Мурацан

Հասարակաց որդեգիրը

3

Օրիորդի այդ տեսակ վարմունքն ավելի խորը վիրավորեց Գևորգի սիրտը: Նա թեպետ վճռել էր թողնել Գուստավի գործարանը, բայց Շառլոտայի երևալը կարծես թե կոտրել էր յուր կամքի հաստատությունը, յուր տված պատասխանները շինծու էին, նա իսկույն կհաղթահարվեր Շառլոտայից, եթե նա շարունակեր յուր մեղմ և անուշ խոսակցությունը: Բայց Գևորգի բախտը բանեց։ Շառլոտան արհամարհանքով վերաբերվեց դեպի նրան, վիրավորեց նրա ինքնասիրությունը, այժմ ավելի հեշտ կլինի նրա համար Գուստավից հեռանալը, այժմ առանց զղջալու կթողնե Շառլոտային…

Ուրեմն մնաք բարով, պարոն Գուստավ, դարձավ դեպի նրան Գևորգը Շառլոտայի հեռանալուց հետո և խորը գլուխ տալով, կամենում էր հեռանալ։

Սպասեցեք, դեռ պետք է ձեր հաշիվը վերջացնեմ, այս ասելով Գուստավը հանեց գրպանից քսակը և քսան ռռւբլ համարելով առաջարկեց Գևորգին, տասը ռուբլի ձեր այս ամսվա վարձից ձեզ հասանելիքն է, ասաց նրան, իսկ տասը ռուբլին ես ձեզ նվեր եմ տալիս, վերցրեք։

Դուք ինձ տվեք միայն իմ վարձը, իսկ նվերը... կարծեմ ես նրան արժանի չեմ...

Վերցրեք, ընդհատեց նրան Գուստավը, դուք արժանի եք վարձատրվելու, ցավալի է միայն, որ թողնում եք ձեր պաշտոնը, դուք շնորհալի տղա եք, դուք կարող էիք առաջ գնալ, բայց ձեզ սխալեցրել են։

Ինձ ոչ ոք չէ սխալեցրել, ես ավելի առաջ գնալու համար եմ թողնում իմ պաշտոնը։

Աստված տա, որ սխալված չլինեք, բարի ճանապարհ, այս ասելով Գուստավը փողերը տվավ Գևորգին, հեռացավ։

Գևորգը խորը գլուխ տալով ուղղվեցավ դեպի բակի դուռը։

Գևորգ, Գևորգ, դո՞ւրս ես գնում, անպիտան, եկ մի մնաք բարով էլ է ասա մեզ, է՜, գոչեցին մի քանի հոգի գործարանի բանվորներից, որոնք մինչև այն հեռվից ականջ էին դնում նրա ու Գուստավի խոսակցությանը։ Գևորգն իսկույն զգաց յուր սխալը և դարձավ բանվորների մոտ։ Նոքա գործերը թողնելով շրջապատեցին նրան։

Տո, ո՞ւր ես կորչում, հարցնում էր մեկը։

Ժաքոյի գործարանն ես գնո՞ւմ, հա՞, հարցնում էր մի ուրիշը։

Կարելի է նորից գիմնազիա՞ է մտնում, ո՞վ գիտե, ավելացնում է մի երրորդը։

Տո ձեր ինչի՞ն է հարկավոր, ուր որ գնում եմ, այդ իմ գործն է, կանչել եք, որ մնաք բարև ասեմ ձեզ, ահա՛ ասում եմ` մնա՛ք բարև։ Այս ասելով Գևորգը կամեցավ հեռանալ։ Բայց մի վրացի երիտասարդ բռնեց նրան և հարցրեց.

Ճշմարիտն ասա, փո՞ղ ես գտել, որ դուրս ես գալիս:

Ի՞նչ հիմարն ես, վրա բերավ մի ռուս գործավոր, չե՞ս իմանում, որ հայը գործից դուրս կգա միմիայն տերտեր դառնալու համար։

Ինչպես և ռուսն ազատ արբելու համար, ավելացրեց մի հայ երիտասարդ։

Ներեցեք, ես ժամանակ չունեմ, ես գնում եմ, մնաք բարյավ։ Ասաց Գևորգը և շտապով հեռացավ։

Գործավորներից մի քանիսն աշխատեցին նրան բռնել դարձյալ իրենց վայրախոսությունները շարունակելու համար, բայց նա ճարպկությամբ դուրս պրծավ նրանց ձեռքից և բակի դռնից փախավ:

Զ

Գևորգը թեպետ կարծում էր, որ յուր հեռանալով մեծ կսկիծ ու վնաս պատճառեց Գուսավին և նրա դստերը, և նա այս անվանում էր մի վրեժխնդրություն յուր ստացած վիրավորանքի համար, բայց, իսկապես, նոցանից և ոչ մեկը ոչինչ չէր կորցրել այդ դեպքում: Գուստավի համար բանվորները պակաս չէին: Նա ափսոսաց միայն, որ այդ երիտասարդը յուր անմիտ վարմունքով վնասեց յուր ապագային, իսկ Շառլոտան, որ առաջ համակրում էր նրան իբրև մի համեստ և շնորհալի տղայի, այժմ փոխեց նրա մասին ունեցած կարծիքը և արհամարհեց նրա, մինչև այն օրն իրեն անհայտ, համառ բնավորությունը: Սրանով էլ վերջացավ Գևորգի՝ պարոն Գուստավի գործարանի հետ ունեցած հարաբերության բոլոր պատմությունը։

Այսուամենայնիվ, Գևորգը շտապում էր դեպի տուն այնպիսի ուրախությամբ, որ կարծես մի փառավոր հաղթություներց էր վերադառնում։ Նա այժմ ազատ մարդ էր։ Նա բանվոր չէր։ Նրա առաջ բացվում էր նոր բախտ, երջանկության նոր աշխարհ։ 4500 ռուբլի. Պետերբուրգ. երաժշտական դպրոց. սրանք այնպիսի բաներ էին, որ բոլոր երիտասարդներին կգժվեցնեին։ Իհարկե, ես դեռ չեմ հիշում այն բախտավոր ժամանակը, երբ Գևորգը յուր ուսումը վերջացրած, պատվավոր դիպլոմով կթողնե Պետերբուրգի երաժշտական դպրոցը, երբ նա կտա յուր առաջին նվագահանդեսը և կհիացնե ժողովրդին. երբ հազարները, իբրև խոնարհ ծառա, միմյանց ետևից կգան կդարսվեն նրա գրպանում, երբ… բայց ո՞ր մեկը հիշել։ Մի՞թե բոլորիդ էլ հայտնի չէ, թե երբ բախտը ժպտում է մեկին յուր գեղեցիկ շրթունքներով և ավելի ևս գեղեցիկ աչքերով, ի՜նչ նախանձելի բարձրության է հասնում նա։

Տուն հասնելով Գևորգը պատմեց մորը Գուստավի հետ ունեցած խոսակցության բոլոր մանրամասնությունները, բայց չկարողացավ գովությամբ չհիշատակել Գոլստավի ազնիվ վարմունքը յուր հաշիվը վերջացնելու վերաբերությամբ։

Նա միշտ բարի է եղել դեպի քեզ, որդի, դու էիր անշնորհակալը, որ իզուր տեղը թողեցիր քո պաշտոնը... նկատեց նրան մայրը։

Մի՛ խոսիր, մայրիկ, մի՛ խոսիր այլևս Գուստավի մասին, շուտով ընդհատեց նրան Գևորգը, այժմ ամեն բան վերջացած է և պետք է մտածել, թե ի՞նչ պատրաստությամբ պետք է ներկայանամ իմ բարեկամներին:

Թամարը լռեց:

Այս կեղտոտ հագուստներով, իհարկե, չի կարելի այդ պատվավոր մարդկանց մոտ գնալ, շարունակեց Գևորգը, պետք է մի ձեռք նոր հագուստ գնել։

Արա՛, ինչ կամենում ես, որդի, այդ քո գիտենալու գործն է։ Ես քեզ չեմ խանգարում։

Շատ լավ, սիրելի մայրիկ, այժմ դու վեր կաց իմ պահած քսան ռուբլուց դարձյալ տասը բեր ինձ, որ մոտս ունեցածի հետ դառնա երեսուն, և ես կշտապեմ, քանի որ խանութները չեն կողպել, մի ձեռք հագուստ կգնեմ, վաղն ուշ կլինի։

Թամարը վեր կացավ տեղից, բացավ սնդուկը և յուր որդու խնայողություններից գոյացած բոլոր հարստությանը տասը ռուբլին, բերավ և տվավ նրան։

Երկու ժամից ետ ես կվերադառնամ, ասաց Գևորգը և փողը գրպանը դնելով դուրս պրծավ։

Կարճ միջոցի մեջ նա հանդիպեց բոլոր հագուստ վաճառողների խանութները։

«Լավը, գեղեցիկը և աժանը», կրկնում էր նա ամեն տեղ, բայց և ոչ մի տեղ այդ երեք հատկություններով հագուստ չէր գտնվում։

Ինչպես հայտնի է, դեռ մինչև այսօր աղքատի այդ երեք համառոտ պահանջները` «լավը, գեղեցիկը և աժանը» ոչ մի դերձակ կամ հագուստներ վաճառող չէ գոհացրել։ Բայց ի մեծ զարմացումն բոլորիդ, պիտի ասեմ, որ մի անմորուս հրեա այդ բավականությունը տվեց Գևորգին։ Մի րեդինգոտ, մի ժիլետ և մի վարտիք. շատ լավը, շատ գեղեցիկը և շատ աժանը նա յուր պահեստում գտավ Գևորգի համար, և միայն նրա համար: Գևորգը վճարեց քսան և հինգ ռուբլին և նոր հագուստների սեփականատեր դարձավ։ Հենց դրացի խանութում էլ նա գնեց մի նոր գլխարկ։ Այժմ ամեն բան պատրաստ էր:

Տուն վերադառնալով` Գևորգը յուր սրբազան պարտքը համարեց յուր նոր հագուստները հագնել և մի լավ դիտել յուր շնորհքը նոր սեփականության մեջ։

Ի՞նչ սիրուն սազ է գալիս քեզ այդ տեսակ հագուստը, Գևորգ, հիացմունքով բացականչեց Թամարը սենյակը մտնելով:

Իրա՞վ, մայրիկ։

Այո՛, շատ սազ է գալիս։ Կարծես հենց քեզ վրա ձևած է եղել։

Գեղեցիկ է կարված, այնպես չէ՞։

Շատ գեղեցիկ է. իրավ որ շատ գեղեցիկ է, բայց քանիսո՞վ գնեցիր։

Քսան և հինգ մանեթով։

Քսան և հի՜նգ, այդքան թա՞նկ։

Մի՞թե թանկ է, մայրիկ. ընդհակառակը, շատ աժան է։

Իհարկե, մեզ համար թանկ է: Ի՞նչ է մեր աշպատանքը, որ քսան ու հինգ մանեթանոց շորը մեզ համար թանկ չերևա:

Ա՜խ, մայրիկ ճշմարիտ, որ դու մոռացել ես Սոմարյանցի տան անցքը: Ախր չէ՞ որ մենք այժմ հարուստ ենք, չէ որ 4500 ռուբլոց ավելի փողը մեզ կտա՞ն, թե՞ ոչ:

-Է՜հ, մայրիկ, դու միշտ միևնույնն ես կրկնում: Չէ՞ որ քեզ հարյուր անգամ ասացի, թե այդ մարդիկը խաբեբաներ չեն: Ախար ինչու՞ համար ես կասկածում նրանց վերա: Դու խո անձամբ նրանց չես ճանաչում, նրանց վերա մի վատ բան լսած չունիս:

-Ես ինքս չգիտեմ որդի, թե ինչու համար եմ կասկաում, միյն թե սիրտս վկայում է, որ այդ մարդիկ մեզ դժբախտացնելու են. պետք է, որ դու չհեռանայիր Գուստվից:

-Ա՜խ, մայրիկ, միշտ վատ բաներ ես մտածում: Ուրեմն աշխարքի մեջ ոչ ոքի չպետք է հավատալ, քանի որ Սոմարյանցի տան մեջ գտնվող պատվելի և զարգացած հյուրերն էլ խաբաբաներ են եղել: Եվ վերջապես, նրանք ինչ շահ ունեին ինձ խաբելուց. ո՞վ էր նրանց ստիպում ինձ համար այդ տեսակ խոստմունքներ անել, փողեր ստորագրել. ոչինչ չեմ հասկանում: Սխալվում ես, շատ ես սխալվում, մայրիկ:

Թամար ոչինչ չպատասխանեց. նա գնաց ընթրիք պատրաստելու:

Է

Առավոտյան շատ վաղ էր զարթել Գևորգը: Պետք է, որքնա կարելի էր, շենք ու շնորհքով պատրաստվեր նա յուր բարերարների այցելելու համար: Այդ պատճառով և ջուր ու սապոն չխնայեց: Առաջին անգամ նա յուր կյանքում սապունով երեսը լվացավ: Այդ բանը մ քանի օր առաջ նա դարձյալ կանացիություն կանվաներ. բայց այժմ հանգամանքները փոխվել էին, չէր կարելի նրանց չհարմարվել:

Նոր հագուստներն այս առավոտ ավելի գեղեցիկ էին: Ոչինչ, պակասություն չեմ բերիլ իմ բարերարներին. եթե այս պատրասությամբ այցելեմ նրանց, խոսեց ինքն իրեն Գևորգը, իրենց կոտրած հայելիի մեջ յուր պատկերը տեսնելուց հետո:

Դու արդեն պատրաստվել ես և գնո՞ւմ ես, հարցրեց որդուն Թամարը եկեղեցուց դառնալով:

Այո՛, գնում են. բարեմաղթություն արա ինձ համար, որ գործս հաջող լինի:

Ես արդեն շատ եմ աղոթել, որդիս, գնա՛, աստված քեզ հետ:

Փողոց դուրս գալով, Գևորգը մտածում էր, թե առաջ ում մոտ պետք է գնար:

«Բժիշկն ինձ ասաց, որ գնամ պարոն Տանպետյանցի մոտ, բայց ավելի լավ է առաջ բժշկի մոտ գնամ և թող նա յուր այն երեկոյան պատվերը կրկնե», վերջապես վճռեց Գևորգը և բռնեց բժշկի տան ճանապարհը:

Կես ժամից ետ նա նրա մուտքի մոտ էր:

Եեք անգամ հնչակ քաշելուց հետո միայն ծառան երևեցավ:

Ու՞մն եք կամենում, պարոն:

Պարոն բժշկին, տա՞նն է նա:

Տանն է, բայց այսպես վաղ չէ կարելի նրան անհանգստացնել, նա քնած է:

Ո՞ր ժամին կարող եմ տեսնել՞:

Տասին, պատասխանեց ծառան և շտապով դուռը փակեց:

«Ուրեմն, մինչև որ սա կզարթնի, ես կերթամ Տանպետյանցին տեսնելու, նա անշուշտ զարթած կլինի», խոսեց ինքն իրեն Գևորգը և ուղղվեցավ դեպի Տանպետյանցի տունը:

Մի քառորդ ժամից նա այնտեղ էր:

Ու՞մն եք կամենում, հնչակը մի թեթև քաշելուց երևեցավ Տանպետյանցին ծառան այս հարցով:

Պարոն Տանպետյանցին կարելի՞ է տեսնել:

Ոչ նա դեռ քնած է, եղավ ծառավ պատասխանը և դուռը դարձյալ կողպվեցավ: «Դարձյա՞լ քնած։ Հաջողությամբ չէ սկսվում գործս. մտածեց Գևորգը, բայց գուցե հաջողությամբ կվերջանա։ Տեսնենք»:

Այս հուսատու խորհրդածությամբ հեռացավ նա Տանպետյանցի տնից և մտավ քաղաքային այգին, որ մոտ էր, որպեսզի մի փոքր ժամանակ այնտեղ զբոսնե, մինչև որ յուր հարուստ բարերարները կզարթնեին։

Մի ժամից հետո տասը լրացավ։ Գևորգը դարձյալ բռնեց բժշկի տան երկար ճանապարհը։ Կես ժամից հետո նա դարձյալ նրա մուտքի մոտ էր։

Այս անգամ պատրաստ է, կարող եք տեսնել նրան, պատասխանեց բժշկի ծառան Գևորգի «զարթե՞լ է բժիշկը» հարցին։

Երբ ծառան հայտնեց յուր տիրոջն այցելողի մասին, պարոն Դուդուկջյանն առաջին անգամ կարծեց, որ երեք ռուբլ բերող մի հիվանդ է նա, ուստի շատ քաղցր և ամոք արտահայտություն տվավ դեմքին ընդունարանը մտնելու ժամանակ, բայց երբ այդտեղ մեր երգիչ Գևորգին տեսավ յուր բնական մթին կերպարանքն առավ։

Ի՞նչ եք հրամայում, դարձավ նա Գևորգին:

Ես եկի հիշեցնելու ձեզ այն երեկոյան ձեր ինձ արած պատվերի մասին, ակնածությամբ պատասխանեց Գևորգը:

Ի՞նչ պատվեր, ես լավ չեմ հիշում, հարցրեց բժիշկն աչքի մեկը խփելով և ծնոտը դեպի պատուհանը ծռելով։

Դուք պարոն Սոմարյանցի տանը ինձ պատվիրեցիք, որ իմ պաշտոնը թողնեի Գուստավի գործարանում, և իսկույն գնայի պարոն Տանպետյանցի մոտ, որը պետք է հոգար ինձ Պետերբուրգ ղրկելու համար։

Այո, հիշում եմ: Դուք այն երեկոյան երգում էիք մեզ մոտ։ Եվ դուք արդեն թողե՞լ եք ձեր պաշտոնը, ավելացրավ բժիշկը:

Այո՛, պարոն բժիշկ, ձեր պատվերի համաձայն հենց երեկ թողեցի։

Ի՞նչ եք ասում, կես զարմացած գոչեց Դուդուջկյանը: Այո՛, դուք այնպես պատվիրեցիք և ես չկամեցա ճշտիվ չկատարել ձեր պատվերը:

Զեմ կարծում, թե ես այդպես բան լինիմ պատվիրած: Այսուամենայնիվ, այդպես շուտ ձեր պաշտոնը թողելնիդ անխոհեմություն է:

Բայց ես ձեր պատվերը կատարեցի:

Այդ միևնույն է, բայց ինչ որ է, անցել է:

Այժմ ի՞նչ եք հրամայում, որ ես անեմ, պարոն բժիկ, հարցրեց Գևորգը մի փոքր վրդովված:

Դուք պետք է գնաք պարոն Տանպետյանցի տունը: Ստորագրության թուղթը նրա մոտ է, նա պետք է փողերը հավքե և հարկավոր հագացողությունը անե ձեզ համար։ Ինչ որ ինձ է վերաբերում, ես արդեն արել եմ, և կարծեմ բավական մեծ բան եմ արել ձեզ համար։

Մեծապատիվ շնորհակալ եմ ձեզանից, պարոն բժիշկ․ միայն թե դուք բարեհաճեիք…

Ո՛չ, ո՛չ, ինձ ուրիշ ոչինչ չի մնում անելու, դուք դիմեցեք պարոն Տանպետյանցին, նա ամեն բան կհոգա, այս խոսքերով ընդհատեց բժիշկը Գևորգին և մտավ յուր առանձնարանը:

Գևորգը նույնպես դուրս գնաց: Սանդուղքներով իջնելիս քիչ էր մնում, որ նա գլխի վերա ցած գլորվեր, այնքան նա վրդովված և շփոթված էր: Վերջապես նա դուրս գնաց փողոց:

Դրսի օդը նրան մի փոքր օգնեց: Նա կանգնեց բժշկի տան մուտքի մոտ և ընկավ խորը մտածության մեջ: «Եթե գործն այսպես շարունակվի, ի՞նչ կլինի իմ ապագա վիճակը, շշնջաց նա, բայց մի քանի րոպեից հետո սիրտ առնելով, քայլերը շտապեցրեց դեպի Տանպետյանցի տունը:

Ուշացաք, պարոն, իմ աղան արդեն դուրս գնաց և նա ժամը երկուսին կվերադառնա, եղավ Տանպետյանցի ծառայի պատասխանը:

Գևորգը մնաց շվարած:

«Այժմ ի՞նչ պատասխան տանեմ մորս, նա սպասում է ինձ, մտածեց ինքն իրեն Գևորգը, առաջին քայլափոխում իսկ ես անհաջողության եմ հանդիպում… Եվ եթե այսպես շարունակվի՞ … եթե իմ մոր գուշակությունները կատարվեն... Օ՜հ ես այն ժամանակ ինձ ջուրը կձգեմ... Բայց ի՞նչ հիմարն եմ ես, նորեն սիրտ էր տալիս իրեն Գևորգը, դեռ ինչ է պատահել, որ ես այսպես հուսահատվում եմ: Բժիշկն ինձ այնպես մի մերժողական բան չասաց: Նա կրկնեց այն ինչ որ ինձ ասել էր խնջույքի երեկոյին. նա խորհուրդ տվավ Տանպետյանցին տեսնել: է՜հ սրան էլ չկարողացա տեսնել որովհետև ուշացա. ինչ վնաս. հիմա չլնի երկու ժամեն լինի: Կտեսնվենք կխոսենք դեռ ժամանակ ունինք:

Այս մտածմունքներով քաջալերում էր իրեն Գևորգը և աշխատում էր զոռով ցրել այն անձուկը որ յուր կամաց հակառակը գալիս ծանրանում էր իր սրտի վերա: Այս պատճառով իսկ նա յուր քայլերը դարձյալ ուղղեց դեպի այգին: Ա«յնտեղ կզբոսնեմ մինչև որ երկու ժամը կլրանա» մտածեց նա և խառնվեցավ այգու ճեմելիքները լցնող ամբոխի մեջ:

Ը

Չնայելով որ այդ օրվա տոնի պատճառով այգին շատ զվարթ կերպարանք էր առելլ որ նրա բոլորը ճեմելիքները լցված էին բազմությամբ որ երաժշտական խումբը գրավիչ եղանակներով նվագում էր, այսուամենայնիվ, այն երեք ժամերը, որ Գևորգն ստիպված էր այստեղ անցկացնել չափազանաց երկարեցան: Գևորգին թվում էր թե այդ երեք ժամվա միջոցում նա մի քանի հարյուր անգամ պտտել ամբողջ այգին:

Վերջապես, զինվորանոցի ժամացույցը զարկեց ցանկալի երկու ժամը:

Մի քառորդ ժամից Գևորգն արդեն բազմած էր պարոն Տանպետյանցի շքեղ ընդունարանում:

-Ա՜, այս դո՞ւք եք բարով. հիշում եմ. այն երեկոյան դուք մեզ մեծ հաճություն պատճառեցիք ձեր գեղեցիկ երգերով: Նստեցեք խնդրեմ: Այս սիրալիր խոսքերով ընդունեց տանուտերը Գևորգին և ապա բազկաթոռի մեջ խրվելով հարցրեց.

Ինչո՞ւ համար եք շնորհ բերել:

Ինձ ուղարկեց ձեզ մոտ պարոն Դուդուկջյանը:

Ա՜, մեր բժի՞շկը:

Այո՛, պարոն բժիշկը։

Շատ գեղեցիկ. հրամայեցե՛ք, լսում եմ։

Պարոն բժիշկն ասաց, որ իմ մասին ձեզ հետ խոսեցած է պարոն Սոմարյանցի տանը...

Ի՞նչ, չեմ հիշում։

Այն, որ ինձ համար ստորագրություն բացվեցավ և ինձ Պետերբուրգ.․.

Այո՛, այո՛, այդպիսի մի բան հիշում եմ, շարունակեցեք խնդրեմ։

...Եվ ինձ Պետերբուրգ ղրկելու համար փող ստորագրեցին պ. պ. հրավիրյալները։

Այո՛, հիշում եմ, հետո՞։

Այժմ պարոն բժիշկն ասում է, որ ստորագրության թերթը ձեզ մոտ է գտնվում... Այո՛, կարծեմ ինձ մոտ է։

Ես եկա ձեզ խնդրելու, որ բարեհաճեք փողերը ժողովել, որպեսզի կարողանամ...

Որ կարողանաք գնալ Պետերբո՞ւրգ։

Այո՛։ Ա՛, սիրելի բարեկամ, այդպես հեշտությամբ կարծում եք կարելի՞ է մեր մարդիկներից փող ժողովել, որ դեռ դուք էլ Պետերբուրգ գնաք։

Բայց ես ձեր և պարոն բժշկի հրամանով արդեն թողել եմ իմ պաշտոնը, ինձ համար դժվար է երկար պարապ մնալը։

Ի՛նչ պաշտոն եք թողել։ Դուք պաշտո՞ն ունեիք:

Դուք, ինչպես երևում է, իմ մասին ամեն բան մոռացել եք, ես փականագործի մոտ էի. դուք այս մասին ինձանից տեղեկություններ ստացաք պարոն Սոմարյանցի տանը։

Այո՛, այո՛, այժմ հիշում եմ. դուք պատմեցիք, որ փականագործի մոտ եք լինում: Եվ. դուք թողե՞լ եք արդեն այդ պաշտոնը:

Այո՛:

Շատ լավ եք արել: Այդ տեսակ գծուծ պաշտոնը ձեզ վայել չէ, դուք շնորհալի տղա եք և կարող եք ուրիշ լավ գործերում առաջ գնալ:

Գևորգը, որ մինչև այն սաստիկ տագնապի մեջ էր, այս խոսքերից հետո մի փոքր շունչ առավ:

Այժմ ի՞նչ ենք հրամայում, որ անեմ, դարձավ նա Տանպետյանցին:

Մի փոքր ինձ ժամանակ տվեք: Այս քանի օրը ես խառնված եմ սեփական գործերով: Ազատ գործեր գտնելուց ամիջապես ձեր մասին հարկավոր հոգացողություն կանեմ:

Ուրեմն եր՞բ կհրամայեք, որ կրկին ներկայանամ ձեզ:

Երկու շաբաթից հետո:

Բայց այդ շատ երկար ժամանակ է ինձ համար, պարոն Տանպետյան:

Ուրիշ կերպ անկարելի է, սիրելի բարեկամ, երկու շաբաթում էլ հազիվ կարելի է տեսնել ստորագրվող պարոների հետ:

Գոնե, կարո՞ղ եմ հուսալ, որ այդ փողերը կժողովվի և ես կերթամ Պետերբուրգ մի բան սովորելու:

Իհարկե, բարեկամ, իհարկե: Դուք դեռ երիտասարդ եք, դուք շատ բան կարող եք սովորել այսուհետև:

Ուրեմն երկու շաբաթից հետո ներկայանա՞մ ձեզ, տեղից բարձրանալով հարցրեց կրկին Գևորգը:

Այո՛, այս կյուրակե չէ, մյուս կյուրակե: Այս երկու շաբաթում դուք կարող եք մի բանով պարապել, օրինակ հենց. ռուսերեն լեզվով:

Եվ մինչև այն դուք կհոգա՞ք իմ մասին...

Այո՛, այո՛, միամիտ եղեք. կաշխատեմ, որքան կարող եմ:

Մեծապես շնորհակալ եմ, պարոն Տանպետյան, դուք մեծ բարերարություն եք անում ինձ և իմ խեղճ մորը, մենք երկուսս էլ անպաշտպան ենք և կարոտ ձեր նման բարի մարդիկների օգնությանը:

Այո՛, մեր պարտքն է, կաշխատենք:

Ուրեմն…

Գնացե՛ք, միամիտ եղեք, անպատճառ կաշխատենք:

Գևորգը շատ խոնարհ գլուխ տալով դուրս եկավ սենյակից:

Ավռաամ, ո՞վ էր այդ երիտասարդն, ընդունարանը մտնելով հարցրեց ամուսնուց տիկին Ելիզավետա Սերգեևնան, այդպես էր կոչում դրան պարոն Տանպետյանցը:

Մի խեղճ տղա է, լավ երգում է: Անցյալ երեկոյան Սոմարյանցի տանն էր:

Իսկ քեզ մոտ ինչու՞ համար էր եկել:

Դրա համար այնտեղ ստորագրություն էինք բացել Պետերբուրգ ղրկելու նպատակով: Ստորագրության թուղթը ինձ մոտ էր, եկել էր խնդրելու, որ սկսենք փողերը ժողովել:

Շա՞տ ստորագրեցին:

Ոչինչ չեմ հիշում: A՚propos, Ելիզավետա, հանիր խնդրեմ իմ այն ավուր հագած րետինգոտի գրպանից այդ թուղթը և բե՛ր ինձ: Ելիզավետա Սերգեևնան հնազանդվեցավ:

Տեսնենք, դու ո՞րքան ես ստորագրվել, դարձավ նա ամուսնուն, թուղթը ձեռքին սենյակը մտնելով:

Տո՛ւր տեսնեմ, չգիտեմ:

Տե՛ս, եթե տասը ռուբլուց ավել ստորագրած լինիս, ականջդ պիտի քաշեմ, ասաց նա քնքշաբար և թուղթը հանձնեց մարդուն:

Ա՞յս ինչ է, վախեցած վեր թռավ Տանպետյանցը, թղթին նայելուց հետո:

Ի՞նչ պատահեցավ, անհանգստությամբ հարցրեց նրան տիկինը:

Վա՜, վա՜, գժվա՞ծ եմ եղել, բացականչեց Տանպետյանցը, առանց կնոջ հարցին ուղղակի պատասխանելու:

Ի՞նչ պատահեց քեզ, Ավռաամ, ասա՛ է՜, տասը ռուբլուց ավել ես ստորագրվել, հա՞, Ի՞նչ տասը, ի՞նչ քսան, ի՞նչ հիսուն…

Բա ո՞րքան:

Հինգ հարյուր, տո՜, հինգ հարյու՜ր:

Ասա ճիշտ գժված ես եղել էլի՜:

Գժվածն էլ խո պոզեր չի՞ ունենա:

Դե լավ, ստորագրվել ես, ստորագրվել. խո այդքան փողը չե՞ս վճարելու:

Իհարկե չեմ վճարելու: Արբած մարդիկ ենք եղել, գինին ինչ որ հրամայել է, արել ենք էլի. չ՞ես տեսնում մեր Սոմարյանցն էլ հինգ հարյուր ռուբլ է ստորագրել:

Բրավո՜, բրավո՜, մեծ գործ եք կատարել, լավ է, որ չեք ամաչում, այժմ խստությամբ նկատեց տիկինը:

Բայց, Ելիզավետա, տե՛ս, աստծո ողորմությունը ինչպես է հասել, որ թուղթը մնացել է ինձ մոտ, թե չէ այն անպիտան Սլաքյանի ձեռքն ընկներ, բոլորովին էլ կխայտառակեր:

Նա ի՞նչ ունի ձեզ հետ:

Օ՜, օ՜, նա վատ մարդ է. այսպիսի դեպքերում նա սատանայից էլ չար է: Նրա կարծիքով թե արբած և թե լուրջ ժամանակ, միշտ միևնույն մարդը պիտի լինիս. ինչ խոստացել ես, պիտի կատարես:

Որովհետև աշխարհում այդ տեսակ մարդիկներ էլ կան, ես նրանց աչքը, ա՜յ, այսպես կհանեմ, այս ասելով տիկին Տանպետյանցը խլեց մարդու ձեռքից ստորագրության թուղթը և պատռեց:

Օ՜, օ՜, այդ լավ չարիր, Ելիզավետա, այդ լավ չարիր, արտաքին դժգոհությամբ և ներքին գոհունակությամբ բացականչեց Տանպետյանցը:

Շատ լավ արի: Թող այդ տեսակ թղթերը ոչ մնան, ոչ էլ ընկնեն Սլաքյանի նման չար մարդկանց ձեռքը: Այս ասելով դուրս գնաց տիկինը, պատռոտած թղթի կտորտանքը դուրս թափելու համար:

Ամուսինը հետևեց նրան:

Ելիզավետա, թո՛ղ գոնե այդտեղ ստորագրվողներից մի քանիսի անունները նշանակեմ իմ հիշողության տետրակում, նա ինձ կհարկավորվի:

Թ

Գևորգը բոլորովին գոհ դուրս գնաց Տանպետյանցի տնից: Վերջինս իրեն արած խոստումը այս անգամ ավելի վստահության արժանի համարեց նա:

Տուն հասնելով՝ նա ուրախությամբ հայտնեց մորը, որ երկու շաբաթից հետո անպատճառ ամեն բան վերջացած կլինի, փողերը կհավաքվին և ինքը կճանապարհվի Պետերբուրգ:

Այս անգամ Թամարն էլ մի փոքր ավելի հավատաց, որովհետև նոր խոստումը խնջույքի մեջ չէր արված, այլ սեփական տանը և սառը գլխով: Իսկ հավատալուց հետո, իհարկե, չէր կարող չխնդակցել որդուն:

Այժմ մնում էր Գևորգին այս երկու շաբաթվա մեջ մի բանով զբաղվիլ: Նա սովոր չէր պարապ ժամանակ անցնելուն:

Նա միանգամայն մոռացության տվեց այն ամենն, ինչ որ վերաբերվում էր յուր փականագործական արհեստին, և սկսեց ամենայն օր հաճախել գրադարանները, տեսնվում էր յուր դպրոցական ընկերների հետ, ներկա էր գտնվում նրանց ժողովներին, ուսումնական վիճաբանություներին: Վերջինների շնորհիվ նա ծանոթացավ և նոր ուսանողների հետ:

Նա մինչև անգամ սկսեց այցելեց և հայոց հոգևարք թատրոնը, յուր համար տոմսակ առնելով, իհարկե, առայժմ գալերեայում:

Միով բանիվ նա դարձավ անդամ երիտասարդական այն շրջանների, որոնք բախկացած են հայոց դպրոցների և գիմնազիոնների ուսանողներից, դերասանությունը սովորող տղաներից, լուսավորության բարեկամ գործակատարններից, հեղինակներ լինելու համար պատրաստվող երեխաներից, տղայական խմբագրության անդամներից և այլն, և այլն, որոնց գլխավոր և սրտին ամենամոտիկ պարապմունքը ոչ թե մի բան սովորելն էր լինում, այլ ընդհանրապես սովորեցնելը դատելը, վճռելը, չգիտցած և չսովորած բաների վրա վիճաբանելը, արժանավոր մարդիկների վրա հանդգնությամբ վայրահաչելը և այլն, և այլն:

Գևորգի ժամանակն այս շրջաններում տխուր չէր անցնում: Նա կարողացել էր նրանց մեջ յուր համար առանձին տեղ գրավել:

Բոլորը գիտեին, որ նա պատրաստվում է Պետերբուրգ գնալու, որովհետև հասարակությունը որդեգրել է նրան և մեծ գումար է հավաքել նրա համար. այս պատճառով և մի առանձին համակրությամբ էին վերաբերվում դեպի նրա անձնավորությունը: Մինչև անգամ երիտասարդների մի որոշ խումբ աշխատում էր մի առանձին մտերմություն հաստատել նրա հետ, յուր այս կամ այն նպատակներին նրան գործիք դարձնելու համար:

Իհարկե, բոլորն էլ լավ էին անում, բոլորն էլ իրավունք ունեին, բայց մենք կդառնանք մեր պատմության:

Ժ

Վերջապես երկու շաբաթը լրացավ: Նշանակված կյուրակե օրը Գևորգն ըստ պատշաճի հագնվեցավ և դիմեց պարոն Տանպետյանցի տունը: Հասնելով նրա մուտքին՝ Գևորգի սիրտն սկսավ անհանգստությամբ տրոփել:

Արդյոք ի՞նչ պատասխան առներ նա Տանպետյանցից: Կարողացե՞լ էր նա փողերը ժողովել կամ իրեն Պետերբուրգ ղրկելու համար հոգացե՞լ էր մի բան: Այս հարցերը սաստիկ անհանգստացնում էին նրան:

Պարոն Աբրահամ Տանպետյանցն այսօր տանն էր: Նա առանց ուշացնելու ընդունեց Գևորգին դարձյալ յուր շքեղ ընդունարանում:

Ցավալի լուր պետք է հաղորդեմ ձեզ, սիրելի բարեկամ, այս խոսքերով դարձավ նա Գևորգին, իմ այսքան օրվա անխոնջ աշխատությունս իզուր անցավ, ոչ ոք չկամեցավ յուր ստորագրած գումարը վճարել:

Ի՞նչպես թե չկամեցավց … երկյուղից դողալով հարցրեց Գևորգը, ուրեմն ինչու՞ էին ստորագրում … ինչու՞ իզուր տեղից ինձ…

Այո՛, այո՛, իրավունք ունիք, ընդմիջեց նրան Տանպետյանցը, դուք կամենում եք ասել՝ ինչո՞ւ, ուրեմն, խոստացան ձեզ, այնպես չէ՞:

Ոչ, հարգելի պարոն, ո՛չ, խոստանալ և չտալն իրենց կամքից է կախված, ես կամենում եմ ասել՝ ինչու, ուրեմն, ինձ ստիպեցին իմ պաշտոնը թողնել, իմ մի կտոր հացից զրկվել:

է՜հ, այդտեղ դուք անարդար եք խոսում, բարեկամ, ձեզ շատ բան կարող են ասել, մի՞թե բոլոր ասածներին պարտավոր եք լսել: Ձեր պաշտոնը մանավանդ, դուք իրավունք չունեիք թողնելու, քանի որ խոստացվածը դեռ առձեռն պատրաստ չէր. այստեղ դուք եք մեղավոր:

Գևորգը չափազանց զայրույթից գունաթափվեցավ. նա ամբողջ մարմնով դողում էր:

Հարգելի պարոն, ես ոչինչ մեղք չունիմ այստեղ: Ձեր պարոն բժիշկը պատվիրեց ինձ անպատճառ թողնել իմ գծուծ պաշտոնը, որովհետև դուք բոլորդ ապահովացրիք ինձ ձեր պատվավոր ստորագրություններով, և ես ձեզ լսելով, իբրև պատվավոր մարդիկների, թողեցի իմ պաշտոնը…

Դուք, պարո՛ն, արդեն սկսում եք անքաղաքավարի խոսել, ես շատ չեմ համբերում այդ տեսակ վարմունքին, երեսը խոժոռելով նկատեց Տանպետյանցը:

Գևորգը զգաց իսկույն յուր թշվառ և անզոր դրությունը, և նա սկսավ աղաչավոր ձայնով.

Ներեցե՛ք ինձ, հարգելի պարոն, եթե ես համարձակվեցա անքաղաքավար գտնվել ձեր առաջ. բայց հավատացեք, որ ես արժանի եմ ձեր կարեքցության: Ես թողել եմ իմ պաշտոնը, որի միակ արդյունքովը կերակրում էի ինձ և իմ խեղճ մորը, ես թողել եմ նրան ձեր հույսով, ձեր բարերարության վրա վստահանալով. դուք չպիտի կամենաք թշվառացնել մեզ, մենք աղքատ ենք, հավատացեք, մենք անպաշտպան ենք… և այս խոսքերի հետ նա սկսավ դառնապես լալ:


Իզուր եք լաց լինում բարեկամ, մի փոքր մեղմությամբ պատասխանեց Տանպետյանցը, - ես ինչ որ հարկավորն էր արել եմ, խնդրել եմ, ստիպել եմ, մինչև անգամ աղաչել եմ։ Բայց երբ մարդիկ չեն կամենում զոռով խո նրանցից փող խլել չէի կարող։ Ավելի լավ է, դարձյալ դուք գնաք ձեր պաշտոնը խնդրեք, և միառժամանակ պարապեք նրանով, մինչև որ մենք տեսնենք, թե այս մեր ժլատ հայերի հետ ինչ ենք անում։

Օ՜հ, այդ մի ասեք պարո՛ն, ես ավելի շուտ ինձ ջուրը կձգեմ…

Ինչու՞ համար, զարմացմամբ հարցրեց Տանպետյանցը:

Այո՛, չեմ կարող. Գուստավը քանի՜-քանի՜ անգամ խնդրեց, որ ես իմ պաշտոնը չթողնեի, ես նրա խնդիրքը մերժեցի, այժմ ի՞նչ երեսով կարող եմ գնալ նորեն նրա մոտ:

Այդ երեխայություն է. ուրիշ ոչինչ:

Ո՛չ պարո՛ն, ես իմ խոսքի տերն եմ, թեպետ աղքատ։

Էհ, ուրեմն, ազատ եք, արեք ինչ ուզում եք. ես սրանից ավելի ոչինչ չեմ կարող անել ձեզ համար:

Գևորգը մնաց շվարծ, և չգիտեր ի՞նչ ասեր:

Շնորհեցեք ինձ այն ստորագրության թուղթը, խոսեց նա վերջապես, գուցե ես կկարողանամ մի բան ստանալ ստորագրող պարոններից:

Բոլորովին իզուր կաշխատեք, ես՝ ումնից որ պահանջել էր՝ պահանջեցի. դուք ինձանով ավելի ազդել չեք կարող:

Այսուամենայնիվ, ավելացրեց նա, ես ձեզ կտամ մի տասը մարդկանց անունները, նրանք ամենից հուսալի անձիքներն են, փորձեք, դիմեցեք նրանց, գուցե ձեզ կհաջողվի մի բան ստանալ:

Եվ նա յուր հիշողության տետրեկը հանալով գրեց մի թղթի վերա ա՛յն անունները, որը ստորագրության պատռտած թերթից հանել էր, տվավ Գևորգին: Այնտեղ Սոմարյանցի անունն էլ կար յուր 500 ռուբլի հետ միասին: Գևորգն այն նկատելով մի փոքր ուրախացավ։ «Եթե Պետերբուրգ չգնամ, գոնե միառժամանակ կառավարվելու համար փող կունենամ», մտածում էր նա։

Իսկ դուք պիտի վճարե՞ք ձեր ստորագրած 500 ռուբլին, այնպես չէ՞, հարցրեց Գևորգը Տանպետյանցին։

Ի՞նչ 500 ռուբլ։

Դուք այդչափ չստորագրեցի՞ք, միթե։

Հա՜, հա՜, հա՜,հա՜, բարձրաձայն սկսավ կարկաչել պարոն Տանպետյանցը, Գևորգի ուսը քնքշաբար ծեծելով։ Ի՜նչ միամիտ եք, ի՜նչ բարի եք. ո՞վ ասաց ձեզ, թե ես 500 ռուբլ եմ ստորագրել:

Ես ինքս լսեցի, երբ դուք բարձրաձայն արտասանելով ստորագրեցիք։

Հա՜, հա՜, հա՜, նորեն ծիծաղեց Տանպետյանցը, ես այնպես բարձրաձայն արտասանեցի կատակի համար, բայց ստորագրածս իսկապես քսան և հինգ ռուբլ էր. դա էլ քիչ փող չէր, իհարկե։ Բայց դեռ գնացեք, հեշտ է, թե մյուս ստորագրողները փող կտան, ես էլ մի բան կտամ։ Այս ասելով ողջունեց նա Գևորգին, և առանց նորա ողջույնն առնելու, մտավ մյուս սենյակը։

Գևորգը նույնպես դուրս գնաց։

ԺԱ

Սանդուղքից իջնելով Գևորգը դարձյալ մնաց շվարած. յուր ինչ անելիքը չգիտեր։

«Աստվա՜ծ իմ, ո՞ւր գնամ, ո՞ւմ դիմեմ, մտածում էր նա, մի՞թե բոլոր այս մարդիկներն էլ, որոնց անունները ես ունեմ, Տանպետյանցի նմանները չեն. մի՞թե նրանք էլ միևնույնը չպիտի կրկնեն, ինչ որ սրանից լսեցի, և դեռ սա իմ կարծիքով ամենից լավն էր։ Բայց... ոչ, ես իմ մոր երեսը դուրս գալ չեմ կարող, ես չեմ կարող գուժել նրան, որ իմ հիմարության պատճառով ես պատժված եմ. չեմ կարող ասել, որ յուր գուշակությունները կատարվել են, նա գիտեր, որ այս մարդիկները պիտի խաբեին ինձ, նրա սիրտը գուշակում էր, որ մենք պետք է թշվառանանք, նա գիտեր, նա ամեն 19 Մուրացան, հատոր l բան գիտեր, նա ամեն բան գուշակում էր. բայց ե՛ս, ե՛ս հիմարս նրան չլսեցի... ես թշվառացրի նրան և ինձ...»: Եվ այս խոսքերի հետ նա սկսեց հեկեկալ:

Երկար այս դրության մեջ Գևորգը մնացել էր կանգնած: Վերջապես նա վճռեց դիմել այն մարդկանց, որոնց ցուցակը գտնվում էր յուր ձերքում: «Այդպիսով ոչինչ չի դառնալ,-մտածում էր նա, -ես ձեռնունայն իմ մոր մոտ չպիտի դառնամ, այս վճռված է: Ամբողջ օրը պիտի ման գամ, բոլորին պիտի տեսնեմ. պիտի խնդրեմ, պիտի աղաչեմ, մինչև որ ձեռքումս մի բան ունենամ տուն վերադառնալու համար: Իսկ եթե բոլորից էլ մերժում կստանամ, այն ժամանակ... այն ժամանակ ես գիտեմ ի՞նչ կանեմ... այն ժամանակ իմ ապրելս ավելորդ է»:

Այս խորհուրդածություններով նա քայլերն ուղղեց դեպի Սոմարյանցի տունը: Նա տանը չէր: Վերադարձավ մի ուրիշի մոտ: Սա էլ հյուրեր ուներ, տեսնել չէր կարող: Երրորդի մոտ վազեց, նա պատասխանեց, որ այդպիսի ստորագրության համար տեղեկություն չունի և խոստացավ Տանպետյանցին տեսնել: Չորրորդը մինչև անգամ պատուհանից տեսած լինելով, թե հնչակ քաշողն ով է, ծառային հրամայեց ասել՝ «տանը չէ» այնպես բարկացած և բարձր ձայնով, որ Գևորգն ինքն այդ լսելով և առանց ծառայի պատասխանին լսելու հեռացավ: Հինգերորդի համար ասացին, որ հենց այն առավոտը Փոթի էր գնացել: Վեցերորդը, որ բարեհաճեց Գևորգի հետ յուր բակում մի քանի խոսք խոսալ, նրար դատապարտեց յուր պաշտոնը թողնելու համար, և վերջումն էլ նրան «ձրիակեր» անունը տվավ։ Գևորգը խորը վիրավորված հեռացավ և՛ այդտեղից։ Յոթներորդը ճաշի վրա էր արդեն, ուստի չէր կարղ այդպիսի ժամանակ այցելու ընդուներ։ Գեղեցիկ հագնված սպասավորը մինչև անգամ նկատողություն արավ, որ ժամը երեքին այցելության գնալն անհարմար է, և ժամանակ որոշեց առավոտյան ժամը է 10-11-ը։

Գևորգը գրեթե խելագարված սկսեց թափառել փողոցներում․ նա չգիտեր ո՞ւմ է գնում, ո՞ւմ է պտռում։ «Ճաշի ժամանակն անհարմար է այցելել» այս լսել էր ութերորդի ծառայից, և սպասում էր, որ այդ ժամանակն անցնե։ Արդեն ութ անձինքներից և ոչ մեկի մոտ ցանկացած ընդունելություն չգտավ. բայց նա դեռ հույս ուներ, թե մնացած երկուսը անպատճառ ավելի բարի և մարդասեր պիտի գտնվեին: Անցավ մի երկու ժամ: Վերջապես նա դիմեց իններորդին, նա քնած էր, տեսնել անկարելի է: Դիմեց տասներորդին, նա նույնպես քնած էր:

Վերջապես: Ի՞նչ պետք էր անել այժմ: Գևորգը ոչինչ չգիտեր: Նա այժմ մտածելու էլ անընդունակ էր դարձել: Ամբողջ օրը մի պատառ չէր դրել բերանը, բայց նա քաղցածություն անգամ չէր զգում: Նա այժմ մի բան էր միայն ցանկանում, հեռանալ, հեռանալ որքան կարելի է մարդիկներից, ընկնել մի ամայի, մի անբնակ տեղ… Եվ նա գնում էր առանց մտածելու, առանց աջ ու ձախ նայելու…

Թողենք նրան հանգիստ. և ես ձեզ կպատմեմ, թե ինչու՞ համար բոլոր այս տասը մարդիկներից գեթ մեկի մոտ նա ոչինչ հաջողություն չգտավ:

Գևորգը Տանպենտյանցի այցելելու առաջին օրից երկու օր հետո, պարոն Տանպետյանցն ընտանեկան երեկույթի ժամանակ գտնվում էր կլուբում: Նա այդտեղ պատահեց շատերին ա՛յն պարոններից, որոնք իրեն հետ միասին հրավիրված էին եղել Սոմարյանցի տանը: Միջերնին խոսք բացվելով, նա հիշեցրեց նրանց այն ստորագրության մասին, որով նոքա փող էին խոստացել մեր երգչին Պետերբուրգ ղրկելու համար: Այդ հիշեցնելը ներկա եղողներին շատ դուր չեկավ: Տանպետյանցը նկատեց, թե ինչպես նրանցից մի քանիսը երեսները թթվացրին, մյուսները կամանց-կամանց պատրաստվում էին հեռանալ, իսկ մի երկու տաք-գլուխները բարկացած զարմանք հայտնեցին, որ Տանպետյանցը թույլ է տալիս իրեն հիշեցնել նրանց մի խոստման և ստորագրության մասին, որը նրանք արել են արբած և հիմարացած ժամանակ: Պարոններից մեկը մինչև անգամ հայհոյեց բժիշկ Դուդուկջյանին, որ նա քաջ իմանալով հյուրերի արբած լինելը, դարձյալ հանդգնել էր մի այդպիսի ստորագրության թուղթ բանալ նոցա առաջ և այսօրվա համար մի խայտառակության գործ պատրաստել:

Տանպենտյանցի ուզած էլ հենց այդ էր: Տեսնելով յուր բարեկամների տրամադրությունը այդ խնդրում, նա վստահություն առավ և պատմեց, նրանց թե ինչպես Ելիզավետա Սերգեևնան բարկացել և պատռտել էր ստորագրության թերթը և սրանով ազատել արբած ժամանակի խոստումը կատարելուց:

Կեցցե՜, կեցցե՜ Ելիզվետա Սերգեևնան, գոչեցին Տանպետյանցի բարեկամները գրեթե միաբերան, նոքա, որոնք սկզբումը թթվացրել էին իրենց երեսները, կամ պատրաստվել էին խմբից հեռանալու, իսկույն փոխեցին իրենց տրամադրությունը և հավաքվելով բոլորը միասին սկսան գովություններ շռայլել Ելիզավետա Սերգեևնայի խելացի արարքի համար:

Թեպետ այդ րոպեին Տանպետյանցի մոտ չէին Սոմարյանցի խնջույքին ներկա գտնվող բոլոր հյուրերը, սակայն մի երկու օրվա մեջ նրանք բոլորը արդեն գիտեին Ելիզավետա Սերգեևնայի արածը, և չէին կարողանում ներքին գոհունակությամբ շնորհակալություն չանել նրան:

Բայց ո՞ւր գնաց մեր խեղճ Գևորգը:

Նա արդեն դուրս էր եկել քաղաքից և գտնվում էր Քռի ափում, մի ամայի տեղ: Մութը կոխել էր. լուսին չկար, բայց աստղերն ադամանդների նման շողշողում էին կապուտակ երկնակամարի վրա: Նրան շրջապատող լռությունը խանգարվում էր միայն գետի խուլ հոսանքի ձայնով:

Նա մոտեցավ գետի ափին, դիտեց նրան լուռ ու մունջ և շշնջաց. «Օգնության հույս էլ չկա, ապրել այսուհետև ամոթ է ինձ համար. ահա՛ իմ տեղը, և նա դողացող ձեռքը պարզեց դեպի գետի խորը, բայց ի՞նչ եմ անում ես» գոչեց նա հանկարծ և սոսկալով հետ դարձավ:

«Հիմար, հիմար, խոսում էր նա ինքն իրեն , ո՞ւմ հույսով ես թողնում քո մորը ո՞վ պիտի պահե, ո՞վ պիտի կերակրե նրան, ինչու՞ ես դառնացնում նրա ծերության օրերը ինչու՞ ես սպանում նրան…»: Եվ այս մտածությունը կարծես նրան հոգի ու սիրտ տվավ. նրա հուսահատությունը, որ իրեն մոլորեցրել էր, անցավ, և նա արագ-արագ քայլելով դիմեց դեպի քաղաքը:

Երեկոյան ժամը 11-ին նա հասավ տուն:

ԺԲ

Թամարը շատ չէր անհանգստացել յուր որդու ուշանակու վերա: Նա կարծել էր, թե հարուստ բարերարներից մեկն այդ օրը հյուրասիրել էր յուր Գևորգին: Բայց նա ամբողջ մարմնով սոսկաց, երբ Գևորգը յուր գլխով անցածը բոլորը պատմեց: Նա չսոսկաց նրա համար, որ բարերարները մերժել էին յուր որդուն խոստացած օգնությունը, այլ սոսկաց նրա համար, որ նոցա շնորհիվ պիտի հավիտյան կորցներ յուր որդուն:

Դու ոչ մի բանի վերա մի մտածիր, Գևորգ, հոգյակս, ես դարձյալ լվացքարանը կմտնեմ, ես կաշխատեմ և կպահեմ քեզ, քանի ուժ ունեմ. միայն թե դու ողջ առողջ ման գաս իմ աչքերի առաջ, մինչև որ ես գերեզման կմտնեմ… Ասում էր նրան Թամարը, աշխատելով սփոփել յուր որդու հուսահատությունը:

Այս անգամ նա չէր հիշում մինչև անգամ այն գուշակությունները, որ նա արել էր օրերով առաջ. նրա միակ մտածությունը յուր որդու տխրությունը փարատելն էր:

Գևորգը հետզհետե սիրտ էր առնում. նրան սպանող հուսահատությունն անցնում էր:

Ես դեռ կստիպեմ այդ մարդկանց իրենց ստորագրությունը հարգել, ասում էր նա, քաջալերվելով մոր գորովալիր խոսքերով, ես այդ մարդիկներից այդպես շուտով ձեռք չեմ վերցնիլ:

Բայց իսկապես ի՞նչ կարողացավ անել նա. ոչի՛նչ:

Անցան օրեր, անցան շաբաթներ: Եվ Գևորգն անընդհատ դիմում էր մերթ սրան, մերթ նրան, խնդրում էր, աղաչում էր, բայց իզուր, ոչ ոք նրան խնդիրն ուշադրության չառավ:

Եվ նա սովորեց միայն փողոցներում այդ պատրվակով թափառել:

Մի ամիս անցավ: Թամարի բոլոր խնայողությունը ըսպառվեցա. մի քանի օր շարունակ մայր և որդի ցամաք հաց էին ուտում. մի օր մինչև անգամ նրանք քաղցած անցրին:

Թամարի բոլոր աշխատությունը Գևորգին նորեն Գուստավի մոտ ղրկելու համար՝ ապարդյուն անցավ: Նա ավելի նախապատիվ էր համարում մեռնիլ, կան Քռի մեջ խեղդվիլ, քան նորեն Գուստավին դիմել, նրա աղջկա արհամարհանքը տանել և յուր ընկեր-բանվորների մոտ ծիծաղի առարկա դառնալ:

Ուրիշ գարծարար էլ նա մտնել չհամաձայնվեցավ, որովհետև Սոմարյանցի տանը հասկացրել էին, որ ինքը մեծ մարդ է, և այդ գիտեին յուր նոր բարեկամները, դպրոցական աշակերտները, լուսավորության բարեկամ գործակատարները, դատելու ու վճռելու վարդապետ տղաները, և նա նրանցից ամաչում էր:

Ի՞նչ պետք էր անել, ուտելու հաց չկար:

Վերջապես խեղճ Թամարը նորեն մտավ լվացքարան, բայց այս անգամ 20 ռուբլով, որովհետև նա առաջվան ուժը չուներ և նրան ավելի չվճարեցին:



Եվ դուք ի՞նչպես վարվեցիք խեղճ փականագոծի և նրա մոր հետ, դո՛ւք, փայլուն հասարակության զարգացած անդամներ: Դուք ձեր ոգևորության մեջ ճառեր խոսացիք, խոստումներ արիք, ձեր անտեղի գովեստներով խեղճ երիտասարդին փչացրիք, զրկեցիկ նրան յուր պաշտոնից, թշվառեցրիք նրա ապագան, ուժասպառ մորը նորեն լվացքարան ղրկեցիք... և հե՞տո ոչինչ. դուք ավելացրիք մեկն ա՛յն դատարկապորտ տղաներից, որոնք բուլվարների վերա օրն ի բուն շրջում են պարապ, անգործ, որոնք դատում են, վճռում են, դատապարտում են և առանց մի բան գիտենալու, առանց մի բան սովորած լինելու, ամենակար և ամենագետ են:

Ահա՛ ձեր գործը:

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Հասարակաց որդեգիրը"

Ятук Музыка
Солнце Осени
Тигран Мансурян

Солнце Осени

Мелодия детства
Мелодия детства
Играть онлайн