Нар-Дос

Բարերար և որդեգիր

Գ, Դ
Գ

Քառասնական թվականներին Թիֆլիսում ապրում էր մի բավական հարուստ մարդ Սաքո անունով։ Ժողովուրդը երբեմն մի կարգ մարդկանց գիտե հատկացնել այնպիսի ածականներ, որոնք ամենասրամիտ կերպով արտահայտում են նրանց թե ներքին, թե արտաքին հատկությունները իրենց լավ կամ վատ կողմերով։ Այդ դեպքում, ինչպես և ուրիշ շատ հայտնի դեպքերում, ժողովուրդն յուր ստեղծողական ընդունակությամբ միշտ գերազանցում է ամենատաղանդավոր բանաստեղծ-վիպասաններին, որոնք հազարավոր թե՛ գործածական և թե՛ ինքնաստեղծ բառերով անգամ չեն կարողանում ճիշտ պատկերացնել մեր երևակայության մեջ այդ միևնույն մարդկանց իրենց բոլոր հատկություններով։ Սաքոյին ժողովուրդը «ղայիմ» (պինդ) ածականն էր հատկացրել, նրա համար միայն, որ նա սաստիկ ժլատ էր։ Զարմանալի չէ, որ ժլատներն առհասարակ լինում են հարուստ, որովհետև ժլատությամբ միշտ կարելի է հարստանալ, ինչպես շռայլությամբ կարելի է աղքատանալ։ Ժլատի կյանքի պայմանները ամենքին հայտնի են. նրանք ահագին նեղություններով, հուզումներով, հոգեկան տանջանքներով փող են հավաքում, հարստություն դիզում առանց սակայն դրանից որևիցե բավականություն, ամենափոքր զվարճություն ստանալու. և ոչ միայն այդքան, նրանք իրենց արյուն-քրտինքի պտուղը թողնում են այնպիսի ժառանգների, որոնք վայելում են և ծաղրում նրան, նրա հիշատակը անիծում, հայհոյում։ Ղայիմ-Սաքոն, սակայն, գուցե հասնում էր բոլոր հայտնի թե անհայտնի հեղինակների նկարագրած ժլատներին, բայց ոչ երբեք Էրիստովի կոմեդիայում դուրս բերված այն հարուստ ժլատ հային, որը մեռած ժամանակն անգամ ժլատություն էր անում և որի վերա զվարճասեր վրացիներն այնքան սիրում են ծիծաղել և ընդնմին ծաղրել հային, որովհետև նրանք համոզված են, որ հայը, մանավանդ հարուստ հայը, միշտ ժլատ է, բայց չգիտեն, թե երբ է նա իսկապես ժլատ և երբ առատաձեռն... Աստված, երևի, խղճացել էր մեր ղայիմ֊Սաքոյի վերա, որ նրան որդիք չէր պարգևել, որովհետև ամենքին հայտնի է, թե որքան վտանգավոր է ժլատների համար որդիք ունենալը... Բայց զարմանալին այն է, որ ղայիմ-Սաքոն սրտով ցանկանում էր, եթե ոչ մի քանի, գոնե մի հատ որդի ունենալ. զարմանալի է ասում ենք, որովհետև ժլատները առհասարակ չունեն հայրական զգացմունք, ինչպես չունեն և ոչ մի ուրիշ լավ «ական» զգացմունք, բացի շահասիրականից..․ Սակայն ղայիմ֊Սաքոյինն իսկապես հայրական զգացմո՞ւնք էր, թե մի ուրիշ բան, որի տակ թաքնվում էր մի որևիցե նպատակ, իհարկե, հօգուտ յուր շահասիրության, այդ անկարելի էր ստույգ իմանալ, որովհետև ժլատները միշտ ծածկամիտ են լինում։ Այսպես թե այնպես, բայց նա միշտ տրտնջում էր յուր թանկագին կեսին, թե ինչի՞ նա նրան որդի ունենալու բավականությունից զրկել է։ Վերջին հանգամանքն էր, որ նա վերցրել էր յուր մոտ յուր որբ մնացած եղբոր որդուն Գրիգորին և պահում էր նրան իբրև որդեգիր։ Գրիգորն այդ ժամանակ քսան տարեկան, արդեն հասակն առած տղա էր, նրան յուր ծուլության, բթամտության և վատ վարքի համար վռնդել էին գիմնազիոնից։ Սակայն այստեղ պիտի նկատենք, որ ղայիմ-Սաքոն երբեք չէր վերցնիլ նրան յուր մոտ, եթե նա արմատապես չէր փոխիլ յուր բնավորությունը և ընդնմին չէր ծառայիլ յուր շահերին, և այդ պատճառով որդեգրելիս նա առաջարկեց նրան յուր պայմանները։ Գրիգորն ընդունեց, խոստանալով փոխել յուր բնավորությունը։ Բայց այդ միակ լոկ խոսք էր. երկու օր նա զսպեց իրեն, իսկ այնուհետև դարձյալ յուր էշը քշեց։ Ղայիմ-Սաքոն առանց այլևայլության նրան իսկույն ճանապարհ դրեց. բայց մոտ երկու շաբաթ կորած լինելուց հետո, նա դարձյալ հայտնվեցավ յուր հորեղբոր մոտ և «անառակ» որդու նման արտասուքը աչքերին գրկելով նրա ոտները, սկսեց ներումն հայցել և հազար ու մի երդումներով հավատացնել, որ «արմատապես» փոխել է յուր բնավորությունը։ Ղայիմ-Սաքոն շատ «չեմ ու չում» անելուց հետո վերջապես հիշեց «Գթառատ հորը» և ներեց նրան։ Գրիգորը շարունակեց նրա որդեգիրը լինել։ Եվ իրավ, որ նա զարմանալի կերպով փոխվել էր, առաջվա այն ծույլ, ցոփակյաց և անբարոյական սրիկան այժմ դարձել էր մի աշխատասեր և խնայող տղա, որն յուրաքանչյուր քայլափոխում մեծ հնազանդություն էր ցույց տալիս յուր բարերար հորեղբորը և, ըստ երևույթին, սիրով լսում էր նրա խրատները, որոնք, իհարկե, մեծ մասամբ վերաբերում էին շահասիրությանը և խնայողությանը, չասենք ժլատությանը։ Բայց եթե ղայիմ-Սաքոն ունենար բոլոր ժլատների բնավորությանը վերաբերյալ ընդհանուր հատկություններից մի նշանավոր հատկությունն էլ կասկածոտությունը այն ժամանակ նա կտեսներ կամ կնկատեր, որ յուր որդեգրի այդ զարմանալի փոփոխությունը միայն կեղծ դիմակ էր, ուրիշ ոչինչ։ Սակայն գուցե նա ուներ Էլ կասկածոտություն և գուցե չէր կարողանում թափանցել յուր որդեգրի դիմակի տակ, որովհետև այս վերջինս մեծ հմտությամբ էր ծածկվել այդ դիմակով այդ հայտնի չէ, հայտնի է միայն, որ ղայիմ-Սաքոն միշտ գովում էր նրան և յուր գայլի ավետարանը անպակաս էր անում նրա գլխից։ Այլապես անկարելի էր և անհավատալի, որ Գրիգորի նման մի անբարոյականացած տղան հանկարծ այնպես փոխվեր։ Բնավորությունը, մանավանդ անբարոյականացած բնավորությունը առանց մի որևիցե իրենից անկախ զորեղ հարվածի, ցնցումի երբեք չէր կարող փոխվել, իսկ Գրիգորի բնավորության փոխվելուն այդպիսի ոչ մի զորեղ միջոց չէր նպաստել։ Եթե ղայիմ-Սաքոն այդ հասկանալիս լիներ, չէր հավատալ յուր որդեգրի «արմատապես» փոխվելուն, այլ այդ կվերագրեր վերջինիս մի որևիցե խորամանկ մտադրությանը, որով նա, անշուշտ, կամենում էր հասնել յուր կանխատես նպատակներին, իսկ այդ նպատակներն իսկապես գոյություն ունեին որդեգիր Գրիգորի գլխում․․․ Բայց թե ի՞նչ նպատակներ էին դրանք այդ միայն աստծուն և իրեն Գրիգորին էր հայտնի։

-----

Ընդամենը երկու տարի էր անցել այն օրից, ինչ Գրիգորը որդեգիր էր մտել ղայիմ-Սաքոյի մոտ, երբ մի անգամ ճաշից հետո, վերջինս հանկարծ, առանց մի որևիցե հիվանդություն ունենալու, թողեց այս երկրավոր աշխարհը։ Ի՞նչն էր նրա այդ հանկարծակի մահվան պատճառը ո՛չ ոք չիմացավ։ Եթե այն ժամանակ այժմյան բժիշկ-անդամահատները լինեին, գուցե կտրատեին նրան իմանալու համար, թե ինչ արտասովոր բան էր կատարվել նրա ներսը, որը նրան այնպես հանկարծ կենազուրկ էր արել, բայց այն ժամանակվա բժիշկ֊անդամահատները, դժբախտաբար, այդ սովորությունն, այսինքն գիտությունը չունեին... այժմյան բժիշկ-անդամահատներն են միայն, որ մինչև անգամ զենքով սպանվածներին կտրատում են, որպեսզի իմանան, թե ինչով են նրանք մեռել... Եվ այդպես ղայիմ-Սաքոյի հանկարծակի մահվան պատճառը մնաց գաղտնի, ինչպես գաղտնի է ինքը գաղտնիքը։ Նրա մահից հետո չանցավ մի ամիս, երբ նրա թանկագին կեսն էլ նույն ճանապարհով հետևեց նրան․․․ Դարձյալ անթափանցելի գաղտնիք։ Սակայն շատերը այդ բացատրում էին նրանով, որ վերջինս չափից դուրս սիրելով յուր ղայիմ ամուսնուն, անկարող էր գտնվել տանելու նրա հավիտյան բացակայությունը և շտապել էր հետևել նրան վայելելու նրա հետ երկնային կյանքը։ Ուրիշ տեսակ բացատրություններ էլ կային, բայց դրանք միայն սոսկալի մեղադրանքներ կարող էին համարվել խեղճ, «արմատապես» փոխված Գրիգորի համար, որն այնքան մեծ դժբախտություն ունեցավ գրեթե մի անգամից զրկվելու յուր միակ խնամատարներից, չնայելով որ նրանց կոպեկ առ կոպեկ դիզած ահագին կարողության օրինական տերն ու ժառանգը դարձավ...

Այնուհետև նա սկսեց դարձյալ յուր առաջվա կյանքը, որից՝ շնորհիվ մասամբ յուր գաղտնի նպատակների, մասամբ ղայիմ-Սաքոյի՝ ամբողջ երկու տարի շարունակ զրկված էր մնացել։ Բայց այդտեղ նա փոքր-ինչ անզգույշ գտնվեցավ, որովհետև դրանով քիչ թե շատ մատնեց իրեն այն կասկածների մեջ, որ տանում էին նրա վերա ղայիմ-Սաքոյի և նրա կնոջ հանկարծակի մահվան համար։ Սակայն դրանք դարձյալ լոկ կասկածներ էին, ավելի ոչինչ, իսկ մերկ իրականությունը մինչև օրս էլ վարագուրված մնաց։ Անկարելի է նկարագրել այն բոլորը, ինչ որ անում էր հանգուցյալ ղայիմ-Սաքոյի «փոխված» որդեգիրը յուր ամբողջ երկու տարի շարունակ ծոմապահությունից հետո։ «Ծտի հետևից աբասիք էր ձգում», ժողովրդական այդ սրամիտ ասացվածն էլ բավական է գաղափար կազմելու նրա վարած շռայլ կյանքի մասին։ Բայց որպեսզի մի կողմից ապահովեցնե յուր ապագան, մյուս կողմից յուր դիրքը բարձր բռնել հասարակության աչքում, ղայիմ-Սաքոյից իրեն մնացած խանութը նա մի ահագին և հարուստ մագազինի փոխեց։ Այդ մագազինը նա վերջին ժամանակներում, շնորհիվ յուր կույր բախտի, մի այնպիսի կատարելության հասցրեց, որ շատերն սկսեցին նախանձել, իսկ նախանձի հետ թշնամանալ նրան։ Այդպիսի նախանձն ու թշնամությունը հատուկ է միայն վաճառականներին և մանավանդ այնպիսի վաճառականների, որոնք հոգով ու մարմնով անձնատուր են եղած իրենց պարապմունքին:

Այնուհետև ղայիմ֊Սաքոյի որդեգիրը դարձավ ոչ թե Գրիգոր, այլ աղա Գրիգոր Մոսեիչ։

Երեսուն տարուց նա այնքան էլ հեռու չէր, երբ ամուսնացավ մի տասնևութամյա շնորհագեղ, քնքշատիպ և շատ հեզաբարո օրիորդի հետ։ Սակայն պիտի ասած, որ նա ոչինչ պահանջ չէր զգում ամուսնության մեջ, ինչ տեսակետից էլ որ ուզում եք հասկացեք այդ պահանջը... Այլ նա ամուսնացավ նրա համար միայն, որ ուրիշները ամուսնանում էին, և աղայի համար ամուրի մնալն այնքան էլ լավ չէ, մի կողմը թողնելով այն, որ ամուսնությունը մի քանի հազար էլ ավելացրեց նրա հարստության գումարին։ Այդ ամուսնությունից նա ունեցավ երկու զավակ միայն մեկը տղա, մյուսը աղջիկ։ Նա դեպի յուր հարազատ զավակները ոչինչ սեր չէր տածում, ինչպես չէր տածում և դեպի յուր կինը․ աղա Գրիգոր Մոսեիչի նման մարդիկ ոչ կարող են հասկանալ փոքրիկ զավակների անմեղ թոթովանքը և ոչ մանկահասակ, գեղեցիկ կնոջ խանդաղատալից գրկի բոլոր պերճությունը, բոլոր երջանկությունը. դրա համար հարկավոր է ունենալ սիրտ յուր բոլոր գեղեցիկ զգացմունքներով և այն բոլորը, որոնք կոչվում են մարդկային արժանավորություններ, իսկ աղա Գրիգոր Մոսեիչը զուրկ էր այդ բոլորից։ Եվ զարմանալի է, որ զավակները հենց մանկությունից բնավ չէին սիրում նրան, նրանից սաստիկ երկյուղ էին կրում և միշտ փախուստ էին տալիս նրանից։ Իսկ հարկավո՞ր էր արդյոք ասել, թե կինն ինչ էր տածում դեպի նա։ Տիկին Գայանեն այնպիսի կիներից էր, որոնք երբեք չեն կարող սիրել մի տղամարդի, մինչև որ չճանաչեն և չհարգեն նրա, այսպես ասած, ներքին մարդը։ Ամուսնու այդ ներքին մարդը մեծ, շատ մեծ նշանակություն ունի այդպիսի կիների համար նա կարող է պատճառ լինել նրանց ողջ կյանքի կամ թշվառության կամ երջանկության։ Տիկին Գայանեն թշվառ էր և՛ այն կողմից, որ սիրում էր ուրիշին, մի աղքատ, բայց ազնիվ երիտասարդի, որի գրկից խլել էին նրան յուր հարուստ ծնողները և բռնի ամուսնացրել էին աղա Գրիգոր Մոսեիչի հետ։ Նա տգետ, շահասեր ծնողների բռնության զոհ էր, իսկ այդպիսի զոհերի այն ժամանակներում քիչ չէիք հանդիպիլ։ Չնայելով մինչև անգամ, որ ամուսինը նրա հետ շատ անգամ վարվում էր որպես աղախնի հետ, բայց նա միշտ հավատարիմ էր յուր ամուսնական պարտականություններին և երբե՛ք տրտունջ չէր հանում։ Նրա այդ հովբական համբերությունը ծով էր ներկայացնում։ Մի անգամ նրա սիրահարը, որին նա դարձյալ սիրում էր, առաջարկեց նրան փախչել միասին մի ուրիշ երկիր և ապրել այնտեղ, ապրել երջանիկ, հեռու տգիտության բռնություններից, հեռու մարդկանց անգթությունից. բայց նա յուր կանացի անհուն առաքինությունից, թե այն զգացմունքից, որ ինքն այդ ժամանակ շուտով մայր էր լինելու պատասխանեց նրան Պուշկինի Տատյանայի խոսքերով․

Ես ձեզ սիրում եմ,
Բայց ինձ, տեսնում եք, տվել են ուրիշին,
Ես նրան կմնամ ցմահ հավատարիմ։

Այդ օրից նա այլևս չտեսավ յուր թշվառ սիրահարին․ ո՞ւր գնաց նա, ինչ եղավ. արդյոք կարողացա՞վ նա դիմանալ, թե... Անբախտ կնոջ տանջանքը կրկնապատկվեցավ։ Միակ բանը, որ կապում էր նրան այս աշխարհի հետ և նրա անհուն վիշտը մոռացնել էր տալիս այդ նրա երկու սիրուն զավակներն էին, որոնց նա սիրում էր յուր մայրական բոլոր զգացմունքներով։ Նա գիտեր յուր ամուսնու գաղտնիքը, նրա մոլությունները, բայց այդ մասին երբե՛ք մի ակնարկ անգամ չէր անում նրան, չնայելով, որ այդ գաղտնիքը ամենաստոր կերպով շոշափում էր նրա ամուսնական պատիվը։ Նա իրեն յուր երկու զավակների հետ պահում էր այդ մարդու տանը, որպես օտար, որպես հյուր. օրեր, շաբաթներ էին անցնում, որ նա չէր խոսում, մինչև անգամ չէր տեսնվում այդ մարդու հետ։ Նրա համար բոլորը միևնույն էր, մինչև անգամ և այն, թե չար լեզուները ինչ էին խոսում նրանց և նրանց ընտանեկան հարաբերությունների մասին միայն թե նրան յուր սիրասուն զավակների հետ թողնեին հանգիստ։

Աղա Գրիգոր Մոսեիչի ամուսնանալուց հետո անցել էր ամբողջ քսանևմի տարի, երբ նրա ձեռքն ընկավ Բարսեղը։ Այդ մարդը պիտի լիներ նրա դաստիարակը։

Դ

Անցավ ութ տարի։

Կիրակնօրյա գեղեցիկ առավոտներից մինն էր։

Աղա Գրիգոր Մոսեիչի տան վերին հարկի գեղեցիկ կահավորված սենյակներից մինում՝ գրասեղանի առաջ նստած էր մոտ քսանևյոթ տարեկան մի երիտասարդ, որի գեղեցիկ և խելացի դեմքը արտահայտում էր չափից դուրս համեստ և բարի բնավորություն։ Ակնոցներն աչքերին՝ նա զբաղված էր մի ինչ-որ գրությամբ։ Նրա հետևը փափուկ գահավորակի վերա թեթև կերպով ետ ընկած՝ նստած էր մի օրիորդ ոչ ավելի, քան քսան տարեկան։ Նա այնքան նման էր գրող երիտասարդին, որ նայողն, առանց մի վայրկյան վարանելու, իսկույն կասեր, որ նրանք քույր ու եղբայր են։ Օրիորդը զբաղված էր ընթերցանությամբ։ Նրանք, իրավ, քույր ու եղբայր էին և աղա Գրիգոր Մոսեիչի հարազատ զավակները, որոնք իրենց մոր տիկին Գայանեի հետ բոլորովին առանձնացած էին ապրում իրենց հորից, չնայելով որ ապրում էին միևնույն հարկի տակ։ Եղբայրը, որի անունը Գարեգին էր, տեղական ծխական ուսումնարաններից մինում մի համեստ ռոճիկով ուսուցչության պաշտոն ուներ, իսկ քույրը՝ Իսկուհին, ավարտել էր տեղական հայ-օրիորդական ուսումնարաններից մինը և այժմ գտնվում էր տանը։

Երկար ժամանակ երկուսն էլ լուռ զբաղված էին իրենց գործերով, երբ հանկարծ դուռը բացվեցավ և շտապով ներս մտավ ոտից գլուխ սև հագնված մի երիտասարդ նույն հասակի, ինչ֊որ Գարեգինը, բայց տխուր դեմքով։ Նա Գարեգինի պաշտոնակիցն էր և ամենասրտակից ընկերը։

Ներեցեք ինձ, խոսեց նա շնչասպառ և դողդոջուն ձայնով, սեղմելով նախ քրոջ, ապա եղբոր ձեռքը, որոնք նրա հանկարծակի մտնելուն պես թողնելով իրենց պարապմունքը՝ զարմացած և լուռ նայում էին նրա տխուր դեմքին։ Ներեցեք ինձ, խնդրում եմ, ես ձեզ մոտ եկել եմ մի խրնդիրքով, որ եթե կատարեիք կամ գոնե աշխատեիք կատարել, ինձ շատ և շատ կպարտավորեցնեիք...

Ի՞նչ է պատահել, Սմբատ, զարմացած և անհամբերությամբ հարցրեց Գարեգինը։

Ես երբեք այդ խնդիրքով չէի գալ ձեզ մոտ, շարունակեց Սմբատը, եթե անհրաժեշտ կարիքն և սուղ ժամանակն ինձ չստիպեին, որովհետև ես գիտեմ, որ դուք շատ կարելի է անկարող կգտնվիք օգնելու ինձ. բայց այնուամենայնիվ ես դարձյալ...

Վերջապես, դու եկել ես այստեղ երկարաբանելո՞ւ, թե ասելու այն, ինչ որ քեզ պետք է, համբերությունից դուրս գալով ընդհատեց նրան Գարեգինը. ուղղակի ասա՝ ինչ ես ուզում։

Դու գիտես, սիրելի Գարեգին, սկսեց Սմբատը, որ իմ հայրս մեռավ առանց ինձ մի կոպեկ անգամ ժառանգություն թողնելու, բացի հազար ռուբլի պարտքից և այն տնից, որի մեջ այժմ բնակվում եմ ես մորս հետ։ Հորս մահից հետո անմիջապես պարտատերերը սկսեցին ինձ նեղել, որ պարտքը վճարեմ։ Ես խոսք տվի, որ այստեղից այնտեղից հավաքելով, մի կերպ կգումարեմ հազար ռուբլին և իրենց կտամ, բայց դժբախտաբար այդ ինձ ոչ մի կերպ չհաջողվեցավ... Ուսումնարանից ստացած ռոճիկս էլ բոլորովին ծախսվել էր մի մասը տան վերա, մյուսը՝ հորս թաղման վերա... Մնացել էի հուսահատ դրության մեջ, որովհետև պարտատերերը սպառնում էին ինձ հազար ռուբլու տեղ առնելու երեք հազար ռուբլի արժող տունը։ Երկար ժամանակ այս մասին ես չէի ուզում հայտնել և դիմել ձեզ, որովհետև գիտեի, որ դուք ևս անկարող կգտնվիք ինձ օգնելու, բայց վերջապես այսօր՝ ամեն տեղից հույսս կտրած՝ ես դարձյալ դիմում եմ ձեզ, անգին բարեկամներս, հուսալով, որ դուք, այնուամենայնիվ, մի կերպ կաշխատեք օգնել ինձ այս դրությունից դուրս գալու համար... ժամանակամիջոցից արդեն յոթ օր էլ անցել է, և եթե այսօր ես չկարողացա հազար ռուբլի ձեռք բերել և հորս պարտքը վճարել, վաղն արդեն առանց այլևայլության երեքհազարանոց տունը պիտի խլեն ձեռքիցս։ Անգին բարեկամներս, ճարեցեք այդ գումարը և ուզում եք տունը գրավ վերցրեք ես, իհարկե, այդ գումարն առանց հատուցելու չեմ թողնիլ... Գիտեմ, որ դուք այդքան գումար չեք կարող ունենալ, շտապով ավելացրեց նա, տեսնելով, որ քույր ու եղբայր ծանր լռություն են պահպանում. Այո՛, այդ գիտեմ, բայց ես առավել այն հույսով եկա ձեզ մոտ, որ դուք այդ գումարը կարող եք առնել․․․ ձեր հորից։

Մե՛ր հորից, կանչեց իսկույն Գարեգինը մի այնպիսի եղանակով, որ կարծես ասում էր՝ դրանից ավելի անկարելի բան չէ կարող լինել աշխարհիս երեսին։

Այո՛, ձեր հորից, նա կտա, եթե նրան կամ գրավ առաջարկեք տունը, կամ տոկոս, մինչև որ վճարեմ այդ գումարը։

Ի՞նչ․․․ կամ տունը գրավ առաջարկենք, կամ տոկո՞ս...

Այո... ի՞նչ է որ։

Երբ որ այդպես է, ավելի լավ կանես հենց հիմիկուց տունը պարտատերին տաս և քեզ համար հանգիստ նստես...

Ինչ ես ասում, Գարեգին...

Այո՜, շարունակեց նույն եղանակով Գարեգինը, այդպես թե՛ ավելի հանգիստ կլինես և թե ավելի աժան կպրծնես։

Ես քեզ չեմ հասկանում...

Շա՜տ հասկանալի է... Եղբայր, դու չե՞ս ճանաչում իմ հորը, դու չգիտե՞ս, թե ինչպիսի մարդ է նա... դու չե՞ս հասկանում, որ երեքհազարռուբլիանոց տունը հազար ռուբլի գրավ տալով նրան, միևնույն է, թե զրկվում ես այդ տնից, որովհետև, ախր, եղբայր, քո թշվառ ռոճիկով դու ե՞րբ պիտի վճարես ամբողջ հազար ռուբլին, որ տունդ թափես, հազար ռուբլին, երևակայո՞ւմ ես... դեռ ո՞ւր մնաց, որ հայրս քեզ վճարման ժամանակամիջոց կնշանակե այն պայմանով, որ եթե մինչև այդ ժամանակամիջոց պարտքդ վճարեցիր, խո վճարեցիր, իսկ եթե ոչ տունն իրենը լինի։ Թեկուզ հազար տարի նշանակե ժամանակամիջոց և եթե դու կաշվիցդ էլ դուրս գաս, դարձյալ չես կարող պարտքդ վճարել, չես կարող, ասում եմ... Իսկ եթե ուզում ես տոկոսով վերցնել այդ ավելի վատ, որովհետև նա քեզ այնպիսի սոսկալի տոկոսներ կնշանակե, որ հազար ռուբլու տեղ երեք-չորս հազար կվճարես, բայց դարձյալ հազար ռուբլի պարտքդ կմնա յուր տեղն անշարժ... է՜, եղբայր, դու դեռ չես ճանաչում վաշխառուներին, իսկ իմ հայրս նրանց պարագլուխն է...

Սմբատը կորագլուխ մնացել էր կանգնած գրասեղանի մոտ։ Այսպես կանգնում են նրանք, որոնք տեսնում են, որ իրենց վերջին հուսո մեջ էլ խաբված են եղել։ Սենյակում մի րոպե ծանր լռություն տիրեց։ Վերջապես Իսկուհին, որ բոլոր այդ ժամանակ մի ինչ-որ կարեկցող հայացքով նայում էր Սմբատի գունատ և տխուր դեմքին, ձեռքին բռնած գիրքը սեղանի վերա դրեց, վեր կացավ տեղից և մոտենալով եղբորն, ասաց.

Գարեգին, դու չափազանցնում ես մեր հոր բնավորությունը։ Նա այնքան էլ անպիտան և անգութ չէ կարող լինել, որպես դու ես կարծում․․․ Հիմա ի՞նչ անենք, այս պարոնը դիմել է մեզ, իբրև ամենամոտ բարեկամներին, որ մենք մի կերպ օգնենք իրեն և մենք պիտի օգնենք սրան ինչպես էլ որ լինի․․․ Ինչո՞ւ դու դեռ գործին չդիմած՝ այդպես ես խոսում․․․ Դու գնա մեր հոր մոտ և ուղղակի խնդրիր հազար ռուբլին, առանց հայտնելու, թե ում համար և ի՞նչ պայմաններով․․․ մի խոսքով՝ ուղղակի ասա, որ այդ գումարը քեզ համար ես ուզում։

Օ՜, այդ անկարելի է, այդ ես չեմ թողնիլ, զգացված կանչեց Սմբատը։

Անկարելի է, թե կարելի է, այդ դեռ կտեսնենք, մեղմորեն և քաղաքավարությամբ ասաց նրան Իսկուհին։

Դուք եկել եք միայն խնդրելու մեր օգնությունը, ուրիշ ոչինչ, դրանով պրծել է ձեր դերը։ Իսկ թե ինչպե՞ս, ի՞նչ միջոցներով պիտի օգնենք ձեզ և կարո՞ղ ենք արդյոք օգնել, այդ մեր գործն է արդեն։ Ձեզ մնում է միայն նստել և սպասել։ Խնդրեմ նստեք։

Օրիորդ․․․ ուզում էր խոսել Սմբատը, բայց Իսկուհին չթողեց նրան։

Խնդրեմ նստեք, կրկնեց նա նույն եղանակով։

Սմբատն ապուշի նման նայեց նրա լուրջ, քնքշագեղ դեմքին և մեքենայաբար նստեց գրասեղանի մոտ դրված աթոռի վերա։

Գարեգի՛ն, դարձավ օրիորդը եղբորը, վեր կաց գնա՛, խնդրիր մեր հորից, որ քեզ հարկավոր է հազար ռուբլի, միայն խնդրիր, ուրիշ ոչինչ... Ի՞նչ ես ինձ այդպես նայում։ Որովհետև ես ուզում եմ գտնել քո լուրջ դեմքի վերա այն գծերը, որոնցից կարողանամ հասկանալ, որ իսկապես դու կատակ ես անում...

Գարեգի՛ն, տաքացած խոսեց օրիորդը, մի՞թե կատակի ժամանակ է, որ այժմ կատակ անեմ...

Ախր, երևակայիր, որ հայրս ինձ այժմ հազար ռուբլի պիտի տա, հայր՝ որ մինչև հիմա մի ասեղ անգամ չի տվել աչքս կոխելու...

Ավելի լավ է, ասա՛ թե չես ուզում օգնել ընկերիդ մինչև անգամ այդ չնչին բանով․ առավել ևս տաքացած պատասխանեց օրիորդը։

Իսկուհի՛, լուրջ և վիրավորված եղանակով նկատեց Գարեգինը, եթե քո այդ չափից դուրս բարի և ազնիվ բնավորությունը շլիներ, ես քեզ երբե՛ք չէի ներիլ այդ խոսքերը... Այդ մի անգամն ասացիր, այլևս չասես։

Ապա ի՞նչ անեմ․ դու չես ուզում այստեղից միայն մի քանի քայլ անել դեպի հորդ սենյակը և նրանից հազար ռուբլի խնդրել... Ուզում ես, ես կգնամ։

Բայց դու գիտես, որ նա ինձ ոչինչ չի տալ։

Տե՛ր աստված․․․ այդպիսի մի խնդիրքով դու խո դեռ չե՞ս դիմել նրան։ Դու ի՞նչ գիտես, գուցե տալիս է․․․ Վերջապես, կտա՝ կտա, չի տալ՝ չի տալ դրանից խո ոչինչ չի վնասվիլ։ Ինչի՞ չփորձել մի բան, քանի որ դեռ չես փորձել։

Լավ․ ես այժմ կգնամ նրա մոտ, կխնդրեմ, և կտեսնենք՝ կտա՞ թե ոչ, ասաց Գարեգինը վճռականությամբ տեղից վեր կենալով։

Բայց, ի սեր աստծո, Գարեգին, ասաց Սմբատը, ասա, որ փողն ինձ համար ես ուզում և ասա՛, որ տոկոս կտամ, տունս գրավ կտամ...

