Нар-Дос

Տանտիրոջս աղջիկը

2
5

Բժիշկը, տանտերս, նրա կինն ու աղջիկը նոր էին հեռացել սենյակիցս, մեկ էլ տեսնեմ դուռը կամացուկ բացվեց և ներս մտավ մի կին։ Մի րոպե կանգնած մնաց դռան մոտ և, ըստ երևույթին, այնքան շփոթվեց, որ ինձ թվաց, թե սխալմամբ է մտել իմ սենյակը։ Բայց ո՛րքան եղավ զարմանքս, երբ այնուհետև մոտեցավ ինձ և հարցրեց.

Այժմ ի՞նչպես եք։

Լավ եմ, արտասանեցի մեքենայաբար, զարմացած ինքս ինձ հարց տալով, թե ո՛վ է։

Փառք աստծո, կամաց հառաչեց նա և, կարճ լռությունից հետո, ասաց. շատ էի վախենում. դուք շատ վատ դրության մեջ էիք։

Ապշեցի։

Դուք ի՞նչ գիտեք։

Չէ՞ որ այս երեք գիշեր ես էի ձեզ նայում։

Դո՞ւք... Դո՞ւք էիք ինձ ջուր տվողը։

Ես էի։

Դեռևս ապուշ կտրած՝ նայում էի նրան.

Ներողություն, դուք ո՞վ եք։

Սկզբում, ըստ երևույթին զարմացավ, որ չեմ ճանաչում իրեն։

Մի՞թե ինձ երբեք չեք տեսել այս բակում... Ասենք, հազիվ թե տեսած լինեք, որովհետև ես մեծ մասամբ հիվանդ եմ և... ամաչում էլ եմ դուրս գալ տնից... Բայց այն օրը տեսաք, չէ՞։

Իսկույն կռահեցի։

Դուք այն... ներողություն, գազանի կի՞նն եք։

Այո, աչքերը վայր թողնելով, շշնջաց նա։

Խնդրեցի, որ նստի։ Նստեց։

Հետաքրքրությամբ դիտում էի նրան։ Կլիներ մոտ երեսուն տարեկան, այնքան նիհար էր, որ հասարակ չթի հագուստը լայն տոպրակի պես կախ էր ընկած սուր ուսերից։ Նիհարությունից դեմքի և ձեռքերի վրա միս չէր մնացել, իսկ աչքերը տարօրինակ մեծ էին երևում և անսփոփ տխրությամբ լի։ Առհասարակ նրա ամբողջ արտաքինի մեջ սիրտ ճմլող տրագիկական մի գիծ կար, որն իսկույն գրավում էր նայողի ուշադրությունը։ Խոհուն դեմքից և խոսակցական լեզվից նկատում էի, որ քիչ թե շատ կրթված կին է։

Նստելուց հետո, ըստ երևույթին, ուզում էր խոսել, բայց ամաչում էր. նրա շփոթմունքը տեսնելով, ինքս էլ քաշվում էի հարցուփորձ անեմ։ Սակայն, կարճ լռությունից հետո, աչքերը վայր թողած հազիվ լսելի ձայնով ասաց.

Ինչո՞ւ միջամտեցիք, ինչո՞ւ ձեր կյանքը վտանգի մատնեցիք։

Նա ախր ձեզ սպանում էր։

Հանկարծ նայեց ինձ․ նրա հանգած աչքերը վառվեցին տարօրինակ փայլով։

Թո՛ղ սպաներ, թո՛ղ սպաներ, թո՛ղ սպաներ, վրա տվեց սրտանց։ Ավելի լավ չէ՞ր լինի, միանգամից կպրծնեի․․․ Իմ մահը երջանկություն կլիներ ինձ համար, իսկ ձեզ... ի՞նչ ասաց բժիշկը․ վերքը խո վտանգավոր չէ՞։

֊ Չէ։

Փառք աստծո, դարձյալ հառաչեց նա։ Ա՜խ, որ մտածում եմ իմ պատճառով եք այդ դրության մեջ ընկել... Չնայելով, որ ինքս հիվանդ էի, հիմա էլ լավ չեմ, ամբողջ մարմինս մղկտում էր, բայց և այնպես, որ իմացա, թե այն հրեշն ինչ օրի է գցել ձեզ, մոռացա իմ ցավերս էլ, ամեն բան էլ և եկա մտիկ անեմ ձե՛զ։ Չէ՞ որ դուք մենակ եք, նայող չունեք։

Ուրեմն քվիթ, նկատեցի ժպտալով։

Նեղացավ։

Մի՞թե կարծում եք, օր ես քվիթ լինելու համար․․․

Թույլ չտվի վերջացնի, ասացի, որ կատակ արի, ներողություն խնդրեցի, շնորհակալություն հայտնեցի իր բարեսրտության համար և հարցրի, թե իր ամուսնուն դեռ չե՞ն թողել։

Ոչ, կցկտուր պատասխանեց և լռեց։ Հետո, կարծես ինքնիրեն ասաց, նրան բռնեցին տարան, բայց ի՞նչ օգուտ։ Ժամե ժամ սպասում եմ, որ կթողնեն, և ես նորից...

