Александр Ширванзаде
Պատվի համար
ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ
ԱՆԴՐԵԱՍ ԷԼԻԶԲԱՐՅԱՆ – Տեղական հայտնի հարուստներից մեկը: 55 տարեկան, առույգ և ամրակազմ տղամարդ, կարճ խուզած ալեխառն մազերով, ցանցառ մորուքով և կարմիր այտերով:
ԵՐԱՆՈՒՀԻ – Անդրեասի կինը: Քահանայի դուստր, 46 տարեկան, ժամանակից առաջ թառամած, դժգույն, նիհար կին, համակրելի և գեղեցիկ:
ԲԱԳՐԱՏ – Էլիզբարյանների ավագ որդին: Ժամանակակից գործնական երիտասարդ, 27 տարեկան, եռանդուն դեմքով: Ձևերն ու շարժումներն արագ են, ոճը կտրուկ և գրական:
ՍՈՒՐԵՆ – Էլիզբարյանների երկրորդ որդին, 23 տարեկան կենսախինդ երիտասարդ, որի դեմքը կրում է շվայտ կենցաղի վաղաժամ հետքերը, բայց համակրելի է: Հագնվում է վերջին տարազով:
ՌՈԶԱԼԻԱ – Էլիզբարյանների մեծ աղջիկը: 24 տարեկան, բավական գեղեցիկ, բայց չափազանց ինքնագոհ դեմքով օրիորդ: Հագնվում է միշտ շքեղ, առանց գույների խտրության:
ՄԱՐԳԱՐԻՏ – Էլիզբարյանների երկրորդ աղջիկը: 22 տարեկան, մտախոհ դեմքով, արտահայտիչ աչքերով օրիորդ` մի քիչ մորը նման, բայց ավելի գեղեցիկ: Հագնվում է համեստ, ճաշակով:
ԱՐՏԱՇԵՍ ՕԹԱՐՅԱՆ – Անդրեասի հանգուցյալ ընկերոջ որդին և նախկին որդեգիրը: 26-27 տարեկան, խոհուն դեմքով, նյարդային շարժումներով: Հագնվում է միշտ սև:
ՍԱՂԱԹԵԼ – Երանուհու եղբայրը և Անդրեասի հավատարիմ աջակիցը: Մոտ 50 տարեկան, անվրդով, բայց խորամանկ դեմքով: Երեսը սափրում է, քունքերի մոտ փոքրիկ մորուսհատներ թողնելով: Հագնվում է միշտ միատեսակ – լայն վարտիք, սև ատլասի արխալուղ, վրեն երկարավուն, լայն պիջակ: Վզովը գցած ժամացույցի ոսկե շղթա: Մեջքին կապած ոսկե քամար: Միշտ գործ է ածում դեղին սաթի տերողորմյա խոշոր հատիկներով: Կոշիկների տակերը մի մատնաչափ հաստ են:
ԱՐԻՍՏԱԿԵՍ ԿԱՐԻՆՅԱՆ – Անդրեասի հաշվապահը: Ժամանակից առաջ ծերացած, 42 տարեկան տղամարդ: Սովորական ծառայողի միջին տիպար:
ՎԱՐԴԱՆ – Սպասավոր Էլիզբարյանների գրասենյակում: Երիտասարդ: Խոսում է Շամախու բարբառով:
ԶԱՐՈՒՀԻ – Երիտասարդ աղախին:
Գործողությունը կատարվում է Էլիզբարյանների տանը: Մեր ժամանակի անցք: