Нар-Дос

Սպանված աղավնին

5
8

Առավոտյան վեր կացավ բավական ուշ և երկար ժամանակ լվացվում էր ու մաքրվում։ Թեյից առաջ կոնյակ պահանջեց և նախաճաշում էր նախանձելի ախորժակով։ Այնինչ ես արդեն բավական ուշացել էի գործից և վեր կացա, որ գնամ։ Հայտնեցի, թե երբ և որտեղ եմ ճաշում, և ասացի, թե կարող է գալ ինձ մոտ, միասին կճաշենք։

Այդ իր կարգին, ասաց։ Բայց այս րոպեին ինձ փող է հարկավոր։ Նախ ուզում եմ հեռագիր տամ տուն, որ փող փոխադրեն, թե չէ՝ Թիֆլիսից ոտս դուրս դնել չեմ կարող. երկրորդ՝ պետք է բաղանիս գնամ, որովհետև ճանապարհին շատ եմ փոշոտվել, և երրորդ՝ պետք է արտաքինս մի քիչ կարգի գցեմ, թե չէ՝ սրանով մարդամեջ երևալ չի կարելի։

Եվ նա ցույց տվեց իր հագուստը, որը ցերեկվա լույսի տակ շատ խղճուկ տպավորություն էր գործում։

Ասենք, ինձ շատ փող հարկավոր չէ, ավելացրեց նա. մի տասը-տասնհինգ ռուբլի որ տաս, բավական կլինի․ պետք է մի կամ մի զույգ շապիկ և մի փողկապ առնեմ, ուրիշ ոչինչ, իսկ չեմոդանումս մի քիչ օրինավոր հագուստ կա, մի վպխենա։

Տվի պահանջած գումարը և դուրս եկա, թողնելով նրան վերջացնելու իր նախաճաշը։ Ճաշին սպասում էի նրան ժամադրավայրում, բայց չերևաց և այդ օրը գիշերն էլ տուն չեկավ։ Ծառան պատմեց, որ առավոտյան իմ գնալուց հետո նա էլ շուտով դուրս էր գնացել, հետո մի քանի ժամից վերադարձել, հագուստը փոխել ու նորից դուրս գնացել։ Երկրորդ օրն էլ չերևաց։ Երևաց միայն երրորդ գիշերը շատ ուշ, երբ ես տանս նստա՛ծ դեռ պարապում էի։

Արտաքուստ բոլորովին կերպարանափոխվել էր։ Հագած էր շատ լավ կարած սև բաճկոն շատ լավ կտորից, գունավոր փայլուն ժիլետ և փայլուն կոշիկներ սուր քթերով և կոճակներով։ Շապիկը նոր էր, շատ բարձր, փղոսկրի պես փայլուն օձիքով և արյան պես կարմիր փողպատով, որի բարձիկի վրա շողշողում էր մի, ըստ երևույթին, իսկական ադամանդ։ Կարճ խուզած չափազանց սև ու փայլուն մազերը բաժանված էին կողքից անգլիական ձևով, իսկ մաքուր սափրած մսեղ երեսի կաշին պլպլում էր սոխի կճեպի պես։ Ուսանողական խունացած գլխարկի տեղ ծածկել էր մոխրագույն մորթե գլխարկ՝ մեջտեղից ծալված, բայց վերարկուն նույնն էր։

Իսկույն նկատեցի, որ խմած է։

Ամենից առաջ հարցնեմ, ասաց, վերարկուն հանելով, հեռագրիս պատասխանը չկա՞։

Վերցրի տվի պատասխանը, որ ստացվել էր դեռևս նախորդ օրը։

Բաց արեց, լուռ կարդաց և հանգիստ գցեց գրասեղանի վրա։

Աչքդ լույս, ասաց, հայրս այլևս միտք չունի մեռնելու, հետևապես կարիք չկա շտապելու, իսկ փողը աստված կտա։ Իր գավառական խելքով մտածել է հալա հո բերել եմ Թիֆլիս, այնտեղից երևի մի քանի մանեթ կճարի կգա, ու, որ եկավ, ոտները կկապեմ վեր կգցեմ խանութումս, որ վաշխառուական դավթարներս պահի։ Գիտե՞ս քանի տոկոս է առնում և քանի քյասիբի է աղի արցունքով ճամփու դրել... Ես ինքս, ազնիվ խոսք եմ ասում, գրեցի լրագրում, իհարկե, կեղծ ստորագրությամբ: Շատ դես ընկավ, շատ դեն ընկավ, որ գտնի թղթակցին, բայց որտե՞ղ։ Տիպ եմ ասում է՜: Հայրս է, բայց աստված հեռու պահի ամեն մի որդու այդպիսի հայրերից։ Ես ինքս էլ, իհարկե, մի բարի պտուղ չեմ, բայց փողի համար այդպես հոգի տալ այդ ես ուղղակի չեմ հասկանում։ Գիտե՞ս որքան էր նրա ուղարկած փողն ինձ Պետերբուրգ․ երեսուն ռուբլի կամ երեսուն անգամ հարյուր կոպեկ։ Դե արի Պետերբուրգի պես մի տեղում ապրիր կոպեկներով։

Մի ծխախոտ հանեց, վառեց լամպի վրա և նստեց դիմացս, գրասեղանի մոտ։

Այդ թող և ինձ ասա, ո՞րտեղ էիր երեկ և ո՞րտեղ գիշերեցիր, հարցրի։

Սարումյանի տանը, այսինքն նրա կնոջ տանը, որովհետև չէ՞ որ նա տնփեսա է։ Ճաշին գնացի նրանց մոտ, հետո երեկոյան կլուբ գնացինք, այնտեղ էլ ընթրեցինք և գիշերն արդեն ժամը երկուսն էր, որ դուրս եկանք։ «Այս ժամին ո՞ւր գնամ, ասում եմ, Մարգարյանին չեմ ուզում անհանգստացնել. քեզ մոտ պետք է տանես ինձ»։ Շատ էլ չէր ուզում, բայց ի՞նչ կարող էր անել։

Ինչո՞ւ չէր ուզում։

Չգիտեմ, վախենում է կնոջից, թե խանդոտ է։ Կնոջը տեսե՞լ ես։ Մի քիչ ջահել չէ, բայց վնաս չունի... ասող խոսող, կրակոտ։ Ուրախությամբ համաձայնեց, որ գնամ իրենց մոտ։ Ֆլիրտից-բանից կարող էր լինել, բայց դե մարդը շարունակ ցցված էր մոտներս։ Այսօր էլ նրանց մոտ ճաշեցի։ Իսկ հիմա գալիս եմ ուղղակի առանձին կաբինետից...

Բայց դու փող չունեիր։

Գիշերը խաղացի կլուբում և մի վաթսուն ռուբլու չափ տարա։

Առանց փողի՞։

Ինչո՞ւ առանց փողի, քո տված տասնհինգ մանեթից դեռ մի քանի կոպեկ մնացել էր գրպանումս. հեգեց Թուսյանը։ Մարդը նա է, Մարգարյան, ով քեֆ է քաշում առանց փողի, թե չէ՝ փողով անդամալույծներն էլ պար կգան։ Ես միշտ փող ունեցել եմ և միշտ էլ չեմ ունեցել, որովհետև ունեցածս իսկույն ծախսել եմ կամ բաժանել կարիքավոր ընկերներիս։ Չունեցածս ժամանակ խաղացել եմ և համարյա միշտ էլ տարել։ Կանանց վրա էլ ոչ մի կոպեկ չեմ ծախսել։ Միայն այս գիշեր, որովհետև այստեղ օրինավոր ծանոթություններ չունեմ, տարածս վաթսուն ռուբլու մի մասը հալվեց առանձին կաբինետում։ Քամին բերեց, քամին էլ տարավ։ Մեզ էլ քամին է բերել, քամին էլ կտանի։ Մտածելու պետք չկա։ Ու դարձյալ գալիս ենք էպիկուրյան վարդապետության... Ներողություն, ի՛մ էպիկուրյան և ոչ քո: Համենայն դեպս, դու կարող ես միանգամայն հանգիստ լինել քո տված տասնհինգ ռուբլին կորած տեղ չէ։ Չտամ էլ, վնաս չունի։

Տեսա, որ տրամադիր է երկար խոսելու, ուստի առաջարկեցի, որ գնա քնի։

Որ չխանգարեմ, գրես։ Հնազանդվում եմ, ասաց և վեր կացավ։ Առաջնորդեցի նրան հարևան սենյակը անկողին պատրաստելու։

Առավոտյան ինձնից վաղ էր վեր կացել և տեղավորում էր ճամպրուկը։

Այսօր ուզում եմ գնալ, ասաց։ Թեև հեռագիրն ստանալուց հետո ուզում էի վերադառնալ Պետերբուրգ, բայց մեկ էլ մտածեցի, որ չարժե կոնֆլիկտ ստեղծել։ Շուն է, թե գել հայրս է։ Բացի սրանից, քանի գրպանումս փող կա, պետք է օգտվել, թե չէ կարող եմ էլի առանց ճանապարհածախսի մնալ։

Ճամպրուկից դուրս էր թափվել ինչ-որ գրքեր ու թղթեր, որ այժմ տեղավորում էր հագուստի հետ միասին։ Թղթերի միջից ջոկեց մի տետրակ և տվեց ինձ։

Այս թողնում եմ քեզ մոտ, ասաց. կարդա, թե հավանես, տպիր լրագրումդ, թե չէ՝ վերադարձիս ետ կտաս։

Ի՜նչ է այս, հարցրի։

Մի պատմվածք։ Անցյալ տարի մտադրվել էինք մի ալմանախ հրատարակել ուսանողական ֆոնդի օգտին, վերցրի գրեցի այդ, բայց գործը գլուխ չեկավ, և գրվածքս այդպես էլ մնաց։ Կարծեմ վատ չեմ գրել. որ կարդաս, կհավանես։

Տետրակը պահեցի մոտս, խոստանալով, որ կկարդամ, թեև առաջ վճռեցի, որ մի հիմար բան կլինի գրածը, ինչպես շատ դիլետանտների գրվածքներ։

Որովհետև մեկնելու էր մի-երկու ժամից, ուստի հրաժեշտ տվի հենց տանս և գնացի գործիս։ Բայց ճաշից հետո որ տուն դաձա, տեսա չի գնացել, որովհետև ճամպրուկը, առանց իրեղենները տեղավորելու, հենց այնպես էլ թողել էր բաց։ Մտածեցի, որ թերևս որոշել էր գիշերվա գնացքով գնալ։

Թեև բնավ ցանկություն չունեի նրա գրվածքը կարդալու, բայց այժմ ստիպված էի կարդալ, որովհետև գիտեի, որ տուն գալուն պես՝ պիտի հարցներ՝ կարդացե՞լ եմ թե ոչ և, եթե կարդացած չլինեի, պիտի ստիպեր, որ կարդայի, կամ ինքը պիտի կարդար և ինձ էլ պիտի ստիպեր, որ լսեի։ Ուստի այդ երեկո քանի չէր եկել, նստեցի և կարդացի։

Կարդացի և...

Այստեղ արտագրում եմ Թուսյանի տետրակը:

ԱՊԱՆՎԱԾ ԱՂԱՎՆԻՆ
Պատմվածք
Ռուբեն Թուսյանի

Բարեկամս, որ ինքն էլ չգիտե, թե ինչ է ինքը մի սրիկա՞, թե շատ սովորական մի մարդ, որոնցով լիքն է աշխարհս մի անգամ հետևյալը պատմեց մեր ընկերական շրջանում իր կյանքից։

-------

Սրանից մի քանի տարի առաջ, ամառը, օգտվելով արձակուրդից, հյուր էի գնացել հորեղբորս մոտ ամառանոց։ Հետս տարել էի հրացանս և շունս։ Որս անել շատ էի սիրում։ Առավոտները վաղ վեր էի կենում, գնում անտառը ամբողջ ժամերով թրև գալիս և մի ծիտ անգամ չէի գտնում, որ սպանեմ։ Դե ամառանոց, հազար ոտ էր ման գալի, բոլոր կենդանիները փախել էին։ Հետո ասացին, որ մի հինգ-վեց վերստի վրա մի լիճ կա, ուր վայրենի բադեր շատ են լինում։ Այնուհետև գնում էի այդ լիճը որս անելու։ Ճանապարհս անտառի միջովն էր։

Մի առավոտ, երբ անցնում էի այդ անտառով, եղևնու մի հսկայական ծառի վրա մի կտցահար նկատեցի։ Հենց այնպես, որպեսզի մի բան սպանած լինեի, հրացանս նշան դրի և արձակեցի։ Չիմացա՝ դիպա՞վ, թե ոչ, որովհետև հրացանիս տրաքոցն ու մի սարսափելի ճիչ բարձրանալը մեկ եղավ։ Նույն վայրկյանին մեկը դուրս թռավ ծառի տակից։ Մի աղջիկ էր, որին չէի նկատել ծառի հաստ բնի ետևը։ Գլխաբաց էր, բայց տաք վերարկու ուներ հագին, օդը դեռևս բավական ցուրտ էր։ Գլխարկս վերցրի և ներողություն խնդրեցի։ Կանգնած էր անշարժ, ձեռքը կրծքին, ինձնից մի տասը քայլ հեռու։ Դեմքը մեռելի գույն էր ստացել. նայում էր ինձ անթարթ ահագին աչքերով և ամբողջ մարմնով դողում։ Նկարիչն ավելի լավ մոդել չէր կարող գտնել կենդանի սարսափը նկարելու համար։ Նորից ներողություն խնդրեցի։ Ոչ մի խոսք չարտասանեց։ Մոտեցավ ծառին, խոտի մեջ ինչ֊որ որոնեց գտավ, գիրք էր, դրեց թևի տակ, ձեռքով ետ քաշեց երեսին ընկած մազերի խուրձը և հանգիստ քայլերով հեռացավ։

Հետևյալ առավոտյան, երբ անցնում էի նույն տեղով, նստած էր նույն ծառի տակ, գիրքը ձեռքին։ Բարևեցի։ Չպատասխանեց։ Անցա։ Հետո ետ դարձա և, հրացանս դիմհար տալով, կանգնեցի նրանից մի տասը քայլ հեռու, ուղղակի նրան դեմ առ դեմ։ Շունս մոտ վազեց նրան և սկսեց հոտոտել նրա վերարկուն։ Նա քշեց շանս, հոնքերը կիտած, բայց ոչ բարկացած, նայեց ինձ և հարցրեց.

Ի՞նչ եք ուզում։

Ուզում եմ, որ ներեք, ասացի։

Ի՞նչ բանի համար։

Որ երեկ վախեցրի ձեզ։

Բայց հո չգիտեիք, որ ես նստած եմ այստեղ։

Ճիշտ է, բայց և այնպես... Շատ անհանգիստ էի․ մտածում էի, որ վախից կարող էիք հիվանդանալ։

Հետո ձե՞զ ինչ։

Ի՞նչպես թե ինձ ինչ։ Չէ՞ որ պատճառը ես կլինեի։

Կարճ ժամանակ նայեց ինձ զարմացած, հետո ուսերը թոթվեց տարակուսանքով և գլուխը նորից կախեց գրքի վրա, առանց այլևս ոչ մի խոսք արտասանելու, ըստ երևույթին, ուզում էր հասկացնել, որ հանգիստ թողնեմ իրեն և հեռանամ։

Բայց ես համառորեն կանգնած էի նրա առջև և ակամա հիանում էի, դիտելով նրա գեղեցիկ գլուխը շաա հարուստ, փափուկ ու փայլուն մազերով, որոնք նոր ծագած արևի թեք ճառագայթների տակ բազմազան երանգներ էին ընդունում , ինչպես փոքրիկ երեխաների թավշյա մազերը։

Այստեղ նայեցեք, ասացի, տեսնելով, որ գլուխը չի ուզում գրքի վրայից բարձրացնել։

Նայեց։

Ճակատս դրի հրացանիս փողի ծայրին, իսկ ոտս շնիկի վրա։

Եթե չներեք, ասացի, այս րոպեին գանգս ցրիվ կածեմ։

Այս ասելս ու նրա տեղից վեր թռչելը մեկ եղավ։

Գժվե՞լ եք, ինչ է, աղաղակեց գունատվելով։

Ներո՞ւմ եք, թե ոչ, համառորեն պնդեցի ես։

Ի սեր աստծո, դեն կորցրեք այդ հրացանը, ներում եմ, արագ-արագ արտասանեց նա։

Շնորհակալ եմ։ Այժմ հանգիստ կթողնեմ ձեզ, ասացի, շվացրի շանս ու հեռացա։

Բավական տեղ գնալուց հետո ետ նայեցի։ Նա դեռևս կանգնած էր նույն դրության մեջ՝ ողողված վաղորդյան արևի ոսկեհուռ ճաճանչներով, որոնք ծառերի բների արանքից հազարավոր լուսեղեն ժապավեններ էին փռել դեպի անտառի խորքը, մեջ ընդ մեջ խառնված զուգահեռ ստվերներով։ Ցողի կաթիլները թարմ խոտի վրա պսպղում էին լուսատտիկների պես. կարծես կախարդական մի ձեռք անփույթ ու շռայլ անթիվ գոհարներ էր ցանել չորս կողմը։

Երրորդ առավոտյան նույն ծառի տակն էր։ Այս անգամ բարևս ընդունեց։

Ձեզ խորհուրդ չեմ տա առավոտյան այս ժամին նստեք խոտի վրա. տեսնում եք՝ որքան թաց է, ասացի։

