Нар-Дос

Քնքուշ լարեր

Թատրոնում

Թիֆլիսի Ամառային թատրոնում հայ թատրոնասերները բարեգործական նպատակով ինչ-որ ներկայացում էին տալիս։ Գուցե «բարեգործական նպատակն» էր պատճառը, որ բոլոր տոմսերը ծախված էին, որովհետև արդեն հայտնի իրողություն է այն, որ հայ «մշտական» խմբի ոչ-բարեգործական նպատակով տված ներկայացումներին գրեթե միշտ տորիչելյան դատարկություն էր տիրում թատրոնում... Ժողովուրդը, որ բաղկացած էր գլխավորապես ինտելիգենտ կոչված դասից, նշանակյալ ժամանակից դեռ կես ժամ առաջ արդեն սկսել էր տեղալ դեպի թատրոն։ Վերնահարկում, ուր հաճախում են գլխավորապես քաղաքի չքավոր հայ ուսանողները, արդեն սկսվել էր իրարանցումը։ Բոլոր օթյակները բռնված էին։ Նրանցից շատերի մեջ նստած զրուցում էին երկու սեռի ներկայացուցիչների մարդիկ և կանայք, իսկ շատերի մեջ, աթոռների վրա գտնվում էին միայն նրանց անշունչ ներկայացուցիչները՝ կանանց գլխարկներ, շալեր, դիտակներ, իսկ նրանց տերերը, որովհետև տակավին վաղ էր, զբոսնում էին սրահում։

Երկու հարևան օթյակներ միայն տակավին դատարկ էին։ Նրանց այդ գիշերվա վարձողները կամ մյուսների նման անհամբեր չէին, կամ տակավին չէին վերջացրել իրենց զարդարանքների ամենավերջին անճշտությունները։ Սակայն շուտով նրանցից մեկի դուռը բացվեցավ, և ներս մտան մի տղամարդ ու կին։ Նրանք անմիջապես նստեցան իրենց աթոռների վրա և լուռ սկսեցին նայել հանդիսականներին, որոնցից ոմանք համբերությունից դուրս գալով, ծափահարում էին, մոռանալով, որ մինչև նշանակյալ ժամանակը տակավին կես ժամ կա, իսկ ոմանք ժպտալով, կամ լուրջ կերպով զրույց էին անում միմյանց հետ։

