Alexander Shirvanzadeh

Խնամատար

I

Հունիսի սկիզբն էր։ Բաքվի նավահանգստի առաջնակարգ կայարաններից մեկի վրա եռում էր ծովեզրյա և արդյունաբերական քաղաքին հատուկ աշխատավոր կյանքը։ Եղանակը սաստիկ շոգ էր։ Միջօրեի արեգակը պայծառ հորիզոնից յուր այրող ճառագայթները սփռել էր խաղաղ ծովի հայելանման մակերևույթի վրա։ Քամու նշույլ չկար։ Օդը պլպլում էր այնպես, ինչպես պլպլում է թոնրի երեսին կրակի զորությունից։ Երրեմն-երբեմն այս կամ այն տեղում ծովի հարթ մակերևույթը սոսափվում էր դեսուդեն լողացող փոքրիկ մակույկների թիերի հարվածներից։ Այդ ժամանակ պարզ ջրի մեղմ ալիքները մի առանձին հրճվանքով խաղում էին արեգակի հետ, փշրելով նրա լույսը բյուրավոր գոհարափայլ ճառագայթների։ Մակույկներն անցնում էին, անջատված ջուրը միանում էր և ծովի մակերևույթը կրկին հարթվում։

Կայարանն երեք կողմից շրջապատված էր բազմաթիվ փոքր ու մեծ շոգենավերով և առագաստանավերով։ Մի քանիսը շոգենավերից լիքն էին զանաղան տեսակի ապրանքներով և սպասում էին
դատարկվելու կամ ճանապարհ ընկնելու։ Իսկ շատերն արդեն դատարկվել էին և պատրաստվում էին նորից բարձվելու։ Դրանք այն նավերն էին, որոնք գլխավորապես պտտում են Բաքվի և Հաշտարխանի միջև, առաջինից տանելով զանազան նավթային մթերքներ, իսկ վերջինից դեպի Բաքու բերելով Ռուսաստանի ապրանքները։ Առագաստավոր նավերն իրենց խառնիճաղանջ առագաստներով, անթիվ, դեպի այս ու այն կողմեր ճյուղավորված պարաններով, իրանց կեղտոտ տախտակամածներով և փայտապատ կեղևներով՝ վիթխարի, ամրաշեն և երկաթապատ հպարտ շոգենավերի մոտ նմանվում էին գյուղական խրճիթների քաղաքի բարձրաշեն տների դիմաց։ Այդ հասարակ նավերը ճանապարհորդում են Պարսկաստանի և Բաքվի մեջտեղ։ Պարսկաստանի գրեթե ամբողջ արդյունաբերությունը, որ մեծ մասամբ մրգեղեններից է բաղկացած, տեղափոխվում է այդ նավերով։ Աշխատանքը կայարանի շուրջը, ծովի երեսում, եզերքի մոտ բորբոքման մեջ էր։ Ահա մի կողմում նավերից մինը բեռան ծանրությունից մինչև տասներկու-տասներեք կանգնաչափ խրված ջրի մեջ, հանդարտությամբ օրորվում է այս կողմ այն կողմ։ Ամրակազմ և առողջադեմ թուրք նավաստիները դուրս են կրում ապրանքների ահագին հակերը։ Արեգակի տաքությունից և աշխատանքի ծանրությունից քրտինքը նրանց ծովային քամիներից այրված ու սևացած դեմքերից թափվում է այն առատությամբ, ինչպես բաղնիսի ներսի պատերից թափվում են շոգու գոլորշիները։ Ամեն անգամ, երկար պարանների միջոցով նավի ներքնահարկից հակերը դուրս քաշելու ժամանակ նրանց հաստ բրդյա շալով գոտևորվաձ մեջքերը թեքվում են, ողնաշարները դուրս ցցվում, բայց նրանց համար կարծես այդ անզգալի էր։ Ոչ կիզիչ արեգակը, ոչ ծանր աշխատանքը նրանց դեմքերից չի հեռացնում այն սովորական ուրախ ու զվարթ ժպիտը, որ հատուկ է միայն նավաստիներին, երբ սրանք գտնվում են չորությունում։ Նրանք երգում են, ծիծաղում, կատակներ անում իրարու հետ, և ամեն անգամ հակը մշակի մեջքին դնելիս մի-մի աքացի ևս ավելացնում են հետևից, որ մշակը շուտ տեղ հասցնի։ Սակայն մշակը, որ ապրանքի հակերը նավի տախտակամածից տեղափոխում է դեպի կայարան, դանդաղ է
շարժվում տեղից։ Տասը-տասներկու փութանոց բեռան ծանրության

տակ նրա ծնկները ծալվում են, կոկորդը դուրս է ցցվում, շլինքն երկարանում է, բերանը ակամա բացվում է, և ամեն անգամ յուր բոբիկ ոտերը փոխելու ժամանակ մի տնքոց է արձակում կրծքից։ Երբեմն դժվարությամբ և երկյուղով, որ միգուցե հակը մեջքից թավալվի, նա յուր ոսկրացած ձեռքը տանում է ճակատին և դուրս սլում քրտինքի խոշոր, կեղտոտ կաթիլները։ Նավի մի անկյունում կանգնած է ապրանքի տերը։ Սա մի պարսիկ առևտրական է, բարձր և կլորակ մահուդյա գլխարկով, երկայն փեշավոր արխալուղով, որի վրա մեջքին կապած է մետաքսյա կապտագույն գոտին։ Նրա թեթև, սպիտակ ամառային մետաքսյա կապայի փեշերը հասնում են մինչև կանաչագույն պարսկական քոշերի կրունկները։ Մի ձեռում պահած հովանու կոթը և մի փոքրիկ ձեռատետր, իսկ մյուս ձեռում մատիտը բռնած, յուր երկայն ու բարակ մատերով զգուշությամբ նշանակում է ապրանքի հակերի թիվը, կշիռն և համարը, դեմքի վրա անդադար խաղացնելով մի խորհրդավոր ժպիտ։ Ստեպ-ստեպ նա գլուխը թեքում է դեպի մեջքը, հինայով ներկած միրուքը փասյանի պոչի նման ցցում է օդի մեջ և գոռում մշակների կամ նավաստիների վրա, հրամայելով, որ նրանք զգուշությամբ և շտապով կատարեն իրանց գործը։ Այն ժամանակ բարեպաշտ մուսուլմանի բերանից առատությամբ դուրս են հոսում հիշոցներն այն արագությամբ, ինչպես երևի արտասանում են նրա շրթունքները նամազի ժամանակ մեծ մարգարեի սրբազան աղոթքը։

Մի փոքր հեռու այստեղից կանգնած է մի ուրիշ նավ։ Սրա նավաստիները բոլորը ռուսներ են։ Խմբովին հավաքված նավի ծայրը, նրանք նավապետի կառավարությամբ, բռնած մի հաստ պարանի ծայրից, որը մյուս ծայրով կապված է կայարանի սյուներից մեկին, միահամուռ ուժով քաշում են պարանը, որպեսզի նավը մոտեցնեն կայարանին։ Ամենից առաջ կանգնած է կարմիր շապկով մի հաղթանդամ և երգում է ռուս մուժիկի սովորական «Դուբինուշկան»։ Ստեպ-ստեպ նրան ձայնակցում են և մնացյալ նավաստիները, կրկնելով երեք անգամ միաբերան ухнем, ухнем,

ухнем, և պարանը քաշում։ Եվ այդ ծովային որդիների բերանից
դուրս թռչող բացականչումները տարածվելով խաղաղ ծովի մակերևույթի վրա, թաղվում են աղի ջրի անդունդի մեջ, տանելով իրանց հետ մարդկային աշխատավորների կրծքից արձակված դառն հառաչանքները։

Մի ուրիշ կողմում մշակների մի խումբ թավալում է ֆոտոգենով լի տակառները կայարանից դեպի շոգենավը և դարսում այնտեղ։ Ահա ֆոտոգենի տերը, կարմրերես և չաղ մարմնով հայը, ժամացույցի երկու մատնաչափ լայնությամբ ոսկե շղթայի հետ ձեռներով խաղալով, ինքնաբավական նայում է ֆոտոգենի տակառներին։ Նա զանազան հրամաններ է տալիս յուր մոտ կանգնած գործակատարին, որ որսորդական շան պես պտտում է յուր աղայի չորս կողմը և ամեն անգամ, երբ աղան խոսում է, համեստությամբ բարձրացնում է գլուխն և ուշադրությամբ լսում նրա հրամանները, կարծես կամենալով նրա ամեն մի խոսքը ներս կլանել ոչ միայն ականջներով, այլև աչքերով, քնթի պնչերով, բերանով։

Վերջապես, այդտեղ տիրում էր մի հափշտակիչ կենդանություն, որին միայն արդյունաբերական ծովեզրյա քաղաքում կարելի է հանդիպել։

