Րաֆֆի
Ջալալեդդին
Ը
Աղբակա ամբողջ գավառում ոչ մի հայ չէր մնացել, 24 գյուղեր բոլորովին ավերակ և դատարկ էին. բնակիչներին մասամբ կոտորել էին և մասամբ գերի էին տարել քրդերը, իսկ մնացածները փախել էին Պարսից սահմանակից Սալմաստ և Սոմայի գավառները, ապաստանելով տեղային հայերի մոտ։ Արշավանքը այն աստիճան անակնկալ և հանկարծակի էր եղել, որ փախստականներն հազիվ կարողացել էին ազատել իրանց թշվառ գլուխը, իսկ տուն, տեղ, կայք և անասուն, բոլորը թողել էին թշնամուն։
Ջալալեդդինի արշավանքը նման էր մի սարսափելի հեղեղի, որ միանգամով չէր վերջանում, որ գալիս է, հետո ընդհատվում է, և կրկին կատաղի հեղեղը սաստկանում է նոր և նոր հորձանքներով։ Նա սկզբում իր հետ ուներ հինգ հազար ձիավոր միայն, որոնցմով դուրս եկավ Աղբակից, դիմում էր դեպի Բայազեդ, որ կողմով և անց էր կենում, թողնում էր իր ետևից ավերակներ և ամայություն։ Եվ այնուհետև, նրա արշավանքի ձայնը լսելով հեռավոր տեղերի քրդերը, խումբերով դուրս էին գալիս, և դիմում էին դեպի իրանց առաջնորդի բանակը։ Այս վերջինները լրացնում էին, ինչ որ պակաս էր թողել Ջալալեդդինր։ Հեղեղի հորձանքր այսպիսով կրկնվում էր, և միևնույն երկիրը մի քանի անգամ ենթարկվում էր ասպատակությունների։
Ջալալեդդինը, որպես շեյխ և զորավար, միայն էր, որ հանձն առեց քրդերի գլխավորությունը, առաջնորդելու նրանց դեպի պատերազմի դաշտը։ Բայց քրդերին առավելապես գրգռող և նրանց կատաղությունր ոգևորող էր մի ուրիշ շեյխ, որն իր տեղից չէր շարժվել, որն ամբողջ Քուրդիստանի հոգևոր գլուխն էր համարվում, և ներգործում էր իր սրբազան թղթերով քրդերի գարայբեկիների, ղազիների և մուֆթիների վրա։ Դա Շյեյխ Իբադուլլահն էր։ Այդ քրիստոնեության երդվյալ թշնամին թույլ էր տվել ամեն տեսակ անգթություններ, և հրամայել էր ամենևին չխնայել…։
Պատերազմի ժամանակ որպես քրդերի, նույնպես և բոլոր մահմեդական ցեղերի սպառազինության պատճառը լինում է կույր մոլեռանդությունը մի կողմից, և կողոպուտի ու հափշտակության ծարավը, մյուս կողմից։ Նրանց մեջ խաղ են առնում երկու կրքեր՝ հոգևոր և նյութական, առաջինը լցուցանում է նա ոչ–մահմեդականներին մորթելով, իսկ երկրորդին բավականություն է տալիս նրանց կայքը և հարստությունը հափշտակելով։ Եվ այս պատճառով Ջալալեդդինի զորքը խիստ դանդաղ էր ընթանում․ նա մի կողմից պետք է հնձեր, բայց իր հունձքր իր հետ տանել չէր կարող, մյուս կողմից, հարկավոր էր հունձքը տանել, հասցնել իրանց բնակության տեղերը և նորից վերադառնալ ու միանալ բանակի հետ և շարունակել ընթացքը դեպի Բայազեդ։ Այս էր նրա զորախումբի անդադար բաժանման և կրկին միավորության պատճառը։ Ջալալեդդինը իր ճանապարհը մաքրելով էր առաջ ընթանում դեպի Բայազեդ։
Բայց չէր կարելի միանգամայն ուրանալ քրդերի մեջ ազնիվ մարդիկ․ նրանց մեջ կային և այնպիսիներն, որոնք զուրկ չէին բարի զգացմունքներից, որոնք չէին մասնակցում վատ գործի։ Այս տեսակ մարդերից մեկն էր Օմար աղան, իր հոտերով և երամակներով հարուստ քուրդը, որը մի փոքրիկ ցեղի գլխավորն էր։ Նա չմասնակցեց Ջալալեդդինի արշավանքին։ Եվ լսելով անգութ ծերունիի դիտավորությունը, նա հառաջագույն եկավ Բարդուղիմեոս առաքյալի վանքը և հայտնեց վանահայր Եղիազար վարդապետին, թե մի քանի օրից հետո ի՜նչ դառն վիճակ էր սպասում Աղբակա հայերին։ Նա խորհուրդ տվեց վանահորը օգուտ քաղել վանքի անմատչելի ամրություններից, և այդ նվիրական բերդը ընտրել որպես մի պաշտպանողական դիրք, և այնտեղ հավաքելով շրջակա հայոց գյուղորայքի հարստությունները, այնտեղից ընդդիմանալ թշնամուն։ Օմար-աղան խոստացավ ինքն էլ միանալ վանահոր հետ և իր խոստմունքը կատարեց գործով, որովհետև նա էլ երկյուղ ուներ Ջալալեդդինից, և նրա արշավանքին չմասնակցելու համար վախենում էր ենթարկվել շեյխի վրեժխնդրությանը։ Եվ այս պատճառով իր տան հարստությունը նա հավաքեց վանքի մեջ, և իր մարդիկներով պատրաստ էր հարկավորած ժամանակ, միանալով հայերի հետ, ընդդիմանալ թշնամուն։
Եղիազար հայր սուրբը ընդունեց իր վաղեմի բարեկամի՝ Օմար-աղայի խորհուրդը, որի հավատարմության վրա կատարյալ վստահություն ուներ, և Բարդուղիմեոս առաքյալի վանքի շրջակա հայոց գյուղորայքի թե բնակիչներին և թե նրանց կայքը ու անասունները հավաքել տվեց վանքի մեջ։
Բարդուղիմեոս առաքյալի վանքը այն հնադարյան վանքերից մեկն էր, որ իր գոյությունը պահպանում էր Լուսավորչի ժամանակներից։ Ամբողջ տասն և վեց դար, պատերազմելով բնության խստությունների և բարբարոս ձեռքերի դեմ, այդ վանքը կանգնած էր, որպես մի հսկայական հիշատակարան կրոնասեր հայի նախկին ճարտարապետության։ Նա վկա է եղել բազմաթիվ եղեռնական անցքերի․ նա տեսել էր կրակապաշտ պարսիկների, արաբների և մոնղոլների բոլոր անգթությունները։ Նա իր հոյակապ կողքերի վրա կրում էր բազմաթիվ հիշատակարաններ, թե քանի՜-քանի՜ անգամ կործանված է եղել, և կրկին հայկական ջերմեռանդությունը նորոգել է նրան։
Այդ վանքը բավական ամուր դիրք ունի, նա կառուցված է մի բլուրի բարձրավանդակի վրա, որի գագաթը արհեստական բանվածքով ավելի ևս բարձրանալով, նրա վրա դրած է վանքի հիմնարկությունը։ Բլուրի երեք կողմից շրջապատում է ահագին խորությամբ մի ձոր, որի միջով հոսում է Տիգրիսի վերին ճյուղերից մեկը, որ սովորաբար կոչվում է «Վանքի գետ»։ Բլուրի չորրորդ կողմը միանում է մի լեռնային թևքի հետ, որի վրա դրած է մի հայոց գյուղ, որը վանքի սեփականությունը լինելով, կոչվում է «Վանքի գյուղ» և նա հարյուր քայլ հազիվ հեռու կլինի վանքից։
Վանքը պատած է պարիսպներով և աշտարակներով, նա ունի իր մեջ, բացի հոյակապ տաճարից, շատ խուցեր միաբանության համար և շատ ուրիշ ծածկոցներ վանքային տնտեսության մշակների և անասունների համար։ Երբ որ Ջալալեդդինի արշավանքի ձայնը հասավ այս կողմերը, վանքի օթևանները լիքն էին Աղբա֊կա բնակիչներով, իսկ նրանց թանկագին հարստությունները պահված էին տաճարի գաղտնի պահարաններում։ Եվ «Վանքի գյուղում» հավաքել էին նրանց անասունները։
«Վանքի գետը», որ հոսում էր ձորի միջով, իր եզերքում թողնում էր բավական ընդարձակ և հարթ տարածություն, որ պատած էր խոտով, և ներկայացնում էր մի կանաչազարդ հովիտ, որ գարնան սկզբում վառվում էր դեղնագույն ծաղիկներով։ Այս մարգագետինների վրա արածում էին վանքին պատկանող ձիաների երամակները։
Մի առավոտ սարսափելով նկատեցին, որ հիշյալ հովտի վրա, գետի ափերի մոտ, կազմված էին բազմաթիվ վրաններ։ Քրդերի խաշնարածները իրավունք չունեին վանքի մոտ, նրա կալվածների վրա զետեղել իրանց չադրները, ուրեմն դրանք լինելու էին այն ինքնակոչ հյուրերը, որոնց սոսկալի երկյուղով սպասում էին վանականները։ Ամենքը մեծ տագնապի մեջ ընկան։ Ամեն կողմից ոչխարներ, կովեր և երկրագործական անասուններ սկսեցին քշել դեպի գյուղը։ Տագնապը ավելի մեծացավ, երբ մի հովիվ լուր բերեց վանահորը, թե Ջալալեդդինը բազմաթիվ քրդերով իջևանել է վանքի մարգերի վրա։
Վանահայր Եղիազար վարդապետը մի վիթխարի մարդ էր։ Թեև ծերացած, թեև նրա ականջները ծանր էին լսում, բայց անդադար գործ ունենալով քրդերի հետ, որպես ասում են, նա «կես քուրդ» էր դարձել, այսինքն աներկյուղ այրական սիրտ էր ստացել։ Երբ լսեց հովիվի բերած լուրը, նա ամենևին չզգաց այն հուսահատական երկյուղը, որ տիրում է թուլասիրտ մարդերին վտանգի րոպեներում։ Վանահայրը նույն միջոցում նստած էր իր փոքրիկ խուցի մեջ և նրա մոտ գտանվում էր մի քուրդ իշխան բավական համակրական դեմքով։ Վերջինը Օմար-աղան էր։ Երկուսն էլ դուրս գնացին, երբ լսեցին հովիվի խոսքերը։ Նրանք դիմեցին դեպի վանքի արևելյան պարսպի կողմը, որտեղից երևում էր շեյխի բանակը։ Թե՛ վանահայրը և թե՛ քուրդ ազնվականը դիտակները ուղղելով դեպի բանակը, մի քանի րոպե շարունակ նայում էին։
Նա է, ասաց Օմար-աղան վրդովված ձայնով, ծերունի ավազակը բավական բազմություն է հավաքել իր շուրջը։
Ի՞նչ պետք է արած, հարցրուց վանահայրը ոչ սակավ խռովությամբ։
Ուրիշ հնար չկա, պատասխանեց քուրդը, այժմ ավելի սառն կերպով, դուք պատվիրեցեք ժողովրդին հավաքվել վանքի պարիսպների մեջ, դռները փակել տվեք, վանքը բավական ամուր է պաշտպանվելու համար։
Ես էլ այսպես եմ մտածում, պատասխանեց վարդապետը. ես վանքի պահարաններում բավական հրացաններ և վառոդ ունեմ թաքցրած, զգուշության համար վաղուց պահում էի ինձ մոտ․ հիմա հանել կտամ, պետք է բաժանել, որոնք նետելու շնորք ունեն, ես ճանաչում եմ շատերին մերիններից, որ այդ գործին ընդունակ են։
Իմ մարդիկներն էլ շուտով կգան, ասաց քուրդը. ժամանակ կորցնել պետք չէ, ինչ որ անելու եք, մի՛ ուշացնեք։
Վանահայրը հեռացավ հարկավորած պատրաստությունները կարգադրելու։ Բայց Օմար-աղան դեռ կանգնած էր առաջվա տեղում և դիտակը ձեռին նայում էր։ Քրդերի մեջ շատ աղանդներ կան․ այդ մարդը պատկանում էր մի աղանդի, որ հակառակ էր շեյխի դավանությանը։ Աղանդների տարբերությունը նույն ազդեցությունն ունի քրդերի վրա և նույն խտրություններն է ձգում նրանց մեջ, որպես ցեղական տարբերությունները, մանավանդ երբ հարաբերությունները կտրված են լինում թշնամական հանգամանքներով։ Օմար-աղայի ցեղը այսպիսի պատճառներով բաժանված էր այն ցեղերից, որ հավաքվել էին շեյխի շուրջը։
Բայց վանահոր դիտավորությոլնր սաստիկ արգելքների հանդիպեցավ ժողովրդի կողմից, ոչ ոք չցանկացավ համաձայնվել նրա հետ։ «Մեզ ամենիս կկոտորեն, ասում էին նրանք, ո՞ւմ վրա ենք ձեռք բարձրացնում, քրդի մի մազին դիպչել անկարելի է. մեզ կենդանի կայրեն, մեր որդիքը, մեր կանայքը կկոտորեն։ Մենք նրանց չենք ընդդիմանա, թո՛ղ գան, ինչ որ ուզում են, թո՛ղ տանեն, միայն մեզ և մեր որդիներին խնայեն․․․»։
Կգան, ձեր բոլոր ունեցածը կտանեն և ձեզ ու ձեր որդիներին չեն խնայի… ասում էր վարդապետը արտասուքը աչքերում։ Ինձ ականջ դրե՛ք. մեր սուրբ վանքը կպահպանե մեզ. մեր հույսը թող նրա վրա դնենք…։ Մեր մեջ շատ տղամարդեր կան… Օմար-աղան էլ մեզ հետ կլինի…։
Բայց ոչ ոք չէր ուզում լսե նրան։
«Անկարելի բան է, գոռում էր ամբոխը, եթե դու ուզում ես մեզ փրկել, վեր առ քեզ հետ տերտերներին և տանուտերներին, գնա շեյխի մոտ, նրա ոտները համբուրի՛ր, աղաչիր, պաղատիր, ասա՛, ինչ որ ուզում է, կտանք, միայն թե մեզ կենդանի թողնե…»։
Քաջասիրտ վարդապետը շատ խոսեց, երկար հորդորում էր և խրախուսում էր, բայց թուլասիրտ և ստրկացած ամբոխը չընդունեց նրա խորհուրդը։ Վերջը նա ստիպված եղավ առնել իր հետ մի քանի ծերունիներ և քահանաներ ու դիմել շեյխի մոտ։
Այն ժամանակ Օմար-աղան մոտեցավ նրան, և ասաց այս խոսքերը.
Ես գիտեի, որ այսպես կլիներ… բայց դու զուր ես գնում, քեզ կբռնեն, կպահեն և գուցե կսպանեն․․․։
Պիտի գնամ, ճար չունեմ, թող սպանեն․․․ ասաց վշտացած վարդապետը։ Ժողովուրդը ինձ հանգիստ չէ թողնում․․․ Ինձ այսուհետև ավելորդ է այստեղ մնալ․․․ ասաց քուրդ ազնվականը։
Ես էլ խորհուրդ չէի տա մնալու համար, պատասխանեց վանահայրը. գնացեք, տեր ընդ ձեզ. միայն ընդունեցեք կատարել իմ վերջին խնդիրքը․ առեք այդ բանալին, նույն պահարանի մեջ, ուր թաքցրել եմ ձեր կայքը, այնտեղ երկու արկղներում պահված են վանքի սրբությունները․ տարեք ձեզ հետ, թող ավազակների ձեռքը չընկնին։ Դուք միշտ այնքան հավատ եք ունեցել դեպի մեր վանքը, որ ոչ մի քրիստոնյա չէ ունեցել։
Կտանեմ, միամիտ կացեք, պատասխանեց քուրդը։ Բայց դուք վեր առեք ձեզ հետ իմ մարդերից մեկը, նա հեռվից կհետևի ձեզ. և եթե ձեզ բռնելու կամ պահելու լինեն, նա ինձ իմացում կտա։
Վանահայրը համբուրվեցավ իր բարեկամի հետ և սկսեց դիմել շեյխի բանակը։ Նա ամենևին հույս չուներ, թե կվերադառնա այնտեղից և մյուս անգամ կտեսնի իր բարեկամին։
Նույն միջոցում հասան Օմարի մարդիկը, բերելով իրանց հետ երեսունի չափ ավելորդ ձիաներ, և նա բարձել տվավ իրան պատկանող իրեղենները, որ քանի օր առաջ ապահովության համար բերել էր այնտեղ․ նա չմոռացավ իր հետ վեր առնել և այլ երկու արկղներ, որոնց մասին խնդրել էր վանահայրը։ Երբ նա բոլորովին պատրաստ էր, դռնապանը բացեց պարսպի գաղտնի դռները, և ազնիվ քուրդը խիստ տխուր սրտով համբուրեց տաճարի սուրբ սեղանը, և հեռացավ վանքից։
Վանահայր Եղիազար վարդապետը գնաց շեյխի բանակը, և այլևս չվերադարձավ այնտեղից…
Մի քանի ժամից հետո քրդերը խումբ-խումբ մտան նախ «Վանքի գյուղը», առաջ սկսեցին անասունները դուրս քշել, հետո տները դատարկեցին, և նրանց մեջ գտնված իրեղենները բառնալով գրաստների վրա, ճանապարհ դրին։ Երբ գյուղի հետ իրանց հաշիվը վերջացրել էին, մտան վանքը, այնտեղ էր ամբարված շրջակայքի բոլոր հարստությունը, սկսեցին դուրս կրել։ Ողորմելի ժողովրդի լացն ու կոծը, նրանց դառն աղաղակները ամենևին չէին ազդում հափշտակիչների անգութ սրտերին… ամենափոքր ընդդիմադրությունը պատասխանվում էր սրով և ատրճանակով․․․։ Ահա՛ այս սարսափելի անցքը անցել էր, որ Սարհատի խումբը, Սախկալ-Թութանի քաջագործությունից հետո, մի գիշեր դիմեց դեպի Բարդուղիմեոս առաքյալի վանքը։
Ի՞նչ էր որոնում թշվառ երիտասարդը այն կիսով չափ կործանված և դատարկված վանքի մեջ…։