Нар-Дос
Քնքուշ լարեր
Երեկոյան
Նույն օրը երեկոյան, երբ իշխանուհու կառքը եկավ նրան տանելու, նա խնդրեց Հարունյաններին, որ կառքով միասին գնան Մուշտաիդ զբոսանքի։ Հարունյաններն ուրախությամբ համաձայնեցան, բացի Արմենակից, որ հայտնեց, թե ինքը կարող չէ ընկերակցել նրանց, որովհետև շատ կարևոր գործ ունի յուր ընկերներից մեկի հետ և անկարող է հետաձգել։
Երեկոն գարնան վերջերի ամենասքանչելի երեկոներից մեկն էր։ Օրվա մեծ և անթիվ աշխատանքից խոնջած, վաստակաբեկ արևն յուր շողասպառ գլուխը թեքում էր դեպի հորիզոն։ Առավոտից մինչև այժմ թեթև կերպով ամպած երկինքը հետզհետե սկսում էր պարզվել և երևան հանել յուր կապուտակությունը։ Անթիվ, բեկբեկուն, փոքրիկ ու բարակ ամպի քուլեքը սփռված էին նրա վրա։ Մայր մտնող արևի վերջին թույլ ճառագայթները կողքից լուսավորում էին նրանց, որոնք մի կողմից փայլում էին կարմրախառն արծաթագունով, իսկ մյուս կողմից աղտոտ ջրի գույն ունեին։ Երկինքն յուր այդ գորշախայտ դիրքով նմանում էր մի խաղաղ լճի, որի մակերևույթն ամենահանդարտ կերպով ծփում է թեթև զեփյուռից, կազմելով միահար փոքրիկ փրփրալից ալիքներ, որոնք միմյանց ետևից անդադար առաջ են գլորվում դեպի եզրը և կորչում, չքանում են այնտեղ։
Իշխանուհու երկձի շքեղ կառքը, որի անիվների հեցերին ռետին էր շրջապատած, փափուկ, անլսելի կերպով սլանում էր Միքայելյան խճամած լայն փողոցով։ Լսվում էր միայն նժույգների ոտների միահավասար տրոփը։ Կառքը հողմի նման առաջ էր կտրում միմյանց ետևից շարված բազմաթիվ կառքերին, որոնք նույնպես կրում էին իրենց մեջ Մուշտաիդի մշտական այցելուներին։ Ամեն կողմից հարյուրավոր հետաքրքիր աչքեր հետևում էին իշխանուհու սրաթռիչ շքեղ կառքին, որի նմանը շատ չէ պատահում Թիֆլիսի փողոցներում։ Իշխանուհին և տիկին Հարունյանը նստած էին կառքի ետնակողմում, իսկ նրանց առաջ՝ մեջքը դեպի կառապանը դարձրած` նստած էր պարոն Հարունյանը: Կառքում դարձյալ ամենից շատ խոսում էր իշխանուհին։
Այդ միևնույն ժամանակ ինչ-որ ձիավոր նրանց ետևից արշավում էր դեպի նրանց կողմը։ Նրա հագուստն և նրա վրա եղած շողշողուն զարդարանքները ցույց էին տալիս, որ նա զինվորական էր։ Չնայելով, որ կառքը շատ արագ էր ընթանում, բայց նրա սպիտակ նժույգն էլ պակաս չէր արշավում նրա ետևից։ Մի քանի րոպեից հետո վերջապես նա հասավ կառքին և անցնելով այն կողմը, որ կողմը որ նստած էր իշխանուհին, գոռաց ֆրանսերեն լեզվով.
Պատիվ ունեմ ողջունելու մեծարգո իշխանուհի Մելիքյանին։
Ամենքը նրա կողմը նայեցին։
Պետրո՜վ... կանչեց զարմացմամբ իշխանուհին, տեսնելով կառքի կողքից արշավելիս ձիավորի մի տեսակ լրբությամբ ժպտացող դեմքը։ Մի ակնթարթում նրա դեմքի արտահայտությունը փոխվեց. նա, երևի ներքին զսպած կատաղությունից, դեղնեց և հոնքերը կիտեց, իսկ աչքերի կոպերն ու շրթունքներն աննկատելի կերպով դողացին։ Դուք Թիֆլիսո՞ւմ...
