Րաֆֆի

Ղարիբ մշեցին

ԺԱ< ԺԲ

ԺԱ

Վերադառնալով Ոսկանի մոտից, Օհանը երեկոյան անցնում էր Կում-Կափու փողոցներից մեկի միջով։ Նա բավական հոգնած էր, մտավ մի բարբարի (սափրիչի) խանութ փոքր-ինչ հանգստանալու։ Նա այժմ գրպանում մի քանի ղուրուշ ուներ և այդ վստահությամբ ամեն տեղ կարող էր մտնել։

Շատախոս սափրիչը վանեցի էր, ամեն մի նոր հաճախորդին կրկնում էր միևնույն նորությունները, ինչ որ առաջինները հարյուր անգամ լսել էին։ Այդ դիտավորությամբ մոտեցավ Օհանին, ողջունեց, առողջությունը հարցրեց, կարծես վաղեմի բարեկամ լիներ, պատրաստվում էր պատմել կիրակնօրյա անցքերը, բայց Օհանը կտրեց նրա խոսքը, ասելով, որ նույն համալների թվումն է եղել և գիտե բոլորը։

Սափրիչի խանութները բոլոր տաճկական քաղաքներում, մանավանդ Կ. Պոլսում, մի տեսակ անկելանոցներ են անգործ, դատարկախոս մարդկանց համար, ուր կարելի է ամեն տեսակ բամբասանքներ լսել, նարգիլե ծխել, ղահվե խմել, սափրիչի «փուսկուլու չոջուխների» վրա նայել, և այդ բոլոր բավականությունն արմե մի քանի փարա։ Բայց Օհանը ոչ ղահվե պահանջեց և ոչ նարգիլե, նա խնդրեց, որ խմելու ջուր տան իրան։

Սափրիչը, ինչպես վերևում հիշեցինք, վանեցի էր։ Թուլամորթ վանեցին Պոլիս գալով կամ բաղնիքներում է ծառայում, կամ, եթե մանկահասակ է, թուրք աստիճանավորների տներում «էյվազություն» (սպասավորություն) է անում, կամ սափրիչ է դառնում։ Իսկ եթե ուրիշ գործ չէ գտնում, կամ Ազգային ժողովում երեսփոխան է դառնում և կամ մի թերթի աշխատակից։ Վերջին դեպքերում ևս նա սափրում է... Հինգ ղուրուշով մեկին ցեխի մեջ է կոխում, մյուսին ցեխից հանում:

Նա, մշեցու նման համալություն, թուլումբաջիություն (հրդեհաշեջություն), նավաստիություն չէ անում։ Դրանք պահանջում են մարմնական ուժ, տոկունություն և բնավորության զորություն, որոնցից զուրկ է վանեցին։

Մեր այժմյան սափրիչը, որի խանութը մտավ Օհանը, կլորիկ դեմքով, կլորիկ փորով, կլորիկ ձեռքերով ու ոտներով մի մարդ էր։ Խնամքով ածելած թշերը սոխի կեղևի նման փայլում էին կարմրությունից։ Նրա կազմվածքի մեջ ծայրեր չկային, ամեն անգամ կոլորված էր։ Այդ էր պատճառը, որ նա գնդի ձև էր ստացել։ Կլորիկ էին դեղնագույն աչքերը, որ փայլում էին երկու պղնձե կոճակների նման։ Կլորիկ էր հաստ թշերի մեջ կորած բերանը, որ մի փոքրիկ ծակի նմանություն ուներ և երբեմն բացվում էր, երբեմն կուչ էր գալիս։ Կլորիկ էին նրա խոսքերը, նրա ձայնը, որ կարծես մանր կոտորակների հատիկների նման դուրս էին թափվում բերանից։ Կլորիկ էր և՛ նրա ծիծաղը, որ կլորիկ քթի շուրջը բազմաթիվ բոլորակ գծեր խազելով, վերջն այդ գծերը, ալիքների նման փոքր առ փոքր սեղմվելով, անհետանում էին քթի ծայրից։ Նրա անդամների կլորությունը լրացնում էր կլորիկ հայելին, որ առջևի կողմից խրած ուներ հաստ գոտիի մեջ, և ամեն մի նոր հաճախորդ ներս մտնելու և նստելու միջոցին դուրս էր հանում, թևքի արմունկով սրբում էր, հետո տալիս էր նրա ձեռքը՝ յուր դեմքին նայելու։ Բացի այդ քաղաքավարությունից նա ուրիշ ոչինչ չէր շինում, միայն խոսում էր և յուր սրախոսությունների վրա ինքն էր ծիծաղում։

Հաճախորդների պետքերը կատարում էին նրա մանկահասակ աշակերտները, որոնց թիվը փոքր չէր։ Մի տեղ մազեր էին խուզում, մի տեղ ածիլում էին, մի տեղ լվանում էին մի փերեզակի տարիներով չլվացած գլուխը։ Իսկ այնտեղ, ընկողմանած մի տձև բազկաթոռի վրա, թառամած «էյվազը», յուր վաղանցուկ գեղեցկության հիշատակը նորոգելու համար, սափրվելուց հետո, փոքրիկ մանկաշով դուրս էր քաշել տալիս քթի միջի մազերը։

Մի անկյունում, հնոցի մեջ, ծխում էր մշտավառ կրակը։ Նրա վրա դրած էր տաք ջրով լի կաթսան, որ միշտ պատրաստ էր հաճախորդների կեղտը մաքրելու։ Այնտեղ և՛ ղահվե էին եփում, և՛ նարգիլեների գլխի վրա կրակ էին դնում։

Ամենուրեք զգացվում էր խիստ անախորժ գիջություն, ամենուրեք թաց էր։ Թաց էր խանութի մաշված, աղյուսյա հատակը, ուր չիբուխների և նարգիլեների վրա սրսկած սառը ջուրն անդադար կաթկթում էր։ Թաց էին հաստ դոշակներով պատած «սեդրիները», որ դրած էին պատերի մոտ, և որոնց վրա նստած էին հաճախորդները։ Թաց էր խանութի խեղդող օդը, որ տոգորված էր սապոնի կծու հոտով և ծխախոտի դառն մխով։ Թաց էին և սափրիչի շրթունքների շրջակայքը, որոնց վրա անհնազանդ թուքը խոսելու միջոցին անդադար անձրևում էր։

Աղմուկն անտանելի էր։ Ամենքը խոսում էին, հայտնի չէր, թե ո՛րն էր լսողը։ Մի տեղ երկու հոգի նստած, նարդի էին խաղում։ Մի քանիսը նրանց շուրջը հավաքված, եռանդով թելադրում էին, թե քարը որտեղ ավելի լավ է դնել։ Մի անկյունում կուչ էր եկած ժողովրդի երգիչը, ածում էր յուր «չոնգուրի» վրա և տխուր, մելամաղձոտ ձայնով եղանակում էր մի տաճկական երգ։ Նրան ոչ ոք չէր լսում։

Օհանը ձանձրացավ, պատրաստվում էր հեռանալ։ Այդ միջոցին հաճախորդներից մեկը, որ վաղուց նայում էր նրա վրա, մոտեցավ, նստեց նրա մոտ։ Անունը և երկիրը հարցնելուց հետո, այդ մարդը մի քանի րոպեում այն աստիճան մտերմացավ Օհանի հետ, որ առաջարկեց յուր հաշվով ղահվե խմել և ծխել։ Թեև Օհանը սովոր չէր ոչ առաջինին և ոչ երկրորդին, այնուամենայնիվ ընդունեց նրա հյուրասիրությունը։

Այդ մարդը նույնպես վանեցի էր։ Հնամաշ հագուստը, որի մաքրության համար խոզանակը մեծ ջանք էր գործ դրել, չէր ցույց տալիս, որ նա կարողության տեր լիներ։ Բայց երևում էր, որ վարկ ուներ։ Սափրիչի աշակերտներից մեկն իսկույն կատարեց պատվերը, մատուցանելով երկու ֆինջան ղահվե, երկու նարգիլե, և վերադառնալու ժամանակ ածուխով չորս խաղ գծեց պատի վրա։ Պատերը չորեքկողմից նախշված էին այդ տեսակ խազերով, որ ներկայացնում էին յուրաքանչյուր հաճախորդի հաշիվը։

Այդ վանեցին սափրիչի հակապատկերն էր. ցամաք, նիհար, թույլ կազմվածքով, բայց բավական զորեղ ձայնով, և յուր խոսակցության մեջ ի դեպ և անդեպ միշտ գործ էր ածում «սահմանադրություն» բառը։ Նա իսկույն սկսեց Օհանի հետ քաղաքականության վրա խոսել, հետո նկատելով, որ այդ չէ հետաքրքրում Օհանին, անցավ ազգային խնդիրներին։

Շատ անհամբեր եմ գիտենալ, ասաց նա, թե ի՞նչ վճռեց ազգային «սահմանադրությունը». այսօրվա թերթերը որոշ ոչինչ չեն հայտնում։

Կամենում եք ասել՝ Երեսփոխանական ժողովը, ուղղեց նրան մի պոլսեցի, որ նստած էր Օհանից փոքր-ինչ հեռու։ Նիստը հետաձգված է։

Այո՛, ազգային «սահմանադրության» Երեսփոխանական ժողովը, կրկնեց վանեցին, չկոտրելով իրան։ Նիստը հետաձգվա՞ծ է, մի՞թե, այդ վատ նշան է...

Օհանը ոչ ազգային սահմանադրություն գիտեր և ոչ Երեսփոխանական ժողով, նա ճանաչում էր յուր Հայրիկին միայն, և նրա մեջն էր գտնում ամեն արդարություն։

Հայրիկը չի թողնի, որ այդ բեռը դնեն մեր վզին, ասաց նա, և մի առանձին վստահությամբ ձեռքը տարավ դեպի յուր պարանոցը, շոշափեց ծոծրակը, տեսնելու, արդյոք մի որևէ ծանրություն չկա՞ր այնտեղ։

Բայց մշեցիների «սահմանադրությունն» էլ վատ չէր, ավելացրեց վանեցին, ակնարկելով կիրակնօրյա հուզմունքը։ Քաջերը լա՞վ գործ կատարեցին...

Կատարյալ անկարգություն էր, ընդհատեց պոլսեցին։

Ինչպե՞ս կարելի է այդ տեսակ կոպիտ ճնշումներ գործ դնել ժողովի վրա։

Օհանի աչքերը վառվեցան։

Այդ միջոցին մոտեցավ սափրիչը և տեղեկանալով թե վիճաբանությունն ի՛նչումն է, հանեց յուր ծոցից մի քանի թերթ յուղոտված թուղթ և փողի ձևով գալարելով, ծայրը մոտեցրեց պոլսեցու քթին և մի առանձին պարծենկոտությամբ ասաց.

Տե՛ս, այդ է ճնշումը... հազարի չափ ստորագրություն կա այդ հանրագրի մեջ... ամենքը վանեցիներ են... էգուց պետք է տանք սրբազան պատրիարքին...

Պոլսեցին՝ յուր քիթը ազատելու համար հազար ստորագրությունների ճնշումից, երեսը շուռ տվեց։

Այդ մարդը թաղական վարժապետ էր։ Սափրիչի աշակերտները ոչ ոքի պատվերներ այնպես դանդաղկոտությամբ չէին կատարում, որպես այդ դժբախտի։ Եվ ոչ ոքի խազերը պատերի վրա այնքան ընդարձակ տեղ չէին բռնում, որպես այդ մուրացկանի։ Նրա հաշիվը միշտ մնում էր անջնջելի։

Նա յուր աշակերտի և՛ դաստիարակն էր, և՛ ծառան էր։ Առավոտից մինչև երեկո դաս էր տալիս, իսկ երեկոյան պետք է հարուստների որդիների «հեյբանները» (գրքերի պայուսակները) վեր առներ, հասցներ իրանց տները։ Ցեխ օրերում գրքերի հետ շալակում էր և՛ փոքրիկներին։

Օհանի մոտ նստած վանեցին, չհարցնելով անգամ հանրագրի բովանդակությունը, համակրությամբ դիմեց սափրիչին, ասելով:

Այդ շատ լավ ես մտածել, Թաթոս ախպար, ինձ տուր, ես էլ ձեռք կդնեմ։

Թաթոս ախպարը, այդպես էին կոչում սափրիչին, հայտնի չէ, թե որտեղից գտավ գրիչ և գաղամար, մոտեցրեց յուր հայրենակցին։ Նա առավ գրիչը և խոշոր տառերով ստորագրեց. «վանեցի առաջին կարգի թելլալ Մարտիրոս աղա Իշխանապետյանց»։ Հետո մատը թաթախեց գաղամարի մեջ և կնիքի փոխարեն կոխեց թղթի վրա։

Թաթոս ախպարը բերանով երկար փչում էր թղթի վրա, որ չորացնե գրվածքը, որ կլանել էր այնքան մեծ քանակությամբ մելան։ Բայց նա ավելի թրջում էր, քան թե ցամաքացնում էր, որովհետև այդ դեպքում ևս անհնազանդ թուքն անձրևում էր թղթի վրա։ Թաղական վարժապետը խորհուրդ տվեց նրան, որ բռնե կրակի վրա։ Նա թերթը մոտեցրեց հնոցին. չորացնում էր և միևնույն ժամանակ շարունակում էր խոսել, թե ո՜րպիսի սարսափ պիտի ձգե Ազգային ժողովի վրա յուր բազմաստորագիր հանրագրությունը և ո՜րպիսի աղմուկ պիտի բարձրացնե... Այդ միջոցին չնկատեց նա, որ սպիտակ թերթը կրակի ազդեցությունից շագանակի գույն ստացավ և սկսեց մխալ։

Այրվեցա՜վ,., այրեցա՜վ... կոչեց հնոցի մոտ կանգնած աշակերտը։

Ոչինչ, այդպես էլ լավ է, ասաց նա և անվրդով կերպով ծալեց թերթը, թաքցրեց յուր ծոցում։

Նա կրկին մոտեցավ առաջիններին։

Այսօրվա թերթերում տպված է, որ այդ հանրագրությունն արդեն մատուցված է, հայտնեց թաղական վարժապետը։

Տպվա՞ծ է... մի՞թե... ուրախությամբ հարցրեց Թաթոս ախպարը։

Վարժապետը հանեց գրպանից «Մասիսի» համարը և ճառական եղանակով կարդաց.

«Հաստատ աղբյուրներե կտեղեկանանք, քաղաքիս մեջ գտնվող վանեցի պանդուխտներե քանի հազար ստորագրությամբ հանրագրություն մը ներկայացուցված է սրբազան պատրիարքին ի տնօրինություն. հակված ենք ըղձալ, խառնիճաղանջի մը այսօրինակ ձեռնմխություն հանուր ազգային օրինաց և իրավանց չարաչար զեղծում մը նկատվելեն զկնի, հիշյալ հանրագրություն, յուր բոլոր պարագայուք հանդերձ, ուշադրության չառնվիր և հետևապես գերապատիվ Պողոս վարդապետի պես ազգասեր և պիտանի անձի մը արադարացի իրավանց պաշտպանության հույսեն զմեզ իսպառ ձեռնաթափ չենք սեպեր»։

Սափրիչը, որ ուշադրությամբ լսում էր, փոխանակ բարկանալու, որ այդ լուրի մեջ պաշտպանվում էր իրանց ատելի անձնավորությունը, ընդհակառակն ավելի ուրախացավ, կարծելով թե լուրը ի նպաստ իրանց է հաղորդված։

Այդ մեկը լավ է գրել, ասաց նա յուր խուզած ընչացքները հաղթական ոգևորությամբ ոլորելով, այդ մեկը լավ է արել, որ մտցրել է՝ «հանուր ազգային օրինաց և իրավանց»... կը նշանակե, իրավունքը մերն է։

Այդ մյուսները ևս վատ չէ գրել, նկատեց առաջին կարգի «թելլալը», թերթն առնելով թաղական վարժապետի ձեռքից և կարդալով այս բառերը․ «յուր բոլոր պարագայուք հանդերձ»... «մի քանի հազար ստորագրությամբ»...

Թաղական վարժապետը ոչինչ չխոսեց. միայն նրա վշտահար դեմքը փոքր-ինչ ցնցվեցավ և երևան հանեց ժպիտի նման մի բան։

Օհանը այսքանը միայն նկատեց, թե ինչպես է պատահել, որ դեռ հանրագրությունը չներկայացրած, նրա մասին արդեն գրել են, որ մատուցվել է սրբազան պատրիարքին։

Այդ ոչինչ, մեր լրագրները միշտ կատարված իրողությունից առաջ են ընկնում, պատասխանեց թաղական վարդապետը։ Դուք ուշադրություն չդարձրիք այն կետի վրա, որ դեռ հազարի չհասած ստորագրությունները մի քանի հազար են հրատարակում...

