Атрпет
Բերսայի առաքելը
III, IV
Առաքելի Կ. Պոլիս հասնելուց արդեն երեք ամիս անցել էր։
Նա գալուն պես Շիշմանի տունը մտել էր խոհարար, ամսական երկու լիրայով։ Անմիջապես շոգենավի տոմսակի պարտքը վճարելուց հետո մի լիրա էլ տուն էր փոխադրել, որպեսզի մայրն ու կինը կարոտություն չքաշեն։ Ինքը անձնական ծախսեր չուներ, յուր պարոնի տան մեջ ուտում, ծխում, լվացվում, տիրոջ հին շորերը հագնում և բոլոր կարիքները հոգացվում էին։ Իսկ շռայլությունը ընտանիքից հեռացած պանդխտին սազ չէր գալ, նամանավանդ Առաքելին, որ փարայի ղադրը շատ լավ գիտեր, քանի որ օրական տասնևվեց ժամ խոհանոցի ճենճերում, ճթրտան ածուխ ի օջախի առաջ և դրանից բարձրացած կյանք մաշող ծխի ու գազերի մեջ տապակվելով էր ձեռք բերում այդ փարաները։ Նա արդեն հիմք դրել էր՝ ստացած գումարները տնտեսելու և երկու լիրա Ղալաթիայում մի հայտնի սարրաֆի տվել էր վեց տոկոսով, խոստանալով ամեն ամիս նրան հանձնել լիովին յուր ռոճիկը և ձեռք ընկածները։
Ձմեռ էր, բայց ո՛չ թե Հայաստանի բուքն ու բորանը։ Փորյասը (զեփյուռ) ձյան հատիկները խփում էր փողոցներից անցուդարձողների երեսին, թրջում դեմքերն ու ձեռքերը և կարմրացնում այտերն ու ականջները։ Պերայի փողոցները անտանելի ցեխոտ էին, քանի որ եկած ձյունը իսկույն հալվում և խառնվում էր մայթերի և սալահատակների վրա գտնված փոշիների մեջ։ Հարուստների և տաք հագնվածների համար մեծ զվարճություն էր կառքերով կամ հետի փողոցներում զբոսնելն ու չափչփելը։ Նրանց իրանները ամեն կերպով պաշտպանված էին ցրտից, խոնավությունից և ցեխից, իսկ կերած յուղալի ու ճարպալի խորտիկները մարսելու համար կարևոր էր այդ զբոսանքը, մանավանդ զվարթացուցիչ ու կազդուրիչ։ Ցուրտ քամին, ձյան հատիկները թարմացնում էին նրանց և անհետացնում ոգելից խմիչքների գոլորշին նրանց մարմնից։
Բայց այդպես չէր աղքատի համար, պանդխտի համար, որն ամառվան վերարկուի մեջն էր ձմեռն էլ, որի կոշիկների ծակոտիներից երևում էին մերկ մատները և մաշված թևերի միջից՝ արմունկները։ Նա դեռ հաճախ ենթակա էր հարուստին ճանապարհ տալու համար նեղլիկ մայթերից իջնել ցեխալի փողոցները և մինչև սրունքները լողալ տիղմերի մեջ։ Դեռ այդ հերիք չէ, էֆենդիների և բեյերի կառքերի, ձիաների և անիվների բարձրացրած տիլը ցայտելով, գլխից դարիվար ապականում էր ցնցոտիների մեջ կոլոլվածներին։ Այսպես ցեխոտված ու ցրտից ամբողջ մարմնով դողդղալով, Առաքելի հայրենակից Պեխքեյենց Պոտոն զարկեց Շիշմանների դուռը. Առաքելը նրան իսկույն խոհանոց տարավ և օջախի մոտ մի իսկեմլու (աթոռ) վրա նստեցնելով, ասաց.
Պոտո՛, դու տաքցիր, մինչև ես տեսնեմ դուդուն (տիկին) ի՞նչ է ասում։
Գնա՛, գնա գործիդ, ասաց կակազելով Պոտոն և ձեռքերը ցամաքեցնելով Առաքելի անձեռոցով, տեղավորվեց օջախի առաջ։
Մի հավաքածու էր ներկայացնում Պոտոն յուր հագուստով, գդակը՝ թուրքի, փուշին՝ պարսկի, վերարկուն՝ ֆրանսիացու, ձիկվեն ու շալվարը՝ լազի, չստերը՝ հայի ու զբունը՝ քրդի։ Բայց բոլոր հագուստը մաշված ու մաղված էր, այնպես որ խոնավությունն ու ցուրտը անարգել թափանցում էին նրա շորերի ամեն կողմից, և թշվառ Պոտոն սրսփում էր ու ցնցվում ամբողջ մարմնով։ Առաքելը վերադարձավ և հայրենակցին Հանգստացնելու համար կրկնեց.
Պոտո, դուդուն կերակուր ուզեց, ես նրանց հաց պիտի տամ, դու հանգիստ տաքցիր, մինչև ես գործս կարգի դնեմ։
Լա՛վ, բանիդ, աշե՛, ասաց կզակը դողդողացնելով Պոտոն, քեզի գիր ունիմ, բայց հետո, հետո։ Ձեռքս չի բռնում, որ ծոցիցս դուրս հանեմ։
Առաքելը արդեն չլսեց Պոտոյի խոսքերը, նա պահարանները բաց անում, խփում էր, զանազան նյութեր էր առնում, այս կողմ, այն կողմ թռչկոտում, կարգի բերում յուր կերակուրները։ Մի քանի րոպեից եկավ աղախինը, մատուցարանները ձեռքին, հետզհետե սկսեց կերակուրների հոտը բուրել: Պոտոյի դատարկ ստամոքսը բորբոքվեց և ախորժակը գրգռված աչքը չռեց նրանց վրա, բայց Առաքելն այնքան զբաղված էր, որ այդ շարժումները չնկատեց անգամ։ Նա անդադար ձգվում էր այս ու այն կողմ և կարգի բերում ամեն բան, որ չլինի թե պակասավոր գտնվի և խոսք գա վրան։ Պոտոն տաքացավ, չորացավ և թմրած տեղից բերանի ջրերը վազելով, զննում է այն բոլոր համեղ պատառները, որոնք իրար ետևից Առաքելը լցնելով պնակները, դարսելով մատուցարանները, աղախնի ձեռքով վեր էր ուղարկում։
Պոտո ջա՛ն, քիշ էլ համբերի՛ր, ահա՛ պրծա, մնաց միայն պաղպաղակը, ա՛սաց դարձյալ Առաքելը, մաքրելով հախճապակե պնակները։ Երբ այդ էլ վերջացրեց, մի աթոռ առավ, նստավ յուր սեղանի առաջ և ծխատուփը գրպանից հանելով ասաց․ Պոտո ջա՛ն, չտաքցա՞ր, հերիք այդ մախրոցի մոտ նստիս։ Արի քովս պատմե տեսնենք ի՞նչ կա, ի՞նչ չկա։ Արի քովս, շունչ առնեմ, մի սիգարս ծխեմ, մենք էլ հաց ուտենք։ Լավ որ եկար. մինակ հաց ուտելը անդուր բան է։ Պոտոն մոտեցավ և, ծոցից նամակը հանելով, տվեց Առաքելին, որը հասցեն նկատելուն պես ճանաչեց յուր հոգեկցի՝ Սառայի ձեռագիրը։ Առաքելը չկարողացավ համբերել, սիգարը վար դրեց և սկսեց կարդալ։ Կարդաց ու հուզվեցավ և դառն մտքերի մեջ խորասուզվեցավ, այնպես որ կիսակարդալ ծոցը դրեց կնոջ գիրը, ծխելը շարունակելով։ Հեշտ չէր Առաքելի նման կակազելով կարդա ցողի համար շորս երեսը գրված մի նամակ կարդալը, այն էլ թերուս, մի անվարժ կնոջ ձեռքով գրված։
Պոտո՛, դու քաղցած կլինիս, ասաց քիշ հետո Առաքելը, հացներս ուտենք, ես գիշերս կկարդամ այս նամակը։ Ու նստան հացի։ Ինչ կխնայեր հայրենակիցը երկրացունց մանավանդ էֆենդիի անհաշիվ պահարաններից։
Գիշեր էր, մեջ գիշերի մոտ։ Առաքելը, առանձնացած յուր խոհանոցում սեղանի առաջ, կանթեղի աղոտ լույսի տակ, կարդում էր կակազելով յուր ստացած նամակը։ Կարդում էր նամակը և անվերջ արտասվում։ Խմում էր անդադար և հառաչում հորթը կորցրած կովի նման։ Ընդարձակ չէր Սառայի գրած նամակը, բայց բովանդակությունը ծովեր կլցներ, ցամաքներ կծածկեր»։ կծածկեր։ Ամեն մի բառ, ամեն մի նախադասություն օրերով մտածելու առիթ էր սիրտ ունեցող, զգացման տեր մարդու համար։ Նա ո՛չ հաց էր ուզում Առաքելից, ոչ էլ հալավ, կյանք էր պահանջում, հոգի էր ուզում, իրեն էր կանչում․․․ Մեծ ուրախություն էր ավետել Սառան Առաքելին. նա ազատվել էր և մի առույգ զավակ ծնել նրա համար, որին պապի անունով Լևոն էին անվանել։ Բայց այդ ավետիսը ավելի շատ արտասուք խլեց գորովալի հոր սրտից, քան թե բոլոր վշտերը, որ նկարագրել էր թշվառ Սառան։
Այնպես բորբոքվել, այնպես էր հուզվել Առաքելը, որ մոռացել էր, թուլացել մնացել և չէր լսում զանգահարությունները։ Հանկարծ աղախինը ներս եկավ և տեսնելով նրան սեղանի առաջ անզգայացած, ապուշ կտրած, գլուխը թևերին հենած, կամացուկ սկսեց կանչել.
Առաքե՛լ, Առաքե՛լ, գառնուկ, դուդուն ընթրիք է ուզում։ Սթափվեցավ Առաքելը և իսկույն նամակը ծոցը դնելով, խրտնած եղնիկի նման մոռացավ ամեն ցավ, սկսեց վազել այս ու այն կողմը և կարգի բերել ամեն բան։ Կերակուրները նա ժամանակին խնամքով պատրաստել էր, սպասում էր հրամանի, որ ներս տա։ Ամեն ցավ, ամեն վիշտ ու հոգ Առաքելը պարտավորված էր թաղել, սպանել յուր սրտի խորքերում և հանձն առած պարտականությունները ճշտությամբ կատարել։ Ամեն մի սխալի, ամեն մի թեթև անճշտության համար նա պարտավորված էր անարգանքներ ու լուտանքներ լսել, սպառնալիքների տոկալ, թե ինչ է ամսական մի չնչին գումար էր ստանալու, մի գումար, որն ապրեցնելու, կենդանացնելու էր յուր ընտանիքը, մի գումար, որից մտածում էր մի փոքրիկ կապիտալ կազմել և հայրենիք վերադառնալով, մի գործ սկսել և ընտանիքի մոտ, հայրենի հարկի տակ կերակրել յուր գերդաստանը։
Այսպես, արշալույսից մինչև կեսգիշեր, երբեմն սրանից էլ մի երկու ժամ անց, Առաքելը խոհանոցում կենդանի թաղված շրջելու էր, վազելու էր դես, դեն և ժամերով ձեռքերն ու երեսը խորովելու էր կրակի առաջ, որպեսզի յուր տերերին հաճոյանա, նրանց աչքը մտնի և նրանց կոպեկներին արժանանա։ Իսկ Առաքելը մի այնպիսի նպատակ ուներ, մի այնպիսի ուխտ էր դրած, որ տոկունությամբ տանում էր ամեն բան, համբերում էր եզի նման և քաշում այն ծանր լուծը, որը դրել էին նրա ուսին շիշմանները և տանում ինչպես հրամայում էին յուր կամապաշտ գուդուները։
Այս վարմունքով այնպես գրավեց Առաքելը տերերին, որ նրանք վեց ամիս հետո,նրա ռոճիկը, առանց Առաքելի պահանջելուն, ավելացրին մի լիրայով, որով նա արդեն անվանի խոհարարների շարքն անցավ։ Առաքելը խրախուսված այդ հավելումով, սկսեց ավելի լուրջ կերպով զբաղվել յուր արհեստով, այնպես որ նա միշտ փորձեր էր անում կատարելագործելու յուր գիտեցածը և նորից սովորածները։ Երկու տարին չլրացած արդեն նրա ռոճիկը բարձրացրին չորս լիրայի։
Մեծ մխիթարություն էր Առաքելի համար ստացած ռոճիկը, որը օրեցօր աճում էր սեղանավորի մոտ։ Նա արդեն վաթսուն լիրա ուներ,մի գումար, որը մեծ հույս էր արդանուչեցու համար։ Այդ գումարով Առաքելը կարող էր մի փոքրիկ գործ սկսել և կատարյալ ապրուստ ձեռք բերել Գյոլայի քրդերի կամ Շավշեթի թուրքմանների մեջ։ Բայց քիչ խորը մտածելուց հետո վճռում էր դեռ միառժամանակ էլի մնալ, կապիտալը հասցնել մի հարյուր լիրայի կամ մի քիչ էլ դրանից ավելի ու այնպես հեռանալ։
Սեղանավորից ստացած տոկոսը և տանտերերից տոների առթիվ կամ մեծ հրավերներին ստացած նվերները կազմում էին տարեկան մոտավորապես տասնևհինգ ոսկի։ Այս գումարը արդեն բավական էր Առաքելի տան ապրուստին։ Դեռ այդ գումարից տալիս էին ոչ միայն խարաջն ու բեդելեթը, այլ մինչև անգամ տարեկան մի-մի ձեռք հալավ էին կարում։ Երրորդ տարին լրանալիս, արդեն հարյուր ոսկի ուներ Առաքելը սեղանավորի մոտ։ Նա կնոջ ու որդու համար բավական բան ու ման արած պատրաստվում էր տուն վերադառնալ։ Արդեն այդ օրերը Արդանուչից եկել էր յուր կնքահայրը՝ Պապո ապարը, և ստիպում էր, որ ձեռք քաշե Պոլսից, պատրաստվի իրեն հետ տուն վերադառնալու։
Առաքելը յուր միտքը հայտնեց տիրոջը, որպեսզի նա ուրիշ Խոհարար վարձե իրեն տեղ։ Բայց երբ տիկիններն այդ բանը լսեցին, հակառակվեցան Առաքելի մտադրության և չէին թողնում շեմքից անգամ դուրս գալու։ Շատ ընդդիմացավ Առաքելը, բայց չկարողացավ օձիքն ազատել Շիշմանկերի ձեռքից։ Ընդհակառակը, սրանք ռոճիկը հինգ լիրայի բարձրացնելով, Առաքելից երկու տարով ևս մնալու խոստումն առին։ Առաքելը մտածեց, որ երկու տարվա ընթացքում կկարողանա ևս մի հարյուր լիրա ավելի տնտեսել, երկու հարյուր լիրա կապիտալով հայրենիք վերադառնալ և առաջնակարգ հարուստների դասն անցնել յուր ծննդավայրում։ Այդ գումարը շլացուց Առաքելին, և նա զիջավ մի երկու տարի ևս տոկալու։ Խեղճ խոհարարը Էլի մի քանի կտոր փալաս ու մետաղ գնեց և ավելացնելով առաջվա գնածների վրա, ուղարկեց խաչեղբոր Պապոյի հետ յուր կնոջն ու մորը, դրանցով խաբելու, միանգամայն խոստանալով մի տարուց հետո անպատճառ վերադառնալ հայրենիք։ Տարիները սահում էին, իսկ Առաքելը չէր կարողանում բաժանվել Շիջմանների ոսկիներից կամ ավելի ճիշտը կապիտալը մեծացնելու տենչից․․․