Гурген Махари
Սեւ մարդը
8
― ՃԸ՛ԼԹ, ճը՛լթ, ճը՛լթ․․․
Բրուտանոցի և բոլոր շինությունների տանիքների եզրերից կախված սառցե լուլաներն սկսեցին կաթել։
― Ճը՛լթ, ճը՛լթ, ճը՛լթ․․․
Այս ապրիլն է։ Այս նշանակում է, որ գարունը չի մոլորել իր ճանապարհը, զգացվում է նրա հեռավոր շունչը։ Կգա մի օր նա։ Դրսում մի կաչաղակ կչկչաց։ Նամակ կստանամ, ― մտածեցի ես, ― նամակ կստանամ, ― մտածեց Մամոն, Աշոտ դային չի հավատում կաչաղակներին, իսկ Սանոն, ― այսպես ենք կոչում մենք բոլորս նրան, ― իսկ Սանոն կաչաղակի կչկչոցը չլսեց անգամ․ ի՜նչ կաչաղակի կչկչոց, նա ընդամենը երեք օր առաջ ստացավ Լյալյայից նրա լուսանկարը։ Լուսանկարվել է նա Սարանսկում, լուսանկարից նայում է կենդանի, վառ Լյալյան և որ կողմից նայես, Լյալյան նայում է քեզ․ ուղիղ քո աչքերին, շրթունքները կիսաբաց են, մարգարտաշար ատամները ժպտում են, նա կարծես ուզում է քեզ մի կարևոր, շա՜տ կարևոր բան ասել, բայց դեռ մտածում է, ասել, թե՞ չասել․․․
Հեշտությամբ չտիրացավ Սանոն այդ գանձին։ Շատ բան անցավ֊դարձավ։
― Ճը՛լթ, ճը՛լթ, ճը՛լթ․․․
․․․ Մի անգամ Լյալյան, ըստ իր սովորության, ճաշի ընդմիջումին եկավ մեզ մոտ։ Նա բարևեց լուրջ ու մտախոհ, խոսեց ամենահասարակ բաների մասին, առանց նայելու Սանոյի կողմը։ Ես այդ համարեցի պարզապես պատահականություն։ Բայց ահա նա հառաչեց, ժպտաց և ասաց․
― Սիրտս թեթևանում է, երբ խոսում եմ երեքիդ հետ․․․
― Չորսիս հետ, ― ուղղում է Աշոտ դային։
― Երեքի՛դ հետ, ― պնդում է Լյալյան և ոտքից գլուխ չափում է Սանոյին, կարծես առաջին անգամ է տեսնում նրան։ Հետո նա ընդհուպ մոտենում է նրան, բռնում նրա խուսափող հայացքը և ասում․
― Չէ՞ որ դու խոստացել էիր ինձ։ Ա՛ռ քեզ․․․
Ապտակը ոչինչ, միջին թափի, վերջ ի վերջո կանացի ապտակ էր, բայց մի՞թե դրանով ապտակը դադարում է ապտակ լինելուց, իսկ մյուս կողմից․․․ Ես հիշեցի Աշոտ դայու հարվածը նույն թիրախին և ինձ թվաց, որ ես տեսա ամենածանր ապտակը կյանքում տեսած և անձամբ ճաշակած բոլոր ապտակներից։
Չէի սխալվել։ Սանոն փուլ եկավ նստարանի վրա, ասես երկաթե ձեռքի ծանր հարվածից, գլուխն առավ ձեռքերի մեջ և մատներով ծածկեց աչքերը։ Նա կռացավ, կծկվեց, փոքրացավ։ Հանկարծակիի եկած բրուտանոցը լռեց։
― Ի՞նչ է պատահել, ― լսվեց Աշոտ դայու անվրդով ձայնը։
― Խոստացել էր վերջ տալ թղթախաղին, իսկ ես հավատացի նրան, ― չկտրելով աչքը արագ֊արագ շնչող Սանոյից, մեղմացած գանգատվեց Լյալյան, ― պարզվում է, որ նրա ոչ մի խոսքին չի կարելի հավատալ։ Կոմենդանտը պատմեց․ ի՛նքն է թուղթ խաղացողների գլխավորը։ Կեսգիշերին ճամբարի պետը դուրս է գալիս և նկատում, որ սրանց բարաքում աղոտ լույս է վառվում։ Վերցնում է կոմենդանտին, հերթապահ ավագին և մտնում է բարաքը։ Տեսնում են նստել թուղթ են խաղում։ Մոտենում են աննկատելի կերպով խաղաթղթերը խլելու համար։ Կամպանիան իրար է անցնում։ Խուզարկում են բոլորին, ոչ մի խաղաթուղթ ոչ մեկի մոտ։ Մերկացնում են սրան, ոչ մի խաղաթուղթ։ Պետը ասում է՝ տղերք, ես տեսա, որ դուք թուղթ էիք խաղում, ես տեսա խաղաթղթերը, ցույց տվեք․ ո՞ւր կորցրիք, խոստանում եմ չվերցնել։ ― Եվ ի՞նչ եք կարծում, այս հերոսը խաղաթղերը հանում է հենց իրեն պետի գրպանից։ Ուրեմն ի՞նչ, ― հարցնում է պետը, ― խաղաթղթերը պետք է մնային իմ գրպանո՞ւմ․․․ ― իհարկե ո՛չ, ― պատասխանում է այս հերոսը, ― դուք դուրս կգայիք առանց դրանց։ Խաղաթղթերը կմնային ինձ մոտ։ Լավ, ― ասում է պետը, ― ես չեմ դրժում իմ խոսքը, բայց իմացիր, որ եթե մի անգամ էլ աչքովս ընկար, այնպիսի տեղ կուղարկեմ քեզ, որ այստեղը հիշես, ինչպես Ադամն է հիշում դրախտը․ ― Ճի՞շտ է, ասա, ճի՞շտ է․․․
Սանասարը լուռ էր։
― Այսօր կգնաս պետի մոտ, կհանձնես խաղաթղթերը և կխնդրես, որ քեզ տեղափոխի յոթերորդ բարաք։ Ուրիշ ասելիք չունեմ։
Ու գնաց։
Բրուտանոցի և բոլոր շինությունների տանիքների եզրերից կախված սառցե լուլաները սկսեցին կաթել։
― Ճը՛լթ, ճը՛լթ, ճը՛լթ․․․
․․․ Սանոն փոխադրվեց համար 7 բարաքը, հատուկ կարգադրությամբ։ Ոչ միայն այդ։ Մի անգամ նա նստեց Աշոտ դայու տեղը, վերցրեց մի կտոր ցեխ և սկսեց պտտեցնել․ դուրս եկավ ինչ֊որ ծուռտիկ, հողե աման հիշեցնող բան։ Նա վերցրեց իր ստեղծագործությունը, ճխլեց, ձեռների մեջ հունցեց և նորից պտտեցրեց։ Մոտեցավ Աշոտ դային և սկսեց օգնել նրան․
― Ցուցամատդ՝ այսպես, բթամատդ՝ այսպես․․․ Տղա՝, ― բացականչեց նա, ― հրաշալի մատներ ունես, ― իզուր չէ, որ․․․ ― Նա լռեց, իսկ ես հիշեցի խաղաթղթերը։ Երևի Աշոտ դային այդ և հարակից հանգամանքների մասին ուզեց ակնարկել։ Այդ օրը նա պատրաստեց երեք աման, որոնք ոչ մի բանով նման չէին Մամոյի և ոչ մի բանով չէին տարբերվում Աշոտ դայու ամաններից։
Մամոն պաշտոնանկ եղավ։ Նա ինքը համոզվեց, որ այդ անխուսափելի է։ Մի քանի օրվա ընթացքում Սանոն կարողացավ յուրացնել աշխատանքն առանց քրտինք թափելու և օրական պատրաստել քառասունից հիսուն աման։
― Անպիտանի մատները կարծես ստեղծված են բրուտության համար, ― ասում էր Աշոտ դային։
Լյալյայի ուրախությանը չափ ու սահման չկար։