Այդ խոսքերում «Մասիսը» սուտ չէ ասել, անխելք, ընդմիջեց սափրիչը բարկացած կերպով, եթե մի օր էլ մնա, մի քանի հազարի կհասցնեմ։

Մի օրվա մեջ մի քանի հազար մարդիկ չեն մտնի ձեր խանութը, պատասխանեց թաղական վարժապետը ծիծաղով։

Թող չմտնեն։ Ես գիտեմ այդ քաղաքում ինչ վանեցիներ կան, կնստեմ, անունները մեկ-մեկ կգրեմ, և ոչ ոք էլ չի ասի, թե իմ անունն ինչու՞ գրեցիր։

Օհանը վեր կացավ և շնորհակալություն հայտնելով սափրիչին, որ մի քանի րոպե հանգստացավ նրա խանութում, դուրս եկավ։

Նրա հետևից դուրս եկավ և «առաջին կարգի թելլալը»։

ԺԲ

Իրան «առաջին կարգի թելլալ», այսինքն միջնորդ կոչող վանեցին, պարապում էր գլխավորապես նրանով, որ տների համար սպասավորներ և աղախիններ էր վարձում։ Նրան էին դիմում մարդիկ, երբ մեկին պետք էր մի ձի կամ ավանակ վարձել այս և այն գյուղը, գնալու համար։

Նա բռնեց այն փողոցը, որով գնում էր Օհանը։ Երկար հետևում էր նրան, որպես մի որսորդ, որ շտապում է յուր որսը չկորցնել աչքից։ Երբեք նրա ցամաք և տեղ-տեղ սև բծերով նախշված դեմքն այնպիսի բավականություն չէր արտահայտել, որպես այսօր։ Նա գնում էր և միևնույն ժամանակ յուր մատների վրա ինչ-որ հաշիվներ էր անում։ Երևակայական հաշիվները մեծ արդյունք էին խոստանում։ Այդ երևում էր այն ժպիտից, որ երբեմն ցնցում էր նրա բարակ շրթունքները։

Այդ մարդու ստորագրությունից, որ դրեց նա սափրիչի հանրագրության վրա, իմացանք մենք, որ նա կոչվում էր Մարտիրոս աղա Իշխանապետյանց։ Այդպես էլ կանվանենք նրան։ Փոքր մարդկանց մեծ տոհմանուններ կրելը շատ սովորական է մեր մեջ։

Իշխանապետյանցը որքան և փութացնում էր յուր կարճ ոտների անբավարար քայլերը, դարձյալ Օհանի հետևից հասնել չէր կարողանում։ Վերջը ստիպվեցավ կանչել նրան։

Օհանը ետ նայեց, տեսավ, որ իրան կանչողը վանեցի առաջին կարգի թելլալն էր։ Կանգ առավ։

Ինչ կա, որ այդպես շտապում ես, օրհնած, հարցրեց վանեցին, հազիվհազ շունչ առնելով և ճակատի քրտինքը յուր գունավոր, պատառոտած թաշկինակով սրբելով։ Ու՞ր պիտի գնաս։

Օհանը դժվարացավ այդ հարցին պատասխանել։ Նա մտածում էր գնալ պառավ «մարեի» խրճիթը յուր ազատած մանուկին տեսնել, գիշերը մնալ նրա մոտ, իսկ առավոտյա՞ն. ինքն էլ չգիտեր, թե ինչով պետք է զբաղվեր։

Իշխանապետյանցը, նկատելով Օհանի շփոթված դրությունը, այլևս չսպասեց նրա պատասխանին, նայեց արեգակին և ձեռքերը տրորելով, ասաց.

Անցնենք այդ կողմը, դեռ օր շատ կա։

Օհանը մեքենաբար հետևեց նրան։

Գուցե այն հյուրասիրությունը, որ Օհանին ցույց տվեց Իշխանապետյանցը սափրիչի խանութում, կամ գուցե այն զգացմունքը, որ Օհանը գործ ուներ մի հայաստանցու հետ, լցրել էին պարզամիտ պատանու սիրտը մի տեսակ մտերմությամբ դեպի այդ մարդը, որ ստվերի նման նրանից չէր հեռանում։

Երկար նրանք դնում էին միևնույն փողոցով, որ վերջ չուներ։ Վերջ չունեին և Իշխանապետյանցի խոսակցությունները, որ Օհանին զբաղեցնելու համար անդադար փոփոխում էր նա զանազան առարկաների վրա։ Ի՞նչ բանի մասին ասեք չէր խոսում այդ բազմատես, բազմափորձ, բազմախորհուրդ մարդը, որ յուր մազերը սպիտակացրել էր Ստամբոլի փողոցներում։ Օհանը լուռ լսում էր։ Նա շեղվեցավ այն փողոցից և մտավ մի ոլոր-մոլոր «սոխախ», որ այնքան նեղ էր, որ եթե Օհանը երկու ձեռքերը բաց աներ, կը դիպչեր աջ և ձախ կողմի պատերին։

Ես այդ կողմումն եմ կենում, ասաց Իշխանապետյանցը, իմ բնակարանը շատ հեռու չէ այստեղից։ Մտնենք այդ գինետունը, մի փոքր զովանանք։ Պահողը վանեցի է, շատ պատվական մարդ է։

Ստորերկրյա նկուղը, ուր ներս տարավ Օհանին նրա նոր բարեկամը, այն կարգի գինետներից էր, որտեղ բաժակների ընդհարումների հետ՝ խիստ հաճախ լսվում են բռունցքների ընդհարումներներ, որտեղ արբեցած մարդը յուր սերը և համակրությունն արտահայտում է կոպիտ հայհոյանքներով, և որտեղ ծխախոտի մառախուղի մեջ խեղդվել կարելի է։

Երկարաքիթ մարդը, որին ներկայացրեց Իշխանապետյանցը, հենց առաջին անգամից դուր չեկավ Օհանին, թեև նրա մինչև արմունկները ծալած բազուկների վրա երևում էին Երուսաղեմի ուխտավորի մուգ-կապտագույն նշաններ։ Այդ էր պատճառը, որ նրան կոչում էին «Հաջի աղա», որ մեր կողմերի ասությամբ նշանակում է՝ մահտեսի կամ մուղդուսի աղա։ Դա գինետուն պահող վանեցին էր։

Իշխանապետյանցը հարկավոր պատվերները տալուց հետո, Օհանի հետ անցան բազմության միջից և հազիվ մի անկյունում նստելու տեղ գտան։

