Шушаник Кургинян
Կարմիր խաչ
ՏԵՍԱՐԱՆ Ա
ԱՆՆԱ․― Ե՞ս եղա նրա անկման պատճառը, հա՞յրը, չքավորությո՞ւնը՝ չգիտեմ․․․ (Մտածում է) Նա մի խելոք, գթասիրտ աղջիկ էր․․․ Ինձ համար նա եղել է մայր, քույր․ ես միշտ թույլ ու հիվանդ, կարոտ եմ եղել նրա օգնությանը, նրա պաշտպանությանը։ Սակայն, չնայելով այս ամենին, նա տանջանքս ավելացրեց, կսկիծս անբուժելի դարձրեց․․․ (Սրբում է աչքերը) թաղամասում նրա պես գեղեցիկը, նրա նման խելացին չկա, հավատացեք, Անտոն․ բայց ինչ օգուտ․․․ դուք կարծում եք մյուս աղջիկները անարա՞տ են, վարքուբարքով մաքո՞ւր․․․ չէ՛, հոգիս, ես ամենքին էլ լավ գիտեմ, բայց նրանք խորամանկ են, զգույշ, իրենց պահել գիտեն, ապրում են փեսա ճարելու հույսով ու մտորումներով, իսկ Մարթան․․․
ԱՆՏՈՆ․ Թո՛ղ այդ տխուր մտածմունքը, Աննա։ Ինչ որ էլ պատահած լինի, Մարթային չի արատավորի։ Ով աչք ունի տեսնելու՝ կտեսնի։ Նա մի խելքը գլխին տղամարդու համար երջանկության աղբյուր կլինի։ Ո՞ւմ ինչ նրա անցյալը։ Սխալ անցյալը հարկավոր է մոռացության տալ, որ չպառակտվեն ներկան անսխալ պահող ուժերը․․․
ԱՆՆԱ․ Այդ միայն դուք եք այդպես ասում, միմիայն դո՛ւք։ Անցյալ գիշեր նա ինձ ասում էր․― «Մայր, Անտոնի այդ աստիճան ազնիվ վերաբերմունքը դեպի ինձ՝ ամաչեցնում, կատաղեցնում է ինձ, ճնշում է հոգիս։ Ուզում եմ գլխին մի խաղ սարքել, որ հիասթափվի, տեսնի ինձ իմ իսկական գույնով․․․»։ Տեսնո՞ւմ եք։ Դա լուրջ աղջիկը կասի՞։ Ես ձեզանից ինչպե՜ս գոհ եմ, վճարում եք կանոնավոր, օգնում, պաշտպանում եք, իսկ նա ինչե՜ր է մտածում։ Ուրիշ աղջիկ լիներ․․․ Էհ, ո՛ր մեկն ասեմ։ ԱՆՏՈՆ.― (Ժպտերես) Միամիտ կաց, Աննա, նա ինձ ոչ մի անախորժություն չի պատճառի, դառնությունից է այդպես ասում։ Նկատել եմ, որ նա տանջվում է, ինչ-որ կատարվում է նրանում․․․ Ժամանակով այս ամենը կանհետանա ու կհանդարտվի նա․․․ բնավորությունն էլ կմեղմանա։
ԱՆՆԱ․ Չկարծեմ․ նա միշտ դատում է առանց մտածելու։ Նա չի քաշվում մեկին վիրավորելուց։ Ամենքին կշտամբում է, ծաղրում, քննադատում։ Նրա պատճառով ազգականներս երես են դարձրել ինձանից։ Ոչ ոք չունենք մեզ մտերիմ կամ ցավակից, հարևաններս ծաղրում են. ես վախենում եմ, որ վերջը նա բոլորովին թշվառանա (Սրբում է աչքերը)։ Իսկ ես էլ ուժ չունեմ․ մանկութ տանջված ու ծեծված եմ։ Մի հարված էլ՝ կընկնիմ, հավատացեք․․․ (Լալիս է թաքուն) Այսօր ամբողջ գիշերը սպասել եմ նրան։ Դժվար է․․․ խիստ դժվար։ Ինչո՞ւ լլկում, անարգում են իմ զավակին, ինչո՞ւ խլում են նրա մարմինը․․․ մեկը չի սիրում նրան, մեկը չի մտածում նրա բախտավորության մասին։
Անտոնը գլուխը հենած ձախ ձեռին, ծխում է սաստիկ։
ՄԱԿԱՐ․― (Սրտատրոփ վազում է կողքի փողոցից) Մայրի՜կ, Միշայի փեսան կառքով եկավ, հարսնացուին տանելու է շրջելու։ Միշան ասում է, որ քույրն այլևս գործարանում բանելու չէ, չորս հատ ոսկի մատանի ունի։ Փեսան Միշային 20 կ․ է տվել։ Մայրիկ, մենք փեսա ունենալու չե՞նք։ Ինչո՞ւ Մարթան չի ամուսնանում, նա բոլոր աղջիկներից գեղեցիկն է։
ԱՆՆԱ․― (Համբուրում է) Նա էլ կամուսնանա, որդիս, քիչ համբերիր․․․
ՄԱԿԱՐ․ (Դժգոհ) Համբերի՜ր, համբերի՜ր, ամեն բանի համար համբերիր, էլ ուրիշ բան չգիտե՞ս ասելու․ (Նենգորեն)։ Ես քիչ առաջ պարծեցա տղաների մոտ, որ Մարթան էլ շուտով նշանվելու է։
ԱՆՆԱ. Սուտ մի խոսիր, Մակա՛ր, լավ չէ։
ՄԱԿԱՐ. Ուրիշ ժամանակ լավ չէր, այսօր խիստ լավ եղավ, բոլորն էլ զարմացան, լսո՞ւմ ես։ Իհարկե, ասաց Միշան,― Մարթան գեղեցիկ է և գեղեցիկ տղամարդու էլ պիտի գնա։
ԱՆՏՈՆ. (Սթափվելով) Այդ ո՞ր գեղեցիկին տվիր քրոջդ։
ՄԱԿԱՐ․― (Վախկոտ) Եթե ասեմ, չե՞ք բարկանա։
ԱՆՏՈՆ․ Իհարկե ո՛չ։
ՄԱԿԱՐ․ Ասացի, որ դուք էլ Մարթային եք առնելու, բոլորն էլ հավանեցին ասածիս, չծաղրեցին, ուրեմն սուտ չէր։
ԱՆՏՈՆ․― (Ծիծաղում է) Դեհ, որ այդպես է, ահա քեզ, գնա քեֆ արա (Ուշք չդարձնելով մոր նշաններին, Մակարն անհետանում է փողոցում)։
ԱՆՆԱ․ Դուք երես եք տալիս նրան։ ԱՆՏՈՆ. Ես սիրում եմ նրան։
ԱՆՆԱ. Շնորհակալ եմ։ Աստված էլ ձեր սիրտը ուրախացնի, վատ օր չտեսնեք կյանքի մեջ․․․
ԱՆՏՈՆ. (Մտատանջ) Թո՛ղ, Աննա, լսիր ինչ եմ ասում։ Եկ հանգիստ թողնենք Մարթային․․․ չճնշենք (Հուզվում է) խնամենք սիրով, մխիթարենք, թող ապրի իր ուզածի ու գիտցածի պես․․․ կյանքը պատահարների խաղալիք է, ո՞վ գիտե․․․ (Լռում է իսկույն):
ԱՆՆԱ. Թող ապրի, իմ միակ ցանկությունն է նրան հանգիստ ու բախտավոր տեսնել։ Իսկ նա այդ չի հասկանում, ծաղրում է։ Ես ավելի շատ նրանից եմ վախենում, քան նա ինձանից․․․ չէ՞ որ մայր եմ ու կան բաներ, որ ինձ դժվար է տանելը․․․
ԱՆՏՈՆ. Սխալվում ես. նա քեզ էլ, ինձ էլ լավ է հասկանում։ Միայն թե հպարտ է ու համառ։ Կտուժե, միայն թե չխոստովանի։ (Ինքն-իրեն) Սաստիկ համառ, ինքն իրա մեջ լճացած․․․ (Խոսակցության ձևը փոխելով): Այսօր տուն գալու չէ՞։
ԱՆՆԱ. Չգիտեմ։ Նա ինձ առհասարակ ոչինչ չի ասում: Եթե սխալմամբ մի բան հարցնեմ, սպառնում է, որ կթողնի և կանհետանա։ Գոնե մեկի հետ կապվեր ու ապրեր, (Անտոնը ցնցվում է) թե չէ ի՞նչ շահ նրա գեղեցկությունից։ Ես քանիսին գիտեմ, որ այդ միջոցով ապահովել են և՛ իրենց, և՛ ծնողներին․․․
ԱՆՏՈՆ. (Սաստիկ հուզված) Թող, Աննա․․․ խնդրում եմ․․․ (Աննան լուռ ու զարմացած դիտում է նրան, մոտենում է նրանց մի ծեր բանվոր:
ԾԵՐ ԲԱՆՎՈՐ. (Անտոնին) Բարև, առյուծ. (Ծիծաղելով խփում է ուսին): Կիրակի օրով ի՞նչ ես նստել պառավի կշտին. ջահել տղա ես, գնա քեֆ արա, աղջիկներին քարշ տուր հետևիցդ։ Ա՛խ․․․ լավ տղա ես, բայց ախորժակ չունես ապրելու։
ԱՆՏՈՆ. (Թողնելով իր տխուր մտքերը) Ախորժակ ունեմ և լավ ախորժակ, բայց սրտիս ուզած պատառը չեմ գտնում․․․
ԾԵՐՈՒԿ. (Միայն Անտոնին) Լավ պատառը քթիդ տակն է, ինչո՞ւ ես թողնում, որ ուրիշները լափեն։
ԱՆՏՈՆ. (Զայրացած) Ես քեզ խնդրել էի զգույշ կենալ․․․
ԾԵՐՈՒԿ. Դեհ մի բարկանալ, քեզ սիրելուցս եմ ասում, սովորություն ունեմ կատակ անել ջահելների հետ, զայրացնել նրանց․․․
ԱՆՏՈՆ. Իսկ ես, դժբախտաբար, սովորություն չունեմ պատժելու կանանց և ծերերին․․․ (Շրջվում է զայրացած):
ԾԵՐՈՒԿ. Լավ ես անում, որդի, խիստ լավ. վասնզի աստված ինքն իր ձեռքով պատժել է նրանց. առաջիններին որ կին է ստեղծել, երկրորդներին որ խլում է տվածները և դեպի փոսը հրում: Էհ, տուր մի ծխախոտ, վեր առաքենք ցավերս։ (Ծխում են)։ Պատերազմից նոր լուր կա՞։
ԱՆՏՈՆ․ Կա, բայց ոչ մխիթարական։ Դրություններս վատ է, ծերուկ․․․
ԾԵՐՈՒԿ․ Բայց զինվորը մեղավոր չէ, լսիր ինձ, ռուս զինվորը ապրել չգիտենալով հանդերձ, գիտե քաջի նման մեռնել։ Ես այդ լավ գիտեմ։ Նա զրկանքին, քաղցին սովոր է ծնված օրից՝ այդ պատճառով դիմացկուն ու համբերատար է պատերազմի դաշտում։ Ահա քեզ հաղթելու գրավականներ․ սակայն գրություններս, ասում ես, վատ է։ Ուրեմն ճակատագիրն է․ նրանից չենք փախչի։ (Անտոնը ձեռքերը գրպանում շրջում է տան առաջ։ Հեռվից երևում է Մարթան՝ ավելի քան ճոխ հագնված։ Անտոնը երջանիկ ժպիտը երեսին նայում է նրան։ Մարթան բարևում է ծերին և տուն մտնում)։
ԾԵՐՈՒԿ․ Սիրուն արջիկ է։ Աստված վկա, կարծես թագուհի լինի։ (Դրդում է Աննային) Տեսա՞ր, նույնիսկ առյուծին չնկատեց․ կեցցես աղջիկ։ Հը, Աննա, նա ո՛չ քեզ է նման, մոլորված, խեղճ ու կրակ, ո՛չ էլ գազան հորը․․․
ԱՆՆԱ․― (Դժգոհ) Նա իմ աղջիկն է, պապ․․․ մի կպչիր նրան․․․
ԾԵՐՈԻԿ.― (Զղջալով) Դե՛հ, լավ, լավ․․․ հանաք արի։ (Դիմում է Անտոնին աղերսանքով)։ Տուր մի քանի կոպեկ, աստված սիրես, ամանը կա, գնամ կոկորդս թրջեմ։ (Անտոնը տալիս է, ծերը հեռանում է)։
ՄԱՐԹԱ. (Նստում է պատուհանին) Բարև պրոլետար։
(Անտոնը ուրախ մոտենում է և բռնում ձեռքը)։
ԱՆՏՈՆ․― Իսկ ես կարծեցի, թե չտեսար ինձ։
ՄԱՐԹԱ․― Ես քեզ դեռ փողոցի ծայրից նկատեցի, բայց․․․ Գիտե՞ս որտեղից եմ գալիս։
(Անտոնը չի պատասխանում։ Մարթան լուռ դիտում է նրան)։
ՄԱՐԹԱ. Դու չե՞ս հետաքրքրվում։
ԱՆՏՈՆ․ Ո՛չ, ինձ հետաքրքրում է միայն մարդկանց ո՛ւր գնալը։
ՄԱՐԹԱ․ Ե՞ս էլ մարդ եմ։
ԱՆՏՈՆ․― Իհարկե։
ՄԱՐԹԱ․― Թող ձեռքս։
ԱՆՏՈՆ․ Մի՞թե իրավունք չունեմ ձեռքդ բռնելու։ (Զգույշ համբուրում է)։ Որքան մատանիներ ես հագել, սիրո՞ւմ ես․․․
ՄԱՐԹԱ․― (Անտարբեր) Սիրածս չսիրածս չեմ իմանում։ Հագնում են ուրիշները, ես էլ ետ չեմ մնում նրանցից։
ԱՆՏՈՆ․ (Խուլ ձայնով) Երևի նվերներ են․․․
ՄԱՐԹԱ․ Գրեթե (Մտազբաղ)․ ամեն մարդ իր հիշատակն է թողել։ Քեզ պատահե՞լ է տեսնել մի ավերակ մատուռ, ուր ամեն մի այցելու անպայման իր անունն ու ազգանունն է գրում։ Ես էլ մի ավերակ մատուռ եմ․․․ (Անտոնը բաց է թողնում նրա ձեռքը):
ՄԱՐԹԱ. Բարկացա՞ր։
ԱՆՏՈՆ. Բոլորովին. ի՞նչ իրավունք ունեմ։
ՄԱՐԹԱ. Ստելը քեզ չի սազում, ես աչքերումդ կարդում եմ, որ ստում ես չարաչար։
ԱՆՏՈՆ. Եթե աչքերիս այբբենարանը կարդալ գիտենայիր, այդ և մի քանի նման հարցեր չէիր տա ինձ, երբե՜ք․․․
ՄԱՐԹԱ. Սովորիր բոլորը, այն ժամանակ կխոսենք միմյանց հասկանալու համար․․․
ՄԱՐԹԱ. (Մտածում է) Գիտե՞ս, ես խաղում եմ քեզ հետ։ Ոչ թե դու, այլ ես ինքս եմ ստում։ (Բռնում է Անտոնի ձեռքը): Ես քեզ այն չեմ ասում, ինչ-որ մտածում եմ։ Չեմ էլ կարող ասել։ Սակայն լսիր միայն այս փոքրիկ ճշմարտությունը, որոշ ծրագրով, միտումներով մարդուն ուղղել, ինչպես ասում ես «հեղաշրջել» չի կարելի, Անտոն, հավատա ինձ․․․
ԱՆՏՈՆ. (Ժպտում է) Այդ ի՞նչ մարդու մասին է խոսքդ։
ՄԱՐԹԱ. (Նույնպես) Մի մարդու, որին միայն կշտամբում են ու խրատում։
ԱՆՏՈՆ. Ասա այն մարդուն, որ նրան միայն սիրում են ու գուրգուրում (Ծիծաղում են):
ՄԱՐԹԱ. (Խաղում է Անտոնի գոտու հետ և զննող հայացքով նայում նրա դեմքին):
ԱՆՏՈՆ. Ինչ ուզում ես ասա, լավ աղջիկ ես։ Ես գոհ եմ, որ պատահեցի քեզ, իսկ բախտավոր կլինեի, եթե մի բարոյական, գաղափարական կապ հաստատվեր մեր մեջ, հասկանայիր ինձ, ապրեիր գիտակցորեն, նայեիր կյանքին բաց աչքերով։
ՄԱՐԹԱ. (Լայն բանալով աչքերը) Ես այդպես էլ նայում եմ։
ԱՆՏՈՆ. (Ժպտում է) Ո՛չ, Մարթա, ցավալին այն է, որ չես նայում։ Ոչ թե միայն դու, այլ առհասարակ մեր բոլոր աղջիկները, չնչին բացառությամբ։ Ես մի կողմ եմ թողնում բուրժուական ընտանիքում սնվածներին, մի կողմ եմ թողնում քաղքենի պատմական ավանդություններով լճացած ու ճահճացած միջին դասակարգի աղջիկներին, այլ վերցնում եմ քեզ և բոլոր բանվորական միջավայրում մեծացածներին ու չեմ կարող ներել ձեզ․․․
ՄԱՐԹԱ. (Հորանջում է) Սկսե՜ց․․․
ԱՆՏՈՆ. (Ոգևորված) Չեմ կարող անտարբեր նայել ձեր մոլոր մտքերին ու քնած հոգուն։ Կյանքի անիվը պտտվում է արագ։ Այս օրը երեկվա նման չէ, վաղը գալու է նոր հովերով, նոր պահանջներով, իսկ դուք այդ չեք զգում, չեք տեսնում։ Ձեզ լափել է անձնական բարօրության ագահ ցանկությունը, առօրյա հացի ահը։ Ձեզ կեղեքում, հարստահարում են գործարաններում, արհեստանոցներում, մասնավոր տներում, սակայն դուք քնած եք, չեք զգում, չեք զգում որ տանուլ եք տվել բանական մարդու ամենանվիրականը (հուզված) չեք զգում ձեր կորստի մեծությունը․․․ (Տխուր) Իսկ մեզ համար ի՜նչ խրախույս՝ տեսնել ձեզ մեր կողքին, մեր զենքերով զինված․․․
ՄԱՐԹԱ․ Զարմանալի մարդ ես։ Իսկ եթե ես զինվելու կամ կռվելու ո՛չ պահանջ եմ զգում, ո՛չ էլ տրամադրություն ունեմ։
ԱՆՏՈՆ․ (Խիստ) Պիտի զգաս, այլ կերպ չի կարելի ապրել։
ՄԱՐԹԱ․ Ես ապրում եմ և գոհ եմ իմ վիճակից։
ԱՆՏՈՆ․ (Զայրացած հետ է գնում) Գո՜հ ես․․․ մի՞թե գոհ ես դու։
ՄԱՐԹԱ․ (Նույնպես) Այո՛, մի՞թե չես տեսնում։
ԱՆՏՈՆ․ (Խուլ ձայնով) Չէ․․․ չեմ տեսնում․․․ չեմ ուզում տեսնել այդ․․․
ՄԱՐԹԱ․ Որովհետև դու ցանկանում ես, որ բոլորը դժգոհ լինեն, բոլորը տրտնջան, բողոքեն ու պահանջեն։ Երբ դու սկսում ես խոսել, ինձ թվում է, թե դուրսը անձրև է գալիս, աշնան համառ ու անվերջ անձրև, խփում է կտրին, դռանը, ծեծում լուսամուտը, ծառին, թոշնած տերևին, մարդու դեմքին՝ մի խոսքով ամեն բանի թախիծը գրկում է հոգիս։ Փախչել աշնան անձրևից չեմ կարող, ուժ չունեմ․․․ (Մտածում է) Դուրս եմ գալիս, աշունը կանչում է ինձ, անձրևը խփում է գլխիս, լիզում դեմքս, հոգիս դուրս է քաշում մոռացության երազների գրկից, լքում է, իջնում ինձ վրա, սոսկում եմ ինչ-որ անխուսափելի ցասման ներկայությունից․․․ (Գունատվում է) Ու զգում եմ, որ մի տեղ ցավ կա, մի տեղ տառապանք, մի տեղ դավն է իշխում, մի տեղ ոճիրը շրջում անպատիժ, մի տեղ մեռնում են մարդիկ, որ պիտի ապրեին, մի տեղ թաղվում են դեռ չապրսւծ։ Ահա այս եմ զգում քո նկարագրած կյանքին նայելիս․․․ Դու միշտ իմ դեմ մի մռայլ, անհատակ խորխորատ ես բաց արել ու հրում ես ինձ այնտեղ։ Հրում ես գիտակցության և արթնացած մտքի անունով, որը դու ունես, որից զուրկ եմ ես․․․ ինչո՞ւ ես անում այդ․․․ (Տանջված ու թույլ ձայնով) Իմ հոգին էլ, մարմինն էլ հոգնած են, հասկանո՞ւմ ես․․․ քեզ ինչ շահ իմ մոլորվելուց․ ամեն մարդ պիտի ապրի այնպես, ինչպես որ կարող է և ընդունակ է, ինչպես որ ինքը հասկանում է կյանքը․․․
ԱՆՏՈՆ․ (Զգացված) Լավ ասացիր՝ դուրսը անձրև է ու աշուն․․․ երբեմն քեզ խիստ հաջողվում է ազդող կերպով որոշել իրերի դրությունը։ Դուրսը անձրև է ու աշուն․․․ (Մտածում է) Իսկ ի՞նչ կանես, եթե քեզ ասեն, Մարթա, մի լքվիր, մի փախչիր, կաց (Ոգևորվում է)։ Թող աշուն լինի, լինի մեգ ու մշուշ, անձրև պաղ ու անհամբույր։ Արթուն կաց․ շուտով կհասնի կենսատու գարուն, կարմիր ու վառ արևի տակ կեռա արթնացող կյանքը, հպարտ ու կայտառ աշնան լքումից հետք չի մնա։ Արթուն կաց, Մարթա՛, ողջունելու այդ գարնան, ջահել ու սիրուն, թարմ հույզ ու տենչանքներով թևավորված վայելելու այդ գարնան համբույրն ու ժպիտը, հրճվելու արևի տտկ․․․ (նայում է անհամբեր) Ի՞նչ կասես․․․
ՄԱՐԹԱ․ (Անտարբեր) Երբ այդպես, քո ասածի պես լինի, դու ինձ կկանչես՝ կգամ․․․
ԱՆՏՈՆ․ (Վշտացած) Կգաս․․․ Իհարկե․ այն ժամանակ քեզ նման եկողների թիվը շատ կլինի, իսկ մինչ այդ, քանի՞ մայր իր զավակի կորուստը պիտի ողբա, քանի՞ որբ հայր պիտի որոնե, քանի դիակներ պիտի դիզվեն իրար վրա անթաղ ու անխաչ, ագռավներին կեր ու կերակուր, քանի՞ խելոք գլուխներ պիտ ջախջախվեն, քանի ժիր բազուկներ պիտ մաշվեն կայանների մեջ, որքա՜ն անմեղ արյուն պիտ հոսե․․․ դու այս գիտնալ չես կամենում․․․ սպասում ես բարվոք կյանքին մի հեռու անկյունից․․․ վերջ տանք․․․ Ես չեմ կարող լսել քեզ․․․
ՄԱՐԹԱ․ (Բարկացած) Այդ քո ազատ կամքն է։
ԱՆՏՈՆ․ (Հանդարտվելով, մեղմ) Ների՛ր։
ՄԱՐԹԱ․ (Դեպի մորը, որ ամբողջ խոսակցության լւնթացքում մոլորված հայացքով հետևում Էր նրանց)։ Մայր, այդպես հուսահատ մի նայիր ինձ, քիչ էլ համբերիր՝ մի հարուստ փեսացու կգտնեմ, կպսակվեմ, անպատճառ։ Լսո՞ւմ ես մայր․ քաղաքի հենց կենտրոնում մի երկհարկանի սեփական տուն կունենամ, կառք, ծառաներ, աղախիններ, դու էլ չես աշխատի, հագած-կապած, կերած-խմած տանտիրուհու նման կխաղաս թոռներիդ հետ։ Մակարը կգնա արտասահման բժշկվելու, այնպես կապրենք երջանիկ։ (Անտոնին, կամաց) Մի դրա դեմքին նայիր, ինչպե՜ս է հրճվում։ (Մորը) Հը՜ , մայր, ի՞նչ կասես դրան, չե՞ս հավատում, մի՞թե պառավել եմ կամ տգեղացել․․․
ԱՆՆԱ․ Ա՜խ, աղջիկս․․․
ՄԱՐԹԱ․ (Չի թողնում մորը խոսքը վերջացնելու, բարկացած) «Ամբողջ թաղամասում ո՞վ կա քեզանից սիրուն ու իւելացի»։ (Հենվում է պատուհանին, ինքն իրեն) իմ միակ զենքերը, որոնցից առաջինը խլվում է, երկրորդը՝ արհամարհվում․․․
ԱՆՏՈՆ․ Ինձ ինչո՞ւ մոռացար։
ՄԱՐԹԱ․ (Չի նայում նրան) Իսկ․․․ քեզ կպսակեմ քո գարնան գալուն սպասող, մազերը կտրած, ծխախոտը բերանին մի քաջասիրտ «ընկերի» հետ, առավոտից մինչև ուշ գիշեր, ձեոք-ձեռքի տված, կյանքը հեղաշրջեք սիրուն խոսքերով ու նորն ստեղծեք․․․
ԱՆՏՈՆ․ (Շրջում է մտազբաղ)։
ԱՆՆԱ․ Նրան մի բարկացնի։ Ինչո՞ւ այդպես կոպիտ ես վարվում հետը․ քո տեղը մի ուրիշը լիներ․․․
ՄԱՐԹԱ․ (Բարկացած) Ոչ մի խոսք, քանի անգամ ասել եմ․․․ ԱՆՏՈՆ․ (Դառնացած) Դեհ, մի կանչիր, մարդ կիմանա։
ՄԱՐԹԱ․ (Կատաղած) Թող իմանան։ Ես ոչ ոքից չեմ վախենում։ Ւսկ դու մյուս անգամ չհամարձակվես կրկնել ասածդ․ վերջին անգամ ասում եմ՝ կանհայտանամ, դու կլինես պատճառը․․․
ԱՆՆԱ․ (Վախեցած) Էլ չեմ ասի, ներիր։
ՄԱՐԹԱ․ (Ավելի է գոռում) Ինչ-որ կարող էի՝ արի, ինչ-որ ունեի՝ վաճառքի հանեցի։ Էլ ի՞նչ ես ուզում ինձանից․․․ Էլ ի՞նչ մնաց, որ չեմ զոհել քեզ համար․ ասա, պարզիր․․․
ԱՆՏՈՆ․ (Շշմած Աննային աչքով է անում հեռանալու։ Աննան մտնում է տուն, իսկ ինքը մոտենում է Մարթային, գուրգուրանքով) Գիտե՞ս ինչ եմ մտածում։
ՄԱՐԹԱ․ (Արհամարհանքով) Իմ մասին մի նորություն։
ԱՆՏՈՆ․ Ճիշտ է․ նայում եմ քեզ և զարմանում․ ինչո՞ւ քո մեջ բացակայում է մի բան շինելու, ստեղծելու ցանկությունը, տիպար զանգված ես, քանդում ես առավոտից մինչև ուշ գիշեր, քանդում անսիրտ, անխնա և հրճվում փլատակների վրա։
ՄԱՐԹԱ․ (Դժգոն, ժպտով) Իսկ առաջ ասում էիր, թե ոչինչ չեմ անում․․․
ԱՆՏՈՆ․ Սպասիր, մի կտրիր խոսքս։ Օրինակ, սկսում ես մի կար, ձեռագործ, ամիսներ անկատար քարշ է գալիս սենյակում, մինչև որ կամ մայրդ է վերջացնում, կամ մեկին ես տալիս։ Կարդում ես գրքի, թերթի կեսը՝ խնդրելով, որ մնացածը ուրիշը վերջացնի, կամ պատմի քեզ։ Վճռում ես մի բան անել ու թողնում կիսաճանապարհ։ Հարգում ես մեկին, հետևյալ օրը հետը խռովելու անխուսափելի հնարը որոնելով, սիրում ես մեկին, ատելու ծրագիրը նախօրոք կազմելով և այսպես անվերջ․․․
ՄԱՐԹԱ․ (Որ լարված լսում էր) Վերջացրի՞ր։
ԱՆՏՈՆ․ (Տխուր) Գրեթե․․․
ՄԱՐԹԱ․ (Վշտացած) Ուրեմն ինձ այդպե՞ս ես հասկացել․․․ (Երկար մտածում է) Գիտե՞ս ինչ, մի կնոջ հասկանալը քո բանը չէ․․․ Դու կարդա, ճառիր, խոսիր, աշխատիր, ամեն ինչ արա, միայն մի՛ ջանա նրան հասկանալու՝ այդ քո խելքից, մտքից, ուժից վեր բան է, հավատա՛, պրոլետար։
ԱՆՏՈՆ․ (Ծիծաղում է) Մի՞թե։
ՄԱՐԹԱ․ (Լուրջ) Ճիշտ եմ ասում․․․ Հետո, այն որ սիրում կամ հարգում եմ մեկին, ատելության պատրաստակամությամբ՝ ճիշտ է։ Միայն ոչ քո հասկացած կետից։ Ճիշտ է, որովհետև նոր մարդուն ես մոտենում եմ ինչ-որ սպասելիքներով, ինչ-որ նոր աշխարհներ տեսնելու նրա մեջ, որից այսպես թե այնպես զրկված եմ ես։ Մոտենում եմ որոնողի հուսաշատ սպասելիքներով․․․ սակայն երբ որոնածս չեմ գտնում, տեսնում եմ նրանց ինձնից էլ արատավոր, անպետք, ինձնից էլ վատ, մեղավոր, թքում եմ ու հեռանում․․․ Ես ինքս ինձ եմ ուտում, որ վատ եմ, կարո՞ղ եմ վեպի մեջ վատը հարատև սեր կամ հարգանք զգալ։
ԱՆՏՈՆ․ (Քննող հայացքը Մարթային հառած) Մարթա, ուրեմն դու որոնում ես քե՛զ համար․․․
ՄԱՐԹԱ․ (Կտրում է նրա խոսքը) Թող, բավակա՛ն է։ Լավ կանես, եթե իմ մասին չմտածես, չնկատես ինձ․․․ հաշվիր թե չկամ․․․
ԱՆՏՈՆ․ Դու ինձ արգելում ես․․․
ՄԱՐԹԱ․ (Շտապ) Խնդրում եմ․․․
ԱՆՏՈՆ․ Իսկ եթե չկարողանա՞մ․․․ չես ուզում պատասխանել։ (Գգվանքով բռնում է ձեռքը) Դե՛հ, թող, մի տխրիր։ (Հուսաբեկ) Երբ տանը չես լինում, կարոտն ու խանդը կրծում է հոգիս, րոպեներն եմ հաշվում, ծրագրեր եմ կազմում՝ տեսնելիս ուրախացնել, մխիթարել, բավականություն տալ քեգ։ Իսկ երբ մոտդ եմ լինում, հակառակն է դուրս գալիս, սկսում ենք վիճել, հակառակվել միմյանց և բաժանվել դժգոհ, վշտացած։ (Աղերսանքով) Սովորեցրու ինձ, Մարթա, ինչպե՞ս վարվել, ինչպե՞ս խուսափել այս ակամա վրդովմունքներից։ Ասա (Նկատելով Մարթային մտատանջ) Դեհ, թող, ի՞նչ ես մտածում, ինչո՞ւ տխրեցիր․․․
ՄԱՐԹԱ․ (Սաստիկ տխուր) Ես արդեն ասացի, որ ինձ չնկատես, այն ժամանակ ոչ մի վեճ, ոչ մի թյուրիմացություն չի պատահի․․․ (Հեռանում է լուսամուտից)։
ԱՆՏՈՆ․ (Մենակ ու դառնացած) Չնկատե՜մ քեզ․․․ ո՛չ, ո՛չ, չեմ կարող, ուշ է։ Այժմ չափից դուրս մեծ է հմայիչ ուժդ ինձ վրա։ Գերել ու տիրել ես հոգուս, մտքիս, էությանս․․․ ո՛չ, ո՛չ․․․ Կյանքը ինձ ընկճված չէ տեսել, երբեք, արգելքը չէ դիտել իմ թիկունքը։ (Ժպտով) Իսկ քեզանից խուսափել, փախչել չեմ կարող, երբեք։ (Ուժգին) Սիրում եմ քեզ․․․
ՀԱՐԲԱԾ ԲԱՆՎՈՐ․ (Ճոճվելով երևում է անկյունից, սպառնալով) Անիծված, ասում եմ քեզ՝ բավ է, խղճա, մի մարիր օջախիս ճրագը։ Վեց հատ աղջիկ կա, բավական է։ Ծնիր մի տղա, (Ձեքերով ցույց է տալիս ու լալիս) մի փոքրիկ, չարաճճի մանչուկ, որ փողոցից տղաները գան, կանչեն նրան՝ «Օհան Կուլիկով, եկ խաղանք» (Ծիծաղում է ու հազում) Օհան Կուզմիչ Կուլիկով։ (Բռունցքներով հարվածում է պատուհանին, փակ դռանը։ Անտոնը վազում է ու գրկած հեռացնում է նրան դռնից)։ Անտոն Ֆոմիչ, ընկեր․․․ մի բարկանա։ Ես օղուց չեմ արբել․ ցավից, կսկծից եմ արբել։ Ես մի․․․ մի ազնիվ բանվոր, ինչու անժառանգ կորչեմ։ Ասացեք, ինչո՞ւ (Հարձակվում է դեպի դուռը․ Անտոնը պահում է նրան) Կխեղդեմ․․․ (Բռունցք է ցույց տալիս) Ի՞նչ ես ջգրացնում․․․ ինչո՞ւ դիտմամբ աղջիկ ես ծնում․․․ կխեղդեմ։ Ի՞նչ է ուզածս՝ մի որդի․․․ փոքրիկ չար տղա, որ քույրերին ծեծի, հրամայի քեզ․․․ աղմկի տանը․․․ փողոցը․․․ ԱՆՏՈՆ․― Հանգստացիր, երեխաները լալիս են, ինչեր ես ասում։
ԲԱՆՎՈՐ․ (Ուզում է հարձակվել) Կխեղդեմ բոլորիդ էլ։
ԱՆՏՈՆ․ (Բռնում է նրան, զայրացած) Վերջ տուր, անսիրտ կենդանի, թե չէ գանգդ կփշրեմ։ Տանը քաղցից նվաղում է ծննդկան կինդ, իսկ դու․․․
ԲԱՆՎՈՐ․ (Կծկվում է պատի տակ և հազում սաստիկ) Անտոն Ֆոմիչ, ինչո՞ւ է խաբում ինձ այդ օձը։ Ինն ամիս շարունակ ասում էր, որ տղա է։ (Լալիս է) Ինչու էր խաբում․․․ ահա վեցերորդ անգամն Է, որ խաբում է նա ինձ․․․ Կխեղդեմ, ծնիր տղա, մի փոքրիկ, չարաճճի տղա, որ փողոցում կռվի, քար քաշե անցորդներին։
ԱՆՏՈՆ․ (Կատաղած) Լռիր․․․ քնիր այստեղ, ես քեզ տուն չեմ թողնի․․․ (Դռան շեմքին Մարթային նկատելով) Մարթա, եկ գնա ներս, հանգստացրու, երեխաները լալիս են․ (Մարթան վազում է բանվորի տուն) Քնի՛ր, ասում եմ։
ԲԱՆՎՈՐ․ Օհան Կուլիկով․․․ Իմ որդին․․․ Կխեղդեմ․․․