Александр Ширванзаде

Պատվի համար

Արարված չորրորդ

Առաջին արարվածի բեմը: Վաղ երեկո է: Գրասեղանների վրա վառվում են էլեկտրական ճրագներ: Գրասենյակի դռները բաց են: Այնտեղ ոչ ոք չկա: Վարագույրը բարձրանալիս` ձախ կողմի գրասեղանի քով նստած է Բագրատը և դիտում է իր գործարանի հաշիվները: Սեղանի մոտ կանգնած է Կարինյանը և բացատրություններ է տալիս: Դեպի աջ, Անդրեասի գրասեղանի քով նստած է Սաղաթելը, ոտը ոտի վրա դրած և հանդարտ տերողորմյա է գցում:

ՏԵՍԻԼ 1

ԲԱԳՐԱՏ, ՍԱՂԱԹԵԼ ԵՎ ԿԱՐԻՆՅԱՆ

ԲԱԳՐԱՏ – Խողովակների համար պարտ եմ մոտ ութ հազար ռուբլի: Մեքենաների համար վճարված է քսան և յոթ հազար երկու հարյուր: Ընդհանուր գումարն է ծախսերի` երեք հարյուր տասներկու հազար... (Մեկուսի):

Եվ այս բոլորը կարող է ձեռքիցս դուրս գալ: Ահ: (Վեր է կենում) Թաքցրու այս հաշիվը առայժմ հայրիկից; Հին վաճառականները սարսափում են համարձակ ձեռնարկություններից: Նրանց համար այսօրվա կոպեկը վաղվա ռուբլուց թանկ է:

ՍԱՂԱԹԵԼ – Ինձ համար էլ այդպես է, քիչ լինի, նաղդ լինի: (Տերողորմյան տրորում է ձեռքերի մեջ և հոտ քաշում):

ԲԱԳՐԱՏ – Խանութպանի սկզբունք: (Կարինյանին) Դուք ազատ եք, կարող եք գնալ:

ԿԱՐԻՆՅԱՆ – (Սեղանի վրայից վերցրել է հաշվետետրը) Ես ուզում էի ձեզ հիշեցնել...

ԲԱԳՐԱՏ – Ձեր ռոճիկի մասի՞ն: Գիտեմ: Լավ, լավ կմտածեմ:

ԿԱՐԻՆՅԱՆ – Վեց ամիս է միևնույնն եք ասում: Հարյուր ռուբլի ամսականը իմ տաժանակիր աշխատանքի համար շատ չնչին վարձ է:

ԲԱԳՐԱՏ – Բավական մեծ վարձ է, եթե համեմատենք ձեր չնչին կրթության հետ: Մեր ժամանակում գնահատվում է միայն տաղանդը և գիտությունը:

ԿԱՐԻՆՅԱՆ – Իսկ երկար տարիների բարեխիղճ և ազնիվ ծառայությունը ոչի՞նչ:

ԲԱԳՐԱՏ – Լավ, հեռացեք: Ես չեմ սիրում, երբ մարդիկ աշխատում են ինձ բան սովորեցնել: Ցտեսություն:

ԿԱՐԻՆՅԱՆ – (Գնում է գրասենյակ դժկամակ դեմքով: Մի փոքր անցած այնտեղ տիրում է մթություն):

ՏԵՍԻԼ 2

ԲԱԳՐԱՏ ԵՎ ՍԱՂԱԹԵԼ

ԲԱԳՐԱՏ – (Անհամբեր) Քեռի, այժմ ասա տեսնեմ, ի՞նչ նորություն կա:

ՍԱՂԱԹԵԼ – Գոհություն Աստծու, ամեն բան կարգին է: (Հանդարտ ոտքի է կանգնում, ուղղելով արխալուղի փեշերը):

ԲԱԳՐԱՏ – Օթարյանն եկե՞լ է այստեղ:

ՍԱՂԱԹԵԼ – (Ուսերը վեր քաշելով): Ես ինչ գիտեմ, խոմ պահապան չեմ: (Սկսում է ծանր քայլերով անցուդարձ անել):

ԲԱԳՐԱՏ – Անհրաժեշտ է իմանալ, տեսնվե՞լ է նա Մարգարիտի հետ:

ՍԱՂԱԹԵԼ – Կարող է տեսնված լինի, կարող է չլինի, Աստծու բանն է:

ԲԱԳՐԱՏ – Ես չեմ կարողանում ամբողջ օրը Մարգարիտին հանդիպել: Չգիտեմ ինչու, նա փակվել է իր սենյակում և ոչ ոքի չի ընդունում:

ՍԱՂԱԹԵԼ – Աստծու բանն է:

ԲԱԳՐԱՏ – Առհասարակ այսօր մեր տանը տարօրինակ տրամադրություն է տիրում: Նկատեցի՞ր հայրիկը որքան փոխված էր ճաշի ժամանակ: Ես երբեք նրան այդպես անկապ խոսելիս չեմ տեսել: Նա սովորականից ավելի էր գինի խմում: Այդ արթուն մարդը, կարծես ուզում էր դիտմամբ հարբել:

ՍԱՂԱԹԵԼ – Աստծու բանն է:

ԲԱԳՐԱՏ – Քեզ ինչ է պատահել, չեմ հասկանում: Այսօր շատ շուտ-շուտ ես հիշում Աստծու անունը:

ՍԱՂԱԹԵԼ – Ես Աստծուն միշտ հիշում եմ; Դու էիր, որ ուզում էիր ինձ շեղել նրա ճանապարհից քո ուսումնական բացատրություններով:

ԲԱԳՐԱՏ – (Կանգ է առնում և նայում նրան խորը, խորը) Դու ինձ հանդիմանո՞ւմ ես: Այդ վատ չէ: Ես ինքս պատրաստվել էի քեզ մի թեթև նախատինք տալու:

ՍԱՂԱԹԵԼ – Նախատինք տալո՞ւ: Ի՞նձ: Ի՞նչու համար, ի՞նչ եմ արել:

ԲԱԳՐԱՏ – (Մոտենալով, ձեռը դնում է նրա ուսի վրա և կես բարեկամաբար, կես լուրջ) Արի պատվելի քեռի, խոստովանիր, որ դու շատ կցանկանայիր համոզվել, որ (Ձեռքը դեպի երկինք բարձրացնելով) այնտեղ ոչինչ չկա:

ՍԱՂԱԹԵԼ – Յանի, ի՞նչ ես ուզում ասել, պարզ խոսիր:

ԲԱԳՐԱՏ – Ուզում եմ ասել, պատվելի քեռի, որ քեզ նման մարդկանց համար շատ ձեռնատու է ոչ այնտեղ (Ձեռքը բարձրացնում է դեպի երկինք) երկյուղ ունենալ և ոչ այստեղ. (Ձեռքը խփում է Սաղաթելի ուսին):

ՍԱՂԱԹԵԼ – Իսկ դո՞ւ ինչ ես, դո՞ւ: Դո՞ւ ումից և ինչից ես վախենում, անհավատ:

ԲԱԳՐԱՏ – Ե՞ս: Ահա (Ձեռը զարկում է իր ճակատին) թե ինչից եմ վախենում: Իմ միակ Աստվածը բանականությունն է: Հիմա, քեռի, դառնանք գործնականին: Ասա, տեսնեմ, քսանհինգ տարվա ընթացքում որքա՞ն ես գողացել Էլիզբարյաններից:

ՍԱՂԱԹԵԼ – (Ցնցվում է և վիրավորված ձևանում) Ի՞նչ, գողացե՞լ: Հարբա՞ծ ես, ի՞նչ է:

ԲԱԳՐԱՏ – (Սառը լրջությամբ) Ես երբեք չեմ հարբում: Լսիր, քեռի, հորս հարստահարել ես, ներել է, այդ իր հաշիվն է, իսկ ես... ես խոնարհաբար խնդրում եմ, իմ գործերում ձեռներդ մի փոքր մաքուր պահես:

ՍԱՂԱԹԵԼ – Տեր Աստված, Տեր Աստված, այս տղան գժվել է:

ԲԱԳՐԱՏ – Մի քիչ առաջ, երբ քննում էի գործարանիս հաշիվները, նկատեցի, որ քո ձեռքով գնված նյութերը մեկով մեկ ավելի թանկ են նստել: Ծախքերի համար արդարացուցիչ փաստեր չես ներկայացրել: Ինչ որ էլ ներկայացրել ես, կեղծ է: Մի խոսքով, բավական վերադիր ես արել: Ես գիտեմ, որ քո արածը սովորական բան է գործակատարների համար, բայց իմ վերաբերմամբ զգույշ կաց:

ՍԱՂԱԹԵԼ – (Վրդովված` զանազան խոշոր շարժումներ է անում, կարծես պատերին բողոքելով) Այստեղ մտիք արեք, սրան, չի ամաչում իր հարազատ քեռուն գող է անվանուն: Եվ երկինքը չի որոտում, պատերը ձայն չեն հանում: Վայ մեզ, վայ մեր օրին:

ԲԱԳՐԱՏ – Է, թող այդ բոշայական ձևերը: Նրանք ինձ խաբել չեն կարող: Ես քեզ կրկին անգամ խնդրում եմ, ձեռքերդ մաքուր պահիր: Ես արթուն մարդ եմ և վրիժառու, մորս եղբորն անգամ չեմ խնայիր:

ՍԱՂԱԹԵԼ – Անամոթ, չի էլ կարմրում ասածներից:

ՏԵՍԻԼ 3

ԲԱԳՐԱՏ, ՍԱՂԱԹԵԼ ԵՎ ԱՆԴՐԵԱՍ

ԱՆԴՐԵԱՍ – (Գալիս է ձախ դռնից: Ներքուստ անհանգիստ է, բայց աշխատում է անդորր ձևանալ) Հիմա ի՞նչ անենք, Սաղաթել: Կարծես վատ չի լինի գնալ կլուբ և մի պույլկա պրեֆերանս խաղալ: Վաղուց է չեմ եղել այնտեղ: Հըմ, ի՞նչ կասես, պարոն ինժեներ:

ԲԱԳՐԱՏ – Շատ ուրախ եմ, որ ուզում ես հասարակության մեջ երևալ: Կլուբ չգնալդ չար լեզուներին հազար ու մի բամբասանքի նյութ է տալիս: Բայց ես զարմանում եմ, որ այդպես հանգիստ ես:

ԱՆԴՐԵԱՍ – Ինչո՞ւ չպիտի հանգիստ լինեմ: Փառք Աստուծո, խոմ տունս կրակ չի ընկել կամ վեքսիլներս պրոտեստ չեն անում: (Անհանգիստ նայում է դեպի այն դռները, ուսկից դուրս է եկել):

ԲԱԳՐԱՏ – Երեկ դու այդպես չէիր խոսում:

ԱՆԴՐԵԱՍ – Երեկը երեկ էր, այսօրը - այսօր: Սաղաթել այդ տերողորմյան տուր ինձ: (Սաղաթելը տալիս է): Էհ, փառք քեզ Աստված, մեծ է քո ողորմությունը: (Նստում է իր գրասեղանի մոտ):

ԲԱԳՐԱՏ – Հայրիկ, ուրեմն, դու այլևս չե՞ս վախենում Օթարյանից:

ԱՆԴՐԵԱՍ – (Ծիծաղում է նյարդային, արվեստական ծիծաղով): Հի, հի, հի, լսեցի՞ր Սաղաթել: Ասում է Օթարյանից չե՞ս վախենում: (Որդուն): Ո՞վ է ՕթարյանըԵ՞րբ եմ ես նրանից վախեցել կամ ումի՞ց եմ վախեցել: Անդրեաս Էլիզբարովը վախեցող պտուղներից չէ: (Դարձյալ նայելով ձախ դռների կողմը) Սաղաթել, տես ով կա այն սենյակում: (Բագրատին) Հիմար բաներ ես խոսում:

ՍԱՂԱԹԵԼ – (Նայում է ձախ դռներով դեպի ներս): Այստեղ ոչ ոք չկա:

ԱՆԴՐԵԱՍ – Աչքիս մեկը երևաց սպիտակ հագուստով, երկար մազերով: Ծածկիր այն դռները: Օթարյան – չէ, շուն, կատու, մուկ, խլեզ:

ԲԱԳՐԱՏ – (Ուշադիր դիտել է հորը) Զարմանում եմ: Երեկ դու համարյա սարսափում էիր Օթարյան անունից, այսօր ծաղրում ես նրան: Իսկ ես, ընդհակառակը, երեկ նրան արհամարհում էի, այսօր չեմ կարող:

ԱՆԴՐԵԱՍ – Այդ քո գործն է: Ինչ ուզում ես, արա: Դեհ Սաղաթել, գնո՞ւմ ենք կլուբ, թե չէ:

ՍԱՂԱԹԵԼ – (Համաձայնության նշան է անում):

ԲԱԳՐԱՏ – Երեկ երեկոյան ես Մարգարիտի մոտ տեսա և կարդացի այն թղթերը, որոնց գոյությունը քեզ հայտնի է: Եթե Մարգարիտն այդ թղթերը վերադարձրել է Օթարյանին, չգիտեմ ինչպես կարելի է հանգիստ լինել:

ԱՆԴՐԵԱՍ – Դու կարող ես այդ մասին չմտածել: Գործարանդ կիսատ չի մնալ:

ԲԱԳՐԱՏ – (Ուրախացած): Ինչպե՞ս, հայրիկ, բացատրիր, չէ՞ որ գործը որքան քեզ, նույնքան էլ ինձ է վերաբերվում:

ԱՆԴՐԵԱՍ – (Վրդովված) Դադարելո՞ւ ես, թե՞ չէ: Գլուխս տրաքացրիր: Ես այսօր տրամադրություն չունիմ այդ մասին խոսելու:

ԲԱԳՐԱՏ – (Տարակուսանքով նայում է նախ նրան, ապա Սաղաթելին) Ոչինչ չեմ հասկանում: Պետք է անպատճառ տեսնվել Մարգարիտի հետ: Ես կգնամ և ուժով էլ լինի` կմտնեմ նրա սենյակը: Այստեղ մի բան կա, որ ինձանից թաքցնում եք: (Գնում է ձախ դռներով):

ՏԵՍԻԼ 4

ԱՆԴՐԵԱՍ ԵՎ ՍԱՂԱԹԵԼ

ԱՆԴՐԵԱՍ – Ահ: (Նյարդային թափով տերողորմյան ձգում է սեղանի վրա և վեր է կենում) Քիչ էր մնում բերանիցս խոսք թռցնեի: Չի լինում, ինչքան աշխատում եմ հանգիստ ձևանալ, չեմ կարողանում:

ՍԱՂԱԹԵԼ – Մարդասպանն էլ վերջ ի վերջո մարսում է իր հանցանքը: Դժվարն այսօր է, էգուց, հետո կմոռանաս, կգնա:

ԱՆԴՐԵԱՍ – Այդ աղջկա կերպարանքը կեսգիշերին, սարսափած դեմքը, ձայնը... Ես մինչև գերեզման չեմ մոռանալ:

ՍԱՂԱԹԵԼ – Երեխա ես, ուրիշ ոչինչ: Դու այն ասա - ուրիշները չիմանան, թե չէ` Մարգարիտն ինչ: Նա աղջիկ է, կների քեզ:

ԱՆԴՐԵԱՍ – (Անցուդարձ անելով) Մի ասա, չես իմանում ինչ եմ զգում: (Ցնցվելով) Տես, ով կա գրասենյակում, ձայն լսեցի:

ՍԱՂԱԹԵԼ – (Նայում է) Ոչ ոք չկա: (Դռները ծածկում է, հետո տերողորմյան վերցնում):

ԱՆԴՐԵԱՍ – Ամեն կողմից ձայն եմ լսում, ամեն տեղ մարդիկ եմ տեսնում: Ի՞նչ կմտածի հիմա իր հոր մասին: Նա երևի, ամոթից տանջվում է: «Հայրիկ», որ գոռաց սարսափից ոտներս թուլացան, քիչ էր մնում դռների մոտ ընկնեի: Սաղաթել ինձ թվում է, որ նա իմ հոգեհան հրեշտակն է, հետևում է ինձ շուքի պես և վերջը պիտի բռնի օձիքս և ասի. «Հաշիվ տուր, ես քո դատավորն եմ»: Ի՞նչ պիտի ասեմ: Սաղաթել, ես ու դու շատ բաներ ենք արել, բայց այս մեկը չենք մարսիլ, կմնա մեր կոկորդում, կտեսնես...

ՍԱՂԱԹԵԼ – Իհարկե, եթե քեզ այդպես կպահես, ինքդ քեզ փորձանքի մեջ կգցես: Պետք է սառը լինել: Մտածիր, թե ինչ ահագին հարստություն ես ազատել, այն ժամանակ արածդ քեզ ոչինչ կերևա: (Լռություն) Հա, քանի միտդ է խոստումդ կատարիր: Մի փոքրիկ թուղթ տուր, որ հինգ հարյուր սաժեն հող քաղաքի այսինչ տեղում բաշխում ես ինձ:

ԱՆԴՐԵԱՍ – Անաստված, դու հենց քո մասին ես մտածում: Ագահ:

ՍԱՂԱԹԵԼ – (Հեգնաբար): Ագահ, քսանից մեկն է ինձ տալիս, էլի ես եմ ագահը:

ԱՆԴՐԵԱՍ – Լավ, հետո կտամ:

ՍԱՂԱԹԵԼ – Ոչ, ոչ, հիմա, հետո կուրանաս: Ես քեզ ճանաչում եմ:

ԱՆԴՐԵԱՍ – (Կատաղելով) Հետո, ասում եմ:

ՍԱՂԱԹԵԼ – (Նայում է նրան սուր և խորհրդավոր հայացքով) Դու գիտես:

ԱՆԴՐԵԱՍ – (Հասկանում է նրա միտքը) Ա, սադայել, դու հորդ գերեզմանն էլ տակնուվրա կանես մի ոսկու համար: (Մոտենալով գրասեղանին): Տուր ինձ մի կտոր թուղթ:

ՍԱՂԱԹԵԼ – Ես արդեն ինքս գրել պատրաստել եմ, մնում է, ստորագրես: (Հանում է իր գրպանից մի գրած թուղթ և տալիս է նրան):

ԱՆԴՐԵԱՍ – (Թուղթը կարդալով): Սատանա, նոտարիուսի պես է գրել: Հինգ հարյուր սաժեն: Քաղաքի կենտրոնում ամենալավ տափերիցս մեկը: Շատ է, այսքանը չեմ կարող տալ:

ՍԱՂԱԹԵԼ – (Սառն) Խոստացել ես:

ԱՆԴՐԵԱՍ – Շատ է ասում եմ: Կեսը նվիրելու եմ քաղաքային ուսումնարանի համար: Վաղուց են խնդրում ինձ այդ մասին:


ՍԱՂԱԹԵԼ – Լավ բարեգործություն է, ուրիշի հաշվով: Ստորագրիր:

ԱՆԴՐԵԱՍ – Շատ է, ասում եմ:

ՍԱՂԱԹԵԼ – (Սառնությամբ ձեռը մեկնելով, որ թուղթը վերցնի) Դու գիտես: Ես կարծում էի, որ ազնիվ վաճառականն իր խոսքի տերը պիտի լինի:

ԱՆԴՐԵԱՍ – (Ատամները կրճտելով) Ա, գազան: (Ստորագրում է):

ՍԱՂԱԹԵԼ – (Թուղթը վերցնում է, կանխապես ստորագրությունը ցամաքիչով չորացնելով, և ծոցը դնում): Շնորհակալ եմ: Այժմ կարող ես ինձ վրա հույս դնել: Դե լավ, քիչ մտածիր: Մեղքն այն ժամանակ է մեղք, երբ հայտնի է հասարակությանը: Իսկապես, ի՞նչ ես արել: Մի քաղցած գայլի ատամները հանել ես – պրծավ գնաց: Թող այժմ գոռա, ինչքան ուզում է, թե Էլիզբարովը նրա հորը կողոպտել է: Փաստեր կպահանջենք:

ԱՆԴՐԵԱՍ – Այո, փաստեր կպահանջենք: Թող այժմ գնա դատարան: Այժմ ես էլ եմ նրա դատավորը: «Պարոն, կասեմ նրան, դատավորների առաջ, հաստատիր, բեր ապացույցներ և ժառանգությունդ ստացիր»: Նա ապացույցներ չունի, հա, հա, հա, չունի, կորել են, անհետացել: Եվ ես կթքեմ նրա երեսին, վրեժս կառնեմ: Օ, Սաղաթել, ես շատ եմ տանջվել: (Բաց է անում բանալիով գրասեղանի արկղը) Ահա, այստեղ է նրա լեզուն, գոռոզությունը, նրա հոգին: (Հանում է ծրարը և նայում): Երեկ ես էի նրա ձեռքում, այսօր նա է իմ ճանկերում:

ՍԱՂԱԹԵԼ – Այրիր, կորչեն, ինչո՞ւ ես պահում:

ԱՆԴՐԵԱՍ – Օ, այնպիսի մի խարույկ սարքեմ, որ քեֆդ գա: Բայց դեռ թող մնա այստեղ, թող տեսնեմ, կշտանամ: (Թղթերը հետ է դնում): Մտեք այստեղ: Անդրեաս Էլիզբարովի ձեռքից Գաբրիել հրեշտակապետն էլ չի կարող ձեզ ազատել: Էհ, այժմ ումից եմ վախենում: Իմ աղջկանից:

ՍԱՂԱԹԵԼ – Նա երբեք քեզ չի մատնիլ:

ԱՆԴՐԵԱՍ – (Ցնցվելով, բանալին շտապով գրպանն է դնում) Ահ, ոտքի ձայն լսեցի: Տես ո՞վ է գալիս: Պետք է սառնարյուն լինել...

ՍԱՂԱԹԵԼ – (Մոտեցել է նախասենյակի դռներին, բաց է արել ու նայել): Նա է: (Դեպի նախասենյակ) Համեցեք... (Հետ է քաշվում, գլուխ տալով Օթարյանին):

ՏԵՍԻԼ 5

ԱՆԴՐԵԱՍ, ՍԱՂԱԹԵԼ ԵՎ ՕԹԱՐՅԱՆ

ՕԹԱՐՅԱՆ – (Ներս է մտնում անհանգիստ դեմքով, գլուխ է տալիս Անդրեասին, անուշադիր թողնելով Սաղաթելին: Վերարկուով է): Ներեցեք, որ ձեզ անհանգստացնում եմ: Ասացեք, ի սեր Սատծու, ինչ է պատահել ձեր տանը: Ինձ ասացին, որ մայրիկն ու օրիորդ Մարգարիտը հանկարծակի հիվանդ են:

ԱՆԴՐԵԱՍ – Շնորհակալ ենք, պարոն, որ այդպես մտածում ես մեր մասին: Բայց մեր տանը հիվանդ չկա: Ո՞ւրիշ:

ՕԹԱՐՅԱՆ – Պարոն Անդրեաս, ես գիտեմ, որ ամեն բան արդեն հայտնի է ձեզ: Չեմ թաքցնիլ, ինձ համար Մարգարիտի առողջությունը թանկ է: Ահա երրորդ անգամն է այսօր գալիս եմ, ինձ չեն ընդունում ասելով, թե հիվանդ է: Այդ ինձ վախեցնում է: Անկարելի է, որ Մարգարիտը թեթև տկարության պատճառով ինձ չընդունի: Անշուշտ նա շատ ծանր հիվանդ է:

ԱՆԴՐԵԱՍ – (Հեգնաբար) Սաղաթել, լսո՞ւմ ես: Մարդը տանջվում է: Հանգիստ կաց, պարոն, իմ աղջիկը հիվանդ չէ, միայն երևի չի ուզում քեզ ընդունել: Սաղաթել, կարծեմ ժամանակն է կլուբ գնալու:

ՍԱՂԱԹԵԼ – Իհարկե: (Նշան է անում Անդրեասին, որ իրան սառն պահի):

ԱՆԴՐԵԱՍ – Է, մնաս բարով պարոն սիրահար: Մեզ ներիր, գործ ունենք: Եթե ուզում ես, կարող ես նստել, հանգստանալ: Բագրատը տանն է, կարելի է նա քեզ ընդունի: (Անցնում է բեմի խորքը դուրս գնալու համար):

ՕԹԱՐՅԱՆ – (Զարմացած, մի քանի վայրկյան լուռ դիտել է նրան): Զարմանալի է, բոլորովին անհասկանալի...

ԱՆԴՐԵԱՍ – (Սառը նայելով իր ժամացույցին) Ի՞նչն է զարմանալի, պարոն փիլիսոփա:

ՕԹԱՐՅԱՆ – Ձեր խոսակցության եղանակը, ձեր սառնությունը, ձեր դեմքի հեգնական արտահայտությունը:

ԱՆԴՐԵԱՍ – (Տաքանալով) Բաս ինչպես կհրամայես խոսեմ, աղաս, հը՞: Ուզում ես, որ վիզս ծռեմ, վախենամ, աղաչեմ, պաղատեմ: (Լուրջ և խիստ): Հերիք է: Դու չհասկացար պատիվդ: Ես խոնարհվեցի քրիստոնեաբար, դու գլխիս նստեցիր: Համբերությունն էլ չափ ունի: Այժմ կարող ես գնալ, ուր որ ուզում ես, իմ տան դռները քեզ համար փակ են:

ՍԱՂԱԹԵԼ – (Առանձին Անդրեասին) Մի տաքանար, լավ չէ:

ՕԹԱՐՅԱՆ – (Հուզված և ապշած մի քանի վայրկյան լուռ նայում է) Ահա թե ինչ: Ուրեմն, կաշկանդված լեզվի կապերը քանդվել են: Ուրեմն երեկվա օրն այստեղ մոռացվե՞լ է: Այսօր իմ առջև փակում եք այն դռները, որոնց երեկ բաց էիք անում կրունկների վրա: Ասացեք, պարոն Անդրեաս, դուք ինձ ուզում եք վիրավորել իսկապես, թե՞ կատակ եք անում:

ԱՆԴՐԵԱՍ – Ես գյադա - գյուդաների հետ կատակ չեմ անում:

ՍԱՂԱԹԵԼ – Անդրեաս, Անդրեաս...

ԱՆԴՐԵԱՍ – (Վրդովված) Թող ինձ, բավական է ինչքան երես տվեցի լակոտի մեկին:

ՕԹԱՐՅԱՆ – (Կատաղի) Պարոն...

ԱՆԴՐԵԱՍ – Գոռա որքան ուզում ես: Ձայնդ յոթերորդ երկինք կբարձրանա, բայց Աստծուն չի հասնիլ: Շարունակիր էլի, ինչո՞ւ ես լռել: «Դուք ինձ օգնելով, ինձ վիրավորել եք: Ես ինքնասեր մարդ եմ, տանջվել եմ: Դուք իմ փողերով եք ինձ որդեգրել: Ձեր հարստության կեսն իմն է: Տվեք»: Անպատկառ: Ահա վեց ամիս է ես զրկվել եմ իմ հանգստությունից, քնից, ախաորժակից: Քո տարածած սուտ լուրերը տանջում էին ինձ գիշեր-ցերեկ: Քո պատճառով մարդիկ ինձ սկսել էին համարել գող և քիչ էր մնում երեսիս թքեին: Քառասուն տարվա մեջ աշխատած անունս ու պատիվս ոտնատակ էին լինում: Այժմ... այժմ բավական է: Դու սպառնում ես ինձ դատի կանչել: Համեցեք, ճանապարհը բաց է, կարող ես գնալ: Իսկ իմ տան դռները փակ են քո առջև ու հավիտյան չեն բացվիլ:

ՍԱՂԱԹԵԼ – (Մեկուսի) Այս մարդն ինքն իր գործը փչացնելու է:

ՕԹԱՐՅԱՆ – (Լսել է մերթ զարմացած, մերթ վրդովվելով, մերթ իրան զսպելով) Եվ այդ համարձակ լեզվով խոսողը Անդրեաս Էլիզբարյա՞նն է: Նա, որ աշխատում էր ինձ մի քանի հազար ռուբլով կաշառել, որպեսզի ես հրաժարվի՞մ իմ արդար պահանջից: Դուք ինձ մինչև անգամ ծաղրո՞ւմ եք: Դուք ինձ վռնդում եք ձեր տնից, ինչպես մի փողոցային սրիկայի՞: Ինչո՞ւ: Որովհետև ես մինչև այսօր խնայել եմ ձեզ` հանուն ձեր աղջկա սիրուն: Ասացեք, այդ ինչ կերպարանափոխություն է: Ո՞վ կամ ի՞նչը ձեզ ազատեց երեկվա ողորմելի դրությունից: Ո՞վ ներշնչեց ձեզ այդքան քաջություն:

ԱՆԴՐԵԱՍ – Ես քո սպառնալիքներից մազի չափ չեմ վախեցել:

ՕԹԱՐՅԱՆ – Սուտ եք ասում, պարոն: Դուք ինքներդ այս րոպեիս խոստովանեցիք, որ ես ձեզ զրկել եմ քնից ու հանգստությունից: Կնշանակե, դուք համոզված էիք, որ ձեր հանգստությունն ինձանից է կախված: Զգում էիք, որ բավական է ես ցանկանամ, և դուք կսողաք իմ ոտների տակ:

ԱՆԴՐԵԱՍ – Լիրբ... (Հարձակվում է վրեն):

ՍԱՂԱԹԵԼ – (Մեջ ընկնելով) Անդրեաս, Անդրեաս (Լռություն):

ՕԹԱՐՅԱՆ – (Բռունցքները սեղմելով, ուզեցել է հարձակվել, բայց զսպել է իրեն) Ոչ, ոչ չպիտի խելագարվել: Պետք է իմանալ ինչ է անցել այստեղ: Ես ոչինչ չեմ կարող ասել: Հարկավոր է տեսնվել Մարգարիտի հետ: Նա ինձ կասի ճշմարտությունը: Երկուսից մեկը – կամ ես խաբված եմ այդ աղջկանից, կամ այս մարդը մի զարհուրել չարագործ է: Մարգարիտը կբացատրի գաղտնիքը: Նա պարտավոր է բացատրել: Ես նրան հավատացել եմ ինչպես երկնային դատավորի: Ես կտսնվեմ նրա հետ թեկուզ մահվան անկողնում լինի: (Քայլերն ուղղում է դեպի նախասենյակ):

ԱՆԴՐԵԱՍ – (Սաղաթելին) Հրամայիր ծառաներին, որ ներս չթողնեն նրան:

ՕԹԱՐՅԱՆ – (Կանգ առնելով): Զգուշացեք պարոն, ապա թե ոչ ձեզ հետ կկորչի և ձեր աղջիկը: (Շտապ անցնում է նախասենյակ):

ԱՆԴՐԵԱՍ – (Բարձր ձայնով) Վարդան, դուրս արեք նրան, դուրս: (Դիմում է նախասենյակի կողմը):

ՍԱՂԱԹԵԼ – (Բռնում է նրա թևից) Համբերիր, մարդ Աստծու, համբերիր: Լավ մտածիր, ինչ ես անում:

ԱՆԴՐԵԱՍ – (Մի կերպ ուշքի գալով) Ճշմարիտ ես ասում, ես չպիտի տաքանայի: Տես, որտեղ գնաց:

ՍԱՂԱԹԵԼ – (Նայում է նախասենյակի դռներով): Դռները բաց արին: Բագրատը խնդրում է նրան ներս մտնել:

ԱՆԴՐԵԱՍ – Ի՞նչ պիտի անենք, եթե Մարգարիտը հայտնի նրան:

ՍԱՂԱԹԵԼ – Վկան ես չե՞մ, մարդ Աստծո, ոչ տեսել եմ, ոչ լսել:

ՏԵՍԻԼ 6

ԱՆԴՐԵԱՍ, ՄԱՐԳԱՐԻՏ ԵՎ ՍԱՂԱԹԵԼ, հետո առանց Սաղաթելի

ՄԱՐԳԱՐԻՏ – (Դուրս է գալիս ձախից և կանգ է առնում դռների առջև: Գունատ է, դեմքի վրա երևում են անքնության և հոգեկան տանջանքների հետքեր):

ԱՆԴՐԵԱՍ – (Տեսնելով նրան, ուժգին ցնցվում է, բայց և արագությամբ իշխում է իրան):

Մի քանի վայրկյան պատկերավոր լռություն

ԱՆԴՐԵԱՍ – (Կանգնած է բեմի մեջտեղում):

ՄԱՐԳԱՐԻՏ – (Կանգնած է ձախ դռների մոտ և չի նայում հորը):

ՍԱՂԱԹԵԼ – (Անցել է բեմի աջ կողմը և տերողորմյան ձեռին նայում է առաստաղին):

ՄԱՐԳԱՐԻՏ – (Ուզում է խոսել, բայց նեղված է Սաղաթելի ներկայությունից) Քեռի, մայրիկը կարծեմ ուզում էր քեզ տեսնել:

ՍԱՂԱԹԵԼ – (Մեկուսի): Ցանում է ինձ: (Հանդարտ քայլերով անցնում է աջից դեպի ձախ և դուրս է գալիս ձախ դռներով: Ճանապարհին հատակի վրա տեսնելով ինչ-որ թուղթ, վերցնում է և դնում Բագրատի սեղանի վրա):

ՄԱՐԳԱՐԻՏ – (Սաղաթելին ճանապարհ դնելով, դռները հետևից ծածկում է):

ԱՆԴՐԵԱՍ – Լսեցի հիվանդ ես, ինչո՞ւ ես վեր կացել:

ՄԱՐԳԱՐԻՏ – (Այնքան կլանված է իր մտքերով, որ գրեթե չի լսում) Հայրիկ, նա եկավ ինձ տեսնելու, չկարողացա նրան ընդունել: Երրորդ անգամն է գալիս այսօր, ես փախչում եմ նրանից: Հայրիկ, տուր ինձ միջոց նրան պարզերես հանդիպելու:

ԱՆԴՐԵԱՍ – Չեմ հասկանում, ինչ ես ուզում ինձանից:

ՄԱՐԳԱՐԻՏ – (Դողդոջուն ձայնով, բայց հաստատ): Ազնվություն:

ԱՆԴՐԵԱՍ – Ես այն եմ, ինչ որ կամ, ոչ ավելի, ոչ պակաս: Դու չես կարող ինձ խրատել

ՄԱՐԳԱՐԻՏ – Մի տանջիր ինձ, հայրիկ, ես չեմ կարող դիմանալ քո անպատվությանը:

ԱՆԴՐԵԱՍ – Եթե անպատիվ բան էր, ինչո՞ւ ինձ ստիպեցիր անել:

ՄԱՐԳԱՐԻՏ – Ես ուզում էի անունդ խայտառակությունից ազատել:

ԱՆԴՐԵԱՍ – (Դառն հեգնական ծիծաղով) Ազատե՞լ: Ոչ, ընդհակառակը, դու ուզում էիր ինձ զոհել քո... սիրականին: (Վերջին բառը արտասանում է վիրավորական շեշտով):

ՄԱՐԳԱՐԻՏ – Հայրիկ մի ասա այդ բանը, մի ասա:

ԱՆԴՐԵԱՍ – Ինչպես չասեմ; Նրան ճանաչելու օրից հարազատ ծնողիդ մոռացել ես: Նրա մի համբույրը քեզ համար ավելի թանկ է, քան իմ պատիվը:

ՄԱՐԳԱՐԻՏ – Երդվում եմ մեր գերդաստանի անունով, որ սխալվում ես: Չեմ թաքցնում, ես սիրում եմ Օթարյանին: Բայց քո պատիվն ավելի եմ սիրել, որովհետև իմ ծնողի ազնվությունն ավելի բարձր է ինձ համար, քան իմ երջանկությունը:

ԱՆԴՐԵԱՍ – Սուս, անամոթ, մի համարձակվիր մոտս խոսել քո սիրո մասին: Ես շատ լավ գիտեմ, որ դու ուզում էիր ինձանից խլել հարստությունս, տալ այդ գյադային, որ հետո միասին ավելի փառավոր ապրեիք: Քո օժիտը քեզ քիչ էր թվում:

ՄԱՐԳԱՐԻՏ – Կարող եմ երդվել, հայրիկ, որ ինքդ չես հավատում քո ասածին: Դու շատ լավ գիտես, որ ես երբեք քո հարստության վրա աչք չեմ ունեցել:

ԱՆԴՐԵԱՍ – (Ծաղրով) Իհարկե, դու այս աշխարհից չես, քեզ մայր չի ծնել: Բավական է, դու սիրտ չունես, դու ատում ես ինձ, դու իմ թշնամին ես:

ՄԱՐԳԱՐԻՏ – Շատ լավ, թող այդպես լինի: Բայց մի օր կհամոզվես, որ ոչ ոք քեզ չի սիրել այնչափ, որչափ ես:

ԱՆԴՐԵԱՍ – Ինչո՞ւ ես եկել գլխիս, ասա կարճ, կտրական:

ՄԱՐԳԱՐԻՏ – Հետ տուր ինձ այդ թղթերը, հետ տուր:

ԱՆԴՐԵԱՍ – (Կծու ծիծաղ) Հա, հա, հա, հետ տուր: Անդրեաս Էլիզբարով, լսո՞ւմ ես, տուր սուրդ թշնամու ձեռը, վիզդ ծռիր, որ նա կտրե: Չէ որդի, Փառք Աստծո, դեռ չեմ գժվել:

ՄԱՐԳԱՐԻՏ – Հայրիկ, մի ծաղրիր իմ տանջանքը, ես չեմ կարող դիմանալ:

ԱՆԴՐԵԱՍ – (Եղանակը փոխելով) Ի՞նչ թղթեր ես ուզում, ա՞, ի՞նչ թղթեր: Ես ոչ մի թուղթ չեմ տեսել, չեմ ունեցել և չունեմ, գնա բանիդ:

ՄԱՐԳԱՐԻՏ– (Ձեռները ջարդելով): Աստված իմ...

ԱՆԴՐԵԱՍ – Այո, դու երազ ես տեսել, ուրիշ ոչինչ...

ՄԱՐԳԱՐԻՏ – Կյանքս կտայի, եթե երազ լիներ: Երբ լսեցի բանալիների ձայնը, արթնացա և լուսամուտի թույլ լույսով տեսա քո ահեղ կերպարանքը, չհավատացի աչքերիս: Մի քանի րոպե, սարսափից քարացած, դիտում էի արարքդ: Ախ, այն ինչ վայրկյան էր, երբ դու հեռացար վախկոտ քայլերով, և ես հետևեցի քեզ: Այնտեղ, դահլիճում, քո սարսափած դեմքի վրա կարդացի իմ դատավճիռը: Դա ինձ համար կայծակի հարված էր:

(Երեսը դարձնելով, աշխատում է արտասուքը զսպել):

ԱՆԴՐԵԱՍ – Երազ չէ, բաս ինչ է: Երեկ ամբողջ գիշերը ես տանը չեմ եղել: Քեռիդ վկա է...

ՄԱՐԳԱՐԻՏ – Հայրիկ, եթե ինձ չես խնայում, խնայիր քեզ: Սիրտս վկայում է, որ այդ թղթերը պետք է քո գլխին մի փորձանք բերեն:

ԱՆԴՐԵԱՍ – Դե, հերիք է, համբերությունս մի կտրիր, ես սկսում եմ կատաղել:

ՄԱՐԳԱՐԻՏ – Ա, այլևս քո սպառնալիքներից չեմ վախենում: Իմ ամենամեծ պատիժը երեկվա քո արածն էր:

ԱՆԴՐԵԱՍ – (Կատաղած) Դե դուրս, դուրս, անպատկառ: Դու կարող ես ինձ որդեսպան դարձնել:

ՄԱՐԳԱՐԻՏ – Հայրիկ, մի՞թե չես մտածում, որ ես կարող եմ քո գողությունը պատմել բոլորին, առանց քեզ խնայելու:

ԱՆԴՐԵԱՍ – Մինչև բերանդ բաց անելը, ես այդ հանդուգն լեզուդ տակահան կանեմ և կշպրտեմ շներին: Դեհ կորիր, քանի որ սատանան ինձ չի հաղթել:

ՄԱՐԳԱՐԻՏ – (Հուսահատ) Աստված իմ, ի՞նչ անեմ: Նա սիրտ չունի: Հայրիկ, սիրելի թանկագին ծնող, տուր ինձ այդ թղթերը: Այսօր ես պարտավոր եմ նրանց վերադարձնել իրենց տիրոջը: Ես ազնիվ խոսք եմ տվել: Նա այնտեղ, հյուրասենյակում սպասում է: Ես փախա նրանից, ինչպես գող: Տուր, եթե մազի չափ հարգում ես քո աղջկա պատիվը:

ԱՆԴՐԵԱՍ – Անեծք քեզ, չար սադայել: Ասում եմ քեզ, որ իմ մոտ ոչինչ չկա:

ՄԱՐԳԱՐԻՏ – Հայրիկ, դու ինձ լավ չես ճանաչել: Ես քիչ եմ խոսել, բայց շատ եմ մտածել և զգացել: Ես պատրաստ եմ կյանքս զոհել պատվիդ հանար, բայց պատիվս արատավորել հարստությանդ համար – չեմ կարող, անզոր եմ: Դու պետք է ազատես ինձ խայտառակությունից: Այդ քո պարտքն է, որովհետև դու հայր ես: Տուր ինձ իմ պատիվը, ես առանց պատվի մի ժամ անգամ ապրել չեմ կարող:

ԱՆԴՐԵԱՍ – (Ատամները կրճտելով) Հեռացիր, աղջի, արյունս գլուխս է տալիս:

ՄԱՐԳԱՐԻՏ – Ոչ, չեմ հեռանալ, մինչև որ չստանամ այդ թղթերը: Զրկիր ինձ մի կտոր հացից, վռնդիր փողոց: Ես պատրաստ եմ քո վերջին գործակատարի աղախինը դառնալ, պատրաստ եմ դռնեդուռ ընկնել, ողորմություն մուրալ, բայց գող հռչակվել, ոչ այդ չեմ կարող: Նա ազնիվ է, նա ինձ էլ ազնիվ է համարում: Նա իմ մասին շատ մեծ գաղափար ունի: Եվ հանկարծ գող նրա աչքում: (Չոքում է) Խղճա ինձ, խնայիր ինձ: Քեզանից է կախված իմ կյանքը: Լավ լսիր, կյանքս եմ ասում: ՄԻ արա, հայրիկ, այդ բանը, մի արա, գողությունը սոսկալի հանցանք է:

ԱՆԴՐԵԱՍ – (Կռվել է ինքն իր հետ) Վեր կաց, ամոթ է, ներս կմտնեն, կտեսնեն:

ՄԱՐԳԱՐԻՏ – Ոչ, ոչ, ես վեր կկենամ միայն պատիվս հետ ստացած: Տեսնո՞ւմ ես, խիղճդ արդեն տանջում է քեզ: Մի դարձնիր երեսդ, երդվում եմ, երբեք քեզ չեմ դատապարտել, երբեք, ոչ մի խոսքով, ոչ մի ակնարկով: Կպապանձվեմ և կհարգեմ քեզ առաջվա պես: Ես գիտեմ, որ դու մոլորվել ես և այժմ զղջում ես: Հայրիկ, տուր ինձ այդ թղթերը:

ԱՆԴՐԵԱՍ – (Վճռական շարժում է անում և վեր կենում) Հոգիս բերանս բերեցիր: (Մոտենում է գրասեղանին, արագ բաց է անում արկղը և ծրարը հանում):

ՄԱՐԳԱՐԻՏ – (Ուրախացած ոտքի կանգնելով) Ահ, ես գիտեի, որ դու բարի ես, որ քո չարությունը կեղծ է: Շնորհակալ եմ, հայրիկ, դրանով դու ազատում ես ոչ միայն պատիվս, այլև կյանքս...

ԱՆԴՐԵԱՍ – Հըմ, ձեռք վերցրու: Ես մի հարվածով վերջ կտամ ամեն բանի: Ինչ արած, դու համառ ես: (Թղթերը պատռում և ձգում է վառարան) Ահա նրանց տեղը:

ՄԱՐԳԱՐԻՏ – Քարսիրտ, այդ ինչ ես անում: (Ճչալով հարձակվում է, որ խանգարի):

ԱՆԴՐԵԱՍ – (Չի թողնում նրան վառարանին մոտենալ) Կաց, եթե ոչ քեզ էլ կգցեմ այնտեղ: Ահ, վերջապես, ազատվում եմ ձեզանից: Վառվեցեք, մոխիր դարձեք, դուք շատ եք այրել իմ սիրտը: Կռիվ երկուսի մեջ:

ՄԱՐԳԱՐԻՏ – Թող ինձ, թող ինձ: Դու ինձ ես այրում, ինձ: Բաց թող, բաց թող: (Ուզում է կծոտել հոր ձեռքերը) Ահ, ես թուլանում եմ, ուժ չունիմ: Լսիր, ես կգոռամ, կկանչեմ բոլորին այստեղ, որ տեսնեն քո ավազակությունը: Թող: (Ազատվելով հոր ձեռքից, մոտենում է վառարանին): Ահ, այլևս ուշ է: Այրվեցին, կորավ ամեն ինչ: (Բարձրաձայն) Այստղ եկեք, Ռոզալիա, Բագրատ, ամենքդ եկեք, տեսեք ինչ է կատարվում այստեղ: Հայրն այրեց իր աղջկա պատիվը: Ահ, կորավ ամեն ինչ: (Թուլացած ընկնում է աթոռի վրա: Լռություն) Բայց թող այդպես լինի: (Քայլերն ուղղում է դեպի ձախ դռները: Հանդիպում է Օթարյանին, որ գալիս է նույն դռներից, ցնցվում է և անշարժ մնում):

ԲԱԳՐԱՏ – (Ներս է մտնում նույն դռներից, Օթարյանից քիչ հետո):

ՏԵՍԻԼ 7

ԱՆԴՐԵԱՍ, ՄԱՐԳԱՐԻՏ, ՍԱՂԱԹԵԼ, ՕԹԱՐՅԱՆ ԵՎ ԲԱԳՐԱՏ

ԱՆԴՐԵԱՍ – (Ձեռները մեջքին դրած, կանգնած է դեպի ձախ):

ՕԹԱՐՅԱՆ – Վերջապես, տեսա քեզ: Դու հիվանդ չես և փախչում ես ինձանից: Լսիր, հայրդ ինձ անպատիվ արավ և դուրս վռնդեց իր տնից: Ես համարվում եմ ստոր մարդ, որ ուզեցել է խաբեբայությամբ կորզել նրա հարստությունը: Ցույց տուր նրան իմ թղթերը: Ցույց տուր իսկույն, ես այդպես եմ կամենում: Ես ստորացած եմ, անպատված: Ցույց տուր այդ ապացույցները:

ՄԱՐԳԱՐԻՏ – (Լուռ, գունատ, դողդոջուն և անշարժ կանգնած է պատի տակ):

ՕԹԱՐՅԱՆ – Ահա և եղբայրդ: Այժմ նա ուրիշ լեզվով է խոսում: Այստեղ մարդկանց դերերը փոխվել են: Երեկ հայրդ էր ուզում ինձ կաշառել, այսօր - եղբայրդ: Գոնե բացատրիր, ինչ է պատահել: (Լռություն) Ա, դու լսո՞ւմ ես ձայն չես հանում, կանգնած ես դատապարտյալի պե՞ս: Երդվում եմ հորս հարստահարված գերեզմանով, կամ դուք եք խելագարվել, կամ ես: (Մարգարիտին) Ասա, այդ ի՞նչ դավադրություն է: Չէ որ ես քեզ ընտրեցի դատավոր: Ո՞ւր են իմ ապացույցները: Բեր այստեղ:

ՄԱՐԳԱՐԻՏ – (Երկար տատանվելով) Չգիտեմ:

ՕԹԱՐՅԱՆ – Դեհ, լսո՞ւմ ես, Մարգարիտ, գնա բեր այն թղթերը:

ՄԱՐԳԱՐԻՏ – (Մեռելային սառնությամբ) Ես այրեցի այն թղթերը: Ահա այստեղ: (Ցույց է տալիս վառարանը, երկարատև տանջանքով մի հայացք է ձգում հոր վրա և թույլ քայլերով հեռանում է ձախ դռներով):

ՕԹԱՐՅԱՆ – }

ԲԱԳՐԱՏ – } (Միաժամանակ մոտենում են վառարանին):

ԲԱԳՐԱՏ – (Նայում է, փակում է վառարանի դռներն և ուրախություն արտահայտում ):

ՏԵՍԻԼ 8

ԱՆԴՐԵԱՍ, ՍԱՂԱԹԵԼ,ՕԹԱՐՅԱՆ, ԲԱԳՐԱՏ հետո ՍՈՒՐԵՆ

Պատկերավոր տեսարան

ՕԹԱՐՅԱՆ – (Ապշած նայում է մերթ մեկին, մերթ մյուսին) Այրե՞լ է: Ուրեմն, այդ մի որոգա՞յթ էր ինձ համար: Մարգարիտը դաշնակից մի ավազակի: Ոչ, այդ անկարելի բան է: Կասկածել նրա ազնվության մասին, կնշանակե հայհոյել սրբությունը: Նա սուտ ասաց: Նա իրան զրպարտեց: Այստեղ մեղավորն ուրիշ է: (Անդրեասին) Արդարացրեք ձեր աղջկան, ապա թե ոչ` ես նրան կվիրավորեմ:

ՍԱՂԱԹԵԼ – (Ներս է մտնում ձախ դռներից):

ԱՆԴՐԵԱՍ – Սաղաթել, գնանք կլուբ: (Քայլերն ուղղում է դեպի նախասենյակ): Բեմի հետևից լսվում է ատրճանակի խուլ պայթյուն:

ԲՈԼՈՐԸ – (Ցնցվում են):

ՍԱՂԱԹԵԼ – Այդ ի՞նչ էր: (Վազում է հետ ձախ դռներով):

ԲԱԳՐԱՏ – (Հետևում է Սաղաթելին):

ԱՆԴՐԵԱՍ – }

ՕԹԱՐՅԱՆ – } Քարացել են:

ՍՈՒՐԵՆ – (Ներս է վազում ձախ դռներից գունաթափված: Տատանվում է; Լռություն): Մարգարիտն իրեն սպանեց:

ԱՆԴՐԵԱՍ – (Մռնչում է, ձեռը զարկելով գլխին) Ահ, որդեսպան:

ՕԹԱՐՅԱՆ – Ա, այդ դու ես այրել: Գազա՞ն: (Ուզում է հարձակվել Անդրեասի վրա):

ՍՈՒՐԵՆ – (Մեջ է ընկնում) Կաց, նա արդեն պատժված է: (Նայում է հորը կատաղությամբ և զզվանքով):

ՕԹԱՐՅԱՆ – Մարգարիտ, Մարգարիտ: (Հեկեկալով վազում է դեպի ձախ և անզորացած հենվում դռներին):

Վարագույրն իջնում է հանդարտ:

Վերջ
Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Պատվի համար"

Ятук Музыка
Колыбельная для мамы
Элен Йолчян

Колыбельная для мамы

Война и мир
Война и мир
Играть онлайн