Хачик Даштенс
Ֆայտոն Ալեքը
2
Հազար ինը հարյուր տասներեք թիվն էր,
Երկինքը կապույտ, օրը կիրակի,
Ալեքը վաղուց Մեղրագետն անցած
Բասենի դաշտով գալիս էր Գյումրի:
Մի մեծահարուստ վաճառականի
Ուխտի էր տարել Առաքելոց վանք,
Գիշերը քնել էր Խնուսա բերդում,
Ձիերը կապած Խամուր լեռան տակ:
Նա անցավ Կարսը: Գյումրուն չհասած`
Մի սև բան հանկարծ սուրաց իր մոտով,
Ձիերը խրտնած ծառս եղան օդում
Ու կառքը փախցրին զիլ խրխնջալով:
Առաջին անգամ իր ամբողջ կյանքում
Ալեքի կառքը շեղվեց իր ճամփից,
«էս ի՛նչըղ չարխ է ֆայտոնի նման,
Ոչ ձի կա լծած, ոչ մարդ կա կուզին»:
Նրա աչքի դեմ ասես շուռ եկավ
Հսկա Յոթ-վերքը՝ ամենազորը,
Գմբեթը կարծես Բոշի թաղն ընկավ,
Զանգակը թռավ Չերքեզի ձորը:
Հին շուկայի մոտ մի միկիտան կար,
Ուր մինչև գիշեր դափ էին զարկում:
Վրան գրած էր՝ «Ճաշարան Սամսոն»
Եվ հռչակված էր ամբողջ Շիրակում:
Այդտեղ էին երգում մեծ գուսանները՝
Ջիվանի, Ֆարհատ, Շերամ, Ջամալու,
Ով որ հաղթվում էր, հանձնում էր սազը
Եվ դուրս էր գալիս ֆայտոն կանչելու:
Կողքին՝ Բիրժան էր։ Շատ կառապաններ
Քնում էին այնտեղ մինչև առավոտ:
Մյուս օրը մութին, իր մտրակն առած,
Ալեքը մտավ ընկերների մոտ:
Կառապանները Բիրժայում տաք-տաք
Վիճում էին ձիերի հաշվառման մասին,
Բարևեց նրանց, մտավ միկիտան՝
Խալաթը անփույթ նետած ձախ ուսին:
Բաբիենց Հայկը մի բարձի թիկնած,
Դանդաղ ծխում էր բեղը խանձելով,
Երկու կառապան անկյունը քաշված
Սուրճ էին խմում ֆռֆռացնելով:
Մեկը նրանցից Կնութ Վարդանն էր,
Մտրակը կախած կիսամութ պատից,
Նա ծեգին պետք է Արմավիր գնար,
Ձմերուկ բերեր Սարդարաբադից:
Մյուսը Արշոն էր, խաժակ աչքերով,
Անկարգ մազերը ճակատին թափած,
Գավաթն հազիվ էր ձեռքի մեջ պահում,
Մի քիչ քնատ էր ու մի քիչ հարբած:
Կռունկը նոր էր ձիերն արձակել,
Հասել էր այդ օր մինչև Վրաստան,
Ճերմակ Համոյին տարել էր Բորժոմ,
Եվ վերադարձել նորից Հայաստան:
Ճամփին կռվել էր նա Ծիտրոյի հետ.
Օ՜, այդ հին լոթին։ Սա կամեցել էր
Մի խոճկոր դնել գյումրեցու կառքը,
Վերջինս թքել ու հեռացել էր:
Տեսե՞լ եք, տղեք, ֆայտոն առանց ձի,
Ասաց Ալեքը նստելով հազիվ:
Խե՞լռել ես, օղուլ, ամենքն ասացին,
Ֆայտոնեն չափուկ ի՞նչը կվազե:
Քեզի գոմեշ է ռաստ եկել ճամփին
Կամ գեշ երազ ես տեսել էս գիշեր:
Ու հռհռացին կառապանները,
Իրար պատմելով զանազան հուշեր:
Երազ չէ, տղե՛ք, թե սուտ կխոսիմ,
Թող սուրբ Յոթ-վերքը իմ լուսը բռնի,
Ֆայտոնի մահը էսօր-էգվան է,
Ֆայտոնը մեռավ՝ Գյումրին կմեռնի:
Ֆայտոնը, օղուլ, պապից պապ կերթա,
Շտկվեց Հայկը, խնդրելով գինի:
Ֆայտոնի մահը էն վախտը կուգա,
Երբ աշխըրքի մեջ գետինը պրծնի:
Երբ որ կործանվի Փրկչի գմբեթը,
Ուստա Անտիկի շինած տաճարը,
Օղորմի՜ իրան, միշտ Անի կերթար,
Կաշեր, ետ կուգար՝ կշարեր քարը:
Գյումրու կենացը։ Ես Գյումրի բերի
Առաջին կառքը շալակիս դրած,
Չտեսնեմ մեկիդ ֆայտոնը դատարկ,
Մեռնելիս՝ մեռեք ձեր թառքի վրա:
Ասաց Բաբիենց Հայկը և ըմպեց,
Ընկերները լուռ նրան նայեցին,
Խմեց, դուրս եկավ և կառքին հենված
Ծխեց ու նայեց սառն Արագածին:
Այդ գիշեր բոլոր կառապանները
Ցրվեցին տներ խռոված հոգով,
Մտրակն ու կապեն գլխի տակ դրած
Ալեքը ծածկեց իրեն վերմակով:
Քնեց Ալեքը և տեսավ ամբողջ
Շիրակը լցված բյուր ավտոներով,
Վազում են, սուլում հևասպառ, արագ,
Գյումրին ծածկելով ծխով ու նավթով:
Ահա բակ մտան տասնհինգ ավտո
Ո՞ւր է գյումրեցի վերջին ֆայտոնչին,
Ո՞ւր է Ալեքը, գոոում են նրանք,
Թէ՛զ Էրեք, բռնե՛ք, չթողնե՛ք փախչի:
Ալեքը կառքով թռչում է բակից,
Ձիերը խրտնած ճախրում են եթեր,
Զանգուլակներր թափվում են ներքև
Ինչպես արցունքի փշրված շիթեր:
Իր կառքը դիպավ Փրկչի գմբեթին
Ու թռավ ընկավ Գեղացոց թաղը,
Այնտեղ նա տեսավ Համբալ Մկոյին,
Ալեքը կանչեց. «Օղուլ, դու սա՞ղ ես»:
Հինգ հարյուր ավտո, ետևից րնկած,
Քշեցին նրան մինչև Արագած,
Ո՞ւր երթամ հիմի, ասաց Ալեքը:
Բուքը ոռնում էր՝ սարերը գրկած:
Մտրակեց ուժգին ձիերի մեջքին
Եվ զառիթափով լեռը բարձրացավ,
Մի վերջին անգամ նայեց քաղաքին
Ու իր կառքի հետ անդունդ սլացավ:
Ա՜խ, մեռա՜, մեռա՜, գոչեց Ալեքը,
Եվ սարսափահար վեր թռավ քնից,
Օ՜, ինչ երազ էր: Մտրակը առած՝
Գժվածի նման դուրս եկավ տնից:
Բիրժա չհասած՝ լսեց նա մի կանչ.
Ալե՜ք, Բաբիենց Հայկը մահացավ:
Ալեքը վշտից այնպես կարկամեց,
Ասես աչքի դեմ Գյումրին քարացավ: