Վահան Թոթովենց
Դոկտոր Բուրբոնյան
5
4
Դոկտ․ Բուրբոնյանը կամաց-կամաց զգաց, որ այս հեղափոխական-պրոպագանդիստի կյանքեն բան մը դուրս չը գար, երևակայեց ավելի գործնական միջոցներ ձեռք առնել ավելի օգտակար ըլլալու համար։ Անիկա մտածեց բանակ կազմել և միշտ ունենալ այդ բանակը ձեռքի տակ։
Բայց այդ բանակը ինչի՞ համար։
Դոկտ. Բուրբոնյանը այս բանակի մասին պահեց արտասովոր գաղտնապահություն, բայց պարզ էր անոր հոգեբանությունը։ Դոկտ. Բուրբոնյանը շատ շուտով նկատեց, որ իր պատկանած կուսակցության սոցիալիստական ծրագիրը հով էր։ Այս կուսակցությունը կը հետապնդեր զուտ նացիոնալիստական մտքեր։ Դոկտ. Բուրբոնյանի մտքին մեջ հայ նացիոնալիզմը հայոց հին թագավորության վերահաստատումն էր։
Այս նոր թագավորության հիմնադիրը ես պիտի ըլլամ, մտածեց պահ մը և այդ մտածումին հաջորդեց իր բոցավառ երևակայությունը։
Անոր թվեցավ, որ մեկը կը հակաճառե իրեն, զայրացավ, ոտքերը գետնին զարկավ և աղաղակեց.
Ո՞վ է ինձ չի հավնողը, ես եմ, և մտքին մեջ ըսավ. հայոց Բուրբոնյան թագավորություն Քրիստոսի թվականին 19... չի կրցավ ճիշտ թվականը որոշել և թռղուց զայն մոտավոր ապագային։
Բայց անիկա ուժեղ կերպով հետապնդեց բանակ կազմելու գաղափարը։
Բանակ կազմելու համար իր առաջին գործը եղավ երթալ շուկա և փոքրիկ, սիրուն տետրակ մը գնել զինվորներ արձանագրելու համար։ Անիկա սկսավ, իր ճառախոսություններու ընթացքին, կոչ ընել ունկնդիրներուն արձանագրվիլ Հայաստանի ազատագրության համար։
Ով որ պատրաստ է իր կյանքը զոհել՝ թող ձեռք բարձրացնե, կաղաղակեր իր ճառախոսության վերջը։
Հասարակության մեջ գտնվող հարյուրավոր ձևի մարդիկ կր բարձրացնեին իրենց ձեռքերը։ Դոկտ. Բուրբոնյանը աչքե կանցներ ձեռք բարձրացնողները և տետրակը հանելով իր գրպանեն տեղնուտեղը կարձանագրեր։
150 քաջ զինվորներ Բեսիրիկ գյուղին մեջ, 200 անձնվեր զինվորներ Մարաշի մեջ, 3 500 ռազմիկներ Սեբաստիայի մեջ (նահանգը), 7 000 կրակոտ մարտիկներ Մուշի մեջ (դաշտը մեջը), 5000 անհաղթելի կտրիճներ Վասպուրականի մեջ, իսկ այստեղ ալ (անմիջապես արձանագրելով տետրակին մեջ) Արաբկիրի մեջ՝ 750 երկաթե կուրծք ունեցող ֆիտայիներ...
Հետզհետե այս թիվերը շատցան և դոկտ. Բուրբոնյանի երևակայության մեջ սկսան զինվորական մարզանքներու։ Անիկա հաճախ կը ցատկեր ոտքի և կը պոռար ահռելի ձայնով.
Կեցցե՜ բանակը։
Ո՞ր բանակը, որտե՞ղ, ինչո՞ւ ո՞վ էր հարց տվողը։ Հասարակության պաշտոնն է զարմանալ և անիկա... կը զարմանար։
Շուտով վրա հասավ Իտալո-թուրք պատերազմը։ Ռազմական մարդոց համար հարց չկար թե՝ ինչո՞ւ կը մղվեր այս պատերազմը։ Պատերազմը ինքնին տրամաբանական էր։ Դոկտ. Բուրբոնյանը առժամանակապես լքած իր կազմած բանակին նպատակը՝ երևակայեց գործնական միջոցներ ձեռք առնել իր ռազմական ընդունակությունները ցույց տալու օգնելով... թուրք բանակին։
Անիկա բացավ իր ծոցի տետրակը, աչքե անցուց իր արձանագրած հայ ռազմիկներու թիվը և անմիջապես թռուցիկ մը խմբագրեց և ղրկեց զանազան գավառներ կոչ ընելով երիտասարդության՝ կազմելու համար կամավորական բանակ մը կռվելու իտալական ոտնձգությանց դեմ։
Թռուցիկին մեջ հիշված էր, որ «դրականորեն պատասխանողները» պետք էին շուտով մեկնիլ դեպի Պոլիս՝ անկեց ալ դեպի ռազմաճակատ և ինք մեկնեցավ անմիջապես Թուրքիո մայրաքաղաքը նախապես հեռագրելով Օսմանյան պետության պատերազմական նախարարության։
