Վահան Թոթովենց
Դոկտոր Բուրբոնյան
4
Դոկտ. Բուրբոնյանը մտադրեց մտնել իր ծննդավայրը։ Անիկա փոխեց իր զգեստները, դարձյալ հագավ արաբական ձիավորի տարազը և մտածեց ի՞նչ ձևով ներս մտնել։
Բոլորը ինձ պիտի հնազանդին, սկսավ խոսիլ ինքնիրեն, ամբողջ քաղաքը պետք է դաշնակցական ըլլա և ինձ ծաղկեփունջեր նվիրե, ինչպես առաջ, երբ տակավին ես դոկտոր չէի։
Մտածեց նաև իր ընտանիքը փոխադրել տալ մի ուրիշ տուն, բայց բարեբախտաբար գտավ, որ իրենց տունեն ավելի լավ տուն չի կար փոքրիկ քաղաքին մեջ։ Կանչեց գյուղացի մը և անոր հրամայեց.
Կերթաս մեր քաղաքը, կը հասկնա՞ս։
Հրամայեր եք, էֆենտի։
Դոկտոր էֆենտի, սաստեց Բուրբոնյանը խեղճ շինականին։ (Շինականը կանգնած տեղը ցնցվեցավ և ինքնաբերաբար արտասանեc դոկտոր էֆենտի։) Կերթաս մեր քաղաքը, կը տեսնես թաղականները և բոլոր մեծավորները և կըսես անոնց, որ դոկտոր Բուրբոնյանը վաղը պիտի ժամանե, երկսեռ վարժարանի բոլոր աշակերտությունը ծաղկեփունջերով ինձ դիմավորելու կը հանեն, տեղվույն առաջնորդը ինքը անձամբ կը դիմավորե ինձ, հրաման կընեն, որ ներս մտած ատենս երկու եկեղեցիներու զանգակները ղողանջեն և եկեղեցիներու երգեցիկ խումբերը խառն երգեն «Մեր Հայրենիքը»։ Կը հասկընա՞ս, հիմար, այսպես՝ կերթաս և կը պատվիրես, եթե ոչ գլուխդ կը թռցնեմ։
Հրամայեր եք, էֆեն… դոկտոր էֆենտի։
Հիմա ճամփա կելլես և կերթաս, հեռացիր։
Շինականը հրաժեշտ առավ և ճամփա ելավ դեպի Չմշկածագ, որ հազիվ երկու ժամ հեռավորության վրա էր: Բուրբոնյանը գիշերն ամբողջ չկրցավ քնանալ և ծրագրեց մեկ քանի տեղեր ճառեր խոսիլ և մեծ հանդիսավորություն ստեղծել։ Անիկա Եփրատ Կոլեջի մեջ գրեթե անգիր ըրած էր Քրիստոսի պատմությունը։ Իր մուտքը դեպի իր ծննդավայրը նմանցուց Քրիստոսի Երուսաղեմ մտնելուն։ Անիկա առաջին անգամն ըլլալով կասկածեցավ Հիսուսի այն նշանավոր խոսքին վրա թե՝ Մարգարեն պատիվ չունի իր գավառին մեջ։
Հիսուս արքան մեծ մարդ էր, բայց վերջապես հյուսնի մը որդին էր, ատոր համար իր գավառին մեջ պատիվ չուներ, մտածեց անիկա։
Որպեսզի նմաներ իր Չմշկածագ մտնելը Քրիստոսի Երուսաղեմ մտնելուն, մտածեց Փայլակը փոխել ավանակի մը հետ, բայց երբեք չկրցավ այդ մտածման հետ հաշտվիլ:
Ես… իշու վրա նստած… այդ դարը անցած է, մտածեց և բոլորովին դուրս վռնտեց էշը իր խելապատակեն։
Խանին տերը լսեց շինականին տված պատվերը և փեշերը իրարու բերավ։ Առաջ, որ Բուրբոնյանը կը նկատեր իբրև հասարակ ճամփորդ մը և իր տանուտերի սովորական հարգանքը կընծայեր, այս անգամ սկսավ վախնալ։ Երբեք չկրցավ հասկնալ, թե ինչ տիպի մարդ կրնար ըլլալ նա, որուն համար ամբողջ քաղաքը պաշտոնապես բարի գալուստի պիտի գար, եկեղեցին զանգակները պիտի ղողանջեին, երգեցիկ խումբը և առաջնորդը նույնիսկ պիտի գային դիմավորելու։
Իմ տեսած բժիշկներուն համար այդ տեսակ ցույցեր չէր սարքված, ուսուցիչ մը այսքան փառասեր չէր կրնար ըլլալ, կը մտածեր խանին տերը։ Երբեք չգուշակեց իր հյուրին ինչ տեսակ մարդ ըլլալը, վերջերս շատ էր լսած հեղափոխականներու մասին, բայց նայելով Բուրբոնյանի հասակին, որ շատ կարճ էր, խանին գեղջուկ տերը չէր կրնար կարծել, որ այդ հասակով հեղափոխական կրնար ըլլալ։ Անիկա կերևակայեր տիտանյան հասակ, սադայելական նայվածքներ, սարսափելի ձայն մը, որ քարայրի մեջ հնչող պղինձի նմաներ և անպայման մեկ քանին պետք էր մինչև այդ ատեն ծեծ կերած ըլլային իրմե։
Իրիկունը, երբ անիկա դոկտորին տված բոլոր պատվերները երկյուղածորեն կատարեց՝ հանդգնեցավ մոտենալու իր հյուրին, որուն համար վաղը զանգակները պիտի ղողանջեին։ Անիկա հազալով և վիզը քորելով մոտեցավ դոկտ. Բուրբոնյանին, որ ատեն դոկտորը պեխերը կոլորեր։
Դոկտոր էֆենտի, ուրիշ պատվերներ ունի՞ք։
Ոչ։ Այս խանը քու սեփականությո՞ւնդ է, հարցուց հանկարծորեն։
Ձեր շնորհիվ, պատասխանեց գեղջուկը, բայց սարսափած, որ մի գուցե անհարմար ըլլար շիտակ խոսիլը։
Կարգվա՞ծ ես, մանուկներ ունի՞ս, լավ դրամ կը շինես, հը՞։ Ինչպե՞ս է գործդ։
Լավ է, շատ լավ է, էֆենտի, բայց ասկե առաջ շուները համ չէին տար։
Հիմա ինչպե՞ս են, թերպիե եղան, չէ՞։
Հիմակուհիմա ակռա չեն կրնար սեղմել, կըսեն որ մեր ֆիտայիները եկած են Ստամբոլ և գործը լավ կերթա։
Այո, եկած են, բոլորն ալ ցրված են երկրի չորս կողմերը։ Ես ալ եկած եմ հոս, ես բոլոր ժանդարմներուն քիթը կոտրեցի, ես ահավոր չարչարանքներ քաշած եմ, բանտերուն մեջ պիտի փտեի, այլևս դուք ազատ եք, ես ազատությունը բերի այստեղ, չըլլա, չըլլա որ շուներուն մեկ խոսքին ականջ կախեք, եթե անոնք համարձակին որևէ իրենց նախկին սովորություններեն կրկնել՝ ես հոս եմ, ես հոս եմ։ Հետո դոկտ. Բուրբոնյան շարունակեց պատմել խանին միամիտ տիրոջը իր ավելի ճոխացուցած հեղափոխական-հերոսական սխրագործությունները, որոնց խանին տերը մտիկ ըրավ ապշությամբ և երկյուղածությամբ, բայց երբ դոկտորը դիմեց իր պատմությանց փոքրիկ մանրամասնությանց, խանին տերը, որ առավոտեն մինչև իրիկուն հոգնած էր, սկսավ քնել, բայց երբեմն ընդոստ կը ցատկեր, երբ դոկտորը կը կրկներ իր ժանդարմներուն և զանազան զինվորականներուն հետ ունեցած կռիվներ ու աղաղակները։
Հե՛յ, էշշեկ հերիֆ, ես կր պատմեմ և դու կը քնանա՞ս, այդպես է, որ շուները ձեզ կը հալածեն, երբ չես կրնար լսել ազատագրության հրաշալի պատմությունները, գնա՛, կորի՛ր այս տեղեն, սաստեց դոկտորը հոգնած խանին տիրոջը, որ ոտքի ելավ, ներողություն կընեք, էֆենտի, ըսավ և գնաց քնանալու։
Հեղափոխական է եղեր, եզրակացուց ինքնիրեն։
Գիշերն ամբողջ կեցցեներու և ծափահարությանց ձայներուն ունկնդրեց Բուրբոնյանը։
Հաջորդ առավոտ իր պատվերին համաձայն ետ եկավ իր ղրկած շինական պատգամավորը և լուր բերավ որ մինչև անգամ պետք չկար ընդունելության կանխավ թելադրությանը։
Երբ խոսքս բացի, որ դուն պիտի մտնես Չմշկածագ, դոկտոր էֆենտի, ըսավ շինականը, ամբողջ մեծավորները թունդ ելան, դոկտոր էֆենտի, ավելորդ էր ըսելս թե դուն կուզես, որ քեզ մեծ շքով դիմավորեն դոկտոր էֆենտի, ամբողջ քաղաքը իրար խառնվեցավ, դոկտոր էֆենտի, երբ առաջնորդին քով գացի լուր հաղորդելու, դոկտոր էֆենտի, դեղնեցավ մնաց, դոկտոր էֆենտի, անմիջապես կանչեց բոլոր թաղականները, դպրոցներուն տեսուչները, քահանաները և պատվիրեց որ տոնախմբության պատրաստ ըլլան, դոկտոր էֆենտի, ալ ինչ ըսեմ, դոկտոր էֆենտի, ամենքն ինձ պատիվ կուտային, որովհետև ես բաղդը ունեցա առաջին անգամ հաղորդելու լուրը, դոկտոր էֆենտի, ես քու ոտքերուն ղուրպան, դոկտոր էֆենտի։
Երբ շինականը կը խոսեր, դոկտոր Բուրբոնյանը կոկոզավիզ դունչը երկինք ցցելով՝ իր պեխին հետ կը խաղար, աշխատելով ստորակետներու ուղղությունը պահել և հասցնել մինչև իր բիբերուն դեմ դիմաց։
Առաջին անգամ, որ գացիր, ի՞նչ ըսիր, հարցուց մեկեն ի մեկ մեր հերոսը։
Դոկտոր էֆենաի, ըսի որ դոկտոր էֆենտին կուգա, դեմ եկեք։
Չհարցուցի՞ն քեզի թե ո՞ր դոկտոր էֆենտին է։
Երբեք, դոկտոր էֆենտի, ի՞նչ համարձակությամբ։
Դուրսը արդեն հիվանդներու պոչը ավելի կերկարեր և խանին տերը հազիվ համարձակությունն ունեցավ գալու և հայտնելու։ Սովորություն կար Հայաստանի գյուղերու և ետ ինկած քաղաքներուն մեջ, որ երբ բժիշկ մը կը հայտնվեր, բոլորը կը փութային ինքզինքնին քննել տալ հիվանդ կամ ոչ հիվանդ և կամ կարծեցյալ հիվանդ։ Բուրբոնյան ամենեն շատ հանդիպեցավ այս սովորության, որուն կը համբերեր մեծ հաճույքով։
Ինչպես մենք տեսանք, Բուրբոնյանը հազիվ տարի մը մնաց բժշկական ֆակուլտետին մեջ և չէր կրնար տարրական լուծողականի մը դեղագիրը պատրաստել և որպեսզի առաջքը առներ այս անհարմարության, անիկա ստիպվեցավ խորապես հավատալ առանց դեղի բժշկության մեթոդին։ Իրեն այցելող բոլոր հիվանդներուն բազկերակը կը նայեր, սիրտը մտիկ կըներ և մեկ երկու վայրկյան խորհելե հետո, կըսեր.
Օրական երեք անգամ մսի ջուր խմե, կամ օրական երեք անգամ բացօթյա պտույտներ ըրե, կամ՝ միս մի ուտեր, կամ՝ կը թելադրեր հավկիթ, մածուն ուտել և կաթ խմել և զանազան այս տեսակ գյուղացիները ապշեցնող բժշկություններ։ Ծանր հիվանդներուն չէր այցելեր, պատճառաբանելով, որ ժամանակ չունի, թե ազգային հեղափոխական գործը երեսի վրա կը մնա, իսկ վիրաբուժության համար՝ գործիքները դժբախտաբար հետը չէր առած։
Հիվանդները քննելե հետո, կեսօրին ճամփա ելավ դեպի իր ծննդավայրը։
Չմշկածագցի Քրիստոսը կը մտներ իր Երուսաղեմը։
Մեկ երկու ժամեն արդեն Բուրբոնյանը հասած էր քաղաք։ Հեռուեն եկեղեցու մեծ զանգակները կը ղողանջեին ծանուցանելով այդ բնավայրի ամենախոշոր զավակին հաղթական մուտքը։ Մեկ քանի ժամվան մեջ արդեն ստեղծված էին այլևայլ առասպելներ Բուրբոնյանի շուրջը։ Անոր արտակարգ մանկությունը կը պատմվեր արևելյան գույներով. զինքը մկրտող Մամբրե քահանան, որ հիմա եկեղեցիի իր բոլոր իրավունքները, խոր ծերության պատճառով, զիջած էր նորընծայի մը, երջանիկ հիշատակներով կը պատմեր փոքրիկ Բուրբոնի ծնունդը, անոր արտակարգ ընդունակությունները։ Բուրբոնյան տան դրացիները բոլորն ալ վերհիշեցին զայն և ամեն անոնք, որոնք ավելի շատ բան կը հիշեին, ավելի բաղդավորված կը զգային ինքզինքնին։
Տեղվույն առաջնորդական տեղապահ Բառնաբաս վարդապետ Տեր-Կարապետյան, որ Արմաշի դպրևանքը երկու օրվա տեսած ըլլալուն համար ամեն օր և ամեն մարդու հպարտությամբ կը պատմեր, իր փոքրավորով և քարտուղարով, դեմ էր եկած վեղարը գլուխը և գավազանը ձեռքը։ Երբ հանդիպեցավ թափորին, որուն մասնակցողները կեցցեներ կը գոռային և վարդապետին հրամանով ուռիի ճյուղեր բռնած էին իրենց ձեռքերուն մեջ, պեխերը ավելի սրեց, ծնոտը ցցեց դեպի երկինք և աղաղակեց.
Կեցցե՜ ազատությունը, կեցցե՜ Դաշնակցությունը։
Ժողովուրդը ինքնաբերաբար կրկնեց և քաղաքին բոլոր անկյունները արձագանքեցին այդ երջանիկ աղաղակը։ Բուրբոնյան Քրիստոսի նմանելու համար մեկ բան կը կարոտեր իր գլխուն շուրջը չուներ լուսեղեն պսակ։ Դժվար է արձանագրել այստեղ թե մեր հերոսը այդ մասին մտածե՞ց թե ոչ։
Երջանիկ ամբոխը շրջապատեց Բուրբոնյանը։ Երգեցիկ խումբը զինքը առաջնորդեց դեպի եկեղեցին։ Ճանապարհին վրա, անիկա պետք էր անցներ իր պապենական տան առջևեն։ Իր հայրը և մայրը մնացած էին տունը ն ելած էին տանիքը, դիտելու տեսարանը, իսկ իր մեծ եղբայրները իրենց արտակարգ եղբոր ձիուն երկու կողմերեն կը քաշեին ձիուն ասպանդակները բռնած։
Երբ հասավ հորենական տան առջև, խոնարհություն ընելով և ողջույններ ուղարկելով բոլորին, իր ծնողները տանիքին վրա ուրախութենե կուլային։ Նախ ողջունեց իր ծնողները, որոնք բավականին ծերացած էին արդեն, առանց ձիեն վար իջնելու երկրորդ անգամ ըլլալով աղաղակեց.
Կեցցե՜ ազատությունը, կեցցե՜ հայրենիքը։ Ամբոխը դարձյալ կրկնեց ավելի ուժգին և խելահեղ։
Թափորը հասավ եկեղեցին, Բուրբոնյանը իջավ ձիեն, մտավ մատուռը և խաչակնքեց իր երեսը։ Մոտիկ եղողները նշմարեցին արցունքի քանի մը կաթիլներ իր աչքերուն մեջ։
Երգեցիկ խումբը սկսավ երգել «Ուրախ լեր, բերկյալդ» մինչև դուրսը ամբոխը կը շատնար և ներս մտնելու հնարավորություն չի կար։
Բուրբոնյանը ձիուն մտրակը ձեռքը, արաբական շորերով, բարձրացավ խորան և սկսավ արտասանել մինն իր նշանավոր ճառերեն.
Հայրենակիցնե՛ր և ազատ քաղաքացինե՛ր, ազատությունը կը կայանա այն բանին մեջ, որ ամեն մարդ... ազատ է, որ ամեն մարդ ազատ է (այս վերջին խոսքերը հատիկ-հատիկ և մանր շեշտերով կրկնելուն պատճառը այն էր, որ դոկտորը կսպասեր բուռն ծափահարության, բայց ծափահարության փոխարեն տիրեց լուրջ և ծանր լռություն)։ Հայ հեղափոխությունը և հատկապես Հայ Հեղափոխական Դաշնակցությունն էր, որ բերավ ազատությունը և հեղափոխությունը մինչև այս ետ ինկած անկյուններուն մեջ (դարձյալ լռություն, բայց այս անգամ Բուրբոնյանը խզեց զայն ցասումով)։ Կեցցե՜ Հայաստանը, կեցցե՜ հայ հեղափոխությունը (այս անգամ որոտընդոստ ծափեր)։ Մեր ճառախոսը փոքրիկ հազով մը իր կոկորդը մաքրեց և շարունակեց փրփրած և կատաղած.
Մեր դարերու ստրկությունը այսօր անդառնալի կերպով կը սրբվի մեր ճակատներուն վրայեն։ Ազատության մրրիկը կը փչէ Պոլսեն մինչև Բաղդադ և Վասպուրականեն մինչև Մեքքե-Մեդինե։ Մեր նահատակներուն սրբազան ոսկորները կը շարժին, հողին տակեն ահավասիկ կը պոռան. Դուք հանգչեցուցիք մեր հոգնած և ջարդված ոսկորները ո՞ւր եք դուք, որ ավա՜ղ, չտեսաք ազատության և հերոսության արշալույսը որ բարձրացավ Արարատի ձյունապատ կատարեն և մեզ բոլորս ողողեց իր կաթոգին ճառագայթներով։ Ես ձեզի բերած եմ, ով իմ սիրելի հայրենակիցնե՛ր, այդ ճառագայթը, այդ արևը։ Այսօր աշխարհի բոլոր պատմաբանները իրենց աչքերը տնկած են մեզ, որովհետև մենք երևան կը բերենք տիեզերքի ամենամեծ երևույթը, հեղափոխություն, ապստամբություն, մահ բոլոր հին ռեժիմի մարդոց և անոնց զավակներուն։ Ինչ որ դարեր քարոզեցին աշխարհի մեծ մարդիկը՝ Թալես, Սոկրատ, Վաշինգտոն, Լյութեր, Դարվին, Լյուդովիկոս ԺԴ, քրիստափորներ, հեգելներ, շոպենհաուերներ և նիցշեներ, այսօր մենք՝ դաշնակցականներս, կը գործադրենք մեր սրբազան երկրին մեջ։
Ով ազատ քաղաքացինե՛ր, դուք կապրիք աշխարհի պատմության ամենաերջանիկ դարուն մեջ, ձեր պապերը ստրուկ մեռան, դուք ստրուկ ծնեցաք, դուք ազատ պիտի մեռնիք և ձեր զավակները ազատ պիտի ծնին, կեցցե ազատությունը (բուռն և երկարատև ծափեր)։ Անիծվի այն մարդը, որ ազատության կը կասկածի. անիծվի այն մարդը, որ հեղափոխության ընդդեմ մտածումներ կունենա։ Այդ մարդոց գլխուն մենք պատրաստ ենք մեր ահաբեկիչներու գնդակը իջեցնել։
Այնուհետև, ըստ իր սովորության, պատմեց երկարորեն և ռազմական ճիչերով «Դաշնակցություն» կուսակցության պատմությունը, անոր հերոսներու սխրագործությունները, իր, բանտային չարչարանքները, ժանդարմներու հետ ունեցած կռիվները, իր հաղթությունները, զանց առնելով «գաղտնի դիվանագիտության մանրամասնությունները, որոնք չէին պատկաներ ժողովուրդի լայն խավերուն»։ Կոչ ըրավ զինվորագրվել իր կուսակցության։
Դոկտ. Բուրբոնյանի մտքին մեջ տակավին թարմ էր իր մանկության պատմությունը իր ծննդավայրին մեջ։ Անիկա հիշեց որ այնտեղ կային կաթոլիկ հայեր, թվով մոտավորապես 50 տուն, որոնք կը դավանեին, թե իրենք հայ չեն, այլ կաթոլիկներ։ Անիկա պատեհ առիթ համարեց խոսիլ հայ կաթոլիկներու մասին և սաստել զանոնք՝ դաոնալ հայ-լուսավորչականներ և ընդգրկել Հ. Հ. Դաշնակցության «աշխարհահռչակ» ծրագիրը։ Այս ատենն էր, որ Պոլսի մամուլին մեջ կը հուզվեր հայ-կաթոլիկներու խնդիրը, և իր ծննդավայրի մեկ քանի կաթոլիկ տուներ ունեցած էին դեպի իրենց մայրենի եկեղեցիին գիրկը դառնալու ջերմագին մտադրություն։ Անիկա խոսքը ուղղելով հայ-կաթոլիկներուն, ըսավ. Հայաստանյայց կաթողիկե եկեղեցին է, որ պահած է դարերե ի վեր մեր ազգային գաղափարը, մենք կը պարտինք այս եկեղեցիի սյուներուն մեր այսօրվան ազգային ազատագրության ոգին և տենչանքը, պետք է խորթ չմնալ մեր եկեղեցիեն, պետք է առանց մտածելու թոթափել պապականության լուծը և վերադառնալ բուն Քրիստոսի, հայ հեղափոխության գիրկը։ Օ՛ն, ես, ես կոչ կընեմ ձեզի հետևիլ ինձ։
Երբ այս աղաղակը վերջացուց, բոլորը մեկանց սկսեցին ծափահարել։ Աղմուկին մեջեն կը լսվեին մեկ քանի երիտասարդներու ձայները, որ կը պոռային.
Մենք կը վերադառնանք մեր մոր գիրկը, մենք կը թոթափենք անարգ պապականությունը։
Ժողովուրդը «կեցցե»-ներով դուրս բերավ դոկտ. Բուրբոնյանր։ Անիկա անմիջապես հեծավ իր ձին, որովհետև ամբոխին մեջ չափազանց կարճ կերևեր։ Թափորը դարձյալ շարժեցավ գյուղաքաղաքի նեղ փողոցներեն և հասավ գերեզմանոցը։ Դոկտ. Բուրբոնյանը իր ձիուն գլուխը ուղղեց դեպի հին երկու նահատակներու շիրիմներու մոտ, ուր թափորին առջևեն քալող ժողովուրդը խառնված էր։ Կիներեն ոմանք կուլային իրենց ուրախությունեն, աղջիկները տանիքներու վրայեն երեսնին լաչակ մը ձգած, գաղտագողի, բայց բուռն տենչանքով կը դիտեին օրվան հերոսը, այդ ձիուն վրա նստած երիտասարդը, որուն մանկության արտակարգ պատմությունը իսկապես համապատասխան էր իր այսօրվան փառահեղ մուտքին և քաջագործությանը։
Դոկտ. Բուրբոնյանը առանց ձիուն վրայեն վար իջնելու սկսավ հուզված և արտասվաթոր աչքերով ճառել երկու նահատակներուն վրա.
Դուք, սրբազան նահատակներ, Մարտիրոս և Գարեգին, որ հիմա կը դիտեք ազատության արշալույսը, որ ես բերի այստեղ։ Ես գիտեմ, որ ձեր հոգիները հանգիստ են, և ձեր վրդովված գանկերը չեն թափառիր ուրվականներու պես մթության մեջ։ Ես ինքս վրեժ լուծեցի ձեր սրբազան մարմինները հոշոտող ժանդարմներեն, բացեք ձեր պայծառ աչքերը և տեսեք թե ինչպես անոնք կը հեծեծեն մութ բանտերու մեջ, տեսեք թե անոնք ինչպես հալածված են լուսավոր աշխարհեն և արևու լույսին կարոտ կը մնան։ Հանգիստ, խաղող և անդորր քնացեք դուք ձեր գերեզմաններուն մեջ, ո՜վ նահատակ եղբայրներ, Մարտիրոս և Գարեգին, որովհետև իմ ձեռքով ձեր վրեժը լուծված է։
Ճառախոսը իր ամբողջ թույնը թափելե հետո հին ռեժիմին վրա՝ վերջացուց այսպես.
Մենք կը տանինք, մենք կը շարունակենք, ես կո խոստանամ բոլորին առջև, ձեր գործը ամենայն հավատարմությամբ, հարգանք և երկրպագություն ձեր թարմ շիրիմներուն։
Դոկտոր Բուրբոնյանը երբեք չհիշեց, որ շիրիմները 27 տարվան հնության կը ներկայացնեին։
Բոլորը կուլային, բոլորը կը հեկեկային։
Թափորը առաջ շարժեցավ, դոկտ. Բուրբոնյանը արդեն չափազանց հոգնած՝ իր ձիուն քայլերը ուղղեց դեպի իր հայրենի տունը։ Երբ հասավ դռան առջև, ձիուն վրայեն անգամ մըն ալ աղաղակեց.
Կեցցե՜ Ազատությանը,
Կեցցե՜ Հեղափոխությունը,
Կեցցե՜ Չմշկածագը։
Ամբոխը խելահեղորեն պոռաց.
Կեցցե՜ դոկտոր Բուրբոնյանը։
Դոկտորը խոնարհություն ըրավ և ձին քշեց դեպի ներս, գրեթե փակելով ձիու քամակին՝ միգուցե գլուխը զարներ դռան առիքին։ Անոնք, որոնք շատ մոտ էին Բուրբոնյանի տան՝ մտան ներս անձամբ տեսնվելու։ Առաջնորդը իր ամբողջ կազմով առանձնապես գնաց ժամանումը շնորհավորելու և իր հոտին ողջույնը մատուցանելու։
Հետզհետե նոր ամբոխ հավաքվեցավ դռան առջև և անհանգիստ՝ տեսնելու դոկտ. Բուրբոնյանը։
Հայրը խնդրեց իր տղային ելլել տանիքը՝ որպեսզի զինքը տեսնելու համար անհանգստացող ամբոխը գոհացում ստանար։ Դոկտ. Բուրբոնյանը անմիջապես ցատկեց դեպի տանիքը և ողջունելով ամբոխը՝ ըսավ անոնց.
Ես շատ զգացված եմ, որ դուք այնքան խանդավառորեն կուզեք ինձ տեսնեք, մեկը՝ որ ձեզի բերած է ազատությունը։ Դուք ազատ եք հավիտյան, ոչ ոք կրնա դպչիլ ձեր քաղաքացիական իրավունքներուն։ Դուք այլևս գյուղացիներ չեք, այլ քաղաքացիներ։
Գյուղացիները զարմացան...
Իրիկունը հայ-կաթոլիկներու կողմեն իր մոտ եկավ հինգ հոգիե բաղկացյալ պատգամավորություն մը և հայտնեց որ հիսուն տուն հայ-կաթոլիկները կը դառնային իրենց մայր եկեղեցիին գիրկը և կընդգրկեին Դաշնակցության ծրագիրը։
Դոկտ. Բուրբոնյանը կարծեց ամենամեծ հաղթությունը տարած ըլլալ և անմիջապես հեռագիր մը խմբագրեց Պոլսի «Ազատամարտ» թերթին հետևյալ բովանդակությամբ.
- Ես հասա իմ ծննդավայրը, ազատությունը տարածեցի բոլորին վրա: Ինձ մեծ շքով ընդունեցին: Հայ-կաթոլիկ հիսուն տուն վերադարձնել տվի Մայր Հայաստանյայց Կաթողիկե եկեղեցիի գիրկը և ընդունել տվի Հ.Հ. Դաշնակցության ծրագիրը:
- Մենք նվաճեցինք Հռովմը,
- Անկցի՜ պապականությունը,
- Կեցցե՜ Դաշնակցությունը:
Դոկտ. Բուրբոնյանը իր ծննդավայրին մեջ «Ռազմիկ» Դաշնակցական խումբը կազմակերպելե հետո՝ անցավ Խարբերդ։ Իր ականջին արդեն հասած էր ռուսական ցարիզմի ճիրաններուն մեջ խեղդվող իր ընկերներու լուրը. անիկա «Ազատամարտ»-ի մեջ կարդաց. «Մի ժողովուրդ մեղադրական նստարանի վրա» հոդվածաշարքը, ուր անծանոթ հեղինակավոր մարդ մը կը պատմեր հարյուրավոր ռուսահայ մտավորականներու ձերբակալումը։ Ամբողջ գիշեր մը չկրցավ քնանալ այդ հոդվածաշարքի ընթերցումեն հետո, նույնիսկ գիշերը զառանցեց. կը բռնեն, կը դատապարտեն, կը կախեն, ողջ-ողջ կը թաղեն։ Առավոտ, երբ արթնացավ, Հողե գյուղին մեջ էր (15 տունով գյուղ մը)։ Կանչեց այնտեղի մեծերը, թաղականները և քահանան և հրամայեց հավաքել բոլոր գյուղացիները բողոքի ցույց կազմակերպելու համար ընդդեմ ցարիզմի բռնություններուն։ Բոլորը հնազանդեցան, որովհետև դոկտ. Բուրբոնյանը առաջին հեղափոխականն էր, որ կը մտներ Հողե գյուղը։
Ըսեք բոլոր գյուղացիներուն, որ հավաքվին եկեղեցիի դռան առջև, ով որ անհնազանդ գտնվի, գլուխը կը թռցնեմ։
Երկու ժամեն բոլոր գյուղացիները հավաքված էին եկեղեցիի դռան առջև։ Բուրբոնյանը եկեղեցիի կողքին գտնված սենյակե մը դուրս եկավ, բարձրացավ ժամուն բակը գտնված «բարեբար»-ի մը բարձր գերեզմանին վրա և սկսավ խոսիլ։
Ճառը երկար էր և շատ հուզված։ «Մի ժողովուրդ մեղադրական նստարանի վրա» հոդվածաշարքի պարունակությունը ծայրե ի ծայր պատմեց և կոչ ըրավ. բողոքի ձայն բարձրացնել ռուսահայ եղբայրակից մտավորականներու համար, որոնք ռուսական սարսափելի բանտերու մեջ կը տառապեին, ձայն բարձրացնել ահարոնյաններու, օհանջանյաններու, իսահակյաններու համար։
Հողե գյուղացիները անգիտակ ըլլալով «բողոքի ձայն բարձրացնելու» մասին, սկսան որոտընդոստ և աղմկալից աղաղակել.
Անկցի՜ ռուսական ցարիզմը, անկցի ռուս թագավորն ու բռնապետական կառավարությունը։
Այս աղմուկներուն մեջ դոկտ. Բուրբոնյանը իր գրպանեն հանեց թուղթ մը և մատիտ մը և խմբագրեց հետևյալ բողոքի «սուր բանաձևը». «Մենք, Հողե գյուղի հայ բնակիչներս, բուռն կերպով կը բողոքենք ռուսական բռնակալ կառավարության կողմե մեր հայրենակից մտավորականներու հանդեպ ի գործ դրված տառապանքներուն և անլուր չարչարանքներուն համար։ Կուխտենք անոնց վրեժը չմոռնալ մեր կյանքին մեջ և հատուցանել ինչպես որ հարկն է։
Անկցի՜ ոուս ցարիզմը,
Կեցցե՜ Հայ հեղափոխությունը։
Հողե գյուղի հայ բնակիչներու կողմե ԴՈԿՏ. ԲՈՒՐԲՈՆՅԱՆ»։
Այս բողոքի հեռագիր-բանաձևը լրացնելե հետո՝ դարձյալ բարձրացավ գերեզմանին վրա։ Աղմուկները լռեցին, անիկա կարդաց։ Ժողովուրդը կրկնեց.
Անկցի՜ ռուս ցարիզմը։
Կեցցե՜ Հայ հեղափոխությունը։
Երկու օրինակ գրվեցավ այդ հեռագիր-բողոք-բանաձևեն, մեկը ուղարկվեցավ «Ազատամարտ»-ի խմբագրության, իսկ մյուսը Հ. Հ. Դաշնակցության Պոլսո պատասխանատու մարմինին։ «Ազատամարտ»-ի խմբագրությունը հարմար դատեց «կուխտենք այդ վրեժը չմոռնալ մեր կյանքին մեջ և հատուցանել ինչպես որ հարկն է» խոսքերը հրատարակության չտալ։ Այդ գիշերը դոկտ. Բուրբոնյանը շատ գոհ էր, որովհետև անիկա խորագույն հավատքն ուներ, որ իր եղբայրակիցներուն ցավը կը մեղմանար, և այդ օրեն սկսյալ ցարիզմը լրջորեն նկատի կառնե Հողե գյուղի զայրույթը։
Դոկտ. Բուրբոնյան շարունակեց իր ճամփորդությունը ավելի և ավելի գունավորելով և խտացնելով զայն։ Անիկա կը գտնվեր Այնթապի մեջ, երբ Կիլիկյան եղեռնը պատահեցավ։ Բուրբոնյանը արդեն մեծ անուն հանած էր Անատոլուի գավառներուն մեջ իբրև հեղափոխական պրոպագանդիստ։ Անիկա մյուսներուն նման իր վարկը և հմայքը չկորսնցուց իբրև հեղափոխական, որովհետև մեկ վայրի մեջ չմնաց, գիսավորի պես երևցավ և անցավ։ Շատ մը տեղեր նույնիսկ փորձեր եղան զինք ղրկելու Օսմանյան պառլամենտ, բայց տարիքը և օրինական պայմանները չներեցին։ Ադանայի ջարդերու լուրը առավ թե ոչ, փութաց մեկնիլ դեպի եղեռնի վայրը։ Անիկա ցուցուց խոշոր ծառայություն խեղճ հայ ժովուրդի ահաբեկյալներուն հանդիպելով ամեն գյուղ և քաղաք և խոսելով մխիթարական ճառեր։ Ամեն քաղաքե և գյուղե իր պարտականությունը սեպեց հեռագիրներ ուղղել Պոլսո «Ազատամարտ» օրաթերթին և Օսմանյան պառլամենտի հայ երեսփոխաններուն։ Կ. Պոլսո հայոց պատրիարքարանի ցուցակներուն մեջ նշանակված էր դոկտ. Բուրբոնյանը բժիշկներու կարգին առանց գիտնալու, որ Բուրբոնյանը բժիշկ չէր, այլ դոկտոր...
Ահավասիկ մեկ քանի նմուշներ իր քաշած հեռագիրներեն:
- Հասա Ադանա և ականտես եղա ահավոր և անասելի կոտորածեն ազատած բեկորներու, որոնք մերկ և անօգնական կը թափառեին հրդեհված քաղաքի փողոցներուն մեջ: Ես կատարեցի իմ ընկերական պարտականությունս մխիթարելով զանոնք և արթնցնելով անոնց մեջ վրեժի զգացումը։ Կաշխատիմ գտնել հանցավորները և անձամբ պատժել: Հանցավորները հազարավորներ են: Ես այստեղ բոլորին վրեժը կը լուծեմ: Ինձ ուղարկեցեք պետք եղած հեղինակությունը:
- Ես տեսա իմ աչքովս հարուստներ աղքատացած և աղքատներ հավասարած հարուստներուն...
- Մեզ թող կոտորեն, բայց մենք նորեն կը ծնինք:
- Կեցցե՜ Կիլիկյան թագավորությունը:
Դոկտ․ Բուրբոնյանը քիչ մը ընկճված եղեռնի պատկերներեն, քիչ մըն ալ մխիթարական և հուզիչ ճառերու մեծամբոխ մը չգտնելու հուսախաբութենեն, որոշեց դուրս գալ Ադանայեն և երթալ դարձյալ Տիգրանակերտ։ Անիկա ուզեց պատճառաբանել իր դուրս գալը և հեռագրեց դարձյալ «Ազատամարտ»-ի խմբագրության հետևյալը.
«Ազատամարտ»-ի խմբագրություն
(Խիստ գաղտնի)
- Որովհետև շշուկներ կան, որ Տիգրանակերտի մեջ ոճրածին գանկեր կը հղանան միևնույն հայկական աղետը ի գործ դնել, ես պարտք կը համարիմ իմ հեղափոխական անվանս համար անմիջապես մեկնիլ Տիգրանակերտ: Վստահ եղեք որ ես կը զսպեմ բոլոր ոճրական մտքերը և կը հաստատեմ խաղաղություն և արդարություն: Շուտով ղրկեցեք այնտեղ հեղափոխական զինվորներ իմ հրամաններուս անսալու համար: Մենք կը կռվինք և կը հաղթինք:
Երբ Տիգրանակերտ հասավ դոկտոր Բուրբոնյանը, անոր հանձնվեցավ շտապողական հեռագիր մը, որուն մեջ իրեն հրաման կըլլար անմիջապես մեկնիլ դեպի Սեբաստիա շատ կարևոր առաքելությամբ մը, զոր այնտեղ պիտի հայտնվեր իրեն։
Դոկտ. Բուրբոնյանը այս հեռագիրը կարդալուն պես փութաց ճամփա ելլել փոքրիկ չափով մը իսկ չկասկածելով, որ Սեբաստիա գործ չի կար և Տիգրանակերտեն զինքը հեռացնելու պատճառը իր սասանեցուցիչ հեռագիրն էր, որ ինքը հղած էր «Ազատամարտ»-ի խմբագրության ծանուցանելով իր Տիգրանակերտ գալուն պատճառը։ Բայց նախքան Տիգրանակերտեն մեկնիլը՝ կանչեց իր ընկերները, որոնք մեծ հարգանք կընծայեին ի հիշատակ իր առաջին մուտքին, և պատմեց անոնց Տիգրանակերտի մեջ կատարվելիք կոտորածի շշուկներու մասին, և որովհետև ինք հեղափոխական գործով պետք էր մեկներ Սերաստիա, ինքնապաշտպանության և հերոսական դիմադրության գործը կը թողուր անոնց։ Ընկերները երբեք չմտածելով հավաքական կոտորածի մասին, ահաբեկման ենթարկվեցան և իրենք իրենց մեջ ստեղծեցին խուճապ։ Այդ գիշեր զանազան տուներ երիտասարդներուն մեջ փսփսուքներ կային և վախ ու սարսափի նշաններ։
Դոկտ. Բուրբոնյանը անմիջապես մեկնեցավ Սեբաստիա։ Ճանապարհին անիկա մեծ մտահոգության մեջ էր, թե ինչպես պիտի դիմավորեին ընկերները, թե ինչ հրդեհներ պիտի պատահեին և ինչ հերոսական երևույթներ տեղի պիտի ունենային։ Անգամ մը լրջորեն մտածեց ետ դառնալ և մասնակցիլ ինքնապաշտպանության և ռազմական ընդունակությունները երևան հանել, բայց մտածեց, որ թերևս Սեբաստիո մեջ ավելի կարևոր գործ մը կսպասեր իրեն։
Մալաթիայեն հեռագրեց «Ազատամարտ»-ի խմբագրության հետևյալը.
- Որքան որ ձեր թելադրանքներուն համաձայն ես ճամփա ելա Տիգրանակերտեն, բայց պետք եղած թելադրությունները և ռազմական հրահանգները տվի ընկերներու ինքնապաշտպանության համար: Հիմա արդեն կռիվը սկսած կըլլա, և իմ այցելությունս օգտակար կը հանդիսանա ընկերներուն:
«Ազատամարտ»-ի խմբագրատունն ալ մատնվեցավ խուճապի, որովհետև Բուրբոնյանը կը հեռագրեր, որ «Հիմա արդեն կռիվը սկսած կըլլա», և հեռագրողը քանի մը օր առաջ գտնված էր Տիգրանակերտի մեջ։ «Ազատամարտ»-ի խմբագրությունը դիմեց Հ. Հ. Դ. Կ․-ի Պոլսո պատասխանատու մարմնին այս առթիվ։ Մարմինը ստիպվեցավ հեռագիր քաշել Տիգրանակերտի իրենց կոմիտեին «օրվան կացությունը անմիջապես տեղեկացնելու»: Այս հեռագրին ի պատասխան Տիգրանակերտի «Սուր» կոմիտեն հեռագրեց հետևյալը.
-
- Առայժմ հանգիստ ենք և խաղաղ: