Րաֆֆի

Խամսայի Մելիքությունները

5

XVII

Որպես մի միջանկյալ պատմություն, մենք հարկավոր ենք համարում մեր ընթերցողներին ծանոթացնել վերև հիշած երկու, միմյանց հակառակ, կաթողիկոսությունների հետ, որոնցից մեկը գտնվում էր Գանձասարի վանքում, իսկ մյուսը՝ Երիցմանկանց վանքում, որոնք ոչ սակավ ներգործություն ունեցան Ղարաբաղի հայկական իշխանությունների կործանման վրա։

Մեր պատմության մեջ սակավ չէ այն տխուր երևույթների թիվը, որ ամեն անգամ, երբ ծագել է մի որևիցե ազգային կարևոր հարց, ամեն անգամ, երբ հայրենիքը տագնապի մեջ է գտնվել, ամեն անգամ, երբ ժողովրդի բարօրության համար մխիթարական երևույթներ են նշմարվել, մի խոսքով, ամեն մի բախտավոր և դժբախտ րոպեներում, երբ ժողովրդի ուշադրությունը լարված է եղել դեպի իր դրությունը, հանկարծ ծագել են կրոնական կամ եկեղեցական վեճեր։ Ժողովուրդը թողել է իր կենսական հարցերը և զբաղվել է այդ վեճերով։

Մենք կարող էինք շատ օրինակներ բերել անցյալից, բայց կվեր առնենք հենց նույն պատմությունից, որը մեր հոդվածի նյութ ենք ընտրել։

Հայտնի է, որ Աղվանից կաթողիկոսությունը, սկսյալ Գրիգորիսի օրերից, ավանդական կերպով շարունակվեցավ մինչև 1828 թվականը. ուրեմն նա ամբողջ 15 դար գոյություն ուներ։ Այդ կաթողիկոսության ներկայացուցիչները նստում էին Աղվանից աշխարհի զանազան վանքերում, իսկ վերջին ժամանակներում նրանց աթոռատեղին եղավ Ղարաբաղի Խաչեն գավառի Գանձասարա վանքը։

Խաչենը Հասան-Ջալալյան իշխանների ժառանգությունն էր. այնտեղ տիրում էին վերջին ժամանակներում այդ տոհմից առաջ եկած մելիքները։ Կաթողիկոսները ընտրվում էին դարձյալ միևնույն տոհմից։ Եվ այսպիսով քահանայապետությունը և մարմնավոր իշխանությունը գտնվում էր միևնույն տոհմի ներկայացուցիչների ձեռքում։

1651 թվին խոտորաշենցի Սիմեոն անունով մեկը (որը Հասան-Ջալալյանների տոհմից չէր, այլ մի հասարակ քահանայի որդի էր), Մռավ լեռան մթին ձորերի մեկի մեջ հիմնեց մի վանք Երիցմանկանց անունով և այդ վանքի կաթողիկոսը դարձավ։ Նրանից սկսվեցավ մի նոր և Աղվանից վաղեմի կաթողիկոսարանին հակաթոռ կաթողիկոսություն։ Այդ երկու միմյանց հակառակ կաթողիկոսարանները (Գանձասարա վանքը և Երիցմանկանց վանքը), կանգնած էին միմյանց հանդեպ, ոչ ավելի, քան 24 ժամ ճանապարհի հեռավորությամբ։ Առաջինը գտնվում էր Խաչենի գավառում, իսկ երկրորդը՝ Ջրաբերդի գավառում։

Երիցմանկանց վանքի կաթողիկոսների աթոռակալությունը տևեց 1651 թվից մինչև 1800 թվականի վերջը։ Դա այն ժամանակամիջոցն էր, երբ Ղարաբաղի հայերի ամեն մի իզուր վատնած րոպեն նրանց համար մեծ կորուստ էր։ Այդ ժամանակամիջոցում զարթնել էին Ղարաբաղի մելիքների անկախության ձգտումները, նրանք, սկսյալ Պետրոս Մեծի օրերից, ծանրակշիռ բանակցություններ ունեին ռուսաց արքունիքի հետ, պատերազմում էին պարսիկների և օսմանցիների հետ. ամբողջ Ղարաբաղը շարժման մեջ էր։ Այդ տարիները Ղարաբաղի պատմության ամենատագնապալի ժամանակներն էին...

Բայց ի՞նչ էին շինում կաթողիկոսները։

Բաղդասար միտրոպոլիտի կազմած և մեր ձեռքում այժմ գտնված զանազան ֆիրմանների և հրովարտակների հավաքածուից երևում է, որ Գանձասարի և Երիցմանկանց կաթողիկոսարանների միմյանց հակառակ աթոռակալները, հիշյալ ժամանակամիջոցում, երբ Ղարաբաղի ժողովուրդը զբաղված էր իր հայրենիքի անկախության խնդրով, կաթողիկոսները, ընդհակառակն, զբաղված են եղել կռիվներով, միմյանց վրա գանգատներ անելով, միմյանց ձեռքից վիճակներ խլելու համար։

Իհարկե, կաթողիկոսներից յուրաքանչյուրն ուներ իր կուսակցությունը, և այդ պատճառով կռիվների մեջ մասնակցում էին թե ժողովուրդը և թե ժողովրդի ներկայացուցիչները՝ մելիքները։

Չէ կարելի հերքել, որ կաթողիկոսների մեջ կային և օրինավոր մարդիկ, ինչպես Եսային և Ներսեսը, որոնք, մելիքների հետ միացած, գործում էին հայրենիքի փրկության համար։ Բայց մի օրինավորի շինածը մյուս անպիտանները ոչնչացնում էին...

Այդ կտեսնենք հետո, հիմա շարունակենք մեր պատմությունը։

Երբ Իբրահիմ-խանը հաջորդեց Փանահ-խանին, միևնույն տարվա մեջ (1763) Գանձակում վախճանվեցավ Երիցմանկանց վանքի Ներսես կաթողիկոսը։ Դարձյալ միևնույն տարվա մեջ Ղարաբաղի մելիքները, գլխավորապես Ջրաբերդի իշխան Մելիք-Աթամը օծել տվին Հովհաննեսին Գանձասարի վանքի կաթողիկոս։

Նույն միջոցում, երբ Հովհաննեսը Գանձասարի կաթողիկոս դարձավ, նրա հակառակ, Գանձակի հայերը, տեղային խանի օգնությամբ, օծել տվին Իսրայել եպիսկոպոսին կաթողիկոս Երիցմանկանց վանքի անունով (1763)։

Երկու կաթողիկոսների մեջ երկար հակառակություններ եղան։ Մելիքները դիմեցին Էջմիածին, որը ավելի խառնեց գործը։ Խռովությունները վերջացան նրանով, որ Հովհաննեսը ընդունվեցավ որպես Գանձասարի օրինավոր աթոռակալ, իսկ Իսրայելը մնաց Գանձակում որպես նրա հակաթոռ։ Նա համարձակություն չունեցավ մինչև անգամ Գանձակից գալ իր վանքը (Երիցմանկանց վանքը), որի անունով օծված էր և այդ վիրավորանքի համար միշտ մի հարմար առիթ էր որոնում վրեժխնդիր լինելու իր հակառակորդից՝ Հովհաննես կաթողիկոսից։ Այդ առիթը գտավ նա. և իր վրեժխնդրությամբ ոչ միայն սպանել տվեց Հովհաննես կաթողիկոսին, այլ սպանեց այն մեծ գործը, որ Ղարաբաղի մելիքները ստեղծել էին...

XVIII

1762 թվին ռուսաց գահը ժառանգեց Եկատերինա II կայսրուհին։ Նա սկսեց ուշադրություն դարձնել Հայաստանի և Վրաստանի վրա։ Հայոց հարցը կրկին զարթնեցավ։

Եկատերինա II կամեցավ իրագործել Պետրոս Մեծի նպատակները Հայաստանի և Վրաստանի վերաբերությամբ։ Այդ ժամանակ Ռուսաստանի հայոց առաջնորդն էր Հովսեփ արքեպիսկոպոս Արղության-Երկայնաբազուկը։ Վայելելով կայսրուհու առանձին ողորմածությունը և ավելի մոտ հարաբերություններ ունենալով ռուսաց արքունիքի հետ, Հովսեփ արքեպիսկոպոսը դարձավ թարգման հայ ժողովրդի բաղձանքների, որ վաղուց սնուցանում էր նա իր հայրենիքի վերականգնման մասին։

Նա ավելի մեծ եռանդով սկսեց հետևել իր նախորդի, Մինաս արքեպիսկոպոսի, օրինակին։ Այդ արժանահիշատակ եկեղեցականը, որպես տեսանք մեր պատմության սկզբում, գործում էր Պետրոս Մեծի օրերում, իր ընկեր Իսրայել Օրիի հետ։ Իսկ Հովսեփ արքեպիսկոպոսը գործում էր Հովհաննես Լազարյանի հետ։ Թե Օրին և թե Լազարյանը միևնույն հայրենիքից էին, այսինքն՝ Սպահանից գաղթած հնդկաստանցիներ։

Սպահանի և Հնդկաստանի հայերը թեև պատմական հանգամանքների պատճառով տարագրվեցան իրանց հայրենիքից, բայց իրանց սրտերը թողեցին Հայաստանի ավերակների մեջ։ Նրանք արևելքի հեռավոր խորքերում բախտ և հարստություն գտան, բայց Ինդոս գետի ափերից միշտ խորին կարոտով հիշում էին հայկական աշխարհը, որպես տարագրված Իսրայելը Տիգրիսի ափերից հիշում էր իր սուրբ Երուսաղեմը։

Նրանք չէին խնայում իրանց հարստությունը, եթե կարելի լիներ առանց արյունի ոսկով գնել հայրենիքի փրկությունը։ Եկատերինա II կայսրուհու գահակալությունից երկու տարի առաջ (1760) Անգլիայից Ս. Պետերբուրգ եկավ հայազգի Էմին Հովսեփյանը, որը բնիկ Պարսկաստանի Համադան քաղաքիցն էր, իսկ Հնդկաստանում միլիոնների էր վաստակել։ Նա առաջարկեց իր բոլոր հարստությունով օգնել ռուսներին, եթե կընդունեին իրանց զորքերով մասնակցել հայերի հետ, Հայաստանը պարսից լծից ազատելու գործում։ Նրա առաջարկությունը համակրությամբ ընդունվեցավ։ Էմինը Ս. Պետերբուրգից եկավ Հայաստան, Ղարաբաղի մելիքները մեծ ոգևորությամբ ընդունեցին նրան։ Իրանք պատերազմելու համար սիրտ և զորեղ բազուկներ ունեին, իսկ Էմինը փող էր տալիս զենքեր գնելու համար։ Ուրեմն ամեն ինչ պատրաստ էր։ Վրաց և հայոց մեջ մի զորեղ դաշնակցություն կապելու համար Էմինը դիմեց և Քարթալինիայի իշխան Հերակլին, հայտնեց նրան իր միտքը։ Բայց այդ երկերեսանի իշխանը, որը այդ ժամանակ մի կողմից պարսիկների փեշիցն էր բռնած, իսկ մյուս կողմից աչքերը դարձրած ուներ դեպի Ս. Պետերբուրգ, անհամակրությամբ վերաբերվեցավ դեպի Էմինի առաջարկությունը. Հայոց Կրեսոսը գնաց այնուհետև Կալկաթա քաղաքական առանձին խորհուրդներով։ Բայց վաղահաս մահը թողեց նրա նպատակները անկատար։ Նրա միլիոնները անտեր մնալով անգլիական բանկում, այնպես էլ կորան...

Հովսեփ արքեպիսկոպոսն այն աստիճան ոգևորված էր Հայաստանի փրկության գաղափարով, որ նա իր հայրենիքի վերականգնման հարցը կայսրուհու ողորմածությամբ արդեն իրականացած էր համարում։ Վերանորոգված Հայաստանը պիտի գտնվեր Ռուսաստանի հովանավորության ներքո, որպես առանձին ավատական իշխանություն։ Հովսեփ արքեպիսկոպոսին մինչև անգամ առաջարկվեցավ կազմել դաշնակցության ծրագիրը, թե որպիսի հարաբերություններ պիտի ունենար հայոց ազգը իրան հովանավորող պետության հետ։ Այդ դաշնագիրը, որպես հետո կտեսնենք, բաղկացած էր 19 հոդվածներից և բովանդակում էր իր մեջ գլխավոր հիմունքները, թե որպիսի կազմակերպություն պիտի ստանար վերանորոգված Հայաստանը և ինչ պարտավորություններ պիտի հանձն առներ նա ռուսաց պետության վերաբերությամբ։

Հիշյալ դաշնագիրը գրվեցավ 1790 թվին. միևնույն ժամանակ Հովսեփ արքեպիսկոպոսը կազմեց մի ընդարձակ տեղեկագիր, որի մեջ մանրամասնաբար նկարագրեց Ղարաբաղի մելիքների ունեցած հարաբերությունները ռուսաց արքունիքի հետ, սկսյալ Պետրոս Մեծի օրերից մինչև իր ժամանակը, և հիշեցրեց նրանց մատուցած մեծ ծառայությունները Ռուսաստանին։ Այդ տեղեկագիրր վերոհիշյալ դաշնագրի հետ արքեպիսկոպոսը ներկայացրեց կայսրուհուն գեներալ ֆելդմարշալ իշխան Գրիգորի Ալեքսանդրովիչ Պոտյոմկինի միջնորդությամբ։

Պոտյոմկինը Հովսեփ արքեպիսկոպոսի լավ բարեկամը և մտերիմն էր։ Ինչպես երևում է շատ պատմական փաստերից, նա արդեն իրան հայկական նոր իշխանության աթոռի կանդիդատ էր համարում։

Ընդհանուր հայերի ոգևորությանը չափ չկար. աշխարհի ամեն ծագերում սփռված հայերը արդեն գիտեին, թե շուտով Հայաստանը կվերականգնի։ Հովսեփ արքեպիսկոպոսը, այդ եռանդոտ, անխոնջ եկեղեցականը, շարունակ թղթակցություններ ուներ ամեն երկրների հետ, ուր որ հայեր կային։ Սկսյալ Հնդկաստանից մինչև Լեհաստան, սկսյալ Եգիպտոսից մինչև Պարսկաստան նա տարածում էր իր թղթերը և ամեն տեղ բորբոքում էր հայրենասիրություն։ Նա թղթակցություն ուներ Վրաստանի իշխանների, Էջմիածնի կաթողիկոսի, Աղվանից կաթողիկոսի և Ղարաբաղի մելիքների հետ։

Ոգևորությունը այնքան մեծ էր, որ Հայաստանի ազատության գործը այնքան իրականացած էր համարվում, որ Հնդկաստանում Հակոբ Շահամիրյանի հեղինակությամբ տպագրեցին մի գիրք, որ բովանդակում էր իր մեջ հայոց և վրաց միացյալ թագավորությունների վարչական և դատաստանական օրենքները։

Հնդկաստանի դրամատերերը չէին խնայում իրանց փողերը հեռավոր Հայաստանի ազատության գործին ծառայեցնելու համար։ Այդ միջոցներում հայտնվեցավ մի այլ հնդկաստանցի հայրենասեր, որ ցանկանում էր Հայաստանի ազատությունը գնել Պարսկաստանից և Թուրքիայից ոսկով։ Նա արդեն գնել էր վրաց Գիորգի իշխանից Լոռու գավառը և դիտավորություն ուներ գնելու նաև Բորչալուի գավառը, Երևանի նահանգը և ուրիշ երկրներ, որպեսզի այդ կողմերում զարգացներ բամբակի, շաքարեղեգնի, լեղակի և ղահվեի մշակությունը, գործարաններ բաց անել տար և իր հայրենիքը տնտեսապես կենդանացներ։

Այդ բոլոր շարժումներին զարկ էր տալիս Հովսեփ Արքեպիսկոպոսը։

Ռուսաց կառավարության այն ժամանակվա քաղաքական շահերը պահանջում էին, որ պետության արևելյան սահմանները պարսից և օսմանցոց հարձակումներից ազատ պահելու համար, որպես մի ամուր պատնեշ, վերականգնեցնեին հայ-վրաց միացյալ իշխանությունը, որը, Ռուսաստանի հովանավորության ներքո, խոստանում էր հավատարիմ սահմանապահ լինել։ Արևելյան մահմեդականությունը, մանավանդ Անդրկովկասի մահմեդականությունը միշտ մեծ վտանգ էին սպառնում Ռուսաստանին։ Հարկավոր էր մի միջնապարիսպ նրանց կատաղի հոսանքի առաջն առնելու համար, և այդ միջնապարիսպը պետք է լինեին քրիստոնյա հայերը և վրացիները։

Դեռ 1783 թ. ապրիլի 6-ին իշխան Գրիգորի Ալեքսանդրովիչ Պոտյոմկինը, որը հրապուրված էր անկախ Հայաստանի իշխանության գլուխը անցնելու բաղձանքով, հրամանագրեց նույն ժամանակվա կովկասյան զորքերի գլխավոր հրամանատար գեներալ պորուչիկ Պավել Սերգեյիչ Պոտյոմկինին, որ նա իշխանությունից հեռացնե Շուշիի Իբրահիմ-խանին, օգնե հայոց մելիքներին հաստատելու համար Ղարաբաղում հայոց անկախ իշխանություն։ Միևնույն բովանդակությամբ հրաման կրկնվեցավ 1783 թ. մայիսի 10-ին, միևնույն գեներալ պորուչիկ Պոտյոմկինին, որ հայերին հուսադրե, որպեսզի նրանք գործակցեն ռուսաց կառավարության նպատակներին, որը դիտավորություն ունի կազմելու նրանցից մի զորեղ քրիստոնյա պետություն, Ռուսաստանի բարձրագույն հովանավորության ներքո։

Այդ բոլորը գիտեին Ղարաբաղի մելիքները, այդ բոլորը հայտնի էր Գանձասարի Հովհաննես կաթողիկոսին, որը մելիքների խորհրդակիցն էր. այդ բոլորը հայտնի էր և Էջմիածնի կաթողիկոսին, որը գաղտնի մասնակցում էր ընդհանուր գործին։ Ղարաբաղի մելիքները խոստանում էին մատակարարել ռուսաց զորքերի բոլոր պաշարները և այլ պիտույքները, երբ նրանք իրանց կողմը կգային, խոստանում էին իրանց ուժերով միանալ ռուսաց զորքերի հետ։ Պատերազմը նշանակված էր 1784 թվի ամառը, գեներալ-պորուչիկ Պոտյոմկինը պատրաստված էր պարսիկների դեմ պատերազմ գնալու։ Այդ ժամանակ Ղարաբաղի մելիքների կողմից Ստեփան Դավթյան անունով մի պատվիրակ գնաց գեն. պոր. Պոտյոմկինի մոտ, հայոց պատրաստությունների և Անդրկովկասի քաղաքական դրության մասին նրան մանրամասն տեղեկություններ հաղորդելու։ Այդ Ստեփան Դավթյանը իր արժանավոր ծառայության համար վարձատրվեցավ պրեմիեր-մայորի աստիճանով։

XIX

Մինչ ռուսաց կողմից այսպիսի պատրաստություններ էին կատարվում, մինչ Ռուսաստանի հայոց արքեպիսկոպոս Հովսեփը, վառված հայրենասիրության հոգվով, անխոնջ կերպով աշխատում էր իրագործել իր սկսած գործի մեծ գաղափարը, այդ միջոցներում Ղարաբաղում կատարվեցան մի քանի աղետալի դեպքեր։

Մենք տեսանք. մինը մյուսից հետո (1775 1780) վախճանվեցան Ղարաբաղի երկու նշանավոր իշխողները՝ Գյուլիստանի Մելիք-Յուսուբը և Ջրաբերդի Մելիք-Աթամը, որոնք իրանց հայրենիքի ազատության համար ամենաեռանդոտ գործիչներ էին, որոնք ամբողջ քսան տարի պատերազմեցին Փանահ-խանի հետ և թույլ չտվեցին, որ նրա իշխանությունը տարածվի Ղարաբաղի վրա. Մելիք-Յուսուբին հաջորդեց որդին՝ Մելիք-Աբով III, իսկ Մելիք-Աթամին հաջորդեց որդին՝ Մելիք-Մեջլումը։ Դրանք պահպանեցին նույն դաշնակցությունը, որ կապել էին իրանց հայրերը և շարունակեցին նույն բանակցությունը, որ սկսել էին նրանք ռուսաց կառավարության հետ, իրանց հայրենիքի ազատության վերաբերությամբ։

Դարձյալ տեսանք, որ Մելիք-Աթամի վախճանվելուց մի տարի հետո (1781) Տիզակի տիրապետող Մելիք-Ավանյան Մելիք Եսային Իբրահիմ-խանի խաբեությանը զոհ դարձավ։ Նրա հաջորդը Մելիք-Բախտամը, ամենայն հավատարմությամբ պահպանեց իր նախորդի դաշնակցությունը վերոհիշյալ երկու մելիքների հետ։

Նույնպես տեսանք, երբ Հասան-Ջալալյան Հովհաննեսը Գանձասարի վանքի կաթողիկոս ձեռնադրվեցավ (1763), նրա հակառակ նույն տարվա մեջ Գանձակում Իսրայել անունով մեկը նույնպես Աղվանից կաթողիկոս ձեռնադրվեցավ և մնաց տեղային Ջավադ-խանի պաշտպանության ներքո։ Այդ հակաթոռ Իսրայել կաթողիկոսը կործանեց այն մեծ շենքը, որը Հովհաննեսը և Ղարաբաղի երեք մելիքները մեծ ջանքերով կառուցել էին...

Մինչ Ղարաբաղի մելիքները մի կողմից քաղաքական բանակցություններ էին վարում ռուսաց կառավարության հետ, իսկ մյուս կողմից, ներքին երկպառակությունը ջլատում էր նրանց ուժերը, այդ միջոցներում Իբրահիմ-խանը քնած չէր, նա խիստ արթուն էր և գիտեր ամեն հանգամանքներից օգուտ քաղել։

Նա նկատում էր ռուսների պատրաստությունները. նրան աղոտ կերպով հայտնի էր, որ այդ պատրաստությունների և Ղարաբաղի մելիքների շարժումների մեջ կար մի գաղտնի կապ։ Նրան հայտնի էր այն, որ վրաց Հերակլ իշխանը ծածուկ բանակցություններ ունի մելիքների հետ։ Նա գիտեր, որ այդ բոլորը իր իշխանությանը կործանման վտանգ էր սպառնում։ Նա սկսեց ամրացնել Շուշի բերդը, պատրաստվեցավ վտանգի առաջն առնելու։

Ռուսները խոստանում էին օգնություն հասցնել հայերին և վրացիներին, բայց ուշանում էին։

Իբրահիմ-խանը տեսնում էր, որ առանց ռուսների օգնության ևս հայոց և վրաց միացյալ ուժերը կարող էին նրան միանգամայն ոչնչացնել, մտածեց Վրաստանին կողմնակի կերպով մի հարված տալ, իսկ հետո դառնալ դեպի հայերը։

Մենք XV գլխում հիշեցինք, որ Իբրահիմ-խանը, բացի Մելիք-Շահնազարի աղջիկը իրան կին առնելուց, ամուսնացավ Ավարիայի տիրապետող Օմար-խանի քրոջ հետ։ Այդ խնամությունը մի ամուր դաշնակցական կապ դարձավ նրա և Օմար խանի մեջ։ Իբրահիմ-խանը մտածեց վրաց Հերակլ իշխանին զբաղեցնել իր աներոջ բարբարոս լեռնաբնակների հետ, որպեսզի նա ժամանակ չունենա հայերի հետ միանալու և իր դեմ գործելու։

Նրա դրդելով Օմար-խանը կովկասյան լեռնաբնակների ահագին բազմությամբ հարձակվեցավ Վրաստանի վրա (1782)։ Նախ Բորչալուն Ավերակ դարձրեց, հետո մտավ Լոռու գավառը, պաշարեց Գյումուշ-խանա կոչված բերդը։ Այդ բերդում ամրացած էին այն հույները, որոնք հանքերում աշխատում էին, այնտեղ էին ապաստանած և մերձակա հայոց գյուղերի բնակիչները։ Օմար-խանը գրավեց բերդը և բոլոր հույներին կոտորել տվեց, իսկ հայերից բազմաթիվ գերիներ վեր առեց։ Թեև Հերակլ իշխանը բացի վրացիներից, իր հետ 300 ռուսաց զինվորներ ունենալով, շտապեց Օմար-խանի բարբարոսությունների առաջը առնել, բայց նա այնքան երկչոտ գտնվեցավ, որ մինչև անգամ չհամարձակվեցավ մոտենալ նրան։ Օմար-խանը, կատաղի կերպով ամեն ինչ ավերակ դարձնելով, գերիների բազմությամբ անցավ Ախալցխա, որը այդ ժամանակ օսմանցիների ձեռքումն էր, և ձմեռը անցկացրեց տեղային կառավարիչ Սուլեյման-փաշայի մոտ։ Այստեղից Օմարը իր զորքերը ուղարկեց վրաց Վախամու բերդի վրա։ Այնտեղ ընտանիքով բնակվում էր իշխան Աբաշիձեն։ Օմարի զորքերը հիշյալ բերդը գրավեցին, բնակիչներին գերի վեր առին, որոնց թվում էին Աբաշիձեի երկու աղջիկները, որոնցից մեկը Օմարը իր համար պահեց, իսկ մյուսին ընծա ուղարկեց Իբրահիմ-խանին։

Գարնանը Օմարը թողեց Ախալցխան և Երևանի նահանգի միջով անցավ Ղարաբաղի կողմերը և այնտեղից գնաց իր երկիրը, տանելով իր հետ բազմաթիվ գերիներ և կողոպուտ։ Բայց Երևանի և Ղարաբաղի բնակիչներին շատ վնասել չկարողացավ, որովհետև մինչև նրա հասնելը, բոլորը ամրացած էին անմատչելի տեղերում։ Այսուամենայնիվ, լեռնային գազանի կատարած այդ փոթորկալից շրջանը Վրաստանի և Հայաստանի միջով մի ազդու ցույց էր, որով Իբրահիմ-խանը կամեցավ զգալ տալ քրիստոնյաներին իր զորությունը։

XX

Ղարաբաղի մելիքները սպասում էին 1784 թվի ամառին և գեներալ-պորուչիկ Պոտյոմկինի զորքերին, որ նրա հետ միանալով, սկսեն պատերազմել մահմեդականների դեմ։ Անցավ մի տարի ևս, խոստացած օգնությունը չհասավ։

1785 թ. ապրիլ ամսում մի մարդ մուրացկանի հագուստով, ձեռքին բռնած մի ծանր ճանապարհորդական մահակ, Գանձասարի վանքից ճանապարհ, ընկավ դեպի Գանձակ։ Այդ մուրացկանին սաստիկ արագընթացության համար կոչում էին «յորղա» Գրիգոր։ Նույն ամսի նույն, օրում մի այլ մարդ Շահ-Մանսուր գյուղից ուղևորվեցավ դեպի Շաշի։ Վերջինը մուրացկան չէր, ազնվական էր։ Նա ուղիղ ներկայացավ Իբրահիմ-խանի մոտ, հայտնեց նրան, թե հայոց մելիքները, Գանձասարի Հովհաննես կաթողիկոսի հետ միացած, մի նոր թուղթ գրեցին ռուսաց կայսրուհուն և հրավիրում են ռուսներին, որ գան տիրեն քո երկրները, մի խոսքով, դավաճանը մանրամասնաբար տեղեկություններ տվեց այն բոլոր պատրաստությունների և ռուսաց հետ ունեցած հարաբերությունների մասին, որ մինչև այնօր կատարել էին մելիքները և Հովհաննես կաթողիկոսը։

Թեև մելիքները իրանց պատրաստությունները սաստիկ զգուշությամբ էին կատարում, թեև նրանց մեջ պահպանվում էր խորին գաղտնապահություն, բայց այդ դավաճանը Հովհաննես կաթողիկոսի ընտանին էր, նրա հարազատ եղբայրն էր, նա ինքը մասնակցում էր խորհուրդների մեջ։ Դա Հասան-Ջալալյան Մելիք-բեկի որդի Ալլահ-ղուլի-բեկն էր։ Մի եղբոր շինածը մյուս եղբայրը քանդում էր... Մեր պատմությունը բավական աղքատ է լավ մարդիկներով, իսկ հարուստ է դավաճաններով...

Իբրահիմ-խանին հայտնի էին ռուսաց պատրաստությունները. նա վաղուց արդեն սկսել էր ամրացնել Շուշի բերդը։ Նրան անորոշ կերպով հայտնի էին և հայոց գաղտնի հարաբերությունները ռուսների հետ, բայց այդ մասին նա մի հաստատ փաստ չուներ իր ձեռքում հայերին պատժելու համար։ Դավաճանը ցույց տվեց նրան փաստեր։ Նա հայտնեց, թե մի սուրհանդակ, մուրացկանի հագուստով, իր ձեռքի գավազանի մեջ թաքցրած, նոր թղթեր տարավ Գանձակ, իսկ այնտեղից պիտի գնա Թիֆլիս։ Այդ թղթերին, ավելացրեց նա, ստորագրել են իմ եղբայյր Հովհաննես կաթողիկոսը, Գյուլիստանի Մելիք-Բեգլարյան Մելիք-Աբուլը, Ջրաբերդի Մելիք-Իսբայելյան Մելիք-Մեջլումը, Տիզակի Մելիք-Ավանյան Մելիք-Բախտամը և այլ նշանավոր եկեղեցական ու աշխարհական անձինք։

Վարանդայի Մելիք-Շահնազարը, Խնզիրիստանի Մելիք-Ալլահվերդին, Գյուլ-Յաթաղի Ռուստամ-բեկը, խանի կողմնակիցները լինելով և միանգամայն հակառակ մյուս մելիքների ձգտումներին, այդ պատճառով դաշնակից մելիքները չէին հրավիրել նրանց մասնակցելու իրանց խորհրդի մեջ։

Խանի հարցմունքին, թե կարելի՞ է արդյոք սուրհանդակի տարված թղթերը մի հնարքով ձեռք բերել, դավաճանը պատասխանեց, թե սուրհանդակը ներկայանալու է Գանձակում Իսրայել կաթողիկոսին, որ նրանից ևս թղթեր առնե ու հետո գնա. բավական է ձեզ հայտնել Իսրայել կաթողիկոսին, նա իսկույն կկալանավորե բոլոր թղթերը։

Իսրայելը վերջին ժամանակներում, թաքցնելով իր հին թշնամությունը, որ ուներ Հովհաննես կաթողիկոսի դեմ, առերես ցույց էր տալիս, թե նրա հետ համամիտ և համակամ է այն բոլոր խորհուրդների մեջ, որ պիտի կատարվեին հայրենիքի փրկության համար։ Նա Գանձասարի վանքում խաչի Ավետարանի վրա հանդիսավոր կերպով երդում տվող եկեղեցականներից մեկն էր, որոնք ուխտեցին հավատարիմ մնալ հայրենիքի ազատության գործին։ Բայց միևնույն ժամանակ այդ չարագործը շատ անգամ գաղտնի կերպով դիմել էր Իբրահիմ-խանին, հայտնելով նրան, որ եթե Հովհաննես կաթողիկոսին կհեռացնե և Գանձասարի վանքի կաթողիկոսական աթոռը իրան կտա, ինքը խոստանում է հավատարիմ լինել խանին։

Խանը այժմ հարմար առիթ գտավ փորձելու նրա հավատարմությունը։ Գանձակի Ջավադի-խանը իր հետ թշնամական հարաբերությունների մեջ լինելով, ինքը չէր կարող մարդ ուղարկել սուրհանդակին կալանավորելու համար։ Նա մի նամակ գրեց Իսրայել կաթողիկոսին, հայտնելով, թե նրա մոտ գալու է մի թղթատարի մուրացկանի հագուստով, որի ձեռքի գավազանի մեջ թաքցրած կան կասկածավոր թղթեր, եթե այդ թղթերը կկալանավորե և իրան կուղարկե, ինքը խոստանում է ամեն միջոցներով օգնել նրանք որ գրավե Գանձասարի կաթողիկոսական աթոռը։ Նամակը ուղարկվեցավ միևնույն դավաճանի՝ Հասան-Ջալալյան Ալլահ-ղուլի բեկի ձեռքով։

Թեև Իսրայել կաթողիկոսը շատ լավ գիտեր, որ խանի կամքը կատարելով, ո՛րպիսի սարսափելի վտանգի պիտի ենթարկեր հայոց մելիքներին և Հովհաննես կաթողիկոսին, թեև նա կարող էր հասկանալ, որ իր մատնությունով պիտի սպաներ հայրենիքի ազատության գործը, այսուամենայնիվ, իր փառքը և Գանձասարի կաթողիկոսական աթոռն ավելի բարձր դասելով ամեն ազգային գործերից, նա կալանավորեց թղթերը և ուղարկեց Իբրահիմ-խանին։

XXI

Իբրահիմ-խանը Իսրայել կաթողիկոսի ուղարկած թղթերը ստանալուց հետո լուռ մնաց, այնպես ձևացնելով, թե ինքը մելիքների գործողություններից ամենևին տեղեկություն չունի։ Հետո բարեկամաբար հրավիրեց իր մոտ Մելիք-Մեջլումին, Մելիք-Աբովին և Մելիք-Բախտամին, իբր թե երկրի կառավարության գործերի վերաբերությամբ նրանց հետ կարևոր խորհելիքներ ունի։ Երբ նրանք եկան, Մելիք-Մեջլումին և Մելիք-Աբովին կալանավորեց Շուշի բերդում, իսկ Մելիք-Բախտամին, որի հետ ավելի մեծ թշնամություն ուներ, մատնեց պարսից կառավարությանը, իբրև քաղաքական հանցավոր, որ ձգտում էր պարսից երկրների մեջ մտցնել ռուսներին։ Մելիք-Բախտամին տարան Պարսկաստան և բանտարկեցին Արդավիլի բերդում։ Պետք է ի նկատի առնել, որ այդ բերդում, պարսից վաղեմի սովորությունների համեմատ, բանտարկվում էին ոչ թե հասարակ հանցավորները, այլ միայն նշանավոր քաղաքական հանցավորները իշխանական բարձր տոհմերից։ Մելիք-Բախտամը Մելիք-Ավան-խանի թոռը, նույնպես փոքր մարդ չէր։ Նրա ազգատոհմը ծանոթ էր Պարսկաստանին սկսյալ Նադիր-շահի օրերից։ Մելիք-Բախտամի կալանավորությունից հետո նրա երկիրը (Տիզակը) պարսկական գավառ դարձավ։

Մելիքներին իր ճանկերի մեջ պահելուց հետո նա մի խումբ ձիավորներ ուղարկեց, Գանձասարի հարուստ վանքը կողոպտեցին. կայքերի մի մասը միայն կարողացան առաջուց թաքցնել։ Հետո Հովհաննես կաթողիկոսին բռնելով, իր հինգ եղբայրների հետ բերեցին Շուշի բերդը։ Բոլորը բանտարկվեցան։ Այնուհետև սկսեց զանազան բարբարոսական տանջանքներով չարչարել նրանց։ Հովհաննես կաթողիկոսին թունավորելով, բանտի մեջ սպանեց (1786). իսկ նրա եղբայրներին և մյուս ազգականներին ամբողջ ինն ամիս բանտի մեջ մաշեց։ Քսան օր շարունակ Սարգիս եպիսկոպոսի ոտները փայտով ծեծել էր տալիս, որ նա ցույց տա ռուսաց կառավարությունից ստացած թղթերը։ Բայց թղթերը առաջուց կրակի մեջ ձգելով այրել էին։ Վերջը Գանձասարի վանքը ութն հազար թուման տուգանքի ենթարկելով, Սարգիս եպիսկոպոսից ստացավ այդ գումարը, հետո նրան իր եղբայրների հետ արձակեց բանտից։

Բայց Մելիք-Մեջլումը և Մելիք-Աբովը երկար չմնացին բանտում։ Նրանք կալանավորված էին առանձին տեղում։ Հենց որ կալանավորությունը լսեց Մելիք-Մեջլումի քաջ զորապետ Արզումանը, նա իր հետ առեց իր երկու աներկյուղ ընկերներին, Դալի Մահրասային (Ավագ վարդապետին) և զարգար Մելքումին, գիշերով մտան Շուշի բերդը և բանտի դռները խորտակելով, ազատեցին մելիքներին։

Իսրայել կաթողիկոսը իր մատուցած ծառայությունների համար ստացավ Իբրահիմ-խանից Աղվանից կաթողիկոսական աթոռը, այն աթոռը, որի գրավելու համար նա սպանել տվեց Հովհաննեսին։ Բայց նրան թույլ տվեցին նստել Ամարասա վանքում, որ ավելի մոտ լինի խանին և մնա նրա ձեռքի տակ։ Գանձասարի վանքում այդ ժամանակ նստած էր նահատակված Հովհաննես կաթողիկոսի եղբայր Սարգիս եպիսկոպոսը։

Եվ այսպես, Խամսայի հինգ տիրապետող մելիքներից մնաց երկուսը՝ Մելիք-Բեգլարյան Մելիք-Աբովը և Մելիք-Իսրայհլյան Մելիք-Մեջլումը։ Մյուս երեքը համարյա թե ոչնչացան։ Տիզակի Մելիք-Ավանյան Մելիք-Բախտամը աքսորվեցավ Պարսկաստան և որպես Արշակ Երկրորդը պահվում էր Անուշ բերդում, դա էլ նույնպես պահվում էր Արդավիլի բերդում։ Խաչենի Հասան-Ջալալյան մելիքները, որպես հետո կտեսնենք, Հովհաննես կաթողիկոսի մահից հետո, բոլորը ցրիվ եկան, տարագրվեցան։ Խաչենում տիրում էին Իբրահիմ-խանից կարգված մելիքները։ Մնում էր Վարանդայի իշխողը Մելիք-Շահնազարը, բոլոր չարիքների հորինողը, Իբրահիմ-խանի սիրելին։

1787 թվին գեներալ Բուրնաշովը վրաց Հերակլ իշխանի հետ ռուսաց զորքերով մոտեցան Գանձակին։ Մելիք-Մեջլումը և Մելիք-Աբովը Շուշի բերդից փախչելուց հետո անմիջապես գնացին Հերակլի և Բուրնաշովի մոտ։ Նրանք հույս ունեին, որ իրանց շատ անգամ հաղորդված խոստմունքների համեմատ, օգնական զորք կստանային, որ գան Իբրահիմ-խանի հետ պատերազմեն և իրանց հպատակներին կրկին տիրեն։ Եվ իրավ, նրանց խոստացան տալ չորս հազար զինվորներ իշ. Օրբելյանիի հրամանատարության ներքո։

Բայց միևնույն ժամանակ (1787) ծագեց ռուսաց երկրորդ պատերազմը օսմանցիների հետ. գեներալ Բուրնաշովը անսպասելի հրաման ստացավ, որ իր գունդերով վերադառնա Ռուսաստան։ Այդ պատճառով Բուրնաշովը և Հերակլը չկարողացան կատարել իրանց խոստմունքը։

Հերակլը ռուսաց զորքերի հետ գնաց Թիֆլիս, իսկ Մելիք-Մեջլումը և Մելիք-Աբովը, զրկված օգնությունից, գնացին նրա հետ։

Այդ տեսնելով, Իբրահիմ-խանը ավելի վստահություն ստացավ, ավելի կատաղի դարձավ։ Մինչև այնօր նա երկյուղ ուներ ռուսներից, բայց ռուսները հայտնվեցան և երազի նման դարձյալ աներևութացան։ Այնուհետև այլևս ի՞նչը կարող էր նրան զսպել։ Մելիքների միաբանությունը քայքայված էր. հայոց կաթողիկոսն անգամ նրա ձեռքում մի անարգ գործիք էր դարձել իր հայրենիքի կործանման համար։ Մնացել էին երկու մելիքներ միայն, Աբովը և Մեջլումը, ճշմարիտ հայրենասերներ, պատվի և զգացմունքի տեր տղամարդիկ, դրանք ևս օտարների դռներում օգնություն էին մուրում, այն մարդիկը, որոնց զորությունից սարսափում էր Իբրահիմ-խանը։

Իբրահիմ-խանը, երբ լսեց, որ երկու մելիքները ռուսաց զորքերի հետ գնացել էին Թիֆլիս, Մելիք-Մեջլումի մորը և Մելիք-Աբովի ընտանիքից մի քանի հոգի բռնել տվեց և բերելով Շուշի բերդը, այնտեղ պահեց իբրև պատանդ։ Հետո Մելիք-Մեջլումի երկիրը կողոպտեց, ավերակ դարձրեց. նրա տեղը կարգեց Գյուլ-Յաթաղ գյուղի Ռուստամ-բեկին, որը խանի սիրելի Իսրայել կաթողիկոսի քրոջ ամուսինն էր։ Մելիք-Աբովի տեղը նույնպես ուրիշին կարգեց։

Իբրահիմ-խանը այժմ հասավ իր նպատակին. նա իրան ամբողջ Ղարաբաղի տերն էր համարում։ Այնտեղ մնացած մելիքները, թեև վայելում էին իրանց վաղեմի արտոնությունները, բայց բացի Վարանդայի Մելիք-Շահնազարից, մյուսները խանի ստորադրյալներն էին համարվում։

Բայց Մելիք-Մեջլումը և Մելիք-Աբովը հանգիստ չմնացին. նրանք չէին կարող անպատիժ թողնել մահմեդական խանին, որ իրանց հայրենիքը ավերակ դարձրեց...

XXII

Մելիք-Մեջլումը և Մելիք-Աբովը Թիֆլիսում երկար չմնացին։

Այնքան զոհողություններ կրելուց հետո, հայրենիքը, ընտանիքը թշնամու ձեռքում թողնելուց հետո, մեծ հույսերով Թիֆլիս գալուց և այնտեղ հուսահատ մնալուց հետո, երկու մելիքները՝ Մեջլում և Աբով, դարձյալ իրանց երեսները հետ չէին դարձնում Ռուսաստանից, դարձյալ մեծ ակնկալություններ ունեին նրա պաշտպանության վրա։

Նրանք նամակով դիմեցին գեներալ-անշեֆ Տեկելլուն, նկարագրելով այն բոլոր դժբախտությունները, որ կրեցին իրանք, սկսյալ այն օրից, երբ, գեներալ-պորուչիկ Պոտյոմկինի խոստմունքներից հրապուրված, անձնատուր եղան Ռուսաստանին, սկսեցին պատերազմել Իբրահիմ-խանի հետ, նկարագրեցին այն բոլոր բարբարոսությունները, որ կատարեց այդ խանը։

Նրանք դարձյալ խնդրում էին կայսրուհու պաշտպանությունը՝ հետևյալ պայմաններով.

1) Բարբարոսների լուծը իրանցից հեռացնելու համար տալ իրանց իսկությամբ օգնություն զորքերով, թեև փոքր թվով։ Որովհետև նրանք, միացնելով իրանց ուժերը ռուսաց զորքերի հետ, կարող էին միայն իրանց ահարկու անունով ոչնչացնել պարսից զորությունը և ճնշել Շուշվա խանի իշխանությունը։ Միևնույն ժամանակ խնդրում էին տալ իրանց մի գլխավոր հրամանատար, որ իր արժանավորություններով և հատկություններով ընդունակ լիներ գործին։

2) Եթե իրանք հիշյալ պաշտպանությունը ստանալ չէին կարող, խնդրում էին, որ թույլ տրվի իրանց տեղափոխվել Կասպից ծովի ափերի մոտ, Դերբենդի շրջակայքում, այնտեղ նոր գաղթականություն հիմնելու համար։ Իսկ իրանց տրվելիք նոր երկրները պիտի համարվին իրանց սեփականություն, տալով մելիքներին և նրանց ժառանգներին լիակատար իշխանություն իրանց հպատակների վրա տիրելու։

Միևնույն ժամանակ Ղարաբաղի մելիքների պատգամավոր և ռուսաց գործակատար Ստեփան Դավթյանը խնդրում էր Պոտյոմկինից շուտափույթ օգնություն հասցնել մելիքներին։ Նա էլ խոստանում էր ուղարկել Դերբենդ վեց գունդ զորք, ցանկացողներին ռուսաց հովանավորության ներքո ընդունելու համար։

Հիշյալ գաղթականության մասին Ռուսաստանի Հայոց արքեպիսկոպոս Հովսեփը իր ընդարձակ տեղեկագրի մեջ, որը իշխան Գրիգոր Ալեքսանդրովիչ Պոտյոմկինի միջնորդությամբ ներկայացրեց Եկատերինա II կայսրուհուն, ի միջի այլոց գրում է հետևյալը.

«Սեպտեմբերի 19-ին, 1789 ամի Ղարաբաղի մելիքները, իրանց ստացած մխիթարական թղթերի համար, հայտնեցին ինձ՝ հայոց արքեպիսկոպոսիս իրանց շնորհակալությունը, և իմացում են տալիս հետևյալի մասին. թե իրանք, մելիքները, տեղեկություն են ստացել, իբր թե նորին պայծառափայլությունը, իշխան Գրիգորի Ալեքսանդրովիչ Պոտյոմկինը, հրամայել է գեներալ Պետր Աբրամովիչ Տեկելլուն, որ մելիքներին կանչե Ռուսաստան և թե հիշյալ գեներալ Տեկելլու կողմից այդ գործի մասին իրանց ոչինչ հաղորդված չէ։ Այդ պատճառով ինձանից (արքեպիսկոպոսից) հատկապես խնդրում են, որ նրանց ճիշտ տեղեկություն տամ։ Մելիքները հայտնում են ինձ իրանց մեջ վճռած բոլոր պայմանները իրանց պահանջների վերաբերությամբ և խնդրում են, որ նրանց իմացում տամ նորին պայծառափայլության բարի կարգադրության մասին։

Հիշելով այն խնդիրքները, որ իրանց նախնիքը մատուցել են Պետրոս Մեծին, և հիմնվելով կայսրի ողորմածության վրա, որ նա ցույց էր տվել նույն խնդիրքների առիթով, մելիքները այժմ նույնպես խնդրում են, որ իրանց թույլ տրվի գաղթել Դերբենդի կողմերը, և այդ երկրները վավերացվեն նրանց անունով որպես մշտական ժառանգություն։ Իսկ եթե հարկ կհամարվի նրանց գաղթել Ռուսաստան, խնդրում են Վրաստանում գտնված ռուսաց զորքից օգնություն, որպեսզի իրանց ժողովրդի հետ միասին կարողանան անվտանգ կերպով հեռանալ Ղարաբաղի իշխանությունից։ Միևնույն ժամանակ հայտնում են, որ իրանց ամբողջ հասարակությունը, այդ երկու առաջարկության մեջ, համաձայնվելով մելիքների հետ, խնդրում են, որ նրանց տեղեկություն տան, թե արդյոք որտե՞ղ, ո՞ր երկրում նրանց հողեր կտան, եթե Ռուսաստանում, ուրեմն, ի՞նչ պայմաններով։ Մելիքները պահանջում են, որ բարեհաճեն վերահաստատելու իրանց ունեցած վաղեմի արտոնությունները, որ ամենահին ժամանակներից վայելում էին իրանք, և որը մինչև անգամ իրանց թշնամիները չեն կամեցել խափանել։ Այսինքն, որ նրանք իրավունք ունենան տիրելու իրանց հպատակների վրա, և իրանց հաջորդները նույնպես իրավունք ունենան ժառանգելու հոր իշխանությունը։ Նույնպես և, այն երկրները, որ կտրվեն նրանց բնակության համար, կարողանան սեփականացնել իրանց միևնույն իրավունքներով։

Հիշյալ երկու մելիքները, Մեջլում և Աբով, իրանց խնդիրքը մատուցանելուց հետո, հավատացնում են, որ մնացյալ երեք մելիքներն ևս, որ մնացել են Ղարաբաղում, համաձայն են իրանց հետ։ Այդ բոլորը հաղորդելով ի գիտություն ձերդ պայծառափայլության, (Պոտյոմկինին) նորին կայսերական մեծությանը զեկուցանելու համար, հատկապես և ամենախոնարհաբար խնդրում եմ, որ շնորհվի նրանց բարձրագույն ողորմած հովանավորություն, որով նշանավոր օգուտ կլինի Ռուսաստանին։ Իսկ ինձ պետք է հրահանգ տալ, թե ի՛նչ կարող եմ հայտնել նրանց։ Որովհետև ես առանց առանձին թույլտվության, առանց բարձրագույն բարեհաճության կամ ձեր պայծառափայլությունից տեղեկություն ստանալու, նրանց պատասխանել կարող չեմ։ Իսկ հիշյալ երկու մելիքների, Մեջլումի և Աբովի, նամակների իսկականը, իրանց թարգմանության հետ, ուղարկում եմ այդ թղթով»։

Թե ի՞նչ պատասխան ստացան մելիքները, մեզ հայտնի չէ, միայն այդքանը հայտնի է, որ ռուսները այդ միջոցներում զբաղված էին թուրքական պատերազմով և հազիվ թե ժամանակ ունեին մի հիմնավոր կարգադրություն անելու մելիքների ծանր դրությունը փոքր-ինչ հեշտացնելու համար։

Նրանք, առժամանակ միայն մնալով Հերակլ իշխանի մոտ, առաջարկում էին նրան միանալ իրանց հետ և ոչնչացնել Իբրահիմ-խանի իշխանությունը, հիշեցնում էին նրան այն բարբարոսական ասպատակությունները, որ մի քանի տարի առաջ Վրաստանում կատարեց Ավարիայի Օմար-խանը Իբրահիմ-խանի դրդելով։ Հերակլը խոստանում էր կատարել նրանց ցանկությունը, միայն խորհուրդ էր տալիս փոքր-ինչ սպասել։ Բայց մելիքները սպասելու համբերություն չունեին, նրանց հպատակները, նրանց ընտանիքը մինչև անգամ գտնվում էին Իբրահիմ-խանի ձեռքում։

Այդ միջոցներում Հերակլը նամակ է ստանում Իբրահիմ-խանից։ Խանը գրում է նրան, որ Մելիք-Մեջլումին և Մելիք-Աբովին բռնե և իր մոտ ուղարկե։ Իսկ դրանց փոխարեն խոստանում էր խանը հետ ուղարկել այն 3 000 թուրք ընտանիքներին, որոնք առաջ վրաց հպատակներ էին, բայց Բորչալուի կողմերից փախել էին Ղարաբաղ, բնակվում էին Ասկարանի բերդի մերձակայքում։

Վրաց իշխանը ոչ այնքան իր հպատակները հետ ստանալու ցանկությամբ, որքան երկյուղ կրելով Իբրահիմ-խանի վրեժխնդրությունից, մտածում է կատարել նրա հրամանը և իր մոտ ապաստանած հյուրերին վատությամբ կալանավորելով, ուղարկել դահճի մոտ։

Նրա խորհուրդը հայտնվում է հայոց մելիքներին։ Հերակլի քարտուղարը, որը կոչվում էր Միրզա-Գիորգին, և գիտեր պարսկերեն ու արաբերեն, ազգով հայ էր։ Իբրահիմ-խանի նամակը կարդալուց հետո բովանդակությունը հայտնում է մելիքներին։

Որպես պատմում են, Հերակլը Թիֆլիսի Օրթա-ճալա կոչված այգիներում ճաշ է պատրաստում, այնտեղ հրավիրում է երկու մելիքներին, որ արբեցնե, այնուհետև իր սեղանի վրա կալանավորե հյուրերին։ Մելիքներին արդեն հայտնի էր նրա դիտավորությունը. դեռ ճաշից առաջ ձի են նստում, պատճառելով, թե կամենում են մերձակայքում որսորդություն անել իշխանի սեղանի համար։ Նրանք այլևս չեն վերադառնում։ Երկու մելիքները ունեին իրանց մոտ հարյուր ձիավորներ միայն, թողնում են անհյուրընկալ Թիֆլիսը և ուղևորվում են դեպի Գանձակ։ Ճանապարհին հանդիպում են նրանց վրացի սայլապաններ, որ գնում էին դեպի քաղաքը. դրանց միջոցով Մելիք-Մեջլումը լուր է տալիս Հերակլին, ասելով, թե գնացեք հայտնեցեք ձեր իշխանին, որ Մելիք-Մեջլումը չի մոռանա նրա հյուրասիրությունը...

Եվ իրավ, Մելիք-Աթամի պատվասեր որդին չմոռանալով վրեժխնդիր լինել վրաց իշխանի խաբեության համար, նրա սարքած ճաշը մի քանի տարուց հետո Թիֆլիսի կործանման պատճառը դարձավ...

Վրաց իշխանի նենգավորությունը սաստիկ վիրավորեց Մելիք-Մեջլումի զգայուն սիրտը։ Ռուսաստանի հայոց Հովսեփ արքեպիսկոպոսը այնքան մեծ համարում ուներ Հերակլի վրա, որ մինչև անգամ մտածում էր, եթե չհաջողվի իշխան Պոտյոմկինին հայ-վրաց միացյալ իշխանության աթոռի վրա բազմեցնել, նրանից հետո ի նկատի ուներ միայն Հերակլին։ Իսկ այդ երկչոտը, սարսափած Իբրահիմ-խանի նամակից, կամենում էր նրա ձեռքը մատնել Ղարաբաղի երկու նշանավոր մելիքներին, որոնց նույն խանի դեմ օգնական զորք տալու հույսով հրավիրեց իր մոտ Թիֆլիս։

Երկու մելիքները Թիֆլիսից եկան Գանձակ, տեղային Ջավադ-խանը սիրով ընդունեց նրանց, բնակության տեղ տվեց իր քաղաքում և նրանց կեցության համար ռոճիկ նշանակեց։ Թեև Իբրահիմ-խանը մի քանի անգամ դիմեց Ջավադ-խանին և զանազան խոստմունքներում խնդրեց նրանից, որ մելիքներին իր ձեռքը տա, բայց Ջավադ-խանը ավելի մեծահոգի գտնվեցավ, քան թե վրաց իշխանը և մերժեց նրա խնդիրքը։

"Խամսայի Մելիքությունները" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Թավջութակի կոնցերտ-ռապսոդիա
Արամ Խաչատրյան

Թավջութակի կոնցերտ-ռապսոդիա

Ավարայրի ճակատամարտը, 1948
Ավարայրի ճակատամարտը, 1948
Խաղա առցանց