Раффи

Խամսայի Մելիքությունները

10

XLIII

1813 թ. հոկտեմբերի 12-ին կայացավ Գյուլիստանի դաշնադրությունը Զեյվա բերդիմոտ, որի զորությամբ պարսից պետությունը թողեց հօգուտ Ռուսաստանի՝ Ղարաբաղի, Շամախու, Գանձակի, Շաքիի, Թալիշի, Բաքվի, Ղուբայի և Դերբենդի խանությունները։

Երևում էր, որ այդ դաշնադրությամբ պիտի վերջանային պարսից կռիվները ռուսաց հետ, և պիտի դադարեին պատերազմասեր Աբաս-Միրզայի անընդհատ հարձակումները ռուսաց նոր գրաված երկրների վրա։ Բայց հաշտությունը երկար չտևեց։ Այդ հաշտությունը Աբաս-Միրզայի կողմից ավելի ժամանակ վաստակելու համար էր, որ Պարսկաստանը կազդուրե իր ուժերը և նորոգված զորությամբ հետ խլե իր կորցրած գավառները։

Վերոհիշյալ խանությունները պահպանելու համար և դեռ չզսպված կովկասյան լեռնաբնակներին նվաճելու համար հարկավոր էր մի մարդ, որ ծանոթ լիներ տեղային պայմանների հետ։

Այդ ժամանակներում իր զարմանալի հաղթություններով արդեն մեծ փայլ և հռչակ էր ստացել հայազգի իշխան գեներալ Մադաթովը, մանավանդ այն կռիվների մեջ, որ Ռուսաստանը ունեցավ թուրքերի հետ։ Այդ հերոսը համարվում էր ռուսաց քաջ և ընդունակ զորավարներից մեկը, և նրա արևելյան ազգերի սովորություններին և նրանց հետ պատերազմելու եղանակներին ծանոթ լինելը միշտ նպաստում էր նրա անվրեպ հաջողություններին։

Իշխանի այդ հատկությունները ի նկատի առնելով, գեներալ Երմոլովի առաջարկությամբ, երբ այդ վերջինը նշանակվեցավ Անդրկովկասի գլխավոր կառավարիչ, միևնույն ժամանակ, 1816 թվին, բարձրագույն հրամանով իշխան Մադաթովը նշանակվեցավ Անդրկովկասի առանձին զորաբաժնի հրամանատար։

Իսկ 1817 թ. նշանակվեցավ նա Ղարաբաղի, Շաքիի և Շիրվանի խանությունների զինվորական-նահանգային գլխավոր (военно-окружной начальник)։ Նրան հանձնված էր հսկել հիշյալ խանությունների կառավարության և բարեկարգության վրա։

Իշխան Մադաթովը դուրս էր եկել Ղարաբաղից տրեխներով, բայց վերադարձավ իր հայրենիքը գեներալ-լեյտենանտի աստիճանով, կուրծքը զարդարած բազմաթիվ շքանշաններով։ Բոլորը, ինչ որ չուներ նա, ստացել էր տոկուն զինվորի և քաջ պատերազմողի աշխատությամբ։ Հայրենիքը ուրախությամբ ողջունեց նրան. բոլոր հայերի սրտերը լցված էին պարծանքով և հպարտությամբ։ Մելիքների ոգևորությանը չափ չկար. բոլորը հույս ունեին, որ իշխանի շնորհիվ կվայելեն իրանց վաղեմի իրավունքները։

Երկու տարի զբաղվեցավ իշխանը կովկասյան լեռնաբնակների հետ ամենադժվարին կռիվներով, և նա պսակեց իր հաղթությունները ամբողջ հյուսիսային Դաղստանը նվաճելով և տեղային կիսավայրենի, ավազակաբարո ցեղերը հանգստացնելով։

Վերադառնալով Ղարաբաղ, նա սկսեց զբաղվել իր հսկողությանը հանձնված երեք խանությունների բարեկարգություններով. հիմնեց նրանց մեջ գավառական դատարաններ կամ դիվաններ, և ինքը շատ անգամ ներկա էր գտնվում գործերի քննությանը։

Իսկ Ղարաբաղի կառավարիչը դարձյալ մնացել էր Իբրահիմ-խանի հաջորդ Մեհտի-խանը, որը այդ ժամանակ ռուսներից գեներալի աստիճան էր ստացել և պահպանում էր խաների, թեև սահմանափակված, բայց վաղեմի իրավունքները։ Սահմանափակված ասում ենք նրա համար միայն, որ նրան արգելված էր պատժել, մահվան դատապարտել, իսկ մյուս արտոնությունների վերաբերությամբ, կարելի է ասել, որ նա այժմ ավելի իրավունքներ էր բանացնում, քան թե ուներ պարսիկ տիրապետության ժամանակներում։ Նա ինքնակամ կերպով հողեր, գյուղեր, կալվածներ էր ընծայում, ուր որ ցանկանում էր (իհարկե, ոչ իր սեփականությունից) կամ խլում էր մեկից և մյուսին էր տալիս, մի խոսքով, վարվում էր երկրի հողի և հպատակների հետ իբրև նրանց լիակատար տերը։

Մեհտի-խանի այդ կամայականությունը առաջ եկավ Ղարաբաղի նոր տիրապետող ռուսների սխալ հասկացողությունից առհասարակ խաների նշանակության մասին և նրանց իրավունքների ո՛ր աստիճան տարածվելու մասին։ Ռուսները, որոնք իրանց երկրում տեսել էին ճորտություն, տեսել էին կալվածատերերի անսահման իրավունքները իրանց հողերի և ճորտերի վերաբերությամբ, որոնց մինչև անգամ որսորդական շների հետ էին փոխում, հասկանալի է, որ ռուսներին չէր կարող օտարոտի երևնալ խանի վարմունքը, մանավանդ, որ արդեն համարում էին նրան իբրև Ղարաբաղի տիրապետող և ժառանգական իշխան (владетельный князь)։

Այդ ժամանակ ռուսները շատ փոքր ծանոթություններ ունեին Պարսկաստանի կառավարչական կարգերի, օրենքների և սովորությունների մասին։ Խանը, եթե ուներ մի գյուղ կամ այլ կալվածք, իբրև հասարակ սեփականատեր, կարող էր վաճառել։ Բայց նա երկրի տերը և թագավորը չէր, որ իրավունք ունենար հասարակաց հողերը բաշխելու, ընծայելու ում որ ցանկանար, կամ հետ խլելու ումից որ ցանկանար։ Կրկնում ենք, որ խանի այդ կամայականությունը առաջ եկավ ռուսաց այն ժամանակվա պաշտոնակալների սխալ հասկացողությունից խաների նշանակության մասին, և այդ սխալից աշխատեցին օգուտ քաղել խաները։ Այդ կտեսնենք հետո։

