Եղիշե Չարենց

Դանթեական առասպել

VI

Մեռած Քաղաքից մենք ճամփա ընկանք
Ճի՛շտ դեպի կռիվ դեպի ռազմավայր։
Գնում էինք մենք՝ համառ և ուրախ
Կռվելու, կռվով մեռնելու համար։
Նահանջում էր դեռ թշնամին արագ
Եվ չէինք մենք դեռ հանդիպում իրար։

Թնդանոթները թնդում էին թունդ,
Եվ սրտատրոփ տեսնում էինք մենք,
Թե ինչպես այնտեղ, լեռներում կապույտ
Ավեր է փռում նա, հարված ու վերք,
Ու դառնում են շեն գյուղեր մոխրակույտ,
Եվ ծուխը կապույտ, բարձրանում է վեր։

Եվ գնում էինք առաջ ու առաջ՝
Ձյունապատ լեռան ահավոր կողով։
Դժվար էր ուղին։ Բայց աչքերս հառած
Փախչող թշնամուն՝ անբուն մի կորով

Մղում էր մեզ միշտ առաջ ու առաջ
Եվ սրտերս այրում քանդումի հրով։

Երբ մենք, մի վայրկյան, հանգստի համար,
Կանգնեցինք լեռան ճերմակ գագաթին
Նայեցի հեռուն։ Վարը, հողմավար,
Ծովն է աղմկում գանգատով մթին։
Զարնվում էին ջրերը իրար,
Ու խուլ, ու վարար մորմոքում էին։

Արճիճի նման գորշ, անփայլ ու մութ
Փռվել էր իմ դեմ ծովը հողմակոծ։
Գորշացել էին ջրերը կապույտ
Ու գորշ էր թվում աշխարհը ամբողջ։
Եվ ինչ-որ մի խոր ու տխուր խորհուրդ
Համակեց հանկարծ էությունս ողջ։

Եվ ծեր, ծովի պես, ծանրացավ հոգիս։
Ու կատակ թվաց արած գործը մեր։
Բայց լուռ բարձրացա, քայլեցի նորից։
Թնդանոթները թնդում էին դեռ։
Լցվել էր հոգիս անբառ մի կսկիծ՝
Թվում էի ինձ մենա՜կ ու անտեր։

Հանկարծ կանգ առա ես ձորամիջին։
Այլանդակ մի դի փռված էր իմ դեմ։
Նրա մոտ ընկած վիրավոր մի ձի
Ջղաձգորեն մեռնում էր արդեն։
Հե՜յ, մի քիչ առաջ, հլու իր սանձին՝
Սա՛ էլ էր փախչում այս վայրից գեհեն։

Ո՞ւր էիր փախչում, խղճո՛ւկ անասուն…
Քեզ քո տերն այստեղ ծեծելո՞վ բերեց։
Բայց նա չգիտե՞ր, որ այս երազում
Միայն Մա՛հն է տեր՝ անողոք ու մեծ։
Էլ ինչո՞ւ էր նա ավերել ուզում,
Այս դաժան մարտին ո՞վ նրան հրեց։

Տե՛ս, այլանդակված այժմ ընկած է նա։
Սևացել է, տե՛ս, արճիճի նման։
Անթաղ, անշիրիմ այստեղ կմնա,
Ոչ ոք չի՛ փորի նրան գերեզման
Ոչ ոք չի՛ տխրի, որ նա զոհ եղավ
Մի արնածարավ, անիմաստ ցասման։

Չգիտեմ ինչու, կամքիս հակառակ,
Նայեցի ահով նրա երեսին,
Ու առաջ անցա քայլերով արագ,
Հոգուս բեռ արած խեղճությունը իմ։
Իսկ մերոնք, անմար եռանդով վայրագ,
Կռվում էին դեռ ու քանդում էին։

Հուր ու ծխի մեջ օրը վերջացավ
Եվ մենք կանգ առանք լեռան փեշի մոտ։
Հուր ու ծխի մեջ թշնամին անցավ՝
Ուսին շալակած պարտություն, ամոթ։
Եվ ամեն անկում, ամեն վերք ու ցավ
Ծածկեց գիշերվա վարագույրը տոթ։

Եվ մենք ետ դարձանք դաշտերից մարտի՝
Հանգստանալու հեռավոր գյուղում։
Հեռուն՝ մի այրած, սևասև արտի
Ցողուններն էին ծուլորեն մխում։
Ու քայլում էինք՝ հոգնած, անոթի,
Աշնան գիշերի մեգ-մառախուղում։

Երկու ընկերով քայլում էինք լուռ՝
Հոգնած զինվորի եռանդով անշեջ։
Մեռելի նման ահավոր, տխուր
Ծովն էր տարածվել մշուշոտ ու գեջ1։
Գնում էինք լուռ, չգիտեմ թե ո՛ւր՝
Միշտ նո՛ւյն ծովափով անվե՛րջ ու անվե՛րջ։

Երբ ուրվագծվեց մշուշում մի լեռ
Ասացին, որ գյուղն այնտեղ կլինի։
Բայց ծալվում էին սրունքները մեր.
Ընկերս ուզեց, որ ընկնի, քնի
Բաց երկնքի տակ, գյուղ չհասա՛ծ դեռ,
Հենց ճամփի վրա՝ ինչ կուզե լինի։

Ու մնաց այնտեղ։ Ես անցա առաջ։
Նրան երևի ձիով կբերեն։
Վերելքը ծանր էր, ծանր էր՝ ի՜նչ արած…
Պետք է իմ բոլոր ուժերը լարեմ,
Հասնեմ նո՛ր քնեմ հոգնած, խոնջացած,
Որ երազները հոգիս օրորեն։

Բարձրանում էի։ Վայրենի քամին
Ծեծում էր կուրծքս ահռելի ուժով
Եվ մթնում էին հայացքները իմ,
Լցվում էր հոգիս թանձր մշուշով։
Բայց ճիգ թափելով մի գերմարդկային՝
Ես քայլում էի լուռ, ուշի-ուշով։

Մենակ, անընկեր։ Հսկա բուի պես
Ավազե մատներն աչքերիս հառած՝
Ոռնում էր քամին։ Ընկնում էի ես,
Նորից բարձրանում ու անցնում առաջ։
Երբեք չէր եղել մարմինս այնքան հեզ,
Եվ ոգիս այնքան կամքի ուժ առած։

Ու վատնում էի ճիգերս հետին։
Գագաթը մոտ է կհասնեմ հիմա։
Բայց հանկարծ քամին շպրտեց գետին,
Դեպի անդունդը՝ ուղի՛ղ դեպի մահ։
Բայց ո՛չ… Մեռնողի բնազդով մթին
Գրկեցի քարերն ու ոտքի ելա։

Քայլեցի նորից։ Եվ հանկարծ իմ դեմ
Փռվեց լույսերի մի ոսկի մշուշ։

Ա՜, հասել էի ես գյուղը արդեն։
Հասել էի ես։ Կես-գիշեր էր ուշ։
Եվ ցուրտ խրճիթի խոտերի մեջ թեն
Քնեցի անո՛ւշ, քնեցի անո՛ւշ…

"Դանթեական առասպել" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Թավջութակի կոնցերտ-ռապսոդիա
Արամ Խաչատրյան

Թավջութակի կոնցերտ-ռապսոդիա

Ընտանիք-Սերունդներ
Ընտանիք-Սերունդներ
Խաղա առցանց