Нар-Дос

Զազունյան

3
10

է՛հ, էլ չեմ ուզում այս խաղը, վերջապես կանչեց Զաքարը, անհաջողությունից իրեն նեղացած ձևացնելով և խաղաթղթերը ցրելով սեղանի վրա։ Այսքան «դուռակները» որ գումարենք, վերջը ես խելագար դուրս կգամ։

Եվ նա վեր կացավ տեղից։

Բարեկամ, ինչո՞ւ ես այդպես շուտ տաքանում, ասաց Զազունյանը, չէ՞ որ քո սիրած խաղն այդ է։

Նա նույնպես վեր կացավ տեղից։

Այո, այդ է, պատասխանեց Զաքարը, բայց միշտ հիմարանալ հիմարություն կլինի։ Հիմա գիտե՞ս ինչ, էմմա, դարձավ նա կնոջը, ինչ որ հարկավոր չէ, հիշում եմ, ինչ որ հարկավոր է, մոռանում եմ, դու կնստես այս սնդուկի առջև (սնդուկ նա անվանում էր դաշնամուրը) և մեզ համար մի երկնային բան կթրխթրխկացնես․․․ երկայն չհասկանաս, երկնային եմ ասում, այնպիսիներից, էլի, ես ու դու որ դիտենք։ Հա՛, Արսեն, հանկարծ դարձավ նա Զազունյանին, դու չգիտես, որ կինս երկար ժամանակ երաժշտությամբ էր պարապում։ Առանձին ուսուցչուհի էր վարձել։ Մոսկվայից եկած, թե վռնդած, չգիտեմ, մի քավթառ ֆրանսուհի էր, իմ քթից էլ մեծ քթով, երեսին պուդր որքան քեֆդ տա, մի կատարյալ ցավ էր անպիտանը, կողքով անցնելիս զոռով դիպչում էր և իսկույն պարդո՛ն։ Բայց ճշմարիտը պետք է ասած՝ իր գործին հմուտ էր և կնոջս լավ սովորեցրեց, հիմա կտեսնես, թե ինչպես հիանալի նվագում է։

Եվ խորամանկությամբ ժպտալով նա ծուռ նայեց կնոջը։

Էմման, որ հավաքում էր խաղաթղթի սեղանը, կարմրեց և մի տեսակ թեթև ամոթխածությամբ ու միևնույն ժամանակ բարեկամաբար ժպտալով նայեց Զազունյանին։

Ես ձեզ ի՞նչ էի ասում, պ. Զազունյան, ասաց նա։

Ի՞նչ, ի՞նչ էիր ասում, հարցրեց Զաքարը շտապով։

Տիկինն ասում էր, որ դու ամեն բան չափազանցում ես, նրա տեղ պատասխանեց Զազունյանը։

Ճիշտ է, ես առհասարակ մի սովորություն ունեմ․ ինչ որ լավ է, միշտ չափազանցել, իսկ ինչ որ վատ է, միշտ մեղմացնել, և կարծում եմ, որ այդ մեղք չէ, չէ՞։ Դե, եկ նստիր և սկսիր, դիմեց նա կնոջը։

Էմման վարանքով նստեց դաշնամուրի առջև։ Սկզբում շփոթվում էր, ձեռքերը թեթև կերպով դողում էին, իսկ սիրտը բաբախում էր արագ։ Վերցրեց ձայնագրատետրերը և սկսեց թերթել։ Երկար ժամանակ չէր կարողանում որոշել, թե ինչ նվագի։ Թեև չէր նայում Զազունյանին, բայց զգում էր, որ նա սպասում է, և նրա աչքերը նայում են իրեն, այդ պատճառով ավելի էր կորցնում իրեն։ Վերջապես ամբողջ մարմնով մի տեսակ շարժում գործեց, կարծես աշխատելով դուրս գալ անսովոր շփոթությունից, իրեն բռնի սիրտ տվեց, արագ բաց արեց մի բան, ինքն էլ չիմանալով ինչ, և սկսեց նվագել։ Ինչպես արբած ժամանակ, երբ մարդ մի տեսակ անբնական լարված ջղերով մի բան է գործում կամ խոսում առանց իրեն հաշիվ տալու, նույնպես և նա, թեև նրա գեղեցիկ, երկար, փղոսկրի պես փայլուն մատները սահելով խաղում էին դաշնամուրի ստեղունքների հետ և աչքերը տենդային փայլով հետևում էին ձայնագրերին, բայց նա ինքը ոչինչ չէր հասկանում, կարծես երազի մեջ լիներ։ Սակայն, այդ միայն մի քանի րոպե տևեց. այնուհետև նա տիրապետեց իրեն. աթոռի վրա, որ մինչև այժմ նստած էր փոքր֊ինչ առաջ թեքված, ուղղվեց, շառագունած դեմքը մի վայրկյան միայն դարձրեց դեպի Զաքարն ու Զազունյանը, ինքնամոռաց ժպիտով նայեց նրան և շարունակեց նվագել այս անգամ շատ սահուն, առանց որևէ ջանադրության։ Նա մինչև անգամ սկսեց գրավել իր նվագով և շարունակելով նվագել, զգում էր, թե ինքը դեռ երբեք այնպես գեղեցիկ և վարպետորեն ոչինչ չէր նվագել։ Նրա ձեռքերն այլևս չէին դողում, սիրտն այլևս արագ չէր բաբախում։ Այս անգամ ամբողջ մարմնի մեջ մի տեսակ դուրալի աշխույժ էր զգում. միայն դեմքն առաջվա նման շառագունած էր և սաստիկ գեղեցկացած. աչքերի մեջ փայլում էր երջանկության և ինքնաբավականության հուրը։

Գեղեցիկ պիեսի վերջին ակորդները, արձագանք տալով ընդարձակ հյուրասենյակի մեջ, լռեցին նրա մատների տակ և նա, թողնելով դաշնամուրի ստեղունքները, վեր կացավ տեղից։ Առաջին հայացքը, որ նա ձգեց, Զազունյանի վրա էր։ Այդ հայացքը կարծես հարցնում էր ի՞նչպես էր, գո՞հ եք։

Զազունյանը վեր կացավ, մոտեցավ նրան և ջերմ կերպով սեղմեց նրա ձեռքը։

Շնորհակալ եմ, տիկին, ասաց նա, շատ շնորհակալ եմ։ Զաքարն իրավունք ուներ. դուք հիանալի նվագում եք։ Շնորհակալ եմ։

Նա կրկին սեղմեց էմմայի ձեռքը։

Էմման բոլորովին շառագունեց և աչքերը ամոթխածությամբ վայր թողեց։

Երջանկությունն ու ինքնաբավականությունը խաղում էին նրա դեմքին։ Որքա՜ն գեղեցիկ էր նա այդ րոպեին։ Ակամա հիացմունքը պաշարեց Զազունյանին։

Բռա՜վո, հանկարծ լսվեց Զաքարի ձայնը։ Նա կարծես նոր ուշքի եկավ այն հիացմունքից, որ պատճառել էր նրան կնոջ նվագը։ Բռա՜վո, բռա՜վո, էմմա..․ Բռավի՜սսիմո.․.

