Վահան Թոթովենց

Դոկտոր Բուրբոնյան

«Մեր շատախոս ցեղի մեջ կան անհատներ, որոնք,
առանց դիմադրության, պիտի ընդունեին մահապատժի
չարչարանքը, եթե անոնց թույլ տրվեր կառափնատի
բարձունքեն ճոռոմ ճառախոսություն մ'արաասանել՝
առանց երկյուղի, թե Սանտերի թմբուկները պիտի
ընդհատեին իրենց ճարտարաբանությունը»:
ՇԱՌԼ ԲՈԴԼԵՐ

1

Թեև առասպելներ և զրույցներ չկապվեցան իր հայտնության շուրջը նախօրոք, բայց մանուկի ծնունդը բոլորովին աննշան չանցավ։

Մայրը ծննդաբերությենե յոթ ժամ առաջ ֆիզիկական անխուսափելի ցավեր զգաց, որուն համար մոտիկ հարևանները կանչվեցան, ինչպես և ժողովրդական դայեկ մը (մանկաբարձուհի), և գիշերվան ժամը 11-ին ծնավ մանուկը Խարբերդի Չմշկածագ ավանին ամենաբուրժուա տան ներքնահարկին մեջ։

Մանուկը իր արևային կյանքի առաջին րոպեին իսկ... զայրացավ և դայեկին գրկին մեջ, աղված ժամանակ, ռազմական ճիչեր արձակեց։

Դայեկը, որ շատ փորձված կին էր՝ զարմացավ...

Զալըմ տղա է, ըսավ դայեկր, եթե մեծնա, ի՞նչ պիտի ըլլի։

Ըստ հայկական քրիստոնեական սովորության՝ ծնունդեն ութն օր հետո մկրտեցին մանուկը և անվանակոչեցին զայն Տիրատուր։

Տիրատուր չէր լար, այլ կը զայրանար և կը ճչեր իր հայտնությունը զգացնելով ոչ թե միայն տան անդամներուն, այլև հարևան բոլոր տուներուն։

Եթե անիկա լեզու գիտնար՝ պիտի աղաղակեր։

Ահա ես եմ որ հայտնվեցա։

Իր ծնունդի գիշերը պատահեցավ դեպք մը, որ անմիջապես կերպարանափոխվեցավ... զրույզի։ Իր ծնողները, քույրերը, եղբայրները և բոլոր հարևանները ապշեցան-մնացին։ Զրույցը բնականորեն խոշորացավ և սկսավ պատկառանք ներշնչել։

Իր ծնունդի գիշերը աքլորները իրենց բույներուն մեջ կանչեցին... մինչև առավոտ։

Ահա այդ դեպքը...

Շատերը կես-գիշերեն հետո արթնացան և նստեցան իրենց անկողիններուն մեջ, խաչ հանեցին և մրթմրթացին քիթներուն տակ։

Օր մը օրանց աքլորները այսպես չէին կանչեր, ի՞նչ է պատահեր։

Անոնք չէին գիտեր, որ ծնած էր... Տիրատուրը։

Բայց հաջորդ առավոտ դայեկը մեկնաբանեց աքլորներու կանչը.

Ակոբ աղային նոր ծնած տղուն համար էր, ըսավ դայեկր, հայվանները մեզմե աղեկը գիտեն, ատոր համար կը կանչին։

Բոլորն ալ հավատացին դայեկին և իրարու ալ հավատացուցին։

Այս եղավ Տիրատուրի կյանքին առաջին զրույցը, որուն մասին այնքան խոսվեցավ, որ իր մեծնալեն հետո՝ ինքն ալ լսեց և հավատաց անոր։

Երբ մեկ քանի օր հետո մայրիկը առավ երեխան իր գրկին մեջ ծիծ տալու՝ միացավ դայեկի կարծիքին, որովհետև իր մանուկներեն և ոչ մին այդպիսի խոժոռ նայվածքներ ուներ և այդպիսի գոռոզ և ռազմընդունակ ճիչ։ Իր մեծ քույրերը, որոնք անհունորեն ոգևորված էին նոր մանուկով՝ նույն դիտողությունն ըրին։ Հայրն ալ մոտենալով իր կնոջ անկողնին, նստեցավ անոր ոտքերուն քովիկը, բռնեց անոր ձեռքը և ըսավ.

Այս նոր տղանիս ուրիշ բան է․․․

Չեմ կարծեր, պատասխանեց կինը մայրական կոկետությամբ, Տիգրանս ալ այդպես էր, բայց հետո հանդարտեցավ, ակնարկելով իր անդրանիկ զավակին։

Հայրը չհամոզվեցավ։

Տիգրանը ուր, սա ուր, աքլորները մեզմե աղեկը գիտեն, այս տղան նշանավոր մարդ պիտի դառնա։

Մորը աչքերուն մեջ հայտնվեցան երջանկության լայն ցոլքեր, գլուխը ծռեց երեխայի վրա, դուրս ձգեց իր լեփ-լեցուն ծիծերը և հանձնեց Տիրատուրին, որ ատեն Ակոբ աղան ծռեցավ և մանուկը համբուրել ձևացնելով՝ համբուրեց կարոտագին Տիրատուրի մոր ծիծը։ Տիրատուրը կաթը ծծած ժամանակն իսկ փոքրիկ մռնչյուններ կարձակեր և ոտքերը անհանգիստ էին։

Մինչև անգամ Տիրատուրը մկրտող քահանան երբ տուն եկավ և աղոթք մը կարդաց՝ հարեց.

․․․Եվ ծնավ մանուկ մեծ և սքանչելի։

Այս զրույցի ազդած պատկառանքին տակ Տիրատուր մեծացավ դառնալով իր ծնողներու առանձին գուրգուրանքի առարկա։ Նախքան ծխական վարժարան մտնելը անիկա արդեն ծանոթ էր բոլորին իբրև արտակարգ տղա։ Հայրը, որ քիչ շատ գրել-կարդալ գիտցող մարդ էր և նաև կը հասկնար եվրոպական պատմութենե՝ իր Տիրատուրի մասին խոսած ատեն մը զայն կոչած էր Բուրբոն։ Այս նոր անվանակոչությունը այնքան ալ պատահական չէր։ Հայրը կարդացեր էր Ալեքսանդր Դյումայի վեպերը և ծանոթ էր ֆրանսական միապետության պետության Բուրբոնյան արքայական տան պատմության, որուն մեջ հատկապես իր ուշադրությունը գրաված էր Լյուդովիկոս ԺԴ, նշանավոր Լուի Կատորզը։

Հայրը պատահականորեն չկոչեց իր տղան Բուրբոն։ Փոքրիկ Տիրատուրը հինգ տարեկանեն սկսավ տանը մեջ պոռալ.

Ես եմ...

Ակոբ աղան անմիջապես հիշեց Լյուդովիկոս ԺԴ-ի խոսքը՝ «L’étai c'est moi-» (պետությունը ես եմ) և երբ գտավ, որ իր Տիրատուրն ալ միևնույն ծանրությամբ և գոռոզությամբ «ես եմ» կը հայտարարե՝ զայն կոչեց Բուրբոն։ Տան բոլոր անդամները և հարևանները, առանց հասկնալու Բուրբոն անունին պատմական նշանակությունը՝ հետևեցան Ակոբ աղային և հետզհետե ամբողջ ավանն ալ։

Ահա թե ինչպես Ֆրանսական մեծ հեղափոխությամբ, արյան հեղեղներով վերջ գտած ամենահզոր արքայական տուներեն մեկը դարձյալ հարություն առավ Փոքր Ասիայի ամենախուլ և ետ ինկած ավանի մը մեջ հանձին... փոքրիկ Տիրատուրի։

Ատենե մը հետո միայն տան անդամները, ընտանիքի մոտիկ բարեկամները և Տիրատուրը մկրտող քահանան գիտեին անոր իսկական անունը։

Երբ քիչ մրն ալ մեծցավ Բուրբոն, հետամուտ եղավ հասկնալու հորմեն իր անունին նշանակությունը։ Հայրը անոր պատմեց Լուի Կատորզի պատմությունը։ Փոքրիկ Բուրբոնի մատաղ իմացականության վրա խոր տպավորություն ներգործեց «պետությունը ես եմ» հայտարարությունը և անկե հետո ինքն ալ ավելի շեշտավոր և ավելի կոկոզավիզ կրկնեց զայն տան մեջ և ընկերներու առջև։

Երբ անիկա հայտարարեց՝ «ես եմ», իր տունը արձագանքեց. «դուն ես»։ Կամաց կամաց բոլորն ալ հավատացին որ՝ անիկա է։

Ծխական վարժարանի մեջ խաղի ժամանակ Բուրբոն կը հրամայեր. «Ես պիտի ըլլամ ձեր առաջնորդը»։ Եվ առանց հավանություն ստանալու՝ «Բերդ» խաղալու համար կձեռնարկեր կարգադրությանց, կը ցատկեր, կելլեր քարակույտին գագաթը և կը հրամայեր.

Շղթա կազմեցեք, ուշադրություն, բերդը մտնողներ կան, դուն դո՛ւրս ել, երկու հոգի նե՛րս, հինգ հոգի դո՛ւրս։

Իր ընկերները կը մոռնային, որ ինքնակոչ կերպով Բուրբոն ղեկավարած էր խաղը՝ կհնազանդեին։ Եթե պատահեր որ մեկն ու մեկը հարց բարձրացներ անոր ղեկավարության շուրջը, փոքրիկ Բուրբոն արհամարհանքով կը նայեր ըմբոստին վրա և կը հրամայեր ծեծի ենթարկել և զրկել զայն խաղի հաճույքեն։

Եթե խաղի պատեհություն չըլլար՝ Բուրբոն կստեղծեր բան մը, որուն առաջնորդը հանդիսանար։

Օր մը փողոցին մեջ հանդիպեցավ իր ընկերներու մեկ քանիին։

Եկեք իմ ետևես, աղաղակեց անիկա գլուխը վեր բռնած և խիստ հրամայողական եղանակով։ Անոնք անմիջապես հնազանդեցան։ Մեկ երկու փողոց քալելե հետո՝ Բուրբոն նշմարեց որ մեկ քանի հոգի ալ ավելցան, այն ատեն հանկարծակի ետ դարձավ, զինվորական շարքի կանգնեցուց զանոնք և դարձյալ հրամայեց քայլել։ Որքան առաջ գնաց, այնքան շարքը խտացավ, մինչև անգամ փողոցի շները հետև եղան անոնց։ Փոքրիկ Բուրբոն միշտ առջևեն, գլուխը հրացանի մը կոթին պես ուղիղ ու անճկուն։ Մինչև անգամ շները իրմե առաջ չի քալեցին հառելով Բուրբոնին և երերցնելով իրենց պոչերը։ Կամաց-կամաց խումբը փոխվեցավ փոքրիկ ամբոխի մը։ Լուսամուտներե գլուխները դուրս ցցվեցան և տանիքներու քիվերուն վրա մարդիկ հավաքվեցան դիտելու։ Հետզհետե բարձրացան աղմուկներ, ուրախության և արտակարգ դեպքի մը կանչվռտուքներ լսվեցան։ Ուրիշ փողոցներե և թաղերե մարդկանց հոսանք մը եկավ տեսնելու իրարանցումը։

Դարձյալ Բուրբոնն է, զարմանալի տղա է, եղբայր, մեծ մարդ պիտի ըլլա, կըսեին շատերը։

Երբ Բուրբոն թափորը հասցուց մինչև իրենց տան մեծ դուռը, բարձրացավ սանդուղներուն վրա, աջ ձեռքը բարձրացուց վեր իբրև լուռ հրաման, որ թափորը կանգ առնե։ Թափորը կանգ առավ և տիրեց ծանր լռություն։ Բուրբոն պահ մը խոժոռ նայվածքներ պտտցուց իր շուրջը, կուրծքը ցցեց, ձեռքը դարձյալ բարձրացուց, աչքերը հառեց երկնքին և պոռաց․

Ցրվեցե՛ք։

Ժխոր, աղմուկ: Թափորին մեջ մինչև անգամ կարելի էր նշմարել տարիքոտ մարդիկ։

Փոքրիկ Բուրբոն ներս մտավ ծանր քայլերով, քույրերը հավաքվեցան իր շուրջը, մեկը գրկեց, մյուսին տվավ։ Երջանկությունը անչափ էր իր ծնողներուն համար։ Բուրբոն խոսելով թափորի մասին՝ ըսավ․

Ես կազմակերպեցի․․․

Փոքրիկ Բուրբոն հետզհետե սկսավ իր հեղինակությունը տարածել ծխական վարժարանի մեջ։ Փոքրիկ տղոց մեջ ծագած բոլոր վեճերը կը լուծվեին Բուրբոնի հեղինակավոր վճիռովը։

Անիկա շուկայի մեջեն կանցներ հեծանիվի պես արագ։ Խանութպանները կը դառնային իրարու և մատով Բուրբոնը ցուցնելով՝ կըսեին։

Բուրբոնը․․ կանցնի։

Բուրբոն չէր քալեր, կսուրար․․․

Օր մը երբ ճանապարհի վրա մեկը անզգուշությամբ իրեն զարնվեցավ՝ կեցավ Բուրբոն, ոտքեն մինչև գլուխը լավ մը դիտեց արհամարհական նայվածքով և․․․ անցավ։

Իր անցքը փողոցներուն մեջ երբեք աննշմարելի չէր։

Ծխական վարժարանը տակավին չավարտած՝ իր ծնողները մտածեցին Բուրբոնը ուղարկել կոլեջ։ Այո որոշումը անմիջապես գործադրության դրվեցավ։ Բուրբոնը կուղարկվեր Խարբերդ, Եփրատ Կոլեջ մեծ և ահավոր հույսերով, իբրև գիշերօթիկ աշակերտ։ Փոքր Ասիայի այդ կողմերը այն ատեն, ինչպես այժմ, կանոնավոր շոսեներ չկային և գավառի զանազան գյուղերե և քաղաքներե կենտրոն գալու համար պետք էր տաժանելի և երկար ճամփորդություն մ'ընել ձիերու, էշերու և ջորիներու վրա նստած։

Բուրբոնի ճամփորդությունը որոշված օրեն օր մը ուշացավ, որովհետև խեղճ հայրը, առանց նկատի առնելու իր տղու ասպետական ոգին, փոխանակ ձիեր վարձելու՝ երկու խոշոր էշեր վարձած էր, մեկը՝ նստելու և մյուսն ալ՝ իրեղենները բեռցնելու։

Բուրբոն երբ տեսավ էշերը՝ զայրացավ և մերժեց իշու վրա նստիլ։

Ձի կուզեմ, գեղեցիկ ձի կուզեմ, աղաղակեց Բուրբոն և ասպետի մը անվայել կերպով լացավ։

Քույրերը միացան իրենց գոռոզ և բողոքող եղբոր հետ և պահանջեցին անպայման երկու միագույն ձիեր վարձել։ Մայրը ուրախութենեն գրկեց փոքրիկ Բուրբոնը, ժպտեցավ և ըսավ.

Մի լար, աննման յավրուս, քեզի համար ձիեր կը վարձենք, երկու կարմիր ձիեր անպայման, մի լար։

Բուրբոն աչքերը սրբեց, ամոթեն չնայեցավ ոչ ոքին երեսը և սպասեց հոր վերադարձին, որ անմիջապես գացած էր դուրս իր տղուն կամքը կատարելու համար։

Հայրը հրաժարեցավ իշապանին վճարած կանխավճարեն և վարձեց երկու ձիեր, ոչ կարմիր սակայն, անկեղծորեն առարկելով որ ձիապանները երկու կարմիր ձիեր չունեին։

Ձիերեն միայն մեկը կարմիր էր։ Բուրբոնը ներքուստ չհամոզվեցավ, բայց համակերպեցավ պայմանով, որ ինք պիտի նստեր կարմիր ձիուն վրա, իսկ մյուսին՝ պիտի բեռցնեին իրեղենները։

Իրեղենները բեռցուցած ատեն Բուրբոն նշմարեց, որ իր սուրը չիկար։ Հրամայեց իր մեծ քրոջ գտնել սուրը և անմիջապես բերել։ Քույրը վազեց և բերավ։ Ձիապանը առավ սուրը և կատակելով երեխայի հետ՝ կախեց սուրը անոր վրայեն։ Բուրբոն չի հասկցավ ձիապանի հոգեբանությունը։

Ձիապան մը չի կրնար կատակել ինծի հետ, մտածեց անիկա։

Բուրբոնի սուրը փայտե էր, թեև անիկա շատ լավ գիտեր տարբերությունը փայտին և պողպատին, բայց անոր համար անհրաժեշտը սուրին ձևն էր՝ երկար և կոր, վրան թիթեղյա աստղիկներով զարդարված։

Բոլորին համբուրելե և բոլորեն համբուրվելե հետո՝ գնաց և կանգնեցավ ձիուն քով առանց ցույց տալու, թե չէր կրնար վրան բարձրանալ։ Հայրը գրկեց և նստեցուց զայն անասունին վրա։ Բուրբոն երկարեցավ և բռնեց ձիուն բաշը, իսկ սանձը մնաց ձիապանին ձեռքը։

Կեցեք բարով, աղաղակեց Բուրբոն գլուխը վեր ցցած և աչքերը հառած... երկնքին։

Ձիապանը ճանապարհին քանի մը անգամներ նշմարեց, որ փոքրիկ Բուրբոն ձիուն վրա, տարված իր մանկական երազներով, կը քաշեր իր փայտե սուրը և տեսակ մը հրամաններ արձակելու նշաններ կըներ օդին մեջ, սպառնագին պտտցունելե վերջը՝ կը դներ դարձյալ պատյանին մեջ։

Ձիապանը այն ատեն չէր կարող գիտակցիլ թե ով էր իր ձիուն վրա նստողը...

Երբ Խարբերդ հասան, ըստ իր ստացած պատվերին՝ ձիապանը առաջնորդեց Բուրբոնը Ամերիկյան Եփրատ Կոլեջը իր իրեղեններով միասին և հանձնեց զայն գիշերօթիկ հարկաբաժնի գլխավորին, որ ընդունեց փոքրիկ և սիրուն նորեկը սիրալիր ժպիտներով և անմիջապես կարգադրեց 10 15 տարեկան աշակերտներու ննջարանին մեջ մահճակալ մը սարքել անոր համար։

Երբ ծառան շալկեց իրեղենները և տարավ, Բուրբոն հետևեցավ անոր իր փայտե սուրը վրան կախած։ Աշակերտները զարմանքով և հետաքրքրությամբ դիտեցին այս փոքրիկ տղան, իր սուրը և գլուխին բռնած ձևը՝ աքլորի պես հպարտ և առնական։

Երբ իր ննջարանը տեղավորվեցավ, մեկ քանի րոպե հետո՝ ոտքի կանգնեցավ և իր առանցքին վրա կիսաբոլորակի ձևով դարձավ և սկսավ արհամարհանքով դիտել շուրջը։ Մեկ քանի հասակակից աշակերտներ մոտեցան անոր և բաղձացին տեսնել... սուրը։ Բուրբոն քմծիծաղով և մեծ մարդու մը ծանրությամբ տվավ սուրը։ Աշակերտներեն մեկը դուրս քաշել փորձեց զայն պատյանեն, բայց չհաջողեցավ, Բուրբոնը առավ անոր ձեռքեն, քաշեց սուրը պատյանեն, բարձրացուց վեր և պոռաց.

Պատրա՜ստ, о՜ն...

Պզտիկ աշակերտները ի սրտե նախանձեցան, այս նորեկի այդքան վարժ սուսերախաղի վրա։

Իրիկվան Բուրոն կանչվեցավ գլխավորի գրասենյակը։ Գացած ատեն իր մահճի քովի ընկերը, որ այլևս մտերմացած էր նորեկի հետ և մինչև անգամ անոր անունը գիտեր, զգուշացուց, որ սուրը վար առնե ուսեն և ապա երթա գլխավորի մոտ, բայց Բուրբոն արհամարհական և խիստ նայվածքով մը «ոչ» պատասխանեց և գնաց... սուրով. Բուրբոնը շատ զարմացավ այդ զգուշավորության վրա, որովհետև անիկա իր մտքին մեջ միայն մեկ մտածում ուներ՝ սուրը ցուցնել վարժարանի գլխավորին, մտածում մը, որ մանկորեն և ջերմագին գորովանքով փայփայած էր։ Անիկա կրնար լաց լինիլ, և հիվանդանալ եթե համոզում գոյացներ վայրկյան մը, որ առիթը չպիտի ունենար իր սուրը վարժարանի գլխավորին ցուցնելու։

Գլխավորը ապշությամբ նայեցավ նորեկի վրա և դիտեց զայն ոտքեն մինչև գլուխը։

Այդ ի՞նչ բան է, հարց տվավ գլխավորր ցուցունելով անոր ուսեն կախված սուրը։

Իմ սուրս է, ես սուր ունիմ, պատասխանեց Բուրբոն։

Բայց դպրոցին մեջ այլևս չպիտի պտտցնես, հարեց գլխավորը, այդպիսի բաներ վնասակար են և հակառակ բարի և քրիստոնյա մանուկի մը ոգիին։

Բուրբոն ոչինչ չհասկցավ գլխավորի քրիստոնեական փիլիսոփայութենեն։

Բուրբոն աչք մը պտտցուց իր ուսեն կախված ահեղ գործիքին վրա և մտածեց.

Ես կսիրեմ սուրը և կպահեմ զայն։

Ի՞նչ է անունդ, հարցուց գլխավորը։

Բուրբոն... պատասխանեց անիկա թավ և ծանր շեշտով։

Բուրբո՞ն։

Այո։ Բուրբոն...

Գլխավորը ոտքեն մինչև գլուխը դարձյալ զննողական ակնարկ մը պտտցուց։ Բուրբոն շատ լուրջ ընդունեց այդ զննողությունը, անիկա մեծ հավատք ուներ իր անունի պատմականության մասին։ Իր սուրեն առաջնագույնը իր... անունն էր։

Բուրբոն... ես եմ, կը կրկներ անիկա անդադար իր մտքին մեջ և հաճախ անգիտակցաբար կարտասաներ բարձրաձայն ուրիշներու ներկայության։

Բուրբոն շուտով դարձավ աչքի զարնող աշակերտ մը վարժարանին մեջ, ոչ թե առաջդիմական ընդունակություններուն համար, այլ իբրև կոկոզավիզ տղա և իբրև... ճարտասան։

Եփրատ Կոլեջի մեջ սովորություն կար, որ նախակրթարանին մեջ աշակերտին գոց սովրեցնել կուտային գրական արտասանելի կտոր մը և շաբաթ օրերը աշակերտը կարտասաներ զայն ցուցնելով իր առոգանության և ճարտասանության ձիրքերը։ Բուրբոն առաջինը հանդիսացավ ճարտասանության մեջ իբրև բնատուր տաղանդ։ Իր ուսուցիչները զինքը սկսան կոչել... պերճախոս։ Երբեմն կը պատահեր, որ Բուրբոն կը մոռնար բուն հեղինակին խոսքերը, բայց անիկա բառ մը, շատ խոշոր և իր խելապատակին մեջ չպարփակվող բառ մը կավելցներ, շարժելով հեղինակը հասկցողներուն ծիծաղը և չհասկցողներուն հիացումը։

Բուրբոն ինք առաջինն էր, որ կը հիանար իր վրա և կը թուլացներ ուրիշներու հիացման զգացումը։

Բուրբոն կերթար ճարտասանության ուսուցչի մոտ և ժամերով կը խնդրեր որ ամեն շաբաթ զինքը բեմ բարձրացնե, մինչդեռ ուրիշ աշակերտներ խույս կուտային։ Կը պաղատեր Բուրբոն, որպեսզի իր համար ընտրեին անպայման ռազմաշունչ ոտանավոր մը։ Օր մը անոր բաժին ինկավ արտասանել Վիկտոր Հյուգոյի մեկ նշանավոր ճառը՝ ուր, ի միջի այլոց, կըսե. «Մարսեյլ, ոտքի հանե քու զավակներդ և դու, Տիժոն, բարձրացուր սուրդ»։ Բուրբոն գիշերներով երազեց հնար գտնել սուր կախելու և «Տիժոն, բարձրացուր սուրդ» արտասանած ատեն քաշելու սուրը և ճոճելու օդին մեջ՝ աշակերտներու գլխներուն վրա սպառնագին և... ծափեր խլելու, բայց արդեն երկու տարվան աշակերտ էր և գիտեր, որ անկարելի էր այդ երազը կյանքի կոչել, բայց անիկա չի դադրեցավ... երազել, քունին մեջ վեր-վեր ցատկելով և շաբաթ օրվան ճառեն բառեր արտասանելով։

Արտասանության ատեն, համենայն դեպս, սուր քաշելու ձևը փորձեց աջող կերպով առանց․․․ սուր ունենալու։

Բուրբոն բարձրացավ վարժարանի բարձրագույն դասընթացքը երբ տակավին տասնևվեց տարեկան էր։ Անիկա ճարտասանության մեջ ցույց տվավ արտակարգ կարողություն, գրեթե չտեսնված տաղանդ մը Կոլեջի տարեգրության մեջ։ Շնորհիվ իր ճարտասանական բնատուր տաղանդին՝ անիկա երևութական կարողություն ցույց տվավ նաև լեզուներու մեջ, իսկ մնացյալ դասերը կանցներ ու չէր անցներ։

Կոլեջական մթնոլորտը, սակայն, հեղաշրջեց Բուրբոնի հիմնական երազները։ Կամաց-կամաց անիկա մոռցավ սուրերը, հաղթությունները, բայց միշտ պահելով իր ասպետական․․․ ձևերը։ Բուրբոնի հոգին սկսավ տանջվիլ տիտղոսներու համար։ Դժբախտաբար Բուրբոնի միտքը օգնության չէր հասներ անոր հոգեկան թռիչքներուն։

Ի՞նչ կոչվիլ, հարց կուտար ինքնիրեն, դոկտո՞ր թե պրոֆեսոր։

Օրվա դասերը լրացնելե հետո՝ երկար և առանձին՝ պտույտներ կըներ Կոլեջի պտույտի ճամփուն վրա և անդադար կը մտածեր դոկտո՞ր թե պրոֆեսոր։ Շատ անգամ ուսուցիչներ և ուսանողներ կը տեսնեին զինքը, որ աչքին կապույտ monocle մը անցուցած, մազերու գանգուրները սանտրած ջրով, որ արևուն տակ կը փայլեին, ընդունելու և մերժելու շարժումներ կըներ, որոնցմե միայն երբեմն լսելի կըլլային այո՛․․․ ո՛չ․․․ պիտի ըլլա՛մ․․․ պիտի երթա՛մ․․․ ես մե՛ծ եմ․․․ բառերը։

Բոլորը միամտորեն կը կարծեին, որ Բուրբոնը ճառ կպատրաստեր։ Ոչ. անիկա ճառը կարտասաներ արդեն։

Բուրբոն, ինկած ձևերու և փառասիրությանը հետևե, ժամանակ չունենալով գիտական հմտություններ ամբարելու իր այնքան պարապություն հորանջող գանկին մեջ՝ դարձավ բացականչությանց և պլաստիկ ձևերու խրտվիլակ մը։ Իր ճառած ատեն բառերը բերնեն դուրս կխուժանավարեին «ինքնաբուխ» և անկարգապահ վայրագությամբ։ Իր ճառերը կամաց-կամաց ստացան տասներորդ և հիսուներորդ «տպագրություններ»։ Օրինակները կը բերեր Հին Դարեն, Նոր Դարեն է միշտ արհամարհելով Միջին Դարը, կաթոլիկ եկեղեցին, օրինակներ կը բերեր... Ապագա Դարեն։ Դժվար էր գուշակել թե Բուրբոնի մտքին մեջ ի՞նչպես կպատկերանար Ապագա Դարը, մշակույթի, փիլիսոփայության, հասարակական իրավակարգի, գիտության և գեղարվեստի (կը ճառեր այս բոլորի մասին) ի՞նչ ձևն էր, որ կը ներկայանար անոր ահավոր երևակայության առջև և արդյոք կը հասկնա՞ր «Ապագա Դար» բացատրությունը, որովհետև իր ճառերուն մեջ իմաստուն ունկնդիրներ ապշած կը լսեին այսպիսի խոսքեր. «Ապագա հսկա և երկար դարերն անգամ կը վկայեն իմ գաղափարներուս ճշտությունը». Բուրբոնի երևակայությունը այնքան էր թռչած առաջ, որ կը գտնվեր ապագա դարերու ներկայության և անոնք իբրև սահմանական եղանակ, ներկա ժամանակ... կը վկայեն։

Մեր դարեն հեռու այս ճառերը իրենց վերջավորության մեջ հիասթափության չէին արժանանար, որովհետև անոնք զարդարված կըլլային զգայացունց աղաղակներով, կիկերոնյան դասականությամբ և անսահման ոգևորությամբ։

Ոչ ոք կրնար հաղթել Բուրբոնին polemic-ի մեջ, որովհետև անիկա իր պատասխաններուն մեջ տեսակետի հետևողականություն չէր հետապնդեր, տրամաբանության գրոշ չէր տար, այլ մեկը մյուսին ետևե կը շարեր անուններ և թվականներ, նախքան զՔրիստոսը չէր տարբերեր Քրիստոսե ետքը կատարված իրողություններեն, իր համար ամեն ինչ մեկ էր, միայն թե արտասանությունը ըլլար բարձրագոչ, հռետորա-ասպետական և ամբոխավարային։ Եթե ամենքն ալ համաձայնեին, որ Բուրբոնի ճառի մեջ տրամաբանություն չիկար և պատմական փաստերը խեղաթյուրված էին, բայց ամենքն ալ կխոստովանեին, որ ճառը ինքնին... պերճախոսական էր։ Բուրբոն կը ճգներ աջողիլ իր բուն նպատակին մեջ՝ հռետորություն։

Նեխած էր Եփրատ Կոլեջի մթնոլորտը։ Կոլեջի միսիոնարական իշխանությունը ամեն ժամ քրիստոնեական աղոթքներով և Ս․ Հոգու և Որդի Մարդո առասպելներով կուռեցներ ուսանողությունը։ Բուրբոն ներքին մեծ կռիվներով էր զբաղված, իր երևակայության սուրերն ու նիզակները պատերազմ էին հայտարարած քրիստոնեական վարդապետությանը դեմ․ «Սուրը քաշողը սուրով պիտի հատուդվի։ Մեկ երեսիդ որ զարնեն՝ մյուսը դարձուր»։

Սո՜ւրը․․․ Բուրբոնի երևակայությանը մեջ միշտ փայլակնաձև և պատյանեն դուրս, աղիողորմ և ահավոր։

Անիկա եկավ վերջնական եզրակացության, որ կարելի էր դոկտոր կամ պրոֆեսոր դառնալ և սուր ունենալ։

Տիտղո՜ս, անպայման պետք է կրեմ, կը մտածեր ինքնիրեն։ Իր սենյակին մեջ նստած՝ մատիտը կառներ ձեռքը և սպիտակ թուղթի վրա կը գրեր՝ Դոկտ․ Բուրբոն զանազան ծաղկագրերով կզարդարեր այս ստորագրությունները, կը ճգներ հարմարցնել իր ստորագրությունը մեծ մարդոց ստորագրությանց և միշտ անընթեռնելի (այդպես էին մեծ մարդոց ստորագրությունները)։

Իր դասընկերները զբաղած էին իրենց առօրյա դասերով և աղջիկներու հետ դարպասելով։ 17 18 տարիքին ասիկա անխուսափելի է կավով շինված մարդոց համար։ Բայց Բուրբոնի հոգին բռնված էր այլ կրակով, և աղջիկներու հրապույրը կարժանանար իր խորագույն արհամարհանքին, սակայն հրճվանքով լսած էր, որ Կոլեջի հարկաբաժնի շատ աղջիկներ սիրահարված էին իր վրա։ Այս բանը Բուրբոնին չէր պատմված, բայց լսած էր։ Բուրբոն իմացականության փոխարեն օժտված էր երևակայությամբ։ Լսած էր անիկա, որ Սիրանուշ անունով ուսանողուհի մը սիրահարված էր իր վրա։ Այսպես էր երևակայած։

Ես չեմ կրնար սիրել Սիրանուշը կամ որևէ ուրիշ գեղեցկուհի, տրամաբանեց Բուրբոնը, մեծ մարդիկ կիները չեն սիրեր, ինչպես Սոկրատ, Պլատոն և... Ժան դ'Արկ։ Ես չեմ կրնար իմ երիտասարդությունս․․․ զոհել աղջկան մը համար։

Կամաց-կամաց անոր երևակայությունը «թանձրացավ», և որոշեց նամակ մը գրել օրիորդ Սիրանուշի, պարզելով սիրո մասին իր ունեցած տեսակետները։

Սիրանուշ Կոլեջին աղջկանց հարկաբաժնի մեջ ամենեն գեղեցիկ աղջիկն էր։

Ահա այն նամակը, որ Բուրբոն ուղարկեց Սիրանուշի, առանց մտածելու անոր հետևանքներու մասին։

Օրիորդ Սիրանուշ,
Մեծափարթամ գեղեցկուհի,
Ստացա ձեր նամակը, որով սեր կը հայտնեիք իմ հանդեպ: Կընդունիմ որ ես ալ գեղեցիկ եմ և ձեզի հարմար, բայց դժբախտաբար չպիտի կրնայի ձեր բոցավառ սիրույն դրականորեն պատասխանել: Ես, որոշ պատճառներով ստիպված եմ ոտքի տակ տալ բնության անհաղթելի և ամենազոր հզորությունը և մերժել ձեր աղերսանքները: Իմ մեջ եռացող ազնվական արյունը չի կրնար զոհ ըլլալ փոքր նպատակներու, որովհետև ես կոչված եմ կյանքի մեջ մեծ գործեր տանելու:
Անհուն վշտակրությամբ
ԲՈՒՐԲՈՆ

Այս նամակը ստանալուն Սիրանուշի գլուխը սկսավ պտույտ գալ, շփոթեցավ, ձեռքերը զարկավ ճակատին և չկրցավ եզրակացության մը գալ։ Առաջին անգամ կարծեց զոհ ըլլալ թյուրիմացության մը, բայց ծրարին վրա կարդաց իր անունն ու ազգանունը, հետո մեջտեղն էր այն իրողությունը, որ նամակը տրված էր քրոջը։ Թյուրիմացություն չկար։ Բավական մտածելե հետո՝ որոշեց նամակը տանիլ և հանձնել Միս Տենեսին։

Միս Տենես Կոլեջի աղջկանց բաժնի պառավ տեսչսւհին էր և սարսափելի տեսակեն տղամարդատյաց մը՝ ինչպես ծերացած կույսերը կըլլան։

Բայց ձեր սիրո արտահայտության պատասխանն է այս նամակը, օրիորդ Սիրանուշ, ըսավ առաջին առիթով Միս Տենես նամակի ընթերցումեն հետո, խոժոռ, բարկացած և ատելությամբ լեցված պառավի աչքերով։

Ես որևէ նամակ չեմ գրած և որևէ սիրո մասին ալ չեմ մտածած, Միս Տենես, պատասխանեց Սիրանուշ և սկսավ դառնորեն արտասվել։

Միս Տենես պահ մը լռեց, ապա հարցումներ ըրավ թե ո՞վ բերավ, ե՞րբ, ինչպե՞ս, ապա նայեցավ ծրարին վրա և տեսնելով, որ նամակը ուղղված էր ճիշտ ու ճիշտ Սիրանուշին՝ սկսավ գլուխը երերցնել և համոզվիլ, որ Սիրանուշ սուտ կը խոսեր։

Օրիորդ Սիրանուշ, շարունակեց Միս Տենես, եթե պ․ Բուրբոն ձեզ չի սիրեր, ձեր հեկեկանքները օգնության չեն կրնար հասնիլ ձեզի։

Սիրանուշ ընդոստ իր աչքերը սրբեց և փութաց թյուրիմացությունը պարզել։

Միս Տենես, դուք ինձ չհասկցաք, կը կրկնեմ, որ ես որևէ մեկին նամակ գրած չեմ, այդ նամակը բերած եմ ձեզ, որպեսզի դուք դատեք և պատժեք այն տղան, որ այդպիսի անիրական նամակ մը գրած է։

Միս Տենես բոլորովին մատնված էր շփոթության, որովհետև չէր կարող ըմբռնել, որ աշխարհի մեջ, և ան ալ իրենց վարժարանի սահմանին մեջ, գոյություն ուներ մի մարդ, որ կապրեր երևակայությամբ։ Անիկա երկար լռութենե հետո՝ ըսավ.

Դուք գացեք, ես խնդիրը կը հասկնամ։

Հաջորդ օրն իսկ Միս Տենես մարդ ուղարկեց Բnւրբnնի ետևեն հրավիրելու զայն իր գրասենյակը «շատ կարևոր և անհրաժեշտ գործի մը համար»։ Բուրբոն երբեք մտքեն չանցուց, որ Սիրանուշի նամակին առթիվ կարող էր կանչված ըլլալ։ Անիկա աղջկանց հարկաբաժինը մտնելու ատեն մասնավոր հոգածությամբ գլուխը վեր բռնեց, նայվածքը շեշտակի, արհամարհելով իրեն ուղղված բոլոր բարի կամ չար նայվածքները։ Միս Տենեսի գրասենյակը մտնելե, բարևելե և նստելե հետո՝ տիրեց լռություն։

Պր. Բորբոն, սկսավ ամերիկուհի պառավը, այս նամակը դո՞ւք եք գրած օրիորդ Տիգրանյանին, ցուցնելով Բուրբոնի գրած նամակը։

Այո, պատասխանեց Բnւրբոն առանց տատամսելու։

Ինչո՞ւ գրած եք այս տեսակ նամակ օրիորդի մը, որ ձեզի ոչ մի արտահայտություն չէ ըրած սիրո մասին, դուք մինչև անգամ ծանոթ չեք այս օրիորդին։

Ես պատասխանած եմ իր նամակին, օրիորդ Տենես, հարեց Բուրբոն առանց որևէ մտահոգության։

Օրիորդ Տենես շփոթեցավ և սկսավ ջղային գրգռումներ ունենալ, որովհետև հաստատ համոզված էր, որ Սիրանուշ կը ստեր պարզապես։

Գացեք, պ. Բուրբոն, պատասխանեց տարօրինակ շեշտով մը օր. Տենես ինքզինքը գտնելե հետո։

Բուրբոն ելավ սենյակեն դուրս, միշտ քիթը դեպի երկինք և քալեց փողոց։

Բուրբոնի երևակայության մեջ թանձրացյալ կերպով գոյություն ուներ այդ սերը։ Անիկա ընդունած էր այդ սերը, մերժած, տառապած, գիշերներ անքուն անցուցած։ Վատ նպատակ մը չուներ Բուրբոն։ Երևակայած էր, ուրեմն իրական էր։

Երևակայությունը Բուրբոնի ներքին բովանդակությունն էր։ Համաձայն Դեկարտի փիլիսոփայական հայտարարության թե՝ «Քանի որ կը խորհիմ՝ գոյություն ունիմ», Բուրբոն պիտի հայտարարեր. «Քանի որ կերևակայեմ, կը գործեմ»։

Երևակայությունը իր աներևակայելի ոլորտին մեջ, ահա Բուրբոնի ապրումներուն ամենեն իրական պատկերը։ Անիկա քաղաքի փողոցներուն մեջ քալած ժամանակ կերևակայեր, որ ունկնդիրներու ամբոխ մը կսպասեր իր ճառախոսության, կը լսեր որոտընդոստ ծափեր, պատուհաններեն ծաղիկներ կը թափեին իր վրա, և ինք ոգևորված և տեղի տալով ամբոխի պահանջին՝ կը կենար փողոցի մեջտեղը, հպարտությամբ շուրջը կը դիտեր, ծնոտը կուղղեր երկնքին, լուռ ճառախոսություն մը կըներ հռետորական շարժումներով և ապա կը շարունակեր իր ճանապարհը։ Զինք տեսնողները ամեն տեղ և միշտ կըսեին. «Ճառ կը պատրաստե»։ Բայց միամիտները չէին գիտեր որ Բուրբոն ճառ չէր պատրաստեր, այլ ճառ կարտասաներ իրենց՝ զինք տեսնողներուն։

Մեկ քանի օր հետո օր. Տենես խնդրեց պ. Բուրբոնին Միրանուշի գրած նամակը բերել, բայց Բուրբոն շատ փնտրեց իր թուղթերուն մեջ, գրքերու և թերթերու մեջտեղերը և հակառակ իր անկեղծ... ցանկության, Սիրանուշի «նամակը» չկրցավ գտնել և հայտնեց, որ կորսնցուցած է։ Կոլեջի քրիստոնյա տեսչությունը վռնդեց Սիրանուշը վարժարանեն «անբարոյական արարքի մեջ գտնված ըլլալուն» համար։

Ավարտական տարին Բուրբոն ընդհարումներ ունեցավ ուսուցիչներու հետ «Քրիստոսի աստվածության և մարդեղության» շուրջը։ Հայտնի չէր թե այդ ուղղությամբ ի՞նչ գիրք էր կարդացած, պատահմամբ անիկա հարց բարձրացուց Քրիստոսի էության մասին։ Բուրբոնի մտահոգությունը Քրիստոսի ինչ ըլլալը չէր, անոր միակ նպատակն էր... ճառ արտասանել։ Քրիստոս մա՞րդ թե Աստված, միևնույնն էր անոր համար։

Բուրբոնի կողմեն Քրիստոսի աստվածության շուրջ կասկածելը՝ պատճառ դարձավ, որ զայն արգիլեն վարժարանի շրջափակին մեջ ճառ խոսելու։

Եփրատ Կոլեջը գրեթե միջնադարյան համալսարան մըն էր։ Գիտության և արվեստի պրոֆեսորներ կիրակի օրերը իրենց շուրջը կը հավաքեին կանայք բողոքական ժողովարանին մեջ և դասախոսություն կը կարդային «Քրիստոսի անքննելիության» մասին, և «Սուրբ հոգի» կը բաժնեին։

Բուրբոն ըմբոստացավ այս փիլիսոփայությունների դեմ։ Ժողովարանի մեջ մարդիկ ազատ էին զանազան կարծիքներ հայտնելու։ Կիրակի օր մը Բnւրբոն ձայն ուզեց խոսելու։ Անիկա փաստեր չուներ։ Միայն կը ճառեր։ Մեջբերումներ կըներ այնպիսի գրքերե և այնպիսի խնդիրներու շուրջը, որոնք երբեք կապ չունեին շոշափված հարցի հետ։ Պրոֆեսորները մեծ բողոք սարքեցին Կոլեջի Ամերիկյան տեսչության մոտ Բուրբոնի դեմ, որովհետև վստահ էին, որ հասարակությունը կրնար համոզվիլ Բուրբոնի ըսածներուն այնքան քննադատորեն, որքան իրենց կեղծ քարոզներուն։ Քիչ մնաց Ամերիկյան տեսչությունը վռնդեր Բուրբոնը վարժարանեն եթե քաղաքի ազդեցիկ մարդոց միջամտությունը չըլլար, բայց Բուրբոնի վիճակվեցավ տոկալ ահավոր զրկանքի մը արգիլեցին Բուրբոնի շրջանավարտից ճառ արտասանելը։

Եփրատ Կոլեջի ավանդություններեն մեկն էր վկայական առնողներուն ճառ արտասանել տալ չորս հինգ լեզուներով։ Բուրբոն զրկվեցավ այս շնորհեն։ Պետք է ուժ տալ երևակայության կարենալ ըմբռնելու համար այս ահարկու զրկանքը, որ եղավ Բուրբոնին, որուն համար անիկա պատրաստված էր մեկ քանի տարիներե ի վեր։ Բուրբոնի մտադրությունը եղած էր երևան գալ հռետորական գերագույն թափով, խոսիլ զանազան լեզուներով։

Բայց դժբախտաբար ուսանողի մը թույլ կը տրվեր միայն ճառախոսել մեկ լեզվով։

Բուրբոնին խորհուրդ տրվեցավ դիմել Կոլեջի նախագահության ներողության արժանանալու համար, և այս «հերետիկոսության» կը ներվեր, բայց անիկա երբեք չի ցանկացավ զիջանիլ։

Արդյոք Բուրբոն մոռացա՞վ և հաշտվեցա՞վ այդ զրկանքին հետ։

Կը մոտենար շրջանավարտից հանդիսի օրը։ Ծաղիկներով և դալարյա ճյուղերով կամարներ շինելու կը պատրաստվեին։ Իգական հարկաբաժնի օրիորդներ ծաղկեփունջերու և ծաղկեպսակներու նորագույն տեսակներ կը մտածեին հնարել, նվիրելու համար վկայական ստացողներուն։

Փառքի համար ալեկոծվող Բուրբոնի հոգու մեջ ահեղ փոթորիկներ կառաջանային, բայց ոչ ոք չէր տեսներ այս։ Թեև Բուրբոնի հոգու բոլոր արարվածները պարզ էին բոլորի առաջ, բայց անիկա այս անգամ ծածկեց իր բոլոր հուզումները, այս անգամ անիկա լռություն պահեց, ատելություն ու խորամանկություն չի մատնող լռություն մը։

Մինչև այդ թվականը գավառը անտեղյակ էր ազգային ամբոխավարության։ Բուրբոն առաջինն էր, որ հիմք պիտի դներ ամբոխավարության յուրահատուկ ձևին, որ վերջը արդեն դարձավ ընդհանուր ձև։ Բուրբոն ամբոխավարության փորձեր ըրած էր գրքերու մեջ կարդացած զանազան հակադիր վարկածներ իրարու խառնելով, պատմական թվականներ մեկը մյուսի ետևեն շարելով առանց կապակցության, բայց գործնական ամբոխավարության փորձին չէր մղված։

Եգիպտական փարավոն Ռամսեսեն մինչև Բիսմարկ և Նապոլեոն Բոնապարտ և Շեքսպիր, կաղաղակեր նա իր ճառերուն մեջ առանց մտահոգվելու այդ անձնավորություններու տարբերության և անոնց ժամանակագրության։

Օրինակի համար կըսեր. «Սուռբ Օգոստինոսը և Սավոնարոլան, Ռիշլյո և Միրաբո, Շեքսպիր և Տոլստոյ»։

Այս կարգի ամբոխավարությունը չի կրցավ գոհացնել մեր Բուրբոնի հոգին և դիմեց ազգային ամբոխավարության։

Անիկա հավաքեց չմշկածագցի հայրենակից ուսանողներեն մեկ քանին իր սենյակին մեջ և անոնց խոսեցավ իր խորունկ ճառերեն մեկը։ Թեև Բուրբոնի սենյակին մեջ գտնվող ուսանողները թվով 4 հոգի էին, բայց Բուրբոն հանդիսավոր կերպով ոտքի կանգնեցավ, սեղանին տեղը փոխեց և բարձրաձայն արտասանեց հետևյալ ճառը.

Հայրենակիցներ և ընկերներ, սկսավ անիկա, ես չմշկածագցի եմ և ատոր համար է, որ բոլորը ինձ կը նախանձին։ Դուք գիտեք, թե ինչպես ես կարողացած եմ պապանձեցնել բոլորը իբրև... չմշկածագցի, դուք գիտեք թե ես փառքն ու պարծանքը եղած եմ մեր հայրենի գավառին, թերևս դուք չեք գիտեր, որ միայն իմ, Բուրբոնիս, մղած ջանքերով դուք չվռնտվեցաք վարժարանեն (բոլորը իրարու երես սկսան նայիլ, տեղեկություն չունենալով մի այդպիսի հարցի)․ դուք գիտեք թե ինչպես ես, Բուրբոնս, հակաճառած եմ բոլորին և հաղթած անոնց, ճակատներուն տալով արդարության թուքն ու մուրը, դուք գիտեք, թե ես ինչպես պաշտպանեցի երկու ամիս առաջ խաչյալ... Քրիստոսը, դուք չեք գիտեր, թե ի՞նչ ստորին զրպարտություններ եղան մեր հայրենակից ուսանողներու հասցեին, բայց ես պաշտպանեցի, եթե ես չըլլայի, ես, ես, ես չըլլայի, հիմա դուք փողոցները կը թափառեիք։ Այս բոլոր ահռելի ճակատամարտներու համար Կոլեջի ֆակուլտետն ինձ կը զրկե կիրակի օրվան շրջանավարտից հանդեսի ճառախոսության փառքեն։ Այս բոլոր զրկանքը ձեր երեսեն։ Ահա կը դիմեմ ձեզ պաշտպանել ինձ, կը հրամայեմ ձեզ պաշտպանել ինձ։

Ուսանողները իրարու երես նայեցան։ Բոլորն ալ համոզված կը թվեին Բուրբոնի փաստերով։ Մեր մոլորակի մարդոց շատ ընտրյալ թիվ մը կարող է դիմանալ ուժեղ ամբոխավարության։ Անոնք արդեն համոզված էին, որ իրենք պետք էր վռնդված ըլլային, եթե Բուրբոն «ահռելի ճակատամարտներ» չի մղեր հօգուտ իրենց։ Հայրենասիրական զգացումը սկսավ եռալ իրենց արյունին մեջ։

Պր. Բուրբոն, հարեց անոնցմե մեկը, մենք կը պաշտպանենք քեզ, եթե ցույց տաս մեզ այն կերպ, որով կարող կըլլանք օգտակար ըլլալ։

Իհարկե, իհարկե, ավելացուցին մյուսները գրեթե միաբերան։

Բուրբոն հրահանգեց անոնց, որ ամեն մեկը հանձն առնի գտնել տասնական հայրենակիցներ և բերել հանդեսի սրահը և պատվիրել անոնց, որ մյուսներու ճառերը ավարտելե հետո բոլորը միասին սկսին պոռալ և աղմկել. «Բուրբոնը թող խոսի, մենք Բուրբոնը կուզենք լսել», իսկ մնացածը թողուլ իրեն՝ Բուրբոնին։

Ուսանողները խոստացան և հրաժեշտ առին իսկույն ևեթ գործի սկսելու։

Բուրբոնի ճառ արտասանող ընկերները ներքին կեղտոտ գոհունակությամբ կը դիտեին Բուրբոնը, որուն զրկված էր հանդեսի շնորհը, բայց անիկա ծանր արհամարհանքի նայվածքով կը պատասխաներ անոնց գոռոզություններին։

Հասավ հանդեսի մեծ օրը։ Բուրբոնի հայրենակիցներեն հավաքված էին երկու հարյուրե ավելի բազմություն, բացի Բուրբոնի անձնական ոչ հայրենակից համակիրներեն։ Անոնք իրենց հետ բերած էին տասնե ավելի ծաղկեփունջեր։ Բուրբոն իր բաղդավոր դասընկերներու հետ միասին եկավ և բազմեցավ բեմին վրա։ Ամեն անոնք, որոնք լուր չունեին, որ Բուրբոն զրկված էր ճառ խոսելու իրավունքեն, կարծեցին, որ Բուրբոն առաջին ճառախոսը պիտի ըլլար, որովհետև հաճախ կոկորդը կը մաքրեր բարձր աղմուկով։ Ֆակուլտեն ապշեցավ, որ Բուրբոնի վրա ոչ մի ազդեցություն չէր գործած այդ զրկանքը. անոնք համոզված էին, որ Բուրբոնը ներկա չէր ըլլար և մինչև անգամ որոշած էին հանդեսեն հետո իր վկայականը մեկի մը միջոցով ուղարկել։ Այդ թվականին գավառի մեջ ոչ ոք ամբոխավարության մասին ծանոթություն չուներ։

Կեցցեներու մեջ բեմ հրավիրվեցան վկայական առնող պարոնները, թվով 7 հոգի, որոնք արտասանեցին իրենց ճառերը մեջ ընդ մեջ թրքերեն, ֆրանսերեն, անգլերեն և հայերեն լեզուներով։ Երբ յոթ ճառախոսներն ալ վերջացուցին իրենց ճառերը և իրենց բարեկամներեն կանխորոշված ծաղկեփունջերը ստացան՝ Բուրբոն ահավոր անհանգստության մեջ էր, սպասելով... ցույցին։ Երբ Կոլեջի նախագահը կը պատրաստվեր վկայականները բաժնելու կոպիտ մարդու մը ձայնը լսելի եղավ, որ կը պոռար.

Պր. Բուրբոնը պետք է խոսի, մենք Բուրբոնին ճառը կուզենք։

Այդ կոպիտ ձայնին հետևեցան հարյուրե ավելի ձայներ։ Տիրեց ընդհանուր շփոթ, իրարանցում, աղմուկ, շարժումներ, կանչվռտուք։ Կոլեջի ֆակուլտեն, որ բեմի մոտը տեղ էր բռնած, մատնվեցավ ապշության, բայց հանկարծ հասարակությունը լռեց, որովհետև Բուրբոն արդեն ցատկած էր բեմը և կը... ճառեր։

Հանդիսականներ, կաղաղակեր անիկա, այսպես է տիեզերական պատմությունը, արդարություն, գիտություն, միշտ գիտություն Արարչին հետ և Արարիչն ալ մարդուն հետ միշտ հաշտ, ուրեմն կեցցե՛ գեղարվեստը և գեղարվեստի հանճարեղ ներկայացուցիչներ Դարվին և Լութեր (ծափեր)։ Եվ օր մըն ալ աստված խոսեցավ և ըսավ մարդուն. «Դուն պիտի ըլլաս աստված, եթե ինծի չափ խելք ունենաս», հետևաբար, պետք է ունենալ խելք, միտք, ուղեղ և իմացականություն, ով այս բոլորեն չունի՝ չի կրնար աստված ըլլալ։

"Դոկտոր Բուրբոնյան" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Կարս
Տիգրան Համասյան

Կարս

Աղջիկը գրքով
Աղջիկը գրքով
Խաղա առցանց