Мурацан

Անդրեաս Երեց

ՆԱԽԱԴՐՈՒԹՅՈՒՆ

(1601 1617)

Տասնևվեցերորդ դարու առաջին քառորդին՝ Հայաստանի վրա ծանրացող թշվառությունները հասել էին իրենց գագաթնակետին։ Պատճառը պարսից և օսմանցվոց անընդհատ պատերազմներն էին, որոնց թատր էր դարձել մեր անբախտ աշխարհը:

1596 թվականին պարսից Շահաբաս Ա. թագավորը, որ նոր էր յուր Խուդաբանդ հոր գահը ժառանգել, տակավին անզոր լինելով և, մանավանդ թե, օսմանցիներից վախենալով, ոչ միայն հետամուտ չեղավ նրանց հորից հափշտակած՝ Հայաստանի այն նահանգները ետ տանելու, որոնք իրեն էին պատկանում, այլև պատանդներ տալով հաշտություն խոսեց սուլթան Մուրադի հետ։ Եվ այսպիսով 16-րդ դարու վերջին քառորդին Հայաստանը գրեթե ամբողջապես անցավ օսմանցվոց ձեռքը։

Օսմանցի կուսակալները ազատ զգալով իրենց պարսից կողմից գալիք վտանգներից, սկսան ծանր և անտանելի հարկերով նեղել և տանջել հայ ժողովուրդը, որն արդեն բազմամյա հարստահարություններից վերջին աղքատության էր հասել: Նույնպիսի ծանր հարկերի ենթարկեցին նրանք նաև էջմիածնի կաթողիկոսական աթոռը, որ նույնպես խեղճ վիճակումն էր։

Առաքել կաթողիկոսը, որ ազգի ցավերին ի սրտե կարեկցող և Աթոռի համար կարի հոգատար մի հովիվ էր, շատ ջանք գործ դրավ ժողովրդի և էջմիածնի վրա ծանրացող հարկերը փոքր ի շատե թեթևացնելու, բայց երբ տեսավ թե յուր ջանքերն ի դերև են ելնում և թե այդ հարկերից առաջացած Աթոռի պարտքերը գնալով ծանրանում են, և, մանավանդ թե, ժամանակի դառնության դիմադրելու չափ ուժ պակասում է իրեն, երկու տարի կաթողիկոսություն անելուց հետո հրաժարվեց գահից և Դավիթ էջմիածնեցուն կաթողիկոս ձեռնադրելով՝ Աթոռը հանձնեց նրան և ինքը քաշվեց մի վանք, յուր ազգի ցավերը լռության մեջ ողբալու։

Դավիթ կաթողիկոսը յուր նախորդից ավելի զորեղ չգտնվեցավ։ Օսմանացի կուսակալները նոր կաթողիկոսի համար ոչ միայն զիջումներ չարին, այլև ուրիշ նոր հարկեր էլ Աթոռի վրա բարձելով՝ պահանջեցին որ նա, իբրև ընդհանուր ազգի գլուխ, ժողովե ժողովրդից այդ հարկերը և վճարե իրենց։ Կաթողիկոսը շատ աշխատեց, չարչարվեց, յուր վիճակը պտտեց և, շատ անգամ արտասուքն աչքերին՝ աղքատացած ժողովրդի վերջին փողերը հավաքելով տվավ կուսակալներին, բայց երբ տեսավ որ նրանց անիրավ պահանջները գոհացնել չի կարողանում, փախուստ տվավ Աթոռից և սկսավ անծանոթ վայրերում ու խորշերում թաքստյամբ ապրել։ Իսկ հետո տեսնելով որ այդպիսով բոլորովին հեռանում է Աթոռից և էջմիածինը ավերման է ենթարկվում, իսկ Աթոռի պարտքերը նվազելու փոխարեն ավելի ևս աճում են, ետ դարձավ էջմիածին և յուր միաբանների հետ խորհրդակցելով՝ Գառնեցի Մելիքսեթ եպիսկոպոսին ձեռնադրեց կաթողիկոս, իբրև իրեն օգնական (1593 թ.)։

Երկու կաթողիկոսների միասնական ջանքերն էլ ոչինչ օգուտ չբերին Աթոռին։ Նրանց հավաքածը հազիվ պարտքի մի տասանորդը ծածկեց։ Ուստի սկսան տոկոսով պարտքեր վերցնել օտարներից։ Բայց այդ միջոցը ավելի ևս վատթարացրեց նրանց դրությունը։ Որովհետև քիչ ժամանակից հետո տերության կուսակալների հետ միասին այդ պարտատերերն սկսան նեղել և հալածել նրանց։ Երկու կաթողիկոսները ստիպված էին դարձյալ փախուստ տալ, անծանոթ տեղեր թափառել․ մինչև անգամ ցերեկով պտտել չէին համարձակվում: այլ գիշերներն էին շրջում գյուղից դեպի գյուղ, կամ մի վանքից դեպի մյուսը։

Այս տառապանքների օրերում վրա հասավ նաև մի սարսափելի սով, որ ավեր և ապականություն սփռեց ամբողջ Հայաստանի վրա։

Սովին հետևեց ժանտախտը, որ ճարակեց այդ երկրի բազմաթիվ գավառները։ Հազիվ այդ երկու բնական պատուհասները դադարեցին, և ահա՝ Ջելալիք կոչված ավազակախմբերը, որոնց առաջնորդում էին թուրք պաշտոնանկ փաշաներ և բդեշխներ, ողողեցին Հայաստանը և աննկարագրելի ավեր ու սրածություն սփռելով նրա մեջ՝ կողոպտեցին ու հափշտակեցին բնակիչների գույքն ու ստացվածքը և հարուստ ավարով ու բազմաթիվ գերիներով իրենց որջերը դարձան։

Այս ամենը շարունակվում էր մինչև 1602 թվականը։ Եվ որովհետև այս արտաքո կարգի թշվառությունների հետ միասին Հայաստանը կառավարող օսմանյան պետական կուսակալներն ու իրենց հարստահարություններն էին շարունակում, ուստի Ժողովրդի տառապանքների հետ միասին կրկնապատկվեցան նաև կաթողիկոսական Աթոռի պարտքերը, իսկ Դավիթ ու Մելիքսեթ կաթողիկոսները ավելի ծանր նեղությունների ու հալածանքի ենթարկվեցան։ Ի վերջո տեսնելով նրանք որ ազատվելու հնար չունեն, հրավիրեցին իրենց մոտ Ջուղա քաղաքը, Սմդայի հաջորդ Սրապիոն վարդապետին, որը մի իմաստուն և առաքինի մարդ էր և հայրենական հարուստ ժառանգություններ ուներ, և առաջարկեցին նրան՝ հանձն առնել կաթողիկոսությունը և յուր ունեցած հարստությամբ ազատել Աթոռը պարտքից ու ավերմունքից։

Թեպետ սկզբում առաջարկված պայմանների հետ համաձայնել չկարողանալով՝ նրանք բաժանվեցան, բայց հետո, նույնիսկ Ջուղայի ժողովուրդը, առաջին երկու կաթողիկոսների՝ Աթոռից հեռանալը անհրաժեշտ համարելով, ինքը Սրապիոնին տարավ Էջմիածին և կաթողիկոս օծել տալով, Աթոռը հանձնեք նրան:

Եվ ահա այդ ժամանակ, այն է 1602 թվականին, ընդհանուր հայոց մեջ, վեց օծյալ կաթողիկոսներ կային, որոնցից երեքը նստում էին Արարատյան նահանգում, չորրորդը՝ Աղթամարում և մնացորդ երկուսը՝ Կիլիկիայում, որոնցից առաջինը Ադանայում, իսկ երկրորդը Սիսում։

Չնայելով որ ազգի ընդհանուր ցավերն էին այս տարօրինակ դրությունները ստեղծում, այսուամենայնիվ, օծյալ կաթողիկոսներից և ոչ մեկը կաթողիկոսական իրավունքներից զուրկ չէր համարում իրեն. այդ պատճառով և դրսից եկած նեղությունների վրա ավելացան նաև ներքին խռովություններն ու պառակտումները։

Այս զանազանակերպ թշվառությունների ու անկարգությունների շնորհիվ, ինչպես որ երկիրը հետզհետե սկսավ բնակիչներից դատարկվել, այնպես էլ անապատները ամայացան, վանքերը անշքացան, միաբանությունները ցրվեցան և այլևս ոչ մի տեղ չմնաց հայ ժողուրդի համար սփոփանք և մխիթարություն։

Սրա վրա էլ պետք է ավելացնել ունիթոր կամ միաբանող կոչված պապական արբանյակների սխրագործությունները, որոնք դեռ 13-րդ դարու կեսից մուտ էին գործել մեր աշխարհը և ամեն տեղ տարածվել, սկսած Ռուբինյան թագավորության երկրից մինչև Հայաստանի հեռավոր նահանգները։ Անհավատներին քրիստոնեություն քարոզելու փոխարեն, դրանք նահատակ հայ ժողովրդի անդամներն էին որսում, հայրենի եկեղեցուց հեռացնում և «միաբանող» լինելու փոխարեն՝ բաժանող ու պառակտող հանդիսանում։ Հեռացնելով որդին ծնողից, եղբայրը եղբորից, կինը ամուսնուց՝ ընտանիքների ու հարազատների միջից սերն ու միությունը վերացնում էին։ Այդպիսով մահմեդական հրեշների թողած պակասը դրանք էին լրացնում և դեռ մի բան էլ ավելի, որովհետև մահմեդականները նյութապես էին կեղեքում, իսկ դրանք՝ հոգեպես և բարոյապես։ Եվ ի՞նչ էր դրանց նպատակը, այն՝ որ պապի հոգևոր ստրուկների թիվը մի քանի հազարով ավելացնեն, մի ձգտում, որ ժամանակակից բոլոր կաթոլիկ միաբանությունների միակ ու գերագույն նպատակն էր։ Մի քանի դար շարունակ գործելով Հայաստանի մեջ, ունիթորները, ուր նրանց օգնում էին նաև հիսուսյանները և առաջնորդում հայ սրիկաներ, որպիսիք էին Հովհան Քռնեցի անարժան վարդապետը և յուր ընկերները, որոնք Հայաստանը ամբողջապես լցրին զանազան խռովություններով և չարիքներով և արժանացան հայության հայհոյանքին և նզովքին՝ սկսած վերջին հայից մինչև ընդհանրական կաթողիկոս և Ռուբինյան թագավորները. նրանք հաստատուն բնակավայր էին ընտրել Սյունյաց նահանգը։ Նրա ճահուկ, Երնջակ և Նախճվան գավառները գրեթե ամբողջապես իրենց ձեռքն էին անցել: Նախճվանում, մինչև անգամ, առաջնորդների կամ կարգապետների հաջորդություն էին հաստատել և «միաբանող» ժողովրդից տուրք էին առնում: Ժողովրդի անտերությունից օգտվելով՝ նրանք արձակ համարձակ մտնում էին ամեն տեղ, քարոզում էին նույնիսկ մեր վանքերում։ Նրանցից մի քանիսի հանդգնությունը հասել էր մինչև այնտեղ, որ օր ցերեկով գալիս, բրում էին մեր եկեղեցիները և դրանց մեջ թաղված սրբոց մասունքները հափշտակում։ Այդպես պատահեց սրբոց Հռիփսիմյանց վկայականի հետ, ուր երկու հիսուսյան վարդապետներ մտնելով՝ քանդել էին սրբուհու գերեզմանը և նրա նշխարները հափշտակել։ Բայց էջմիածնի միաբանությունը իրազեկ լինելով այդ անօրինակ սրբապղծության՝ հարձակվեց հափշտակիչների վրա և փառավոր ջարդ տալով նրանց, սրբուհու մասունքները ազատեց: Բայց խայտառակությունն այն էր, որ քննություն անելու միջոցին պարզվեցավ, որ հիսուսյաններին ճանապարհ տվողը եղել է Մելիքսեդեկ կաթողիկոսը, որը յուր անթիվ պարտքերի պատճառով կաշառվել է հիսուսյաններից և ազատ մուտք տվել նրանց դեպի Ս. Հռիպսիմեանց վկայարանը։