Չափ ու սահման չկար նաև Մամոյի ուրախությանը․ եթե Սանասարի մատներն ստեղծված էին բրուտության համար, ապա Մամոյի ոտներն ստեղծված էին ցեխ հունցելու համար։ Ամաններ պատրաստելը Մամոյի համար տաժանակիր աշխատանք էր․ նա տանջվում էր, ջանք թափում, թափում ազնիվ քրտինք, բայց նրա մատների տակից դուրս էին գալիս անհաջող, ծուռտիկ, մեկը մեծ, մյուսը փոքր, անհամաչափ ամաններ։ Ամաններ շինելուն նա սիրով հրաժեշտ տվեց, սիրով իր տեղը զիջեց Սանոյին նաև այն պատճառով, որ նա զգում էր, այդ Լյալյայի ցանկությունն է։ Նա պատրաստ է կատարելու Լյալյայի բոլոր ցանկությունները, իսկ նա, Լյալյան, անչափ սիրալիր է։ Շատ բան հարկավոր չէ Մամոյին, նա քչով գոհանում է, մի ժպիտ, մի «Մումու, ո՞նց ես», իսկ երբ մի անգամ Լյալյան ամրացրեց նրա բաճկոնի թուլացած կոճակը, նա իրեն զգաց յոթերորդ երկնքում․․․ Այդ գիշեր նա երազում տեսավ, որ Աբասթումանումն է, նստել է կառքը, ձիերին չափ է տալիս, թռչում են ձիերը, իսկ կառքում նստած է նա, Լյալյան, ― Մումո՜ւ, կամաց քշիր, ― խնդրում է նա։
Մի անգամ, առավոտյան, երբ «գործարար բակ» հասան բրիգադները, Լյալյան հեռվից ինձ նշան արավ, որ հետևեմ իրեն։ Ես հետևեցի նրան մինչև դերձականոցի դուռը, Լյալյան կանգ առավ և համոզվելով, որ ոչ ոք չի լսում մեզ, հարցրեց․
― Ձեզնից ո՞վ է ծանրոց ստացել վերջերս։
― Վարպետը, ― պատասխանում եմ ես։
― Քեզ հայտնի՞ է, թե ծանրոցում ինչ է եղել, ― հարցնում է նա։
― Հայտնի է։
― Օճառ կա՞ր։
― Այո։
― Քանի՞ կտոր։
― Երկու։
― Ի՞նչ գույնի։
― Վարդագույն։
― Հասկանալի է, ― ասում է նա, ― ցտեսությո՛ւն։
Ես դիմում եմ դեպի բրուտանոց, ուզում եմ բացատրել այս հարցաքննության իմաստը, բայց ոչ մի կերպ չեմ կարող։
Բրուտանոցում Աշոտ դային ոչինչ չհարցրեց։ Ես էլ նրան ոչինչ չպատմեցի։ Սովորաբար մենք երեկոյան տանն ենք խոսում օրվա կարևոր և անկարևոր հարցերի մասին։
Սկսվեց սովորական աշխատանքային օրը։ Ընդմիջումին ներս մտավ Լյալյան և առանց սովորական բարևի կամ մեկի վրա նայելու, արագ մոտեցավ Սանոյին, որն զբաղված էր ձեռքերը լվանալով։
― Վերցրո՛ւ, գո՛ղ, և չհամարձակվես մյուս անգամ աչքիս երևալ։
Սանասարը նայեց Լյալյայի ձեռքի վարդագույն օճառներին և գունատվեց։
― Գո՛ղ, գո՛գ, գո՛ղ, գո՛ղ, ո՞ր ձեռքով գողացար, ո՞ւր է կացինը․ այս րոպեիս ես․․․ ― նա վերցրեց վառարանի մոտից փոքրիկ կացինը։
Արագ մոտեցավ Աշոտ դային։
― Լյալյա, կացինը տեղը դիր․․․ դու ինչո՞ւ ես լալկվել, չես բացատրում․․․ Թող քեզ հայտնի լինի, Լյալյա, որ Սանոն մեր գանձապահն է, մեր տնտեսվարը, մեր պահեստապետը և պահում է իրեն օրինակելի։ Ոչ մի գերածախս, ոչ մի յուրացում։ Ինչ վերաբերում է այդ․․․ օճառներին, ես նրան լիազորել էի, որ նվիրի քեզ․․․ Մեր կոլեկտիվի կողմից, ի՛ր կողմից։