Նա վեր կացավ և մինչև անգամ սկսեց ծափահարել։

11

Նույն օրը՝ գիշերը, էմման մենակ նստած էր իր փոքրիկ սենյակում, սեղանի առջև և զբաղված էր նույն օրվա ձեռագործով։ Ձեռքերը գործում էին, իսկ միտքն ամբողջապես զբաղված էր այդ օրվա տպավորություններով։ Ահա, առավոտյան վեր է կենում և առաջին միտքը, որ ծագում է նրա գլխում, այն է, որ այդ օրը Զազունյանը պետք է այցելի իրենց, և այդ գիտակցությունից մի անսովոր զվարթություն, մի անսովոր ուրախություն պաշարում է նրան։ Ահա սպասում է նա, անդադար դուրս ու տուն անելով, թեև գիտե, որ Զազունյանն այդպես վաղ չի գա, և որքան շատ է սպասում, որքան շատ է դուրս ու տուն անում, լուսամուտից դեպի դուրս նայում, այնքան անհամբերությունն ավելի է պաշարում նրան։ Վերջապես, ահա նա գալիս է կառքով, նստած է, ինչպես միշտ, ուղիղ։ Էմման ակամա ձեռքը դնում է կրծքին՝ զսպելու համար սրտի թրթռոցը, միևնույն ժամանակ զգում է, թե ինչպես արյունը բոլոր երակների մեջ ախորժելի կերպով եռում է և խփում երեսին։ Նա արագությամբ հեռանում է լուսամուտից և տեսնում է, որ կանգնած է հայելու առջև։ Հայելու միջից նրան նայում է քնքուշ և գեղեցիկ մի դեմք, ամբողջապես երջանիկ ժպիտ կտրած։ Հետո հեռանում է հայելուց և համարյա թռչում դեպի դուռը։ Նախասենյակում հանդիպում է Զազունյանին և զգում է, որ առաջվա ժպիտն առավել ևս պայծառացնում, առավել ևս գեղեցկացնում է դեմքը։ Ջերմ կերպով սեղմում է Զազունյանի ձեռքը և հրավիրում հյուրասենյակ։ Նրանք նստած են միմյանց դիմաց։ Ահա Զազունյանի այրական դեմքը, ահա նրա խելացի աչքերը, որոնց հայացքն այնքան պարզ է և այնքան անթափանցելի է, ահա նրա զգաստ շարժումները, գրավիչ, հանդարտ ձայնը, ահա նրա մեղմ ժպիտը, որ այնքան սազում է նրա դեմքին, ահա նրա խոհուն ճակատը, նրա հանդարտ, դողդոջուն ծիծաղը, որ, կարծես, նրա դեմքից ետ է քաշում մի մռայլ քող և երևան է հանում նրա ամբողջ ներքին աշխարհն իր բոլոր բարեմասնություններով․․․ Ի՜նչ քաղցր էր այն խոսակցությունը, որ, նախքան Զաքարի գալը՝ բացվեց նրանց միջև։ Եվ նրա գլխում վերանորոգվեց այդ խոսակցությունը։ Խոսակցության սկիզբը, մանավանդ, համարյա բառ առ բառ տպավորվել էր նրա ուղեղում։ «Ես ձեզ արդեն տնային մարդու տեղ եմ ընդունում, պ․ Զազունյան, և այդ պատճառով չեմ ուզում հետևել հյուրասիրության խստապահանջ օրենքներին և կարծում եմ, որ դրա համար դուք ինձ կներեք»։ Նա հիշեց և Զազունյանի պատասխանն ու հարցը և դարձյալ իր պատասխանը, «Որովհետև դուք ի՛մ ամուսնու բարեկամն եք, այդ պատճառով ուզում եմ, որ ի՛մ բարեկամս լինեք»։ Եվ հիշելով իր պատասխանը, այժմ հանկարծ ամոթի մի զգացում պաշարեց նրան։

«Այս ի՜նչ եմ ասել, այս ի՜նչ եմ ասել», սարսափով շշնջաց նա և անզգայաբար շպրտելով ձեռագործը սեղանի վրա, դեմքը ծածկեց ձեռքերով։ Նրան թվում էր, թե շատ հանդուգն և աններելի բան է ասել։ Եվ ի՞նչպես նա այն ժամանակ չհասկացավ, որ նոր ծանոթին այդպիսի խոսքեր չեն ասում։ «Ով գիտե այդ խոսքերից նա ինչ եզրակացրեց», ասաց նա ինքնիրեն և ձեռքերը կամաց հեռացրեց դեմքից։ Նրա դեմքն անմեղ ամոթխածությամբ լուռ ծիծաղում էր։ Նա կարճ ժամանակ մնաց անշարժ, աչքերը մի կետի հառած, հետո հանկարծ վեր թռավ տեղից։

«Ո՛չ, այս ներելի չէ, այս ներելի չէ», ցած ձայնով բացականչեց նա և հեռացավ դեպի լուսամուտը։ Նա բաց արեց լուսամուտի տախտակե փեղկերը և, սրբելով ապակու գոլորշին, դեպի դուրս նայեց։ Դուրսը գիշերը բոլորովին մութն էր։ Լուսամուտի առջև երևում էին փողոցում տնկված ծառերի կատարների տակավին մերկ ճյուղերը, իսկ այն կողմը, հեռու, դիմացի հսկա տները գիշերային մթության մեջ նկարվում էին իրենց մռայլ ուրվագծերով։ Ոչ ոքի լուսամուտից ճրագի լույս չէր երևում, որովհետև բոլորի տախտակե փեղկերը փակ էին։ Երևում էր միայն փողոցի լապտերը, որ իր փայտե սյունի վրա կանգնած շուրջը, շատ մոտ տարածության վրա, աղոտ լույս էր սփռում, և այդ լուսավորված տարածության վրա փողոցի սալահատակը պղտոր ջրի գույնի էր խփում։

«Ինչպես երևում է, դուրսը բավական ցուրտ է», ասաց նա ինքնիրեն, աշխատելով մոռանալ Զազունյանին ասած խոսքերը, որոնց հիշելիս նրա դեմքը շարունակ այրվում էր ամոթից։ Նա ապակու միջից նայեց բարձր երկնքին։ «Արդյոք ամպամա՞ծ է, թե մառախուղով է պատած, աստղեր չեն երևում»։ Նա կամաց ճակատը կպցրեց սառն ապակուն և այս անգամ սկսեց նայել դեպի ցած, փողոցին։ «Անցուդարձը կտրվել է. ոչ ոք չի երևում», շարունակում էր նա մտածել ուրիշ բաների մասին, որպեսզի բոլորովին մոռանա Զազունյանին ասած խոսքերը։ «Չէ, ահա մի մարդ. շտապով անցնում է։ Իհարկե, տուն կլինի գնալիս։ Տեսնես ո՞րտեղ է եղել»։ Եվ այսպես, որքան աշխատում էր ուրիշ բաների մասին մտածել, չէր հաջողվում։ Զազունյանին ասած խոսքերը համառորեն ամեն ինչ ետ էին մղում նրա ուղեղից, և իրենք միայն ուզում էին տպավորված մնալ այնտեղ։

«Է՜հ, վերջապես ինչ ուզում է, թող եզրակացնի», կամաց բացականչեց նա։ «Ես այդ խոսքերը բոլորովին անկեղծությամբ ասացի և ինչո՞ւ չպետք է ներելի լինի ինձ, կամ այստեղ ի՞նչ կա ամաչելու, ի՞նչ մի պախարակելի բան եմ ասել»։

Նա հանգստացավ, և ամոթի շառագույնը դադարեց այրելու նրա դեմքը։ Հեռացավ լուսամուտից և թեթև, անլսելի քայլերով սկսեց ետ ու առաջ գնալ սենյակում։ Նրա աչքերն ընկան սեղանի վրա ընկած ձեռագործին։ «Ես առանց չափազանցելու կասեմ, տիկին, շատ սիրուն և շատ սիրելի բան է», մտաբերեց նա Զազունյանի խոսքերը և այս անգամ արդեն ինքնաբավականության, և անմեղ հպարտության շառագույնը պատեց նրա դեմքը: Նա ժպտաց, ինչպես ժպտում են անմեղ, բարեսիրտ երեխաները, և շարունակեց քայլել ետ ու առաջ։ Այնուհետև նրա մտքում արագությամբ նորոգվեցին Զազունյանի դատողությունները։ Այդ դատողությունները նրան անսխալ էին թվում, և ինքը կատարելապես համաձայն էր նրա հետ։ «Այո, ամեն բան, ինչ որ գոյություն ունի աշխարհիս երեսին, ուղղակի թե անուղղակի դեպի լավը, դեպի բարին է ծառայում», շշնջաց նա Զազունյանի խոսքերը, և այդ ոչ թե նրա համար, որ ինքն անձամբ փորձված էր այդ բանում կամ, այդ հարցը խոր քննության ենթարկելով, այդ համոզմունքին էր հասել, այլ նրա համար, որ այդ ժամանակ այդպես էր զգում։ Այո, այդ ժամանակ Էմման զգում էր, որ աշխարհիս մեջ ամեն ինչ լավ և բարի է և վատ կամ չար ասած բան գոյություն չունի։ «Մարդիկ միայն բարի են ծնվում, իսկ չար երբեք», հիշեց նա Զազունյանի ուրիշ խոսքերը «և մինչև վերջն էլ այդպես մնում են», ավելացրեց նա իրենից։ Մի՞թե սխալ է այդ։ Սխալ չէ։ Ահա իր ամուսինը, որը նույնչափ լավ մարդ է, նույնչափ բարի է, որքան և Արամիկը։ Ահա ռուս աղախինը, հայ խոհարարը, հայ ծառան, դրանք բոլորն էլ լավ և բարի մարդիկ են։ Նույնպես և այդ միևնույն տան հարևան բնակիչները. դրանց մեջ ոչ ոք վատ և չար մարդ չկա։ Նույնիսկ այն ուշացած պարոնը, որ փոքր-ինչ առաջ փողոցում շտապ անցնում էր, նա էլ շատ լավ և բարի մարդ էր երևում։ Վերջապես... ինքը Զազունյանը... Մի՞թե նրանից էլ լավ, բարի, խելոք, ազնիվ, քաղաքավարի, սիրելի և... գեղեցիկ մարդ կա աշխարհիս երեսին... Ամենքը, ամենքը լավ և բարի են։ Եվ ինչո՞ւ բարի և լավ չպետք է լինեն, քանի որ կյանքն այնքան քաղցր և սիրելի է։ Նրա աչքն ընկավ պատից կախված մի գեղեցիկ նկարի վրա։ Նկարը ներկայացնում էր մի կաթոլիկ քահանա՝ սաստիկ հաստ փորով և չաղ, սափրած կլորիկ դեմքով։ Նա կանգնած էր գինու տակառի առջև և ձեռքին կարմիր գինով կիսալից մի բաժակ բռնած՝ հիացմունքով նայում էր նրա լույսի վրա։ Էմման, նայելով այդ նկարին, հանկարծ ծիծաղեց։

Ահա այդ քահանան էլ անշուշտ շատ լավ, բարի և զվարճասեր մարդ պետք է լինի. ի՛նչ վնաս, որ գինի շատ է սիրում. ո՞վ չունի որևէ պակասություն․..»։

Ժպտալով նա շարունակեց ետ ու առաջ քայլել սենյակում։ Կաթոլիկ գինեմոլ քահանան մոռացվեց, և նա շարունակեց մտաբերել այդ օրվա եղելությունը, որ նրա համար ամեն բանից քաղցր էր։ Ահա ճաշը։ Ինքը նստած է ուղիղ Զազունյանի դիմացը և... նայում է նրան։ Ի՜նչ լավ էր նրան նայելը։ Թեև սեղանը շատ առատ էր, և կերակուրներն ամենահամեղ, բայց ինքն ախորժակ չուներ ուտելու... Իսկ Զաքարն ի՜նչ ծիծաղելի էր, մանավանդ թուղթ խաղալիս։ Նա մտաբերեց Զաքարի կոմիկական անբավականությունն իր անհաջողությունից և ծիծաղեց։ Չէ, Զաքարը շատ ծիծաղելի է, շատ... Ահա և դաշնամուրի առջև նստած՝ նվագում է։ Ի՞նչ էր այն... Մո՞ցարտ... Շո՞ւբերտ... չէ, Բեթհովեն, Բեթհովեն... Ի՜նչ սքանչելի բան էր. կարծես ինքը չէր նվագում, այլ մի աներևույթ ուժ մտել էր նրա մատների մեջ և խաղում դաշնամուրի ստեղունքների հետ։ «Շնորհհակալ եմ, տիկին, շատ շնորհակալ եմ, դուք հիանալի նվագում եք։ Շնորհակալ եմ», հիշեց նա Զազունյանի խոսքերը, և նրա սիրտը երջանկությամբ մարեց։ «Դուք հիանալի նվագում եք»։ Մի՞թե այդ լոկ հաճոյախոսություն էր, որպիսին շռայլում են տղամարդիկ կանանց առջև։ Ո՛չ, ո՛չ, նրա մեջ քծնանքի մի գիծ անգամ չկար, և նա լոկ քաղաքավարության համար չէր կարող հաճոյախոս լինել։ Մի՞թե ինքը իր աչքով չտեսավ, թե որքան խոր զգացված էր նա, նրա հայացքի յուրաքանչյուր գիծը, ձայնի յուրաքանչյուր ելևէջը հիացմունք և շնորհակալություն էր արտահայտում։

Էմման նորից մոտեցավ լուսամուտին և այտն առաջվա նման սեղմեց ապակուն։

«Ա՜խ, ի՜նչ լավ է»․․․ անհուն քաղցրությամբ շշնջաց նա և ժպտող աչքերը փակեց։

«Մեկ, երկու», կարծես երազում համարեց նա ժամացույցի ձայնը, որ գալիս էր հարևան սենյակից։ Հանկարծ աչքերը բաց արեց, այտը հեռացրեց ապակուց և ականջ դրեց։

«Մի՞թե երկուսն է», շշնջաց նա զարմացած։ «Այսպե՜ս արագ անցավ գիշերը... Իսկ քունս չի գալիս... Զարմանալի է․․․»։ Նա փակեց լուսամուտի փեղկերը, գնաց նստեց և շարունակեց ձեռագործը։

Ու մտածմունքները նորից պաշարեցին նրան։

Վերջապես նրա աչքերի կոպերը սկսեցին ծանրանալ. քունն արագությամբ սկսեց աղոտացնել նրա քաղցր մտածմունքները և թմրեցնել նրա մարմինը։ Ձեռագործը մի կողմ դրեց, խառնված աչքերը ձգեց առաստաղին և՝ երջանիկ ժպիտը դեմքին՝ հորանջեց, սիրուն կերպով բաց անելով փոքրիկ բերանը։

«Մեկ, երկու, երեք» համարեց նա ժամացույցի զարկերը, վեր կացավ, ճրագը հանգցրեց և գնաց ննջարան։

Իր անկողնում պառկած էր Զաքարը։ Այնպես խորն էր քնած, որ եթե թնդանոթ անգամ արձակեին, թվում էր, թե դարձյալ չէր արթնանա։ Լամպի լույսն ընկնում էր նրա դեմքին։ Էմման ակամա կանգ առավ նրա անկողնակալի առջև և սկսեց զննաբար նայել նրա դեմքին։ Տե՛ր աստված, ի՜նչ սարսափելի մեծ է նրա քիթը․․․ իսկ պնչերն ի՜նչպես անճոռնի կերպով լայնանում են և անախորժ շչյունով ներս են ծծում օդը... Հապա ճակատը, ի՛նչ նեղ և անճոռնի է.․․ հապա մորո՞ւքը, բեղե՞րը, հոնքե՞րը, գլխի մազերը ի՛նչպես վատ խճճվել են... հապա դե՞մքը... հապա...

Ինչ-որ վատ զգացմունք գողի նման ներս սողաց էմմայի սիրտը, և նա ակամա զզվանքով շրջեց դեմքն ամուսնուց։ Բայց նույն րոպեին, կարծես բնազդմամբ, հասկանալով, որ այդ լավ չէ, նա ի ներքուստ ինքն իր դեմ կատաղեց և անկոչ զգացմունքը խլացրեց իր մեջ։ Արագ մոտեցավ լամպին, լույսը ցածրացրեց, դողդոջուն ձեռքերով հանվեց և պառկեց իր անկողնի մեջ ինչ-որ վատ, շատ վատ նախազգացումով...

12

Հետևյալ օրը էմման, մտաբերելով գիշերվա իր դրությունը, շատ զարմացավ։ Առաջին անգամն էր, որ մի օրվա տպավորությունները այդ աստիճան զբաղեցնում էին նրա միտքն ու սիրտը, և նա որքան աշխատում էր որևէ բացատրություն տալ այդ երևույթին, մնում էր տարակուսած։ Ոչ մի պատճառ չէր գտնում, որ հավանական լիներ, և այդ պատճառով նրա տարակուսանքն ավելի մեծանում էր։ Այնինչ այդ օրը նա իրեն տխուր էր զգում, առանց որևէ ակնհայտ պատճառի։ Նախորդ օրվա անզուսպ ուրախության հետքն անգամ չկար նրա մեջ։ Մի ինչ-որ ծանր, դառն զգացմունք ճնշում էր նրա սիրտը։ Նա զգում էր, որ սովորական ախորժակով չի խմում առավոտյան թեյը, սովորական ախորժակով չի ուտում նախաճաշը։ Ամուսնու կատակները նրան դուր չէին գալիս։ Մինչև անգամ, երբ առավոտյան հագցնում էր Արամիկին, մայրական այն խանդավառ սիրով չհամբուրեց նրա վիզը, ծնոտի տակ, ինչպես ուրիշ անգամներ։ Աղախնի և ծառայի վրա ինչ֊որ աննշան պատճառով մի քանի անգամ բարկացավ, որ առաջ չէր պատահում։

Այդ օրն իր և Արամիկի համար մի քանի բաներ ուներ գնելու։ Ժամը տասնևմեկն էր։ Առավ Արամիկի ձեռքը և դուրս եկավ տանից։ Դվորցովայա փողոցի վրա մտավ մի խանութ։ Խանութը մի նեղ կամարով բաժանված էր երկու մասի։ Առաջին մասում չկային հարկավոր իրերը, նրան հրավիրեցին երկրորդ մասը։ Նա արդեն գնել էր, ինչ որ հարկավոր էր, և նայում էր այնտեղ դարսած մանր-մունր առարկաներին, երբ հանկարծ խանութի առաջին մասից լսվեց Զազունյանի ձայնը։

Կարծեմ այստեղ նվիրատվություն է ընդունվում մի չքավոր ընտանիքի օգտին, ասում էր նա։

Այստեղ է ընդունվում, եղավ պատասխանը։

Խնդրեմ նվիրատվության ցուցակը։

Էմման հիշեց, որ երկու օր առաջ լրագրում մի լուր էր տպված, որով հրավիրում էին բարեգործների ուշադրությունը, թե այսինչ խանութում մի շատ չքավոր ընտանիքի օգտին նվիրատվություն է հավաքվում։ Նա նայեց դեպի խանութի առաջին մասը, բայց մի քանի գնորդ կանայք և բաժանող կամարի պատը խանգարում էին նրան տեսնելու Զազունյանին։ Սակայն մի քանի րոպեից հետո էմման տեսավ նրան, երբ նա արդեն դուրս էր գնում խանութից։ Նա շտապով մի քանի մանր-մունր բաներ էլ գնեց և Արամիկի հետ դուրս եկավ խանութի առաջին մասը։

Չքավոր ընտանիքի օգտին այստե՞ղ է ընդունվում նվիրատվությունը, հարցրեց նա մի գործակատարի։

Այո, տիկի՛ն։

Էմման հանեց հինգ ռուբլիանոց մի թղթադրամ, անխոս տվեց նրան, և առնելով Արամիկի ձեռքը, ուզում էր դուրս գնալ։

Չստորագրեցիք, տիկին, քաղաքավարությամբ նկատեց նրան գործակատարը, բաց ցուցակն ու գրիչը առաջարկելով նրան։

Էմման առավ գրիչը, և նախքան ստորագրելը, կարդաց վերջին նվիրատվությունը, որ, ինչպես երևում էր, Զազունյանինն էր. «Ոմն 20 ռ․»։ Նա շտապով հանեց դարձյալ հինգ ռուբլի, տվեց գործակատարին և ստորագրեց․ «Մի տիկին 10 ռուբլի»։ Այնուհետև առանց նայելու գործակատարին, առանց նայելու իր շուրջը, կարծես ամաչելով, վերցրեց գնած իրերն, առավ Արամիկի ձեռքը և շտապ դուրս գնաց խանութից։ Ինչ-որ ախորժելի հուզմունք պաշարել էր նրան, մտքերը խառնվում էին նրա գլխում, և նա զգում էր, թե դեմքն այրվում է շառագունով։

Դեռևս վաղ էր, նա չուզեց այդպես շուտ տուն դառնալ և, Արամիկի ձեռքից բռնած, անցավ դեպի պալատ։ Պալատի առջև՝ ծառուղիի ծայրին, տեսավ Զազունյանին, որը մի կողմ քաշված՝ խոսում էր մի պարոնի հետ։ Էմման մոտեցավ նրան և պետք է անցներ նրա մոտով, առանց հույս ունենալու, թե նա կտեսնի իրեն, բայց նույն րոպեին Զազունյանն, երևի վերջացնելով խոսակցությունը, սեղմեց խոսակցի ձեռքը և ուզում էր անցնել միևնույն ուղղությամբ, ինչ որ էմման։

Նա տեսավ էմմային և իսկույն մոտեցավ նրան։

Բարև ձեզ, տիկին. ներեցեք, քիչ էր մնում անցնեի առանց ձեզ նկատելու, ասաց նա ջերմորեն սեղմելով նրա ձեռքը։

Դուք այնպես տաք խոսակցության մեջ էիք այն պարոնի հետ, ասաց էմման ժպտալով։

Այո, պատասխանեց Զազունյանը, կսմթելով Արամիկի թշիկը։ Իմ փաստաբանն էր, որին հանձնել եմ գործս։

Հապա ասում էիք, թե գործն այնքան էլ դժվարություններ չի ներկայացնում ձեզ համար։

Ինչ ուզում է լինի, տիկին, դատարանի հետ փոքր ի շատե խճճված գործ ունեցողը առանց փաստաբանի ոչինչ չի կարող անել։ Ես տեղեկացա, որ հակառակորդներս ուզում են գործն ավելի խառնել, այնպես որ վախենում եմ, թե մի՛ գուցե պատրաստություններ չտեսած տանուլ տամ գործը։

Եվ նա համառոտ, ընդհանուր գծերով սկսեց պատմել գործի էությունը։

Դանդաղ քայլերով նրանք առաջ էին գնում։ Էմման զգում էր, թե ինչպես կամաց֊կամաց անցնում էր իր անորոշ տխրությունը, և երեկվա նույնպես անորոշ ուրախությունը նորից պաշարում է իրեն։ Զազունյանի պատմելու ժամանակ նա երբեմն ակամա զննողական հայացքով դիտում էր նրան և ամեն անգամ ներքուստ մի տեսակ գոհունակություն էր զգում, տեսնելով նրա պատկառելի և գրավիչ արտաքինը, որով տղամարդկանցից շատ քչերն են լինում օժտված։ Նա մինչև անգամ մի տեսակ հպարտություն էր զգում, երբ տեսնում էր, որ անցուդարձ անող համարյա բոլոր կանայք մի առանձին հայացքով էին նայում Զազունյանին, իսկ նրա հետ և իրեն, և այդ հպարտությունն ավելանում էր ավելի այն ժամանակ, երբ տեսնում էր, որ Զազունյանը, բացի իրենից, ոչ ոքի ուշադրություն չի դարձնում, իսկ շատերին բոլորովին չի էլ նայում։ Եվ իրավ, Զազունյանն անցնելով էմմայի հետ, այնպիսի սիրով և իրեն հատուկ զգաստ քաղաքավարությամբ էր խոսում նրա հետ, որ կարծես այն ահագին մայթի վրա, բացի նրանից, ոչ ոքի և ոչինչ չէր տեսնում։ Երևում էր, որ սովորականից ավելի լավ տրամադրության մեջ էր։ Խոսակցությանն երբեմն այնպիսի սրամիտ և թեթև կատակի ձև էր տալիս, որ էմման ակամա ծիծաղում էր։ Բնավորության այդ մի գիծը թեև նա առաջ էլ նկատում էր Զազունյանի մեջ, մանավանդ Զաքարի հետ ունեցած խոսակցության ժամանակ, բայց այժմ այդ գիծը նրան ավելի էր աչքի ընկնում և ավելի էր գրավում նրան։ Թեև Զաքարը ոտից գլուխ կատակ էր, բայց նա երբեմն այնպիսի անհամ կատակներ գիտեր անել, որ լսողը ծիծաղում էր նրա համար միայն, որ այդ կատակները անհամ էին, այնինչ Զազունյանի կատակները լինում էին այնքան սրամիտ, երբեմն հեգնական, թեթև, թռուցիկ և անսպասելի, գլխավորը անսպասելի, որ լսողն ուզեր-չուզեր պետք է անպատճառ հիացման ժպիտ արտահայտեր։ Եվ այդ կատակները ոչ թե խանգարում, այլ ընդհակառակն, մինչև անգամ մի տեսակ ներդաշնակություն էին տալիս նրա լուրջ և զգաստ բնավորությանը։ Հասնելով «Քաղաքային ժողովարանին»՝ նրանք դարձան և նույն դանդաղ քայլերով սկսեցին ետ դառնալ։

«Ազնվականների ժողովարանի» առջև, լայն մայթի վրա, Զազունյանը հանկարծ տեսավ այն զինվորականին, որին մի քանի օր առաջ գիշերը հանդիպեց հյուրանոցի սանդուղքի վրա։ Զինվորականը գալիս էր դիմացից մի գեղեցիկ մանկահասակ կնոջ հետ, բայց ոչ այն, որի հետ այն գիշերը տեսավ նրան Զազունյանը։ Ինչպես երևում էր, նա դեռ հեռվից էր նկատել Զազունյանին։ Այնինչ Զազունյանը նրան տեսավ այն ժամանակ, երբ նա իրեն ուղեկցող կնոջ հետ նրանից մի քանի քայլ հեռավորությամբ պետք է անցներ նրա մոտով։ Զինվորականը, նայելով նրան՝ ձեռքը մոտեցրեց գլխարկին իբրև բարևի նշան, բայց նույն վայրկյանին Զազունյանն արագ շրջեց դեմքը առանց պատասխանելու նրա բարևին, ցույց տալով, թե չտեսավ նրան։

էմման տեսավ այդ և ետ նայեց զինվորականի կողմը։

Այն զինվորականը, կարծեմ, ձեզ բարևեց, պ. Զազունյան, ասաց նա։

Ո՞ր զինվորականը, շփոթված հարցրեց Զազունյանը և, փոխանակ ետ նայելու, դիտմամբ նայեց այս ու այն կողմը։

Ահա նա, որ գնում է այն կնոջ հետ։

Զազունյանը, ըստ երևույթին ցույց տալու համար միայն, որ ուզում էր տեսնել, թե այդ ինչ զինվորական էր իրեն բարևողը, ետ նայեց և նույն րոպեին էլ դեմքը դարձրեց։

Հա՛, ասաց նա հանգիստ ձայնով, Չտեսա։

Այնինչ էմման նկատեց, որ նա տեսավ զինվորականին, բայց դիտմամբ չպատասխանեց նրա բարևին։ Ակամա հետաքրքրությամբ նայեց Զազունյանի դեմքին և նկատեց, որ շփոթված և մռայլված է։ Եվ մի քանի րոպե առաջ այնքան պարզ և հասկանալի այդ մարդն այժմ իր շփոթված և մռայլ դեմքով այն աստիճանի մութ և խորհրդավոր էր երևում նրան, որ թվում էր, թե ոչ մի կերպ չի կարելի թափանցել նրա հոգին՝ իմանալու համար, թե ինչ է կատարվում այնտեղ։ Սակայն Զազունյանի մեջ կատարված այդ փոփոխությունն երկար չտևեց. կարծես, հանկարծ ուշքի գալով, որ իրեն ակամա կորցրել էր, նա բռնի կերպով տիրապետեց իրեն և վերստացավ իր առաջվա տրամադրությունը։ Էմման դարձյալ ակամա զննողաբար նայեց նրա դեմքին և զարմանքով տեսավ, որ նրա հանկարծակի փոփոխության հետքն անգամ չկա. նույն խելացի, նույն հանդարտ ու մերթընդմերթ նույն քաղցրությամբ ժպտող դեմքը, որ այնքան ծանոթ և ակամա գրավում էր նրան։ Որքան էմման մոտ էր ծանոթանում, խորը դիտում Զազունյանին, այնքան այդ տարօրինակ մարդը նրան զարմանալի և անհասկանալի էր թվում։ Ոչ մի կերպ չէր կարողանում նրա մասին մի ճիշտ, ամփոփ գաղափար կազմել, որպեսզի նրա հետ ունեցած իր հարաբերությանը համարձակորեն տար այն եղանակը, որին, թեև տակավին անորոշ, բայց ձգտում էր նրա սիրտը։ Այդ մարդու մեջ հենց սկզբից նա շատ մութ կերպով տեսնում էր մի բան, ի՞նչ ինքն էլ չգիտեր որ ակամա ստիպում էր նրան փոքր ինչ զսպված մնալ և մինչև անգամ նայել նրա վրա... կասկածանքով։ Եվ արդյոք լա՞վ էր այդ մի բանը, թե վատ, հենց այդ էր, որ նա չգիտեր և, թվում էր, թե երբեք էլ չի գիտնալ։

Բաժանվելիս Զազունյանն ասաց.

Այս գիշեր «Հայուհյաց Բարեգործական Ընկերության» օգտին կոնցերտ են տալիս, դուք այնտե՞ղ կլինեք։

Չգիտեմ, ճշմարիտ, պատասխանեց էմման։ Եթե Զաքարը տոմսակ լինի վերցրած...

Ես չեմ կարծում, թե նա դեպի բարեգործական նպատակն անտարբեր գտնվի, ասաց ժպտալով Զազունյանը։

Էմման հիշեց խանութի անցքն և կարմրեց։

Ես էլ չեմ կարծում, պատասխանեց նա նույնպես ժպտալով։

Զազունյանը սեղմեց նրա ձեռքը, նորից կսմթեց Արամիկի թշիկն ու հեռացավ։

Էմման մի քանի անգամ ետ նայեց նրան, ինքն էլ չիմանալով ինչու, և Արամիկի հետ դիմեց դեպի տուն։

13

Զաքար, այսօրվա կոնցերտի համար տոմսակ վերցրե՞լ։ ես։

«Հայուհյաց Բարեգործական Ընկերության» օգտի՞ն։ Ի՞նչպես չէ․ երեք հատ, մեկը քեզ համար, մյուսն ինձ, երրորդը Զազունյանի համար։ Ես գիտեմ, որ տոմսակ վերցնելու համար նա ժամանակ չի ունենա։

Դու ի՞նչ գիտես․ գուցե նա քեզանից առաջ է վերցրել։ Ես այսօր պատահեցի նրան և առաջին անգամ նա հիշեցրեց ինձ այդ բանը։

Հաա՞, պատահեցի՞ր։ Դե, ինչ անենք, թող վերցրած լինի, թող մի տոմսակ ավել լինինք վերցրած, նպատակը բարեգործական է, իբրև թե Արամիկին էլ հետներս ենք տարել։ Տոմսակը վերցնելուց հետո անցա Զազունյանի կողմը, բայց նրան չգտա հյուրանոցում։ Մտադիր եմ երեկոյան էլ անցնել այն կողմը գործ ունեմ այդ ժամանակ նա անպատճառ տանը կլինի, կվերցնեմ հետս, կգնանք, թեյ կխմենք, իսկ հետո միասին կգնանք թատրոն։ Ի՞նչպես է, հավանո՞ւմ ես ծրագիրս։

Էմման նայեց նրա բարի, ժպտուն աչքերին և ծիծաղեց։

Հավանում եմ, ասաց նա։ Նա ուզեց պատմել խանութի անցքը, բայց ամոթի նման ինչ-որ մի զգացմունք ստիպեց նրան լռել։

Ճաշից հետո՝ իր սովորության համեմատ՝ կուշտ քնելով, Զաքարն երեկոյան դուրս գնաց իր «ծրագրի» համեմատ գործելու։

Էմման սպասում էր, որ նա անպատճառ կգա Զազունյանի հետ, բայց նա մենակ վերադարձավ։

Ես հուսահատված եմ, էմմա, մտնելուն պես ասաց նա։ Այստեղից ուղղակի գնացի Զազունյանի մոտ, տանը չգտա։ Հետո գնացի գործիս և վերադառնալիս դարձյալ անցա նրա կողմը դարձյալ այնտեղ չէր։ Սպասեցի մոտ տասն րոպե չեկավ։ Ճարահատյալ, ահա, գալիս եմ մենակ։ Ի՞նչ արած, սիրելիս, առանց նրան պետք է գնանք։ Եթե նա գնալու է, ինքը կգա, բայց ես ուզում էի, որ միասին գնայինք և նստեինք։

Կինը սառնությամբ, կարծես վիրավորված, նայեց նրան և ոչինչ չպատասխանեց։ Մինչև Զաքարի գալը, երբ նա սպասում էր, որ Զազունյանը կգա նրա հետ, մեծ ցանկություն ուներ կոնցերտ գնալու, բայց այժմ այդ ցանկությունը մի ակնթարթում անցավ։

Մինչև թեյ խմելը էմման դեռ հագնված չէր։ Նա այնպիսի դանդաղությամբ էր խմում թեյը, որ կարծես բոլորովին մտադիր չէր այդ գիշեր տանից դուրս գնալու։ Զաքարը, որ թեյը առաջ դրած՝ զբաղված էր այդ օրվա լրագրերի ընթերցանությամբ, հանկարծ հանեց ժամացույցը և նայեց։

Պահ, ժամը շուտով ութը կլինի, բացականչեց նա։ Էմմա, ի՞նչ ես անում, գնա հագնվիր, է՜։ Դեռ դու թեյդ էլ չես վերջացրել։

Ի՞նչ ես շտապում, փոքր-ինչ ուշ գնանք, ի՞նչ կա որ, պատասխանեց էմման։

Մի վախիր, առանց այն էլ ուշ կգնանք․ կես ժամ է մնում։ Մինչև կհագնվես, մինչև կգնանք, արդեն բավական կուշանանք։ Շտապի՛ր, շտապի՛ր։

Էմման, չնայելով ամուսնու խոսքերին, շարունակեց դանդաղությամբ խմել թեյը։ Սակայն այդ բաժակը շուտով վերջացրեց, կամաց վեր կացավ, դուրս գնաց հագնվելու։ Հայելու առջև կանգնած՝ հագնվում էր դանդաղությամբ․ կարծես նրա համար միևնույն էր, որ կորսետը լավ չսեղմեց, որից և իրանն ու կուրծքը լավ ձև չստացան․ նույնպես ուշադրություն չդարձրեց և հագուստի մի քանի մանր-մունր բաների վրա, որոնք, չնայելով իրենց աննշան լինելուն, ուրիշ անգամներ կատարելապես պսակում էին նրա գեղեցիկ արտաքինը։ Հագուստը վերջացնելով, ծածկեց գլխին բամբակի գունդ-գունդ գործած սպիտակ շալը, վերցրեց ձեռնոցները և ուզում էր դուրս գնալ, երբ հանկարծ նրան թվաց, թե Զազունյանը կոնցերտում կլինի։ Եվ իսկապես, եթե նա կոնցերտ չպետք է գնար, էլ ինչո՞ւ էր այդ օրը հարցնում էմմային, թե նրանք պե՞տք է գնան։ Շալը շտապով վերցրեց գլխից, ձեռնոցները ետ շպրտեց աթոռի վրա և այս անգամ սկսեց զննողաբար նայել իր հագուստին, դեմքին, մազերի սանրվածքին։ Դեմքը ժպտում էր և ասում ինձ կատարելապես ոչինչ հարկավոր չէ, բայց հագուստի և մազերի սանրվածքի պակասություններն իսկույն աչքի ընկան։ Ուղղեց ինչ որ հարկավոր էր, մի անգամ շուռումուռ եկավ հայելու առջև, վերցրեց շալն և այս անգամ ծածկելու վրա էր, երբ հարևան սենյակից լսվեց Զաքարի ոտների ձայնը, և նա ներս մտավ շտապով։

Էմմա, ի՞նչ ես անում, է՜, չվերջացրի՞ր, ասաց նա։

Վերջացրի, վերջացրի, պատասխանեց ժպտալով էմման։

Դայակին Արամիկի վերաբերմամբ մի քանի պատվերներ տալով, նրանք դուրս գնացին, նստեցին մի կառք և դիմեցին դեպի «Քաղաքային թատրոն»։

Կոնցերտի նպատակը բարեգործական լինելով, թատրոնը լի էր հանդիսականներով, որոնց թվում, բացի հայերից, կային և բավականաչափ օտարազգիներ, որովհետև կոնցերտին մասնակցողների մեծ մասը օպերայի երգիչ֊երգչուհիներ էին։ Կոնցերտի աոաջին բաժինն արդեն սկսվել էր, երբ Զաքարն ու էմման ներս մտան դահլիճը։ Բարեբախտարար նրանց համարներն աթոռների շարքի ծայրումն էին, և նրանք, առանց ուրիշներին անհանգստություն պատճառելու, նստեցին իրենց տեղերը։ Էմման բոլորովին ուշադրություն չդարձրեց, թե բեմի վրա ով է երգողը և ինչ են երգում, այլ նստելուն պես աչքերով սկսեց որոնել Զազունյանին։ Նա դիտեց առջևի և ետևի շարքերը սկզբից մինչև վերջը, բայց Զազունյանին չտեսավ։ Նայեց և օթյակներին, կարծելով, թե գուցե այնտեղ է նստած, բայց այնտեղ էլ Զազունյան չկար։ Համոզվելով, որ Զազունյանը կամ դեռ չի եկել, կամ բոլորովին չի գա, նա աչքերն ուզում էր դարձնել դեպի բեմը, երբ հանկարծ օթյակներից մեկի մեջ տեսավ այն զինվորականին, որ այդ օրը փողոցում Զազունյանին բարև տվեց, բայց որին Զազունյանը չտեսնելուն տվեց։ Զինվորականը նստած էր երկու գեղեցիկ կանանց հետ և, ըստ երևույթին, մեծ ուշադրությամբ նայում էր բեմին։ Էմման մտաբերեց Զազունյանի այդ օրվա շփոթված ու մռայլ դեմքը և այդ զինվորականի ներկայությունը նրան շատ անախորժ թվաց, թեև բոլորովին չգիտեր, թե ով էր նա։ Այդ օրվա հանդիպումից այսքանս միայն եզրակացրեց, որ Զազունյանի և այդ զինվորականի միջև ինչ-որ կա, որը շատ անախորժ է Զազունյանի համար։ Այժմ կարծեց, թե գուցե Զազունյանն եկել էր, բայց տեսնելով, որ զինվորականն այստեղ է, հեռացել էր, որպեսզի չտեսնի կամ չհանդիպի նրան։ Նա սաստիկ տխրեց։ Մինչև անգամ ատելության նման մի զգացմունք շարժվեց նրա սրտում դեպի այդ անծանոթ զինվորականը։ Նա չիմացավ, թե ինչ երգեցին և ինչպես վերջացավ կոնցերտի առաջին բաժինը։ Վարագույրն իջավ, շուրջն սկսեցին ծափահարել և «բռավո՜», «բի՜ս» գոռալ։

Ի՞նչ ես ծափահարում, դժգոհությամբ ասաց նա ամուսնուն, որը համարյա ամենից եռանդով էր ծափահարում։

Ի՛նչպես չծափահարեմ, քանի որ ռուս երգչուհին հայերեն «Ոհ, ինչ անուշ» երգեց, հիացմունքով պատասխանեց Զաքարը և շարունակեց ծափահարել։

Վարագույրը բարձրացավ, երգչուհին դուրս եկավ, ժպտալով գլուխ տվեց և, չնայելով ամեն կողմից լսվող «բիս»֊երին, նորից հեռացավ։ Վարագույրը նորից իջավ։

Ի՞նչ, չհավանեցի՞ր, հարցրեց Զաքարը կնոջը, երբ դահլիճը խաղաղեց։

Ի՞նչ կար հավանելու, ես չեմ հասկանում, պատասխանեց կինը։

Ի՞նչպես թե, ինչ կար հավանելու, բացականչեց Զաքարը։ Հրաշալի բան էր, ի՞նչ ես ասում, հրաշալի բան «Вох инч ануш»։

Եվ նա իր սովորական չափազանցություններով սկսեց բացատրել, թե ինչու և ինչով էր հրաշալի ռուս երգչուհու հայերեն երգած «Вох инч ануш» երգը։

Դուրս չե՞ս գալիս, հարցրեց նա կնոջը։

Ոչ, նոր չեկա՞նք, պատասխանեց կինը։

Լավ։

Զաքարը վեր կացավ և մենակ դուրս գնաց դահլիճից։

էմման մնաց նստած։ Անուշադիր և տխուր հայացքով նայեց իր շուրջը, մեծ մասամբ դատարկ աթոռներին, որովհետև հանդիսականների մեծ մասը դուրս էր գնացել դահլիճից, նայեց և ծանոթ օթյակին, որպեսզի լավ տեսնի, թե այն ինչ մարդ է, որից Զազունյանն այնպես խորշում է, բայց օթյակը դատարկ էր․ զինվորականը երկու կանանց հետ դուրս էր գնացել։ Էմման սկսեց մտածել, թե ինչ կապ կարող էր լինել զինվորականի և Զազունյանի միջև, արդյոք ի՛նչ տարաձայնություն, անախորժություն էր պատահել նրանց միջև, որի պատճառով Զազունյանն այնպես խորշում էր նրանից և մինչև անգամ չէր ուզում պատասխանել նրա բարևին։ Գուցե մեղավորը Զազունյանն էր, որ այդպես խորշում էր այդ զինվորականից, ապա թե ոչ ինչո՞ւ պետք է խորշեր նրանից, եթե մեղավորը նա լիներ։ Ինչո՞ւ չէ. կարող է մեղավորը և այդ զինվորականը լինել. գուցե այդ մարդը Զազունյանին այնպիսի ծանր վիրավորանք է հասցրել, որ նա ոչ մի կերպ չի ուզում նրան ներել։ էմման մտաբերեց Զազունյանի շփոթված ու մռայլ դեմքը և տեսավ, որ դա մեղավոր մարդու դեմք չէր, այլ սաստիկ վիրավորված, սաստիկ անպատված մարդու դեմք, որ իրեն հասցրած վիրավորանքի և անպատվության հետ ոչ մի կերպ չի ուզում հաշտվել։

Տեսնելով, որ մտքերն ու ենթադրություններն իրեն շատ հեռու են տանում և ոչ մի բավարար եզրակացության չեն հասցնում, քանի որ ինքը՝ փաստն էլ տակավին ենթադրություն է, նա այլևս ոչինչ չուզեց մտածել, վեր կացավ և դուրս գնաց դահլիճից։ Բայց ո՛րքան եղավ նրա զարմանքը, երբ տեսավ իր ամուսնուն մի կողմը քաշված՝ այն զինվորականի հետ բարեկամաբար խոսելիս։ Էմման երբեք չէր կարող երևակայել, թե Զաքարը նրա հետ որևէ հարաբերություն կարող է ունենալ, քանի որ Զաքարը ոչինչ չէր ասել նրան, թե մի այդպիսի ծանոթ կամ բարեկամ ունի, այնինչ նրանց խոսակցության ձևը ցույց էր տալիս, որ նրանք նոր ծանոթներ չէին, այլ՝ հին բարեկամներ։ Նա ուզում էր և՛ մոտենալ նրանց, և՛ չէ, որովհետև զինվորականը, ներկայանալով տակավին իբրև մի խորհրդավոր անձնավորություն, և՛ հետաքրքրում էր նրան, և՛ ատելության զգացմունք ներշնչում, թեև ինքն էլ պարզ չգիտեր, թե ինչ բանի համար։ Սակայն նա մնաց այնտեղ, որտեղ կանգնած էր։ Ավելի լավ համարեց սպասել, մինչև որ Զաքարը կվերջացնի խոսակցությունը և կմոտենա իրեն. այնուհետև նրանից տեղեկություն կհարցնի այդ զինվորականի մասին։ Զաքարը զինվորականի հետ խոսում էր մեջքը կնոջ կողմն արած, ապա թե ոչ էմման կարծում էր, որ եթե նա տեսներ իրեն մենակ կանգնած, իսկույն զինվորականին կթեքեր և կծանոթացներ իր հետ։ Այնինչ զինվորականը կանգնած էր դեմքը նրա կողմն արած և, չնայելով, որ խոսում էր Զաքարի հետ, բայց աչքերը շարունակ նրա կողմն ուներ։ Էմմային թվաց, թե զինվորականը ճանաչում է իրեն, որովհետև այդ օրը տեսավ իրեն Զազունյանի հետ զբոսնելիս։ Բայց նրա հայացքն այնպես սուր ու համառ էր, որ էմման ակամա շփոթվեց և աչքերը շրջեց ուրիշ կողմը. զինվորականը նրան շատ լիրբ և ավելի ատելի թվաց։ Էմման այժմ սկսեց դիտել առջևը զբոսնող հանդիսականներին և նրա աչքերն ընկան այն երկու կանանց վրա, որոնց հետ նստած էր օթյակում զինվորականը։ Նա զննողաբար նայեց նրանց։ Նրանք երկուսն էլ ռուս էին երևում, միջին տարիքով, բայց իրենց տարիքից արհեստական միջոցներով երիտասարդացած։ Նրանք հեռվից թեև գեղեցիկ էին երևում, բայց մոտիկից փորձառու կնոջ աչքն իսկույն տեսնում էր, թե արհեստականն երբեմն ինչպիսի հմտությամբ կարողանում է մրցել բնականի հետ։

«Ո՞վքեր են արդյոք», մտածում էր էմման, աչքերը չհեռացնելով նրանցից։ Նրա բարեկամնե՞րն են, թե մեկը կինն է, մյուսը քույրը կամ թե...»։

Էմման զզվանքով դեմքը շրջեց նրանցից, դարձավ և մտավ դահլիճ։

14

Նա հույսը բոլորովին կտրեց, թե այդ գիշեր թատրոնում կտեսնի Զազունյանին։ Նա այլևս չէր կասկածում, որ Զազունյանը կամ բոլորովին չպետք է գար թատրոն, կամ թե՝ եկել էր և, տեսնելով, որ զինվորականն այնտեղ է, հեռացել էր անմիջապես։

Նա այլևս չէր ուզում մնալ, ուզում էր դուրս գնալ և ասել ամուսնուն, թե գլուխը ցավում է, տուն գնան, բայց ավելի լավ համարեց լսել կոնցերտի երկրորդ բաժինն էլ և հետո տուն գնալ, մանավանդ որ արդեն զանգը տվին և հանդիսականներն սկսեցին ներս գալ։ Ներս մտավ և Զաքարը։

Հը, մենակ չձանձրացա՞ր, հարցրեց նա, նստելով կնոջ կողքին։

Այն ո՞ւմ հետ էիր խոսում, պատասխանի տեղ հարցրեց էմման.

Ի՞նչ, դու տեսա՞ր։

Այո, դուրս եկա։ Ինչ-որ զինվորականի հետ մի կողմը քաշված տաք-տաք խոսում էիր։ Ո՞վ էր։

Նա իմ և Զազունյանի ուսանողական ընկերն էր, որ ուսումը մեզ հետ ավարտելով, մտավ զինվորական ծառայության մեջ։ Մինչև հիմա Թեոդոսիայումն էր լինում, իսկ վերջին ժամանակներս փոխ-գնդապետության աստիճան են տվել և տեղափոխել այստեղ։ Ազգը Զագորսկի է։ Ահա նա օթյակում։

Զաքարն աչքերով ցույց տվեց օթյակը, ուր հենց նոր մտավ Զագորսկին երկու կանանց հետ։

Անպիտանը շատ հունարով տղա էր, շարունակեց Զաքարը։ Եվ տեսնո՞ւմ ես, այդքան երիտասարդ հասակում նա հազիվ քառասուն տարեկան լինի փոխգնդապետության աստիճան է ստացել։ Ասում էր, որ Պլևնայի ճակատամարտին մասնակցել է և բավական հաջող կերպով, ձեռքին էլ վերք է ստացել, ցույց տվեց։ Պատմում էր իր...

Ո՞վքեր են մոտը նստած կանայք, հարցրեց էմման։

Չգիտեմ, միայն գիտեմ, որ նա ոչ կին ունի և ոչ՝ ազգական։ Է՜հ, զինվորական է, էլի՛։ Եթե ինձ հարցնես, զինվորականներին այդպես ավելի հարմար է։

Որ չամուսնանան և մեկի տեղ երկու անբարոյական կանանց հե՞տ ման գան, նկատեց էմման։

Զաքարը ծիծաղեց։

Ինչո՞ւ անպատճառ անբարոյական, ասաց նա։ Ինչպես տեսնում եմ...

Նա չվերջացրեց և գլուխն արագ բարձրացրեց․ նրա կողքին աթոռի մոտ կանգնած էր Զազունյանը։

Պա՜հ, կանչեց նա, այս ո՞րտեղից... երկնքի՞ց իջար։

Էմման նույնպես արագ բարձրացրեց գլուխը և նայեց Զազունյանին։

Ոչ, այս մի քանի աստիճանը իջա, պատասխանեց ժպտալով Զազունյանը, ցույց տալով դահլիճի մուտքը։

Նա սեղմեց դեռ էմմայի, հետո Զաքարի ձեռքը։

Այ քեզ սյուրպրիզ, կանչեց ուրախացած Զաքարը․․․ Ախր ես քեզ համար տոմսակ էի վերցրել։ Այսօր երկու անգամ եկա հյուրանոց՝ սպասեցի քեզ, բայց դու չկայիր։

Շնորհակալ եմ, որ ինձ չես մոռացել, բայց քեզանիզ առաջ ես արդեն ինձ համար տոմսակ էի վերցրել։

Բայց ո՞րտեղ էիր, ինչո՞ւ այսքան ուշացար, տեղդ ո՞րտեղ է։ Եկ իմ տեղս նստիր, ես կկանգնեմ։ Հա՛, այս աթոռն էլ խո մերն է․ մի կարգումն առա, որ միասին նստենք։ Եկ նստիր։

Չէ, միևնույն է, նստիր, շատ նստելով հոգնել եմ։ Ես տեղս կգտնեմ, երկրորդ կարգումն է կարծեմ։

Հը՞, ինչո՞ւ այսքան ուշացար։

Մորաքրոջս տանն էի։ Այստեղ մի մորքուր անեմ, մի շատ բարի ծեր կին է․ ապրում է փեսայի և աղջկա տանը։ Ես բոլորովին չգիտեի, թե նա այստեղ է ապրում, բայց այսօր անսպասելի կերպով պատահեցի նրա փեսային և այդ բանը նրանից միայն իմացա։ Փեսան տարավ իրենց տուն, խեղճ կինը շատ ուրախացավ։ Խեղճը կարծելիս է եղել, թե ես արդեն վաղուց մեռել եմ։ Մինչև հիմա էլ չէր թողնում։

Այդպես, հը՞, ասաց Զաքարը։ Իհարկե, քեզ պես թափառական քրոջ որդի որ ունի, ինչո՞ւ պետք է քեզնից ճիշտ տեղեկություններ չունենար։ Բայց ես բոլորովին չէի կարծում, թե դու այս գիշեր կգաս կոնցերտ։

Ինչո՞ւ։

Ես ի՞նչ գիտեմ։ Որովհետև ուշացար։ Հա՛, հանկարծ կանչեց Զաքարը, Զագորսկին այստեղ է։ Տեսնո՞ւմ ես օթյակում, երկու կանանց հետ։

Էմման աչքի տակով նայեց Զազունյանին, տեսնելու համար, թե Զագորսկու ներկայությունը նո՞ւյն ազդեցությունը կունենա նրա վրա, ինչ որ այդ օրը, երբ պատահեցին նրան փողոցում, բայց Զազունյանը, ըստ երևույթին, գիտեր, որ Զագորսկին այնտեղ էր, և գիտեր, թե որտեղ է նստած, որովհետև նրա դեմքը մնաց նույնը, ինչ որ առաջ և նա բոլորովին չնայեց այն օթյակին, որ ցույց տվեց Զաքարը։

Հա, ասաց նա անաարբեցությամբ, գիտեմ...

Տեսնո՞ւմ ես, անպիտանը փոխ-գնդապետության աստիճան է ստացել, և պաշտոնով տեղափոխել են այստեղ, շարունակեց Զաքարը։ Այսօր պատահել է քեզ պրոսպեկտի վրա, բայց դու չես տեսել նրան։

Ճշմարիտ է։ Ես տիկնոջ հետ էի։ Նա ինձ բարևել է, բայց ես չեմ նկատել։ Տիկինն ասաց ինձ այդ։

Չնայելով, որ Թեոդոսիայում ձեր մեջ ինչ-որ անախորժություն է պատահել, չասաց, թե ինչ անախորժություն․ մի ժամանակ, երևի, կիմանաս, ասում է, և դու, ինչպես երևում է, վիրավորված ես նրանից, բայց և այնպես պետք է ասած, որ նա շատ լավ մարդ է. գոնե ես սիրում եմ նրա բաց բնավորությունը և խիզախությունը։ Էմմա, ուզո՞ւմ ես քեզ ծանոթացնեմ նրա հետ, դարձավ նա կնոջը։

Էմման մի սուր և սառը հայացք նետեց նրա վրա և ուզում էր ասել, մի մարդ, որ անբարոյական կանանց հետ է ման գալիս, ես չեմ ուզում նրա հետ ծանոթանալ, բայց մեկ էլ մտածեց և ասաց.

Չեմ հասկանում, այդ ի՛նչ սովորություն է, որ առաջին պատահած մարդու հետ իսկույն ուզում ես ծանոթացնել ինձ։

Բայց հանկարծ մտածելով, որ Զազունյանը կարող է այդ և իր հաշվին առնել, իսկույն քնքշությամբ և բարեկամաբար նայեց նրան, և նրա հայացքը կարծես ասում էր, ոչ, ոչ, պ. Զազունյան, դուք բոլորովին բացառություն եք կազմում։ Բայց Զազունյանը չտեսավ այդ հայացքը. նա մռայլ մտախոհությամբ նայում էր դիրիժորին, որ հենց նոր մտել և նստել էր իր տեղը։

Զարմանալի է, պատասխանեց Զաքարը կնոջը, ես խո չեմ ստիպում, որ ծանոթանաս, այլ ասում եմ, թե ուզում ես՝ կծանոթացնեմ, թե չէ՝ քո կամքն է, պրծավ գնաց։ Հա՛, Արսեն, դարձավ նա Զազունյանին, ես այն էի ուզում հարցնել, թե այդ ի՞նչ անախորժություն է պատահել ձեր մեջ։

Լսվեց երրորդ զանգի ձայնը. վարագույրը պետք է բարձրանար։ Դահլիճում լռություն տիրեց։

Ուրիշ անգամ, ուրիշ անգամ, մեքենայաբար պատասխանեց Զազունյանը և գնաց իր տեղը նստելու երկրորդ կարգում։

Վարագույրը բարձրացավ։ Կոնցերտի երկրորդ բաժինն սկսվեց։

Զաքարը՝ վարագույրը բարձրանալուն պես՝ Զազունյանին էլ մոռացավ, Զագորսկուն էլ, կնոջն էլ և սկսեց ուշադրությամբ հետևել կոնցերտի ընթացքին։ Այնինչ էմմայի բոլոր ուշքն ու միտքը Զազունյանի կողմն էր։ Այժմ նրան ավելի էր սկսել տանջել այն միտքը, թե ինչ անախորժություն էր պատահել նրա և Զագորսկու միջև։

Կոնցերտի այդ բաժինն էլ էմմայի համար այնպես վերջացավ, ինչպես առաջինը. նա ոչինչ չիմացավ, թե ովքեր և ինչ երգեցին։ Նա այն ժամանակ միայն ուշքի եկավ, երբ սկսեցին ծափահարել։

Զաքարը վեր կացավ և գնաց Զազունյանի մոտ, որը դուրս էր գալիս աթոռների շարքից։

Արսեն, ասաց նա, եկ գնանք՝ հաշտեցնեմ քեզ Զագորսկու հետ. խռով մնալը լավ չէ։

Զազունյանը հոնքերը կիտեց։

Զաքար, ասաց նա խուլ ձայնով, ես քեզ հատուկ պետք է խնդրեմ, որ ինձ մոտ այլևս չտաս նրա անունը։

Ինչպես կամենում ես, ինչպես կամենում ես, շտապեց վրա բերել Զաքարը։ Բայց ճշմարիտն ասած, ինձ շատ է հետաքրքրում..․

Խնդրում եմ, թողնենք այդ առայժմ և ինձնից ոչինչ մի հարցնիր, կտրեց նրա խոսքը Զազունյանը և գնաց դեպի էմման։

Դուրս չե՞ք գալիս, հարցրեց Զաքարը։

Դուրս չե՞ք գնում, տիկին, իր կողմից հարցրեց Զազունյանը էմմային։

Էմման նայեց նրան և տեսավ, որ նա մտադիր չէ դուրս գալու։

Ո՛չ, ասաց նա։

Իսկ դո՞ւ, Արսեն։

Ո՛չ, պատասխանեց Զազունյանը։

«Չի ուզում Զագորսկուն հանդիպել», մտածեց Զաքարը։

Իսկ ես գնում եմ, ասաց նա և դուրս գնաց։

Էմման հավաքեց շրջազգեստի ծայրերը, որոնք ընկել էին Զաքարի աթոռի վրա և փոքր֊ինչ այն կողմը քաշվեց, որպեսզի Զազունյանը նստի։

Զազունյանը նստեց կողքի աթոռի ծայրին, որքան կարելի էր էմմայից հեռու։

Ի՞նչպես հավանեցիք այս բաժինը, տիկին, հարցրեց նա:

Չգիտեմ, ճշմարիտ, պատասխանեց նա. այս գիշեր ես բոլորովին տրամադիր չեմ լսելու և համարյա ուշադրություն չէի դարձնում, թե ինչպես են երգում։

Եվ իրավ, ուրիշ անգամներ Զազունյանի ներկայության ժամանակ նա ուրախ էր լինում, բայց այժմ մի անորոշ տխրություն պաշարել էր նրան։

Դուք թատրոն մի՞շտ հաճախում եք, հարցրեց դարձյալ Զազունյանը, որպեսզի խոսակցությունն առաջ տանի։

Թատրոն հաճախում ենք այն ժամանակ, երբ նոր, անծանոթ օպերա են ներկայացնում, պատասխանեց Էմման, իսկ հայոց ներկայացումներին հաճախում ենք միշտ։

Խոսքն ընկնելով հայոց թատրոնի մասին և որովհետև Զազունյանն, իբրև նորեկ, համարյա բոլորովին անծանոթ էր հայ թատերական կյանքին, այդ պատճառով Էմման սկսեց պատմել հայկական ռեպերտուարի, բեմական ուժերի, նրանց ունեցած հաջողության և ուրիշ բաների մասին։

Կոնցերտը վերջանալուց հետո Զազունյանը հենց թատրոնի դռների մոտ բաժանվեց իր բարեկամներից։

Ինչպես երևում է, Զագորսկին շատ ծանր վիրավորանք է հասցրել Զազունյանին, ասաց Զաքարը կնոջը, երբ կառք նստեցին և գնում էին տուն։

Կինը ոչինչ չպատասխանեց նրան. նա միայն ուղղեց գլխի շալը և կուչ եկավ կառքի անկյունը։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Զազունյան"

Ятук Музыка
Hапоминая
Давид Баласанян

Hапоминая

Портрет Рубика
Портрет Рубика
Играть онлайн