Ասելիքը չվերջացրեց և իր դժբախտ վիճակի հետ վաղուց հաշտված մարդու հանգիստ հուսահատությամբ գլուխը կախեց կրծքի վրա։

Սիրտս ճմլվեց։ Զգացի, որ եթե նորից հարկ լինի իմ միջամտության, դարձյալ չեմ խնայի իմ օգնությունը՝ թեկուզ նույնպիսի հետևանքով ինձ համար։

Ինձ սկսել էր հետաքրքրել այդ դժբախտ կնոջ վիճակը։

Ներեցեք, տիկին անհամեստ հարցումիս համար․ ինչո՞ւ է նա ձեզ... ինչո՞ւ է ձեզ հետ այդպես վարվում։

Այդպես է վարվում, կարճ պատասխանեց, առանց նայելու ինձ։

Մի առիթ, մի պատճառ պիտի լինի՞ թե ոչ։

Այս անգամ նայեց ինձ. կարծես զարմացավ, որ առիթ, պատճառ էի հարցնում։

Առիթը, պատճառն այն է, որ խմում է, պատասխանեց շատ հասարակ կերպով։

Ի՞նչ գործի է։

Դատարանում գրագիր է։

Շուտ֊շո՞ւտ է խմում։

Կմեռնի, որ մի օր չխմի։

Եվ ամեն օր է... այդպե՞ս է վարվում։

Ոչ ամեն օր։

Ա՞յլ։

Երբ որ քիչ է լինում խմած։

Ի՞նչպես թե...

Շատ խմած ժամանակ գալիս է, սուսուփուս վեր ընկնում քնում, բայց որ փող չի ունենում լավ թրջվելու, գալիս է մաղձն ինձ վրա թափում, ինչպես որ տեսաք անցյալ օրը։ Եվ այս մի տարի չէ, ամուսնանալու օրից սկսած։

Լավ, որ այդպես է, էլ ի՞նչպես եք կարողանում ապրել նրա հետ։ Գուցե ինքներդ չե՞ք աշխատում, չե՞ք կարողանում աշխատել։

Ինչպես չէ, կար եմ անում և իմ աշխատանքով եմ պահում զավակներիս։

Այդ ավելի լավ, ուրեմն դուք հեշտությամբ կարող եք բաժանվել նրանից։

Նայեց ինձ այնպիսի մի ժպիտով, կարծես շատ միամիտ բան ասացի։

Բաժանվե՜մ... ի՜նչ հեշտ եք ասում...

Ինչո՞ւ։ Երևի սիրում եք նրան։

Այս անգամ ծիծաղեց։ Եթե այդ րոպեին դեմքին նայելիս չլինեի՝ կկարծեի լաց է լինում այնքան տարօրինակ էին նրա ծիծաղի հնչյունները։

Հանկարծ դադարեց ծիծաղելուց և ընդունեց իր սովորական լուրջ, թախծալի դեմքը։

Լսեցեք, պարոն. ես ձեզ իմ եղբայրն եմ համարում, թե չէ սիրտս չէի բանա ձեր առջև... Ես ոչ ոքի չեմ պատմել դրությունս, ոչ ոքի չեմ գանգատվել... Եվ կարեկցո՞ղն ով է, կարեկցեն էլ ի՞նչ օգուտ... Ասում եք բաժանվեմ։ Մի անգամ այդպես էլ ուզում էի անեմ, բայց ինձ ասացին, որ երեխաներիս ինձ չեն տա, հայրը կարող է նրանց օրենքի զորությամբ խլել ինձնից։ Այդպես էլ սպառնաց ինձ ամուսինս։ Իսկ ես կարո՞ղ եմ առանց իմ երեխաների գեթ մի օր, մի ժամ ապրել։ Ո՞ւմ համար եմ ապրում ես, ո՞ւմ համար կարող եմ ապրել։ Երեխաների համար չէ՞, որ ապրում եմ և տանում այս տանջանքները... Իսկ երբ որ երեխաներս ինձ մոտ չեն լինելու, շատ հարկավո՞ր է ինձ հանգիստ կյանքը։

Լռեցի, էլ բան չկարողացա ասեմ։

Այսպես, սիրտը դատարկելուց հետո, դժբախտ կինը վեր կացավ, առողջություն մաղթեց ինձ և դուրս գնաց։

«Պիանիցին» թողեցին մի շաբաթից հետո։ Մինչ այդ՝ նրա կինն ամեն օր մտնում էր ինձ մոտ, հարցնում առողջությունս, հավաքում սենյակս, երբեմն ճաշ բերում (տանտերս էլ էր ուղարկում), բայց էլ չէր խոսում, հարցումներիս խուսափողական պատասխաններ էր տալիս, կարծես զղջում էր, որ արդեն շատ բան էր պատմել։ Խույս էր տալիս տանտիրոջս ընտանիքի այս կամ այն անդամի հետ ինձ մոտ հանդիպելուց և դռնից ետ էր դառնում, երբ նրանց տեսնում էր ինձ մոտ։ Երբ մի անգամ հարցրի, թե ինչու է խուսափում նրանցից, ասաց, թե ամաչում է և կվիրավորվի, եթե սկսեն հարցուփորձ անել։ Տեսա, որ որքան դժբախտ էր, այնքան և իր ընտանիքի պատվին նախանձախնդիր, հպարտ կին:

Ամուսնու երևալու օրից նա չքացավ։

Այդ օրվանից ականջս, շարունակ ձենի էր, բայց նրանց բնակարանից այլևս աղմուկի ձայն չէր գալիս։ Ինչպես երևվում էր, տվածս դասը և «կուտուզկայում» նստելն ապարդյուն չէին անցել, կամ գուցե, մտածում էի, ամեն բան շարունակվում է առաջվա պես, և խեղճ կինը «ձայնը փորն է գցում, ինչպես մի անգամ ինքը խոստովանեց։ Տանտերս ուզում էր դուրս անել նրանց իր տնից, մանավանդ որ երկար ժամանակ բնակարանի վարձը չէին տվել, բայց աղջիկն իմ ներկայությամբ խնդրեց նրան, որ այդպիսի բան չանի, առարկելով, որ «պիանիցը» ուրիշ տեղ ուղղակի կսպանի խեղճ կնոջը, իսկ իրենց տան մեջ այլևս չի համարձակվի ձեռք բարձրացնել նրա վրա։ Եվ Քալին իր հրաշալի աչքերով նայեց ինձ՝ այդ ասելիս։

Գրողը տանի, այդ աչքերը չէի՞ն պատճառը, որ կյանքս վտանգի մատնեցի։ Այժմ էլ, որ հիշում եմ նրա արտասվախառն, սարսափահար հայացքը, որով բակից աղերսում էր ինձ, որ օգնության հասնեմ, այժմ էլ երբեմն զարթնում է իմ մեջ այն խիզախ ոգին, որով այն ժամանակ մի ակնթարթում համակված ներքև վազեցի և կոտրեցի «պիանիցի» դուռը։ Եվ միայն ա՞յդ կանեի այն ժամանակ այդ աչքերի համար...

6

Երբ գլխիս վերքն այնքան լավացավ, որ այլևս կարիք չունեի պառկելու, բայց զգուշության համար դեռևս ուսումնարան չէի գնում, վերսկսեցի պարապմունքներն տերտերացու աշակերտիս հետ և միաժամանակ սկսեցի Քալիի հետ պարապել հայոց լեզվից։

Տանտերս աղջկա ինձ աշակերտելու վրա հաշտ աչքով էր նայում, նույնիսկ խրախուսում էր նրան, կինը, ընդհակառակն, որքան կռահում էի նրա ձեթոտ դեմքից, դժգոհ էր և զարմանում էր, որ աղջիկը գիմնազիոնի հինգերորդ դասարանն ավարտելուց հետո էլ դեռ կարիք ունի ուսանելու։ Իսկ թե եղբայրը՝ բժիշկը, ինչպես էր նայում քրոջ այդ կապրիզի վրա, չիմացա, որովհետև առողջանալուցս հետո երեսն այլևս չէի տեսնում, չնայելով, որ արդեն ազատ մուտք ունեի նրանց տան մեջ. նա կամ բոլորովին առանձնացած էր լինում իր սենյակում, երևի պատրաստվում էր պետական քննությունների համար, կամ տանը չէր լինում։ Բայց կարծեմ, նա անտարբեր էր։

Հարկ չկա պատմելու, թե ինչպիսի հաճույքով էի պարապում Քալիի հետ։ Ուսումնարանից վերադառնում էի հոգնած և շատ անգամ հուզված էի լինում հոգաբարձությունների վարմունքից կամ պաշտոնակիցներիս ինձ դեմ լարած խարդավանքներից, որոնցից, ինչպես հայտնի է, ոչ մի ուսուցիչ ազատ չէ։ Բայց երբ Քալին մայրենի լեզվի դասագիրքը և հայոց գրության տետրակը ձեռքին փոքրիկ երեխայի պես աղմկալի կերպով ներս էր վազում ինձ մոտ, հոգնածությունս էլ էի մոռանում, հուզումս էլ, և կարծում էի, թե հանկարծ մի կենարար հեղուկ սրսկեցին երակներիս մեջ։ Ոչինչ այնքան չէի սիրում նրա մեջ, որքան նրա այդ շարժունությունը և մանավանդ մանկական պարզաբանությունը։ Երբեմն հանկարծ այնպիսի մի անմեղ հարց կտար, որ չէի կարողանում ծիծաղս զսպել։ Այդպիսի դեպքերում նախ, կարծես, ապշում էր, թե ինչ կար ծիծաղելու, հետո ինքն էլ էր սկսում ծիծաղել, կարծես նոր գլխի ընկնելով, որ տված հարցն իսկապես ծիծաղելի էր։

Սկզբում խոսում էր ռուսերեն և խնդրել էր, որ ես միշտ հայերեն պատասխանեմ. հետս կամաց֊կամաց սկսեց հայերեն խոսել, մեջեմեջ ռուսերեն բառերով, որոնց հայերենը իսկույն հարցնում էր ինձնից։ Պատահում էր, և շատ հաճախ, որ դասի ժամանակ մենք սկսում էինք զրույց անել կողմնակի բաների մասին, և այդպիսի դեպքերում նա միշտ աշխատում էր խոսակցությունը լուրջ բաների վրա դարձնել, որ ավելի շատ բան իմանա և շատ բառեր սովորի։

Ցավ ի սիրտ տեսնում էի, որ ոչ մի գաղափար չունի մեր ոչ անցյալից, ոչ ներկայից, ոչ կուլտուրական, ոչ հասարակական կյանքից, ուստի իմ զրույցը պտտվում էր մեծ մասամբ այդ խնդիրների շուրջը։

Մեր պարապմունքները տեղի էին ունենում, տերտերացու աշակերտիցս ջոկ, երեկոները, երբ Քալին ազատ էր լինում տնային գործերից։ Ասենք, նրա համար առավոտ-երեկո չկար․ նրա համար գործը միշտ անպակաս էր լինում տանը։ Պարապմունքի ամենաթունդ ժամանակ, մեկ էլ կտեսնեիր, մայրը կկանչեր նրան։ Այդպիսի դեպքերում Քալին դժգոհությամբ, շատ անգամ զսպած զայրացկոտությամբ, գիրքը կամ մատիտը շպրտում էր սեղանի վրա և դուրս գնում՝ մոր պատվերը կատարելու, բայց շատ չէր ուշանում, էլի մտնում էր, ինչպես միշտ, ժպիտը դեմքին։ Զարմանալի բարեսիրտ և հնազանդ աղջիկ էր. կդժգոհեր, կզայրանար, շատ անգամ բարկացած կաղաղակեր, կկատաղեր, բայց չէր անցնի մի րոպե և կտեսնեիր նորից ժպտում է, կարծես իսկի էլ բան չի պատահել։

Երկու ամսից հետո արդեն հայերեն գրքեր էի տալիս կարդալու, որ վարժվի։ Գիրքը կարդում վերջացնում էր շատ շուտով, այնպես որ մինչև անգամ կասկածում էի, թե առանց կարդալու է վերադարձնում, բայց ո՛րքան էր լինում զարմանքս, երբ սկսում էր մի առ մի պատմել բովանդակությունը։ Հարցնում էի, տանն այնքան գործ ունենալով, ե՞րբ է ժամանակ գտնում կարդալու, այն էլ այդպես շուտ։ Պատասխանում էր. «Գիշերներն եմ կարդում»։

Ինձ մոտ գտնվում էր «Վերք Հայաստանիի» հին հրատարակության մի օրինակը փալաս դարձած կարտոնի կազմով, հնացած, դեղնած թերթերով։ Նոր տարին մոտենում էր. չեմ իմանում ինչպես, խելքիս փչեց այդ գիրքը նվիրեմ Քալիին։ Եվ առանց երկար ու բարակ մտածելու գիրքը վերցրի տարա կազմարարի մոտ, պատվիրեցի, որ փալաս դարձած կազմը պոկի և մի փառավոր ոսկեզօծ կազմ շինի։ Նոր տարվա նախօրը ստացա հնամյա Աբովյանը պճնված, զարդարված նորահարսի պես, շապկի վրա ամենայն խնամքով գրեցի Քալիի անունը, ազգանունը, հետո իմը, իսկ տակը՝ օրը և տարեթիվը, և Նոր տարու առավոտը, երբ Քալին, ուրախ, զվարթ մտավ սենյակս Նոր տարին շնորհավորելու, գիրքը լուռ մեկնեցի իրեն:

Կարդա՞մ, հարցրեց։

Կարդացեք և պահեցեք ձեզ մոտ:

Ըստ երևույթին, իսկույն գլխի չընկավ, թե ինչ էի ուզում ասել, հետո շփոթվեց, կարմրեց:

Այս նվե՞ր է ինձ, հարցրեց կամաց, աչքերը վայր թողած:

Ուրիշը այսօրվան օրը կոնֆետ կնվիրեր, բայց ես ավելի լավ համարեցի այդ գիրքը նվիրել։

Ծիծաղեց, շնորհակալություն հայտնեց և դուրս փախավ։

Հետևյալ օրը, երբ ըստ սովորականին պարապում էի նրա հետ, հանկարծ խոսքս կտրեց և հարցրեց.

Դուք թաշկինակ ունե՞ք։

Զարմացա։

Ինչո՞ւ եք հարցնում։

Պատասխանեցեք, ունե՞ք թաշկինակ:

Ունեմ։

Տեսնեմ։

Գրպանիցս հանեցի հասարակ միտկալի թաշկինակս և տվի իրեն։

Է՛հ, դեն շպրտեց։ Ուրիշ չունե՞ք։

Ունեմ։

Տվեք տեսնեմ։

Սնդուկիցս հանեցի տվի երկրորդ թաշկինակս, որը միևնույն կտորից էր։

Նայեց և նորից ետ տվավ։

Լա՛վն եմ ասում, լա՛վը։

Դե այս րոպեիս դրանից լավը ո՞րտեղ ճարեմ, ասացի, իմ ունեցածս այդ է։

Լավ, թողնենք այս, շարունակենք։

Շարունակեցի ընդհատված դասախոսությունս, բայց այս անգամ ինքս ընդհատեցի և հարցրի.

Լավ, ինչների՞դ է պետք իմ թաշկինակը։

Քիթս պետք է սրբեմ, վրա բերեց բարձրաձայն ծիծաղելով։

Այդ թաշկինակը ցավ դառավ ինձ համար, ինչքան էլ գլուխս կոտրում, մտածում էի, որ իմանամ ինչին էր պետք թաշկինակս, բան չէի հասկանում. ինչքան խնդրեցի, որ ասի, չասեց, ամեն հարցնելիս ծիծաղում էր միայն, մինչև որ մի օր էլ, ոչ սովորական պարապմունքի ժամին մտավ ինձ մոտ, անսովոր հանգստությամբ, առանց ձայն-ծպտուն հանելու սեղանիս վրա դրեց բարակ թղթի մեջ փաթաթած ինչ-որ փոքրիկ մի բան և նույն լռությամբ դիմեց դեպի դուռը։ Դռան մոտ շուռ եկավ, նայեց ինձ և ասաց.

Այսօր ձեր անվանակոչության օրն է, և ամոթ ձեզ, որ ոչինչ չեք պատրաստել ինձ հյուրասիրելու համար։

Ասաց և ծիծաղելով դուրս փախավ։

Ա՛յ քեզ բան. իսկապես որ անվանակոչությանս օրն էր, և ես ոչինչ չգիտեի։

Ապշած վերցրի բաց արի թղթի մեջ փաթաթված իրը․ թաշկինակ էր, ութածալ, մետաքսի և այնքան բարակ, որ բռան մեջ կարելի էր հավաքել։ Ծայրերից մեկի վրա զարմանալի նրբությամբ ասեղնագործված էին անվանս և ազգանվանս սկզբնատառերը հայերեն նշանագրերով։ Ահա՛ թե ինչի համար էր ինձնից թաշկինակ պահանջում։ Անհուն երջանկությամբ նրա փոխադարձ նվերը մոտեցրի շրթունքներիս և համբուրեցի այն տեղը, ուր նրա մատներն իմ անվան և ազգանվան սկզբնատառերն էին ասեղնագործել ո՛վ գիտե ինչ մտածումներով և զգացումներով։

Չգիտեմ, շատ տարօրինա՞կ, թե շատ սովորական էր մեր սերը (եթե միայն այդ սեր էր), բայց մեր միջև երբեք ոչ սիրո՛ խոստովանություն եղավ, ոչ էլ սիրո մասին որևէ ակնարկ։ Գարուն, լուսին, վարդ, սոխակ, ախ ու վիշ և այլ այդպիսի բաներ չկային. ինչպես երևում է, այդ ակսեսուարներով սիրում են միայն բանաստեղծները, իսկ մենք շատ պրոզայիկ մարդիկ էինք։ Ճիշտ է, մեր փոխադարձ նվերներն, ըստ երևույթին, մի քիչ բանաստեղծական էին, բայց նա իմ նվիրած Աբովյանից կիմանար, թե Հայաստանի վերքը ո՛րն էր, որից ամենևին գաղափար չուներ, իսկ նրա նվիրած մետաքսե թաշկինակն էլ ես կարող էի գործածել ամեն անգամ, երբ միտկալի թաշկինակներս կեղտոտվեին։ Մեր սիրո լեզուն այս էր. ծիծաղում էինք իրար վրա, ծաղրում էինք իրար, ջգրացնում, նա ինձ «քնձռոտ վարժապետ» էր անվանում, ես նրան «Քալո խաբարդիանո» (այդ բառերով սկսվող վրացերեն մի հին երգ էի լսել Թիֆլիսում), մի քիչ էլ որ առաջ գնացինք, կամացուկ խփում էինք իրար ձեռքի, երբեմն նա բռնում էր քթիցս, ես ձիգ էի տալիս նրա գիսակը, մի խոսքով՝ օրինավոր սիրահարվածներին անվայել այսպիսի երեխայական չարաճճիություններ։ Որից հետո, այս էլ ասեմ, մենք բաժանվում էինք իրարից իբրև միակ ամենաերջանիկ մարդիկ աշխարհիս երեսին։ Գոնե ինձ համար ես այդ կարող եմ ասել։

Բայց այս կատակները լինում էին, իհարկե, ի միջի այլոց, իսկ դասերը շարունակվում էին իրենց կարգին, առաջվա պես։ Հինգ-վեց ամսից նա արդեն այնպես վարժ էր կարդում հայերեն և այնքան լավ էր հասկանում կարդացածը, որ այլևս շատ քիչ բառերի թարգմանության կարիք էր զգում։ Իսկ մեր փոխադարձ հարաբերության մեջ քաղաքավարի «դուք»֊ը ինքնըստինքյան վաղուց վերացել էր և փոխվել մտերմական «դու»-ի։

Բայց... «վերջն է գովելի»։

7

Քալին հանկարծ չքացավ. մի օր, երկու օր, չորս օր, մի շաբաթ իզուր սպասում էի Քալի չկար ու չկար. ոչ միայն այլևս չէր գալիս դաս առնելու, այլև ստվերն անգամ չէի տեսնում պատշգամբում։ Սկզբում կարծում էի հիվանդ է, ուզում էի հարցնեմ տերտերացու աշակերտիս, որն անխափան գալիս էր դասի, բայց դեռ բերանս չբացած, հանկարծ, ինչպես ասում են, «հոգիս ծվաց». չլինի՞ թե ասացի ինքս ինձ ծնողները հոտն առել են և... Սառը քրտինքը պատեց ճակատս։ Է՛լ սուս արի, ձայն ծպտուն չհանեցի։

Կասկածս արդարացավ շատ շուտով։

Մի օր տանտերս մտավ ինձ մոտ, քեֆս, հալս հարցրեց. սկսեց սար ու ձորից, վերջը, մի քիչ սուս անելուց հետո, ասաց.

