Левон Шант

Հին Աստվածներ

Երկրորդ արար - 2

ՔՈՂԱՎՈՐԸ – Իսկույն, դժվար գործ չէ: (Կմոտենա, կկենա փոսին գլուխը և կսկսի իր կիսերգը խորհրդավոր կանչող շարժումներով: Եվ վերեն կսկսի մշուշի նման բան մը իջնել վար դեպի փոսը վերջալույսի կարմիր ճառագայթներուն տակ, իջնող մշուշին մեջ աղոտ կնշմարվին կարծես դեմքեր, մարմնի մասեր, տերև, ծաղիկ, կայծեր գույներ):

Իջեք, իջեք երազներ, Իջեք զգույշ երազներ,

Շոյող անուշ երազներ,

Իջեք քնքուշ երազներ,

Ծաղիկ, կանաչ, թարմ հյուսեր,

Բախտի կարկաչ ու հույսեր,

Դող ու անցուկ ու կարոտ,

Ծածուկ արցունք վարանոտ,

Խելքի, մտքի հակասում,

Միշտ նոր կյանքի սպասում…

Իջեք, իջեք երազներ,

Իջեք զգույշ երազներ,

Շոյող անուշ երազներ,

Իջեք քնքուշ երազներ,

Գգվանք, ժպիտ, գույն ու բույր,

Աչեր վճիտ ու համբույր,

Իղձեր անվերջ, անմեկին,

Տագնապ ու տենչ մոլեգին,

Օրոր, գրգիռ ու հույզեր,

Սրտի թրթիռ, երգ ու սեր…

Իջեք, իջեք երազներ,

Իջեք զգույշ երազներ,

Շոյող անուշ երազներ,

Իջեք քնքուշ երազներ,

Աստղեր թովիչ, բոց ու կայծ,

Ցնորքներ վառ ու առկայծ,

Հավատ ուժի, մեծության,

Փառքի, կամքի գոյության,

Շռինդ, թնդյուն, հպարտանք,

Իմաստություն… բյուր պատրանք:

Իջեք, իջեք երազներ,

Իջեք զգույշ երազներ,

Շոյող անուշ երազներ,

Իջեք քնքուշ երազներ:

ՔՈՂԱՎՈՐԸ - Դե, եկուր ու ալ մի ըլլար տխուր:

ԱԲԵՂԱՆ – (Նայելով) Լեցավ: Կուզեի ոտքս դնեմ վրան

ՔՈՂԱՎՈՐԸ - Դիր:

ԱԲԵՂԱՆ – (Մեկ ոտքով կկենա փոսին վրա) Եվ ես կեցած եմ ունայնության փոսին վրա:

ՔՈՂԱՎՈՐԸ - Դուն կեցած ես հիմա երազներու վրա:

ԱԲԵՂԱՆ - Այո: Եվ փոսը լեցված է: (Հանկարծ ուրախ ետ կցատկե ու անզուսպ) Հեյ դուն, հեյ, Ճգնավոր, հեյ ունայնություն, փոսդ լեցված է: Իսկ դո՞ւն, քողարկիր հմայող, ո՞վ ես դուն:

ՔՈՂԱՎՈՐԸ - Ե՞ս, ես ալ երազ մը:

ԱԲԵՂԱՆ - Երա՞զ:

ՔՈՂԱՎՈՐԸ - Ես ան եմ, որուն սպասեր ես դուն տարիներ ու տարիներ առանց գիտնալու, որ կանչեր ես դուն խուցիդ մենության մեջ, երկար, երկար գիշերներ առանց բան մը արտասանելու, որուն պապակեր է քու երիտասարդ ծարավ սիրտդ անվերջ ու անվերջ առանց խոստովանելու: Ես ան եմ, առանց որուն անապատ մըն է կղզին և որուն ներկայությանը անապատին մեջ դրախտ կծաղկի: Ահա եկեր եմ ես քեզի:

ԱԲԵՂԱՆ – (Ոգևորված) Օրհնված ըլլա քու գալուստդ, քողավոր: Ըսե, ինչպես կանչեմ քեզի:

ՔՈՂԱՎՈՐԸ – Կանչե` ինչպես որ սիրտդ ուզե, իմ անուններս հաշիվ չունին: Դուն ծովը շատ սիրեցիր, կանչե Ծովիկ, եթե կուզես:

ԱԲԵՂԱՆ - (Երազկոտ) Այո, ծովուն խայտուն ալիքները այս ժայռերու ոտքին միշտ քեզմե են խոսեր ինծի:

ՔՈՂԱՎՈՐԸ - Եվ սյուքերը տերևներուն մեջեն, և հավքերը թփերուն տակ, և կարկաչը աղբյուրի շրթունքին, ամենը, ամենը, ամեն օր ու ամենուր ինծմե են խոսեր քեզի:

ԱԲԵՂԱՆ - Կուզեմ տեսնեմ քու երեսդ: Բաց:

ՔՈՂԱՎՈՐԸ - Աղեկ, եկուր, ինքդ բաց:

ԱԲԵՂԱՆ – (Վախով ու դողով) Ե՞ս:

ՔՈՂԱՎՈՐԸ - Եկուր բաց:

ԱԲԵՂԱՆ - (Դողդողալով կմոտենա և դողդոջուն ձեռքով կբռնե քողին ծայրը ու կքաշե: Քողը կիյնա աղջկան թևերուն: Կեցած է Սեդան` ճիշտ այնպես, ինչպես որ էր առաջին արարին մեջ: Աբեղան ետ-ետ կքաշվի հիացած ու խելագար) Սեդա…

ՔՈՂԱՎՈՐԸ – Ի՞նչ է, ահա ես:

ԱԲԵՂԱՆ - (Հետզհետե ավելի ու ավելի հափշտակված) Օ, դուն, դուն իմ էությանս հմայքը, դուն թագուհին իմ մտքերուս, դուն իմ սրտիս ծովը, դու փոթորիկը իմ հոգիիս: Արևուն հուրքն ես դուն, ծովերուն հույզքն ես դուն, բնության պարգևն ես դուն ինծի: (Կնետվի գետին) Թող, թող փաթթվիմ ոտքերուդ, թող համբուրեմ կոխած հողդ, համբուրեմ այդ ճերմակ հագուստիդ անարատ փեշերը… (Կուզե գալարվի անոր ոտքերուն, աղջկան կերպարանքը կմշուշոտվի ու կաներևութանա:

Զ

Խորքի ժայռերու մեջեն կերևան Ադամ ու Սիմոն վանականները, թևերներում մեյ-մեկ թաշկինակ` մեջը լիքը:

ՍԻՄՈՆ ՎԱՆԱԿԱՆ - Դժոխքի ճամփա է, դժոխքի ճամփա: Բռնե տեսնեմ ձեռքս:

ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ - (Օգնելով ընկերոջը, որ վերի ժայռեն վար իջնե) Նայե հայր Սիմոն, ան ի՞նչ բան է հոն, կարծես մարդ ըլլա գետինը ինկած:

ՍԻՄՈՆ ՎԱՆԱԿԱՆ - (Խաչ կհանե երեսը) Հանուն Հիսուս Քրիստոսի: Մա՞րդ, այսքան հեռունե՞րը, դժբախտություն մը պատահած չըլլա՞: (Կիջնե ժայռերեն և երկուքով զգույշ կմոտենան):

ԱԲԵՂԱՆ - (Անոնց ոտքի ձայնեն կբարձրացնե գլուխը ու ապշած կնայի առջևը) Գնաց… (Կնայի շուրջը, կես մը կելլե ու կնստի):

ՍԻՄՈՆ ՎԱՆԱԿԱՆ - Ախ դուն ես, Աբեղա: Կաղոթեի՞ր, ինչո՞ւ այսքան հեռուները:

ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ – Վախցանք:

ԱԲԵՂԱՆ - (Կելլե ոտքի, կնայի անոնց ցրված արտահայ-տությամբ և հանկարծ ուշադիր կսկսի գետինը բան մը փնտրելու):

ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ – Ի՞նչ կորոնես, Աբեղա:

ԱԲԵՂԱՆ – Ո՞ւր է, ճիշտ հոս պիտի ըլլար: Ո՞ւր է փոսը, ո՞ւր է այն փոսը:

ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ – Ի՞նչ փոս, Աբեղա:

ԱԲԵՂԱՆ – Հա, իրավ, մոռցա, չէ՞ որ լեցուց:

ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ – Լեցո՞ւց, ի՞նչը, ո՞վ:

ԱԲԵՂԱՆ - Ան… անիկա, երազը:

ՍԻՄՈՆ ՎԱՆԱԿԱՆ – (Ժպտուն) Ախ, երազ ես տեսեր: Քունդ տարեր էր, հա՞:

ԱԲԵՂԱՆ - Երա՞զ… (Հանկարծ վրա կնետվի Սիմոն վանականին, շոշափելով անոր մարմինը, պինդ-պինդ թափ տալով անոր թևը) Իսկ դո՞ւն… իսկ դո՞ւն… իսկ դո՞ւն…

ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ - (Ետ-ետ քաշվելով) Տեր Հիսուս Քրիստոս, դուն խափանես չարը:

ԱԲԵՂԱՆ – Իսկ ասիկա՞, իսկ ե՞ս, իսկ այս վա՞նքը, այս անապատը… Ինչպե՞ս իմանամ ո՞րն է քուն, ո՞րն է արթուն, ան, հոն, անոնք, թե՞, հոս, դուք, ես…

ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ – Սթափվե, Աբեղա, սթափվե: Ի՞նչ երազ, ի՞նչ բան, այ անիկա Սիմոն հայր սուրբը, ասիակ ալ ես` մողավոր ծառաս: Կղզիի գագաթն էինք, իջանք սունկ հավաքելու, քարե-քար, ժայռե-ժայռ հեռացանք մինչև հոս, այս կողմերը սքանչելի սունկեր կան, ամբողջ թաշկինակ մը ժողովեր եմ, նայե, հրաշալի սնակե-սպաս պիտի ըլլա:

ԱԲԵՂԱՆ – (Հանկարծ) Իսկ եթե դո՞ւ ինքդ սունկ մըն ես միայն, հրաշալի սունկ մը բուսած ժայռի մը ստվերին, և քունիդ մեջ կերազես միայն, իբրև թե վանական մըն ես ու ու եկել ես սունկ հավաքելո՞ւ:

ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ - Խելքի եկուր, Աբեղա, ինչեր կխոսիս:

ԱԲԵՂԱՆ - (Շարունակելով) Կամ գուցե այն ժայռի ստվերն ես դուն, քարի կտորի մը ստվերը, որ ինկեր ես հոս ու կերազես, թե մեղքերուդ հաղթած սուրբ մըն ես դուն: Ո՞րն է երազը, ո՞րը արթուն, ըսե, եթե գիտես, և ի՞նչ բան է ինքը երազը:

ՍԻՄՈՆ ՎԱՆԱԿԱՆ - (Վախցած ու խոսքը փոխելու ջանքով) Երթանք: Երթանք, Աբեղա, ուշ է արդեն: Դժոխքի ճամփաներ են, նայե, կատարյալ սատանայի սանդուղ:

ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ - Երթանք, որ հասնենք իրիկվան հացին: Հսկում ունինք այս գիշեր:

ԱԲԵՂԱՆ - (Համակերպած) Երթանք: Ուտենք սունկե-սպասը ու կենանք հսկումի: Երազ մըն ալ ատիկա, բայց երկար, երկար երազ մը, չէ՞, հայր սուրբ:

ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ – Չգիտեմ, Աբեղա, ինչ ըսել կուզես:

Ե Ր Ր Ո Ր Դ ՏԵՍԱՐԱՆ

Միջնադարյան դահլիճ մը սյունազարդ ու ընդարձակ

Աջ կողմը խոր նիշ մը նեղ ու երկար լուսամուտներով: Նիշի առջևը փայտե բազկաթոռ-վրան բարձ, ոտքին տակը բարձ: Քովը ցած ու փոքրիկ կլոր սեղան մը, վրան մեկ-երկու կանացի իրեր և գեղեցիկ ձեռագիր գիրք մը: Ձախ կողմը երկար դիվան, ամեն կողմ գորգեր: Ճակատը սյուներ են, որոնք դահլիճը կբաժանեն խորքի սրահեն, սյուներուն մեջ մութ գույնի վարագույրներ: Անդորր, մեղմ ու ախորժելի:

Ա

Իշխանուհին նստած է բազկաթոռին, ձեռքը սեղանին ու կխոսի: Դեռ չթոռմած գեղեցկություն, թեթև մը ճերմակած մազեր, սգավոր տիկնոջ արտաքին, պարզ ու ընտիր:

Քիչ մը քովնդի ու ետևոք նստած է գետինը, գորգի վրա, Դայակը, որ ժիր ու դյուրաթեք, ալևոր ու սևազգեստ պառավ մըն է:

Իշխանուհիին դեմը գլխաբաց կեցած է Գործավարը, ձեռքին ոլորած մագաղաթներ:

ԳՈՐԾԱՎԱՐԸ - Այո, իշխանուհին եթե կհաճի:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ - Աղեկ, ինչպես գիտես, համաձայն եմ:

ԳՈՐԾԱՎԱՐԸ – Իսկ Սեպաուհի՞ն:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Տղո՞ւս, կկարգադրեմ:

ԳՈՐԾԱՎԱՐԸ – Լավ: Իշխանուհին ուրիշ հրաման ունի՞:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ - Ոչ: Բարևներս բոլորին: Իսկ Աննան թող ինքզինքը աղեկ նայի, իր այդպես թույլ կազմովը: Կըսես` մայրդ շատ խիստ է դժգոհ:

ԳՈՐԾԱՎԱՐԸ – Իշխանուհին պետք չէ որ թողներ մեզի, իր բացակայությունը շատ է զգալի ապարանքին մեջ:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ - Է, ապարանքը կդառնա և առանց ինծի: Այդ տարիքին մեջ մոր կարիքը չնչին է: Ես հասցուցեր, պսակեր, կատարեր եմ իմ պարտքս: Աշխարհին տվեր եմ իմ հարկս, հիմա քիչ մըն ալ իմ հանգիստս ու իմ հոգիս:

ՊԱՌԱՎԸ – (Գործավարին) Թող, դուն ալ, քու ապարանքդ ալ: Տիրուհիս նահատակ մըն է եղեր իր ամբողջ կյանքը, հիմա կուզես, որ նորեն գար ու իյնար կյանքի անիվին տակ: Ոչ, ալ հերիք է, հանգիստ է պետք և մեզի, գոնե մեր օրերուն վերջին: Նայե, այս անդորր ու լռիկ մենարանը, ոչ մեկ արքունիքի հետ չեմ փոխեր:

ԳՈՐԾԱՎԱՐԸ – Ճիշտ է, սիրուն տեղ է Ցամաքաբերդը, սիրուն ու հանգիստ, Սևանի լիճը, դեմի կղզին:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ - Եվ վերջապես կուզեմ մոտիկ ըլլամ իմ եկեղեցիիս, որ կնշվի, տես, աչքիս տակը:

ԳՈՐԾԱՎԱՐԸ - Գիտեմ իշխանուհիին բարեպաշտությունը, գիտեմ անոր գթոտ սիրտն ու առատաձեռնությունը: Հոս ամեն քայլին անոր ողորմածութենեն կխոսին ու կարեկցությունեն: Բարերարվածները անչափ, գիտեմ: Իզուր չէ անշուշտ, որ սրբուհի կկանչեն:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – (Ժպտուն) Իրա՞վ: Թող կանչեն, անունը ոչինչ չի փոխեր: Բան մը պիտի ընեի՞, թե չէ, այս մենավոր խուլ անկյունը:

ՊԱՌԱՎԸ – Մանավանդ տիրուհիիս պես անվերջ հոգատարության ու խնամելու սովոր սրտի մը համար:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Կին ըլլալը` հոգ ըսել է, Եղիսա, իսկ մայրը` խնամք:

ԳՈՐԾԱՎԱՐԸ – Հրաման կուտա՞ իշխանուհին, որ մեկնիմ:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ե՞րբ կուզես` ճամփա իյնաս:

ԳՈՐԾԱՎԱՐԸ - Այսպես, ժամե մը:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ - Աղեկ, Աստված հետդ:

ԳՈՐԾԱՎԱՐԸ – Առողջ մնա իշխանուհին: (Կծռի, կհամբուրե խոնարհ անոր ձեռքը ու մեջի վարագույրներեն կելլե դուրս):

Բ

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ - (Քիչ մը լուռ, և ետքը հառաչանքով) է, կյանքը որքան քիչ բան ունի մեզ տալու:

ՊԱՌԱՎԸ – Մի տրտնջար, քիչ ունի թե շատ, ինչ որ ունի քեզի տվեր է:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ - Այդպես կմտածես և դո՞ւն:

ՊԱՌԱՎԸ – Ճշմարտությունը ատ է:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ - Այն ատեն շատ խղճուկ ու աղքատիկ է ինքը կյանքը:

ՊԱՌԱՎԸ - Գուցե:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ - Ախ, ինչպես տխուր է այսօր սիրտս:

ՊԱՌԱՎԸ – Ամպոտ է օրը:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ -Ամպոտ է դուրսը, անձրև է ու թուխպ հոգիիս մեջ: Բեր ինծի ավետարանս:

ՊԱՌԱՎԸ – (Ոտքի կելլե ու քիչ մը որոնելեն ետքը) Հոդ է, թևիդ տակը:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ - (Վերցնելով ու բանալով) Հա, մոռցեր էի:

Գ

ՆԱԺԻՇՏ ՄԸ - (Սևազգեստ կին մըն է, որ վարագույրը ետ ընելով կխոսի խոնարհ) Վանահայր հայր սուրբն է, կուզե տեսնե իշխանուհին:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Հայր սո՞ւրբը:

ՆԱԺԻՇՏԸ - Այո, իշխանուհի: Ի՞նչ կհրամայե իշխանուհին:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Հոս առաջնորդե: (Գիրքը ձեռքեն կդնե վար):

ՆԱԺԻՇՏԸ - (Դուրս)

ՊԱՌԱՎԸ – Այ, աղեկ եղավ, սիրտդ քիչ մը կբացվի: Դուն միշտ ուրախ ես, երբ քեզի քու եկեղեցիեդ կխոսին:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Բաց վարագույրը:

Դ

Պառավը ետ կընե սյուներուն միջի վարագույրը և բռնած ալ կմնա պատկառանքով: Կմտնե Վանահայրը ու շիտակ դեպի Իշխանուհին, որ ոտքի կելլե:

ՎԱՆԱՀԱՅՐԸ–Աստծու օրհնությունը քու վրադ, իշխանուհի:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Եվ քու, հայր սուրբ: Ի՞նչ լուրեր վանքեն:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Աղոթք և օրհնություն:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ոչ, եկեղեցին:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Օր-օրի կլրանա ու կդառնա տուն աղոթքի ու ներքնասույզ խոհանքի:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ի՞նչպես եղավ աջակողյան նիշը:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Այնպես, ինչպես որոշեցինք անցած օր:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ուրեմն երկու սյուներուն ետևը, ուրույն կամարով:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Այո: Ոչ: Ինչպե՞ս թե սյուներուն ետևը: Սյուներուն կողքը:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Սյուներուն ետևը: Չէ որ… սյունը այսպես…Եղիսա, հատակագիծը տաս:

ՊԱՌԱՎԸ – (Որ քիչ մը հոռուն կեցած էր ձեռքերը կրծքին պատկառանքով, կերթա պատի պահարանեն կբերե ոլորած մագաղաթ մը ):

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – (Փռելով մագաղաթն իր փոքրիկ սեղանի վրա) Նստե հայր սուրբ: Այ, նայե:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Աս քեզի սյուները, աս ալ կողքը:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Իրավ է: Ինչ կնշանակե, որ այդ կտորը իրականին վրա դեռ չեմ տեսած: Երևակայելը երբեք ան չէ, չնայելով` ինչքան, ինչքան նայեր եմ այս հատակագծին վրա: Գիտե՞ս, հաճախ ամբողջ գիշերներով այդ շենքի մասին կմտմտամ, բոլոր անկյունները, բոլոր մանրամասնությունները, ամեն մեկ քարը: Այնպես բոլորը մոտ է սրտիս, այնպես կապված է հոգիիս, կարծես ամեն մեկ քարը ես եմ դրեր, ես եմ շիներ:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Կատակով) Այո իշխանուհի, ես կկարծեի, թե շինողը ես եմ, արդյունքը եղավ` որ դուն շինեցիր:

ՊԱՌԱՎԸ – Ճշմարիտ է, Մարիմա Աստվածածնի այդ տաճարը իմ Մարիամ իշխանուհիիս ձեռքի գործն է:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Մտածկոտ) Այո, դուն շինեցիր, իշխանուհի:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ոչ հայր սուրբ, ես չշինեցի այդ եկեղեցին, մենք, ես ու դուն: Միասին ենք խորհեր, միասին ենք ոգևորվեր, միասին ենք կազմեր ու միասին ալ կերպարանավորեր: Եվ այնպես հյուսված է եղեր այդ բոլորը իրարու, որ այժմ բնավ չգիտեմ` ո՞րն է որ ինծմե է ծներ և որ քեզմե: Կհիշե՞ս, հայր սուրբ, մեր այն միասին խորհումներուն ժամերը:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Կհիշեմ, իշխանուհի, բախտավոր բան է կառուցելը, մանավանդ տաճար մը, ուր քո Աստվածդ է բնակելու:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Աղվոր ըսիր: (Երազկոտ) Կյանքիս ամենեն քաղցր վայրկյաններն են եղած, երբ մենք միասին այս նույն սեղանին երկու կողմը նստած` մեր երևակայության մեջ ստեղծեր, կառուցեր ենք այդ շենքը:

ՊԱՌԱՎԸ - Եվ որու ճակտին քանդակվելու է քու անունդ, դարե-դար պատմելու բոլորին քու բարեպաշտությունդ ու աստվածասիրությունդ:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Թող մոր ու դայակի քու այդ սնափառությունդ, Եղիսա, ձգե մեզի առանձին ու մի խանգարեր:

ՊԱՌԱՎԸ – (Քրթմնջելով դուրս):

Ե

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Այո, կյանքիս ամենաքաղցր վայրկյանները, չեմ քաշվիր կրկնելու, ինչ որ ճշմարիտ է, չեմ ուզեր քաշվիլ: Ինչո՞ւ աչքդ կձգես, ոչ, պետք չէ որ գետին ձգես: Ես ամբողջ կյանքս շիտակ եմ նայեր ամենուն երեսին և կուզեմ, որ ամենքն ալ, որոնց համար սրտիս խորքը հարգանք ունիմ, շիտակ նային իմ երեսին:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Չեմ հասկնար ինչ կխոսի իշխանուհին: Ես պատճառ չունիմ ոչ մեկուն առջևը աչքերս գետին ձգելու:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Բայց ճշմարտությունն ան է, որ ես ու դուն կվախնանք իրարու աչքի մեջ խոր ու շիտակ նայելու:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Իշխանուհի:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Թող, թող, մինչև ե՞րբ: Ալ լցվեր է բաժակը: Ինծի համար սաստիկ ծանր է ատիկա ու վիրավորիչ: Ինչո՞ւ, ի՞նչ հանցանք ենք գործեր:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Ոտքի ելլելով) Իշխանուհին թող ինծի ներե, պետք է մեկնիմ:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ոչ, ոչ, հայր սուրբ, մի փախչիր, և ի՞նչ օգուտ փախուստը, դուն քու հոգիեդ չես կրնար փախչիլ: Նստե, նստե, պետք է, որ խոսիմ: Ամբողջ տարի մըն է, որ ես հոս եմ, ամբողջ տարի մըն է շրթունքիս է այդ հարցը և որ շարունակ վախցեր եմ տալու, իսկ այդ վախը խոր կվիրավորե իմ արժանապատվությունս, կարծես երկու մեղավոր ըլանք դեմ-դեմի կեցած, որոնք ստիպված են ամոթով իրենց հոգին ծածկելու:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ես չեմ հասկնար ինչ ըսել կուզե իշխանուհին:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Չէս հասկնար…

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ըսածներեդ չհասկացա ես ոչինչ:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ոչի՞նչ, Հովհաննես:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Խայթվածի նման կցնցվի) Իշխանուհի…(Ու ծանր կելլե ոտքի)

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – (Նունպես ոտքի ելլելով) Մի՞տքդ է արքունի ամառանոցը, մեր փոքրիկ ավազանի եզերքին, վերջալույսի այն իրիկունը, ասկե ուղիղ քսանհինգ տարի առաջ:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Եվ այդ քսանհինգ տարիներուն ետևեն դեռ կհիշե իշխանուհին այն քանի մը հասարակ խոսքերը, որ փոխանակեր ենք հոն իրարու հետ:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Հիշեր եմ ես միշտ:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Երախտապարտ եմ, իշխանուհի: Մեծ պատիվ մը, որ ես բնավ չեմ հանդգնած երևակայելու: (Քիչ մը լուռ, վերջը հետզհետե գլուխը բարձրացնելով) Միայն… միայն այն Հովհաննեսը, որուն անունը այդքան զարմանալի կերպով դեռ չէ մոռցեր իշխանուհին, այն Հովհաննեսը, ան մեռած է վաղուց: Իսկ հիմա հոս կեցած է վանական մը, գրեթե ծերունի մը, հեռու արքունիքեն ու ամենքեն, որ եկեր է քեզի հետ կառուցվող շենքի ծախքերու մասին խոսելու:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Հովհաննեսը մեռած է գուցե քեզի համար, չգիտեմ, բայց ոչ ինծի: Ան միշտ կենդանի է եղեր հոգիիս մեջ և կենդանի ալ կմնա: Անոր պատկերն է, վանահայր, միակ պայծառ կետը իմ ամբողջ կյանքիս մեջ:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Բայց ատ ըսողը կին մըն է, որ ամուսին է ունեցեր:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – (Տեսակ մը ընդհատելով) Եվ խիստ արժանավոր ամուսին մը, որ ես միշտ հարգեր եմ խորապես: Եվ խորապես ալ տանջվեր, որ հարգանքե տարբեր բան մը անոր տալու անկարող եմ եղեր:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Բայց ատ ըսողը կին մըն է, որ զավակներ է ունեցեր:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – (Խիստ) Ես կատարեր եմ պարտքս: Եվ շատ ծանր է եղեր սրտիս, որ պարտավորությունես ավելի ոչինչ չեմ կրցեր տալ զավակներուս: Ունեցեր եմ ամեն ինչ և ամեն ունեցածս տվեր եմ իմ հարազատներուս, բայց բախտավո - րություն ոչ մեկուն չեմ տվեր և ոչ մեկեն ալ չեմ ստացեր:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Կեցած է լուռ և ունքերը կիտած):

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Լսե, պետք է ըսեմ բոլորը, որ մեր մեջեն վերնա այս անախորժ լարումը մեկանգամ ընդմիշտ: Նայե, ես պառավ կին մըն եմ, և դուն ինքդ ըսիր քիչ մը առաջ, որ ծերունի ես արդեն, վախնալու ոչինչ չունինք, քաշվելու ալ ոչինչ չունինք, քանի որ մաքուր է մեր խիղճը: Այս քողարկումը, զգացումներու այս խեղաթյուրումը վայել չէ մեր դեմքին, ոչ քու և ոչ ալ իմ: Լսե, ինչ որ շրթունքս երբեք չէր արտասաներ և ինչ որ սակայն լեցուցեր է իմ ամբողջ էությունս: Իմ կյանքի գորշ երկնքին դուն ես եղեր ինծի համար լույսի աստղը, ապրելու իմաստը, առանց այդ լույսին, առանց այդ մխիթարության, ես չգիտեմ, ինչո՞ւ էի ապրելու:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Ձեռքովը ճակատը սեղմած) Հերիք է, հերիք է…

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Քո պատկերդ է եղեր իմ դեմս մենությանս վայրկյաններուն: Ինքս ալ աղեկ մը չգիտեմ` այն ջերմ աղոթքները, որ սրտես դուրս են հորդեր, ավելի Խաչյալի նկարի՞ն են ուղղված եղեր, թե՞ քու պատկերիդ: Իրավ է, ես պաշտեր եմ քու պատկեիդ իմ Աստծուս հետ միասին:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Եվ չե՞ս վախցեր Աստուծմե:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Աստվա՞ծ: (Բարձրացնելով սեղանեն ավետարանը) Աստված սեր է վարդապետ:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Մտածկոտ գլուխը շարժելով) Այդպես… (Հանկարծ) Իսկ հիմա:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Հիմա: Հիմա ալ, տես, այս լուսամուտը, որ քու կղզիիդ կնայի ու քու լուսամուտիդ, այն քու փոքրիկ լուսամուտիդ, ուր մինչև կեսգիշեր անմար է ճրագը: Դուն երեևի կկարդաս ու կաղոթես, ես ալ հոսկե կաշխատեմ քու մտքերդ կարդամ ու քու աղոթքներդ: Միթե այդ բոլորը հոգիդ չէ՞ր գիտեր:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Կտրուկ) Ոչ, բնավ:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Իրա՞վ: Մի՞թե քու հոգիդ նույնպես լիքը չէ եղեր ինծմով, ինչպես իմ հոգիս քեզմով:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Լուռ է):

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Պատասխան տուր, ուրախ չէի՞ր, միթե հոգիդ ուրախ չէր, երբ հոս այս մենության մեջ դեմ-դեմի նստած կխոսեինք ժամերով ու կծրագրեինք: Պատասխան տուր:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Անհանգիստ): Չգիտեմ, ես ոչինչ չգիտեմ:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Չգիտես, ես գիտեմ, միշտ ալ վստահ գիտցեր եմ, որ կապրեմ միշտ քու հոգիիդ մեջ, թեև տարիներու այս երկար շարքին մեջ հազիվ ութը-տասը անգամ պատահած ըլլանք իրարու մինչև հոս գալս և շատ ավելի նվազ մեկ-երկու խոսք փոխանակած ըլլանք իրարու, միշտ տափակ, միշտ անգույն ու միշտ կողմնակի բառեր: Ըսե, ճիշտ չէ՞, ինչ որ կըսեմ:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Թող, իշխանուհի, հին, անցած-գնացած օրեր, ի՞նչ իմաստ քրքրելը:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Հայր սուրբ, եղիր շիտակ ու պատասխան տուր: Այսօր պետք է մաքրվին մեր հին հաշիվները:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ի՞նչ կուզիս, կին, ի՞նչ կուզես դուն ինծմե: Ամբողջ կյանքիս կեսը տառապանք տվիր ինծի, տառապանք ու դառնություն, ջարդեցիր կյանքս, խորտակեցիր երիտասար -դությունս, հիմա ալ մոխի՞րը քրքրել կուզես:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Իմ խեղճ Հովհաննես…

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Արդեն կյանքը տառապանքե զատ ի՞նչ է տվեր ինծի… և քեզմե առաջ, և քեզմե ետքը:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ախ, ես զգացեր էի…

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Վերջ տանք: Ի՞նչ միտք ունի այդ հին ու մարած մոխիրը խառնելը:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Մարա՞ծ…մոխի՞ր…

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Այո, այդ անողոք հուշերն ալ մյուս բոլոր աշխարհային ցավերուս հետ սրտես դուրս քամեցի այն օրը, երբ վրաս առի այս վերարկուն:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Սրտեդ դուրս քամեցիր…

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Այո, երբ մարեցան բոլոր աշխարհիկ կայծերը:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ոչ, չմարեցան այդ կայծերը:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Իշխանուհի:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ոչ, կըսեմ քեզի, չմարեցան այդ կայծերը: Աշխատեցար, որ մարես, աշխատեցար, որ խաբես քեզի, օրոր ըսիր հոգիիդ ու համոզեցիր քեզի, թե մարեր ես, բայց չմարեցիր, չէիր կրնար:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Խիստ) Իշխանուհի:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – (Ցած ձայնով) Եթե մարեցիր, հապա ի՞նչ է այս եկեղեցին, հապա ի՞նչ է այս մեր եկեղեցին:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Սարսափած ետ քաշվելով) Լռե, լռե, իշխանուհի:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ճշմարտությունը, վարդապետ: Մենք այդ եկեղեցին չենք շինած քու բարձրյալ Աստծուդ համար, ինչպես որ միշտ կրկներ ես, մի խաբեր քեզի, այդ եկեղեցին շիներ ենք մենք մեզի համար, մեր սիրու Աստծուն համար:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Խորտակված) Մարիամ…

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Այո, այդ քու եկեղեցիդ նվիրված է ոչ թե Մարիամ Աստվածածնին, ան նվիրված է քու Մարիամ իշխանու – հիիդ: Ըսե, ճիշտ չէ՞:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Կեցած է լուռ գլխահակ):

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ըսե, ճիշտ չէ՞:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Լուռ է ու գլխահակ):

Զ

Անկյունը հանկարծ կերևա Ճերմակավորը:

ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ – Ըսե, ճիշտ չէ՞:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Կցնցվի, կուղղվի ու հայացքը Ճերմակավորին հառած կքարանա):


ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ի՞նչ եղավ քեզի:

ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ –Ըսե, որո՞ւն է նվիրված այն եկեղեցին, այն քու նոր շինած եկեղեցին:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Լուռ է):

ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ – Ըսե, պետք է որ ըսես, պետք է խոստովանիս:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Խորտակված): Այո: Ճիշտ է: Այդ…եկեղեցին նվիրված է հին աստվածներուն:

ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ – Իմ աստվածներունս:


ՎԱՆԱՀԱՅՐԸ – Քու աստվածներուդ:

ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ – (Կաներևութանա):

Է ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ճիշտ է: Ես ողորմելի ու մեծամիտ մարդ մըն եմ, գոցեր եմ աչքերս ու կկարծեմ, թե կթռչիմ, պարզեր եմ թևերս գոռոզ վեր ու կարծեր եմ, թե հասա երկնքին:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Մի խոսիր այդպես: Մեր սրտերուն այդ կապը, մեր այդ ամբողջ սերը եղեր է սուրբ, ջերմ ու ազնիվ, ինչպես ջերմեռանդ աղոթքի մը մրմունջ, ինչպես ընտիր կնդրուկին բույրը, որ դեպի երկինք կմխա:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Աչքերը միշտ հառած դեպի Ճերմակավորին երևացած կողմը) Ոչ, ոչ: Ճշմարիտ է այս բոլորը, բայց դեռ մի հաղթանակիր, կանուխ է դեռ, դեռ կտեսնվինք… (Ու արագ դուրս առանց իշխանուհիին կողմը նայելու):

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – (Շվար ու վախով) Հովհաննես, Հովհաննես, հայր սուրբ (Թուլացած կիյնա իր աթոռին):

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Հին Աստվածներ"

Ятук Музыка
Aл Айлуг
Комитас

Aл Айлуг

Вид на озеро Севан, 1869 г.
Вид на озеро Севан, 1869 г.
Играть онлайн