Րաֆֆի

Ղարիբ մշեցին

Գ, Դ

Գ

Օհանը գնում էր այժմ ավելի արագ քայլերով և մի առանձին հպարտությամբ աչք էր ածում յուր շուրջը։ Նրան այնպես էր թվում, որ աղմկալի Ղալաթիայի բոլոր անցուդարձ անողները յուր վրա են նայում և զարմանում են, թե որքան մեծ կթոց ունի Օհանը և ո՛րպեսզի ծանր բեռն է տանում։

Յուր արհեստի մեջ Օհանն ուներ յուր փոքրիկ փառասիրությունը, թեև այդ ասպարեզում կանգնած էր դեռ շատ ստոր աստիճանի վրա։

Իրանից բարձր տեսնում էր նա համալներին, որոնք մի քանի հարյուր հոխանոց հակերը, մի թեթև տաշեղի նման, թռցնում, տանում էին։ Տեսնում էր ջրկիրներին, հրդեհաշեջներին, որոնք կրակի մեջ էին մտնում և հրաշքներ էին գործում։ Բայց ի՞նքը... ի՞նչ էր ինքը։ Դեռ «չոփչի» էր, դեռ շատ պիտի գործեր, մինչև համալ դառնար։ Եվ այդ էր, որ նրա մանկական սիրտը լցնում էր անսահման նախանձով, վառվում էր նրա բոլոր եռանդն անզուսպ բաղձանքներով, թե արդյոք ե՞րբ կլիներ, որ հասներ այդ բարձր փառքին։ Բայց մանկությունը սահման չունի. նա հույսի անխոնջ թևերի վրա դիմում է առաջ և դեպի առաջ...

Օհանի հորիզոնի վրա, բացի համալից քաջ և զորեղ համայից մի այլ իդեալ չկար։ Ձգտում էր նրան հասնել

Կյանքից Օհանի պահանջմունքները շատ չափավոր, շատ համեստ էին, այն պատճառով միայն, որ մի այլ գործունեության մասին գաղափար չուներ։ Նա յուր կթոցով բոլորովին բախտավոր էր համարում իրան, և այդ էր պատճառը, որ նրա ծանրությունը չէր զգում, և նրա ստորացնող և մարդկային՝ ավելի վայելուչ ձգտումները մեռցնող նշանակությունը չէր հասկանում։

Ապականության և աղբի ներքո մեջքը ծռել, այդ մի տաժանական աշխատանք է, որ վիճակվում է հայոց զավակներին պանդխտության մեջ։

Օհանի մեջ կար եռանդ, կային ձգտումներ, կային և հարուստ ընդունակություններ։ Ոչ միայն «փարա» վաստակելու փափագը, այլ մի ներքին բնազդում մղում էր նրան մի մթին, անորոշ նպատակի հետևից, որի ինչ լինելը ինքն էլ չգիտեր։ Ո՞վ գիտե, եթե ճակատագիրը նետեր նրան մի այլ ասպարեզի վրա, գուցե նա ավելի հաջողություն կունենար, քան թե այժմ յուր կթոցի ներքո։

Այժմ, գնալով Ղալաթիայի երկար փողոցի միջովը, Օհանն ուրիշ բանի վրա չէր մտածում, նրա գլխում պտտվում էին տիկնոջ խոստացած երկու ղուրուշը միայն։ «Երկու ղուրու՜շ, երևակայում էր նա, քիչ փող չէ․․․ Բայց ի՞նչ պետք է լինի այդ բարեսիրտ կնոջ ինձ հանձնելիք բանը... ի՞նչու պետք է գիշերով գցել ծովը... Ինչ էլ որ լինի, իմ այս շալակից ծանր չի լինի... ճշմարիտ է, նա մի քանի փարա ավել տվեց, բայց քսան փարայից ավելի բեռնեց»։

Փողոցի անցուդարձը, խուռն բազմության ընդհարումները սաստիկ էին։ Բայց Օհանը բախտավոր էր, որ նրա կթոցին ոչ ոք չէր համարձակվում դիպչել, իրան չկեղտոտելու համար։

Նա հասավ ծովի ափը, երբ օրից բավական անցել էր։

Այդ այն ամայի, անբնակ ափերից մեկն էր, որ ծառայում էր քաղաքի անմաքրությունների համար։ Ծույլ չոփչիները, ձանձրանալով բերած աղբը ծովը նետել, այնպես թափել էին եզրի մոտ ու ետ դարձել։ Այսպիսով կազմվել էին ամեն տեսակ ապականությունների այն մեծ բլրակները, որոնց գարշահոտությունը մարդ էր խեղդում։ Բայց Օհանը ծույլ չէր. նա բարձրացավ կույտերից մեկի վրա և յուր կթոցի մթերքը խիստ վարպետությամբ նետեց ծովի մեջ։ Ալիքները խլեցին նրան և մի քանի վայրկյանից հետո կրկին ժայթքեցին դեպի դուրս։

Գեղեցիկ Բոսֆորի այդ ափը ներկայացնում էր զանազան հակապատկերների մի տխուր խառնակություն։ Այստեղ, մերձակայքում, նշմարվում էին ձկնորսների մի քանի խղճուկ տաղավարների, իսկ այնտեղ, մի քանի քայլ հեռավորության վրա, բարձրանում էր այս կամ այն փաշայի ծովեզրյա ապարանքը։ Այստեղ, աղբանոցի ընդարձակ տարածության վրա, ամբողջ օրը թավալվում էր քաղաքի ազատ շների ուրախ, անհոգ բազմությունը։ Փորփրում էին կույտերը և երբ մի կաշու կամ ոսկորի կտոր էին գտնում, սկսում էին միմյանց բերնից խլել, կռիվ սարքել, միմյանց կծոտել և շուտով՝ կրկին հաշտվել։ Իսկ այնտեղ, իր «քյոշքի» բարձրության մեջ, ուժից ընկած ծերունի փաշան, թիկն տված թավշյա բարձերին, բորբոքում էր յուր սառած ուղեղը թամբաքվի ծխով և գրգռում էր թուլացած ջղերը յուր մանկահասակ «խաթունների» ամենաքնքուշ փայփայանքներով...

Աղբանոցի շները նայում էին չոփչիների վրա, որպես իրանց պարենը հայթայթող ստրուկների վրա։ Եվ ամեն անգամ, երբ մի թարմ կթոց էր բերվում, նրանք ագիները շարժելով և մի առանձին հաճոյամոլությամբ, կտրում էին չոփչիի առաջը։ Բայց միշտ անհաշտ էին Օհանի հետ, որովհետև նա յուր կթոցի մթերքը սովորաբար ծովն էր նետում։

Երկրի ընդհանուր սովորությունն ազդել էր և այդ անգործք ձրիակեր անասունների վրա։ Ստամբոլի քաղաքադռներից մտնելիս, անկարելի է, որ յուրաքանչյուրի կթոցը չշոշափեն, եթե հոտ առնեն, որ նրա միջում ուտելու բան կա։

Թեև Օհանին վիճակված էր չոփչի լինել քաղաքի մի այնպիսի թաղում, որտեղից ծովի ափը շատ հեռու չէր, այսուամենայնիվ նա հոգնել էր, որովհետև սկսյալ առավոտից, այդ տասներորդ կթոցն էր, որ ծովն էր նետում։ Մտածեց փոքր-ինչ հանգստանալ։ Կթոցը ցած դրեց, նստեց ավազի վրա, թիկն տվեց կթոցին։ Նա զգում էր և քաղց։ Գրպանները խառնեց, գտավ մի կտոր չոր հաց, սկսեց կրծել։

Միջօրեի տոթային ժամն էր։ Քամի չկար։ Օդը լցված էր ջերմ գոլորշիներով, կարծես թե բաղանիքի օդ էր շնչում մարդ։ Շրջակայքում տիրում էր խորին, գերեզմանական անդորրություն։ Խաղաղ էր և ծովը, որ այդ ժամուն մի առանձին ծուլությամբ պարուրվում էր յուր միջօրեական հանգստության մեջ։ Այնպես էր թվում, որ նա էլ հոգնած էր։ Ձանձրացած ալիքները դանդաղ կերպով զարկվում էին Օհանի ոտներից ոչ այնքան հեռու, ավազի վրա, և նրանց վհատած աղմուկը դողացնում էր օդի մեռելային լռությունը։ Ամեն ինչ տրամադրում էր դեպի թախծություն, դեպի հոգեկան ծանր թմրություն։

Կազդուրելով յուր քաղցը, Օհանը մտածեց վերադառնալ։ Բայց իսկույն մտաբերեց տիկնոջ պատվերը։ Նա ժամանակ էր նշանակել երեկոյան, երբ արևը կմտնե և մութը կպատե։ Մինչև երեկո դեռ բավական ժամանակ կար։ Բայց ինչու՞ իզուր վատնել այդ ժամանակը։ Կարելի էր վերադառնալ, գուցե աստված կհաջողեր, մի տեղից ևս նրա կթոցը կլցնեին և մի քանի փարա կստանար։ Այսպես էր մտածում Օհանը, բայց օրվա ճնշող թմրությունը, կարծես, նրա վրա ևս ազդել էր և տեղից շարժվել չէր կարողանում։ «Թո՛ղ տոթը անցնի, մի փոքր զովանա, հետո կգնամ», վճռեց նա։

Սկսեց անխորհուրդ կերպով նայել դեպի Բոսֆորի գեղեցիկ մակերևույթը և դեպի հեռավոր տեսարանները։ Գործունեությունը դեռ ոչ բոլորովին դադարած էր։ Անխոնջ մակույկները վազվզում էին դեպի զանազան կողմեր, տանելով մեկ թաղից դեպի մյուս թաղը անցուդարձ անողների բազմությունը։ Երբեմն սուլելով անցնում էր շոգենավը, թողնելով յուր հետևից օդի մեջ յուր ծխային սև, երկար ժապավենը։ Տեղ-տեղ, փոքրիկ լաստերի վրա, ձկնորսները սարքում էին իրանց ուռկանը։ Երբեմն զվարճասերների մի ուրախ խումբ, գույնզգույն դրոշակներով զարդարած «ղայըղի» վրա, լողում էին դեպի հեռավոր կղզին։ Մեկը երգում էր, մյուսն ածում էր «թամբուրայի» վրա, մի քանիսը պար էին գալիս։ Այդ բոլոր զվարճալի պատկերները, անրջային երազների նման գալիս և անցնում էին Օհանի աչքերի առջևից։

Համանման շարժառիթները զարթեցնում են համանման զգացմունքներ։ Տեսնելով ուրիշների ուրախությունը, Օհանի սրտում շարժվեցան թաքնված վշտերը։ Նա էլ ունեցել էր յուր ուրախ օրերը, բախտը նրան էլ մի ժամանակ ցույց էր տվել յուր խաբուսիկ ժպիտը։ Բոսֆորի գեղեցիկ տեսարանները նրա հիշողության մեջ պատկերացրին Եփրատի (Մուրատ գետը) գեղեցիկ ափերը և Մուշի դաշտը յուր լայնածավալ կանաչազարդությամբ։ Նա մտաբերեց այն երջանիկ օրերը, երբ ինքը դեռ մանուկ հերկավար էր, արածացնում էր յուր հոր գութանի գոմեշները այդ գետի ափերի մոտ։ Կեսօրվա հանգստի ժամանակ նա գոմեշները քշում էր գետի մեջ, լվանում էր սառը ջրով և պառկեցնում էր ալիքների մեջ։ Ջրասեր անասունները թավալվում էին իրանց զով անկողնում և հանդարտ կերպով որոճում էին։ Իսկ ինքը, նստած գետեզերքի թփերի ներքո, զլում էր յուր սրինգը։ Նա այդ ժամուն մի առանձին ոգևորությամբ էր ածում, որովհետև գիտեր, որ մի սիրելի ականջ լսում էր նրան։ Ահա շինական աղջիկների նախշուն խումբը մոտեցավ գետեզերքին։ Նրանք առավոտից սկսյալ ափերի մոտ սունկ և այլ բանջարներ էին քաղում։ Լսելով Օհանի սրնգի ձայնը, նրանք ևս եղանակեցին իրանց ուրախ պարերգը։ Մեկի ձայնն ավելի քաղցր և ավելի ախորժ է հնչում։ Օհանն ավելի ոգևորվում է։ Նա դուրս է գալիս թփերի միջից և մի աղջիկ յուր քաղած ծաղիկները բաժանում է նրա հետ։

Այդ անցած, մոռացված հիշողությունները դուրս կոչեցին Օհանի սրտից երկու «ախ», երկու բառերի հետ։

«Ա՜խ վաթան (հայրենիք), ա՜խ Գոհար»... բացականչեց նա և արտասուքը խեղդեց նրա ձայնը։ Երկար մի քարացած դրության մեջ նստած էր նա, մինչև հոգնածությունն առեց յուր պահանջը, գլուխը ակամա կերպով թեքվեցավ կթոցի վրա, աչքերը փակվեցան և քունը տարավ։

Բավական ժամանակ քնած էր նա, մինչև արևն սկսեց խոնարհվել դեպի յուր երեկոյան մուտքը։ Նրա քունը խորին էր և անդորր։ Միայն երբեմն սեղմված շրթունքների միջից դուրս էին հնչում նույն երկու բառերը երկու «ախերի» հետ։

Եղանակն սկսեց փոխվել։ Երեկոյան՝ զով քամին հետզհետե սաստկանում էր և ծովի ալիքներն ավելի խոշոր կոհակներով զարկվում էին ափերին այնքան մոտ, որ փոքր էր մնում, որ խլեն, տանեն Օհանին դեպի խորին հատակը։ Արդեն աղբանոցի ընդարձակ տարածության վրա պտտվում էր քամին և ավազախառն փոշին՝ թանձր վերմակի նման սրսռում էր Օհանի մրա։ Մակույկներն սկսեցին շտապել դեպի ափերը։ Ամեն ինչ գուշակում էր սաստիկ մրրիկ։ Բոսֆորը, մի ահագին կաթսայի նման, եփ էր գալիս, տակնուվրա էր լինում։ Կատաղի ալիքները մռնչում էին և շրշակայքը դղրդեցնում խլացուցիչ ձայնով։ Բայց այդ ձայներն անզոր էին խանգարելու վաստակաբեկ մշակի խորին քունը...

Այդ միջոցին քաղաքի «պալիեկարիաներից» մեկը երգելով անցնում էր ծովեզերքից։ Դա մի հույն սրիկա էր, այն դատարկաշրջիկներից մեկը, որոնք ցերեկով թաքնվում են այսպիսի խուլ տեղերում, իսկ գիշերը, դանակը ձեռքում, հարձակվում են մենավոր անցորդի վրա։ Սրիկայի սրատես աչքերից չվրիպեցավ քնած Օհանը։ Նա իսկույն կշռեց յուր որսը և ուշիկ քայլերով մոտեցավ նրան։ Մի քանի րոպե կանգնած, ուշադրությամբ նայում էր քնողի վրա։ Հետո աչք ածեց յուր շուրջը և նստեց Օհանի մոտ։ Զգուշությամբ ձեռքը տարավ նրա գրպանները, դուրս բերեց մի կոթը կոտրած դանակ և մի կտոր չոր հաց։ Վերջինը Օհանի ընթրիքն էր: Երկուսն էլ սրիկայի համար անպետք բաներ էին, նետեց դեպի մի կողմ։ Հետո սկսեց որոնել նրա ծոցերը։ Հոգնած Օհանի քունը այն աստիճան ծանր էր, որ ամենևին չէր զգում, թե ինչ է կատարվում յուր հետ։ Ծոցերից ոչինչ չդուրս եկավ, բացի մի քանի փալասի կտորտանքից, որ Օհանն այնօր հավաքել էր փողոցներից, հարկավորած ժամանակ յուր մաշված հագուստի կարկատելու համար։ Սրիկան այդ ցնցոտիները զզվանքով ձգեց դեպի ծովը։ Նրա աչքն ընկավ մի թելի վրա, որ շապկի տակից անց էր կացրած մերկ պարանոցով և երևում էր կիսաբաց օձիքից։ Թելի ծայրերը կորչում էին գոտիից ներքև։ «Գտա՛», ասաց յուր մտքում սրիկան և աչքերը վառվեցանն վայրենի ուրախությամբ։ Նա անզգալի կերպսվ բաց արեց մաշկեղեն գոտին և սկսեց կամաց-կամաց դուրս քարշել թելը։ Նրա ծայրին կապած էր մի կտավյա քսակ. այդ էր սրիկայի փնտրածը։ Նա յուր դանակով կտրեց քսակը, վեր կացավ և անխռով կերպով սկսեց հեռանալ։

Արևն արդեն մայր էր մտել, և ամայի ծովեզերքը հետզհետե ընկղմվում էր երեկոյան մթության մեջ։ Քամին դեռ չէր հանդարտվել, աղբանոցի մթերքները վեր էր բարձրացնում և թանձր սյունակներով գալարում էր օդի մեջ։ Բոսֆորը ծփում էր խուլ, որոտալից մռնչյունով։ Օհանը տակավին քնած էր։ Հոգնած անդամներից քունը շուտ չէ հեռանում։

Այդ միջոցին մի համեցած չոփչի կթոցն ուսին մոտենում էր աղբանոցին։ Նա դիմեց ուղիղ այն կողմը, որտեղ պառկած էր Օհանը։ Մթության մեջ չնկատելով յուր արհեստակցին, վերևից կթոցը շուռ տվեց նրա վրա։ Որպես մի կայծակնահար, շփոթված կերպով վեր թռավ Օհանը։ Նա դեռ չէր թոթափել յուր մարմնից ապականությունը, նա դեռ չգիտեր յուր հետ պատահածը, այդ խռովության մեջ մտաբերեց երկու բան միայն՝ տիկնոջ խոստացած երկու ղուրուշը և յուր քսակը։ Նա ձեռքը տարավ ծոցը, տեսավ, որ վերջինը յուր տեղումը չէր։ «Վա՜յ, քսակս»... գոչեց նա և երկաթյա մատներով պինդ բռնեց մյուս չոփչիի օձիքից։

Քսա՛կս, ավազակ, եթե ոչ, ծովը կնետեմ քեզ, կատաղությամբ սպառնաց նրան։

Երկյուղը և հանկարծակի հարձակմունքը բոլորովին սարսափեցրին խեղճ մշակին, որ յուր անզգուշությամբ մի այդպիսի փորձանքի մեջ ընկավ։ Նրա լեզուն կապվեցավ, ոչինչ պատասխան չկարողացավ։ Մյուս կողմից, նրան տիրեց սնահավատությունը, մտածելով թե յուր օձիքից բռնող սատանան պետք է անպատճառ չար ոգիներից մեկը լինի, որ այդպիսի ամայի տեղերում են բնակվում։ «Հիսուս... Քրիստոս... սուրբ խաչ... սուրբ Ավետարան...» մրթմրթաց նա և, երեսը խաչակնքելով, օձիքը թափ տվեց և յուր թերմաշ հագուստի մի մասը թողնելով Օհանի ձեռքում, ինքը փախավ, անհայտացավ երեկոյան խավարի մեջ։

Օհանը մնաց բոլորովին շվարած, վերին աստիճան կատաղության մեջ։ Նա հարյուր անգամ ձեռքը տարավ դեպի ծոցը, բայց քսակն այնտեղ չէր։ Նրա հուսահատությունը չափ չուներ. նա կորցրել էր յուր ամբողջ գանձը, յուր ամբողջ հարստությունը։ Հարյուր ղուրուշի չափ փարա կար այն քսակի մեջ։ Այդ յուր մի տարվա վաստակն էր, որի համար այնքան քրտինք էր թափել, այնքան տանջվել էր։ Բոլորը միանգամից կորավ։ Ի՞նչ աներ խեղճը։ Գժվածի նման սկսեց այս կողմ և այն կողմ ընկնել, որոնել գողին։ Այդ միջոցին նրա ոտքը դիպավ փախստական չոփչիի կթոցին, որ ժամանակ չունեցավ յուր հետ տանելու։ Յուր բոլոր բարկությունը թափեց այդ անմեղ առարկայի վրա։ Ձգեց նրան յուր ոտների տակ և ջարդուփշուր արավ։

Նա փոքր-ինչ հանգստացավ։ Օհանի նման մարդիկ շատ անգամ ամեն ահասարակ առիթներ են գտնում իրանց մխիթարելու։ Նա յուր վրեժն առավ յուր գողի կթոցից։ Այդ կթոցից եզրակացրեց, որ յուր գողը պետք է չոփչի լիներ։ Իսկ չոփչիին յուր կթոցից զրկելը՝ մեծ հարված էր նրա համար։ Բացի դրանից, նրա ձախ աչքի վերնակոպը քանի օր էր, որ խաղում էր։ Օհանը միշտ սպասում է մի ձախողակի դեպք և ահա կատարվեցավ։

Օհանը հաշտվեցավ նախախնամության տնօրենության հետ։

Նա կրկին հիշեց տիկնոջ խոստմունքը։

«Այդ երկու ղուրուշը գոնե չկորցնեմ»․․․ մտածեց նա և շտապով հեռացավ ծովեզերքից։

Դ

Տիկինը կարծես դռան հետևում սպասում էր Օհանին. հենց մրճի առաջին զարկին՝ նա պատասխանեց․

Եկա՞ր, զավակս...

Դուռը բացվեցավ, Օհանը ներս մտավ։

Տիկինը պատվիրեց նրան՝ բակում սպասել, մինչև ինքը կըբերեր հանձնելիք առարկան։ Նա վազեց, մտավ մի սենյակ, որի պատուհաններից ամենևին լույս չէր երևում։ Առհասարակ ամբողջ տան մեջ ճրագի նշույլ անգամ չկար, չնայելով որ արդեն գիշեր էր։ Խավարի մեջ անհամբերությամբ սպասում էր Օհանը։ Մի քանի րոպեից հետո վերադարձավ տիկինը, ձեռքում բերելով մի կապոց, որ շատ նման էր նորածին մանուկի խանձարուրին։ Օհանն այժմ միայն մտածեց հարցնել, թե այդ ինչ է։

Ի՞նչ ասեմ, որդի... պատասխանեց տիկինը ողորմելի ձայնով. այդ պատիժն է... դրան Աստված ինձ մի պատիժ է տվել... Առաջ հոգուս պես կսիրեի... վերջը չարաճճին այնպիսի մի գող դուրս եկավ, որ Աստված ազատե... Որտեղ ինչ բան թաքցնում եմ, այլևս տերը չեմ, բոլորը գողանում է և ուտում, թե միս լինի, թե պանիր և թե յուղ...։ Մի քանի անգամ տվեցի չոփչիներին, տարան հեռու տեղեր ձգեցին... մյուս օրը տեսանք չար սատանայի նման դարձյալ հայտնվեցավ... Ճարս կտրվեցավ, մտածեցի՝ ծովը նետել տամ, գուցե ազատվեմ դրանից...

Տիկնոջ նկարագրությունից Օհանը հասկացավ, որ նրա գանգատը տան կատվի մասին էր։ Մի առանձին հերոսական զգացմունքով վճռեց նա՝ խեղճ կնոջն ազատել այդ գազանի հափշտակություններից, մինչև անգամ եթե նա յուր խոստացած երկու ղուրուշը վճարելու ևս չլիներ։

Ինչո՞ւ առավոտը չտվեցիք, որ տանեի, ինչո՞ւ գիշերվա մութին թողեցիք, հարցրեց Օհանը։

Դու չես իմանում, որդի, թե դա ինչ սատանա է... պատասխանեց տիկինը վշտացած ձայնով։ Հարյուր անգամ փորձել եմ և տանել եմ տվել, բայց տանելու ժամանակ ճանապարհները սովորել է և ետ է եկել... հիմա տեսնում ես, չնայելով որ գիշեր է, բայց աչքերը կապել եմ, որ ոչինչ չտեսնե... Կատվի աչքերը խավարի մեջ էլ են տեսնում...

Նա հանձնեց Օհանին խորհրդավոր ավանդը, ավելացնելով.

Ես քեզ խոստացել էի երկու ղուրուշ, ա՛ռ քեզ հինգ ղուրուշ, միայն ի սեր աստուծո, ուղիղ ծովը կնետես և ոչ մի այլ տեղ...

Օհանը չգիտեր ինչպես հայտներ յուր շնորհակալությունը։ Նա մի առանձին պարծենկոտությամբ պատասխանեց.

Ես դրան մի այնպիսի տեղ կկորցնեմ, որ մյուս անգամ երեսը չես տեսնի, տիկին։

Ուղիղ ծովը և ո՛չ մի այլ տեղ... կրկնեց տիկինը։

Ինչպես հրամայեցիք, այնպես կկատարեմ, խոստացավ Օհանը։

Աստված զորացնե քեզ, օրհնեց տիկինը։

Օհանը հեռացավ, նրա հետևից դուռը փակվեցավ։

Ոչ այնքան տիկնոջ օրհնությունը, որքան նրա ընծայած հինգ ղուրուշը Օհանի ոտներին մի առանձին զորություն բաշխեցին: Նա վազում էր դեպի ծովեզրը՝ բավական արագ քայլերով։ Տիկինն այն աստիճան սարսափելի գույներով նկարագրել էր յուր կատվին, որ միամիտ պատանին մինչև անգամ զգուշացավ ճանապարհին շոշափել նրան, մի՛գուցե աչքերը բացվեին, փողոցները սովորեր և մյուս օրը հայտնվելով տիկնոջ տանը, ինքն ամաչեր և սևերես մնար նրա մոտ։

Օհանը հավատարիմ էր յուր խոստմանը։ Քառորդ ժամից հետո հասավ ծովեզերը: Քամին փոքր-ինչ հանդարտվել էր և Բոսֆորն այլևս առաջվա նման չէր ալեկոծվում: Հետ ընկած լուսինը մի առանձին թախծությամբ լուսավորում էր ամայի ափերը, որ տակավին ընկղմված էին գիշերային մռայլի մեջ։ Իսկ անհագ ձկնկուլը յուր սուր ձայնով երբեմն խռովում էր տիրող լռությունը։

Օհանը որքա՛ն և պարզամիտ էր, որքա՛ն և անփորձ էր, բայց դարձյալ մտածելու ընդունակությունից բոլորովին զուրկ չէր։ Նա մտածեց կատվի բերանը բաց անել, որպեսզի ջուրը հեշտությամբ ներս վազե և շուտով խեղդե, իսկ ոտները և մարմնի մյուս մասերը թողնել այնպես, որպես կապել, փաթաթել էր տիկինը, որ կատուն լողալ և ջրից դուրս գալ չկարողանա։

Վերջին գործողությունը կատարելուց հետո, նա փաթոթը ձգեց ծովի մեջ։ Սառը ջրի ազդեցությունը ներգործեց նրա վրա և լսելի եղավ մի սաստիկ ճիչ։ Օհանը ամբողջ մարմնով սոսկաց։ Ճիչը կատվի մլավյունի նմանություն չուներ. նա ավելի նման էր նորածին մանուկի լալու ձայնին։ Սարսափած պատանին իսկույն նետվեցավ ջրի մեջ։ Փաթոթը, մանուկ Մովսեսի զամբյուղի նման, լողում էր ջրի երեսին։ Ալիքները մերթ մոտեցնում էին նրան եզերքին և մերթ տանում էին իրանց հետ։ Օհանը մի հմուտ լողորդ էր, Եփրատի ծոցում սովորել էր նա վարվել ջրի հետ որպես մի ձուկն։ Մի ակնթարթում մոտեցավ կապոցին, ձեռքը մեկնեց, և փոքր էր մնում, որ ալիքների մի նոր հորձանք տաներ նրան ջրի տակը, բայց նա իսկույն բռնեց և մի քանի վայրկյանից հետո, կապոցը ձեռին, սկսեց լողալ դեպի ցամաք։ Դուրս գալով ափի վրա, նա իսկույն արձակեց թրջված շորերը, բայց որքան մեծ եղավ նրա զարհուրանքը, երբ փաթոթի մեջ գտավ մի նորածին աղա։

Օհանի խիղճն արթուն էր. նա իսկույն զգաց, որ ինքը մի մեծ եղեռնագործության գործիք դարձավ։ «Իմ հոգին կորա՜վ...» աղաղակեց նա, ես դժոխքի բաժին դարձա...»։

Թե վիշտը, թե ուրախությունը Օհանի նման մարդկանց մեջ արտահայտվում են կատաղի ցույցերով։ Երկար նա յուր մազերը փետտելով, յուր երեսը ծվատելով և յուր գլխին տալով, թավալվում էր ծովեզերյա ավազի մեջ։ Երկար նա, մանուկը յուր կրծքին սեղմած, լաց էր լինում, աստծուն էր աղաչում, որ նրան շունչ և հոգի տա։ Նա զանց չառավ գործ դնել և այն հնարները, որ գիտեր ջրախեղդների մասին։ Այդպիսի դեպքեր նրան և յուր ընկերներին շատ էին պատահել, երբ լողանում էին Եփրատի մեջ։

Յուր խռովության մեջ Օհանն ամենևին չնկատեց, որ տղայի մարմինը բավական տաք էր։ Սրտի կամ երակների զարկի մասին նա ամենևին գաղափար չուներ։ Նրան պետք էին խոշոր ապացույցներ, որ հասկանար, թե մանուկի կյանքը դեռ պահպանվել էր։

Բայց նա նկատեց մի բան. տղայի խանձարուրը բավական մեծ էր. թրջվել էին երեսի շորերը միայն, իսկ տակի շորերը դեռ մնացել էին ցամաք։ Կնշանակե ջուրը ներս չէր անցել։ Նա նկատեց և մի ուրիշ բան. խանձարուրի երեսի շորերը բաղկացած էին ցնցոտիներից, իսկ տակի շորերն ավելի մաքուր և ավելի թանկագին գործվածներից։ Եվ երեխան մի առանձին խնամքով դրված էր այդ շորերի մեջ. այդպես կարող էր փաթաթել մոր հոգատար ձեռքը միայն։

Օհանն ավելի խորին քննությունների մեջ չմտավ։ Բայց նրա ուրախությունը սահման չուներ, երբ տեսավ, որ տղան նախ շարժեց յուր գողտրիկ ոտները, հետո բավական զորեղ կերպով փռթկաց։ Նա գրկեց մանուկին և սկսեց խենթի նման պար գալ, վազվզել և ուրախությունից թռչկոտել։ Այդ ցնցումներն ավելի արթնացրին ուշաթափ մանուկին, և նա սկսեց լաց լինել։ Այժմ Օհանը խիղճը հանգստացավ։

Նա կրկին փաթաթեց մանուկը յուր խանձարուրի մեջ, և պատրաստվում էր թողնել ծովի ափը, երբ այդ միջոցին նրա աչքին ընկավ յուր կթոցը, որ դրած էր այնտեղ. վեր առավ և բոլոր ուժովը նետեց ծովի մեջ, ասելով. «թո՛ղ անիծյալ լինի այդ չոփչությունը, ես կթքեմ նրա վրա, այսուհետև այդ հացն ինձ հառամ է...»: Հետո նա ձգեց ծովի մեջ և մի ուրիշ բան, ասելով. «Հուդայի արծաթն է, թող կորչի՜ յուր հետ...»: Վերջինը տիկնոջ տված հինգ ղուրուշն էր։

"Ղարիբ մշեցին" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Նոր երկինք Լուսնի համար
Էլեն Յոլչյան

Նոր երկինք Լուսնի համար

Մշեցիների հարսանիք
Մշեցիների հարսանիք
Խաղա առցանց