Ваан Тотовенц
Հովնաթան որդի Երեմիայի
3
Հաջորդ առավոտյան Հովնաթանը բռնեց Մարգարիտի ձեռքը, և նրանք գնացին վերի ավազանը՝ տեսնելու պապի, հոր և մոր գերեզմանները։
Մինչև գերեզմանները Հովնաթանը հարցրեց Մարգարիտին.
Ի՞նչ եղան հորեղբայրները։
Հորեղբայրները մեռան, ինչպես հայրիկը, որդիները դեռ աղյուս են թափում, տե՛ս այն հնոցի ծուխը, նրանց հնոցն է, որ վառվում է, իսկ մենք օտարականներ ենք գրեթե, երբեմն հանդիպում եմ մեկնումեկին փողոցում և բարևում։
Հորեղբայրներն ինձանով չհետաքրքրվեցի՞ն երբևիցե։
Հիշում եմ, մի անգամ մեծ հորեղբայրը հարցրեց՝ ի՞նչ լուր անպետք տղայից, չպատասխանեցի։
Հովնաթանը ցավագին ժպտաց։
Հասան վերի ավազանը։ Հովնաթանը վարդեր դրեց շիրմաքարի վրա, նայեց իր քանդակած և թրծած պապի արձանին, որ փշրվելով ավելի էր այլանդակվել, ծիծաղեց հոգում և բարձրացավ ավազանի թմբի վրա: Ավազանում ջուր չկար, հատակում, առավոտյան արևի շողերի տակ, փայլում էին ազնվագույն կավի հետ խառն զանակները: Հովնաթանը նայեց նորից այդ կավին, և նրա հոգին դողաց ստեղծագործության աննախընթաց տենչով, իսկ Մարգարիտը, կանգնած կողքին, հիշում էր այն օրը, երբ ինքը լողանում էր, և Հովնաթանր տեսավ իրեն, հիշում էր այն օրվա ջրի զովությունը և զգում էր ջրի կաթիլները, որ կաթում էին ծամերից` կրծքի և ուսերի վրա։
Նրանք իջան թմբից ներքև, Հովնաթանը նստեց պապի շիրմաքարի վրա և խոսեց այսպես.
Դու պատվիրեցիր մեզ, որ մենք, պա՛պ, չբաժանվենք այս կավից. ես բաժանվեցի, բայց կրծքիս վրա միշտ կրելով այս կավից մի ափ, նա խփում էր իմ կրծքին, և ես միշտ սարսռում էի նրա ջերմությունից. ահա վերադարձել եմ, պա՛պ, այս կավի կարոտով, իմ էությունը վառվում է այժմ այս կավի բույրով, այս կավի անիմանալի և անքննելի ջերմությամբ։ Պա՛պ, ես կուրծք տվի աշխարհի երկաթյա հողմերին, ապրեցի կյանքի բոլոր հուզումները, իջա կյանքի հատակը, լսեցի ամենից աղեխարշ կանչը կյանքի, ապրեցի և վերապրեցի մարդկության ողբերգությունն ու կատակերգությունը: Պա՛պ, մարդկության ազնվագույն մեծամասնությունը տառապում է թշվառությունից։ Աշխարհի խորագույն ողբերգությունը ոչ թե մահն է, այլ կյանքի թշվառությունը։ Եվ թշվառությունը ծնեցնում է ազնվագույն ատելությունը, զրահապատում է հոգին, դարձնում է մարդուն ըմբոստ և դյուցազն: Ես լսեցի, որ թշվառությունը բարձրացել է և այս հին երկրում։
Հովնաթանն այլևս չշարունակեց, որովհետև նրա կապույտ աչքերը լցվեցին արցունքով։
Մարգարիտը բռնեց նրա ձեռքը և ցույց տվեց նրան քաղաք տանող արահետը։
Արահետը եզերված էր բարձր խոտերով, մասրենիների թփերով և վայրի դեդին վարդերով։ Նրանք քայլեցին այդ արահետով լուռ ու մտախոհ։
Հանկարծ հարցրեց Մարգարիտը. Որտեղ էիր ապրում այսքան երկար տարիներ և ի՞նչ էիր անում։
Հովնաթանը, նստելով մի քարի վրա և նստեցնելով Մարգարիտին իր կողքին, ասաց.
Ես ապրում էի արևմտյան մի երկրում։ Այդ երկիրը, երկարավիզ կոշիկի նման, մխրճված է կապույտ և մեծ ու հին մի ծովում։ Այդ երկրում ծաղկում են լիմոնն ու նարինջը, աճում է ձիթենին, աճում է և հալվեծառը, և խաղողի ողկույզը կախվում է որթատնկից` ինչպես ստինքն աղջկա հասակից, քաղցրանում է հնդկաթուզը, բարձրանում և պտուղ է տալիս արմավենին` ինչպես արաբական աշխարհում, բամբակի կնգուղն օրորվում է հարավի տաք քամուց, կարմրում է նուռը՝ ինչպես արյունալի շրթունքը, իսկ երկրի հյուսիսային լեռներում մթնում են կաղնու և մշտադալար մայրիների անտառները: Հյուսիսային բարեխառն գոտու մեջ երկարած այդ հին երկիրն օժտված է արևադարձային հարուստ բուսականությամբ: Կանայք ունեն աչքեր՝ ինչպես երկրի լիմոնը, աչքեր՝ ինչպես ծովը, աչքեր՝ ինչպես երկրի ձիթապտուղը և ծամեր՝ ինչպես նարինջը և ծամեր՝ ինչպես ածուխը, հասակ ունեն նրանք՝ ինչպես սոսին, և մարմինները ճկուն են՝ ինչպես ծովի ալիքները: Ծովի վրա գոնդոլներն են սահում, և գոնդոլների կուրծքն ուռչում է երգով, երկիրն ամբողջ երգ է և ծափ։
Եվ արևադարձային այդ երկրում կառուցված են մարմարյա քաղաքներ։
Ես ապրում էի մարմարյա այդ քաղաքներից մեկում: Հին քաղաք է դա, ավելի հին, քան մեր ամենահին մագաղաթը։ Այս քաղաքի յուրաքանչյուր մարմարե բեկորը կապված է առասպելական էպիկական դարերի հետ։ Երբ քամին վազում է ծովից և բերում է նոր, թարմագույն օրերի բուրումը և խառնվում հին քարերի բույրին, կյանքը դառնում է զգլխիչ մի երազ, աստղերն իջնում են ծովը, և երկիրը, հին այդ երկիրը, թրթռում է ծովի ու երկնքի միջև՝ իբրև մի մեծ քնար և յուրաքանչյուր թուփ, յուրաքանչյուր քար և խոտի յուրաքանչյուր շյուղ շնչում է ու երգում, ինչպես մարդկային սիրտը։
Իսկ այդ սքանչելի երկրի հատակում հոսում է թշվառու թյունը։ Մարդկային քաղցը, զարհուրելի և ահավոր, գալարում է բազմություններ, բազմություններ հին ու նոր սերունդի, որոնք այնքան գեղեցկորեն և այնքան հոյակապորեն կառուցեցին մարմարյա քաղաքները։ Երկրի ընդերքում, խուլ տնքոցով, դոփում է մարդկային զրկանքը։ Եվ այդ խուլ տնքոցը շուտով, շուտով կվերածվի ծովի ահարկու մռնչյունի և աշխատավոր, ստեղծարար, բայց զրկված մարդիկ կբարձրանան հատակից` ինչպես ցիկլոնը և ինչպես հողմերից որոտացող ծառերը։
Երկիրը մարմարներով են ծաղկեցրել մարդկության այդ բազմությունները։
Այդ երկրում է ապրել աշխարհի և ժամանակների մեծագույն քանդակագործը։
Ես իմ աչքերով տեսա նրա արձանները, իմ այս ձեռքերով շոշափեցի նրա մարմարները, որոնք դարեր շնչում են և ավելի կենդանի են, քան այժմ այդ երկրում ապրող մարդիկ։ Տեսա իմ այս աչքերով, արձանն այն ծերունու, որ, ինչպես հին, առասպելապատում մատյաններն են հաղորդել, խոսել է աստծո հետ այրող ավազներից բարձրացող լեռան կատարին: Աստված խոսել է, ըստ առասպելապատում մատյանների, ամպրոպի միջոցով, այն ծերունիին, որ ջրվեժի նման թափվող միրուք ունի, և որը ազատել է իր ժողովուրդը բռնակալությունից, քաղցից ու անապատի արհավիրքից։
Ես երկրպագեցի հին այդ վարպետին ու վարպետներին և սովորեցի նրանց արվեստը։ Եվ որոշեցի վերադառնալ ու քանդակել մեր կավով և մեր սպիտակ քարով։
Հովնաթանը լռեց։
Մարգարիտը հարցրեց.
Հովնաթան, մե՞ծ է թշվառությունն այնտեղ։
Այո՛, թշվառությունը ծովի չափ և ծովը թշվառության չափ։
Իսկ ինչո՞ւ երկիրն այդքան գեղեցիկ է և թշվառությունը շատ։
Այդ նրանից է, քո՛ւյր, որ կան իշխողներ և իշխվողներ։
Տիրեց լռություն: Երգում էր անհուն դաշտի սղոխը, օրորվում էր վայրի վարդը իսկ խոտը՝ ծփում:
Հովնաթանը և Մարգարիտը հասան տուն, երբ արևի մեծ նարինջը թեքվում էր սարի ետևը, և մուգ կապույտը բարձրանում էր երկրից։
Ծառերի տակ առվակներ էին նվագում, իսկ ծառերի վրա թափվում էին իրիկնային զանգակի լուսավոր փշուրները:
Մարգարիտի ամուսինն ասաց Հովնաթանին.
Մեր տան ներքնահարկը ոչնչի չի ծառայում, վերցրու և աշխատիր այնտեղ, քնիր պարտեզի վրա նայող փոքրիկ սենյակում, Մարգարիտի եփած ճաշը բավական է և՛ մեզ, և՛ քեզ:
Հովնաթանը շնորհակալության համար ասաց.
Դու իմ եղբայրն ես։
Այդ գիշեր Մարգարիտը փաթաթվեց ամուսնուն կրակե թևերով, իսկ ամուսինը համբուրեց նրա ողորկ, կլոր և լուսավոր թևերը։
Առավոտյան Հովնաթանը հագավ սպիտակ շապիկ, գլխին դրեց մի գդակ, ինքն անձամբ մաքրեց ներքնահարկը, կանչեց որմնադիր, բաց անել տվեց մեծ լուսամուտ։
Հաջորդ օրը շինել տվեց զանազան չափի կավակալներ, ինքն անձամբ գնաց ավազանները, լցրեց սայլն ազնվագույն կավով, բերեց և դարսեց ներքնահարկի մի անկյունը։
Եվ ներքնահարկը կոչեց աշխատանոց։
Երրորդ օրը, սայլապանի հետ միասին, գնաց լեռը, ընտրեց սպիտակ քարի բեկորներ, փոքր և խոշոր, բերեց ու դրեց աշխատանոցում։
Չորրորդ օրը նա ներքև իջեցրեց իր հետ բերած գործիքները և դարսեց ինչպես հարկն էր։
Մարգարիտն ու ամուսինը իջան ներքև և մնացին զմայլված։
Եղբայր իմ Հովնաթան, ասաց Մարգարիտի ամուսինը, այս ներքնահարկը կառուցված օրից լույս չէր տեսել, ահա պատերը ցնծում են լույսից։ Եվ երբ ամեն երեկո Հովնաթանը վեր էր բարձրանում աշխատանոցից, նրա թարթիչների վրա նստած էր լինում սպիտակ քարի նուրբ փոշին։
Առաջին անգամ նա քանդակեց երկու ֆիգուրա, մեկը գեղեցկությունն էր ներկայացնում, մյուսը՝ թշվաոությունը։ Երկու ֆիգուրաների ոտներն էլ խրված էին քարե կոշտ զանգվածի մեջ:
Ինչո՞ւ երկուսի ոտներն Էլ խրված են քարի մեջ, հարցրեց Մարգարիտը, երբ նա տեսավ գրեթե վերջացած:
Հովնաթանը պատասխանեց.
Քարը մայր երկիրն է, քո՛ւյր, երկուսն էլ աճում են մայր երկրից գեղեցկությունը և թշվառությունը նրանք միացած են իրար մայր երկրում, երկուսն էլ ծնունդ են մայր երկրի:
Եվ Հովնաթանը քանդակում էր ամեն օր:
Նրա մուրճի հարվածները լսվում էին լուսաբացից մինչև մայրամուտ, երբեմն կարճ և երբեմն երկար ընդհատումներով, փշրվում էր սպիտակ քարը և թափվում գետնին: Նրա մուրճի հարվածները լսվում էին վերի հարկից խուլ և խորը՝ ինչպես բաբախումը սրտի։
Հովնաթանն աշխատում էր թե՛ կավի և թե՛ սպիտակ քարի վրա: Կավի աշխատանքները վերջացնելուց հետո թրծում էր։
Եվ աշխատանոցը հետզհետե սկսեց շնչել ֆիգուրաների բազմությամբ։ Սկզբնական օրերի ամայությունը լցվեց կենդանի շնչով. պատերի առաջ, դարակների վրա, գետինը, ամեն կետում արձաններ էին դրված, որոնցից ամեն մեկը մի մարմնավորված գաղափար էր, կենդանի պոեզիա։
Ահա մի գանձարան, գանձարանի կողքին մի երիտասարդ՝ աղեղը ձեռքին, կապարճն ուսին, թիկնեղ, ջլապինդ, ուռած կրծքով, պաշտպանում է այդ գանձարանը, որի մեջ ամփոփված է մարդկության ստեղծագործության լավագույնը:
Ահա երկրորդը երկու որբ, քույր և եղբայր, փաթաթված իրար՝ տոկալու կյանքի մրրիկին։
Ահա երրորդը մի թռչող և մերկ աղջիկ՝ սուրը ձեռին։
Ահա չորրորդը մի մարդ` ցնցոտիապատ, աչքերը թաշկինակով կապած, չոքած գետնին, գլուխը կախ դեպի մայր հողը, նրա կողքին դահճի մթին կերպարանքը, երկու ձեռքով բարձրացրած նրա վզին ծանր դաշույնը` պատրաստ գլխատելու:
Ահա հինգերորդը մի մայր՝ թևերը պարզած, ծամերը հովին, խելահեղ վազքի մեջ, կարծես լսվում է նրա աղիողորմ ողբը։
Ահա վեցերորդը արևի տակ կքած հողի աշխատավորը, որի մեջքը, սրունքները, բազուկները պատմում են ահավոր հոգնածությունը:
Ահա յոթերորդը մի քանի բանվորներ՝ իրար վրա բարձած մկաններով, քանդում են լեռը քլունգներով։
Ահա ութերորդը մի ծերունի՝ նիհար, գրեթե միայն ոսկորների մի զանգված, ճաղատ գլխով, կարճատես, ձեռքեր՝ ուռած երակներով, կքած մի գրքի վրա:
Ահա իններորդը մի աղջիկ՝ գրկած մի նորածին մանկան գլուխը, տխուր, մռայլ, որովհետև փախել է նրա հետ զվարճացող սրիկան։
Եվ այլ մանուկներ, այլ կանայք ու տղամարդիկ, բոլորն էլ թշվառ և ըմբոստ:
Հովնաթանը քանդակել էր նաև ձիեր՝ զանազան վազքերի մեջ, մի հղի շուն՝ ստինքների պտուկները հպած գետնին, մի արջ՝ որսորդին գրկած և մի առյուծ՝ մի ընտանի անասուն հոշոտելիս:
Մի ամբողջ աշխարհ էր շնչում Հովնաթանի աշխատանոցում:
Բայց մարդկային չարությունը, խավար միտքը, հետամնացությունը և ձրիակերների իշխանությունը չթողին, որ արվեստագետն ստեղծագործեր խաղաղությամբ և խնդությամբ:
Հովնաթանը կանացի ֆիգուրաների համար աշխատանոց էր բերում կանայք, մերկացնում նրանց և քանդակում։ Այն կանայք, որոնք համաձայնում էին մերկանալ արվեստագետի առաջ, բնականորեն բարի վարքի տեր կանայք չէին, թեև նրանցից ամեն մեկին չէր հանդիպել մի մարդ, որ ավելի բարոյական լիներ, քան Հովնաթանը:
Բոզեր է տանում աշխատանոցը, մերկացնում ժամերով, բամբասում էին նրանք, որոնք այդ միևնույն բոզերի հետ գիշերներն էին անցկացնում։
Երբ մարդիկ, բամբասանքից այրվող մարդիկ, տեսան, որ արվեստագետը դույզն արժեք չի ընծայում իրենց բամբասանքներին, հնարեցին ուրիշ բամբասանք։
Ափսո՜ս, հազա՜ր ափսոս Երեմիայի որդի Հովնաթանին, ասում էին նրանք, գնաց, աշխարհներ թափառեց, վերադարձավ լայնեզր գլխարկով, բայց անպետք մի արարած է, ուտում է իր քրոջ ամուսնու հացը։
«Այրում էր Հովնաթանին վերջին բամբասանքը՝ ուտում է քրոջ ամուսնու հացը»:
Եվ կերած հացը հետզհետե մնում էր կոկորդում ու կուլ չէր գնում։
Սկզբներում նա երբեք մտադրություն չուներ վաճառելու իր աշխատանքներից մեկնումեկը, բայց երբ հացը մնաց կոկորդում, զիջեց և հայտարարեց վաճառք։
Մի մեծ բազմություն հավաքվեց նրա աշխատանոցը, դիտեց, զմայլվեց, բայց ոչ ոք ոչինչ չգնեց։
Առնենք ի՞նչ անենք, մտածեցին բոլորը։
Եթե փող տամ մի բանի, գոնե փորս կշտացնի, տրամաբանեց մեծամասնությունը։
Որքան որ Հովնաթանը վաճառք էր հայտարարել և սպասում էր ծախել իր աշխատանքներից մեկնումեկը և գեթ ժամանակավորապես ազատվել քրոջ ամուսնու հացից, բայց երբ պատկերացնում էր, որ ահա վաճառվեց մեկը և տանում են… հոգին դողդոջում էր այդ հեռապատկերից։
Եվ ոչ մի աշխատանք չվաճառվեց։ Հուսահատությունը, ինչպես երկաթյա շղթա, պատեց նրան։
Վերջապես, Հովնաթանը միտք հղացավ դիմել ազգին, որպեսզի ազգն ինքը վերցնի բոլորը, տա որոշ գումար, պայմանով, որ բոլորը միասին ցուցադրի դահլիճում։ Ազգին պատկանող այսպիսի դահլիճներ բազում էին։
Վարժապե՛տ, ասաց թեմի առաջնորդը, որ եպիսկոպոս էր և ազգն էր ներկայացնում, թագավոր քանդա կիր, Քրիստոս քանդակիր, սուրբ առաքյալք քանդակիր, քեզ փող տամ։
Երկու օրից պատասխան կտամ, սրբազա՛ն, ասաց Հովնաթանը և հեռացավ:
Հուսահատությանը փոխարինեց զայրույթը և ցցվեց նրա աչքերում՝ ինչպես մերկ և ոճրի պատրաստ դաշույնը:
Երկու օր անց՝ առաջնորդարանի ծառաները, գլխավոր քարտուղարի առաջնորդությամբ, հանդիսավորությամբ սրբազանի առաջ դրին մի ծանր տուփ, որ նվեր էր ստացված սրբազանի համար։
Բա՛ց արեք, հրամայեց սրբազանը հազալով և միրուքը շոյելով։
Դահլիճում, աջ և ձախ, բազմել էին ազգի երևելիները։
Գլխավոր քարտուղարն ինքը բաց արավ տուփը, քանդելով խնամքով կարմիր ժապավենները։
Երբ դուրս բերվեց նվերը, բոլորն ապշահար մնացին իրենց տեղում, ոչ ոք չհամարձակվեց նայել սրբազանին, իսկ սրբազանի միրուքը վետվետում էր, որովհետև դողում էր նրա ծնոտը զայրույթից։
Նվերը մի մինիատյուր արձան էր՝ երկու ֆիգուրայով։ Մի ֆիգուրան ինքը՝ սրբազանն էր, իսկ մյուսը՝ Հովնաթանը, բռունցքը երկարած սրբազանին, բթամատը սրբազանի ճիշտ քթին։
Նզո՛վք, հանկարծ գոռաց սրբազանը։
Ազգի երևելիները վեր ցատկեցին բազմոցներից և քարացան։ Երկար քարացումից հետո՝ երևելիներից մեկը մի քիչ առաջ եկավ, խոնարհվեց և ասաց.
Մի՛ զայրանաք, սրբազան, լավ չէ ձերդ սրբության մարսողության համար։
Սրբազանը աջ ձեռքը, որի ցուցամատի վրա կար զմրուխտի մեծ ակով մի ոսկյա մատանի, տարավ փորին և շփեց բավականությամբ։
Հուսկ ապա հրամայեց սրբազանը.
Տարեք այս զիբիլը և փշրեցեք։
Գլխավոր քարտուղարը կանչեց ծառաներին: Նրանք վերցրին արձանը և տարան։ Ազգի երևելիները հեռացան՝ խոնարհվելով սրբազանի առաջ, իսկ սրբազանը քաշվեց իր ննջարանը, որտեղ նրան սպասում էր իր տասնյակ պոռնիկներից մեկը։
Գլխավոր քարտուղարը փշրել չտվեց արձանը, այլ ուղարկեց իր տունը։ Ծառաներին տվեց ցորեն, ալյուր, շաքար, մեղր ու գինի և պատվիրեց ոչինչ չհայտնել սրբազանին։
Գլխավոր քարտուղարը տանը երկար դիտեց արձանը, նրան բռնեց մի հոմերական ծիծաղ, որովհետև հիշեց սրբազանի բազմելը թավշյա լայնանիստ աթոռի վրա, նրա գոռոզ նայվածքն ի սպասումն այն նվերի, որ Քրիստոսի եկեղեցու ամենահպարտ մի ծառան ամենախոնարհաբար ուղարկել էր իրեն։
Փշրեցինք, դարձրինք փոշի և ավլեցինք ամենօրյա աղբի հետ, զեկուցեց սրբազանին գլխավոր քարտուղարը:
Արվեստագետի համար օրերը դարձան դժնդակ: Քաղաքում շատ քչերը ողջույն էին տալիս նրան և ողջույնն առնում։ Սրբազանը նզովք էր կարդացել նրա գլխին՝ անաստված և անբարոյական։
Մարգարիտի ամուսինն անգամ դատապարտում էր, որ ազգի առաջնորդին այդպես սուր կերպով ծաղրել էր Հովնաթանը:
Միայն Մարգարիտն էր, որ մոտենում էր եղբորը նույն անդրդվելի հավատքով և անեղծանելի սիրով։ Քույրն իր ձեռքերով լվանում էր նրա սպիտակեղենները, կարկատում գուլպաները, կարում կոփակները, հարթուկում աշխատանոցի սպիտակ շապիկները։
Հովնաթա՛ն, մի հուսահատվիր, ես կկտրեմ իմ ծամերը, կվաճառեմ և քեզ կապրեցնեմ, ասում էր անձնվեր քույրը։
Բայց Հովնաթանն այլևս վեր չէր բարձրանում ճաշի, որովհետև չէր ուզում վեճի բռնվել քրոջ ամուսնու հետ։ Մարգարիտը լավաշի մեջ փաթաթում էր ճաշի մնացորդը, դնում գոգնոցի տակ և իջնում աշխատանոցը, տալիս Հովնաթանին։ Մարդս ուղարկեց, ստում էր քույրը, որպեսզի եղբայրն ուտի բերած մի պատառը։
Հովնաթանը չէր հավատում քրոջը, բայց նրա բացակայության ծամում էր բերած ճաշը։
Եվ սրբազանը, տեսնելով, որ իր նզովքից հետո էլ Հովնաթանը կուշտ է, ապրում է և ստեղծագործում, կանչեց իր մոտ Մարգարիտի ամուսնուն և ասաց.
Հավատո՞ւմ ես դու աստծո։
Այո:
Հավատո՞ւմ ես դու Քրիստոսին։
Այո։
Հավատո՞ւմ ես Քրիստոսի եկեղեցուն։
Այո:
Հավատո՞ւմ ես, որ ես նույն այդ եկեղեցու ներկայացուցիչն եմ։
Այո:
Սրբազանը ոտքի կանգնեց և հրամայեց.
Քո տան մեջ բնակվում է մի շուն, անաստված և անբարոյական, պետք է զրկես նրան հացից։
Հնազանդ եմ, սրբազան, պատասխանեց ստրուկը։
Ուրեմն գնա՛, հրամայեց սրբազանը։
Մարգարիտի ամուսինը դուրս եկավ և սկսեց քայլել դանդաչյունով։
Հասավ տուն, իջավ Հովնաթանի աշխատանոցը։
Հովնաթանի մուրճի հարվածները բախեցին նրա սրտին, մոտեցավ, բռնեց մուրճը և գորովանքով նայեց այն մարդուն, որին եղբայր էր կոչել։ Երկար ժամանակ էր, որ նրանք, ապրելով միևնույն տան մեջ, չէին հանդիպել իրար։
Հովնաթանը, տեսնելով նրա աչքերի մեջ եղբայրական հին զգացումը, նետեց մուրճը, բաց արավ բազուկները, և նրանք գիրկընդխառնվեցին ջերմությամբ և կարոտով։
Ապա Մարգարիտի ամուսինը պատմեց ամեն ինչ մանրամասնորեն։
Հովնաթանն ասաց.
Եղբայր, զիջիր ինձ միայն այս ներքնահարկը։
Մարգարիտի ամուսինը գլուխը կախեց ամոթահար։ Այնպես արա՛, որ ո՛չ ոք չիմանա, թե ես քեզ հաց եմ տալիս, խնդրեց փեսան:
Խոստանում եմ, բայց շուտով կհասնի մահը, և դու կազատվես երկու օրից, շարունակեց Հովնաթանը խաղաղությամբ և աչքերի արտակարգ փայլով:
Մարգարիտի ամուսինը նորից փաթաթվեց նրան և ասաց.
Ների՜ր ինձ։
Հովնաթանը ժպտաց՝ ցույց տալու համար իր ներումը և անդորրությունը։
Երեկոյան Հովնաթանը փոխադրեց իր անկողինը ներքնահարկը։
Գիշերը, մենակ նստած թաց կավի կույտի առաջ, խոսեց այսպես.
«Կա՛վ, հասել է ժամը, որ ես պիտի կերտեմ քեզանով իմ վերջին քերթվածը: Հալածում է ինձ խավարը։ Խավարը նույնպես մարդկային թշվառությունն է։ Երբ կոտրատում են լուսատու լապտերը, չոքում է խավարը։ Կա՛վ, դո՛ւ ես ամեն բանի նախանյութը, դու ես նախաձևը, դու ես, որ բոսորացնում ես վարդը, դու ես, որ բարձրացնում ես ծառերը և կախում ես ճյուղերից երփներանգ մրգերը, դու ես, որ բաշխում ես հացը, դու ես, որ կերպարանափոխվում ես, հար և հավիտյան, բյուրավոր սքանչելի ձևերով, դու ես, որ էիր, կաս և պիտի լինես, տո՛ւր ինձ քո ընդերքի անիմանալի և անհաղթելի ուժը»։
Արվեստագետը խոսում էր բարձրաձայն, և նրա ձայնը կարծես բխում էր հոգու արևային հատակից կես֊գիշերի մենակության և մթության մեջ։
Եվ հանկարծ նրա աչքին, ինչպես հրաշալի տեսիլք, ինչպես մութի արգանդից հառնող լույսի զվարթ մի շող, պարզվեց ու բարձրացավ մի նոր ստեղծագործության ծրագիր:
Նա հարձակվեց կավի քաոսային կույտի վրա և սկսեց արագ, տենդագին ու հափշտակությամբ ձևավորել այդ տեսիլքը՝ մինչև բողոքեցին նրա հոգնած ոսկորները։
Երբ նա երկարեց անկողնում և քաշեց վերմակը վրան, նրան թվաց, ու ընկղմվեց մի խոնավ նկուղի մեջ: Անկողինը թաց էր, որովհետև ներքնահարկը չափազանց խոնավ էր, մանավանդ միշտ թրջած քանակությամբ կավի գոյությունից։
Առավոտյան Մարգարիտը նախաճաշ բերեց։ Հովնաթանը, երբ բաց արավ աչքերը և տեսավ քրոջը, որ նայում էր իրեն գորովանքով, ժպտաց։ Մարգարիտին թվաց, որ նրա կապույտ աչքերից բացվեց այգը։
Օրը բոլոր Հովնաթանն աշխատեց։ Ավելի և ավելի էր ձևավորվում նրա տեսիլքը. ահա մի բլուր, բլրի մի կողքին՝ ծերունիներ, կանայք, աղջիկներ և երիտասարդներ, որոնց սրունքներին փաթաթված են ահաբեկված մանուկներ, մի քանի կանայք ծծկեր երեխաներով, բոլորն էլ ցնցոտիապատ։ Մանուկները մերկ, բոլորն էլ հողմածեծ և հալածական, մազերը մրրիկից գզգզված՝ դիմում են դեպի բլրի գագաթը, իսկ բլրի գագաթը բարձրանում էր մի ամեհի մարդ` ջահը ձեռքին: Բոլոր ֆիգուրաներն էլ ձգտում էին դեպի այդ ջահը։
Հովնաթանն աշխատում էր արագ և տենդագին, որովհետև նրա առողջությունը դառնում էր սպառնալից, նա շտապում էր, որպեսզի կավից հետո սկսեր քանդակել այն՝ սպիտակ քարից, բնական մեծությամբ։ Նա զգում էր, որ մահը համառ և ծանր քայլերով, մոտենում է։ Ոչ մի երկյուղ չէր զգում, սակայն, մահից, նա միայն ցանկանում էր ապրել այնքան, որ կարողանար քանդակել իր հուշարձանը քարից։
Եվ ահա մահվան դիմաց՝ նա ձևավորում էր մարդկային տառապանքը մկանների գալարում, ճղակոտոր ոսկորների տանջանք, բացված և բլրի գագաթը ձգտող թևեր, կույր և խոր աչքեր, հողմից ծեծված ցնցոտիներ, մանուկների պակուցում և սրունքների հոգնածություն։
Մարգարիտը, տեսնելով եղբոր օրեցօր դալկացող դեմքը, մեղրամոմի նման դժգույն ձեռքերը և աչքերի արտակարգ պայծառությունը, խորապես մտահոգվում էր նրա առողջական վիճակով։
Պետք է Հովնաթանին վեր փոխադրել, պետք է նրան միառժամանակ ազատել աշխատանքից, շշնջաց Մարգարիտն ամուսնուն, երբ նրանք բակի հին թթենու տակ կանգնած՝ խոսում էին Հովնաթանի մասին։
Այո, պետք է փոխադրել, համաձայնեց ամուսինը։ Նրանք միասին իջան աշխատանոցը և ստիպեցին Հովնաթանին փոխադրվել վերև և երկար Ժամանակով հանգստանալ:
Վաղը կվերջացնեմ աշխատանքը և երեկոյան կփոխադրվեմ, խոստացավ Հովնաթանը:
Նրա ձայնը հնչում էր օտարոտի:
Կեսօրից հետո Հովնաթանը երկար աշխատեց մի քանի մանրամասնությունների վրա։
Երեկոյան շուտ պառկեց՝ բոլորովին հոգնած, գրեթե ուժասպառ։
Նա զարթնեց կապույտ լույսին, սրտի անհանգստությունից։
Օդը չէր բավում։ Վեր կացավ։ Ինչ֊որ տարօրինակ զգացում պատեց նրան։ Բովանդակ շրջապատը փոխված էր թվում։ Մոտեցավ լուսամուտին։ Բաց արավ։ Շնչեց առավոտյան թարմ օդը։ Կարծես մի քիչ կազդուրվեց։ Թարմ օդը շնչեչիս՝ նա մտածեց մահվան մասին, դարձավ, նայեց հուշարձանին և կարոտագին մոտեցավ նրան, վերցրեց ամենանուրբ գործիքը փորձեց աշխատել, բայց ձեռքը թուլացավ։ Հովնաթանն զգաց, որ աշխարհի դուռը փակվում էր իր դեմ, մարմինը դավաճանում էր, բայց նա վերջին անգամ հավաքեց իր հոգու ամբողջ ուժը, կարողացավ տիրապետել իր ձեռքին և բլրի գագաթին, ամեհի և ջահակիր մարդու ոտների տակ գրեց ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ:
Գրելուց հետո՝ ժպտացին նրա կապույտ աչքերը: Նստեց աթոռին, աջ արմունկը հենեց կավակալին, ձախ ձեռքը դրեց բլրի ստորոտը, ճակատը հպեց սառը կավին, ճգնեց շնչել, բայց օդ չկար։
Հովնաթանը խաղաղությամբ փակեց աչքերը։
Մարգարիտը, ամեն օրվա նման, առավոտյան իջավ աշխատանոց նախաճաշով։
Այս գիշեր նորից չի քնել, շշնջաց նա, երբ տեսավ Հովնաթանին՝ կավակալի վրա ընկած։
Մարգարիտը մոտեցավ, բռնեց եղբոր ձեռքը։ Սառը։ Գրկեց գլուխը, շրթունքները տարավ ճակատին: Սառը, սառը:
Բարձրացավ սրտակոտոր ճիչ:
Մի քրոջ սիրտ նկուղում ողբում էր եղբորը: Թաղումից հետո՝ Մարգարիտն իջավ աշխատանոցը, թրջեց կավը ջրով և հորդառատ արցունքներով։
Իսկ մի քանի օր հետո՝ հագավ նա սև շորերը, երեսը ծածկեց մուգ քողով, գնաց հորեղբորորդիներից մեկի մոտ, խնդրեց, որ առանձին խնամքով թրծի Հովնաթանի հուշարձանը:
Մարգարիտը դրեց հուշարձանը աշխատանոցում, մեխեց լուսամուտները, փակեց դուռը, զմռսեց և ասաց.
Թող փակ մնա, մինչև իմ ամենավերջին զավակի մահը:
Եվ փոշին իջավ, և մոռացումը պատեց Հովնաթանի ստեղծագործությունները։
Եվ հանկարծ խլրտաց երկիրը:
Նախ՝ հատուկտոր աղաղակներ լսվեցին երկրի ընդերքներից, բայց հետզհետե ողջ սոցիալական հատակն սկսեց երերալ։ Մահվան հռնդյունը խառնվեց ըմբոստ աղաղակներին: Վեր բարձրացան մարդիկ, որոնք կառուցել էին ողջ երկիրը, որոնց ոսկորները տնքացել էին ֆիզիկական մթին աշխատանքից:
Եվ շարժվեցին գործարաններից, դաշտերից, նավահանգիստներից, ծովերից, շարժվեցին փողոցներից, իջան սարերից, խուժեցին գյուղերից քաղաքները, և քաղաքները հրդեհվեցին, սուլեցին հրացանները, և պայթեցին թնդանոթները, տրորվեցին ոսկյա թագերը, փշրվեցին ադամանդակուռ խաչերը, գզգզվեցին մեծատունների զգեստները, որոնք հյուսված էին աշխատավորների արյունով ու քրտինքով, շարժվեց բանակը և պաշարեց պալատները, դղյակները, կոտրատվեցին բանտերի դռները, և մութ զնդաններից դուրս եկան դժգույն, քաղցած, մահամերձ, բայց գազազած մարդիկ, քանդեցին բռնակալության որջերն ու ամրոցները։
Ողջ երկրի հետ միասին շարժվեց և այն քաղաքը, որ ծաղկած էր հին գետի ափին:
Անհուն դաշտում հրդեհներ բռնկվեցին, ծառերից ճոճվեցին մեծ ու փոքր բռնակալների մարմինները, նրանք ծնկի չոքեցին, բայց արդար և սրբազան ատելությունը չխնայեց ոչ ոքի:
Իշխանությունն անցավ գործարանների և դաշտերի հերոսներին:
Եվ նոր մարդկությունը հիշեց մեծ արվեստագետին, որ կավից և քարից կերտում էր մարդկության թշվառությունը, զրկանքը և հալածանքը:
Մարգարիտը, որ սպիտակ ծամեր ուներ և թոռներ, բաց արավ Հովնաթանի աշխատանոցի դուռը, որի բանալին, եղբոր մահից հետո, կրում էր միշտ սրտի վրա։
Մաքրեցին թանձր փոշին մեծ արվեստագետի ստեղծագործությունների վրայից։
Թանգարանում մի մեծ դահլիճ հատկացվեց Հովնաթանի գործերի համար, իսկ վերջին հուշարձանը հանձնվեց երիտասարդ արվեստագետներին՝ սպիտակ մարմարից քանդակելու համար։ Փակ, մթին նկուղի լուսամուտները բացվեցին, թարմ օդը լցվեց ներս, երգեցին երիտասարդ արվեստագետների մուրճերը ոսկյա հնչյուններով։ Երիտասարդ արվեստագետները քանդակեցին հուշարձանն այնպես, ինչպես մեծ արվեստագետն էր ծրագրել բնական մեծությամբ։
* * *
Այժմ այդ հուշարձանը կանգնած է քաղաքի մեծ հրապարակում, սպիտակ մարմարի տակ հանգչում են Հովնաթանի ոսկորները, և բլրի ստորոտում փորագրված է.
1934թ.