Կայարանի ծայրում խռնվում է ամբոխի մի մեծ բազմություն։ Ամենքն, իրարու հրելով այս ու այն կողմ, աշխատում են առաջ շարժվել և, որքան հնարավոր է, ավելի մոտենալ կայարանի ծայրին։ Բոլորի հայացքներն ուղղված են ծովի հեռավոր հորիզոնին, ուր հազիվհազ նշմարվում է ծխի մի փոքրիկ խողովակ, որը հանդարտությամբ բարձրանում է վեր, կարծես ջրի խորքից դուրս զալով։ Այս Հաշտարխանից եկող շոգենավն է։ Ամենքն անհամբերությամբ սպասում են նրան կայարանի վրա։ Մեկն եկել է դիմավորելու յուր բարեկամին, մյուսը նամակներ ստանալու, երրորդը լոկ յուր հետաքրքրությանը բավականություն տալու։

Ամենից առաջ կայարանի ծայրում հավաքված են մի խումբ հայ վաճառականներ թվով վեց հոգի։ Չնայելով տեղի սղությանը, սրանք կայարանի վրա բավական ընդարձակ տեղ են բռնում։ Ամբոխը, կարծես ճանաչելով այդ արտոնությունը, չի համարձակվում սեղմելու նրանց, այլ, ընդհակառակը, մի քանի քայլ հեռու է
պահում իրան, թողնելով մեջտեղ մի բավական ընդարձակ տարածություն։ Սրանք քաղաքի ամենահարուստ հայ նավթային արդյունաբերներն են, որոնք նույնպես սպասում են շոգենավին։ Իրարու դեմ շրջանաձև կանգնած, նրանք մեջտեղ գոյացնում են մի օղաձև տարածություն, ուր, կարծես, դրած լիներ մի բան, որն արգելում էր նրանց առաջ շարժվելու։ Եվ, հիրավի, կար մի արգելք, որ չէր թույլ տալիս նրանց ծածկել այդ տարածությունը։ Այդ նրանց տակառաձև փորերն էին, որոնք բոլորն էլ, կարծես, մի կաղապարով ձուլված լինեին։ Մի քանիսն, երկու ձեռներով հետևից իրանց ձեռնափայտերի վրա հենված և ոտներն իրարից հեռու դրած, այնպիսի դիրք էին ստացել, որ նրանց մարմինները, մի արշին դուրս ցցված փորերի և կարճլիկ ոտների շնորհիվ, կանգնեցրած տիկերի ձև էին ընդունել։ Բոլորը հագնված էին հարուստ և եվրոպական տարազով, բայց ոչ այնքան մաքուր։ Մեկի շապկի կրծքի վրա երևում էին գինու կաթիլներից մնացած մանիշակագույն կոլորակ բծեր։ Նրանց ամենքի փորերի վրա արեգակի ճառագայթների տակ պսպղում էին ժամացույցի ոսկե շղթաները։ Բացառություն էր կազմում յուր մարմնի կազմվածքով միայն մի երիտասարդ։ Սա բարձրահասակ, նիհար և դեղնած մի մարդ էր, սև ու նոսր միրուքով և տափակ կրծքով։ Նայելով երիտասարդի դեմքին, կարելի էր ասել, որ նա գոնե քառասուն տարեկան է, բայց իսկապես նրա տարիքը քսանույոթից չէին անցնում։ Անցյալի զեխ և շռայլ կենցաղն այդ դեմքի վրա դրոշմել էր արդեն ծերության կնիքը։ Նրա թուխ ու լղար երեսի կաշին, եփած խնձորի կճեպի պես, մի քանի ծալք կուչկուչվել էր և հավաքվել քնթի երկու կողմերում։ Թերթերունքներից զուրկ աչքերի տակ նույնպես գոյացել էին մի քանի կապտագույն կնճիռներ։ Աչքերից վեր երկու դժվար նշմարելի գծեր, շնորհիվ դեռ պահպանվող մի քանի մազերի, հազիվհազ համոզում էին, թե մի ժամանակ այդ մարդը զուրկ չի եղել հոնքերից մարդկային կերպարանքի այդ գեղեցիկ զարդից, առանց որի մարդ կատարելապես կապիկի է նմանվում։ Իսկ նրա ամբողջ դեմքն արտահայտում էր խորին վավաշոտություն, նրա փոքրիկ սևագույն աչքերի մեջ փայլում էր անասնական կիրք։ Նա հագած էր սպիտակ մետաքսյա կտորից կարած ամառային

հագուստ, որ ավելի մաքուր էր և ավելի նուրբ ձևով կարված, քան նրա ընկերակիցներինը։ Դեղնագույն հարդյա գլխարկի լայն ծայրը սքողել էր նրա ճակատը, որ ծածկված էր բազմաթիվ մանր ելունդներով։ Մի նշան, որ հետևանք էր նրա անբարոյական կենցաղավարության։ Երիտասարդի ժիլետի վրա նույնպես փայլում էր մի ահագին ոսկե շղթա։ Իսկ շղթայից քաշ էր ընկած հինգկոպեկանոցի չափ ոսկե մեդալիոնը` զարդարված մանրիկ ադամանդներով։ Նրա բարակ դեղնագույն ձեռնոցներից մեկի տակից, աջ ձեռքի միջամատի վրա ցցված էր մատանու մեծ փիրուզեն։ Ճերմակ ատլաս յա փողպատի վրա մեխված էր մի մեծ ոսկե գնդասեղ նույնպես ադամանդներով զարդարված։ «Պետր Ստեփանիչ Դոլմազով» այսպես էր փորագրված երիտասարդի անունը նրա ձեռնափայտի չորս մատնաչափ ոսկեպատ կոթի վրա։

II

Խումբը տաքացած խոսում էր ու վիճաբանում հանքերի, գործարանների, նավթի և ուրիշ այսպիսի հետաքրքրական նյութերի մասին։ Մի քանիսը խոսողներից այնքան ոգևորվել էին, որ քիչ էր մնում փոխեին իրանց կանգնած դիրքն և քանդեին մեջտեղի օղաձև տարածությունը։ Մեկը կամենալով համոզել ինչ-որ բանում յուր դեմուդեմ կանգնողին, մի փոքր առաջ շարժվեց, և երկուսի փորները մի քիչ ընդհարվեցին։

Խոսակցությանը չէր մասնակցում միայն երիտասարդը։ Նա երեսը դարձրել էր դեպի ծովն և հեռադիտակով անդադար նայում էր եկող շոգենավին, որն այդ ժամանակ այնչափ մոտեցել էր կայարանին, որ պարզ նշմարվում էին տախտակամածի վրա խմբված ճանապարհորդները։

Պետր Ստեփանիչ, ինչո՞ւ ես այդպես անհամբեր մտիկ անում, երևի, մարդի ես սպասում, դիմեց երիտասարդին հաստափորներից մեկը, աջ ձեռը դնելով նրա ուսին, երբ խոսակցությունը մի քանի վայրկյան ընդհատվեց։

Պետր Ստեփանիչը չպատասխանեց։ Նա խորասուզված շարունակ նայում էր դեպի շոգենավը։

-Պետր Ստեփանիչ, ախար քեզ հետ են խոսում,- կրկնեց հետաքրքիր հաստափորը, կանգնելով նրա դեմ ու դեմ և ձեռով ծածկելով հեռադիտակի բերանը, որպեսզի Պետր Ստեփանիչի ուշադրությունը յուր վրա դարձնի:

-Հը՛մ,- ասաց միայն Պետր Ստեփանիչն և, հեռադիտակն ազատելով նրա ձեռից, կրկին սկսեց նայել:

-Ումի՞ն ես սպասում, ասա, տեսնեմ,- շարունակեց հաստափորն, այս անգամ Պետր Ստեփանիչի ձեռից խլելով հեռադիտակն և թաքցնելով յուր մեջքում:

-Սպասում եմ:

-Ո՞ւմին:

-Կարլ Մարկիչի ընտանիքին:

-Ո՞րտեղից:

-Հաշտարխանից:

-Ի՞նչ ասացիր, Կարլ Մարկի՞, ո՞վ է Կարլ Մարկիչը:

-Իմ կառավարիչը:

-Նեմե՞ց է:

-Հայ է, հաշտարխանցի:

-Կարլ Մարկիչ,- կրկնեց Սերգեյ Իվանիչը (այսպես էր հաստափորի անունը), աչքերը չռելով և յուր դեմքի վրա խաղացնելով զարմացական ժպիտ:

-Գասպարն է, ծերունին, ճանաչո՞ւմ ես խո նրան:

-Գասպարը…հը՛մ… ես էլ ասում եմ, այդ ինչ Կարլ է- ասաց Սերգեյ Իվանիչը, հառաչելով, կարծես, մի ծանրությունից ազատված:- Ինչո՞ւ է բերել տալիս Գասպարն յուր ընտանիքը:

-Ես եմ ասել, խեղչն առանց կնոջ տխրում է, ասացի մի լավություն անեմ: Տներիցս մեկում նրա համար լավ բանակարան եմ նշանակել, թող ապրեն, քեֆ քաշեն: Արժե Կարլ Մարկիչը. նա շատ լավ գործակատար է:

-Արժե, արժե, 'ատ ճշմարտասեր մարդ է, ղալբություն չգիտե: Ես նրան լավ եմ ճանաչում: Առաջ նա Հաշտարխանի ամենաառաջին վաճառականներից մեկն էր, բայց ընկերները խաբեցին, փողերը ձեռքից խլեցին և չոր տափի վրա թողեցին: Նրա ընտանիքն էլ եմ ճանաչում: Ռուսաստանից գալիս ես Հաշտարխա
նում նրանց մոտ գնացի, ինձ սուր-ով հյուրասիրեցին: Մի լավ տղա ունի և մի լավ աղջիկ: Նրանք էլ գալի՞ս են:

-Գալիս են: Որդուն ես շատ եմ հավանել, ուզում եմ Բալախանիի նավթահանքերից մեկի վրա գործակատար նշանակել:

-Շատ լավ կանես, շատ լավ կանես, Պետր Ստեփանիչ, լավ տղա է, հոր նման ղոչաղ է: Բայց ուրիշ բան է նրա աղջիկը, հրեշտակի գեղեցկություն ունի, Պետր Ստեփանիչ, ամբողջ Հաշտարխանի մեջ հատը չկա:

Այս ասելով, Սերգեյ Իվանիչն յուր յուղալի աչքերի բիբերը ոլորեց և ատամների վերին շարքով ներքին պռոշի ծայրը թեթևությամբ կծեց, նայելով ուղղակի Պետր Ստեփանիչի աչքերին: Սա նույնպես մի վայրկյան նայեց նրա երեսին, ոչինչ չասաց և, կրկին հեռադիտակը մոտեցնելով աչքերին, սկսեց նայել շոգենավին:

-Առաջին անգամ, երբ ես նրան տեսա, քիչ մնաց որ խելքս կորցնեի,- շարունակեց շատախոսել Սերգեյ Իվանիչը:- Ասացի, այ սրա նման կնիկ ունենա մարդ, որ պարզերես կարողանա հասարակության մեջ դուրս գալ: Ինչ գորտոպիանի վրա ածել, ինչ պար գալ, ինչ խոսել թե՛ հայերեն և թե ռուսերեն, մի խոսքով, ոսկի է ոտքից մինչև գլուխ: Ա՛յ, նրա նման կինկ ունենաս, հետդ տանես Ռուսաստան և բոլորին զարմացնես, թե չէ` քեզ համար շատ լավ հարսնացու կլիներ:

Պետր Ստեփանիչը հեռադիտակի տակից ժպտաց և ոչինչ չպատասխանեց:

-Բավական հասակավոր աղջիկ է, բայց մինչև օրս ուզող չկա հոր աղքատության պատճառով: Անիրավ Հաշտարխանոմ` առանց օժիտի ոչ մի տղա աղջիկ չի վերցնում:

Պետր Ստեփանիչը հեռադտիակը հեռացրեց և, սպիտակ ու մաքուր թաշկինակով աչքերը սրբելով, միայն արտասանեց «Հը՞մ», կարծես, հարցնելով յուր խոսակցի միտքը:

-Ասում եմ, մի մեծ ողորմություն կանես,- շարունակեց Սերգեյ Իվանիչը,- եթե նրան այստեղ մի լավ տղի տաս:

Պետր Ստեփանիչը, հեռադիտակը դնելով գրպանը, պատասխանեց.
-Նրա հայրը հարուստ եղած ժամանակ շատ անգամ է օգնել հորս… իհարկե, ես էլ պարտավոր եմ փոխարենը վճարել լավությունով:

-Ապրե՛ս, Պետր Ստեփանիչ, Գասպարն արժե, նա խեղճ, կորած մոլորված մարդ է:

Լսվեց կայարանին մոտեցող շոգենավի սուլոցը: Ամբոխը սկսեց հրելով մոտենալ կայարանի եզրին: Շոգենավը, շվշվալով, շոգին կողքերից բաց թողնելով և խարիսխների շղթաները զրգնացնելով, մեղմիկ սահում էր առաջ:

Պետր Ստեփանիչն յուր որոնող հայացքը ձգեց տախտակամածի վրա, բարձրանալո ոտների ծայրերի վրա: Այնտեղ նա նկատեց ճամփորդների մի խմբակ, բաղկացած երեք հոգուց: Մեկը միջահասակ, մոտ քառասուն ու հինգ տարեկան կին էր եվրոպական հագուստով, գլուխը սև շալով փաթաթված: Մյուսը 23-24 տարեկան մի երիտասարդ էր բարձր հասակով, սև, փոքրիկ միրուքով, համակրելի դեմքով և բավական մեծ քթով: Երրորդը մի օրիորդ էր ամառային բաց գույնի հագուստով և հարդյա դեղնագույն, լայնեզր գլխարկով: Սա կլիներ մոտ 25 տարեկան, բարձրահասակ էր, դեմքի բավական նուրբ գծերով, ոչ այնքան գեղեցիկ, որքան սիրուն և համակրելի:

Պետր Ստեփանիչը Սերգեյ Իվանիչի ուղեկցությամբ դիմավորեց նրանց: Երկուսն էլ, հերթով նորեկներին բարևելուց հետո, շտապով վերցրին մի-մի կտոր ճանապարհային իրեղեններից և իջան կայարան:

-Բաս ի՞նչտեղ է Կարլ Մարկիչը,- հարցրեց պառավ կինը:

-Գործարանումն է, շուտով կգա, ես ցույց կտամ բնակարանը, կառքս սպասում է ձեզ,- պատասխանեց Պետր Ստեփանիչը քաղաքավարությամբ, մի դիտող հայացք ձգելով օրիորդի վրա:

Սերգեյ Իվանիչն արմունկով բոթեց նրան և զգուշությամբ շշնջաց նրա ականջին.

-Լուսնայկ է. մուշտարու աչքով մտիկ արա:

-Կատերինա Կարլովնա, շա՞տ է նեղացրել ձեզ ծովը,- դիմեց Պետր Ստեփանիչն օրիորդին:

-Օ՛խ, օխ, էլ մի հարցնիր, ցավդ առնեմ, մեր ոսկորները փշրտել է, պատասխանեց մայրն աղջկա փոխարեն:

Մամա, ի՛նչ ես ասում, ինձ չի նեղացրել ծովը, նա շատ խաղաղ էր, հակառակեց Կատերինա Կարլովնան, բռնելով յուր եղբոր թևից։

Դո՞ւք ինչպես եք, Արտեմ Կարլիչ, քաղաքավարության համար հարցրեց Պետր Ստեփանիչն երիտասարդին։

Ինձ համար շատ ուրախ անցավ ժամանակը, պատասխանեց Արտեմ Կարլիչը համեստությամբ, գլուխը քիչ թեքելով կրծքին։

Այսպես խոսելով հասան փողոց, ուր Պետր Ստեփանիչի շքեղ կառքն երկու առույգ ձիերով լծված սպասում էր նրանց։ Պետր Ստեփանիչն օգնեց օրիորդին և մորը կառք նստել, իսկ ինքն Արտեմ Կարլիչի հետ տեղավորվեց նրանց դեմ։ Մի քանի րոպեում արագընթաց ձիերը կառքը սլացրին դեպի ծովեզրյա ընդարձակ փողոցի ծայրը, ուր նա անհետացավ։ Սերգեյ Իվանիչը մնաց նրանց հետևից նայելով։

Շառլատան, անառակ Դոլմազով, ես քո միտքը հասկացա, արտասանեց նա։

Հետո, գլուխը խորհրդավոր կերպով շարժելով, կրկին վերադարձավ շոգենավ։

III

Կառքը կանգնեց քաղաքի լայն փողոցներից մեկի վրա գտնվող երկհարկանի նորաշեն տան առջև։ Դյուրաշարժ Պետր Ստեփանիչն արագապես ցած թռավ կառքից և օգնեց ցած իջնելու Կատերինա Կարլովնային ու նրա մորը։ Նա, առաջնորդելով տարավ նրանց ներս և ցույց տվեց բակի ներսի շինության ներքին հարկում մի բնակարան, որ բաղկացած էր երեք սենյակներից։

Այ, այս եմ պատրաստել տվել ձեզ համար։ Բավակա՞ն է ձեզ, Մարիա Իվանովնա, երեք սենյակ, թե՞ չէ, հարցրեց Պետր Ստեփանիչը պառավից, միևնույն ժամանակ նայելով աղջկա երեսին։

Ցավդ առնեմ, ինչ կանենք այդքանը, չորս հոգուս համար երկուսն էլ բավական էր, պատասխանեց Մարիա Իվանովնան,

թեև հոգով շատ ուրախ կլիներ, եթե բնակարանն ավելի ընդարձակ լիներ։

Կարլ Մարկիչը գիշերները գործարանումն է լինում։ Արտեմ Կարլիչին էլ նշանակել եմ կառավարիչ Բալախանի, ուրեմն քաղաքում մնալու եք դուք և Կատերինա Կարլովնան և ոչ թե չորս հոգի։ Բայց վնաս չունի, թող ձեր տեղը լայն լինի, ես խոմ վարձով չեմ տալիս։ Տունն իմն է, ինչպես ուզում եմ, այնպես էլ անում եմ։

Ցավդ առնեմ, շատ ապրես, բայց, Պետր Ստեփանիչ, Արտեմիս համար քաղաքում որ տեղ տաք լավ կլինի։ Առանց նրան սիրտս կնեղանա։

Հեշտ բան է, թող մի քիչ այնտեղի գործերի հետ ծանոթանա, հետո նրան քաղաքում մի լավ պաշտոն կտամ։

Չէ, մամա, Բալախանին լավ է, ասում են այնտեղ զարմանալի բաներ կան, մեջ մտավ Արտեմ Կարլիչը։

Իհարկե, ինչ որ կա այնտեղ է, օդն էլ ավելի առողջարար է, քան թե այստեղ, քաղաքում, ուր փոշու և ծխի մեջ խեղդվում ենք։

Ինչպես ձեր քեֆն է, այնպես արեք, մենք էլ ձերն ենք, Պետր Ստեփանիչ, ասաց Մարիա Իվանովնան և սկսեց դիտել բնակարանը։

Քառորդ ժամ նորեկները Պետր Ստեփանիչի հետ միասին պտտեցին սենյակները, հետո խոհանոցը, ուշադրությամբ զննելով ամեն մի անկյուն։

Այ, մամա, այս իմ սենյակը կլինի, ասաց օրիորդը, կանգնելով սենյակներից մեկում։ Ես այս պատուհանի տակ կդնեմ իմ դաշնամուրը։ Իսկ դու և պապան մյուս սենյակում կապրեք, այն կողմինն էլ Արտեմի համար կսարքենք։

Բոլոր ժամանակ Պետր Ստեփանիչն յուր հայացքը չէր հեռացնում Կատերինա Կարլովնայից։ Նա հափշտակված էր օրիորդի իրանի նուրբ կազմվածքով, պարզ և հրապուրիչ դեմքով, փայլուն աչքերով, նազելի շարժվածքով։ Ամեն անգամ օրիորդը խոսելիս, նա աչքերը հառում էր նրա երեսին և ագահությամբ նայում։ Այդ ժամանակ նրա ամբողջ մարմնով, կարծես, անցնում էր էլեկտրական ցնցում, և նրա փոքրիկ կապկային աչքերի մեջ փայլում էր
անասնական կիրքն յուր բոլոր ուժով։ Նա անդադար աչքերը կուչ բերելով, քաղցրությամբ ժպտում էր օրիորդի երեսին, և այդ ժամանակ նրա դեմքը մի ինչ-որ անախորժ, ինչ-որ զզվելի, վավաշոտ, արտահայտություն էր ստանում։ Օրիորդը, կարծես, այդ չէր նկատում և անտարբերությամբ խոսում էր նրա հետ։ Սակայն երբ մի անգամ Պետր Ստեփանիչը շարունակ նայեց նրա երեսին և բոլորովին անտեղի և անժամանակ ժպտաց, գլուխը թեքեց դեպի կուրծքը, և նրա դեմքը թեթև կարմրեց։ Մարիա Իվանովնան դիմեց յուր որդուն․

Վազի՛ր Արտեմ, շուտուվ ապրանքը հավաքիր շոգենավից ու բեր։

Իսկ դուք, Կատերինա Կարլովնայի հետ գնանք ինձ մոտ ճաշելու, մեջ մտավ Պետր Ստեփանիչը։

Մարիա Իվանովնան համաձայնվեց, և Դոլմազովը, յուր տան հասցեն տալով Արտեմ Կարլիչին և նրանց հետ միասին կառք նստելով, շտապեց տուն։