Ստեփաննոս Հարունյանը (այդպես էր կոչվում տղամարդը) մի բարձրահասակ, լայն թիկունքով և վեհանձն մարդ էր։ Նա շատ ծանր և լուրջ էր, ինչպես առհասարակ լինում են խելացի և հաստատակամ բնավորությունները։ Նրա բոլոր շարժումների և խոսակցության մեջ նկատվում էր զարմանալի զգաստություն, որ միայն բնատուր է լինում և իսկույն որոշվում է կեղծից։ Նա կլիներ մոտ երեսունևհինգ տարեկան, բայց նրա դեմքը հենց առաջին հայացքից կեղծում էր, նրան այդ տարիքից ավելի երիտասարդ ցույց տալով։ Ազնվությունն ու բարությունը միախառնվելով՝ նրա գեղեցիկ և փոքր֊ինչ այլայլված դեմքին տվել էին մի այնպիսի արտահայտություն, որ նայողը կամենում էր նրան փոքր֊ինչ երկար նայել, առավելապես նրա համար, որպեսզի ասեր. ի՜նչ քաղցր մարդ է դա։ Նրա երկար ու լայն շիկագույն մորուքը, որին նա սովորություն ուներ ստեպ֊ստեպ ձեռքով հարթելու, ծածկում էր գրեթե լայն, դուրս ընկած կուրծքի մի մասը։ Երբեմն նա սովորություն ուներ յուր մեծ֊մեծ, խոհուն աչքերը կիսախփել և այդ ժամանակ նրա դեմքը փոքր֊ինչ մռայլվում էր, գրեթե մելամաղձոտ արտահայտություն էր ստանում. բայց նա բնավ մելամաղձոտ չէր, որին և վկա էր նրա գրավիչ, փափուկ ձայնը։ Նա ծառայում էր տեղական արքունական պալատներից մինում մեծաքանակ ռոճիկով։ Ամբողջ տասը տարի նա վարում էր յուր պաշտոնը, և ոչ ոք նրա մասին մի դժգոհություն չէր հայտնել։ Բոլոր նրան ճանաչողները սիրում և հարգում էին նրան։ Ամենքը մատնացույց էին անում նրա վրա, իբրև մի անկեղծ, ճշմարիտ և յուր կոչմանն ու պաշտոնին հավատարիմ մարդու վրա։ Նրա անկեղծությունն ու ճշմարտությունը մի այնպիսի հռչակ էր հանել պալատում, որ ամենքը նրա ստորադրյալներից ամբողջ մարմնով դողում էին, երբ նա հաշիվ էր պահանջում նրանցից իրենց հանձնված գործերի մասին։ Նրանք երկյուղ էին կրում, թե միգուցե նա մի որևիցե զեղծումն գտնե իրենց կատարած գործերի մեջ։ Եվ վա՜յ նրան, ում մեջ այդ գտնում էր. նա անմիջապես զրկվում էր յուր պաշտոնից։ Շատերին էլ նա առաջին անգամը ներում էր, բայց այն պայմանով միայն, որ ոչ մի ժամանակ այլևս այդ չկրկնվի։ Սակայն, ինչպես ամեն մի ճշմարիտ մարդու, նույնպես և նրան, կային մարդիկ, որոնք ատում էին և նրա վրա չարախոսում էին, և այդ հասկանալի է, թե ինչու և ինչպիսի մարդիկ պիտի ատելիս լինեին նրան... Ճշմարտության ու անկեղծության անհաշտ թշնամիներն ամեն կերպ աշխատում էին արատ ձգել նրա անբիծ անվան վրա, բայց զուտ փայլուն ոսկին իրեն վրա ոչ մի ժանգ չի ընդունում, նա շարունակում է ավելի ու ավելի փայլել և յուր պայծառ շողերով ծակծկել, կուրացնել նրանց աչքերը...

Նրա կինը, տիկին Նունե Հարունյանը, քսանևհինգ տարեկանից ավելի չէր կարող լինել։ Նա այնքան քնքուշ էր, նրա փոքրիկ դեմքի գծերն այնքան նուրբ էին, որ առաջին հայացքից ավելի մի մանկահասակ աղջկա էր նմանում, քան կնոջ, որի դեմքի վրա սովորաբար և բնականաբար այլևս չէին փայլում կուսական թարմությունը, անփորձությունը, անհոգությունը։ Նրա դեմքի և ձեռքերի սպիտակ-դեղնագույն կաշին այնքան նուրբ էր, այնքան թափանցիկ, որ իսկույն կարելի էր նշմարել, թե ի՛նչպես ճյուղավորվում էին դրա տակ նրա կապույտ երակները։ Նրա սև հենքերը, փայլուն մազերն և մանավանդ մեծ-մեծ ու միշտ ժպտող ու խոնարհ աչքերը, որոնց մեջ նկատվում էր մի տեսակ, գրեթե կուսական ամոթխածություն ավելի պատիվ կբերեին մի խոշոր գեղեցկուհու, քան դրան, որ, ըստ երևույթին, մի հիվանդոտ կնոջից ոչնչով չէր զանազանվում։ Բայց մի բան, որ ամենաանհարմար կերպով խանգարում էր նրա քնքշատիպ գեղեցկության ներդաշնակությունը այդ նրա հարթ կուրծքն էր, որ կարծես զուրկ էր ստինքներից կնոջ արտաքին փայլի այդ պսակներից։

