Гурген Махари

Ծաղկած փշալարեր

5

Ճամբարային ընտանիք կազմելու գործում Մամոն առաջիններից չէր։ Երբ կանանց էտապը բնավորվեց կանանց գոտու այժմ արդեն առաջին և երկրորդ բարաքներում, մի կարճ ժամանակ անց նրանք կամաց֊կամաց իրենք իրենց գտան։ Կին բրիգադիրներն ու օրապահներն սկսեցին հոգ տանել իրենց արտաքինին, երբ գալիս էին տղամարդկանց գոտին հաց, նախաճաշ, ընթրիք ստանալու կամ երբ բոլորը տասնօրյակում մի անգամ լողանալու համար մտնում էին ադամական դրախտը։ Տեղ հասնելուց հետո նրանք նամակներ գրեցին իրենց հարազատներին և ծանրոցներ խնդրեցին։ Երջանիկները միայն ստացան պատասխան նամակ կամ ծանրոց։ Մեծ մասի հարազատներն, ըստ երևույթին, ընկել էին գերմանացիների տիրապետության տակ։

Գլխավոր բժիշկ՝ նույն ինքը կալանավոր Սոլոմոն Գավրիլովիչ Տրախտենբրոտն առաջինն էր, որ սիրային կապ հաստատեց Ժոզեֆինա Էռնեստովնա Վիտկովսկայայի հետ։ Առաջին իսկ օրից ճամբարային վարչությունը գործն այնպես դրեց, որ կալանավորների և կալանավորուհիների միջև որևէ կապ բացառվի։ Օրինազանցներին սպառնում էր խիստ պատիժ, մինչև աքսոր, տուգանային դաժան ճամբարները։ Այդ օրենքը տարածվում էր բոլոր կալանավորների՝ Մամոյից մինչև գլխավոր բժկի վրա․ հաց կտրողի, շեֆ֊խոհարարի, կարգադրիչի ու կոմենդանտի, մի խոսքով, շարքային կալանավորներից մինչև ճամբարային ազնվականների վրա։

Կեցությունը ոչ միայն որոշում է գիտակցությունը, այլև մարդկանց վարքն ու բարքը։ Շարքային կալանավորների մտքով անգամ չէր անցնում, այսպես ասած, հանցավոր կապեր ստեղծել կալանավորուհիների հետ։ Կալանավորը, որն ապրում է իր օրաբաժնով, զուրկ է ուղղակի կամ անուղղակի լրացուցիչ միջոցներից, լծված է ընդհանուր, ծանր աշխատանքների, նրա համար կինն այն էր, ինչ աշխատող չարքաշ եզի համար Չայկովսկու Երրորդ սիմֆոնիան։ Հա՛ց․ ― ահա ինչով էր զբաղված նրա ուղեղը։ Ամենից առաջ հա՛ց, մեծ քանակությամբ հա՛ց, որ ուտի այնքան, որքան ցանկանում է։ Կշտության զգացողությունից նա զրկվել է այն օրից, երբ զրկվեց ազատությունից։ Գիշերները երազում, առաջին շրջանում, նա դեռ տեսնում էր հարազատներին, իր սիրած ու նախընտրած ուտելիքները, մոտիկ մարդանց, իրենց տունը։ Ժամանակի ընթացքում, կեցության հետ, փոխվեցին նաև երազները։ Հիմա նա երազում միայն հաց է տեսնում և ոչ այն տեսակ֊տեսակ հացերը, որոնցով նա սնվում էր տանը, ոչ, այլ հատկապես ճամբարային, բանտային գորշ և խառնածին հացը, հինգ հարյուր գրամ այն հացը, որն ուտում էր նա մեկ զարկով, մի ակնթարթում, իսկ ուտելուց հետո չէր կարող որոշել․ երա՞զ էր դա, թե իրականություն։ Հաց ուտելու այս մեծ, սխրալի արարողությունը շարունակվում էր երազում, նա տեսնում էր բեռնատար մեքենաներ՝ բարձված ճամբարային, հատկապես ճամբարային հացի «բուխանկաներով», որոնցից մի քանիսին տեր էր կանգնում նա և ուտում էր, ուտում երջանիկ մոլուցքով, ուտում էր կատաղի ու անհագուրդ։ Նա զարթնում էր ծնոտների ցավից ու դեռ աչքերը փակ զգում էր, որ ծնոտները գործում են, իսկ լորձունքը թրջել է խոտով լցված կոշտ բարձը։

Այսպես էր ապրում ճամբարի բնակչության իննսունհինգ տոկոսը, և այսպես էր ապրում Մամոն բրուտանոց մտնելուց առաջ։ Միայն առաջին օրերին նրանց հետաքրքրությունը շարժեց եվաների հայտնությունը, որից հետո նորից անձնատուր եղան նրանք քաղցի և ծանր աշխատանքի ճիրաններին և իրենց հանգիստն ու անդորրը գտան միայն գետնափոր մեռելատանը, ուր այլևս չէր անհանգստացնում նրանց գոնգի ձայնը։ Ու չնայած որ մեռելատունը (մո՛րգ, մո՛րգ․․․) ոչ մի օր ազատ չէր լինում ժամանակավոր բնակիչներից, կալանավորների թիվը չէր պակասում։ Ժամանող մեծ ու փոքր էտապները բերում էին պատշաճ համալրում։

Երբ Ժոզեֆինա Էռնեստովնան բժշկական սպիտակ խալաթով երևաց բուժարանում, որպես Մերպերտի օգնական, կալանավորները խիստ զարմացան․ այդ ինչպե՞ս էտապի ժամանման օրը նրանք չեն նկատել բարձրահասակ, բարեկազմ, ձվաձև դեմքով, նշաձև խաժ աչքերով այս լեհուհուն, որին այնքան սազում է բժշկական խալաթը։ Հիրավի, երբ երևում էր նա գլխավոր բժշկի մոտ, թվում էր, թե նա՛ է գլխավոր բժիշկը։ Իսկ Սոլոմոն Գավրիլովիչը պարզապես նրա ֆելդշերն է։ Գլխավոր բժիշկը ճամբար եկավ Վլադիվոստոկի էտապով, և նրա հետ եկողներից ոչ մեկի մտքով չէր անցնում, որ այդ նիհար, միջահասակ, աշխարհին և մարդկանց կկոցուն աչքերով նայող փնթի կալանավորը ոչ այլ ոք է, եթե ոչ հայտնի բժիշկ֊վիրաբույժ Ս․ Գ․ Տրախտենբրոտը, որը կարճ ժամանակ հետո դառնալու է ճամբարի արքան ու աստվածը։ Իսկ երբ նա դարձավ արքա և աստված, չպետք է ուրանալ, առանձին ուշադրությամբ էր ընդունում իր էտապի մարդկանց, մեծարելով նրանց անուն֊հայրանունով, բայց մնալով միշտ ժլատ աշխատանքից ազատելու փափուկ խնդրում։

― Առանձին բան չկա, Պալ Պավլովիչ, գիշերը կհանգստանաք, իսկ առավոտյան․․․ հերոսի պես․․․

Գլխավոր բժիշկ նշանակվելուց հետո Սոլոմոն Գավրիլովիչ Տրախտենբրոտը լցվեց ու կարելի էր ասել ճարպակալվեց այն աստիճանի, որ դժվարությամբ էր կապում սեփական կոշիկի կապերը․ այս գործում նրան օգնության էր գալիս մոտ գտնվող սանիտարներից մեկն ու մեկը, որը երևի արժանի էր գլխավորի կոշիկների կապերը ոչ միայն կապելու, այլև արձակելու։

Թիվ 1 կուշտ մարդը ճամբարում Սոլոմոն Գավրիլովիչն էր, նա էր, որ ազատ մուտք ուներ կանանց գոտում, ապրում էր հիվանդանոցի առանձին խուցերից մեկում և ամեն հարմարություն ուներ լինելու ճամբարի թիվ 1 Ադամը և ունենալու իր Եվան կամ եվաներն այնպես, որ երբեք չբռնվեր հանցանքի վրա։ Կալանավորուհիներն անխտիր, ամեն գնով աշխատում էին արժանանալ նրա ուշադրությանը, և չի կարելի ասել, որ զուր անցան նրանցից ոմանց ջանքերը։ Այն էլ նկատեց նա, որ վտանգավոր էր այդ վարքագիծը, իր թռուցիկ հոմանուհիները խանդից դրդված՝ կարող էին հիմար դրության մեջ դնել իրեն, գործը հասցնել ճամբարային պետերին և այն ժամանակ․․․ Սոլոմոն Գավրիլովիչ Տրախտենբրոտի փորձված և հմուտ աչքերից չէր վրիպել Ժոզեֆինա Վիտկովսկայան, որը, ինչպես պարզվեց, ծանոթ էր լատինական տառերին։ Ընտրությունը կայացած էր, գլխավոր բժշկի հորդորով նա հայտնեց կարգադրիչին, որ ինքը, Ժոզեֆինա Էռնեստովնա Վիտկովսկայան, բժշկական կրթություն ունի, ճիշտ է ոչ լրիվ և խնդրում է օգտագործել իրեն ըստ մասնագիտության։

Ճամբարի պետը նայեց կալանավորուհու անձնական գործը և այնտեղ ոչինչ չգտավ, բացի նրանից, որ նա ծնվել է 1913 թվականին Լոձում և որ օրինական կինն է Լեհական բարձրաստիճան զինվորական Յանուշ Վիտկովսկու՝ գնդակահարված Մոսկվայում, 1938 թվականանին, լրտեսական մեղադրանքով։ Ժոզեֆինա Վիտկովսկայան գլխավոր բժշկին հայտնեց գործի անհաջող ընթացքի մասին․ վերջինս կկոցեց աչքերը և խորհուրդ տվեց հայտնել պետին, որ ինքը գրել է իր հարազատներին և շուտով կստանա պետք եղած փաստաթղթերը։ Այդ օրերին էր, որ Տրախտենբրոտը զինված հսկողության տակ տարված էր ճամբարի պետի կացարանը։ Ճանապարհին նա հազար ու մի վատ ենթադրություններ է արել, հիշել իր բոլոր աշխատանքային ու կենցաղային, ճամբարային մեղքերը, որոնք երևի այնքան ծանր էին, որ պետը հարկ է համարել կանչել նրան իր կացարանը և հաշիվը մաքրել։ Դռների մեջ նրան դիմավորել է ինքը՝ Տոնկարյովը սիրալիր և մտահոգ ժպիտով։ Տրախտենբրոտի պատմելով, նա՝ պետը, մինչև անգամ սեղմել է նրա ձեռքը և հայտնել, որ կինը հիվանդ պառկած է և որ նա՝ պետը՝ չի վստահում ազատ բժիշկներին և խնդրում է, որ ինքը նայի հիվանդին։ Ա՛ռ քեզ չար սատանա։

Ամեն ինչ անցել էր բարեհաջող։ Տրախտենբրոտը մանրազնին քննության էր ենթարկել հիվանդին, լսել սիրտը, չափել արյան ճնշումը, փոքրիկ մուրճով խփել հիվանդի ծնկին, նայել լեզուն և խնդրել էր, որ նաչալնիցան (այսինքն՝ պետուհին․․․) բարեհաճի «ա՜ ա՜ ա՜» ասել։ Չէ, չի կարելի ասել, որ դրությունը լուրջ է կամ նման մի բան, չի էլ կարելի պնդել, որ ամեն ինչ բարեհաջող է։ Մի փոքր ներվերը․․․ սիրտը մի փոքր․․․ ― հմուտ բժիշկը դեղգիրներ գրեց (վաղուց էր, ինչ դեղգիրներ չէր գրել, նրա սիրտը ճմլվեց ցավից․․․) և պատրաստվեց մտնելու զինված պահակի հսկողության տակ՝ ճամբար վերադառնալու համար։ Սակայն, Տրախտենբրոտի պատմելով, պետը նրան հյուրասիրել է հարյուր հիսուն գրամի չափ օղիով, լիմոնի բարակ մի շերտով և հարցրել՝ ինչպե՞ս են գործերը։ Ահա այստեղ է, որ բժիշկը լուծել է Ժոզեֆինա Էռնեստովնայի խնդիրը․ «Մինչև փաստաթղթերն ստանալը թող գա, աշխատի, քաղաքացի պետ, Մերպերտը չի հասցնում․․․»։

Ինչպես Տխրախտենբրոտն է հետագայում պատմել Մերպերտին (իսկ Մերպերտն Աշոտ դայուն․․․), պետը չի խոսել բուժարանի գործերի և այն մասին, թե որքա՞ն է զբաղված Մերպերտը կամ կալանավորուհու փաստաթղթերը ե՞րբ կհասնեն, ո՛չ, պետը հարցը դրել է պետական մերկությամբ, առանց մտնելու բժշկի սարքած ծխածածկույթի տակ և առանց թույլ տալու, որ նրա, այսինքն՝ բժշկի փչած թոզը մտնի իր աչքերը։ Նա պարզապես ասել է․

― Եկեք այսպես պայմանավորվենք, եթե բռնվեցիք, հույս մի դրեք իմ պաշտպանության վրա։ Ոչ մի ուժ ձեզ չի փրկի։ Իսկ եթե հղիանա, կգա կոմիսիա ու քեզ հետ ես էլ կթռչեմ խեցգետինների ձմեռանոցը․․․

Այսպես կազմվեց ճամբարային թիվ 1 ընտանեկան բջիջը, և քանի որ խնդիրը վերաբերում էր ոչ թե հանցանք գործելուն կամ չգործելուն, այլ բռնվելուն կամ չբռնվելուն, Սոլոմոն Գավրիլովիչ Տրախտենբրոտը ձեռք առավ բոլոր նախազգուշական միջոցները չբռնվելու համար։ Նա մանրամասն պատմեց գործի էության, ողջ գրվածքի մասին Մերպերտին և խնդրեց նրա աջակցությունն իր ընտանեկան կյանքի ապահովության գործին․․․ Մերպերտն իր հերթին, այս կարևոր գործի ապահովությանն ի խնդիր, զինվորագրեց թվով վեց, այսինքն ողջ սանիտարական կազմը։ Երբ միասին ճաշելուց հետո (հիվանդանոցի խոհարար Մաոն նրանց համար հատուկ ճաշ էր պատրաստում՝ չորս տեսակի․․․) պատասխանատու զույգը քաշվում է հանգստանալու բժշկի խցում, սկսվում էր Մերպերտի և թվով վեց սանիտարների անհանգստութայն ժամը։ Նրանք աննկատելի կերպով հսկում էին բոլոր վտանգավոր և կասկածելի կոմունիկացիաները՝ պետք եղած դեպքում վտանգի ազդանշան տալու համար։ Վտանգի դեպքում այլայլված զույգը վեր էր թռչում տեղից, լեհուհին արագ կարգի էր բերում մազերն ու շորերը, նետվում բուժարանը և Մերպերի հետ զբաղվում բուժարանի սակավաթիվ սրվակների կարգավորմամբ, իսկ բժիշկը խորասուզվում էր բժշկական մի գրքի էջերում։

Այնուհետև հայտնի դարձավ հիվանդանովի տնտեսվար, դորիական ոլորուն բեղերով Մավրինի կենակցությունը վայելչահասակ և բարետես ուկրաինուհի Լենա Մուսենկոյի հետ։ Մոտ հիսուն տարեկան Մավրինը քսանամյա այս աղջկան ձեռք բերելու և ձեռքում պահելու համար սերենադներ չերգեց նրա պատուհանի տակ, ոչ էլ երկնքից աստղեր վար բերելու փորձ կատարեց նրա իսկապես կարապի վիզը զարդարելու համար․ նա մահացող կալանավորների հացի օրաբաժիններից մեկը տալիս էր նրան առանց խնայելու, իսկ մնացած բաժինները սանիտարների միջոցով ծախում և փող էր կուտակում։ Գրեթե անեն օր սիրուն Լենան նախաճաշ և հաց ստացողներին օգնելու պատրվակով թափանցում էր տղամարդկանց գոտին, չորս կողմը վախեցած եղնիկի աչքերով նայելով՝ դատապարտվածի քայլերով մտնում էր Մավրինի խուցը և տասը րոպեից դուրս էր գալիս ծեծվածի նման, փեշի տակ պահած մի բաժին հացը։

Հացի, խոհանոցի, բաղնիքի տնորենները, ինչպես նաև սափրիչ Աբլապը գերադասեցին սեռական֊պարտիզանական կյանքը, որը թեև նույնքան վտանգավոր՝ սակայն ավելի քիչ պարտավորեցնող էր և՛ նութապես, և՛ բարոյապես։ Գրասենյակային աշխատողներն ավելի վայելուչ պահեցին իրենց, անցան ընդհատակյա ընտանեկան կենցաղավարության։

Երբ աբասթումանցի կառապան Մամոն բրուտանոցի խոնավ չորանոցում ալլահի կամքով սեր էր անում նկարիչ֊քանդակագործուհի Լյուդմիլա Շարթի հետ, ճամբարային կենակցությունը դադարել էր զարմանք պատճառելուց։ Ո՛չ, ճամբարային ընտանիք կազմելու գործում Մամոն առաջիններից չէր։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Ծաղկած փշալարեր"

Ятук Музыка
Маркос и Маркос
Тигран Амасян

Маркос и Маркос

Де Профундис
Де Профундис
Играть онлайн