Մի բան որ ասիմ, խոմ չի՞ս նեղանա։

Հրամայեցեք, ասացի (շատ սառն էի պահում ինձ)։

Վուչ թե հրամայի, այլ պիտի խնդրի: Հախ ասծու, յիս շատ բավական իմ քիզմեն, բայց... գիդիս ինչ կա օթախս պիտիս դարդկի։

Ճիշտն ասած ես ամեն բան սպասում էի, բայց այդ մեկը ոչ։ Ուզում էի հարցնեմ, հենց այնպես, ձևականորեն, «ինչո՞ւ», լեզուս չզորեց։

Գիդիս էլի, շարունակեց տանտերս, ինչքան նիղվածքություն ինք քաշում։ Էս իմ աղա դոկտորը կանգնիլ է թե՝ ինձ ջոկ օթախ պիտիս տաք, սուրյոզնի պարապունքներ ունիմ. կոսե, էրեխեքը խանգարում ին:

Խոսք տվի, որ հենց վաղն ևեթ կաշխատեմ բնակարան ճարել ինձ համար: Այդ բանն ասացի այնպես հանգիստ, որ ինքս ինձ վրա զարմացա: Բայց այդ արտաքին հանգստություն էր, մինչդեռ ներքուստ այնքան շփոթված էի, որ երբ տանտերս ներողություն խնդրելով դուրս գնաց, դեռևս երկար ժամանակ չէի կարողանում ուշքի գալ այդ անակնկալից:

Շատ պոլիտիկոս մարդ էր տանտերս. առանց կռվի ու ղալմաղալի, համով ու քաղցրությամբ, «աղա դոկտորի սուրյոզնի պարապմունքների» պատրվակի տակ վռնդում էր ինձ տնից, որպեսզի մի անգամ առմիշտ հույսս կտրեմ իր աղջկանից:

Շատ բարի, ասացի ինքս ինձ, երբ մի քիչ ուշքի եկա, և ինքնասիրությունս թունավոր օձի պես սկսեց կամաց-կամաց գլուխը բարձրացնել իմ մեջ: Շատ բարի, կարծես սպառնում էի, ինչո՞վ և ո՞ւմ չգիտեմ:

Ու հետևյալ օրը, հենց որ դպրոցում դասերս վերջացրի՝ գնացի նոր բնակարան որոնելու: Վարձեցի առաջին պատահած սենյակը, ամենևին ուշադրություն չդարձնելով ոչ հարմարության և ոչ գնի վրա, և վճռեցի նույն օրն ևեթ տեղափոխվել: Ինձ թվում էր, որ եթե մի օր անգամ ուշացնեի, լիովին գոհացում տված չէի լինի ինքնասիրությանս:

Այն միջոցին, երբ ունեցած-չունեցածս հավաքում էի, որ մշակի շալակը տամ, տանտերս կանգնեց գլխիս:

Վա՛, էսենց շո՞ւտ. զարմացավ: Գեթաղվա, խոմ չի՞ս նիղացի:

Ինչո՞ւ պիտի նեղանամ:

Յիս ի՛նչ գիտիմ, էսենց մե բաշ․․․ Գիտիս, էլի, ինչքան սիրեցի քեզ, բայց էս իմ աղա դոկտորը․․․ Մախլաս: Օթախդ վո՞ւրդի է, լավ տիղ է՞, վո՞ւնց իս բռնի:

Պատասխանում էի հանգիստ, սառը: Նույն սառնությամբ հրաժեշտ տվի նրան, կնոջը, երեխաներին: Քալին չէր երևում: «Աղա դոկտորը» տանը չէր: Քալիի բացակայության մասին ոչ մի խոսք չթռցրի բերանիցս, կարծես բնավ գոյություն չուներ: Չհիշեցին նրա մասին և ծնողները: Փոխադարձաբար հասկանում էինք իրար մտքինը և համառությամբ լռում Քալիի մասին։ Րոպեն անհամ էր։ Տանտիրոջս ձեռքը մերջին անգամ սեղմելու ժամանակ տվի նրան սենյակիս վերջին ամսականը։ Ի դեպ հիշեմ, որ տերտերացուի հետ ամբողջ յոթ ամիս պարապելուս համար ոչ մի կոպեկ չէի ստացել, իսկ սենյակիս վարձը կանոնավորապես վճարում էի, և տանտերս ընդունում էր առանց որևէ առարկության, ինչպես ընդունեց և այս անգամ։

Լավ, էս վուր գնում ես, բաս միր Կոլյայի բա՞նը վունց պիտինք անի, ասաց նա։

Ուզում եք, կշարունակեմ պարապել։

Վա՛, վո՞ւնց թե ուզում ենք, բաս խոմ կիսատ չի՞նք թողնի։

Շատ բարի, կգամ պարապելու, ասացի առանց մտածելու և իսկույն էլ զղջացի, որովհետև տանտերս նույնիսկ նկատելի հանգստությամբ վրա բերեց.

Չէ՛, չէ՛, ինչի՞ դու նիղութին քաշիս գաս. հազիր էրեխեն ինքը գուքա, դու մենակ ասա վուրդի իս բռնի օթախը։

Տվի նոր բնակարանիս հասցեն և գնացի։

Սկզբի օրերում վիրավորանքս ինքնասիրությանս ազդեցության տակ այնքան սաստիկ էր, որ գրեթե չէի զգում Քալիից անջատվելս։ Բայց հետո կամաց֊կամաց այնպիսի մի թախիծ, այնպիսի մի կարոտ տիրեց ինձ, որ երբեմն սարսափահար մտածում էի, մի գուցե խելագարվեմ։ Ախորժակս կապվել էր, գիշերները քուն չունեի, դպրոցում դասերս պարապում էի մեքենայաբար, նոր բնակարանում մի խոնավ, կեղտոտ, անպիտան բնակարան սիրտս վեր չէր գալիս, պարապ ժամանակս թափառում էի չգիտեմ որտեղ։ Մի խոսքով՝ տաժանելի դրություն, որը հանկարծ, անսպասելի կերպով, հակառակ կամքիս, եկել կաշկանդել էր ինձ ամուր․․․ Քալիի պատկերը գիշեր֊ցերեկ աչքիս առջևն էր։ Երբեմն հուսահատությունից լաց էի լինում երեխայի նման։ Այնքան հպարտ ինքնասիրությունս, ավա՜ղ, առմիշտ մնաս բարով էր ասել ինձ։ Նոր էի զգում, որ սիրում եմ այդ հրաշալի, այդ զարմանալի աղջկան և առանց նրան չեմ կարող։ Այնքան ընտելացել էի նախկին բնակարանիս և այդ բնակարանի մեջ ամեն օր նրան տեսնելուս, նրա ձայնին, ծիծաղին, որ այժմ նոր բնակարանս, Քալիից զրկված լինելս մի խիստ տարօրինակ և անտանելի բան էր թվում ինձ, կարծես իմ հայրենի աշխարհից հանկարծ պոկել շպրտել էին ինձ մի օտար աշխարհ։ Կարոտը սպանում էր ինձ։ Կարոտում էի ոչ միայն Քալիին․ ուրախությամբ կցանկայի տեսնել նաև նրա հորը, նրա բժիշկ եղբորը, մյուս փոքրիկներին, նույնիսկ նրա կռվարար մորը, որը մեր անջատման գործում անշուշտ քիչ դեր չպիտի լիներ խաղացած, մի խոսքով՝ այն ամենքին և այն ամենը, որոնց հետ կապ ուներ Քալին և որոնք կհիշեցնեին ինձ Քալիին։ Այդպիսի հուսահատական դրության մեջ մի կատարյալ սփոփանք էր ինձ համար Քալիի ինձ նվիրած թաշկինակը միակ առարկան, որին նայելով, որը համբուրելով թե՛ կարոտս էր ավելի վառվում, և թե՛, միևնույն ժամանակ, սիրտս հովանում։

Վերին աստիճանի հետաքրքրում էր ինձ այն միտքը, թե Քալին արդյոք նո՞ւյնպես քաշում է իմ կարոտը, ինչպես ես իրենը։ Բայց արդյոք սիրո՞ւմ էր նա ինձ... Այս հարցը հանկարծ ծագեց գլխումս, և ամեն հանգամանք կշռադատելով, ավելի շուտ տրամադիր էի կարծելու, որ չէ, չէր սիրում։ Այլապես, անկարելի բան էի համարում, որ հրաժեշտի ժամանակ կամ, եթե ծնողներից վախենում էր, դրանից առաջ կամ հետո չաշխատեր մի կերպ, ծնողներից ծածուկ, ինձ հետ տեսնվել։ Օ՜, իհարկե, թաշկինակ նվիրելն ավելի հեշտ է, քան սիրտ նվիրելը։

Տեսականորեն ես միշտ, եթե ոչ անկարելի, գեթ աննորմալ, հիվանդագին երևույթ եմ համարել սիրել առանց փոխադարձության։ Այդպիսիներին ես միշտ իրենց հարգը չճանաչող, կամքից և ինքնասիրությունից զուրկ ողորմելի արարածներ եմ համարել ուղղակի փալաս։ Սակայն անձնական փորձս ցույց էր տալիս, որ ուրիշ է տեսականը, ուրիշ գործնականը. գրեթե համոզված էի, որ Քալին չէր սիրում ինձ, այնուամենայնիվ, մեռնում էի նրա համար, չնայելով որ, ամենայն վստահությամբ կարող եմ ասել, ես ամեն բան եմ և եղել եմ միշտ, բայց ոչ երբեք փալաս։

Այսպես թե այնպես, կասկածս մի անգամ առմիշտ փարատելու և անելիքս որոշելու համար կարիք ունեի ստուգելու, ուզում էի ստուգել Քալիի դեպի ինձ տածած զգացումը։ Բայց ի՞նչպես ստուգեի, ոչ մի տեղ չէի հանդիպում նրան. գնայի՞ նրանց տուն, նամա՞կ գրեի։ Ինձ այնտեղից վռնդելուց հետո այդ մասին մտածելն անգամ ավելորդ էի համարում։ Մնում էր միայն մի ճանապարհ, այն է՝ մի կերպ խոսք դուրս քաշել Կոլյայից, որը դասերը շարունակելու համար պետք է ամեն օր գար ինձ մոտ։ Բայց արդեն անցել էր մի ամբողջ շաբաթ, որ տեղափոխվել էի նոր բնակարանս, և Կոլյան չկար, չէր գալիս։ Չէի հասկանում, արդյոք ի՞նքը չէր ուզում գալ ծուլությունից, թե հայրն էր փոշմանել և, հակառակ իր խոստման, այլևս չէր ուզում ուղարկել նրան, որպեսզի իսպառ կտրի մեր միջև եղած բոլոր հարաբերությունները։

Մի շաբաթը դարձավ երկու շաբաթ, և ահա մի օր տեսնեմ Կոլյան, գրքերի պայուսակը ձեռքին, եկավ հարցնելով ներս մտավ ինձ մոտ։ Այնպես ուրախացա, որ կարծես հարազատ եղբորս տեսա։

Ո՞րտեղ էիր մինչև հիմա, ինչո՞ւ չէիր գալիս, հիվանդ խո չէի՞ր, սկսեցի հարցուփորձ անել։

Ոչ, հիվանդ չէի, մամաս չէր թողնում գամ։

Մամա՞դ։ Ինչո՞ւ:

Չգիտեմ։

Բայց հրեդ եկել ես։

Պապաս ուղարկեց։

Ուրեմն պապադ ուզում էր, որ գա՞ս։

Այո։ Մենակ մամաս չէր ուզում։ Այսօր մինչև անգամ կռվեցին։

Կռվեցի՞ն...

Այո։ Մամաս այնպես չարացած էր, որ գրքերս խլեց ձեռքիցս և բակը շպրտեց։ Տեսեք, այս գրքի կազմը կոտրվել է, իսկ սրանից երեք թերթ պատռվել։

Իսկ քո՞ւյրդ։

Քույրս լաց էր լինում։

Ինչո՞ւ։

Չգիտեմ։ Մամաս սաստիկ անիծում էր նրան։

Ի՞նչ էր ասում։

Ես ի՛նչ գիտեմ։

Իսկ պապա՞դ։

Պապաս չէ։ Վերջը պապաս այնպես բղավեց մամայիս վրա, որ մամաս սուս կացավ և գնաց Վանիչկին ծիծ տալու: Հետո պապան հրամայեց ինձ, որ գրքերս հավաքեմ և գամ ձեզ մոտ։

Ինձ համար միանգամայն անսպասելի այդ բաները լսելուց հետո ակամա մտախոհության մեջ ընկա։ Խոսք չկա, որ այդ բոլորն իմ պատճառով էր, Քալիի մայրը հակառակ էր ինձ, հայրն իմ կողմն էր։ Վերջին հանգամանքն անսպասելի նորություն էր ինձ համար։

Այդ օրը իբր թե պարապեցի Կոլյայի հետ. դասի միջոցին հարցերը տալիս էի մեքենայաբար, պատասխանները լսում անուշադիր։

«Քույրիկս լաց էր լինում», այս խոսքերը դրոշմվել էին ուղեղումս և չէին հեռանում այնտեղից։ Ու չգիտեմ, երեխայական միամտությամբ արտասանած այդ խոսքերը ցնծությո՞ւն էին պատճառում ինձ, թե խորին թախիծով համակում սիրտս. գիտեմ միայն, որ դեպի Քալին տածած կարոտս իր գագաթնակետին հասավ։ Կոլյայի ասածներից պարզ էր ինձ համար, որ մայրն իրեն հատուկ լեզվի զորավոր արտահայտություններով հանդիմանություն էր հայտնում աղջկան իմ պատճառով, և աղջիկը լաց էր լինում արդյոք ինձ սիրելո՞ւց և նրա՞ համար, որ չէր կարող մորը դիմադրել, թե՞ այն պատճառով, որ մոր հանդիմանություններն անարդար էր համարում, որովհետև ինքը չէր սիրում ինձ։ Այդ բանը դարձյալ հանելուկ մնաց ինձ համար և նոր մտատանջություների առիթ դարձավ։

Հետևյալ օրը Կոլյայի հետ պարապելիս, երբ մտածում էի, թե ինչպես անեմ, որ նոր խոսք դուրս քաշեմ նրանից Քալիի մասին, հանկարծ նա դասն ընդհատեց և դարձավ ինձ.

Գիտե՞ք, պարոն, քույրս շատ է դարդ անում։

Ինչի՞ համար։

Ձեզ համար։

Վա՛հ...

Այդ բացականչությունն ակամա դուրս թռավ բերանիցս ոչ այնքան նրա համար, որ այդ հայտնությունն անակնկալ ազդեցություն գործեց ինձ վրա, որքան նրա՛ համար, որ իմ կարծած բթամիտ տերտերացու աշակերտս այդ բանը նկատել էր և հարկ համարեց հայտնել ինձ, անշուշտ հետաքրքրված լինելով իմ ու իր քրոջ հարաբերությամբ, որը այնքան աղմուկի առարկա էր դարձել իրենց տանը։ Ուզեցի բուռն հետաքրքրությամբ հարցուփորձ անել, բայց հանկարծ զգուշացա այդ «խաբարբզան» տղայից, որը կարող էր իմ հարցուփորձը հասցնել ծնողների ականջը, որոնք առանց այն էլ, ինչպես երևում էր, լավ օրի չէին հասցրել իրենց աղջկան իմ պատճառով։ Ուստի սուս արի, բան չհարցրի, կարծես քույրը գոյություն չուներ ինձ համար, մինչդեռ իսկապես ա՛յդ րոպեից Քալին գոյություն ունեցավ ինձ համար։

Ուրեմն այլևս կասկած չկար. Քալին սիրում էր ինձ, նա լաց էր լինում, նա դարդ էր անում ինձ համար... Հարկավո՞ր է ասեմ, թե ի՛նչ ահագին երջանկություն էր այդ գիտակցությունն ինձ համար։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Տանտիրոջս աղջիկը"

Ятук Музыка
Рапсодия
Эдуард Багдасарян

Рапсодия

Портрет Шушаник Надирян
Портрет Шушаник Надирян
Играть онлайн