Իտալո-թրքական պատերազմի սկսելուն մեր հերոսը կը գտնվեր Երզնկայի մեջ։ Թրքական 4-րդ զորաբանակի հրամանատարը, ոգևորված հայու մը այս ժեստեն, փութաց նշան նվիրել դոկտ. Բուրբոնյանին Պոլիս մեկնելե առաջ։ Երզնկայի կառավարական շենքի մեծ հրապարակին վրա թուրք հրամանատարը մեծ ցույց մը սարքեց, հրամայեց զինվորական երաժշտախմբին դուրս գալ և նվագել։ Բազմաթիվ ժողովուրդ հավաքված էր հրապարակը և դոկտ. Բուրբոնյան զինվորներու «փադիշահըմ չոք յաշա» օվսաննաներու և ժողովաւրդի կեցցեներու մեջ հրավիրվեցավ և նշան ստացավ։ Դոկտ. Բուրբոնյան նշանը առնելե հետո՝ ցատկեց կառավարական շենքի սանդուխներու վրա և թուրքերեն արտասանեց ոգևորիչ ճառ մը, շեշտելով որ հազարավորներ՝ հայ երիտասարդութենեն պիտի հետևին իրեն փշրելու համար իտալական գրոհները, ոտքի պիտի ելլեն, աղաղակեց անիկա, հայ ռազմիկները Բեյրութեն մինչև Վասպուրական և Իզմիրեն մինչև Բաշկալե։
Ժողովուրդը ցրվեցավ, զինվորական երաժշտախումբը նվագելով գնաց զորանոց, իսկ դոկտ. Բուրբոնյան տեղվույն առաջնորդին հետ հրավիրվեցավ հրամանատարին տունը ճաշի՝ ուր շարունակեց իր ճառերը, խոստանալով կտոր-կտոր ընել իտալական բանակները։ Երեկույթին անիկա իր ծոցի գրպանեն տետրակ մը կը հաներ և հաշիվներ կըներ։ Բուրբոնյանը կը հաշվեր իր ռազմիկներուն թիվը։ Անիկա փոխանակ եղած թիվը կրճատելու կեսի կամ ավելի պակասի, ընդհակառակը թիվերը կը բազմապատկեր երկուքով, երեքով և ավելիով, կունենար հսկայական թիվ որու առջև ոչ մեկ բանակ կրնար դիմանալ կը մտածեր անիկա, և հուզված ու խելահեղ կառներ օղիին գավաթը և կը շարունակեր իր ճառը հավատացնելով մինչև անգամ... հայոց առաջնորդին։ Ամենեն ավելի անիկա նկատի կառներ Երզնկայի ռազմիկներու թիվը, որոնք վաղն առավոտ պիտի հավաքվեին զորանոցը, որոնք ինք անձամբ պիտի բաժներ զենքերը, ինչպես թուրք հրամանատարը խոստացած էր։
Առավոտ ոչ ոք երևաց զորանոցը, բացի Կարապետ անուն Խոլթեքենի-Բալանղացի մը, մեկ աչքը կույր, որը պատրաստ էր իր կյանքը զոհելու «մեր հերոսին» համար։ Դոկտ. Բուրբոնյանը առանց շվարելու ոգևորությամբ և քաջալերանքներով ընդունեց Խոլթեքենի-Բալանղացի Կարապետը, որ իր տեղացիներեն կը կոչվեր «թեք տապանչա» և հուսաց որ մինչև կեսօր բոլորը կուգային իր երևակայության ահռելի պարապը լեցնելու։
Իզուր սպասեց մինչև երեկո։ Բայց որովհետև ինք շատ չէր կրնար սպասել, թռուցիկները արդեն գրված էին և երկրի զանազան կողմերեն արդեն կը փութային դեպի Պոլիս, գիշերը նամակ մը գրեց թուրք հրամանատարին, որ ինք ստիպված էր շուտով մեկնիլ դեպի Պոլիս տեղավորելու համար կամավորները։ Իր երկտողով խնդրած էր հրամանատարեն եկող կամավորներուն զենք բաժնել և «անմիջապես ուղարկել Պոլիս, ուր հարկ եղած կարգադրությունները ինք կընե»։ Կարապետը ընտրեց իրեն հավատարիմ և հլու ծառա և կես-գիշերին երկու ձիով մեկնեցավ դեպի Բաբերդ և անկեց ալ Տրապիզոն:
Երբ ճամփա ինկավ դոկտ. Բուրբոնյանը՝ Կարապետին տվավ հարկ եղած «զինվորական» հրահանգները.
Կարո, ինձ նայիր, ինձ կը կանչես դոկտոր էֆենտի և միշտ բարև բռնած, ինչպես հլու-հնազանդ և կարգապահ զինվոր։
Շատ աղեկ, դոկտոր էֆենտի, պատրաստակամ պատասխանեց Կարոն։
Ուր որ կը հասնինք, շարունակեց Բուրբոնյանը, անմիջապես կը վազես և Փայլակիս սանձը կը բռնես, մոտիկ մարդոց նշան կընես ինձ մոտենալ պատկառանքով։ Ո՛վ գիտե, կրնա ըլլալ մարդիկ պատահին, որ ինձ չճանչնան...
Ձեզ չճանչնա՞լ, դոկտ. էֆենտի, ես բոլորին ալ ճանչցնել կուտամ Ձեզ։
Աֆերիմ, Կարո, աֆերիմ, իմ ծառայիս պարտականությունը այդպես պիտի ըլլա։
Մինչև այս` Կարոն գիտեր, որ ինք կամավոր զինվոր է և ոչ ծառա, ինչպես Բուրբոնյանը կը հորջորջեր, բայց նախընտրեց լռություն պահել առայժմ։ Կարոն ինքն ալ իր անհատական կյանքին մեջ ինքզինք էֆենտի կզգար, բայց բաղդը զինքը աղքատացուցած էր և հիմա ստիպված էր հերոս ըլլալ։ Բուրբոնյանի կոչը լավ առիթ էր, մանավանդ որ մեկ աչքը չկար և հեղափոխական կեղծ անունն ալ պատրաստ էր՝ Թեք Տապանչա։
Բուրբոնյանը և Կարոն հասան Տրապիզոն, ճանապարհին ժամանակ չունենալով մնալ որևէ տեղ և ճառախոսել, զինվորներ հավաքել, որովհետև, ինչպես Բուրբոնյանը ամեն վայրկյան կը կրկներ, «զինվորներ հավաքված կըլլան Պոլիս և համապատասխան կարգադրություններ չեն ըլլար»։ Անոնք ստիպված եղան երկու օր սպասել Տրապիզոնի մեջ, որովհետև նավ չկար։ Բուրբոնյանը հարմար տեսավ հրապարակային միտինգ կազմակերպել և կոչ ընել «գիտակից երիտասարդության» գալ իր ետևեն և ջախջախել իտալական բանակները։
Համաձայն իր տետրակին՝ Տրապիզոնը կուտար 50 ռազմիկ։ Ատենին երբ անիկա Տրապիզոն գնաց հեղափոխական պրոպագանդի՝ հուսահատ դուրս եկավ։ Հիմա կոկորդը պատռելու չափ պոռաց և աղաղակեց, բայց մյուս օրը Կարոյի չափ ալ արդյունք չտվավ, բայց այս պարագան երբեք չհուսահատեցուց մեր հերոսը, որովհետև Տրապիզոնը արդեն գրեթե դուրս էր ծրագրեն։ Երկու օր հետո նավը եկավ և անիկա ուղևորվեցավ օսմանյան մայրաքաղաքը։
Երկրորդ անգամ ըլլալով, հեռագրեց Թուրքիո պատերազմական նախարարության և Հ․ Հ․ Դաշնակցության Կ․ Պոլսո պատասխանատու մարմինին, կամ ավելի ճիշտ է ըսել, Թուրքիո և Հայաստանի պատերազմական երկյակ նախարարությանց։
Առաջին օրը Բուրբոնյանը իջևանեց Pera Palace օթելը, վարձեց վերի հարկի վրա սենյակ մը իր համար և վարի հարկը սենյակ մը՝ Կարոյին համար։ Առաջին գիշերը ուզեց հանգստանալ. ոևէ պաշտոնական մարմինի լուր չտվավ իր ժամանելը։ Բայց իրիկունը՝ քնելե առաջ, երևակայեց․
Իմ զորքերը կըլլան ավելի ուժեղ և թարմ, որովհետև անոնք կուգան Հայաստանի անառիկ լեռներեն, խմած են հայրենիքի զով և կազդուրիչ ջուրը, ծծած են առողջարար օդը։ Իտալացիներու վրա տարած հաղթություններես ետքը ես շքով և փառքով կը վերադառնամ Հայաստան և իմ հաղթական լեգեոններով կը հայտարարեմ Արևելյան Անատոլուի անկախություն։ Այդ հաղթություններես ետքը ոչ ոք կրնա իմ դեմ խոսիլ։ Կը փշրեմ բոլորը, ես հաղթական եմ, ես ջախջախեցի իտալական կատաղի զինվորները։
Տակավին շատ պիտի երկարեր երևակայությանց այս սարսափելի շարքը, եթե հանկարծ Կարոն չմտներ և չընդհատեր։
Դոկտոր էֆենտի, փաշփորթ կուզեն։
Շատ լավ. կը հրամայեմ՝ ինձ ներկայանալ և ստանալ։
Կարոն անմիջապես դուրս գնաց և հայտնեց Բուրբոնյանի կամքը։ Համաձայն իր տված պատվերներուն՝ Կարոն աչալուրջ էր Բուրբոնյանը ներկայացնելու այնպես, որ նոր տեսնողներուն պատկառանք և վախ ազդեր։ Կարոն ուրիշներու ներկայության Բուրբոնյանի առջև կը կենար այնպես, ինչպես մոմը աշտանակին վրա։
Օթելին տերը ներկայացավ Բուրբոնյանին ամենախորին հարգանքով և ներողություն խնդրեց, որ ինք ստիպված էր հետևիլ մայրաքաղաքի օրենքներուն։
Այո, այո, պետք է կետ առ կետ հետևիլ պետական օրենքներուն, պատասխանեց դոկտ․ Բուրբոնյանը և գրպանեն հանեց Երզնկայի օրտու գումանտարիին արտոնագիրը։
Օթելին տերը երբ կարդաց արտոնագիրը, ծռեցավ մինչև գետին հարգանքի լայն արտահայտությամբ և վերադարձուց թուղթը Բուրբոնյանին։ Օթելի տերը մեկ քանի անգամներ խոնարհություն ընելե հետո՝ դուրս եկավ։
Կարո, աղաղակեց Բուրբոնյանը, ինձ մտիկ ըրե, հաղթություններես հետո քեզ մեծ պաշտոններու կը հասցնեմ։
Կարոն, որ շատ խորամանկ մարդ էր և գիտեր այս բոլորին ունայնությունը, պատասխանեց.
Ես մեծ հույս ունիմ, դոկտոր էֆենտի, որ իմ վիճակը վերջը-վերջը կը բարելավվի, և ես ալ համեստ պաշտոնի մը կը հասնիմ ձեր շնորհիվ։
Իմ շնորհիվ շատ բաներ կը տեսնես, Կարո, հույս ունեցիր, ես կը հաղթեմ և դու կը տեսնես։
Կասկած չունիմ, որ կը հաղթես և կը փշրես բոլորին բազուկները։ Մեր գյուղին մեջ կոշկակար մը կար, որ կը հավատար, թե ինքը ծնած է քահանա ըլլալու և ծառայելու տիրոջը, բոլորը վրան կը ծիծաղեին, բայց երբ Տեր Գրիգորը վախճանեցավ, գյուղացիք այդ կոշկակարին վրա միտք դրին և քահանա ձեռնադրել տվին, դոկտոր էֆենտի, թերևս կը ճանչնաս մեր Բալանղայի Տեր Նշանը։
Դոկտ․ Բուրբոնյանը չսիրեց այդ կոշկակարի օրինակը և անմիջապես խոսքը փոխելով հարցուց․
Կոշիկներս ներկա՞ծ ես, Կարո, զգեստներս արդուկել տվա՞ծ ես։
Հրամմեր եք, դոկտոր խումանտար։
Բուրբոնյանը քիչ մնաց ցատկեր և Կարոն համբուրեր, երբ անիկա զինքը խումանտար կոչեց։ Աչքերը փայլեցան, ուրախության ճաճանչներ դուրս խուժեցին անոր աչքերեն, պեխերը ոլորեց, շտկեց ստորակետները և բարձրաձայն և վերջեն գտած ազնվականի մը տոնով, ըսավ.
Կարո, Կարո, տակավին ինչ բաղդավորություններ պիտի տեսնես իմ շնորհիվ։
Առավոտ ժամը 9-ին փութաց դեպի «Ազատամարտ»-ի խմբագրությունը, ուր ստացված էր իր հեռագիրը։ «Ազատամարտ»-ի խմբագրապետը ողջունեց Բուրբոնյանի գալուստը և հայտնեց, որ պատասխանատու մարմինները մեծ անհամբերությամբ կսպասեին իր գալստյան։ «Ազատամարտ»-ի պետը ապշությամբ դիտեց Բուրբոնյանը թրքական զինվորական ուսադիրներով, ձեռքը արծաթ կոթով մտրակ մը, մեջքը ատրճանակի կաշիե աման մը։
Իմ ռազմական առաքելությունը անշուշտ կանդրադառնա մեր Հայաստանի վիճակին վրա և մենք աշխարհի առջև կը ցուցադրենք մեր ռազմական ընդունակությունները, Եվրոպայի առջև բացի մեր դիվանագիտական, վաճառականական և փիլիսոփայական հզորությունները ի սպաս դնելե, կարևոր էր որ ռազմորեն ալ մեր երեսը ճերմակ ըլլար, ճառի նման արտասանեց դոկտոր Բուրբոնյանը։
«Ազատամարտ»-ի խմբագրապետը իր մտքին մեջ կը չարչարվեր գտնելու դիվանագիտական, վաճառականական և փիլիսոփայական հզորությունները, երբ Բուրբոնյանը իր ծոցի գրպանեն հանեց օրտու գումանտարիին արտոնագիրը և երկարեց խմբագրապետին։ «Ազատամարտ»-ի ղեկավարը կարդալե հետո՝ հարեց.
Բայց երբեք կարիք չկար, որ մենք խառնվեինք ոևէ կերպով Իտալիո դեմ մղված արդարացի պատերազմի մը։
Ի՞նչպես թե արդարացի, Իտալիա բացորոշորեն կը կողոպտե մեր երկրի լավագույն մեկ մասը, պատասխանեց գրգռված Բուրբոնյանը։
Պետք է գիտնալ թե Թուրքիան ոչ մեկ կերպով օգտակար չէ հանդիսացած Տրիպոլիսի, ինչպես որ առած էր, այնպես ալ, թերևս անկե ալ ավելի ավերած, պիտի հանձնե իտալացիներուն, հակաճառեց լրջորեն «Ազատամարտ»-ի պետը:
Ես կր փրկեմ դրությունը, իմ բանակը թույլ չի տար, որ Թուրքիան հանձնե Տրիպոլիսը իտալացիներուն, ընդդիմախոսեց մեր ռազմագետը:
Խմբագրապետը ընկողմանեցավ իր աթոռին մեջ և սկսավ խոր մտածել, որ իր առջև կը գտնվի սարսափելի երազե մը արթնցող խելագար մը։
Անիկա երբեք չհասկցավ թե Բուրբոնյանը ինչ կը շարունակեր փաստաբանել, որովհետև անոր չէր ունկնդրեր, միայն սթափվելե հետո՝ ըսավ.
Ընկեր Բուրբոնյան, նախքան ձեր մասնակցիլը այս պատերազմին՝ կուսակցության պատասխանատու մարմինը իր վճիռը պետք է տա։ Ես կը խնդրեմ ձեզնե չներկայանալ երբեք պատերազմական նախարարության, մինչև այս իրիկվան պատասխանատու մարմնին կարծիքը առնեք։ Տակավին կամավորներ չեն եկած և ի՞նչ հարկ դիմել պատերազմական նախարարության առանց զինվորական որոշ թիվ մը ներկայացնելու։
Բուրբոնյան խոստացավ չներկայանալ նախարարության, ոչ թե անոր համար, որ կսպասեր լսել պատասխանատու մարմնի կարծիքը և վճիռը, այլ անոր համար, որ ինք թռուցիկներու մեջ կամավորներուն հասցե տված էր «Ազատամարտ»-ի խմբագրատունը և ոչ ոք տակավին չէր եկած։
Ձեզ հետ ոևէ կամավորներ ունի՞ք, հարցուց խմբագրապետը։
Այո, կան և բոլորն ալ կտրիճ տղաք են, Կարոն հրաշալի զինվոր մըն է, պատասխանեց դոկտ. Բուրբոնյանը։
«Ազատամարտ»-ի պետը կարծեց, որ Կարոն ամբողջ խումբի մը ղեկավարն է։
Շաբաթներ անցան և պատասխանատու մարմինը չի համաձայնեցավ ընկեր Բուրբոնյանի պատերազմի մասնակցելու մասին վճիռ տալ, իսկ Բուրբոնյանը կուզեր, որ այդ վճիռը ուշանար, վիճաբանությունները որչափ կարելի է երկարին, որովհետև հակառակ իր հսկայական բանակի թվին, մեջտեղը ոչինչ կար։ Իր համբերությունը ջարդուփշուր եղավ, աչքը դեպի նավահանգիստը հառած մնաց և մեկ հատ կամավոր չժամանեց։ Դոկտոր Բուրբոնյանը շարունակեց Պոլսի փողոցները պտտիլ զինվորական ուսադիրներով։ Պոլիս ժամանելեն մեկ քանի շաբաթ հետո՝ իր ուսադիրներուն վրա նշանները փոխեց՝ կամովին բարձրացնեքով իր զինվորական աստիճանը, օրտու գումանտարիին այն խոսքին վրա, որ «մեկ քանի շաբաթ հետո՝ մենք կը բարձրացնենք Ձեր աստիճանը»։ Երբեք կարելի չէր ըսել թե առանց պատերազմի մեջ մտնելու անիկա իր աստիճանները բարձրացուց, որովհետև Բուրբոնյանը կը գտնվեր գործնական և արյունալի պատերազմներու մեջ։ Անիկա կռիվ կը մղեր և հաճախ կը հաղթեր, անիկա իր բանակով գրոհ կուտար իտալական զինվորներուն վրա և անոնց ստիպել կուտար անպատիվ նահանջել։ Քանի անգամներ վերք ստացավ, եկավ հիվանդանոց, թուրք հանըմներ իր վերքը լվացին, դեղեցին և կապեցին, ինք ճառ խոսեցավ անոնց, որ «կարող էր սրտեն վերք առնել և չմեռնիլ, անգամ մը ևս թշնամիին կուրծք տալու համար»։
Պոլսի դաշնակցական պատասխանատու մարմինը իզուր կը ջանար արգիլել Բուրբոնյանին կռիվ չհայտարարել Իտալիո դեմ։
Պատասխանատու մարմինն ալ նվազ տառապանքի և երևակայության մեջ չէր։ Բուրբոնյանի նման խելացնորի բաղձանքը նյութ դարձուց «սկզբունքային հսկայական» վիճաբանության, ցնցվեցավ, ջղայնացավ, մերթ լրջորեն խորհեցավ, մերթ թեթևորեն, առանց վայրկյան մը իսկ անդրադառնալու, որ կամավորներ չկային և Բուրբոնյանի կամավոր երթալը թրքական խարխուլ նավի մը վրա դեպի Տրիպոլսի ափերը՝ Իտալիան չէր կարող հուզել և շփոթության մատնել։ Պատասխանատու մարմինը թողուց իր բանն ու գործը և բոլոր ժողովներու օրակարգի նյութ դարձուց «ընկեր Արքայազնի պատերազմի մասնակցելու հարցը»։ Հեռագրվեցավ Ժընև և Կովկաս, պատասխան ստացվեցավ. «Խստիվ արգելել հայկական բանակ ուղարկել իտալական բանակներսւ դեմ»։
Այս վիճաբանություններն ու հուզումները տակավին շատ պիտի երկարեին և ստանային անիմանալի ծավալ և Բուրբոնյանը իր ուսադիրները պիտի փութար փոխել զինվորական ավելի բարձրագույն աստիճաններու, եթե չպատահեր բարեբաղդ դեպք մը. Թուրքիան պարտվեցավ և հաշտություն կնքվեցավ Իտալիո հետ Տրիպոլսի կորուստով։ Այդ բարեբաղդ դիպվածեն ոչ այնքան իտալական պատերազմական հրամանատարությունը և Թուրքիո պատերազմական նախարարությունը հանդարտեցան, որքան Հ. Հ. Դաշնակցության Պոլսո պատասխանատու մարմինը և խեղճ Կարոն, որ ամեն գիշեր Բուրբոնյանի սենյակին մեջ գավազան մը ձեռքը (իբրև հրացան) Բուրբոնյանի հրամանները կը գործադրեր մերթ պառկելով անկյունը և նշան առնելով պատեն կախված պատկերներուն, որոնք կենթադրվեին իտալական բանակները ըլլալ և մերթ ցատկելով Բուրբոնյանի «մարշ» աղաղակեն՝ վար կը բերեր բոլոր պատկերները իբրև հաջող հարձակողականի մանյովր։
Ահա Կարոն իրիկվան ընթրիքեն հետո կանգնած է Բուրբոնյանի սենյակին մեջ։ Բուրբոնյանը արծաթ կոթով մտրակը ձեռքը, վերեն վար զինվորական շորերը հագած, դիտակը կախած ուսն ի վար, սուրին և ատրճանակին կաշիները բոլորը իր տեղը առանց սուրի և ատրճանակի, ինչպես այրի կին մը, հանկարծ կը պոռա.
Պատրա՛ստ...
Կարոն կը փութա ձեռք առնել գավազանը, որ ատեն Բուրբոնյանը դիտակը կը հանե և կը դիտե ուշի-ուշով դեպի թշնամու բանակը պատերը, պահ մը դիտելե հետո՝ կը պոռա.
Մա՛րշ...
Կարոն կը վազե մինչև դիմացի պատը, Բուրբոնյանը երբեք չմոռնար պատեն երկու քայլ մնացած հրամայելու՝ պառկի՛լ. Կարոն կը պառկի և գավազանին ծայրը կը դըպցնե պատին։
Բուրբոնյանը դարձյալ կզբաղի դիտելու պատին վրա կատարված շարժումները իբրև թշնամիի հայտնի կամ գաղտնի շարժումներ և հանկարծ.
Կրա՛կ, անդադար կրա՛կ... կը պոռա։
Կարոն շատ լավ կը հասկնար և կըմբռներ այս մարդկային կատակերգության բովանդակ վայելքը և կը համբերեր, որովհետև կը մտաբերեր Խոլթեքենի֊Բալանղայի մեջ կտոր մը չոր հացի կարոտությունը։
Ժամ մը Բերա Բալասի մեջ ռազմական «մանյովր» և հրաշալի սենյակ, Պոլիս՝ մայրաքաղաքը, հրաշալի ուտելիք, հագվելիք և մեծ հրամանատարի ծառա, առանց վերք ստանալու, առանց ձյունին և անձրևին տակ զինվորական ծառայություն ընելու, ժամ մը մանյովր և ամեն ինչ...
Կը մտածեր Կարոն իմ բաղդես էր, կը փսփսար ինքնիրեն, եթե այս խենթը չըլլար, ես սատկեր էի շան նման։
Դոկտ. Բուրբոնյան Իտալո-թուրք պատերազմը վերջացնելե հետո իր բանակին Կարոյի հետ վերադարձավ Անատոլի։ Մեր հերոսը ընկճված չէր, որովհետև, ինչպես մենք տեսանք, անիկա պատերազմեցավ, բայց ինչ ընենք, որ թուրքերը պարտվեցան։
Մինչև Թոգատ հասնիլը Բուրբոնյանի երևակայությունը կը վառեր անկանոն կերպով՝ երբ Թոգատի մեջ հանդիպեցավ մեկուն, որ բարեբախտաբար լուր ուներ անոր Իտալո-թուրք պատերազմին մասնակցության։
Դոկտոր էֆենտի, ըսավ այդ մեկը, դուք ալ չկրցիք փրկել պատերազմը։
Անկարելի էր, բարեկամ, պատասխանեց մեր հերոսը, երբ իմ բանակս հասավ՝ արդեն գործի անհաջողության կեսը կատարված էր, անկարելի էր փրկել, բայց մի մոռնաք, հարեց Բուրբոնյանը, որ մեր ճակատամարտները ահռելի բնույթ ստացան, իմ անձնվեր զինվորը ականատես եղած է կռիվներուն, և ձեռքովը նշան ըրավ Կարոյին:
Կարոն անմիջապես հասկցավ բանի էությունը և վերահաստատեց.
Մանավանդ մեր հինգերորդ օրվան կռիվը, հարեց Կարոն, ճակատագրական բնույթ ստացավ, մեր դիմացի պատին... ը՜ը՜ը՜, դիմացի նավուն մեջ ինչքան որ մարդ կար ծովը թափվեցավ։
Բուրբոնյան Կարոյի այս խոսքին վրա բոլորովին ոգևորվեցավ և անմիջապես վճռեց օգտագործել իր ռազմական համբավը, որ անպայման տարածված կըլլար ամբողջ Անատոլիի մեջ, ի հաշիվ իր ապագա ծրագրին հայոց թագավորության։
Մեր ճիգերը իզուր անցան, բարեկամ Թուրքիան պարտվեցավ, բայց ես ուրախ եմ. մին կործանեցավ, բայց մյուսը կը ծնի։
Ի՞նչ է այս մյուսը, հարց տվավ խոսակիցը։
Բուրբոնյանը պեխերը ոլորեց, հպարտացավ, փքվեցավ և իմաստություն համարեց չպատասխանել։
Մինչ Սեբաստիա հասնիլը՝ անոր երևակայության մեջ հայոց թագավորությունը կանգուն էր, միայն կը մնար «չնչին» ձևականությունները կատարել։ Սեբաստիայի մեջ, օր մը, հանկարծ Կարոյին դառնալով՝ ըսավ.
Կարո, ինձ նայե, Բուրբոնյան թագավորություն, հը՞, ի՞նչպես է։
Աղեկ չհասկցա, դոկտոր էֆենտի, միտքս ուրիշ տեղ էր, մրթմրթաց Կարոն։
Տեր արքա ըսե, շունշանորդի, տակավին չմոռցա՞ր դոկտորը։
Ներեցեք, վեհափառ, իմ խելքը ուրիշ տեղ էր, պատրաստակամ պատասխանեց Կարոն, գուշակելով որ Բուրբոնյանը կը ցանկանար կաթողիկոս ձեռնադրվիլ։ Կարոն հայոց թագավոր մտքեն անցնելու չափ հիմար չէր։
Բայց կամաց-կամաց Կարոյի համար պարզ եղավ իր տիրոջ որ հորիզոնները թևակոխած ըլլալը, և սկսավ լրջորեն մտահոգվիլ իր քաղաքական վիճակի մասին։
Սեբաստիայի մեջ մեկ քանի գաղտնի ժողովներե հետո՝ գահաժառանգ Բուրբոնյանը հայոց Արամյանց վարժարանի բակին մեջ հրապարակային միթինկ կազմակերպեց։ Նախքան միթինկը գահաժառանգը մտավ եկեղեցի և խոր աղոթեց, երբ եկեղեցիեն դուրս եկավ, անիկա թողած էր իր արագ շարժուձևերը, լուրջ և տժգունած, պաշարված էր ծանր խորհուրդով։ Անիկա կզգար, որ բավականին լուրջ և պատասխանատու գործի մը կը ձեռնարկեր։ Երբ Կարոն ձին մոտեցուց, որ մոտիկ ապագայի արքան ցատկե վրան, արքայազուն նշան ըրավ ձին հեռացնել և քալեց հետիոտն։
Մեծ բազմություն հավաքված էր հայոց Արամյանց վարժարանի բակը լսելու համար իրենց հին ծանոթ ճառախոսը։ Երբ անիկա մոտեցավ վարժարանի մեծ դռան, գլուխը կախ, բարձրանալու փայտե շինված բարձր պատվանդանի մը վրա, բազմությունը ապշանքով սկսավ դիտել անոր արտասովոր լրջությունը։
Գահաժառանգը բարձրացավ պատվանդանին վրա, ծանր և խորին նայվածքով դիտեց իր շուրջը և սկսավ... ճառա¬խոսել.
Հայրենակիցնե՛ր, դարերը դարերու կը հաջորդեն, լեզուները՝ լեզուներու, ազգերը՝ ազգերու, ծովերը՝ ծովերու, պատերազմները՝ պատերազմներու, հրդեհները՝ հրդեհներու և... (քիչ մը կանգ առավ և տոնը բարձրացնելով) թագավորությունները կը հաջորդեն թագավորություններու։
Թագավորություն կը նշանակե ըլլալ պատվավոր՝ դարերուն և ազգերուն մեջ, կը նշանակե ունենալ փառք և հարստություն, բանակներ և նավատորմիղներ, մղել պատերազմներ, ճակատ ճակատի գալ շրջապատած թշնամիներու հետ... կը նշանակե ապրիլ, կռվիլ և... չմեռնել։
Դոկտ. Բուրբոնյան գահաժառանգը այստեղ քիչ մը մտահոգվեցավ, որովհետև սպասած ծափահարությունը կուշանար։ Կարոն ամբողջ լսողություն էր կտրած հասկնալու իմաստը իր «տիրոջ» վերջին ցնորքներուն։
Մենք, շարունակեց մեր ճառախոսը, կորսնցնելով մեր թագավորությունը, կորսնցուցինք մեր պատիվն ու փառքը, մենք պարտական ենք վերականգնել մոխիրներու տակեն մեր փառապանծ թագավորությունը, մեր սրբազան պարտքն է այդ։
Կարոն խորապես զգալով իր անձնական քաղաքական վիճակի վտանգը՝ անմիջապես ձին կապեց ծառի մը և կորսվեցավ ամբոխին մեջ։ Հասարակությունը սկսավ հարցականորեն իրարու նայիլ, բայց քիչ չէին նաև անոնց մեջ հայոց թագավորության ոգեկոչումով բոցավառվողները։ Բարձրացավ կարճլիկ և վախկոտ ծափահարություն, և ամեն ինչ լռեց: Մեր ճառախոսը շարունակեց, և իբրև փորձառու հռետոր, գիտցավ սթափեցնել և ոգևորել։
Այսօր, աստծու կամքով և իմ անձնական պատասխանատվության տակ, կը հռչակեմ հայոց թագավորության վերահաստատումը և ես ինքս Բուրբոնյանս կստանձնեմ թագը՝ ամուր և անքակտելի հիմքերու վրա դնելու համար հայոց նորածին թագավորական տունը։
Այստեղ քիչ մը կանգ առավ անթագակիր արքան և սպասեց կեցցեներու։ Բուրբոնյան կը հավատար, որ գեթ Կարոն կսկսի և ամբոխը կը հետևի։ Անիկա իզուր աչքերով Կարոն փնտրեց, բայց չգտավ։ Հասարակության այն մասը, որ վտանգի ներկայությունն զգալու իմաստությունն ուներ՝ սկսավ հեռանալ Արամյանց վարժարանի բակեն, բայց տակավին բավական հասարակություն մնաց լսելու հայոց ժամանակակից արքան։
Լսեցե՛ք, իմ հավատարիմ հպատակներ, մեծ է աստուծո կամքը, մեծ կըլլա և իմ ուժը կառավարելու, վերացնելու անարդարություններն ու թշվառությունները, մեծ կըլլա և իմ սիրտը տոկալու արքայական բոլոր տրտմություններուն, բոլոր զրկանքներուն։ Այս պատիվը, որ դուք կընեք ինձ՝ ընտրելով ինձ ձեր թագավորը՝ կերդնում առաջի աստուծո, որ կը վարձատրեմ լիուլի, կը լեցնեմ ձեր ամբարները, կը ծաղկեցնեմ ձեր շուկաները և պատերազմ կը մղեմ բոլորին դեմ։
Հասարակությունը կամաց-կամաց ավելի հեռացավ, այնպես որ ճառին մինչև այս կետը ճառախոսին անգամ նկատելի դարձավ այդ։
Իմ զինվորնե՛րս և պաշտոնյանե՛րս, երեք օրեն կը կազմվի կառավարություն, կորոշվի մայրաքաղաքը և թերևս կառավարության կազմի հռչակման հետ միաժամանակ՝ երջանիկ առիթը ունենանք պատերազմ հայտարարելու նորածին թագավորության թշնամիներուն դեմ։
Հանկարծ Արամյանց վարժարանի բակը լեցվեցան հարյուրավոր թուրք ոստիկաններ, պաշարեցին հայոց արքան և հասարակությունը։ Անոնց հրամանատարը մոտեցավ արքա Բուրբոնյանին և հրամայեց հետևիլ իրեն: Բուրբոնյան պատրաստվեցավ հարձակիլ վրան, երբ տասնե ավելի ոստիկաններ մոտեցան և շղթայեցին զայն, ապա ձերբակալեցին հասարակության մեջ քաղաքի աչքի ինկնող անձնավորություններեն 50 հոգի և ցրվեցին ամբոխը:
Երբ Բուրբոնյանը դուրս կառաջնորդեին բակի դռնեն, անիկա դարձավ իր ետևը և ամբոխին վրա խոժոռ նայվածք մը պտտցնելե հետո` աղաղակեց.
Ձեր արքան է ձերբակալված, ստրուկ ժողովուրդ, ինչո՞ւ եք վարաներ: Ոստիկանները լռեցուցին զինքը և տարին բանտ:
Քաղաքացիք խանութները փակեցին և տուն մտան, ամբողջ գիշերը ահ ու սարսափի մեջ անցնելով:
Բուրբոնյանը բանտի իր խուցին մեջ հանդիպեցավ Ֆանթազիոյին, որ հինգ տարվան համար բանտարկության էր դատապարտված դրամաշորթության հանցանքով: Երբ Ֆանթազիոն տեսավ իր ծանոթ Բուրբոնյանը, անմիջապես մոտեցավ քովը:
Բարև՛, բարև՛, դոկտոր, ի՞նչպես ես, ինչու՞ քեզ այստեղ բերին, հարցուց:
Բուրբոնյանը սուրի պես կտրող նայվածք մը նետեց Ֆանթազիոյի երեսին և պատասխանեց.
Ես դոկտոր չեմ, ստրուկ, ես արքա եմ:
Գիշերը, շղթայակապ, կը զառանցեր, անհասկանալի աղաղակներ կարձակեր, երբ քովը պառկող բանտարկյալ մը արթնցոցւ զինքը։ Բուրբոնյանը ցատկեց, շեշտակի նայեցավ զինքը արթնցնողին և զայրութով պոռաց անոր վրա.
Մի՞թե առանց թագուհի ունենալու կարելի չէ թագավոր օծվիլ...