Սերգեյ Դովլաթով

Արգելոց

3

Մի անգամ միլիցիոներ Դովեյկոն ձեռքից, հարբած էր, գերմանական սվին խլեց։

Կապիտալիստներին ես ծառայում, սողո՛ւն, վրան գոռում էր Միխալ Իվանիչը։

Կինն ու զոքանչը նրա բացակայությամբ տարան ռադիոընդունիչը։

Մեկ է, կապիտալիստները շնորհակալ չեն լինի, հավաստիացնում էր Միխալ Իվանիչը։

Ընդամենը երկու անգամ զրուցեցինք։ Միշան, հիշում եմ, ասում էր (տեքստը մի փոքր բարեկրթված է)․

Լակոտ էի, որ գերմանացիներն էստեղ էին։ Սուտ չասեմ, վատ բան չեմ տեսել։ Հավ֊ճիվ խլեցին, Տիմոխա պապի խոզը… Բայց վատություն չէին անում։ Կնանիքանց էլ ձեռ չէին տալիս։ Սրանք էն է նեղանում էին… Հերըս արաղ էր քաշում։ Ֆաշիստների հետ պահածոյով փոխում… Ճիշտ է, ջհուդներին ու գնչուներին դրանք ընիքը…

Գնդակահարո՞ւմ էին։

Տարան֊կորցրին։ Կարգը կարգ է…

Բա ասում ես՝ վատ բան չէին անում։

Վատություն, էն Աստված, չեն արել։ Ջհուդներին ու գնչուներին էլ՝ ոնց որ կարգն է…

Հրեաներն ինչո՞վ դուրըդ չեն գալիս։

Հրեաներին հարգում եմ։ Մի հրեայի դիմաց մի դյուժին խախոլ կտամ։ Իսկ գնչուներին իմ ձեռով կխեղդեի։

Ինչի՞ համար։

Ո՞նց ինչի։ Ասեց, բա չէ՜… Գնչուն գնչու է, էլի՜…

Հուլիսին սկսեցի գրել։ Տարօրինակ ուրվագրեր էին, երկխոսություններ, հնչողության որոնումներ։ Կոնսպեկտի պես բան՝ աղոտ ուրվագծված կերպարներով ու թեմաներով։ Դժբախտ սեր, պարտքեր, ամուսնություն, ստեղծագործություն, կոնֆլիկտ պետության հետ։ Գումարած, ինչպես ասում էր Դոստոեւսկին՝ բարձրագույն նշանակության նրբերանգը։

Մտածում էի՝ ձախորդություններս կտարրալուծվեն այդ զբաղմունքի մեջ։ Առաջ էլ, գրական կայացման ընթացքում, այդպես էր եղել։ Կարծեմ կոչվում է սուբլիմացիա։ Երբ փորձում ես գրականության վրա դնել քո մեղքերի պատասխանատվությունը։ Գրեց մարդը «Լիր արքան» եւ արդեն մի տարի կարող է սուսեր չմերկացնել…

Շուտով յոթանասուն ռուբլի ուղարկեցի կնոջս։ Վերնաշապիկ գնեցի՝ աննախադեպ արարք։

Լուրեր էին հասնում Արեւմուտքում ինչ֊որ հրապարակումների մասին։ Աշխատում էի դրա մասին չմտածել։ Չէ՞ որ իմ համար մեկ է՝ ինչ է կատարվում այն աշխարհում։ Եթե կանչեն, հենց այդպես էլ կասեմ…

Բացի այդ, պարտառության մի քանի նամակ ուղարկեցի։ Որ աշխատում եմ, շուտով կվերադարձնեմ, կներեք…

Բոլոր պարտապանները վեհանձն էին արձագանքում․ մի՛ շտապիր, փող ունենք, կաշխատես՝ կտաս…

Կարճ ասած՝ կյանքը հավասարակշռվեց։ Սկսեց ավելի իմաստավորված ու տրամաբանական թվալ։ Չէ՞ որ մղձավանջն ու անհուսությունը դեռ ամենավատը չեն։ Ամենասարսափելին քաոսն է…

Հերիք է մի շաբաթ ապրես առանց օղու՝ թմրությունը ցրվում է։ Կյանքը համեմատաբար հստակ ուրվագծեր է առնում։ Նույնիսկ տհաճությունները թվում են օրինական երեւույթ։

Այդ երերուն հավասարակշռությունը խախտելուց շատ էի վախենում։ Կոպտում էի, եթե կանչում էին խմելու։ Ջղայնանում էի, երբ էքսկուրսիոն բյուրոյի աղջիկները հետս խոսքի էին բռնվում։ Պոտոցկին ասում էր․

Սթափ Բորկան ու հարբած Բորկան էնքան տարբեր մարդիկ են, որ նույնիսկ անծանոթ են իրար…

Համենայնդեպս, զգում էի, որ այսպես անվերջ շարունակվել չի կարող։ Կենսական խնդիրներից անհնար է փախչել… Թույլ մարդիկ հաղթահարում են կյանքը, ուժեղները յուրացնում են… Եթե ճիշտ չես ապրում, դա վաղ թե ուշ կկատարվի…

Առավոտ։ Կաթ՝ կապտավուն փրփուրով։ Շների հաչոց, դույլերի զնգոց։ Պատից այն կողմ՝ Միշայի հարբած ձայնը․

Տղա՛ս, մի ռուբլի տա՞ս։

Բուռը լցրի եղած մանրադրամը, կերակրեցի շներին։

Տուրբազայից, բլրից այն կողմ, լսվում էր ռադիոլայի ձայնը։ Անամպ երկնքով թռչում էին արջնագռավները։ Սարի ստորոտին ճահճային մշուշ էր փռվել։ Կանաչ խոտին գորշ փերթերով մակաղել էին ոչխարները։

Դաշտը կտրելով՝ գնում էի տուրբազա։ Ցողաթաթախ կոշիկներիս վրա դեղնին էր տալիս ավազը։ Անտառակից պաղություն ու ծխահոտ էր փչում։

Էքսկուրսիոն բյուրոյի պատուհանների տակ նստոտել էին տուրիստները։ Նստարանին, թերթը վրան գցած, պառկել էր Միտրոֆանովը։ Նույնիսկ քնած ժամանակ նկատելի էր, որ ծույլ է…

Բարձրացա սանդղամուտ։ Զբոսավարները խմբվել էին փոքրիկ նախասրահում։ Ինչ֊որ մեկը բարեւեց։ Մեկը ծխախոտ խնդրեց։ Դիմա Բարանովն ասաց․ «Ի՞նչ է պատահել…»։

Շրջանային նկարիչ Շչուկինի այլանդակ, հրեշավոր, վանող նկարի (ցիլինդր, ձի, հանճար, անեզր հեռուներ) տակ կանգնել էր կինս ու ժպտում էր…

Եվ անմիջապես խղճուկ բարօրության վերջը եկավ։ Հասկացա՝ ինձ ինչ է սպասում։ Հիշեցի մեր վերջին խոսակցությունը…

Մենք բաժանվեցինք մեկուկես տարի առաջ։ Այդ ժամանակվանից, նրբագեղ ապահարզանն ինչ֊որ բանով հաշտություն էր հիշեցնում։ Հաշտություն, որ միշտ չի ավարտվում հրավառությամբ։

Հիշում եմ՝ ժողովրդական դատավոր Չիկվաիձեն դիմեց նախկին կնոջս․

Հավակնո՞ւմ եք ունեցվածքի որեւէ մասին։

Ոչ, պատասխանեց Տատյանան։ Եվ ավելացրեց։ Սույնի բացակայության պատճառով…

Հետո երբեմն հանդիպում էինք որպես լավ ծանոթներ։ Բայց դա ինձ կեղծ էր թվում, ու մեկնեցի Տալլին։

Իսկ մեկ տարի անց նորից հանդիպեցինք։ Մեր աղջիկն էր հիվանդացել, ու Տանյան տեղափոխվեց ինձ մոտ։ Դա արդեն ոչ թե սեր էր, այլ՝ ճակատագիր…

Վատ էինք ապրում, հաճախ վիճում էինք։ Փոխադարձ գրգռվածության լեփ֊լեցուն կաթսան կամացուկ քլթքլթում էր մարմանդ կրակի վրա…

Չճանաչված հանճարի կերպարը Տանյան հստակ կապում էր ճգնակեցության գաղափարի հետ։ Իսկ ես, մեղմ ասած, չափազանց մարդամոտ էի։

Ասում էի․

Պուշկինը քաշ էր գալիս կանանց հետեւից… Դոստոեւսկին տրվում էր մոլախաղերի… Եսենինը խմում ու կռիվ էր անում ռեստորաններում… Արատները հանճարեղ մարդկանց հատուկ են նույնքան, որքան եւ առաքինությունները…

Ուրեմն դու կիսով հանճար ես, համաձայնում էր կինս, քանի որ բավականաչափ արատներ ունես…

Մենք շարունակում էինք ճոճվել բաժանման սահմանագծին։ Ասում են՝ այդպիսի ամուսնություններն առավել տեւական են։

Բայցեւայնպես, ընկերություն այլեւս չկար։ Չի կարելի ասել «Բարեւ, թանկագի՜նս» կնոջը, ում Աստված գիտի ինչեր ես շշնջացել։ Չի՛ հնչում…

Ի՞նչ ձեռքբերումներով էի հասել երեսնամյակիս, որը բուռն նշվեց «Դնեպր» ռեստորանում։ Ես ազատ արվեստագետի կյանք էի վարում։ Այսինքն չէի ծառայում, վաստակում էի ժուռնալիստիկայով ու գեներալական հուշերի գրական մշակումներով։ Բնակարան ունեի, որի պատուհանները բացվում էին աղբանոցի վրա։ Գրասեղան, բազմոց, մարզագնդեր, «Տոնուս» ռադիոլա («Տոնուսը» վատ ազգանուն չէ խանութի վարիչի համար)։ Գրամեքենա, կիթառ, Հեմինգուեյի նկարը, մի քանի ծխամորճ՝ կավե գավաթում։ Լամպ, պահարան, բրոնտոզավրերի դարաշրջանի երկու աթոռ, ինչպես եւ նրբանկատության համար իմ կողմից խորապես հարգված Եֆիմ կատուն։ Ի տարբերություն իմ լավագույն ընկերների ու ծանոթների՝ նա ձգտում էր մարդ լինել…

Տանյան ապրում էր հարեւան սենյակում։ Աղջիկս շարունակ հիվանդանում էր, լավանում ու նորից հիվանդանում։

Իմ ընկեր Բեռնովիչն ասում էր․

Մինչեւ երեսուն տարեկանը արվեստագետի բոլոր խնդիրները պիտի լուծված լինեն, բացի մեկից՝ ինչպես գրել։

Ի պատասխան հայտարարում էի, որ գլխավոր խնդիրներն անլուծելի են։ Օրինակ, հայրերի ու որդիների վեճը։ Սիրո եւ պարտականության հակասությունը…

Մեր միջեւ եզրաբանական խառնաշփոթ էր ծագում։

Վերջում Բեռնովիչն անպայման կրկնում էր․

Դու ամուսնության համար չես ստեղծված…

Բայցեւայնպես, արդեն տասը տարի ամուսնացած ենք։ Տասից մի քիչ պակաս…

Տատյանան իմ կյանքի վրա բացվեց արշալույսի պես։ Այսինքն՝ խաղաղ, գեղեցիկ, առանց արտակարգ հույզեր արթնացնելու։ Արտակարգը նրա մեջ միայն անտարբերությունն էր։ Իր անսահման անտարբերությամբ նա բնության երեւույթ էր հիշեցնում…

Գեղանկարիչ Լոբանովն իր գերմանամկան ծնունդն էր նշում։ Թեք տանիքով ձեղնահարկում տասներկու մարդ խրկվել էր։ Բոլորը սպասում էին Ցելկովին, որը չեկավ։ Նստել էին գետնին, չնայած լիքը աթոռ կար։ Գիշերվա կողմ սեղանակիցների զրույցը վերածվեց բանավեճի՝ տուրուդմփոցի երանգով։ Շերտավոր շապիկով մի սափրագլուխ, լարվելուց կարմրած, գոռում էր․

Նորից եմ կրկնում՝ գույնը գաղափարակա՜ն երեւույթ է…

(Ավելի ուշ պարզվեց, որ հեչ էլ նկարիչ չի, ապրանքագետ է՝ Ապրաքսինի վաճառատնից)։

Այս անմեղ արտահայտությունը, չգիտես ինչու, կատաղեցրեց հյուրերից մեկին․ նկարիչ֊տառագիր էր։ Բռունցքները սեղմած՝ հարձակվեց ապրանքագետի վրա։ Բայց ինչպես բոլոր սափրագլուխ տղամարդիկ, սա էլ, պարզվեց, շատ ուժեղ էր ու վճռական էր գործում։ Արագ հանեց գամած ամրակով դնովի ատամը։ Փաթաթեց թաշկինակի մեջ։ Դրեց գրպանը։ Ու բռնցքամարտիկի դիրք ընդունեց…

Այդ ընթացքում նկարիչը պաղեց։ Լցոնած ձուկ էր ուտում ու մեկումեջ գոռում․

Շշմելո՜ւ ձուկ է։ Կուզեի նրանից երեք երեխա ունենամ…

Տանյային միանգամից նկատեցի։ Անմիջապես մտապահվեց դեմքը․ տագնապած ու անտարբեր։ (Պատանեկությունից չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարող են կնոջ մեջ համատեղվել անտարբերությունն ու տագնապը)։

Գունատ դեմքին ընդգծվում էր շրթներկը։ Ժպիտը մանկական էր ու մի քիչ տագնապած։

Հետո մեկը երգում էր՝ ջանադրաբար կրկնահանցագործ խաղալով։ Մեկն էլ հետը արտասահմանցի դիվանագետի էր բերել, որը, պարզվեց, հույն նավաստի էր։ Բանաստեղծ Կարպովսկին ինքնամոռաց ստում էր։ Օրինակ, որ ստեղծագործական խուլիգանության համար իրեն վռնդել են միջազգային Պեն֊ակումբից… Բռնեցի Տատյանայի ձեռքն ու ասում եմ․

Գնանք էստեղից։

Բնածին անվաստահությունը հաղթահարելու լավագույն միջոցը հնարավորինս ինքնավստահ լինելն է։

Տանյան առանց տատանվելու համաձայնեց։ Ու ոչ դավադրի պես։ Ավելի շուտ՝ լսող երեխայի։ Պարմանուհու, որը հաճույքով ենթարկվում է մեծերին։

Եվ գնացի դեպի դուռը, բացեցի ու քարացա։ Ոտքերիս տակ փայլում էր թաց ու հարթ տանիքը։ Բարձր ու գունակ երկնքի ֆոնին սեւին էին տալիս ալեհավաքները։

Պարզվեց՝ արվեստանոցը երեք դուռ ունի։ Մեկը տանում էր դեպի վերելակը։ Մյուսը՝ ջեռուցման համակարգի ընդերքը։ Եվ երրորդը՝ տանիք։

Վերադառնալ չէի ուզում։ Մանավանդ, դատելով ձայների ուժեղանալուց, երեկույթը մոտենում էր տուրուդմփոցի։ Մի պահ ոտս կախ գցեցի ու իջեցրի դղրդացող թիթեղին։ Տանյան հետեւեց ինձ։

Վաղուց էի ուզում, ասում եմ, լինել այսպիսի ռոմանտիկ իրավիճակում։

Ոտքերիս տակ մի պատռված կոշիկ էր ընկած։ Թախծոտ պառավ կատուն ասես լարախաղաց լիներ թեք կտուրին։

Հարցրի․

Տանիք բարձրացած կա՞ք։

Երբեք, պատասխանեց Տանյան։

Հավելելով․

Բայց միշտ սարսափելի նախանձել եմ Տերեշկովային…

Այնտեղ, ասում եմ, Կազանի տաճարն է… Հետո՝ Ծովակալությունը… Իսկ սա Պուշկինյան թատրոնն է…

Մոտեցանք եզրապատին։ Հեռու ներքեւում աղմկում էր իրիկնային քաղաքը։ Փողոցը վերեւից անդեմ էր թվում։ Մի քիչ կենդանություն էին տալիս տրամվայների լույսերը։

Պետք է, ասում եմ, դուրս պրծնել էստեղից։

Կարծում եք կռիվն արդեն պրծե՞լ է։

Չեմ կարծում… Ո՞նց եք էստեղ հայտնվել… Էս խմբում, էլի։

Նախկին ամուսնուս միջոցով։

Ի՞նչ է, նկարի՞չ է։

Էնքան էլ չէ… Պարզվեց՝ սրիկայի մեկն է։ Իսկ դո՞ւք։

Ինձ Լոբանովը կանչեց։ Փառասիրությունս բռնել էր՝ նրանից նկար էի առել։ Ինչ֊որ սպիտակ բան… պուճուր ականջներով… Կաղամա՞ր էր, ի՞նչ էր… Կոչվում է «Լռության վեկտորը»… Մեջները տաղանդավոր նկարիչներ կա՞ն։

Հա։ Օրինակ՝ Ցելկովը։

Որն է, ջինսո՞վը։

Չէ, էն որ չեկավ։

Պարզ է, ասում եմ։

Վերջերս մեկը կախվեց։ Ձուկ էին ասում։ Մականունն է… Բռնեց, ուրեմն, ու կախվեց։

Տե՛ր Աստված… Ինչի՞ համար։ Դժբախտ սե՞ր։

Վաղուց երեսուն տարեկան էր։ Նկարները չէին ծախվում։

Լա՞վն էին։

Էնքան էլ չէ։ Հիմա սրբագրիչ է։

Ո՞վ, ճչացի ես։

Ձուկը։ Հաջողվեց փրկել։ Հարեւանը եկել էր ծխախոտի…

Պետք է, ասում եմ, դուրս պրծնել էստեղից։

Մանրաքայլ մոտեցա ձեղնապատուհանին։ Բացեցի։ Ձեռքս մեկնեցի աղջկան․

Զգո՛ւյշ։

Տանյան թեթեւ սահեց պատուհանախորշի մեջ։ Ես հետեւեցի նրան։ Ձեղնահարկում մութ էր ու փոշոտ։ Քայլ արեցինք թաղիքով մեկուսացված խողովակների վրայով։ Կռացանք լվացքի պարանների տակ։ Հասնելով հետնասանդուղքին՝ իջանք ներքեւ։ Հետո անցաբակերով հասանք տաքսու կանգառ։

Անձրեւ էր գալիս, ու ես մտածեցի՝ ահա լենինգրադյան գրական ավանդույթը։ Այդ ամբողջ գովերգված «դպրոցը» համատարած անձրեւի նկարագրություն է։ Նրա «ոճի փայլատ շքեղությունը»՝ ասֆալտն անձրեւից հետո…

Հետո հարցրի․

Հայրիկն ու մայրիկը հիմա երեւի անհանգստանում են, հա՞։

Արդեն տասնհինգ տարի գրավիչ աղջիկներին անփոփոխ այդ հարցն եմ տալիս։ Հինգից երեքը պատասխանում են․

«Մենակ եմ ապրում։ Էնպես որ, անհանգստացող չկա…»։

Ես հենց դրան էլ սպասում եմ։ Հին ասացվածքն ասում է՝ ավելի հեշտ է մարտնչել թշնամու տարածքում…

Ծնողներ չունեմ, տխուր ասաց Տանյան։

Շփոթվեցի։

Ներեցեք, ասում եմ, անքաղաքավարության համար…

Յալթայում են ապրում, ավելացրեց Տանյան, հայրիկս շրջկոմի քարտուղար է…

Այստեղ մոտեցավ մեքենան։

Ո՞ւր ենք գնում, առանց շրջվելու հարցրեց վարորդը։

Ձերժինսկու ութ։

Վարորդը դժգոհ թոթվեց ուսերը․

Ոտով էլ կհասնեիք։

Դու խնդիր չունես, ասում եմ…

Վարորդը դարձավ ինձ․

Երախտապարտ եմ, տե՛ր իմ։ Մինչեւ մահ֊գերեզման չեմ մոռանա ձեր բարությունը…

Մոտեցանք Տանյայի շենքին։ Աղյուսաշար ճակտոնը մի մետր առաջ էր ընդհանուր շարքից։ Չորս ընդարձակ վիկտորիանական պատուհանները միացված էին բազրիքներով։

Վարորդը շրջադարձ արեց ու մեկնեց՝ ասելով․

Աուֆ վիդեր զեեն…

Թեք աստիճանները տանում էին դեպի ծանր, բրեզենտով պաստառված դռները…

Հազար անգամ եղել եմ նման վիճակներում։ Բայցեւայնպես հուզվում էի։ Հիմա կհասնի սանդղահարթակ, ու ես կլսեմ․

«Շնորհակալ եմ, որ ուղեկցեցիք…»։

Դրանից հետո պետք է հեռանալ։ Մուտքում ցցվելն անվայել է, հարցնելը՝ «Սուրճ չե՞ք հյուրասիրի…»՝ խայտառակություն…

Իմ ընկեր Բեռնովիչն ասում էր․

«Լավ է գնալ, երբ հրավիրում են։ Սարսափելի է, երբ չեն հրավիրում։ Իսկ ամենալավը՝ որ հրավիրում են, չես գնում…»։

Տանյան կիսաբաց արեց դուռը․

Շնորհակալություն տանիքի համար։

Գիտե՞ք, ասում եմ, ինչն է ափսոս։ Լիքը խմելու բան մնաց… Էնտեղ, արվեստանոցում։

Միեւնույն ժամանակ, ասես պատահմամբ, անցա շեմը։

Գինի ունեմ, ասաց Տանյան, եղբորիցս եմ պահում։ Շիշն առած՝ գալիս է, կեսը դնում եմ պահարանը։ Լյարդը հիվանդ է…

Հետաքրքրությունս շարժեցիք, ասում եմ։

Հասկանում եմ ձեզ, ասաց Տանյան, քեռիս անհույս հարբեցող է…

Մտանք վերելակ։ Բոլոր հարկերում լամպերը թարթում էին։ Տանյան ուսումնասիրում էր իր բոկոտիկները։ Ի դեպ, թանկարժեք բոկոտիկներ, «Ռոշա» ֆիրմային ապրանքանիշով…

Նրա թիկունքում կավիճով գրված հայհոյանք տեսա։ Անհասցե հայհոյանք։ Մաքուր արվեստի արտահայտություն։

Հետո կամացուկ, համարյա գաղտագողի գնացինք միջանցքով։ Թեւքս շրշյունով քսվում էր պաստառներին։

Ինչ մե՜ծ եք, շշնջաց Տանյան։

Իսկ դուք, ասում եմ, ուշադիր եք…

Հետո հայտնվեցինք անսպասելիորեն ընդարձակ սենյակում։ Տեսա գիպսե Նեֆերտիտիին, արտասահմանյան օրացույցը՝ վարդագույն կրծկալով աղջիկը վրան, տրանսատլանտյան օրացույցը՝ վարդագույն կրծկալով աղջիկը վրան, տրանսատլանտյան ավիաուղու պաստառը։ Սեղանին կարմրին էին տալիս բրդաթելի կծիկները…

Տանյան մի շիշ կագոր հանեց, խնձոր, հալվա, ծամածռված թաց պանիր։

Որտե՞ղ եք աշխատում։

ԼԻՏՄՕ֊ի գրասենյակում։ Իսկ դո՞ւք։

Ես, ասում եմ, ռեպորտյոր եմ։

Լրագրո՞ղ։

Չէ՛։ Հենց ռեպորտյոր։ Ժուռնալիստիկան ոճ է, գաղափարներ, հիմնահարցեր… Իսկ ռեպորտյորը փաստ է հաղորդում։ Նրա համար գլխավորը չստելն է։ Դա է նրա աշխատանքի խորհուրդը։ Ռեպորտյորի ոճի գագաթնակետը համրությունն է։ Դրա մեջ նվազագույն սուտ կա…

Զրույցը բազմանշանակ էր դառնում։

Ես ընդհանրապես չեմ սիրում խոսել իմ գրական գործերից։ Այդ առումով, ինչպես ասում են, պահպանել եմ կուսությունս։ Աշխատանքս փոքր֊ինչ նվաստացնելով՝ հասնում էի հակառակ արդյունքի։ Ինձ այդպես էր թվում…

Կագորը խմված էր, խնձորը՝ շերտավորված։ Վրա հասավ դադարը, նման վիճակում՝ կործանարար…

Որքան էլ տարօրինակ է՝ սիրո պես մի բան էի զգում։

Բայց՝ որտեղի՞ց։ Ո՞ր աղբանոցից։ Խղճուկ, բռի կյանքի ի՜նչ խորխորատներից։ Ի՞նչ ուժահատ, աղքատիկ հողից են աճում այդ արեւադարձային ծաղիկները։ Ո՞ր արեւի շողերի տակ։

Հնոտիքով խրկված ինչ֊որ արվեստանոցներ, գռեհիկ հագուկապով օրիորդներ… Կիթառ, օղի, խղճուկ խռովարարություն… Ու հանկարծ, տե՜ր Աստված, սե՜ր…

Բայց, լավ իմաստով, ի՜նչ անընթեռնելի է Նա՝ տիեզերքի այդ տիրակալը…

Հետո Տանյան հազիվ լսելի ասաց…

Եկեք զրուցենք, պարզապես զրուցենք…

Դրանից երեք րոպե առաջ հանել էի կոշիկներս։

Տեսականորեն, ասում եմ, կարելի է։ Գործնականում՝ ոչ…

Եվ անձայն անիծում եմ ջեմպրիս փչացած շղթան…

Հազար անգամ կընկնեմ նույն փոսը։ Ու հազար անգամ մեռնելու եմ վախից։

Միակ սփոփանքը՝ որ այդ վախը գլանակից կարճ է։ Քնթուկը դեռ ծխում է, իսկ դու արդեն հերոս ես…

Հետո անձուկ էր, ու կային բառեր, որոնք առավոտյան հիշելը տառապանք է։ Իսկ գլխավորը՝ առավոտը կար որպես այդպիսին, խավարից դուրս լողացով իրերի ուրվագծերով։ Առավոտն առանց հիասթափության, որին սպասում ու վախենում էի։

Հիշում եմ՝ նույնիսկ ասացի․

Քեզ առավոտնել է սազում…

Այնպես ակնհայտորեն լավացել էր առանց շպարի։ Հենց դրանից էլ ամեն ինչ սկսվեց։ Ու շարունակվում է արդեն տասը տարի։ Տասից մի քիչ պակաս…

Սկսեցի ժամանակ առ ժամանակ այցելել Տանյային։ Մի շաբաթ առավոտից իրիկուն աշխատում էի։ Հետո հանդիպում ընկերներիցս որեւէ մեկին։ Նստում էինք խմբով, խոսում Նաբոկովից, Ջոյսից, հոկեյից, սեւ տերյերներից…

Պատահում էր, որ հարբում էի, եւ այդ ժամանակ զանգում էի նրան։

Մի՜ստիկա է, գոռում էի խոսափողի մեջ։ Իսկական միստիկա… Հերիք է զանգեմ, ու դու ամեն անգամ ասում ես, որ արդեն գիշերվա երկուսն է…

Հետո, օրորվելով, հասնում էի նրա տուն, որ զգալիորեն դուրս էր շարքից, ասես քայլ աներ ինձ ընդառաջ։

Տանյան ինձ զարմացնում էր անխոս հնազանդությամբ։ Չէի հասկանում՝ դրա մեջ ինչն էր ավելի շատ՝ անտարբերությո՞ւնը, հեզությո՞ւնը, գոռոզությո՞ւնը։ Չէր հարցնում․

«Ե՞րբ կգաս»։

Կամ․

«Ինչի՞ չէիր զանգում»։

Նա ինձ ապշեցնում էր սիրո, զրույցի, զվարճանքի անփոփոխ պատրաստակաությամբ։ Նաեւ՝ դրանք նախաձեռնելու ցանկության կատարյալ բացակայությամբ…

Լռակյաց էր ու խաղաղ։ Լռակյաց էր առանց ջանքի, եւ խաղաղ՝ առանց սպառնալիքի։ Դա լուռ խաղաղությունն էր օվկիանոսի, որն անտարբեր լսում է ճայերի ճիչը…

Ինչպես բոլոր թեթեւամիտ տղամարդիկ՝ ես այնքան էլ չար մարդ չէի։ Սկսում էի մեղա գալ կամ կատակել։ Ասում էի․

Փեսացուները լինում են ստացիոնար եւ ամբուլատոր։ Ես, օրինակ, ամբուլատոր եմ…

Ապա․

Ի՞նչ ես գտել իմ մեջ։ Այ մի կարգին մարդու հանդիպեիր։ Որեւէ զինծառայողի…

Խթան չկա, ասում էր Տանյան, լավ մարդուն սիրելն անհետաքրքիր է…

Ապշելու դարում ենք ապրում։ «Լավ մարդը» մեզ համար վիրավորանքի պես է հնչում։ «Բայց հո՛ լավ մարդ է» ասում են փեսացուի մասին, որն ակնհայտ ոչնչություն է…

ԱՆցավ մի տարի։ Ես ավելի ու ավելի հաճախ էի լինում Տանյայի մոտ։ Հարեւանները հարգալից բարեւում ու կանչում էին հեռախոսի մոտ։

Անձնական իրեր հայտնվեցին․ ատամի խոզանակ՝ կավե բաժակում, մոխրաման, հողաթափեր։ Օրերից մի օր սեղանի գլխին կախեցի ամերիկյան գրող Բելլոուի լուսանկարը։

Բելո՞վ, հարցրեց, Տանյան, «Նովիյ միրի՞ց»։

Ինքն է որ կա, ասում եմ…

Լավ, մտածում էի, բռնեմ ու ամուսնանամ։ Ամուսնանամ պարտքի զգացումից։ Ենթադրենք՝ ամեն ինչ լավ կլինի։ Ընդ որում, երկուսիս համար։

Ըստ էության, մենք արդեն ամուսնացած ենք, եւ ամեն ինչ կարգին է։ Պարտականություններից զերծ միություն։ Ինչն էլ նրա հարատեւության երաշխիքն է…

Բայց ո՞ւր է սերը։ Ո՞ւր է խանդն ու անքնությունը։ Ո՞ւր է զգացմունքների հեղեղումը։ Ո՞ւր են չուղարկված նամակները՝ արցունքից ճապաղված թանաքով։ Ո՞ւր է ուշաթափությունը փոքրիկ ոտնաթաթը տեսնելիս։ Ո՞ւր են կուպիդոնները, ամուրները եւ այդ գրավիչ ներկայացման մյուս անխոս դերասանները։ Ո՞ւր է, վերջապես, մեկուերեսունանոց ծաղկեփունջը…

Ճիշտն ասած, նույնիսկ չգիտեմ, թե ինչ է սերը։ Չափորոշիչներն ընդհանրապես բացակայում են։ Դժբախտ սերը դեռ էլի հասկանում եմ։ Իսկ եթե ամեն ինչ կարգի՞ն է։ Իմ կարծիքով, դա տագնապալի է։ Սովորականության մեջ ինչ֊որ նենգություն կա։ Եվ համենայնդեպս՝ ամենասարսափելին քաոսն է…

Ենթադրենք գրանցվեցինք։ Բայց դա անբարոյական կլինի։ Քանի որ բարոյականությունը ճնշում չի հանդուրժում…

Բարոյականությունը բնականորեն պիտի բխի մեր էությունից։ Ինչպես Շեքսպիրն է ասում․

«Բնությո՛ւն, դու իմ աստվածուհին ես»։

Ասենք, ո՞վ է ասում։ Ռայմո՞նդը։ Այդպիսի սրիկա քիչ կա աշխարհում…

Այնպես որ, ամեն ինչ աներեւակայելիորեն խճճվում է։

Բայցեւայնպես՝ հարց։ Ո՞վ կհամարձակվի անբարոյականության մեջ մեղադրել ճուռակին կամ գայլին։ Ո՞վ անբարոյական կանվանի ճահիճը, հողմը կամ անապատի խորշակը։

Բռնի բարոյականությունը մարտահրավեր է բնության ուժերին։ Կարճ ասած, եթե ամուսնանամ պարտքի զգացումից դրդված՝ անբարոյական կլինի…

Մի անգամ Տանյան ինքը զանգեց։ Սեփական նախաձեռնությամբ։ Նրա բնավորությունը նկատի ունենալով՝ դա համարյա դիվերսիա էր։

Ազա՞տ ես։

Ցավոք, ոչ, ասում եմ, հեռատիպի մոտ եմ…

Արդեն երեք տարի մերժումով եմ դիմավորում ցանկացած անսպասելի առաջարկ։ «Հեռատիպ» հանելուկային բառը պետք է որ համոզիչ հնչեր։

Եղբայրս է եկել։ Զարմիկս։ Վաղուց էի ուզում ձեզ ծանոթացնել։

Լա՛վ, ասում եմ, կգամ…

Ինչու չծանոթանալ խմող մարդու հետ…

Երեկոյան գնացի Տանյայի մոտ։ Խմել էի՝ ի պետս քաջության։ Հետո ավելացրի։ Ժամը յոթին դռան զանգը տվի։ Ու մեկ րոպե անց, միջանցքի անճարակ իրարանցումից հետո, տեսա եղբորը։

Նա տեղավորվել էր, ինչպես միլիցիոներները, ագիտատորներն ու գիշերային հյուրերն են նստում։ Այսինքն՝ ճաշասեղանին կողքանց։

Ուժե՜ղ ախպեր էր։

Ժայռեղեն ուսերին վեր էր խոյացել գորշ աղյուսագույն դեմքը։ Գագաթը պսակված էր հերվա խոտի կոշտ ու փոշոտ մարգով։ Ականջների ծեփակերտ կամարները սուզվում էին կիսախավարում, ճակատի լայնարձակ ու պինդ առաջնադիրքին հրակնատներս էին պակասում։ Խրամառվի պես սեւին էին տալիս բացված շրթունքները։ Սառցակեղեւով եզերված աչքերի ճահճուտներում հարց էր առկայծում։ Անհստակ բերանը սպառնալից էր ժայռաճեղքի պես։

Ախպերը վեր կացավ ու հածանավի հանգույն պարզեց ձախ ձեռքը։ Քիչ էր մնում տնքայի, երբ պողպատե մամլակները սեղմեցին թաթս։

Հետո ախպերը թմփաց ճռճռացող աթոռին։ Գրանիտե աղացքարերը շարժվեցին։ Կարճ ու կործանիչ երկրաշարժը մարդու դեմքը մի պահ վերածեց ավերակի։ Որի մեջ մի վայրկյան, որպեսզի անմիջապես էլ մարի, բացվեց ժպիտի դժգույն֊կարմիր ծաղիկը։ Զարմիկը նշանակալից ներկայացավ․

Էրիխ֊Մարիա։

Բորիս, սուտ խնդությամբ պատասխանեցի ես։

Ահա եւ ծանոթացաք, ասաց Տանյան։

Ու գնաց խոհանոց՝ իր բանին։

Ես լուռ էի՝ ասես ծանր բեռան տակ ճզմված։ Հետո զգացի հրափողի պես սառն ու կարծր հայացքը։ Պողպատե ձեռքն իջավ ուսիս։ Պիջակս միանգամից սկսեց նեղություն անել։

Հիշում եմ՝ ինչ֊որ անհեթեթ բան գոռացի։ Ահավոր ինտելիգենտ մի բան․

Ձեզ կորցնո՜ւմ եք, մաե՛ստրո։

Լռե՛լ, սպառնալից ասաց դիմացս նստածը։ Ապա։ Ինչի՞ չես ամուսնանում, սրիկա՛։ Ի՞նչ ես պոչ խաղացնում, տակա՜նք։

«Եթե սա իմ խիղճն է, արագ անցավ մտքովս, շա՜տ անդուրն է…»։

Սկսեցի կորցնել իրականության զգացողությունը։ Իրականության եզրագծերն անհուսալիորեն աղոտանում էին։ Բնապատկեր֊եղբայրը շահագրգիռ ձգվեց դեպի գինին։

Պատուհանների տակ լսվեց տրամվայի զրնգոցը։ Արմունկներս շարժելով շտկեցի հագուստս։ Հետո հնարավորինս ազդեցիկ ասացի․

Ալյո՜, զարմի՛կ, խնդրում եմ առանց ձեռքերին ազատություն տալու։ Վաղուց եմ ամուսնության թեմայի կառուցողական քննարկում ուզում։ Շամպայնը պորտֆելիս մեջ է։ Մի վայրկյան…

Ու շիշը վճռական դրեցի սեղանի հարթ ու հղկած երեսին…

Այսպես էլ ամուսնացանք։

Եղբոր անունն, ինչպես հետո պարզվեց, Էդիկ Մալինին էր։ Էդիկը խուլուհամրերի ընկերությունում սամբոյի մարզիչ էր։

Իսկ ես այն ժամանակ, ըստ երեւույթին, շատ էի խմել։ Դեռ մինչեւ Տանյայի մոտ գալս։ Ու աչքիս Աստված գիտի ինչեր էին երեւացել…

Պաշտոնապես ամուսնությունը ձեւակերպեցինք հունիսին։ Ռիգայի ծովեզերք մեկնելուց առաջ։ Հակառակ դեպքում հյուրանոցում չէին գրանցի…

Տարիներն անցնում էին։ Ինձ չէին տպում։ Ավելի ու ավելի էի խմում։ Ու դրա համար ավելի շատ արդարացումներ գտնում։

Երբեմն երկար ժամանակ միայն Տանյայի աշխատավարձով էինք ապրում։

Մեր ամուսնության մեջ միատեղվել էին թափն ու խեղճությունը։ Երկու առանձին բնակարան ունեինք։ Իրարից տրամվայի հինգ կանգառ հեռավորությամբ։ Տանյայինը՝ քսանհինգ մետր էր։ Իմ երկու նեղվածք սենյակները՝ վեց ու ութ։ Ճոխ ասած՝ աշխատասենյակ ու ննջարան։

Երեք տարուց այդ ամենը փոխանակեցինք մի կարգին երկսենյականոց բնակարանով։

Տանյան հանելուկային կին էր։ Այնքան քիչ բան գիտեի նրա մասին, որ շարունակ զարմանում էի։ Նրա կյանքի ցանկացած փաստ ինձ վրա սենսացիայի տպավորություն էր գործում։

Մի անգամ զարմացրեց քաղաքական սուր հայտարարությունը։ Մինչ այդ գաղափար չունեի նրա հայացքների մասին։ Հիշում եմ՝ կինոխրոնիկայում տեսնելով ընկեր Գրիշինին՝ կինս ասաց․

Հենց միայն դեմքի արտահայտության համար նրան կարելի է դատել։

Այդպես մեր միջեւ մասնավոր այլախոհական փոխըմբռնում հաստատվեց։

Բայցեւայնպես՝ հաճախ էինք վիճում։ Ես ավելի ու ավելի ջղային էի դառնում։ Միաժամանակ ե՛ւ չճանաչված հանճար էի, ե՛ւ կողքից փող շինող։ Սեղանիս դարակում իմպրեսիոնիստական նովելներ էին։ Իսկ փողով գրական կոմպոզիցիաներ էի սարքում բանակի ու նավատորմի թեմաներով։

Գիտեի, որ Տանյայի համար դա տհաճ էր։ Բեռնովիչը համառորեն կրկնում էր․

Մինչեւ երեսունը պետք է լուծել բոլոր խնդիրները, ստեղծագործականից բացի…

Դա ինձ չէր հաջողվում։ Պարտքերս թեթեւ հատեցին այն սահմանը, որից այն կողմ սկսվում է անտարբերությունը։ Գրական չինովնիկները վաղուց արդեն ինձ գրանցել էին ինչ֊որ նողկալի ցուցակում։ Ընտանեկան հարաբերություններում լիովին կայանալ չէի ուզում ու չէի կարող։

Կինս ավելի ու ավելի հաճախ էր խոսում վտարանդության մասին։ Ես վերջնականապես խճճվեցի ու մեկնեցի Պուշկինյան բլուրներ…

Պաշտոնապես ամուրի էի, առողջ, դեռեւս Ժուռնալիստների միության անդամ։ Համակրելի ազգային փոքրամասնության ներկայացուցիչ էի։ Գրական ունակություններս չէին ժխտում նույնիսկ Գրանինն ու Ռիտխէուն։ Ձեւով՝ լիարժեք ստեղծագործական անհատականություն էի։ Բովանդակությամբ, սակայն, հայտնվել էի հոգեկան խանգարման եզրին…

Եւ ահա նա եկել է, այնքան անսպասելի, որ նույնիսկ շփոթվեցի։ Կանգնել ու ժպտում է, ասես ամեն ինչ կարգին է։

Լսում եմ․

Սեւացել ես…

Հետո, եթե չեմ սխալվում․

Սիրելի՛ս…

Հարցնում եմ․

Ո՞նց է Մաշան…

Մի քանի օր առաջ թուշն էր ճանկռել, էնքան ինքնագլո՜ւխն է… Պահածոներ եմ բերել…

Երկա՞ր ես մնալու։

Երկուշաբթի գործի եմ։

Էդպես կհիվանդանաս։

Ինչո՞վ, զարմացավ Տանյան։

Ու ավելացրեց․ Չնայած, առանց էն էլ առողջ չեմ…

Ա՜յ թե տրամաբանություն է՝ մտածում եմ…

Ասենք հարմար էլ չի, ասում է Տանյան։ Սիման արձակուրդում է։ Ռոշչինը պատրաստվում է մեկնել Իսրայել։ Գիտե՞ս, պարզվեց՝ Ռոշչինը Շտակելբերգ է։ Անունն էլ հիմա ոչ թե Դիմա է, այլ՝ Մորդխե։ Ազնիվ խոսք…

Հավատում եմ։

Սուրիսները գրում են, որ Լյովան լավ գործի է Բոստոնում…

Արի թույլտվություն վերցնեմ։

Ինչի՞ համար։ Ուզում եմ լսեմ։ Ուզում եմ տեսնեմ՝ ոնց ես աշխատում։

Սա աշխատանք չի։ Աչքակապություն է… Մյուս կողմից էլ՝ քսան տարի է՝ պատմվածքներ եմ գրում, մի անգամ չես հետաքրքրվել…

Առաջ տասնհինգ էիր ասում։ Հիմա արդեն քսան է։ Չնայած մի տարի էլ չի անցել…

Ինձ հավասարակշռությունից հանելու զարմանալի ունակություն ունի։ Բայց վիճելը հիմարություն կլիներ։ Մարդիկ վիճում են կյանքի լիքությունից…

Մենք էստեղ խաղավարների պես բան ենք։ Աշխատավորներին օգնում ենք, որ քաղաքավարի հանգստանան։

Շատ էլ լավ է։ Գործընկերներդ կարգի՞ն մարդիկ են։

Տարբե՜ր։ Մեկը կա՝ տեղացի, Լարիսան։ Ամեն օր լաց է լինում Պուշկինի գերեզմանին։ Գերեզմանը տեսավ թե չէ՝ լացը կապում է…

Ձեւացնո՞ւմ է։

Չեմ կարծում… Տուրիստները մի անգամ նրան խոհանոցի սպասք են նվիրել՝ քառասունվեց ռուբլանոց։

Ես չէի հրաժարվի…

Այդ պահին կանչեց Գալինան։ Տուրիստներ էին եկել Լիպեցկից։

Տատյանային ասացի․

Իրերդ կարող ենք թողնել էստեղ։

Եղած֊չեղածը էս պայուսակն է։

Հենց էդ էլ թող…

Քայլեցինք դեպի կապույտ, ցեխաբծերով պատված ավտոբուսը։ Բարեւեցի վարորդին ու տեղավորեցի կնոջս։ Հետո դիմեցի տուրիստներին…

Բարի լույս։ Արգելոցի վարչակազմը, պահապաններն ու ծառայողները ողջունում են մեր հյուրերին։ Ձեզ ուղեկցելը ինձ են վստահել։ Անունս… Մեզ սպասում է…

Եվ այլն, եւ այլն։

Հետո վարորդին բացատրեցի՝ ինչպես գնալ Միխայլովսկոյե։ Ավտոբուսը շարժվեց։ Շրջադարձերին լսվում էր ռադիոլայի ձայնը․


Ընծայիր հուրդ Պրոմեթեւսի պես։
Հուրդ ընծայիր անխտիր, շռայլ
Եվ մի խնայիր կրակը հոգուդ
Դու մարդկանց համար…

Երբ շրջանցում էինք ճամփաբաժանի արհեստական հսկա գլաքարը, չարացած ասացի․

Ուշադրություն մի դարձրեք։ Սա հենց այնպես, գեղեցկության համար է…

Ու, ավելի կամաց, կնոջս․

Ընկեր Գեյչենկոյի տխմար մտահղացումներն են։ Ուզում է մշակույթի ու հանգստի հսկա այգի հիմնել։ Միջավայրի նկտառումներով։ Ծառից շղթա է կախել։ Ասում են՝ Տարտուի ուսանողները թռցրել են։ Ու գցել լիճը։ Կեցցեն ստրուկտուրալիստները…

Էքսկուրսիան վարելիս ժամանակ առ ժամանակ նայում էի կնոջս։ Նրա դեմքը, այդքան ուշադիր ու նույնիսկ մի փոքր շփոթված, նորից ապշեցրեց ինձ։ Գունատ շրթունքներ, թարթիչների ստվեր ու վշտալի հայացք…

Ես արդեն նրան էի դիմում։ Պատմում էի փոքրամարմին հանճարեղ մարդու մասին, ում մեջ այդքան հեշտ գոյակցում էին Աստված ու սատանան։ Որը բարձր էր սավառնում, բայց զոհ գնաց շարքային երկրային զգացմունքին։ Որը գլուխգործոցներ էր ստեղծել, բայց զոհվեց որպես երկրորդ կարգի վեպի հերոս։ Բուլգարինին օրինական հիմք տալով գրելու․

«Մեծ մարդ էր, բայց կորավ֊գնաց նապաստակի պես…»։

Մենք քայլում էինք լճափով։ Բլրի տակ սեւին էր տալիս հերթական գլաքարը՝ զարդարված հերթական մեջբերման սլավոնական գեղագրով։ Տուրիստները շրջապատեցին քարն ու ագահորեն սկսեցին լուսանկարել։

Ծխախոտ վառեցի։ Տանյան մոտեցավ ինձ։

Արեւոտ, քամոտ օր էր, շոգը չէր նեղում։ Ափով մեկ սփռված խումբը հասնում էր մեզ։ Պետք էր շտապել։

Ինձ մոտեցավ մի հաստլիկ՝ նոթատետրը ձեռքին․

Ներողություն, ինչ էի՞ն Պուշկինի որդիների անունները։

Ալեքսանդր եւ Գրիգորի։

Ավագը…

Ալեքսանդրն էր, ասում եմ։

Իսկ հայրանո՞ւնը։

Ալեքսանդովիչ, բնականաբար։

Իսկ փո՞քրը։

Փոքրը՝ ի՞նչ։

Փոքրի հայրանո՞ւնն ինչ էր։

Ես անօգնական նայեցի Տանյային։ Կինս չէր ժպտում․ տխուր էր ու կենտրոնացած։

Ախ, հա՜, գլխի ընկավ տուրիստը։

Պետք էր շտապել։

Գնանք, ընկերնե՛ր, առույգ կանչեցի ես, քայլենք դեպի հաջորդ մեջբերումը։

Տրիգորսկում էքսկուրսիան հեշտ ու նույնիսկ վերելքով անցավ։ Ինչին, կրկնում եմ, զգալիորեն նպաստում էր ցուցադրանքի բնույթն ու տրամաբանությունը։

Ճիշտ է, ինձ շփոթեցրեց մի տիկնոջ պահանջը։ Ցանկանում էր «Հիշում եմ ակնթարթը հրաշք» ռոմանսը լսել։ Ասացի, որ բացարձակապես երգել չգիտեմ։ Տիկինը պնդում էր։ Ինձ փրկեց նոթատետրով հաստլիկը։ Եկեք, ասում է, ես երգեմ…

Միայն ոչ այստեղ, խնդրեցի, ավտոբուսում։ (Վերադարձի ճանապարհին հաստլիկն իսկապես երգեց։ Այդ տխմարը, պարզվեց, հրաշալի տենոր ուներ…)։ Նկատեցի, որ Տանյան հոգնել է։ Որոշեցի Տրիգորսկոյե այգին անտեսել։ Առաջներում էլ նման բան պատահել էր։

Դիմեցի տուրիստներին․

Ներկաներից ո՞վ է եղել արգելոցում։

Որպես կանոն, այդպիսիք չէին լինում։ Նշանակում է՝ ոչ մի վտանգ, կարող էի խախտել ծրագիրը…

Տուրիստներս վազքով իջան բլրալանջով։ Ամեն մեկն ուզում էր առաջինն ավտոբուս նստել, չնայած տեղերը բավարար էին ու նախապես բաշխված։ Մինչ մենք նայում էինք Տրիգորսկոյեն, վարորդները հասցրել էին լողանալ։ Մազերը թաց էին։

Գնացինք վանք, ասում եմ, կայանատեղից ձախ։

Ջահել վարորդը գլխով արեց ու հարցնում է․

Էնտեղ երկար ե՞նք մնալու։

Կես ժամ, ոչ ավել…

Վանքում Տանյային ծանոթացրի պահապան Լոգինովի հետ։ Ասում էին, որ Նիկոլայ Վլադիմիրովիչը հավատացյալ է եւ նույնիսկ պահում է ծեսերը։ Միշտ ուզել էի նրա հետ հավատից խոսել ու հարմար պահ էի փնտրում։ Պարզվեց՝ ուրախ ու խաղաղ մարդ է, իսկ դրա կարիքը ես այնպե՜ս ունեի…

Էքսկուրսիան ավարտեցի հարավային կցաշենքում՝ Բրունոյի նկարի առաջ։ Գերեզմանի մոտ ավարտն ավելի տպավորիչ կլիներ, բայց նախընտրեցի բաց թողնել խումբը։ Կինս մի քիչ կանգնեց շրջափակի մոտ ու արագ վերադարձավ։

Անհեթեթ ու տխուր է էս ամենը, ասաց նա։

Չհարցրի, թե ինչը նկատի ունի։ Հոգնել էի։ Ավելի ճիշտ՝ շատ էի լարված։ Գիտեի, որ հենց այնպես չի եկել։

Արի, ասում եմ, ընթրենք «Ծովախորշում»։

Ես նույնիսկ մի քիչ կխմեի, ասաց Տանյան…

Սրահը դատարկ էր ու հեղձուկ։ Երկու հսկա հովհարիչներն անշարժ էին։ Պատերը զարդարված էին փայտե հարթաքանդակներով։ Սակավաթիվ այցելուները երկու խումբ էին կազմել։ Դրսեկ արիստոկրատիան՝ ջինսերով, եւ շատ ավելի գորշ տեսք ունեցող տեղական հասարակությունը։ Եկվորները ճաշում էին, տեղացիները՝ խմում։

Նստեցինք պատուհանի մոտ։

Մոռացա հարցնեմ՝ ինչո՞վ ես եկել։ Ավելի ճիշտ՝ չհասցրի։

Շատ պարզ, գիշերային ավտոբուսով։

Կարող էիր զբոսավարներից որեւէ մեկի հետ գալ, անվճար։

Ես նրանց չեմ ճանաչում։

Ես էլ։ Մյուս անգամվա համար նախօրոք կպայմանավորվենք։

Մյուս անգամ դու կգաս։ Ամեն դեպքում՝ բավական հոգնեցուցիչ է։

Փոշմանեցի՞ր, որ եկել ես։

Ի՜նչ ես ասում։ Էստեղ հրաշք է…

Մոտեցավ մատուցողը՝ պստլիկ նոթատետրը ձեռքին։ Այդ օրիորդին ճանաչում էի։ Զբոսավարներն անունը Բիսմարկ էին դրել։

Հը, ի՞նչ, ասաց նա։

Ու լրիվ ուժահատ՝ պապանձվեց։

Իսկ ավելի քաղաքավարի, ասում եմ, հնարավոր չի՞։ Բացառության կարգով։ Կնոջս հետ եմ։

Բայց ինչ ասեցի՞ որ…

Վերջ տուր, խնդրում եմ, վերջացրո՛ւ…

Հետո Տատյանան ուտելիք, գինի, կոնֆետ պատվիրեց…

Արի քննարկենք։ Արի հանգիստ խոսենք։

Ես չեմ գնա։ Թող իրենք գնան։

Ո՞վ՝ իրենք հարցրեց Տանյան։

Նրանք, որ թունավորում են իմ կյանքը։ Թող հենց իրենք էլ թողնեն֊գնան։

Քեզ կնստացնեն։

Թող նստացնեն։ Եթե գրականությունը դատապարտելի զբաղմունք է, մեր տեղը բանտն է… Եվ ընդհանրապես, գրականության համար արդեն չեն նստացնում։

Հեյֆեցը նույնիսկ չէր հրապարակել իր աշխատանքը, բռնեցին նստացրին։

Հենց նրա համար էլ բռնեցին, որ չէր հրապարակել։ Պետք էր տպագրվել «Գրանիում»։ Կամ «Կոնտինենտում»։ Հիմա նրան ո՞վ պիտի պաշտպանի։ Իսկ այդպես Արեւմուտքում կարող էին աղմուկ բարձրացնել…

Վստա՞հ ես։

Ինչո՞ւմ։

Որ Միշա Հեյֆեցը հետաքրքրում է արեւմտյան հասարակությանը։

Ինչո՞ւ ոչ։ Բուկովսկու մասին գրեցին։ Կուզնեցովի մասին գրեցին…

Էդ բոլորը քաղաքական խաղեր են։ Պետք է մտածել իրական կյանքի մասին։

Կրկնում եմ՝ չե՛մ գնա։

Բացատրի՝ ինչո՞ւ։

Բացատրելու բան չկա… Իմ լեզուն, իմ ժողովուրդը, իմ խելագար երկիրը… Պատկերացրու, նույնիսկ միլիցիոներներին եմ սիրում։

Սերը ազատություն է։ Քանի դռները բաց են, ամեն ինչ կարգին է։ Բայց եթե դռները փակ են դրսից՝ արդեն բանտ է…

Բայց հիմա թողում են, չէ՞։

Ես էլ հենց ուզում եմ օգտվել դրանից։ Զզվել եմ։ Զզվել եմ ամեն զիբիլի համար հերթ կանգնելուց։ Զզվել եմ պատռված գուլպաներից։ Զզվել եմ ուրախանալուց, որ երշիկը տավարի մսով է… Ի՞նչն է քեզ պահում։ Էրմիտա՞ժը, Նեւա՞ն, կեչինե՞րը…

Կեչիներն ինձ բացարձակապես չեն հուզում։

Ուրեմն ի՞նչը։

Լեզուն։ Օտար լեզվով կորցնում ենք մեր անհատականության ութսուն տոկոսը։ Կորցնում ենք կատակելու, հեգնելու ունակությունը։ Հենց միայն դրանից սարսափում եմ։

Իսկ ես կատակի սիրտ չունեմ։ Մտածիր Մաշայի մասին։ Պատկերացրու՝ ինչ է սպասում նրան։

Դու ամեն ինչ սարսափելի չափազանցնում ես։ Միլիոնավոր մարդիկ ապրում են, աշխատում ու միանգամայն երջանիկ են։

Միլիոնավորները թող մնան։ Ես քո մասին եմ խոսում։ Մեկ է, քեզ չեն տպում։

Բայց իմ ընթերցողներն այստեղ են։ Իսկ էնտեղ… Ո՜ւմ են պետք իմ պատմվածքները Չիկագո քաղաքում։

Իսկ էստե՞ղ ում են պետք։ «Ծովախորշի» մատուցողուհո՞ւն, որ նույնիսկ ճաշացանկը չի կարդում։

Բոլորի՜ն։ Պարզապես մարդիկ դեռ գլխի չեն ընկել։

Միշտ էլ էդպես է լինելու։

Սխալվում ես։

Հասկացիր, տասը տարուց ես պառավ կլինեմ։ Ինձ ամեն ինչ հայտնի է վաղօրոք։ Ամեն ապրած օրը աստիճան է դեպի ապագան։ Ու բոլոր աստիճաններն իրար նման են։ Գորշ, կոխկրտված ու դիք… Ես ուզում եմ մի կյանք էլ ապրել, մի անսպասելի բան եմ երազում։ Թող որ դրամա լինի, ողբերգություն… Սա անսպասելի դրամա կլինի…

Որերորդ անգամ խոսում էինք նույն բանի մասին։ Ես վիճում էի, ինչ֊որ հիմնավորումներ բերում։ Ինչ֊որ բարոյական, հոգեւոր, հոգեբանական փաստարկներ էի առաջարկում։ Փորձում էի ինչ֊որ բան ապացուցել։

Միեւնույն ժամանակ՝ գիտեի, որ իմ բոլոր դատողությունները կեղծ են։ Խնդիրն այդ չէր։ Պարզապես չէի կարողանում որոշում կայացնել։ Ինձ վախեցնում էր այդպիսի լուրջ ու անդառնալի քայլը։ Չէ՞ որ դա կրկին ծնվելու պես բան էր։ Այն էլ՝ սեփական կամքով։ Մարդկանց մեծ մասը նույնիսկ կարգին ամուսնանալ չի կարողանում…

Ամբողջ կյանքում ատել եմ ակտիվ գործողությունները։ «Ակտիվիստ» բառն ինձ համար վիրավորանքի պես է հնչում։ Ես կարծես ապրում էի կրավորական սեռով։ Պարզապես հետեւում էի հանգամանքներին։ Դա օգնում էր ամեն ինչի համար արդարացում գտնել։

Ցանկացած վճռական քայլ պատասխանատվություն է ենթադրում։ Ուրեմն թող ուրիշները պատասխան տան։ Անգործությունը միակ բարոյական վիճակն է… Կատարելատիպը ձկնորս լինելն էր։ Ամբողջ կյանքում նստել գետի ափին։ Ու ցանկալի է՝ առանց որեւէ ավարի…

Չէի հավատում, որ Տանյան ընդունակ է մեկնելու առանց ինձ։ Ամերիկան, իմ կարծիքով, նրա համար բաժանվելու հոմանիշ էր։ Բաժանում, որն, ըստ էության, արդեն կայացել էր։ Եվ կորցրել էր ուժը՝ սպառված դենատուրատի պես։

Առաջ կանայք ասում էին․ «Այ մի սիրուն հարուստի կգտնեմ, կտեսնես»։ Հիմա ասում են․ «Կմեկնեմ Ամերիկա»…

Ամերիկան ինձ համար պատրանք էր։ Միրաժի պես բան։ Կիսամոռացված կինո՝ Աքբար վագրի ու Չապլինի մասնակցությամբ…

Տա՜նյա, ասում եմ, ես թեթեւամիտ մարդ եմ։ Ցանկացած արկածախնդրություն սրտովս է։ Եթե այնտեղ (հետ քաշեցի վարագույրը) «Կարավելլա» կամ «Բոինգ» լիներ… Կնստեի ու կգնայի… Թեկուզ էդ Բրոդվեյը տեսնելու համար։ Բայց անցնել ատյաններո՜վ։ Բացատրություններ տալ, ապացուցել։ Պատմական հայրենի՜ք… Նախկինների կա՜նչ… Ֆանյա Ցիպերովիչ մորաքո՜ւյր…

Մեզ ուտելիք ու խմիչք բերեցին։

Ուրեմն հաջողություն մաղթիր մեզ… Տե՛ս, ճաշացանկում «կոտլետ»֊ը «ա»֊ով են գրել…

Չհասկացա՞…

Ախր հրաժեշտ տալու եմ եկել։ Եթե համաձայն չես, առանց քեզ ենք մեկնում։ Որոշված է։

Իսկ Մաշա՞ն։

Մաշան ի՞նչ։ Հենց նրա համար է արվում էս ամենը։ Դու տեղեկանք կտաս…

Ի՞նչ տեղեկանք։ Սպասի՛, արի խմենք…

Որ նյութական պահանջներ չունես։ Դու մեզնից նյութական պահանջներ ունե՞ս…

Անհեթեթությո՜ւն…

Ուրեմն տեղեկանք կտա՞ս։

Իսկ եթե՝ ոչ։

Էդ դեպքում Մաշային դուրս չեն թողնի։

Ու դու մենա՞կ կգնաս։

Չգիտեմ… Չէ՛… Կարծում եմ՝ էդպիսի բան չես անի։ Դու, սկզբունքորեն, չար չես։

Ի՞նչ կապ ունի բարությունը։ Խոսքը կենդանի մարդու մասին է։ Իսկ եթե աղջիկս մեծանա ու ասի… Ո՞նց ես որոշում ընդունում նրա փոխարեն։

Իսկ ո՞վ որոշի։ Դո՞ւ։ Դու փչացրիր քո կյանքը, իմ կյանքը փչացրիր…

Դեռ ամեն ինչ կորած չի…

Խորհուրդ եմ տալիս լավ մտածել…

Մտածելու բան չունեմ… Ինչ֊որ հիմար տեղեկանքներ… Ինչի՞ համար է էս ամենը… Արդեն չեմ խմում, աշխատում եմ… Կյանքը կարգի կընկնի, այ կտեսնես։

Ինքդ էիր ասում․ «Ով մեկ խմեց՝ միշտ կխմի»։

Ես չեմ ասել։ Ինչ֊որ անգլիացի է ասել։ Գրողը դրան տանի։

Կարեւոր չի։ Քեզ են բարեւում։

Հետ նայեցի։ Դռան մեջ կանգնած էին Միտրոֆանովն ու Պոտոցկին։ Ուրախացա, որ կարելի է ընդհատել խոսակցությունը։ Մենակ թե, մտածում եմ, նրան անկողին դնեմ…

Ծանոթացեք, ասում եմ, նստե՛ք։

Ստասիկը հանդիսավոր խոնարհվեց։

Վիպասան Պոտոցկի։ ՍՄ գրողների անդամ։

Միտրոֆանովն անխոս գլխով արեց։

Նստեք։

Ես արդեն նստած եղել եմ, հեգնեց Պոտոցկին։

Միտրոֆանովը լուռ էր։ Հասկացա՝ անփող են, ու ասացի․

Կինս է եկել։ Էնպես որ, հյուրասիրում եմ։

Ու գնացի բուֆետ՝ գարեջրի։ Երբ վերադարձա, Պոտոցկին աշխուժորեն ինչ֊որ բան էր պատմում կնոջս։ Հասկացա, որ խոսքը նրա տաղանդի եւ գրաքննության ապօրինությունների մասին է։ Ինչը չխանգարեց, որ շեղվի․

Գարեջո՞ւր։ Վախենամ չոռոգի։

Ստիպված գնացի օղու հետեւից։ Այդ ընթացքում մատուցողուհին բուտերբրոդներ ու աղցան բերեց։ Պոտոցկին իրար անցավ։

Ինձ՝ լիքը, ասաց նա ու ավելացրեց։ Սիրում եմ լխտիկներին։

Վոլոդյան առաջվա պես լուռ էր։ Ստասիկը որսաց իմ զարմացած հայացքը։ Միտրոֆանովին ցույց տալով՝ բացատրեց․

Հասկանո՞ւմ ես, բերանը իշամեղու է մտել։

Տե՜ր Աստված, ասաց կինս, ու դեռ էնտե՞ղ է։

Չէ՜։ Հասկանո՞ւմ ես, վանքում էքսկուրսիան ավարտելիս իշամեղուն թռել մտել է բերանը։ Վովկան, կներեք խորխել է, բայց սա հասցրել է կծի։ Հիմա խոսել չի կարողանում, ցավում է։

Կուլ տալիս է՞լ, հարցրեց Տանյան։

Վոլոդյան թափով օրորեց գլուխը։

Կուլ տալիս ցավոտ չի, բացատրեց Պոտոցկին։

Նրանց համար օղի լցրի։ Կինս ակնհայտորեն նեղվում էր ընկերախմբի ներկայությունից։

Արգելոցը ձեզ դո՞ւր է գալիս, հարցրեց Պոտոցկին։

Հրաշալի վայրեր կան։ Սավկինի բլրի տեսարանը, Կեռնի ծառուղին…

Միտրոֆանովը հանկարծ լարվեց։

Ը՜֊ը՜֊ա՜, արտաբերեց նա։

Ի՞նչ, հարցրեց կինս։

Ասում է՝ «պատրանք է», բացատրեց Պոտոցկին։ Ուզում է ասել, որ Կեռնի ծառուղին Գեյչենկոյի հորինածն է։ Այսինքն ծառուղին, իհարկե, կա։ Սովորական լորենու ծառուղի։ Բայց Կեռնը կապ չունի։ Հնարավոր է՝ նույնիսկ մոտ չի եկել էդ ծառուղուն…

Իսկ ինձ հաճելի է մտածել, որ հենց այնտեղ է Պուշկինը սեր խոստովանել այդ կնոջը։

Նա կուրտիզանուհի էր, անողոք ճշտեց Պոտոցկին։

Պա֊պա պո֊պո, հավելեց Միտրոֆանովը։

Վոլոդյան ուզում է ասել «պարզապես պոռնիկ»։ Եվ, կոպիտ ասած, իրավացի է։ Աննա Պետրովնան տասնյակ սիրեկաններ ուներ։ Հենց միայն ընկեր Գլինկան ինչ արժե… Իսկ Նիկիտե՞նկոն։ Եվ ընդհանրապես, գրաքննիչի հետ խառնակվելն արդեն չափից դուրս է։

Գրաքննությունն էն ժամանակ ուրիշ էր, ասաց կինս։

Ցանկացած գրաքննություն հանցագործություն է, Ստասիկը կառչեց հոգեհարազատ թեմայից։

Նա նորից խմեց ու ավելի տաքացավ։

Իմ ամբողջ կյանքը պայքար է գրաքննության հետ, ասում էր նա, ցանկացած գրաքննություն ծաղրուծանակ է արվեստագետի հանդեպ… Գրաքննությունն իմ մեջ ալկոհոլային ընդվզում է ծնում։ Եկեք խմենք գրաքննության վախճանի կենացը։

"Արգելոց" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Մի՛ վախեցիր - Հայտարմա
Ալեքսանդր Սպենդիարյան

Մի՛ վախեցիր - Հայտարմա

Սեն Մալո
Սեն Մալո
Խաղա առցանց