Կացինն ընկավ Լյալյայի ձեռքից։
Նրա գնալուց հետո կատարվեց ևս մի զարմանալի բան։ Սանոն հարձակվեց Աշոտ դայու վրա։
― Ճը՛լթ, ճը՛լթ, ճը՛լթ․․․
Բրուտանոցի և բոլոր շինությունների տանիքների եզերերից կախված սառցե լուլաներն սկսեցին կաթել։
․․․ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԻ ապակիների վրա անտառային, բուսաբանական պեյզաժներին փոխարինեցին կենցաղային սյուժեներ, երևացին մարդիկ, կենդանիներ։ Ցերեկները ապակիների սառույցները հալչում են, գիշերները սառչում և առավոտյան անհայտ, մեծ նկարիչը ապակիների վրա հանդես էր գալիս նորանոր, կախարդական ստեղծագործություններով․․․ Ահա ծառերի մեջ թաքնված մի խրճիթ, ծառերի խորքում երևում է մի մարդ որսորդական հրացանով, իսկ կողքին մի շուն ոչ թե չորքոտանի, այլ երկոտանի, բայց անկասկած շուն։ Ահա մի կին կանգնած օրորոցի մոտ․ երեխան չի երևում, օրորոցը դատարկ է, իսկ կինը ժպտում է անիմաստ ժպիտով։ Խաղողով լեցուն զամբյուղը ձեռքին մի աղջիկ է անցնում այգու ցանկապատի մոտով․ ցանկապատից այն կողմ երևում է մի տղա, կանացի գլխարկով, հովանոցը բռնած գլխին։ Հինգ րոպեից պատկերը փոխվում է, ― ճանապարհ է, մի կին, ձեռքը բռնած հոնքերի վրա, նայում է անհայտ ճանապարհին, հետո արջը կանգնած երկու ոտների վրա՝ մի թաթը վեր, մյուսը՝ վար, ասես պարելիս, Հիսուսը խաչի վրա ծիծաղելիս․․․ Մի քանի անգամ Լյալյան երևաց, մի անգամ, այնպես, ինչպես տեսա վերջին անգամ՝ գլուխը բարձին, աչքերը փակ, կիսաբաց շուրթերով, իսկ ինքը գունա՛տ, գունա՛տ․․․
Սանոն հարձակվեց Աշոտ դայու վրա, գրկեց նրան հուզմունքից խեղդվելով, հետո որսաց նրա ձեռքը։
Աշոտ դային ձեռքը խլեց։
― Թո՛ղ, իմ ձեռքից ձեռք քաշիր։ Մտածիր քո՛ ձեռքի մասին, մաքրիր ձեռքդ ու համբուրիր քո՛ մաքրված ձեռքը։ Ձեռքը տրված է մարդուն աշխատելու համար և ոչ թե․․․ գողանալու կամ լիզելու։
Ինքն իրեն կորցրած Սանոն պոկվեց Աշոտ դայուց, նետվեց ետ, վերցրեց կացինը ձախ ձեռքով, աջ ձեռքի դաստակը դրեց դազգահին ու բարձրացրեց կացինը։ Աշոտ դային խլեց կացինը։
― Այդ էլ ավելորդ է, դեռ պետք կգա քեզ․ չլիներ ձեռքը, ոչինչ չէր լինի աշխարհում, ո՛չ քաղաք, ո՛չ գյուղ, ոչինչ չէր լինի․․․ Ոչինչ բան է ուղեղը, մարդկային ուղեղը կարող է հղանալ հազար բարիք և հազար չարիք։ Ձեռքն է կառուցում բանտ ու պիոներական պալատ, ձե՛ռքը, ձե՛ռքը․․․ Մաքո՛ւր պահիր ձեռքը․․․