Խոտի վրա հո չեմ նստած, ասաց․ տեսեք։

Ու ցույց տվեց, թե ինչի վրա էր նստած, նստած էր հսկայական եղևնու մի հաստ արմատի վրա, որը մի կես արշին բարձր էր մնացել գետնից։

Այդ միևնույն է, ասացի, խոնավությունը կարող է ձեր ոտներից անցնել։

Անփույթ կերպով թափ տվեց ուսերը, և առաջին անգամ նրա դեմքի վրա մի թեթև ժպիտ նկատեցի։

Դուք երևի ամեն առավոտ որսի եք գնում, ասաց, շոյելով շանս գլուխը, որ նորից մոտեցել և հոտոտում էր նրան։

Այո։

Ո՞րտեղ։

Տեղն ասացի։

Գիրքը բաց ու խուփ արավ, ըստ երևույթին ուզեց բան ասել, բայց ոչինչ չասաց, թեթևակի կարմրեց ու գլուխը կախեց գրքի վրա, աշխատելով այնպես անել, որ դեմքը չտեսնեմ։ Ցտեսություն, ասացի։

Ցտեսություն, արձագանքեց նա, առանց գլուխը բարձրացնելու գրքի վրայից, և ես հեռացա իմ ճանապարհով։

Նրա այս վերջին բարեհաճ ընդունելությունն ինձ այն համոզման բերեց, որ ամեն առավոտ ես նրան կհանդիպեմ նույն տեղում։ Եվ չսխալվեցի. չորրորդ առավոտյան նույն տեղումն էր։ Այս անգամ արդեն իրար հանդիպեցինք իբրև հին ծանոթներ։

Գիտե՞ք, երեկ մի բան էի ուզում խնդրել ձեզ, բայց չհամարձակվեցի, ասաց ժպտալով և կարմրեց։

Ի՞նչ։

Ուզում էի խնդրել, որ թույլ տաք ինձ գամ ձեզ հետ, տեսնելու, թե ինչպես եք որս անում։

Դրա համար թույլտվություն հարկավոր չէ, այլ պետք է ուղղակի վեր կենալ և գալ, ասացի։

Ուրեմն կարելի՞ է։

Իհարկե։

Ուրախացած վեր թռավ տեղից։

Եթե միայն չեք վախենում հրացանի ձայնից, հարկ համարեցի նախազգուշացնել։

Չէ, այն օրվանն ուրիշ էր, ծիծաղեց նա. խորասուզված կարդում էի, և հրացանի ձայնը հանկարծակիի բերեց։ Իսկ հիմա, որ տեսնեմ պիտի արձակեք, հեռու կփախչեմ, ականջներս կփակեմ, աչքերս կխփեմ ու չեմ վախենա։ Չեմ վախենա, չէ՞, հարցրեց երեխայի միամտությամբ։

Տեսնենք, կարճ պատասխանեցի ես ժպտալով։

Այս անգամ հետը մի թեթև շալ էր վերցրել, որպիսին գործ են ածում կանայք ամառանոցներում գլխարկի տեղ. գցեց գլխին ու գնացինք։ Գնում էինք քաղցր զրույցով։ Չիմացանք, թե ինչպես անտառը վերջացավ և դուրս եկանք ընդարձակ բաց դաշտը։ Մեր գնացած ճանապարհը հազիվ մի երկու վերստ լիներ, բայց նկատեցի, որ ոտներն արդեն դանդաղ է շարժում։

Ո՞րտեղ է լիճը, հարցրեց։

Այն սարը տեսնո՞ւմ եք, ասացի, ցույց տալով դիմացի բավական բարձր բլուրը. այն սարը պիտի բարձրանանք, իջնենք, մի այդքան էլ գնանք, որ նոր հասնենք լճին:

Ո՛ւհ, այդքան հեռո՞ւ է, ասաց ու կանգ առավ։

Ի՞նչ է, հոգնեցի՞ք, հարցրի:

Գլխով դրական շարժում արավ ժպտալով։

Հիմա ի՞նչ եք ուզում անենք, հարցրի, ճանապարհը շարունակե՞նք, թե...

Ես ետ կդառնամ, ասաց։

Շունս բավական առաջ էր վազել։ Շվացրի: Պոչը խաղացնելով և հաչելով ետ վազեց։

Դե դառնանք, ասացի։

Դուք է՞լ եք ետ դառնում, զարմացավ ուղեկցուհիս։

Բաս հո մենակ չե՞մ թողնի ձեզ. անտառում կարող եք մոլորվել։

Ոչ, չեմ մոլորվի, ասաց, այս անտառն ինձ լավ ծանոթ է։

Այդ միևնույն է, ասացի, իմ պարտքն է ձեզ ձեր տեղը հասցնել։

Հետո՞, հարցրեց։

Ետ կդառնամ։

Ետ կդառնա՞ք։

Ուզում եք, ետ չեմ դառնա։

Նկատելի կերպով կարմրեց։

Ես այդ չէի ուզում ասել, ասաց, այլ ուզում էի ասել, թե... մի՞թե չեք հոգնի։

Որսորդը որ հոգնելու մասին մտածի, երբեք որսի չի ելնի:

Այսպես խոսելով սկսեցինք ետ դառնալ: Շատ էր հոգնել։ Թևս առաջարկեցի։ Ընդունեց։ Շունս ամենալավ տրամադրության մեջ էր, առաջ էր ընկել, մերթ կորչում էր անտառի թփուտների մեջ, մերթ դուրս պրծնում, նայում մեզ ու նորից կորչում. անտառն աղմկում էր նրա հաչոցի ձայներից: Արևը բավական բարձրացել էր: Օդն անշարժ դրաթյան մեջ էր: Անտառը կանգնած էր լուռ ու խորհրդավոր: Բացատներում, տեղ-տեղ դեղնած խոտերի մեջ սվսվում էին մորեխները: Շուրջը մարդ չէր երևում։

Հանկարծ ուղեկցուհիս կանգ առավ, ձեռքը հանեց թևիս միջից և մատն ուղղեց դեպի ծառերից մեկի կատարը.