Խմողների աղաղակները խլացնում էին ամեն խոսակցություն։ Եվ չնայելով որ դրսում դեռ արեգակ կար, բայց այստեղ ճրագներն արդեն վառել էին։ Նկուղի ծանր, հեղձուցիչ օդը խեղդում էր ճրագների թե լույսը և թե շնչառությունը։ Իսկ բորբոսային խոնավությունը դրել էր պատերի վրա յուր մուգ-կանաչագույն խավը, որ թառամած մամուռի նմանություն ուներ։

Շփոթված սպասավորները չգիտեին՝ ո՛ր կանչողին դիմեն։ Ամեն կողմից կանչում էին նրանց։ Այսուամենայնիվ քառորդ ժամից հետո նրանցից մեկը դրեց սեղանի վրա մի շիշ ըմպելի, մի շիշ ջուր և երկու փոքրիկ բաժակ։ Մի այնքան ժամանակ ևս անցավ, մինչև բերեց նա զանազան սառն ճաշելիքներ, որ բաղկացած էին ձկնեղեններից և չոր ապուխտից։

Իշխանապետյանցը կիսատ-կիսատ լցրեց բաժակները, մեկը դրեց Օհանի առջև, մյուսը յուր առջև։

Եթե խմելու շատ սովոր չես, մի փոքր ջուր խառնիր. ասաց նա։ Դրան «մաստիքա» կասեն, շատ պատվական խմիչք է։

Հետո բժշկական կետից ևս բացատրելով պատվական խմիչքի» նշանակությունը, շարունակեց նա.

Արյունը մաքրում է, մաղձը ոչնչացնում է, աչքի լույսի և հիշողության համար էլ լավ է, սիրտը միշտ զվարթ է պահում, ջղերին ուժ է տալիս և հազի համար էլ լավ է։

Օհանն անվարժ ձեռքով վեր առավ շիշը և յուր բաժակի կիսատ մնացած մասը լցրեց ջրով։ Նա զարմացավ, երբ տեսավ, որ բոլորովին պարզ հեղուկը կաթնի գույն ստացավ։ Սկսեց երեխայի նման ծիծաղել։

Փորացավի համար էլ լավ է, ավելացրեց Իշխանապետյանցը։

Բայց Օհանն այնքան առողջ էր, որ ոչ փորացավ ուներ և ոչ մի այլ հիվանդություն։ Նա միայն հետաքրքրվեցավ այդ զարմանալի ըմպելիքով, որի մոտ «Մասիսի» հայտարարությունների մեջ շարունակ քսան տարի տպվող, ամեն ցավի դեղ ու դարման հոյուեի դեղահատերը պիտի կորցնեին իրանց հրաշագործ նշանակությունը։ Նա բաժակը բարձրացրեց, նախ հոտ քաշեց։ Թունդ հոտը ծակոտեց նրա հոտոտելիքը։ Բայց ուշադրություն չդարձրեց, աչքերը խփեց և երեսը խոժոռելով մինչև վերջին կաթիլը դատարկեց։

Դա՜ռն է... շա՜տ դառն է, բացականչեց Օհանը և մի քանի րոպե չէր կարողանում աչքերը բաց անել։ Նրան այնպես էր թվում, որ բերանը կրակով այրեցին։

Իշխանապետյանցը, որ արդեն ձեռքում պատրաստ ուներ մի կտոր ապուխտ, շտապով տվեց նրան, ասելով.

Ծամի՛ր, դառնությունը կանցնի։

Ըմպելիքի սաստկությունից Օհանի աչքերը լցվեցան արտասուքով։ Նա ապուխտը ծամում էր, բայց դառնությունը չէր անցնում։

Առաջին անգամին այդպես է լինում, նկատեց Իշխանապետյանցը, երբ կսովորես, մեղրի պես քաղցր կլինի։ Առաջ իմ բերանն էլ այրում էր, բայց հիմա ոչինչ չեմ զգում։ Եթե ամեն օր չմտնեմ այստեղ և մի քանի բաժակ չխմեմ, ինձ այնպես կը թվի, որ այն օրն ինձ համար խավար է։ Բայց երբ խմում եմ, կարծես ամբողջ օրն ուրախության ծովի մեջ լողում եմ։

Օհանը ոչինչ չպատասխանեց, նա շարունակում էր ծամել ապուխտի մնացած մասը։ Իշխանապետյանցն առաջարկեց նրան մի պարարտ, կարմիր խեցգետին։ Օհանը զզվանքով հրաժարվեցավ։

Ես այդ բանը չեմ ուտի, ասաց նա։

Ինչու՞, շատ լավ համ ունի, աշխատում էր համոզել Իշխանապետյանցը։

Մեր կողմերում չեն ուտում։

Ձուկ ուտո՞ւմ են։

Ուտում են։

Ուրեմն դու այդ ձկներից կեր, շատ լավ պատրաստված են։ Այստեղ ձուկը լավ են պատրաստում։

Այստեղ մածուն չէ՞ լինում։

Չէ լինում։

Թող ինձ մի կտոր պանիր տան, ես պանիրն ավելի եմ սիրում։

Իշխանապետյանցը հրամայեց, որ պանիր տան։ Մշեցի պատանին սիրում էր Մուշի պարզ կերակուրները։ Նա սովորած չէր այս տեսակ համադամ խորտիկների։

Իշխանապետյանցը լցրեց երկրորդ բաժակը, նույնպես կիսատ, և խորհուրդ տվեց, որ ջուրը փոքր-ինչ ավել խառնե։ Օհանը կատարեց նրա պատվերը, և իրավ, նա զգաց, «որ պատմական խմիչքը» այս անգամին այնքան անախորժ չէր, որպես սկզբում։

Տեսա՞ր, ասաց վանեցին ուրախանալով, ես սուտ չէի ասում։

Հետո ոլորեց նա երկու գլանակ, մեկը տվեց Օհանին, ասելով, որ խմելուց հետո ծուխն ավելի զվարճություն է պատճառում։ Օհանն սպասում էր, որ տեսնե, թե յուր հյուրասիրողն ինչպես է ծխում, որ ինքն էլ հետևե նրա օրինակին, որպեսզի անշնորհք և անքաղաքավարի չցույց տա իրան։

Գինետունը հետզհետե լցվում էր և խառնաշփոթ բազմության աղմուկն ավելի անտանելի էր դառնում։ Ամեն լեզվով երգում էին և ամեն լեզվով խոսում էին։ Այդ փոքրիկ նկուղը ներկայացնում էր ամբողջ Ստամբոլը յուր բազմազան և բազմասեռ բնակիչներով։

Հաջի աղան, որպես յուր նկուղի սուլթանը, երկար գոգնոցն առջևը կապած, նախշուն բազուկները մինչև արմունկները ծալած և անվերջ ժպիտը երեսի կնճիռների մեջ խաղացնելով, մոտենում էր այս և այն սեղանին. նա ամենի համար պատրաստի խոսքեր ուներ ծիծաղացնելու և ամենի սրտերը շահելու։ Նրա երկար քիթը, որ բավական ընդարձակ տեղ էր բռնել երեսի վրա, այն տպավորությունն էր գործում, որ իսկույն մտածել էր տալիս, եթե այդ ահարկու քիթը փոքր-ինչ կարճ լիներ, նրա դեմքն ի՞նչի նման կը լիներ։

Վերջապես մոտեցավ նա այն սեղանին, ուր նստած էին Օհանը և Իշխանապետյանցը։ Մի խորհրդավոր ակնարկ ձգեց Օհանի վրա, նայեց վանեցու երեսին և հարցական կերպով գլուխը շարժելով, անցավ։ Վանեցին պատասխանեց նրան նույն շարժումներով։ Օհանը չնկատեց երկու հայրենակիցների լուռ նշանախոսությունը։

Օհանը երրորդ, չորրորդ և հինգերորդ բաժակը դատարկեց ավելի ախորժակով։ Այժմ նա ուրախ էր, խոսում էր, ծիծաղում էր, և նրա շառագունած դեմքը փայլում էր մի առանձին զվարթությամբ։ Նա մինչև անգամ փորձեց ուտելու խեցգետինը, որից սկզբում զզվանքով հրաժարվեցավ։

Այդ միջոցին Իշխանապետյանցը հարցրեց նրանից․

Ինչո՛վ ես պարապում։

Մինչև այս օրերը չոփչիություն էի անում, պատասխանեց Օհանը, այժմ անգործ եմ։

Օհանի պատասխանը կամ սաստիկ զարմացք պատճառեց վանեցուն, կամ նա իրան զարմացած ձևացնելով, տեղից վեր թռավ, աչքերը զլեց և ուղիղ նայելով Օհանի երեսին, բացականչեց.

Տե՜ր աստված... չոփչիությո՞ւն... ամոթ չէ՞․․․ քեզ նման տղան չսփչիությո՞ւն կանե...

Ապա ի՞նչ պիտի անեի, հարցրեց Օհանը։

Վանեցին նստեց, ասելով.

Եթե ես քո հասակը, քո մանկությունը և քո շնորհքն ունենայի, ամսական տասը ոսկուն փող չէի ասի։

Տասը ոսկի՜, ծիծաղելով կրկնեց Օհանը, ո՞վ կտա ինձ տասը ոսկի։

Տասնուհինգ էլ կուտան, պնդեց վանեցին համոզիչ ձայնով։ Նայի՛ր այն պատանուն, որ այնտեղ այն մարդկանց հետ նստած է, նա տասնից ավելի է ստանում։ Տե՛ս, ինչպե՞ս լավ է հագնված։ Փաշաների որդիներն անգամ այդպես չեն հագնվում։ Տե՛ս նրա մատանին, նրա ժամացույցի ոսկի շղթան, գիտե՞ս որքան արժեք ունեն։ Այդ պատանին երբ նոր եկավ Վանից, բոբիկ ոտներով էր ման գալիս, հագին շապիկ չուներ, հիմա ինքն իրան չէ ճանաչում։

Օհանը նայեց դեպի այն կողմը, տեսավ պատանուն, որ յուր վրա էր դարձրել բոլորի ուշադրությունը և նստած էր մի սեղանի մոտ, որի վրա դրած էին ամենանուրբ ըմպելիքներ և ամենաթանկագին ճաշելիքներ։ Նա զարմանալով հարցրեց.

Ի՞նչ գործ է կատարում։

Ոչինչ գործ, ասաց վանեցին, ուսերը շարժելով, միայն չիբուխ է լցնում։

Ու՞մ համար։

Մի հարուստ փաշայի համար: Նրան ես տեղավորեցի փաշայի մոտ։ Այդպիսի տեղեր որոնողները միշտ ինձ են դիմում։ Ես առաջին կարգի թելլալ եմ, բոլոր մեծամեծների հետ ծանոթություն ունեմ, և նրանք ինձ են խնդրում, երբ սպասավորի պետք ունեն։

Օհանն առաջին անգամ էր լսում մի այդպիսի սպասավորություն, որ չիբուխ լցնելու համար ամսական տասնուհինգ ոսկի են վճարում։ Նա չհավատաց և մտածում էր, որ առաջին կարգի թելլալը մաստիքայի ջերմության մեջ չափազանցություններ է անում։

Այդ միջոցին նրանց խոսակցության առարկա եղող պատանին նկատեց առաջին կարգի թելլալին, և պճնասեր սպասավորների հատուկ հպարտությամբ մոտեցավ հեռվից ձայն տալով․

Բարո՜վ, Մարտիրոս աղա, դո՞ւ էլ այստեղ ես, երբ եկար, ինչո՞ւ ես այստեղ նստած, ինչո՞ւ չես գալիս մեզ մոտ։

Նա ձեռքը մեկնեց վանեցուն և վերևից նայեց Օհանի վրա։

Դա ո՞վ է, հարցրեց նա, մի առանձին արհամարհանքով ձեռքը տանելով դեպի Օհանը։

Իմ լավ բարեկամս է, Պետրոս աղա, Մուշից նոր է եկել, պատասխանեց Մարտիրոս աղան։

«Այստեղ ամենքը աղաներ են», մտածեց Օհանը գլուխը շարժելով․ «փաշայի չիբուխ լցնողն էլ աղա է, ծառաների թելլալն էլ աղա է, գինետան պահողն էլ աղա է․․․»։


Նստի՛ր, խնդրեց թելլալը, պատանու փեշից քաշելով։

Չեմ կարող, ընկերներս այնտեղ սպասում են ինձ, ասաց նա կոտրատվելով. դու եկ մեզ մոտ։ Այնտեղ ամեն բան ունենք։

Բայց ես իմ հյուրին միայնակ չեմ կարող թողնել։

Թող քո հյուրն էլ գա։ Գնանք, մշեցի՛, դարձավ նա դեպի Օհանը, մի առանձին եղանակով շեշտելով «մշեցի» բառը։

Օհանը վրդովվեցավ և թեք կերպով նայելով նրա երեսին, ասաց.

Դու չգիտե՞ս, որ մշեցու ու վանեցու ջուրը մեկ առվակով չէ գնում...

Դու հիմա էլ վանեցու մոտ ես նստած։

Այդ իմ մեղքիցն է, ասաց Օհանը զայրացած ձայնով, վեր կացավ և կամենում էր հեռանալ։ Եթե դրսումը լիներ, ես քո կողքերը կջարդեի, ավելացրեց նա, սպառնական հայացք ձգելով վանեցի պատանու երեսին։

Թելլալը, որ ամենևին չէր սպասում Օհանից այս աստիճան դյուրագրգռություն, բռնեց նրան, աղաչելով.

Նա հանաք արեց, ինչո՞ւ ես այդպես բարկանում. նա լավ տղա է, լավ սիրտ ունի, իզուր ես այդպես բարկանում։

Այդ խոսքերով հազիվ կարողացավ Օհանին յուր տեղը նստացնել, որ բարկությունից ամբողջ մարմնով դողում էր։

Վանեցի պատանին իրան շատ անախորժ դրության մեջ մտավ. նա ամաչում էր հեռանալ առանց բացատրություն պահանջելու կոպիտ մշեցուց և միևնույն ժամանակ վախենում էր կրկին խոսացնել նրան։ Թելլալն ազատեց նրան այդ դրությունից, բռնեց ձեռքիցը, տարավ յուր ընկերների մոտ և այնտեղ մի քանի բաժակ վրա-վրա դատարկելուց հետո, կրկին վերադարձավ Օհանի մոտ․

Իզուր բարկացար, դարձյալ աշխատում էր հանգստացնել Օհանին. նա շատ օրինավոր տղա է. ձեռքը բաց, սիրտը բաց, գլուխն ուզելու լինես, չի խնայի, փողն ու հողը նրա մոտ մեկ գին ունեն։ Ես գիտեմ, որ այնտեղ նստողների բոլոր ծախքը ինքը կվճարե։ Նա միայն ցանկանում էր հյուրասիրել քեզ և ավելի ոչինչ։

Բայց մի կտոր հաց տալու համար մարդկանց չեն վիրավորում, ասաց Օհանը։ Նա պետք է գիտենա, թե ինքն ի՛նչ է և ո՛ւմ հետ է խոսում։ Իմ հայրը շատ այդպիսի ծառաներ է ունեցել...

Նրա սրտում բացվեցան հին վերքերը, մտաբերեց հայրենական տունը, լի ծառաներով և լի մշակներով, մտաբերեց, ամեն առավոտ որքան կանայք այդ տան թոնրում հաց էին թխում, և ո՛րքան մարդիկ կերակրվում էին այդ հացով, մտաբերեց անասունների բազմությունը, որ ամեն առավոտ քշում էին յուր հոր փարախներից դեպի արոտ, յուղն ու կաթը, թանն ու մածունը ջրի նման հոսում էր, և հարյուրավոր աղքատներ կերակրվում էին այդ տան բարիքներով... Բոլո՜րը կորավ, բոլո՜րն անհետացավ, և դժբախտ ընտանիքի դժբախտ որդու սրտում մնացին դառն հիշողություններ միայն... Նա ձեռքը տարավ դեպի ճակատը, արմունկը նեցուկ տվեց սեղանին, գլուխը խոնարհեցրեց, և երկար գտնվում էր մի տեսակ տխուր ինքնամոռացության մեջ։

Թելլալը նկատեց Օհանի թախծությունը, լցրեց բաժակները և մեկը դնելով նրա առջև, ասաց.

Խմի՛ր, սիրտդ ուրախ պահիր, աստված ողորմած է, սև օրը տեղի է տալիս լույս օրին, և մթին խավարից հետո ծագում է պայծառ արեգակը... Այս աշխարհում ամեն ինչ փոփոխական է... Դժբախտությունն ու բախտավորությունն անդադար հաջորդում են միմյանց, որպես երկու հարազատ ժառանգներ... Մի օր քեզ համար էլ բաց կլինի բախտավորության դուռը, և այդ օրը մոտ է...

Օհանը վեր առեց բաժակը և այս անգամ, առանց ջուր խառնելու, ամբողջապես դատարկեց։

Լսի՛ր, Օհան, առաջ տարավ թելլալր, որի լեզուն, գլուխը տաքանալուց հետո, մի առանձին ճարտասանական ուժ էր ստացել։ Տեսնում ես ինձ, կյանքս մոտեցել է յուր վախճանին, մազերս արդեն սկսել են ճերմակել. այսուհետև ինձ մնում է միայն իմ հոգու համար մտածել։ Ես այժմ ուրիշների բախտավորության մեջն եմ գտնում թե իմ բախտավորությունը և թե իմ ուրախությունը։ Այդ պատճառով նպատակ եմ դրել ինձ, որքան կարող եմ, բարիք գործեմ և ուրիշների բախտավորության համար աշխատեմ։ Այդ իմ մխիթարությունն է։ Հենց առաջին անգամ, երբ տեսա քեզ սափրիչի խանութում, սիրտս ասաց ինձ՝ «այդ տղան խեղճ է, անփորձ է, ընկել է Ստամբոլի փոթորիկների մեջ, դրան պետք է օգնել, պետք է շահավետ վաստակի ճանապարհ ցույց տալ...»։ Այդ էր պատճառը, որ ես դուրս եկա քո հետևից և քեզ բերեցի այստեղ, որ փոքր-ինչ երկար խոսեմ քեզ հետ։ Վկա է աստված, որ բացի լավությունից, ես մի այլ նպատակ չեմ ունեցել...

Հաջի աղան յուր երևելի քթով կրկին անցավ նրանց մոտով, ընդհատեց խոսակցությունը։ Սպասավորներն զբաղված լինելով, նա լուսավորում էր ճրագները, որոնք տիրող օդի թանձրությունից հոգեվարքի մեջ հազիվհազ պլպլում էին։

Օհանը ոչինչ չէր խոսում, նա լուռ լսում էր, անհամբերությամբ սպասելով, թե ինչով կվերջացնե յուր սեղանակիցը այդ երկար քարոզներր։ Նա շարունակեց.

Դու արդեն գիտես, Օհան, որ ես այս քաղաքի աոաջին կարգի թելլալն եմ։ Շատ նշանավոր գործեր իմ ձեռքով են անց կացել, և շատերը ևս անցնելու են... Ես իմ հոգու համար, միշտ աշխատել եմ՝ Հայաստանից եկած անփորձ պատանիների համար գործ գտնել և նրանց տեղավորել արդյունավոր տեղերում։ Մի շատ լավ տեղ ևս քեզ համար ի նկատի ունեմ։ Երդվում եմ բոլոր սրբերի անունով, որ մի կամ երկու ամիս չի անցնի, դու այնքան կը բարձրանաս, որ այդ տղան, որ մի քանի րոպե առաջ վիրավորեց քեզ, համարձակություն չի ունենա քո մոտ բերանը բաց անելու։

Ի՞նչ տեղ, հարցրեց Օհանը, գլուխը վեր բարձրացնելով։

Մի ամենափառավոր տեղ, մի ամենահարուստ փաշայի տանը...

Եթե աշխարհի բոլոր հարստությունն ինձ տալու լինեն, դարձյալ ես թուրքի տան սպասավոր չեմ դառնա, նրա խոսքը կտրեց Օհանը։

Թելլալը՝ յուր բոլոր համոզական քարոզներից հետո չէր սպասում մի այսպիսի պատասխան մշեցի «չոփչիի» կողմից, որին բոլորովին միամիտ էր կարծում։ Բայց նա չգիտեր, որ այդ անփորձ մշեցին, յուր բոլոր պարզությամբ հանդերձ, ուներ մի մաքուր և արթուն զգացմունք, որ խորշիլ գիտեր այն ամեն բանից, ինչ որ անվայել է, ինչ որ արատավորել կարող էր նրա ինքնասիրությանը։

Օհանն այս անգամ յուր ձեռքով ածեց յուր բաժակը և խմելուց հետո հարցրեց.

Ես չեմ հասկանում, այստեղ ի՞նչ մի գաղտնիք կա, որ թուրք փաշաները հայ սպասավոր ունենալու համար լավ ամսականներ են տալիս։

Միայն հայերի հավատարմության համար, ուրիշ ոչ մի գաղտնիք չկա, պատասխանեց թելլալը, պատվիրելով, որ մի նոր շիշ ևս բերեն, որովհետև առաջինն արդեն սպառվել էր։ Ա՛յ, ասեմ քեզ. դու գիտես, որ փաշաները կանանոց ունեն, այնտեղ ամեն մարդու ներս չեն թողնում, բայց հայերի վրա մեծ վստահություն ունեն, փորձով համոզվել են, որ հայերն իրանց տերերին անհավատարմություն չեն անի։ Այդ է պատճառը, որ այս քաղաքի բոլոր «էյվազները» հայեր են, մանավանդ վանեցի հայեր։

Լա՛վ. այդ լիրբը, նա ձեռքը տարավ դեպի իրան վշտացնող պատանին, որ այնտեղ մի խումբ սրիկաներով շրջապատված քեֆ է անում, ինչո՞վ է լավ թուրքից։ Չէ՞ որ նա էլ էյվազ է և վանեցի...

Ես քեզ ասեցի, որ նա այնքան էլ վատ տղա չէ, որպես դա կարծում ես։

Ծառան դրեց սեղանի վրա երկրորդ շիշը. բայց Օհանը վեր կացավ և պատրաստվում էր դուրս գալ։ Նա արդեն զգում էր, որ այդ մռայլ, ամեն ստահակներով լի նկուղը յուր տեղը չէ։

Նստի՛ր, այդ շիշն էլ խմենք, հետո կգնանք, թախանձում էր թեյլալը։

Չեմ կարող, գլուխս պտտվում է...

Նստի՛ր, մի քանի րոպե ևս... հիմա կսկսեն ածել, երգել...

Ասում եմ, որ գլուխս պտտվում է...

Օհանը դողդոջուն քայլերով դիմեց նկուղի դուռը։ Առաջին անգամն էր, որ նրա ամուր ոտներն իրան չէին խոնարհվում...

Թելլալը նույնպես դուրս եկավ նրա հետևից։

"Ղարիբ մշեցին" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Աշնան արև
Տիգրան Մանսուրյան

Աշնան արև

Մշեցիների հարսանիք
Մշեցիների հարսանիք
Խաղա առցանց