Атрпет

Քոռ-Եղիկ

ԻԵ
ԻԵ

Երբ ոչխարը տեղավորեցին, ցրվեցին պրծան, Եղիկի իգդիրցի բարեկամն ասաց.

Ղազարը ապրանքի նմուշները ճանաչել է, քեզ փնտրել է տալիս։

Հետևյալ առավոտ Եղիկը ընկերներով անցավ օսմանցու սահմանը և այնտեղից քշեց դեպի Ալաշկերտ։ Ճանապարհին ամեն տեղ մեկի կարողությունը կողոպտելով, անճարին հասցնելով, երկու շաբաթ սարսափ տարածեց Ալաշկերտում և Բասենում։ Վերջապես հոգնած, դադրած, նամանավանդ Ասլիին կարոտած մտավ Արաքսի ձորը և գիշերով հասան Քերս, Միրզի ջրաղացը: Այդ ապաստանում երկար հանգստանալ չէր կարելի. գիշերը քիչ քնելուց հետո դուրս եկան դեպի Շիրակ։ Երբ բարձրացան Ալաշի կողքերը, նրանց պատահեց մի ծերուկ, որ գալիս էր Թախտից և պիտի անցներ Արփաչայը։ Ծերուկը ողորմելի պարկ ուներ ուսին և մի նեցուկ գավազան, Եղիկը հետաքրքրվեց, թշվառի վիճակը ուզեց իմանալ։

Ափի, որտեղի՞ց ես, հարցրեց։

Աստված էլ կորցրել է իմ դավթարս, գիտե՞մ որտեղից եմ. մի ժամանակ արզրումցի էի, հետո ախլցխացի դարձա, հիմի էլ եկել Գյումրի ենք ապրում։

Որտեղի՞ց ես գալիս, ասաց Եղիկը։

Արզրումից գնում եմ Գյումրի։

Ինչպես երևում է, ընտանիքդ մե՞ծ է:

Աստված տվել, չէ խնայել, յոթ աղջիկ ունեմ, գնում եմ մեծին կարգելու։

Էրզրումից փող շատ բերած կլինի՞ս, ափ…

Քանդվի այն Արզրումը, ինչպես քանդվել է, հարյուր քեսա առնելիք ունեմ, քսան ղուրուշ չկարողացա ստանալ. ունեցած-չունեցածս էլ թողի, գնում եմ խայտառակ, չեմ իմանում ի՞նչ երեսով դուրս պիտի գամ մանր ու խոշորիս առաջ։

Մինչ այդ Եղիկը քսակը հանեց և երկնցուց ծերուկին, ասելով.

Աստված մեծ է, ի՞նչ ես շատ դարդ անում, կհասցնե։

Աստված մեկին հազար վարձատրե, ասաց ծերուկը լացակումած, ձեռքն երկնցուց և քիչ էր մնում Եղիկի ձեռքը համբուրե, բայց նա չթողեց։

Է՛հ, ուրիշ ի՞նչ կա, ի՞նչ չկա, ասաց Եղիկը ծերուկից բան իմանալու մտքով։

Կռվի տարին օսմանցու զորքին հարյուր բեռն Երևանու բրինձ տվի, տասն անգամ փաշաների մոտ գնացի և փողիցս գոնե մի ողորմություն անգամ չստացա։ Բանակի հրամանատարի մուրհակն եմ ներկայացնում, ինձ ասում են՝ գնա, նրանից ստացի, ես այն գոռբեգյոռի թաղած տեղն անգամ չգիտեի, որ մի գնայի և սիրտս հովցնեի։

Ուրիշ ի՞նչ են խոսում, կռիվ խո չկա՞։

Այդպես բան չկա, բայց չեմ իմանում, թե ինչի՞ Սթամբոլից Ղարս փող են ղրկում, մի ծածուկ բան կա, բայց ևս չհասկացա։

Ինչի՞ց իմացար, որ փող են բերելու Ղարս

Պարտեզում հիսուն ձիավոր սպասում են, որ Արզրումից եկող չափարին առնեն տանեն: Դեռ խոսք եղավ, թե մի ինչ-որ ղաչաղ Է դուրս ընկել Եղիկ անունով, նրանից վախենում են, այդ պատճառով Էլ պատրաստություն են տեսել վաղօրոք։

Այս որ լսեց Եղիկը՝ փառավորվեցավ, և ընկերները ժպտացին։

Ափո, ասաց Եղիկը, ի՞նչ տամ, որ ինձի տաս օսմանցու բանակի փաշայի հարյուր բեռն բրնձի մուրհակը։

Որդի՛, ինչի՞ս է պետք, ա՛ռ քեզի. ո՛չ հաց կտա, ո՛չ ջուր:

Քու ինչի՞ն է պետք, ես փաշաների հետ գործ ունիմ, հաշիվներ ունիմ մաքրելու, կարելի է պետք գա։ Եղիկը մուրհակը ծալեց, գրպանը դրեց և աչքով արավ Մելոյին, որը հարյուր մանեթ փող տվեց ծերուկին, և Եղիկը մնաց բարով անելով ծերուկին, ետ դարձան դեպի Թախթ։ Եղիկը նպատակը չհայտնեց ընկերներին, բայց նրանք նկատեցին, որ հոգեկան ծանր մտածմունքի մեջ էր իրենց առաջնորդը։ Երբ Սուբաթանի մոտով, Յահնիների կողքից անցան, հեռվից երկու ձիավոր նկատեցին, որոնք Ղարսից էին գալիս։ Եղիկը ընկերներով մի կողմ քաշվեցավ, Մոսոյին ճանապարհի վրա թողեց, որ լրտեսե անցորդներին։ Ճանապարհորդները գյուղականներ էին, որոնք ռուսների սահմանի մարդիկ էին, Ղարսից բան-ման առել, վերադառնում էին դեպի իրենց բնակավայրերը։ Երբ սովորական հարց֊բարևները վերջացրին՝

Ո՞ւր եք գնում, հարցրեց Մոսոն։

Այն կողմը, Արփաչայից դենը, պատասխանեցին։ Մեր գյուղում այս կիրակի հարսանիք կա, քիչ ռոմ, շաքար, ային-օյին ենք տանում։

Խե՞ր է, ի՞նչ հարսանիք է։

Մեր գյուղի Համփան՝ Քեհյի աղջկան, Ասլիին՝ Եղիկի նշանածին, տանում է յուր տուն։ Ախ Եղիկ, որտե՞ղ ես։

Մոսոն նկատեց, որ դրանք Եղիկի բարեկամ տղերք էին, բայց չէր իմանում ինչպե՞ս վարվի։ Քիչ մտածելուց հետո՝

Արեք գնանք Եղիկի մոտ, ասաց Մոսոն, և ճանապարհորդները, թեև տատանվելով, վախենալով, հետևեցին Մոսոյին, բայց երբ հեռվից նկատեցին Եղիկին՝ հանգստացան։ Նրանք գյուղական ընկեր տղերք էին և Եղիկի հետ միասին մեծացած. վստահ էին, որ նրանից իրենց վնաս չի հասնիլ, իսկ տեսնել այդ հերոս դարձած ընկերին, վաղուց փափագում էին։

Եղիկը փաթաթվեց նրանց, կարծես հարազատ եղբայրները լինեին… Խեղճը սրտակցից, հարազատից գաղափար չուներ, ինքը մոր մինուճարն էր, հայրն էլ մամի մինուճարն էր եղել։ Բոլոր գյուղական բարեկամ-ծանոթներին շատ բարև ուղարկեց, և ինքը մնաց մոլորված։ Չգիտեր՝ դառնար դեպի Ղարաքիլիսա, թե շարունակեր յուր ուղին։

Գրիգոր, այսօր ի՞նչ օր է, հարցրեց նա։ Հինգշաբթի, ասաց Գրիգորը։

Լավ է, ասաց, քշեցեք ձիաներդ դեպի Պարտեզ։

Նույն գիշերը հասան, բայց գյուղ չմտան, այլ առաջ գնացին դեպի անտառ։ Մինչև լույս անտառի խորքում կրակ վառեցին ու հանգստացան։ Լուսադեմին ճանապարհի նշանավոր կետերում զետեղվելուց հետո կարևոր հրամաններ տվեց ընկերներին Եղիկը և բարձրացավ Հարամ֊Վարդանի բարձունքներից դիտելու ճանապարհների անցուդարձը։ Երկար չսպասեցին. սնանկ վաճառականի ասածն ուղիղ էր և Արզրումից մասնավոր չափարը (սուրհանդակ) մեծ ձիավորների խմբով գալիս էր։ Եղիկը ետ դարձավ և ընկերներին հավաքելով անտառում մի կիրճի մեջ, որոշ տեղերում իրենց դիրքը բռնած նստան։ Բավական ժամանակ անցնելուց հետո առաջավոր երեք ձիավորներ եկան անցան, որոնց հետևում էին երկու հազար քայլ հեռու ևս երեք ձիավոր։ Սրանց թույլ տվին անցնելու։ Իսկ սրանից քառորդ ժամ հետո եկան մոտ երեսուն ձիավորներ, ծանր քայլերով, հետները չորս ջորի, բեռնավորված փողով։ Եղիկը նշանը տվեց, և չորս գնդակները չորս գլխավորների գլորեցին։ Առանց սպասելու չորս էլ փշտովի գնդակ արձակեցին, որոնք նույնպես իրենց զոհերն ունեցան։ Չափարների գլխավորների գլորվելուց հետո արդեն հետևողները շվարեցան։ Ահագին անտառ, ծառերի միջից գալիս է գնդակը, ո՞վ գիտե, որտեղ են ապաստանած և քանի՛ հոգի են։ Մի քանի գնդակ արձակեցին չափարները, բայց զուր, ծառերի բներում մնացին այդ գնդակները։ Գրությունը սոսկալի էր։ Եղիկը երկրորդ, երրորդ անգամ լցրեց հրացանը և ամեն անգամ ճարպիկ ձիավորների վրա էր ուղղում գնդակը։ Գրիգորը, Մելոն ու Մոսոն նույնպես կրակ դարձած, իրար ետևից կարկուտի նման գնդակ թափեցին չափարի ձիավորների վրա, այնպես որ սրանք կարծեցին, թե անտառում առնվազն քսան-երեսուն մարդ է թաքնված։ Դրանից հետո մի քանի գնդակ էլ հասցրին ջորիներին, որոնք թավալվեցան իրենց գանձով։ Ճար չկար, միայն փախուստը կարող էր չափարի ձիավորներին փրկել. այդպես էլ արին, բայց Եղիկի և ընկերների գնդակները նրանց չէին թողնում խույս տալով մահից ազատվելու։ Երեք հոգի մնացին սատկած ջորիների գլխին, ասաց Եղիկը:

Այդ ջորիների բեռները բարձեցեք ձեր ձիաներին, եթե մեռնիլ չեք ուզում։

Իսկույն հրամանը կատարեցին։

Դե՛հ, ձեր զենքերը թափեցեք այդտեղ և բեռնավորված ձիերը քշեցեք այս կողմը։

Այդ էլ կատարեցին, և երբ բավական հեռացան, ասաց Եղիկը.

Այս օրդու մյուչյուրի (բանակի հրամանատար) սերքին տարեք Ղարս, փաշային տվեք և ասեք կռվի տարին զորքին տրված հարյուր բեռն բրնձի փողը եկավ տարավ Քոռ-Եղիկը։ Այս սպանություններն էլ նրա համար կատարվեցին, որ փաշաները, տասը տարի է հարյուր անգամ նրանց խնդիր տրվեց, և չկատարեցին աղքատի, թշվառի խնդիրը։ Թող ուրիշ անգամ ժողովրդին չկողոպտեն և անմեղների կոտորածի պատճառ դառնան։

Չափարները ետ դարձան հետի, իսկ Եղիկը և յուր ընկերները Սողանլու անտառների խորքերից առաջ գնացին դեպի Փանակի կողմերը, որտեղ երեք ձիաբեռն ոսկին թաղելուց հետո մի ձիաբեռը լցրին մաս-մաս չորս ձիու խուրջինները և Գյոլայի անտառով Արդահանի վրայով դիմեցին դեպի Ախալքալաք։ Կիրակի առավոտ Ախալքալաքից դուրս եկան, եղանակը ամպամած էր, և երբեմն մանր ձյուն էր բրդում, երբեմն էլ քամին մոլորեցնում էր։ Արիա լճի մոտ քիչ մնաց նրանք մոլորվեին. ճանապարհից արդեն դուրս էին ընկել։ Վերջապես զանգերու ժամանակ հազիվ հասան Շիշթափա։ Թեև նոյեմբերի սկիզբն էր, բայց Գուգարքի սարերն ու սարահարթերը հոկտեմբերից ծածկվում են սպիտակ սավանով։ Ձիաներին հարկավոր էր կեր տալ։ Իջան, գյուղ մտան և մի երկու ժամ ձիերին կերակրելուց և երեքն էլ հանգստանալուց հետո, երբ մութը լավ ընկած էր, դուրս եկան։ Աշնանային մառախլապատ մութ գիշեր և երկար ճանապարհ, հազիվ մեջգիշերին նրանք հասան Գյումրի։ Տղե՛րք, քշեցե՛ք, ասաց Եղիկը, քշեցեք, թե չէ հարսը տարավ մղդսի Կյուրեղը։ Եվ ուղիղ։ Հարսանիքը բռնել էին այդ գիշեր։ Ողջ Ղարաքիլիսան հավաքվել էր մղդսի Կյուրեղենց տունը. էլ դափ, էլ զուռնա, էլ դահալ, էլ մեյ, ձայն֊ձայնի էին տվել, երկինքը թնդացնում։ Մղդսի Կյուրեղը արզրումցի աղաներին էլ էր կանչել, որոնց համար սազ-քյամանչա չէ, աշղներ ու ասողներ, մի խոսքով՝ իրար էին խառնվել։

Մինչև էրզրումցի աղաներին քառասուն տեսակ կերակրով, աշբազով ու չերեզբազով (խոհարար և կարկանդակագործ) մանր ու բարակ հյուրասիրել էր մղդսի Կյուրեղը, մինչև ահագին բազմություն գյուղացիներին կշտացրել էր, մինչև խնամոնց և խաչախպոր-դասին շահել էր, արդեն կեսգիշերն անցել էր։ Մինչև դուրս եկան, մինչև հասան խնամոնց տունը, մի ժամ էլ այդտեղ կորցրին։ Ասլին էլ մի ժամ ավելի տանջեց տալցուներին և ներցուներին, որոնց հազար ու մի տանջանքով, մոր, քրոջ, հարսի և մորաքրոջ աղջիկներին հազիվ զիջավ և մի կերպ հագնվեցավ հարսանեկան զարդերը։ Լաց էր լինում, մռնչում էր, կատաղում էր Ասլին, բայց ճար չուներ։

Մենք էլ նազ անելով ենք հագել այդ շորերը, մենք էլ հագել ենք, բայց երկու օրից հետո ոչ միայն մոռացել, այլ անչափ ուրախացել ենք, ասում էին ազգական տիկինները։

Վերջապես Ասլին, երկար մտածելուց հետո, վճռեց մտքումը՝ պսակվել, գնալ մղդսի Կյուրեղենց տունը, բայց ո՛չ նրանց հարս դառնալ, ո՛չ Մուքեին կնիկ։ Նա համոզված էր, որ երբեք Եղիկը իրեն չէր մոռանալու և թողնելու ուրիշի դռանը։

Էլի փողերը հնչվեցան, էլի դուրս եկավ հարսնևորը, և թագավորն ու թագուհին թափորով կողք-կողքի գնացին եկեղեցի: Մուքեն երանության մեջ էր զգում իրեն, իսկ Ասլին չարչարանքի։ Շատ հույս ուներ Ասլին, որ մինչև եկեղեցի մտնելը մի ճար կհասնի, բայց զուր։ Երբ երգերն սկսեցին, երբ տերտերն Ասլու ձեռքը հանձնեց Մուքեին, սարսռաց խեղճ կույսը, բայց ակամա ձեռքը բաց չէր թողնում Մուքեն։

Աչքալույս, հա, աչքալույս, գոռում էին ամեն կողմից։ Թափորը ետ շարժվեց. դուրս եկան եկեղեցուց և նույն եղանակով սկսեցին դիմել մղդսի Կյուրեղենց տունը։ Հանկարծ երկու, երեք, չորս փշտովի կրակ իրար ետևից։ Բոլորը կարծեցին, թե հարսնևորներն են, ջիրիդ խաղացող ձիավորները: Ասլին ցնցվեց, զգաց, հոտ առավ, որ մի բան պիտի կատարվեր, բայց սաստիկ զայրացել էր, որ այնքան ուշացել էր:

Մեկ էլ գոռացին.

Եղի՜կը, Եղի՜կը, զենք առե՛ք, հասե՛ք, օգնեցե՚ք… Մելոն մի քանի բուռ ոսկի սփռեց հարսնևորներին։ Հարսնևորները խառնվեցան, վազեցին ոսկին ժողովելու, տակնուվրա եղան։ Եղիկը ձին քշեց, Ասլիի թևից բռնելն ու թարքը գցելը մեկ եղավ։ Ձին մտրակեց ու առաջ անցավ։ Գրիգորը, Մոսոն ու Մելոն նրա քամակից հեռացան։ Գրիգորը գոռում էր.

Գյուլլա պաղեցնող չկա՛, հրամեցե՛ք։

Մելոն կանչում էր. ոսկի՜ ժողվողներ, եկե՛ք, թալան է:

Բայց ուշ էր։

Երրորդ օրը Եղիկը յուր Գյոկչայի տանն էր՝ Ասլիի հետ։

1898 թ.

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Քոռ-Եղիկ"

Ятук Музыка
Святое Утверждение, Святое Отрицание, Святое Примирение
Георгий Гурджиев

Святое Утверждение, Святое Отрицание, Святое Примирение