Իրիկնադեմ էր, երբ նորեկները ճաշելուց հետո կրկին վերադարձան իրանց բնակարանը։ Արտեմ Կարլիչը բոլոր իրեղենները արդեն բերել էր։ Նրանք սկսեցին կարգի բերել իրանց բնակարանը։ Մարիա Իվանովնան յուր որդու հետ պատրաստում էր վերջին սենյակը, իսկ Կաւտերինա Կարլովնան նույնպես պատրաստում էր յուր սենյակը Պետր Ստեփանիչի օգնությամբ։ Չնայելով օրիորդի թախանձանքին, որ նա նեղություն չքաշի աշխատելու ու գնա հանգստանալու, հոգատար Պետր Ստեփանիչը քայլ անգամ չէր ուզում հեռանալ օրիորդից և ոտքի-ձեռքի ընկած մեծ պատրաստակամությամբ օգնոււմ էր նրան։ Հետզհետե Կատերինա Կարլովնան սկսեց ձանձրանալ նրա օգնությունից։ Պետր Ստեփանիչն այնքան չէր օգնում, որքան յուր ծանր ու խոր հայացքներով և անտեղի քաղցրախոսությունով ձանձրացնում էր օրիորդին։

Կատերինան այդ հայացքներն ընդունում էր իբրև սովորական քաղաքավարության արտահայտություն երիտասարդի կողմից դեպի մի օրիորդ, բայց երբ Պետր Ստեփանիչը սկսեց անցնել սովորական չափավորության սահմանը, այն րոպեից օրիորդի սրտում ծագեց ինչ-որ կասկած։ Պետր Ստեփանիչի ներկայությունը սկսեց

նրան ճնշել, և նա աշխատում էր խույս տալ նրա հայացքներից։

Պատահեց մի դեպք։ Կատերինա Կարլովնան յուր հագուստեղենները տեղավորում էր պահարանի մեջ։ Նրա մայրն ու եղբայրը մյուս սենյակումն էին։ Պետր Ստեփանիչն անշարժ կանգնած, նայում էր օրիորդին։ Երբ Կատերինան, վերջացնելով գործը, կամենում էր կողպել պահարանը, բանալին մի քանի անգամ շուռ տվեց ու չկարողացավ կողպել։ Պետր Ստեփանիչի սուր հայացքն իսկույն այդ նկատեց։ Նա շտապով մոտեցավ օրիորդին։

Թույլ տվեք, որ ես կողպեմ, Կատերինա Կարլովնա, դուք ուժ չունեք, ափսոս է, ձեր քնքուշ ու գեղեցիկ մատները կցավեն։

Ոչ, խնդրեմ նեղություն մի՛ քաշեք, այդ պահարանը բացի ինձանից ոչ ոք չի կարողանում կողպել և բանալ։

Ես կարող եմ, այ, տեսնո՞ւմ եք, ձեր ձեռները ինչպես կարմրեցին։

Այս ասելով, Պետր Ստեփանիչը ձախ ձեռով սիրալիր հեռացրեց օրիորդի ձեռը բանալիից, իսկ աջով սկսեց պտտեցնել բանալին, միևնույն ժամանակ մյուս ձեռում սեղմած պահելով օրիորդի աջը։ Օրիորդն աշխատեց զգուշությամբ ազատել յուր ձեռը, բայց չհաջողվեց։ Պետր Ստեփանիչը նրան շատ ամուր էր սեղմել։ Օրիորդը չգիտեր ինչ աներ։ Նա մի անգամ ևս փորձեց դուրս բերել ձեռը նրա ձեռից, բայց, չկարողանալով, սկսեց դողալ։ Պետր Ստեփանիչի մեջ եռաց բուռն կիրքը։ Նա, շարունակելով բանալին ոլորել կողպեքի մեջ, յուր շրթունքները զգուշությամբ մոտեցրեց օրիորդի երեսին և կամենում էր․․․ Բայց զսպեց իրան։

Այդ վայրկյանին ներս մտավ Մարիա Իվանովնան։ Փոքր անցած՝ գնդակի նման ներս գլորվեց մի լղար, կարճահասակ մարդ ճերմակ մազերով։

Պա՛պա, պա՛պա, գոչեց Կատերինա Կարլովնան և, առաջ վազելով, ընկավ ծերունու գիրկը։

Be the first who will comment on this

Other parts of "Խնամատար"

Yatuk Music
Circular
David Balasanyan

Circular

Portrait of Ekaterina Davydovna Rotinova-Gurgenbekova
Portrait of Ekaterina Davydovna Rotinova-Gurgenbekova
Play Online