Տեսե՛ք, տեսե՛ք, այն ի՞նչ թռչուն է։

Հրացանս հանեցի ուսիցս և շվացրի շանս։ Ուղեկցուհիս փախավ մի քսան քայլ հեռու, կուչ եկավ մի ծառի տակ, գիրքը թևի տակ առավ, մատներով խցեց ականջները, աչքերը փակեց և մնաց անշարժ։ Նշան բռնեցի և արձակեցի: Ծառի տերևները խշխշացին, և թռչունը վայր ընկավ։ Շունս թռավ մի քանի ոստյունով և ատամների մեջ բռնած՝ բերեց մատույց ինձ իմ որսը։

Ուղեկցուհիս մոտ վազեց և բուռն հետաքրքրությամբ, որպիսին միայն երեխաների մեջ եմ տեսել, սկսեց դիտել սպանված թռչունը։

Ա՛խ, աղավնի՜ է, շշնջաց այնքան ցավագին, որ իմ մեղքն էլ եկավ։

Որսս տվի իրեն։ Երկու մատով բռնեց մի ոտից և սկսեց լավ դիտել։

Տեսեք, տեսե՛ք, ասաց, կրծքին կարմիր պուտ-պուտ... արյուն է, չէ՞, տե՛ր իմ աստված, ինչքա՜ն էլ սպիտակ է, ինչքա՜ն գեղեցիկ...

Երկար ժամանակ դիտում էր հուզված, ինչպես արդեն գիտակցության եկած մեծ, բարի երեխաները դիտում են մի ցավալի բան, հետո հառաչեց և տվեց ինձ։

Առա և շպրտեցի թփուտների մեջ։

Ինչո՞ւ դեն գցեցիք, նկատեց հանդիմանությամբ և խղճահարությամբ։

Բաս ինչի՞ս էր պետք, ասացի։

Ճանապարհը շարունակեցինք այս անգամ բոլորովին այլ տրամադրության մեջ։ Ուղեկցուհիս շատ էր տխրել և գրեթե այլևս չէր խոսում։ Նորից թևս առաջարկեցի, չընդունեց։ Սովորական կատակներս այլևս ոչ մի ժպիտ չէին բերում նրա դեմքին։ Քայլում էր լուսնոտի պես և մտախոհ հայացքը հառել էր անորոշ տարածության մեջ։

Հանկարծ կանգ առավ, նայեց ինձ և բացականչեց լացագին.

Գցեցե՛ք, գցեցե՛ք այդ հրացանը և խոսք տվեք, որ այլևս երբեք ոչ մի թռչուն չեք սպանի։

Զարմացած նայեցի նրա դեմքին։ Այդ դեմքն արտահայտում էր միաժամանակ և՛ զայրույթ, և՛ պաղատանք, և՛ մի բան, որ անուն չունի և որը դրսևորում է մարդու ամբողջ ներքինը այն բոլոր լավը, որ կա մարդ էակի հոգու խորքում։ Եվ ես, որ երբեք չեմ իմացել, թե ինչ բան է սենտիմենտալությունը, պահ մի այն աստիճան զգացվեցի, որ քիչ մնաց հրացանս առնեի և փշրեի հենց նրա աչքի առջև։

Խոսք եք ուզում, ահավասիկ, ասացի ամենայն անկեղծությամբ և ձեռքս վճռականորեն մեկնեցի նրան։

Նա վրա ընկավ և սեղմեց այնպիսի բուռն ուրախությամբ, որ աչքերի մեջ նույնիսկ արցունքներ փայլեցին։

Հիրավի, այդ օրվանից այլևս երբեք որսի չելա, բայց ոչ թե նրա համար, որ րոպեի ազդեցության տակ խոսք էի տվել, կամ երդմանը որևէ կարևորություն եմ տալիս, այլ այն պատճառով միայն, որ այդ օրվանից սկսեցի մշակել ինձ համար մի նոր աշխարհայացք. աշխարհիս երեսին ամեն բան թույլատրելի է, բացի սպանությունից, որովհետև ամեն մի վատ արարք կամ այն, ինչ որ վատ է անվանվում, պայմանական է և ուղղելի, և սպանությունն է միայն, որ ոչ մի պայման չի վերցնում և անուղղելի է։ Թույլը ավելի, քան ուժեղը, իրավունք ունի ապրելու աշխարհիս երեսին հենց այն պատճառով, որ թույլ է և անպաշտպան։

Այսքանը, ինչ որ պատմեցի, ռոմանի, այսպես ասած, բանաստեղծական նախերգանքն է։ Իսկ բուն ռոմանը, ինչպես ամեն մի ռոման, այնքան սովորական և պրոզայիկ մի բան է, որ չարժե մանրամասնությունների մեջ մտնել։ Բավական է ասեմ, որ մի-երկու շաբաթից հետո անձնատուր եղավ ինձ հենց նույն անտառում և նույն տեղում, ուր սպանեցի աղավնին։ Մինչև անձնատուր լինելը խրտնում էր այծի պես, իսկ անձնատուր լինելուց հետո կապվեց ինձ հետ շան պես։ Կանայք առհասարակ այդպես են. դեռ կվախենան, չեմուչում կանեն, բայց մեկ որ սահմանն անցան, էլ պրծնում չկա նրանց ձեռքից։ Օր չէր պատահի, որ երդում չառներ ինձնից, թե կամուսնանանք։ Երդվում էի, իհարկե, բայց նկատում էի, որ որքան շատ էի երդվում, այնքան քիչ էր հավատում։

Մեր տեսակցության տեղը միշտ անտառն էր։ Քաշվում էինք այնպիսի խորքեր, ուր մարդու ոտ չէր դիպչում։ Հենց որ տեսնում էր ինձ, սաստիկ ուրախացած ընկնում էր վզովս։ Բայց այդ ուրախությունը երկար չէր տևում, նրա դեմքը կամաց-կամաց ինչ-որ մտախոհ տխրության արտահայտություն էր ստանում, ինչպես այն ժամանակ, երբ սպանված աղավնին դեն շպրտեցի, էլ չէր խոսում, չէր նայում ինձ, նույնիսկ հեռացնում էր ձեռքերս, երբ ուզում էի գրկել իրանը։

Մի անգամ տարավ ինձ անտառի այն տեղը, ուր սպանեցի աղավնին, և սկսեց թփուտների մեջ որոնել։ Աղավնին ընկած էր այնտեղ փետուրները թափված, սևացած, որդերով ծածկված։ Նայեց և իսկույն ետ քաշվեց փշաքաղված։

Ինչո՞ւ սպանեցիր, ինչո՞ւ, դարձավ ինձ մեղմ կշտամբանքով։

Բայց ես միայն ծիծաղեցի նրա այդ աստիճան զգայնության վրա։

Որովհետև ինքդ ցույց տվիր, ասացի, և ուզում էիր տեսնել, թե ինչպես եմ որս անում։

Ա՛խ, թե որ գիտենայի... արտասանեց կերկերուն ձայնով, և մի ակնթարթում նրա աչքերը լցվեցին արտասուքի կաթիլներով: Տես ինչ է դառել այն սպիտակ, այն մաքուր, այն գեղեցիկ, անմեղ...

Փղձուկը թույլ չտվեց, որ վերջացնի։ Նստեց խոտի վրա, թաշկինակը պինդ հուպ տվեց աչքերին և սկսեց լալ: Եվ լալիս էր այնքան ուժգին, որ ուսերը վեր էին թռչում։

Մնացել էի ապուշ կտրած։ Պարզապես չէի հասկանում, թե ինչպես կարելի էր այդքան վշտանալ մի հասարակ թռչունի սպանության համար։ Եվ այժմ եմ միայն կռահում, որ նա աղավնու և իր միջև, թերևս անգիտակցաբար, մի նմանություն էր տեսնում և լալիս էր ոչ թե այն անմեղ թռչունի սպանությունը, այլ իր կուսության «սպանությունը»։

Այստեղ էլ պետք է վերջակետ դնեմ, որովհետև, շուտով բաժանվեցինք և այլևս չտեսանք իրար։ Իմ մեկնելուց հետո սկզբում բավական երկար ժամանակ նամակագրություն ունեինք իրար հետ, բայց հետո, չգիտեմ ինչպես, այդ նամակագրությունը քանի գնաց՝ նվազեց և վերջ ի վերջո դադարեց իսպառ: Կյանքն առավ ինձ իր հորձանուտ ալիքների մեջ և ժամանակը բերեց անխուսափելին մոռացումը:

5

Այդ գիշեր երկար սպասում էի Թուսյանին, բայց նա չէր երևում։ Արդեն հոգնել էի պարապելուց, և քունս տանում էր։ «Ավարա մարդ է, կարող է չգալ» վճռեցի ինքս ինձ և պատրաստվում էի պառկելու, երբ դռանս զանգակը հնչեց:

Ինքս գնացի դուռը բանալու, որ քնած ծառային նեղություն չտամ։ Բայց դուռը բանալուց հետո տեսա մարդ չկա: Դես նայեցի փողոցում, դեն նայեցի ոչ ոք չէր երևում: «Կատակի ժամանա՞կ է գտել հիմարը» մտածեցի ինքս ինձ, կարծելով թե իրեն հատուկ թեթևամտությամբ, զանգակը քաշելուց հետո, թաքնվել է մեր տան կողքին գտնվող նրբափողոցում։ Մի քանի րոպե սպասում էի այն ցրտին դռան շեմքին կանգնած ոչ ոք չկար ու չկար։ Հետո մտածեցի, որ կարող էր մի օտար մարդ լինել, որն սխալմամբ քաշել էր դռան զանգակը և, տեսնելով որ սխալվել է, հեռացել էր. վերադարձա, հանվեցի և պառկեցի։ Բայց շուտով քնել չկարողացա, որովհետև ականջս շարունակ ձենի էր: Շուռումուռ էի գալիս անկողնումս, տանջվելով քնիս խանգարումից, և մտքումս հայհոյում Թուսյանին։

Չգիտեմ որքան ժամանակ էր անցել, և սպասողական դրության մեջ երևի թե արդեն քուն էի մտել, երբ գիշերային լռության մեջ մի թրխկոց հանկարծ զարթեցրեց ինձ։ Աչքերս բաց արի. տեսնեմ՝ Թուսյանն է։ Լամպը, որ նրա համար վառ էի թողել, վերցրել և դուրս էր տանում։

Քնիր, քնիր, ասաց, ես ինքս կպատրաստեմ անկողինս։

Դուռն ո՞վ բաց արեց, հարցրի։

Ծառան։ Տնաշեններ, այդպես էլ խոր քնել կլինի՞։ Քիչ էր մնում դուռը կոտրատեի։

Հիմա ժամը քանի՞սն է։

Երեքից անց կլինի։

Զարմացա։ Կարծում էի, թե հինգ րոպե էլ չկար, որ քնել էի, մինչդեռ քնած եմ եղել երկու ժամից ավելի։

Ժամը մեկի մոտերքը հո չե՞ս եկել զանգակը քաշել, հարցրի։

Ե՞րբ, այս գիշե՞ր։

Հա։

Այդ երևի երազումդ ես տեսել, ասաց և լամպը ձեռին դուրս գնաց հարևան սենյակը։

Երկար ժամանակ փսփսում էր այնտեղ, հետո արագ քայլերով մտավ նորից կիսահանված և ոտաբոբիկ, լամպը դրեց գրասեղանի վրա և հարցրեց հետաքրքրությամբ.

Ասում ես ժամը մեկին եկել են զանգակը քաշե՞լ։

Հա։

Հետո՞, ո՞վ էր։

Կարծեցի դու ես, գնացի դուռը բաց արի, մարդ չկար։

Ի՞նչպես թե մարդ չկար։

Մարդ չլինելը ի՞նչպես կլինի։

Դուռը ինքդ բաց արի՞ր։

Ինքս անձամբ։

Եվ ոչ ոք չկա՞ր։

Ոչ ոք։

Թուսյանը կարճ ժամանակ նայում էր աչքերիս փորձող հայացքով։

Մարգարյան, եկ մի՛ խաղա ինձ հետ, ասաց իրեն ոչ հատուկ լրջությամբ։ Ասա ուղղակի, որ մի կին էր և ինձ էր հարցնում։

Զարմանալու և հետաքրքրվելու հերթն ինձ հասավ.

Ի՞նչ կին։

Թուսյանը չպատասխանեց, շարունակում էր նայել ինձ զարմացած։

Լավ, այդ ի՞նչպիսի բան է, որ եկել զանգդ քաշել են և միևնույն ժամանակ ոչ ոք չի եղել։ Սատանա հո չէ՞ր կարող լինել, որ աներևութանար, ասաց, ըստ երևույթին, դեռևս չհավատալով, որ ես ճշմարտությունն եմ ասում։

Երևի փողոցին անծանոթ օտար մարդ է եղել, ասացի, փոխանակ հարևանի զանգը քաշելու, սխալմամբ իմ զանգն է քաշել։

Այդպես հա՜։ Իսկ ես կարծեցի...

Ինչ-որ մտածելով, ծալապատիկ նստեց աթոռի վրա (ըստ երևույթին, բոբիկ ոտները մրսում էին մերկ հատակի վրա), հետո հանկարծ նայեց ինձ և ասաց.

Բաս չես հարցնում՝ ինչու այսօր չգնացի։

Երևի մի պատճառ կար, որ մնացել ես։

Մինչև անգամ երկու պատճառ, վրա բերեց Թուսյանը, առաջինն այն, որ առավոտյան, երբ իրարից բաժանվեցինք և ես հափուռ-չափուռ հավաքում էի, որ գնամ վագզալ, տեսնեմ գրպանումս կոպեկ չկա։ Մինչդեռ շատ լավ հիշում եմ, կլուբում տարած վաթսուն ռուբլուց մի քսան-քսանհինգ ռուբլի դրել էի ժիլետիս գրպանը, և այդ փողը գնաց առանձին կաբինետում, իսկ մնացածը դրել էի պինջակիս ծոցի գրպանը, և այդ փողն էր, որ հանգել էր։ Մտածել եմ կամ այն քածն է հանել, որի հետ քեֆ էի անում, կամ պարզապես ընկել է գրպանիցս։ Այսպիսով առավոտվա գնացքով գնալս չհաջողվեց։ Չուզեցի նորից քեզ դիմել և գնացի անմիջապես Սարումյանի մոտ ու մինչև մի քսան ռուբլի չպոկեցի, հանգիստ չտվի։ Գալիս էի տուն, որ չեմոդանս առնեմ գնամ վագզալ, վրա հասավ երկրորդ պատճառը... Քնեցի՞ր, Մարգարյան։

Չէ, քունս արդեն փախցրիր։

Լսիր, լսիր, շատ հետաքրքրական բան եմ պատմելու։ Նստեցի տրամվայ... Հա, ամենից առաջ հարցնեմ, գրվածքս կարդացի՞ր:

Կարդացի։

Եզրակացությո՞ւնդ։

Վատ չէ, կարելի է տպել։

Ես այդ չեմ հարցնում ։ Ուզում եմ ասել՝ հասկացա՞ր, որ բարեկամս, որի անունից անում եմ պատմությունը, այդ ես ինքս եմ։

Իհարկե, դա գրական մի որոշ ձև է։

Էլի չհասկացար։ Ուզում եմ ասել, որ պատմվածքիս հերոսը ես ինքս եմ, և ամբողջ պատմվածքն էլ զուտ իրողություն է։

Այդ ես չգիտեի։

Հապա, զուտ իրողություն իմ սեփական կյանքից: Հիմա լսիր։ Նստել եմ տրամվայ, գալիս եմ։ Սկզբում ուշադրություն չեմ դարձնում, թե ով է նստած շուրջս: Հետո պատահմունքով ետ եմ նայում և ի՞նչ տեսնում. ճիշտ իմ ետևի նստարանի վրա նստած է նա անտառի սիրուհիս։ Հետաքրքրական է, չէ՞։

Եթե միայն ֆանտազիա չէ կիսատ թողած պատմվածքդ շարունակելու համար, նկատեցի ես կեղծ անտարբերությամբ, բայց իսկապես շատ հետաքրքրված:

Թուսյանը մինչև անգամ ցած թռավ նստած տեղից։

Տո, ճիշտ եմ ասում, է՜, ինչ ֆանտազիա, բացականչեց նա։ Նա ինքը, իսկ և իսկ նա, սպանված աղավնին։ Ճանաչեցի առաջին իսկ հայացքից, որովհետև մեջտեղով քանի՜ տարի է անցել, ընդամենը չորս-հինգ տարի: Ինչպես երևում էր, ինձնից առաջ էր նստել, և ինձ էր նայում։ Աչքս աչքին որ չդիպավ, չիմացա ինչ պատահեց ինձ. կարծես մի քար վերցրին և գլխովս տվին։ Այսպիսի բան երբեք չէր պատահել ինձ։ Դե հիմա երևակայիր դրությունս. չեմ իմանում ինչ անեմ վեր կենամ փախչե՞մ, թե ուղղակի խոսակցություն սկսեմ։ Թե փախչում եմ խայտառակություն է դուրս գալիս, որովհետև գիտեի, որ հետո չպիտի ներեի ինձ այդ փոքրոգությունը. թե խոսակցություն եմ սկսում վագոնը լիքն է, վախենում եմ ուրիշ բան դուրս գա։ Եվ ի՞նչ պիտի ասեի, ի՞նչ կարող էի ասել։ Նստած եմ իշացածի պես և թեև ետ չեմ նայում, բայց զգում եմ, որ նրա հայացքը շեշտակի ուղղված է ինձ և կարծես այրում է ծոծրակս։ Այսպես բավական երկար տեղ գնալուց հետո շփոթմունքս մի քիչ որ անցավ, երևակայիր, հանկարծ մի տեսակ ուրախություն պատեց ինձ։ Ասեմ ինչու։ Որովհետև այն ժամանակ, երբ նամակագրությունս դադարեցրի և նրանից էլ այլևս ոչ մի նամակ չէի ստանում, երբեմն մտածում էի, թե չլինի որևէ բան բերած լինի իր գլխին, և այժմ անսպասելի կերպով ողջ ու առողջ էի տեսնում նրան։ Այդ ուրախության ազդեցության տակ նորից քյալլագյոզությունս բռնեց. վճռեցի, որ իջնի, ես էլ իջնեմ, և ինչ ուզում է՝ պատահի։ Այդպես էլ արի։ Վագոնը որ կանգնեց, իջավ։ Ես էլ իջա։ Սկսեց արագ քայլերով հեռանալ։ Հասա ետևից։ Կանգ առավ և... դե ինչ երկարացնեմ. բողոքներ, մեղադրանքներ, հանդիմանություններ այդ բոլորը եղավ, իհարկե, բայց, փառք ալլահին, ոչ լեզուս է պակաս, ոչ համարձակությունս, ոչ էլ փորձառությունս՝ կարողացա կամաց-կամաց մեղմել նրա վրդովմունքը, ասացի, թե ես մեղավոր չեմ, թե այդ բոլորը կատարվել է իմ կամքին հակառակ, թե ուսանողական անկարգություններին մասնակցելուս համար ինձ Սիբիր էին քշել, և ուրիշ այսպիսի ստեր։ Այս բոլորի հետ միասին երդում-կրակն ընկա, թե առաջվա պես սիրում եմ իրեն, ցավ հայտնեցի, որ ամուսնացել է (ինքն ասաց). բայց և այնպես, ասացի, այդ չի խանգարում, որ մեր նախկին հարաբերությունները շարունակենք։

Եվ ի՞նչ պատասխան ստացար։

Այդ էլ քեզ եմ թողնում որ գուշակես, ասաց Թուսյանը, լամպը վերցրեց և, բարի գիշեր մաղթելով, դուրս գնաց։

Երևի մի փառավոր ապտակ կերար, կանչեցի նրա ետևից։

Սխալվեցիր, թեև հոգեբան ես, բղավեց նա մյուս սենյակից։ Այդ ցույց է տալիս, որ դու կանանց հետ գործ չես ունեցել և կանանց չես ճանաչում։ Ճրագը հանգցնե՞մ, թե մնա։

Կարող ես հանգցնել։

Լույսի այն շերտը, որ ընկնում էր սենյակս հարևան սենյակի բաց դռնից, հանգավ։

Ապտակը գիտե՞ս ինչ տեսակ կանայք են տալիս, Մարգարյան, կանչեց Թուսյանը, ըստ երևույթին, արդեն անկողին մտած։ Ապտակն այն տեսակ կանայք են տալիս՝ որոնք ոչինչ չունեն կորցնելու։ Այ, օրինակ, փողոցում մոտենում ես մի հանրածանոթ թեթևաբարո կնոջ և առաջարկություն անում. թե որ քիթդ դուր չեկավ, մեկ էլ տեսար տարավ ու բերեց շրըխկ։ Դեռ գարադավոյ էլ կկանչի, որ ցույց տա, թե տեսեք՝ որքան նամուսով կին եմ։ Իսկ իսկական նամուսով կանայք, ընդհակառակն, այդպիսի դեպքերում կարմրում են, կարկամում և ամոթից քիչ է մնում գետինն անցնեն, որ մարդ չտեսնի, չիմանա։ Գրող մարդ ես, պետք է որ այս բաներն իմանաս, ավելացրեց նա հորանջելով։

Բայց և այնպես չասացիր, թե ինչ պատասխան ստացար, նկատեցի ես։

Համենայն դեպս ապտակ չստացա և չէի կարող ստանալ, որովհետև այսպես թե այնպես, իր անդրանիկ սիրո առարկան էի, իսկ անդրանիկ սերը կնոջ սրտում անջնջելի է, ինչքան էլ որ այդ սիրո առարկան անառակի մեկը լինի ինձ պես։

Ինձ փիլիսոփայություններ հարկավոր չեն, ինձ վերջն է հարկավոր, կանչեցի ես անհամբերությամբ։

Դե վերջն ինչ. վերջն ա՛յն, որ... հարցրեց որտեղ եմ ապրում։ Ես էլ տվի քո տան հասցեն։

Թե ի՞նչ։

Թե այն, երևի, որ կամ ինքը գա, կամ նամակով ռանդեու նշանակի որևէ տեղ։ Ես այդ մտքով էլ հասկացա նրան և դրա համար էլ վճռեցի առժամանակ հետաձգել գնալս։ Հիմա որ ասացիր եկել զանգդ քաշել են, մտածեցի, չլինի նա է եղել և վերջին րոպեին ամաչել փախել է։ Բայց այս էլ եմ մտածում, թե ի՞նչպես կհամարձակվեր գալ կեսգիշերին։

Ինչո՞ւ իր հասցեն չուզեցիր։

Չտվավ։

Ինչո՞ւ։

Դե հասկանալի է. ամուսին, ընտանիք, ո՞վ գիտե...

Թուսյանը նորից հորանջեց և երկար ժամանակ լուռ էր։

Բայց լսիր ինչ եմ ասում, հանկարծ կանչեց նա։ Թե որ, ով գիտե, վաղը, մյուս օրը գա և դու տանը լինես, հույս ունեմ այնքան փափկանկատ կգտնվես, որ մեզ մենակ կթողնես։ Իսկ այժմ բարի գիշեր, ես արդեն քնեցի։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Սպանված աղավնին"

Ятук Музыка
Вагаршапат
Комитас

Вагаршапат

Выслеживание безвинных голубей
Выслеживание безвинных голубей
Играть онлайн