Ваан Тотовенц

Հրդեհ

Առաջին պատկեր
Մի պարզ սենյակ, շատ քիչ կահ-կարասիով

ՄԱՐԻԱՆՆԱ. (Երիտասարդ աղջիկ, նոր ամուսնացած, բարձրահասակ, աշխույժ, միամիտ: Ներս է մտնում, պահարանից բրդե շալը վերցնում, լուսամուտը, բաց անում և բարձրաձայն լուսամուտից դեպի դուրս) Նադեժդա Իվանովնա՞, Նադեժդա Իվանովնա՞։

ՆԱԴԵԺԴԱ. (Դրսից) Լսում եմ։

ՄԱՐԻԱՆՆԱ. Տանն ե՞ս։

ՆԱԴԵԺԴԱ. Տանն եմ, որ լսում եմ. տանը որ չլինեմ՝ կլսե՞մ։

ՄԱՐԻԱՆՆԱ. Նադեժդա Իվանովնա, թեյ ունե՞ս, մի քիչ տաս, վաղը կտամ։

ՆԱԴԵԺԴԱ. Մարդդ եկավ, էլի՞ թեյ ես ուզում. բա ի՞նչ բանի համար եկավ, հիմի այնքան անպետք եղավ, որ թե՞յ էլ չի կարող առնել տան համար։

ՄԱՐԻԱՆՆԱ. Է՛հ, ես ինչ իմանամ, ֆրոնտից եկավ, բայդ էլի տանը չի նայում, ասում է՝ քաղաքն էլ է ֆրոնտ, ես էլի զինվոր եմ՝ ասում է։

ՆԱԴԵԺԴԱ. Այո, ես գիտեմ, մարդդ էլ նրանցից է, նրանք ուզում են քաղաքում կրակ գցեն, հիմի ուզում են պատերազմը քաղաքում շարունակել։ Խրատիր քո մարդուն, Մարիաննա Սերգեևնա, թող ձեռք քաշի այդ մարդկանցից. շուտով դրանց բոլորին պետք է կոտորեն, մեղք է, իրան էլ կկոտորեն, դու էլ ջահել աղջիկ ես։

ՄԱՐԻԱՆՆԱ. Նադեժդա Իվանովնա, ինչե՞ր ես դուրս տալիս, իմ մարդն ի՞նչ է արել, որ կոտորեն. երկու տարի է թագավորի համար կռվում է. մենք տանը քաղցած, նա էլ ֆրոնտում քաղցած, այդ բավական չէ՞, որ կոտորեն. եթե թագավորի ծառայողին պետք է կոտորեն, էլ ու՞մ են ողջ թողնելու։

ՆԱԴԵԺԴԱ. (Մոտենում է լուսամուտին) Այդ բոլորը լավ, թագավորի համար կռվել է, բայց հիմի բոլոր արածները ոտի տակովն է տալիս. այսքան հեղափոխության, այսքան փոփոխության չեն հավանում, ուզում են, որ անվերջ հեղափոխություն լինի, հասկանու՞մ ես։ Նրանք ուզում են իշխանությունը բանվորների ու տգետ գյուղացիների ձեռքը գցեն, ա՛յ թե ինչու համար դրանց բոլորին շուտով պետք է կոտորեն։

ՄԱՐԻԱՆՆԱ. Ներս արի, ցուրտ է, պետք է փակեմ լուսամուտը։

ՆԱԴԵԺԴԱ. (Մտնում է) Խելք սովորացրու քո մարդուն, թող հեռանա այդ ավանտյուրիստներից. դու կին ես, ինչ ուզենաս՝ կանես, ասա՝ եթե ձեռք չես քաշի, կփախչեմ, կգնամ. իսկույն կհամոզվի։ Ասա՝ կգնամ ուրիշ մարդու մոտ։

ՄԱՐԻԱՆՆԱ. Ինչպե՞ս խելք սովորեցնեմ ես տղամարդուն. ասում է՝ կռիվը նոր է լինելու, արյունահեղ կռիվ է լինելու։

ՆԱԴԵԺԴԱ. Արյունահեղը հենց իրեն համար է. իրենց թափած արյան մեջ իրենք էլ կխեղդվեն։

ՄԱՐԻԱՆՆԱ. Դու հաստատ գիտե՞ս, որ պիտի կոտորեն։

ՆԱԴԵԺԴԱ. Հաստատ։ Կառավարությունը արդեն հրամայել է կազակներին քաղաքը պաշարել, և ով որ կարգը խանգարում է, պետք է տեղնուտեղը գնդակահարվի։

