Րաֆֆի
Ոսկի աքաղաղ
5
ԺԵ
Մի անգամ Մասիսյանը Մոսկվայի իր գործակատարից նամակ ստացավ, որի մեջ խնդրում էր ուղարկել իր մոտ մի օգնական, որովհետև տկարության պատճառով ինքը մենակ չէր կարողանում գործերը օրինավոր կերպով կատարել։ Այս նամակը մեծ դղրդոց գցեց Մասիսյանի խանութի գործակատարների մեջ, և նրանցից ամեն մեկը ցանկանում էր, որ իրան ուղարկեն։ Բայց և ոչ մեկի ընդունակությունը չէր համապատասխանում նամակի բովանդակությանը, որովհետև նրա մեջ գրված էր, որ օգնականը, բացի հայերենից, պետք է «անպատճառ» գիտենա ռուսերեն գրել, կարդալ և խոսել։ Մասիսյանի մոտ գտնված գործակատարների մեջ չկար այսպիսի մեկը, և նա մեծ մտատանջության մեջ էր, թե որտեղից կարող էր գտնել։
Մի երեկո այս մտածության մեջ աղան տուն դարձավ և իսկույն չմտավ իր սենյակը, այլ նստեց «իշոտիքի» վրա, որ դրած էր ընկուզենու հովանու տակ, և պահանջեց սառը ջուր, որ զովացնե իր ծարավը։ Միքայելը իսկույն կատարեց նրա հրամանը և կանգնեց աղայից փոքր ինչ հեռու ոտքի վրա, սպասելով, չունի՝ արդյոք մի ուրիշ բան ևս հրամայելու։
Կանչիր այստեղ խանումին, դարձավ նա դեպի Միքայելը։
Քանի մի րոպեից հետո տիկին Մարիամը հայտնվեցավ իր ամուսնի մոտ, նա ևս Միքայելի նման կանգնած, սպասում էր լսել նրա հրամանը։ Աղան նշան արեց, որ նստե։ Տիկինը տեղավորվեցավ նրա մոտ «իշոտիքի» վրա։ Աղան հայտնեց Մոսկվայի նամակի բովանդակությունր և կամենում էր լսել իր «խանումի» կարծիքը, թե ումը հարմար էր ուղարկել։ Տիկին Մարիամին խիստ զարմացրուց այս մտերմությունը, որովհետև իր ամուսնական կյանքում այդ առաջին անգամն էր, որ աղան խորհրդակցում էր նրա հետ, այն ևս մի այնպիսի առարկայի վրա, որ բոլորովին անծանոթ էր իրան։
Այդ ձեր գիտենալու բանն է, պատասխանեց տիկինը, ումը որ լավ եք համարում, ուղարկեցեք։
Միքայելը, որ հեռվից լսում էր նրանց խոսակցությունը, որ վաղուց առիթ էր որոնում իրան առաջարկելու, վստահությամբ մոտեցավ և ասաց.
Ինձ ուղարկեցեք, աղա։
Աղան խոժոռ կերպով նայեց նրա վրա, ուզում էր բարկանալ, բայց ակամայից ծիծաղեց։
Դու ի՞նչ գիտես, որ ուղարկեմ, լակոտ։
Ես համ հայերեն, համ ռուսերեն գրել, կարդալ և խոսել գիտեմ, պատասխանեց նա մի առանձին ինքնավստահությամբ:
Դո՞ւ... դու ե՞րբ սորվեցար։
Սորվեցա... ինձ ու ինձ սորվեցա... ասաց նա, վախենալով հայտնել իր վարժապետի, Ստեփանի անունը։
Թե՛ տիկինը և թե՛ աղան երկուսն էլ մնացին զարմացած, Մասիսյանի տան մեջ ոչ ոքին հայտնի չէր, թե նա կարդալ գիտեր: Եվ իսկույն տիկնոջ գլխումը ծագեց այն միտքը, որ վաղուց նրան տանջում էր, որ ցանկանում էր Միքայելին առժամանակ հեռացնել իր տնից, վախենալով, մի գուցե Հռիփսիմեի հետ պատահեր այն, ինչ որ պատահեց իր աղջիկներից մեկի, Սոնայի հետ, որը սիրահարվելով գործակատարի վրա, փախավ հոր տնից և գյուղումը նրա հետ պսակվեցավ։
Էլ ինչո՞ւ եք ուրիշին պտռում, խոսեց տիկինը, Միքայելից լավը չկա ուղարկեցեք, թող գնա «մարդ» դառնա, մեր մեծացրած տղան է։
Ռուսերեն գիրք ունե՞ս, հարցրուց աղան։
Ունեմ։
Գնա բեր կարդա, տեսնեմ։
Միքայելը վազեց դեպի իր խուցը և ուրախությունից մոռացավ, որ գլուխը կռացնե նեղ դռնից ներս մտնելու համար և ճակատը սաստիկ զարկվեցավ դռան շրջանակի վերնափայտին: Բայց նա ուշադրություն չդարձրեց ցավի վրա և ներս մտավ։ Նա բաց արեց արկղը, այն գրքերով լիքը նվիրական արկղը, որ ընծայել էր նրան Ստեփանը և վեր առեց գրքերից մեկը։ Այն ժամանակ նա մտաբերեց բարեսիրտ պատանու խոսքերը՝ «կարդա՛, Միքարել, շա՛տ կարդա, մի օր հարկավոր կլինի քեզ կարդալը»։ Այժմ նրա խոսքը կատարվեցավ, մտածում էր Միքայելը, և բոլոր սրտով ցանկանում էր թռչել Մոսկվա, մի անգամ ևս տեսնել իր սիրելուն։
Միքայելը բերեց ռուսերեն դիրքը և երկչոտ աշակերտի նման կանգնեց աղայի մոտ։
Դե՛, հիմա կարդա′, տեսնեմ։
Միքայելը սկսեց վարժ և կանոնավոր կերպով կարդալ, աղան ուշադրությամբ լսում էր, թեև մի բառ ևս չէր հասկանում։
Դե՛, հիմա գրե՛:
Ի՞նչ գրեմ։
Գրե, որպես թե գրում ես Մոսկվայի գործակատարին...Այս անգամ ուղարկված 200 հակ բամբակների մի մասը խալիս (զուտ) Ամերիկայի սերմից է, մնացածները խառն են տեղային բամբակի հետ, վերջին հակերի վրա առանձին նշաններ են դրված, որ դու մուշտարուն ցույց տալու ժամանակ ճանաչես և կարողանաս Ամերիկայի բամբակի տեղ անցկացնել»։ Հիմա կարդա։ Միքայելը կարդաց։
Գրեցի՞ր, «առանձին նշաններ են դրված»։
Գրեցի, «առանձին նշաններ են դրված»... կրկին կարդաց Միքայելը և իր կողմից նկատեց. վա՜յ թե մուշտարին առանձին նշաններ» ունեցող հակերից մեկը բաց անել տա, հետո՞...
Ձայնդ կտրի, լակոտ, Մոսկվայի գործակատարս քեզ նման հիմար չէ, նա կհասկանա, թե ինչպես պետք է սարքել բանը... ասաց աղան բարկությամր և դարձավ դեպի տիկինը։
Ասում ես ուղարկիր, դե, ո՞նց ուղարկեմ, ես ճանաչում եմ. էդ ավանակին, դա «մարգյ» չի դառնա։
Բայց իսկապես ո՛չ բամբակ էր ուղարկված, ո՛չ Ամերիկայի սերմից, ո՛չ տեղային սերմից և ո՛չ էլ «առանձին նշաններս էին դրված խարդախված հակերի վրա, որ գործակատարը ճանաչելով չսխալվեր և կարողանար վատ բամբակը լավ հատկություն ունեցողի տեղ անցկացնել։ Միայն աղան դրել էր տալիս այն, ինչ որ ստեղծել էր նրա երևակայությունը, մի նոր խաղ խաղալու համար Մոսկվայի բիրժայի վրա։ Միքայելը շատ փոշմանեց իր անզգույշ նկատողության մասին, և տիկին Մարիամը նույնպես դժգոհ մնաց նրա անփորձության համար, որով գրգռեց աղայի անվստահությունը, որը պահանջում էր անպայման հպատակություն այն բոլոր խարդախությունների մեջ, ինչ որ պահանջում էին նրա առևտրական շահերը։ Տիկինը մտածեց մի կերպով բանը շինել։
Վնաս չունի, ասաց նա, ջեր տղա է, կգնա, կտեսնի, կսովորի։
Ախար ի՞նչ կսովորի, այսքան տարի չսովորեց, դրանից հետո էլ ի՞նչ կարող է սովորել։
Միքայելը կանգնած լսում էր այդ բոլորը, որպես մի դատապարտյալ։
Նույն միջոցին ներս մտավ մի մարդ, կարտուզով, սև արխալուղով, որի վրայից հագել էր մի մոխրագույն մաշված սերթուկ երկայն ու լայն փեշերով և ոտներին հագել էր քոշեր սպիտակ գուլպաների վրա, որոնք կեղտոտությունից ցեխի գույն էին ստացել։ Նա իր ձեռին բռնած ուներ մի հաստ փայտ, որ ինքն էր շինել,
Սիմոն Յագորիչը եկավ, ասեցին միաձայն, երբ տեսան նրան, իր հաստ փայտը տըփտըփացնելով ներս մտնելիս։
Դա աղայի ադվակատն էր, մի հին պոլիցիական չինովնիկ որին դուրս էին արել ծառայությունից չափազանց արբեցության պատճառով, և եկել էր այն կնոջ գործի համար, որի որդին բանտարկված էր իր պարտքը աղային չվճարելու պատճառով։
Լավ ժամանակ եկար, Սիմոն Ցագորիչ, քեզ էի սպասում, ասաց աղան։
Ի՞նչպես չգայի, այդ անզգամը (բանտարկյալի մոր մասին էր խոսքը) զահլա է տանում, պատասխանեց նա և եկավ նստեց նույն «իշոտիքի» վրա, աղայի մոտ։
Նա բավական հոգնած էր երևում և փոշոտած, կարտուզը գլխից առեց, թևքովը սրբեց ճակատի քրտինքը և ջիբից հանելով քթախոտի մեծ տուփը, մի բուռն «էնֆիա» վեր քաշեց դեպի իր ահագին քթի պնչածակերը, հետո ոգի և շունչ առնելով, զվարթացավ և բարերար տուփը «թավազա» անելով աղային, ասաց.
Քաշիր, լավն է, աստված հասցրուց, էսօր գջլեցի մեկից, բանը շինեցի սուդումը...
Աղան ուշադրություն չդարձնելով նրա քաղաքավարության վրա, հարցրուց.
