Мурацан

Իմ կաթոլիկ հարսնացուն

7

ԻԶ

ԽԵՂԴՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ

Առաջին անգամ երբ աչքս բացի ինձ իմ քրոջ տանը տեսի մանհճակալի վերա պառկած: Ինձ մոտ կանգնած էր բժիշկը և չորս կողմս տխրադեմ և արտասված աչքերով պատել էին քույրս, փեսաս, Մարգարիտան և յուր մայրը: Առաջին անգամ կենդանության նշույլ տեսնելով իմ մեջ նրանք բոլորը միասին սկսան ուրախանալ և ժպտալ. բժիշկը նրանց հուսադրում էր. ես լսում էի նրա խոսքերը. տեսնում էի նրա շրթունքների շարժվածքը, բայց անկարող էի մի բառ անգամ արտասանել: Ես տեսնում էի, թե ինչպես Մարգարիտան ուրախությունից գրեթե շնչասպառ խոնարհվել էր ինձ վերա, սեղմում էր ձեռքերս, փայփայում էր ինձ հազար և մի անուշ խոսքերով և կիսահագագ սպասում էր, որ մի բառ, մի խոսք արտասանեմ իրեն… Ես հազիվ կարողանում էի իմ համր և սիրապատար հայացքով հայտնել նրան, որ տեսնում և լսում եմ իրեն, որ հրճվում, ուրախանում եմ իրեն ինձ մոտ տեսնելով…

Անցան մի քանի ժամեր. բժիշկը կրկնապատկում էր յուր դարմանները կամաց կամաց և լեզուս սկսում էր բացվիլ: Առաջին խոսքը ես Մարգարիտային ուղղեցի, ցանկություն հայտնելով, որ նա միշտ մնար ինձ մոտ. հետո սկսա խոսել քրոջս և զոքանչիս հետ. ուրախությունը մի քանի րոպեի մեջ տիրեց ամբողջ տան մեջ։

Արդեն կես գիշեր էր: Բժիշկը խորհուրդ տվավ ամենքին հեռանալ իմ սենյակից և թույլ տալ ինձ քնանալու։ Բոլորը դուրս գնացին տեսնելով ուրախությամբ, որ ես արդեն լավ եմ զգում ինձ. և միայն քույրս մնաց ինձ մոտ գիշերը հսկելու համար։

Մինչև առավոտ ես շատ հանգիստ քնեցի։ Արեգակը արդեն բարձրացել էր, երբ ես զարթեցա։ Խեղճ քույրս դեռ աթոռի վերա նստած անքնությունից ննջում էր։

Ես իսկույն սթափեցրի նրան և խնդրեցի, որ շուտով գնար յուր ննջարանում հանգստանալու: Բայց նա չէր ուզում լսել ինձ: Այդ միջոցին ներս մտավ Մարգարիտան և ինձ բոլորովին առողջ տեսնելով վազեց, գրկեց և համբուրեց:

Աստված քեզ կրկին անգամ պարգևեց ինձ, Արամ, ասաց նա ոգևորությամբ, այսուհետև մենք չպիտի բաժանվինք միմյանցից մինչև անգամ մի րոպե…

Ես կրկին իմ համբույրներով պատասխանեցի սիուհուս և ապա երկուսս միասին ստիպեցինք քրոջս գնալ հանգստանալու:

Ես այստեղ եմ, կարող ես մի քանի ժամ ինձ հանձնել եղբորդ խնամարարությունը, ասաց Մարգարիտան ծիծաղելով:

Քույրս այլևս չընդիմացավ և քաշվեցավ յուր ննջարանը:

Երբ մենք մենակ մնացինք ես խնդրեցի Մարգարիտային պատմել, թե ինչ պատահեց ինձ հետ ծովի մեջ ընկնելուց հետո:

«Ինչ որ պատահեց, ես մանրամասնաբար հիշել չեմ կարող, պատասխանեց Մարգարիտան, որովհետև այդ րոպեին ես էլ ինձ կորցրել էի. միայն կպատնեմ, ինչ որ հիշում եմ:

Այն րոպեին որ դու թռար դեպի մեր նավակը, ես ցատկեցի իմ նստարանից, ես կամենում էի իմ գրկերի մեջ ընդունել քեզ, բայց անիծյալ նավաստին վարձված ավազակին մեկն էր, նա դիտմամպ այնպիսի հարված տվավ ալիքներին՝ որ թե՛ ես փռվեցա նավակի մեջ և թե՛ դու վրիպեցիր քո նպատակից։

Երբ ես կրկին անգամ բարձրացա, դու արդեն կռվում էիր ալիքների հետ, նրանք սպառնում էին խորասուզել քեզ, և դու աշխատում էիր թևակոխել նրանց և հասնել մեզ... Տեսնելով քեզ ծովի ծփանաց խաղալիք, ես աղաղակեցի իմ բոլոր ուժով. «Օգնեցեք, օգնեցեք, նա խեղդվում է...»։ Բայց մեր նավաստին փոխանակ դեպի քեզ մոտենալու սխալ հարվածներով հեռացնում էր նավակը քեզանից, ես սկսում էի խելագարվիլ և մի քանի անդամ փորձ փորձեցի դուրս թռչել նավակից, ազատել քեզ կամ քեզ հետ միասին խուրասուզվիլ…

Բայց մի քանի ձեռքեր միանվագ բռնեցին ինձ։

Ես մնացի անշարժ, և ճչում էի աղիողորմ ձայնով։ Ոչ ոք իմայիններից ձայն չէր հանում. նրանցից մինը մինչև անգամ սաստեց ինձ՝ լռել. ես կատաղում եմ...Բայց ոստիկանապետը իսկույն և եթ հրամայեց հետ դարձնել նավակը, նավաստին այս անգամ չհամարձակվեցավ ընդդիմանալ. մյուս կողմերից էլ շրջապատեցին քեզ ուրիշ նավաստիներ իրենց նավակներով, ամենքն էլ ճիգ էին թափում քեզ փրկելու։ Մի քանի անգամ դու դուրս խլվեցար նրանց ձեռքից, որովհետև հագուստներդ ողողվել և քեզ ծանրացրել էին։ Այդ հուսահատ րոպեին նավաստիներից մինը, որ արդեն մերկացել էր, ձգեց իրեն ջրի մեջ և հափշտակելով՝ քեզ սկսավ լողալ դեպի յուր նավակը։ Նրա արհեստակիցները օգնեցին նրան ձգել քեզ նավակի մեջ. հետո ինքն էլ ցատկեց և դուրս եկավ ջրից։ Այդ ազատարար հրեշտակը այն նավաստին էր, որ մեզ յուր նավակով բաց ծովից բերել էր նավահանգիստը։

Բայց շուտով հայտնեց նա ոստիկանապետին, որ դու արդեն անշնչացած էիր...

Օ, եթե կարողանայի նկարագրել քեզ՝ թե ինչ հուսահատություն տիրեց ինձ այն րոպեին, երբ այդ մահագույժը լսեցի... դու անշուշտ կսարսափեիր... բայց ես զգում էի, որ արդեն խելագարվում եմ, որովհետև սոսկալի վշտի ծանրությունը մի րոպե տեղի տվավ իմ մեջ ուրախության, կարծես թե ես կամենում էի ծիծաղել և կանխահաս գիտակցությունը խեղդեց իմ մեջ խելագարության այդ երկունքը..

Չնայելով իմ հոր և ազգականների խստության ես միջոց գտի մեր նավակից թռչել դեպի քեզ և գրկել քո ողողված և անշնչած մարմինը. «Արամ տար ինձ քեզ հետ․․․ մի թողնիր ինձ» անընդհատ ճչում և ողբում էի կամ խելագարի նման խոսում էի քեզ հետ, բայց երբ ոչինչ պատասխան չէի առնում ընկնում էի քեզ վերա և անընդհատ համբույրներով ծածկում էի փակված աչքերդ և անշնչած շրթունքներդ։

Ոստիկանապետի հրամանով նավաստիները բազմապատկել էին իրենց ույժերը և մեր նավակները շոգենավի պես թռչում էին ծածանուտ ալիքների վերա։

Մի քանի րոպեից ետ մենք արդեն նավակամրջի վերա էինք։

Նավակամրջի վերա, լամպերի լույսի առաջ ես նշմարեցի փեսայիդ․ խեղճը երևի սպասում էր այստեղ հավաստինալու համար, թե արդյոք անվտանգ ճանապարհվեցա՞նք մենք թ՞ե ոչ։ Բայց տեսնելով առաջին նավակում հորս և ազգականներիս շփոթված առաջ եկավ։

Արամը մեռավ օգնության հասիր, աղաղակեցի ես նավակի միջից․ և խեղճ մարդը շփոթված թռավ ինձ մոտ։

Քո անշունչ մարմինը շոշափելով նա մի հուսահատ ձայն արձակեց և ապա չոքելով առավ քեզ յուր գրկերի մեջ, մինչև որ ոստիկանապետի հրամանով նավակամրջի վերա գտնվող կառքերը մեզ բերին այստեղ։

Երբ մոտենում էինք ձեր տանը հայրս և ազգականերս շրջապատեցին ինձ և չէին ուզում թողնել որ ներս մտնեմ․ նրանցից մինը, որին ես իսկույն չկարողացա ճանաչել մինչև անգամ հանդգնաբար նկատեց․ «Չգիտեմ ինչո՞ւ համար չթողին որ չարագործը խորասուզվեր ծովի հատակը և մենք ազատվեինք»։ Ես մոտեցա նրան կատաղի հայացքով և արդեն պատրաստվում էի շեշտակի ապտակ իջեցնել երեսին, երբ նրա ծպտյալ կերպարանքի մեջ ճանաչեցի պատեր-Սիմոնին, մեր այսքան թշվառությանց հեղինակին։

«Դժոխքն է խոսում քո բերանով, ոճրագործ, մի հանդգնիր այդ շրթունքներովդ արդարի անունը արտասանելու» ասացի նրան և հետ խլվելով մտա այստեղ։

Բարեբախտաբար քույրդ քնած էր. փեսադ ամեն զգուշություն գործադրեց որ նա մեր գլխին հասած այս դժբախտությունը չիմանար: Շուտուվ հասավ և բժիշկը, որը ուրախացրեց մեզ ասելով որ վտանգավոր ոչինչ չկա: Նրա գործ դրած մի քանի դարմաններից հետ դու արդեն շնչում էիր: Մայրս հասավ հենց այն ժամանակ երբ Շուշանը զարթել էր. փեսադ երկուսին էլ ժամ առաջ նախապատրաստեց և ապա թե թույլ տվավ որ մտնեն քեզ մոտ:

Բայց առաջին վայրկյանի ազդեցությունը միայն բավական եղավ նրանց լացացնելու:

Տեսնելով նրանց ես նույնպես չկարողացա զսպել իմ արտասուքները: Բարեբախտաբար այդ վայրկյանները չերկարացան:

Շուտով դու աչքերդ բացիր և քո առաջին հայացքի հետ հույս և ուրախություն ներշնչեցիր մեզ: Իսկ այնուհետև ես և մայրս թողեցինք քեզ և չիմացանք թե ինչ պատահեց քեզ հետ:

Եվ այնուհետև ես շատ հանգիստ քնեցի հոգյակս, այնպես հանգիստ, որ այժմ կատարյալ առողջ եմ զգում ինձ ավելացրի ես, և տարածելով ձեռքերս գրկեցի սիրուհուս և ջերմաջերմ սեղմեցի կրծքիս վերա:

Այնուհետև բժշկի խորհրդով ես դեռ երկու օր էլ պառկած մնացի կատարելապես կազդուրվելու համար:

Մարգարիտան այդ երկու օրը գրեթե առավոտից մինչև երեկո ինձ մոտ էր անցուցանում:

Մենք անդադար խոսում էինք մեր փոքրիկ, բայց երջանկությամբ և դժբախտությամբ լի անցյալից և մերթ տխրում, մերթ ուրախանում էինք:

Երբ ես բոլորովին կազդուրվեցա, նորից վճռեցի վերցնել հարսնացուս և փախչել: Բայց այս անգամ ոչ թե ծովի ալիքներին ապավինելով, այլ Դաղստանի ահարկու լեռներին: Այս նպատակին հաջողությամբ հասնելու համար ես որոշեցի իմ փեսայի աջակցությամբ դիմել նրա բարեկամ մի խումբ լեզգիների օգնության, որոնց խոսքը և գործը առհասարակ պատերների մեքենայությանց հետ ոչինչ կապ չէր Բայց այս երկրորդ փախուստս ապահով ճանապարհի վերա դնելու համար ես պետք է դեռ մի ամբողջ շաբաթ սպասեի, և որ կարևորն էր շատ խորհրդապահ մնայի։

Այս անգամ դիտավորությունս միայն իմ փեսային հայտնեցի։

ԻԷ

ՆՈՐ ՄԵՔԵՆԱՅՈՒԹՅՈՒՆ

Առողջանալուց հետո դեռ առաջին օրն էր, որ ես տանից դուրս գալ էի ուզում, երբ պ. Լուսինյանը եկավ ինձ մոտ։ Նրա անակնկալ այցելությունը մի առանձին ուրախություն պատճառեց ինձ։ Ես մտածում էի, թե գուցե յուր ուսուցիչների ձեռով ինձ և յուր դստերը հասցրած այսքան վշտերը նա նորից է ուզում դարմանել և մեր միությանը համաձայնություն տալու համար է եկել։ Բայց երևաց, որ իմ նախկին աները բոլորովին հակառակ դիտավորությամբ է այցելել ինձ։

Նստելով իմ առաջարկած աթոռի վեր, նա սկսավ խոսել:

Հարգելի բարեկամ, մինչև այսօր քո գործ դրած բոլոր միջոցները իմ աղջիկը քո ամուսին դարձնելու համար ապարդյուն անցան, ինչպես ապարդյուն անցան և իմ ջանքերը, աղջիկս քեզանից հեռացնելու համար։ Դուք այժմ միմյանց սիրում եք, ճշմարիտ է, բայց որ դուք միմյանց պատկանելու չեք, այդ ավելի է ճշմարիտ։ Ինչպես գիտեք ի սկզբանե անտի ես ընդդեմ չէի ձեր երկուսի ամուսնության, այդ պատճառով էլ նշանադրեցի ձեզ, բայց երբ տեսա, թե կրոնական խտրություններ կան մեր մեջ, երբ տեսա, որ իմ պատվելի քահանաները ընդդեմ են այս միության և երբ տեսնում եմ, որ մեր գերապայծառ եպիսկոպոսը հրամայում է ինձ յուր սուրբ բերանով՝ չամուսնացնել քեզ հետ իմ աղջիկը, ես ավելի գերադասում եմ նրանց հաճությունը և կամքը կատարել, քան թե քո և իմ աղջկան ցանկությունը։ Այս վճիռը անխախտ և անքակտելի է։ Ուրեմն շնորհ արեք թողնել իմ աղջկան. հեռացրեք նրան ձեզանից. այդ դուք կարող եք... այս ես խնդրում եմ... Ձեր պահանջը կատարել իմ ուժից բարձր է, պատասխանեցի ես, դուք աշխատեցեք ձեր աղջկանը համոզել, և երբ նա ինքը կկամենա հեռանալ ինձանից, ես այլևս նրան չեմ հետևիլ:

Իմ աղջիկը ինձ չէ լսում, նա անտարբեր է իմ աղաչանաց, իմ արտասունքների առաջ… Ահա մի քանի օր է ինչ որ դուք պառկած եք, նա էլ իմ ընտանիքում չէ երևում. միշտ ձեզ հետ, միշտ ձեզ մոտ… Ի սեր աստուծո, խղճացե՜ք ինձ, խղճացե՜ք, նա իմ մի հատիկ զավակն է, ես նրանից զրկվել չեմ կարող…

Եթե սիրում եք նրան, սիրեցեք և ինձ, ամուսնացրեք նրան ինձ հետ, և դուք մեկի տեղ երկու զավակ կունենաք. եթե սիրում եք ձեր աղջկան, մի՛ տանջեք նրան, մի՛ հալածեք նրանից սիրված մարդուն:

Այդ մի՛ ասեք. այդ ես չեմ կարող անել. մեր պատերները, մեր գերապայծառը այդ չեն կամենում:

Ուրեմն իզուր եք ինձանից ձեր խնդրի կատարումը սպասում. ես առաջ իմ կյանքից կզրկվեմ, հետո իմ հարսնացուից, այս էլ իմ անխախտ և անքակտելի վճիռն է, իմացե՛ք:

Եթե դուք ձեռք չեք վերցնիլ իմ աղջկանից, ձեզ զորով կհեռանցնեն այս քաղաքից, իմացած եղեք. ես կամենում եմ, որ դուք ձեր պատվով հեռանանք, որպեսզի իմ աղջիկը մի ցավ ավելի չունենա:

Ո՛չ ինձ հեռացնել կարող են այստեղից և ո՛չ ձեր աղջիկը ինձանից խլել. ապահով եղեք:

Եթե ես այս խոսքերը ասում եմ ձեզ, բարեկամաբար եմ ասում. թողեք իմ աղջկան, հակառակ դեպքում դուք կզղջաք:

Իմ թշնամիների ձեռքով ես արքայություն էլ չեմ մտնիլ. դուք խլում եք ինձանից իմ ուրախությունը իմ կյանքը, և դուք իմ թշնամին եք. ես մերժում եմ ձեր բարեկամական խնդիրն էլ, խորհուրդն էլ:

Դուք կպատժվիք և կզղջաք, հաստատ ձայնով սպառնաց ինձ Լուսինյանը և դուրս գնաց:

«Ի՞նչ պետք է անեն ինձ այս մարդիկ, մտածեցի ինքս ինձ, մի՞թե դավադրությունների ցանկը դեռ վերջացած չէ»: Բայց ո՞վ կարող էր գուշակել, թե ի՞նչ կանեին, պատեր֊Սիմոնը և յուր ընկերները ամեն տեսակ չարիքներ նյութելու պատրաստ էին։ Բավական է, որ առիթ կար։

Մնում էր ինձ սպասել մի մոտալուտ դժբախտության։

Հետևյալ առավոտ եկավ ինձ մոտ մի ոստիկան և հայտնեց, որ ոստիկանատնից ինձ պահանջում են։

Ես իսկույն հետևեցի նրան։

Ոստիկանական վարչության մեջ սկսան հարցուփորձել ինձ թե ո՞վ էի ես, ո՞րտեղից եմ եկած, ի՞նչ գործով եմ պարապում այստեղ և այլն։ Բոլոր հարցերին էլ ես մի առ մի պատասխանեցի։ Հետո ոստիկանատան մի պաշտոնյան հարցրեց, թե արդյոք անցաթուղթ ունեի՞ ես։

Անցաթուղթ ունիմ, վստահությամբ պատասխանեցի ես։

Իսկ պաշտոնյան, որ կասկածանքով էր նայում ինձ վերա, պահանջեց, որ ցույց տամ իրեն։

Ինձ մոտ չէ, բայց կներկայացնեմ ձեզ, պատասխանեցի ես։

Ուրեմն մեր պաշտոնատարը կընկերակցե ձեզ, տվեք նրան անցաթուղթը, որ բերե, իսկ մենք նրա համարը մեր գրքերի մեջ արձանագրելուց հետո, անմիջապես կվերադարձնենք ձեզ։

Շատ լավ, պատասխանեցի ես և պաշտոնատարի հետ դուրս եկա։

Հասնելով տուն առաջին գործս այն եղավ, որ վազեցի պայուսակս վերցնելու, որովհետև անցաթուղթս նրա մեջ ունեի պահած։ Բայց որքան մեծ եղավ զարմանքս, երբ պայուսակս մահճակալի տակ չտեսի, ես նրան միշտ այնտեղ էի պահում և չէր կարելի, որ մի ուրիշը փոխադրած լիներ այնտեղից մի ուրիշ տեղ։ Հանկարծ միտքս եկավ, որ փախուստի գիշերը նրան պետք է վերցնեի ինձ հետ, բայց մոռացա և տանը թողի։ (Ուրեմն քույրս վերցրած կլիներ նրան մի ապահով տեղ դնելու համար» մտածեցի ինքս ինձ և դիմեցի քրոջս մոտ։

Դու նրան անպատճառ շոգենավումն ես մոռացել, նկատեց ինձ քույրս, այնպիսի շփոթված դրության մեջ, իհարկե, դու նրան վերցնելու վերա չէիր մտածիլ։

Ի՞նշ ես խոսում, քույրիկս, այն երեկո ես ինձ հետ չեմ տարել իմ պայուսակս, ես մինչև անգամ լավ հիշում եմ, որ ճանապարհին փեսան հիշեցրեց ինձ, որ ես մոռացել եմ նրան, իսկ ես պատասխանեցի, որ պայուսակս ինձ չի պիտի հարկավորվի միէչև Բ., ուստի մի դժբախտություն էլ չէ, որ մոռացել եմ նրան։

Այդ ճշմարիտ է, դու մոռացել էիր նրան, պատասխանեց քույրս, բայց մինչև այգին դեռ հասած չէիք լինի` որ մի տղայի ղրկեցիք ինձ մոտ թե` «Պայուսակս մոռացել եմ, շուտ ղրկիր, ճանապարհին սպասում ենք»։ Ես էլ տվի տղային և նա բերավ ձեզ։

