն ծաղր էր գցում ինչ֊որ կարծես բերանում մի տաք բան էր լղճորում։

Էնքան ինկլիզճե գիտե, որ փեզևենկի տղան հայերեն անգամ ինկլիզճեի պես կխոսա․․․ ասում էին միամիտ տեղացիները։

Եվ անգլերեն լեզվի մասին գաղափար կազմելով միայն տգետ ամերիկացի միսիոնարներից և ամերիկահայերից՝ ես ատում էի այդ լեզուն։ Հետագայում, երբ ինձ վիճակվեց տիրապետեու անգլերենին և ամերիկյան կրթություն ստանալու, համոզվեցի, որ Շեքսպիրի, Դիկկենսի և Բայրընի լեզուն խոսելու համար ծամածռություններ հարկավոր չեն։

Բայց ամերիկահայերի ծամածռությունները տևում էին միայն մի քանի տարի․ հենց որ Ամերիկայից բերած հագուստները մաշվում էին և տեղականով փոխարինվում, լեզուն էլ մաշվում էր և փոխարինվում էր մայրենի լեզվով։ «Չեմ կրնաաարրր» միմոսական ձևը դառնում էր պարզ և մարդավարի «չեմ կրնար»։

Ամերիկայից վերադարձողները հատկանշական էին և մի ուրիշ բանով՝ ունեին ոսկե ատամներ։ Չկար ոչ մի ամերիկահայ, որ ոսկե ատամ չունենար բացարձակապես։

Եվ այդ ոսկե ատամը մեզանում բոնտոն էր համարվում։ Եվ որովհետև նրանք ոսկե ատամ ունեին, կարողացան ձեռք ձգել սիրուն աղջիկներ կնության համար։ Նրանց 99 տոկոսը դարձավ արժանավոր միայն ոսկե ատամների համար։ Իմ մեծ քույրս զոհ գնաց մի ոսկե ատամնավորի․․․ Բայց ես չէի ուզենա պատմել այս պատմությունը, դա ինձ մորմոքում է, այդ հիշողությունն այրում է իմ սիրտը։

Էշ Օվաննեսը (պարոն Հովհաննեսը) երկու ոսկի ատամ ուներ վերին ծնոտի առաջամասում։ Այդ բոլոր եկողների մեջ պարոն Հովհաննեսը չկարողացավ աղջիկ գտնել, որովհետև նախ՝ չափազանց գերագնահատեց իր ոսկե ատամները և սկսեց

շատ բարձրերը քիթը խոթել և ապա՝ պարզապես էշ էր։

Էշ Օվաննեսի վերադառնալուց մի քանի տարի հետո՝ նրա դեմքի վրա նոր ծալքեր ավելացան, որովհետև միշտ ծիծաղում էր՝ իր ատամները ցույց տալու համար։ Երբ ծիծաղում էր, ոսկե ատամները շատ լավ երևում էին, դրա համար որդեգրեց միշտ ծիծաղելու մի անճոռնի սովորություն։ Միշտ ծիծաղելուց՝ դեմքի վրա առաջացան արհեստական ծալքեր։

Պարոն Հովհաննես, հա՞ց ես առեր, հարցնում է մեկը։

Հա՜, հաց առեր եմ, հի՜, հի՜, հի՜, հի՜, ծիծաղում էր անշնորհք կերպով։

Ինչպե՞ս ես, պարոն Հովհաննես։

― Աղեկ եմ, հի՜, հի՜, հի՜․․․

Մի շատ պարզ բան։ Օրինակ՝ մեկն ասում էր, որ անձրև է գալիս․

Հա, արզև կուգա, հի՜, հի՜, հի՜․․․

Եվ այսպես վերջ չուներ այդ անճոռնիությունը։

Էշ Օվաննեսը մեռավ։ Ամբողջ երկու ժամ, ինչ֊որ փորացավից, բղավեց, բղավեց և մեռավ։

Էշը չի կերած խոտն է կերեր, չի մարսեր, ասում էին։

Մեռնելուց հետո շրթունքները փակվել էին, և, բնականաբար, ոսկե ատամները չէին երևում։ Նրա ազգականները որոշեցին, որ թաղմանը ոսկե ատամներն անպայման երևան։ Ինչքան շրթունքները բաց էին անում, նորից փակվում էին։ Ազգականներն ընկան լուրջ մտահոգության մեջ։

Ինչպե՞ս անեին, որ ոսկե ատամները երևային։

Հըպը ոսկի ատամներն ըլ չերվա՞ն, հարց էր տալիս մորաքույրը։

Շատերին հարցրին, ոչ ոք չկարողացավ մի միջոց ցույց տալ։ Վերջապես, հանգուցյալի ազգականներից մեկը գտավ ճարը՝ երկու լուցկով հեռացրեց շրթունքներն իրարից և լուցկիները ծածկեց բեղերի ծայրերով։

Թաղմանը նրա պառավ մորաքույրը լաց էր լինում և աղաղակում․

Վա՜յ, ես քու ոսկի ակռաներուդ ղուրբան ըլլի՜մ․․․

Եվ էշ Օվաննեսը, շրթունքները բաց, կարծես ծիծաղում էր

երկնքի ջինջ կապույտի դեմ։

***

Ամերիկահայերը վերադառնում էին՝ երբեմն «կուլտուրական» հիվանդություններում (սիֆիլիս և այլն) և նրանցից ոմանք էլ չէին մոռանում իրենց նախկին ֆեոդալական սովորությունները։

Մեզ հարևան էր մի ընտանիք՝ մայր, որդի և աղջիկ։

Ասում էին, որ այդ ընտանիքն ունեցել է հայր, որ վաղուց գաղթել էր Ամերիկա։ Նրա գնալուց երկու ամիս հետո էր ծնվել նրա որդին՝ Հովսեփը։ Հովսեփի հայրը Ամերիկա գնալուց հետո գրել էր մի թե երկու նամակ և ապա լռել։ Մայրը լվացք անելով, ուրիշների դռներն աշխատանք կատարելով՝ մեծացրել էր աղջկան և որդուն՝ մինչև վերջինները դպրոցն ավարտելով՝ ուսուցիչներ էին դառել և ազատել իրենց մորը ֆիզիկական տառապանքից։

Նրանք ապրում էին չափազանց համեստ, բայց երջանկությամբ արևված մի կյանք։

Մի օր այս ընտանիքում հայտնվեց մի մարդ՝ կռացած մեջքով, սպիտակած մազերով, նիհար, ոսկրացած, անվերջ հազով։

Աղջիկը և որդին չէին ճանաչել այդ մարդուն, բայց մայրն ասել էր նրանց, որ այդ մարդը ձեր հայրն է։

Քույրը և եղբայրը ընդունեցին նրան սառնասրտությամբ, բայց պատշաճ հարգանքով, թեև ամբողջ 18 տարի նա տեր չէր եղել իր զավակներին և կնոջը, մատնելով նրանց թշվառության։

Չանցավ մի քանի օր, մի առավոտ մեր թաղում տարածվեց մի ահավոր լուր՝ «Հովսեփը սպանել է հորր»։ Իսկապես, մի քանի րոպեում ստուգվեց լուրը։ Հովսեփը սպանել էր հորը եղերական մահով՝ խողխողել էր նրան, գլուխը պատին տալով և ջարդելով։

Որքան որ լուրը ստուգվեց, բայց անհավատալի էր թվում Հովսեփին ճանաչողների համար, որովհետև Հովսեփը վերին աստիճանի բարի, խելոք և հանգիստ բնավորությամբ մի երիտասարդ էր։ Նա ոչ թե հորը, այլև մի աքլորի անգամ չէր կարող սպանել։

Հովսեփին տարան բանտ, և մի ամիս հետո տեղի ունեցավ դատավարությունը։

Բայց մինչև դատավարությունը շատ բան պարզվեց, և գրեթե ամբողջ քաղաքը ոտի կանգնեց՝ Հովսեփին պաշտպանելու։ Հավաքվեցին հանրագրություններ, և դատարանին մատուցվեցին բազմաթիվ խնդրագրեր, մի քանի փաստաբաններ ձրի տրամադրեցին իրենց ծառայությունը, բայց Հովսեփը մերժեց փաստաբաններին, ասելով, որ ինքը պետք է պաշտպանի իրեն։

Ոճիրը տեղի է ունեցել հետևյալ պայմաններում։ Հովսեփի հայրը՝ պարոն Ջոնը, (Ամերիկայում Հովհաննեսը դառել էր Ջոն) վերադարձի առաջին իսկ օրը սկսում է կշտամբել կնոջը, որ իբր թե իր բացակայության ժամանակ (18 տարի) նա անբարոյական կյանք է վարել, եղել է ինչ֊որ (բոլորովին անհայտ) մարդկանց հետ։ Հովսեփը և քույրը միջամտել են, որ իրենց մայրը եղել է շատ պատվավոր մի կին, գտնվել է թշվառ և անօգնական մոր բարոյական բարձրության վրա, և մինչև անգամ եթե նա չի եղել այդպիսին, պարոն Ջոնն իրավունք չունի դատապարտելու կնոջը, քանի որ ինքր երկու զավակները թողել է նրա վզին և հեռացել է՝ առանց որևէ կապ պահպանելու, կապ չի պահպանել ոչ միայն դրամական օգնություն չուղարկելով, այլև զլացել է մի «չոր նամակ»։

Բայց պարոն Ջոնը համառել է, ինչ֊որ տեղեկություններ է ունեցել և ուզում է պատժել կնոջը։ Ամբողջ երկու֊երեք օր աղջիկը և տղան ջանացել են համոզել համառ և անամոթ հորը, բայց համառ և անամոթ հայրը քաշել է երկաթե հարթուկը, նետել է կնոջը՝ գլուխը ջախջախեհլու համար, բայց բարեբախտաբար դպել է ոտի մատին։

Այս եղելությունից հետո էլ զավակները չեն կորցրել իրենց և շարունակել են հորդորել, բայց պարոն Ջոնը այնքան է առաջ գնացել, որ քաշել է Ամերիկայից հետը բերած ատրճանակը․․․

Հովսեփը կծկել է հորն իր ուժեղ թևերի մեջ, ձեռքիցը խլել է ատրճանակը և երկու ժամ ծեծելով, գլուխը խփելով պատին՝ սպանել է կյանքում առաջին անգամ հանդիպած համառ և անամոթ հորը։

Այս բոլորը պարզվելուց հետո՝ ողջ հասարակական կարծիքը զինվեց սպանվողի դեմ պաշտպահելու մի անմեղ կնոջ և մի անմեղ ոճրագործի։

Դատարանում Հովսեփը միայն պատմեց իր թշվառ մոր պատմությունը։

Այս պատմությունն այնքան սրտառուչ և ցնցող էր, որ արցունքներ կորզեց թե՛ դատավորներից և թե՛ հանդիսականներից, պատմեց, թե ինչպես մայրը գիշեր և ցերեկ լվացք է արել, այդ լվացքից մոր փափկացած մատներից արյուն է կաթկթել, պատմեց, թե քանի֊քանի հարուստ և երիտասարդ մարդիկ նրա ձեռքը խնդրել են և նա մերժել է, որպեսզի իր զավակները չճաշակեն խորթ հոր դաժանությունները, և ահա, այս բոլորից հետո՝ ինչ֊որ մի անծանոթ մարդ, ինչ֊որ մի պարոն Ջոն, եկել է իրենց տունը՝ երջանկության բաժակը լցնելու դառնությամբ։

Թրքական դատարանն ազատ արձակեց Հովսեփին։

Երբ Հովսեփը դատարանից տուն եկավ, մայրը գրկեց նրան, ողողեց արցունքներով և ասաց․

Ի՞նչ կըլլեր, մարդավարի ապրեր մըզի հետ։

Հովսեփն այլևս չուզեց մնալ հին քաղաքում, վերցրեց մորն ու քրոջը և հեռացավ, գնաց ուրիշ քաղաք, ազատվելու համար այն շրջապատից, որ նրան միշտ հիշեցնում էր կատարված ահավոր տրագեդիան։

ԺԶ

Բաց արի «Արևելյան մամուլ» շաբաթաթերթը, որ հրատարակվում էր Զմյուռնիայում, բաց արի հենց փոստի պատուհանի առաջ, որտեղից մենք ստանում էինք մեր նամակներն ու թերթերը (նամակներր տուն բերելու սովորություն չկար) և կարդացի իմ անունը մի ոտանավորի տակ։ Ինձ թվաց, մինչև հիմա էլ ինձ թվում է, որ իմ այդ ստորագրությունը տպված էր ոսկյա տառերով։ Ինձ թվաց նաև, որ իմ ոտները կտրվեցին գետնից, մի սավառնում զգացի, ինչ֊որ թռիչք։

Ես վաղուց էի հափշտակվել բանաստեղծությամբ, կարդում էի և գրում մեր դպրոցի ձեռագիր և խմորատիպ թերթերում, ինքս էլ խմբագրել էի մեկ֊երկու ձեռագիր ամսաթերթ, բայց դեռ չէին տպագրվել։ Մայրս, երբ տեսնում էր ինձ

իմ փոքրիկ սենյակում գիշերները՝ կարդալիս և գրելիս, ասում էր. «Ելի՛ր պառկե՛, յավրուս, մեր ճինսեն Պողոս֊+Պերոս չելլար»։ Պողոս֊Պեյրոս ասելով՝ գրող ուզում էր ասել։ Այդ ոտանավորի տպագրվելուց հետո ես չհպարտացա, միայն մի քիչ և մի առժամանակ, չգիտեմ ինչու լրջացա, միայն մայրիկիս ասացի. «Տեսա՞ր, կըսեիր քի մեր ճինսեն Պողոս֊Պեյրոս չելլար, ելավ»։ Իհարկե, մայրս չէր կարող գնահատել իմ գրվածքները, բայց խորագույն հարգանք ունենալով դեպի տպագրված տառը՝ ժպտաց և համբուրեց ինձ։

Իմ փոքրիկ սենյակը… Այդ սենյակը գտնվում էր երկրորդ և երրորդ հարկի մեջտեղում, առանձին սանդուղով, փոքրիկ, շատ փոքրի՜կ սենյակ էր, լիքը գրքերով (բացառապես ոտանավոր) և պատկերներով։ Երկու փոքրիկ լուսամուտն երբ նայում էին երկրորդ հարկի կտուրի վրա, ամբողջ հորիզոնն էր դիմացի հարևանի թթենու գագաթը և տերևների միջից երևացող կապույտը։ Այդ փոքրիկ սենյակում ես գրել եմ իմ առաջին տպագրված ոտանավորը, այդ սենյակում կարդացել եմ Դուրյանը, և լաց եղել, հուսկ ապա կարդացել եմ Մեծարենցը։

Մեծարենցը գավառական պատանեկության պաշտամունքի առարկան էր։ Մենք ատելությամբ հետևում էինք նրա դեմ սկսված պայքարը թեթևսոլիկ, անարժեք գրողների կողմից, նամակներ էինք գրում Միսաքին գոտեպնդելու համար։ Ես ստացա «Նոր տաղեր»֊ը Միսաքից նվեր։ Այդ նվերից հետո, ճիշտն ասած, հպարտ էի զգում ինձ։ Ժամերով նայում էի Միսաքի լուսանկարին և հափշտակվում, ժամերով կրկնում «Ու կը փոթի ծովակն հոգվույս մեղմավար»։ Շատ էի ուզում նրան նմանվել մորուք թողնելով, բայց ավա՜ղ, դեռևս աղվամազ անգամ չէի շոշափում երեսիս վրա։ Ցանկացա, որ իմ առաջին գիրքս տպվի «Ծիածան»֊ի նման, միևնույն թղթով, ձևով, շապիկով, միևնույն տպարանից։ Այդպես էլ եղավ։ Բայց, էլի ավա՜ղ, ոչ մի տպավորություն չթողեց, այն ժամանակ միայն ես զգացի, որ գոյություն ունի ինչ֊որ ներքին մի բան, որ արտացոլվում է տպագրության մեջ, գոյություն ունի ինչ֊որ մի բան, որ Դուրյանն ուներ, Մեծարենցն ուներ, բայց ես չունեի։ Բանաստեղծությունների իմ առաջին գրքույկը ինձ համար մի արժեք ունի՝ նվիրված է Միսաք Մեծարենցի

գերեզմանին։ Նվերն անարժեք էր. բայց այն ժամանակվա իմ ամբողջ սիրտն էր։

Տարիներ հետո, երբ Պոլսում ես կռացա Միսաքի ցուրտ շիրիմը համբուրելու, ինձ թվաց, որ Միսաքը խոսեց ինձ հետ, խոսեց արևի համար տածած բուռն կարոտով։

Գույների այս չնաշխարհիկ երգիչը քնում էր անգույն մի տարածության մեջ։

Միսա՛ք, արդյո՞ք ոչ մի կապույտի վրա չեն հառում քո աչքերը։

Այժմ ես մեծացել եմ, դարձել եմ չափահաս, դու մնացիր պատանի։ Այժմ, իմ չափահասի ձեռքերով և չափահասի խորին գուրգուրանքով, շոյում եմ քո պատանի, չքնաղ գլուխը և արցուքներս վազում են քո երգերի վրա։

Երբ մրսում եմ այս աշխարհում, մեծ պատանի՛, գրկում եմ քո երգերը, և ահա արևը, քո երգած արևը, սուզվում է իմ ցուրտ հոգու մեջ կաթիլ առ կաթիլ։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա"

Ятук Музыка
Hапоминая
Давид Баласанян

Hапоминая

Греческая женщина, 1921 год.
Греческая женщина, 1921 год.
Играть онлайн