Դու էն ասա՛, ի՞նչ արեցիր էն անզգամի հետ։
Չե՞ս քաշում, լավն է ասում եմ։ Ստամբոլի բուռնոթի է, աստված հասցրուց, շատ ժամանակ էր, որ պտռում էի։
Է՜հ, քեփդ եկել է։ Սիմոն Յագորիչ, ասա՛, ի՜նչ արեցիր էն «անզգամի» հետ, ասաց աղան մի փոքր պինդ ձայնով։
Օրհնած, էլ ո՞ւր ես բարկանում, պատասխանեց փաստաբանը պատառոտած հին աղլուխով թափ տալով բուռնոթու փոշին իր ընչանցքի վրայից, որ դեղնել և բուռնոթու գույն էր ստացել։
Դե՛, արի, էսպիսի մարդու հետ խոսիր, ասաց աղան գլուխը շարժելով. ես ինչ եմ ասում, նա ինչ է պատասխանում: Ասա, ի՞նչպես վերջացրիր այն կնոջ հետ։
Էլ ի՞նչպես պետք է վերջացնեի, հերն անիծեցի, ինչ որ ուներ, չուներ, բոլորը ծախել տվեցի։ Աղայի դեմքը պայծառացավ մի անբացատրելի ուրախությամբ:
Փողե՞րը, հարցրուց նա։
Փողերը բերել եմ։
Փաստաբանը հանեց ջիբիցը մի շորի կտորի մեջ փաթաթած թղթադրամները և առանց համբարելու դողդոջուն ձեռքով տվեց աղային։
Ա՜յ տղա, Միքայել, մի ստաքան արաղ բեր Սիմոն Յագորիչին, այն մեծ ստաքանով, իմանում ե՞ս, ասաց աղան և սկսեց համբարել փողերը։
Օրհնած, մի քիչ շուտ ասեիր, դու չե՞ս իմանում, որ Սիմոն Յագորիչը առանց էդ զահրումարի ապրիլ չի կարող, խոսեց փաստաբանը և անհամբերությամբ սպասում էր կենսատու ըմպելիքին։
Բայց Միքայելը մի երկրորդ սխալ ևս գործեց, որ ոչ սակավ հրավիրեց իր վրա աղայի բարկությունը. նա հրամայեց «մեծ» ստաքանով բերել արաղը, բայց այդ «մեծ» բառը պետք էր հասկանալ «փոքրի» տեղ, որպես խանութումը «լավ» բառը գործ էր ածվում «վատի» տեղ. և բերեց նա ահագին ստաքանով արաղ և տվեց Սիմոն Յագորիչին։ Դա կատարյալ սպիրտ էր առանց մի ուրիշ խառնուրդի, բայց նա միանգամով կուլ տվեց։
Ա՜յ, սիրտս հովացավ, շատ ապրիս, ասաց փաստաբանը դատարկած բաժակը ետ տալով Միքայելին։
Բայց աղան իր խոժոռ ակնարկությամբ արդեն հասկացրել էր Միքայելին նրա գործած մեծ սխալը, և այս անգամ խեղճ տղան բոլորովին հուսահատվեցավ, թե Մոսկվա գնալը երբեք չպիտի հաջողվեր իրան։
Բայց տիկին Մարիամին զբաղեցնում էր նույն րոպեում մի ուրիշ տխուր միտք, երբ տեսավ փաստաբանի բերած փողերի ծրարը, որ գոյացել էր այն «անզգամի» կայքը աճուրդով ծախել տալուց, այն ողորմելի կնոջ կայքը, որի որդին բանտարկված էր, որը քանի օր առաջ եկել էր իր մոտ և գթություն էր խնդրում, իսկ այժմ աղայի անգթությամբ մի ամբողջ ընտանիք պետք է մաշվեր և ոչնչանար դառն աղքատության մեջ։
Շնորհակալ եմ, Սիմոն Յագորիչ, ասաց աղան և բաժանեց փողերի ծրարից մի տասն ռուբլիանոց կարմիր թուղթ և տվեց փաստաբանին։ էս էլ քեզ փեշքաշ, որ սաղացրիր փողերս։
Սիմոն Ցագորիչը ընդունեց «փեշքաշը» այնպիսի մի խոնարհությամբ, քիչ էր մնացել, որ համբուրե աղայի ձեռքը։ Աղան առատաձեռն էր այնպիսի դեպքերում, որպես լավ որսորդները միշտ բաժին են հանում իրանց շներին վիրավորված էրեի մսից։
Բայց Միքայելի խնդիրը դեռ մնացել էր անվճիռ։ Տիկին Մարիամը նկատելով, որ փաստաբանի բերած փողերը աղային բավականին լավ տրամադրության մեջ բերեցին, մտածեց օգուտ քաղել այդ հանգամանքից և կրկին բարձրացնել Միքայելի Մոսկվա գնալու հարցը։
Կարդացեք, Սիմոն Յագորիչ, ի՞նչպես է գրած այդ նամակը, ասաց նա, տալով` փաստաբանին Միքայելի մի քանի րոպե առաջ գրած նամակը։
Փաստաբանը հանեց ծոցից ահագին ակնոցները, զետեղեց ահագին քթի վրա և հանդիսավոր կերպով սկսեց կարդալ, կարծես թե կարդում էր մի ճառ. «Այս անգամ ուղարկված 200 հակ բամբակներից մի մասը»... և այլն։
Գրա՞ծ է «առանձին նշաններ են դրված», հարցրեց աղան, երբ փաստաբանը վերջացրեց ընթերցանությունը։
Ինչպես չէ, գրած է. «վերջին հակերի վրա առանձին նշաններ են դրված»... և «առանձին նշաններ» բառի տակը խազ էր քաշած, պատասխանեց փաստաբանը։
Հավանո՞ւմ ես։
Ո՞վ է գրել։
Մեր Միքայելը։
Հոգիս վկա լինի, որ ինձանից լավ է գրել, ասաց փաստաբանը ձեռքը սրտին դնելով. ես 22 տարի պոլիցումը գրագրություն եմ արել, 12 տարի Թ... մովրովի մոտ եմ գրագրություն արել, բայց իմ գիրը դրա մոտ մի կոպեկ չի արժենա։
Փաստաբանի չափազանց գովասանությունը մասամբ հետևանք էր այն ահագին ստաբանով արաղի, որ քանի րոպե առաջ Միքայելը խմացրել էր նրան, և կամենում էր դրանով վարձատրել սպասավորի մատուցած ծառայությունը: Այսուամենայնիվ, Սիմոն Ցագորիչի վկայությունը, որպես գիտնականի խոսքը, բավական լավ ներգործություն ունեցավ հարցի հոգուտ Միքայելի վճռվելու վրա, և աղան խոստացավ, որ անպատճառ կուղարկե նրան Մոսկվա:
Երեք օրից հետո, վաղ առավոտյան Մասիսյանի դռանը սպասում էր մի ճանապարհորդական սայլակ. դուրս եկավ Միքայելը իր նոր շորերը հագած, նրա հետ դուրս եկան աղան և տիկին Մարիամը։ Միքայելը առաջ մոտեցավ տիկնոջը, համբուրեց նրա ձեռքը և ստացավ նրա մայրական օրհնությունը և հետո համբուրեց աղայի ձեռքը և ստացավ նրա հայրական «բարի խրատները», որպիսիները շատ անգամ լսել էր։ Հետո նա խիստ ուրախ և պայծառ դեմքով նստեց սայլակի վրա։ Սայլակը շարժվեցավ։ Անցնելով Մասիսյանի տան աջ թևքից, հանկարծ վերևից մի բան ընկավ նրա սայլակի մեջ. դա մի փունջ ծաղիկ էր. ետ նայեց պատանին, տեսավ Գայանեն և Հռիփսիմեն կտուրի վրա կանգնած, նրան գլխով էին անում: Նա շատ ուրախացավ, բայց մի բան մնաց նրա համար անորոշ, թե երկու աղջիկներից որը ձգեց փունջը, և այդ միտքը նրան տանջել սկսեց...
ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ
Ա
Անցել էր մոտավորապես մեկ տարի այն օրից, երբ Միքայելը ճանապարհ ընկավ դեպի Մոսկվա։ Կիրակի օր էր։ Մոսկվայի խուլ և ետ ընկած փողոցներից մեկում, հին տան մեջ, ուր վարձով տալիս էին կահավորված սենյակներ, մի պատանի, մաշված և գունաթափ դեմքով, գրասեղանի հանդեպ նստած, աշխատում էր։ Նա, երևի, դեռ լվացված չէր, թեև օրից բավական անցել էր, և դեռ չսանրված խիտ մազերը թափել էին նրա մերկ պարանոցի վրա։ նա խալաթի տեղ հագած ուներ իր ձմեռվա հին պալտոն և հողաթափերի տեղ կրում էր իր կալոշները։ Օրը մառախլապատ էր և սաստիկ ցուրտ, ձնային թեփուկները քամուց մաղվելով, զարկվում էին սենյակի սառած ապակիներին և տխուր, աններդաշնակ ձայներ էին հանում։ Սենյակը վառած չէր, բայց պատանին երևի ցուրտ չէր զգում և եռանդով գրում էր։ Երբեմն նա վառում էր իր փոքրիկ չիբուխը և կարծես նրա ծխովը աշխատում էր ջերմացնել իր սառած անդամները։ Գրասեղանի վրա, որ բավական ընդարձակ էր, անկարգ կերպով ածած էին զանազան թղթեր, տետրակներ, գրքեր, լրագրի համարներ, որոնց մեկի վրա դիզած էր մի բռան չափր ծխախոտ։ Բացի դրանից, նրանց հետ խառն կարելի էր տեսնել փոքրիկ սրվակներ զանազան մեծությամբ, որոնց մեջ ածած էին գույնզգույն փոշիներ և հեղուկներ, այլև մի քանի քիմիական և ֆիզիկական գործիքներ, ածուխի մեծ-մեծ կտորներ, որոնցով, երևի նա փորձեր էր անում, և մի մարդկային կառափ։ Այդ բոլորը իր խառնափնթորությամբ նմանություն էր տալիս Ֆաուստի գրասեղանին։
Սենյակը բոլորովին մերկ էր. մի քանի աթոռներ, մի մահճակալ, մի լամպա, գրքերի աստիճանականը, ահա նրա բոլոր կարասիքը։ Այստեղ ապրում էր Ե... գավառի առաջին հարուստի որդին, մի աղքատ ուսանող Ստեփան Մասիսյանը։ Դուռը զարկեցին, ներս մտավ աղախինը։
Մի պարոն հարցնում է ձեզ:
Թո՛ղ մտնե, ասաց պատանին անփույթ կերպով և շարունակեց իր պարապմունքը։ Ներս մտավ մի ուրիշ պատանի, բավական ճաշակով հագնված, և տեսնելով ուսանողին, ապշած կանգնած մնաց։ Ուսանողը, գլուխը վեր բարձրացնելով, ոչ սակավ զարմացմամբ սկսեց նայել եկվորի վրա։
Ա՜խ, այդ դուն ես, Միքայել, ինչպես փոխվել ես, հազիվ ճանաչեցի, գոչեց նա և գրկեց եկվորին։
Միքայելը մի բառ անգամ խոսել չկարողացավ։
Ո՞րտեղից որտեղ... դո՞ւ, Մոսկվայո՞ւմ... ի՞նչպես հայտնվեցար այստեղ, հարցրուց ուսանողը, չթողնելով նրան իր գրկեց
Դե՛, հիմա նստենք, պատմիր։ Նստեցին միմյանց հանդեպ։ Միքայելը պատմեց, թե ինքը որպես օգնական ուղարկված էր նրա հոր գործակատարի մոտ, որը տկարության պատճառով մենակ չէր կարողանում կատարել գործերը։ Մոտավորապես մի տարի կլինի, որ ինքը գտնվում է Մոսկվայում և այդ միջոցին միշտ ցանկացել է տեսնեք Ստեփանին, բայց չէ կարողացեք, որովհետև աղան սաստիկ հրաման էր գրել գործակատարին, որ ամեն կերպ արգելե Միքայելի հարաբերությունները իր որդու հետ, որ որդին միգուցե «փչացնե և խելքից հանե» իր ծառայողին: Բայց գործակատարը քանի օր առաջ մեռավ և նրան թաղել տալուց հետո իսկույն վազեց Ստեփանի մոտ։
Շատ վատ մարդ էր, ավելացրեց Միքայելը, մի րոպե ևս աչքից չէր հեռացնում ինձ։
Ես չեմ ճանաչում այդ անպիտանին, պատասխանեց Ստեփանը արհամարհական կերպով. դու այն ասա՛, հիմա ինչ ես շինում այստեղ։
Միքայելը հայտնեց, թե ինքը այժմ կատարում է մեռնող գործակատարի պաշտոնը, թե նա իր կենդանության ժամանակ գրել Էր աղային, որ ես կարող եմ կառավարել նրան հանձնված գործերը, և արձակուրդ էր խնդրել, որ աղան թույլ տա նրան ժամանակավորապես վերադառնալ իր տունը առողջությունը ուղղելու համար, որովհետև Մոսկվայի օդը վնասում էր նրան, բայց աղան թույլ չտվեց և այնքան տանջվեցավ, մինչև մեռավ։
Այս բոլոր փոփոխությունների մեջ այսքանը միայն լավ է, խոսեց Ստեփանը, որ դու այստեղ կմնաս, և ես առիթ կունենամ կրկին քեզ հետ պարապվելու։ Դու խո չե՞ս թողել կարդալու սերը։
Չէ՛, Ստեփան, ասաց Միքայելը աշակերտի ամոթխածությամբ, ես կարդում էի, միշտ կարդում էի այն գրքերը, որ դու ինձ տվեցիր։
Միքայելը զարմանում էր, որ նա իր հոր, մոր և քույրերի մասին ոչինչ չէր հարցնում և իրանց տան դրությունովը չէր հետաքրքրվում։
Նամակ ստանո՞ւմ ես տնից, հարցրուց նա։
Ոչ, և չեմ ցանկանում ստանալ, պատասխանեց Ստեփանը սառնությամբ. ի՞նչ կա, բոլորը նույնը կլինի, ինչ որ տեսել եմ։ Այնպես չէ՞։
Այսպես է։ Դու էլ չե՞ս գրում։
Չեմ գրում։
Միքայելին ավելի անհանգստացնում էր Ստեփանի աղքատ կեցությունը, որ աչքի էր ընկնում չքավորության բոլոր դառնությամբ։ Բացի դրանից, նա ամենևին առողջ չեր երևում. պատանեկության առույգ հասակի մեջ ուժաթափվել և մաշվել էր նա, որպես մի կմախք։ Աշխատությունը, ծանր, անընդհատ աշխատությունը համարյա սպառել էր նրա մեջ կենդանական ամեն զորություն։ Սենյակը, որի մեջ բնակվում էր նա, բոլորովին զրկված էր կրակից և ջերմությունից, որ իր խոնավությամբ մթին գերեզմանի նմանություն էր բերում, բավական էր սպանելու նրա առողջությունը։ Սարսափելի է լինում ուսանողի դրությունը, երբ նա պետք է սովորե և պետք է միևնույն ժամանակ պատերազմե աղքատության հետ։ Ամենաթանկագին ժամերը, որ պիտի նվիրված լինեին ընտրած մասնագիտությունը ուսումնասիրելու համար, մասամբ զոհվում են կողմնակի պարապմունքների, որ նա ծախսելու փող ունենա, որ նա քաղցած չմնա։ Միքայելին չէին կարող նկատելի չլինել այս բոլորը, և նա խիստ մտերմությամբ հարցրուց.
Ինչո՞վ ես ապրում։ Ինչո՞վ, քի՞չ գործ կա, որով կարելի էր ապրել. դասեր եմ տալիս, թարգմանություններ եմ անում, աշխատակցում եմ մի լրագրի։
Միքայելը այժմ այնքան զարգացած էր, որ կարող էր հասկանալ թե իր բարեկամի այս տեսակ երկրորդական պարապմունքները, խլելով նրանից շատ ժամանակ, կթուլացնեին նրա ուսման ընթացքը և, բացի դրանից, բոլորովին կխանգարեին նրա առողջությունը, եթե նա չկազդուրեր իրան հանգստությամբ օրվա մեջ գոնե մի երկու ժամ։ Այս պատճառով առաջարկեց նրան ընդունել իրանից ամեն ամիս մի գումար, որ կարող էր ապահովացնել նրա ապրուսաը։
Այդ անկարելի է, պատասխանեց Ստեփանը։
Ինչո՞ւ, հարցրեց Միքայելը զարմանալով։
Ինձ ավելի փող պետք չէ։ Բացի դրանից, քեզ հայտնի է, որ իմ հայրը չէր կամենա, եթե նրա փողերից կտային որդուն։ Բայց եթե այդ բանը ծածուկ կանես դու, երբ նա կհասկանա (և անկարելի է, որ չհասկանա), այն ժամանակ կվնասես քո ասպարեզին։
Ես իմ փողերից եմ տալու, ես այժմ ռոճիկ եմ ստանում, որը ինձ պետք չէ։
Հետո պետք կլինի։
Միքայելը սկսեց ավելի թախանձել, որ ընդունե, անպատճառ ընդունե, ավելացնելով, թե ինքը շատ բանով պարտավոր է համարում իրան և ցանկանում է մի փոքր ծառայություն անել իր բարեկամին և շատ պիտի տխրի, եթե իր առաջարկությունը չընդունվի։ Եվ հայտնեց, եթե Ստեփանը չէր ուզում ձրի նվեր ընդունել, կարող է մի ժամանակ ետ դարձնել, երբ ուսումը կվերջացնե, երբ ինքը փող կունենա։
Ստեփանը ուսանում էր բժշկական մասում և համոզված էր, թե իրան սպասում է լավ ապագա, թե կարող էր մի օր վերադարձնել իր ստացած գումարը։ Մյուս կողմից, նա տեսնում էր, որ Միքայելի բարերարությունը բավական դյուրություն կտար իրան ավելի հաջողակ կերպով շարունակել իր ուսումը, որ պահանջում էր ավելի աշխատություն, մինչդեռ հացի համար եղած երկրորդական պարապմունքները զրկում էին նրան գլխավոր աշխատությունից։ Բայց վախենում էր Միքայելին փորձանքի մեջ գցելուց, մանավանդ նա ինքը ասաց, թե աղան առաջուց գրած է եղել մեռնող գործակատարին, որ արգելե ամեն տեսակ հարաբերություն իր որդու և Միքայելի մեջ։ Դժվար է, Միքայել, շատ դժվար է, ասաց նա։
Ոչինչ դժվարություն չկա, ես իմ ռոճիկի հետ կարող եմ վարվել, որպես ես կամենում եմ:
Բանն այն է, որ չես կարող, միթե չե՞ս ճանաչում իմ հորը, դու ոչինչ սեփականություն չունես, քո անձն էլ մինչև անգամ նրան է պատկանում, քանի որ նրա ձեռքի տակն ես գտնվում:
Երկար խոսելուց հետո երկու բարեկամները բաժանվեցան, և փողի խնդիրը մնաց անվճիռ։
Դու դարձյալ կգաս ինձ մոտ, այնպես չէ՞, ասաց Ստեփանը նրան ճանապարհ գցելու միջոցին, ես կտամ քեզ նոր գրքեր կարդալու համար։
Կգամ և շուտ-շուտ կգամ։
Միքայելը թեև խոստացավ իր ռոճիկը տալ Ստեփանին, թեև ամենայն սիրով ցանկանում էր օգնել նրան, բայց մի բան չէր մտածում, թե որքան դժվար էր իրագործել։ Նա իր ռոճիկը չէր ստանում, այլ մնում էր աղայի մոտ աճելու համար։
«Որդի, գրում էր նրան Մասիսյանը, ռոճիկը եթե վեր առնես, ի՞նչ պիտի անես, կխարջես, կփչացնես. թող մնա ինձ մոտ, ես կպահեմ և կշահեցնեմ քեզ համար, և վերջի օրումը մի լավ թանխահ կշինեմ, հետո քեզ կտամ»։ Հիմա Միքայելը ի՞նչ եղանակով կարող էր հասկացնել աղային, թե իր ռոճիկը իրան պետք էր, թե կամենում էր ամսեամիս ստանալ, որովհետև նա ծախսի կարոտություն չուներ, նրա բոլոր ծախսը, թե ուտելիքի, թե հագնելիքի և թե կացարանի համար ստացվում էր Մասիսյանի առևտրական տնից, որի մասին նշանակված էր մի որոշ գումար։
Արևելքում վաճառականը և վաճառականությունը միշտ ունեցել են հասարակության աչքում պատվավոր նշանակություն։ Արևելյան վեպերի և առասպելների մեջ «խոջաների» անունները համարյա խալիֆաների անունների չափ հարգելի տեղ են բռնել, որպես առաքինության և արդարության օրինակի։ Եվ հայերը, որպես ասիական վաճառականներ, պետք է անմաս չլինեին այն ազնիվ հատկություններից, որ ունեցել են իրանց հետ հարաբերություն ունեցող մյուս ազգերն, որպիսիներ եղել են պարսիկները, ասորեստանցիք և մանավանդ արաբները։
Եվ իրավ, հայ վաճառականների մեջ դեռևս մնացել են մի քանի գեղեցիկ սովորություններ, որոնք տակավին չեն կորցրել իրանց նահապետական ձևը։ Դրանցից մեկն է վաճառականի մոտ ծառայող գործակատարի որդեգրությունը: Տեսնում ես մի տղա, շատ անգամ ստոր, աղքատ ընտանիքից, շատ անգամ բոլորովին որբ, մտնում է վաճառականի մոտ. բավական է, որ նրա աղան նկատե, թե տղան շնորհք ունի, ընդունակ է առաջ գնալու, սկսում է այնուհետև նրա վրա առանձին խնամք տանել։ Թեև նշանակում է ռոճիկ, բայց փողը նրա ձեռքը չէ տալիս, պահում է իր մոտ, շահեցնում է, մինչև գործակատարը առևտուրի մեջ ավելի վարժվելով, զարգանում է և այնուհետ և իր աղայի օգնությամբ իր համար առանձին վաճառականություն է սկսում։ Աղան միանգամով վճարում է նրա շատ տարիների ռոճիկը, որ իր առևտուրի մեջ շահեցրել էր, և իբրև վարձ նրա հավատարիմ ծառայության, իրանից էլ մի բան ավելացնում է, և նա ունենում է մի դրամագլուխ, որով կարող էր սկսած գործը շարունակել։ Նա ստանում է և կրեդիտ իր բարերարից, որով հետզհետե ընդարձակում է իր վաճառականությունը։ Այս տեսակ գործակատարները համարվում են աղայի որդեգիրները։ Աղան իր համար փառք և պատիվ է համարում, որ կարողացավ հասցնել մի «մարդ»։ Այդ «մարդը» կոչվում է աղայի «չըրաղ», այսինքն՝ մի ճրագ, որ վառեց աղան մի աղքատ ընտանիքի սև օրին լույս տալու համար։ Եվ ամեն մի աղա այնքան ավելի հարգելի է լինում իր հասարակության մեջ, որքան շատ թվով հասցնում է «չըրաղներ»:
Բայց Մասիսյանը ավելի գործնական կետից էր նայում հիշյալ սովորության վրա։ Նա էլ իր գործակատարների ռոճիկը, կամ ամբողջապես և կամ մի մասը, իր մոտ էր պահում, խոստանալով շահեցնել և վերջը հնար տալ նրանց առանձին առևտուր սկսելու։ Իսկ այս մի խորամանկ միջոց էր գործակատարին միշտ կապված պահելու իր հետ կամ միշտ նրա սանձը իր ձեռքում պահելու համար։ Ռոճիկը իր մոտ պահելով, Մասիսյանը միշտ ուներ իր ձեռքում մի գրավական, մի երաշխավորություն գործակատարի կողմից, որ ստիպեցնում էր նրան անպայման հնազանդ լինել: Որովհետև մի անհավատարմություն նկատածին պես աղան կարող էր իսկույն նրան դուրս անել և ողորմելի գործակատարի ամբողջ տարիների ծառայության վարձը վեր առնել որպես տուգանք։ Եվ շատ անգամ բոլորովին անմեղ մի գործակատարի մեղադրում էր նրա անհավատարմության մեջ և կտրում էր ռոճիկը։ Եվ դրանով պետք է բացատրել Մասիսյանի առևտրական տան գործակատարների անդադար փոփոխությունը:
Վերադառնալով Ստեփանի մոտից, Միքայելը հենց այն օրը գրեց աղային, խնդրելով, որ իրան թույլ տա ամսե-ամիս վեր առնել իր ռոճիկը, պատճառ բերելով, թե նպատակ ունի գնել վիճակախաղի տոմսակներ և իր բախտը փորձել այդ բանի մեջ։ Նա ստացավ մերժողական պատասխան, աղան հայտնում էր, թե դա «սարսաղություն» է, թե ինքն է նրա բախտը, թե ամեն բան իրանից պետք է սպասե և խորհուրդ էր տալիս իր խրատներին հետևել, որ վերջը կարողանա օրինավոր «մարդ» դառնալ։ Այս պատասխանը սաստիկ զայրացրեց Միքայելին, և պատրաստ էր հայտնել աղային, թե բոլորովին կթողնե իր գործակատարությունը, եթե աղան չհոժարի ընդունելու նրա խնդիրքը։ Բայց նա չգրեց։ Թեև Միքայելը վերջին ժամանակներում բոլորովին ճանաչել էր Մասիսյանի հոգին, թեև ամենևին չէր հավատում նրա խոստմունքներին, այնուամենայնիվ նրանից հեռանալ ևս չէր կարող, ոչ այն պատճառով, որ գուցե կզրկվեր աղայի մոտ ունեցած իր փողերից, ո՛չ, բայց կար մի առանձին պատճառ, որ կապում էր նրան որպես Մասիսյանի ընտանիքի, նույնպես և նրա գործերի հետ։ Միքայելը դեռևս չէր մոռացել ծաղիկների այն փունջը, որ ձգեցին նրա սայլակի մեջ, երբ նա հեռանում էր Մասիսյանի տնից...
Բ
Միքայելը կենում էր Մոսկվայի բիրժայից ոչ այնքան հեռու մի աղքատ ընտանիքի մեջ, ուր տվել էին նրան մի փոքրիկ սենյակ, ուտելիքը և սպասավորությունը իրանց վրա ընդունելով։ Փոքրիկ, կոկիկ բնակարանը իր հասարակ և միշտ մաքուր պահված կարասիներով բոլորովին համապատասխանում էր Միքայելի համեստ բնավորությանը։ Այստեղ հանգիստ և ազատ էր զգում նա իրան և երբեմն նստած լուսամուտի հանդեպ, նայում էր դեպի փողոցեն անցնող խայտաճամուկ ամբոխի հոսանքը, տեսնում էր իր առջևից շարված ահագին տները և զարմանում էր, երևակայելով, թե ինքը գտնվում է մի կախարդված աշխարհում, որ իր համար նոր էր, որ իր համար անծանոթ էր։ Այսպիսի րոպեները շատ անգամ նրան հիշել էին տալիս հայրենիքը, նրա միտքը թռչում էր հեռու և հեռու դեպի Արաքսի ափերը, տեսնում էր այնտեղ իրան հովվական ցուպը ձեռին, տրեխները հագած, ահագին մորթե գդակը գլխին, քշում՝ էր գառները դեպի խոտավետ արոտատեղերը։ Ի՞նչ մեծ տարբերություն տարբերություն անցյալի և ներկայի մեջ, հովիվ Կալոյի և բորսայի հերոս Միքայելի մեջ։
Մի երեկո հայտնվեցավ նրա մոտ Ստեփանը, որ բերում էր իր հետ մի ահագին կապ գրքերի. նա դրեց սեղանի վրա իր բեռը և ընկավ բազկաթոռի մեջ։ Պատանին սաստիկ հոգնած էր երևում, բայց նրա գունաթափ դեմքը փայլում էր ուրախությամբ։ Միքայելը պատմեց նրան, թե ինչ պատասխան ստացավ աղայից իր ռոճիկի մասին։
Ես ուրիշ կերպ չէի սպասում, պատասխանեց Ստեփանը արհամարհանքով, այդ ոչինչ, մոտ եկ, քեզ ցույց տամ, թե ինչ գրքեր են դրանք։
Միքայելը մոտեցավ գրասեղանին և աշակերտի հետաքրքրությամբ սկսեց նայել գրքերի վրա։
Դրանից, ցույց էր տալիս Ստեփանը թերթելով գիրքը, դու կծանոթանաս ֆինանսական և բանկային գործառնության հետ այդ մյուսը քեզ կծանոթացնե զանազան տեսակ հում բերքերի հետ։ Որ արդյունաբերվում են այլևայլ երկրներում, իսկ այդ երրորդից կծանոթանաս գործարանների և առհասարակ գործարանական արհեստագործության հետ։ Բայց այդ չորրորդը` մի գեղեցիկ վեպ է` կարդա՛, երբ կձանձրանաս առաջիններից` դա կկրթե քո հոգին և ճաշակը։
Միքայելը ուրախ-ուրախ վեր էր առնում դեռ չկտրված գրքերը, նայում էր և կրկին դնում գրասեղանի վրա։
Մոռացա ասել քեզ, շարունակեց Ստեփանը, ես արդեն թույլտվություն ստացա քո մասին, որ իբրև ազատ լսող դու կարողանաս հաճախել այստեղի առևտրական դպրոցը, շաբաթը երկու անգամ, ժամանակ կունենա՞ս։
Շաբաթը երկու անգամ, կրկնեց Միքայելը մտածելով, ինչու չէ, ժամանակ կունենամ։
Շատ գեղեցիկ, ուրեմն ես էգուց առավոտյպն կգամ քեզ կտանեմ և կհանձնեմ դպրոցի տեսչին։
Նա վեր կացավ։
Ցտեսություն, առավոտյան ութ ժամին քեզ մոտ կլինեմ։
Ո՞ւր ես շտապում, մի փոքր սպասիր, իսկույն թեյ կտան, խնդրում էր Միքայելը։
Չեմ կարող, ինձ մի քանի տեղ ևս պետք է անցնել:
Նա հեռացավ։
Որքա՜ն բարի է նա, մտածում էր Միքայելը Ստեփանի հեռանալուց հետո, բայց որքան բարի է, այնքան էլ հպարտ է։ Ես ձրի չպիտի ընդունեմ նրա բարերարությունը, մեր երկուսի վիճակը շատ նման է միմյանց. նա փողի աղքատ է, իսկ ես կրթության։ Պետք է լրացնենք մեկս մյուսի կարոտությունը, եթե նա ինձանից ոչինչ ծառայություն չի ընդունի, դրանով կվիրավորե ինձ և առիթ կտա ինձ ևս չընդունել այն հոգատարությունը, որ նա ունի իմ մասին։ Բայց ի՞նչ եղանակով օգնել...
Վերջին հարցը Միքայելին մտատանջության մեջ ձգեց։ Նա չէր ցանկանում անազնիվ լինել, եթե ոչ շատ հեշտ էր ամեն տարի մի չորս կամ հինգ հարյուր ռուբլի տալ Ստեփանին և այնպես անցկացնել Մասիսյանի հաշիվների մեջ, որ նա ոչինչ չհասկանար։ Բայց կամենում էր իր սեփական փողից տալ և այդ փողը նա չուներ։ Նրա ռոճիկը, որպես նրա անձը, աղան ցանկանում էր իր ձեռքում պահել։
Ես պետք է ցույց տամ այդ հիմար ծերուկին, որ նրա տված ռոճիկի կարոտություն չունեմ, որ ես ուրիշ կերպով էլ կարող եմ փող վաստակել, մտածեց նա և մոտեցավ գրասեղանին, սկսեց գրել մի նամակ։
Միքայելը Մոսկվայի բիրժայի վրա այնքան անուն, այնքան վարկ և հավատարմություն էր ստացել, որ վաճառականներից շատերը, որոնք այնտեղ գործակատարներ չունեին, առաջարկում էին նրան կոմիսիոնով զանազան հանձնարարություններ կատարել: Նա հաշվում էր, որ այս կերպով կարող էր բավական գումար վաստակել, բայց որպեսզի իր աղայից ծածուկ չմնա, հայտնեց նրան նամակով։
Այս նամակի ոճը և մտքերի արտահայտության ձևը այլևս չէին պայմանավորվում ծառայողի երկչոտ և խոնարհական ոգու ներշնչությամբ, նա բովանդակում էր իր մեջ ազատ և անկախ մարդու խոսքը։ Միքայելը հայտնում էր, թե ամեն կողմից իրան առաջարկում են զանազան առևտրական հանձնարարություններ կոմիսիոնով, թե ինքը կարող էր բոլորի պահանջներին բավականություն տալ առանց Մասիսյանի գործի ընթացքը թուլացնելու կամ նրա շահերին վնասելու։ Գոյացած արդյունքի մասին նա հայտնում էր, թե մի մասը ինքը կվերառնի, որպես իր աշխատության վարձատրություն, իսկ մյուս մասը կմտցնի Մասիսյանի հաշվի մեջ, որպես նրա օգուտը։ Նամակը վերջացնում էր, ավելացնելով, եթե աղան կընդդիմանար իր այս ձեռնարկությանը, այն ժամանակ ինքը ստիպված կլինի հրաժարվել նրա գործակատարությունից և իր համար առևտրական ազատ կոմիսիոների պաշտոն կատարել։
Մասիսյանին սկզբում վրդովեցրուց այս նամակը. առաջին անգամ էր, որ նրա գործակատարը, նրա ստրուկը վստահանում էր նրա հետ այս աստիճան համ արձակ լինել։ Բայց ի՞նչ կարող էր անել։ Գործը դժվար տեղ էր հասցրել։ «Ես գիտեի, մռնչում էր նա, որ այն անիծածը կբորբոքե նրան»... Այս խոսքերով ակնարկում էր նա Ստեփանին, մտածելով, թե անկարելի էր, որ Ստեփանը հանգուցյալ գործակատարի մահից հետո հարաբերություն չսկսեր Միքայելի հետ, նրանից փող պոկելու նպատակով։ Բայց նրա վրդովմունքը մի փոքր մեղմացավ, երբ ավելի լավ մտածեց նամակի բովանդակության վրա։ Մասիսյանը այն տեսակ մարդերից էր, երբ շահ կար աչքի առջև, նա մյուս վիրավորանքները շուտով մոռանում էր։ Միքայելը հայտնում էր, որ կոմիսիոներությունից գոյացած արդյունքի մի մասը կանցկացնե աղայի հաշվի մեջ. ինչո՞ւ զրկել իրան այդ օգտից։ Բայց մյուս կողմից աղան մտածում էր, որ Միքայելը ինքն էլ կշահվի, ինքն էլ փողի տեր կդառնա, այդ նրան հաճելի չէր կարող լինել, որովհետև նա սիրում էր գործակատարներին միշտ աղքատ տեսնել և աղքատության մեջ պտռում էր նրանց հնազանդությունը։ Ի՞նչպես պետք էր հաշտեցնել այդ երկու ծայրերը։ Իրան զրկե՞լ օգտից, որ նա էլ զրկված լինի, վճռեց Մասիսյանը։ Այդ անկարելի էր. Միքայելը հայտնում էր, եթե աղան չհամաձայնվի իր պայմանների հետ, ինքը ստիպված կլինի հրաժարվել նրա գործակատարությունից և իր համար առանձին գործ սկսել։ Բայց կորցնել Միքայելի նման մի գործակատար դժվար էր աղայի համար. ոչ ոք չկար, որ նրա տեղը բռներ։ Մասիսյանը ակամայից հայտնեց իր հոժարությունը, բայց մտքումը դրեց իր ժամանակին ուրիշ կերպով պատժել նրան...
Որքան Միքայելի նամակը խիստ էր, այնքան աղայի նամակը մեղմ էր։ Նա հայտնում էր իր հայրական ուրախությունը նրա հառաջադիմության մասին, բարեմաղթում էր ավելի ևս հաջողակ և բախտավոր լինել, թե իր համար պարծանք էր համարում, որ «իր հասցրած» աշակերտը վերջապես «մարդ» է դառնում, և ավարտում էր նամակը, խորհուրդ տալով, որ Միքայելը ավելի լավ կանե, եթե իր կոմիսիոներությունից գոյացած արդյունքից այն մասն ևս, որ իրան է պատկանելու, մտցնե աղայի առևտրական գործի մեջ և վերջը տոկոսով միասին ստանա իր ռոճիկի հետ, երբ աղան նրա համար մի առանձին առևտրական տուն կբացանե։