Րաֆֆի

Ոսկի աքաղաղ

4

ԺԲ

Պետրոս Մասիսյանը բավական ինքնուրույն մարդ էր. նա ներկայացուցիչ էր այն ծանրագլուխ «խոջաների», որոնք պարսից տիրապետության ժամանակ նշանավոր դեր էին խաղում վաճառականության մեջ, հարգանք էին վայելում ոչ նրա համար, որ արդար և հավատարիմ մարդիկ էին, այլ գլխավորապես նրա համար, որ կապիտալիստներ էին և գիտեին կապիտալի գործածության բոլոր խաբեական ձևերը։ Մասիսյանը հիշյալ սերունդի մնացորդներից էր, որ պարսից իշխանությունը այն երկրից անցնելեն հետո, նոր տիրապետողի նոր քաղաքակրթությունը ամենևին չկարողացավ փոխել նրան։ Հագուստը մինչև անգամ մնացել էր միևնույնը, որպես հագնում էին պարսիկների ժամանակ հայ «խոջաները». միևնույն ղաբան, որ հասնում էր մինչև ոտները, միևնույն արխալուղը, որ կարճ չէր ղաբայից, միևնույն լայն շալվարը՝ կապույտ կտավից կարած, և միևնույն քոշերը։ Գլուխը նույնպես մշտապես ծածկված էր բուխարայի սև մորթից պատրաստած քառանկյունի տափակ գդակով, որի նմանը մինչև այսօր կարելի է տեսնել գյուղացի տերտերների գլխին։ Բոլոր եղանակներում թե՛ ամառը և թե՛ ձմեռը, նրա հագուստը միևնույնն էր։ Նա ուներ մի ձեռք հագուստ միայն, որ շարունակ հագնում էր և փոխում էր այն ժամանակ միայն, երբ բոլորովին մաշվում էր, բայց ե՞րբ էր փոխում, այդ դժվար է որոշել, որովհետև նրա վրա նոր հագուստ երբեք չէր կարելի տեսնել։

Ինքը Պետրոս Մասիսյանը միջահասակ մարդ էր, հաստլիկ, կլորիկ, փորը դուրս ընկած, գլուխը դեպի ետ թեքված, որ կարծել էր տալիս, թե ահա՛, ահա հենց իսկույն կընկնի քամակի վրա։ Դեմքը կատարյալ գազանային արտահայտություն ուներ, ածելած թշերը նույնպես ուռած և կախված էին, որպես փորը, վիզը կարճ էր, իսկ խորամանկ աչքերը խրված էին թավ հոնքերի տակ. ահագին գլուխը միշտ սափրած էր լինում։ Մի մուգ-դեղին գույն, որ հատուկ է մոնղոլական ցեղերին, ներկել էր նրա այլանդակ դեմքը, մինչև անգամ ականջները, նույն դեղնությունը կարելի էր տեսնել և նրա աչքերի սպիտակուցի մեջ։

Պետրոս Մասիսյանը բացի զանազան տեսակ առևտրական ձեռնարկություններից, միևնույն ժամանակ էր մի նշանավոր վաշխառու ամբողջ գավառի մեջ։ Այդ գործունեության մեջ նա որոշվում էր մյուս վաշխառուներից նրանով միայն, որ չնայելով իր ահագին հարստությանը, նա երբեք մի խոշոր գումար միանգամով մեկին տոկոսով չէր տալիս, այլ բաց էր թողնում մանր գումարներ միայն, սկսած հինգ ռուբլուց մինչև հարյուր ռուբլի, և առավելապես հավատում էր գյուղացիներին։ Այս պատճառով նրա պարտականները անթիվ էին։ Մանր փոխառությունները այն նպատակով օգտավետ էր համարում նա, որ համ տոկոսը ծանր էր լինում, համ էլ, եթե կորչելու լիներ, մի մեծ բան չէր։ Իսկ գյուղացիներին հավատում էր, որովհետև գյուղացին նրա կարծիքով ռամիկ էր, ուրիշի փող ուտելը դեռ սովորած չէր. դրանց Մասիսյանը համարում էր իր «կաթնատու կովերը», և այդ էր պատճառը, որ տոկոսը նրա լեզվում կոչվում էր «կաթ»։

Ամեն անգամ, երբ մի գյուղացի հայտնվում էր նրա մոտ փողի համար, Մասիսյանը պետք է տեղեկանար նրա ամբողջ պատմությանը, թե ով է նա, ո՞ւմ որդին, ունի՞ արդյոք հայր, մայր, որդիներ, եղբայրներ, բաժանվա՞ծ են ապրում, թե միասին, ի՞նչպես է կոչվում յուրաքանչյուրի անունը, ի՞նչ կայք ունի և որտե՞ղ են գտնվում, կամ կառաջարկեր այս տեսակ հարցեր, թե իր կյանքում ի՞նչ տեսակ պարապմունքներ է ունեցել, ի՞նչ գործի մեջ հաջողվել է նրան, և ի՞նչ գործի մեջ վնասվել է, և կամ այդ փողը որ ուզում է, ի՞նչ բանի համար պետք է գործ դնե։ Երբ գյուղացին կհայտներ, թե այսինչ պետքի համար է, օրինակ, եթե ասելու լիներ՝ մի եզ պիտի առնեմ, նա կսկսեր եզան մասին հազարումեկ հարցուփորձ անել, թե նրա այսինչ հիվանդությունը ինչով է բժշկվում, ինչ ճար պետք է անել, երբ եզը թարմ առվույտ ուտելիս փորը ուռչում է, ինչ ճար պետք է անել «ղաբաղ» հիվանդության ժամանակ, եզան որ տեսակն է լավ լինում և այլն, և այլն։ Խաբել նրան և փող առնել՝ անկարելի էր, նրա հարցաքննությունից ամենաճարպիկ խաբեբան չէր կարող չկտրվել։

Մի երեկո հայտնվեցավ նրա տանը մի անծանոթ պարոն, ալեխառն մազերով, խորշոմներով պատած դեմքով, մաշված, բայց բավական մաքուր պահված հագուստով, և պահանջում էր մի գումար բամբակի առևտուրի մեջ գործ դնելու համար։ Դա այն անհաջողակ թշվառներից մեկն էր, որ կյանքի մեջ իր արդարության և ճշմարտասիրության զոհ է դառնում և չկարողանալով մաքառել տիրող անուղղության հետ, ամեն գործի մեջ խաբվում է։ Որովհետև երբ կյանքի մեջ մարդկանց հարաբերությունները ապականված են լինում, այն ժամանակ բարոյական խելքը կորցնում է իր նշանակությունը, երբ ավելի խորամանկության և խաբեբայության պահանջ կար։ Այս տեսակ մարդիկ միշտ գանգատվում են բախտի վրա, բայց միևնույն ժամանակ հույսն էլ ձեռքից չեն թողնում, թե մի օր հարստանալու են, ամեն գործի մեջ խրվում են, ամեն բան փորձում են, բայց միշտ անիրավ բախտը նրանց հակառակում է...

Պարոնը ընտրել էր երեկոն Մասիսյանի հետ տեսնվելու համար և եկել էր նրա տունը, որովհետև խանութում նրա հետ երկար խոսել չէր կարելի։ Ադան միշտ քաղաքավարի էր դեպի այս տեսակ հյուրերը, մանավանդ երբ իմանում էր, թե փողի համար են եկել։

Մասիսյանը մենակ էր իր սենյակում, ծալապատիկ նստել էր թախտի վրա, նեղ լուսամուտի հանդեպ, որ մի փոքր զովանա խեղդող տոթից։ Նրա մոտ դրած էր մի մեծ ամանով ջուր, սառույցը մեջը ձգած, որից շուտ-շուտ խմում էր։ Թեյ խմելու սովորություն չուներ, և տան մնացած անդամները խմում էին կամ գաղտնի, կամ երբ մի պատվելի հյուր էր պատահում։ Նա նստել էր մի մաշված խալիչայի կտորի վրա համարյա թե կիսամերկ դրության մեջ։ Հագին ուներ արխալուղը միայն, որի կոճակները արձակած էին, և շապկի բացված օձիքից երևում էր թավամազ կուրծքը։ Շալվարը և գուլպաները նույնպես հանել էր, և մերկ ոտները մինչև սրունքները բաց էին։ Միայն թանձր մորթե գդակը նա գլխին ուներ, որ հին մարդերի սովորությամբ, երբեք չէր առնում գլխից, մինչև անգամ եկեղեցում եղած ժամանակ։ Սենյակում մութն էր, երբ անծանոթը ներս մտավ, նա հրամայեց ճրագ վառել։

Անծանոթը, գտնելով աղային մի ծիծաղելի դրության մեջ, մտածեց արդարացնել նրա անքաղաքավարությունը, և սկսեց եղանակից։

Տոթից խեղդվում է մարդ, ամենևին քամի չէ փչում, դուք լավ եք արել, այսպիսով կարելի է հաղթել տաքությանը։

Է՜հ, որդի, (Մասիսյանը ամեն մարդու որդի էր կոչում, ինչ հասակում և լիներ նա) պետք է շնորհակալ լինել աստծուց, եթե ամառվա տոթը չլիներ, գարնան պատիվը չէինք հասկանա, եթե ձմեռվա ցուրտը չլիներ, աշնան պատիվը չէինք հասկանա։ Աստված ամեն բան և՛ լավ, և՛ վատ է ստեղծել, և՛ չար, և՛ բարի է արել. գիշերվա խավարի դեմ ցերեկվա լույսն է ստեղծել, այնպես էլ մեկին աղքատ է արել, մյուսին, հարուստ. եթե աղքատությունը չլիներ, փողի պատիվը չէինք հասկանա։

Մասիսյանի բոլոր դատողությունների մեջ վերջին խոսքը փողի վրա էր լինում։ Անծանոթը, որ իրան խիստ նեղված էր զգում, փողի անունը մեջ գալով, հայտնեց իր խնդիրքը։ Մասիսյանը թողեց խրատները և նրա դեմքը ավելի գործնական և սառն արտահայտություն ստացավ։

Դու ուզում ես բամբակի առևտուր անել (հա, նա դուքով երբեք չէր խոսում, ում հետ և լիներ)։ Ասա, տեսնեմ, ի՞նչ գիտես այդ առևտուրի մասին։ Անծանոթը պատմեց, թե բամբակի վաճառականությունը բավական ծանոթ էր իրան, թե Ամերիկայի պատերազմի ժամանակ (ստրուկների ազատության մասին) շատ փող վաստակեց բամբակից, բայց հետո կորցրեց, իսկ այժմ ցանկանում էր կրկին փորձել իր բախտը։

Առևտուրը բախտի բան չէ, խելքի բան է, պատասխանեց Մասիսյանը գործագետ մարդու նախատեսությամբ, դու էն ասա՛, թե ի՞նչպես պետք է բանացնես իմ փողերը։

Անծանոթը հայտնեց, թե այդ գործի մեջ ինքը բավական հմտություններ ունի և հուսով է, որ աղայից վեր առած փողը իր փորձված ձեռքում մեծ օգուտներ կբերե, և ավելացրուց, թե իրան ծանոթ է Ե... գավառի գյուղերի մեծ մասը, ուր պարապում են բամբակի մշակությամբ, թե յուրաքանչյուր գյուղում գտնվում են փոքրիկ դրամատերեր տեղացիներից, որոնք հավաքում են իրանց դրացիների արդյունաբերած բամբակը, և այսպիսով բերքը ամբարվում է մի մարդու ձեռքում, և այս վերջիններից հեշտ է բավական քանակությամբ գնել, բերել քաղաքը և ծախել մեծ վաճառականներին։ Եվ այսպիսով ինքը միջնորդի դեր կկատարե գյուղացի մանր «չարչիների» և քաղաքացի խոշոր կապիտալիստների մեջ և մի տարվա ընթացքում կարող է իր ձեռքում գտնված դրամագլուխը մի քանի անգամ շրջաբերության մեջ դնել և այլն։

Տեսնում ես, որ ոչինչ չես հասկացել, ասաց Մասիսյանը և սկսեց բացատրել իր կարծիքը անծանոթի անհասկացողութան մասին։

Թե գյուղացի մանր դրամատերերից «չարչիներից» որպես երկրորդական ձեռքերից բամբակ գնելը և վաճառելը չէր կարող շահավետ լինել, որովհետև այդ խաբեբա «չարչիները» իրանք «հյութը ծծում են և միայն չեչն են տալիս ուրիշին»։ Ով որ կամենում է բամբակից օգտվել, պետք է ինքը անմիջական հարաբերություն ունենա արդյունաբերող գյուղացու հետ, այսինքն՝ անե այն, ինչ որ «չարչին» է անում։

Դա խիստ ձանձրալի և միանգամայն դժվար գործ է՝ ռամիկ և հիմար գյուղացու հետ առևտուր անել, պատասխանեց անծանոթը։

Դու շատ միամիտ մարդ ես երևում, էլ չեմ ասում, թե խելքդ պակաս է, ասաց աղան մի փոքր վրդովված ձայնով. տո, ողորմելի, փողը հենց այն ռամիկ և հիմար գյուղացիներից պետք է դուրս բերել, սատանա «չարչիից» ի՞նչ կարող ես վաստակել։

Պետք է նկատել, որ սատանա բառը Մասիսյանի լեզվում բոլորովին ուրիշ նշանակություն ուներ, սատանա ասելով նա հասկանում էր խելացի, իմաստուն, խորամանկ և մեծ հմտություններ ունեցող մարդ։ Ով որ սատանա չէր, նրա կարծիքով հիմար էր, ոչինչ բանի պետք չէր։ Մասիսյանը սովորություն ուներ երկար խոսելու, և եթե մեկի խնդիրքը մերժում էր և փող չէր տալիս, գոնյա իր «բարի խրատները» չէր խնայում նրանից։ Նա սկսեց ծանոթացնել պարոնին բամբակի վաճառականության օգտավետ ձևերի հետ. հայտնեց, թե ինքը սովորություն չունի այս տեսակ ձեռնարկությունների համար զուտ (նաղդ) փող տալ խնդրողներին, այլ տալիս է իր խանութից այնպիսի վաճառելի մթերք, որ գյուղացիների համար պետք են, օրինակ, էժանագին չթեր, կտավներ, զանազան տեսակ մանրուքեղեն, կնիկների զարդարանքի համար հուլունքներ և դրանց նման բաներ։ Այս տեսակ ապրանքը ավելի օգտավետ էր, քան թե զուտ փողը բամբակի հետ փոխելու համար. միայն պետք է ճարպիկություն ունենալ, գյուղացու «խասիաթը» գիտենալ, նրա վիճակի և պահանջների հետ ծանոթ լինել։ Գյուղացին ջիբումը փող չունի, միշտ «նիսիա» է նրա առևտուրը, բայց պետք չէ վախենալ, ինչ ապրանք որ ուզելու լինի, պետք է ասել, նա իր «հոգու պարտքը» կվճարե, ուրիշի փողը չի ուտի։ Բանը նրանում է, որ գյուղացին հենց պարտքի վճարելու ժամանակ էլ «նաղդ» փող չի տա, այլ կտա հում բերք, որ արդյունաբերել է իր տնտեսությունից, օրինակ, եթե նա բամբակի մշակություն ունի, պարտքի փոխարեն բամբակ կտա։ Հիմա վաճառականի խելքիցն (այսինքն՝ սատանայությունիցն) է կախված, թե նա, օրինակ, չիթը ինչ գնով կարող է խցկել գյուղացուն և նրա արժեքի փոխարեն քանի՞ ֆունտ կամ պուդ բամբակ կպարտավորացնե, որ վճարե իր ժամանակին։ Այս տեսակ առևտուրի մեջ կարելի է «երկու գլխիցն էլ» շահվել, մեկը չթից, որ գյուղացին, փող չունենալով, ստիպված է անհամեմատ թանկ գնով առնել, մյուսը՝ բամբակից, որ դեռևս պատրաստ չլինելով, գյուղացին ստիպված է խիստ էժան գնով գնահատել։ Որովհետև բամբակը մի մեծ արժեք չունի գյուղացու աչքում, երբ դեռ նոր էր սերմանված կամ դեռ չէր հասունացել և կամ դեռ չէր հավաքված։ Նա վաճառում է իր աշխատության պտուղը, որ պիտի ստանա ժամանակով. իսկ գյուղացու աշխատությունը միշտ կարելի է էժան գնահատել, երբ նա փողի կամ կենսական անհրաժեշտ պետքերի կարոտություն ունի։

Անծանոթը լսում էր առանց ընդմիջելու աղայի խոսքերը, վերջապես ասաց նա.

Այդ ձեր պատմածը առևտուրի միևնույն ձևն է, ինչ որ գործ են դնում «չարչիները»։

Հա՜, միևնույնն է, դրանց մեջն է գլխավոր շահը. գիտե՜ս, մի ուրիշ բան էլ ասեմ քեզ. մեծ զանազանություն կա քարի և կշեռքի մեջ, պետք է այդ բանում շատ վարպետ լինել։ Գյուղերում երկաթից ձուլված կշեռքի քարեր չկան, այլ գործ են ածում հասարակ քարեր միայն, դու պետք է ունենաս քո առանձին ֆունտանոց քարը, կարող է դա մի կտոր աղյուս լինել, իհարկե, մի փոքր ծանր, քան թե լինում է ընդունված երկաթե ֆունտանոցը, գյուղացին շատ չի հետաքրքրվում գիտենալ՝ արդյոք քարը ուղիղ էր, թե ծուռն, և եթե քո աղյուսի կտորը լիներ, օրինակ, 1¼ ֆունտ, և դու գործ ածեիր նրան մի ֆունտի տեղ, այն ժամանակ մեկ փթի մեջ կստանայիր 10 ֆունտով ավելի բամբակ։ Հասկանում ես, այսպիսով մեծ զանազանություն կանե, եթե մի քանի հազար փութ հավաքելու լինես։

Դա խո... դա խո...

Ի՞նչ ես ուզում ասել, ուզում ես ասել՝ դա գողություն է, անիրավություն է, դա խաբեբայություն է, է՞դ ես ուզում ասել։ Ի՜նչ գողություն, երբ բոլոր բամբակ գնողներն այդպես են վարվում. երբ դու միևնույնը չանես, չես կարող նրանց հետ մրցություն անել. դու կսնանկանաս։

Անծանոթը ոչինչ չխոսեց։ Գյուղացին, շարունակեց աղան, շատ բարի մարդ է, նա մի լավ սովորություն ունի, որ ասում է, «թե առնողի աչքը ծախողի ձեռին կլինի», և միշտ ավելորդով է տալիս իր մթերքը, քան թե հարկավոր էր, ինչո՞ւ օգուտ չքաղել նրա բարեսրտությունից։

Այդ լավ, բայց․․․

Բայց նրան խաբել պետք չէ, ուզում ես ասել, ընդմիջեց աղան ծիծաղելով, էդ է հիմիկվա «ադաթը», բոլորը էդպես են անում, դու ուրիշ տեսակ առևտուր ստեղծել չես կարող։

Մինչ Մասիսյանը անծանոթ պարոնի հետ վաճառականական «սատանայությունների» վրա էր խոսում, տիկին Մարիամի սենյակում, որ կից էր աղայի սենյակին, տիրում էր խորին տխրություն։ Օրիորդ Գայանեն սաստիկ հիվանդ էր, նրա մի քանի տարի առաջ ստացած հազը այժմ ցույց էր տալիս բարակացավի բոլոր նշանները։ Հիվանդի մայրը, քույրը, եղբայրը շրջապատել էին նրա անկողինը։ Հայրը գիտեր իր դստեր վտանգավոր հիվանդությունը, բայց բազարից դառնալեն հետո չմտավ նրա մոտ, որովհետև սպասում էր պարոնին, որի հետ այժմ խոսում էր։

Այսպես չէ կարելի թողնել, ասաց Ստեփանը։

Ի՞նչ անենք, հարցրուց շվարած մայրը։

Պետք է շուտով կանչել բժշկին, պատասխանեց որդին։

Դու չե՞ս իմանում քո հոր խասիաթը...

Իմանում եմ... բայց թողնել այսպես, որ մեռնի, նրա համար միայն, որ նա մի քանի մանեթ չտա բժշկին։

Փողի բան չէ...

Էլ ի՞նչ կա։

Մայրը ոչինչ չխոսեց և, թաշկինակը աչքերին դնելով, սկսեց լաց լինել։

Ես այս րոպեիս կգնամ հորս մոտ, կպահանջեմ, որ անպատճառ բժիշկ հրավիրե, ասաց Ստեփանը վրդոհված ձայնով։

Մայրը բռնեց նրա ձեռքից, ասելով.

Ի սեր աստծո, դու մի գնա, թող ես գնամ, եթե ինձ վրա բարկանալու էլ լինի, ես ձայն չեմ հանի, բայց դու, ով գիտե, մի ղալմաղալ կսարքես։

Տիկին Մարիամը մտավ ամուսնի սենյակը, պատմեց նրան Գայանեի դրությունը և խնդրեց, թե պետք էր բժիշկ հրավիրել։

Աղան կատաղեց։

Ախր ի՞նչ բան է բժիշկը, ասաց նա բարկությամբ, եթե աստված նրա ճակատին գրել է, որ այս հիվանդությունով մեռնի, այն ժամանակ հազար բժիշկ գալու լինի, ոչինչ ճար անել չէ կարելի. բայց եթե նրա «աջալը» (օրհասը) չի կատարվել, սարիցն էլ ցած գլորես, էլի չի մեռնի։ Բժիշկը էլ ի՞նչ բանի է պետք։

Կինը սկսեց դարձյալ աղաչել նրան, թե պետք է հրավիրել բժշկին, թե բոլոր աշխարհը հիմար չէր, որ հիվանդության ժամանակ դիմում են բժշկին։ Աղան չհամոզվեցավ։ Անծանոթ պարոնը անգամ, որ զարմանալով լսում էր այդ խոսակցությունը, խորհուրդ տվեց դիմել բժշկին։ Աղան դարձյալ չհամոզվեցավ և առանց ուշադրություն դարձնելու նրա խոսքերին, ասաց կնոջը.

Թե բժիշկ ես ուզում, էդ հիվանդության բժիշկը ես եմ. գնա՛, մի քանի գլուխ սոխ լավ խորովիր, վրան աղ ածիր, տուր թող ուտե, կուրծքը կփափկացնե, էլ չի հազա։ Դու չես՞ իմանում, որ ես հազալիս միշտ էդպես եմ անում։

Քո հազը ուրիշ է, նրանը ուրիշ, պատասխանեց կինը։

Տո, ինձ բա՛ն ես սովորացնում, ի՞նչպես թե ուրիշ է, հազը հազ է. հազով մարդ չի մեռնի, քսան տարուց ավելի է, որ ես հազում եմ, ինչո՞ւ չեմ մեռնում։

Դարձյալ «ես», դարձյալ իր «եսի» կետիցն էր նայում աղան իր դսեր հիվանդության վրա, երբ հազը նրա «եսին» վնաս չէր տալիս և խորոված սոխ ուտելով հանգստանում էր, ուրեմն դստեր համար ի՞նչ իրավունք ունեին ուրիշ դարմանների վրա մտածելու. երբ հազից նա չէր մեռնում, աղջիկն էլ իրավունք չուներ մեռնելու․․․

Տիկինը գիտենալով իր ամուսնու համառությունը, առանց երկար խոսելու, թողեց նրան և վշտացած դուրս եկավ։ Նա իմացավ, որ Ստեփանը արդեն գնացել էր բժշկին բերելու. այժմ ողորմելի կինը մտածում էր ոչ այնքան դստեր մահվան մասին, որքան այն խռովության մասին, որ պիտի կատարվեր բժշկի պատճառով։

Կնոջ դուրս գնալուց հետո կրկին վերադարձավ Մասիսյանի սրտի խաղաղությունը, որպես թե ոչինչ չէր պատահել, և կրկին իր սովորական սառն և հանգիստ տրամադրության մեջ նա դարձավ դեպի անծանոթ պարոնը և ասաց նրան.

Ճշմարիտ են ասել, որ «կնոջ ծամը երկար կլինի, բայց խելքը կարճ», ոչինչ չես կարող հասկացնել դրանց։

Անծանոթը ոչինչ չխոսեց։

Սատանայի պես եկավ, մեր խոսակցությունը կտրեց, ասաց աղան։ Ինչ էինք խոսո՞ւմ։ Դուք խոսում էիք, թե ինչպես պետք է 1¼ ֆունտի ծանրություն ունեցող աղյուսի կտորը գործածել մեկ ֆունտի տեղ բամբակ գնելու ժամանակ։

Հա՛, այդ էի ասում, հիմա քեզ մի բան պատմեմ։

Նա պատմեց, թե ինքը մի ժամանակ մետաքսի առևտուր ուներ Նուխի, Կախի և առհասարակ Լեզգիստանի կողմերում․ ժողովուրդը այն աստիճան միամիտ և անփույթ էր, որ ամենևին հասկացողություն չուներ չափերի կամ կշիռների վրա։ Այն ժամանակը մի պտղաբեր ժամանակ էր, և ինքը այն ժամանակ կարողացավ դնել իր հարստության հիմքը։ Բայց հիմա... հիմա բոլորն էլ «սատանայացել» էին... Գնում էր գյուղերում մետաքս հավաքելու, մետաքսը այն ժամանակ նույն արժեքն ուներ, ինչ որ ունի այժմ բամբակը։ Ինքը ուներ մի հրաշալի կշեռք, որ միշտ իր հետ էր ման ածում, որովհետև գյուղացիների մոտ կշեռք գտնել դժվար էր։ Կշեռքը իսկապես մի հասարակ կշեռք էր, փայտյա լծակով, հարդից հյուսած թաթերով (նժար), որ կախված էր հին լծակից կաշուց շինված փոկերով, բայց նա ուներ իր մեջ մի գաղտնիք, որ, օրինակ, չորս ֆունտ ծանրություն ունեցող մետաքսը կարելի էր նրա մեջ երկու ֆունտ ծանրություն ունեցող քարի հետ հավասարացնել։ Այդ գաղտնիքը գտնվում էր կշեռքի լեզվակի մեջ, որից բռնում և կշռում են։ Լեզվակը այնպես էր հարմարեցրած լծակին, որ եթե ձեռքդ դեպի քարի կողմը թեքեիր, մետաքսը անհամեմատ թեթև կգար, իսկ եթե ձեռքդ դեպի մետաքսի կողմը թեքեիր, մետաքսը անհամեմատ ծանր կգար։ Ուրեմն գնողի կամքիցն էր կախված իր կշեռքը այնպես գործ ածել, որ միշտ օգուտը իր կողմը մնար։ Դա մի հրաշալի կշեռք էր․ մի ագուլեցի զոկ քանի-քանի անգամ հինգ հարյուր ռուբլի էր տվել, որ տաներ այն կշեռքը, և պատրաստ էր հազար էլ տալու, բայց Մասիսյանը չէր ծախել և մինչև այսօր էլ պահում էր իր մոտ և միշտ կպահե որպես մի սրբություն, որովհետև նրանից շատ «խեր» էր տեսել...

Վերջացնելով իր կախարդական կշեռքի պատմությունը, Մասիսյանը սկսեց բացատրել քարերի որպիսությունը, որ այն ժամանակ գործ էին ածվում որպես չափ։ Կշեռքի որոշված քարեր կամ չափեր չկային, ասում էր նա, այլ քսան հատ ռուսաց արծաթյա ամբողջ ռուբլիանոց մանեթների ծանրությունը համարվում էր մի ընդունված չափ, և ինքը միշտ ընտրում էր Եկատերինայի ժամանակից մնացած ահագին մանեթները և նրանցով էր կազմում իր կշեռքի ծանրության չափը։ Ահա այն ժամանակն էին առատ հունձքի տարիները... մի զոկի համար պատմում էին, թե շատ տեղերում իր աջ ոտն էր գործածում որպես չափ․ դնում էր կշեռքի մեկ թաթի մեջ, իսկ մյուսումը մետաքս էր ածել տալիս, ասում էր, թե ոտս 5 ֆունտի ծանրություն ունի, և հուպ էր տալիս ոտը, որքան ուժ ուներ, և 5 ֆունտի տեղ 10 ֆունտից ավելի մետաքս էր կշռում․․․ և զոկերը այն ժամանակ հարստացան... հիմա ո՞ւր են այն ժամանակները... գնա՜ցին... էլ ետ չեն գա... ով խելք ուներ, իր բեռը բեռնեց... ով խելք չուներ, մնաց քաղցած...

Մասիսյանը պատմում էր այդ ամենը այնպիսի մի հասարակ կերպով, կարծես թե խոսում էր բոլորովին սովորական մի բանի վրա։ Նա երանություն էր տալիս անցյալ ժամանակներին, երբ մարդիկ միամիտ էին, երբ կարելի էր խաբել նրանց... Անծանոթ պարոնը լսում էր նրան, երբեմն գլուխը շարժելով, վերջապես ձանձրացավ նա և վեր կենալով ասաց.

Մնաք բարյավ։

Նա հեռացավ և նրա ետևից Մայիսյանը ասաց.

«Ավանա՜կ»...

«Ավազա՜կ»... կրկնեց իր մտքումը անծանոթը և անհետացավ փողոցների խավարի մեջ։

ԺԳ

«Լավ է տան շունը լինել, քան թե տան պստիկը»․ ամեն ինչ նրան են հրամայում, ամեն բան նրան են անել տալիս, թե՛ տիկինը, թե՛ աղան, թե՛ ծառան և թե՛ աղախինը բոլորը նրան գործի են դնում։

Այն օրից, որ Միքայելը դուքնի աշակերտ դարձավ, թեև նրա դրությունը մի աստիճան բարձրացավ, բայց նրա աշխատությունները ավելի և ավելի անտանելի դարձան։ Խեղճ տղան մի րոպե ևս հանգստություն չուներ, նա պետք է և՛ տանը ծառայեր, և՛ խանութումը։ Առավոտյան դեռ բոլորը քնած, դեռ արևը չծագած, նա ոտքի վրա էր, սամովարը կրակ էր գցում, ամենի կոշիկները սրբում էր, բակը ավելում էր, այդ բավական չէր, պետք էր և ջրով սրսկել, որ նա վեր էր առնում բակից անցնող առվակից։ Ա՜խ, այդ բակի մաքրելը ամեն առավոտ նրա համար մի ահագին տանջանք էր․ փոշին, կարծես, մաղվում էր խարխուլ և տրորված պատերից, իսկ հատակը քարած չէր, այլ նույնպես հողից, որ միայն պնդացել էր մարդկանց ոտքերի տակ։

Չնայելով այս բոլոր բազմատեսակ զբաղմունքներին, Միքայելը դարձյալ ժամանակ էր գտնում, իր փոքրիկ դասագիրքը առնելով քաշվել տան մի խուլ անկյունում և լուռումունջ իր դասը սերտել։ Նա սաստիկ սեր ուներ կարդալ սովորելու և կարծես բնազդումով հասկանում էր, թե դա մի օր հարկավոր կլինի, բայց սովորում էր որպես մի արգելված բան։ Մասիսյանը ատում էր բոլոր կարդացողներին, և նրա ատելությունը ավելի սաստկացավ, երբ որդին, Ստեփանը, գիմնազիայից տուն դարձավ, երբ նրա մեջ գտավ մի հակառակորդ, որի հետ երբեք չէր կարող հաշտվել։

Միքայելը ընտրում էր միայն գիշերվա ժամերը ընթերցանության համար, երբ տան մեջ բոլորը քնած էին, երբ ոչ ոք նրան խանգարել չէր կարող։ Նրան բնակության համար տվել էին հին փայտանոցը, որ այժմ ծառայում էր որպես «խորթանոց», այսինքն՝ մի այնպիսի տեղ, ուր պահվում են տան անպետք կարասիներրը։ Այնտեղ կարելի էր տեսնել գործածությունից ընկած զանազան տեսակ անոթներ, ժանգոտած մեխեր, երկաթի կտորներ, կոտրած բահեր, բրիչներ, ատամները մաշված սղոցներ, ջարդված կժեր, կճուճներ, պատառոտած հին կոշիկներ, հողաթափներ, թոկի կտորներ, բամբակ գզելու մի ջարդված մեքենա, այսպիսի և ուրիշ տեսակ անպետք բաներ, որ փտում էին փոշու և բորբոսի ներքո։

Այդ խուղը, առանց օդի և առանց լույսի, նմանում էր մի մեծ հավաբնի, որ մի նեղ ծակ միայն ուներ, որ ծառայում էր որպես մուտք, և որտեղից ներս մտնելու համար նրա փոքրիկ բնակիչը պետք է բավական թեքեր իր մեջքը։ Այնուամենայնիվ, Միքայելը գոհ էր իր բնակարանով, որովհետև առանձին էր։ Թեև նրա մեջ գտնված մթերքը այնքան շատ տեղ էր բռնել, որ Միքայելի համար մնացել էր մի անձուկ անկյուն միայն, որը նա մաքրելով և սառն խոնավ հատակի վրա մի կտոր հասիր տարածելով, այնտեղ պառկում էր։ Նրա դոշակը այդ կոշտ և խարտոցի նման հյուսված հասիրն էր, որ սաստիկ ցավեցնում էր կողքերը․ նրա բարձն իր հագուստն էր, որ հանում էր, ծալում էր և դնում գլխի տակը․ նրա վերմակր աղայի հին քրքրված մուշտակն էր, որ հայտնի չէր, թե ինչ ժամանակներից էր մնացել, և որի վրա մազերի հետքերը մի քանի տեղ միայն երևում էին։ Այդ ողորմելի անկողնի մեջ պառկում էր նա, քնում էր խորին, հանգիստ քնով, որովհետև միշտ հոգնած էր լինում։

Մի անգամ գիշերից բավական անցել էր, Մասիսյանի դատարկ տան մեջ տիրում էր խորին անապատական լռություն։ Ամեն տեղ մութն էր, միայն Միքայելի խուղի մեջ դեռ լույս էր երևում։ Նույն միջոցին մեկը ման էր գալիս պարտեզի մեջ և այնքան հանդարտ կերպով, կարծես զգուշանում էր, որ քայլերի խշխշոցը լսելի չլինի։ Անցնելով Միքայելի խուղի մոտից, նա նկատեց լույսի նեղ շառավիղը, որ դռնից դուրս ցոլանալով, տարածվել էր գետնի վրա։ Նա գլուխը կռացրուց և ներս մտավ։ Միքայելը պառկած էր իր հասիրի վրա և ձեռքը նեցուկ տալով երեսին, գլուխը վեր էր բարձրացրել բարձից։ Նրա աչքերը նայում էին, բայց նա ամենևին չշարժվեցավ և կարծես չնկատեց, որ մեկը մտավ իր մոտ։ Նա գտնվում էր մի այնպիսի ինքնանմոռացության մեջ, երբ միտքը դադարում էր գործելուց, և հոգնած անգամների վրա տիրում էր մի տեսակ մեռելային թմրություն։ Նրա մոտ բաց դրած էր իր դասագիրքը։

Է՜յ... հե՛յ... դեսը քշե՛ գառները, դեսը... բացականչեց կիսաքուն Միքայելը։

Խե՜ղճ տղա, նա երբեք իր գառները մոռանալ կարող չէ, ասաց ներս մտնող պատանին։

Դա Ստեփանն էր։

Նա իր սովորության համեմատ եկել էր Միքայելի հետ պարապելու, նրա դասերին նայելու։ Բարեսիրտ պատանին այս և այն կողմ մտիկ տվեց, որ մի հարմար տեղ գտնե նստելու և նստեց բամբակ գզելու ջարդված մեքենայի վրա։ Միքայելը դեռ անշարժ, նույն դրության մեջ պառկած էր։ Պատանին ձեռքով կամաց խթեց նրան, որ զարթնի։

Խփի՛ր, խփի՛ր... թեկուզ սպանես, էլի ոչինչ չեմ ասի... գոչեց Միքայելը։

Նա զառանցության մեջ է, խոսեց Ստեփանը։ Խե՜ղճ տղա, տեսնես ինչ է պատահել։

Այդ ես եմ, Միքայել, զարթիր։

Միքայելը գլուխը բարձրացրեց և նստեց։

Դու դարձյալ այդպես անհո՞գ կերպով ես քնած, հազար անգամ քեզ ասել եմ, որ կհիվանդանաս, խոսեց Ստեփանը կարեկցությամբ նայելով, թե որպես նա պառկած էր մերկ հասիրի վրա։

Ա՜խ, ու՞ր էր, որ հիվանդանայի... որ մեռնեի... մրմնջաց փոքրիկ սպասավորը ողորմելի ձայնով և սկսեց հեկեկալ։ Ի՞նչ կա, ի՞նչ է պատահել, ինչո՞ւ ես լացում, աշխատում էր հանգստացնել նրան Ստեփանը։

Միքայելը պատմեց աղայի այն օրվա բարբարոսական վարմունքը իր հետ, ցույց տվեց իր մարմնի վրա կապտած, սևացած տեղերը, որ առաջ էին եկել նրա փայտի հարվածներից, ասաց, որ իրան փակեցին խանութի ստորերկրյա սարդափում, այնտեղ ծեծեցին, ամբողջ օրը այնտեղ բանտարկված մնաց, կամենում էին գիշերն էլ թողնել, բայց ինքը շատ վախեցավ, հետո խանութի մեծ գործակատարը աղաչեց աղային, նրան ներեցին, և ավելացրուց, թե ինքը ոչ մի գործով հանցավոր չէ, իզուր տեղը ծեծեցին և շատ ծեծեցին... լավ էր, որ ուշքից գնաց և չէր զգում, թե որպես էին ծեծում...

Անգո՜ւթ.. մռնչաց պատանին և սկսեց ցավակցաբար քննել Միքայելի մարմնի ծեծված տեղերը, հետո բոլորովին զայրացած, հարցրուց. ինչ բանի համար այսպես նահատակեցին քեզ։

Միքայելը հայտնեց, թե աղան շատ անգամ նրան ասել էր, թե տանը ինչ որ պատահում էր, բոլորը իրան «խաբար տա», թե ի՞նչ են անում, ի՞նչ են ուտում, ո՞վ է գալիս, ո՞ւր են գնում, տիկինը ո՛ւմ հետ է խոսում, Ստեփանը որտեղ է ման գալիս և այլն․ իսկ ինքը թեև ամեն բան իմանում էր, բայց չէր հայտնում, ասում էր, թե ոչինչ չգիտե, և երբ աղան մյուս աշակերտներից տեղեկանում էր, նրա վրա միշտ բարկանում էր, թե «լակոտ, դու ինչո՞ւ ես ինձ խաբում»։ Իսկ այն օր տիկինը տվել էր նրան մեկ մանեթ և ասել էր․ «Միքայել, շուտ վազիր բազարը, մի քիչ տանձ, խնձոր և ծիրան գնիր, Եփրեմ աղայի կնիկը գալու է մեր տունը»։ Միքայելը գնացել և տիկնոջ պատվերը կատարել էր․ աշակերտներից մեկը խաբար էր տվել, բայց ինքը ուրացավ, թե սուտ է, և դրա մասին նրան ծեծեցին։

Ինչո՞ւ էիր ուրանում։

Ես գիտեի, պատասխանեց Միքայելը, որ աղան պիտի գար տուն և խանումի հետ ղարմաղալ սարքեր, մտածեցի, թե ավելի լավ էր, որ ես ծեծ ուտեի, քան թե նա խանումին մի վատ խոսք ասեր։

Ուրեմն դու խանումին սիրում ե՞ս։

Սիրում եմ, նա ինձ չի ծեծում, բայց աղան միշտ ծեծում է, միշտ ծեծում է... Ես այստեղ չեմ մնա, կփախչեմ, կգնամ, կկորչեմ, հերիք է որքան ծեծվեցա... Պատանին աշխատում էր հանգստացնել նրան, խրատելով, որ այսպես բան չանե, թեև իրան լավ հայտնի էր նրա վիճակի դառնությունը, թեև ինքը գիտեր իր հոր անգթությունը, բայց փախչելը ոչինչ նպատակի չէր հասցնի, որովհետև նրան կրկին ետ կբերեն և ավելի խստությամբ կսկսի վարվել, որպես այդ պատահել էր մի քանի անգամ։ Որովհետև Միքայելը մի տեսակ ստրուկ էր, մի տեսակ գրավական էր այն փողի փոխարեն, որ նրա հորեղբայրը պարտական էր աղային։ Թե պետք էր առաջ մտածել, որ այս պարտքից ազատվեր նրա հորեղբայրը, այնուհետև Միքայելի ազատությունը կհեշտանար։ Եվ ինքը, Ստեփանը, հույս ունի, որ շուտով իր միջոցները կներեն օգնելու նրա հորեղբորը, միայն մտածում է, թե Միքայելը իրանց տնից դուրս գալուց հետո ինչ գործով պիտի պարապվեր, որովհետև չէր ցանկանում, որ նա կրկին վերադառնար իր հայրենական տունը և գյուղական կյանք վարեր, այլ համոզված էր, որ եթե նա օրինավոր կրթություն ստանար, կարող էր ժամանակավոր մի նշանավոր մարդ դառնալ։

Բարեսիրտ պատանու խրատները, որքան և ազնիվ զգացմունքից բխած, որքան և մարդասիրական լինեին դարձյալ այն րոպեում չէին կարող ազդել Միքայելի վրա, որ միայն իր վերքերի ցավն էր զգում, խորհելու և մտածելու ընդունակությունը կորցրել էր։

Չէ՛, ասաց նա, ինչ որ էլ պատահելու լինի, կփախչեմ, գլուխս մի տեղ կթաքցնեմ, էլ չեմ գնա մեր գյուղը, որ այնտեղից ետ բերեն, կկորչեմ մի ուրիշ տեղ...

Ստեփանին ավելի վախեցնում էր փոքրիկ Միքայելի հուսահատությունը և ծանոթ լինելով նրա համարձակ և անվեհեր բնավորությանը, կասկածում էր, մի՛ գուցե խեղճ տղան մի փորձանքի մեջ գցեր իր անձը։ Բայց չգիտեր, թե ինչ պետք էր անել։ Երկու վիճակակիցներ մեկը որդի, մյուսը սպասավոր շատ լավ հասկանում էին միմյանց դրությունը, բայց որդին ավելի դժբախտ էր, քան թե սպասավորը, որովհետև ավելի զարգացած լինելով, նրա վրա ավելի սաստիկ ազդում էր բռնության կոպտությունը. բայց սպասավորի վրա րոպեական տպավորություն ուներ, և նրա մարմնի կապույտ ուռուցքների բժշկվելու հետ գուցե կանցներ և սրտի կսկիծը։

Ստեփանը երկար նստած բամբակի ջարդված մեքենայի վրա, խրատում էր, մխիթարում էր դժբախտին, որին նա շատ սիրում էր, գտնելով նրա մեջ այնքան լավ հատկություններ, որ գուցե պիտի փչանային, պիտի աղավաղվեին այն ապականված մթնոլորտի մեջ, ուր նրան ձգել էր վիճակը։ Նա խոսում էր խիստ տաք և ոգևորված կերպով, թե ինքը հավատացած է թե Միքայելը կհետևի իր խրատներին, չի հեռանա, այլ կմնա և կսովորի այն բոլորը, ինչ որ ինքը ցանկանում է նրան սովորացնել և ժամանակով լավ մարդ կդառնա։ Միայն պետք է համբերել, պետք է դիմանալ, և գլխավորը՝ պետք է աշխատել։ Ձիթային ճրագի աղոտ լույսը, ընկնելով եռանդոտ պատանու գունաթափ դեմքի վրա, տալիս էր նրա երեսի գեղեցիկ գծագրությանը մի առանձին վայելչություն։ Նա խոսում էր առանց դադարելու, շուտ-շուտ ուղղելով գլխի խիտ մազերը, որ թափվում էին ընդարձակ ճակատի վրա։

Կարդալով և շատ կարդալով զանազան գրքեր, նրա գլխում խիստ շուտ ձևակերպվեցավ այն ընկերական լուսավոր գաղափարը, որ լցնում է մարդու սիրտը մի սրբազան զգացմունքով՝ սիրել, կարեկցել և օգնել նեղյալներին, վշտացածներին, հարստահարվածներին։ Դառնալով հոր տունը, այնտեղ գտավ անախորժություններ և զզվանք միայն, մոր մշտահոս արտասուքը և քույրերի ճնշված վիճակը տեսավ։ Տեսավ մի հայր, որ որպես խավարեցնում էր ընտանիքի բարօրությունը, որպես զրկում էր նրան ամեն վայելչություններից, որը որպես իր տունը շինել էր մի կատարյալ դժոխք, այնպես էլ իր առևտրական տունը դարձրել էր կատարյալ ավազականոց։ Եվ զարմանալին այն էր, որ նրա հայրը, այդ հին ավազակը, նայում էր իր որդու վրա, որպես մի գողի վրա և թույլ չէր տալիս մինչև անգամ իր խանութը մտնելու։ Այդ մարդը, որ այնքան համակրում էր գողերին և խաբեբաներին, նույնը կասկածում էր իր որդու մասին, որը բոլորովին հեռու էր այս տեսակ ախտերից։ Այդ մի անբացատրելի հակասություն էր։ Գողությունը, խաբեությունը նրա կարծիքով պախարակելի չէին լինի, եթե որդին գողանար ուրիշից, բայց երբ հոր փողերը ծախսում էր, առանց աշխատելու նրանց տեղը կրկնապատիկ լցնել, դա գողություն էր։

Բարեսիրտ պատանին երջացնելով իր խրատները, խորհուրդ տվեց Միքայելին չպառկել հասիրի վրա, թե գետնի խոնավությունից կարող էր ավելի հիվանդանալ նա, և խոստացավ, թե առավոտյան կտանե նրան բժշկի մոտ և մարմնի ծեծված տեղերը դարմանել կտա։

Չէ, չեմ ուզի, ձայն տվեց Միքայելը, եթե աղան գիտենա, մի ղալմաղալ էլ դրա վրա կսարքե, ինչպես որ արեց, երբ Գայանեի համար բժիշկ բերեցիք։

Միքայելի երկյուղը մասամբ իրավացի էր. աղան ահագին փոթորիկ բարձրացրեց, երբ առավոտյան իմացավ, թե Գայանեի համար բժիշկ էին բերել, և մինչև անգամ մարդ ուղարկեց, իմացում տվեց բժշկին, որ «չհամարձակվի» մյուս անգամ իր տունը մտնել։

Այդ ոչինչ, պատասխանեց Ստեփանը, ես այնպես կսարքեմ, որ նա չի իմանա։ Բայց հիմա պետք է քեզ համար մի մահճակալ պատրաստել։

Ստեփանը սկսեց քրքրել «խորթանոցի» մեջ ածած ափուր-չփուր բաները և գտավ մի կոտրած դռան կտոր, որի երկու տախտակներն էին մնացել, տախտակների մի ծայրը դրեց բամբակի մեքենայի վրա, իսկ մյուս ծայրը ամրացրեց պատուհանի մեջ. մահճակալը արդեն պատրաստ էր։

Ահա դրա վրա կքնես այսուհետև, ասաց նա Միքայելին։

Բայց երբ աղան տեսնե՞, հարցրուց Միքայելը վախկոտ ձայնով. նա ասել է, որ այդ բաներին ձեռք չտամ, ոչ մեկը տեղից չշարժեմ։

Առավոտյան կրկին իրանց տեղը կդնես, իսկ գիշերները այսպես կսարքես քեզ համար, հիմա խո սովորեցար... Դե, բարի գիշեր։

Պատանին հեռացավ։

ԺԴ

Անցավ երեք տարի ևս։

Միքայելը այժմ մեծացել, բավական շնորհալի տղա էր դարձել, բայց նրա վիճակի մեջ մի առանձին փոփոխություն չէր եղել։ Մոտավորապես հինգ տարի կլիներ, որ նա ծառայում էր Մասիսյանի թե՛ տանը և թե՛ խանութում, և ամենալավ գործակատարներից մեկը կարելի էր համարել նրան, բայց տակավին ոչինչ վարձատրություն չէր գտել, թեև նրա հորեղբորը, Ավետ ապորը, խոստացել էին, թե խանութի աշակերտ դառնալուց հետո ռոճիկ կնշանակեն։ Միքայելին դեռ անընդունակ էին համարում շատ բաների մեջ. նա երբեք չէր կարողանում սովորել, թե որպես պետք է հասկանալ «լավը» և որպես պետք էր հասկանալ «վատը»։ Վաճառականները առանձին նշանախոսություններ ունեն, որպես ավազակները ունեն արգոթյան լեզու։ Վաճառականի ճարպիկությունների գաղտնիքը ըմբռնելու համար, վաճառականի արգոթը սովորելու համար, պետք է ասած, որ Միքայելը իրավ որ անընդունակ էր։ Նա դեռ չգիտեր, թե որպես պետք է արշինը պտտացնել, որ, օրինակ, 10 արշին երկարություն ունեցող կտավը կարելի է լիներ 11-ի հավասար դուրս բերել, նա դեռ չգիտեր, թե կշիռների և չափերի մեջ ինչ տեսակ խարդախություններ պետք է բանեցնել։ Եվ այս էր պատճառը, որ նրան անդադար լսել էր տալիս աղայի հանդիմանությունները` «հիմար, դու մարդ չես դառնա»... Այդ բոլորը ոչ թե նա չգիտեր, ոչ թե չէր կարող կատարել ավելի լավ և ավելի ճարպիկ կերպով, քան թե մյուս գործակատարները, բայց ատում էր, զզվում էր, անբարոյականություն էր համարում։ Բնականից պարզ և չփչացած գյուղացի տղան, մի բարի բախտով հանդիպելով Ստեփանի նման ազնիվ պատանուն, նրա ազդեցության տակ, ավելի զարգացավ, ավելի մաքուր բնավորություն ստացավ։ Լուսավոր որդին հաղթեց խավարասեր հորը, Միքայելի կրթության վերաբերմամբ։

Ստեփանը այժմ Մոսկվայի համալսարանի բժշկական մասում ուսանող էր։ Միքայելը երբեք չէր կարող մոռանալ այն տխուր գիշերը, որի առավոտը պատանին պիտի ճանապարհ ընկներ։ Նա զրկվում էր մի լավ բարեկամից, որ շատ անգամ մխիթարել էր նրա կյանքի դառն րոպեները, որ ներշնչել էր նրա մեջ այնքան բարի մտքեր։ Նա նստած իր ողորմելի խուղի մեջ անքուն սպասում էր մի անգամ ևս տեսնել նրան իր մոտ, մի անգամ ևս լսել նրա խոսքերը։ Հանկարծ Ստեփանը ներս մտավ, բերելով իր հետ մի փոքրիկ արկղիկ. «Քեզ համար է, Միքայել, ասաց նա, գրքեր են, դու այնքան սովորել ես, որ կարող ես կարդալ և հասկանալ, կարդա և շատ կարդա՛ այդ գրքերը»։ Միքայելը ուրախությամբ ընդունեց թանկագին ընծան, և այն օրից գրքերի արկղը թաքցրել էր իր խուզի մեջ, և շատ անգամ ամբողջ գիշերներ անց էր կացնում ընթերցանությամբ, թեև շատ բան չէր հասկանում։

Մասիսյանի խանութի ծառայողների մեջ Միքայելը միակն էր, որ պանդուխտ էր, մյուսները քաղաքումս կամ ծնողներ, կամ ազգականներ ունեին և գիշերները իրանց տներն էին գնում։ Նրանք միայն խանութի հետ գործ ունեին և ազատ էին աղայի տնային ծառայություններից։ Այդ հոգսը մնացել էր Միքայելի վրա միայն, թեև նա այժմ բավական բարձր էր մի հասարակ սպասավոր լինելուց, և այն ստոր ծառայությունները, որ նրան անել էին տալիս, մինչև անգամ վիրավորական էր նրա համար։ Տիկին Մարիամը շատ անգամ ասել էր իր ամուսնին, որ մի նոր սպասավոր վարձե, և Միքայելը ազատ մնա տնային ծառայություններից, բայց միշտ նրա խնդիրքը մնացել էր անկատար, ստանալով աղայից մերժողական պատասխան։ «Ես մուֆթա հաց չունեմ, որ նրան ուտացնեմ. հոգին չի դուրս գա, թող տան բանն էլ անի, դուքանի բանն էլ»։

Բայց այդ «մուֆթա» հացը Միքայելի վրա շատ թանկ էր նստում։ Չնայելով իր վրա բարդված անտանելի աշխատություններին, այն օրից, որ նա մտել էր Մասիսյանի տունը, և որից անցել էր հինգ տարի, այսքան տարվա ընթացքում նա ոչ միայն կոպեկ փող չէր ստացել աղայից, այլ նրա համար մի նոր հագուստ ևս չէին կարել տվել։ Նա դեռևս հագնում էր տան հնոտիները, որ տիկին Մարիամը կարկատում և հարմարեցնում էր նրա համար։ Բայց նա խանութում ստացած «շագիրդանաներից» հինգ տարվա ընթացքում ետ էր գցել մի փոքրիկ գումար, որ հասնում էր քսան ռուբլու, և այդ փողերով կարել էր տվել իր համար մի ձեռք հագուստ, որ դեռ մի անգամ ևս չէր հագել և այն հագուստով չէր երևացել աղայի աչքին, այլ ծածուկ պահում էր, որ զատկին իրանց գյուղը գնալու ժամանակ հագնե։

Մասիսյանը առհասարակ սիրում էր իր գործակատարներին վատ հագնված տեսնել․ նրա կարծիքով հագուստը մերկությունը ծածկելու համար էր և ոչ թե վայելչության համար։ Եվ մաշված հագուստով գործակատարը միշտ վայելում էր նրա առանձին հավատարմությունը. «փողի ղադրը իմացող է», նկատում էր նա։ Բացի դրանից, իր անձնական «եսի» տեսակետից կշռելով ամեն ուրիշ մարդու վարմունքը, նա խիստ անվայել էր համարում տեսնել մեկին, որ հետևում է նորաձևությունների, որ իր վրան-գլուխը զարդարում է, քանի որ ինքը, աղան, այնքան մեծ հարստության տերը, երբեք չէր փոխում իր հագուստի ձևերը, որպես չէր փոխում իր մարմնի կաշին։ Մասիսյանի ճաշակին այն աստիճան սովորել էին գործակատարները, որ ամեն կերպով աշխատում էին հարմարվել։ Նրանք ուրիշ քաղաքներում գեղեցիկ հագնվում էին, շռայլ ապրում էին, ոսկի ժամացույց էին կրում ոսկի շղթայով, կառքերով էին զբոսնում, բայց երբ պատահում էր վերադառնալ աղայի մոտ հաշվի կամ մի ուրիշ գործի համար, բոլորովին կերպարանափոխվում փոխվում էին և հայտնվում էին մաշված հագուստով, ողորմելի-խոնարհական դեմքով և հին քոշերով։ Մասիսյանը այն բնավորությունն ուներ, ինչ ուզում ես արա, միայն նրա աչքը չտեսնե։ Ամեն բան նրա մեջ հաջորդաբար և մինը մյուսին համապատասխանող օրենքներով էր գնում. նա որպես չէր փոխում իր հին տան շինվածքի ձևը, որպես չէր փոխում իր ընտանիքի կազմակերպության ձևը, որպես չէր փոխում իր խանութում ընդունված առևտրական եղանակի ձևը, այնպես էլ չէր փոխում իր հագուստի ձևը։ Դա անշարժության կատարյալ հատկանիշն է։ Մի մարդ, մի ժողովուրդ և վերջապես մի ամբողջ ազգ, երբ շուտշուտ է փոխում իր հագուստի ձևերը, այնպես էլ շուտ փոխում է իր հասարակական կյանքի ձևերը։

Միքայելի նոր հագուստ ունենալը թեև մի գաղտնիք էր, բայց տան մեջ շատերը գիտեին, գիտեր տիկինը, գիտեին և նրա երկու աղջիկները՝ Գայանեն և Հռիփսիմեն։

Այդ երկու անմեղ արարածները այժմ բավական փոխվել էին: Գայանեն էլ չէր հազում, առողջ էր, միայն տարիների հետ որքան նրա արտաքին կերպարանքը այլանդակվում էր, այնքան նրա բնավորությունը, հոգեկան հատկությունները գեղեցիկ կերպարանք էին ստանում։ Հռիփսիմեն, ընդհակառակն, ձևակերպվել, սիրունացել և մի նազելի օրիորդի դեմք էր ստացել. բայց նա մնացել էր դարձյալ ծաղրող, դարձյալ արհամարհող և միևնույն հպարտը, որպես էր միշտ։ Հպարտությունը հատուկ է սիրուն աղջիկներին։ Բոլոր տանեցիք սիրում էին Միքայելին, բացի Հռիփսիմեից, նա դեռ պահպանել էր իր սառը հարաբերությունները դեպի գյուղացի «արջի քոթոթը», որի առաջին տարիների կյանքից պատմում էր շատ և շատ ծաղրական էպիզոդներ, երբ նա անկիրթ, անփորձ անտաշ հայտնվեցավ նրանց տանը։ Բայց Հռիփսիմեն այրվում և մինչև անգամ վիրավորվում էր, երբ Միքայելը նրա կատակներին պատասխանում էր իր արհամարհական լռությամբ:

Տան աղջկա սերը դեպի տան սպասավորը շատ անգամ սկսվում է կատակներից։ Ծաղրել, ատել և պախարակել, դրանք մի տեսակ ցույցեր են, երբ դժվար էր համարձակ ասել «ես սիրում եմ քեզ», կամ «դու ինձ դուր ես գալիս»։ Բայց Միքայելը այնքան հասած էր, որ չէր կարող չնկատել Հռիփսիմեի փոքրիկ խորամանկությունները, և երբ սառնությամբ էր վերաբերվում դեպի նրա կատակները, միշտ լսում էր այսպիսի խոսքեր. «Ի՞նչ ես էդքան փքվում... ուզում ե՞ս. գնամ տրեխներդ բերեմ... ես ջեր պահել եմ»... Եվ գնում, բերում, ցույց էր տալիս գյուղացու տրեխները, որ, հագած, առաջին անգամ Միքայելը նրանց տունը մտավ։ Այդ մի կծու հեգնություն էր Միքայելին հիշեցնելու համար նրա նախկին վի¬ճակը և խորտակելու նրա հպարտությունը։

Վարդավառի տոնն էր։ Փողոցներում երեխաները ջուր էին ածում միմյանց վրա, վազվզում էին, գոռում, գոչում էին. հարևան աղջիկները հավաքված դրացու տան պարտեզում երգում էին, «վիճակ էին գցում» և «ջան-գյուլում» էին երգում։ Ամեն տեղ ուրախ և զվարթ փայլում էր կյանքը, ամեն տեղ մարդիկ անհոգ զվարճությամբ կատարում էին տոնական հանդեսը։ Միայն Մասիսյանի տան մեջ ամեն ինչ նույնն էր, ոչինչ չէր փոխվել սովորականից։ ճաշից հետո երկու քույրերը՝ Գայանեն և Հոիփսիմեն, իրանց ամենօրյա հագուստներով ման էին գալիս պարտեզի մեջ. տիկին Մարիամը իր սենյակում խոսում էր մի կնոջ հետ, որի որդուն աղան բանտարկել էր տվել պարտքի համար, և նա եկել արտասվելով խնդրում էր, որ տիկինը բարեխոսե աղայի մոտ, նրա որդուն ազատեն բանտից. «Նա շատ ջահել է, անփորձ է, կմեռնի կսկծից, թե պարտքը նրա հոր պարտքն է, որ ոչինչ չէ թողել, և իրանք ուտելու հացի կարոտ են և այլն։ Խեղճ կինը առանց դադարելու խոսում էր, աղաչում էր և լաց էր լինում։ Տիկին Մարիամը ցավում էր, որ ոչնչով նրան օգնել կարող չէ, թե ինքը աղայի գործերում միջամտելու համարձակություն չունի, ավելի լավ կաներ, եթե նա ուղղակի դիմեր աղային։ Իսկ աղան տանը չէր։ Միքայելը օգուտ քաղելով տոն ավուր հանգստությունից, գնացել էր մի քանի ծանոթների հետ ման գալու, նա վերադարձավ բավական ուրախ տրամադրության մեջ և տեսնելով աղջիկներին պարտեզում, դիմեց նրանց մոտ։ Երկուսն էլ լճակի մոտն էին Գայանեն հացի փշրանք էր ձգում ձկներին, իսկ Հոիփսիմեն, մերկացնելով իր գեղեցիկ, կլորիկ թևքը, խաղում էր ջրի հետ, ափովը այս և այն կողմ ցրվելով։

Էդ ի՞նչպես է, որ դուք չեք գնացել «ջան-գյույում» երգելու, հարցրուց Միքայելը մոտենալով աղջիկներին. խաչը վկա, լավ չեք արել. ա′խ, որքան աղջիկներ են հավաքված մեր հարևան Սարխոշենց պարտեզում, «վիճակ» են գցում, ես մի քանի տղերքի հետ գնացինք, մեզ ներս չթողեցին սատանաները...

Հայրս չթողեց, որ մենք էլ գնայինք, պատասխանեց Գայանեն տխուր կերպով։

Հոիփսիմեն նկատելով, որ Միքայելը և իր քույրը զբաղված են խոսակցությամբ և իր վրա չեն նայում, լճակից լեցրուց մի ահագին կուժ ջրով և հանկարծ վրա վազելով, բոլորը միանգամով թափեց Միքայելի վրա:

Միքայելը շփոթվեցավ։ Հռիփսիմեն հեռվից ծիծաղում էր. Լավ լողացար, վաղուց չէիր լողացել, իսկ Գայանեն հանգրստացնում էր նրան, աշխատելով թրջված հագուստը ցամաքացներ

Վնաս չունի, վարդավառ է, էսպիսի ժամանակներում չեն բարկանում։

Չէ′, ես նրա համար չարեցի, որ վարդավառ է, խոսեց Հռիփսիմեն, չդադարելով իր ուրախ ծիծաղից ես Միքայելին լեղացրի, որ գնա իր նոր շորերը հագնե, չէ իմանում, որ էսօր տոն է։

Միքայելը ամոթահարվեցավ իր անտեղի վրդովմունքի պատճառով և դառնալով դեպի Հռիփսիմեն՝ հարցրուց.

Դու ի՞նչ գիտես, որ ես նոր շորեր ունեմ։

Գիտեմ... գիտեմ, թե որտեղ էլ պահել ես, ուզում ես գնամ դուրս բերեմ։

Եվ նա առանց Միքայելի պատասխանին սպասելու, սկսեց վազել դեպի նրա խուղը, որ շատ հեռու չէր. Միքայելը վազեց նրա ետևից, որ արգելե իր պահուստը երևան հանելուց» իսկ կաղլիկ Գայանեն չկարողանալով նրան հասնել, հեռվից կանչում էր իր քրոջը, որ ետ դառնա։ Բայց Հռիփսիմեն արդեն գտնվում էր «խորթանոցի» մեջ և շտապով քրքրում էր այնտեղ ածած անպետք մթերքը, որի մեջ պահված էր Միքայելի նոր հագուստը։

Միքայելը բռնեց նրա ձեռքից, աշխատում էր արգելել, բայց Հռիփսիմեն ընդդիմանում էր։ Երկուսն էլ երկար քաշքշում էին միմյանց։ Այդ միջոցին մի քանի անգամ նրանց ձեռքերը հանդիպեցին միմյանց, մի քանի անգամ նրանց գլուխներր շփվեցան միմյանց հետ, և ամեն անգամ երկուսի համար ևս անբացատրելի մի դող ցնցում էր նրանց քնքուշ ջղերը...

Դու ինչո՞ւ ես ցանկանում, որ ես հագնված լինեմ, հարցրուց Միքայելը, թույլ տալով, որ նա անե, ինչ որ ուզում է.

Այս նոր շորերի մեջ դու լավ ես երևում, շատ լավ ես երևում.. ասաց փոքրիկ աղջիկը հազիվ լսելի ձայնով, որ կտրատվում էր սրտի բաբախումից։ Որ էդպես է, քո խաթրու կհագնեմ պատասխանեց Միքայելը անմեղ ժպիտով։

Դե՛, հագիր, ես գնում եմ։

Հռիփսիմեն դուրս եկավ փոքրիկ խուղից թշերը շառագունած. աչքերը վառվում էին խորին, անբացատրելի ուրախությամբ։

Մեծ քույրը տեսնելով նրան, մի անորոշ և մթին զգացմունք տիրեց նրա սրտին, այն զգացմունքը, որ վրդովեցնում է ավելի չափահաս և փորձված աղջկան, երբ նկատում է իրանից կրտսերի մեջ որևէ անվայել համարձակություն: Բայց Գայանեն Միքայելի մասին շատ լավ կարծիք ուներ, գիտեր նրա պարզամտությունր, գիտեր, որ նա փոքր հասակից իրենց տան մեջ սնվելով, մեծանալով, այն աստիճան ընտանացել էր, որ մի տեսակ քույր-եղբայրություն էր առաջ եկել նրա և Հռիփսիմեի մեջ։ Բայց նախանձի նման մի բան նրան խռովեցնում էր, թե ինչու Միքայելը ավելի ուրախ էր լինում, երբ Հռիփսիմեն նրա հետ խոսում էր, թե ինչու նա այնպես շուտ կատարեց Հռիփսիմեի հաճությունը և հագավ իր նոր շորերը, որոնք նա ուխտել էր հագնել այն ժամանակ միայն, երբ գնալու կլիներ իրանց գյուղը։

Որքան Հռիփսիմեն շատախոս և թեթևամիտ էր, այնքան Գայանեն ծածկամիտ և լուռումունջ էր։ Կարծես թե նա իր հասակից ավելի վաղ պառաված լիներ։ Գուցե մարմնի բնական արատավորությունը սովորեցրուց նրան կենտրոնանալ իր մեջ, ինքն իր հետ մտածել, երբ արտաքին աշխարհը նրա վրա շատ փոքր ուշադրություն էր դարձնում։ Այսպիսի աղջիկները մաղձոտ են լինում և միշտ ատելությամբ են նայում դեպի իրանց շրջապատը, բայց Գայանեն մի բացառություն էր կազմում։ Նա չափից դուրս բարի և ներողամիտ աղջիկ էր և մի առանձին գութ ուներ դեպի Միքայելը, որի վիճակի մեջ գտնում էր բավական նմանություն իր հետ։ Ամեն անգամ սեղանի վրա կամ մի ուրիշ ժամանակ, երբ նրան միրգ էին տալիս, իր բաժնի մի մասը պահում էր, «էդ էլ Միքայելի համար», ասում էր նա։ Մայրը, եղբայրը և Հռիփսիմեն նայում էին միմյանց երեսին և ծիծաղում էին։ Տանեցիք կատակի առարկա էին շինել Գայանեի բարեսրտությունը դեպի որբ և անբախտ տղան։

Իր նշանածին չէ մոռանում, ասում էր Հռիփսիմեն։

Սիրահարված է, ասում էր Ստեփանը։

Ես Գայանեի փեսան պիտի խլեմ, ավելացնում էր Հռիփսիմեն։

Ա՜խ, ինչ կռիվ, ինչ ծամփետոց կլինի ձեր մեջ, վրա էր բերում Ստեփանը։

Գայանեն լռությամբ լսում էր այդ բոլորը, երբ չափը անց էին կացնում, նրա աչքերը լցվում էին արտասուքով:

Ես կույս պիտի դառնամ, ասում էր նա, ինձ փեսա պետք չէ, թող Հոիփսիմեն ուրախանա...

Ինչու ես կույս դառնում, մեջ էր մտնում Ստեփանը, լավն այն չէ՞, որ պսակվեք Միքայելի հետ, գնաք գյուղը, վար կվարեք, կով կպահեք։

Դո՞ւ ել ես ծիծաղում, Ստեփան, երբ այդպես է, ես դրանից հետո էլ Միքայելի հետ չեմ խոսի, ասում էր Գայանեն և արտասվալի աչքերով հեռանում նրանց մոտից։

Տիկին Մարիամը լսում էր որդու և աղջիկների կռիվը, ծիծաղում էր Հանգստացիր, Գայանե, ինչո՞ւ ես բարկանում, Միքայելը մեր տան տղան է, օտար չէ։

Տան չորս պատերի մեջ փակված երկու քույրերը, որոնք ոչ մի օտար տղայի երես չէին տեսնում, շատ բնական է, որ իրանց խոսակցության և զգացմունքի առարկա շինեին տան սպասավորին։ Եվ Մասիսյանի ընտանիքի մեջ վերոգրյալ խոսակցության նման վիճաբանություններ շատ անգամ դիպել էին Միքայելի ականջին, և նա այնուհետև իրան հեռու էր պահում աղջիկների հասարակությունից. թեև կատակները բոլորովին անմեղ և միամիտ սրտերից էին բխում, բայց Միքայելի մոտ տակավին մնացել էր գյուղացու ամաչկոտությունը։

"Ոսկի աքաղաղ" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Ջութակի կոնցերտ ռե մինոր
Արամ Խաչատրյան

Ջութակի կոնցերտ ռե մինոր

Այգի Սոչիում 1943 թ
Այգի Սոչիում 1943 թ
Խաղա առցանց