Мурацан

Խորհրդավոր միանձնուհի

Ամեն ամեն ասեմ ձեզ, եթե ոչ հատն
ցորենոյ անկեալ յերկիր մեռանիցի, ինքն
միայն կայ, ապա եթէ մեռանիցի՝ բազում
արդիւնս առնէ։

Ավետ. Հովհ.

Ամենավատթար դաստիարակությունն
իսկ, որ անձնուրացություն է սովորեցնում,
լավագույն է, քան այն դաստիարակությունը,
որ անձնուրացությnւնից զատ ամեն բան սովորեցնում է։

Ջոն Ստերլին

Այժմ ես կարող եմ այդ կնոջ մասին խոսել, որովհետև նա այլևս չկա... Տարիներ են անցել այն օրից, որ նա իր վերջին բարևը տվավ այս աշխարհին, թողնելով յուր հիշատակն անծանոթության մեջ։ Նրա գերեզմանը վաղուց ծածկվել է կանաչով, և շուրջ տնկված ուռենիները մեծացել, ուռճացել են և իրենց քաղցր սոսափյունով օրհներգներ են մրմնջում նրա արդար հոգվո համար։

Մեր այս ինքնապաշտ ժամանակում, երբ անձնվիրությունը դարձել է անգյուտ, ըստ որում մարդիկ նրա պաշտամունքը հատկացրել են անձնասիրության, այդ կինն յուր սեռի մեջ միակն էր ու առաջինը, որ հասարակաց բարվույն նվիրվելու ծանրագույն խաչն ստանձնեց, առանց սակայն աշխարհում ձայն ու աղմուկ հանելու։ Նրա պատմությունը մեծ չէ, բայց արժանի է ուշադրության, դրան ծանոթանալու համար բավ է, որ դուք թերթեք այս հիշատակարանը, որ ես դնում եմ ձեր առաջ այն քաղցր մտածողությամբ, թե՝ եթե ձեզանից որևէ մեկին վիճակված է ժառանգել այս միանձնուհու հոգին, ապա իմ հիշատակարանը կարող է նրան սփոփել և մանավանդ թե կազդուրել, եթե բարձած խաչի ծանրությունը հոգնեցնե այդ խաչակրին։

188* մայիս 25. X. քաղաք.

Մայիսը վերջանում է։ Արևի ճառագայթները ջերմացնելու փոխարեն սկսել են այրել. քաղաքի օդը գնալով թանձրանում և ապականվում է։ Բժիշկը խորհուրդ է տալիս ինձ հեռանալ ամառանոց, որովհետև նա էլ գիտե, որ դեռ կամենում եմ ապրել։

Մեր ամառանոցները ոչ այլ ինչ են, եթե ոչ մեր գավառի հովահար գյուղերը, կպած լեռների կանաչ լանջերին, կամ թառած բլուրների կատարների վրա, ուր օդը զվարթաբար, ջուրը անապակ և կյանքը խաղաղ է միշտ։

Այդ գյուղերից մինը ես պիտի ինձ համար ընտրեմ ամառանոց։ Բարեկամներիցս ոմանք խորհուրդ էին տալիս ինձ շատ չհեռանալ քաղաքից, որպեսզի թե իրենք միջոց ունենան ինձ այցելելու և թե իմ օրերը միօրինակ չանցնեն։ Բայց ես որոշել եմ հեռանալ այնպիսի գյուղ, որ քաղաքից կտրված լինի շատ ու շատ լեռներով։ Ցանկանում եմ ապրել այնպիսի մի տեղ, ուր մարդկանց հետ միասին ապրում է նաև նահապետականությունը, ուր կյանքի պարզության հետ պահպանվում է նաև բարքի մաքրությունը, սրտի անկեղծությունը։ Ես հոգնել, ձանձրացել եմ սովորական կյանքից, սովորական մարդկանցից, և, մանավանդ թե, սովորական բարեկամությունից, որն յուր մեջ, ինձ համար, չունի այլևս ոչինչ նոր ու ջերմացնող։ Այժմ այդտեղ պտրում եմ նախկին վարդն ու նրա անխարդախ և, թեկուզ, կիսով չափ վայրենի ընկերակցությունը։

Գուցե այս էլ նյարդային հիվանդության քմահաճույք է, ինչպես բժիշկս է նկատում, չգիտեմ, միայն ինձ թվում է, թե այդ տեսակ ընկերակցության մեջ իմ սիրտը հանգիստ և հոգիս խաղաղ պիտի լինի։ Այստեղ էլ, ճիշտ է, ոչ ոք չէ վշտացնում ինձ, ամենքն աշխատում են իմ սիրտն ուրախացնել, ինձ հաճո լինել, բայց այդ նպատակի համար գործ դրած եղանակն իսկ տհաճություն է պատճառում ինձ։ Չգիտեմ շրջապատիս մեջ է անկեղծությունը պակասում, թե իմ մեջ հավատը, այսքանը միայն կա, որ քաղաքում ամեն ինչ ձանձրացնում է ինձ։ Ես կարծում եմ, թե միայն ազատ բնությունն է, որ անհաճո ոչինչ չունի յուր մեջ։ Այժմ կփորձեմ ապրել նրա գրկում։

Հունիս 1. Ղ. գյուղ.

Այսօր առավոտ ժամը 5-ին դուրս եկանք քաղաքից ձիով։ Ինձ ընկերակցում է Պետո անունով մի գյուղացի երիտասարդ, որ, միևնույն ժամանակ, իմ առաջնորդն է։ Դա մի բարի տղա է, առողջ կազմվածքով և հաճելի դիմագծերով։ Նա ճարպիկ է, թեթևաշարժ և, ըստ երևույթին, քաջասիրտ։ Բայց սիրում է շատախոսել, մանավանդ, երբ կարգը գալիս է յուր քաջագործությունները պատմելուն։ Ուրիշների քաջության մասին էլ չէ զլանում երկարել, եթե միայն ինքը մասնակից է եղել նրանց գործերին։ Երկու դեպքումն էլ համբերությամբ լսում եմ, որովհետև տեսնում եմ, որ լավ ընկեր է և փորձված առաջնորդ։ Իսկ այդպիսի մարդկանց արժե երբեմն վճարել համբերության մի թեթև հարկ։

Արդեն մի քանի փարսախ հեռացել էինք քաղաքից, երբ չոր ու ցամաք խճուղուց ազատվեցանք։ Իրավ որ հաճելի չէ՝ ձիով ճանապարհորդել այդ կոշտ ու փոշոտ ճանապարհների վրա։ Ինձ թվում է թե նույնիսկ ձիաներն ուրախանում են, երբ դուրս են գալիս կարծր ճանապարհից։ Կանաչով ու թուփերով եզերված արահետը նրանք անցնում են ավելի աշխույժով։

Այստեղից մեր առաջ տարածվում են ցորենի ընդարձակ արտորաներ։ Ամառային հովը փչում է հանդարտ, բարձրահասակ հասկերը խոնարհում են նրա առաջ ոսկեփայլ գլուխները և կարծես մի զորեղ հրամանից ազդված՝ միմյանց հրելով վազում են առաջ։

Տեսնում ես, արտը «գնում է հորանց», ասում է ինձ Պետոն՝ ժողովրդի ստեղծած այլաբանությամբ։

Արդարև, թվում է թե՝ արտը շարժվում է, գնում դեպի առաջ, և նրա այդ խաղաղ, մեղմաշարժ հոսանքը հանգստացնում է նյարդերս, ազդելով հոգուս հույզերից ազատ մի առույգ կենդանություն։ Քիչ հետո արդեն ճանապարհն անցնում է այդ արտերի միջով։ Ագահ երկրագործն երկու կողմից հերկելով այնքան է նեղացրել անցուդարձի ուղին, որ մենք շատ տեղ ստիպված ենք միմյանց ետևից գնալու, որպեսզի միահավասար ձիավարելուց արտերը չկոխոտենք, որ ըստինքյան հանցանք է։ Վասնզի, եթե ամեն ճանապարհորդ մի քանի հասկ պակսեցնե, դրանով արդեն գյուղացին կզրկվի մի քանի խուրձերից։

Հեռվից, լեռան կրծքին կպած, երևում է ... գյուղը, ուր մենք այս գիշեր պիտի իջևանենք։ Բայց մինչև այնտեղ հասնելը դեռ բավական ճանապարհ կա։ Դաշտերի վերջանալով սպառվում են նաև արտերը, և մենք այնուհետև բարձրանում ենք դեպի վեր։ Ճանապարհն այժմ անցնում է ընդարձակ մացառուտի միջով և որովհետև ձիերը դանդաղ էին գնում, ուստի Պետոն սկսել է մի պատմություն, որի նյութը վերաբերում է հենց այդտեղ կատարված մի սպանության։ Ճանապարհորդության ժամանակ հաճելի է լինում պատմություններ լսելը, մանավանդ, երբ ստիպված ես ձիերի կամքով առաջ գնալ։ Ես էլ լսում եմ Պետոյին, բայց նրա պատմությունը հետաքրքրական չէ։ Երկու թուրք Ղըշլաղ գյուղից մի ձի են գողանում, ղշլաղեցի երկու հայ ընկնում են նրանց ետևից, թուրքերը փախչում են, հայերը հետևում են, թուրքերը հասնելով այս մացառին թաքնվում են թփերում, հայերը հասնելով մինին սպանում, մյուսին փախցնում են, իսկ ձին վերադարձնում։ Բոլոր պատմությունը այս էր, բայց Պետոն պատմեց մի ամբողջ ժամ, այնպես որ նրա պատմության հետ մացառուտն էլ վերջացավ, և մենք սկսանք իջնել դեպի մի խորաձոր։

Արդեն կեսօր էր, արևը կանգնած էր մեր գլխին։ Բավական ճանապարհ էինք կտրել, պետք էր մի փոքր հանգստանալ, մի փոքր ճաշել և մի փոքր էլ կեր ու հանգիստ տալ ձիերին։ Այդպես էլ արինք։

Պետոն առաջնորդեց ինձ դեպի ձորամեջը, անցավ այդտեղ հոսող առվակի վրայից և նրա ուղղությամբ դեպի խորն առաջանալով՝ կանգ առավ մի բարձր և ստվերաշատ կաղնու տակ։ Երբ իջանք ձիերից, այդ ժամանակ միայն նշմարեցի վճիտ ու հորդ աղբյուրը, որ բխում էր կաղնին պատող ժայռերի տակից և հեզասահ մրմունջով հոսում դեպի ձորամեջը։

Օհ, ինչ հրաշալի տեղ բերիր ինձ, Պետո, բացականչեցի հիացած, այստեղ կարելի է ամբողջ օրերով մնալ։

Այստեղ կարելի է միայն լվացվել, ճաշել և մի ժամ քնել նկատեց Պետոն։

Ուրիշ ոչի՞նչ, հարցրի ես։

Մեկ էլ ինձ ու քեզ նման քաջերին թալանել, պատասխանեց նա և սկսավ ծիծաղել։

Ես էլ ծիծաղեցի, բայց ոչ Պետոյի չափ սրտանց։ Նրա կատակի մեջ կար մի ճշմարտություն, որ չափավորեց իմ ծիծաղը։ Այդ տեղն, արդարև, բանաստեղծական գեղավայր էր, բայց զուրկ չէր նաև գլուխներ թռցնելու հարմարությունից։ Իսկ գլուխ թռցնողներ, մանավանդ ամռան ամիսներում, երբ թափառական ցեղերը դաշտից չվում են լեռները, վխտում էին ամեն տեղ։ Իմ ուրախ տրամադրությունը փոխվեցավ. բայց ոչ նրա համար, որ ավազակներից վախեցա, այլ որովհետև սկսա մտածել թե՝ այս երկրի խաղաղակյաց և աշխատասեր ժողովուրդը յուր ո՞ր մեղքի համար է դատապարտվել ավազակ ու մարդասպան դրացիների հետ կենակցելու։

Այս մտածմունքներն, արդարև, կնճռեցին իմ ճակատը, բայց ես անձնատուր չեղա նրանց, որովհետև հիշեցի բժշկիս խոսքը թե մի մտածիր այն ցավերի մասին, որոնց դարմանելը վեր է քո ուժից։ Ուստի մոտենալով ականակիտ աղբյուրին, առատորեն լվացվեցա նրա սառը ջրով և ապա պայուսակս բանալով, հանեցի պաշարի կապոցը և սեղան պատրաստեցի։ Պետոն, որ ձիերը տարել էր արոտի կապելու, վերադարձավ, և մենք նստանք ճաշի։

Որպեսզի տրամադրություններս նորեն զվարթանար, ես զոռ տվի բարերար գինուն և սխալ չարի։ Կես ժամից հետո մենք ոչ միայն ուրախ ծիծաղում, այլև երգում էինք։ Ամեն մտածմունք մոռացվել էր։ Եվ ինչը չէ մոռացվում աշխարհում...Որքան թշվառ կլինեինք մենք, եթե մոռանալու ունակությունը չունենայինք։ Արդարև, կան ցավեր, որոնց պետք է մոռանալ, բայց որքան շատ են այն ցավերը, որոնց եթե չմոռանայինք, կյանքը մեզ համար կդառնար դժոխք։

Ճաշը վերկացնելուց հետո ես քաշվեցա կաղնու առավել ստվերաշատ կողմը։ Պետոյի այծենակաճը (յափնջի) փռեցի խոտերի վրա և պայուսակս բարձի փոխարեն գլխիս տակն առնելով քաղցր քուն մտա։

Ի՛նչ արավ ինձանից հետո Պետոն, չգիտեմ, միայն երբ ինձ զարթեցրեց, արդեն ժամը չորսն էր և արևը հակված դեպի արևմուտք։ Երեկոյի զովը փչում էր ախորժ, իսկ ձորալանջին երգում էին սարյակները՝ մի թուփից մյուսի վրա թռչկոտելով։

Ամեն բան պատրաստ էր։ Ես կրկին մոտեցա հորդա աղբյուրին, նայեցի մի րոպե նրա վճիտ վիժակին, ախորժանոք լվացվեցա, և ապա ձիերի նստելով, շարունակեցինք ճանապարհը, որ ձորից սկսած բարձրանում էր դեպի վեր։

Անցնելով մի մեծ թավուտ, որ տարածվում էր մինչև հանդիպակաց սարահարթը, այստեղ նորեն մեր առաջ բացվում էին ցորենի և գարու արտեր, որոնք, սակայն, մեծ մասամբ դեռ կանաչ էին՝ բարձր ու հովահար դիրք ունենալու պատճառով։ Դալարի անուշ բույրը գգվում էր այստեղ մեր հոտոտելիքը մի առանձին քնքշությամբ։ Եվ չնայելով, որ արևը տաքացնում էր դեռ, այնուամենայնիվ, ցուրտը զգալի էր սարահարթում։

Երկու ժամաչափ ճանապարհ որոնելուց հետո մենք պատահեցինք գյուղի հարուստ նախրին, որ վերադառնում էր արոտից։ Տավարածները ուրախ և անհոգ, կատակներ անելով ու երգելով առաջ էին գնում, չշտապելով բնավ, որ շուտ հասնեն տուն, որովհետև ամեն տեղ նույն երկինքը և նույն հանգստությունն էր սպասում։ Եթե ավազակների երկյուղը չլիներ, երբեք էլ չէին վերադառնալ դաշտից, որովհետև գյուղում ոչինչ չէր ավելանում նրանց, ինչպես և դաչայում չէր պակասում ոչինչ։

Մի փոքր ժամանակ տավարածներին ընկերանալուց և նրանց անմեղ կատակներով զվարճանալուց հետո, առաջ վարեցինք մեր ձիերը և արևը մայր մտնելու մոտ հասանք գյուղի աղբյուրին, որ գտնվում էր շենից ներքև, կաղամախիներով հովանավորված մի ձորակի մեջ։ Աղբյուրի առաջ դրված էր ահագին կոճղից փորած նավակ, որ անասունների ըմպանակն էր։ Այդ իսկ ժամին, սափորները ձեռքներին, շրջապատած էին նավակը բազմաթիվ հարս ու աղջիկներ, որոնցից յուրաքանչյուրը սպասում էր յուր հերթին առանց ձանձրանալու։ Որովհետև գեղջկուհիների ապահով տեսակցության տեղը միայն աղբյուրն է, ուր կարողանում են նրանք լսել որևէ նորություն կամ հաղորդել այդպիսին ընկեր-հարևանի, այդ իսկ պատճառով, նրանցից ամեն մեկը սիրով օգտվում էր իր հերթին սպասելու համար սահմանված րոպեներից։

Երբ մենք մոտեցանք փորածո նավակին մեր ձիերը ջրելու, իսկույն հարսները մի կողմ քաշվեցան երեսները դեպի կաղամախիներն, իսկ թիկունքները դեպի մեզ դարձնելով, բայց աղջիկները չհեռացան, նրանք հետաքրքիր աչքերով դիտում էին, մանավանդ ինձ, որ երևի իբրև քաղաքացի, մի բանով արժանանում էի նրանց հետաքրքրության։

Երբ ձիերը հագեցան, Պետոն առաջնորդեց ինձ դեպի տանուտեր Ակոբի տունը։ Բայց մինչև այդտեղ հասնելը բավական թվով շներ թափվեցան մեզ վրա և սկսան իրենց անընդհատ հաչյունով հետևել մեզ։ Նրանցից սրտոտները գնում էին առաջից, աշխատելով իրենց աղմուկով ձիերի ընթացքը կասեցնել, իսկ թույլերը գալիս էին ետևից և ծուլաբար ոռնում։ Թվում էր, թե գյուղում տղամարդ չկա։ Տների սրահներում (էյվան) երևում էին միայն կանայք, որոնք կամ ճախարակն էին հավաքում, կամ հավերը տուն անում և կամ վառած թոնրի ու օջախի շուրջը պտտում։ Իսկ բակերում և կտուրների վրա խաղում ու վազվզում էին բոկոտն ու կիսամերկ երեխաներ։

Բոլորովին անսպաս տեղից դուրս եկավ գյուղի գզիրը, որ յուր հոնի երկար մահակով հավաքված շներն այս ու այն կողմը ցրելով, ազատեց մեզ նրանց անախորժ երաժշտությունից։

