Мурацан

Խորհրդավոր միանձնուհի

2

Հունիս 3.

Մութը կոխել էր։ Լուսնի արծաթափայլ սկավառակը հուշիկ բարձրանում էր լեռների ետևից և աղոտ լույսով սար ու ձոր լուսավորում։ Շրջակա զառիվայրերը հետզհետե ծածկվում էին արոտից վերադարձող նախիրներով ու հոտերով։ Կովերի բառաչը, մաքիների մայունը, տավարածի հա-հո-ները և հովվական սրնգի մելամաղձիկ երգը, որ հնչում էր մթապատ ձորամիջում, խառնվելով միմյանց, մի հաճելի աններդաշնակություն էին կազմում։ Որքան մոտենում էինք գյուղին, այնքան աղմուկն ու շշուկը ավելանում էր։ Ն. գյուղը հասնելով՝ մենք իջանք տեղական քահանայի տանը։

Հայոց գյուղերում երկու տուն կա, ուր ճանապարհորդը վստահությամբ և առանց հարցուփորձի կարող է իջևանել։ Առաջինը՝ տանուտերի տունը, որ ավելի պաշտոնական մարդկանց է հյուրընկալում, երկրորդը քահանայի, ուր ամեն բարի հայ սիրով է ընդունվում։ Թեպետ հասարակ գյուղացին էլ յուր հյուրասիրությամբ ետ չէր մնում այդ երկուսից, այնուամենայնիվ, ճանապարհորդը միշտ չէ վստահում մոտենալ նրան զգուշանալով ավելորդ նեղություն պատճառելուց։

Երբ ներս մտանք քահանայի տան բակը, մեզ իսկույն դիմավորեց մի բարձրահասակ և բարեկազմ երիտասարդ, որ ուրախ ժպիտով մեզ ողջունելուց հետո, մոտեցավ ինձ օգնելու, որ ձիուց իջնեմ։ Ես, իհարկե, նեղություն չտվի նրան և իսկույն իջնելով, սեղմեցի ձեռքը, որ նա կանխավ ուղղել էր ինձ առանց սպասելու, որ ուղեկիցս հայտնե նրան իմ ով լինելը։

Դա, ինչպես հետո իմացա, քահանայի ամուսնացած որդին էր։

Երիտասարդի հրամանով մի ծառա սկսավ մեր ձիերը պտտեցնել, մինչև որ նրանց քրտինքը ցամաքեր և ապա ախոռը տաներ։ Իսկ մենք հյուրընկալի առաջնորդությամբ մտանք սրահը, ուր երիտասարդի ամուսինը մի ակնթարթում արդեն ընդարձակ թախտի վրա փռել էր մաքուր գորգ և վրան էլ օթոց։

Քահանան տանը չէր։ Իմ հարցին թե՝ ուր է նա, երիտասարդը պատասխանեց թե դեռ եկեղեցուց չէ վերադարձել։

Միթե այստեղ այդպես ուշ են սկսում ժամերգությունը, հարցրեցի ես։

Միայն շաբաթ երեկոները, որպեսզի հանդից վերադարձողը կկարողանա եկեղեցի գնալ։

«Գեղեցիկ կարգ է», մտածեցի ես և հենց պատրաստվում էի հարցնել թե՝ արդյոք հին սովորություն է դա, թե տեր-հայրն ինքն է սահմանել, մեկ էլ տեսա, որ վերջինս բակը մտավ։

Դա բարձրահասակ, առողջակազմ, ալեխառն մորուքով և քաղցրադեմ մի քահանա էր, որ առաջին վայրկյանից իսկ ախորժ տպավորություն արավ ինձ վրա։ Նրան տեսնելուն պես ես ոտքի ելա և առաջանալով, համաձայն գյուղի սովորության, աջը համբուրեցի։

Տեր-հայրը շատ սիրով ընդունեց ինձ և ձեռս բռնած բերավ իմ տեղը նստեցրեց։ Շուտով մենք ծանոթացանք միմյանց։ Ես իմ ով, որտեղից լինելը և ինչ նպատակով իրենց գյուղը գալս հայտնեցի, իսկ ինքը, մանրամասն տեղեկություններով, ծանոթացրեց ինձ յուր անձին ու ընտանիքին։

Տեր-Հովսեփ հայրը, ինչպես ինքն ասաց, հիսունևվեց տարեկան էր և քահանայի որդի։ Ձեռնադրված էր 1850 թվականին Գևորգ եպիսկոպոս Վեհապետյանից։ Մարիամ տիրուհին 8 տարով իրենից փոքր էր և նույնպես քաջառողջ մի կին, որ տեր-հոր գալուց հետո միայն եկավ և բարևեց ինձ։ Նրանք ունեին երկու որդի, որոնցից մեծը, Սարգիս անունով, մեզ ծանոթ երիտասարդն էր և 28 տարեկան լինելով՝ արդեն ամուսնացած և մի տղայի էլ տեր էր։ Հարսի անունը Հերիքնազ էր, որ տեր-հոր հրամանով եկավ ինձ բարևելու և, գյուղական սովորության համաձայն, կամենում էր ձեռս համբուրել, բայց ես թույլ չտվի և միայն բարեկամաբար ձեռը սեղմեցի։ Գեղեցիկ էր թե ոչ, չիմացա, որովհետև երեսն ամբողջապես ծածկված էր չարղաթով թեպետ տեղական սովորության համաձայն, իբրև երեխա ունեցող կին, նա իրավունք ուներ արդեն երեսը կիսով չափ բանալու։ Տեր-հայրը գովում էր, որ նա ժրագլուխ և աշխատասեր կին է։ Քահանայի կրտսեր որդին, Հակոբը, 25 տարեկան էր։ Նրան նոր էին նշանել, այդ պատճառով էլ այդ օրը տանը չերևաց, որովհետև մերձակա գյուղը՝ աներոջ տունն էր գնացել։

Տիրուհին ամենից առաջ շտապեց մեզ համար պատրաստել թեյ, որ վաստակած ճանապարհորդի համար ամենադուրեկան ըմպելիքն է լինում։ Եռացրեց նույնպես նոր կթած կաթ և դրա հետ միասին բերավ նոր թխած գաթա, որն, յուր ասելով, նորահարսի համար այդ օրը պատրաստած և ղրկած «պաշարից» էր։

Մենք վայելում էինք տիրուհու պատրաստած բարիքը և շարունակ խոսում։ Տեր-հայրը խիստ հետաքրքրում էր ինձ յուր խոսակցությամբ և հայտնած կարծիքներով։ Դրանցից մի քանիսը լսելուց հետո, ես եկա այն եզրակացության, որ նա գռեհիկ քահանաների թվին չէ պատկանում։ Իբրև գյուղական քահանա, նա մինչև անգամ ավելի բան գիտեր, քան սպասելի էր։ Ինձ շատ զարմացրեց մանավանդ այն, որ նույնիսկ օրվա խնդրի մասին որ այդ ժամանակ կաթողիկոսական ընտրությունն էր, նա նորություններ գիտեր և հայտնում էր բանավոր կարծիքներ։ Նա ծանոթ էր ոչ միայն Ներսես պատրիարքի, Խրիմյան Հայրիկի և Մելիքսիդեկ սրբազանի անուններին, այլև նրանց գործերին, անձնական արժանիքներին և կենսագրությանը։ Նա հարցնում էր ինձանից նաև բացատրություններ՝ նկատմամբ լրագրական այնպիսի ակնարկությունների, որոնք յուր ուշադրությունից չէին վրիպել։ Իմ տարակուսանքն, իհարկե, փարատվեց, երբ իմացա, որ տեր-հայրը ստանում է Թիֆլիսում հրատարակվող հայոց թերթերը, հասկանալի է որ լրագիրը շատ բան կսովորեցներ նրան։ Բայց և այնպես այդ մեկուսացած լեռների մեջ այդպիսի մի քահանա գտնելն ինձ համար մի հաճելի անակնկալ էր։

Ինչպես տեսնում եք, մենք բոլորովին կտրված չենք աշխարհից, ասում էր տեր-հայրը, օրհնվի լրագիր հնարողը, այս հեռու անկյունում, ուր տարիներով քաղաքացու երես չենք տեսնում, մեր միակ մխիթարությունը լրագիրներն են։ Այնքան անձկությամբ ենք սպասում նրանց, որ եթե որոշյալ ժամանակից ուշանում են, իսկույն ձի եմ նստում և նրանց ետևից, կես օրվա ճանապարհ մինչև վանքը գնում։ Քաղաքից կոնսիստորը վանահոր անվամբ է ղրկում թերթերը, իսկ հայր-սուրբը շատ անգամ ուշադիր չէ լինում ժամանակին հասցնելու։

Իմ հարցին թե՝ այդ լրագիրներից միայն ինքը տեր-հայրն է օգտվում, թե ժողովրդին էլ մասն է հանում, նա պատասխանեց,

Ինքս է, շատ տարի չէ, ինչ սկսել եմ լրագիր կարդալ։ Օրհնվի մեր կույսը, նա վաղուց էր թերթ ստանում և հաճախ կարդում ինձ մոտ, աշխատելով սիրելի անել ինձ յուր կարդացածները։ Եվ իրավ, մի տարուց հետո, ես այնքան սիրեցի լրագիրը, որ կարևոր համարեցի ինքս ստանալ և անձամբ կարդալ, որպեսզի կույսին միշտ նեղություն չպատճառեմ։ Փառք աստուծո, ես նյութապես ապահով եմ և հեշտությամբ էլ վճարում եմ լրագրի գինը։ Երբ լրագիր կարդալն ու հասկանալը ինձ համար հեշտացավ, մեր կույսը խորհուրդ տվավ ինձ հետաքրքրական և հեշտ հասկանալի կտորները կարդալ և հասկացնել նաև իմ ժողովրդին։ Ես հետևեցի նրա խորհրդին և մի կիրակի, ճաշից հետո, երբ գյուղի գլխավորները հավաքվել էին ինձ մոտ, կարդացի նրանց առաջ լրագրի մի քանի կտորներ և բացատրեցի։ Այդ նորությունն այնքան դուր եկավ նրանց, որ այդ օրից սկսած ամեն կիրակի, ճաշից հետո հավաքվում է մեր բակը բազմաթիվ ժողովուրդ և սիրով լսում է իմ ընթերցումն ու բացատրությունները։

Տեր-հոր հաղորդածները ինձ համար հաճելի նորություններ էին։ Այդպիսի քահանայի հովվության հանձնված գյուղում, անկարելի էր, որ նաև դպրոց չլիներ։ Ուստի ցանկացա իմանալ ունին թե ոչ։

Ինչպես չէ և ինչ հրաշալի դպրոց, բացականչեց տեր-հայրը հպարտությամբ, եթե տեսնեք, կհավանեք։ Օրհնվի մեր կույսը, նա է հիմնողը, ինքն էլ կառավարում է։

Այս քանիերորդ անգամն էր, որ «կույսի» անունը լսում էի տեր-հորից, ուստի հետաքրքրվեցա իմանալ, թե ով է այդ կույսը, արդյոք վարժուհի է, թե որևէ անապատի հավատավոր կին։

Այդ կույսը քույր-Աննան է, մի՞թե չեք ճանաչում, հարցրեց ինձ տեր-հայրը։

Ոչ, չեմ ճանաչում, պատասխանեցի ես։

Ամբողջ Սյունիքը ճանաչում է մեր կույսին, ամենքին հայտնի է նրա անունը, այդ ինչպես է, որ դուք չեք ճանաչում։

Այդպես է, տեր-հայր, չեմ ճանաչում, անունն անգամ չեմ լսել։

Ճշմարի՞տ եք ասում, հարցրեց քահանան զարմանալով։

Իհարկե, ճշմարիտ, ի՞նչպես կարող եմ ստել, նկատեցի ես։

Տեր-հայրը սկսավ մտածել, հետո ինքն իրեն մի քանի բառ շշնջաց և ապա դառնալով ինձ, շարունակեց.

Իրավունք ունիք, որդի, մեր այս կորած անկյունից ով է ձեզ համար լուր բերում։ Ասենք թե՝ շատ էլ բերին, ինչ նշանակություն ունին ձեզ համար գյուղի նորությունները։ Քույր-Աննան և նրա գործերը մեր՝ գյուղացիներիս աչքումն են մեծ բաներ երևում, ապա թե ոչ, դուք այնքան նշանավոր մարդիկ ու գործեր ունիք, որ մեր հսկաները թզուկներ կերևան ձեզ։

Ասենք այդտեղ սխալվում եք. մենք ո՛չ նշանավոր մարդիկ ունենք, ո՛չ նշանավոր գործեր։ Բայց թողնենք այդ հարցը։ Կարող եք կույս-Աննայի ով լինելն ինձ հայտնել։

Ինչպես չէ, ասացի, որ նա մեր գյուղական դպրոցի հիմնադիրն է և կառավարողը, այժմ ավելացնեմ, որ դասատուն էլ ինքն է։ Նա մի բարի, ազնիվ և առաքինի կին է. ուղիղ տասնևինը տարի է, որ գտնվում է մեր գյուղում։ Իմ ձեռնադրությունից վեց տարի հետո եկավ այստեղ։ Այդ ժամանակ ո՛վ գիտեր, թե ի՞նչ բան է գյուղական կանոնավոր դպրոցը։ Ես էի մի քանի տղաներ գլխիս հավաքել և լավ-վատ կարդացնում էի։ Բայց երբ կույս-Աննան եկավ, նա յուր ծախքով և, իհարկե, նաև մեր օգնությամբ, շինեց դպրոցական տուն, որ անշուշտ կտեսնեք։ Նա հավաքեց յուր մոտ թե տղա, և թե աղջիկ երեխաներ և սկսավ կարդացնել։ Այժմ մեր գյուղում քիչ երիտասարդ կա, որ հայերեն գրել-կարդալ չիմանա։ Այս րոպեին էլ դպրոցը մոտ հարյուր հիսուն աշակերտ և աշակերտուհի ունի ժողովված թե՛ մեր և թե՛ շրջակա գյուղերից։ Դրանք բոլորն էլ կարդում են ձրիաբար։ Եվ դեռ պետք է գիտենալ, թե կույսի դպրոցը որքան գրագետներ է տվել մեր գավառին այսքան տարվա ընթացքում։ Ճշմարիտն ասած, այդ կույսը մեր բարեբարուհին է, մենք բոլորս պաշտում ենք նրան։ Իմ ու տանուտերի խոսքից ավելի նրա խոսքն ունի արժեք գյուղացու համար, բոլորը նրան լսում են ինչպես իրենց իմաստուն մորը։ Եվ ի պատիվ նրա, պետք է ասել, որ մոր նման էլ խնամք է տանում գյուղացիների վրա, օգնում է կարոտյալին, այցելում է հիվանդին, պաշտպանում է այրիներին, անզոր որբուկներին, ես ո՞ր մեկն ասեմ։ Սկսած այն օրից, որ կույսը մեր գյուղումն է, գրեթե ոչ մի տան, կամ ընտանիքում խռովություն, կամ դժգոհություն չէ պատահել։ Հենց որ լսում է, թե մի տեղ անհամաձայնություն, վեճ կամ կռիվ կա, իսկույն դիմում է այնտեղ և խաղաղության հրեշտակի պես ամենքին հաշտեցնում, երբեմն խրատելով, երբեմն հանդիմանելով, բայց շատ անգամ էլ քաղցրությամբ համոզելով։ Իսկ ով համարձակվում է քույր-Աննային ընդդիմանալ կամ նրա խրատներն արհամարհել, նրա հետ այլևս ոչ ոք չէ խոսում, մինչև որ վերջինս համոզվելով թողություն չէ խնդրում։ Մեր գյուղական գործերի մեջ նույնպես քույր-Աննան օգնում է մեզ յուր իմաստուն խորհուրդներով և առհասարակ այն գործը, որ նրա ցույց տված ճանապարհովն ենք սկսել և շարունակել՝ միշտ հաջողությամբ է պսակվել։ Բացի այս, դուք մեզ մոտ կտեսնեք գեղեցիկ կարգեր ու սովորություններ, որոնք մյուս գյուղերում չկան, դրանք բոլորը նույնպես քույր-Աննային ենք պարտական։ Միով բանիվ, այդ կույսը մեր բարերարը և խնամակալուհին է, որին, կխնդրեմ աստծուն, պարգևել երկար կյանք և առողջություն։

Տեր-հոր պատմածները վերին աստիճանի գրգռեցին իմ հետաքրքրությունը։

Բայց ո՞վ է վերջապես, այդ կինը, որտեղացի է, որի աղջիկն է, որտեղ է սովորել, հարցրեցի ես շտապով։

Նա միանձնուհի է, պատասխանեց քահանան միամտաբար։

Բայց ո՞րտեղից, ո՞ր կուսանոցից։

Տեր-հայրը մնաց կանգնած։ Նա չէր կարողանում որոշ պատասխան տալ, ուստի մի փոքր մտածելուց հետո, ասաց,

Ճշմարիտը խոստովանած, չգիտեմ։

Բայց միթե այսքան տարիների ընթացքում երբեք չհետաքրքրվեցիք իմանալ թե՝ ո՞րտեղից է նա լույս ընկել այս լեռների մեջ։

Ի՞նչ մեղքս ծածկեմ, չեմ հարցրել, այսքանը միայն գիտեմ, որ նա միանձնուհի է և գալով մեր գյուղը, հավանել է նրան և վճռել ապրել այստեղ և օգտավետ լինել մեզ։

Իսկ նա հասակավո՞ր է, թե՝ երիտասարդ։ Նրա տարիքը քառասունից ավելի է։

Ուրեմն այդքա՞ն միայն գիտեք նրա մասին։

Այո՛, միայն այսքան։

Այժմ ես տեսա, որ տեր-Հովսեփս ինքնիրեն բուսած մի ծառ չէ, այլ անշուշտ, այդ խորհրդավոր կնոջ ստեղծագործածն է։ Տեր հոր այն խոստովանությունը, թե այդքան տարիների ընթացքում չէ հետաքրքրվել այդ կնոջ ով լինելն իմանալու, ինձ անկեղծ էր թվում, ուստի նրա վարկը որոշ չափով նվազեցավ իմ աչքում, որովհետև այդպիսի մի անտարբերությունը հանցանքի չափ ծանր էր թվում իմ աչքում։ Բայց հետո մտածեցի, թե գուցե այդ կինը ինքն է փախուստ տվել քահանայի հետաքրքրությունից, առիթ չտալով նրան այդպիսի հարցերի դիմելու։ Թեպետ այն էլ գիտեի, որ հեշտ չէր գյուղում այսքան տարի ապրել և ազատ մնալ գյուղացիների հարցասիրությունից։ Սակայն բոլոր այս մտածություններն ուղեղս լարելուց զատ ուրիշ մի եզրակացության չէին բերում։ Մնում էր, որ ինքս ծանոթանայի այդ կնոջը և նրա ով և ինչ անձնավորություն լինելը ստուգեի անձամբ։

Ե՞րբ կարող եք ծանոթացնել ինձ ձեր միանձնուհուն, հարցրի տեր-հորը։

Երբ կամենաք, ասաց նա, վաղը կյուրակե է, ես պատարագ ունիմ. կգաք եկեղեցի, ներկա կլինիք պատարագին, և երբ ժամերգությունը կավարտի, ես ձեզ կծանոթացնեմ նրան։

Շատ լավ, ասացի ես և որովհետև ընթրիքն արդեն պատրաստ էր, ուստի շուտով սեղան նստանք։

Տեր-հայրը բոլոր ջանքը գործ էր դնում ամենալավ կերպով ինձ հյուրասիրելու։ Եվ թեպետ յուր գինին արժանիքով ստոր էր տանուտեր Ակոբի գինուց, այսուամենայնիվ մենք նրանով էլ մի քանի կենաց բաժակներ դատարկեցինք։

Տեր-հոր հյուրասենյակում ինձ համար քնելու տեղ պատրաստեցին ուր և առանձնացա խաղաղության հրեշտակին հանձնվելու համար։

Հունիս 4.

Չնայած որ ամբողջ նախընթաց օրը ճանապարհորդել էի, այսուամենայնիվ, երեկ շատ վաղ զարթեցա, գյուղը, կարծես ինքն է զարթեցնում քեզ։ Մարդ այստեղ ամաչում է, եթե չասենք ափսոսում առավոտյան զով ժամերը քնին նվիրելու։ Երբ դուրս եկա բակը, արշալույսը դեռ նոր էր շառագունում, բայց տեր-հայրն արդեն գնում էր եկեղեցի։

Մի՞թե այսքան վաղ պիտի սկսեք ժամերգությունը, հարցրի ես։

Դեռ սաղմոս պիտի քաղեմ, դուք կարող եք կես ժամով ուշ գալ, պատասխանեց նա։

Ես որովհետև եկեղեցում երկար կանգնել չէի կարողանում, ուստի որոշեցի օգուտ քաղել ժամանակից և բարձրանալով գյուղի վերնակողմը՝ նրա ընդհանուր շրջապատը տեսնել, որպեսզի հավաստիանամ թե որքան հարմար ամառանոց եմ ընտրել։

Բակի մի անկյունում տիրուհին և յուր հարսը կթում էին կովերը, որպեսզի նախիրը արոտ ուղարկեն։ Սարգիսը մոտ կանգնած օգնում էր նրանց առաջ բերելով կովերը։ Որպեսզի նորից տանից դուրս չգայի, մոտեցա նրանց և մի բաժակ կաթ խնդրեցի։ Հերիքնազն իսկույն վայր դրեց կովկիթը և վազելով տուն՝ բերավ մի մեծ բաժակ և յուր ձեռքով կթելով կաթը նրա մեջ, տվավ ամուսնուն և վերջինս ինձ։ Ես ախորժանոք դատարկեցի անուշահամ ընպելիքը և խընդրեցի երկրորդը, որը նույն հոգածությամբ դարձյալ լցվեցավ և նույն ճանապարհով հանձնվեցավ ինձ։ Իմ նախաճաշը վերջացել էր, որի համար շնորհակալություն անելով հարցրի Սարգսից գյուղի վերին կողմերն անցնելու ճանապարհը և հեռացա։

Ես գնում էի մանվածապատ, նեղ և զառիվեր փողոցներով, որոնցից շատերը կազմում էին պարտեզների շրջապատ ցանկերը։ Ուրախ էի, որ ոչ մի տեղ շներ չպատահեցին՝ իրենց աղմուկով ինձ ուղեկցելու համար։ Երբ գյուղի վերին ծայրը հասա, արևի առաջին ճառագայթներն ընկան մոտիկ բլրի վրա, որ ծածկված էր գեղեցիկ անտառակով։ Հասնելով այդ բլրին, սկսա նրա վերին կողմից դիտել գյուղը և նրա շրջապատը։

Ն. գյուղը, որ զուտ հայաբնակ է, գտնվում էր մի գեղեցկադիր և արեգընդդեմ լեռնալանջի վրա, որի շարունակությունը դեպի լեռը ծածկված էր ամբողջապես անտառով։ Գյուղի դիրքը մասամբ սարահարթ և մասամբ զառիվայր էր։ Տները, որոնց թիվը երկու հարյուրից ավելի պիտի լինեին, շինված էին խառն ի խուռն և, մեծ մասամբ, ետևի կողմից գետնին հավասար։ Գետնի մակերևույթից բարձր տներ, առանձնապես, գտնվում էին գյուղի այն մասում, որի դիրքը սարահարթ էր։ Գյուղը, ըստ ամենայնի, նման էր մյուս բոլոր հայաբնակ գյուղերին, միայն այն առավելությամբ, որ այստեղ ամեն տուն ուներ յուր մեծ կամ փոքր պարտեզը և սարերից իջնող ջրերն այնքան էին առատ, որ գրեթե ամեն տուն առու ուներ յուր բակում։ Գյուղի վերջին ծայրում՝, մի կանաչազարդ բարձրավանդակի վրա, կառուցած էր եկեղեցին, որ հեռվից բավական կոկիկ և գեղեցիկ էր երևում։ Նրա մոտ կար միահարկ, բայց ընդարձակ և սիրուն ծառերով շրջապատված մի ուրիշ շինություն, որ անշուշտ ուսումնարանը պիտի լիներ։ Գյուղի ընդհանուր պատկերն առաջին անգամ ինձ վրա ախորժ տպավորություն արավ։ Սակայն ավելի գեղեցիկ էին նրա շրջակա տեսարանները։ Գյուղի առաջ ընկած էր ընդարձակ և անտառախիտ խորաձոր, որի միջից խոխոջալով անցնում էր մի գետակ։ Նրանից այն կողմը, ինչպես և գյուղի ետևից, բարձրանում էին վիթխարի լեռներ, փառահեղ գագաթներով, որոնցից մի քանիսի վրա դեռ նշմարվում էին հին դարերում ապրող սյունեցիների զորության ու մեծագործության հետքերը կիսավեր բերդերի մնացորդներ։ Գյուղի աջ կողմից սկսվում էր մի հովտաձև սարահարթ, որ գնալով լայնանում ու դաշտանում էր և որի վրա տարածվում էր գյուղացիների արտերը։

Այս բոլորը տեսնելուց և զննելուց հետո ես կամաց-կամաց իջա գյուղը` բռնելով այնպիսի ուղղություն, որ ինձ պիտի տաներ դեպի եկեղեցին։

Զարմանալի շարժում էր տիրում այդ ժամանակ գյուղի փողոցներում։ Կարծես բնակիչները մի հրաշք տեսնելու, կամ հրդեհ հանգցնելու համար էին շտապում։ Կին, տղամարդ, ծեր և երիտասարդ աճապարում էին դեպի եկեղեցին, նրանք գնում էին աղոթելու։

Այս տեսարանը որքան ուրախացնում, նույնքան և զարմացնում էր ինձ և այդ զարմանքը կրկնապատկվեց, երբ ուրիշների հետ ես ևս եկեղեցին հասնելով՝ տեսա այդտեղ հավաքված ժողովրդի բազմությունը։ Ես հայոց շատ գյուղերում էի եղել, բայց ոչ մի տեղ ժողովրդի մեջ այսքան ջերմեռանդութուն չէի նկատել։ Սա ինձ հիշեցնում էր Կովկասի գերմանական մի գաղթավայր, ուր հաճախ գտնվել և միշտ հիացել էի գերման ժողովրդի եկեղեցասիրության վրա և տխրել, որ մեր գյուղերում, ընդհակառակը, ժողովուրդն օրըստօրե սառչում է եկեղեցուց, առանց սակայն մի ուրիշ հոգեշահ գործի մոտենալու։

Գրեթե զոռով ներս մտա եկեղեցին և զոռով էլ առաջ անցա, որովհետև խռնված բազմությունն յուր միջից անցնելու ճանապարհ չէր թողել։

Եկեղեցում, ամենից առաջ, ուշադրությունս գրավողը բազմախումբ դպիրների երգեցողությունն էր, որին ես երբեք չէի սպասում։ Ավելի հառաջանալով՝ ավելի ևս զարմացա, տեսնելով, որ մոտ 20 հոգուց բաղկացած խմբի մեջ, տղաների հետ միասին կանգնած էին և հասակակից աղջիկներ, որոնց բոլորին դպրապետություն էր անում բարձրահասակ, գլուխը սև շղարշով փաթաթած և մթագույն շապիկ հագած մի կույս, հար և նման մեր կուսանոցի միանձնուհիներին։

Իսկույն հիշեցի տեր-Հովսեփի կույս-Աննան և չերկմտեցի, որ իմ առաջ կանգնած դպրապետուհին նա ինքն է։ Բայց նախքան կույսի անձով հետաքրքրվելս, իմ լսելիքը գրավեց սրբասացության խորհրդավոր երգը, որ նա հրաշալի ձայնով սկսավ երգել։ Բայց ինչ երգ, ինչ ձայն էր այն։ Ոչ մի եկեղեցում նմանը չէի լսած։ Մի քանի րոպե ինձ այնպես թվաց, թե հնչող ձայնը ոչ թե մարդկային կրծքից, այլ մի կախարդական սրնգից, կամ երգեհոնի միջից բխում, այնքան հնչեղ և, միևնույն ժամանակ, գողտրիկ ու ախորժալուր էր նա։ Երգչուհու ձայնը, նայելով երգի աստիճաններին, գնալով զորանում ու զվարթանում էր, եկեղեցու կամարները կարծես ձայնակցում էին նրա դյութական հնչյուններով։ Ես հիացա, հափշտակվեցա և գյուղական եկեղեցում գտնվելս մոռացա։ Ես ամբողջապես լսելիք էի դարձել, նույնն էր և ժողովուրդը. ոչ ձայն, ոչ շշուկ, բոլորն էլ հափշտակված լսում էին հրաշալի մեղեդին և ջերմեռանդությամբ աղոթում։ Եվ որքան սեր, որքան հավատ այդ ծնկաչոք և ձեռնամբարձ պաղատողների մեջ... չգիտեմ ինչպես, ես էլ արդեն չոքել էի խոնավ գետնի վրա (որ ուրիշ տեղ չէի անում) և գյուղացիների հետ միասին աղոթում էի։ Եվ իմ երիտասարդական կյանքի մեջ դա առաջին ջերմեռանդ աղոթքն էր։ Շուտով խումբն էլ սկսավ դաշնակցիլ դպրապետուհուն։ Երգեցողությունը հորդոր, բայց ներդաշնակ կերպարանք առավ։ Այս բոլորը լսում էի հրճվախառն հիացմունքով և զգում, որ այդ գյուղական եկեղեցում կատարյալ քրիստոնյա եմ դարձել նման այն բարեպաշտ քրիստոնյաներին, որոնք ապրում էին այդ սրբազան կրոնի հալածանքների դարերում, երբ իշխանն ու ստրուկը, տիկինն ու աղախինը, միևնույն մթին գետնափորում, միասին պաշտում և աղոթում էին քրիստոնեության հիմնադրին և միևնույն սեղանի վրա՝ հաղորդվում նրա կենարար մարմնին և արյանը։

Քաղաքի եկեղեցիներում, խոստովանում եմ, խորշում էի փոքր ի շատե գծուծ հագնված մի մարդու մոտ կանգնելուց, վախենալով շորերս կեղտոտել... Բայց այստեղ, օհ, ինչպիսի սիրով ողջունեցի ես մի աղքատ, կորաքամակ և կոշտ հագուստներով ծերուկ գյուղացու, երբ սարկավագի «Ողջույն տուք միմյեանց ի համբոյր սրբութեան...» խոսքերը լսեցի։ Ես պատրաստ էի իմ ողջույնի հետ միասին նույնիսկ համբուրել ծերուկին... Ինչ հեղափոխություն էր այս, որ կատարվում էր իմ մեջ. չգիտեի։ Ուր էին այն թերահավատ մտածմունքները, որոնք ճնշում էին ուղեղս մեր եկեղեցիներում. չկային, անհետացել էին։ Արդյոք հրաշալի երգչուհու և նրա խմբի ներդաշնակ ու ոգևորող երգեցողոությունը չէր իմ մեջ կատարվող այս հեղափոխության պատճառը։

Ամենամեծ հաճությամբ լսեցի պատարագի մնացորդ երգեցողությունը, շարունակ հիանալով դպրապետուհու դյութական ձայնի վրա։ Սակայն քանիցս փորձ փորձեցի տեսնել նաև նրա դեմքը, բայց այդ չհաջողվեց ինձ, որովհետև նա յուր դեմքը ոչ մի կողմ չէր դարձնում, իսկ իմ կանգնած տեղից առաջ գնալ չէի կարող։ Բոլոր ժողովուրդը սպասեց մինչև վերջին «օրհնեալ եղերուք»-ը, ես ևս նրանց հետ, առանց մի վայրկյան ձանձրանալու։

Դուրս գալով եկեղեցուց, սկսա նրա շուրջը պտտել և ապա ուսումնարանի կողմն անցա, բայց աչքս միշտ եկեղեցու դռանը, որպեսզի կույսի ելնելը տեսնեի։

Եկեղեցին թեպետ հնաշեն ու պարզ, բայց բավական ընդարձակ էր, սպիտակ ներկած թե դրսից և թե ներսից։ Եկեղեցու ներքին զարդարանքն այնքան էր, որքան մի գյուղական եկեղեցի կարող էր ունենալ առանց ժողովրդին ավելորդ ծախքի ենթարկելու։ Նա ուներ նաև մի փոքրիկ զանգակատուն՝ երկու հին զանգակներով և մի երկաթե սևացած խաչով։ Իսկ ուսումնարանը՝ երեք ընդարձակ և լուսավոր և երկու էլ փոքրիկ սենյակներից բաղկացած մի տուն էր, նույնպես ընդարձակ և լայնադիր պատշգամով։ Ուսումնարանի չորս կողմը տնկված էին մի քանի կարգ գեղեցիկ ծառեր, որոնք ամբողջ շենքի շուրջը կազմում էին կանոնավոր ծառուղիներ։ Ընդհանրապես, թե եկեղեցու և թե դպրոցի շուրջը գտնվող ծառերից ազատ տեղերը ծածկված էին կանաչ ածուներով և ծաղիկների թփերով, որոնց բոլորի վրա երևում էր, որ հսկում է մի հոգատար ձեռք։ Այո բոլորը, սակայն, մի հայ դյուզի վերաբերմամբ այնքան անբնական, կամ, գոնե, անսպաս բաներ էին, որ ես ինձ զգում էի մի ինչ-որ անհասկանալի դրության մեջ և անհանգիստ սպասում՝ այդ դրությունը ստեղծող հանելուկների լուծման։

Դեռ զբոսնում էի եկեղեցու բակում, երբ տեր-հայրն ու կույս-Աննան եկեղեցուց դուրս գալով ուղղվեցան դեպի ինձ։ Ես ևս իմ կողմից առաջացա դեպի նրանց։

Բայց, աստված իմ, այս կինը ինձ հանդիպող հանելուկների մեծագույնն էր։ Այս ետ ընկած հայ գյուղում, այս վայրենի լեռներում դիմում էր դեպի ինձ Կոմոլետտիի «քույր-Թերեզան»։ Նույն գեղեցիկ հասակը, նույն սիգաճեմ գնացքը, նույն ազնվական տիպարը, որ ես թատրոնի բեմի վրա, կուսանոցի պատերում քույր-Թերեզայի մեջ էի տեսել, այդ բոլորը ճշտությամբ գտնում էի այստեղ ինձ մոտեցող կնոջ մեջ։ Կարո՞ղ էի միթե զարմանքս չափավորել և ապուշի կերպարանք չառնել։

Իմ բախտից ժամավոր կանանցից մինը, հենց ճանապարհի կիսում, կանգնեցրեց երկուսին և ինչ որ բան էր հարցնում, կամ հաղորդում նրանց։ Ես ժամանակ ունեցա զգաստանալու և, մինչև անգամ, խոսելու նյութ ընտրելու։ Երբ իրար մոտեցանք, ողջունեցի տեր-հորը և կույս-Աննային ասելով.

Այսօր ես այստեղ երկու խիստ ուրախացնող անակնկալների հանդիպեցա. առաջին ձեր եկեղեցու հրաշալի երգեցողությունը, որի նմանը, խոստովանում եմ, լսած չէի ոչ մի տեղ և երկրորդ՝ այս գեղեցիկ դպրոցական շենքին, որի գոյությունն այսպիսի մի հեռավոր գյուղում չէի կարող երևակայել։

Այդ բոլորը, ահա՛, մենք այս քրոջն ենք պարտական նրան պետք է շնորհակալ լինել։ Այս ասելով տեր-հայրը ծանոթացրեց ինձ կույս-Աննային, հայտնելով իմ ով, որտեղացի լինելս և ինչ նպատակով իրենց գյուղն այցելելս։

Շատ ուրախ եմ, որ երկար պիտի վայելենք ձեր ընկերակցությունը, ասաց միանձնուհին, վաղուց է քաղաքացի հյուր չենք ունեցել։ Իսկ այս գյուղն, ավելացրեց նա, առողջարար է, կարող եք հուսալ, որ կատարյալ առողջություն կգտնեք։

Ուրախ կլինիմ, եթե ձեր գուշակությունը կատարվի, ասացի, բայց եթե չկատարվի էլ դարձյալ ես գոհ եմ, որ այս գյուղն այցելելով, ձեզ ու ձեր գեղեցիկ գործերին ծանոթացա, այս արդեն մեծ բախտ եմ համարում ինձ համար։

Ձեր խոսքերը պետք է ընդունեմ իբրև խրախուսանք, ապա թե ոչ ես այդքան էլ գովության արժանի գործեր չունիմ, նկատեց կույսը ժպտալով, իմ կողմից կցանկանամ, որ մեր լեռները ձեզ պարգևեն կատարյալ առողջություն, որովհետև առանց դրան մարդն անկարող է, նույնիսկ, բարին ու գեղեցիկը տեսնել, կամ սիրել։

Անշուշտ, անշուշտ, դուք ինձանից ավելի կառողջանաք, մեր գյուղը թշնամի է ամեն տեսակ տկարության, հարեց տեր-հայրը։

Այսպես խոսելով մենք առաջ անցանք։ Այժմ միջոց ունեի միանձնուհուն դիտելու։

Չնայելով տարիքին, որ, տեր-հոր ասելով, քառասունից ավելի էր, այդ կինը տակավին մի կատարյալ գեղեցկուհի էր. նա ուներ բարձր ու բարեկազմ հասակ, որ մի առանձին շուք ու վեհություն էր տալիս նրա տխուր հանդերձին, գեղեցիկ ու սեգ գլուխ, որ սքողված էր միանձնուհու սևաթույր շղարշով, գողտրիկ ազնվական դեմք, ուր կարծես վարդագույնը թալկանում էր սպիտակ մարմարիոնի վրա և մեծ-մեծ, սևորակ աչեր, որոնց մեջ վառվում էր մի դյութող կրակ անբաժան, սակայն, սրբազան կայծերից։ Երկայնատեգ արտևանունքներ եզերում էին նրա այդ լուսո լիճերը և գեղակամար հոնքերը հովանավորում նրանց, նուրբ, ողորկ քիթը և փոքրիկ սիրուն բերանը հազիվ գունավոր շրթունքներով լրացնում էին նրա կլասիկական գեղեցկությունը։ Միայն մի անուշ տխրություն մեղմում էր նրա աչքերի կրակը և նվազեցնում դեմքի դյութական աշխույժը։ Սակայն դրանց փոխարեն՝ նրա թափանցող հայացքի մեջ փայլում էր խելք և առաքինություն իսկ դեմքի վրա ազնվական վեհություն։

Առաջին վայրկենից իսկ այդ կինը մի հզոր պատկառանք ազդեց ինձ վրա, և ես, չգիտեմ ինչու, սկսա ճնշվել նրա առաջ և չգիտեի թե ուրիշ ինչ նյութի վրա խոսեմ։ Նա ինքն էլ կարծես զգալով յուր՝ ինձ վրա արած ազդեցությունը, սկսավ շարունակել խոսակցությունը, հարցնելով ինձանից տեղեկություններ մեր քաղաքի, նրա ուսումնարանների և ազգային մի քանի հարցերի մասին, որոնք այդ ժամանակ առօրյա էին։ Ես գիտցածս հաղորդում էի նրան։

Երբ այսպես խոսակցելով գյուղամեջը հասանք, միանձնուհին ներողություն խնդրեց, որ մեզ պիտի թողնե, մոտիկ մի հիվանդի այցելելու համար։ Տեր-հայրն առաջարկեց գալ մեզ մոտ ճաշելու, բայց նա հրաժարվեց, առարկելով թե՝ այդ խոստումն արած է ուրիշին։

Ես, իհարկե, շատ ցավեցի, որովհետև ցանկանում էի խոսել նրա հետ երկար։ Բայց երբ իմ ցավը հայտնեցի տեր-հորը, նա ասաց.

Հոգ չէ. էլի կտեսնվինք, նա հաճախ գալիս է մեր տունը։ Իսկ այժմ երևի անկարող էր ընդունել իմ խնդիրը, որ մերժեց։ Երբ քույր Աննան ասում է մի խոսք, այդ խոսքը պետք է ընդունել այնպես, ինչպես որ լսում եք, որովհետև նրա այոն այո է և ոչն ո՛չ։

Հասանք քահանայի տունը, ուր ճաշի սեղանը պատրաստած՝ սպասում էին մեզ։

Այստեղ ծանոթացա տեր-հոր կրտսեր որդուն Հակոբին, որն իմանալով, թե իրենք հյուր ունին, շտապել էր աներոջ տնից վերադառնալու, որպեսզի յուր բացակայությունը տան հյուրի աչքին չզարներ։ Սա նույնպես բարեկազմ, առողջ, բայց ըստ երևույթին ավելի կրակոտ մի երիտասարդ էր։ Իմ հարցին, թե եկեղեցումն էիք, նա համարձակ նկատեց։

Կարելի է միթե կիրակի օրն եկեղեցուց ետ մնալ։ Բայg երբ յուր հարսնացուի որպիսության մասին հարցրի, նա գլուխը խոնարհեց և միայն մի քանի անլսելի բառեր շշնջաց։

Էհ, սիրելիս, Հակոբի համար դեռ վաղ է յուր նշանածի մասին խոսելը, նկատեց տեր-հայրն օգնության հասնելով որդուն, նա ինքն էլ մեզանից է տեղեկություններ հարցնում։

Ես ծիծաղեցի, բայց, իհարկե, երիտասարդի ներկայությամբ հակառակ կարծիք չհայտնեցի, մտածելով, որ պարկեշտությունն ու ամոթխածությունը վնաս չեն բերիլ նրան այս դեպքում։

Տեր-հոր երկու որդիներն էլ քույր-Աննայի աշակերտներն էին։ Ճաշի նստելով մենք բոլոր ժամանակ դարձյալ խոսում էինք նրա մասին։ Երբ ես կրկին անգամ իմ գոհությունը հայտնելով եկեղեցում տեսածս կարգապահության և գեղեցիկ ու ներդաշնակ երգեցողության մասին հարեցի թե՝ «արդարև, շատ քաղաքների եկեղեցիներ կարող են նախանձել ձեր գյուղական եկեղեցուն», տեր-հայրը պատասխանեց։

Շատերը կնախանձեն մեր գյուղին, նաև նրա ուրիշ առավելությունների համար, որ դուք, իհարկե, ձեր աչքով կտեսնեք և որոնց բոլորի սկզբնապատճառն այդ միանձնուհին է։ Այո՛, մենք նրան շատ ենք պարտական, այդ գիտե ինքը, մեր ժողովուրդը։ Եվ եթե նրան այժմ հարցնես թե՝ քույր-Աննայից կուզես զրկվիլ թե քո ստացվածքից, նա ուրախությամբ վերջին զրկանքը կընտրե, որովհետև փորձով գիտե թե՝ որ աստիճան բարի, առաքինի և ամբողջ գյուղի համար ցավող ու հոգացող կին է նա։ Հազար անգամ մենք ինքներս մեզ հարցրել ենք թե՝ աստված մեր որ բարի գործի համար է այս բարերար հրեշտակին ուղարկել մեզ։

Այս բոլորը թեպետ ավելի և ավելի գրգռում էին իմ հետաքրքրությունը կույս-Աննայի վերաբերմամբ, այսուամենայնիվ, այն րոպեից, որ ես տեր-հորից իմացա թե՝ նա չգիտե այդ կնոջ ով և որտեղացի լինելը, ես այլևս այդ մասին ոչինչ չէի հարցնում նրան, ինձ վերապահելով երբևիցե այդ գաղտնիքը պարզելու նախաձեռնությունը։ Բայց և այնպես իմ հետաքրքրությունը աճում էր ժամերով։

Ճաշից հետո, երբ առանձնացա հանգստանալու, իմ մտածմունքը դարձյալ քույր-Աննայի մասին էր։ Շարունակ ինքս ինձ հարցնում էի թե՝ արդյոք ի՞նչն է ստիպել այդ կնոջը հեռանալ աշխարհից և քաշվել իրեն անծանոթ և հեռավոր մի գյուղի անկյունը։ Նրա թե՛ արտաքինից, թե՛ խոսքերից և թե՛ շարժմունքից պարզ երևում էր, որ հասարակ կին չէ. հետևապես չէր կարող լոկ բարեպաշտական զգացմունքից դրդված գալ միանձնուհի լինելու դժվարին որոշման։ Մեր ժամանակում, երբ կյանքն յուր բազմակողմանի հրապույրներով այնքան է սիրելի դարձրել աշխարհը, որ մարդիկ ամենաթանկագին սրբություններն անգամ զոհ են բերում նրա սիրուն, տարօրինակ է, որ սիրելու և սիրվելու բոլոր բարեմասնություններով օժտված մի կին փախչում է այդ սիրազվարճ աշխարհից և փակում իրեն մի հեռավոր և անծանոթ անկյունում, գյուղական կոշտ ու կիսավայրենի ժողովրդի մեջ՝ լոկ նրան ծառայելու պաշտոնը ստանձնելով։

Այս ամենն ինձ համար առեղծվածներ էին, որոնց պարզելու համար պակասում էր միջոց։ Ես անհամբերությամբ սպասում էի մեր երկրորդ տեսակցության, հավատացած լինելով թե այդ ժամանակ արդեն կհաջողվի ինձ լուծել այս տարօրինակ հանելուկը։

Հունիս 5.

Հետևյալ օրը վաղ առավոտից զբոսնում էի եկեղեցուն մոտ գտնվող անտառակում։ Սքանչելի եղանակ էր։ Ցանկանում էի մի քանի ժամ անցնել այդտեղ, բայց դպրոցական զանգի ձայնը լսելով շտապեցի այն կողմը։

Պատշգամբի վրա պատահեցի քույր-Աննային, որ քաղցր ժպիտով իմ ողջույնն ընդունեց։

Ներեցեք, որ այսքան վաղ եմ այցելում ձեր դպրոցը, ասացի ես, որովհետև ցանկանում եմ օրվա բոլոր պարապմունքին ներկա գտնվիլ։

Շնորհ արեք, խնդրեմ, դուք մեծ հաճույք կպատճառեք ինձ, հրամեցեք, լսեցեք, հարցաքննեցեք պատասխանեց քույր Աննան ուրախ պատրաստակամությամբ։

Հարցաքննել, ո՛չ. մի խոսքով անգամ չեմ խանգարիլ ձեր պարապմունքը. միայն կլսեմ, ասացի ես, և մենք, միասին մտանք դպրոցի առաջին դասատունը։

Մաքուր և ընդարձակ սենյակի մեջ, մի քանի կարգ կոկիկ նստարանների վրա, շարված էին աշակերտները մեկ և աշակերտուհիները՝ մյուս կողմից։ Երբ ներս մտանք, բոլորը համեստությամբ ոտքի ելան, ողջունեցին մեզ և վարժուհու հրամանով սկսան երգել առավոտյան աղոթքը, որ եկեղեցում լսածս երգեցողության չափ քաղցր էր և ներդաշնակ։

Աղոթքից հետո սկսվեց դասը, որ հայոց լեզվից էր։ Դասագիրքն էր ավետարան, որից աշակերտները կարդում, թարգմանում և գրատախտակի վրա գրում էին։ Վարժուհին սիրով ու աշխույժով բոլորին հարցնում, լսում, ուղղում և բացատրում էր։ Իրենք աշակերտներն էլ Սյունյաց երկրի ծնունդ լինելով մեծ մասամբ ընդունակ և սրամիտ երևացին ինձ. պատասխանողներից ոչ մինը դժգոհություն չպատճառեց վարժուհուն։

Հետո քույր-Աննան սկսավ խոսել նոր դասը՝ կարդալով ավետարանից մի ուրիշ գլուխ և թարգմանելով։ Դժվարիմաց բառերն ու մտքերը նա ուշադիր հոգածությամբ բացատրում և հասկացնում էր, կրկնել տալով նույնը թույլ աշակերտներին։ Նրա բացատրություններն, առհասարակ, այնքան պարզ և դյուրըմբռնելի էին, որ ինքս էլ լսում էի մեծ հաճությամբ։ Ինձ համար աննկատելի չանցավ այն, որ նրա բոլոր դասավանդության ժամանակ ես լսում էի ոչ թե պաշտոնական վարժուհու, այլ գորովագութ մոր ձայնը, և երևի այդ էր պատճառը, որ նրա աշակերտների մեջ համեստության հավասար ցոլանում էր և հոգվո արիություն։

Դասն ավարտելուց հետո դուրս եկանք պատշգամ, իսկ աշակերտներն ու աշակերտուհիները բակն իջան խաղալու։

Վերջինների մի մասը, գեղջկուհիներին հատուկ ամաչկոտությամբ, հավաքվեց ծառաստանի մի անկյունը և չէր մասնակցում փոքրիկների խաղին։ Այդ հանգամանքը իմ աչքին զարկավ։

Գեղջկուհին միշտ գեղջկուհի է մնում, նկատեցի ես, ինչու այդ աղջիկները չեն խաղում, նրանք այնքան մեծահասակներ չեն, որ մեզանից քաշվեին։ Մի՞թե դպրոցական կյանքը ոչինչ հեղափոխություն չէ մտցրել նրանց մեջ։

Այդ դեպքում՝ ո՛չ, և ես չեմ ցանկանում այդ, պատասխանեց քույր-Աննան լրջորեն։ Ես պահանջում եմ, մինչև անգամ, որ գեղջկուհին միշտ գեղջկուհի մնա։ Ես չէի ցանկանալ, որ դպրոցը կապտեր նրանցից այն թանկագին հարստությունը, որը նա հետո չէր կարող վերադարձնել առանց ծանրագին աշխատության։ Խոսքս վերաբերում է այն ցեղական պարկեշտության, որ մեր գեղջկուհիներն ունին։ Ես, իհարկե, սովորեցնում եմ նրանց կարդալ և գրել ավանդում եմ ինչ-որ ուսման համար կարևոր և իրենց անձին օգտավետ է, աշխատում եմ, որ նրանց մտքերի հետ միասին կրթվին և ազնվանան նրանց հոգիները հաստատում և ամրապնդում եմ նրանց կրոնական զգացմունքները, միով բանիվ, ամեն ջանք գործ եմ դնում, որ նրանցից պատրաստվին որոշ չափով կրթված հայ գյուղացիներ, բայց միևնույն ժամանակ, զգուշանում եմ, որ իմ ներշնչած այդ նորությունները չխեղդեն նրանց մեջ գյուղացու այն հատկությունները, որոնք նրանց բարոյականի հաստատուն հիմունքներն են կազմում և որոնք իմ ավանդած սահմանափակ ուսումովը չէին արմատանալ նրանց մեջ, եթե նրանք այդ չժառանգեին ծնողներից, գյուղական անարատ մթնոլորտում։ Եթե մենք եղած հինը քանդելով կարողանայինք նրա տեղ նորը, բայց լավագույնը հաստատել, այն ժամանակ այդ հինը աներկյուղ կքանդեինք։ Բայց քանի որ ցանկալի ուժն ու միջոցները չունինք, անհրաժեշտ է, որ եղած լավ հատկությունները խնամենք և պահպանենք՝ նույնիսկ իրենց հին կերպարանքի մեջ։ Այդ հատկություններն են՝ գեղջուկի ամոթխածությունը, բարեպաշտությունը, պարզասիրությունը և աշխատասիրությունը։ Ես մեծ խնամքով եմ վերաբերվում այդ գեղեցիկ հատկություններին՝ աշխատելով, իհարկե, որ նրանցից մի քանիսը ծայրահեղության չհասնեն, օրինակ, որ նրանց ամոթխածությունը չհավասարվի երկչոտության, իսկ բարեպաշտությունը՝ չսնանա նախապաշարմունքով։ Թեպետ այս վերջին դեպքում ևս զգուշությամբ եմ վարվում, որովհետև գեղջուկի կրոնականը նման է հնադարյան մի սրբազան շինության, որի վրա, հարկավ, դարերի ընթացքում նստել է և փոշի, և անմաքրություն, բայց նրան այդ փոշիներից մաքրելու համար զգուշաբար պիտի վարվի մեծադրել գիտցող հնագետը, որպեսզի սխալմամբ գեղեցիկ քանդակներից մեկը չփշրե, կամ ընտիր մյուսիոններից մեկը չեղծանե։ Ահա այդպիսի զգուշությամբ եմ վարվում և ես իմ աշակերտների ու նրանց ծնողների հետ, երբ հարկավոր է լինում նրանց որևէ կրոնական նախապաշարման դիմախոսել։

Իսկ ես կարծում եմ, որ այդքան համր ընթանալով՝ շատ աննշան հառաջադիմություն կանեք, նկատեցի ես։

Ձեր կարծիքը մասամբ իրավացի է, պատասխանեց կույսը. բայց ո՞րն է ավելի լավ, քիչ հառաջադիմելը, թե դեպի կորուստ փութալը։

Իհարկե առաջինը ասացի ես։

Ահա՛, այդ պատճառով էլ ես համր, բայց ուղիղ ընթանալու կողմն եմ, որովհետև գեղջուկն ու նրա զավակը մեր քայլերով ընթանալ չեն կարող։ Նրանք նման են նոր ոտքի ելած մանուկների, որոնց եթե շտապեցնես, կսայթաքեն և կգլորվեն ճանապարհի վրա։ Որդեսեր և հասկացող մայրը որքան էլ առողջ ոտքեր ունենա, այսուամենայնիվ, նա յուր ետևից քարշ չի տալ մանուկին, այլ, ընդհակառակը, կհարմարեցնե յուր քայլերը տղայի դողդոջուն քայլիկներին, մինչև որ այդպիսով նրան կանոնավոր քայլել սովորեցնե։

«Իսկ ինչ վերաբերում է գեղջուկի բնական աշխատասիրության ու պարզասիրության, շարունակեց կույսը, ես աշխատում եմ ավելի և ավելի զարգացնել նրա մեջ այդ հատկությունները։ Ես գովում ու խրախուսում եմ աշակերտին կամ աշակերտուհուն, երբ պատահում եմ մինին, դասից ազատ միջոցին անտառից փայտ բերելիս, մյուսին խոտ հարելիս, երրորդին ջրի սափորով վերադառնալիս, չորրորդին՝ այգում քաղհան անելիս և այլն։ Այդ իսկ պատճառով ես սկզբից արդեն սահմանել եմ, որ իմ աշակերտներն nւ աշակերտուհիներն իրենց մյուս օրվա դասերը պատրաստեն դպրոցում՝ իմ հսկողության ներքո, որպեսզի տուն վերադառնալուց թե ազատ լինեն դասերի ճնշումից և թե կարողանան ընտանեկան գործում օգնել իրենց ծնողներին։ Այդ տեսակ ազատ պարապմունքը կծառայե նրանց նաև իբրև մարմնամարզություն, որի օգուտը վաղուց ճանաչված է։

«Միևնույն ձևով ես հոգում եմ, որ պարզասիրությունն արյուն ու մարմին դառնա նրանց մեջ, շարունակում էր միանձնուհին։ Ես անպայման ատեցող եմ ցույց տալիս, ինձ հարուստ ու շքեղ հագնվելուն, թեպետ մաքրասիրությունը գովում եմ։ Պատահել է, որ իմ աշակերտներից մինը, հարուստ ծնողների զավակ լինելուն համար, գյուղում, գործած շալի փոխարեն մահուդ է հագել, կամ աշակերտուհիներից մինին յուր ծնողները բամբակե շիլայի փոխարեն մետաքսե ղանավուզից շապիկ են հագցրել։ Ես այդպիսիներին, բոլոր աշակերտների ներկայությամբ, քաղցրությամբ հանդիմանել եմ և իսկույն ետ դարձրել տուն, պատվիրելով որ նախկին, կոպիտ շորերը գերադասեն այդ թանկագին հագուստներին, որովհետև ասել եմ, դրանք գյուղացու համար անվայել հագուստներ են։ Բայց, միևնույն ժամանակ, չեմ մոռացել նախատել և այն աշակերտին, որ հերարձակ, ցեխոտ փեշերով, կամ կեղտոտ օձիքով համարձակվել է մտնել դասատուն։ Այս բոլորից հետո կարող եմ մակաբերել, թե ես ինչ աչքով եմ նայում գյուղացու կրթությանը և ո՞րքան հակառակ եմ, որ գյուղացին յուր մասնավոր ուսումն ու կրթությունը ստանալուց հետո, գյուղացի լինելու փոխարեն, ձգտի լինել մի ուրիշ բան։

Մինչդեռ ես ուշադրությամբ լսում էի քույր-Աննային, զանգակը հնչեց և աշակերտները կարգով սկսան հավաքվել դասարանները։ Այդ ժամանակ միայն նկատեցի աշակերտների բազմությունը և հարցնելով տեղեկացա, որ դպրոցը կազմված է երկու նախակրթական և մի առաջին դասարաններից։ Իմ հարցին թե՝ ովքեր են դասախոսում նախակրթարաններում, քույր-Աննան ժպտալով պատասխանեց.

Իմ պատրաստած վարժապետն ու վարժուհին։

Ո՞ւր են նրանք, հարցրի ես հետաքրքրությամբ։

Ահա՛ վարժապետը, ահա՛ վարժուհին, ցույց տվավ նա պարզ հագնված մի գյուղացի պատանի և նույնպիսի հագուստով մի պատանեկուհի, որոնք աշակերտների ետևից մտնում էին դասատուն։

Դրանց ես սովորողների տեղ էի ընդունում, այնքան մանկամարդ են, նկատեցի ես։

Ո՛չ, դրանք իմ օգնական դասատուներն են. հաճեցեք ներկա լինել նրանց դասերին, եթե կցանկանաք, հուսով եմ, կհավանեք։

Շնորհակալ եմ, մեծ ուրախությամբ, ասացի ես և չկամենալով այլևս ուշացնել քույր-Աննային ինքս առաջինն ուղղվեցա դեպի այն դասարանը, ուր երիտասարդը պիտի դասախոսեր։

Նույնպիսի հարգանքով ընդունեցին ինձ և այստեղ։ Գեղջուկ վարժապետը քաղաքավարությամբ աթոռ առաջարկեց ինձ. ես նստա և սկսա լսել։

Հարցնելու և ուղղելու միևնույն ձևը, դասախոսելու և բացատրելու նույն եղանակը, ինչ-որ քույր-Աննայի՝ նույնն և այս երիտասարդի մեջ նկատեցի, սա նրա հարազատ պատճենն էր։ Զարմանում էի այս գեղեցիկ նմանության և առավել ևս այն համբերության վրա, որ նորատի երիտասարդն ուներ։ Որպիսի քաղցրությամբ և որքան հանգիստ սրտով ուղղում, էր նա մի երկու, ըստ երևույթին՝ բացառություն կազմող, աշակերտների շարունակ կրկնվող միևնույն սխալները։ Ոչ միայն բարկանալն, այլև կոշտ խոսելը, կարծես հանցանք էր համարում, մի հատկություն, որ ճրագով ենք որոնում մեր վարդապետների մեջ։ Սիրով լսեցի երիտասարդ ուսուցչի ամբողջ ժամվա դասախոսությունը, որ, ըստ ամենայնի, գոհություն պատճառեց ինձ։

Բոլորովին ուրիշ ազդեցություն գործեց ինձ վրա գեղջուկ վարժուհին, երբ երրորդ դասին նրա դասարանը մտա։ Նրան տեսնելուց և մի փոքր լսելուց հետո, ես նմանեցրի նրան այն թանկագին գոհարին որ դեռ նոր հողի միջից հանված, իր անողորկ տեսքի պատճառով թվում էր մի աննշան ապակի, բայց հմուտ ակնագործը գուշակում է թե որ թագուհու ճակատը կարող է նա զարդարել, եթե ինչպես հարկն է հղկվի ու կոկվի։

Յուր հագուստով նա չէր զանազանվում աշակերտուհիներից։ Հագած էր հասարակ չթից արխալուղ, կարմիր շիլայից երկար շապիկ, նույն կտորից կապած մի գոտի պատում էր մեջքը իսկ մի փոքրիկ կանաչ չարղաթ ծածկում էր գլուխը։ Ահա, այս էր վարժուհու բոլոր հանդերձանքը։ Եթե ես պատահեի նրան աղբյուրի վրա, ջրի սափորն ուսին, ոչնչով չէի զանազանի մյուս գեղջկուհիներից։ Բայց այժմ նա իմ առաջ կանգնած դաս էր խոսում մաքուր հայերեն լեզվով և այն որքան հմտությամբ, շնորհքով, քաղցր ու գրավիչ ձայնով։ Միթե չպետք է զարմանայի ու հիանայի։ Ես այնքան զգացվել, ոգևորվել էի, երբ դասը վերջացավ և ես դուրս գալով պատշգամ պատահեցի քույր-Աննային, կամենում էի առնել նրա ձեռքերը և ջերմագին, անվերջ համբույրներով ծածկել՝ ի նշան իմ սրտնեռանդ շնորհակալության։ Բայց ավա՛ղ, չէի կարող այդ անել և չգիտեի ինչպես զեղանել նրա առաջ իմ անկեղծ զգացմունքները։

Ձեր գործը գովելու համար ես լեզու չունիմ, ասացի նրան, ընդունեցեք, գոնե, իմ ջերմագին շնորհակալությունը, իբրև իմ ներքին գոհունակության և, առավել ևս, իմ մեծագույն զարմացման մի տկար առհավատչյա։

Շնորհակալ եմ, դուք ինձ քաջալերում եք, երևում է, որ հավանել եք թե՝ վարժապետիս և թե՝ վարժուհուս, պատասխանեց քույր-Աննան քաղցր ժպտալով։

Այո, սրանցից լավը ես չեմ տեսել, գոնե մեր քաղաքի դպրոցներում։

Ես դրանց պատրաստել եմ այն չափով, որ ազատ կարող են սովորեցնել նախակրթարանում, ընդունելով իհարկե, որ նախակրթարանի ուսուցչից ևս պահանջվում է որոշ չափով հմտություն, իսկ քիչ ժամանակից հետո նրանք պատրաստ կլինին այնքան, որ կկարողանան իմ տեղը բռնել։

Ինչպես, միթե դուք մտադիր եք երբևիցե թողնել այս գյուղը հարցրի ես։

Թողնե՛լ, երբեք, պատասխանեց միանձնուհին. բայց ով կարող է երաշխավորել, թե որքան կարող եմ ապրել։ Ես այն կարծիքին եմ թե մի գործ մշտնջենավոր անելու համար, անհրաժեշտ է, որ սկսող մարդը գործի գոյությունը իր գոյության հետ չկապե։ Հակառակ դեպքում գործը մեռնում է, եթե մեռնում, կամ հեռանում է գործի հիմնադիրը։ Մեր մեջ, առհասարակ, շատ օգտավետ գործեր ոչնչացնում են նույնիսկ իրենց հիմնադիրների փառամոլության շնորհիվ։ Որովհետև քիչ չէ թիվն այն մարդկանց, որոնք մի հասարակական բարի գործ սկսում և առաջ են տանում ոչ թե նրա համար, որ հասարակությանն օգնեն, այլ որ նրա մեջ երևան և նրանից փառք ու պատիվ վայելեն։ Այդպիսիները, մինչև անգամ, չեն ցավում, եթե իրենք հեռանալուց հետո ընկնում, ոչնչանում է գործը, որովհետև այդ առիթ է տալիս նրանց ապացուցելու, թե իրենք հայտնի ուժեր են և թե իրենց չեղած տեղը երկիրը չէ կարող խոտ բուսցնել... Այսպիսիներն իմ աչքում նույն ոճրագործներն են, որոնք իրենց անձի դյուրության համար անշնչացնում են մի անգամ շունչ տված զավակին։ Պետք է միշտ ապրել գործի կենդանության համար, իսկ եթե հարկը պահանջե մեռնել, որպեսզի օգտավետ գործն ապրի, այդ զոհն էլ պետք է բերել առանց տրտնջալու։

«Ես սիրում եմ իմ սկսած գործը, ցանկանում եմ, որ նա հավիտյան ապրի, որովհետև հավատում եմ նրա մեծության ու կենարար ուժին՝ ապագայի նկատմամբ։ Այդ պատճառով էլ աշխատում եմ այնպիսի հիմքերի վրա դնել այդ գործը, որ իմ մեռնելուց հետո նա չտկարանա, որ հողմերն ու հեղեղը չսասանեն նրան։ Այժմյանից արդեն ես արժանավոր և գուցե ինձանից ավելի լավ գործող հաջորդներ եմ պատրաստում և երդմամբ պիտի պարտավորեցնեմ նրանց՝ նույնն անել որդվոց որդի։ Եվ որովհետև ես վստահ եմ իմ ներշնչած ոգուն, ուստի և կարող եմ հանգիստ սրտով մեռնել։

Ես ուշադիր լսում էի քույր-Աննային և սրտանց ցանկանում, որ նա ավելի խոսեր։ Ոգևորվում էի նրա զրույցներով, ուստի և փափագում շարունակ լսել նրան... Բայց աշակերտներն արձակվեցան. ժամանակ էր և ինձ հեռանալ։ Միայն խնդրեցի, որ նա պաշտոնապես ծանոթացնե ինձ յուր վարժապետին ու վարժուհուն։ Քույր-Աննան կատարեց խնդիրս սիրով։ Իմացա, որ վարժապետի անունը Պետրոս է, Կովիկյան ազգանունով, իսկ վարժուհունը՝ Մանիշակ Սահակյան։ Մի քանի խոսք էլ դրանց հետ փոխանակեցի, որի ժամանակ նորատի վարժուհին շարունակ շիկնում էր։ Հետո կրկին անգամ շնորհակալություն արի քույր-Աննային, ողջունեցի նրա երիտասարդ օգնականներին և հեռացա՝ քայլերս ուղղելով իմ հյուրընկալ տեր-Հովսեփի տունը։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Խորհրդավոր միանձնուհի"

Ятук Музыка
Колыбельная для мамы
Элен Йолчян

Колыбельная для мамы

До заката
До заката
Играть онлайн