Եղիշե Չարենց
Դանթեական առասպել
VII
…Կռիվն սկսվեց անողոք ու գոռ։
Մենք դաշտում էինք։ Ձյունոտ լեռներից
Հարձակվում էին նրանք բյուրավոր,
Մերթ ետ նահանջում մեր գոռ գրոհից,
Մերթ առաջ անցնում ոհմակներով նոր
Ու փախչում էին, ու գալիս նորից։
Եվ ընկնում էին նրանք շարեշար,
Մռնչում էին գազանների պես։
Բայց խիտ, անհատնում շարքերով վարար
Շարժըվում էին նորից դեպի մեզ։
Ամեն ինչ հանկարծ խառնվեց իրար
Եվ սվինամարտն ահա սկսվեց։
Մենք գրկում էինք ու չանկռում իրար,
Սվինի զարկով գլորում գետին։
Վագրերի նման խորամանկ ու չար,
Ապրելու հսկա ծարավով հետին՝
Խոշտանգում էինք ապրելո՛ւ համար,
Եվ կռվում էինք, և կռվում էինք։
Եվ չէինք հիշում այլևս ոչինչ,
Եվ չգիտեինք ի՞նչ էինք անում։
Եվ շատերն էին ընկնում մեզանից
Եվ ոտքերի տակ մեր անշնչանում։
Չէ՛ինք տարբերվում վայրի գազանից
Ահի ու արյան այդ խառնարանում։
Կոխոտում էինք ընկերների դին,
Ընկերների դին դիրք էինք անում։
Ու վատնում էինք ճիգերս հետին
Անհասկանալի տագնապով անհուն։
Եվ չգիտեինք, և չգիտեինք,
Թե հորձանքը սև մեզ ո՞ւր է տանում։
Իրիկունն իջավ։ Անհուն խավարի
Խավար ծալքերում կորավ ամեն բան։
Եվ իջավ մռայլ երազը Չարի
Այն խայտաճամուկ դաշտերում անբան։
Է՜, մնաք բարի, ընկերնե՛ր արի,
Դուք պատվո՛վ անցաք ձեր կյանքի ճամփան։
Իսկ մենք նենգորեն նահանջեցինք ետ՝
Ձյունագիշերի մրրիկների տակ։
Եվ իմաստ չուներ ճամփան անհեթեթ,
Եվ անցնում էինք՝ անկումին գիտակ։
Երբե՛ք չէր եղել հոգիս այնքան խենթ,
Եվ գանգս այնքան զառանցոտ ու տաք։
Հոգուս մեջ կարծես հնոցներ կային,
Եվ աչքերիս մեջ խարույկներ լափլեզ։
Բայց մարմինս հավե՜րժ, հավե՜րժ մարդկային՝
Ապրել էր ուզում։ Մահապարտի պես
Հայացքներս հառած ահավոր Մահին՝
Մյուսների հետ փախչում էի ես։
Եվ խավարի մեջ կարմիր ու կարմիր
Գնդակներն էին թռչում ու շաչում։
Եվ ընկնում էին ընկերները մեր
Սատանայական խուճապի միջում։
Եվ ընկնում էին անգի՜ն ընկերներ։
Եվ վերջին անգամ մեզ էին կանչում։
Եվ երբ արևը բարձրացավ երկինք,
Եվ մենք լույսի տակ իրարու գտանք
Մեռելների պես սփրթնած էինք,
Չէինք հավատում, որ ապրում ենք, կանք.
Անխոս հայացքով իրար թաղեցինք,
Իրար հոգու մեջ գերեզման մտանք։
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Նրանք մնացին ձյունոտ դաշտերում՝
Քաղցած գայլերի ոհմակներին կեր,
Այնտեղ, ուր ընդմիշտ տանջանքն է լռում
Եվ հոգին դառնում անհունին ընկեր.
Ուր իբր հիշատակ կյանքերից սիրուն
Անում են միայն այլանդակ գանգեր։
Ու մութ է հիմա այնտեղ, ամայի,
Քամին է միայն ոռնում ու կոծում,
Տոնելով վայրագ հարսնիքը Մահի՝
Նենգավոր ու խոր ձյուների ծոցում։
Եվ ո՞վ կգնա, և ո՞վ կնայի
Անդրշիրիմյան տոնող Աստծուն…
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Իսկ մենք ապրում ենք ու շնչում ենք դեռ
Այս խայտանկար, ավերակ գյուղում,
Ուր ամեն տան մեջ մա՛հ է ու ավեր,
Ուր ամեն վայրկյան արյուն է ցողում,
Ուր ամեն վայրկյան լարում է դավեր
Քմահաճ բախտի ժրաջան մեղուն։
Եվ առօրյա է հիմա մեզ համար
Մարդկային անթաղ, այլանդակված դին։
Ահաբեկիչի քրքիջով համառ
Մենք կեր ենք նետում անկուշտ անդունդին։
Եվ իմաստ չունի այլևս հիմար
Ճակատագրի որոշած Անդին։
Եվ գինին այստեղ ծորում է առատ,
Եվ հարբում ենք մենք կարմիր խնջույքում։
Այլևս չկա և ո՛չ մի արատ,
Որ ծաղիկ չտա մեր գինով այգում։
Պատրաստ է ընդմիշտ մեր զոհը պարարտ՝
Մենք՝ զոհ, մենք՝ դահիճ` ուրիշի ձեռքում…