Մեր պատմության նպատակից դուրս է և շատ երկար կլիներ բացատրել, թե այն ժամանակ կալվածական կամ հողատիրական (մուլքադարության) որպիսի օրենքներ կամ սովորություններ էին տիրում Պարսկաստանում ընդհանրապես և Ղարաբաղում, իբրև պարսկական մի գավառ, մասնավորապես։ Բայց այսքանը կասենք, որ Ղարաբաղում, ինչպես ամբողջ Պարսկաստանում, հողը համայնքի (էլլիգի) սեփականություն էր, ոչ այն կարգով, որ համայնքը պարտավոր էր յուրաքանչյուր ընտանիքը կազմող անդամների թվի համեմատ հողը բաժանել գյուղացիների մեջ, այլ յուրաքանչյուր գյուղացի իր ձեռքում գտնված հողի տերն էր. նա իրավունք ուներ վաճառելու, գրավ դնելու կամ իր դրացուց ավելին գնելու։ Իսկ միևնույն ժամանակ, յուրաքանչյուր գյուղ ուներ, իր գյուղատերը. այդ գյուղատերը կարող էր լինել մի որևիցե մելիք, խան կամ այս և այն վանքը։ Գյուղատերը վայելում էր այն իրավունքը միայն, որ ստանում էր գյուղացիների վարուցանքի կամ առհասարակ մշակության բերքի մի որոշ մասը (չոփբաշի)։ Բայց նա իրավունք չուներ մեկ գյուղացու ձեռքում գտնված հողը խլել և մյուսին տալ և մինչև անգամ, եթե ինքը, գյուղատերը, ցանկանալու լիներ իրան պատկանող գյուղի հողերի վրա վարուցանք անել, գյուղացիները նրան թույլ չէին տա։ Դրա համար գյուղատերը ուներ իր ազատ հողերը, որոնց վրա նա վարուցանք էր անում։

Ամբողջ Ղարաբաղի գյուղատերությունը պատկանում էր կամ հայոց մելիքներին կամ հայոց վանքերին։ Խաները սկզբում ոչ գյուղեր և ոչ մասնավոր կալվածներ չունեին։

Մի քանի փաստեր բավական են այդ իրողությունը ապացուցանելու համար։ Փանահ-խանը, որպես մեր ընթերցողներին հայտնի է, առաջինը եղավ, որ հետզհետե տկարացնելով մելիքների զորությունը, Ղարաբաղի մահմեդական խանության հիմքը դրեց։ Նա Ղարաբաղի ամբողջ գավառում մի տեղ չուներ, որի վրա բերդ հիմներ. Շուշի բերդի տեղը գնեց Վարանդայի իշխան Մելիք-Շահնազարից։ Նա ամբողջ Ղարաբաղում մի կտոր գետին չուներ, որ ծառայեցներ իր տոհմային գերեզմանատան համար, և այդ պատճառով Խաչենի Հասան-Ջալալյան իշխաններից գնեց Աղդամը (Ասկարանի մոտ), որ մինչև այսօր ծառայում է նրա ժառանգների համար իբրև տոհմային գերեզմանատուն։

Փանահ-խանի որդի Իբրահիմ-խանը, որը ավելի զորավոր եղավ, քան թե իր հայրը, նույնպես զուրկ էր կալվածներից, Ղարաբաղում հողեր չուներ նա, թեև համարվում էր այդ գավառի իշխող խանը։ Իր ժառանգների և եղբայրների ապրուստը ապահովացնելու համար, Ղարաբաղի սահմաններից դուրս, Բարդայի մահալում, գնեց նա կալվածներ Նուխվա բեկերից։ Այդ բոլորից երևում է, որ խաները ոչ թե երկրի տերն էին, այլ երկրի կառավարիչներն էին, նշանակված պարսից պետությունից։

Երկրի արմատական տերը հայոց հինգ մելիքական տների ներկայացուցիչներն էին, որոնք դարերով, սերունդից սերունդ, ժառանգաբար տիրում էին Ղարաբաղին։

Երբ հայոց մելիքները իրանց հպատակների հետ, որպես ցույց տվեցինք նախընթաց գլուխներում, գաղթեցին Վրաստանի, Շիրվանի և Գանձակի գավառները, այդ ժամանակ նրանց հողերն ու գյուղերը անտեր ու դատարկ մնալով, իրավ է, Իբրահիմ-խանը տիրապետեց, և գաղթածների տեղի լցրեց մահմեդական բնակիչներով։ Բայց երբ, տարիներից հետո, մելիքները իրանց ժողովրդի հետ վերադարձան գաղթականությունից, այդ ժամանակ հեռացրին մահմեդականներին և կրկին տեր եղան իրանց վաղեմի գյուղերին և հողերին։

Բայց որովհետև գաղթականների մի մասը մնաց օտար երկրներում, և մելիքներից մի քանիսի (որպես էին Ջրաբերդի Մելիք-Իսրայելյանները և Տիզակի Մելիք-Ավանյանները) վերջին ժառանգները բոլորովին ոչնչացան, այդ պատճառով, նրանց հողերը անտեր մնալով, Իբրահիմ-խանը տիրեց, այսինքն, սկսեց ինքն ստանալ մշակության բերքի այն մասը, որ առաջ ստանում էին այն հողերի նախկին տիրապետողները։ Բայց իսկապես Իբրահիմ-խանը միայն վայելող էր և ոչ թե սեփականատեր իր ընդարձակ նշանակությամբ։ Նա բացի բերքի մի որոշյալ մասը ստանալուց, ուրիշ իրավունքներ չուներ ոչ հողի և ոչ հողը մշակող գյուղացիների վրա։ Գյուղացիները ազատ հպատակներ էին պետության, իսկ հողը սեփականություն էր գյուղական համայնքի նույն ձևով, որպես ցույց տվինք վերևում։

Իբրահիմ-խանի հաջորդ Մեհտի-խանի ժամանակ հանգամանքները փոխվեցան։ Այդ ժամանակ ռուսները թեև տիրել էին Ղարաբաղին, բայց կալվածական հարցը և խաների իրավունքների չափը դեռևս որոշված չէր։ Թողյալ այդ, ռուսները, որպես վերևում հիշեցինք, խիստ բարձր կարծիք ունեին խաների նշանակության մասին։ Այդ հանգամանքներից օգուտ քաղելով, Մեհտի-խանը սկսեց ավելի իրավունքներ բանացնել, քան թե որ ուներ առաջ։

Թե խանը և թե նրա շրջապատողները շատ լավ հասկանում էին, որ իրանց իշխանությունը արդեն անցել էր, հասկանում էին, թե որքան ժամանակավոր և անհաստատ էր իրանց դրությունը և այդ պատճառով շտապեցին ժամանակից օգուտ քաղել։

Մեհտի-խանը սկսեց աջ ու ձախ իր մերձավորներին, բարեկամներին, ազգականներին ամբողջ գյուղեր, կալվածներ և հողեր պարգևել։ Նրա կամայականությանը ավելի վստահություն տվողը եղավ ինքը իշխան Մադաթովը, որը, իբրև նահանգային-զինվորական գլխավորը, ռուսաց կառավարությունից նշանակված էր խանի գործողությունների վրա հսկելու և նոր գրաված երկրի մեջ կարգ պահպանելու համար։

Իշխան Մադաթովի ծագումը մենք մասնավորապես ցույց տվինք մեր պատմության XXXVI գլխի մի ծանոթության մեջ։ Նրա հայրը՝ Մեհրաբյանց Գյուքին, հասարակ գյուղացի էր, բնակվում էր Չանախչի (Ավետարանոց) բերդում, և մի ստոր պաշտոն էր կատարում Վարանդայի տիրապետող Մելիք-Շահնազարյունների տանը։ Նրա մոր եղբայր Պետրոս յուզբաշի Մադաթյանը Մելիք-Շահնազարյան Մելիք-Ջումշուդի տան նազիրն (տնտեսն) էր։ Իշխանը կրեց իր մոր տոհմի ազգանունը, որը փոքր-ինչ պատվավոր էր և, իր Ռոստոմ անունը փոխելով, կոչվեցավ Վալերիան Գրիգորևիչ Մադաթով։

Որպես իր իշխանական տիտղոսը ստացավ նա Ս. Պետերբուրգում Մելիք-Շահնազարյան Մելիք-Ջումշուդի շնորհած վկայականով (տե՛ս գլ. XXXVI), այժմ իր բարձր փառքով իր հայրենիքը՝ Ղարաբաղ, վերադառնալուց հետո, ցանկացավ նույն Մելիք-Շանազարյանների, իր բարերարների, հայրենական կալվածների վրա ինքը կալվածատեր լինել։ Մեհտի-խանը ընծայեց նրան Վարանդայի գավառում 15 գյուղեր իրանց ընդարձակ հողերով, սահմաններով և բնակիչներով։ Այդ գյուղերը Մելիք-Շահնազարյանների դարևոր կալվածներն էին։ Ամբողջ Վարանդան, որպես ընթերցողին հայտնի է, ամենահին ժամանակներեից Մելիք-Շահնազարյանների տիրապետության ներքո էր գտնվում։

Հիշյալ 15 գյուղերի թվում գտնվում էր և Չանախչի (Ավետարանոց) բերդը, որի մեջ զետեղված էին Մելիք-Շահնազարյանների ամրոցները. այնտեղ էին՝ Մելիք-Հուսեին I, Մելիք-Բաղիի և Մելիք-Շահնազար II պալատները։ Իշխան Մադաթովը այդ վերջինի պալատը քանդել տվեց և նրա տեղում իր համար մի նոր պալատ հիմնեց։ Երբ նրանից հարցրին, ինչո՞ւ էր քանդել տալիս, նա ծիծաղելով պատասխանեց. «Երբ Մելիք-Շահնազարը այդ պալատը շինել էր տալիս, ես դեռ մանուկ էի. նա ինձ շատ քարեր է կրել ավել այդ պալատի շինվածքի համար. մինչև այս օր էլ այն ցավը զգում եմ մեջքիս վրա...»։

Մեհտի-խանի պարգևագրի բովանդակությունը, որով հիշյալ 15 գյուղերը ընծայվեցան իշխան Մադաթովին, ինքնըստինքյան ցույց է տալիս այդ պարգևագրի ինչ բնավորությամբ հեղինակված լինելը։ Խանը իր պարգևագրի մեջ հայտնում է, որովհետև իշխան Մադաթովի նախնիքը վաղեմի ժամանակներից Ղարաբաղում տիրապետում էին հիշյալ 15 գյուղերին իրանց ընդարձակ սահմաններով, իսկ իշխանի բացակայության ժամանակ այդ կալվածները խլվեցան (ո՞վքեր խլեցին), ուստի ինքը խանը այդ գյուղերը կրկին վերադարձնում է իշխանին, որպես իր նախնիքների օրինավոր ժառանգին և այլն։

Իսկ ովքե՞ր էին նրա նախնիքը, հայտնի է։ Ունեի՞ն արդյոք նրանք կալվածներ, այն ևս հայտնի է...

Թե ո՛ր աստիճան իշխան Մադաթովի մատը գործել էր այդ պարգևագրի խմբագրության մեջ, հայտնի է նրանից, որ իշխանը ստացավ այդ գյուղերն իրանց բնակիչների հետ ճորտության իրավունքներով։ Ճորտությունը թե պարսկական և թե տաճկական Հայաստանում երբեք գոյություն չէ ունեցել։

Իշխանը թեև ծնված էր Ղարաբաղում, բայց իր կրթությունը ստացած լինելով ռուսաց մայրաքաղաքների բարձր ազնվական շրջաններում, նույն ժամանակվա արիստոկրատիայի ոգվով էլ զարգացած էր։ Ռուսաստանում այն ժամանակ ճորտություն կար. իսկ ճորտությունը նրա համար մի անհրաժեշտություն էր. նույնը ցանկացավ մտցնել իրան ընծայված գյուղերի մեջ։

Հասկանալի է, որ մի այսպիսի օտարոտի, միևնույն ժամանակ անմարդասեր նորաձևությունը պիտի գրգռեր նրա դեմ գյուղացիների դժգոհությունը մի կողմից, իսկ Մելիք-Շահնազարյանների ժառանգների բողոքը մյուս կողմից, որովհետև հիշյալ կալվածները նրանց տոհմին էին պատկանում։

Բայց ամենավնասակարն այն էր, որ իշխան Մադաթովի վարմունքը թուլացրեց Ղարաբաղի բոլոր տիրապետող մելիքների ժառանգական իրավունքները և դրա հակառակ բարձրացրեց խանի նշանակությունը։

Երբ որ նա խանի պարգևագրով ընծա ստացավ 15 գյուղեր, շատ հասկանալի է, որ այդ պարգևագիրը վավերական դարձնելու համար ինքը, իբրև տեղային նահանգային-զինվորական գլխավոր, որ կարգված էր խանի գործողությունների վրա հսկելու համար, ոչ միայն ստիպված էր ճանաչելու խանի մեջ բաշխելու և ընծայելու իրավունքը, այլ պիտի աշխատեր այդ իրավունքը ճանաչել տալ և ռուսաց կառավարությանը, որը դեռևս տեղային գործերի հետ լավ ծանոթ չէր։ Մյուս կողմից, նա պիտի աշխատեր ոչնչացնել մելիքների տիրապետական իրավունքները, երկրի տեր և իշխանը ցույց տալով միայն խանին։ Այսպես էլ վարվեց նա։

Դրա հետևանքն այն եղավ, որ Մեհտի-խանը սկսեց Ղարաբաղի բուն, արմատական կալվածատերերին (որպես էին հայոց մելիքները, վանքերը և հայ ժողովուրդը) զրկել և նրանց հողերը աջ և ձախ բաժանել իր ազգականներին և մերձավորներին։ Հայոց մելիքներից այդ ժամանակ նշանավոր մարդիկ չէին մնացել, որ կարողանային խանի զեղծումների մասին բողոքել, տեղեկություններ տալ, ուր որ հարկն էր։ Իսկ իշխան Մադաթովը, որպես ասում են, մատների միջից էր նայում խանի անկարգությունների վրա և թույլ էր տալիս նրան բաշխումներ անել, պարգևներ տալ, որպեսզի իր ստացածը ևս օրինական ձև ստանա, այսինքն՝ խանի մեջ հաստատվի ընծայելու, պարգևելու իրավունքը։

Ով որ ուշի-ուշով քննել է Ղարաբաղի խոշոր կամ մանր կալվածատերերի ձեռքում գտնված թղթերը, անպատճառ նկատած կլինի, որ այդ թղթերը, խիստ մասնավոր բացառությամբ, գրված են Մեհտի-խանի ժամանակներում և վավերացրած են նրա կնիքով։ Իսկ Մեհտի-խանի նախորդների՝ Փանահ-խանի և Իբրահիմ-խանի ժամանակներից, որոնք ավելի զորավոր մարդիկ էին, որոնք մի ժամանակ ամբողջ Ղարաբաղը իրանց իշխանության ներքո ունեին, այդ խաներից տված խիստ հազիվ են գտնվում այնպիսի թղթեր, որ դրանք որևիցե մեկին գյուղ կամ մի մեծ կալված ընծայած լինեին։

Այդ առատ բաշխումները կատարվեցան Մեհտի-խանի ժամանակ, երբ ռուսները տիրել էին Ղարաբաղին և երբ իշխան Մադաթովը կարգված էր տեղային նահանգային զինվորական գլխավոր և նրան հանձնված էր հսկել խանի գործողությունների վրա։

Թե ո՛րպիսի մարդիկ էին ստանում գյուղեր, ընդարձակ կալվածներ, մենք կբերենք մի քանի օրինակներ.

Ֆարաջուլլայ-բեկ, Ռահիմ-բեկ, Իբրահիմ-բեկ և Հասան-բեկ, եղբայրները ստացան Մեհտի-խանից 8 գյուղեր։ Դրանց հայրը (Ուղուրլուն) Մեհտի-խանի հոր մոտ դահճի, պաշտոն էր կատարում։

Մեհտի-խանի ղաթրչի (ջորեպան) Մուրադի որդիքը՝ Վալի-բեկ և Թայիր-բեկ, նույնպես ստացան մի քանի գյուղեր։

Տեղ անունով հայաբնակ գյուղը, որը մի քանի հարյուր տուն բնակիչ ունի, պատկանում էր հայազգի Մելիք-Գեորգին։ Այդ գյուղից մի հասարակ հայ մշակ տարել էին Շուշի բերդի պարիսպների վրա բանեցնելու. որովհետև նրան շատ էին աշխատեցնում, նա բարկությունից մահմեդականություն ընդունեց և կոչվեցավ Ղասըմ։ Այդ Ղասըմի որդի Ռոստոմ-բեկը դարձավ Մեհտի-խանի տան նազիրը (տնտեսը), իսկ վերջինի որդի Ասատ-բեկը խանից պարգև ստացավ Տեղ գյուղը։

Պատմում են, երբ Մեհտի-խանի եղբոր որդի Ջաֆար-Ղուլի խանը նկատեց, որ Ղարաբաղի գյուղերը այսպես առատությամբ բաժան-բաժան է անում, ինքն ևս 12 գյուղերի ցուցակ կազմեց, և որովհետև իր հարաբերությունները իր հորեղբոր հետ լավ չէին, վերոհիշյալ նազիր Ռոստոմ-բեկի միջնորդությամբ ներկայացրեց Մեհտի-խանին, խնդրելով, որ իր անունով հաստատե ցույց տված գյուղերը։ Ռոստոմ-բեկը 12 գյուղերի պարգևագիրը գրել տվեց և, խանի կնիքով վավերացնելով, հանձնեց Ջաֆար-Ղուլի-խանին։ Իսկ այդ վերջինը մի քանի օրից հետո փոշմանեց, ինչո՞ւ հայոց Խնածակ գյուղը ևս չէ մտցրել այն ցուցակի մեջ, որովհետև այդ գյուղը Շուշի բերդին բավական մոտ էր և կարող էր իր համար լավ ամառանոց լինել։ Նա կրկին դիմում է նազիր Ռոստոմ բեկի միջնորդությանը։ Նազիրը, պարսից սովորության համեմատ, խանի պարգևագիր լուսանցքի (հաշիա) վրա ավելացնում է Խնածակ գյուղի անունը և ներկայացնում է կնքելու։ Բայց Մեհտի-խանը զարմանում է, նա բնավ չէ հիշում, որ մի այդպիսի պարգևագիր տված լիներ իր եղբոր որդուն, որին սաստիկ ատում էր։ Նա փոխանակ կնքելու, թուղթը պատռում է և մի կողմ է ձգում։ Բանից դուրս է գալիս, որ սկզբում այդ թուղթը խանին վավերացնեի էին տվել այն րոպեների մեջ, երբ նա բնական դրության մեջ չէր գտնվում...

Մեհտի-խանը սովորություն ուներ սաստիկ մեծ քանակությամբ ռոմ գործածելու և խիստ հազիվ էր պատահում, որ նա զգաստ դրության մեջ գտնվեր։

Եվ այսպես Մեհտի-խանի ազգականները, ջորապանները, ախոռապանները և այլ մերձավորները, «բեկ» տիտղոս ստանալով, միևնույն ժամանակ ստացան գյուղեր, ընդարձակ հողեր և այլն։ Իսկ այդ բոլորը խլվեցավ հայոց մելիքների սեփականությունից։

Բայց այդ անկարգությունները երկար շարունակվել չէին կարող։ Ամենքը գիտեին, որ ռուսաց կառավարությունը վերջ ի վերջո կհասկանար այդ զեղծումները և խանի կամայականությանը սահման կդներ։

Միևնույն ժամանակ գիտեին և այն, որ մշտական արբեցության մեջ գտնվող Մեհտի-խանը խիստ վատ հիշողություն ունի. նա իր երեկվա ասած խոսքը, տված թուղթը կարող է այսօր մերժել։ Այդ էր պատճառը, որ խանի դրությունից օգուտ քաղողները աշխատեցին մի կերպով հեռացնել նրան Ղարաբաղից, որպեսզի նրանից ստացած թղթերը պահպանեն իրանց նշանակությունը։

Մեհտի-խանը բավական երկչոտ մարդ էր։ Ամեն կողմից սկսեցին վախեցնել նրան, թե ռուսները դիտավորություն ունեն նրան սպանել տալու, Սիբիր ուղարկել և այլն։ Ասում են, թե ինքը իշխան Մադաթովը նույնպես կողմնակի կերպով նպաստում էր խանի անվստահությանը։

1822 թվին Մեհտի-խանը փախավ Պարսկաստան։ Բայց նրա փախուստը ճանապարհ բաց արեց պարսից թագաժառանգ Աբաս-Միրզայի 1826 թվի մի նոր արշավանքին դեպի Ղարաբաղի և Գանձակի կողմերը, որը ռուսներին բավական հոգսեր պատճառեց, և որի ժամանակ հայերը դարձյալ ցույց տվին իրանց անձնվիրությունը։

XLIV

1826 թվի ամառը պարսից թագաժառանգ Աբաս-Միրզան 180 000 զինվորներով դարձյալ անցավ Երասխ դետը։ Ֆաթալի-շահի անձնավստահ որդին, որը առաջին փորձն էր արել իր զորքերի մեջ մտցնելու եվրոպական կրթություն, որը նպատակ էր դրել վերականգնելու Պարսկաստանի վաղեմի փառքը, չէր կարող համբերել, որ Պարսկաստանի մի ամենալավ մասը, որպիսին էր Անդրկովկասը, տիրեին ռուսները։

Նրա բանակի մեջ գտնվում էին Ղարաբաղի Մեհտի-խանը, Շաքիի Սելիմ-խանը և Շիրվանի Մուստաֆա-խանը, որոնք առաջ ռուսաց կառավարության հպատակության երդում էին տվել, իսկ հետո դավաճանելով, փախել էին Պարսկաստան, և պարսից զորքերի հետ վերադառնալով, աշխատում էին ապստամբեցնել Անդրկովկասի մահմեդականներին ռուսների դեմ։ Նրա զորապետների թվում գտնվում էր վրաց իշխանազն Ալեքսանդրը մի քանի վրացի ազնվականների հետ, որոնք հուզում էին Ղազախի, Բորչալուի և Շամշադինի թարաքամաններին ռուսների դեմ։

Անցնելով Երասխը և մտնելով Զանգեզուրի մահալը, Աբաս-Միրզան բոլորովին ջարդեց ռուսաց մի բատալիոն, որ գտնվում էր Գորիս գյուղում։ Այստեղից արագությամբ մտավ նա Ղարաբաղի գավալը և տիրեց ամեն տեղ։

Ղարաբաղի պահպանության համար ռուսները թողել էին եգերյան զորագունդից 6 ռոտա միայն, պոլկովնիկ Ի. Ա. Րեուտի հրամանի ներքո, որոնք գտնվում էին Չանախչի ավանում, որը այդ ժամանակ պատկանում էր իշխան Մադաթովին։ Երբ պարսից զորքերը մոտեցան, պոլկովնիկ Րեուտը թողեց Չանախչին և, իր զինվորների հետ փախչելով, հազիվ կարողացավ ամրանալ Շուշի բերդում։

Պարսիկները գրավեցին Չանախչին և Աբաս-Միրզայի առաջին գործը եղավ հրամայել, որ քանդեն իշխան Մադաթովի պալատը, որը կառուցել էր նույն ավանում։

Նախընթաց գլխում տեսանք, որ իշխան Մադաթովը ստացավ Մեհտի-խանից 15 գյուղեր, որոնց թվում գտնվում էր Չանախչին։ Այդ գեղեցիկ ավանը Մելիք-Շահնազարյանների ամրոցն էր. այնտեղ էին գտնվում այդ տոհմի վաղեմի պալատները։ Իշխան-Մադաթովը այդ պալատները քանդել տալով՝ նրանց ավերակների վրա հիմնեց իր նոր պալատը, որի փառքը երկար վայելել չկարողացավ նա...

Աբաս-Միրզան, Չանախչին ավերակ դարձնելով, անցավ և պաշարեց Շուշի բերդը։ Իր առաջապահ զորքերը իր երեց որդի Մահմադ-Միրզայի և Ամիր-խան սարդարի առաջնորդությամբ ուղարկեց նա դեպի Գանձակի գավառը, որոնք տիրեցին Գանձակի բերդին, բոլորովին ոչնչացրին մերձակա գերմանական կալոնիաները, առաջացան մինչև Շամքորի գետը, այնտեղից պատրաստվում էին գնալ Թիֆլիսը տիրելու համար։

Ամբողջ անդրկովկասյան քրիստոնյաները գտնվում էին սարսափի մեջ. բոլորը սպասում էին, որ Աղա-Մամադ-խանի բարբարոսությունները պետք է կրկնվեն։ Տեղային մահմեդականությունը մեծ հուզմունքի մեջ էր, բոլորը պատրաստված էին միանալու պարսիկների հետ, ռուսներին ջարդելու համար և պարսկական իշխանությունը կրկին Անդրկովկասում վերականգնելու համար։

Իշխան Մադաթովը այդ ժամանակ գտնվում էր կովկասյան հանքային ջրերի մոտ, ուր գնացել էր իր առողջությունը կազդուրելու։ Այնտեղ տեղեկություն ստացավ Վրաստանի գլխավոր հրամանատար գեներալ Երմոլովից, թե որպիսի վտանգ էր սպառնում Անդրկովկասին։ Նա մոռացավ իր հիվանդությունը և երկու օրվա մեջ ջրերից հասավ Թիֆլիս։ Անմիջապես (10 օգոստոսի) նրան առաջարկվեցավ ընդունել այն զորքերի հրամանատարությունը, որ պատրաստել էին ուղարկելու պարսիկների դեմ։ Իշխանը մեծ ուրախությամբ ընդունեց, որովհետև վտանգը գլխավորապես իր հայրենիքին էր սպառնում։

Մինչև իշխան Մադաթովի հասնելը, դառնանք դեպի Շուշի բերդը, տեսնենք այնտեղ ինչ էր կատարվում։

Աբաս-Միրզայի բոլոր ջանքերը բերդը տիրելու համար իզուր անցան։ Իզուր նրա մոտ գտնված ֆրանսիացի և իտալացի ինժեներները գործ էին դնում իրանց բոլոր արհեստը։ Բնությունից անառիկ ստեղծված բերդը գրավելու հնար չկար։ Նա ընդդիմացավ 48 օրվա սարսափելի պաշարման։

Բայց միայն բերդի բնական ամրությունը չէր, որ նրան պահպանեց թշնամու հարձակումներից։ Նրան պահպանեց գլխավորապես հայերի անձնազոհությունը։

Բացի բերդի մեջ բնակվող հայերից, այնտեղ շրջակա գյուղերից հավաքվել էին բազմաթիվ հայեր։ Այնտեղ կային, որպես վերևում հիշեցինք, 6 ռոտա ռուս զինվորներ միայն, պոլկովնիկ Րեուտի հրամանի ներքո։ Թե ինչպես էին գործում հայերը, մենք իբրև ապացույց, մեջ կբերենք մի փոքրիկ կտոր իշխան Մադաթովի կենսագրությունից։

«Ոչինչ չէր կարող խռովեցնել մի բուռն ռուսներին, որոնք ընկերաբար միանալով հայերի հետ (դրանք ըստ մեծի մասին իշխան Մադաթովի կալվածներիցն էին), քաջությամբ պատասխանում էին պաշարված բերդի բոլոր կետերի վրա թշնամու հարձակումներին, որը թվով երեսուն անգամ ավելի էր, քան թե բերդի մեջ գտնված գարնիզոնը, որը չուներ ոչ բավականաչափ ուտելու պաշար և ոչ հրանոթներ, որոնք մնացել էին Չանախչիի մեջ, 42-րդ եգերյան զորագունդի բնակության տեղում։ Տեսնելով գարնիզոնի այդքան համառ ընդդիմադրությունը, և հույս չունենալով ուժով նվաճելու նրան, Աբաս-Միրզան աշխատում էր տկարացնել նրան գիշերային անընդհատ հարձակումներով և կրակ թափելով... Վերջապես և դրա մեջ հաջողություն չգտնելով, սկսեց զանազան խոստմունքներով հրապուրել բերդի մեջ գտնված հայերին, աշխատելով համոզել նրանց, որ բաժանվեն ռուսներից։ Բայց և այդ ձեռնարկության մեջ հանդիպեց հայերի կողմից միահոգի և հաստատուն մերժման։ Սահմանագլխի այդ նշանավոր բերդի գրավումը անպատճառ կունենար մեզ (ռուսների) համար չափազանց վատ հետևանքներ, որովհետև, Աբաս-Միրզան, տիրելով նրան, այլևս արգելք չէր ունենա կանգնեցնել իր արշավանքը և ուղղակի առաջ կխաղար դեպի Թիֆլիս, ուր կարող էր հասնել, նախքան թե մեր զորքերը ժամանակ կգտնեին միանալու, որ պաշտպանեին այդ քաղաքը։ Շուշիի մեջ կատարված գործողությունները սքանչելի էին։ Գիշերով պատրաստված վառոդի և գնդակների քանակությունը գործ էր ածվում ցերեկով։ Մինչև անգամ (հայոց) կնիկները և մանկահասակ աղջիկները ցույց էին տալիս եռանդ և քաջություն, օգնում էին պաշարվածներին հենց պատնեշների վրա, կռվելու ժամանակ բաժանելով նրանց պատրոններ։ Դեռ մինչև այսօր պատմվում են շատ զրույցներ Շուշիի բնակիչների այդ ժամանակի ինքնազոհությունների մասին...»։

Այդ ինքնազոհության օրինակներից մենք կհիշենք մեկը միայն, որի մեջ փայլում է ղարաբաղցի կնոջ հերոսությունը։

Հենց նույն օրը, երբ Աբաս-Միրզայի զորքերը պաշարում են Շուշի բերդը, մի աղքատ կին իր ամուսնի հետ տարել էին մի պարկ ցորյան ջաղացը աղալու համար։ Շուշի բերդի ջրաղացները գտնվում են Գարգար գետի ձորի մեջ, Հյունուտ անունով գյուղի մոտ։ Ով որ տեսել է այդ անդնդախոր ձորը, ով որ տեսել է այն նեղ ճանապարհը, որ քարափների կուրծքի վրայով սարսափելի գահավեժներից բարձրանում է դեպի բերդը, կարող է երևակայել, թե ո՛րքան քաջություն, ո՛րքան սրտի ամրություն պետք էր մի կնոջ, որ նա կարողացավ այդ ճանապարհով գնալու ժամանակ ոչ միայն իր անձը ազատել պարսիկ սարվազների ձեռքից, այլ կոտորեց նրանցից շատերին։

Աղքատ կնոջ ամուսինը ալյուրի պարկը շալակած, երկուսը միասին բարձրանում էին քարափներից, հանկարծ վրա են հասնում մի խումբ սարվազներ։ Ամուսին այրը պարկը ցած է գցում և սկսում է փախչել։ Իսկ կինը մնում է, սկսում է քարերով կռվել սարվազնեթի հետ։ Նրան հաջողվում է մեկին ցած գլորել և խլել նրանից հրացանը ու սուրը։ Այնուհետև, մի կողմից պատերազմելով սարվազների հետ, մյուս կողմից՝ ալյուրի պարկը իր ետևից քարշ տալով, նա բարձրանում է դեպի բերդը։ Բերդի միջից հեռվից տեսնում են նրա կռիվը և աղաղակներով քաջալերում են։ Նա ազատում է իր զավակների ապրուստի պաշարը և մինչև բերդը մտնելը սպանում է մի քանի սարվազներ։

Մինչև այսօր ամեն մի շուշեցի չէ մոռացել այդ կնոջ անունը, նրան կոչում էին Խաթայի։

Շուշի բերդը հայերի օգնությամբ ամբողջ 48 օր պաշտպանվեցավ Աբաս-Միրզայի բազմաթիվ զորքերի դեմ։ Այդ սահմանագլխյան բերդը մի հզոր խոչընդոտ էր, մի մեծ արգելք էր նրա արշավանքի առաջադիմությանը դեպի Անդրկովկասի խորքերը։ Եթե Աբաս-Միրզան այստեղ աջողություն գտներ, գործերի դրությունը շատ պիտի դժվարանար ռուսների համար։ Ղարաբաղի Մեհտի-խանը, այդ ռուսներից հարգված և գեներալի աստիճանի հասցրած դավաճանը, արդեն ոտքի էր կանգնեցրել Ղարաբաղի մահմեդական բոլոր խաշնարած, կիսավայրենի ցեղերին ռուսների դեմ։ Բացի Աբաս-Միրզայի կանոնավոր զորքերից, ռուսաց սահմանների մոտ թափառող պարսից բոլոր ավազակ ցեղերը, ինչպես էին շահսևանները, ղատադաղցիները, ահագին խումբերով անցել էին Երասխը ավարառության և կողոպուտի նպատակով։

Բայց Շուշին պաշտպանվում էր։

Այդ ժամանակ Աբաս-Միրզայի առաջապահ զորքերը նրա երեց որդի Մահմադ-Միրզայի և Ամիր-խան-սարդարի առաջնորդությամբ, տիրելով Գանձակին, անցել էին մինչև Շամքորի գետը, այնտեղից պատրաստվում էին գնալ Թիֆլիսը գրավելու համար։

Դեռ Օգոստոսի 4-ին ռուսաց զորքերը Թիֆլիսից ճանապարհ էին ընկած թշնամու առաջը առնելու համար։ Իշխան Մադաթովը սկզբում նրանց հետ չէր. նա արագությամբ հետո հասավ իր հրամանատրությանը հանձնված զորքերին Կարմիր-կամուրջի մոտ և այնտեղից առանց ժամանակ կորցնելու ճանապարհ ընկավ դեպի Գանձակ։

Զագամ գետի մոտ իշխան Մադաթովը հանդիպեց վրաց իշխանազն Ալեքսանդրին, որը 2 000 պարսիկ զորքերով և մի քանի վրացի ազնվականների հետ կամենում էր անցնել դեպի Նուխվա գավառը, լեզգիներին և տեղային մահմեդականներին ապստամբեցնելու ռուսների դեմ։ Իր զորաբաժնից իշխան Մադաթովը առեց փոքրաթիվ ձիավորներ և հարձակվեցավ Ալեքսանդրի վրա։ Կարճատև կռվից հետո վրաց իշխանազնը ստիպվեցավ խույս տալ դեպի Շամքորի լեռները։

Հաջողակ ձեռքով ջարդելով թշնամու առաջապահ գունդերը, իշխան Մադաթովը սեպտեմբերի սկզբներում հասավ Շամքոր գետի մոտ, որի աջ ափի վրա սպասում էր նրան պարսից գլխավոր զորությունը, պատերազմական կարգով։ Նրանց թիվը անցնում էր 10 000-ից, չհաշվելով Ղազախի և Շամշադինի թուրքերին, որոնք ահագին խումբերով միացել էին պարսիկների հետ։ Այդ խառնիճաղանջ բազմությանը առաջնորդում էր Ամիր-խան-սարդարը, որը շահի փեսան և նրա լավ զորապետներից մեկն էր, բացի նրանից, զորապետների թվում գտնվում էր Աբաս-Միրզայի երեց որդին։

Իսկ իշխան Մադաթովը ուներ իր հրամանի ներքո միայն 2 բատալիոն, 2 ռոտա և 4 թնդանոթներ։ Բայց քաջ և փորձված զորավարի անձնավստահությունը փշրեց թշնամու ահագին զորությունը։ Նրա ահարկու անունը, որը արդեն մահմեդականների մեջ առասպելական նշանակություն էր ստացել, բավական էր թշնամուն սարսափեցնելու համար։ Եվ իշխան Մադաթովը իր պատերազմական ճարպկությունների մեջ գիտեր այնպիսի հնարքներ բանացնել, որ ազդեր արևելքցիների երևակայության վրա։ Որպես Հոմերոսի հերոսները Տրոյան գրավելու համար կազմեցին իրանց ամեհի փայտեղեն երիվարը, այնպես էլ իշխան Մադաթովը սարքեց մի ահագին սայլ, որը, իբրև մի հրեշավոր մեքենա, հանդարտ ընթացքով առաջ էր տանում իր զորքերի առջևից։ Սայլի միջից որոտում էին թնդանոթները, որ կապված էին նրա վրա։ Սարսափած թշնամին կարծում էր, որ այդ վիթխարի հրեշը իր բերանիցն էր հոսում անընդհատ կրակը ու գնդակները։

Պարսիկները չարաչար կերպով ջարդվեցան։ Նրանց գլխավոր հրամանատարը՝ Ամիր-խան-սարդարը, սպանված ընկավ կռվի դաշտում։ Աբաս-Միրզայի որդի Մահմեդ-Միրզան առաջինը եղավ, որ փախչելով խույս տվեց պատերազմի դաշտից։ Նրան հետևեցին հաղթված սարվազները, թողնելով Շամքոր գետի ափերի մոտ իրանց բոլոր ռազմամթերքը։

Իշխանը սկսեց հալածել թշնամուն, որ նա Գանձակի մոտ կանգ չառնե տեղային հայերին վնասելու համար։ Սեպտեմբերի 4-ին հասավ նա Գանձակի պարիսպների մոտ։ Քաղաքի հայ հասարակությունը մեծ հանդեսով հանդիպեց նրան, շնորհավորում էր նրա փառավոր հաղթությունը։ Ամբոխը երգում էր նրա անունով արդեն հորինված ժողովրդական երգերը։

Շամքորի հաղթությունը ազատեց Գանձակը թշնամու բարբարոսությունից և փոքր-ինչ հանգստացրեց հուզված մահմեդականներին։ Բայց դեռ ամենագլխավորը մնացել էր. Շուշի բերդը դեռևս գտնվում էր պաշարված դրության մեջ Աբաս-Միրզայի զորքերով, որոնց հետ միացան Շամքորի պարտությունից հետո փախած պարսիկները։

Իշխան Մադաթովը արդեն պատրաստված էր գնամու Շուշին ազատելու համար, հանկարծ հրաման ստացավ գեներալ Պասկևիչից (որը այդ ժամանակ եկել էր Թիֆլիս), որ Գանձակում սպասե իրան։

11 սեպտեմբերի ինքը Պասկևիչը անձամբ եկավ Գանձակ և ընդունեց բոլոր զորքերի հրամանատարությունը։

«13 սեպտեմբերի, գիշերը, պարսից բանակից հայտնվեցան երկու հայեր, որոնցից մեկը, իբրև ռուսաց լեզվի թարգման, գտնվում էր Սբաս-Միրզայի մոտ և մի ժամանակ ծառայել էր իշխան Մադաթովի տանը։ Նրանք թախանձանոք պահանջում էին, որ, իրանց թողնեն իշխանի (Մադաթովի) մոտ և հաղորդեցին նրան, թե պարսիկները, իրանց բոլոր ծանրությունները թողնելով Թարթար գետի մյուս կողմում, արդեն անցան Քուրակ-չայ գետը և առաջ են ընթանում, որ հանկարծակի հարձակում գործեն մեր (ռուսաց) զորքերի վրա։ Իշխան Մադաթովը անհապաղ այդ մասին տեղեկություն տվեց գեներալ-ադյուտանտ Պասկևիչին, որից տրվեցան այդ դեպքի համար բոլոր հարկավոր եղած հրամանները»։

Եվ իրավ, Աբաս-Միրզան Շամքորի պարտությունից հետո, իր զորքերի մի մասը թողնելով Շուշի բերդի մոտ և առնելով իր հետ 15 000 կանոնավոր հետևակներ և 20 000 ձիավորներ, 26 թնդանոթներով, այնքան առաջ էր եկել, որ գտնվում էր 7 վերստ հեռավորության վրա Գանձակ քաղաքից։ Եվ ռուսները նրա շարժման մասին հազիվ թե տեղեկություն կունենային, եթե վերոհիշյալ երկու հայերը, որոնք Աբաս-Միրզայի ծառայության մեջ էին գտնվում, լրտեսի պաշտոն չկատարեին։

Գանձակի մոտ ռուսաց զորքերը բաղկացած էին մի այն 6 բատալիոն հետևակներից և երեք պոլկ ձիավորներից, ունեին 24 թնդանոթներ։ Զորքերի այդ անհամեմատ սակավությունը Աբաս-Միրզայի ահագին զորության դեմ կարող էր միայն պաշտպանողական դիրք պահպանել և ոչ հարձակողական, և այսպես էլ վարվելու դիտավորություն ուներ գեներալ Պասկևիչը։ Բայց իշխան Մադաթովը, որ ավելի լավ ծանոթ էր արևելքցիների հետ, համոզեց նրան, որ, թշնամուն ժամանակ տալով, նրա զորությունը ավելի կբարդվի, տեղացի մահմեդականները կմիանան նրա հետ, բացի դրանից, հասկացրեց, որ ասիացիների հետ պատերազմելու համար զորքերի թիվը այնքան նշանառություն չունի, որքան համարձակ և վճռական հարձակմունքը։

Վճռեցին կռվել։ Իշխան Մադաթովի պատերազմական տաղանդը, որպես Շամքորի ճակատամարտում, նույնպես և Գանձակի մոտ կատարված կռիվում, ցույց տվեց նրա զինվորական բարձր արժանավորությունները։

Աբաս-Միրզան հաղթվեցավ։ Պարսիկները այնքան շտապով սկսեցին փախչել, որ պատերազմի դաշտում և ճանապարհների վրա թողեցին իրանց բոլոր ծանրությունները։ Աբաս-Միրզան սեպտեմբերի 15-ին, իսկ նրա ջարդված զորքերը նույն ամսի 17-ին անցան, Երասխ գետը։ Իշխան Մադաթովը հալածեց նրանց մինչև պարսից սահմանները։

Թշնամու հեռանալովը Շուշի բերդի պաշարումն ինքնըստինքյան լուծվեցավ։ Իշխան Մադաթովը շտապեց այնտեղ բերդի դրությունը տեսնելու համար։ Մի քանի վերստ հեռավորության վրա, ահագին բազմությամբ նրա առաջ դուրս եկավ պոլկովնիկ Րեուտը հայոց հոգևորականության հետ։ Մինչև անգամ կանայքը, երեխաները ուրախության աղաղակներով արտահայտում էին իրանց շնորհակալությունը իրանց ազատչին։

Այստեղ իմացավ նա, որ թշնամին ոչ միայն ավերակ էր դարձրել նրա Չանախչի ամրոցը, այլ բոլորովին ոչնչացրել էր նրա գյուղերից 6-ը։ Ինչ որ կարողացել էին տանել, տարել էին, ինչ որ չէին կարողացել՝ այրել էին։

Բայց կողոպտված Ղարաբաղը տակավին հուզման մեջ էր։ Մեհտի-խանը դեռևս գրգռում էր մահմեդականներին զանազան անկարգություններ գործելու, հորդորում էր նրանց թողնել Ղարաբաղը, անցնել Երասխի մյուս կողմը, պարսից հողի վրա, և այնտեղից հարձակումներ գործել։

Իշխան Մադաթսվը պետք է իրան ցույց տար Ղարաբաղի բնակիչներին, մանավանդ, որ պարսիկները նրա մասին սուտ լուրեր էին տարածել, որ կռիվի մեջ սպանված է։

Բայց նա իր ձեռքի տակ զորքեր չուներ, որովհետև, նրա հրամանատարության ներքո գտնված զորքերը այդ ժամանակ հանձնած էին գեներալ Պասկևիչին։ Այդ դեպքում ևս նրան օգնության հասան հլու և հնազանդ հայերը։ Շուտով կազմվեցան կամավորների խումբեր, որոնց իր հետ առնելով, իշխանը սկսեք թռչել դեպի Ղարաբաղի զանազան կողմերը և ամեն տեղ հանգցնել Մեհտի-խանի բորբոքած խռովությունները։

Հայերի օգնությամբ իշխանը խաղաղացրեց մահմեդականների խռովությունը։ Նրանց անհավատարմությունը շուտով մոռացվեցավ, մոռացվեցավ և հայերի անձնազոհությունը։ Այդ բավական չէր, իշխանը սկսեց այնուհետև ավելի շողոքորթել, ավելի նշանակություն տալ մահմեդականներին, որպես դաստիարակության մեջ տգետ մայրերը ավելի լրբացնում են չար երեխաներին, նրանց խոստումներ անելով, քաղցրավենիք տալով, որ ձայները կտրեն, անկարգություն չգործեն։ Այսպես էին վարվում մահմեդականների հետ, իսկ հայերի համար ասում էին՝ «դրանք մերն են...»։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Խամսայի Մելիքությունները"

Ятук Музыка
Колыбельная
Александр Спендиарян

Колыбельная

Битва при Авараире, 1948 год.
Битва при Авараире, 1948 год.
Играть онлайн