Եվ ահա, այժմ մենք տանուտեր Ակոբի տանն ենք։ Մեր հյուրընկալը մի բարի, անկեղծ և ուրախ մարդ է։ Թեյից հետո, որը մեծ ախորժակով խմեցինք, նա պատրաստել տվավ մեզ համար հարուստ ընթրիք, որ բաղկացած էր յուր տան մեջ գտնված բարիքներից։ Դրա հետ միասին նա հյուրասիրեց մեզ պատվական գինով, որն, յուր ասելով, պահում էր պրիստավի համար։ «Բայց հոգ չէ, դու էլ պրիստավից պակաս մարդ չես», ասում էր նա պարզությամբ և բաժակները լցնում։

Տանուտերը միայն մի մաքուր սենյակ ուներ, որ պահում, էր քաղաքացի հյուրերի համար։ Այդտեղ, փայտյա մահճակալի վրա, նա պատրաստել տվավ մաքուր անկողին և հրավիրեց ինձ հանգստանալ։ Եվ ի՛նչ հաճելի հրավեր էր այդ. երբեք այդպիսի հոգեզմայլությամբ չէի մտել իմ քնարանը, ինչպես այս գիշեր, հավատում էի, որ աչքերս պիտի բանամ արշալույսի հետ, այնքան մարմինս հոգնած ու թուլացած էր։

Հունիս 2, Ն. գյուղ.

Առաջնորդս արի մարդ է, արշալույսը դեռ չշառագունած՝ զարթեցրել է ինձ։ Կարծում էի, թե գյուղում ես ու Պետոն ենք միայն արթուն, բայց դուրս եմ գալիս տեսնում, որ ամեն տեղ էլ շարժումն սկսված է։ Տավարածն յուր նախիրը տանում է արոտ. խոտհարը գերանդին ուսին՝ դուրս է գնում դաշտ, սայլորդը եզները լծած վազում է անտառ, հարս ու աղջիկներ կուժերը ուսին՝ գնում են ջրի, կամ դառնում աղբյուրից, հյուրընկալիս մայրը վաղուց նստած էյվանում, շիլա դոշակի վրա վզզացնում է ճախարակը, իսկ հարսը մեզ համար պաշար է պատրաստում։ Ինչ վերաբերում է տանուտեր Ակոբին, նա ծալապատիկ նստած սրահի թախտի վրա, ինքնաեռը կողքին, բաժակները մաքուր սրբած սպասում է գյուղացուն հպարտացնող թեյով մեզ հյուրասիրելու։

Ես իմ կողմից, իհարկե, սպասել չտվի, ծալապատիկ նստա հյուրընկալիս մոտ և սկսա վայելել նրա սրտեռանդ հյուրասիրությունը։ Մենք կաթով թեյ խմեցինք, նոր կտրած մեղրով սեր ու կարագ կերանք և վերջը մի համեղ ձվածեղ սպառելով վեր կացանք։ Տանտիկինը պատրաստած ճանապարհի պաշարը հանձնեց Պետոյին, որ դրավ յուր պայուսակում։

Երբ ամեն ինչ վերջացավ, շնորհակալություն արինք տանուտեր Ակոբին և նրա ամուսնուն՝ մեզ ցույց տված քաղցր հյուրասիրության համար և ճանապարհ ընկանք։

Մի քանի փարսախ հեռացել էինք գյուղից, երբ արեգակը մշուշով ծածկված լեռների ետևից յուր հրափայլ գունդը հանեց և խտղտիչ ճառագայթները սփռեց կանաչազարդ բլուրների և արտերով ծածկված դաշտերի վրա։ Ի՛նչ հրաշալի էր այդ ժամանակ Սյունյաց երկրի բնությունը, նա կարծես նոր էր մարմին առնում արարչապետի ձեռքից։ Հրաշալի էր, մանավանդ այն վայրկենին, երբ աղոտ մշուշը տեղի տալով արևի պայծառ շողերին, երևան էր հանում գեղեցիկ լեռները, բլուրներն ու հովիտները, որոնք ասես խնդում, ծիծաղում էին։ Քաղցրաշունչ զեփյուռը, որ հեռվից թռչելով քերում էր պուրակներն ու կանաչ մարմանդները, գալիս շփվում էր դեմքիս այնպես մեղմ ու անո՛ւշ, որ նրան լիովին վայելելու համար ցանկանում էի ձիուս ընթացքը կասեցնել։

Երբ գյուղի սահմաններն անցնելով սկսանք առաջին լեռնալանջը բարձրանալ, առաջնորդս հայտնեց, որ այդտեղից սկսում են Ն. գյուղի դժվարագնաց ճանապարհները, որոնք շարունակ անցնում են սարերի, ձորերի և գետերի վրայով։ Մենք ուրեմն մտնում էինք Սյունյաց երկրի լեռնային թագավորությունը, որի սահմանն սկսվում էր հանդիպակաց լեռան բազուկներից։

Ճանապարհը, որով բարձրանում էինp, կոշտ առապար էր, ուստի ձիերը մեծ նեղություն կրեցին, մինչև հասան սարի բաշը. այդտեղից, ահա, մեր առաջ բացվեցավ փառավոր անհունության մի ակնապարար տեսարան դա լեռների, բլուրների և սարահարթերի մի լայնածավալ տարածություն էր, որի միջից մի ընդարձակ խորաձոր, տեղ-տեղ անտառապատ, ձգվում էր հյուսիսից դեպի հարավ՝ անսահման երկարությամբ։ Նրա լայնադիր խորքերը բռնված էին ծուխի պես թանձր մշուշով, որով և խորաձորը ջրապարփակ ծովածոցի նմանություն էր բերում։ Հետզհետե առաջանալով մենք տեսնում էինք հեռվում արևով ողողված հովիտներ, մարգեր ու մարմանդներ, որոնց վրա ճապաղում էին ոչխարի հոտերն ինչպես միջօրեի սպիտակ ամպեր լողացող կապուտակ երկնակամարի վրա։ Դրանց հաջորդում էին բազմաթիվ թումբեր ու բլուրներ, որոնցից մոտիկները կանաչով, իսկ հեռավորները մշուշով ծածկված. ապա շղթայաշար լեռներ, որոնք կոնակավետ բարձրություններով հաջորդում էին միմյանց մերթ ահարկու և պարեխավոր՝ մերթ անտառապատ և գեղատեսիլ գագաթներով։

Մեր ճանապարհն առժամանակ սարի բաշովն էր անցնում։ Ապա իջանք ձորի եզերքը, ուր մի նեղ կածան գնալով հակվում էր դեպի անդունդը։ Ձիերը այդտեղով քայլում էին զարմանալի զգուշությամբ, որովհետև ամենափոքր տատանումը կարող էր գլորել նրանց դեպի ահարկու զառիվայրը, որի ստորոտը անտեսանելի էր վերևից։ Քիչ ժամանակից հետո նորեն սկսանք բարձրանալ, բայց այժմ արդեն չոր բլրակի կողերով, որոնց վրա բարձրից հոսող հեղեղները պատռվածքներ բանալով, աննշմարելի էին կացուցել ճանապարհի հետքերը։ Ձիերը շարունակ սահում էին այդ զառիվայրի վրա, որովհետև հողը փխրուն լինելով փշրվում էր նրանց սմբակների տակ։

Բարեբախտաբար անախորժ ճանապարհը կարճ էր։ Բլրակը անցնելուց հետո, մենք մտնում էինք մի կանաչ թավուտ, որին ապա հաջորդում էր գեղեցիկ անտառ։ Այստեղ արահետը թեպետ անհարթ ու մանվածապատ, սակայն հետզհետե հովանավորվում էր սաղարթախիտ ծառերով։ Արևի ճառագայթները չէին թափանցում, և մենք շարունակ գնում էինք բնական ծառուղիների միջով։ Օդը թեթև ու ախորժելի էր և տոգորված նուրբ բուրմունքով։ Փոքրիկ զեփյուռը, որի շունչը չէր լսվում բաց ճանապարհի վրա, այստեղ ծառերի մեջ, մի ախորժալուր շրշյուն էր հանում։ Չնայելով որ այս ուղղությամբ մենք բավական ճանապարհ անցանք, այսուամենայնիվ, անտառը դեռ չէր վերջանում և ծառերն անընդհատ հովանավորում էին մեզ։ Այդպիսով մենք անցնում էինք մեծ ու փոքր ձորակներ, մանր ու խոշոր բլրակներ, քերում էինք սարերի կողերը, թեքվում աջ, թեքվում ձախ և սակայն շարունակ անտառի միջով։ Անշուշտ արևը այրում էր դրսում, վասնզի թռչունները ձայն չէին հանում, բոլորը դարել, դադարել էին բունիկների մեջ։ Միայն անհանգիստ ճնճղուկներն էին, որոնք չրթչրթում էին արեգընդդեմ մացառներում, կամ մի քանի սարյակներ, որոնք մի ծառից մյուսի վրա թռչկոտելով լսեցնում էին մեզ իրենց փափուկ շվշվոցը։

Շուտով հասանք մի տեղ, ուր ընդարձակ տարածության վրա, ծառերի փոխարեն, շեղջակույտ դարսված էին հսկայաձև ժայռեր ու խոշոր ամբարտակներ։ Ինձ թվում էր, թե անտառն արդեն վերջացավ։ Բայց Պետոն բացատրեց, որ տարիներ առաջ այդ տեղը նույնպես ծածկված էր ծառերով, սակայն մի սաստիկ երկրաշարժի ժամանակ լեռան կոկողերից իջած այդ փլվածքը ծածկել է անտառի ծառազարդ մասը և նրա հետ միասին անհետացրել մի հորդ աղբյուր, որ բխում էր հենց նույն փլած տեղի վրա։ Եվ, իրավ, երբ այդ քարակարկառն անցնելով՝ խոտորեցինք դեպի սարի աջակողմը, տեսանք որ, իսկապես, այս տեղից է սկսվում իսկական անտառը, ուր սակայն ծառերը խիտ չէին այնպես, ինչպես մինչև այժմ։ Այստեղ մի ծառի բունը հեռու էր մյուսից հինգ կամ տասը քայլով, բայց և այդ ծառերը մի-մի բուրգեր էին։ Մի տեղ հինավուրց կաղնին յուր հսկա բնով և ահագին ճյուղերով գրավում էր գետնի մի ընդարձակ շրջապատ, ճնշելով յուր հովանու տակ փոքրիկ ու նիհար ծառեր։ Մի ուրիշ տեղ՝ հաճարուկն յուր անոստ բնով ձգվել, բարձրացել էր ինչպես սրբազան տաճարի սյունը և պսակաձև կատարը մատնել հողմերին։ Նրանցից հեռու խրոխտաբար կանգնած էր հաստարմատ հացին, հաստաբուն ճյուղերով և մանր ու սուր տերևներով։ Սրան մրցակից էր մեծափառ սոսին, բրգաձև բնով և լայնասաղարթ ոստերով։ Մի փոքր հեռու տատանում էին ուղղաբերձ կաղամախին, սգատերև նոճին և այլ բազմազան ծառեր, որոնք տասնյակ հազարներով ծածկում էին Սյունյաց այդ դժվարագնաց լեռները, ձորերը և լանջերը։

Այդ միջոցին, իսկապես, մենք գտնվում էինք ամենաբարձր լեռներից մեկի լանջին, որտեղից ծառերի միջով դեպի վար նայելուց երևում էին մեզ այն բլուրներն ու ձորերը, որոնց վրայով քիչ առաջ անցել էինք. Զարմանում էի, որ այժմ գտնվում ենք այդպիսի բարձրության վրա, ուր հասել էինք գրեթե անզգալի կերպով։ Օդը սակայն այստեղ խոնավ էր և ցուրտ, հողմի շունչը նույնպես ավելի զգալի, իսկ գետինը արևի պակասության պատճառով կանաչազուրկ և թաց։ Անտառի լռության մեջ, որ զգալի էր լինում հողմի վայրկենական դադարից հետո, տարօրինակ ձայներ էին հանում մեր ձիերի քայլվածքը, նամանավանդ ցեխոտ տեղերում, ուր թվում էր, թե չարաճճի տղաներ լճակի ափին կանգնած քարեր են ճղփացնում նրախաղաղ ջրի մեջ։

Կեսօրից քիչ անցած՝ հասանք մի հորդ աղբյուրի, որ բխում էր մամռապատ ժայռերի միջից և կարկառելով թափվում դեպի ձորակը տանող զառիվայրը։ Նրա մոտ իջանք ձիերից, լվացվեցանք և նստելով մի կնձենու հովանիում, բացինք տանուտերի կնոջ մեզ համար պատրաստած պաշարը, որ բաղկացած էր տապակած վառեկներից, եփած ձվերից, պանրից և մի քանի հատ նոր թխած հացերից։ Եվ որովհետև այսօր երեկվա ժամանակից ուշ էինք ճաշում, այդ պատճառով էլ ավելի քաղցած էինք։ Եվ չնայելով որ գինին քիչ էր, և նրա պակասը ստիպված էինք աղբյուրի սառը ջրով լրացնել, այսուամենայնիվ, ճաշն արինք մեծ ախորժակով։

Մի փոքր հանգստանալուց հետո, երբ պատրաստվում էինք մեր ճանապարհը շարունակել, նկատեցինք, որ ամպերը հյուսիսը ծածկեցին և կամաց-կամաց առաջանալով տարածվում են արդեն մեր գլխի վրա։

Անձրև պիտի ուտենք, նկատեց առաջնորդս։

Կարծում ես, որ կանձրևե, հարցրի ես։

Փառք պիտի տանք, եթե միայն անձրևե. ես փոթորկից եմ վախենում, պատասխանեց Պետոն հոնքերը կիտելով։

Ես չէի հավատում նրա գուշակությանը, որովհետև փոթորկի նշան դեռ չէի տեսնում, այդ պատճառով էլ շատ՝ չանահանգստացա։ Մենք հեծանք ձիերը և շարունակեցինք ճանապարհը։

Հազիվ անցավ քառորդ ժամ, և ահա հյուսիսը սկսավ փչել և քամու հետ միասին ցրվել աջ ու ձախ անձրևի խոշոր կաթիլներ։

Այս նշան է, որ փոթորիկը հեռու չէ, ասաց Պետոն և սկսավ փաթաթվիլ յուր այծենակաճի մեջ, որ գյուղացու միակ պահպանակն է ցրտի և անձրևի դեմ։

Ես էլ իմ խժե վերարկուն հագա և գլխիս քաշեցի նույն խժե կտորից շինված վեղարը, որոնք ջրից անթափանց լինելով, հարմար պահպանակներ են անձրևի ժամանակ։

Պատահել ես երբևիցե փոթորկի, հարցրեց ինձ Պետոն։

Ինչո՞ւ չէ. աշխարհում չե՞մ ապրում, նկատեցի ես։

Քաղաքի մեջ չեմ ասում, այլ անտառում, կամ լեռան վրա։

Ո՛չ, պատասխանեցի ես։

Է՛հ, լավ, հիմա կտեսնես և կծանոթանաս մի քիչ մեր քաշած օրերին։

Կարծես Ելովոսը Պետոյի վերջին խոսքին էր սպասում։ Օդը կամաց-կամաց սկսավ մրրկիլ, անձրևը սաստկացավ, մի կատաղի քամի շառաչեց հանկարծ անտառի մեջ այնպիսի սաստկությամբ, որ հինօրյա ծառերը արմատից սկսան տատանիլ։

Ես ցնցվեցա ձիու վրա և հանկարծակիի եկածի նման սկսա երերվիլ թամբի մեջ։

Պինդ սեղմիր ոտքերդ ձիու կողերին, եթե չէ, վրայից կարող ես գլորվել, զգուշացրեց ինձ Պետոն և օդի մեջ ծածանող յուր այծենակաճը սկսավ ամփոփել և քղանցքները սեղմել ծնկների տակ։

Անհոգ կա՛ց, պինդ եմ նստած, ասացի նրան կեղծ հանգստությամբ, բայց ներքուստ դողում էի, վասնզի բնության տարերքների այդպիսի հանկարծական խռովության դեռ չէի պատահած։

Քամին շարունակում էր շառաչել նույն սաստկությամբ, ծառերի բարձր գագաթները ուժգին ընդհարվելով միմյանց, հանում էին ահեղ սոսափյուն, որի արձագանքը գարնանազայր հեղեղի նման մռնչում էր անտառի խորքերում։ Երկինքը նույնպես սկսավ փայլատակել և որոտաց՝ սկզբում մեղմ և ապա այնպես սաստիկ, որ կարծես երկնակամարը պիտի փլչեր մեր գլխին։ Մենք շարունակ փաթաթվում էինք մեր պահպանակների մեջ և կծկվում ձիերի վրա, որովհետև քամին այնքան սաստիկ էր, որ քիչ էր մնում վայր գլորել մեզ ձիերի հետ միասին։ Իսկ անձրևը, ասես թե աշխարհը ողողելու համար էր սկսված, նա գնալով զորանում և հեղեղի էր փոխվում, կարծես երկնքի սահանքներրը պատռվել էին։ Մի քանի րոպե չանցած, անտառը ողողվեց ամբողջապես, նրա զառիվայրերից սկսան հոսել գետեր և առուներ, ճանապարհի հետքը կորավ բոլորովին։

Ես հետևում էի Պետոյին քայլ առ քայլ և ամեն րոպե սպասում մի դժբախտության, որովհետև շարունակ իջնում էինք ներքև, իսկ ձիերի սմբակները գետինը չէին բռնում, նրանք շուտ-շուտ սահում և գրեթե մեծ մասը փորի վրա էին սուրում։ Իսկ անտառը, որ արև ժամանակն արդեն ստվերաշատ էր, փոթորկի պատճառով, համարյա, մթնել էր, միայն թուխ ամպերի մեջ շուտ-շուտ փայլատակող կայծակն էր, որ ընդհատ լույս էր սփռում նրա մեջ և ապա ահեղ որոտումներով ծմակի խորքերը դղրդեցնում։ Այս դրության մեջ շարունակեցինք ճանապարհը գրեթե մի ժամ։

Ապա քամին քիչ-քիչ դադարեց, փայլակն սկսավ շողալ մերթ ընդ մերթ և որոտը լսվում էր երկնքում ավելի խուլ։ Այդ նշան էր, որ փոթորիկը անցել է հեռու կողմեր։ Բայg անձրևը տեղում էր նույն ուժով։ Նրա ձայնը, որ այժմ չէր ընդհատվում ոչ քամու մռնչյունով և ոչ ամպերի գոռոցով, լսվում էր անտառի մեջ ինչպես վարարած գետի խոխոջ, կամ բարձրից հոսող ջրվեժի շառաչ։ Շարունակելով ճանապարհը` շուտով հասանք մի հեղեղատի, որից պիտի անցնեինք Ուզուն-Դարա կոչված կիրճը մտնելու համար։ Բայց այդտեղից արդեն հոսում էր գետի չափ ջուր, որի մեջ մտնելը հանդգնություն էի համարում, ուստի խորհուրդ տվի առաջնորդիս միաժամանակ սպասել, մինչև որ հեղեղը դադարեր և ապա թե անցնեինք։

Եթե քո խորհրդին հետևեմ, այս գիշեր պիտի անտառում քնեմ, նկատեց Պետոն հեգնությամբ, այս ջուրը գնալով պիտի մեծանա, ուստի որքան շուտ անցնենք, այնքան մեր օգուտն է։

Այս ասելով նա մտրակեց ձին և աներկյուղ մտավ հեղեղատը։

Ես ևս, կամ ավելի ճիշտն ասած՝ իմ աշխուժոտ ձին հետևեց նրա օրինակին և մենք հաջողությամբ դուրս եկանք ձորակի հանդիպակացը։ Անցնելով այդ լանջի վերը և հետո մի ուրիշ բարձրավանդակ, այդտեղից ապա իջնում էինք մի կանաչազարդ հովիտ, որ Ուզուն-Դարայի բերանն էր համարվում։

Այստեղ արդեն անձրևը հետզհետե դադարեց և քամին սկսավ երկնքի վրա կուտակված ամպերը ցրել։ Տեղ-տեղ երևաց և պայծառ կապուտակը արևելյան շքեղ փիրուզի գույնով։ Արևի ճառագայթները ամպերի արանքից շեղակի թափանցելով՝ ոսկեղօծեցին անձրևից լվացված լեռներն ու սարերը, իսկ նրանց կոհակավետ բարձրությունների վրա հրաշալի ծիածանը յուր կամարը կապեց։

Մինչդեռ ես հիացած նայում էի նրան և հիշում աստուծո ուխտը Նոյի հետ՝ «Զաղեղն իմ եդից յամպս և եղիցի ի նշանակ յաւիտենական ուխտին ընդ իս և ընդ ամենայն երկիր». Պետոն գլխարկը հանած խաչահանում էր և աղոթում։

Ինչ ես աղոթում, Պետո, հարցրի նրան։

Գոհանում եմ աստծուց, որ փոթորկից ազատվեցանք։

Չազատված` ինչ պիտի լինեինք։

Այն, ինչ որ ուրիշները։

Այսինքն։

Կայծակնահար... ամեն տարի քանիսի՛ն է խփում այդ կրակը հենց այս սարերում։

Ես նոր սկսա խորհել գլխավոր վտանգի մասին, որ էր՝ փոթորկի ժամանակ ամպրոպների այդ հայրենիքում գտնվելը։ Բայց ավաղ, ես աղոթել չկարողացա։ Ինձ պակասում էր Պետոյի հավատքն ու ջերմեռանդությունը։ Եվ հենդ այդ պատճառով սկսա մտածել թե՝ որ դեպքում է մարդ ավելի երջանիկ. արդյոք այն, երբ հաստատ գիտե թե ինչու է անձրևից հետո ծիածանը կապում, թե այն, երբ հիշում է աստուծո ուխտը Նոյի հետ և հավատով աղոթում...

Ավելի առաջ գնալով մենք մտնում էինք գրեթե նոր աշխարհ։ Օդն այստեղ ավելի պայծառ, արևն ավելի փայլուն, իսկ սղոխները փչում էին անուշ։ Եթե հեռվից չերևեին այն անտառապատ լեռները, որոնցից մենք նոր էինք իջել և որոնց վրա տեղ-տեղ, թանձր ծուխի պես դեռ նստած էր մառախուղը, մենք փոքր առաջ կրած մեր նեղությունը երազ կկարծեինք։ Սակայն այսպես է Սյունյաց գեղեցիկ երկիրը։ Մի տեղ տիրում է անձրև, աղմուկ ու փոթորիկ, մյուս տեղ պայծառ արև, ջինջ կապուտակ և քաղցր հովեր։

Արևը գնալով տաքանում և մեր թրջված շորերը ցամաքեցնում էր։

Ահա վերջապես և Ուզուն-Դարան (երկայն ձոր)։ Նա ձգվում է երկու կողմից բարձրացող շղթայաշար լեռների միջով, մի քանի փարսախ երկարությամբ, երբեմն ուղղաձիգ և երբեմն աջ ու ձախ խոտորելով։ Նրան ակոսում է մի փոքրիկ գետակ, որը սակայն ահարկու և անանցանելի է դառնում գարնան վերջերում, երբ սարերի ձյուները, հալչելով, աղբյուրանում են դեպի ցած։ Մեր անցնելու ժամանակ նույնպես նա հորդ էր և նորեկ անձրևից պղտորած, իսկ նրա խոխոջը կիրճի մի քանի տեղերում փոխվում էր խուլ որոտման։

Ճանապարհն անցնում էր այդ գետակի երկարությամբ, այլ և երբեմն նրա երկու կողմից բարձրացող սարերի դժվարագնաց լանջերով։ Տեղ-տեղ այդ հանդիպակաց սարերն այնպես էին միմյանց մոտենում, որ կարծես հսկայական պատվարներ էին իրար դեմ կանգնած, և նրանց ահարկու ու միապաղաղ ժայռերը, որոնք կախված էին օդի մեջ, սարսափեցնում էին տեղին անծանոթ անցորդին։ Ուրիշ տեղ, ժայռերի փոխարեն, կախվում էին կիրճի բարձրությունների վրա հինավուրց ծառեր, կորացած ու մամռապատ բուներով, և նրանց մերկ ու բազմաճյուղ արմատները ժայռերի վրա ճապաղելով՝ գալիս հասնում էին մինչև ճանապարհի եզերքը և կամ նրա միջից անցնելով թաղվում գետակի մեջ։ Շատ տեղ էլ կիրճի լանջերը ծածկված էին ահարկու և անմատչելի անտառներով, որոնք ձգվում, տարածվում էին մինչև սարերի ամենաբարձր կատարները։ Այդ անտառների անծանոթ խորշերից խոխոջալով իջնում էին հարյուրավոր առուներ՝ երբեմն սիզավետ մարգերի վրա գետահետելով, իսկ հաճախ՝ ժայռերի բարձրությունից մեծաշառաչ դեպի ձորերը գահավիժելով։

Շարունակելով մեր ճանապարհը բնության այդ շքեղ հանդիսարանի միջով, հետզհետե հանդիպում էինք նորանոր գեղեցկությունների։ Մի տեղ մեզ հիացնում էր հսկահասակ մի սոսի, որի բունը յոթ մարդու գրկաչափ էին ասում ու, որն յուր խոռոչի մեջ, տեղատարափի ժամանակ, պատսպարում էր մի քանի զույգ ուղևորներ։ Այդ խոռոչը մի փոքրիկ խրճիթի չափ ընդարձակ էր և կամարակապ մատուռի նմանություն էր բերում։ Սակայն նրա վրա սավառնում էին դեռ հաստաբուն ճյուղեր առատորեն պսակված սաղարթախիտ ոստերով, որոնք, անշուշտ, մեծ հողմերի ժամանակ մաքառում էին նրանց հետ՝ ինչպես բազուկները զորավոր հսկայի։ Մի ուրիշ տեղ, գետի ափին, ուղղաձիգ տնկված է միապաղաղ մի քարաժայռ, մի քանի կանգուն բարձրությամբ, ինչպես փոքրիկ մի աշտարակ։ Նա արձանագրություններ չունի, նա վայրենի է, ինչպես այն լեռը, որի կրծքից պոկվել ու գլորվել է, բայց նա ավելի գիտե, քան մեր պատմությունները, նա այդ լեռնային աշխարհի երջանիկ և դժբախտ օրերի հավիտենական վկան է։ Եվ թե կարողանար խոսել, որքան հիշատակաց արժանի դեպքեր կպատմեր մեզ, դեպքեր որոնց հիշատակն այսօր կորել անհետացել է... կպատմեր թե՝ քանի քանի բանակներ, որոնց մասին չէ խոսել պատմությունը, մերթ խնդագին և մերթ հուսահատ եկել, անցել են յուր մոտից՝ հայրենի սահմանների վրա կռվելու համար, քանիսը հաղթական վերդարձել, քանիսը սպառ-սպուռ ջնջվել.,.. թե որքա՛ն ժողովուրդ, թշնամու երեսից հալածական, Սյունյաց ամուր սյուններին ապավինելու համար, իրար թևակոխելով, անցել են յուր մոտից, թե որքան հալածանքների ու կոտորածների հանդիսատես է եղել ինքը և որքա՛ն ողբացել հայրենի երկրի ավերմունքների համար... կամ գուցե, պատմել մխիթարական դեպքեր, որոնք սովորեցնեին մեզ դեն ձգել մեզանից հուսահատությունը և անշարժությունը դատապարտող հոռետեսությունը և խրախուսվիլ լավագույն մարդկանց փառավոր օրինակներով... Մի երրորդ տեղ պատահում է հրաշալի ջրվեժ, որ ահագին աղմուկով թափվում է լեռան բարձրությունից և ամբողջ ձորը որոտումով լցնում։ Նրա շառաչման արձագանքը անլռելի երաժշտության նման հնչում է մինչև անգամ հեռու լեռներում։ Կանգնելով ջրվեժի առաջ և վայելելով անուշ զովը, ուր ուժգին հոսանքը սփռում է երեսիդ, ընդնմին ցողելով վրադ ջրի մղեղ փոշին, ցավում ես, որ միայնակ ես, որ զվիցարական գեղեցկությանց սիրահարները չեն ընկերանում քեզ, որպեսզի քո հայրենիքի բնական գեղեցկություններով պարծենայիր նրանց առաջ…Վերջապես մի չորրորդ տեղ դու ակամա կանգնում, նայում ես կիրճի երկու կողմից օդի մեջ կախված միակտուր ամբարտակներին, որոնք, կենդանակերպերի նման, գնալով մոտենում են միմյանց և այդպիսով հորինում մի բնական կամուրջ կիրճի անդունդում որոտացող գետակի վրա։ Զվարճությամբ լսում ես այն առասպելները, որ գյուղացին համոզմունքով պատմում է այդ կամրջի մասին, աշխատելով հավատացնել քեզ թե՝ այդ հրաշալիքը սատանաներն են շինել մեղավոր հոգիներին դրա վրայով դեպի դժոխքը առաջնորդելու համար։

Արևը մայր մտնելու մոտ դուրս եկանք Ուզուն-Դարայից և սկսանք բարձրանալ դեպի Ն. գյուղի բարձրությունները, որոնք հետզհետե մացառուտից ազատվելով ծածկվում էին նոր դեղնող արտերով։ Ճանապարհը գնալով լայնանում և արահետ էր դառնում։ Մեզ պատահում էին գյուղացիներ, ոմանք լծած սայլերով, ոմանք բեռնաբարձ ձիերով ու ավանակներով, իսկ շատերը՝ միայնակ, մի ցուպ ձեռքներին կամ մի պարկ շալակած։ Այդ բոլորից արդեն երևում էր, որ մենք հեռու չենք այն գյուղից, որ իմ ամառային կայանն էր լինելու։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Խորհրդավոր միանձնուհի"

Ятук Музыка
Элегия
Арно Бабаджанян

Элегия

До заката
До заката
Играть онлайн