Ո՛չ, Գարեգին, ասաց յուր կողմից Իսկուհին, կասես այնպես, ինչպես ես քեզ ասացի։ Կասես, որ փողը քեզ համար ես ուզում և միայն քեզ համար, ուրիշ ոչինչ։ Կխնդրես, ինչպես հարկն է և կխնդրես իբրև որդի, հասկանո՞ւմ ես։

Լա՛վ, լա՛վ, ես գիտեմ․․․ Եվ Գարեգինը դուրս գնաց սենյակից։

-----

Աղա Գրիգոր Մոսեիչի տունը բաղկացած էր երեք հարկից։ Ներքին հարկը տրված էր վարձով, միջին հարկում առանձնապես ապրում էր ինքն աղա Գրիգոր Մոսեիչը Բարսեղի հետ, իսկ վերին հարկը բռնած էին տիկ. Գայանեն, Գարեգինը և Իսկուհին։

Գարեգինը ոլորապտույտ սանդուղքներով իջավ դեպի միջին հարկը, անցավ երկար միջանցքով և կանգնեց աղա Գրիգոր Մոսեիչի մինի դռան առաջ։ Նա յուր ողջ կյանքի մեջ շատ քիչ անգամ էր մտել այդ սենյակները և առավել ևս քիչ էր խոսել աղա Գրիգոր Մոսեիչի հետ, այնպես որ նա այժմ վստահությամբ չէր պատրաստվում մտնելու վերջինիս մոտ, ինչ վստահությամբ որ պիտի մտներ որդին յուր հարազատ հոր մոտ, այլ այնպես, ինչպես օտարը՝ օտարի մոտ։ Դեռ մի րոպե անվճռական կերպով նա կանգնած էր դռան առաջ։ Նրա սիրտը թեթև կերպով տրոփում էր։ Վերջապես նա սիրտ առավ, բացեց դուռը և ներս մտավ։ Այն սենյակը ընդունարանն էր։ Փափուկ գորգերի վերա քայլելով, նա անցավ դահլիճն, իսկ դահլիճից՝ ուղղակի աղա Գրիգոր Մոսեիչի առանձնասենյակը:

Աղա Գրիգոր Մոսեիչը՝ խալաթը հագին՝ նստած էր գրասեղանի առաջ և ինչ-որ հաշիվներ էր անում։ Որդու մտնելուն պես նա յուր ահագին դեմքը դեպ նա դարձրեց և, ըստ երևույթին, շատ զարմացավ։ Գարեգինը թեթև կերպով գլուխ տվեց նրան և մի քանի վայրկյան ակամա լռությունից հետո, ասաց․

Հայր, ներեցեք ինձ, որ համարձակվում եմ այժմ այսպես հանկարծակի կերպով, առանց նախապես իմաց տալու, խանգարել ձեզ... Ես ձեզ մի խնդիրք ունեմ... առաջին անգամ իմ ողջ կյանքի մեջ ես համարձակվում եմ մի այսպիսի խնդիրքով դիմելու ձեզ, հայր, հուսալով, որ դուք այնքան բարի և մեծահոգի կգտնվեք, որ չեք մերժիլ իմ այդ առաջին խնդիրքը...

Ի՞նչ եք կամենում, բավական նկատելի կոպտությամբ և անհամբերությամբ հարցրեց աղա Գրիգոր Մոսեիչը, քամակը դեպի նա անելով։

Գարեգինը դեռ մի քանի վայրկյան, կարծես, չկարողացավ ձայն հանել։

Ես եկել եմ ձեզանից խնդրելու, հայր... հազար ոուբլի, վերջապես հազիվհազ կարողացավ արտասանել նա։

Այդ լսելուն պես՝ աղա Գրիգոր Մոսեիչը շուռ եկավ յուր աթոռի վերա շտապով և զարմացած դարձավ դեպի նա։

Հազա՜ր ռուբլի, երկարացրեց նա, խոր նայելով նրա դեմքին։

Այո, հայր...

Ի՞նչ բանի համար։

Հարկավոր է... շատ հարկավոր է...

Աղա Գրիգոր Մոսեիչն ավելի խոր նայեց նրա դեմքին։

Չունիմ, կտրական կերպով պատասխանեց նա և դարձյալ շուռ գալով, շարունակեց յուր ընդհատած հաշիվները։

Հա՛յր, ես չեմ ասում, թե այդ գումարն ինձ նվիրեցեք, այլ փոխ տվեք, որը մի ժամանակից հետո ես դարձյալ կդարձնեմ ձեզ...

Չունիմ, չունիմ, նույն կոպտությամբ պատասխանեց աղա Գրիգոր Մոսեիչը, առանց բարձրացնելու գլուխը հաշիվների վերայից։

Որդին մի րոպե լուռ հորը նայելով մնաց արձանացած, իսկ հայրը, կարծես մոռացել էր անգամ, որ յուր հետևում մարդ կա կանգնած։

Ուրեմն ներեցեք ինձ, հայր, որ իզուր տեղը ձեզ անհանգստություն պատճառեցի, վերջապես ասաց նա և դարձյալ թեթև գլուխ տալով նրան, առաջ անցավ դեպի դուռը։

Աղա Գրիգոր Մոսեիչը մի ինչ-որ մրթմրթաց յուր քթի տակիցը։

Որդին առանց ետ նայելու դուրս գնաց հոր առանձնասենյակից։

Բարձրանալով վերին հարկը և մտնելով քրոջ ու ընկերի մոտ, նա գտավ այնտեղ և մորը, տիկ. Գայանեին, որն առավոտյան եկեղեցի գնացած լինելով, նոր էր վերադարձել տուն։

Ինչպե՞ս եղավ, ամենից առաջ դիմավորեց նրան քույրը։

Ես քեզ որ ասում էի, թե նա ինձ մի գրոշ անգամ չի տալ, դու ինձ չէիր հավատում, պատասխանեց Գարեգինը, և դեռ ուզում էիր համոզել էլ, որ նա այն աստիճան անպիտան և անգութ չէ, որպես ես էի կարծում...

Ի՞նչ ասաց, է՜։

Ուղղակի ասաց չունիմ և դեմքը դարձրեց ինձանից։ Երևակայում եմ, թե ի՜նչ կաներ, եթե հայտնեի, որ այդ փողը ուրիշի համար է, և եթե ասեի, որ այդ ուրիշը պատրաստ է տոկոս վճարելու կամ յուր երեքհազարանոց տունը գրավ դնելու...

Եթե ես այստեղ լինեի, մի քայլ անգամ չէի թողնիլ քեզ անելու դեպի նրա սենյակը, ասաց տիկ. Գայանեն, որին Իսկուհին և Սմբատը արդեն ծանոթացրել էին գործի եղելության հետ։ Կարծես դու նրան նոր պիտի ճանաչեիր, որ գնում էիր նրանից հազար ռուբլի փող խնդրելու։

Ես չէի գնում, Իսկուհին ինձ ուղարկեց։

Ապա ի՞նչ անեի, մայրիկ, մեջ մտավ Իսկուհին, այս պարոնը շուտափույթ օգնության է կարոտ և դրա համար դիմել է մեզ...

Ա՜խ, եթե գիտենայի, թե ձեզ այդքան նեղություն կարող եմ պատճառել, ես երբե՛ք չէի գալ այստեղ, բավական ամոթահարված խոսեց Սմբատը, տեղից վեր կենալով։ Խնդրում եմ ներեցեք ինձ... Ի՞նչ անենք, այնքան էլ մեծ ցավ չէ... կյանքս խո չէ՞ գնալու, մի տուն է թող տանեն... առանց դրան էլ կարող եմ ապրել ու պահել մորս...

Ո՛չ, ձեր տունը, պարոն Սմբատ, ձեզ կմնա, ծանրությամբ ասաց տիկ. Գայանեն։ Խնդրեմ փոքր֊ինչ համբերություն ունեցեք և դարձյալ նստեցեք ձեր տեղը։

Եվ նա առանց շտապելու, յուր հանդարտ քայլերով դուրս գնաց դեպի մյուս սենյակը։

Սմբատը, Իսկուհին և Գարեգինը գրեթե մնացին ապշած։ Նրանք ոչ մի խոսք չկարողացան արտասանել մինչև որ երկու րոպեից հետո տիկ. Գայանեն դարձյալ ներս մտավ։

Նա մոտեցավ Սմբատին և տալով նրան մի ինչ֊որ հաստ ծրար, ասաց.

Գնացեք և բաժանեցեք ձեր պարտատերերին։

Սմբատը՝ բոլորովին ապուշ կտրած՝ մեկ նայեց ձեռքի ծրարին, մեկ նրան և մի քանի անգամ շուռ այդպես անելով, վերջապես ուզեց հայտնել յուր շնորհակալությունը, բայց տիկ. Գայանեն, նախքան նրա բերանը բանալը, հասկացավ, թե ինչ պիտի ասեր նա և այդ պատճառով չկամենալով ենթարկվել այդ տանջանքին (որովհետև նա այնքան բարի էր, որ բոլորովին չէր սիրում, երբ նրան մի որևիցե բանի համար սկսում էին շնորհակալություն հայտնել), շտապեց ասել ժպտալով․

Խնդրեմ, խնդրեմ․․․ առանց շնորհակալության, այդ փողը ձեզ չեմ նվիրում։

Եվ նա այս անգամ շտապով դուրս գնաց դարձյալ։ Իսկուհին, որ նոր հասկացավ, թե բանն ինչումն է, սաստիկ ուրախացավ և իսկույն վազելով նրա հետևից, բռնեց նրան մյուս սենյակում, գրկեց և ջերմ համբույրներով լցնելով նրա դեմքը, կանչեց․

Մայրի՛կ, մայրի՛կ, ես որ միշտ ասում եմ, թե դու շատ բարի ես, դու հրեշտակ ես ինձ չես հավատում․․․ Բայց ո՞վ տվավ քեզ այդքան գումարը։

Ի՞նչ ես հարցնում․․․

Ուզում եմ իմանալ։

Այդ գումարը իմ բերած օժիտի մի մասն է, որ հայրդ վերադարձրել է ինձ, մեզ հետ այլևս գործ չունենալու համար։

Այնինչ Սմբատը սաստիկ զգացված մոտեցավ Գարեգինին, որ մինչև այդ րոպեն նույնպես ապուշ կտրած՝ նայում էր մոր հետևից, առավ նրա ձեռքը, ջերմ կերպով սեղմեց նրան և ասաց․

Գարեգին, կհայտնես մորդ իմ շնորհակալությունը․․․

Եվ նա շտապով դուրս գնաց սենյակից։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Բարերար և որդեգիր"

Ятук Музыка
Колыбельная
Александр Спендиарян

Колыбельная

Грустное возвращение (никто не ждет)
Грустное возвращение (никто не ждет)
Играть онлайн