Ինչպես բարեհաճում եք տեսնել, իշխանուհի։ Ես հեռվից ձեզ տեսա և այնքան սրատես գտնվեցա, որ կարողացա ձեզ ճանաչել։
Ե՞րբ եք եկել, կարծես, ակամայից և մի տեսակ արհամարհական եղանակով հարցրեց իշխանուհին։
Այս երկրորդ օրն է... Ես չէի սպասում, որ բախտն ինձ այդպես շուտ կարող է հանդիպեցնել ձեզ հետ, և պետք է ասեմ, որ ես շատ ուրախացա, երբ հեռվից ձեզ նկատեցի...
Բայց ինչո՞ւ դուք Պետերբուրգը թողել եք։
Մի քանի գործերից ստիպված, իշխանուհի...
Եվ շա՞տ ժամանակ եք մտադիր այստեղ մնալու։
Նայելով գործերին... Սակայն ես մտադիր եմ այս ամառ Կովկասում անցկացնելու Պուշկինի և Լերմոնտովի սիրած ու փառաբանած աշխարհում։
Կառքը միշտ առաջ էր սլանում, իսկ նրան զուգակից Պետրովը՝ յուր նժույգ ձիով։ Հարունյանները հետաքրքրությամբ նայում էին իրենց այդ անկոչ ուղեկցին, որ, ըստ երևույթին, շատ չէր հետաքրքրվում, թե ովքեր են կառքի մեջ մյուս նստողներն և ձին զուգընթացաբար միշտ առաջ էր քշում կառքի հետ։
Դուք Մուշտաի՞դ եք շնորհ անում գնալ, հարցրեց նա։
Այո, պատասխանեց իշխանուհին։
Ուրեմն և ձեզ ուղեկցելու պատիվն եմ ունենում...
Վերջապես նրանք մտան Մուշտաիդի հաստաբուն ու բարձր ծառերի սաղարթախիտ ճյուղերով կազմված կամարի տակ։ Մուշտաիդը թիֆլիսեցիների համար նույնն է, ինչ որ զվարճասեր փարիզեցիների համար Բուլոնյան անտառը կամ Եղիսյան դաշտերը։
Յուրաքանչյուր գեղեցիկ երեկո, մանավանդ շաբաթ և կիրակի օրերն, այնտեղ կարելի է տեսնել հարյուրավոր կառքեր, որոնք միմյանց ետևից շարված՝ պտտում են Մուշտաիդի շուրջը։ Չունենալով մի ուրիշ ավելի հարմարավոր զբոսատեղի, Թիֆլիսի խայտաբղետ ժողովուրդն այդտեղ է վազում փոքր-ինչ ազատ օդ շնչելու և լսելու երաժշտություն։
Մի քանի շրջան անելուց հետո իշխանուհին կամեցավ իջնել և գնալ այգիի հրապարակը մի բան խմելու։ Կառքը կանգնեց։ Պարոն Հարունյանը բացեց կառքի դռնակը, ցած թռավ և մեկնեց ձեռքը, որպեսզի օգնե իշխանուհուն կառքից իջնելու։ Իշխանուհին տվավ նրան յուր փափուկ, սպիտակ ձեռքը և թեթև կերպով ցած թռավ կառքից։ Իջավ և տիկին Հարունյանը՝ նույնպես ամուսնու օգնությամբ։ Պետրովը (մենք այսուհետև ձիավորին այդպես կկոչենք), որ մի քայլ անգամ չէր հեռացել կառքից, նույնպես իջավ ձիուց, սանձը տվավ կառապանին և ուղղակի հայտնեց, որ կամենում է նրանց ընկերակցել։ Իշխանուհին, որին, ըստ երևույթին, շատ չէր դուր գալիս այդ աստիճանավորի ներկայությունը, ակամայից ստիպված էր ներկայացնել նրան Հարունյաններին։ Այնուհետև նրանք խոսելով անցան հրապարակն, ուր հարյուրավոր մարդիկ՝ ամեն դասակարգի, սեռի և հասակի՝ զբոսնում ու նստած էին։ Մեջտեղում նվագում էր զինվորական երաժշտությունը։ Նրանք նստեցին և խմելու մի բան պահանջեցին։
