Սերգեյ Դովլաթով
Արգելոց
4
Ստասիկը նորից խմեց ու խորհրդավոր շշնջաց․
Անտր նու։ Մեր մեջ մնա։ Վաղուց եմ վտարանդման պլաններ մտմտում։ Արյանս ուղիղ մեկ երեսուներկուերորդականը հրեական է։ Հավակնում եմ նախագահի խորհրդականի պաշտոնին։ Պահպանում եմ Տուլայի քաղցրաբլիթների կորսված գաղտնիքը։
Ա՜֊ա՜ա՜, ասաց Միտրոֆանովը։
Ինչ է նշանակում՝ «լակել ես», ընդդիմացավ Պոտոցկին։ Հա, խմել եմ։ Հա, մի քիչ անկաշկանդ եմ։ Հուզված՝ սքանչելի տիկնոջ ընկերակցությունից։ Բայց գաղափարապես սթափ եմ…
Ճնշող լռություն տիրեց։ Հետո ինչ֊որ մեկը հինգկոպեկանոց գցեց «Մելոման» սարքի ճեղքը։ Լսվեցին Անատոլի Կորոլյովի սրտաճմլիկ ծղրտոցները․
…Քաղաքն ինձ պարզեց հրապարակի
ափերը պարապ,
ու պուրակներում դեղնին է տալիս տերեւը վերջին։
Ինչե՜ր ունեի դեռ քեզ պատմելու գնալուց առաջ,
Բայց ո՞վ կհուշի միակ բառերը…
Մեր գնալու ժամանակն է, ասում եմ, էլի օղի պատվիրե՞մ։
Ստասիկը կախեց գլուխը, Միտրոֆանովը եռանդուն գլխով արեց։ Պատվիրեցի, վճարեցի, վեր կացանք։ Պոտոցկին նույնպես վեր թռավ ու շխկացրեց մաշված կրունկները․
Ինչպես իմ շլախտիչ նախնիներն էին ասում՝ դո վիձեննյա։
Միտրոֆանովը տխուր ժպտաց…
Կարճ ճանապարհը անտառի միջով էր։ Ծառերից գեջություն ու ցուրտ էր փչում։ Մեզ շրջանցում էին անվերջանալի հեծանվորդները։ Կածանը կտրատված էր սոճիների արմատներով։ Սուր զնգաց անվահեծը։
Տանյան ասում էր․
Թող որ իմ որոշումն արկածախնդրություն է կամ նույնիսկ խելագարություն։ Ես այլեւս այսպես չեմ կարող։
Նրա հուսահատությունը վախեցնում էր։ Բայց ի՞նչ կարող էի ասել։
Հիշո՞ւմ ես քեզ ոնց փախցրի, հյուր էինք գնացել։ Տարա, տարա ու գցեցի… Մի ժամանակ ամեն ինչ լավ էր։ Ու լավ կլինի։
Մենք լրիվ ուրիշ մարդիկ էինք։ Ես ծերանում եմ։
Ոչ մի դեպքում…
Տանյան լռեց։ Ես, սովորականի պես, սկսեցի փիլիսոփայել․
Միակ ազնիվ ճանապարհը սխալների, հիասթափությունների ու հույսերի ճանապարհն է։ Կյանքը սեփական փորձով չարի ու բարու սահմանները գտնելն է… Ուրիշ ճանապարհ գոյություն չունի… Ես ինչ֊որ բանի հասել եմ… Կարծում եմ՝ դեռ ուշ չէ…
Բառե՜ր, բառե՜ր…
Բառերն իմ մասնագիտությունն են։
Դա էլ է բառեր։ Ամեն ինչ արդեն վճռված է։ Արի մեզ հետ։ Դու մի կյանք էլ կապրես…
Գրողի համար դա մահ է։
Այնտեղ ռուսներ շատ կան։
Պարտվածնե՜ր են։ Պարտվածների թշվառ խառնամբոխ։ Նույնիսկ Նաբոկովը պակասավոր տաղանդ է։ Էլ ի՞նչ ասես ինչ֊որ Զուրովի մասին։
Ո՞վ է էդ Զուրովը։
Կար էդպիսի մեկը…
Ինչի՜ մասին ենք խոսում։ Արդեն ամեն ինչ որոշված է։ Հինգշաբթի փաստաթղթերը հանձնում եմ։
Մեքենայաբար հաշվեցի՝ ինչքան է մնացել մինչեւ հինգշաբթի։
Ու հանկարծ այնպիսի սուր ցավ զգացի, այնպիսի անբացատրելի դառնություն, որ նույնիսկ մոլորվեցի։ Ասացի․
Տա՜նյա, ներիր ինձ ու մի գնա։
Ուշ է, ասում է, սիրելի՛ս…
Ես շրջանցեցի նրան, ահագին առաջ անցա ու լաց եղա։ Ավելի ճիշտ՝ լաց չեղա, դադարեցի ինձ զսպել։ Գնում ու կրկնում եմ․
«Տե՜ր Աստված, տե՜ր Աստված, ինչի՞ համար է էս պատիժը»։ Եվ՝ ինքս ինձ․ «Ոնց թե՝ ինչի՞։ Ամեն ինչի համար։ Քո ամբողջ կեղտոտ, ծույլ, փնթի կյանքի համար…»։
Հետեւիցս գալիս էր կինս՝ հեռավոր, վճռական ու խիզախ։ Եվ, ինչպես պարզվեց, ոչ այնքան հիմար…
Բարձրացանք բլրի գագաթը։ Ցույց տվի տունը, որտեղ ապրում եմ։ Ծխնելույզից ուղղահայաց ծուխ էր բարձրանում։ Ուրեմն տանտերը տեղում է։
Քայլում էինք գյուղամիջի փողոցով, ու բոլորը բարեհամբույր ողջունում էին։ Վաղուց եմ նկատել, որ միասին համակարելի ենք շրջապատի համար։ Երբ մենակ եմ, ամեն ինչ այլ է։
Հանդիպեց Նադեժդա Ֆյոդորովնան ու ասաց․
Առավոտը եկեք՝ կաթ տամ…
Տանյային զվարճացնում էին աքաղաղները, փրչոտ բակաշները, իսկ երբ հնդկահավ տեսավ, հրճվանքը սահման չուներ․
Ինչպիսի՜ մեծամտություն։ Ինչպիսի՜ ինքնահավանություն… Բավական նողկալի արտաքինով հանդերձ։ Աքլորներն ու սագերն էլ իրենց երեւակայում են, բայց սա՜… Աստվա՜ծ իմ, ի՜նչ նման է Իզաքսոնին…
Մեզ տեսնելով՝ Միխալ Իվանիչն իրար անցավ։ Տառապագին կնճռոտվելով՝ կարմրագորշ վզին կոճկեց վերնաշապիկը։ Ու այնպես, որ օձիգի մաշված ծայրերը ցցվեցին։ Հետո, չգիտես ինչու, դրեց գլխարկը։
Բորկայի հետ լավ ենք ապրում, ասաց, համ վարքի կողմից, համ ընդհանրապես… Ոնց որ ասած՝ ոչ սպիտակ, ոչ կարմիր, ոչ գարեջուր… Էլ չասած՝ ադեկոլոնը… Մի գլուխ գիրք է կարդում։ Կարդում է, կարդում ու հիմար էլ կմեռնի, անսպասելի ավարտեց Միխալ Իվանիչը։
Որոշեցի ինչ֊որ կերպ վնասազերծել նրան։ Կանչեցի նախասենյակ․
Մի՛շա, փող պետք չի՞։
Ո՞ւմ։ Էդ… Տո՛ւ…
Երեքանոց տվի։
«Վիտյազը» մինչեւ տասնմեկն է, ասաց Միխալ Իվանիչը, կհասցնեմ։ Թե՞ Լյոխայի զամբիկը վերցնեմ… Է՜, մինչեւ էս ո՞ւր էիք։ Միկրոշրջանում «Խնձորի» արաղը մեկ ու տասնչորս է… Լավ, գնացի։ Ճարպ կա էնտեղ, վերցրեք, սոխ, արդեն շեմից կանչեց նա։
Մնացինք երկուսով։ Տանյան վախեցած շուրջն էր նայում։
Վստա՞հ ես, որ սա բնակարան է։
Կար ժամանակ՝ կասկածում էի։ Կարգի եմ բերել։ Մենակ տեսնեիր՝ առաջ ինչ էր կատարվում։
Տանիքը ծակ է։
Լավ եղանակին չի խանգարում։ Իսկ անձրեւ, կարծես, չի նախատեսվում։
Հատակին էլ անցքեր կան։
Հիմա դեռ ոչինչ։ Առաջ էդ անցքերով անտեր շներ էին մտնում։
Անցքերն էդպես էլ չես փակել։
Բայց հո՛ շներին վարժեցրի…
Տանյան ձեռք տվեց ծածկոցին․
Աստվա՜ծ իմ, ի՜նչ ես գցում վրադ։
Հիմա, ասում եմ, տաք է։ Կարելի է ընդհանրապես չծածկվել։ Համենայնդեպս՝ դու…
Հաճոյախոսությո՞ւն է։
Դրա պես մի բան։
Նիհարել ես։
Շատ եմ քայլում։
Սազում է։
Բացի էդ, բավական խոշոր աչքեր ունեմ…
Շատ հիմար խոսակցություն է, ասաց Տանյան։
Հրաշալի է։ Կուզեի հասնել կատարյալ ապուշության։ Ակվարիում առնել՝ ձկնիկներով, արմավենի՝ փայտե տակառում…
Ինչի՞դ է ակվարիումը։
Իսկ արմավենի՞ն ինչիս է։
Ակվարիումից սկսենք։
Ամբողջ կյանքում երազել եմ մի քանի վարժեցված ոսկե ձկնիկ ունենալ…
Իսկ արմավենի՞ն։
Արմավենին կարելի է նկարել՝ բնօրինակից։ Պատշգամբում պահել։
Հարց է ծագում՝ ո՞ւր է մեր պատշգամբը։
Բայց դեռ արմավենի էլ չունենք, չէ՞…
Աստվա՜ծ իմ, ինչե՜ր ես հարցնում։ Ինչից ենք խոսում, ընդհանրապես։
Իսկապես, ի՞նչ խոսակցություն։ Մանավանդ, որ արդեն ամեն ինչ որոշված է։
Ես նայեցի պատուհաններին։ Վարագույր չկար։ Ուզածդ անցորդ կարող էր ներս նայել։ Գյուղում դա սովորական բան է։
Կարելի է, մտածում եմ, պահարանը մոտեցնել։ Նայեցի՝ պահարան չկա…
Ի՞նչ նորություն կա Լենինգրադում, հարցնում եմ։
Ասեցի։ Ոմանք պատրաստվում են մեկնել։ Մյուսները դրա համար նրանց արհամարհում են։
Միտյան չի՞ զանգել։
Մեկ֊մեկ զանգում է։ Գալինայի հետ շատ վատ են։ Ինչ֊որ հարավսլավցի է հայտնվել… Թե հունգարացի, չեմ հիշում… Անունն Աքիլլես է…
Գուցե հին հո՞ւյն է։
Չէ, հիշում եմ, որ սոցիալիստական ճամբարից էր։ Ուզել էր Կրեյնին ծեծի…
Իսկ նա՞։
Իսկ Ժենյան նրան ասում է․ «Մի՛տյա, ես չեմ վախենում, որովհետեւ դու կոտոշավոր ես։ Հետեւաբար՝ գիշատիչ չես»։ Մի կերպ բաժանվեցին։
Իզո՛ւր…
Լռեցինք։
Ես անընդհատ մտածում էի՝ ո՞նց վարագուրեմ պատուհանները։ Այնպես, որ պարզ ու անկաշկանդ նայվի։
Տասը տարի է ամուսնացած ենք, ու ես դեռ մեռնում եմ վախից։ Վախենում եմ, որ Տանյան կքաշի ձեռքն ու կասի․ «Մենակ է՜դ էր պակաս…»։
Բայցեւայնպես հասցրի հանել կոշիկներս։ Միշտ գլխանց եմ հանում, որ հետո չշեղվեմ… Որ հետո չասեմ․ «Մի րոպե, կոշիկներս հանեմ…»։ Ասենք կոշկաթելերն էլ հուզմունքից քարկապ են ընկնում… Երեւի մի հազարը կտրած լինեմ կրքի պոռթկման մեջ…
Բացի այդ, ծանոթացել եմ նշանավոր այլախոհ Գուրեւի հետ։ Երեւի լսել ես, նրա մասին խոսել են արեւմտյան ռադիոկայանները։ Ֆրիդան ծանոթացրեց։ Հյուր եղանք նրա տանը, Պուշկինի փողոցում։ Մեկնելու կապակցությամբ խորհուրդ հարցրինք։ Տանը լիքը սրբապատկեր կար…
Ուրեմն հրեա է։
Ոնց որ։ Բայց ազգանունը ռուսական է՝ Գուրեւ։
Հենց էդ էլ կասկածելի է։ Գուրեւ… Գուրեւիչ…
Ի՞նչ ունես հրեաների դեմ։
Ոչինչ։ Առավել եւս, որ նա ռուս է։ Վաթսունվեց թվից եմ ճանաչում։
Ուրեմն նորից հոգուս հետ ես խաղում։
Էն պատճառով, որ հանաքչի եմ։
Գուրեւն էնքան խելացի է։ Ասեց, որ Ռուսաստանը քրիստոնեական վերածննդի դարաշրջան է ապրում։ Որ դա անշրջելի գործընթաց է։ Որ քաղաքային բնակչության վաթսուն տոկոսը հավատացյալներ են։ Իսկ գյուղում՝ յոթանասունհինգը։
Օրինակ, Միխալ Իվանիչը։
Միխալ Իվանիչին չգիտեմ։ Լավ տպավորություն է թողնում։
Վատը չի։ Մենակ՝ սրբությունն է քչություն անում…
Գուրեւը լուծվող սուրճ հյուրասիրեց։ Ասաց․ «Շատ եք լցնում… Չեմ խնայում, պարզապես համը փոխում է…»։ Իսկ երբ ուզում էինք դուրս գալ, ասում է․ «Ձեզ կուղեկցեմ մինչեւ ավտոբուսը։ Մեզ մոտ էստեղ շատ են անկարգություն անում։ Լիքը խուլիգաններ են…»։ Իսկ Ֆրիդան ասում է․ «Սարսափելի բան չկա։ Ընդամենը քառասուն տոկոս…»։ Գուրեւը նեղացավ ու մեզ ուղեկցելու միտքը փոխեց… Ի՜՞նչ ես անում։ Գոնե լույսը հանգցրու։
Ինչի՞։
Էդպես է ընդունված։
Պատուհանին կարելի է պիջակը կախել։ Իսկ լամպը կեպիով կծածկեմ։ Կդառնա գիշերալամպ։
Էստեղ էնքան էլ մաքուր չի։
Իբր Անդալուզիազից ես ժամանել։
Մի՛ նայի։
Լավ բան շա՞տ եմ տեսնում։
Գուլպաս պատռված է։
Կորցրու աչքիցս։
Ըհը, նեղացավ Տանյան, ախր լուրջ խոսակցության էի եկել։
Մոռացի, ասում եմ, գոնե կես ժամ…
Նախասենյակում ոտնաձայն լսվեց։ Միշան էր վերադարձել։ Մրթմրթալով պառկեց մահճակալին։
Վախենում էի, որ կսկսի հայհոյել։ Տագնապս արդարացավ։
Գուցե ռադիո՞ն միացնենք, ասաց Տանյան։
Ռադիո չունենք։ Էլեկտրական հեսան ունենք…
Միշան երկար ժամանակ չէր հանդարտվում։ Օրինակ, լսեցի․
«Լրբերն են լողում անտակ ջրերում…»։
Վերջապես լռություն տիրեց։ Մենք նորից միասին էինք։ Հանկարծ Տանյան աղմկեց։ Ասում եմ․
Մի՛ գոռա։ Միշան կզարթնի…
Բա ի՞նչ անեմ։
Որեւէ կողմնակի բանի մասին մտածի։ Ես միշտ տարբեր տհաճությունների մասին եմ մտածում։ Պարտքերի, հիվանդությունների, նրա մասին, որ ինձ չեն տպում։
Իսկ ես մտածում եմ քո մասին։ Դու իմ ամենամեծ տհաճությունն ես։
Գյուղական ճարպ կուզե՞ս։
Չէ։ Գիտե՞ս ինչ եմ ուզում։
Կռահում եմ…
Տանյան նորից լաց եղավ։ Էնպիսի բաներ էր ասում, որ մտածում էի՝ հանկարծ չարթնանցնենք տանտիրոջը։ Ա՜յ թե կզարմանար…
Հետո վառածի հոտ եկավ։ Իմ արտասահմանյան կեպիից թանձր ծուխ էր ելնում։ Լամպը հանգցրի, բայց արդեն լույս էր։ Մոմլաթը սեղանին փայլում էր։
Ինն անց երեսունին գնում է առաջին ավտոբուսը։ Հաջորդը՝ չորսին։ Դեռ Մաշային պիտի վերցնեմ…
Անվճար կուղարկեմ։ Տասին «Հյուսիսային Պալմիրա» եռօրյան է մեկնում։
Կարծում ես հարմա՞ր է։
Միանգամայն։ Հսկա «Լյուքս Իկարուս» է։ Ազատ տեղ միշտ կճարվի։
Փողը վարորդի՞ն պիտի տամ։
Էդ իմ գործն է։ Մենք մեր հաշիվներն ունենք… Լա՛վ, գնամ կաթի։
Շալվարդ հագի։
Լավ միտք է…
Նադեժդա Ֆյոդորովնան արդեն բնբնում էր բանջարանոցում։ Կարտոֆիլի փրերի վրա վեր էր խոյացել նրա լայն հետույքը։ Հարցրեց․
Էդ քո՞ւ օրիորդն է։
Կինս է, ասում եմ։
Դժվա՜ր։ Շատ լավիկն է։
Կնոջ հայացքում ծաղր կար․
Լավ է տղամարդկանց համար։ Ինչքան վախենալու ես՝ էնքան կնիկդ սիրուն է։
Իսկ իմ ի՞նչն է վախենալու։
Ոնց որ Ստալինը լինես…
Ստալինին գյուղում չէին սիրում։ Վաղուց էի նկատել։ Ըստ երեւույթին լավ էին հիշում կոլեկտիվացումն ու ստալինյան մյուս ձեռնածությունները։ Այ թե մեր ստեղծագործական մտավորականությունն ինչ ունի սովորելու անգրագետ գեղջուկներից։ Ասում են՝ Լենինգրադի արվեստի պալատում ծափահարում էին, երբ Ստալինը հայտնվում էր էկրանին։
Իսկ ես նրան միշտ եմ ատել։ Խրուսչովի բարեփոխումներից շատ առաջ։ Շատ ավելի առաջ, քան կարդալ կսովորեի։ Դա մայրիկիս քաղաքական վաստակն է։ Մայրս՝ Թբիլիսիի հայուհի, միշտ քննադատում էր Ստալինին։ Ճիշտ է, բավական յուրօրինակ ձեւով։ Վստահ պնդում էր․
«Վրացին օրինավոր մարդ լինել չի կարող…»։
Վերադարձա՝ աշխատելով չթափել կաթը։ Տանյան վեր կացավ, լվացվեց, հարդարեց անկողինը։ Միխալ Իվանիչը, տնքտնքալով, բենզասղոցն էր նորոգում։ Ծխի, խոտի ու արեւից տաքացած առվույտի հոտ էր գալիս։
Կաթ լցրի, հացը կտրտեցի, կանաչ սոխ ու պինդ եփած ձվեր հանեցի։ Տանյան զննում էր ծակված կեպին։
Կուզե՞ս կաշվե կարկատան դնեմ։
Ինչի՞։ Արդեն տաք է։
Նորը կուղարկեմ։
Ավելի լավ է ցիանակալիում ուղարկես։
Չէ, լուրջ, ի՞նչ ուղարկեմ։
Ի՞նչ իմանամ Ամերիկայում հիմա ինչ են ծախում… Արի չխոսենք դրա մասին…
Իննին մոտ հասանք տուրբազա։ Վարորդն ավտոբուսն արդեն կանգնեցրել էր ճամփաբաժանին։ Տուրիստները պայուսակներն ու ճամպրուկները տեղավորում էին բեռնախցում։ Մի քանիսը տեղ էր զբաղեցրել լուսամուտների մոտ։ Մոտեցա ծանոթ վարորդին։
Ազատ տեղ ունե՞ս։
Քեզ համար կճարվի։
Ուզում եմ կնոջս Լենինգրադ ուղարկեմ։
Ցավակցում եմ։ Ես իմը Կամչատկա կուղարկեի։ Կամ Լուսին՝ Տերեշկովայի տեղը…
Վարորդի հագին գեղեցիկ արտասահմանյան վերնաշապիկ էր։ Ընդհանրապես՝ էքսկուրսիոն ավտոբուսների վարորդները համեմատաբար բարեկիրթ են։ Նրանցից շատերը կարող էին հաջողությամբ փոխարինել զբոսավարներին։ Միայն թե շատ ավելի քիչ կվաստակեին…
Հանկարծ նկատեցի, որ Տանյան զրուցում է Մարիաննա Պետրովնայի հետ։ Չգիտես ինչու, միշտ անհանգստանում եմ, երբ երկու կին մենակ են մնում։ Առավել եւս, երբ մեկը իմ կինն է։
Վե՛րջ, ասում եմ վարորդին, պայմանավորվեցինք։ Իջեցրու նրան Շրջանցիկ ջրանցքի մոտ։
Էնտեղ խոր չի, ծիծաղեց վարորդը…
Մտածեցի՝ չնստե՞մ հենց հիմա ու ես էլ գնամ։ Իսկ իրերս զբոսավարներից մեկնումեկը կբերի։ Բայց թե՝ ինչո՞վ ապրես։ Եվ ինչպե՞ս…
Կողքովս վազեց֊անցավ Գալինան։ Գլխով արեց կնոջս կողմը․
Տե՛ր Աստված, ինչ վախենալո՜ւն է…
Ձայն չհանեցի։ Բայց մտովի խանձեցի հիդրոպիրիտով գունաթափած խոպոպները։
Մոտեցավ ֆիզկուլտուրայի հրահանգիչ Սերյոգա Եֆիմովը։
Ներողություն եմ խնդրում, ասաց նա, սա՝ ձեզ։ Ու Տանյային տվեց հապալասով բանկան։
Բաժանվելու ժամանակն էր։
Կզանգես, ասաց Տանյան։
Ես գլխով արեցի։
Զանգելու տարբերակ կա՞։
Իհարկե։ Համբուրիր Մաշային։ Ինչքա՞ն կտեւի էդ ամենը։
Դժվար է ասել։ Մի ամիս, երկու… Մտածի՛ր։
Կզանգեմ։
Վարորդը բարձրացավ խցիկ։ Վստահ հռնդաց արտասահմանյան շարժիչը։ Ես ինչ֊որ անհոդաբաշխ բան ասացի։
Ես էլ, ասաց Տանյան…
Ավտոբուսը շարժվեց, արագ անցավ անկյունը։ Մի պահ, ու կարմիր կողը շողաց ծառերի արանքից, Լուտովկայի մոտ։
Մտա բյուրո։ Իմ խումբը՝ Կիեւից, ժամանում էր տասներկուսին։ Ստիպված էի վերադառնալ տուն։
Սեղանին տեսա Տանյայի հերակալները։ Երկու կաթի գավաթ, հացի փշրանք ու ձվի կճեպ։ Այրուքի ու կոսմետիկայի բարակ հոտ էր գալիս։
Հրաժեշտ տալիս Տանյան ասաց․ «Ես էլ…»։ Մնացածը խլացրեց շարժիչի աղմուկը։
Աչք ածեցի Միխալ Իվանիչի սենյակը։ Այնտեղ չէր։ Կեղտոտ անկողնու գլխին աչքիս ընկավ հրացանը։ Տուլայի ծանր, կարմրակոթ երկփողանին։ Իջեցրի պատից ու մտածում եմ՝ ինքնասպան լինելու ժամանակը չի՞…
Հունիսը չոր էր ու արեւոտ, խոտը խշշում էր ոտքերի տակ։ Տուրբազայի պատշգամբներից խայտաբղետ սրբիչներ էին կախված։ Լսվում էր թենիսի գնդակների պիրկ կտտոցը։ Լայն սանդղամուտի բազրիքներին հենված՝ կարմրին էին տալիս փայլուն անվահեծերով հեծանիվները։ Ձեղնապատուհանի գլխին կախված բարձրախոսից ինձ էին հասնում հին տանգոյի հնչյունները։ Մեղեդին ասես գծված լիներ բազմակետերով…
Գնդակների կտտոցը, տաքացած խոտի բույրը, հեծանիվների երկրաչափությունը այդ անուրախ հունիսի հիշատակելի գծերն են…
Տանյային զանգեցի երկու անգամ։ Եվ երկու անգամն էլ անհարմարության զգացում ունեի։ Զգացվում էր, որ նրա կյանքն ինձ անծանոթ հաճախանքով է հոսում։ Հիմար վիճակում էի, ինչպես խաղադաշտ խուժած երկրպագուն։
Մեր տանը օտար ձայներ էին հնչում։ Տանյան անսպասելի հարցեր էր տալիս։ Օրինակ․
Որտե՞ղ ենք պահում էլեկտրականության վճարի հաշիվները։
Կամ․
Դեմ չե՞ս, որ ծախեմ իմ ոսկե շղթան։
Չգիտեի էլ, որ կինս թանկարժեք իրեր ունի…
Տանյան անցնում էր ատյաններով, ձեւակերպում էր թղթերը։ Բողոքում էր բյուրոկրատներից ու կաշառակերներից։
Պայուսակի մեջ, ասում էր, տասը շոկոլադի սալիկ կա, Կոբզոնի չորս տոմս ու երեք օրինակ Ցվետաեւա…
Տանյան գրգռված ու համարյա երջանիկ էր թվում։
Ի՞նչ կարող էի ասել։ Տասներորդ անգա՞մ կրկնեի՝ «Մի՛ գնա»։
Ինձ նվաստացնում էր սեփական գործերով նրա կլանվածությունը։ Իսկ ե՞ս՝ համարյա այլախոհի իմ խնդիրներով։
Տանյայի ուշքն ուրիշ տեղ էր։ Առաջին անգամ ինչ֊որ լուրջ բան էր կատարվում…
Մի անգամ ինքը զանգեց։ Բարեբախտաբար տուրբազայում էի։ Ավելի ճիշտ՝ կենտրոնական մասնաշենքի գրադարանում։ Ստիպված էի վազքով կտրել տարածքը։ Պարզվեց՝ Տանյային տեղեկանք է պետք։ Որ թույլ եմ տալիս տանել երեխային։ Եվ նյութական պահանջներ չունեմ։
Տանյան մի քանի չորուցամաք նախադասություն թելադրեց։ Մի այսպիսի ձեւակերպում եմ հիշում․ «… Թվով մեկ երեխա…»։
Տեղի նոտարի մոտ վավերացրու, ուղարկի։ Ամենալավը դա է։
Կարող եմ, ասում եմ, ինքս գալ։
Դեռ կարիք չկա։
Լռություն տիրեց։
Բայց կհասցնե՞նք իրար հրաժեշտ տալ։
Իհարկե։ Մի մտածի, որ…
Տանյան համարյա արդարանում էր։ Անհարմար էր զգում իր անտարբերության համար։ Դրա համար էր այդ հապճեպ «Կարիք չկա…»֊ն։
Հավանաբար տանջալից խնդիր էր, որը հաջողվել էր լուծել։ Այսինքն՝ անցած փուլ էի։ Իմ բոլոր արատներով ու առաքինություններով։ Որոնք արդեն նշանակություն չունեին…
Այդ օրը հարբեցի։ Մի շիշ «Մոսկովյան» առա ու խմեցի մենակ։
Միշային կանչել չէի ուզում։ Միխալ Իվանիչի հետ խոսելը չափազանց մեծ ջանքեր է պահանջում։ Հիշեցնում է ունիվերսալ զրույցները ակադեմիկոս Լիխաչյովի հետ։ Միայն թե՝ Լիխաչյովին աշխատում էի հնարավորինս խելացի երեւալ։ Իսկ այստեղ հակառակը՝ որքան կարելի է մատչելի ու պարզ։
Օրինակ, Միխալ Իվանիչը հարցնում էր․
Գիտե՞ս ինչի են հրեաներին թլպատում։ Որ բանը լավ աշխատի…
Խաղասիրաբար համաձայնում էի․
Կարճ ասած, մտա բաղնիքի կողքի անտառակը։ Թիկնեցի կեչուն։ Ու խմեցի «Մոսկովյանը», ամբողջ շիշը, առանց ուտելու։ Միայն իրար հետեւից ծխում էի ու արոսենու պտուղներ ծամում…
Աշխարհը միանգամից չփոխվեց դեպի լավը։ Սկզբում մոծակներն էին նեղում։ Ինչ֊որ լորձոտ աղտեղություն սողաց փողքիս մեջ։ Ասենք, խոտն էլ, պարզվեց, թաց էր։
Հետո ամեն ինչ փոխվեց։ Անտառն ընդարձակվեց, շրջապատեց ինձ եւ առավ իր բուրավետ ընդերքը։ Առժամանակ դարձա համաշխարհային ներդաշնակության մաս։ Արոսենու դառնությունն անբաժան էր թվում խոտի խոնավ հոտից։ Գլխավերեւս տերեւները թույլ թրթռում էին մոծակների զնգոցից։ Ինչպես հեռուստաէկրանին՝ լողում էին ամպերը։ Եվ նույնիսկ սարդոստայնը զարդ էր թվում…
Ես պատրաստ էի արտասվել, չնայած դեռ հասկանում էի, որ խմիչքն է ազդում։ Հավանաբար ներդաշնակությունը պահ էր մտել շշի հատակին…
Անվերջ կրկնում էի․
Պուշկինն էլ պարտքեր ուներ, հարաբերություններն էլ պետության հետ էն չէին։ Կնոջ հարցում էլ փորձանք պատահեց։ Չասած արդեն՝ ծանր բնավորությունը… Եվ՝ ոչինչ։ Արգելոց են բացել։ Քառասուն զբոսավար։ Ու բոլորը խելագարի պես սիրում են Պուշկինին…
Հարց է ծագում՝ ո՞ւր էիք առաջ… Ու հիմա ո՞ւմ եք միահամուռ արհամարհում…
Հարցերիս պատասխաններն այդպես էլ չստացա։ Քնեցի…
Իսկ երբ արթնացա, ութին մոտ էր։ Կոճղերն ու ճյուղերը սեւին էին տալիս գունատ, մոխրագորշավուն ամպերի ֆոնին… Միջատները կենդանություն էին առել… Սարդոստայինը քսվում էր դեմքիս…
Վեր կացա՝ զգալով թրջված հագուստիս ծանրությունը։ Լուցկիներս խոնավացել էին։ Փողը՝ նույնպես։ Իսկ գլխավորը՝ քիչ էր մնացել․ վեց ռուբլի։ Օղու մասին միտքը խուժում էր ամպի պես։
Տուրբազայով գնալ չէի ուզում։ Այդ ժամին այնտեղ զվռնում են մեթոդիստներն ու զբոսավարները։ Ցանկացածը կարող էր արհեստավարժ զրույց սկսել լիցեյի տնօրեն Եգոր Անտոնովիչ Էնգելհարդի մասին։
Ստիպված էի շրջանցել տուրբազան ու անտառով դուրս գալ խճուղի։
Վանքի բակով անցնելուց էլ վախեցա։ Վանական մթնոլորտն արդեն անտանելի է հարբած մարդու համար։
Այնպես որ, լանջն ի վար իջա անտառի ճամփով։ Ավելի ճիշտ՝ զառիվայր կածանով։
Թեթեւություն զգացի միայն «Դյուցազն» ռեստորանի մուտքի մոտ։ Տեղի հարբածների ֆոնին խստակյաց էի թվում։
Դուռը բաց էր․ սիլիկատե աղյուս էին դիմհարել։ Նախասենյակում, հայելու կողքին, ցցվել էր մի անհեթեթ փայտե կերպար՝ պաշտոնաթող մայոր Գոլդշտեյնի ստեղծագործությունը։ Պղնձե վահանակի վրա նշված էր․
Գոլդշտեյն Աբրամ Սաուլովիչ։ Ապա՝ չակերտներում․
«Ռուսաստանցին»։
Ռուսաստանցու կերպարը միաժամանակ Մեֆիստոֆելին ու Ջադու Յագային էր հիշեցնում։ Փայտե սաղավարտը ներկված էր արծաթագույն գուաշով։
Բուֆետի վաճառասեղանի մոտ խռնվել էին ութ հոգի։ Անձայն՝ սեղանին էին սահում ճմռթված ռուբլիները։ Մանրը զնգոցով ընկնում էր կոտրած շուրթով ափսեի մեջ։
Երկու֊երեք խումբ տեղավորվել էր սրահում, պատի տակ։ Բորբոքված թափահարում էին ձեռքերը, հազում ու ծիծաղում։ Տուրբազայի բանվորներն էին, հոգեբուժարանի սանիտարներն ու անտառարդտնտեսության ձիապանները։
Ավելի հեռվում խմում էր տեղի մտավորականությունը՝ կինոմեխանիկը, ռեստավրատորը, հանդիսավարը։ Դեմքով դեպի պատը նստել էր թիթեռնիկ փողկապով ու հայրենական ջինսով մի անծանոթ տղա։ Շիկավուն գանգուրները թափվել էին ուսերին։
Վաճառասեղանի մոտ հերթս հասավ։ Խումհարի ծանոթ դող էր բռնել։ Թրջված բաճկոնիս տակ թպրտում էր տանջահար, թաց հոգիս…
Վեց ռուբլին պետք էր արդյունավետ օգտագործել։ Երկար ձգել։
Մի շիշ պորտվեյն ու երկու շոկոլադի կոնֆետ վերցրի։ Նույնը կարելի էր կրկնել երեք անգամ։ Ու դեռ ծխախոտին էլ քսան կոպեկ կմնար։
Նստեցի լուսամուտի տակ։ Հիմա արդեն կարելի էր չշտապել։
Պատուհանից այն կողմ երկու գնչու մեքենայից հացի արկղեր էին իջեցնում։ Իր մոպեդով լեռնիվեր էր սուրում փոստատարը։ Անտեր շները թավալ էին տալիս փոշու մեջ։
Անցա գործի։ Դրական առումով նկատեցի․ ձեռներս չեն դողում։ Արդեն լավ է…
Պորտվեյնը սփռվեց ավետիսի պես՝ աշխարհը ներկելով քնքշության ու ներողամտության գույներով…
Առջեւում ապահարզանն է, պարտքերը, գրական ջախջախումը… Բայց կան, ահա, այս հանելուկային գնչուներն՝ իրենց հացով… Երկու թխադեմ պառավները՝ պոլիկլինիկայի մոտ… Խոնավ, մարմրող օրը… Գինին, ազատ պահը, հայրենիքը…
Համատարած գվվոցի միջով հանկարծ ականջիս հասավ․
Խոսում է Մոսկվան։ Խոսում է Մոսկվան։ Դուք լսում եք «Պիոներական լուսաբացը»… Խոսափողի մոտ է մազոտ մարդ Եվստիխեեւը… Նրա խոսքը որպես արժանի պատասխան է հնչում Պենտագոնի ճուռակներին…
Հետ նայեցի։ Խորհրդավոր խոսքերը բխում էին կանաչ թիթեռնիկ֊փողկապով երիտասարդից։ Նա առաջվա պես նստել ու չէր շրջվում։ Նույնիսկ թիկունքից երեւում էր, որ հարբած է։ Խոպոպներով պսակված ծոծրակը ագրեսիվ անհամբերություն էր արտահայտում։ Համարյա գոռում էր․
Իսկ ես ասում եմ՝ ո՛չ… Ո՛չ ասում եմ լկտիացած իմպերիալիստական գիշատիչներին։ Ո՛չ՝ կրկնում են Ուրալի ցելուլյոզի֊թղթի կոմբինատի աշխատավորները… Ո՛չ, չկա կյանքում երջանկություն, թանկագին ռադիոլսողնե՛ր։ Դա ես եմ ասում՝ միակ ողջ մնացած պամֆլիովականս… Եվ նույնն ասում էր Զրադաշտը…
Ներկաները սկսեցին ականջ դնել։ Ի դեպ, առանց առանձնակի հետաքրքրության։
Տղան ձայնը բարձրացրեց․
Ի՞նչ եք աչքներդ չռել, քծիպնե՛ր։ Ուզում եք տեսնել ինչպես է մեռնում Մայկոպի հրետանային գնդի գվարդիայի շարքային վիկոնտ դը Բրաժելո՞նը։ Խնդրեմ, ես կտամ ձեզ այդ հնարավորությունը… Ընկե՛ր Ռապոպորտ, ներս բերեք ձերբակալվածին…
Ներկաները հանգիստ արձագանքեցին։ Չնայած «քծիպներն» ակնհայտորեն նրանց էր վերաբերում։
Ինչ֊որ մեկն անկյունից ծույլ֊ծույլ ասաց․
Վալերան՝ լակած…
Վալերան արագ արձագանքեց․
Հանգստի իրավունքը երաշխավորված է Սահմանադրությամբ… Ինչպես Փարիզի ու Բրյուսելի լավագույն տներում… Ուրեմն ինչո՞ւ գիտությունը վերածել աստվածաբանության սպասուհու… Եղեք Քսաներորդ համագումարի նախանշումների մակարդակին… Լսեք «Պիոներական լուսաբացը»… Տեքստը կարդում է Գմիրյան…
Ո՞վ, հարցրին անկյունից։
Բարոն Կլեյնմիխելը, հոգի՛ս…
Կտրիճի վրա գցած առաջին հպանցիկ հայացքից տագնապի զգացում ունեցա։ Նայում էի թե չէ՝ այդ զգացումն ուժեղանում էր։
Երկարամազ, անհեթեթ ու նիհար՝ նա խելագար ձեւացողի տպավորություն էր թողնում։ Ընդ որում, սեւեռված մեկ նպատակի՝ հնարավորինս արագ հասնել դիմազերծման։
Նա կարող էր հոգեկան հիվանդի տեղ անցնել, եթե չլինեին հաղթական ժպիտն ու սովոր, ամենօրյա խեղկատակության արտահայտությունը։ Մի խորամանկ ու հմուտ լկտիություն էր հնչում նրա խելագար մենախոսություններում։ Թերթային գլխագրերի, կարգախոսների, անհասկանալի մեջբերումների այդ սրտխառնուք առաջացնող խառնուրդում…
Այդ ամենը փչացած բարձրախոս էր հիշեցնում։ Կտրիճն արտահայտվում էր հատու, հիվանդագին պաթոսով եւ ինչ֊որ ողբերգական հաստատակամությամբ…
Հարբած էր, բայց դրա մեջ էլ խորամանկություն էր զգացվում…
Չնկատեցի՝ ինչպես մոտեցավ։ Հենց նոր նստած էր ու չէր շրջվում։ Ու հանկարծ՝ նայում է ուսիս վրայից․
Ծանոթանանք․ Վալերի Մարկով… Հանրային անդորրի չարամիտ խախտող…
Հա՜, ասում եմ, լսել եմ։
Ոչ այնքան հեռու վայրերում էի։ Ախտորոշումը՝ խրոնիկական հարբեցողություն…
Ես հյուրամեծար շարժումով թեքեցի շիշը։ Նրա ձեռքին հրաշքով բաժակ հայտնվեց։
Մեծապես շնորհակալ եմ, ասաց։ Հուսամ՝ այս ամենին բարոյական անկման գին է վճարվել։
Վե՛րջ տուր, ասացի, ավելի լավ է՝ արի խմենք։
Ի պատասխան հնչեց․
Շնորհակալություն հայտնում ու միանում եմ, ինչպես Շեպիլովը…
Գինին խմեցինք։
Բալասան է մեր վերքերին, ասաց Մարկովը։
Չորս ռուբլի դեռ կա, ասում եմ։ Հեռանկարը մշուշոտ է։
Փողը խնդիր չի, գոչեց բաժակակիցս։
Նա վեր թռավ ու նետվեց դեպի իր լքված սեղանը։ Վերադարձավ լուսանկարչական թղթի սեւ, ճմռթած ծրարը ձեռքին։ Միջից մի կույտ փող թափեց։ Աչքով արեց, ասում է․
Անհաշվելի են ադամանդները քարանձավներում…
Հետո՝ անսպասելի ամաչկոտությամբ․
Գրպաններս ցցվում են, տգեղ է…
Մարկովը շոյեց ջինսով պրկված ազդրերը։ Ոտքերին լաքապատ համերգային նրբակար կոշիկներ էին։
Ա՜յ քեզ տիպ՝ մտածում եմ։
Այստեղ նա սկսեց իր հոգսերից խոսել․
Շատ եմ վաստակում… Խումհարից դուրս եմ գալիս ու նորից՝ լիքը փող… Նկարը՝ ռուբլի… Մինչեւ կեսօր՝ երեք տասանոց… Իրիկունը՝ հարյուր… Ու ոչ մի ֆինանսական հսկողություն… Ի՞նչ է մնում… Խմել… Կուրսկի մագնիսային անոմալիայի պես է։ Մի օր բանում ես, մի շաբաթ խմում… Ուրիշների համար օղին տոն է, ինձ համար՝ դաժան առօրյա… Մեկ սթափարան ես ընկնում, մեկ միլիցիա՝ ծերից ծեր դիսիդենտություն… Կինս, իհարկե, դժգոհ է։ Արի, ասում է, կով պահենք… Կամ երեխա… Պայմանով՝ որ չես խմի։ Բայց դեռ ձեռնպահ եմ մնում։ Այսինքն՝ խմում եմ…
Մարկովը փողերը նորից խցկեց ծրարը։ Երկու֊երեք թղթադրամ ընկան հատակին։ Ալարեց կռանա։ Ազնվազարմությամբ տղան Միխալ Իվանիչին էր հիշեցնում։
Մոտեցանք վաճառասեղանին, մի շիշ «Աղդամ» վերցրինք։ Ուզում էի վճարեմ։ Ուղեկիցս ձայնը բարձրացրեց․
Ձեռքերդ հեռո՛ւ սոցիալիստական Կուբայից։
Ես հպարտորեն սեղանին նետեց երեք ռուբլի… Ապշելիք է ռուս հարբեցողը։ Փող ունենալիս էլ մեկ ու քառասունանոց թույնն է նախընտրում։ Մանրը չի վերցնում… Ինքս էլ այդպիսին եմ…
Վերադարձանք պատուհանի մոտ։ Ռեստորանում ժողովուրդը զգալիորեն ավելացել էր։ Ինչ֊որ մեկը նույնիսկ հարմոն էր նվագում։
Ճանաչո՜ւմ եմ քեզ, Ռո՜ւսիա, գոչեց Մարկովն ու կամացուկ ավելացրեց։ Ատում եմ։ Ատում եմ էս պսկովյան ժլատներին… Պարդո՜ն, նախ խմենք։
Խմեցինք։ Աղմուկն ուժեղանում էր։ Հարմոնը սուր հնչյուններ էր արձակում։
Նորածանոթս բորբոքված գոռում էր․
Նայի՜ էս առաջադեմ մարդկությանը։ Էս բութ մռութներին։ Մոռացված նախնիների էս ստվերներին… Ապրում եմ էստեղ ոնց որ լույսի շողը խավարի թագավորությունում… Ա՜խ, ստրկացնե՜ր մեզ ամերիկյան զինվորականությունը։ Գուցե մարդու պես ապրեինք, օրինակ՝ չեխերի…
Ափը շխկացրեց սեղանին․
Ազատություն եմ ուզում։ Աբստրակցիոնիզմ եմ ուզում՝ դոդեկակաֆոնիայով… Գիտե՞ս ինչ…
Կռացավ ու խռպոտ շշնջաց․
Ախպորս ասեմ… Մի գաղափար ունեի՝ պոկվեմ էստեղից ուր աչքս կտրի։ Թեկուզ Հարավային Ռոդեզիա։ Մենակ թե՝ հեռու մեր գյուղից… Բայց ո՞նց։ Սահմանը կողպված է։ Առավոտից իրիկուն Կարացուպայի հսկողության տակ… Արտասահմանյան նավարկությա՞ն՝ որպես նավաստի․ գյուղսովետը չի թողի… Արտասահմանցի կնի՞կ առնես։ Որեւէ հին հունական լրբի՞։ Որտեղի՞ց… Մեկն էստեղ ասում էր՝ հրեաներին դուրս են թողում։ Կնոջս ասում եմ․ «Վե՛րկա, ախր էդ բարեհուսո հրվանդան է»։ Պարզ աղջիկ է կինս, ժողովրդի ծոցից։ Ձեռ է առնում։ «Քու հանցագործ մռութին նայի, ասում է։ Քեզ նմաններին կինո էլ դժվար են թողում… Տես ի՜նչ է անցել մտքով՝ Իսրայե՜լ…»։ Բայց էստեղ մեկի հետ խորհուրդ արի։ Առաջարկում է ժամանակավոր հրեուհու հետ ամուսնանալ։ Էդ արդեն ավելի հեշտ է։ Արտասահմանցիները քիչ են, բայց հրեուհիներ էլի պատահում են։ Տուրբազայում մեկը կա։ Նաթէլլա է անունը։ Ոնց որ թե հրեուհի է, բայց խմում է…
Մարկովը, լուցկիները ջարդոտելով, ծխախոտ վառեց։ Սկսում էի հարբել։ «Աղդամը» շրջում էր արյունատար անոթներիս մեջ։ Բղավոցները ձուլվում՝ դառնում էին ուժգնացող գվվոց։
Բաժակակիցս առաջվանից հարբած չէր։ Խելագարությունն էլ նույնիսկ նվազել էր։
Երկու անգամ գնացինք գինու։ Մի անգամ ինչ֊որ մարդիկ զբաղեցրին մեր տեղը։ Բայց Մարկովը գոռոցը դրեց, ու նրանք հեռացան։
Նրանց հետեւից կանչում էր․
Ձեռքերդ հեռո՛ւ Վիետնամից ու Կամբոջայից։ Սահմանը կողպված է։ Կարացուպան չի նիրհում։ Բացառություն՝ հրեական ազգության անձանց համար…
Մեր սեղանը ծածկվել էր կոնֆետի թղթերով։ Մոխիրը թափ էինք տալիս կեղտոտ ափսեի մեջ։
Մարկովը շարունակեց․
Առաջ մտածում էի նավակով Թուրքիա հասնեմ։ Նույնիսկ քարտեզ առա։ Բայց ախր ջրատակ կանեն, սողուննե՜րը… Էնպես որ, էդ ամենն անցյալ է։ Ինչպես ասում են՝ եղելություն եւ խոհեր… Հիմա ավելի շատ հույսս հրեաներն են… Մի անգամ Նաթէլլայի հետ խմեցինք գետափին։ Ասում եմ՝ արի ամուսնանանք։ Նա, թե՝ վայրենու մեկն ես, սարսափելի՜։ Քո մեջ, ասում է, սեւահողն է մոլեգնում… Իսկ էս կողմերում, մեր մեջ ասած, սեւահողի մասին չեն էլ լսել… Բայց ես ձեն չեմ հանում։ Մի քիչ էլ կարծեմ սխիրտեցի։ Գոռում է՝ բա՜ց թող։ Կտեսնե՜ն… Ես էլ ասում եմ՝ էսպես են ապրել մեր սլավոն նախնիները… Կարճ ասած, բան դուրս չեկավ… Կարող է՝ լավո՞վ պիտի… Դուք, իմացար, հրեական ազգության անձ եք։ Աջակցեք, ուրեմն, ռուս դիսիդենտին Իսրայելի հաշվով…
Մարկովը նորից հանեց սեւ ծրարը։ Ինձ այդպես էլ չհաջողվեց ծախսել չորս ռուբլիս…
Արդեն իրար հերթ չէինք տալիս։ Ես խոսում էի իմ անհաջողություններից։ Որքան էլ ամոթալի է՝ դատողություններ էի անում գրականության մասին։
Մարկովը դիմում էր տարածությանը․
Հանե՛ք գլխարկները, պարոնա՛յք։ Հանճար է ձեր առջեւ…
Հովհարիչները սրահով մեկ հալածում էին ծխախոտի ծխի քուլաները։ «Մելոման» ավտոմատի հնչյունները խեղդվում էին հարբած ձայների մեջ։ Անտառարդտնտեսության գործիչները կրակ էին արել հախճապակյա ափսեի մեջ։ Սեղանների տակ շներ էին շրջում…
Աչքիս առաջ ամեն ինչ լողում էր։ Մարկովի ասածից առանձին բառեր էին հասնում…
Առա՛ջ, դեպի Արեւմուտք… Տանկերը գրոհում են շեղանկյուն… Ճամփան գնացողն է հաղթահարում…
Հետո մոտեցավ մի հարբած կերպարանք՝ հարմոնիկով։ Հարմոնիկ ծալքերը մտերմիկ վարդագունել էին։ Հարմոնահարի այտերով արցունքներ էին հոսում։ Հարցրեց․
Ինչի՞ վեց ռուբլի պահեցին ավանսից։ Ինչի՞ չթողին բյուլիտինով ֆռֆռամ…
Խմի՛, Տարա՛սիչ, շիշը նրան մոտեցրեց Մարկովը, խմի ու սիրտդ լեն պահի։ Վեց ռուբլին փող չի…
Փող չի՞, հանկարծ չարացավ հարմոնահարը։ Մարդիկ քրտնում են, սրա համար փո՜ղ չի։ Ես այ էս աշխատավոր ձեռքերով վեց տարի ձրի բանեցի… Իննսուներկուսը՝ առանց տեխնիկական միջոցների գործադրման…
Մարկովն ի պատասխան սրտալի երգեց․
Մի լար, սիրո՛ւնս։ Անձրեւը կանցնի…
Մի վայրկյան անց անտառարդտնտեսության երկու ձիապաններ արդեն բաժանում էին նրանց։ Հարմոնիկը հրեշավոր ոռնոցով փլվեց հատակին։
Ուզում էի վեր կենալ, չէի կարողանում։
Հետո տակիցս դուրս թռավ դյուրալյումինե աթոռակը։ Ընկնելիս պոկեցի ծանր, դարչնագույն վարագույրը։
Կանգնել չէր հաջողվում։ Չնայած Մարկովին կարծես ծեծում էին։ Ես լսում էի նրա ողբերգական աղաղակները․
Թողե՛ք, շնե՛ր։ Ֆինիտա լյա կոմեդիա…
Չասենք, թե ինձ դուրս շպրտեցին ռեստորանից։ Ինքս դուրս սողացի՝ վարագույրի կտորով փաթաթված։ Հետո ճակատս խփեցի շեմափայտին, եւ աշխարհը մթնեց…
Ուշքի եկա մի անծանոթ շինության մեջ։ Արդեն լույս էր։ Թիկթակում էր ժամացույցը․ ծանրոցի փոխարեն հատիչ էր կախած։
Ծածկված էի նույն դարչնագույն վարագույրով։ Կողքիս, հատակին, հայտնաբերեցի Մարկովին։ Ըստ երեւույթին, իր անկողինը ինձ էր զիջել։
Գլուխս ցավում էր։ Ճակատիս խոր ճմլվածք շոշափեցի։
Գյուղական կացարանի կծվահամից թեթեւ սրտխառնոց էի զգում։
Տնքացի։ Մարկովը շտկվեց տեղում։
Ո՞ղջ ես, հարցրեց։
Կարծես թե։ Դո՞ւ։
Վիճակս՝ գնում եմ ամպրոպին ընդառաջ… Քաշդ ինչքա՞ն է։
Չգիտեմ։ Ինչի՞։
Մի կերպ տեղ հասցրի…
Դուռը բացվեց, մտավ մի կին՝ կավե թասը ձեռքին։
Վե՛րա, գոռաց Մարկովը, խմելու բան տուր։ Գիտեմ՝ կա։ Ինչո՞ւ էսպես, տառապանքի ուղիներով։ Միանգամի՛ց տուր։ Շրջանցելով զարգացած սոցիալիզմի միջանկյալ դարաշրջանը…
Կաթ խմեք, ասաց Վերան։
Ես արժանապատվորեն բարեւեցի։ Մարկովը հառաչեց․
Մարդ էլ էս խուլ տայգայում ծնվի…
Վերան գունատ, հոգնատանջ կին էր՝ ծանր ձեռքերով։ Փնթփնթան, ինչպես, առանց բացառության, բոլոր հարբեցողների կանայք։
Դեմքին դրոշմվել էր խոր ու ավարտուն վշտի արտահայտությունը։
Անհարմար էի զգում նաեւ նրա համար, որ տանտիրոջ մահճակալն էի զավթել։ Բացի այդ, շալվարս չկար։ Իսկ բաճկոնս տեղում էր…
Կներեք, ասում եմ, որ անհանգստացրի։
Բան չկա, ասաց Վերան, սովոր ենք։
Զուտ գյուղական կացարան էր։ Պատերին աչքի էին զարնում «Օգոնյոկի» վերատպությունները։ Անկյունում պահ էր մտել պղտոր ոսպնյակով հեռուստացույցը։ Սեղանին խունացած երկնագույն մոմլաթե սփռոց էր։ Գլխավերեւս կախված էր Յուլիուս Ֆուչիկի նկարը։ Աթոռների արանքով շրջում էր կատուն։ Անաղմուկ էր շարժվում, ինչպես մուլտիպլիկացիոն ֆիլմում։
Իսկ շալվա՞րս ուր է, հարցնում եմ։
Շորերդ Վերան է հանել, արձագանքեց Մարկովը, իրան հարցրու։
Շալվարը հանեցի, բացատրեց Վերան, ժակետդ ամաչեցի հանեմ։
Նրա հայտարարությունն իմաստավորելու ուժ չկար։
Տրամաբանական է, ասաց Մարկովը։
Նախասենյակում է, հիմա կբերեմ…
Ավելի լավ է մի բան բերես՝ խումհարից դուրս գանք…
Մարկովը մի փոքր բարձրացրեց ձայնը։ Նրա մեջ անձնապաստանությունն ու ինքնանվաստացումը շարունակ իրար էին հաջորդում։ Ասում էր․
Ի՞նչ ես կարծում, ռուս դիսիդենտը պիտի՞ խումհարաթող լինի, թե չէ… Ակադեմիկոս Սախարովը դրա համար գլուխդ չէր շոյի…
Ու՝ մի րոպեից․
Վե՛րա, օդեկոլոն տուր։ Գոնե օդեկոլոն՝ որակի նշանով…
Վերան բերեց շալվարս։ Հագնվեցի։ Սոճու փշերը թափ տալով՝ ոտքերիս քաշեցի կոշիկներս։ Զզվելով ծխեցի…
Առավոտվա դառնությունը մոռանալ էր տալիս նախորդ օրվա ամոթը։
Մարկովն իրեն հրաշալի էր զգում։ Տնքոցն էլ, իմ կարծիքով, ձեւի համար էր։
Հարցրի․
Բա փողի ծրա՞րն ուր է։
Սո՛ւս… Ձեղնահարկում, պատասխանեց Մարկովն ու բարձրաձայն ավելացրեց, գնացինք։ Պետք չի բնությունից ողորմություն սպասել։ Վերցնե՛լ է պետք․ դա է մեր խնդիրը։
Ասացի․
Վե՛րա, կներեք, որ էսպես ստացվեց։ Հույս ունեմ՝ դեռ կտեսնվենք… ուրիշ իրավիճակում…
Ո՞ւր, հարցրեց Վերան։ Էլի՞։ Աչքդ իմ բուրատինոյի վրա պահեք, խնդրում եմ։
Ես ծուռ ժպտացի, այն իմաստով, թե՝ ինձնից ի՜նչ մանկավարժ…
Այդ օրը չորս դուքան մտանք։ Ներողություն խնդրելով՝ վերադարձրինք դարչնագույն վարագույրը։ Խմեցինք նավակայանում, կինոմեխանիկի խցիկում ու վանքի պարսպի տակ։
Մարկովը դատարկեց վեցերորդ շիշն ու ասաց․
Կարծիք կա, որ էստեղ մի համեստ կոթող պիտի կանգնեցվի։