Мурацан

Հարուստները զվարճանում են

2

ԱՆՄԵՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՃԱՌՎՈՒՄ Է

Բարոյախոսները թանկագին հարստություն են համարում «վարկը» և «պատիվը», և նրանը անարատ պահելու համար քարոզներ են կարդում մեր գլխին։ Բայց մարդկությունն ավելի շնորհապարտ կլիներ նրանց, եթե այդ հարստությունը պաշտպանելու համար, դրանք կարողանային զենքեր հնարել և մեր ձեռքը տալ։ «Քարարողները» շատ թույլ միջոցներ են «պատվի» սեփականությունը պաշտպանելու համար, մանվանդ, որ նրանք շատ անգամ ծառայում են իբր զենք հենց ա՛յն մարդկանց ձեռքում, որոնք «վարկի» և «պատվի» գողությամբ են ապրում։ Նյութական հարստություն պաշտպանելու գործն ավելի դյուրին է, քան բարոյական հարստության։ Առաջինի համար բավական են երկու զորեղ բազուկներ և մի փայլուն սուր, նյութական հարստությունը մեր տան մեջ, մեր առջևն է. հափշտակողին մի հարված, և դատաստանը վերջացած է։ Իսկ բարոյական հարստությունը..․ ավա՜ղ նա մեր ձեռքում չէ. նա գտնվում է հասարակաց կարծիքի հրապարակի վրա։ Շատ անգամ ճարպիկ սրիկաներ գողանում են նրան առանց մեր գիտության. և հենց այն րոպեին (երբ մենք պաշտպանում ենք նրան` կարծելով, թե նա մեր ձեռքում, մեր գրկումն է, նա հրապարակի վրա վաճառքի է հանվում...

Հասարակաց կարծիքը չէ որոնում ավազակներին, չէ պատժում մեր բարոյական հարստությունը գաղտագողի հափշտակողներին. միայն մի բան գիտե. նա դատավոր է նստում մեր գլխին և դատապարտում է մեզ, որ մենք մեր «վարկը» և «պատիվը» կորցրինք... Իսկ ճշմարտությունը «Օ՜հ, նա ամենից երկչոտ արարածն է։ Նա տեսնում է, թե ինչպես խորամանկները մեր շփոթությունը նկատելով անկյուններում ծիծաղում են, խեղկատակներն անխղճաբար ծաղրում են մեզ և ամբոխը քարեր է շպրտում մեզ վրա. նա տեսնում է այս ամենը, նա գիտե, որ մենք արդար ենք և դարձյալ երկյուղից կծկվում է յուր գաղտնարանում, և լույս աշխարհ գալիս միայն այն ժամանակ, երբ մենք արդեն ամբոխի կատաղի հարվածներից անշնչացած` գլորված ենք գետնի վրա..

Ի՞նչ դարման ունին արդյոք բարոյագետներն այս ցավալի դրության համար, իհարկե ոչինչ...

Մութը կոխել էր. կրպակներում հետզհետե վառվում էին կանթեղները և գնալով փողոցների մեջ անցուդարձը կենդանանում էր։ Բերնարի կարանոցը միայն բացառություն էր կազմում լուսավորված խանութների շարքի մեջ։ Նրա դռները պինդ-պինդ կողպվում էին, որովհետև օրվան այդ այդտեղ դադարում էին աշխատանքները։ Երթևեկ բանվորուհիներն արդեն ցրվել էին իրենց բնակարանները, և տիկին Բերնարի մոտ մնում էին նրա սակավաթիվ գիշերօթիկները, որոնք մի մեծ սենյակի մեջ հավաքված շաղակրատում էին, կատակներ էին անում և ծիծաղում էին։ Ելենան նրանց մեջ չէր․ այդ ժամանակ նա գտնվում էր տիկին Բերնարի առանձնասենյակում։

Դու ասում ես պատրա՞ստ է արդեն այն պարոնի շապիկները, հարցնում էր Ելենային տիկինը, անցուդարձ անելով սենյակի մեջ։

Այո՛, ես ինքս իմ ձեռքով դարսեցի նրանց կողովի մեջ. նա բոլորովին պատրաստ է, կարող եք ուղարկել։

Շատ լավ, շատ լավ, մեքենայաբար կրկնեց տիկինը և մի քանի անգամ անց ու դարձ անելուց ետ եկավ նստեց փափուկ բազկաթոռի վրա։

Արի նստի՛ր ինձ մոտ, Ելենա, քեզ հետ գաղտնի խոսելիք ունիմ, – ասաց նա և մի աթոռ քաշեց իրեն մոտ։

Ելենան ծանր և կարծես ակամա քայլերով մոտեցավ տիկնոջը և նստեց նրա կողքին։

–Դու տեսա՞ր երեկվա երիտասարդին, Ելենա՛,– հարցրեց տիկինը։

–Ի՞նչ երիտասարդ։

–Ա՛յն, որ մեզ շապիկներ պատվիրեց։

–Այո՛․․․ի՞նչ կա։

–Դու նրան հավանո՞մ ես։

–Ի՞նչպես թե հավանում եմ, տիկին, ես ձեզ չեմ հասկանում,– հարցրեց Ելենան շառագունելով։

–Այնպե՛ս էլի, չե՞ս հասկանում․ ուզում եմ ասել, հավանո՞մ ես նրա գեղեցկությանը, նրա շնորհքին, նրա․․․

Ա՜խ տիկին, թողեք խնդրեմ. այդ ի՞նչ հարցեր են,– դժգոհությամբ ընդհատեց նրան Ելենան և կամենում էր տեղից վեր կենալ:

Սպասի՛ր, ո՞ւր ես գնում. ես քեզ հետ կատակի համար չեմ խոսում, այլ կարևոր գործի և քո օգտի համար,– նկատեց նրան տիկինը և ձեռքից բռնելով նստեցրեց յուր Այդ երիտասարդը, շարունակեց տիկին Բերնարը, մի շատ պատվական երիտասարդ է. խելոք, ուսումնական և շատ հարուստ։ Նա յուր բարեկամուհու ձեռքով հայտնել է, որ քեզ հետ ուզում է ամուսնանալ, ուստի ամենից աոաջ ցանկանում է, որ քեզ կրկին տեսնե։

Այդ բանի համար, տիկին, դուք իմ ծնողաց հետ պիտի խոսեք և ոչ ինձ հետ։

Շատ լավ ես ասում, Ելենա, բայց քո ծնողներդ գավառացի մարդիկ են, նրանց չէ կարելի համոզել, որ քեզ թողնեն գնալ երիտասարդի մոտ, որ նա քեզ տեսնե դու ավելի շուտ մեզ կհասկանաս։

Ինչպե՞ս թե գնալ երիտասարդի մոտ։

Հապա նա իր տանն է ուզում քեզ տեսնել. նա մեծ մարդու որդի է, խո քո ոտքդ չի՞ գալու։

Ներեցեք, տիկին, ոչ, ե՛ս կպահանջեմ, որ նա իմ ոտքը գա, և ոչ էլ ես կերթամ նրա մոտ. խնդրում եմ, թողեցեք ինձ հետ այդ խոսակցությունը և եթե կամենում եք, տեսնվեցեք իմ ծնողաց հետ, այդպես բաների վրա խոսել իմ գործը չէ։

Լսի՛ր, Ելենա՛, ես քեզ ափսոսում եմ. դու քո բախտիցդ մի զրկվիր. այսպես բան էլ քեզ հետ չի պատահիլ: Քո ծնողներին նայելով՝ քեզ հետ կամուսնանա շատ-շատ մի հյուսն կամ մի դարբին։ Բայց սա քաղաքի ամենահարուստ մարդու որդին է. մոտ քսան և հինգ տեղ մեծամեծ տներ և հարյուրավոր խանութներ ունի, ապրում է իշխանի նման շքեղ պալատի մեջ. ման է գալիս սեփական կառետով. առջևը կանգնած ունի տասնյակ ծառաներ, աղախիններ և վերջապես քաղաքի առաջին մարդն է համարվում, նրա աչքը հարստության վրա չէ. քեզ տեսել է, հավանել է, և այժմ ուզում է ամուսնանալ քեզ հետ. մի՞թե հիմար չես լինիլ, որ մերժես նրա առաջարկությունը։

Ես չեմ մերժում նրա առաջարկությունը տիկին, ընդհակառակը, ես բախտավոր կլինեմ այդպես ամուսին ունենալով, բայց այդ առաջարկությունն ինքս ընդունել չեմ կարող. այդ պարոնը պետք է իմ ծնողացը հայտնե յուր կամքը։

Աղջիկ, դու գժվել ես, կամ ինձ չես հասկանում։ Նա խո այս րոպեին քեզ հետ չի ամուսնանում, այլ ուզում է կրկին քեզ տեսնել, լավ տնտղել, այդ բանի համար չարժե, որ հայտնենք քո ծնողացը և նրանք էլ, ո՞վ գիտե, ի՞նչ հիմար պատասխան տան և գործը քանդվի: Այս երեկո լուռ ու մունջ կեռթաս նրա մոտ (նա միայնակ մի առանձին տան է կենում), այնպես որ մեր աղջիկներից ոչ ոք ոչինչ չի իմանալ, մի կես ժամ քեզ կտեսնեմ, հետդ կխոսա և լի կվերաադառնաս ինձ մոտ:

Ի՞նչ եք խոսում, տիկին, ես վեր կենամ գնամ նրա մոտ, թե ի՞նչ է` «եկել եմ ինձ տեսնե՞ս…»:

Ո՛չ, ո՛չ հիմար չեմ. եթե ուղարկեմ, ես գիտեմ ի՞նչպես կուղարկեմ, դու քո համաձայնությունը տուր, մնացածը իմ գործս է:

Ելենայի հաստատամտությունը խախտվել էր: Յուր դեպի երիտասարդն ունեցած գաղտնի սերը, տիկնոջ խոսածների ազդեցությունը, հարուստ ամուսին ունենալու հույսը, բոլորը խառնվել միացել էին նրա մեջ. նա տարուբերվում էր հուսո և երկյուղի, ուրախության և անհանգստության մեջ նա հակվում էր դեպի համաձայնվելու կողմը:

Դիցուք թե համաձայնվում եմ, բայց ի՞նչ պատրվակով եմ գնում նրա մոտ և ո՞ւմ հետ:

Պատրվա՞կը, ա՛յ այս շապիկներն են: Ես նրանց կտամ իմ, մի բարեկամ կին ունեմ, Սալոմե անունով, նրա ձեռքը. երկուսդ միասին կնստեք ծածկված կառքում, կեթաք այն պարոնի տունը: Եվ դու կասես իբրև թե շապիկները բերել եմ տիկին Բերնարի կողմից, որ հանձնեմ ձեզ: Այնուհետև երիտասարդը գուցե մի փոքր կուշացնի քեզ, թեյ, բան կառաջարկի, այդ կնոջ հետ միասին մի փոքր կնստեք կխմեք և կրկին կվերադառնանք:

Բայց այդ ի՞նչ կին է, որ ինձ հետ պիտի գա, կարծես անվստահությամբ հարցրեց Ելենան:

Օ՞, դա մի շատ բարի կին է. մի քանի տարի առաջ նա ինձ մոտ կար էր անում, այժմ խեղճի աչքերը լավ չեն տեսնում. բայց ես երբեմն-երբեմն նրան այդ տեսակ ծառայություններ եմ հանձնում և վարձատրում եմ: Այո՛, մի շատ բարի կին է: Բայց դու մի ուշանար, գնա լվացվիր և մի փոքր ուղղիր հագուստներդ, ավելացրեց տիկինը, որքան էլ գեղեցիկ լինիս, դարձյալ լավ չէ, որ այդպես քծծված մազերով և ջարդված շորերով երևաս այն երիտասարդի մոտ, քո պակասությունն էլ իմ կարանոցին է վերաբերում։

Ելենան գնաց։ Մի ներքին ուրախություն, որից դեռ չէր բաժանվում երկյուղի նման մի զգացմունք, լցրել էր նրա սիրտը։ Նա պետք է տեսներ ա՛յն երիտասարդին, որին սիրում էր, որը իրեն ամուսնություն էր առաջարկում և որը գեղեցիկ ու հարուստ էր…

Եվ նա գնաց լվացվելու։

Այդ միջոցին ներս մտավ և Սալոմեն, որը մինչև այն պահված էր ետևի սենյակում։

Հա՛, ամեն բան պատրաստ է, խոսեց տիկին Բերնարը նրան տեսնելով, բե՛ր մնացած փողը, որ մեր հաշիվները վերջացնենք։

Սալոմեն ուրախությամբ տարավ ձեռքը գրպանը և հանելով մի քանի ծալած թղթադրամներ, տվեց տիկնոջն ասելով` «Երեկ ես վճարեցի ձեզ 250 ռուբլին և ահա ինչպես պայմանավորված էինք, տալիս եմ ձեզ մյուս 250 ռուբլին»։

Տիկին Բերնարը համարեց փողերը և գրպանը դնելով գլխի թեթև շարժումով շնորհակալություն արեց Սալոմեին։ Հետո նա պատմեց ինչ որ ինքը խոսացել էր Ելենայի հետ և պատվիրեց նրան, որ յուր խոսածների համաձայն վարվի և խոսա նրա հետ։

Իսկ ինչ վերաբերում է Ելենայի երիտասարդի մոտ մնալուն, ավելացրեց տիկինը, նա կարող է մնալ այնտեղ այնքան ժամանակ, որքան ինքը կկամենա. նրա ծնողներին հարկ եղած պատասխանը ես ինքս կտամ։

Կես ժամից հետո Ելենան և Սալոմեն կարած շապիկներն իրենց հետ վերցրած, նստեցին մի ծածկված կառքի մեջ և ուղղվեցին դեպի Սամվել Փուլշատյանի առանձնարանը։

ՍՊԱՆԴԱՆՈՑ

Քաղաքի մի հետ ընկած մասում, բայց գեղեցիկ և մաքուր փողոցի վրա, գտնվում էր մի փոքրիկ երկհարկյան տուն, երեք կողմից շրջապատված պարսպապատ այգիով: Նրա դրացիները, որոնք գլխավորապես օտարազգիներ էին, գրեթե տեղեկություն չունեին, թե իսկապես ո՞ւմ էր պատկանում այդ շինությունը։ Ցերեկով այդտեղ ոչ ոք չէր լինում, բացի մի ծառայից և աղախնուց, որոնք շատ հազիվ էին երևվում փողոցի մեջ և դրացիներից ոչ ոքի հետ հարաբերություն կամ խոսակցություն չունեին։ Գիշեր ժամանակ այդ տան բոլոր պատուհանները, որոնք նայում էին գեղեցիկ փողոցի վերա, փակվում էին տախտակյա փեղկերով, մինչդեռ դեպի այգին բացվողները միշտ լուսավորված էին լինում։ Փողոցի վրա բացվող մուտքը նույնպես ցերեկով միշտ փակ էր, և երթևեկությունը կատարվում էր պարտեզի մի գաղտնի դռնով, որ բացվում էր նեղ և մութ փողոցի մեջ։ Մերձակա դրացիների համար դա մի խորհրդավոր բնակարան էր։ Շատ անգամ նրանք այդ տունը երթևեկողների մասին հարց ու փորձ էին անում այն կառապաններից, որոնք գիշերվա ժամերում կանգնած էին լինում տան գլխավոր մուտքի առաջ բայց դրանք իրենք էլ չգիտեին, թե ո՞ւմն են բերել այստեղ ո՞ւմ պիտի տանեն։


Այս տունը Սամվել Փուլշատյանի առանձնարանն էր, որի անունը քանիցս առիթ ունեցա հիշելու։ Նրա գոյության մասին տեղեկություն չուներ մինչև անգամ յուր հայրը։ Նա կառուցվել էր Սամվելի անվամբ և սեփական փողերով։ (Չմոռանանք հիշել, որ երիտասարդը սեփական էր անվանում այն փողերը, որ նա ճարպկությամբ և հաշիվներ խարդախելով գողանում էր յուր հորից)։ Այս փոքրիկ տան մեջ ամեն բան նախատեսված և պատրաստված էր գեղեցիկ ճաշակով և այստեղ երիտասարդ Փուլշատյանն անցուցանում էր գիշերային ժամերի մեծ մասը յուր գեղեցիկ սիրուհիների և երբեմն էլ քեֆ սիրող մտերիմների հետ։

Երեկոյան ժամը ութն էր և մութը տիրել էր ամեն կողմ: Սամվելը լուռ և մտախոհ ճեմում էր գեղեցիկ կահավորված ընդունարանում: Առաստաղից կախված թանկագին ջահը յուր հինգ փառավոր կանթեղներով աչք կուրացնելու չափ լուսավորում էր սենյակը: Ամեն կողմը փայլում էր հարստություն և ճոխություն: Իսկ երիտասարդ տանուտերը՝ յուր բարեկազմ հասակով, գեղեցիկ դեմքով և գանգրահեր ճակատով լրացնում էր այդ սենյակի զարդարանքը:

Բայց նրա քայլվածքն անհանգիստ էր: Նա անհամբերությամբ սպասում էր մեկին և ստեպ-ստեպ ժամացույցը հանելով նայում էր նրան: Փողոցի մեջ անցնող յուրաքանչյուր կառքի դղրդյունը նրա սիրտը թունդ էր հանում. նա ականջը կախում էր դեպի այդ ձայնը և հուսով սպանում, որ ահա՛ մի, կամ երկու րոպեից այդ կառքը կկանգի յուր տան առաջ. բայց դղրդյունը շարունակվում էր, կառքն անցնում էր և նա հուսահատաբար կրկին առաջ էր շարժում յուր քայլերը: Վերջապես մյուս սենյակում պատի ժամացույցը զարկեց ութ և կեսը. Սամվելը չէր հավատում նրան. հանեց իսկույն և յուրը, նայեց, սխալ չկար: Նա համբերությունից դուրս եկավ և վազելով դեպի դուռը, հենց կամենում էր ծառային կանչել, և ահա գլխավոր դռան հնչակը ամուր - ամուր քաշեցին: «Նա է. եկավ…», շշնջաց ինքն իրեն Սամվելը և գնաց նստեց թավշապատ բազկաթոռի վրա և ձեռքն առնելով օրվան լրագիրը սկսեց մեքենայաբար կարդալ նրան:

Մի քանի րեպեից հետո ընդունարանի դուռը բացվեցավ և ներս մտավ Սալոմեն:

Միայնա՞կ ես, ի՞նչ է, ո՞ւր է Ելենան… անհամբերությամբ վեր թռավ բազկաթոռից Սամվելը և այս խոսքերով դիմեց Սալոմեին:

Միանյակ չեմ, նա այստեղ նախասենյակում է, բայց ամաչում է գալ:

Ի՞նչ հիմարություն, և դու թողել ես նրան այնտեղ միանյակ: Այս ասելով Սամվելը դուրս թռավ նախասենյակ և տեսնելով Ելենային, որ կողովը ձեռքին կանգնած էր այստեղ, իսկույն բացականչեց՝ «Ա՜, բարյավ ձեզ, օրիորդ, ինչո՞ւ համար եք այդտեղ կանգնել. խնդրեմ ներս հրամայեցեք»: Ելենան ոչինչ չպատասխանեց, բայց երիտասարդին տեսնելով սաստիկ շառագունեց։

Դուք դարձյալ կանգնո՞ւմ եք. բայց խնդրում եմ ձեզ։

Ներս գալու ոչինչ կարիք չկա, պարոն, ես տիկին Բերնարի կողմից բերի այս շապիկները ձեզ ցույց տալու համար խնդրեմ նայեցեք և եթե մի որևէ պակասություն նշմարեք, ասացեք, որ ուղղենք։ Այս ասելով նա վայր դրավ ձեռքի կողովը պատուհանի վրա։

Խնդրեմ ներս բերեք, ես այնտեղ կնայեմ, ասաց Սամվելը և ակնարկելով Սալոմեին, ինքը ներս մտավ։

Սալոմեն վերցրեց կողովը և Ելենայի ձեռքից բռնելով, գրեթե զոռով, ներս քաշեց նրան դեպի երիտասարդի ընդունարանը։

Ասացեք խնդրեմ, ինչ կա քաշվելու, մի քանի րոպե նստեցեք այստեղ, իսկ ես կնայեմ շապիկները, այս խոսքերով նա աթոռ առաջարկեց Ելենային։ Նրանք նստեցին։

Մի քանի վայրկյան Սամվելը տնտղեց շապիկները, նայեց աջ, ձախ և ապա «շատ լավ է, շատ գեղեցիկ է» ասելով. կանչեց աղախնին և հանձնեց նրան, միևնույն ժամանակ պատվիրելով թեյ բերել հյուրերի համար։

Իսկույն հայտնվեցավ գեղեցիկ և մաքուր հագնված ծառան և արծաթյա ափսեով թեյ առաջարկեց յուր տիրոջը և նրա հյուրերին, թեյի հետ էլ բերելով կաթ և շաքարահաց։

Ելենան դժվարանում էր մինչև անգամ այդ հասարակ հյուրասիրությունն ընդունելու, բայց Սամվելն այնքան շատ ստիպեց նրան, որ նա հակառակել չկարողացավ։

Այժմ մենք կարող ենք գնալ, ցած ձայնով շշնջաց Սալոմեի ականջում Ելենան յուր բաժակը դատարկելուց հետո և վեր կացավ աթոռից։

Ո՛չ, դեռ ձեզ հետ մի փոքր խոսելիք ունիմ. օրիորդ, մի շտապեք, նկատեց Սամվելը նույնպես տեղից բարձրանալով։

Հրամայեցեք, ես լսում եմ, համեստությամբ պատասխանեց Ելենան։

Ես առանձին պետք է խոսեմ ձեզ հետ։ Ուրեմն ես դրսումը կսպասեմ, ասաց Սալոմեն և արագ դուրս գնաց սենյակից։

Սպասի՛ր, ո՞ւր ես գնում բացականչեց Ելենան Սալոմեի ետևից և պատրաստվեցավ ինքը ևս դուրս գնալու:

Դուք ո՞ւր եք գնում, օրիորդ, սպասեցեք, ես ձեզ հետ շատ կարևոր խոսելիք ունեմ, այս ասելով բռնեց երիտասարդը Ելենայի ձեռքից և զոռով նստեցրեց թավշապատ դիվանի վրա։

Ասացեք խնդրեմ, ինչ որ կամենում եք. ես շատ ուշանալ չեմ կարող, տիկին Բերնարն ինձ սպասում է։

Ես ձեզ չեմ ուշացնիլ. բնավ մի անհանգստանաք, միամտացրեց նրան Սամվելը և սկսավ յուր «կարևոր խոսելիքը»:

Ի՞նչ էր իսկապես նրա «կարևոր խոսելիքը», ես այդ մի առ մի չեմ կրկնիլ այստեղ՝ ձեզ չձանձրացնելու համար։ Այսքանը միայն կասեմ, որ դա շատ նման էր ա՛յն սիրալիր և սրտառուչ խոսակցության, որ տեղի է ունենում առաջին անգամ միայնության մեջ միմյանց պատահած երկու սիրող սրտերի, երկու միմյանց անկեղծ պաշտող հոգիների մեջ։

Սամվելր գեղեցիկ խոսելու ձիրք ուներ, նա գիտեր գրավել, գիտեր հրապուրել։ Նույնիսկ յուր մարմնական գեղեցկությունն օգնում էր նրան այդ բանում։ Նա ճանաչում էր յուր ուԺը, ճանաչում էր և գեղեցիկ սեռի թուլությունը։

Եվ ահա բոլոր այդ զենքերով նա զինվել էր տկար և անմեղ աղջկա դեմ, մի աղջկա, որ լռիկ, յուր սրտում, սիրում էր նրան։

Կկամենա՞ք լսել մի քանի կտոր երիտասարդի խոսակցությունից. ահա՛ նրանք' Օ՜, եթե գիտենաս, Ելենա, թե ինչպես սիրում ու պաշտում եմ քեզ... այն օրից, որ առաջին անգամ քեզ այգիում տեսի, ես այլևս հանգստություն չունեի, ես խելագարի նման թափառում էի փողոցներում, ամեն տեղ պտրում էի քեզ, ամեն տեղ որոնում էի քո հետքերը, քո քաղցր հայացքը, քո անուշ ձայնը... Առանց քեզ ես չեմ կամենում ապրել. առանց քեզ աշխարհը ինձ համար մութն է և կյանքը տանջանք... և եթե դու այսօր եկած չլինեիր ինձ մոտ, ես ուղղակի դեպի Քուռը կվազեի և պիտի խեղդեի ինձ նրա մեջ․․․»

Այս և սրա նման գողտրիկ խոսքեր անընդհատ շռայլում էր նա յուր սիրուհու առաջ։ Ելենան, որ յուր ամբողջ կյանքում այսպիսի քնքուշ խոսքեր լսած չուներ, զմայլած նայում էր նրա, նա հափշտակվել էր, և բնավ չէր հիշում ոչ տիկին Բերնարի կարանոցը և ոչ յուր ծնողները։

Իսկ դու, Ելենա, մի՞թե դու չես սիրում։

Ե՜ս, ես էլ քեզ շատ եմ սիրում, շատ, շատ․․․ այսքանը միայն կարողացավ արտասանել անմեղ աղջիկը և շառագունելով գլուխը կախեց ցած:

Օ՜, քեզ կարելի է միայն պաշտել, բացականչեց երիտասարդը և յուր հափշտակության մեջ ամուր գրկելով նրան, համբուրեց նրա շրթունքները:

Այդ համբույրից Ելենան ցնցվեցավ ամբողջ մարմնով և խլվելով երիտասարդի գրկից շառագունված ետ քաշվեցավ:

Ա՜խ, ի՞նչ անում դուք, շշնջաց նա հազիվ լսելի ձայնով և ապա տեղից վեր բարձրանալով՝ «Ես պիտի գնամ, ուշանում եմ», ասաց նա և ուղղվեցավ դեպի դուռը։

Ոչ, սիրելիս, ես քեզ այդպես շուտ չեմ թողնիլ, խոսեց Սանվելը նույնպես տեղից վեր բարձրանալով և Ելենայի ձեռքից բռնելով, դու դեռ ինձ մոտ պիտի ընթրես. մենք դեռ մի քանի ժամ էլ միասին կանցկացնենք, և հետո կերթաս։

Ո՛չ խնդրում եմ, ինձ բաց թողոցեք, ես կամենում եմ գնալ։

Այդ անկարելի է, Ելենա, դու պիտի մնաս, ես խնդրում եմ։ Եվ մի՞թե դու կկամենայիր իմ խնդիրը մերժել։

Բայց տիկին Բերնարը․․․ ա՜խ, նա ինձ կսպասե․․․ գիտե՞ք, մեր այնտեղի աղջիկները շատ վատ աղջիկներ են, նրանք հազար մի բաներ գիտեն կխոսեն․․․

Ո՛չինչ, ո՛ինչ, հոգյակս, նրանք ովք՞եր են, որ դու նրացը խոսելու վրա ուշադրություն ես դարձնում․ մի շաբաթից հետո մենք պսակված կլինենք, դու ամենից հարուստ մարդու ամուսինը կդառնաս և նրանք հեռվից միայն մտիկ կտան քեզ վերա և չեն համարձակվիլ անգամ քեզ բարևել։ Այո՛, դու այդ տեսակ աղջիկներին քեզ աղախին պիտի ունենաս, արժե՞ ուրեմն նրանց վերա մտածել: Այսպիսի հուսալի խոսքերով Սամվելը դեռ հանգստացնում էր Ելենային, երբ ծառան մտավ և հայտնեց՝ որ սեղանը պատրաստ է:

Երիտասարդը Ելենային յուր թևն առավ և ուղղվեցավ դեպի սեղանատունը:

Բայց խնդրում եմ, այն կնոջն էլ կանչեցեք, և եթե մենք ընթրում ենք, թող նա էլ մեզ հետ ընթրի, նա երևի ինձ սպասում է այնտեղ, ասաց Ելենան, չկամենալով միայնակ սեղանի վերա գտնվիլ օտար երիտասարդի հետ:

Ա՜, ինչպես կարելի է, Ելենա: էգուց մենք պետք է ամուսիններ լինենք, և այսօր ուզում ես, որ մեր սեղանի վերա մեզ հետ ընկերացնենք մի ողորմելի աղքատ պառավի: Դու անփորձ ես, դու հարուստների շրջաններում չես գտնվել, դա շատ ամոթ բան է մեզ համար: Այն կինը կարող է ներքև մեր ծառայի և աղախնի հետ ընթրել. նրա համար ամեն բան կհոգացվի, դու միամիտ եղիր:

Ելենան ոչինչ չուներ պատասխանելու. նա լռեց, որովհետև կարծում էր, թե երիտասարդի խոսածներն այնպիսի ճշմարտություններ էին, որ ինքը չէր կարող հասկանալ:

Երբ նրանք մտան սեղանատունը, օրիորդի աչքերը շլացան: Գեղեցիկ կահավորված, մանավանդ գեղեցիկ լուսավորված սենյակում բացված էր մի շքեղ սեղան, որի վերա կարգով շարված էին բազմաթիվ և բազմատեսակ ուտելիքներ, հախճապակյա և ոսկեզօծ ամանների և սկուտեղների մեջ: Շամպայնի շշերը և մի քանի ուրիշ ըմպելիքներ արծաթապատ պնակների վրա փայլում էին ինչպես բյուրեղ, նրանց մոտ շարված էին մի քանի տեսակ ոսկեզօծ բաժակներ, որոնցից յուրաքանչյուրը հատկացված էր մի տեսակ ըմպելիքի համար: Սեղանի երկու կողմերում դրված մի մի արծաթի բարձրադիր աշտարակներ հնգական ճուղերով և նրանց մեջտեղում բարձրաանում էր բյուրեղյա, աստիճանավոր ափսեներից կազմված մրգերի շաքարաղենների մի կոթող. իսկ նրա գլխին տնկված էր թարմ ծաղիկներից և վարդերից շինած մի քաղցրաբույր և գեղեցիկ փունջ: Սեղանի մոտ դրված էր մի նորաձև բազկաթոռ, որ երկու իրար կից նստատեղիներ ուներ․ նրանցից մեկի վրա նստեց երիտասարդ տանուտերը և յուր կողքին էլ քնքշաբար նստեցրեց Ելենյին։ Եվ նրանք սկսեցին ընթրել։

Ծառան հետզհետե ներս էր բերում զանազան համեղ խորտիկներ և Սամվելն ամեն մեկից յուր ձեռքովն էր բաժին վերցնում յուր գեղեցիկ հյուրի համար։ Ելենան սկզբում ամաչում էր և քաշվելով էր ուտում․ բայց մի երկու բաժակ շամպանիան, որ երիտասարդ տանուտերը զոռով խմացրեց նրան, բացավ նրա երեսը։ Նա մինչև անգամ սկսավ ազատ խոսել և ծիծաղել յուր ապագա ամուսնու հետ։

Գինին ընդհանրապես բարերար ազդեցություն է անում ամաչկոտ և մանավանդ տխրազգաց մարդիկների վրա։ Նա համր լեզուների և անխոս շրթունքների հրաշալի բանալին է։ Նրա շնորհիվ կարելի է կարդալ սրտերի մեջ այն ամենն, ինչ որ լրջությունը ծածկում, թաքցնում է։ Նույնիսկ ամենագործնական մարդիկը, որոնք իրենց գոյությունը պահպանելու համար միշտ շողոքորթում և կեղծավորում են, դարձյալ չեն կարողանում մի քանի ժամ անկեղծ չլինել՝ այս հրաշալի նեկտարը որոշ չափով իրենց մեջ հյուրընկալելուց հետո։ Գինու համար առանձին աստված չստեղծելով, աստվածաբանական մի մեծ սխալ գործած կլիներ հին դիցապաշտ աշխարհը․ բայց Բաքոսի անունը և նրա երբեմն գոյություն ունեցող հոյակապ տաճարները, ապացուցանում են, որ մարդկությունը դեռ շատ հեռու անցյալում ճանաչում և պաշտում էր գինվո անմահ զորությունը։

Ահա՛ այս ամենակարող զորությունն էլ իրեն օգնության էր հրավիրել երիտասարդ Փուլշատյանը։ Նա հետզհետե լցնում էր Ելենայի բաժակը քաղցր և անուշահամ գինիով և զանազան ոգելից օշարակներով։ Օրիորդի կողմից ամենզորեղ ընդիմությունն էլ ապարդյուն էր անցնում․ Սամվելը նրան մերթ ստիպում, մերթ թախանձում էր և վերջ ի վերջո նա ստիպված էր լինում դատարկել բաժակը։

Ընթրիքը վերջանալու մոտ Սամվելը սկսեց երգել։ Նա շատ քաղցր և դուրեկան ձայն ուներ։ Այս վերջաբանը այնքան շատ դուր եկավ Ելենային, որ նա ինքը մինչև անգամ սկսեց ձայնակցել գեղեցիկ երիտասարդին, յուր թևը նրա վզով բերելով և կրակվող ճակատը նրա կրծքին հանգչեցնելով: Անուշ գինիներ, գողտրիկ երգեր, սիրալիր գրկախառնություն և կաթոգին համբույրներ... Այս բոլորը միախառնված ո՞ւր պիտի տանեին երկու երիտասարդներին ... Իհարկե հանգստյան կայանը...

Ա՜խ, ես ուշացա, ես պիտի գնամ, նվաղած ձայնով շշնջում էր օրիորդը, բայց, անզոր ինքն իրեն տիրապետելու, թուլացած ընկնում էր իրան գրկող բազուկների վրա:

Ա՜խ, ես ուշացա, ես պիտի դնամ, նվաղած ձայնով շշնջում էր օրիորդը, բայց, անզոր ինքն իրեն տիրապետելու, թուլացած ընկնուն էր իրեն ղրկող բազուկների վրա:

Դու կերթաս, միամիտ եղիր... դու կերթաս, մեքենայաբար կրկնում էր Սամվելը: Ելենան հավատում էր յուր ապագա ամուսնուն և չէր ընդդիմանում նրան:

ՀԵՂԻՆԵԻ ԾՆՈՂՆԵՐԸ

Արեգակը դեռ նոր էր բարձրանում Մախաթի ետևից, և նրա բեկբեկուն ճառագայթները ծիրանի գույնով խաղում էին քաղաքի հին բերդի ավերակների վրա: Քարափի թաղում հարուստ մարդիկ դեռ հանգիստ քնում էին, բայց մեր ծանոթ Ելենայի հայրը հյուսն Անտոնը վաղուց արդեն զարթել, լվացվել և շտապել էր եկեղեցի` կյուրակե օրվա պատարագին ներկա գտնվելու: Նրա կինը` Հռիփսիմեն, տուն տեղը սրբել, մաքրել ու կարգավորել էր և այժմ զբաղված էր կեսօրվան ճաշի համար մի քանի պատրաստություններով:

Առավոտները նա եկեղեցի չեր գնում, որովհետև իրենից հետո տանը ոչ ոք չեր մնում, ուստի և բավականանում էր մի քանի անգամ երեսը խաչակնքելով, երբ լսում էր Բեթխայինի զանգակների ձայնը: Իսկ կեսօրին, Ելենայի գալուց ետ, իհարկե, նա պիտի ներկա գտնվեր պատարագին մի որևէ, եկեղեցում, ուր առավոտյան ժամասացությունը կեսից չէր եղած: Ելենան սովորություն ուներ կյուրակե օրերը շատ վաղ յուր ծնողաց մոտ գալու. և այդ էր պատճառը, որ Անտոնը մինչև պատարագի վերջը եկեղեցում սպասել չէր կարողանում: Սուրբ-սուրբը լսելուց ետ նա դուրս էր գալիս: Եվ որքա՜ն մեծ էր լինում նրա ուրախությունը, երբ մի ամբողջ շաբաթ յուր սիրելի Ելենային չտեսնելուց հետո պատահում էր նրան բակի դռան մոտ՝ իրեն սպասելիս, կամ մաքուր-պսպղան ինքնաեռի մոտ՝ թեյ շինելիս:

Անտոնը կրթված քաղաքացիների նման ջերմությամբ չէր ողջագուրված յուր աղջկան, նա միայն մի քաղցր ժիպիտով էր դիմավորում նրան, բայց այդ ամաչկոտ ժպիտի մեջ որքա՛ն բուռն սեր, որքա՜ն հայկական խանդ և գորով էին պարունակում... Ամբողջ շաբաթվա մեջ, յուր տաժանակիր աշխատությանց ժամանակ կրած նեղությունները նա իսկույն մոռանում էր, հենց որ տեսնում էր նրան: Այդ միամոր աղջկա մեջ նա ամփոփել էր յուր բոլոր բախտը, կյանքը և հարուստությունը: Ելենան նրա համար մի ամբողջ աշխարհք էր...

Իսկ Հռիփսիմեն, իհարկե, Անտոնի նման չէր: Մայրական սիրտը ամենայն տեղ միևնույն է. նա նույնչափ քնքուշ, նույնչափ՝ գթոտ է աղքատի խրճիթում, որչափ և մեծատան սրահներում։ Դեռ մի քանի տասնյակ քայլ իրենց տնից հեռու, երբ նա նկատում էր Ելենային, իսկույն վազում, փաթաթվում էր նրան, սեղմում էր կրծքին, համբուրում էր, կարծես թե երկար տարիներ էին անցել, ինչ որ նա չէր տեսել Ելենային, և ապա ձեռքիցը բռնած բերում էր տուն։ Յուրաքանչյուր կյուրակե հյուսն Անտոնի տունը կերպարանափոխվում էր. Ելենայի ներկայությունը լցնում էր ամեն դատարկություն․ տան թե՛ ներսը և թե՛ դուրս մի առանձին կենդանություն էին ստանում։ Շաբաթվա մեջ խնայծներն այդ օրը սեղանի վրա էին հանվում։ Ելենայի ուրախությունը կատարյալ անելու համար հրավիրում էին դրանց աղջիկներից մի քանիսը, որոնք ճաշից հետո դահիրա էին ածում և Ելենայի հետ միասին երգում և պարում էին։

Միով բանիվ այդ օրն Անտոնի և Հռիփսիմեի աղքատիկ տնակը կատարյալ երջանկության մեջ էր լինում։

Մեր ուրախությունը ոչնչով պակաս չէ մեր հարուստ դրացիների ուրախությունից, հաճախ կրկնում էին մարդ ու կին երախտագետ սրտով փառք տալիս աստծուն։

Ահա՛ այս երջանիկ օրը վայելելու համար էր, որ Անտոնը եկեղեցուց շտապով վերադառնում էր տուն։

Ու՞ր է Ելենան, դեռ չէ՞ եկել, հարցեց Անտոնը կնոջը՝ տուն մտնելով և «ողորմի աստված» ասելով։ Չէ, դեռ չէ եկել. չգիտեմ ինչո՞ւ այսօր ալսքան ուշացավ։

Զարմանալի է, նա այս ժամին միշտ այստեղ է լինում։

Ի՞նչ զարմանալու բան կա. երևի այն անպիտան վարպետուհին էլի գործ է տվել շինելու։ Խեղճ երեխաս ամբողջ շաբաթը տանջվում է բավական չէ, և դեռ կյուրակե օրն էլ հանգիստ չեն թողնում։

Չէ՛, ա՛յ կին, ես պետք է Ելենայիս հանեմ այդ կնոջ մոտից. նա նրան բոլորովին կմաշե։

Ես խո սկզբից էի ասում, թե Բերնարի համար լավ չեն խոսում. ասում էին, որ նա աղջկերանց միսն ուտում է, բայց դու ինձ չսեցիր և աղջիկդ տվիր նրան:

Ոչինչ, թող այս ամիսն էլ անցնի, այն ժամանակ ես գիտեմ ինչ կանեմ, ասաց Անտոնն սպառնացող եղանակով և ապա դուրս եկավ բակը՝ տեսնելու համար. թե արդյոք հեռվից չէ՞ երևում Ելենան։

Նա երկար նայեց այստեղից դեպի ներքևի փողոցը. և ոչինչ չնշմարեց։ Վերջապես կամաց-կամաց բարձրացավ դեպի քարափի բարձրությունը, այնտեղից ավելի լավ դիտելու համար։ Երկար ժամանակ նա այդտեղ արձանացած կանգնած էր. բայց Ելենան չէր երևում։ Անհանգստությունը սկսեց նրան տանջել, նա իջավ տուն։

Ա՛յ կին, ես գնում եմ դեպի կարանոցը, տեսնեմ երեխային ինչ պատճառով են այսքան ուշացնում ասաց նա Հռիփսիմեին, գլուխը սենյակի պատուհանից ներս մտցնելով։

Գնա՛, գնա՛, գուցե այն անզգամ կինը քեզ տեսնելով ամաչե, պատասխանեց Հռիփսիմեն, գնա և խնդրիր, որ երկրորդ անգամ այսքան երկար չպահե երեխային. թող միշտ առավոտը ղրկե։

Անտոնր շտապ֊շտապ դիմեց դեպի տիկին Բերնարի կարանոցը:

Բակը մտնելով նա առաջին անգամ պատահեց Շուշանին։

Ինչո՞ւ քո տիկինը Ելենային այսքան ուշացնում է. ամոթ չէ՞, ասաց նա նրան, ամբողջ շաբաթ խեղճը տանջվում էր բավական չէ, դեռ կյուրակե օրերն էլ է բանեցնում։

Ի՞նչ եք խոսում դուք, – զամացմամբ հարցրավ Շուշանը, – Ելենան երեկ երեկոյան է եկել ձեզ մոտ։

Գժվե՞լ ես, ի՞նչ է․ ի՞նչպես թե երեկ երեկոյան է եկել մեզ մոտ․ նա այստեղ է նա․․․ ո՞ւր է տիկինդ, ո՞ւր է Ելենան այս խոսքերով նա խելագարվածի նման վազեց դեպի տիկին Բերնարի առանձնարանը։ Տիկինն այդ ժամանակ կանգած հայելու առաջ սանդրվում էր, նա հայելու մեջ տեսավ, թե ինչպես Անտոնը շփոթված ներս ընկավ յուր սենյակը․ բայց նա այդ բանից բնավ չվրդովվեցավ։

Հա, ի՞նչ կա, Անտոն, բա՞ն ունիս ասելու, հարցրեց նա նրան կատարյալ հանգստությանբ և առանց երեսը շուռ տալու։

Տիկի՛ն, ո՞ւր է Ելենան, մինչև այժմ պահել եք նրան։

Ելենա՞ն զարմացմամբ հարցրեց նա։

Այո՛, այո՛, Ելենան, ուր է, ինչո՞ւ է ուշանում:

Ի՞նչ եք ասում: Ելենան երեկ երեկոյան եկավ ձեզ մոտ:

Տիկին դուք կատակ եք անում, վայրենի ձայնով գոչեց Անտոնը, և նրա դեմքը կտավի գույն ստացավ…

Ինչ կատակ, ինչ բան ձեզ ասում են որ երեկ երեկոյան նա եկել է ձեզ մոտ: Ինչ անեմ շատ խնդրեց, ես էլ չկարողացա բացասել. միթե վատություն եմ արել:

Անտոնի ոտքերը թուլացան: Նա երերվեցավ և քիչ էր մնում, որ գետին ընկնի, բայց իսկույն հենվեցավ պատուհանին:

Տիկին դուք ինձ խելագարեցնում եք. նա մեզ մոտ չի եկել, ասեցեք, ի սեր աստծո, ուր է նա ուր է գնացել…

Ձեր հայերը միշտ այդպես կոպիտ են, պարոն, կեղծ բակությամբ նկատեց տիկին Բերնարը, ես ձեզ սուտ չեմ ասում խո. ինչ է, ինձ մոտ է և ես ծածկում եմ: Բայց նա մեզ մոտ չի եկել տիկին, ո՞րտեղ է ուրեմն...

Գուցե ձեր բարեկամներից մեկի տանն է՝, ես ի՞նչ գիտեմ, ո՞րտեղ է․ ես խո փողոցում էլ նրա պահապանը չեմ։ Անտոնը ոչինչ չպատասխանեց, նա երերվելով դուրս գնաց։

Աղջկերք, գուցե դուք գիտեց, ասացեք, ո՞ւր է Ելենան, գրեթե շնչասպառ մոտեցավ նա մի քանի կարողուհիների, որոնք հավաքված էին պատշգամբի մի անկյունը։

Ի՞նչ է, չէ՞ եկել ձեզ մոտ, զարմացմամբ հարցրեց նրանցից մինը։

Նա երեկ երեկոյան դուրս գնաց այստեղից, հարեց մի ուրիշը։

Ի՞նչ է պատահել, մի՞թե իրենց տուն չէ գնացել, մի երրորդը հարցնում էր իր ընկերուհուն։

Այ, չե՞ս տեսնում, հայրն ասում է, որ չէ գնացել, պատասխանում էր նա։

Աստված իմ, ի՞նչ եք ասում, ուրեմն ո՞ւր պետք է գնացած լինի, բացականչում էր Նինոն։

Գուցե ձեր քրոջ տանն է, պարոն, այնտեղ հանդիպեցեք... վերջապես խորհուրդ էր տալիս Շուշանը:

Անտոնն այս բոլոր հարց ու պատասխաններից ոչինչ նոր բան չհասկացավ, նրա համար միայն այն տխուր լուրը հաստատվեցավ, որ Ելենան երեկ երեկոյան կարանոցից դուրս է գնացել, բայց թե ո՞ւր է գանացել, նա չեր կարողանում հասկանալ: Վերջապես նա շվարած դիմեց դեպի իր քրոջ՝ Եղիսաբեթի տունը, որը Բերնարի կարանոցի մոտ էր գտնվում:

Ճնապարհին մի նվազ հյուս պահում էր նրան, նա ուզում էր հավատալ, որ Ելենան երևի իր քրոջ տունն է գնացել, որովհետև քաղաքի մեջ նա էր իրենց միակ ազգականը, թեպետ այդ բանը նա առանց ծնողներին իմացնելու չէր անիլ: Բայց չէ՞ որ խեղդվող մարդն ամեն անզոր շյուղից էլ բռնում է, որ նա կազատե իրեն...

Այստե՞ղ է Ելենան, հարցրեց Անտոնը քրոջից բակի մեջ նրան պատահելով:

Ելենա՞ն, զարմացմամբ հարցրավ քույրը: Այո', ուրեմն այստե՞ղ չէ․․․ կոր՞լ է․․․ էլ ոչինչ չկարողացավ շարունակել Անտոնը և սկսեց գլուխը ծեծել:

Ի՞նչ է պատահել, Անոտոն, ոչինչ չեմ հասկանում. ասա, ի սեր աստծո, ի՞նչ է պատահել...

Ելենա՛ն... Ելնա՛ն կորել է.. երեկ երեկոյան դուրս է գնացել կարանոցից և այժմ չկա... դողալով մրմնջում էր Անտոնը և գլուխն ու ծնկները հարվածում...

Ի՞նչ ասացիր այդ, Անտոն, սրսափով բացականչեց Եղիսաբեթը և սկսավ բարձրաձայն հեկեկալ:

Գնանք, գնանք մոր մոտ, գնաք ասենք, որ Ելենան չկա... մեռել է... խելագարի նման մրմնջում էր Անտոնը, գնաք, նա սպասում է ինձ...

Եվ հեկեկալով ու վայ տալով քույր և եղբայր ճանապարհ ընկան դեպի տուն:

Հռիփսիմեն դեռ կանգնած բակի ծայրում անթարթ աչքերով նայում էր հեռու, դեպի փողոցը. նա սպասում էր իր գեղեցիկ Ելենային... Եվ ահա՛ նկատեց փողոցի ծայրում Անտոնին. նրա հետ մի կին էլ կար. բայց հագուստները Ելենայի հագուստների նման չէին. նա հետաքրքրությամբ դիտում էր նրանց. վերջապես ճանաչեց Եղիսաբեթին: Իսկ Ելենան ինչու՞ չկար, Եղիսաբեթը ու՞ր էր գնալիս, նա ոչինչ չեր կարողանում հասկանալ:

Նրանք մոտեցան: Հռիփսիմեն նկատեց նրանց հուսահատ շարժումները. նա վերջապես տեսավ, որ Եղիսաբեթը լաց էր լինում, և ծնկները դողդողացին...

Ի՞նչ է պատահել, ո՞ւր է Ելենան, ինչո՞ւ առանց նրան եք եկել... իրար ետևից հարցրեց Հռիփսիմեն, առանց մի քայլ անգամ առաջ գնալ կրողանալու:

Ելենան... երեկ երեկոյան.. կակազեց Անտոնը և հեկեկանքը խեղդեցին նրան ձայնը:

Ի՞նչ, երեկ երեկոյան մեռա՞վ... սարսափով գոչեց Հռիփսիմեն:

Ո՜ւր էր թե մեռներ... երեկ երեկոյան կարանոցից դուրս է գնացել և էլ չկա... դառն կսկիծով հարեց Եղիսաբեթը: Ա՜հ Ելենաս սուրբ ձայնով ճչաց Հռիփսիմեն և ուշափափ գլորվեցավ գետին:

Ի՞նչ արի՛ր դու, Եղիսաբեթ, ինչո՞ւ սրան էլ ես սպանում, սոսկալով գոչեց Անտոնը և շտապով գրկեց դալկահար և ուշաթափ ամուսնուն:

Եղիսաբեթը դողալով վազեց տուն և ջրի սափորը քարշ տալով բերավ և սկսեց ջուր սրսկել Հռիփսիմեի վրա: Անտոնը որքան ուժ ուներ ձեռքերում, սկսավ շփել նրա մարմինը, քաշել ականջներից և կամ մատներն ատամների մեջ խրելով աշխատում էր զոռով բաժանել նրա միմյանց հետ կպած ծնոտները:

Անցան մի քանի վայրկյաններ, և Հռիփսիմեն աչքերը բացավ «Ելենաս, ո՞ւր է Ելենաս…», նվաղած ձայնով մրմնջաց նա, և կրկին թուլացավ:

Անտոնը և Եղիսաբեթը կրկնապատկեցին իրենց ջանքերը և մի քառորդ ժամից հետո հազիվ հաջողեցան ուշքի բերել Հռիփսիմեին, որն այժմ սկսել էր դառնապես լալ և մազերը փետել:

Անտոն ու՞ր է Ելենաս, նրան տարել են, նրան սպանել են… ինչու՞ համար ես կանգնել, գնա՛, գնա՛ գտիր նրան… անդադար հեծեծում էր խեղճ կինը և անխնայաբար գլուխը և ծնկները հարվածում:

Թշվառ ընտանիքի լաց ու կոծի վրա հավաքվել էին դրացիներից և դրացուհիներից մի քանիսը. նրանք սիրտ էին տալիս Հռիփսիմեն, հուսադրում էին նրան, բայց բոլորի ջանքերն էլ ապարդյուն էին անցնում. Հռիփսիմեն ոչինչ չէր ուզում լսել, նա անդադար յուր անձը կոծում էր: Վերջապես խառատ Օսեպը որ նրանց դրացիներից մինն էր, առաջարկեց Անտոնին յուր հետ միասին գնալ և ոստիկանության հայտնել, խուզարկություն անելու համար:

Խեղճ Անտոնը մինչև այն արձանացած էր. արտասվաց կաթիլները սառել մնացել էին յուր ծնոտների վրա: Դրացու առաջարկությունը լսելուն պես կարծես նա նորից արթնացավ, յուր կորուստի սոսկալի ծանրությունն զգալով սկսավ դառնապես լալ: Հետո գլխակոր առաջ անցավ ուստիկանատունը գնալու համար: Ո՞ւր ես գնում, ինձ էլ տար հետդ, ճչաց Հռիփսիմեն նրա ետևից, տար, ես չեմ կարող այստեղ մնալ. ես էլ եմ ուզում որոնել իմ Ելենային...

Շրջապատող կանայք շատ աշխատեցին պահել նրան, բայց հնար չեղավ. «Ես չեմ մնալ, ես կմեռնեմ...,» շարունակ կրկնում էր խեղճ կինը: Բայց նա չկարողացավ մի քանի քայլ անգամ փոխել, նրա ծնկներում ուժ չէր մնացել: Վերջապես կառք բերել տվին և նրանով չորս հոգի ուղղվեցան դեպի ոստիկանատունը՝ Անտոնը, Հռիփսիմեն, Եղիսաբեթը և խառատ Օսեփը:

Բայց դեռ ճանապահի կեսը չանցած, Հռիփսիմեն կանգներեց կառքը և պահանջեց, որ գնան առաջ Բերնարի կարանոցը. «Գնանք այնտեղ, Ելենան այնտեղ է, ես գիտեմ... խելագարի նման խոսում էր նա, գնաք. ես ինքս ուզում եմ ստուգել ամեն բան...»:

Կառքը ուղղվեցավ դեպի Բերնարի կարանոցը:

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Հարուստները զվարճանում են"

Ятук Музыка
Маскарад - Романc
Арам Хачатрян

Маскарад - Романc