Այս ծայրահեղ թշվառությունները և ընդհանուր հուսահատությունը հերոսական ոգի ներշնչեցին երեք տարագիր հայ հոգևորականների։ Նրանցից մինը Սաղմոսավանքի առաջնորդ Պարոն մականվանյալ Սարգիս եպիսկոպոսն էր, մյուսը՝ Սյուների Մովսես վարդապետը և երրորդը՝ Տրապիզոնցի Կիրակոս երեցը, որոնք տարիներ առաջ հեռացել էին Հայաստանից և ճգնում էին Երուսաղեմում։ Հայրենի երկրից հետզհետե հասնող տխուր լուրերը ճմլեցին, խոցոտեցին նրանց զգայուն սրտերը։ «Այստեղ Քրիստոսի գերեզմանի մոտ ճգնելով՝ մենք մեր հոգիների փրկության համար ենք մտածում, մինչդեռ այնտեղ, մեր հայրենիքում, բյուրավոր հոգիներ դժոխային տանջանքների տակ հեծում են. ավելի հաճո չէ՞ր լինիլ աստծուն, եթե մեր ճգնությունը մեր հայրենակիցների տանջանքները թեթևացնելու մեջ որոնեինք. և եթե չկարողանայինք իսկ օգնել նրանց, գոնե նրանց հետ միասին կտանջվեինք...», մտածեցին ազնվասիրտ և հայրենասեր հոգևորականները և վերադարձան Հայաստան։

Բայց ի՞նչ կարող էին անել նրանք այդ ժամանակ, զենք չունեին, զորք չունեին, ժողովրդի մեջ նյութական ու բարոյական ուժ չէր մնացել, ինչո՞վ կարող էին երկրի վրա ծանրացող թշվառության դառնությունը մեղմացնել։

Գիտեին միայն մի դեղ, որ այսպիսի ժամանակներում արդյունավոր ներգործություն է անում հիվանդ մարմնի վրա. այդ՝ մարդկային ոգին տանջանքների և հալածանքների դեմ զորացնելն էր, մարդուն՝ ինքնօգնության, անձնվիրության սովորեցնելն էր։

Եվ ահա, այդ նպատակով, նրանք Սյունիք հասնելով, հիմը դրին Սյունյաց կամ Հարանց հռչակավոր անապատին, Ծղուկ գավառի Որոտնա ձորում, ժողովեցին այդտեղ հագով և մտքով կորովի մարդիկ, կազմեցին բազմամարդ միաբանություն, որ կարող էր դիմագրավել ամեն տեսակ նեղության և սկսան միջոցներ որոնել ժամանակակից թշվառությանց առաջն առնելու համար, նրանց գլխավոր գործը հայ եկեղեցին ունիթորների ոտնձգություններից և նրանց բազմարվեստ մարդորսություններից ազատելն էր։

Մինչդեռ Սյունյաց անապատը այդ զբաղմունքների հետ էր և նրա միաբանության ամեն մի անդամ լռիկ-մնջիկ ապագայում ստանձնելիք պաշտոնի համար էր պատրաստվում, Էջմիածնի Աթոռից ժամանակավոր հրաժարված Դավիթ ու Մելիքսեթ կաթողիկոսները ուրիշ նպատակների էին ձգտում։ Որովհետև Սրապիոնի կաթողիկոսանալովը դարձյալ նրանք պարտքից ու հալածանքից չազատվեցան, ըստ որում օսմանցի կուսակալները սրանցից հին պարտքերն էին պահանջում, իսկ Սրապիոնի վրա նորերը բարձում, ուստի մի կարի կորստաբեր խորհուրդ հղացան՝ այն է՝ դիմել պարսից Շահաբաս թագավորին, որը այդ ժամանակ հետզհետե զորանում էր յուր երկրում, և հրավիրել նրան Հայաստան, թե՛ երկիրը գրավելու և թե անվերջ հարկերից ու պարտքերից իրենց ազատելու։ Եվ շուտով էլ այս խորհուրդը գլուխ հանեցին։ Մելիքսեթ կաթողիկոսը մի քանի եպիսկոպոսների հետ միասին գնալով Սպահան, ներկայացավ Շահաբասին և յուր պաշտոնակցի ու հայ ժողովրդի կողմից Հայաստանը գրավելու խնդիրն առաջարկեց նրան:

Շահաբասը սիրով լսեց նրա խնդիրը, երկրի ամեն հանգամանքների մասին տեղեկություն առավ նրանից և ապա մեծամեծ խոստումներ անելով կաթողիկոսին, ծանր զորքով Հայաստան մտավ։

Այս առաջին արշավանքի ժամանակ, այն է՝ 1603 թվին նա գրավեց օսմանցիների՝ յուր հորից խլած բոլոր գավառները: Երկրորդ արշավանքի ժամանակ, այն է՝ 1605 թվին, օսմանցիների զորեղ հետապնդությունից խուսափելով, նա Հայաստանի մի քանի նահանգները դատարկեց բնակիչներից և նրանց բոլորին քշեց Պարսկաստան։ Այդ բազմամբոխ ժողովրդի գրեթե կեսը նա խեղդեց Երասխի մեջ՝ նրանց այդ գետից շտապով անցնելու ժամանակ, և հազիվ կես մասը հասցրեց յուր երկիրը։ 1606-ին կրկին վերադառնալով՝ Շահաբասը պաշարեց օսմանցիների գրաված Նախիջևան, Երևան, Գանձակ և այլ քաղաքները, և ամենին հետզհետե տիրելով, յուր Ամիրգունտ նախարարը վերակացու կարգեց նրանց վրա։ Ապա այնուհետև մինչև 1620 թվականը, 2 կամ 3 տարին մի անգամ, դարձյալ արշավում էր Հայաստան, օսմանցիների հետ պատերազմելու նպատակով և ամեն անգամ էլ մեծամեծ նեղություններ էր պատճառում թե՛ հայ ժողովրդին և թե՛ մանավանդ էջմիածնա Աթոռին։

Ինչպես որ մի քանի դար առաջ պարսից և հունաց, այնպես էլ այժմ պարսից և օսմանցոց գահակալների համար Հայստանը դարձել էր մի կռվախնձոր։մՉնայելով որ նա բաժանված էր արդեն երկուսի մեջ, այնուամենայնիվ նրանցից ամեն մեկը «սահման քաջացն զենն յուրյանց» հին առածին հետևելով՝ խլում էր մյուսից նրա տիրապետած գավառները, երբ այդ իրեն համար հաճելի կամ հնարավոր էր լինում։ Եվ այդ անում էր ոչ թե կանոնավոր պատերազմ մղելով յուր հակառակորդի դեմ, այլ ավեր և ապականություն սփռելով ընդհանուր երկրի մեջ, քաղաքներն ու գյուղերը քանդելով, բնակարանները կողոպտելով և հրդեհելով, ժողովուրդը կոտորելով կամ գերի վարելով։ Եվ այս բոլորի համար տուժում էր Հայաստանի ապաբախտ ժողովուրդը թե՜ արևելյան և թե արևմտյան մասերում։ Մանավանդ այն պատճառով, որ երկու կողմից կռվող հակառակորդները՝ թյուրք թե պարսիկ, մանավանդ բերդեր ու ամրոցներ պաշարելու կամ առնելու ժամանակ, մեծ մասամբ հայ զինվորներ էին հավաքում իրար դեմ կանգնեցնում, ստիպելով խեղճերին, որ եղբայրները եղբայրներին կոտորեն։

Ահա այս տագնապալից ժամանակներում օգնության էր հասնում ժողովրդին Սյունյաց անապատը կամ վարդապետարանը։ Նրա հայրենասեր միաբանությունը, որին գլուխ էր կանգնած Սարգիս եպիսկոպոսը և որի մեջ փայլում էին Մովսես վարդապետ Սյունեցին, Կիրակոս Վ. Տրապիզոնցին, Պողոս Վ. Մոկացին, Արիստակես վ. Շամբերին, Թովմաս եպիսկոպոս Տաթևացին, Դավիթ եպ. Շամխորեցին, Կարապետ եպ. էջմիածնեցին, և այլն և այլն. դրանք ամենքը վերցնելով իրենց հետ նաև իրենց հասուն աշակերտները, ցրվել էին Հայաստանի զանազան կողմերը և գործում էին։

Ի՞նչ էին անում. մինը շրջուն քարոզչի պաշտոն ստանձնելով՝ հուսադրում ու մխիթարում էր վհատյալ ժողովրդին և սովորեցնում նրան ժամանակի անցավոր նեղություններն արհամարհել: Մյուսը՝ գերի գնացող ազգակիցներին ընկերանալով և նրանց կրած տանջանքներին մասնակցելով յուր հայրական խրատներով կազդուրում և ամրապնդում էր նրանց հավատը և վառ պահում ազգային զգացումը։ Երրորդը՝ երկրից գաղթել ուզող ժողովրդին հորդորում էր ժամանակավոր նեղություններից չընկճվել և հայրենական տունն ու անդաստանը օտարին չմատնել։ Ոմանք քաղաքներում ու գյուղերում դպրոցներ հիմնելով նորանոր առաքելությունների համար աշակերտներ էին պատրաստում, իսկ ուրիշները՝ անշքացած ու ավերված վանքերը մտնելով՝ նոր միաբանություններ, նոր զինվորություններ էին հաստատում և դրանց հետ միացած հզորապես մրցում պապական մարդորսների դեմ, հալածելով նրանց գլխավոր կենտրոններից, կամ անվնաս դարձնելով նրանց թունավոր և ազգակործան քարոզությունները։

Դրանց բոլորին այդ ժամանակ ոգևորում էր միայն մի միտք. այն է թե՝ «հունձք բազում են և մշակք սակավ» և թե «պարտ է հանել զմշակս ի հունձս մեր...»։

Այս նշանավոր անապատի միաբաններից Մովսես վարդապետ Սյունեցուն (որ անապատի հիմնադիրներից մինն էր և որ հետո արժանավոր կաթողիկոս դարձավ), իբր գործունեության միջավայր՝ վիճակված էր Գողթան գավառը։ Այդտեղ նա Պողոս վարդապետ Մոկացու հետ միասին հիշատակաց արժանի շատ գործեր արավ, եկեղեցիներ շինեց, վանքեր նորոգեց, միաբանություններ հաստատեց, բայց որ ամենից գլխավորն էր՝ Աստապատ, Շոռոթ և Ագուլիս գյուղերում դպրոցներ բացավ, մի գործ, որ յուր ժամանակի համար ոչ միայն շահավետ, այլև կարի հառաջադիմական էր, որովհետև մինչև այն՝ միայն վանքերում ու անապատների մեջ էին ուսում ավանդում ցանկացողին։

Ագուլիսի դպրոցում Մովսես վարդապետը վերակացու և ուսուցիչ կարգեց յուր ձեռնասուն և Սյունյաց անապատի առաջադեմ աշակերտներից մեկին, դա երիտասարդ և նորընծա Տեր-Անդրեասն էր, մի գործունյա, առաքինի և անձնվեր քահանա, որի հիշատակին, ահա, նվիրում ենք հետագա զրույցը։

Հովիվ քաջ գանձն յուր գնե ի վերա
ոչխարաց. իսկ որ վարձկանն է,
որ ոչ է հովիվ, որո ոչ յուր են ոչխարքն,
իբրև տեսանե զգայլն զի
գա, թողու զոչխարսն և փախչի
և գայլն հափշտակն զնոսա և ցրվե:

Ավետ. Հովհ.
Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Անդրեաս Երեց"

Ятук Музыка
Небо пасмурно
Комитас

Небо пасмурно

Груши, персики и кувшины
Груши, персики и кувшины
Играть онлайн