ՄԱՐԻԱՆՆԱ. (Մտահոգ) Բա Անդրյուշան ո՞ւր մնաց, ինչո՞ւ ժամանակին տուն չեկավ։ Ասա, Նադեժդա Իվանովնա, ճշմարի՞տ ես ասում։

ՆԱԴԵԺԴԱ. Գնա, շուտ գտիր ու տուն բեր. նա ոչնչից լուր չունի. ասա՝ ամեն բանից ես հաստատ տեղից լուր ունեմ։

ՄԱՐԻԱՆՆԱ. Նադեժդա Իվանովնա, մի քիչ թեյ տուր, գնամ մարդուս գտնեմ։

ՆԱԴԵԺԴԱ. Գիտե՞ս ինչ կա, Մարիաննա Սերգեևնա, թեյ ունեմ, բայց չեմ կարող տալ. քո մարդը շատ կոպիտ է. անցյալ օրը, հենց գալուց մի քանի օր հետո, ամուսնուս հետ վիճում էին, քո մարդը իմ մարդուն անքաղաքավարի կերպով անպատվեց. դուք բոլորդ էլ մանր բուրժույներ եք՝ ասաց, դուք սոցիալ-դավաճանների ստրուկներ եք ասաց, դուք... չգիտեմ ինչ պատրիոտներ եք՝ ասաց։ Է՛հ, մենք մանր բուրժույներ ենք. և թեյ չունենք։ (Բերանը ծամածռելով գնում է:)

ՄԱՐԻԱՆՆԱ. (Մի պահ շվարած կանգնած է մնում սենյակի մեջտեղում, ապա մոտենալով լուսամուտին՝ բաց է անում և բղավում) Նադեժդա Իվանովնա, Նադեժդա Իվանովնա...

ՆԱԴԵԺԴԱ. (Հեռվից) Լսում եմ։

ՄԱՐԻԱՆՆԱ. Նադեժդա Իվանովնա, դուք մանր բուրժույներ եք և սոցիալ-դավաճաններ, մարդս ճիշտ է ասել։ Դուք ամեն բան եք, դուք այն մարդկանցից եք, որ մեզ կողոպտում եք. մանր բուրժույներ եք։

ՆԱԴԵԺԴԱ. (Ջղայնացած և բարձր) Ճշմարիտ ես ասում, Մարիաննա Սերգեևնա, մենք մանր բուրժույներ ենք և հենց դրա համար էլ թեյ չունենք։

ՄԱՐԻԱՆՆԱ. Իմ մարդը ճշմարիտ է ասել, այն մյուս ասածն էլ ճշմարիտ է։ Վերջապես դուք ամենն եք։

ՆԱԴԵԺԴԱ. Ինչքան ուզում եք՝ դուրս տվեք, թեյ չունենք, թեյ չունենք։ Վերջացավ։

ՄԱՐԻԱՆՆԱ. (Սրտնեղած և ջղայնացած՝ լուսամուտը փակում է) Ես ինչ ասեմ Անդրյուշային, որ խելքը տվել է ուրիշներին, ուրիշների համար է մտածում և իր տան մասին չի մտածում, այն ժամանակ ամեն բան էլ կունենանք և ուրիշներից ոչինչ չենք խնդրի։

ՎԱՍԻԼԻ. (Մտնում է Վասիլին մի ծերունի բանվոր, բարի դիմագծերով) Բարև, Մարիաննա։

ՄԱՐԻԱՆՆԱ. Բարև, պապաշա, լավ որ եկար։

ՎԱՍԻԼԻ. Հը՛, ո՞ւր է Անդրեյդ։ Ո՞ւր է գնացել. տեսնում եմ, հրացանն էլ կախված է պատից։

ՄԱՐԻԱՆՆԱ. Դուրս է գնացել, պապաշա։

ՎԱՍԻԼԻ. Իմանում եմ, որ դուրս է գնացել. ուզում եմ ասել՝ առանց հրացանի՞ դուրս կգնան, ո՞վ է իմանում, քաղաքն այնքան տակնուվրա է եղել, որ հանկարծ յունկեր շանորդու մեկը կխփի, գետին կգցի նրան։

ՄԱՐԻԱՆՆԱ. Տեսնու՞մ ես Անդրեյի բանը. այդքան խելք չունի, երկու տարի խրամատներում է եղել ու դեռևս այդքան բան չի մտածել։ Պապաշա, վախենում եմ, ապա ինչու՞ ուշացավ, գնամ գտնե՞մ։

ՎԱՍԻԼԻ. (Նստելով) Է՜խ, է՜խ, Մարիաննա, շատ բաներ են պատահելու. բուրժույները հեշտությամբ իշխանությունը չեն տա Խորհուրդներին. Պիտերի փողոցները արյունով են ներկվելու և հենց այս գիշեր։ Այս գիշեր կա՛մ մեր վերջը կլինի, կա՛մ նրանց վերջը։

ՄԱՐԻԱՆՆԱ. Եթե իմանաս՝ ինչեր էր ասում այս մեր հարևանը... ասում էր՝ մենք մանր բուրժույներ ենք, թեյ ուզեցի՝ չտվեց, ասում էր՝ քանի որ մենք մանր բուրժույներ ենք, թեյ չունենք. ասում էր՝ դրանց բոլորին պիտի կոտորեն կազակները։ Արդեն քաղաքում կազակներ են բաց թողել։

ՎԱՍԻԼԻ. Ո՞ր հարևանը, էն քավթա՞ռը։

ՄԱՐԻԱՆՆԱ. Չէ, Նադեժդա Իվանովնան։

ՎԱՍԻԼԻ. Ա՜հ, էն մեշչանկան, չինովնիկի կինը։ Լեզու է առել ու խոսում է. շուտով նրանք կտեսնեն, թե ուր են գնալու։ Ու՞ր մնաց Անդրեյը։ Այս երեկո մենք նշանակված ենք քաղաքապահ զինվոր։

ՄԱՐԻԱՆՆԱ. Է՜հ, պապաշա, սիրտս վախենում է. ի՛նչ կարող են անել խեղճ զինվորներն ու բանվորները։ Հարևանուհու ասածը ճիշտ է, կկոտորեն ձեզ։

ՎԱՍԻԼԻ. Ի՞նչ կարող են անել, Մարիաննա. ապա այս աշխարհը ու՞մ ուսերի վրա է կանգնած, բուրժույների՞։ Ոչ, սիրելի Մարիաննա, այս աշխարհը բանվորների ուսերի վրա է կանգնած։ Եվ փետրվարյան հեղափոխությունից հետո այդ բանվորների վիճակի ոչ մի փոփոխություն չի եղել դեպի լավը։ Շարունակվում են կեղեքումները, հողերը մնում են կալվածատերերի ձեռքում, ոչ մի գյուղացի ոչ մի վերշոկ հող չի ստացել։

ՄԱՐԻԱՆՆԱ. (Ընդմիջելով) Ախր, պապաշա, ասում են պիտի տան, մի քիչ պետք է համբերենք։

ՎԱՍԻԼԻ. Միամտություն կլինի հավատալը, իրենց հեղափոխական կոչող մարդիկ գնացել և դաշնակցել են կալվածատիրական կուսակցությունների ղեկավարների հետ։ Լսիր, Մարիաննա, այս ասողը ծերունի բանվոր Վասիլին է, գիտե այդ մարդկանց ամենավերջին կեղծավորությունը։

Մտնում է Անդրեյը

ԱՆԴՐԵՅ. Վասիլի, այստե՞ղ ես. այս երեկո մենք որոշ պոստերի վրա ենք նշանակված, լավ որ եկել ես, պետք է շուտով գնալ։ Եկա տուն, որ հրացանս առնեմ և մոտդ գամ։

ՎԱՍԻԼԻ. Իմանում եմ, ես էլ հենց դրա համար եմ եկել։

ԱՆԴՐԵՅ. Բերել եմ Ռազմահեղափոխական Կոմիտեի նոր հայտարարությունը։

ՎԱՍԻԼԻ. (Խլելով հայտարարությունը՝ կարդում է) «Հակահեղափոխությունը բարձրացրել է իր հանցապարտ գլուխը։ Պետրոգրադի բանվորական և զինվորական պատգամավորների խորհուրդն իր վրա է վերցնում քաղաքի հեղափոխական կարգը հակահեղափոխական ավերիչ հարձակումներից ազատ պահելու գործը։ Պետրոգրադի քաղաքապահ զորքը ոչ մի բռնություն և անկարգություն թույլ չի տա։ Ազգաբնակչությունը հրավիրվում է ձերբակալելու բոլոր խուլիգաններին ու սևհարյուրակային ագիտատորներին և հանձնելու Խորհուրդների կոմիսարներին՝ մոտակա զորամասը։ Մութ տարրերը հենց որ առաջին փորձն անեն քաղաքում թալան, հրացանաձգություն կամ խառնակություն գցելու՝ կջնջվեն երկրի երեսից։ Քաղաքացինե՛ր, հեղափոխության և կարգապահության գործը զորեղ ձեռքերի մեջ է»։ (Ընթերցումը լրացնելուց հետո՝ աչքերը փայլում են ուրախությամբ) Արդեն ակտիվ ապստամբությունը փաստ է. այս գիշեր ամբողջ մայրաքաղաքը տակնուվրա պետք է լինի և վերջ տրվի սրիկայություններին։

ԱՆԴՐԵՅ. (Շատ լուրջ և ծանր տոնով) Ընկեր Լենինն ասել է, որ նոյեմբերի 6-ին շատ շուտ կլինի գործելը, ապստամբության համար համառուսական հիմք է հարկավոր, նոյեմբերի 6-ին դեռ բոլոր պատգամավորները չեն հավաքվելու համագումարին, իսկ նոյեմբերի 8-ին էլ ավելի ուշ կլինի գործելը, որովհետև 8-ին համագումարը կկազմակերպվի. իսկ կազմակերպված խոշոր ժողովը կդժվարանա արագ և վճռական որոշումներ ընդունել։ Մենք պետք է սկսենք գործել նոյեմբերի 7-ին, որպեսզի մենք կարողանանք ասել՝ ահա՛ իշխանությունը։ Այսօր, Վասիլի, նոյեմբերի 7-ն է, մենք պետք է հետևենք մեր առաջնորդի պատգամին, գործել ճիշտ նոյեմբերի 7-ին. 6-ին շուտ է, 8-ին ուշ է։

ՎԱՍԻԼԻ. Ես կարծում եմ, որ մենք ուշացել ենք. ես անցա քիչ առաջ Սմոլնիից, ահավոր իրարանցում էր այնտեղ։

ԱՆԴՐԵՅ. Պետք է աճապարել։ Մենք նշանակված ենք մեր պոստերի վրա գիշերվա ժամի 10-ից, ժամը դեռևս 8-ն է։

ՎԱՍԻԼԻ. Բայց պետք է աճապարել։

ԱՆԴՐԵՅ. Գնանք, Վասիլի։ (Հրացանը առնում է պատից, կախում է փամփշտակալը:)

ՄԱՐԻԱՆՆԱ. (Տխուր և այլայլված՝ կտրում է առաջը) Անդրյուշա, չէ՞ որ նոր ես վերադարձել ռազմաճակատից, նոր ես վերադարձել քաղցից, կրակից ու մահից։ Անդրյուշա, զինվորները դեմ էին պատերազմին. մեզ կործանողը պատերազմն էր, ինչո՞ւ էլի նոր պատերազմ եք ստեղծում։ Պապաշա, Անդրյուշան ջահել է, դո՞ւ ինչու նրան չես խրատում, դու էլ ես խառնվել բոլորին, դու էլ ես կրակի հետ խաղում, պապաշա, կրակի հետ ես խաղում։

ԱՆԴՐԵՅ. Մարիաննա, սիրելիս, սա պատերազմ չէ. սա կռիվ է, այս կռիվը հարկավոր է մեզ համար, բոլոր չքավորներիս համար։

ՄԱՐԻԱՆՆԱ. Անդրյուշա, ես հասկանում եմ քեզ, բայց չէ՞ որ նոր ես վերադարձել կրակից։

ՎԱՍԻԼԻ. (Կիսագրկելով Մարիաննային) Մարիաննա, աղավնյակս, առանց այս կռվին մենք ստրուկներ ենք մնալու, դու մնա տանը հանգիստ և խաղաղ, եթե այս կռվում մենք մեռնենք, դա նշանակում է, որ մենք օգնած կլինենք աշխարհի բոլոր չքավորների ազատությանը։ Անդրյուշան և դու ջահել եք, կվայելեք կյանքը։

ՄԱՐԻԱՆՆԱ. Անդրյուշա, Նադեժդա Իվանովնան ասաց, որ քաղաքում կազակներին բաց են թողել և իշխանության հակառակորդներին պետք է բռնեն ու տեղնուտեղը գնդակահարեն։

ԱՆԴՐԵՅ. Թո՛ղ դժոխք գնա Նադեժդա Իվանովնան. դու ասա նրան, որ առավոտյան իր գործը վերջացած կլինի։ Մնաս բարով, Մարիաննա, սիրելիս։ (Համբուրում և դուրս է գնում:)

ՎԱՍԻԼԻ. Մնաս բարով, Մարիաննա. մի՛ մտածիր, կտեսնես հեղափոխության բարիքները, աշխարհը կփոփվի, աշխարհը կդառնա հեղափոխական հաղթանակից հետո մի փառավոր վայր ապրելու համար։ Միայն մի պայմանով, Մարիաննա, որ փոխվի, իսկապես փոխվի աշխարհը։ (Գնում է:)

ՄԱՐԻԱՆՆԱ. (Լուսամուտը բաց է անում և նայում է նրանց ետևից) Անդրյուշա, (ձեռքով ողջերթ է մաղթում) Անդրյուշա։

ԱՆԴՐԵՅ (Դրսից և հեռվից) Մարիա՛ննա, փակիր լուսամուտը, ցուրտ է, սիրելիս, կմրսես։

ՄԱՐԻԱՆՆԱ. (Ձեռքով ողջերթ է մաղթում, ապա փակում է լուսամուտը, տխուր նայում է չորս կողմը: Քիչ անց մտնում է Մարիաննայի քույր Կատյուշան:)

ԿԱՏՅՈՒՇԱ (Համբուրելով Մարիաննային) Ո՞ւր է Անդրյուշան. քաղաքն ամբողջ կրակի է տրված, սկսվել է արդեն արյունահեղությանը։ (Հրացանաձգության ձայներ հեռվից:)

ՄԱՐԻԱՆՆԱ. Անդրյուշան հենց հիմա կռվի գնաց, հենց հիմա. մեկ-երկու րոպե առաջ գայիր՝ այստեղ էր, ծերունի Վասիլին հետն էր. նա էլ գնաց։

ԿԱՏՅՈՒՇԱ. Ինչո՞ւ թողեցիր, որ գնա։ Փողոցում և կտուրների վրա գնդացիրներ են գրված. այդ իրարանցումից որևէ մեկը ո՞ղջ դուրս կգա։ Ինչո՞ւ թողեցիր. գիտեմ, որ հարկավոր է կռվել, բայց դու ջահել ես. մեղք ես, եթե նա սպանվի։

ՄԱՐԻԱՆՆԱ. Ինչպե՞ս արգելեի (մի պահ դադարից հետո) և ինչո՞ւ պետք է արգելեի, Կատյուշա, բավական չէ՞ մեր թշվառությունը։ Անդրյուշան ինչե՞ր է պատմել ինձ գեներալներից, մինիստրներից և բոլոր սրիկաներից։

ԿԱՏՅՈՒՇԱ. Իմանում եմ, իմանում եմ ամեն ինչ, բայց կռիվը սարսափելի է լինելու. Պետրոպավլովսկի բերդը արդեն անցել է բոլշևիկների կողմը։ Կառավարությունը հրամայել էր մի գնդի արշավել քաղաքի վրա. բայց զինվորները Գատչինայում կանգնեցրել են գնացքը՝ կասկածելով, որ մի բան կարող է լինել քաղաքում, որ իրենց քշում են քաղաքի վրա։ Գատչինայում իմացել են ամեն բան, և նրանք էլ անցել են բոլշևիկների կողմը, եթե բոլշևիկները պարտվեն, ոչ մեկին ողջ չեն թողնի։

ՄԱՐԻԱՆՆԱ (Փաթաթվելով Կատյուշայի վզով) Կատյուշա, մերոնք չեն պարտվի, զգում եմ, որ նրանք չեն պարտվելու. Անդրյուշան, Անդրյուշան ողջ պիտի վերադառնա, հավատում եմ ես դրան։ Տեսնո՞ւմ ես, (հրացանաձգություն հեռվից) այս ցուրտ, սարսափելի գիշերում ինչպե՛ս վառվել են մարդիկ, նրանք, որոնք զրկված են եղել միշտ. ինչպես են կատաղել, կհաղթեն, անպայման կհաղթեն նրանք։ Ես գիտեմ։ Ես հավատում եմ, որ նրանք կհաղթեն։

ԿԱՏՅՈՒՇԱ. Սառն ես, Մարիաննա, թեյ դիր և խմիր, մրսում ես։

ՄԱՐԻԱՆՆԱ. Թեյ չունենք. Նադեժդա Իվանովնայից խնդրեցի, ասաց՝ մենք մանրբուրժույներ ենք, թեյ չունենք։

ԿԱՏՅՈՒՇԱ. Սպասիր, ես գնամ թեյ ճարեմ և բերեմ։ (Դուրս է գնում):

ՎԱՐԱԳՈԻՅՐ
Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Հրդեհ"

Ятук Музыка
Hапоминая
Давид Баласанян

Hапоминая

За занавесом
За занавесом
Играть онлайн