Կատա՞կ ես անում, քույրիկս, բացականչեցի ես շփոթված, մենք այդպես տղա չենք ուղարկել քեզ մոտ, մենք պայուսակ չենք պահանջել։

Ես ,մացի արձանացած: Ո՞վպետք է լիներ այդ տղան և կամ ի՞նչ կարող էր իմանալ նա, թե ես պայուսակ եմ մոռացել տանը: Այս ճարպիկ հափշտակությունը ինձ ապշեցնում էր:

Բայց այդ ժամանակ վերա հասավ փեսաս և հանելուկը լուծեց։

Հիշո՞ւմ ես, ասաց նա, որ այն երեկո այգու ճանապարհովն անցնելու ժամանակ ես հիշեցրի քեզ պայուսակի մոռացման մասին, և դու բարձրաձայն պատասխանեցիր թե` «Ոչինչ. ես իմ պայուսակին հարկավորություն չեմ ունենալ մինչև Բ.», այդ ժամանակ անցավ մեր մոտից Կլեմեսը…»

Ա՜, այժմ հասկանում եմ... նա է ճարպկությամբ տանել տվել պայուսակս, այդ անիծյալը մի քանի օր առաջ եկավ և վարպետությամբ տեղեկացավ, թե արդյոք անցաթուղթ ունիմ ես. նա մինչև անգամ տեսավ, թե որտեղ եմ պահում նրան։ Եվ որովհետև նա առաջուց տեղեկացել էր նավաստիից ամեն բան, ուստի մեր կառքով անցնելն էլ տեսնելով շտապել է հարմար րոպեից օգուտ քաղել։ Պաշտոնատարը դրսում ինձ սպասում էր, ես մնացել էի տարակուսված, և չգիտեի ինչ պատասխանել նրան։ Մի րոպե ցանկացա դիմել սարկավագին և խնդրել նրան հետ դարձնել ինձ անցաթուղթս, բայց մտածելով, որ նա հենց այն դիտավորությամբ է ձեռք գցել, որ կարողանա պատժել ինձ, ես թողեցի այդ միտքը։ Ի՞նչ զենքով կարող էի ես համոզել այդ երիտասարդին, որ նա կարեկցեր ինձ։

Ինձ բարություն անելու տեղ, ճիզվիթների այդ արբանյակը կարող էր մինչև անգամ մեղադրել ինձ զրպարտության մեջ և նորանոր փորձանքներ բերել իմ գլխին։ Այժմ ես վախենում էի նրանից նույնչափ, որչափ և յուր ուսուցիչներից։

Ինձ մնում էր դիմել ոստիկանատան և հայտնել նրա վարչությանը ճշմարիտ իրողությունը:

Եվ ես գնացի:

Բայց ոստիկանական պաշտոնյան ոչ միայն սառնությամբ լսեց իմ պատճառաբանությունը, այլև վերջում մի հեգնական Ժպիտ և խորհրդավոր հայացք ուղղեց դեպի ինձ, որով ուզում էր հասկացնել, թե ինքն արդեն գիտե, որ ես ստախոսում եմ, բայց չէ կամենում իմ հանցանքը բռնել իմ երեսին...

Ոչինչ այնքան վիրավորական չէ, քան թե այն շնորհը, որով մարդիկ իբր քեզ հանցավոր ճանաչելով քաղաքավարությամբ լռության են տալիս այն հանցանքը, որը դու չես գործել, բայց որին քեզ իրենք հեղինակ են ճանաչում..»

Իմ զեկուցումը լսելուց հետո պաշտոնյան ներս մտավ ոստիկանապետի մոտ։ Մի քառորդ ժամ այնտեղ խոսակցելուց հետո դուրս եկավ և խնդրեց ինձ ներկայանալ ոստիկանապետին։

Ձեզ վերա մեծամեծ ամբաստանություններ կան, ասաց ինձ ոստիկանապետը, երբ ես ներս մտնելով ողջունեցի նրան, այդ ամբաստանությունները գրավոր կերպով ներկայացրել են ինձ ամենանշանավոր մարդիկ` Սարատովի ավագերեցը Ֆրանցիսկոս Լորենտանո և քաղաքիս մեջ մեծ անուն և հարգանք վայելող զույգ քահանաներ` պատեր-Սիմոնը և պատեր֊Պետրեն։ Բացի այն, որ ամբաստանություն ներկայացնողները վարկ և կշիռ ունեցող անձնավորություններ են, նույնիսկ ամբաստանությունը պարունակում է յուր մեջ անհերքելի փաստեր և ապացույցներ։ Ամբաստանության մեջ ասված է, որ դուք մի փախստական եք և խռովարար: Առաջինը հաստատում եք ինքներդ չկարողանալով ներկայացնել մեզ ձեր անցաթուղթը, որի համար մի ժամ առաջ ասում էիք, թե` ունիմ։ Երկրորդ ամբաստանության համար էլ դեռ անկորուստ մնում են այն արձանագրությունները, որոնք վկայում են հասարակաց տան մեջ ձեր գործած սկանդալները, մի պատվավոր ընտանիքի աղջկան մոլորեցնելը և նրան վտանգավոր նավարկությամբ փախցնել կամենալը… և այլն։ Ձեր առաջին հանցանքը ես ներեցի ի շնորհս իմ մի հարգելի բարեկամին։ Վերջինի համար ես չեմ կարող ներողամիտ լինել, մանավանդ որ պաշտոնական ամբաստանագրով երեք պատվելի անձնավորություններ դատ են պահանջում ինձանից:

Ոստիկանապետը որքան խիստ, նույնչափ էլ դյուրահավատ մարդ էր երևում ինձ. ես սկսա սկզբից մինչև վերջը պատմել նրան իմ գլխով անցածները։ Այսպիսի գավառական քաղաքներում առհասարակ վարչությանց գլուխները ավելի ժամանակ և հոժարություն են ունենում լսելու։ Մեր ոստիկանապետը դեռ մի քիչ էլ ավելի ուներ։ Հետևապես նա լսեց ինձ ոչ միայն համբերությամբ, այլև մեծ զվարճությամբ։

Երբ ես վերջացրի, նա ծալեց յուր առաջ դրած ամբաստանագիրը և դնելով սեղանի մի անկյունում ասաց.

Այս թուղթը մենք կընդունենք իբրև մի զրպարտություն. և նրա վերա ուշրադրություն չենք դարձնիլ, որովհետև նրա մեջ հիշված ամբաստանությունները դուք կարող եք հերքել նույնիսկ դատաստանի առաջ, բայց ի՞նչ կարող եմ անել ես ձեր անցաթղթի համար։ Ճշմարիտ է, ես հավատում եմ, որ նա կորած է, Բայց օրենքի առաջ իմ հավատը նշանակություն չունի։ Նա պահանջում է, որ անցաթուղթ չունեցողներն հետիոտն իրենց հայրենիքը ուղարկվին: Ձեր հակառակորդները շատ ճարպիկ են շարժել և օրենքի այդ տրամադրության համաձայն կպահանջեն ինձանից օրինաց ճշտիվ գործադրությունը։ Ես չեմ կարող նրանց պահանջը չկատարել, որովհետև ինձ տերությունն է կերակրում, և ես պարտավոր եմ օրենքը սրբությամբ գործադրել. հակառակ դեպքում ես կպատժվիմ և կպատժվի ինձ հետ իմ ընտանիքը:

Ի՞նչ եք կամենում ուրեմն որ ես անեմ, հարցրի ոստիկանապետին։

Դուք պետք է հեռանաք այստեղից։

Իսկ եթե չկարողանա՞մ։

Այն ժամանակ ստիպված կլինեմ օրենքի հրամանը գործադրել. ուրիշ ելք չկա։

Գոնե ինձ ժամանակ տայիք իմ հարսնացուն ինձ հետ վերցնելու...

0՜, դուք կամենում եք իմ ձեռքով հանցանք գործել, շփոթված ընդհատեց ինձ ոստիկանապետը, հետ առեք ձեր խոսքը: Եթե ես թույլատրեմ ձեզ ձեր կամքովը հեռանալ, դա շատ մեծ զիջում է, որովհետև հենց այդ դեպքում էլ ես օրինաց հակառակ վարված կլինեմ։ Օրենքը հրամայում է «հետիոտս և պահապանների հսկողության ներքո», Հասկանո՛ւմ եք։

Ուրեմն դուք չե՛ք կամենում ինձ ժամանակ տալ։

Ես կամենում եմ, բայց չեմ կարող, դուք պիտի այնպես հեռանաք, որ ես այդ չիմանամ, ապա թե ոչ, պատերների կողմից կրկին անգամ զեկուցում ստանալուն պես ես կշտապեմ գործադրել օրինաց հրամանը։ Ընդդիմությունը կարող էր զայրույթ ծնեցնել։ Ես խոստացա ոստիկանապետին առաջին շոգենավովն իսկ ճանապարհվիլ դեպի իմ հայրենիքը և դուրս գնացի։

ԻԸ

{{Կենտրոն|ԱԿԱՄԱ ԶԻՋՈՂՈՒԹՅՈՒՆ

Վերադառնալով տուն, տեսա, որ քույրս և փեսաս անհամբեր սպասում էին ինձ։ Իմ հայտնությունը, հակառակ իմ սպասածին, նրանց վերա տխուր տպավորություն չարավ։ Ես զարմացա։

Դուք չե՞ք ցավում ուրեմն, որ ես այսքան անարգությամբ պիտի փախուստ տամ այստեղից, հարցրի ես քրոջրս վիրավորված սրտով։

Բնավ, ընդհակառակը մենք շատ ուրախ ենք, պատասխանեց նա ժպտալով։

Ես ոչինչ չեմ հասկանում քո խոսքերից, մի փոքր ավելի պարզ խոսիր, նկատեցի ես: Ուրախ ենք նրա համար, որ քեզ միայնակ չենք ուղարկելու, մենք էլ պիտի ընկերակցենք քեզ, պատասխանեց քույրս։ Երբ դու ոստիկանատանն էիր, մենք արդեն որոշեցինք այս բանը, որովհետև գուշակում էինք, թե ինչ հրաման պիտի ստանայիր ոստիկանությունից։ Ես ավելի եմ ուրախ, որովհետև այս դեպքը առիթ կդառնա, որ ես ու փեսադ գոնե մի անգամ կայցելենք մեր մորը և բարեկամներին: Ահա յոթներորդ տարին լրանում է, ինչ որ մենք բաժանվել ենք նրանցից։

Այդ բոլորը լավ . Հապա Մարգարիտան, մի՞թե պիտի թողնենք նրան։

Իհարկե կթողնենք, հարեց փեսաս, մենք այնտեղ երկար չենք կարող ուշանալ։ Մի ամիս չի տևի, և մենք կվերադառնանք։ Այն ժամանակ դու էլ նոր անցաթղթով կգաս մեզ հետ այստեղ, և ինչ դիտավորություն որ ունես, անարգել կկատարես։ Այն ժամանակ դու ավելի սառնարյունությամբ գործ կբռնես։

Մի ամի՜ս... ամբողջ մի ամիս չտեսնել Մարգարիտային... օ՜հ, այդ իմ ուժից վեր է.. և վերջապես ո ՞ւմ հուսովն ենք թողնում նրան այստեղ։

Յուր մոր հուսով, հարեց քույրս, նա ավելի պակաս չէ սիրում յուր աղջկանը, քան թե դու և ես։ Մարգարիտան այնքան խելոք աղջիկ է, որ համբերությամբ կտանե քո մի ամսվա բացակայությունը, մանավանդ որ այդ բանը առիթ կտա կրքերի խաղաղվելուն։ Գուցե մինչև մեր վերադարձը կհեռանան այստեղից և պատեր֊Սիմոնի օգնականները և այնուհետև հեշտ կլինի քեզ համար հաղթահարել նրան։ Նույնիսկ Լուսինյանը կարող է այդքան ժամանակում խելքի գալ, ճանաչել յուր սխալները և զզջալ։ Միով բանիվ այդ միամսվա բացակայությունդ շատ բարիք կարոդ է հառաջացնել թե՛ քեզ և թե՛ Մարգարիտայի համար։ Գոնե դուք մի փոքր կկազդուրվիք, որովհետև հոգեկան անընդհատ հուզմունքներրից երկուսդ էլ արդեն կորցրել եք ձեր առողջությունը։

Քրոջս խորհուրդներր վատ չէին․ ուղեղս խոնարհվում էր նրանց առաջ, միայն ապստամբը սիրտս էր. նա լսել անգամ չէր հանդուրժում։

Բայց ի՞նչ կարող էի անել։ Նույնիսկ ոստիկանական հրամանը հարկադրում էր ինձ հեռանալ, և ես նորանոր փորձությանց ենթարկվելու այլևս ուժ չունեի։ Պետք էր վերջապես խոնարհվիլ ճակատագրի առաջ. պատվավոր ազատության ելք չկար։ Եվ ես տվի իմ համաձայնությունը։

Մի օրից հետ արդեն առաջին շոգենավը ճանապարհվում էր։ Քույրս ու փեսաս սկսան կարևոր պատրաստությունները տեսնել, իսկ ես շտապեցի հայտնելու սիրուհուս մեր դիտավորությունը։

Մենավոր խոսակցությանց համար իմ և Մարգարիտայի մշտական տեսակցությանց տեղը այգին էր։ Կարևոր դեպքում Մարգարիտան դուրս էր գալիս տնից Մարիի հետ, զբոսնելու պատրվակով, և ես նրան պատահում էի միշտ ծովափի մոտ գտնվող մեր մի սիրելի ծառուղիում։

Ուղարկելով Մարգարիտայի ժամադրությանս տոմսակը, քայլերս ուղղեցի դեպի այգին։ Բայց ի՞նչպես պետք է ասեի նրան, թե հեռանում եմ քեզանից, այդ միտքը տանջում էր ինձ։ Մեր հապճեպ ուղևորության ճշմարիտ պատճառը հայտնել չէի կարող, որովհետև նրա առանց այն էլ վշտացած սիրտը կրկնապատիկ կխոցոտվեր, մնում էր մի սուտ պատճառ հնարել, մի պատճառ, որը նա հերքել չկարողանար։ Եվ ահա. այդ պատճառը գտնելու համար էր, որ ես հոգնեցնում էի իմ ուղեղը, բայց գտնել չէի կարողանում։

Շատ անգամ մեծամեծ խնդիրներ, որոնց լուծելու համար տարիներով պարապում են փորձառու գլուխները, քուծվում են ամենաչնչին և ամենաաննշան դիպվածներով։ Այդպես էլ պատահեց ինձ հետ։ Դեռ այգին չհասած հանդիպեց ինձ հեռագրական ցրվիչը և տվավ ինձ մի հեռագիր, որր մի առևտրական գործի համար քաշել էր ինձ բարեկամներիցս մեկը։ Հեռագիր տեսքը միայն բավական եղավ ինձ իմ որոնած պատճառը գտնելու։

«Կասեմ Մարգարիտային, որ մեր տնից հեռագիր ստացա, որով հայտնում են՝ թե մայրս մերձ ի մահ հիվանդ է և ինձ ուզում է» մտածեցի ինքս ինձ և ուրախացա։ Պատրվակը ամենահարմարն էր, մանավանդ որ քույրս ու փեսաս ընկերակցում էին ինձ։ Հենց այդ պատճառով էլ Մարգարիտան չէր կարող կասկածել իմ խոսքերի ճշմարտության վերա։ Իսկ կրկին այստեղ վերադառնալուց, իհարկե, ես նրան կխոստովանեի ճշմարտությունը. բավական էր, որ մինչև իմ վերադարձը նա հանգիստ լիներ։

Բայց պետք էր հարկավոր դիպվածում ցույց տալ նրան հեռագիրը։ Այդ պատճառով ես կրկին վերադարձա տուն, պատրաստեցի այդ մտքով մի հեռագիր, և քրոջս ու փեսայիս էլ նախապատրաստելով շտապեցի Մարգարիտայի մոտ։

Նա արդեն մտախոհ ճեմում էր յուր սիրելի մենարանում, իսկ մի քանի քայլ հեռավորության վերա նստած էր Մարին։

Սիրելի Մարգարիտա, այսօր անախորժ լուր պիտի հաղորդեմ քեզ, ասացի նրան ողջունելուց հետ։

Այնքան շատ անախորժ լուրեր եմ լսել, որ ականջներս սովորել են, պատասխանեց նա տխրությամբ, ասա, ես հանգիստ սրտով կլսեմ քեզ։

Գիտե՞ս, սիրելիս, ես պետք է հեռանամ քեզանից…

Հեռանա՞լ... երբե՛ք, այդպիսի լուր ես չեմ կարող լսել, ես կմեռնեմ...

Բայց գիտես, պիտի հեռանամ շատ կարճ ժամանակ, ընդամենը մի ամսով։

Եվ ոչ իսկ մի օրով, բացականչեց նա ջերմությամբ. այն օրը որ դու կհեռանաս ինձանից, այն օրն էլ դու ինձ կկորցնես հավիտյան...

Մարգարիտա, հոգյակս, դու այնպես ես խոսում, որ իբր թե այս բաժանումը շատ ցանկալի է ինձ համար, բայց գիտցիր, որ ես սիրտս սեղմելով եմ զիջանում այս ձեռնարկությանը, որովհետև անհրաժեշտ է նա։

Անհրաժե՞շտ, բայց ինչու՞ համար, մի՞թե կա մի ուրիշ գործ ավելի անհրաժեշտ քան այն, որ քո ներկայությամբ դու պիտի սփոփես քո սիրատանջ և վշտահար Մարգարիտային…

Եա մի վայրկյան լռեցի, որովհետև չէի համարձակվում խաբել իմ սիրուհուն, այդ րոպեին նա իմ աչքում երևում էր ինչպես մի գերբնական ոգի, որ կարող էր թափանցել իմ սրտի մեջ և քննել նրա գաղտնիքները... Այդ սիրտը ինչպես մի հանցավոր, դողում էր նրա առաջ և խելքն ու կամքը տեղի էին տալիս իմ մեջ սրտի սրբազան զգացմունքներին...

Բայց չէ՞ որ չարիքներից փոքրագույնը պետք էր ընտրել, ավելի լավ էր խաբել՝ նրան վիշտ չպատճառելու համար, քան վշտացնել՝ մի անօգուտ ճշմարտություն խոստովանելու համար։ Կամաց կամաց ես հակվում էի վերջին միջոցի կողմը:

Ուստի երբ նա կրկին հարցրեց թե՝ ինչո՞ւ համար է անհրաժեշտ իմ հեռանալը, ես ցույց տվի նրան շինծու հեռագիրը։

Խեղճ Մարգարիտա. նա իսկույն հավատաց ինձ և տխուր ձայնով մրմնջաց.

Քանի որ մայրդ հիվանդ է, ես չեմ կարող ստիպեք քեզ, որ ուշանաս։ Գնա, գուցե նա կարոտ է քո օգնության, գուցե նրա կյանքը քո վերադարձից կախում ունի, նա կարող է վշտանալ և անիծել այն ձեռքը, որ արգելում է քո վերադարձը... բայց ասա նրան, Արա'մ, որ այդ ձեռքը իմն է, որ ես պաշտում եմ քեզ... որ ես պիտի մեռնեմ առանց քեզ...

Այս խոսքերով նա ընկավ իմ պարանոցով և սկսավ հեկեկալ և դառնապես արտասվիլ... Իմ սիրտը կտրտվում էր, ես կամենում էի ընկնել իմ սիրուհու ոտքերի առաջ, ծածկել նրանց իմ համբույրներով և հենց այդտեղ, նրա ոտքերի տակ, ավանդել իմ հոգին...

Բայց ավա՜ղ, մարդիկ ցանկացած րոպեին երջանկանալ կարենալու չափ ուժ չունեին. նույնիսկ մահը փախուստ է տալիս նրանցից, երբ գիտե, թե յուր մատչելով՝ գոհություն պիտի պատճառե մահկանացուին...

Եվ այսպես, մենք երկար գրկախառնված միայն լալիս էինք, մինչև որ վերջապես մեր արտասվաց առուները փակվեցան, և մենք հոգեկան վրդովմունքից գրեթե վաստակած նստանք հովանավոր ուռիների տակ։ Մարգարիտան դեռ չգիտեր, թե քույրս և փեսաս էլ պիտի ընկերակցեին ինձ, բայց երբ այս բանը ես հայտնեցի նրան, շատ ուրախացավ, որովհետև դա մի հաստատուն գրավական էր իմ շուտափույթ վերադարձի համար. ըստ որում Մարգարիտան ինքն էլ գիտեր, որ փեսաս ու քույրս երկար բացակայել չէին կարող։

երբ կերթաք մորդ մոտ և աստուծով նրան կառողջացնեք, սկսավ սիրաբանել Մարգարիտան, ասացեք նրան, որ դուք թողել եք այստեղ մի երկրորդ հիվանդ, որը նույնպես կարոտ է յուր որդու հոգատարության, թող նա շուտ, շատ շուտ վերադարձնե քեզ ինձ մոտ: Այսուհետև օրերը տարիներ պիտի դառնան ինձ համար և արևը մութ ու լուսինը խավար պիտի երևի իմ աչքում։ Ասա՛ մորդ, որ նա խղճա ինձ, յուր երկրորդ աղջկանը, յուր Արամի Մարգարիտային... Ասա, որ ես սիրում եմ նրան, որովհետև նա քո մայրդ է. ասա՛, որ ես ճնշում եմ իմ սիրտը, որ ես խեղդում եմ իմ սերը, միմիայն յուր համար, թող ինքն էլ չզլանա ինձ ամենափոքրիկ զոհողություն զկվիլ քեզանից միայն մի ամիս. այնուհետև մենք կրկին կվերադառնանք յուր մոտ և միշտ միասին կլինինք...

Այս և սրա նման շատ խոսքեր էր խոսում ինձ Մարգարիտան սևեռելով ինձ վերա յուր սևորակ և գեղեցիկ աչերը՝ մերթ կրակոտ և սիրապատար, մերթ մեղմ և աղաչավոր հայացքներով։ Ես լսում էի նրան հոգեզվարճ հիացմունքով և սրբազան հափշտակությամբ... Եվ երբ նա ավարտեց յուր խոսքը, մենք ուղղվեցանք դեպի տուն։

Քույրս ու փեսաս մեր ուղևորության միակ արգելքը Մարգարիտայի կողմից էին սպասում, բայց նրանք շատ ուրախացան, երբ Մարգարիտան զվարթ երեսով հանդիպեց նրանց և մինչև անգամ բարի ճանապարհ մաղթեց։ Իրենք էլ մյուս կողմից ավելի սփոփեցին նրան, խոստանալով, որ ամեն ջանք գործ կդնեն ինձ շուտ վերադարձնելու։ Մյուս կողմից էլ, երբ բացատրեցին նրան մեր ուղևորության անհրաժեշտությունը, նույնիսկ մեր և յուր հոր լարված դրությունը բարեփոխելու և պատերների խումբը ցրվելու նպատակով, Մարգարիտան ավելի հանգստացավ և սկսեց մինչև անգամ օգնել քրոջս մեր ուղևորության պատրաստությունների մեջ։ Ամբողջ այդ օրը Մարգարիտան մնաց մեզ մոտ և երեկոյան դեմ հեռանալով՝ ժամադիր եղավ առավոտը շոգենավի ճանապարհվելու ժամանակ գալ ուղղակի նավահանգիստը և այնտեղ նավամատույցի վերա առնել մեր վերջին հրաժեշտի ողջույնը։

ՀՈՒՅՍԵՐՍ ՓՇՐՎԵՑԱՆ...

Դուք անշուշտ երազներին չեք հավատում, ես էլ ձեզ նման սնահավատ չեմ։ Բայց համոզվեցեք, որ կան երազներ, որոնք չեն խաբում և որոնց պետք է հավատալ։ Ահա այդ երազներից մինն էր, որ այդ միևնույն գիշերը խռովեց իմ հանգիստը։

Ինձ թվում էր, թե Մարգարիտայի հետ զբոսնում էի մի գեղազարդ այգիի մեջ, ուր ամեն կողմից մեզ շրջապատում էին հարուստ և բարձրաբերձ ծառեր, ծաղկափթիթ պուրակներ և կանաչազարդ թփիկներով եզերված առուներ, որոնք կարկաչասահ և բազմապտույտ ոռոգում էին գեղեցիկ դարաստանը։

Մենք թևիթև ճեմում էինք հովանավոր ծառերի տակ, և Մարգարիտան մերթ ընդ մերթ ամենագեղեցիկ ծաղիկները նրանցից փնջեր էր կապում և կախում էր իմ կըրծքի վերա։

Այս փնջերը թող հիշատակ մնան քեզ մոտ, Արա՛մ, ասում էր նա, որովհետև իմ վախճանը մոտեցել է, և ես պետք է մեռնիմ... Բայց երդվիր ինձ, որ իմ մահից հետո, դու անթառամ կպահես այս փնջերը և երբ քո հոգին կբաժանվի քեզանից, դու նրան կհանձնես մեր սիրո այս գողտրիկ հիշատակները ինձ բերելու համար...

Եվ այս խոսքերը դեռ նա չէր ավարտել, երբ մի հանկարծական թնդյուն շրջապատեց մեզ, գեղեցիկ դարաստանը փոխվեցավ մի հորձանուտ ծովակի, որի կոհակները կատաղի շառաչմամբ դիմում էին դեպի մեզ... Մենք սարսափահար սկսանք փախչել նրանցից։

Այդ փախուստի ժամանակ հանկարծ Մարգարիտան ճչաց' «Արամ, ազատիր ինձ...»։ Ես իսկույն հետ դարձա և ինչ եմ տեսնում, ով աստված, կոհակներից մինը մարդու կերպարանք առած ահագին բերանով և կատաղի աչքերով վազում էր մեր ետևից, նա հագած ուներ սառույցներից շինված քահանայական սքեմ և նույնպիսի սաղավարտ, իսկ ձեռքի մեջ մի հրեղեն սուր և մի արյունոտ խաչ... Հենց այն րոպեին, որ ես կամենում էի պատսպարել Մարգարիտային, նա խլեց նրան իմ ձեռքից և մի ակնթարթում անհայտացավ ծովակի ալիքների մեջ...

Մարգարիտա, աղաղակեցի ես իմ բոլոր ուժով և սարսափահար վեր թռա քնիցս։

Թեպետ նույն րոպեին երազի մեջ լինելս իմանալով ուրախացա, բայց երկյուղից ամբողջ մարմինս դողում էր։

Արդեն մոտ էր լուսանալու, ես էլ քնել չկարողացա։ Զանազան տխուր մտածմունքներ հետզհետե սկսում էին ինձ պաշարեր: Ես վախենում էի, թե չլինի՞ այդ տարօրինակ երազը կատարումն ստանա։

Եվ թեպետ մերոնք արթնանալով ինձ ևս ստիպեցին վեր կենալ և ուղևորության համար պատրաստվիր, բայց ամբողջ ժամանակ սիրտս մեռածի պես էր, և երակներիս մեջ կարծես արտասուք էր հոսում...

Վերջապես կամաց-կամաց սկսանք պատրաստվիր, ծանր իրեղենները ժամ առաջ շոգենավը ղրկեցինք, տանը մնացած իրեղենները ըստ պատշաճի ամրացրինք, և նրանց պահպանելու համար ծառաներին կարևոր հրահանգները տվինք և այսպես մինչև ժամ ութը ամեն բան վերջացնելով դուրս եկանք տնից և ուղղվեցանք դեպի նավահանգիստը։

Ես սկսա շտապեցնել քայլերս նավակամրջի վերա Մարգարիտային տեսնելու և նրա հետ մի քանի վայրկյան ավելի խոսելու համար։

Բայց դեռ ծովափը տանող ճանապարհի վերա էի, երբ տեսա, որ Մարին վագում է իմ ետևից։

Ի՞նչ կա, Մարի՛, շտապով հարցրի ես։ Օրիորդը այս նամակը տվավ ինձ, որ ձեզ հանձնեմ, պատասխանեց նա և մի նամակ տվավ իմ ձեռքը։

Իսկ ինքը ո՞ւր է, մի՞թե չէ գալու, հարցրի ես անհանգստությամբ։

Չգիտեմ. մենք նրան այսօր յուր անկողնում չգտանք, երևի շատ վաղ է վերկացել. մենք կարծում էինք, թե նա ձեզ մոտ կլիներ:

Ինչպե՞ս թե մեզ մոտ, շվարած հարցրի ես, և ապա նամակը հիշելով հարեցի, հապա այս նամակը նա ե՞րբ տվավ քեզ։

Երեկ երեկոյան և խնդրեց, որ այս առավոտ հանձնեմ ձեզ։

Ես կամեցա իսկույն բանալ նամակը, բայց ծրարի վերա գրված մի քանի տողերը իմ ձեռքերը թուլացրին։

«Արամ, երդվեցնում եմ քեզ մեր սուրբ սիրո անունով, որ կատարես իմ վերջին խնդիրը։ Այս նամակը կարդա այն Ժամանակ, երբ դու արդեն շոգենավով մի քանի փարսախ հեռացած կլինիս»։

«Ի՞նչ նամակ պետք է լինի այս» մտածեցի ես զարհուրելով և շտապեցի նավահանգիստը։

Մարգարիտան յուր խոստման համաձայն այնտեղ պիտի լիներ։

Բայց որքան մեծ եղավ երկյուղս, երր այնտեղ էլ Մարգարիտային չտեսա։ Նավահանգիստ եկողները ճանապարհորդները թե հուղարկուներ, բոլորը արդեն հավաքվել էին, մերոնք արդեն պատրաստվում էին նավակի մեջ մտնելու, բայց Մարգարիտան դեռ չկար։

Նստիր նավակում, դեռ գնանք շոգենավը, ասում էր ինձ փեսաս, Մարգարիտան նավակով այնտեղ էլ կգա:

Բայց մի՞թե ես կարող էի լսել նրան։ Մի քանի րոպեից եկան և Մարգարիտայի զույգ ընկերուհիները` Վարդուհին և Վարվարան, նույնպես և տեր-Հովհաննեսը և մեր մյուս բարեկամները և ծանոթները, բայց Մարգարիտան դարձյալ չէր երևում։ Ամենից վերջը եկավ իմ զոքանչը միայնակ։ Էլ սարսափը տիրեց ոսկորներիս։

«Ի՞նչ բան է վերջապես այս նամակը, ի՜նչ եմ հիմարացել, ինչու՞ չեմ կարդում» կշտամբեցի ինքս ինձ և դողացող ձեռքերով բանալով նրան սկսա կարդալ:

«Սիրեցյալդ իմ Արամ. Ճակատագիրը մեզ հալածում էր, և մենք իզուր էինք կռվում նրա դեմ. տկար մահկանացուի համար չէ սերը և ո՛չ էլ երկիրն է նրա բնակարանը. պետք էր հնազանդիլ անողոք ճակատագրին, երկինքն ընտրելով մեզ համար սիրո ասպարեզ... Դու երեկ խաբեցիր ինձ, թե քո մոր հիվանդության պատճառով ես հեռանում այստեղից, դու վախենում էիր ճշմարիտ պատճառը ինձ հայտնելու, որովհետև ճանաչում էիր քո Մարգարիտային և գիտեիր, որ նա իսկույն կմեռներ… միթե ավելի լա՞վ չէր քեզ մոտ, քո գրկերում մեռնիլ…

Երեկ երեկոյան եկան մեզ մոտ պատերները և նրանք հետ էլ մի ոստիկանական պաշտոնյա և մեզ մոտ ուրախության տոն կատարեցին, որ կարողացել էին ոստիկանական ուժով քշել տալ քեզ այստեղից և դեռ խրոխտանում էին, որ քիչ ժամանակից հետ պիտի աքսորել տան քեզ քո հայրենիքից… Իմ հայրը ուրախությամբ հյուրասիրում էր նրանց, նա տոնում էր յուր աղջկա ազատությունը` նրա սիրելուն հալածելով... ասա՛ ինձ, Արամ, մի՞թե կարող էի ես բաց աչքերով քո հավիտյան ինձանից բաժանվիլը տեսնել, մի՞թե կարող էի ես իմ հոր ձեռքով քեզ հասած դժբախտությունները լսել… Վերջապես, մի՞թե կարող էի ես մի վայրկյան անգամ քեզանից հեռու և քեզ տեսնելուց հուսահատ ապրել... Օ՜հ, ոչ ես այդքան ույժ չունիմ, ես միայն մի բան կարողացա վճռել և կատարել։ Քանի որ Մարգարիտան քոնը չէր, նա ուրիշինն էլ չի պիտի լիներ... Ես կամեցա իմ սերը սուրբ պահել և ես նրան ինձ հետ երկինքը տարա... այն ժամանակ երթ դու այս տողերը կկարդաս, քո Մարգարիտան ծովի ալիքների մեջ անշնչացած կլինի... բայց դու ներիր քո դժբախտ Մարգարիտային...»։

Նամակը դեռ չվերջացրած, գլուխս սկսավ պտտվիլ, աչքերս սևացան, և ես թուլացած ծնկներով ընկա նավակամրջի նստարանի վերա։

Բոլոր շրջապատողները թափվեցան ինձ վերա, քույրս ու բարեկամներս սկսան շփոթվիլ, հարցեր անել ինձ, ճիչեր արձակել, բայց ես կարծես խլացած ոչինչ չէի լսում. աչքերս միայն ապուշ-ապուշ շրջում էի այս ու այն կողմը՝ առանց մի բան տեսնել կարաղանալու: Զգում էի, որ անդամներս սառչում էին, մահը կարծես թե մոտենում էր ինձ...

Մեկ էլ հանկարծ իմ չորս կողմը ձայներ լսվեցան․

Խեղդված մարդ են բերում խեղդված մարդ։

Ես իսկույն վեր ցատկեցի․ հետաքրքիր ամբոխը խռնվում էր դեպի նավակամրջի ծայրը․ ես էլ խելագարի նման վազեցի նրանց մոտ։

Հիսուն քայլ հեռավորությունից լողում էր դեպի մեզ քաղաքի «փրկարար նավակը» յուր կարմրագույն դրոշակով: Չորս նավաստիներ արագ-արագ շարժում էին թիակները մի քանի րոպեից հետ մակույկը մոտեցավ նավակամրջին: Դիակը արդեն դուրս էին հանում նավաստիները, երբ ես ամբոխը ճեխքելով առաջ անցա: Եվ ի՞նչ տեսին աչքերս, աստված իմ Մարգարիտան առավոտյան սպիտակ լոդիկով հերարձակ և կիսամերկ բազուկներով՝ անշնչացած ընկած էր իմ առաջ․․․

Երա՜զ․․․ Մարգարիտա աղաղակեցի ես և ուշաթափ ընկա սիրուհուս դիակի վերան․․․

Թե ի՞նչ պատահեց ինձ հետ այնուհետև էլ ես չիմացա։ Առաջին անգամ որ աչքերս բացի ես արդեն ծովի վերա էի, պառկած նավի տախտակամածի վերա: Ինձ տխրադեմ շրջապատել էին քույրս փեսաս է մեզ հետ եղող մեր մի քանի ծանոթները։

Նավը սլանում էր, և ես հավիտյան բաժանվում էի Մարգարիտայից․․․

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Իմ կաթոլիկ հարսնացուն"

Ятук Музыка
String quartet - Wind
Элен Йолчян

String quartet - Wind

Խնոցի են հարում
Խնոցի են հարում
Играть онлайн