Պետրովի շարժումները, խոսակցության եղանակն իսկույն ցույց էին տալիս, որ աղմկալից կյանքն ու բարձր շրջաններն են եղել նրա դաստիարակիչը։ Զարմանալի ճարտարությամբ նա խոսում էր իշխանուհու և նոր ծանոթների հետ։ Նա խոսում էր երբեմն ռուսերեն, երբեմն ֆրանսերեն և մինչև անգամ անգլերեն։ Հենց առաջին հայացքից նա դուր չեկավ պարոն Հարունյանին։ Նրա կարճ հասակը, կլոր ու սափրած կարմիր դեմքը կարճ բեղերով ու ինքնավստահ, գրեթե լիրբ արտահայտությամբ, շեկ մազերն, փոքրիկ ու շարժուն խորամանկ աչքերն և փոքրիկ վեր քաշված քիթը, նրան մի տեսակ ատելի էին թվում։ Ինչո՞ւ։ «Ինչպես չենք կարող մենք առաջ բերել ուղիղ պատճառը, թե ինչու մեկը չէ սիրում խոզի բացված բերանը, մյուսը՝ կատվի պես անվնաս կենդանուն, երրորդը՝ ձայնը պարկապզուկի», ինչպես պատասխանում է Շեյլոկը, նույնպես և նա չէր հասկանում, թե ինչու այդ աստիճանավորը նրան ատելություն էր ներշնչում։ Իշխանուհին խոսում էր նրա հետ կարծես ակամայից և մի տեսակ եղանակով, որից իսկույն երևում էր, որ նրան ևս չէր դուր գալիս այդ շատախոս ռուս աստիճանավորը։ Հարունյանները չէին կարող չնկատել այն փոփոխությունը, որ ստացել էր իշխանուհին Պետրովին պատահելու րոպեից։ Նրանք ակամայից մտածեցին, որ այդ երկուսի մեջ ինչ-որ կա... Արդեն սկսում էր մթնել, երբ նրանք վեր կացան և ուղևորվեցին դեպի կառք։ Հարունյաններն ու իշխանուհին նստեցին կառքը, իսկ Պետրովը հեծավ յուր ձին և մի քանի անգամ դարձյալ շրջան անելուց հետո այգում, նրանք ճանապարհ ընկան դեպի տուն։ Կիսաճանապարհին Պետրովը բաժանվեց նրանցից, առաջուց խնդրելով իշխանուհուց նրա հասցեն։ Նրա հեռանալուց հետո տիկին Հարունյանը հարցրեց իշխանուհուց, թե նա՞ է այն աստիճանավորը, որի մասին խոսում էր այն օրն Արմենակը։
Այո՛, պատասխանեց միայն իշխանուհին։ Պարոն Հարունյանը կամենում էր հարցուփորձ անել իշխանուհուն այդ մարդի մասին, բայց լսելով այն եղանակը, որով նա արտասանեց «այո» բառը, նա տեսավ, որ իշխանուհին չէ սիրում նրա մասին երկար խոսել: Նա ոչինչ չհարցրեց՝ մտքումը դնելով, որ ամեն բան կիմանա Արմենակից, որին, ինչպես նա եզրակացրեց յուր կնոջ խոսքերից, հայտնի պիտի լիներ նրա ով լինելը և, գուցե, այն կապը, որ, ինչպես նա կասկածում էր իշխանուհու փոփոխությունից, կար նրա և վերջինիս մեջ։
Կառքը կանգնեց Հարունյանների տան առաջ։ Հարունյաններն իջան և խնդրեցին իշխանուհուց գիշերը միասին անցկացնելու կամ մի որևիցե զվարճության տեղ գնալու, բայց իշխանուհին, որից Պետրովի ազդած տրամադրությունը չէր հեռացել, հայտնեց յուր շնորհակալությունը, խնդրեց, որ վաղն իրեն այցելեն, որովհետև մենակ է ինքը, և կառքը քշել տվեց դեպի յուր տուն: