Мурацан

Անդրեաս Երեց

4

Ը

Օրը տարաժամել էր, երբ տեր–Անդրեասը յուր այցելություններն ավարտելով վերադարձավ տուն։ Նա ամբողջ օրը ոտքով շրջել էր Ագուլիսի ու Դաշտի բոլոր թաղերը և այցելել այն ընտանիքներին, որոնց անունները մի օր առաջ նշանակել էր յուր ցուցակում։ Հայտնելով ամենքին շահի դիտավորությունը, նա պատվիրել էր նրանց հեռացնել անմիջապես գեղեցիկ երեխաներին, հարսնացու աղջկերանց և թաքցնել հարևան գյուղերում կամ այնպիսի տեղեր, ուր շահի հետամուտների աչքը չկարողանա թափանցել:

Թեպետ սաստիկ ցուրտն ու Ագուլյաց ձորի քամին իրենց ազդեցությունն արել էին երիտասարդ քահանայի վրա՝ սառեցնելով նրա մարմինն և ոտքերր ընդարմացնելով, այսուամենայնիվ, տեր-հայրը տուն մտավ ուրախ սրտով և ժպիտը երեսին։ Այն միտքը՝ թե նա հաջողել է արդեն վտանգի առաջն առնել և այդպիսով հարյուրավոր մանուկներ անխուսափելի կորստից ազատել` նրա հոգին լցրել էր անպատում ցնծությամբ։ Նա շտապեց այդ ուրախությանը մասնակից անել նաև յուր ընտանիքին։ Նստելով կրակարանի առաջ, ուր մանկամարդ տիրուհին մեծ կրակ էր բորբոքել, տեր-հայրն սկսավ պատմել այդ ավուր մեջ կատարած յուր գործերի մանրամասնությունը, այն է` թվել այն ընտանիքները, որոնց այցելել էր, կրկնել այն զրույցները, որ ունեցել էր ծնողների հետ, կամ այն խորհուրդները, որ տվել էր նրանց։ Նա նկարագրում էր թե՝ ինչ սարսափ էր պատել ագուլեցիներին՝ «մանկաժողովի» մասին տարածած լուրը լսելուց հետ և թե ինքը ի'նչ ուրախություն էր պատճառում հուսահատ ծնողներին` վտանգի առաջն առնելու ճանապարհը սովորեցնելով նրանց։

Երիտասարդ քահանայի ծնողները, որոնք հասարակաց բախտով նույնչափ էին հետաքրքրվում, որչափ և իրենց որդին, ուրախանում էին նրա խելոք կարգադրությունները լսելով և առ այդ հայտնում էին իրենց գոհունակությունը։ Իսկ Վարդենի տիրուհին, որ ժամանակի սովորության համաձայն անխոս էր սկեսրայրից և, հետևապես, չէր մասնակցում խոսակցության, շատանում էր միայն յուր սրտում հրճվելով` որ ամուսնու արիության շնորհիվ սպառնացող վտանգը վերանում էր արդեն։ Սակայն զրույցի վերջում,նա նշանացի հարցրեց երեցին թե` ի՞նչ կարգադրություն է արել արդյոք դպրոցի աշակերտների համար։

Նրանց մասին էլ հարկ եղածը որոշել եմ արդեն, պատասխանեց երեցը. մեր վաթսուն աշակերտների մի մասը տգեղներ են, որոնց շահի մարդիկը, հարկավ, չեն վերցնիլ. բայց գեղեցիկներին կուղարկենք Ցղնա, խոջա֊Անձրևի կինը հիսուն հոգու տեղ է պատրաստել այնտեղ. մեր աշակերտները մենք կարող ենք վստահանալ նրան։

Հազիվ երեցը յուր խոսքը ավարտեց և ահա եկեղեցու պարսպի դուռը բախեցին։

Ո՞վ է այս ժամին այցելում մեզ, հարցրեց ինքնիրեն տեր֊հայրը և դուրս եկավ պատշգամբ։

Ծերունի ժամկոչը շտապել էր արդեն դուռը բանալ։ Եկողը սուրբ Թովմաս վանքի ծառաներից մինն էր, որ հայտնեց քահանային թե՝ առաջնորդ հայր֊սուրբը կանչում է իրեն։

Ի՜նչ կա, հարցրեց երեցը հետաքրքրությամբ։

Չգիտեմ... ասում էին թե իբր խանից հրաման է եկել, նրա մասին պիտի խոսեն... ուրիշ քահանաներ էլ կան մեզ մոտ. պատասխանեց ծառան։

Տեր հայրը ներս մտավ իսկույն և թեպետ դեռ հոգնած, այսուամենայնիվ, հագավ յուր նոր պարեգոտը, փոխեց հին գլխարկը և ձեռնափայտն առնելով դուրս եկավ տանից։

Վանքի ծառան, որ ձեռքին կրում էր մոմաշորի երկար, խողովակաձև լապտեր, առաջ անցավ տեր-հոր ճանապարհը լուսավորելու համար։

Որովհետև Խցաձորից մինչև ս. Թովմասի վանքը բավական երկար ճանապարհ էր և նրանք գրեթե ավանի մի ծայրից մինչև մյուսը պիտի անցնեին, ուստի տեր֊հայրը յուր ընթացքն արագացրեց։ Նա կամենում էր վայրկյան առաջ հասնել առաջնորդի մոտ և իմանալ, թե՝ խանի հրամանը ինչ նոր գույժ է բերել իրենց, որովհետև բարի լուրի չէր սպասում բնավ։ Բայց ճանապարհը սահուկ էր և սառցապատ։ Տեր-հայրը շարունակ սայթաքում էր. երկաթագամ քոշերը հազիվ էին նրա ոտքերը գետնի վրա բռնում։ Մինչև անգամ շուկայից անցնելու ժամանակ երեցը սահելով՝ նստեց ճանապարհի մեջտեղում. իսկ գետաձորը իջնելու ու միջոցին՝ քիչ էր մնում գլորվեր լճացած ջրերի մեջ, որոնց վրա այդ ժամանակ դեռ կամուրջ չէր հաստատված։ Տեր-հայրն այդ վայրկենին այն աստիճան էր զբաղված օրվա ծանր խնդրով, որ ուշադրություն չէր դարձնում ճանապարհի վատթարության վրա։ Եվ եթե ծառայի զգուշությունը չլիներ, գուցե մի վտանգ էլ պատահեր նրան, որ մտազբաղ լինելուց ի զատ նաև հոգնած էր օրվա ծանր աշխատությունից։

Երբ նրանք հասան ս. Թովմասի կամրջին, պատահեցին մի երկու ուրիշ քահանաների, որոնք նույնպես գնում էին առաջնորդարան։

Տեր-Անդրևասը սիրով ողջունեց նրանց և երբ իմացավ որ նրանք էլ կանչված են հայր սուրբից, ինքնիրեն շշնջաց.

«Փառք աստուծո որ գոնե այս տագնապի օրերում կենդանության նշույլ է ցույց տալիս...»։

Այդ խոսքերը վերաբերում էին առաջնորդ վարդապետին, որ կաթողիկոսի մտերիմներից էր և, առհասարակ, համակրություն չէր տածում դեպի Սյունյաց անապատի սաները։ Ինչպես որ ինքը կաթողիկոսը թշնամաբար էր վարվում այդ անապատի առաջնորդների՝ օրինակ, Մովսես Սյունեցի, Պողոս Մոկացի և այլ սրանց նման վարդապետների հետ, այնպես էլ նրա մտերիմները հակակրում էին այս վերջինների աշակերտներին։ Եվ այդ հակառակության միակ պատճառը նախանձն էր։ Մելիքսեդեկյանները, որոնք, ընդհանրապես, հոգևոր իշխանության պաշտոնակալներ էին, չարակնում էին՝ տեսնելով որ ժողովուրդը ավելի համակրում է Սյունյաց անապատի վարդապետներին և նրանց սաներին՝ քան, իրենց, որ ամեն տեղ սյունեցիներին ընդունում են գրկաբաց և վարձատրում առատորեն, մինչդեռ, իրենք կանգուն էին մնում միայն վարած պաշտոնների շնորհիվ, իսկ այդ պաշտոններն սկսել էին արդեն կորցնել իրենց նշանակությունը այն օրից՝ որ կաթողիկոսը շահի կալանավորն էր դարձել։

Բայց սյունեցիք, իհարկե, հանցավոր չէին այս դեպքում ժողովուրդը ճանաչել էր նրանց արժանիքը, վայելել էր նրրանց անձնվեր ծառայության բազմազան արդյունքները, հասու էր եղել այն ճշմարտությանը՝ թև Սյունյաց անապատի առաքյալները ապրում են միայն գործելու համար և գործում են իրոք ի շահ ժողովրդի։ Մինչ դեռ կաթողիկոսի պաշտոնակալները ծառայում էին վարձատրության համար է գործում ի շահ անձնական դյուրությանց։ Ահա այս ներքին հաշիվներն էին պատճառ որ Անդրեաս երեցը փառք տվավ աստծուն՝ տեսնելով որ առաջնորդը քահանաներ է հրավիրում՝ ընդհանուր խորհրդով գործ կատարելու համար և որ իրեն էլ, իբրև հակառակորդ անձի, պատվում է այդ հրավերով։ Բայց ո՞րքան մեծ եղավ երիտասարդ քահանայի հիասթափությունն ու զարմանքը, երբ ներս մտնելով վանքի ընդունարան՝ տեսավ առաջնորդին յուր դեմ զայրացած։ Սա միջին հասակով, գիրուկ մարմնով և լայնալանջ մի վարդապետ էր։ Դեմքը թեպետ դուրեկան և գեղամորուս, բայց զուրկ էր խելոք արտահայտությունից։ Նայվածքը բութ և անթափանցիկ, շարժվածքը անժույժ և գռեհկական. հագած էր ասվյա պարեգոտ և նստած՝ բարձերով զարդարուն տախտի վրա։ Երբ Անդրեաս երեցը ներս մտնելով գլուխ խոնարհեց իրեն, նա իսկույն և առանց ողջունելու հարցրեց. Տե՛ր-Անդրեաս, ավետարանը պատվիրո՞ւմ է ստորադրյալին հնազանդ լինել յուր իշխանավորին թե ոչ։ Այո, առաքյալն ասում է. «Ծառայք, հնազանդ լերուք տերանց ձերոց...» պատասխանեց երեցը, մի հարցական հայացք ձգելով վարդապետի վրա։ Ոչ, այդ չէի ուզում լսել. նկատեց առաջնորդը. ես տեր չեմ, դու էլ ծառա չես։ Տիտոսի թղթում ուրիշ պատվեր կա գրված.«Եվ հուշ արասջիր նոցա՝ իշխանությանը հնազանդ լինել և հպատակ կալ...»։ «...Եվ ամենայն գործոց բարության պատրաստ լինել», հարեց տեր-Անդրեասը նույն պատվերի շարունակությունը և լռեց։ Այդպես է, բայց դու ոչ հնազանդություն ես ցույց տալիս քո իշխանավորին և ոչ բարի գործ ես կատարում, ասաց վարդապետը դեմքը խոժոռելով։ Ո՞րն է իմ հանցանքը, հայր սուրբ, հարցրեց երեցը առանց վրդովվելու:

Քո հանցա՞նքը... լսի՛ր, ես կհիշեցնեմ քեզ։ Այստեղ գտնվող բոլոր քահանաները իրենց ձեռնադրության օրից արդեն գիտեն՝ որ իրենք հասարակական որևէ գործի ձեռնամուխ լինելու համար նախ և առաջ իշխանավոր առաջնորդի հաճությունը պիտի խնդրեն...

Բայց մի՞թե ես թերացել եմ այդպիսի մի դեպքում, ընդհատեց երեցը:

Ձեր անապատում, ասում են, մարդկանց վարժեցնում են համբերության, բայց դու չես արդարացնում քո վարդապետարանի հռչակը, հեգնեց վարդապետը և ապա շարունակեց. այն օրից ի վեր որ ս. Թովմասի տասնյակ տարիներով փակված տաճարի դուռը հրաշքով բացվեցավ, Ագուլյաց առաջնորդական գահը, որի ժառանգորդն եմ ես, համարվում է նախաթոռ։ Գիտե՞ս դու այդ հրաշքի պատմությունը։

Գիտեմ. այդ փակված դուռը բացվեցավ իմ վարժապետներից մեկի, Պողոս վարդապետ Մոկացու սուրբ աղոթքներով, պատասխանեց տեր-Անդրեասը։

Անկարելի է. այդ սուրբ վարդապետը չէր կարող լինել քո վարժապետը, կամ Պողոս Մոկացին, բացականչեց առաջնորդը։

Նա ինքն էր. պնդեց երեցը։

Ի՞նչ է ասում այս սնապարծը. դարձավ վարդապետը մյուս քահանաներին։

Այդպես է, հայր սուրբ. տաճարի դուռը բացվել է Պողոս վարդապետ Մոկացու ջերմեռանդ աղոթքով, վկայեցին մի քանի ծերունի քահանաներ։

Ես ինքս այդ ժամանակ նորընծա էի և այդ հրաշքին ականատես. պնդեց Խցաձորի տեր-Հովսեփ քահանան։

Առաջնորդ վարդապետը, որ մի նորեկ էր և ոչ քաջ ծանոթ այդ պատմություններին, այլայլվեցավ, տեսնելով որ տաճարի դուռը բացող սուրբ հռչակված մարդը, որով ինքը կամենում էր պարծենալ, դարձյալ Հարանց անապատի անդամ և նույնիսկ տեր-Անդրեասի ուսուցիչներից է։ Նա մի անհանգիստ շարժում արավ, սաթե համրիչը արագ-արագ քաշեց և ապա նորեն դեմքը խոժոռելով ասաց.

Ավելի վատ. դու ուրեմն կրկին հանցանք ես գործեր մին՝ որ անարգել ես քո վարժապետի հիշատակը և մյուս՝ որ անպատվել ես քո վիճակավոր առաջնորդին։

Բшյց ի՞նչ եմ արել ես, վերջապես, հարցրեց տեր-Անդրեասը հուզվելով։

Ահա թե ի՛նչ։ Երկու օրից հետ այստեղ պիտի չինի արեգակնափայլ շահը (որի աթոռը, խնդրում եմ աստծուն, անսասան պահել հավիտյան). մեր ժողովուրդը պիտի դիմավորե նրան։ Արդ, ասա ինձ, այդ դիմավորության հանդեսի մասին հոգալը քո՞ պարտավորությունն է թե առաջնորդի։

Այդ հանդեսի համար ես ոչինչ չեմ հոգացել, պատասխանեց երեցը խոնարհությամբ։

Բայց երեկ երեկոյան բազմամարդ ժողով ես ունեցել քո տանը. ճառեր ես խոսել, կարգադրություններ ես արել... Այնպես չասացի՞ր, տեր-Սարգիս. վեր կաց և վկայիր, դարձավ վարդապետը Անդրեաս երեցի պաշտոնակցին, որ նստած էր մյուս քահանաների շարքում։

Տեր-Սարգիսը, որ, ինչպես գիտենք, երիտասարդ երեցի հակառակորդն էր և նրա մասին էլ չարախոսել էր վարդապետի առաջ, վեր թռավ տեղից աշխույժով և հանդիսավոր դիրք առնելով՝ սկսավ խոսել.

Այո՛, իմ պաշտոնակից եղբայրը բազմամարդ ժողով է ունեցել երեկ. այդ ժողովի մեջն է առաջին անգամ շահի գալստյան լուրը հայտնվել և այդտեղ էլ աոաջին անգամ սուրբ հայրապետի նամակը կարդացվել...

Եվ հետո ինձ ուղարկվել, այնպես չէ՞, ընդհատեց վարդապետը, և ապա դառնալով քահանաներին շարունակեց, լսո՞ւմ եք, արժանապատիվ հայրեր, կաթողիկոսի նամակը վիճակավորի ձեռքը հասնելուց առաջ կարդացվել է մի երիտասարդ և տակավին նորընծա համարվող քահանայի տանը... Այս ըմբոստությո՞ւն է թե ոչ, ասացեք։ Ես ձեզ հրավիրել եմ այստեղ իբրև դատավորներ։ Դասեցե՛ք և տեսեք, եթե հանցավոր է՝ պատժեցեք, իսկ եթե արդար՝ արձակեցեք։ Մի քանի քահանաներ, որոնք տեր-Սարգսի համախոհներն էին, վկայեցին որ հանցավոր է երեցը և, հետևապես, պիտի պատմվի։ Իսկ տեր-Սարգիսր, որ վաղուց սպասում էր այդպիսի մի բարեհաջող դեպքի՝ յուր կարծեցյալ հակառակորդին տապալելու համար, բացականչեց.

Մինչև այսօր, արժանապատիվ հայր, դա դործել է հարյուրավոր այդպիսի հանցանքներ, որոնք ուղղված են եղել մեր դեմ։ Դա սառեցրել է ժողովրդի սիրտը մեզանից, ձգել է մեր վարկը նրանց առաջ, ամեն տեղ և ամեն գործում առաջ ընկնելով՝ մեզ թողել է ետքին. այսպիսով դա բռնացել է նաև մեր իրավունքների վրա ժողովուրդը կարծես էլ չի ճանաչում մեզ. յուր կարիքների ժամանակ՝ նա փոխանակ ավադ քահանաներին դիմելու, դիմում է այս նորընծային և այդպիսով շահ է թե արդյունք, դրա ձեռքն է հանձնում...

Այդ մի կողմ թող, տեր-Սարգիս, խնդիրը շահուն կամ արդյունքին չէ վերաբերում, ընդհատեց առաջնորդը։

Այո, սրբազան (տեր-Սարգիսը իբր թե սխալմամբ տվավ վարդապետին այդ տիտղոսը) ես էլ հենց այն էի ուզում ասել թե՝ մինչև այսօր խնդիրը մեր շահուն էր վերաբերում այդ պատճառով մենք լռում, համբերում և ներում էինք տեր-Անդրեասին, բայց այժմ, երբ նա ձեռք է պարզում դեպի առաջնորդի իրավունքները՝ նրան անկարելի է ներել։

Հա՛, այդպես պիտի խոսես, այդ է իրավացին, հավանություն տվավ վարդապետը և ապա աչքերը շուրջ հածելով՝ հարցրեց մյուսներին. դուք ի՞նչ ունիք ասելու։

Ըմբոստ է... հանցավոր է... պետք է պատժվի, ձայն տվին մի քանի հոգի, բայց մեծամասնությունը լռեց։

Անդրեաս երեցը, որ մինչև այն անխոս ու անվրդով լսում էր յուր դեմ եղած ամբաստանությունները, գլուխը վեր առավ և մի բարձրահոն հայացք ձգելով նախ յուր շրջապատի և ապա առաջնորդի վրա, ասաց.

Ինձ մնում է կրկնել առաքյալի խոսքերը թե՝ «խնդրեմք յաստուծո զի մի՛ ինչ արասցե ձեզ չար, ոչ զի մեք ընտիրք երևեսցուք, այլ զի դուք զբարիս գործեցեք... Խրախ եմք, յորժամ մեք տկարանայցեմք և դուք զորաւոր իցեք...» Այո, հարք և եղբարք, կցանկանայի որ դուք զարդարված լինեիք առաքինությամբ այնչափ, որ ես, ձեր համեմատությամբ, համարվեի անպիտան և նախատվեի ձեզանից իմ տկարության համար, որ ժողովուրդն յուր թշվառության օրերում մխիթարվեր ձեզմով և կարյաց ժամանակ՝ օժտվեր ձեր իմաստությամբ... և ես չէի նախանձիլ ձեր այդ առավելության։ Բայց նույն առաքյալը մեզ հրամայում է. «Խոսեցաթուք զճշմարտութիւն իւրաքանչյուր ընդ ընկերի իւրում, զի եմք միմեանց անդամք». հետևապես, ոչ թե իմ անձը պաշտպանելու այլ իմ պաշտոնին հավատարիմ մնալու պարտավորությամբ պետք է ճշմարտությունը խոսեմ, «զի եմք վերակացու ճշմարտության»։

«Առաջնորդ հայր, երբ ինձ ասացին թե՝ խանից հրաման ես տացել և այդ պատճառով է որ հրավիրում ես ինձ ու իմ պաշտոնակիցներին, անչափ ուրախացա, զի հավատացի թե՝ ժողովրդի օգտին շահավոր գործ մի սկսելու համար՝ խորհուրդ պիտի անես մեզ հետ։ Չէ՞ որ այս օրերում մեզ սպառնում է մի չարիք, որի առաջն առնելու համար ամենից առաջ դու պիտի մտածես։ Բայց ավաղ. եկա և տեսա որ քեզ ու քո հավատարիմներին զբաղեցնում է ոչ թե ժողովրդյան ցավը, այլ մի տեր-Անդրեաս դատելու և պատժելու խնդիրն... որ ձեզ սարսափեցնում է՝ ոչ թե շահի ձեռքով լինելիք «մանկաժողովը», որ ամեն մի ագուլեցու տուն լաց ու կոծով պիտի լցնե, այլ այն՝ որ՝ մի երեց պակաս հարգանք է մատուցել առաջնորդին, կամ զրկանք պատճառել մի տեր-Սարգսի։

Էլ ի՜նչ հարցուփորձ է հարկավոր, բացականչեց հայր սուրբը. տեսնո՞ւմ եք, ով քահանայք, ինչ հանդուգն լեզվով է խոսում սա յուր առաջնորդի հետ. կ՞ա ձեր մեջ մինը, որ չդատապարտե սրան։

Ինձ իրավունք կունենայիք դատապարտել ամենքդ, եթե երբևիցե թերացած լինեի իմ պարտավորությանց մեջ, դարձավ երեցը քահանաներին. բայց ճշմարտություն խոսելուս համար ոչ ոք ունի իրավունք ինձ դատապարտելու. մանավանդ թե՝ պարտավոր իսկ եք միանալ ինձ հետ և կրկնել այն, ինչ որ ես եմ խոսում. զի ժողովուրդն ալս վայրկյանին վտանգի մեջ է և մենք սրբազան պարտք ունինք այդ վտանգն անցնելու համար միայն գործել։ Ով որ այս միջոցում դրա հակառակն է անում, ով որ հասարակաց բարիքը թողած յուր անձնական խնդիրներով է զբաղվում՝ նա մի դավաճան է...։

Չե՞ք լսում այդ մարդուն, ո՛վ քահանաներ, ինչո՞ւ համար եք լռել... բացականչեց առաջնորդը զայրույթից գրեթե դողալով։

Տեր-Անդրեաս, տեր-Անդրեաս, ի՞նչ է պատահել, դու կորցրել ես քեզ... մոտենալով երեցին շշնջաց Տերունի տեր-Հովսեփը։

Նույնպիսի բացականչություններ արին այս ու այն կողմից։ Բայց տեր-Անդրեասը մնաց անսասան։

Աղաչում եմ, հարք և եղբարք. հանդգնություն մի՛ համարեք իմ խոսքերը, շարունակեց նա նույն եռանդով. ձեզանից շատերը ճանաչում են ինձ մանկությունիցս ի վեր և գիտեն իմ խոնարհության և համեստության չափը։ Մի՞թե մինչև այսօր, մեր առտնին հարաբերությանց ժամանակ, լսել եք դուք ինձանից մի համարձակ խոսք, կամ նշմարել իմ աչքերում մի բարկացայտ հայացք... բայց այսօր ես առտնին գործով չեմ զբաղած և ոչ իսկ հանգիստ խոսելու իրավունք ունիմ. այստեղ ես կանգնած եմ իբրև դատախազ իմ ժողովրդի կողմից, որի առաջ այս վայրկենին բացված է փորձության անդունդ, որ սպառնում է կլանել նրան յուր մեջ... Ես պահանջում եմ որ այդ անդունդը փակելու վրա մտածեք, իսկ դուք ի՞նչ եք պատասխանում, կամ ի՞նչ հրամայում։ Մի՞թե իրավունք ունիմ ես լռել, կամ դուք ինձանից կարող եք լռություն պահանջել։ Պատերազմի ժամանակ ամեն մի քաջ զինվոր իրավունք ունի նախատել և, մինչև անգամ, ի մահ հարվածել յուր հրամանատարին՝ եթե սա քաջապես կռվելու և զորքին արիություն ու կորով ներշնչելու փոխարեն՝ ծակամուտ է լինում, կամ յուր անձի վրա մտածում։ Եկեղեցվո զինվորության մեջ ես մի սոսկ զորական եմ, իսկ մեր առաջնորդը հրամանատար, նա դանդաղում է գործել և ես հիշեցնում եմ նրան յուր պարտքը. ի՞նչ ունիք սրա դեմ առարկելու։ Տեր-Անդրեասի խոսքերը տպավորություն արին քահանաների վրա, ուստի նրանցից ոչ ոք չպատասխանեց նրան։ Այդ նկատեց առաջնորդը և ճնշվեցավ: Բայց որպեսզի զգալի շդարձնե յուր պարտությունը, նա մի այլ ընթացք տվավ վեճին։

Ես գոհ եմ, ասաց նա, որ իմ քահանաների մեջ կան քեզ նման աներկյուղ ճշմարտախոսներ։ Երկչոտությամբ լռողը՝ ստոր է ստախոսից։ Բայց ի՞նչպես որոշենք կեղծիքը ճշմարտությունից։ Արդյո՞ք դու դիտմամբ չես արգելք եղել իմ գործելուն՝ որպեսզի այժմ հրապարակավ իմ անգործությունը դատապարտես։

Ե՞ս, ինչպե՞ս. զարմացած հարցրեց երեցը։

Այո, դո՛ւ. հարեց առաջնորդը. առանց իմ գիտության ժողով ես կազմել քո տանը. ինձանից առաջ կարդացել ես կաթողիկոսի գիրը և առանց իմ հրամանի սկսել ես գործել, որպեսզի այժմ առիթ ունենաս քեզ կռվող զինվոր, իսկ ինձ՝ խուսափող հրամանատար հռչակելու։ Այսպե՞ս է թե ոչ։

Ո՛չ։ Նախ իմ առաջնորդի թուլությունը ինձ չի կարող ուրախացնել. ուրեմն դրա համար ես չէի աշխատիլ: Երկրորդ՝ ես ոչ մի ժողով չեմ գումարել այլ, իմ ժամավորները իրենք են, ըստ սովորության, հավաքվել ինձ մոտ՝ շահի գալստյան առթիվ խոսելու համար։ Երրորդ' կաթողիկոսի գիրը, որ գրված է եղել բանտում՝ ածուխով և մի պատառ թղթի վրա, ուղղված է եղել ժողովրդին և ոչ թե քեզ. հետևապես, այդ գիրը կարող էր կարդալ ամեն ոք, և առաջին անգամ կարդացել է Ցղնայի քահանան, ապա խոջա-Անձրևը և վերջը ես...

Հա. ինչո՞ւ խոջա-Անձրևը այդ նամակն առաջ քեզ է բերել և ոչ ինձ, ընդհատեց հանկարծ առաջնորդը։

Երևի նրա համար որ կաթողիկոսը դրել էր թե՝ «շտապացեք վտանգի առաջն առնել», քանի ավերող ոտքը չի կոխել ձեր հողը։ Խոջա-Անձրևը ճանաչում է ինձ և գիտե որ ես գործելու ժամանակ դանդաղել չգիտեմ, ուստի նամակը հանձնեց ինձ, որ կարդամ և իսկույն գործի սկսեմ։

Դարձյալ նախատինք... ուրեմն մենք պիտի դանդաղեի՞նք, հարցրեց առաջնորդը հուզվելով։ Մի՛ զայրանար, հայր սուրբ, ապացույցը մեր առջևն է։ Կաթողիկոսի գիրը ես երեկ երեկո կարդացի, իսկ դու այսօր առավոտ. զանազանությունը մի գիշեր է, որի ժամանակ քնած ենք եղել ամենքս։ Բայց այս մի օրվա ընթացքում՝ ես ինձ վերաբերյալ գործի մեծ մասն ավարտեցի, մինչ դու դեռ նոր ատյան ես գումարում ինձ դատելու համար։ Ինչպե՞ս արդյոք չհավատամ թե՝ իմ դատի գործն ավելի է քո ուշը գրավում, քան Շահաբասի աղետաբեր գալուստը։

Առաջնորդը տեսավ որ երիտասարդ երեցը ոչ միայն չէ հաղթահարվում, այլև հետզհետե ավելի է նշավակում իրեն, ուստի շտապեց վերջ տալ պայքարին և, միևնույն ժամանակ, դատապարտել նրան անգործության։

Տեր-Անդրեաս, քո նախկին համեստությունից շատ ես հեռացել, ասաց նա քահանային, բայց այդ մասին այլևս չեմ կամենում խոսել։ Դու միայն ասա թե՝ ի՞նչ ես արել այսօր. գուցե գործել ես մի որևէ սխալ. այդ ես պիտի իմանամ, որպեսզի քանի ուշ չէ՝ շտապեմ ուղղել, որովհետև ինձ վրա մեծ պատասխանատվություն կա դրված։

Սխա՞լ. չեմ կարծում։ Ես միայն այցելել եմ Ագուլիսի ու Դաշտի բոլոր ընտանիքներին և կարգադրել որ հեռացնեն անմիջապես հարսնացու աղջկերանց, գեղեցիկ պատանիներին և, առհասարակ, այն երեխաներին, որոնք կարող են պիտանի համարվել հարեմական ծառայությանց համար։

Եվ այժմ, ուրեմն, Ագուլիսում տեսքով տղաներ չկա՞ն:

Մնում են մի քանի տասնյակ իմ աշակերտների մեջ, նրանց էլ վազը պիտի տանեմ Ցղնա։

Տեսնո՞ւմ ես, տեր-Անդրեաս, ի՛նչ մեծ չարիք ես հասցրել մեզ. բացականչեց առաջնորդը՝ աչքերը մեծ բանալով և, կարծես, ուրախանալով։

Չարի՞ք... զարմացած հարցրեց երեցը։

Այո, չարիք, քո հապճեպ ու անխորհուրդ վարմունքով վտանգի մեջ ես դրել մեզ... ահա թե ինչո՛ւ էի զայրանում քո հանձնապաստանության վրա։

Բայց ի՞նչ չարիք եմ հասցրել: Ի՛նչ չարիք. ահա՛, առ կարդա խանի հրամանը և կիմանաս... բայց ոչ, ինքս կկարդամ։

Այս ասելով վարդապետը հանեց ծոցից մի ծալած թուղթ և խնամքով բանալով այն՝ սկսավ կարդալ.

Երկնքի թագավորության սիրելի, արևի պես պայծառ և փայլակի պես զորեղ` թագավորների թագավոր և շահերի շահ՝ մեծ Աբասի

Խոնարհագույն ծառա

էրմենիստանի և Գյուրջիսաանի խան էմիր-Գյունեից

Հրաման

Հայոց Խալիֆի հավատարիմ սպասավորին և Ադուլիսի արժանահարգ առաջնորդին։

Հայտնի լինի ինչպես քեզ, նույնպես և Իրանի հզոր գահի հպատակ Սիսիանի ժողովրդին, մելիքներին, իշխաններին, բեկերին, դատավորներին, քեդխուդաներին, խոջաներին և բոլոր պատվելիներին՝ որ աշխարհի պարծանք և երկնքի պարգև արեգակնափայլ շահը որոշեց բախտավորացնել Ագուլիսը յուր բարձր այցելությամբ որ տեղի կունենա սույն ջեմաղի֊ուլ-էվալ ամսո 8-ին, մեծափառ իմամ Ալիի ծննդյան օրը։

Արդեն հրամայված է Ադուլիսի վեքիլին անօրինել ինչ որ արժանն է նորին մեծության ընդունելության համար։ Քեզ ևս հրամայում եմ առանձնապես՝ պատրաստել հայ ժողովրդի և հոգևորականության կողմից այնպիսի փառավոր ընդունելություն, որի նմանը տեսած չլինի իմ շահը ոչ Երևանում, ոչ Նախճվանում և ոչ իսկ նախկին հարուստ Ջուղայում։ Քո ժողովուրդն ու հոգևորականությունը պիտի դիմավորեն իմ վեհապետին Որտուատում։ Այդտեղ ներկա պիտի Լինին բոլոր այն ընտիր դասակարգերը, որոնց անունը հիշեցի, յլև հայոց բոլոր հոգևորականությունը յուր փայլուն արդուզարդով։ Այդաեղ պիտի լինին Ագուլիսի բոլոր գեղեցիկներն ու գեղեցկուհիները մեծ թե փոքր, առանց քողերի ու ծածկոցների. այլև Սիսիանի բոլոր կուսանոցների, ինչպես Ագուլիսի ու Շոռոթի, նույնպես և Շնհերի ու Հալիձորի միանձնուհիները, որոնց թիվը ինչպես հայտնի է մեզ, հասնում է մի «քանի հարյուրի: Ընդհանուր գնացքը կարգավորելու «իրավունքը տրված է Ագուլիսի մեր վեքիլին: Նրա պահանջները «պիտի կատարվին անհապաղ և առանց ընդդիմության, մինչև «անգամ, եթե կաքավողների խմբի համար ընտրելու լինի նա «հայոց գեղեցկուհիներից, իսկ շերբեթ ու գինի լցնելու պաշտոնը հանձնելու լինի երիտասարդ միանձնուհիներին։

«Ընդունելության ամենափոքր թերության համար «պատասխանատու պիտի ճանաչվին՝ պարսիկների կողմից իմ «վեքիլը, իսկ հայոց կողմից հոգևոր առաջնորդը։

«Գրվեցավ Երևանում։ Ջեմադի–ուլ էվալ ամսո 3-ին Հիջրի 1034 թվին»։

Ի՞նչ կպատասխանես այժմ սրան, հարցրեց առաջնորդը՝ խանի հրամանը կարդալուց և նորեն խնամքով ծոցը դնելուց հետ։

Ի՞նչ պիտի պատասխանեմ. չգիտեմ. հարեց տեր–Անդրեասը։

Այստեղ ուղղակի ասված է թե՝ պետք է շահի առաջը տանենք մեր բոլոր գեղեցիկներին ու գեղեցկուհիներին։ Արդ, դու որ ամբողջ ավանը դատարկել ես, էլ ես որո՞նց պիտի տանեմ ։

Տգեղներին։ Ագուլեցիք հո ստորագրություն չեն տվել շահին թե՝ անպատճառ գեղեցիկ որդիներ պիտի ծնեն։

Բայց դա կլինի հանդուգն խաբեություն. խանը մեզ ուղղակի հրաման է գրում. ի՞նչպես կարող ենք անսաստել այդ հրամանին։

Այդ միևնույն խանը գաղտնի իմացրել է կաթողիկոսին թե՝ շահը մտադիր է «մանկաժողով» անել. ուրեմն և անուղղակի խորհուրդ է տվել շտապել այդ չարիքի առաջն առնել։ Արդարասեր Ամիրգյունեն չի կամենում որ մեր զավակները շահի դուռը գնան, դու ինչո՞ւ ես հակառակը պահանջում:

Իսկ այս հրամանը Ամիրգյունեինը չէ՞ ։

Դա պաշտոնական թուղթ է. շահի նախարարը չէր կարող ուրիշ կերպ գրել. բայց դու իրավունք ունիս ուրիշ կերպ հասկանալ կամ կատարում տալ նրան։

Դու կամենում ես կախաղա՞ն բարձրացնել տալ ինձ: Քեզ ոչ ոք չի կախիլ մի անիրավ հրաման պակաս եռանդով կատարելուդ համար: Եվ հենց մեր սխալն այն է՝ որ այդ բարբարոսների ամեն պատվերները կատարում ենք ճշտությամբ, ամեն պահանջները լցնում ենք անդիմադիր, որով հետզհետե գրգռում ենք նրանց ախորժակը՝ պահանջել և ստանալ ավելի ու ավելի։ Այդպիսով նրանք սովորել են նայել մեզ վրա իբրև անասունների վրա. ուստի և շարունակ կթում են մեր կաթը՝ ստինքներնիս ցամաքեցնելու չափով, դնում են մեր վզին արորի ծանր լուծը և հողի փոխարեն հերկել տալիս մեզ առապարները, բարձում են մեր մեջքին դժվարատար բեռներ և վարում մեզ դեպի լեռնալանջեր. և ի վերջո, երբ քաղցենում են՝ անգթաբար մորթոտում և ուտում են մեզ... Բայց վե՞րջ պետք է լինի մի օր այս բոլորին թե ոչ։

Ի՞նչ վերջ կարող է լինել, քանի որ աստված դրանց ձեռքն է մատնել մեզ։

Աստված ոչինչ չի արել, ամեն ինչ մենք ենք արել: Երբ տասը հրամանին հինգը կկատարենք, երբ շատ պահանջներից միայն կլցնենք, երբ ստացած հարվածների փոխարեն մինն էլ մենք կչափենք, այն ժամանակ սրանք երես չեն առնիլ և մեկի տեղը տասը չեն պահանջիլ. Շահը հրամայում է որ մեր բոլոր գեղեցիկները հանենք յուր առջևը, որպեսզի նրանց միջիր ընտրե յուր սպանդանոցին հարմար զոհեր. մենք ինչո՞ւ պետք է այդ անարդար ու գարշելի հրամանը կատարենք կուրորեն...

Սը՜ս՜ս...ի՞նչ բառեր ես գործածում, երկյուղով ընդհատեց առաջնորդը։

Հա, ի՞նչ է. վախենո՞ւմ ես. բայց ես չեմ վախենում. աշխարհի առաջ կգոռամ. շահին իրեն կբողոքեմ թե՝ սա մի գարշելի, մի գազանային պահանջ է, որ նա անում է յուր հայ հպատակներից...

Լսի՛ր, տեր-Անդրեաս, դու սաստիկ գրգռված ես և խոսածդ չես հասկանում, տեղից վեր կենալով՝ խոսեց առաջնորդը. գնա՛ տուն և հանգստացիր. իսկ վաղը ոչնչի չձեռնարկես. ամեն ինչ ես կտնօրինեմ. և հույս ունիմ որ գայիք չարիքի առաջն առնեմ... Ես կերթամ, բայց անգործ նստել չեմ կարող. վաղն ևեթ իմ աշակերտները Ցզնա պիտի տանեմ. ես նրանց չեմ թողնիլ այստեղ։

0՜ն և օ՜ն, այդպես բան չանես, թո՛ղ գոնե հարյուրավոր տգեղների մեջ մի քանի տասնյակ շնորհքով տղաներ գտնվին։ Մի' գրգռիր շահի զայրույթը մեր դեմ. բարիք անելու փոխարեն դու չարիք կբերես մեր գլխին։

Հազարավոր ամբոխի մեջ եթե պակաս լինեն մի երեք տասնյ՛ակ մանուկներ, բնավ աչքի չեն ընկնիլ:

Այո՛, այդ ճիշտ է, բայց Ագուլիսի վեքիլը գիտե որ Խցաձորում աշակերտներ ունիս դու։ Ընտանիքների միջից պակասածները, իհարկե, չեն նկատվիր բայց քո աշակերտների նվազությունը աչքի կընկնի իսկույն, որովհետև նրանց թիվը հայտնի է վեքիլին։

Տեր-Անղրեասը մի վայրկյան լռեց և ընկավ մտածության մեջ։ Ապա գլուխը բարձրացնելով` վճռաբար ասաց.

Ոչ. ես նրանց կծածկեմ, կանհետացնեմ. թող թեկուզ դրա համար իմ գլուխը կտրեն, «լավ է մեզ` զի այր մի մեռանիցի ի վերա ժողովրդյանս և մի՛ ամենայն ազգս կորիցե...»։

Բայց, Տեր Անդրեաս, քո գլուխը չեն կտրի, այլ իմը կկտրեն, հարեց առաջնորդը. որովհետև ամեն մի թերության համար խանն ինձ է պատասխանատու ճանաչում։

Հոգ չէ. դու ժողովրդի առաջնորդն ես և հարկը պահանջած ժամանակ պարտավոր ես քո անձը տալ նրա փոխարեն։ Լավ է որ հիսնի, երեսնի և նույնիսկ հնգի փոխարեն մինը մեռնի. առանց զոհի փրկություն չկա...

Չէ, բարեկամ, երիտասարդ ես և անփորձ տղայի պես ես խոսում։ Մահը չտեսած մի՛ արհամարհիլ նրան։ Գնա՛, գնա՛ և անհոգ եղիր, ես ամեն ինչ կկարգադրեմ։

Կարգադրիր, ինչ վերաբերում է քեզ. իսկ իմ աշակերտների համար ևս կհոգամ, ասաց տեր֊Անդրեասը և պատրաստվեց դուրս գնար:

Քո աշակերտները անձեռնմխելի կմնան. այդ մեկը ինձանից պահանջիր դու։ ասաց առաջնորդը։ Ներիր ինձ. չեմ կարոդ այս դեպքում վստահանալ քո խոստման:

Եթե ավելի համառես, կալանավորել կտամ քեզ այս գիշերը. իսկ եթե ինձ չլսելով աշակերտները տանես Ցղնա, վաղն ևեթ վերադարձնել կտամ նրանք այնտեղից, «և եղիցի վերջին չար քան զառաջին» սպառնաց առաջնորդը։

Տեր-Անդրեասը մի սուր հայացք ձգեց վարդապետի վրա, շարժեց գլուխը տխրությամբ և առանց մի բառ արտասանելու դուրս գնաց ընդունարանից։

Այս մարդը կամենում է որ մենք ամենքս զոհվենք յուր փառամոլությանը, ասաց առաջնորդը և արհամարհանոք Ժպտաց։

Այո՛, այո՛, միայն իր փառամոլությանը, հարեց տեր-Սարգիսը. գա իրանից զատ ուրիշ ոչ ոքի չի տեսնում։

Փարիսեցի է. իսկական փարիսեցի, ձայն տվավ տեր-Սարգսի համախոհներից մինը։

Ամենքդ էլ սխալվում եք. նա ազնիվ հոգի է և արժանավոր քահանա, լուրջ ձայնով նկատեց ծերունի տեր-Հովսեփը և վեր կացավ տեղից։

Ժողովականները հետևեցին նրա օրինակին և հետզհետե ցրվեցան։

Թ

Հետևյալ առավոտ տեր-Անդրեասը դուրս չեկավ փողոց։ Աշակերտներին Ցղնա տանելու միտքը նա թողել էր առ ժամանակ, մինչև որ տեսնե թե՝ հանգամանքներն ի՛նչ ընթացք են ստանում։

Բшյց նախընթաց երեկոյան տեղի ունեցած եղելությունը տպավորություն էր արել տեր-հոր վրա։ Թեպետ նա եղելությունը պատմել էր ընտանիքին և նրանից սփոփական շատ խոսքեր լսել, այսուամենայնիվ յուր սիրտը տակավին տխուր և հոգին խռոված էր։ Դառնալով եկեղեցուց, ուր ավելի էր գրգռվել տեր-Սարգսին տեսնելով, նա լուռ ու մտահույզ անցուդարձ էր անում սենյակում երկար ժամանակ, մինչև որ տիրուհին հիշեցրեց նրան, թե դպրոց իջնելու ժամանակ է։

Բայց տեր–հայրը չլսեց նրան և շարունակում էր յուր անցուդարձը։ Տիրուհին անհանգստացավ։ Այս առաջին անգամն էր՝ որ ամուսինը անուշադիր էր թողնում յուր խոսքը և անփույթ գտնվում դեպի պարապմունքը։ Նա մոտեցավ երեցին և կամենալով, կարծես, կասեցնել նրա ընթացքը, ասաց.

Աշակերտները վաղուց սպասում են քեզ. գնա՛ պարապիր, դրանով գուցե տխրությունդ ցրվի։

Տեր Անդրեասը կանգ առավ. նայեց տիրուհուն և ասես թե հանկարծ արթնացավ։ Մանկամարդ կնոջ աչքերում նա այնքան սեր ու գորով տեսավ, որ յուր տխրությունը մի վայրկյան մոռացավ։

«Գնա՛, պարապիր, դրանով գուցե տխրությունդ ցրվի...»

Այդ խոսքերը այնքան մեղմ ու քաղցր հնչեցին յուր ականջին, որ դրանցից զգացված հաճելի տպավորությունը չխանգարելու համար, երիտասարդ երեցը ոչ մի առարկություն չարավ։

Լավ ասացիր, կերթամ, պատասխանեց նա և փակեղն առնելով՝ իջավ դեպի դպրատուն։

Աշակերտները, քարե սեղանի շուրջ շարված՝ ոմանք սովորում և ոմանք խոսակցում էին. տեսնելով քահանային՝ ոտքի ելան իսկույն։ Տեր–հայրը գլխի լուռ շարժումով ողջունեց նրանց և նշան արավ աղոթելու։ Աշակերտներից մինը բարձր ձայնով սկսավ Տերունական աղոթքը կարդալ։ Երբ նա արտասանեց «Եվ մի՛ տանիր զմեզի ի փորձություն, այլ փրկյա ի չարե» խոսքերը, տեր–հոր ջերմեռանդությունը ասես թե աճեց։ Նա աղաչավոր աչքերը բարձրացրեց դեպի երկինք և ձեռքերը տարածեց օդի մեջ։ Նա կրկնում էր նույն խոսքերը, բայց ավելի ջերմ հավատով։ Եվ երբ աշակերտն ավարտեց, երեցի շրթունքները տակավին նոր աղոթքներ էին մրմնջում։

Վերջապես նա նստեց սովորական տեղը և սկսավ դաս հարցնել աշակերտներից։ Բայց նրա սիրտը դարձյալ անհանգիստ և մտքերը ցրված էին։ Նա հազիվ էր կարողանում յուր ուշադրությունը կենտրոնացնել պարապմունքի վրա։ Եվ յուրաքանչյուր անգամ, երբ պատասխանելու համար մոտենում էին իրեն այն աշակերտները, որոնք մյուսներից ավելի առույգ ու գեղեցիկ էին, քահանայի հուզմունքը կրկնապատկվում էր։ Նա հավատում էր, որ բռնավոր շահը պիտի խլե դրանց ծնողների գրկից, և առաջավոր հայերից ոչ ոք պիտի կարենա ազատել այդ զոհերին։

Վերջապես դասերը մի կերպ ավարտելով՝ նա արձակեց աշակերտներին։ Եվ առարկելով թե՝ տկար է ինքը, պատվիրեց որ ճաշից հետո չգան այլևս պարապելու։

Այնուհետև բարձրանալով յուր սենյակը, սկսավ մտածել թե ի՞նչ հնար գործ դնի այդ տղաներին փրկելու համար։ Այս նպատակավ երեցը որոշում էր կանչել ծնողներին և հայտնել նրանց առաջնորդի պահանջը՝ տղայոց վիճակի տնօրինությունը թողնել իրենց կամքին։ Բայց հետո խորհելով թե այդ բանից ծնողները կարող են գրգռվել և առաջնորդի դեմ խռովություն հարուցանել, որով և, գուցե, ավելի վնասեն գործին, թողնում էր այդ դիտավորությունը։ Ապա մտածում էր անուշադիր թողնել հայր-սուրբի պահանջը և տանելով աշակերտներին Ցղնա, հանձնել նրանց խոջա Անձրևի կնոջը։ Սակայն այս միջոցն ևս ապահով չէր թվում, ըստ որում դեռ հիշում էր առաջնորդի սպառնալիքը և, հետևապես, վախենում նրա անխոհեմությունից: Տեր-Անդրեասը գիտեր որ ամենից ավելի զգույշ պետք է լիներ տխմար հակառակորդից, զի խելոք թշնամուց ավելի՝ նրա տված վնասը կլինի անդիմադրելի։ Այս պատճառով, ահա, վերջին միտքն ևս թողնում էր անկատար։

Դեռ այս մտատանջությունների մեջ էր քահանան, երբ ծերունի ժամկոչը ներս մտնելով հայտնեց թե՝ ֆրանկների (հայ ունիթորների) կարգապետը գալիս է իրեն այցելելու։

Նա անցյալ օրն էլ այստեղ էր, ի՞նչ փորացավ ունի, հարցրեց ինքն իրեն տեր-հայրը և սակայն, քաղաքավարության համար դուրս եկավ նրան դիմավորելու:

Եկողը հայր Մատթեոս Երազմոսն էր, մի բարձրահասակ և հաղթանդամ տղամարդ, որին հոգևորական սքեմը մի առանձին շուք ու վեհություն էր տալիս։ Նրա ոչ խոշոր դեմքը ծածկված էր հարուստ և գորշախայտ մորուքով, որ իջնում էր, մինչև գոտին։ Թավ հոնքերի տակից նայող աչքերը թեպետ կկոցված կապիճների մեջ, բայց նայում էին սուր և թափանցող հայացքով։ Շրթունքների վրա փայլում էր. մեղմ ժպիտ, որ սակայն արտահայտում էր ավելի կեղծիք, քան սրտի բարություն։

Մոտենալով քահանային, հայր Երազմոսը ողջունեց նրան սիրով, իսկ վերջինս վայելուչ հարգանքով հրավիրեց նրան յուր տունը։

Հայր Մատթեոս Երաղմոսը հասարակ աստիճանի մարդ չէր։ Նա արքեպիսկոպոս էր և Հռովմա պապից կարգված ընդհանրական առաջնորդ, որ հովվում էր Նախճվանի և նրա շրջակայքի միաբանող կամ ունիթոր կոչված հայ կաթոլիկներին։ Նա ազգով հայ էր ու յուր նախկին ազգանունն էր որդի Սիրանշայի: Բшյց երկար ժամանակ Իտալիայում մնալով և այդտեղ Դոմինիկյան կարգին հարելով՝ ձեռնադրվել էր վարդապետ և ապա եպիսկոպոս, և վերադարձել հայրենիք Երաղմոս մականունով։ Եվ որովհետև ազգուրացներն ու հավատափոխներն ընդհանրապես ավելի ջերմեռանդ են լինում նոր ընդունած կրոնի մեջ և աշխատում են օտարանալ հինից ոչ միայն հոգվով ու սրտով, այլև կոչմամբ ու անունով, ուստի հայր Երաղմոսն ևս այդ դիտումով թողել էր ազգանունը։ Նրա հոտի անդամներն իսկ, հետևելով թե՛ նախկին և թե՛ վերջին առաջնորդների օրինակին կամ հրամանին, փոխում էին հայ ազգանվան յան կամ յանգ վերջավորությունը և վրան ավելացնում լատինական դի մասնիկը, իբր թե գլխովին լատինանալու համար։ Այդ ձևով կազմված ազգանունները, հարկավ, Նախճվանի ու Երնջակա ձորերում, սյունեցի հայի ականջին՛ հնչում էին իբր ծաղրանուններ։ Եվ ամեն անգամ երբ լսում էին Թոմաս դի֊մահտեսի֊Պետրոս, Օվանես դի-Միրզա, Պիոս դի-Եաղուբ, Եղիա դի-Հայրապետ և այլ նման անուններ ծաղրում, այպանում էին ազգուրացների այդ միմոսական գունափոխությունը, հեգնում մանավանդ նրանց առաջնորդների այդ մասին ունեցած նախանձախնդրությունը։ Բայց վերջիները միայն այդ չնչին բաներում չէին նախանձախնդիր։ Այդ «չնչինները» ապացուցում էին այն՝ թե որպիսի մոլեռանդությամբ էին տոգորում նրանք իրենց հետևողներին։ Ապա թե ոչ՝ նշանավոր դեպքերը, կամ կշիռ ունեցող խնդիրներն երբեք չէին վրիպում նրանց ուշադրությունից։ Եվ եթե այդպես չլիներ, Սյունյաց նահանգի նշանավոր գավառները Նախճվանը, Զահուկը, Երնջակը նրանց ձեռքը չէին անցնիլ, ամեն տեղ և ամեն անկյունում ունիթորների ցանցերը չէին լարվիլ և հայադավաններին հարյուրներով չէին որսալ։ Մխիթար Աբարանցու և Հովհաննես Քռեցու արժանավոր հաջորդները, Հռովմից տրված հրահանգների համեմատ, անընդհատ գործում, հայ եկեղեցվո հիմունքը փորում և ազգի ամբողջությունը քայքայում էին, որպեսզի արևելքում հայոց անկախ եկեղեցին կործանելով՝ նրա ավերակների վրա Հռովմա անազգ ու անհայրենիք եկեղեցին հաստատեն։

Ահա այս մոլեռանդ գործիչներից մինն էր Մատթեոս Երազմոսը, որ պապից կարգված էր հայ-ունիթորների առաջնորդ, նույնիսկ վերջինների կամքին հակառակ։ Զի սրանք իրենց կողմից մեկին ընտրելով՝ ուղարկել էին Հռովմ ձեռնադրվելու, բայց Պապը ավելի շահավոր էր համարել մերժել այդ ընտրությունը և Նախճվանի Աթոռը հանձնել պրոպագանդայի արբանյակներից մեկին, որ հարկավ, ավելի հավատարիմ պիտի լիներ իրեն, քան Ժողովրդի վրա առաջարկածը։

Հայր Երազմոսը հասնելով Սյունիք, արդարև, գործել սկսավ եռանդով։ Բայց ի մեծ ցավ յուր առաքողի, չէր կարողանում առատորեն որսալ։ Որովհետև այդ ժամանակ Սյունյաց անապատի առաքյալները արդեն ցրված էին հայ գավառների մեջ և գործում էին մեծ հաջողությամբ, մրցելով, մանավանդ, պապականների դեմ։

Հայր Երազմոսը, որ, առհասարակ, չէր սիրում ընդհարվիլ Հարանց անապատի հոգևոր զինվորների հետ, վասնզի նրանցից ամենաթույլն անգամ մարտնչում էր յուր դեմ աննահանջ կերպով, այսուամենայնիվ, շատ տեղերում ստիպված էր լինում գործ ունենալ դրանց հետ, ըստ որոմ վերջինները հետևում էին ունիթորներին քայլ առ քայլ և արգելում նրանց գործել ազատորեն։ Նույնիսկ այդ օրը գերապայծառ կարգապետը հաճել էր պատվել յուր այցելությամբ հայոց եկեղեցու հասարակ սպասավորին՝ դմանօրինակ մի արգելք բառնալու հույսով:

Մինչդեռ աննշան հայ վարդապետը՝ առաջնորդական պաշտոնի տեր լինելու պատճառով՝ ոչ միայն գոռոզանում ու բարձրից էր նայում տեր-Անդրեասի վրա, այլև, նրա արժանիքն ու оգտակարությունը ուրանալով՝ աշխատում էր ճնշել նրան և ստորացնել, զոհելով յուր կրքին նույնիսկ հասարակաց շահը, հայր Մատթեոս գերապայծառն, ընդհակառակն, արքեպիսկոպոս և ունիթորների կարգապետ լինելով հանդերձ, չէր քաշվում խոնարհել ու անձամբ մտնել այդ երեցի տունը, պատվել նրան յուր այցելությամբ, որպեսզի դրանով կարողանա հասնել՝ ոչ թե իրեն՝ այլ պապական աթոռին շահ բերող մի որևէ նպատակի։

Հայ վարդապետը մեծն ու օգտակարը զոհում էր փոքրին, ոչնչության, հասարակաց շահը ստորագրում էր անձնականին. մինչդեռ կաթոլիկ արքեպիսկոպոսը գործում էր հակառակը. նա յուր անձը ուրանում, յուր պատվասիրությունը ճնշում էր միայն ևեթ յուր եկեղեցու կամ պետի շահը խնամելու համար։ Այսպիսի համեմատական առավելության շնորհիվ, հարկավ, կաթոլիկ կղերը պիտի տիրապետեր, իսկ հայ եկեղեցին՝ հետզհետև ընկճվեր։ Բայց իրոք, այդպես չեղավ. սյունյաց արգավանդ հողի մեջ կաթոլիկական ծառը հաստատուն արմատ չբռնեց. որովհետև Հարանց անապատից ելնող մշակները շարունակ փորում, չորացնում էին ծառի արմատները. որովհետև ժամանակի անիշխանության ստեղծած ապականությունից դուրս, հայ եկեղեցին դեռ ուներ անձնվեր մարդիկ, որոնք թեև փոքրաթիվ, բայց և այնպես գործում էին եռանդով և մրցում քաջաբար։

Հայր Մատթեոս Երազմոսը եկել էր այսօր նվաճելու հենց այդ գործող ու մրցող քաջերից մինին։

Անշուշտ չես զարմանում, որ Ագուլիս մտնելուցս ի վեր թեղ այցելում եմ երկրորդ անգամ, ասաց հայր-Երազմոսը երեցին՝ սովորական ողջույնը նրան տալուց հետո։ Գերապատիվ հայրը երևի կարևոր հրաման ունի ինձ տալու, պատասխանեց տեր-հայրր համեստությամբ։

Ոչ թե հրաման, այլ խնդիր. խոնարհագույն մի խնդիր:

Որը կատարել չեմ մերժիլ, թե ուժերս ներեն։

Օ, դրա համար դու շատ զորավոր ես... պատասխանեց գերապայծառը և ապա անփույթ կերպով ժպտալով՝ ավելացրեց. գործն ասենք թե վերջածաց է. մնում է միայն քո հաճությունը ստանալ:

Բայց ի՞նչ գործ՝ այդ, հարցրեց երեցը հետաքրքրությամբ։

Ի՞նչ պետք է լինի. մի՞թե չես գուշակում։ Քրիստոնեական եկեղեցին վտանգի մեջ է, բռնակալ թագավորը արդար հոգիներին սպառնում է կորուստ... Ձե՞զ լսել «մանկաժողովի» մասին։

Ի՞նչպես չէ, լսել եմ։

Եվ ի՞նչ միջոց ես գործ կրել այգ գազանային հարկահանության առաջն առնելու համար։

Արել եմ, ինչ կարողացել եմ...

Գիտեմ, շատերին հեռացնել ես տվել դեպի գյուղերը, ընդհատեց գերապայծառը, գիտեմ մինչև անգամ, թե ո՛ր ընտանիք ո՛ր տեղ է թաքցրել յար գեղեցիկներին։

Տեր֊Անդրեասը մի անհանգիստ շարժում արավ և աչքերը անթարթ Երազմոսի վրա ուղղելով ասաց.

Հույս ունիմ որ քո այդ հետաքրքրությունը մեզ վնաս պատճառելու նպատակով չէ եղած։

Ով Տիրամայր, սուրբ Աստվածածին, բացականչեցհայր Երազմոսը ձեռքերը դեպի երկինք ամբառնալով. լուսավորիր դու խավարած մտքերը, հավատ ներշնչիր կասկածով տանջվող սրտերին... Ապա դառնալով երիտասարդ երեցին՝ ավելացրեց. երբեք չէի հուսալ թե եկեղեցվո ընտիր և իմաստուն մի պաշտոնյա, որպիսին դու ես, կարող է հավատալ թե՝ մի արքեպիսկոպոս կկատարի այնպիսի գործ, որ վնաս բերե Քրիստոսի հոտը զարդարող մանուկներին, թե նա կմոռանա Հիսուսի սուրբ պատվերը, որ ասում է. «Ոչ են կամք հոր իմոյ, որ յերկինս է, թե կորիցե մին ի փոքրկանցս յայսցանե»։

Մի՛ մեղադրիր ինձ իմ կասկածոտության համար, հարեց երեցը մեղմությամբ. մինչև այսօր ունիթորները այնքան թշնամաբար են վարվել մեր եկեղեցու հետ, որ ես իրավունք ունիմ այժմ...

Թերահավատել այն բարիքի մասին, որ մեզանից պիտի հասնի ձեզ, այնպես չէ՞, ընդհատելով երեցին՝ հարցրեց Երազմոսը։

Այո. չեմ ծածկում ճշմարտությունը։

Եվ երբեք չպետք է ծածկել։ Բայց այժմ, պատվելի եղբայր, մի կողմ պիտի դնենք ամեն թշնամություն. եկեղեցուն վտանգ է հասնում, դրա առաջն առնելու համար մենք պիտի միանանք։

Միանա՞նք... ի՞նչպես։

Դուք պիտի ընդունեք փրկության այն միջոցը որ ես առաջարկում եմ ձեզ։

Այսի՞նքն։

Մի անմեղ միջոց, մի անվնաս ճանապարհ:

Բարի. բայց ի՞նչ միջոց է այդ։

Դուք պիտի ցուցակագրեք և հանձնեք ինձ Ագուլիսի այն բոլոր ընտանիքների անունները, որոնք ունին գեղեցիկ տղաներ ու աղջիկներ, և իհարկե, հայտնեք Շահաբասին, որ դրանք բոլորն էլ պատկանում են իմ հոտին։

ինչո՞ւ համար այդպես անենք։

Նրա համար՝ որ եթե հիշածս ընտանիքներից մանուկներ վերցնե շահը, նրան հայտնեմ թե՝ դրանք պատկանում են սրբազան պապի հոտին։

Այդ առարկությունը չի փրկիլ մեր մանուկներին, նկատեց երեցը։

Ինչպե՞ս թե չի փրկիլ, մի՞թե չես լսել այն մենաշնորհի մասին, որ շահը հատկացրել է սրբազան պապի հոտին։

Հայր Պողոսն այդ մասին խոսել է կաթողիկոսի հետ։

Ո՞վ է հայր Պողոսը։ Մի՞թե չգիտես։ Հայր Պողոս Մարիա–Չիտտագինի, սրբազան պապի գերապայծառ նվիրակը։

Այո, լսել եմ նրա մասին։

Բայց լսելը բավական չէ. պետք է իմանալ, թե՝ ի՛նչ մեծ ծառայություն է արել նա քրիստոնյա աշխարհին: Այսինքն, ոչ թե նա, այլ սրբազան պապի սուրբ նամակը, որ նա բերել է շահին։ Ծանո՞թ ես դու այդ պատմության հետ։

Լսել եմ մի քանի բան։

Բոլորը պետք է լսել, այդ կարևոր է։

Այս ասելով՝ հայր Երազմոսն յուր դիրքն ուղղեց, փակեղը, որ իջել էր ճակատի վրա՝ բարձրացրեց և գլուխը վեր առնելով՝ նորեն սկսավ խոսել.

Դու գիտես, պատվելի եղբայր, թե ի՛նչ գոռոզ թագավոր է Շահաբասը։ Նա երկյուղ չունի աշխարհի և ոչ մի հզոր տիրապետից։ Բայց և այնպես մի տարի առաջ երբ հայր Պողոս Չիտտագինին ներկայացավ նրան Ֆարահաբադում իբրև նվիրակ սրբազան պապի և իբրև դեսպան Ֆրանգի ու Սպանիո թագավորների, Շահաբասը ընդունեց նրան ամենամեծ պատվով, նստեցրեց ոսկեկար օթոցի վրա և լսեց նրա խնդիրը լուրջ ուշադրությամբ։ Այդ բավական չէ, շահը հայր Պողոսին սեղանակից արավ իրեն երեք անգամ և ընծաներ տվավ նրան յուր թանկագին գոհարներից։ Դրանք այնպիսի մեծ պատիվներ են, որոնց պարսկաց գահակալները, գոնե մեր ժամանակներում, դեռ չեն արժանացրել ոչ ոքի։ Բայց հայր Պողոսին արժանացրին։ Որովհետև նա ձեռքին ուներ սրբազան պապի նամակը, նա ներկայացել էր շահին իբրև նվիրակ այն մեծ ու վեհապանծ Աթոռի, որի առաջ ծունկ են խոնարհում թագավորները և որի փոշին համբուրում են աշխարի հզորագույն իշխանները...։

Վերջին խոսքերը գերապայծառն արտասանեց հանդիսավոր եղանակով և մի քանի վայրկյան լռելուց հետո՝ նորեն շարունակեց.

Այո, ծանր է այն ազգի գրությունը, որին զորավիգ չէ այսպիսի հզոր գահակալ և որի մեծավորի կամ առաջնորդի վրա ակնածությամբ չեն նայում արդի բռնակալները։ Ի՞նչ կարող է անել, օրինակ, Մելիքսեղեկ կաթողիկոսը յուր ազգի համար... մի մարդ, որ յուր անձն իսկ չկարողացավ պաշտպանել Շահաբասի բռնությունից և որր մի ամբողջ ազգի գլուխ լինելով՝ բանտարկված ու շղթայված է այսօր իբրև հասարակ մի հանցավոր...։

Ի՞նչ ես ուզում ասել դրանով, գերապայծառ հայր, ընդհատեց երեցը կարգապետին։

Այն, թե անհրաժեշտ է որ մարդիկ այսպիսի թշվառության օրերում պաշտպան ունենան իրենց այնպիսի մի հզոր անձն, որպիսին է, օրինակ, սրբազան պապը։

Տեր-Անդրեասը ժպտաց։

Դոլ չհավանեցի՞ր իմ խոսքին, հարցրեց կարգապետը հայացքը սևեռելով քահանայի վրա։

Ընդհակառակն։ Բայց կուզենայի իմանալ թե ինչո՞ւ սրբազան պապը չի պաշտպանում Արևելքի բոլոր քրիստոնյաներին՝ եթե արդարև՝ այդքան զորավոր է նա։

Հայր Երազմոսի սիրտը թունդ ելավ. նրան թվաց թե՝ բախտն արդեն մաքրում է յուր ճանապարհի արգելքները։

Զորավո՞ր. մի՞թե դու կասկածում ես նրա զորության մասին, խոսել սկսավ նա զվարթ ձայնով։ Քահանապետի զորության ապացույցը յուր նվիրակի փառավոր ընդունելությունն է և ավելի ևս՝ այդ ընդունելության հետևանքը։ Սրբազան պապը յուր նամակում աոաջարկել էր Շահաբասին երեք խնդիր, ա) պարսկի փոխարեն՝ հայ ունիթոր կարգել վերատեսուչ այն գավառների վրա, ուր ապրում են վերջինները։ բ) «ՄանկաԺողով» չանել Հռովմա գահին հավատարիմ բոլոր հայերի մեջ։ գ) Վերադարձնել այն սրբազան սպասները, որ պարսիկները հափշտակել էին Երնջակա և Ջահուկի մեր եկեղեցիներից։ Շահաբասը այդ երեք խնդիրներն ևս կատարեց անմիջապես։ Բայց այդ դեռ բոլորը չէ։ Նա այնքան է սիրել հայր Չիտտագինիին, որ շարունակ պտտեցնում է հետը ուր որ գնում է. և այդ հանգամանքը օգնում է սրբազան պապի նվիրակին հետզհետե նորանոր արտոնություններ ձեռք բերել։ Այժմ ահա, օրինակ, մեր գյուղերից մի քանիսին «թարխանություն» է տվել շահը, մի քանի ավաններ «խաս» է արել. իսկ շատ անձինքների պաշտոններ է հատկացրել թե՛ բանակի մեջ և թե՛ վարչական գործերում։ Հայր Պողոս Չիտտագինին հույս ունի այսուհետև դեռ էլի նորանոր արտոնություններ ձեռք բերել։ Այս ամենը, պատվարժան եղբայր, հաջողվում է մեզ նրա համար, որ շահը ցանկանում է հաճելի լինել սրբազան պապին։ Դու հարցնում ես թե՝ ինչո՞ւ, ուրեմն, սուրբ քահանայապետը, այդքան զորավոր լինելով՝ չէ պաշտպանում Արևելքի բոլոր քրիստոնյաներին, բայց չգիտես որ նա, ընդհակառակն, սաստիկ ցանկանում է, ի սրտե փափագում է ամենքին հովանավորել և հենց այդ իմաստով էլ նոր կոնդակ է ղրկել ընդհանրական երեսփոխան հայր Չիտտագինիին։ Իսկ վերջինս, պետք է խոստովանել, աշխատում է այդ մասին գերազանց եռանդով։ Քեզ օրինակ այս վերջին դեպքը։ Հենց որ Շահռուխ-բեկը հայտնում է նրան «մանկաժողովի» մասին, նա իսկույն հրավիրում է ինձ Նախճվանից Երեվան։ Քրիստոսի հոտը, գերապայծառ հայր, վտանգի մեջ է, շտապիր փրկել նրան... ասում է նա ինձ և իսկույն էլ գործելու հրահանգներ տալիս։ Այս հրահանգների մասին, խոստովանանք լինի մեր մեջ, նա խոսել է նաև Ամիրգյունե նախարարի հետ և նրա հաճությունը ստացել։ Բացի այդ, հայր Չիտտագինին տեսնվել է նաև կաթողիկոսի հետ...։

Ի՞նչ հրահանգներ են դրանք, հարցրեց երեցը հետաքրքրությամբ։

Այն, որ ես շտապեմ Ագուլիս, հայտնեմ բոլորիդ գալիք վտանգը և ձեզ հետ միասին հոգամ նրա առաջն առնելու միջոցների մասին։

Բայց ինչո՞ւ աոաջին այցելությանդ ժամանակ չհայտնեցիր ինձ այդ... հարցրեց երեցը կասկածոտ մի հայացք ձգելով հայր Երազմոսի վրա: Որովհետև դեռ չգիտեի թե կհաջողի՞ մեզ այդ բարի գործը կատարել... կամ թե դուք կօգնե՞ք մեզ այդ բանում։

Ի՞նչպես թե կօգնենք... մի՞թե մենք մեր ժողովրդի թշնամին ենք։

Ի՞նչ մեղքս ծածկեմ, տարակուսում էի, մանավանդ որ ձեր կաթողիկոսը, երևի տանջանքներ կրելուց անզգայացած, չէր կարողացել հայր Չիտտագինիի տված խորհուրդների իմաստը ըմբռնել և հետևապես, օգտվել նրանցից։ Բայց ես եկա այստեղ, որպեսզի խոսեմ ժողովրդի հետ և խորհրդակցեմ նրա սիրտն ու հոգին ի մոտո ճանաչող հովիվների, այսինքն ձեզ հետ, հուսալով որ դուք ավելի խոհեմ և հեռատես կգտնվիք և չեք վարանիլ այսպիսի դեպքում զոհել փոքրիկ շահերը առավել մեծագույնը ձեռք բերելու համար։

Փոքրիկ շահե՞ր... ի՞նչ շահեր պիտի զոհենք, հարցրեց երեցը աչքերը մեծ բանալով։

Սնոտի, պարծանքի, ինքնասիրության և այլ նման շահեր։

Որո՞նք են դրանք։

Այն, որ չեք հակառակիլ՝ եթե Ագուլիսում մի քանի հարյուր տուն՝ հայ կոչվելու փոխարեն, ունիթոր անունը կրեն։

Բայց ինչո՞ւ այդ անունը կրեն։

Որպեսզի ազատվին իրենց որդիքը շահի դուռը զրկելու հարկից։

Եվ ուրեմն ա՞յդ գնով մենք պիտի վայելենք սրբազան պապի հովանավորությունը, հարցրեց երեցը ժպտալով։

Անշուշտ, ուրիշ կերպ անհնար է։ Շահը խոստացել է «մանկաժողով» չանել միայն ևեթ պապական հոտի մեջ։

Եվ որպեսզի մենք «մանկաժողովից» ազատվենք, պիտի անպատճառ պապակա՞ն դառնանք։

Այդ է միակ ճանապարհը, հարեց կարգապետը։

Տեր֊Անդրեասը լռեց։ Բայց յուր հայացքը սևեռել էր հայր Երազմոսի վրա։

Ի՞նչ կարդաց վերջինս այդ հայացքի մեջ, գուշակել դժվար էր. բայց նա երևի զգաց յուր առաջարկության ստորացուցիչ լինելը, ուստի ավելացրեց. Մեր պահանջն այն չէ, որ այդ մի քանի հարյուր տունը անպատճառ այսօր պապականություն ընդունին, չէ՛, այլ որ վկայեն Շահաբասի առաջ թե՝ այո, իրենք պատկանում են մեր հոտին. իսկ դուք ձեր կողմից այդ վկայությունը հաստատեք։

Այդպիսի առաջարկության պատասխանելն մեր իրավունքից վեր է, ասաց տեր Անդրեասը, այդ հարցին կարող է լուծումն տալ միայն հոպևոր տերը։

Իսկ եթե նա մերժո՞ւմ է։

Մենք ևս պիտի մերժենք...

Բայց եթե ժողովուրդը ցանկանա՞ հետևել մեր խորհրդին։

Մենք կարգիլենք նրան այդպիսի քայլ անել։

Դուք ուրեմն ժողովրդի թշնամի՞ն եք։

Ոչ, բարեկամը։

Բայց ո՞րն է ապացույցը։

Այն, որ թույլ չենք տալիս նրան մայրենի եկեղեցու ծոցից հեռանալ։

Այստեղ եկեղեցու խնդիր չկա, այլ միայն հոգիներ փրկելու... Ձեր առաջնորդն, ըստ երևույթին, ավելի խելոք և հեռատես է. նա ոչ միայն համաձայնեց իմ առաջարկության, այլև շնորհակալ եղավ այն խնամքի համար, որ ես տածում եմ դեպի յուր հոտը։

Առաջնորդն համաձայնե՞ց, հարցրեց երեցը զարմանալով։

Այո, և այն էլ ուրախությամբ։

Բայց ի՞նչ պայմանով։

Այն, որ քահանաները ևս միանան յուր հետ։ Եվ նա, պետք է ճշմարիտը խոստովանել, ամենից ավելի նշանակություն է տայիս քո խոսքին։

Իմ խոսքի՞ն. ինչո՞ւ համար. չէ՞ որ քահանաների մեջ ես ամենից կրտսերն եմ։

Այս. բայց նա ասաց թե՝ ամենից մեծ հեղինակություն դու ես վայելում ժողովրդի մեջ և եթե դու համակերպիս իմ առաջարկության, մյուսներն անմռունչ կհետևին քեզ։ Նույնը կրկնեցին ինձ շատ ազդեցիկ ագուլեցիներ, որոնց հետ մասին առիթ ունեցա խոսելու։ Ամենքն ասում են թե՝ կնդունենք այդ առաջարկությունը , եթե միայն տեր-Անդրեասը միանա մեզ հետ։ Իսկ ես կարծում եմ թե՝ դու այնքան հեռատես կլինիս, որ ի չարը չես գործ դնիլ ժողովրդի դեպի քեզ ունեցած վստահությունը և նրան կսիրես այնքան, որ նույնիսկ յուր շահը պաշտպանելու համար կընդունես իմ խորհուրդը՝ առանց վարանելու, զի փրկության միակ ճանապարհն այն է, որ ահա առաջարկում եմ քեզ։

Երիտասարդ երեցը լուռ նայում էր կարգապետին և կարծես դժվարանում էր պատասխանել։ Առաջնորդն ու ժողովրդի մեծերը խնդրի վտանգավոր կողմը տեսնել չկարողանալով, տվել էին իրենց համաձայնությունը: Բայց ինքը գիտեր, տեսնում էր այն թակարդը, որ ունիթորների կարգապետը, հանգամանքներից օգտվելով, լարում էր հայ ժողովրդի համար։ Հետևապես, եթե համաձայներ նրա առաջարկության, կգործեր յուր խղճի և պարտավորության դեմ, դավաճանելով ընդ նմին և յուր հոտի շահուն. իսկ թե հակառակեր, կգրգռեր յուր դեմ կարգապետի թշնամությունը, որով և, գուցե, կորուստ պատճառեր մի քանի տասնյակ մանուկների։ Վերջին հանգամանքը կշարժեր յուր դեմ նաև առաջնորդի և յուր կարգակիցների զայրույթը, որոնք և իրենց կողմից ժողովրդին կկանգնեցնեին յուր դեմ։

Այս մտածությունները երկար պիտի զբաղեցնեին տեր-Անդրեասին, եթե հայր Երազմոսը լռությունը չընդհատեր։

Հա, ի՞նչ ես որոշում. համաձայնո՞ւմ ես թե ոչ։

Կարգապետի ձայնը ցնցեց քահանային և նա գլուխը բարձրացնելով վճռաբար պատասխանեց.

Ոչ։

Այդ պատասխանը չէի սպասում, ասաց կաթգապետը։

Ուրիշ պատասխան չէի կարող տալ, հարեց երեցը: Քանի որ առաջնորդը իմ համաձայնությանն է սպասում, քանի որ ժողովուրդը իմ ընտրությանն է հավատում, ես ի չարը չեմ գործ դնիլ ոչ մեկի և ոչ մյուսի հավատարմությունը: Բայց նրանք համաձայնել են, ընդհատեց հայր Երազմոսը։

Նրանք խնդրի մի երեսն են նայել. իսկ մյուսը՝ ինձ են թողել նայելու։

Եվ դու ի՞նչ ես գտնում այդ երեսի վրա։

Այն, որ տեսնում եմ թե՝ քո առաջարկած խորհրդին հետևելով իմ ժողովուրդը կստանա միայն խաբուսիկ և ժամանակավոր օգուտ. մինչդեռ կրած վնասը կլինի հավիտենական։

Ինչո՞ւ այդպես ես կարծում։

Որովհետև դու առաջարկում ես իմ առաջնորդին, կարգակիցներին և ժողովրդին՝ որ նրանք Շահաբասի առաջ վկայեն թե՝ այսքան հարյուր տուն պատկանում են քո հոտին։ Բարի։ Դիցուք թե վկայեցին։ Այդ մի քանի հարյուր տան մեջ գտնվող մի քանի տասնյակ գեղեցիկները, հարկավ, կազատվին Շահի ձեռքից. բայց ի՞նչ կհետևի դրան. այն՝ որ մի քանի տասնյակ մանուկների պատճառով մենք կկորցնենք մի քանի հարյուր ընտանիք և կկորցնենք անդառնալի կերպով։

Ի՞նչպես թե կկորցնեք, հարցրեց կարգապետը, իբր երեցին չհասկանալով։

Այդ մի քանի հարյուր ընտանիքը կդառնան պապական, պատասխանեց երեցը: Դուք հո թույլ չեք տալ որ հրապարակավ և շահի ներկայությամբ ունիթոր հռչակված հայերը մեկ էլ նորեն իրենց եկեղեցու գիրկը դառնան։ Նույնիսկ բռնի ուժով, ֆարրաշների օգնությամբ դուք այդ կարգիլեք նրանց, և ոչ մեկը դրանցից չի համարձակվիլ հայտնել՝ թե ինքը Շահի առաջ սուտ վկայություն է տվել. այդպիսի հանցանքի համար կախաղան կհանեն նրան։

Էհ, թող չդառնան, մի՞թե պապական մնալով նրանք կկորչեն։

Իմ խորին համոզմունքով՝ պապական եկեղեցուն հարող հայը ընդմիշտ կորչում է յուր ազգի համար։

Կարգապետը տեսավ որ երիտասարդ երեցը թափանցել է արդեն յուր գաղտնիքների խորքը և որ ինքը նրան է՛լ չի պիտի կարենա համոզել, ուստի ավելորդ համրելով շարունակել զրույցը, վեր կացավ տեղից: Ես կամեցա մի բարիք գործել քո ազգի համար, ասաց նա երեցին, դեպի դուռն ուղղվելով, բայց դու արգելք եղար ինձ։ Դա մի չարիք, մի հանցանք էր, որ գործեցիր։ Շահաբասի նման հզոր թագավորը պտրում է սրբազան պապի բարեկամությունը, հայերը չպետք է մերժեին այն։ Այն անխոհեմության հետևանքը կծանրանա, անշուշտ, ազգի վրա և այն ժամանակ մարդիկ կանիծեն քեզ, որ աշխարհային հաշիվների պատճառով արգելք եղար դու բազմաթիվ հոգիների փրկության։

Այդ հոգիները, գերապայծառ հայր, կփրկվին մեր ձեռքով։ Հայոց եկեղեցին, այո, չունի հզոր վեհապետ, միակ կաթողիկոսը կալանավոր է և բանտարկյալ, բայց այդ եկեղեցին ունի դեռ արի զինվորներ, որոնք կդիմադրեն սպառնացող վտանգին, կկռվին քաջաբար, և եթե հարկ լինի, կմեռնեն անտրտունջ՝ եթե չարիքը կզորանա։ Ինչ վերաբերում է անեծքին, ես նրանից չեմ վախենում, քանի որ համոզված եմ թե՝ արդար գործ եմ կատարում։ Այո, կգտնվին մարդիկ, որոնք կանիծեն ինձ այսօր, բայց նրանց որդիքը կօրհնեն ինձ ապագայում։

«Արյուն ձեր ի գլուխ ձեր» ասաց կարգապետը և առանց հետևը նայելու դուրս գնաց սենյակից։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Անդրեաս Երեց"

Ятук Музыка
Mечты
Арно Бабаджанян

Mечты

Груши, персики и кувшины
Груши, персики и кувшины
Играть онлайн