Րաֆֆի

Խամսայի Մելիքությունները

9

XL

Ղարաբաղի հայոց գաղթականությունը Վրաստանում բախտավոր լինել չկարողացավ։ Դրա պատճառները այնքան մթին են, որ այժմ անհարմար կլիներ ամբողջությամբ երևան հանել։ Թե մելիքները և թե նրանց ժողովուրդը շատ դժբախտությունների հանդիպեցան։ Ժանտախտը, որի պատճառով նրանք ցիրուցան եղան և եկան Վրաստան, այստեղ ևս հայտնվելով, շատ զոհեր տարավ։

Մելիքներից ավելի խելացի գտնվեցավ Մելիք-Շահնազարյան Մելիք-Ջումշուդը։ Հերակլի և Գիորգիի մահից հետո, զզվելով տեղային անախորժ հանգամանքներից, կամեցավ Լոռին վաճառել և կրկին տեղափոխվել Ղարաբաղ, իր հայրենի երկիրը՝ Վարանդա։

Նույն ժամանակվա Վրաստանի լեռնային մասի կառավարիչ կոմս Մուսին-Պուշկինը օգտավետ համարեց գնել Մելիք-Ջումշուդից Լոռին, գնահատելով այդ երկիրը 6 000 ռուբլով։ Դրա հակառակ, նույն ժամանակվա գլխավոր հրամանատար իշխան Ցիցիանովը (վրացի) զանազան պատճառներ բերելով, կամենում էր ցույց տալ, որ Լոռին Մելիք-Ջումշուդի սեփականությունը չէ, և վաճառելու իրավունք չունի։ Բայց Ս. Պետերբուրգում արդեն գիտեին իշխան Ցիցիանովի անհամակրությունը դեպի հայոց մելիքները, որը արտահայտել էր նա շատ դեպքերի մեջ։ Այդ էր պատճառը, որ իշխանի կարծիքներին Ս. Պետերբուրգում չհամաձայնվեցան, և ֆինանսական մինիստրի 1805 թ. 22 մայիսի կարգադրությամբ իրավունք տրվեցավ Մելիք-Ջումշուդին Լոռին վաճառելու, և տեղային կառավարությանը հրամայվեցավ կալվածագիրը հաստատելու։

Իհարկե, եթե մի քանի տարի ևս ուշացնելու լիներ Մելիք-Ջումշուդը, նա ամեն բանից կզրկվեր, որպես Մելիք-Աբովի ժառանգները զրկվեցան Բոլնիսից։ Բայց Լոռին վաճառելուց հետո նույն տարվա մեջ (1805) Մելիք-Ջումշուդը թողեց Վրաստանը և իր հպատակների հետ տեղափոխվեցավ Ղարաբաղ, իր հայրենի գավառը՝ Վարանդա։

Այդ քաջ, միևնույն ժամանակ խելացի պատերազմողը շատ նպաստեց ռուսաց տիրապետության տարածվելուն Անդրկովկասում։ Դեռ 1803 թվի դեկտեմբեր ամսում, երբ իշ. Ցիցիանովը պաշարեց Գանձակը, Մելիք-Ջումշուդը իր սեփական ձիավորներից կազմված հայկական գունդով կանգնած էր այդ բերդի պարիսպների մոտ։ Նրա զորքերի թվում գտնվում էին Թիֆլիսի հայոց առաջնորդ Հովհաննես արքեպիսկոպոսը և Ներսես վարդապետը, որը վերջը հայոց անմոռանալի Ներսես Ե-րդ կաթողիկոսը դարձավ։ Այդ եռանդոտ եկեղեցականը, իր հայրենիքը պարսից լծից ազատելու համար, մասնակցում էր իշ. Ցիցիանովի աշխատանքներին, որպես Երկայնաբազուկ-Արղության Հովսեփ արքեպիսկոպոսը մի ժամանակ մասնակցում էր կոմս Զուբովի արշավանքներին։ Բերդի պաշարումը երկար տևեց։ Ջավադ-խանը, որը արդեն ծանոթ է մեր ընթերցողներին, քաջությամբ պաշտպանվում էր։ Վերջը, 1804 3 հունվարի, ռուսաց և հայոց զորքերը, սաստիկ հարձակում գործելով, պարսպի մի մասը խորտակում են և ներս են մտնում։ Բերդի մեջ մի քանի ժամ շարունակվում էր կռիվը և կոտորածը, որը դադարեց այն ժամանակ, երբ Ջավադ-խանը սուրը ձեռքում իր որդիների հետ ընկան։

Այնուհետև Մելիք-Ջումշուդը մյուս մելիքների հետ իրանց զորքերով մասնակցեցին իշ. Ցիցանովի շիրվանյան և երևանյան արշավանքներին, և ոչ սակավ ծառայություններ ցույց տվին։

Մելիք-Ջումշուդի խորհրդով և աշխատությամբ Գանձակի բերդը գրավելուց հետո Շուշի բերդի Իբրահիմ-խանը, Ղարաբաղի մելիքների վաղեմի թշնամին, բոլորովին առանց պատերազմի ընդունեց ռուսաց հպատակությունը (1805)։

Իսկ երբ մի քանի ամսից հետո (1806, 8 փետ.) իշ. Ցիցիանովը սպանվեցավ Բաքվի Հուսեին-Կուլի-խանի դավադրությամբ, այդ քաղաքը ներս մտնելու միջոցին, նույն ժամանակ, հենց որ ռուսաց զորքերի գլխավոր հրամանատարի մահվան լուրը տարածվեցավ, Անդրկովկասի ամբողջ մահմեդական ժողովրդաբնակությունը մեծ հուզմունքի մեջ ընկավ, համարյա ամեն տեղ սկսեցին ապստամբական ցույցեր անել։

Այդ Ժամանակ պարսից զորքերը գտնվում էին Երասխ գետի աջ ափերի վրա, պարսից թագաժառանգ Աբաս-Միրզայի անձնական հրամանատարության ներքո։

Նույն ժամանակ Շուշի բերդի Իբրահիմ-խանը, չնայելով, որ մի քանի ամիս առաջ հպատակության երդում էր ավել ռուսաց կառավարությանը, հենց որ լսեց իշ. Ցիցիանովի մահը, կրկին դավաճանեց իր երդմանը։ Նա գաղտնի կերպով ուղարկեց իր եղբայր Մամադ-Հասան-աղային Աբաս-Միրզայի մոտ և, հայտնելով նրան երկրի թափուր դրությունը ռուսաց դիրքերից, այլև մահմեդականների կատաղությունը ռուսների դեմ, հրավիրեց նրան փութով անցնել Երասխը, խոստանալով, թե ինքն էլ կմիանա պարսից զորքերի հետ և կառաջնորդե նրանց ռուսներին ջարդելու։

Աբաս-Միրզան զորքերի ահագին բազմությամբ անցավ Երասխը և մոտեցավ Շուշի բերդին։ Այնտեղ գտնվում էին մի քանի հարյուր ռուս սալդատներ միայն, փոքրաթիվ կոզակների հետ, պոդպոլկովնիկ Լիսանևիչի հրամանի ներքո, որը հայտնի էր տեղացիներին անունովս դալի-մայոր, որ նշանակում է գիժ մայոր։

Աբաս-Միրզայի բանակը արդեն դրած էր Շոշի գյուղի մոտ գտնված լեռան բարձրավանդակի վրա և այնտեղից պատրաստելում էր ռմբակոծել Շուշի բերդը։ Այդ միջոցին Իբրահիմ-խանը, իր հետ առնելով իր ընտանիքը, որ բաղկացած էր 24 հոգուց, գիշերով ծածուկ դուրս եկավ բերդից և կամենում էր դիմել դեպի Աբաս-Միրզայի բանակը։ Ոչ ոք չկարողացավ նկատել այդ, բացի Մելիք-Ջումշուդից, որին առաջուց հայտնի էին խանի դիտավորությունները։ Մելիք-Ջումշուդն այդ ժամանակ իր հեծելախմբով գտնվում էր բերդի մեջ։ Նա անմիջապես իմացում տվեց պոդպոլկովնիկ Լիսանևիչին և, երկուսը միասին, վեր առնելով իրանց հետ մի խումբ ձիավորներ, փութով հետամուտ եղան Իբրահիմ-խանին։ Նրան բռնեցին կես ճանապարհի վրա։ Խնայեցին կնիկներին և երեխաներին միայն, իսկ Իբրահիմ-խանին և նրա հետ եղող բոլոր ազգականներին կոտորեցին (1806, մայիս ամսում)։

Ղարաբաղի հայոց իշխանությունների կործանողը սպանվեցավ։ Մելիք-Ջումշուդը առեց ոչ միայն իր, այլ բոլոր մելիքների վրեժը Իբրահիմ-խանից։ Նրա հայրը՝ Մելիք-Շահնազարը, բարձրացրեց այդ գազանին, և բոլոր ղարաբաղցիների անեծքի ու նախատինքի առարկան դարձավ։ Իսկ անպիտան հոր պիտանի որդին քավեց հոր մեղքերը... Բայց, արդեն շատ ուշ էր... Իբրահիմ-խանի մահը չէր կարող բժշկել այն վերքերը, որ ստացել էին Ղարաբաղի մելիքները Շուշի բերդի խաներից...

Այս բոլոր ծառայությունների համար Մելիք-Ջումշուդը ստացավ պոլկովնիկի աստիճան։

Ահա ինչ է գրում Մելիք-Ջումշուդը իր 1806 ամի 2 դեկտեմբերի նամակի մեջ Ս. Պետերբուրգ աղա Մինաս Լազարյանին.

«Թեև դրանից առաջ մի քանի անգամ պատասխանել եմ ձեր նամակներին, բայց որովհետև չգիտեմ, արդյոք հասնո՞ւմ են նրանք ձեր ձեռքը, այղ պատճառով հարկավոր եմ համարում նորից պատասխանել ձեր բոլոր հարցերին։

Նախ, դուք դժգոհ եք այն մասին, թե ինչո՞ւ մեր (մելիքների) անունները չեն հիշվում վրաց կնյազների անունների թվում, որոնք նշանավոր են գտնվել զանազան կռիվներում։

Այդ առարկայի մասին թեև ես ինքս վշտացած եմ, բայց դարձյալ կասեմ, որ մենք՝ Խամսայի մելիքներս, ավելի, քան թե նրանք (վրաց իշխանները) գերազանցել ենք պատերազմների մեջ և պետք է արժանի լինենք ավելի բարձր պարգևների ու շնորհների, բայց հանգուցյալ իշխան Ցիցիանովի սրտում արմատացած ատելությունը դեպի հայոց ժողովուրդը (թեև Վրաստանում ծնված հայերին նա վրացիներ էր համարում) թույլ չէր տալիս նրան հասցնել ի տեղեկություն ամենաողորմած Թագավորի մեր կատարած ամենադժվարին ծառայությունները և այն քաջությունները, որ մենք ցույց տվինք Գանձակի գրավման ժամանակ, այլև Շիրվանի ու Երևանի արշավանքների միջոցներում։ Այնտեղ իշխանը (Ցիցիանովը) տեսնելով ինձ իմ գեղեցիկ կերպով կազմակերպած զորքերի հետ, որ ծառայում էին ռուսաց կառավարությանը առանց որևէ շահի (ձրի, առանց ռոճիկ ստանալու), խոստացավ աղերսամատույց լինել ինձ համար Կայսրից դրոշակ բերել տալու, որը, կարելի է, ես կստանայի, եթե չպատահեր իշխանի հետ մի այնպիսի դժբախտություն (Բաքվի մեջ սպանվելը)։

Իշխան Ցիցիանովի մահից հետո ես գտնվելով այստեղ (Թիֆլիսում) և տեղյակ լինելով պարսիկների բոլոր չար դիտավորություններին, և որպեսզի կարելի լինի հաստատել Ռուսաստանի տիրապետությունը Ղարաբաղի նոր գրաված երկրի վրա, գրավոր կերպով բացատրեցի իմ մի քանի խորհրդածությունները գեներալ-մայոր Նեսվետաևին, իսկ ես ինքս անձամբ գնացի Շուշի բերդը և միացա ռուսաց զորքերի հետ։

Երբ որ պարսիկները լսեցին իշխան Ցիցիանովի մահվան լուրը, իսկույն Բաբա-խանի որդի Աբաս-Միրզայի առաջնորդությամբ նրանց բազմաթիվ զորքերը թափվեցան Ղարաբաղի վրա, և միանալով տեղային թաթառների հետ, կամենում էին կոտորել ռուսաց ամբողջ զորքերը և այն բոլոր հայերին, որ գտնվում էին բերդում (Շուշում)։ Այդ մտքի հետ համաձայն էր և Շուշիի տիրապետող Իբրահիմ-խանը և այդ պատճառով էլ ստացավ իր արժանավոր պատիժը (սպանվեցավ)։

Միևնույն ժամանակ գեներալ-մայոր Նեսվետաևին հաճո թվեցան իմ գրավոր առաջարկությունները, և նա իմ խորհրդով ուղարկեց տրոիցկի զորագունդը՝ Ղարաբաղ, հօգնություն այնտեղ գտնված ռուսաց զորքերի։ Հիշյալ զորագունդը, Գանձակից անցկենալու միջոցին, առեց իր հետ պոլկովնիկ Կարյագինին նրա զորքերի հետ, և շտապեց մեզ մոտ (Շուշի) օգնություն հասնելու։ Բայց դեռ ճանապարհի վրա գտնված ժամանակ նրանք գրեցին ինձ, որ իմ ձիավորների խումբով դուրս գամ նրանց առաջ։ Թողնելով իմ զորքերից բավականաչափ թվով բերդի (Շուշիի) պահպանության համար, ես վեր առի իմ ձիավորների մի մասը և գնացի միացա նրանց հետ, իսկ երեք օրից հետո մենք ամենքս միասին կռվում էինք և Ամենաբարձրյալի օգնությամբ կատարելապես հաղթեցինք մեր թշնամիներին (պարսիկներին) և նրանց հալածեցինք մի այնպիսի արագությամբ, որ (Աբաս-Միրզայի) 20 000-ի չափ հեծելազորքը սարսափելի երկյուղով անցավ Երասխի մյուս կողմը։

Գեներալ-մայոր Նեբոլսինը, միևնույն տրոիցկի զորագունդի շեֆը, և պոլկովնիկ Կարյագինը, եգերյան զորագունդի շեֆը, տեսան ինձ կռվելու ժամանակ, տեսան իմ և իմ զորքերի քաջությունները, վերջապես տեսան իմ հավատարմությունը, որովհետև հացի պակասության ժամանակ ես մատակարարեցի պաշար ռուսաց զորքերին և ցույց տվի նրանց բազմաթիվ ծառայություններ, այդ բոլորը խիստ հաճելի թվեցան նրանց, և այդ պատճառով, հաղորդագրելով իմ մատուցած բոլոր ծառայությունների մասին, նրանք խնդրեցին գեներալ-մայոր Նեսվետաևից, որ նա հասցնե ի տեղեկություն մեր ամենաողորամած Թագավորին։ Բայց դժբախտաբար, և ինձ անհայտ պատճառներով, նա (Նեսվետաևը) չներկայացրեց։

Իսկ երբ որ ես եկա այստեղ (Թիֆլիս), այն ժամանակ խնդիր մատուցի նորին պայծառափայլության կոմս Ի. Վ. Գուդովիչին, որը, հույս ունեմ, այն սիրո համար, որ ունի դեպի ձեզ և դեպի մեր ժողովուրդը (որին նա խնամք է ցույց տալիս), կվարձատրե ինձ այն ամենի համար, ինչ որ ես մինչև այսօր կատարել եմ, իհարկե, ևս զրկված չեմ լինի այդ դեպքում Ամենաբարձրալի օգնությունից և ձեր ողորմածությունից։

Երկրորդ, դուք գրում եք, թե ինչո՞ւ մենք չենք կազմակերպում կանոնավոր զորագունդեր։ Դուք հավատացած եղեք, օր մենք հեշտությամբ կարող էինք անել այդ, և այն ևս առանց ուրիշի օգնության, եթե մենք այժմ տեր լինեինք մեր առաջվա հարստության և ժողովրդին, որը, սովի և ժանտախտի պատճառով, ցրիվ եկավ դեպի Շիրվան և Վրաստան։ Իմ հայրը (Մելիք-Շահնազարը) և մեր նախնիքը միշտ պահվում էին իրանց մոտ այնպիսի զորագունդեր, որոնց կազմակերպելը դուք ինձանից պահանջում էք։ Բայց այն ժամանակ նրանք տիրում էին ամբողջ Ղարաբաղի վրա, և բոլոր հայերն ու թուրքերը նրանց հպատակներն էին։ Ուրեմն. եթե դուք ցանկանում եք, որ հայոց ժողովուրդը ազատվեր բարբարոսների (թաթառների) բռնակալությունից, եթե ցանկանում եք, որ բոլորը (գաղթածները) կրկին վերադառնային դեպի իրանց հայրենիքը, պահպանեին կանոնավոր զորագունդեր և լավ ծառայություններ մատուցանեին մեր ամենաողորմած Թագավորին, պետք է որ դուք միջնորդեք, 1-ին, որ հրամայեին մեր ցրիվ եկած ամբողջ ժողովրդին, որոնք գտնվում են Շիրվանում և Վրաստանում, որ նրանք կրկին վերադառնային իրանց հայրենիքը (Ղարաբաղ)։ 2-րդ, որ նրանք ազատ լինեին բոլոր հարկերից և տուրքերից երեք տարի ժամանակով։ Իսկ 3-րդը այն է, որ մեր հայերը չլինեին թուրքերի իշխանության ներքո, որովհետև դրանք չեն կարող միշտ հավատարիմ մնալ մեր քրիստոսապսակ Թագավորի կառավարությանը, այլ, ընդհակառակն, աշխատում են օրըստօրե ուժաթափ անել հայոց ժողովուրդը, որպեսզի դյուրությամբ կարողանան կատարել իրանց չար դիտավորությունները։ 4-րդ, որ նշանակեին մեզ համար մի գումար, որով մենք կարողանայինք պատրաստել հարկավոր եղած զենքերը այն զորագունդերի համար, որ պետք է կազմակերպել, որպեսզի միշտ առանց որևիցե պակասության պատրաստ լինեին պատերազմ գնալու ռուսաց զորքերի հետ։

Եթե մեր ամենաողորմած Թագավորը ցույց կտա մեզ այսպիսի գթածություն, այն ժամանակ դրանով Նա իրականապես կվերանորոգե հայերի ուժերը և կհարկադրե նրանց ամեն կողմից դիմել Նորին Կայսերական Մեծության քաղցր հովանավորության ներքո։

Ես հարկավոր չեմ համարում այդ մասին երկար ձանձրացնել ձեզ իմ խնդիրքներով, որովհետև դուք հազար անգամ ավելի, քան թե ես, աշխատում եք հայոց ժողովրդի ծաղկելու համար, և գիշեր ու ցերեկ չեք դադարում այդ մասին հոգ տանելուց։ Դրա համար ես հուսով եմ, որ առանց իմ խնդրելու, դուք եռանդով կաշխատեք այդ գործի ի կատար ածելու համար, որով կթողնեք ձեզանից հետո հավիտենական հիշատակ, ձեր մի այսպիսի բարեգործության համար...»։

Ստորագրված է Մելիք-Ջումշուդ Մելիք-Շահնազարյան.

1806 թվին, Ղարաբաղի տիրապետող հինգ մելիքները, բոլորը միասին, համարյա միևնույն բովանդակությամբ նամակ են գրում աղա Մինաս Լազարյանին Ս. Պետերբուրգ։ Այդ նամակի մեջ մելիքները դարձյալ արտահայտում են միևնույն գանգատները, թե նրանց մատուցած ծառայությունները ոչ միայն չեն գնահատվում, այլ մինչև անգամ հարկավոր չեն համարում հաղորդել ի տեղեկություն թագավոր կայսրի և այլն։

«Դուք (Լազարյանը) ասում եք, թե ափսոսում եք և միանգամայն զարմանում եք, որ մեր անունները և մեր մատուցած ծառայությունները ոչ մի տեղ չեն հիշատակվում, և թե մեր աշխատությունները իզուր կորչում են։ Այդ հարցին մենք պատասխանում ենք, թե ահա հենց դրա մեջն է կայանում մեր ցավն ու դժբախտությունը. որովհետև մենք մինչև մեր արյան վերջին կաթիլը չենք խնայում մեր անձը ռուսաց հայրենիքի համար և միշտ աշխատում ենք, որ մեր ամեն հավատարիմ հպատակության զգացմունքները հասնեին մինչև նորին Կայսերական մեծության ամենաողորմած գահը, բայց ի՜նչ օգուտ, որ այդ բոլորը մնում է ծածկված վարագույրի տակ...»։

Հետո իրանց նամակում ի միջի այլոց մելիքները խնդրում են. 1-ին, որ թույլ տրվի նրանց հավաքել իրանց զանազան երկրներում ցրիվ եկած ժողովուրդը Ղարաբաղում, իրանց՝ մելիքների կառավարության ներքո. 2-րդ, որ նրանք ազատ լինեին խանի իշխանությունից և նրանց ժողովուրդը բաժանված լիներ թուրքերից, և խանի փոխարեն նշանակված լիներ մի ռուս աստիճանավոր, 3-րդ, որ մելիքներին տրվեր, որպես առաջուց խոստացել էին նրանց, նույնպիսի ամենաողորմած արտոնություններ, որպիսին վայելում էր Նախիջևան քաղաքը (Դոնի վրա), այսինքն, նրանց օրենքները և դատարանները հիմնված լինեին իրանց երկրի վաղեմի սովորությունների և ավանդությունների վրա։ Եվ եթե նրանց այսպիսի արտոնություն կտային, մելիքները խոստանում էին կազմել ավելի կանոնավոր զորքեր, օգնելու համար ռուսներին ամեն դեպքերում։ Բացի դրանից, խոստանում էին, որպես հարկ վճարել ռուսաց կառավարությանը յուրաքանչյուր տարի 4 000 չետվերտ հաց և 4 000 ոսկի փող։

Այդ նամակից երևում է, որ մելիքներն այժմ իրանց պահանջները բավական չափավորել էին, նրանք այլևս չէին մտածում Ղարաբաղի վաղեմի հայկական իշխանությունները վերականգնելու մասին, այլ պահանջում էին մի տեսակ ինքնավարություն, ռուսաց հովանավորության ներքո, խոստանում էին պահպանել իրանց երկիրը իրանց զորքերով, ամեն տարի վճարելով մի որոշյալ քանակությամբ հարկ։

Մելիքների զորության թուլանալու գլխավոր պատճառը պետք է որոնել նրանց հպատակների գաղթականության մեջ։ Սովը, ժանտախտը և զանազան քաղաքական հանգամանքներ նրանց ցիրուցան արեցին դեպի ամեն կողմեր։ Ամեն տեղ նրանց արեցին փայլուն խոստմունքներ և ամեն տեղ նրանք խաբվեցան իրանց հույսերի մեջ։

Կրկին ի մի վայր գումարել այդ ժողովուրդը, հայրենի հողի վրա, նրանց ոչ միայն թույլ չէին տալիս, այլ մինչև անգամ արգելում էին։ Այդ քաջ ժողովուրդն ավելի հարկավոր էին համարում այն երկրների պահպանության համար, ուր որ զետեղված էին։ Թեև Ղարաբաղի գաղթականների մի մասը Վրաստանից տեղափոխվեցավ իր հայրենիքը, բայց դարձյալ դեռ բավական թվով մնացել էին այնտեղ։ Շամախու գավառը գաղթողներից, դեռ ոչ ոք չէր վերադարձել։

Ամենակորստաբերն այն էր, որ գաղթականության պատճառով, Ղարաբաղի հայ ժողովրդի բացակայության ժամանակ, նրանց երկրները, գյուղերը, հողերը մնացին անտեր, դատարկ։ Այդ դեպքից օգուտ քաղելով, Շուշի բերդի Իբրահիմ-խանը և նրա հաջորդ Մեհտի-խանը գրավեցին մելիքների երկրները և բնակեցրին մահմեդականներով։ Երբ Ղարաբաղի գաղթականների մի մասը կրկին վերադարձավ իր հայրենիքը, մելիքներին մեծ ջանք էր հարկավոր, որ կարողանային խաներից հետ խլել իրանց գյուղերն ու հողերը և, նոր բնակեցրած մահմեդականներին հեռացնելով, նրանց տեղը հաստատեին երկրի վաղեմի բնակիչներին՝ հայերին։ Ռուսաց նոր տիրապետությունն այդ ժամանակ դեռ այն աստիճան օրորվող դրության մեջ էր, որ ռուսները ոչ միայն ժամանակ չունեին, այլ մինչև անգամ հարկավոր չէին համարում մելիքների և խաների կալվածական վեճերի մեջ մտնել, և այդ էր պատճառը, որ մելիքներից շատերը կորցրին իրանց ընդարձակ կալվածները, կամ ձեռք բերեցին նրանց մի մասը միայն։ Ինչպես ասում են, խաների «խաթրին» այդ ժամանակ չէին ուզում դիպչել, իսկ հավատարիմ, քրիստոնյա մելիքներին շողոքորթելու հարկ չկար։

XLI

Մնում է մեզ մի քանի խոսք ասել Գյուլ-Յաթաղ բերդի Մելիք-Ալլահվերդյան Մելիք-Ռուստամի մասին, և մենք շուտով կվերջացնենք Խամսայի մելիքությունների հետ։

Ընթերցողը հիշում է, որ Մելիք-Ռուստամը Խամսայի տիրապետող մելիքների կարգից չէր, այլ Շուշի բերդի մահմեդական խաներին մատուցած ծառայությունների համար մելիքություն ստացավ։ Նա իր զորքերով օգնեց Իբրահիմ-խանին Գանձակի պաշարման ժամանակ և Մելիք-Մեջլումի սպանման պատճառը դարձավ (տես գլ. XXXIII)։ Նա Աղա-Մամադ-խանի սպանվելուց հետո օգնեց Իբրահիմ-խանին, և վերջինը կրկին Շուշի բերդի տերը դարձավ (տե՛ս գլ. XXXIV)։ Նա ուրիշ շատ ծառայություններ կատարեց Շուշի բերդի բռնակալի օգտին ի վնաս հայոց մելիքների, այդ բոլորը իրանց տեղերում պատմել ենք։

Ղարաբաղի մելիքների վերջին գաղթականության ժամանակ Մելիք-Ռուստամը իր հայրենիքից չհեռացավ։ Նրա հարաբերությունները Շուշի բերդի Իբրահիմ-խանի հետ այնքան լավ էին, որ նա կարիք չուներ օտար երկրներում ապահովություն որոնելու։ Բայց մյուս կողմից նրան սպառնում էր մի վտանգ, այն էր Գանձակի Ջավադ-խանի վրեժխնդրությունը։

Ջավադ-խանը չէր կարող մոռանալ, որ նա, Իբրահիմ-խանի հետ միանալով, պաշարեց իր բերդը, դավաճանությամբ իր աներ Ապրես-աղային մտցրեց բերդի մեջ, տեղային հայերին ապստամբեցրեց իր դեմ, Մելիք-Մեջլումին սպանել տվեց և այլն։

1799 թվին, այսինքն՝ Մելիք-Մեջլումի մահից երեք տարի հետո, Ջավադ-խանը հարմար ժամանակ գտավ Մելիք-Ռուստամից վրեժխնդիր լինելու։ Նա իր զորապետներից մեկի առաջնորդությամբ, որին կոչում էին Մըրղ-հաջի, որը ավելի հսկա էր, քան թե հասարակ մարդ, բազմաթիվ ասպատակներ է ուղարկում Մելիք-Ռուստամի երկիրը ավերակ դարձնելու և նրան գերի բերելու համար։ Մելիք-Ռուստամը, այս լսելով, վեր է առնում իր ձիավորների խումբը և դուրս է գալիս թշնամու հանդեպ։ Մելիքի հետ է լինում նրա քաջ նիզակակից տեր-Հարություն քահանան։ Նրանք հանդիպում են թշնամուն Սուլթանի տափ կոչված դաշտում։ Թշնամին մի քանի անգամ ավելի բազմաթիվ է լինում, քան մելիքի զորքերը։ Բայց որովհետև այդ ժամանակվա կռիվների մեջ հակառակ կողմերի բախտը վճռվում էր շատ անգամ առաջնորդող անձինքների մենամարտությամբ, քան թե զորքերի հավաքական պատերազմով, այդ պատճառով Մըրղ-հաջին կայծակի արագությամբ նետվում է Մելիք-Ռուստամի վրա։ Վերջինը ժամանակ չէ տալիս նրան իր մոտ հասնելու և հեռվից հրացանի գնդակով ցած է գլորում նրա ձին, և հսկան մնում է ձիու տակը։ Այդ միջոցին Մելիք-Ռուստամն արծվի արագությամբ վրա է հասնում, թուրը մերկացնում է, պատրաստվում է սպանել նրան։ Բայց հսկան աղաչում է խնայել իր կյանքին, հայտնելով, թե անձնատուր է լինում է Մելիքը մեծահոգությամբ խղճում է նրան և, իր թուրը պատյանում դնելու միջոցին, ուխտազանց թուրքը, որ թավալված էր նրա ոտների մոտ, տակից հանկարծ արձակում է ատրճանակը և մելիքին մահացու վերք է պատճառում։ Այդ միջոցին վրա է հասնում մելիքի նիզակակից տեր-Հարությունը, գտնում է նրան հոգեվարքի մեջ։ Թողնելով նրան նույն դրության մեջ, հարձակվում է Մըրղ-հաջիի վրա և սպանում է նրան։ Բայց ինքն ևս սպանվում է նույն կռվի մեջ, երբ կատաղած մահմեդականները, տեսնելով իրանց առաջնորդի դիակը, ավելի սաստկացնում են կռիվը։

Մելիք-Ռուստամի գլուխը կտրում են և տանում Գանձակ, նվիրում են նրա թշնամի Ջավադ-խանին, որից տեղային հայերը խնդրելով առնում են քաջ մարդու գլուխը և թաղում են իրանց եկեղեցու դռան մոտ։ Իսկ մարմինը թաղվում է իր հայրենի Գյուլ-Յաթաղ բերդի գերեզմանատանը։

Մելիք-Ռուստամը որդի չթողեց. այդ պատճառով նրա մահից հետո մելիք եղավ նրա եղբոր՝ Միրզա-բեկի որդի Րովշանը։

Մելիք-Րովշանը իր նախորդների նման բարեկամ չմնաց Շուշի բերդի խաներին և մասնակցում էր ռուսաց կռիվներին խաների դեմ։ Գանձակի պաշարման ժամանակ նա իր խումբով գտնվում էր իշ. Ցիցիանովի բանակի մեջ և քաջությամբ կովում էր Ջավադ-խանի դեմ, որի հետ ունեցած թշնամությունը, թե Մելիք-Ռուստամի սպանման պատճառով և թե առաջ, մեր ընթերցողներին հայտնի է։

Երբ իշ. Ցիցիանովը գրավեց Գանձակը, Մելիք-Րովշանը թողեց Ջրաբերդը և իր ընտանիքով տեղափոխվեցավ այդ քաղաքը, վայելում էր իշ. Ցիցիանովի առանձին համակրությունը։

Այնուհետև նա շատ ծառայություններ արեց ռուսաց զորքերին, թե նյութապես և թե իր քաջ ձիավորների խումբերով օգնելով նրանց։ Երբ պոլկովնիկ Կարյագինը, Շուշի բերդի մոտ ջարդվելով պարսից բազմաթիվ զորքերից, փախավ և ամրացավ Շահբուլաղի բերդի մեջ, այստեղ նրա հրամանատարության ներքո հանձնված ռուսաց զորագունդը, ամեն կողմից պաշարված պարսից զորքերով, անպատճառ կոչնչանար քաղցածությունից, եթե Մելիք-Րովշանը նրանց օգնություն չհասցներ։ Նա իր ձիավորների խումբով պատռեց, անցավ պարսից զորքերի միջով և Կարյագինի զորագնդին ուտեստի պաշար հասցրեց։

Այդ բոլորը այն աստիճան հռչակեցին Մելիք-Րովշանի անունը, որ ռուսները կամենում էին ուղարկել նրան իր ձիավորների հետ դեպի Կարսի կողմերը տաճկաց սահմանների վրա։ Երբ նա պատրաստվել էր գնալու, մի գիշեր Գանձակի կամուրջից անցնելու միջոցին, անհայտ ձեռքից հրացանի մի գնդակ արձակվեցավ, և նա մեջքից վերք ստացավ։

Մելիք-Րովշանը ոչ ոքի վրա չէր կարող կասկածել, բացի Մելիք-Մեջլումի որդի փոքր Մելիք-Աթամից, որ այդ ժամանակ Գանձակումն էր գտնվում։ Հին տոհմային թշնամությունը նորից գրգռվեցավ երկու ոխերիմ ընտանիքների մեջ, որոնք, որպես տեսանք մեր պատմության ընթացքում, շատ չարիքներ էին գործել միմյանց դեմ։ Մելիք-Րովշանը գանգատվեց, և Գանձակի ռուս բերդապահը կալանավորեց փոքր Մելիք-Աթամին։ Բայց երբ ոչինչ չհաստատվեցավ, մի քանի օրից հետո Մելիք-Աթամին արձակեցին։ Այդ սաստիկ վիրավորեց Մելիք-Րովշանին, և նա բողոքեց ռուսաց բարձր կառավարությանը բերդապահի դեմ։ Վերջինս սաստիկ հանդիմանություն ստացավ և մի քանի օր տնային բանտարկության ենթարկվեցավ։

Բայց երբ իշ. Ցիցիանովը Բաքվի մոտ սպանվեցավ, այնուհետև Մելիք-Րովշանը կորցրեց իր պաշտպանին, և նրա հարաբերությունները Գանձակի բերդապահի հետ հետզհետե թշնամական դարձան։ Մելիք-Րովշանը մտածեց հեռանալ Գանձակից։ Նա իր հայրենիքը՝ Ջրաբերդ, գնալ չկարողացավ, որովհետև Շուշի բերդի Ւբրահիմ-խանի հաջորդ Մեհտի-խանի հետ նույնպես լավ հարաբերությունների մեջ չէր։ Կարյագինի անցքի պատճառով նա հրավիրել էր իր վրա Շուշի բերդի խաների ատելությունը, որոնք թեև ռուսներին առերես հպատակություն էին ցույց տալիս, բայց սրտով կապված էին պարսիկների հետ։

Իր անձնանվեր, բայց չվարձատրված ծառայությունների համար վշտացած, Մելիք-Րովշանը թողեց Գանձակը և գնաց Շաքի Դաշ-բուլաղ գյուղը, որ հիմնել էր մի ժամանակ (տե՛ս գլ. XXVII) նրա հորեղբայր Մելիք-Ռուստամը, և այնտեղ առանձնացավ, իրան առժամանակ հեռու պահելով պատերազմի դաշտից։ Դաշ-բուլաղում դեռ բնակվում էին Մելիք-Ռուստամի Ջրաբերդից տարած հայ գաղթականները։ Մելիք-Րովշանը նրանց իր հպատակության ներքո առեց և խաղաղ կյանք էր վարում։ Այնտեղ մի քանի տարուց հետո վախճանվեցավ նա, այն վերքի պատճառած հիվանդությունից, որ ստացել էր նա Գանձակի կամուրջի վրա։ Նա թողեց մի որդի Ալլահվերդի-բեկ անունով, որը այդ տոհմի մեջ Մելիք-Ալլահվերդի II էր, որի հետ այդ տոհմի մելիքությունը վերջացավ։

Խոսելով Կարյագինի անցքի մասին, մենք չենք կարող չհիշել մի քաջ տղամարդի անունը, որը նշանավոր եղավ ռուսաց զանազան կռիվների մեջ։ Դա էր կսապատցի Մելիք-Վանի Աթաբեկյանը։

Թեև Աթաբեկյանները հայոց հին ազնվականների ծագումից էին, բայց Վանիի հայրը, զարգար Թունին (Հարություն) մի հասարակ արհեստավոր էր, պարապվում էր ոսկերչությամբ։ Վանին իր պատանեկության հասակում աշխատում էր հոր արհեստանոցում և նրա լավ օգնականն էր։ Բայց այդ զբաղմունքը շուտով ձանձրացրեց նրան, երբ Ղարաբաղում ամեն րոպե լսվում էր զենքի շառաչյունի ձայնը, որոտում էր պատերազմների աղմուկը, նրա տոհմային արյունը եռ եկավ, մտածեց թողնել ոսկերչի փուքսն ու մուրճը, վճռեց զենք կրել և նետվել կռվի դաշտը։ Նա, առանց իր դիտավորությունը հայտնելու իր ծնողներին, ծածուկ հեռացավ հայրենի տնից։ Մի ժամանակ իմացան, որ Վանին Ջրաբերդի Մելիք-Րովշանի մոտ ծառայության է մտել, նրա հեծելազորքի խումբերից մեկի գլխավորն է դարձել և կոչվում է Վանի յուզբաշի (հարյուրապետ Վանի)։

1804 թվին Ջրաբերդի բնակիչներից 300 ընտանիք, Իբրահիմ-խանի գազանությունից ազատվելու համար, գաղթեցին Գանձակ և բնակվեցան այդ քաղաքի շրջակայքում։ Տոթի և անսովոր կլիմայի պատճառով նույն տարվա ամառը այդ գաղթականներից մոտ 500 հոգի մեռան, մնացածները փախան Գանձակի գավառի Ոսկանապատ գյուղը, ուր օդը համեմատաբար ավելի հովասուն էր։

Այդ գաղթականների հետ գտնվում էր և Վանի յուզբաշին։ Գանձակում նա ծանոթացավ պոլկովնիկ Կարյագինի հետ այն ժամանակ, երբ Կարյագինին հրամայված էր Շուշի բերդին օգնությանն հասնել։ Դա այն ժամանակն էր (1806), երբ պարսից թագաժառանգ Աբաս-Միրզան բազմաթիվ զորքերով պաշարել էր Շուշի բերդը, երբ տեղային Իբրահիմ-խանը, թեև ռուսաց կառավարությանը հպատակության երդում էր տվել, բայց հենց որ Աբաս-Միրզայի զորքերը մոտեցան Շուշի բերդին, նա իր ընտանիքով դիմեց ռուսաց նենգավոր թշնամու՝ Աբաս-Միրզայի բանակը և կես ճանապարհի վրա սպանվեցավ Մելիք-Ջումջուդի և մայոր Լիսանևիչի ձեռքով (տե՜ս գլ. XXXIX)։ Բայց Շուշին դարձյալ պաշարված մնաց Աբաս-Միրզայի բազմաթիվ զորքերով։ Մայոր Լիսանևիչը և Մելիք-Ջումշուդը, փակված բերդի մեջ, ունեին իրանց ձեռքի տակ խիստ աննշան թվով զինվորներ թշնամուն ընդդիմադրելու համար։ Նրանց գլխավորապես օգնում էին բերդի մեջ բնակվող հայերը և դրսից օգնություն էին սպասում։

Օգնությունը պիտի հասցներ պոլկովնիկ Կարյագինը, որը արդեն Գանձակից ճանապարհ էր ընկել, և հայ հեծելախումբով նրան առաջնորդում էր Վանի յուզբաշին։ Ռուսաց զորախումբը բաղկացած էր 600 զինվորներից և ունեին 2 թնդանոթներ միայն։ Նրանք Գարգար գետի մոտ հանդիպեցին պարսից առաջապահի զորքերին, թվով ավելի քան 10 000, որ գտնվում էին Փիր-Ղուլի-խանի հրամանատարության ներքո։ Կռիվը սկսվեցավ հիշյալ գետի ափերի մետ։ Չնայելով, որ թշնամու զորքը թվով անհամեմատ ավելի էր, քան թե ռուսաց զինվորները, և Վանի յուզբաշու հեծելախումբը, այսուամենայնիվ, պարսիկները սկզբում սարսափելի կերպով ջարդվեցան և իրանց թնդանոթները և այլ ռազմամթերքը թողնելով պատերազմի դաշտի վրա, պատրաստվում էին փախչել, երբ նրանց օգնության հասավ ինքը Աբաս-Միրզան ավելի բազմաթիվ զորքերով։ Վանի յուզբաշու հեծելախումբը և ռուսաց զինվորները մի քանի օր քաջությամբ պաշտպանվում էին, բայց ի՞նչ կարող էր անել մի բուռն զորքը Աբաս-Միրզայի ահագին բազմության դեմ։ Կարյագինը վերք ստացավ. նրա զինվորներից կեսը չմնաց, մեծ մասը ընկան կռվի դաշտում, մնացածները ամրացան մերձակա Շահ-բուլաղի ամայի բերդում։

Ռուսաց զորքը բոլորովին կոչնչանար այդ ամայի բերդի մեջ, թե քաղցածությունից և թե թշնամու կրակից, եթե ութն օրվա սարսափելի պաշարումից հետո Վանի յուզբաշին նրանց գիշերով դուրս չբերեր այնտեղից և չազատեր բոլորին, փախցնելով հայոց Մոխրաթաղ գյուղը։ Այստեղ նա իր սեփական ծախքով բավական ժամանակ պահեց և կերակրեց ռուսաց զորքերին, մինչև նրանք նոր օգնություն ստացան և Աբաս-Միրզայի ահագին զորությունը ցրիվ տալով հալածեցին մինչև Երասխ գետի աջ կողմը։ Այդ կռիվների ժամանակ մեծ քաջություններ գործեցին Մելիք-Ջումշուդը, Մելիք-Րովշանը և Վանի յուզբաշին։

Այնուհետև Վանի յուզբաշին իր սեփական հեծելախումբով մասնակցում էր ռուսաց զանազան կռիվների մեջ և ամեն տեղ հայտնվում էր իր զարմանալի քաջություններով։ 1812 թվի ձմեռը Աբաս-Միրզան զորքերի ահագին բազմությամբ կրկին անգամ հարձակվեցավ Ղարաբաղի վրա։ Այդ ժամանակ ռուսաց տրոիցկի պոլկի բատալիոնը, մայոր Ժինևի զորապետության ներքո, գտնվում էր Թարթար գետի մոտ, Սուլթան-բուդ կոչված ձմեռանոցում։ Պարսից հեծելազորները Ջաֆար-Ղուլի-խանի առաջնորդությամբ հարձակվում են հիշյալ ձմեռանոցի վրա և ռուսաց ամբողջ բատալիոնը ջարդում են։ Այդ միջոցին Շուշի բերդից օգնություն ուղարկեցին Վանի յուզբաշուն 200 ռուս զինվորներով, 2 թնդանոթներով և իր սեփական հայ ձիավորներով։ Բայց մինչև նրա հասնելը պարսիկները գործը արդեն վերջացրել էին։ Վանի յուզբաշին այդ տեղեկությունը ստացավ կես ճանապարհի վրա, այն ժամանակ, երբ պարսիկները վերադառնում էին կոտորածից և պատահեցան նրան։ Նա ստիպվեցավ ամրանալ Շահ-բուլաղի բերդում, որը իսկույն պաշարվեցավ Ջաֆար-Ղուլի-խանի զորքերով։ Մեծ քաջություն էր հարկավոր Վանի յուզբաշուն, որ կարողանար իր փոքրաթիվ զորքերով պատերազմել պարսից ահագին բազմության դեմ, իսկ այդ քաջությունը ունեցավ նա, մի քանի օր շարունակ պատասխանելով թշնամու ամեն կողմից տեղացող կրակներին։

Վերջը թնդանոթների հարվածներից բերդի դռները խորտակվում են, պարսից զորքերը կատաղությամբ ներս են թափվում, բայց մեծ է լինում նրանց զարմանքը, երբ բերդի մեջ ոչ ոքի չեն գտնում։ Վանի յուզբաշին մի օր առաջ իր զորքերը գիշերով դուրս էր բերել բերդից և լեռների վրայով, սարսափելի բարձրավանդակներից տարել էր հայոց Ֆարուղ կոչված գյուղը։ Բերդի մեջ թողել էր նա իր մարդիկներից մի քանի հոգի միայն, որոնք թշնամուն խաբելու համար ժամանակ առ ժամանակ պատասխանում էին։ Հենց որ պարսիկները ներս մտան, այդ մարդիկը սատանայի նման աներևութացան։

Իրանց կամավոր զորքերով ռուսաց տիրապետությունը Անդրկովկասում հաստատելու գործին ամենայն անձնվիրությամբ նպաստող հայոց քաջերից մեկն էր Վանի յուզբաշին։ Երբ 1812 թվին, 20 հոկտեմբերի գեներալ Կոտլարևսկին ջարդեց Աբաս-Միրզայի զորքերը Երասխի աջ ափի վրա, Ասլանդուզի ճակատամարտում, Վանի յուզբաշին իր մարդիկներով կռվում էր պարսից դեմ։ Հետևյալ տարին (1813, 1 հունվարի) Լենքորանի բերդը գրավելու միջոցին, Վանի յուզբաշին նույն գեներալ Կոտլարևսկիի քաջ գործակիցներից մեկն էր։

Բայց հայերը առհասարակ օտարի ծառայության մեջ մի առանձին համեստություն ունեն, մեծ գործեր կատարել, բայց փոքր պահանջներով բավականանալ։

Վանի յուզբաշին իր մատուցած ծառայությունների ճամար ստացավ ռուսաց կառավարությունից պրապորշչիկի աստիճան, մեդալ և մշտական թոշակ։ Իսկ Շուշի բերդի Մեհտի-խանը (Իբրահիմ-խանի որդին) ընծայեց Վանի յուզբաշուն որպես սեփականություն իր հայրենի Կսապատ գյուղը և շնորհեց մելիքության տիտղոս։ Նա կոչվելու էր այնուհետև Մելիք-Վանի։

Ջրաբերդի հին տիրապետող մելիքների (Մելիք-Իսրայելյանների) վերջին ժառանգները (Մելիք-Աթամ II) տեղափոխված լինելով Գանձակի գավառը, իսկ նոր մելիքների (Մելիք-Ալլահվերդյանների) վերջին ժառանգը (Մելիք-Րովշանը) տեղափոխված լինելով Նուխվա գավառը, Ջրաբերդը մնացել էր առանց մելիքների կառավարության։ Իր արժանավորություններով Ջրաբերդը կառավարելու և այդ գավառը ժամանակի փոթորիկներից պահպանելու համար ընդունակ էր միայն Մելիք-Վանին, և նա ստացավ Մեհտի-խանից ամբողջ Ջրաբերդի մելիքությունը։

Մելիք-Վանին իր պատերազմական արժանավորությունների հետ ուներ և կառավարչական ընդունակություններ։ Նա ամբողջ 42 տարի խաղաղությամբ վարեց Ջրաբերդի մելիքության պաշտոնը, աշխատեց այդ երկրի ցրված բնակիչներին հետզհետե վերադարձնել իրանց հայրենիքը և ծաղկացրեց երկրագործությունը ու արհեստը։ Նա վախճանվեցավ խորին ծերության մեջ (1854) և նրանից հետո Աթաբեկյանների տոհմը ավելի և ավելի նշանակություն ստացավ Ղարաբաղում։

XLII

1808 թվին վախճանվեցավ Ղարաբաղի Իսրայել կաթողիկոսը։ Դա այն չարագործն էր, որ մատնեց հայոց մելիքներին, որ Հովհաննես կաթողիկոսին սպանել տվեց և իր դավաճանությամբ Իբրահիմ-խանի սիրելին դարձավ (տե՛ս գլ. XX և XXI)։

Մեզ հայտնի է, որ նույն չարագործից հալածվելով, սպանված Հովհաննես կաթողիկոսի եղբայր Հասան-Ջալալյան Սարգիս կաթողիկոսը Ղարաբաղի գաղթականների հետ ապրում էր Վրաստանի Հաղպատա վանքում։ Այնտեղ մնաց նա ամբողջ 14 տարի (տե՛ս գլ. XXXVII)։

Երբ Սարգիս կաթողիկոսը լսեց իր ոխերիմ հակառակորդի՝ Իսրայել կաթողիկոսի մահը, երբ իմացավ, որ Իբրահիմ-խանը հայերի անհաշտ թշնամին, սպանված է, և երբ տեսավ, որ հայոց մելիքները իրանց հպատակների հետ Վրաստանից տեղափոխվեցան Ղարաբաղ, ինքն ևս մտածեց վերադառնալ Գանձասարի վանքը և կրկին տիրանալ Աղվանից կաթողիկոսության աթոռին, որից բավական ժամանակ անջատված էր։

Նախ ուղարկեց նա իր եղբոր որդի Բաղդասար վարդապետին, որ հետո ինքը գնա։

1808 թվին, այսինքն՝ հենց նույն տարվա մեջ, երբ Իսրայել կաթողիկոսը վախճանվեցավ, Բաղդասար վարդապետը Թիֆլիսից ճանապարհ ընկավ դեպի Ղարաբաղ։ Նա գտավ Գանձասարի վանքը բոլորովին ամայի դրության մեջ։ Եռանդոտ, գործունյա և ժրաջան վարդապետը կարողացավ փոքր ժամանակում ոչ միայն կարգի դնել վանքը, այլ նրան հաջողվեցավ մասամբ ետ խլել վանքի ընդարձակ կալվածները, որ զանազան թուրք բեկեր կամ հայ ազնվականներ տիրացել էին։

Երբ Գանձասարի վանքում ամեն ինչ կարգի էր դրված, Սարգիս կաթողիկոսը թողեց Վրաստանը և Հաղպատա վանքից տեղափոխվեցավ Ղարաբաղ (1812)։ Նրա հետ գնացին Ղարաբաղի գաղթականներից նրանք, որ դեռևս մնացել էին Վրաստանում։

Սարգիս կաթողիկոսը Գանձասար տեղափոխվելով, շուտով նրա և Էջմիածնի մեջ նոր վիճաբանություններ ծագեցան։ Այդ վիճաբանություններին առիթ տվեց կաթողիկոսի փառասիրական վարմունքը։

Մեր պատմության XXXVII գլխում տեսանք, որ Սարգիս կաթուղիկոսը Վրաստանում գտնված ժամանակ, այնտեղից Էջմիածին գնալով, խոստումն տվեց, որ այլևս չի պիտի գործածե կաթողիկոսական տիտղոս և կնիք, այլ պիտի բավականանա միայն արքեպիսկոպոսական տիտղոսով ու կնիքով, և դրա համար նրան հանձնեցին Հաղպատա վանքի վանահայրությունը և Վրաստանում գտնված ղարաբաղցի գաղթականների առաջնորդությունը։ Եվ ամբողջ 14 տարի Վրաստանում կառավարում էր իր հոտը որպես արքեպիսկոպոս։ Բայց հենց որ վերադարձավ Ղարաբաղ, կրկին սկսեց իրան Աղվանից կաթողիկոս կոչել և կաթողիկոսական իրավունքների գործ դնել։ Սարգսի այդ վարմունքը, իհարկե, պետք է հուզեր մի նոր կռիվ նրա և Էջմիածնի մեջ։

Էջմիածնից նրան ազդարարեցին, որ պահպանե իր խոստմունքը, բայց նա ոչ միայն ուշադրություն չդարձրեց, այլ, դիմելով Իբրահիմ-խանի հաջորդ Մեհտի-խանի պաշտպանությանը, իրան բոլորովին Էջմիածնից անկախ հայտնեց։ Այդ երկպառակությունները տևեցին երեք տարի, մինչև 1815 թվին Էջմիածնի բարձր հոգևոր կառավարությունը, ռուսաց իշխանության ուժով, հարկադրեց Սարգսին հրաժարվել կաթողիկոսության տիտղոսից և տվեց նրան միտրոպոլիտության տիտղոս արքեպիսկոպոսի աստիճանով։ Այնուհետև վերջացավ Աղվանից կաթողիկոսությունը, որ սկսված էր Լուսավորչի թոռ Գրիգորիսի ժամանակից։

Դեռ իր կենդանության ժամանակ Սարգիս միտրոպոլիտը իր եղբորորդի Բաղդասար վարդապետին ուղարկեց Էջմիածին, որ եպիսկոպոս ձեռնադրվի, որպեսզի իր հաջորդը նա լինի։ Որպես Աղվանից կաթողիկոսությունը դարերով շարունակվում էր։ Հասան-Ջալալյանների տոհմի մեջ, Սարգիսը ցանկանում էր, որ Աղվանից միտրոպոլիտությունը ևս, որը իրանից սկսվեցավ, նույնպես շարունակվեր նույն տոհմի մեջ։

Բաղդասարը Էջմիածին գնալով՝ 1820 թվին Եփրեմ կաթողիկոսի ձեռքով եպիսկոպոս ձեռնադրվեցավ և, վերադառնալով Գանձասարի վանքը, Սարգսի ծերության պատճառով, համարյա ինքն էր կառավարում վիճակի հոգևոր իշխանությունը։

1826 թվին Ղարաբաղը ենթարկվեցավ մի նոր դժբախտության. պարսից թագաժառանգ Աբաս-Միրզան 80 000 հոգով անցավ Երասխը, տիրեց Ղարաբաղին. տեղային մահմեդականները միացան պարսիկների հետ. Շուշիի բերդապահ պոլկովնիկ Րեուտը ռուսաց փոքրաթիվ զորքերով մնաց փակված բերդի մեջ։ Աբաս-Միրզան 48 օր պաշարված դրության մեջ պահեց բերդը։ Միևնույն ժամանակ Ֆաթալի-շահի փեսա Ամիր-խան սարդարը և Աբաս-Միրզայի երեց որդի Մահմատ-Միրզան, զորքերի ահագին բազմությամբ, անցան Գանձակի գավառը, տիրեցին Գանձակի բերդին և այնտեղից առաջացան մինչև Շամքոր, պատրաստվում էին գնալու, որ Թիֆլիսը տիրեն։ Երկրի քրիստոնյա ազգաբնակությունը գտնվում էր սարսափի և մահվան տագնապի մեջ։

Մեր պատմության հետագա գլուխներում ցույց կտանք, թե որպես հայազգի իշխան գեներալ Մադաթովի փառավոր հաղթություններով պարսիկները ջարդվեցան և կրկին փախան դեպի Պարսկաստան, իսկ այժմ կասենք այնքանը միայն, որ վերաբերում է Սարգիս միտրոպոլիտին։

Հայերին սպասում էր ընդհանուր կոտորած։ Սարսափած ժողովուրդը ամեն ինչ թողած ցրիվ էր եկել, թաքնվել էր լեռների և անտառների մեջ։ Աբաս-Միրզան, Պարսկաստանի այդ հայրենասեր թագաժառանգը, Ղարաբաղի ռուսաց զորքերով գրավվիլը վերաբերում էր ոչ այնքան ռուս զինվորների հաղթական սվիններին, որքան հայերի գործակցությանը հօգուտ ռուսների (և իրավ, ռուսները Ղարաբաղը տիրելու համար ամենևին արյուն չէին թափել)։ Այդ էր պատճառը, որ նա կամենում էր պատժել հայերին, որոնք, նրա կարծիքով, դավաճանել էին Պարսկաստանի դարևոր հպատակության դեմ։

Աբաս-Միրզայի բարկությունը ամոքելու համար և հայ ժողովրդին նրա վրեժխնդրությունից ազատելու համար ծերունի Սարգիս միտրոպոլիտը վեր առեց իր հետ Ջրաբերդի իշխող Մելիք-Վանի Աթաբեկյանին և Գյուլիստանի իշխող Մելիք-Հովսեփ II, Մելիք-Բեգլարյանին, և երեքը միասին գնացին Աբաս-Միրզայի մոտ։ Պարսից թագաժառանգը ընդունեց նրանց Խանքենդի գյուղում, որը գտնվում է Շուշի բերդից մի քանի վերստ հեռավորության վրա։

Ծերունի միտրոպոլիտը իր արտասուքով և Աթարբեկյան Մելիք-Վանին իր պերճախոսությամբ կարողացան ոչ միայն ամոքել թագաժառանգի բարկությունը, այլ արժանացան նրա առանձին հարգանքին։ Աբաս-Միրզան շնորհեց նրանց փառավոր «խալաթներ» և հանգստացնելով ճանապարհ դրեց, խոստանալով, թե հայոց ժողովրդին ոչինչ վնաս չի հասցնի, եթե հայերը հավատարիմ կմնան Պարսկաստանին և կդադարեն ռուսներին օգնելուց։

Իհարկե, հայերը չէին կարող չհամակրել ռուսներին և, որպես հետո կտեսնենք, նրանք եղան, որ ամեն հնարներով նպաստեցին իշխան Մադաթովի հաղթություններին Աբաս-Միրզայի դեմ և Ղարաբաղը բոլորովին մաքրեցին պարսից զորքերից։ Այսուամենայնիվ, Սարգիս միտրոպոլիտի և նրա ընկեր երկու մելիքների տեսությունը Աբաս-Միրզայի հետ բավական թանկ նստեց նրանց համար։

Երբ պարսից զորքերը հեռացան Ղարաբաղից, իշխան Մադաթովը նրանց երեքին էլ կալանավորել տվեց։ Ռուսաց անհաշտ թշնամու հետ տեսություն անելը համարվեցավ նրանց համար մի տեսակ դավաճանություն։ Սարգիս միտրոպոլիտին ուղարկեցին Թիֆլիս, այնտեղ բանտարկվեցավ։ Իսկ Աթաբեկյան Մելիք-Վանիին և Մելիք-Բեգլարյան Մելիք-Հովսեփին աքսորեցին Բաքու, որ այնտեղից տանեն Սիբիր։

Ութն ամիս թե մելիքները և թե Սարգիս միտրոպոլիտը բանտարկված մնացին։ Վերջը նրանց անմեղությունը հայտնվելով՝ ազատվեցան։

Սարգիս միտրոպոլիտը ազատվեցավ Ներսեսի (փերջը կաթողիկոս) աշխատությամբ։ Բայց այն տանջանքները, որ նա կրեց իր բանտարկության ժամանակ, սաստիկ մաշեցին նրա ծերացած կազմվածքը։ Նա բոլորովին հիվանդ վերադարձավ Թիֆլիսից և նույն հիվանդությունով 1828 թվին վախճանվեցավ։

Սարգսի մահից երկու տարի հետո (1830) Ղարաբաղի մելիքները խնդիրքով դիմեցին Էջմիածնի Եփրեմ կաթողիկոսին, որ հանգուցյալի եղբորորդի Բաղդասար եպիսկոպոսը նրա փոխարեն միտրոպոլիտ նշանակվի։ Բաղդասարը կանչվեցավ Էջմիածին և նույն տարվա մեջ ստացավ միտրոպոլիտության աստիճան։

Պետք է մի առանձին բախտ համարել, որ այն ժամանակներում, երբ ռուսները տիրեցին Ղարաբաղին և Երևանյան նահանգին, Էջմիածնում գտնվում էր Ներսեսի նման մի եկեղեցական, իսկ Գանձասարի վանքում՝ Բաղդասար միտրոպոլիտը։ Այդ երկուսը իրանց գործունեությամբ բավական նման էին միմյանց, այն զանազանությամբ միայն, որ Ներսեսը ուներ քաղաքական իդեալներ, իսկ Բաղդասարը՝ եկեղեցական և վանքային բարեկարգության եռանդ։

Եթե չլիներ Բաղդասար միտրոպոլիտը, այսօր Գանձասարի վանքը և Ղարաբաղի մյուս վանքերը չէին ունենա մի քանի հարյուր հազար դեսյատին տարածությամբ վանքային կալվածներ։

Ղարաբաղի մելիքների և Սարգիս միտրոպոլիտի Վրաստանում գաղթած ժամանակ, Ղարաբաղի վանքապատկան կալվածների անտեր մնալով, ընկել էին զանազան թուրք բեկերի ձեռքը։ Բաղդասար միտրոպոլիտի մեծ ջանքերին ենք պարտական, որ կարողացավ ազատել և կրկին վանքերի անունով հաստատել, եթե ոչ կորուսած կալվածների ամբողջը, այլ գոնե նրանց մեծ մասը։

Պատմության դեմ չմեղանչելու համար պետք է խոստովանել և այն, որ Բաղդասար միտրոպոլիտը, որպես առհասարակ մեր բոլոր բարձրաստիճան եկեղեցականները, ուներ և իր թույլ կողմերը։ Այն է, որ իր աղքատ ազգականների՝ Հասան-Ջալալյանների, վիճակը ապահովելու համար, նրանց օգտին վանքային կալվածներից փոքրիկ բաժիններ հանեց... Այդ բաժիններից իր մասը ստացավ և միտրոպոլիտի վեզիրը։

Բայց այդ բոլոր թուլությունները, համեմատելով այն մեծ ծառայությունների հետ, որ նա կատարեց, վանքապատկան կալվածքները կորզելով զանազան հափշտակիչների ձեռքից, այդ թուլությունները, կրկնում ենք, պետք է ներելի համարել...

Ղարաբաղի վանքապատկան կալվածքների վերաբերությամբ ավելի անազնիվ կերպով վարվեցավ Իսրայել կաթողիկոսը, Սարգիս կաթողիկոսի (հետո միտրոպոլիտի) ժամանակակիցը։ Չմոռանանք, որ այդ Իսրայել կաթողիկոսը, Իբրահիմ-խանի սիրելին, հայոց մելիքների մատնիչը, Գանձասարի վանքի Հասան-Ջալալյան կաթողիկոսների տոհմից չէր, այլ Երիցմանկանց վանքի ինքնիշխան և հակաթոռ կաթողիկոսներից մեկն էր։ Գուցե ընթերցողը հիշում է, որ Ղարաբաղի մելիքների և Սարգիս կաթողիկոսի Վրաստան գաղթած ժամանակ, Իբրահիմ-խանի պաշտպանությամբ, այդ Իսրայելն էր վարում Աղվանից կաթողիկոսության իշխանությունը։ Այդ դավաճանը վախճանվեցավ իր ազգականներից մեկի տանը, որի մռայլոտ անունը հիշելու ցանկություն չունենք։ Նույն տան մեջ կաթողիկոսը հավաքած ուներ Ղարաբաղի մի քանի հարուստ վանքերի արծաթեղեն անոթները, սրբությունները և թանկագին զգեստները։ Կաթողիկոսի վախճանվելուց հետո այդ բոլորը մնացին որպես սեփականություն նրա ազգականի։ Դա մի մեծ կորուստ չէր լինի, եթե նույն տան մեջ չմնային և զանազան վանքերի կալվածագրերը։

Եթե Բաղդասար միտրոպոլիտին չհաջողվեցավ ձեռք բերել Ղարաբաղի վանքապատկան բոլոր կալվածքները, դրա գլխավոր պատճառներից մեկն էլ այն էր, որ կալվածագրերը մնացել էին նույն մարդու մոտ, որի տանը վախճանվեցավ Իսրայել կաթողիկոսը։ Այդ պարոնը զանազան զարտուղի և մթին ճանապարհներով կամ ինքը տեր եղավ նույն կալվածքներին և կամ թույլ տվեց, որ թուրքերը տիրեն, ծածուկ նրանցից փողեր ստանալով և վանքային կալվածագրերը ոչնչացնելով, որ իր գողությունը չհայտնվի։

Բաղդասար միտրոպոլիտը սկզբում ուշադրություն դարձրեց Խաչենի գավառում գտնվող և Գանձասարի վանքին պատկանող կալվածները թափել հափշտակողների ձեռքից։ Այդ կալվածները այնքան լայնատարած էին, որ նրանց վրա զետեղված էին 60-ի չափ վանքապատկան գյուղեր, իրանց հարուստ անտառներով, արգավանդ վարելահողերով և արոտատեղիներով։ Բայց նա կարողացավ միայն 30 000 դեսյատինի չափ կրկին սեփականացնել վանքին, իսկ մնացյալ մեծ մասը մնացին վիճելի։

Բաղդասար միտրոպոլիտի աշխատությունների նպատակը վանքապատկան կալվածների վերաբերությամբ այն չէր, որ նա դրանցով ապհովեցներ վանականների և վանքերի գոյությունը, այլ գլխավորապես այն էր, որ նրանք լինեին եկամուտների մշտական և հաստատուն աղբյուր Ղարաբաղի զանազան տեղերում դպրոցներ հիմնելու համար։

Ինքը, Բաղդասար միտրոպոլիտը, թեև անուս և, որպես ղարաբաղցի, կոշտ-կոպիտ մարդ էր, բայց, որպես ղարաբաղցի, ուներ և բնական խելք, տոկունություն և հեռատեսություն։ Նա ուսում չուներ, բայց սաստիկ ուսումնասեր էր։ Սկզբում հիմնեց նա Գանձասարի վանքում մի դպրոց և Նուխիի կողմերից հրավիրեց ճարտասան և լավ հայկաբան Հովսեփ վարդապետին, որպես վարժապետ և նույն դպրոցի կառավարիչ։

1836 թվին Շուշի բերդում հասատվեցավ վիճակային հոգևոր կառավարության կոնսիստորիա։ Բաղդասար միտրոպոլիտը հրավիրվեցավ Էջմիածին և, այնտեղ հավատարմության երդում տալով, կարպեցի Հովհաննես կաթողիկոսից նշանակվեցավ Ղարաբաղի թեմական առաջնորդ (1837)։ Շատ հասկանալի է, որ դրանով Բաղդասարի իրավունքները սահմանափակվեցան։ Մինչև այն օր նա համարվում էր Աղվանից միտրոպոլիտ և ազատ էր իր հոգևոր իշխանության մեջ, բայց կոնսիստորիայի հաստատվելուց հետո նա բոլորովին ենթարկվեցավ Էջմածնի իրավասությանը, որը ոչ սակավ խոչընդոտներ դրեց միտրոպոլիտի ազատ գործունեությանը...

Կոնսիստորիայի հաստատվելուց հետո նա հարկադրվեցավ թողնել Գանձասարի վանքը, Աղվանից բազմադարյան կաթողիկոսարանը և տեղափոխվեցավ Շուշի բերդը։ Այստեղ սպասում էր միտրոպոլիտի գործունեությանը ընդարձակ ասպարեզ, միևնույն ժամանակ ծանր աշխատանք։

Միտրոպոլիտի առաջին ջանքն եղավ դուրս կորզել Մեհտի-խանի Խուրշիտ անունով դստեր և ուրիշ մի քանի թուրք բեկերի ձեռքից Խոթա վանքի լայնատարած կալվածները, որոնց, միևնույն հանգամանքների պատճառով, որպես Ղարաբաղի մյուս վանքերի կալվածները, անիրավությամբ տիրել էին։

Այս անգամ միտրոպոլիտի հակառակորդները բավական զորավոր և ազդեցության տեր անձինք էին։ Բայց տոկուն և ամեն դժվարություններից չհուսահատվող Բաղդասարը մի քանի տարի շարունակ դատ վարեց խանի դստեր և մյուս բեկերի հետ, մինչև կարողացավ վերջապես նրանցից հետ խլել հիշյալ վանքի կալվածները, որոնք մոտ 150 000 դեսյատինի չափ ընդարձակությամբ տարածվում են Թարթար գետի հյուսիսային և հարավային ափերի երկարությամբ և ընդհանուր անունով կոչվում են՝ Դոդխու-Քալբաջար, Լևա և Մարջումակ։ Իր դատավորության ծախքերի համար միտրոպոլիտը գործ դրեց մինչև 30 000 ռուբլի, որը այն ժամանակ մեծ գումար էր։

Խոթա վանքի կալվածները, այղ միլիոնների արժեք ունեցող ազգային մեծ հարստությունը, կարելի է մի ամբողջ գավառ համարել։ Նրանց մեջ բացի հրաշալի, կուսական անտառներից, բացի ընդարձակ արոտատեղիներից և լեռներից, բացի լայնատարած և արգավանդ վարելահողերից, զետեղված էին թվով մինչև 100 գյուղեր։ Նրանց լեռների բարձրավանդակների վրա և հովիտներում թափառում էին թվով մինչև 20 զանազան խաշնարած ցեղեր, զանազան անուններով։ Դրանք Խոթա վանքին (այսինքն՝ Ղարաբաղի հոգևոր իշխանությանը) չնչին հարկ էին վճարում, եթե ասեմ որքան, շատ ծիծաղելի կլիներ...

Բաղդասար միտրոպոլիտը արդարև թողեց ազգի համար մի մեծ հարստություն, բայց նրա անպիտան հաջորդները հետզհետե վատնեցին այդ հարստությունը։

Բաղդասար միտրոպոլիտի օգտավետ աշխատությունների թվում կարելի է հիշել նրա 1843 թվին կառուցած հոյակապ առաջնորդարանը, որը Շուշի բերդի փառավոր տներից մեկը կարելի է համարել։ Նույն առաջնորդարանին կից գնեց նա ընդարձակ գետին, որի վրա դիտավորություն ուներ իր արդեն բաց արած հոգևոր դպրոցի համար առանձին շենք կառուցանել, բայց վաղահաս մահը միտրոպոլիտի այդ ձեռնարկությունը թողեց անկատար։

Բաղդասար միտրոպոլիտի աշխատություններից մեկն էլ այն եղավ, որ թուրքերի և ռուսների ձեռքից ազատեց Ամարասա սուրբ Գրիգորիսի վանքը։ Այդ վանքը, բավական ժամանակ անտեր մնալով, թուրքերը գրավել էին և, տալով նրանց իրանց հասկանալի մի անուն, Աղ-օղլան, համարում էին իրանց սրբավայր։ Վանքի շրջակա հողերը և Ամարասա ձորի ամբողջ կալվածները թուրքերի տիրապետության ներքո էին։ Իսկ վանքի ընդարձակ սենյակները և ամբողջ շինությունը, բացի տաճարից, ռուսները ծառայեցնում էին որպես մաքսատուն։

Միտրոպոլիտի աշխատությամբ 1848 թվին, ռուսաց կառավարության հրամանով մաքսատունը տեղափոխվեցավ Երասխի ափի մոտ, Ջաբրայելում, իսկ վանքը իր կալվածներով դարձավ սեփականություն հայոց հոգևոր կառավարության։

Բացի հոգևոր դպրոցից, Բաղդասար միտրոպոլիտը հիմնեց Շուշի բերդում տպարան, որի մամուլները և տառերը գնեց նա Ղարաբաղում այն ժամանակ գտնված գերմանացի միսիոնարից, երբ նրանց ռուսաց կառավարության հրամանով հեռացրին Ղարաբաղից։ Նա բավական նշանավոր գումար ուղարկեց Վենետիկի Մխիթարյանների վանքը և բերել տվեց մի-մի օրինակ նրանց բոլոր հրատարակություններից և կազմեց հոգևոր դպրոցին կից մի հարուստ գրադարան, այնտեղ հավաքելով և Ղարաբաղի վանքերում գտնված նշանավոր գրչագիր մատյանները։ Այդ գրքերը հետզհետե տպագրելու դիտավորություն ուներ իր սեփական տպարանում։

Գուցե այդ գործունյա և եռանդոտ մարդն ավելի մեծ օգուտներ կհասցներ Ղարաբաղին, եթե մի քանի տարի ավելի ևս ապրելու լիներ։ Մաշող հոդացավը, որ ստացել էր նա վերջին ժամանակներում, սկսեց սաստկանալ և 1854 թ. հունիսի 27-ին նրան գերեզման տարավ 79-ամյա հասակում։ Նրա մարմինը թաղվեցավ Գանձասարի վանքի գավթի մեջ, իր երկու հորեղբայրների՝ Հովհաննես կաթողիկոսի և Սարգիս միտրոպոլիտի շիրիմների մոտ։ Նրա մահից հետո Աղվանից միտրոպոլիտությունը բոլորովին վերջացավ։

Բաղդասար միտրոպոլիտից հետո Ջալալյանների տոհմից միայն Սարգիս արքեպիսկոպոսը բավական ժամանակ վարեց Ղարաբաղի թեմական առաջնորդի պաշտոնը. նրա մահից հետո Հասան-Ջալալյաններից այլևս նշանավոր եկեղեցականներ չհայանվեցան։

Խաչենի Հասան-Ջալալյան վերջին մելիքներից նշանավոր եղավ Բաղդասար միտրոպոլիտի եղբայր Մելիք-Ալլահվերդի II, որը վախճանվեցավ 1827 թվին և նրանից հետո այդ տոհմի մելիքությունը վերջացավ։ Նա թողեց չորս որդի՝ Երեմիա քահանա, Մովսես վարդապետ, Աբրահամ-բեկ և Հովսեփ-բեկ։

"Խամսայի Մելիքությունները" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Էնզելի
Ալեքսանդր Սպենդիարյան

Էնզելի

Ավարայրի ճակատամարտը, 1948
Ավարայրի ճակատամարտը, 1948
Խաղա առցանց