Նրանց մտնելուց հազիվ թե անցել էր հինգ րոպե, երբ հանկարծ բացվեցավ նրանց կից օթյակի դուռը, և մի շքեղ սևազգեստ կին վեհապանծ ներս մտավ։ Նրա մտնելուն պես բոլորը՝ թե՛ օթյակներից, թե՛ պարտերից և թե՛ մինչև անգամ վերնահարկից՝ աչքերը դեպի նա դարձրին և բոլորն էլ, ըստ երևույթին, գրավվեցան նրա հենց առաջին հայացքից աչքի ընկնող հրաշալի գեղեցկությամբ։ Եվ իրավ որ նա անզուգական գեղեցկուհիներից մեկը կարող էր համարվել, եթե չհիշենք նրա տարիքը, որ մոտավորապես որոշելու համար՝ բավական չէր հեռվից միայն նայել կամ հարևանցի ակնարկ ձգել նրա վրա, որովհետև այդպիսի դեպքերում նա քսան, քսանհինգ տարեկան կնոջից ոչնչով չէր զանազանվում, այլ հարկավոր էր ավելի մոտիկից և երկար նայել նրա դեմքին և նա մոտ երեսուն ամբողջ գարուններ անցրած կին էր երևում։ Յուր բոլոր արտաքին տեսքով նա ներկայացնում էր տիկին Հարունյանի բոլորովին հակապատկերը։ Կարծես, բնությունը, նրանց ստեղծելով, կամեցել էր ցույց տալ, թե որքան ինքը հմուտ է հակապատկերներ ստեղծելում։ Նա բարձրահասակ էր, ոչ հաստ և ոչ բարակ, բայց լի, հարուստ կրծքով, որ միշտ առանձին վեհությամբ դուրս ձգած լինելով՝ նրան թագուհու էր նմանեցնում։ Իսկույն երևում էր, որ նրա՝ առանց այն էլ գեղեցիկ դեմքին կոսմետիկ ասած բանը չէր դիպել երբեք, նայելով նրա բնական սպիտակ ու կարմիր այտերին, որոնց վրա փայլում էր տակավին երիտասարդության թարմության դրոշմը, և որոնք այդ գիշեր սաստիկ վառվում էին և նրա գեղեցկությունը կրկնապատկում։ Նշանավոր էր նրա կանոնավոր քիթն և առավել ևս նրա մեծ-մեծ, կրակոտ, թուխ աչքերն երկար թերթերունքներով, որոնք մի ակնթարթում կարողանում են նույնիսկ պաղարյուն յուրաքանչյուր երիտասարդի ընկճել և գերել։ Այդ գեղեցկուհու ազդեցությունը կրկնապատկում էր նրա շարժունությունը, որ հատուկ է լինում գլխավորապես ազնվական և եվրոպական-արիստոկրատ շրջաններում սնված և մեծացած կանանց։

Նախքան նստելը, նա առավ կրծքի վրա կախած պատկառելի պենսնեն և, մոտեցնելով աչքերին, սկսեց անցնել նախ բոլոր օթյակների կարգը, հետո նայեց դեպի ներքև, որից հետո, որպես հպարտ թագուհի, ձգվեցավ աթոռի վրա։

Հարունյանները հետաքրքրությամբ դիտում էին այդ՝ իրենց անծանոթ հարևան գեղեցկուհուն, որ այնպես վեհանձն ու ազատ էր պահում իրեն և, ինչպես երևում էր, բոլորովին մենմենակ էր եկել թատրոն։

Հանկարծ անծանոթ գեղեցկուհին դեմքը դեպի նրանց դարձրեց, և նրա հայացքը հանդիպեց տիկին Հարունյանի հայացքին։ Նրանք սկսեցին անխոս և անթարթ նայել միմյանց դեմքին, մանավանդ առաջինը, որի դեմքը հետզհետե հետաքրքրական արտահայտություն էր ստանում։ Տիկին Հարունյանն ուղղակի նայում էր նրա աչքերին, որոնք, կարծես, նրան ծանոթ էին թվում, նրա մեջ ինչ-որ մութ հիշողություն էին զարթեցնում։ Մինչ նա ամեն կերպ աշխատում էր յուր այդ հիշողության վրա լույս ձգել, անծանոթ գեղեցկուհին, պենսնեն մի քանի անգամ աչքերին մոտեցնելուց հետո, վեր կացավ և մոտեցավ նրան յուր օթյակի մեջ, հարցրեց ժպտալով․

Ներեցե՛ք ինձ, դուք իմ ծանոթս գալիս եք, ես ձեզ մեկի նմանությանն եմ տալիս և չգիտեմ արդյոք դուք նա՞ եք, թե իմ աչքերս են միայն ինձ խաբում... կբարեհաճեի՞ք արդյոք կասկածս փարատել, հայտնելով ինձ ձեր անունը։

Այն եղանակը, որով նա մի առանձին արագախոսությամբ արտասանեց այդ բառերը, և ընտիր ձևերը, որ գործ դրեց այդ բառերը արտասանելիս իսկույն ցույց էին տալիս, որ նա հասարակ մարդու կին չէր, կամ հասարակ տեղերում չէր մեծացել, և որ նա յուրացրել էր բարձր շրջանի բոլոր ձևերը։

Տիկին Հարունյանը փոքր-ինչ շփոթվեց այդ արիստոկրատ գեղեցկուհու պատկառելի անձնավորության առաջ, բայց շուտով իրեն հավաքելով, պատասխանեց նույնպես ժպտալով․

Նունե Հարունյան։

Նո՞ւնե․․․ Հարունյա՜ն, արտասանեց իսկույն անծանոթ գեղեցկուհին առաջին բառը շուտ, իսկ երկրորդն՝ երկարացնելով և մի տեսակ զարմացական և հարցական եղանակով, որի ժամանակ նա աչքերը կիսախփեց և սկսեց ավելի խոր նայել նրան։ Նունե Հարունյա՞ն, թե Նունե Ազարյան։

Ա՜խ, դուք չեք սխալվում, շտապով պատասխանեց նրան Նունե Հարունյանը, միևնույն ժամանակ զարմանալով, թե որտեղից գիտե այդ անծանոթ տիկինն յուր ազգանունը։ Ազարյան հայրական ազգանունս է, իսկ Հարունյան ամուսնուս...

Ա՜, ուրեմն ես չեմ սխալվել...

Բայց, ներեցե՛ք հետաքրքրությանս, ընդհատեց նրան տիկին Հարունյանը, ավելի խոր նայելով նրան, դուք ո՞րտեղից եք ինձ ճանա...

Նա չվերջացրեց յուր խոսքն և զարմացած ու ապշած նայելով նրա ժպտող աչքերի մեջ, վեր կացավ տեղից. կարձես նրա մութ հիշողությունը հանկարծ պարզվեց։

Սո... մի՞թե դուք Սոֆիա... իշխանուհի Մելիքյանը չեք, հարցրեց նա մի տեսակ անվճռական եղանակով։

Այո՛, Նունե՛, իշխանուհի Սոֆիա Մելիքյանը, քո նախկին սիրելի ընկերուհին։

Մի՞թե, բացականչեց գրեթե ինքնամոռացության մեջ տիկին Հարունյանն այնպես, որ նրա ձայնը ողջ թատրոնում լսելի եղավ, չնայելով, որ օրկեստրն արդեն սկսել էր ուվերտյուրը։ Նա իսկույն առավ նրա երկու ձեռքերն ու ամուր֊ամուր սեղմեց նրանց։ Սո՛ֆիա... իրավ որ այդ դուք եք... այդ դու ես... Աչքերդ ախար ինձ սաստիկ ծանոթ էին թվում... Ների՛ր, որ ես քեզ իսկույն չկարողացա ճանաչել, Սո՛ֆիա. դու այնքա՛ն փոխվել ես, դու բոլորովին փոխվել ես, Սո՛ֆիա... միայն աչքերդ են մնացել նույնը...

Եվ նա սաստիկ կարկտալից անդադար, ամուր սեղմում էր նրա ձեռքերն ու ամենաքաղցրիկ կերպով ժպտում էր նրա դեմքին։

Իսկ պարոն Հարունյանը հանդարտ նստած, և, ըստ երևույթին զարմացած, որ շատ քիչ էր նկատվում նրա ծանրախոհ ու լուրջ դեմքի վրա, նայում էր նրանց։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Քնքուշ լարեր"

Ятук Музыка
Концерт для виолончели
Арно Бабаджанян

Концерт для виолончели