Շուշանիկ Կուրղինյան

Մենակ կինը

Գ․ ԱՐԱՐ

Փոքրիկ անշուք կայարան։ Գալիս ու գնում են մարդիկ ծանրաբեռնված էշերով։ Պատի տակ, նստարանի վրա նստած են մի քանի քնճատ կանայք։ Հեռվից լսվում է աքլորների կանչ և շների հաչոց․ ամպոտ առավոտ է։ Քամին թափում է ծառերից դեղնած տերևները։ Լսելի է ծովի շաչյունը։ Գալիս է նավավարը կոկ հագնված մի մաղ ու զամբյուղ ձեռին ու նստում է աոանձին պատի տակ, գծին մոտիկ։

ՏԵՍԱՐԱՆ Ա․

ՆԱՎԱՎԱՐ․ (Թախծալի հայացքով երկար շուրջը դիտելուց հետո)

Գարունն Էլ գնաց․․․ (Ժպտում է պարզամիտ)
Գնաց, ի՞նչ կանես, ու էլ ետ չի գա։
Մրրկեց հոգուս մորմոքը քնած,
Ինձ հանգիստ չկա։
Ո՛չ գետնի վրա, ո՛չ էլ․․․ (Կասես մեկին է պատմում)
Չէր ուզում գնալ․ չի սիրում մարդկանց,
Ուզում է ապրել ծովի եզերքին,
Աղքատ ու անգանձ․
Իր երգը խառնել ալիքի երգին․․․

Պատվիրեց հիշեմ, երբ արփին ծագի,

Երբ վերջալույսին խաղաղ մտնի մայր․
Իսկ երբ հողմերից ծովը մրրկի,
Ես ցանցը փռեմ իր բախտի համար․․․ (Շրջում է և մոտենալով գծին, երկար դիտում, շոշափում)
Մի տես, թե ինչպես ձգվել է հպարտ
Երկրի երեսին,
Որ հեշտ ապահով շրջե ամեն մարդ
Հոգսերով իր սին։
Քանի զույգ ձեռքեր այս ճամփու շենքի
Հոգնան, կոշտացան։
Հույսերն էլ մարան նրանց սև դեմքին։
Ու չկշտացան․․․(Նստում է տեղը)
Ասաց ապրեի քեզ հետ, հյուղիդ մեջ (Հուզվում է սաստիկ)
Քեզ ձուկ խաշեի, սիրեի հոր պես․․․ (Ժպտում է)
Եվ այդ միշտ է այդպես,
Իր բաղձանքները հանդուգն, անվերջ։

(Կանանցից մեկը բարձր) Պապ, գիտե՞ս արդյոք․․ ժամը քանիսն է։

ՆԱՎԱՎԱՐ․ (Դժգոհ)

Մի նոր բան չկա, ողջը դեռ հին է։

ԿԻՆԸ․― (Հորանջելով թեքվում է պատին)

Կուզեի գիտնալ, ե՞րբ ենք մեկնելու․

ՆԱՎԱՎԱՐ․ (Սրտնեղ)

Մեկնելուց առաջ սպասիր հլու՝
Կերթաս, չես մնա․․․

2-ՐԴ ԿԻՆ․― (Քնից զարթնելով)

Ո՞վ պիտի մնա․․․ (Կանայք ծիծաղում են ու նորից լռում) Զանգի ձայն է լսվում։ Ծերունին անհանգիստ վեր է թռչում տեղից,իրերը ձեռքին վազում դեպի գիծը, նայում աջ ու ձախ։ Գալիս է Հեղինեն ճանապարհորդական վերարկու և գլխարկ հագած, մի փոքրիկ պայուսակ ձեռքին։

ՀԵՂԵՆԵ․ (Ծերունուն նկատելով)

Եկե՞լ ես արդեն։

ՆԱՎԱՎԱՐ․ (Ուրախ)

Եկել եմ, եկել․․․

ՀԵՂԻՆԵ․ (Իրերին նայելով)

Ո՞ւր ես գնալու․․․
ՆԱՎԱՎԱՐ․ (Անվստահ)
Քեզ համար է այդ․․․ նվերս վերջին․․․

ՀԵՂԻՆԵ․ (Ձեռքը դնելով նրա ուսին)

Ես չեմ մոռանա քեզ։ (Ծերունին զգացված ու շփոթ) Պարոն Զավենը դեռ չի երևում։

ՆԱՎԱՎԱՐ․ (Երկյուղած)

Սխալվել եմ ես․․․ վաղվա գնացքի
Տոմս առա նրան։

ՀԵՂԻՆԵ․ (Գոհ)

Մի՞թե․․․ (Ծիծաղում է սրտանց)
Ուրախ եմ սաստիկ։

ՆԱՎԱՎԱՐ (Հանգիստ)

Ինձ դուր չեն գալիս շատախոս մարդիկ,
Տանել չեմ կարող։
Իսկ դո՞ւ։

ՀԵՂԻՆԵ․ (Ժպտում է)

Սիրել կարող եմ լոկ բարի մարդու։

ՆԱՎԱՎԱՐ․ (Միամիտ)

Բարձր հասակով։

ՀԵՂԻՆԵ․ (Ծիծաղում է)

Հասակով, մտքով` միայն թե բարձր
Ինձնից վեր, կարող։
(Լսվում է մոտեցող գնացքի դղրդյունը և սուլոցը, ծերունին սաստիկ անհանգստանում է)

ՀԵՂԻՆԵ․ Հանդարտվիր, մոտ չէ։

ՆԱՎԱՎԱՐ․
Հեռու թե մոտիկ պիտի տանի քեզ․․․

ՀԵՂԻՆԵ․ (Սիրով)

Իմ բարի ծերուկ։
ՆԱՎԱՎԱՐ․
Երբ որ տեղ հասնես, գրիր իմանամ․․․

ՀԵՂԻՆԵ․ (Ցավակցորեն)

Կարդալ չգիտես։
ՆԱՎԱՎԱՐ․
Քեզ ի՞նչ․․․ Կկարդամ (Գնացքը կանգ է առնում․ Հեղինեն վազում է, ծերուկն էլ հետևից։ Քիչ հետո երևում է վագոնի լուսամուտից Հեղինեն, որ ճոճում է իր փոքրիկ թաշկինակը

ՀԵՂԻՆԵ․ (Գնալով) Տե՛ս, չմոռանաս։

ՆԱՎԱՎԱՐ․
(Վազելով) Դու բարով գնաս։ (Գնացքը չքանում է, ծերունին երկար մնում է գլխիկոր և ապա թևով դեմքը սրբելով)․ Գնաց․․․ էլ չի գա․․․

"Մենակ կինը" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Մեղեդի
Առնո Բաբաջանյան

Մեղեդի

Վզնոցով կին
Վզնոցով կին
Խաղա առցանց