Րաֆֆի
Ջալալեդդին
ԺԲ
Ղանլի–Դարան, որ նշանակում է արյունոտ ձոր, արժանի է իր կոչմանը իր մեջ գործված բազմաթիվ արյունահեղությանց պատճառով։ Այդ ավազակաց որջը վկա է եղել հազարավոր սարսափելի եղեռնագործությունների, այնտեղից ոչ մի քարավան և ոչ մի ճանապարհորդ չեն վստահում անցկենալ, այնտեղ միայն ավազակները առանձնանում են հափշտակություններից հետո։ Այնտեղ էր դրել և շեյխը իր բանակը Բայազեզի դժբաղտ անցքից հետո, երբ նա հեռացավ պատերազմի դաշտից։
Այդ ձորի միջով հոսում էր Տիգրիսի վերին ճյուղերից մեկը, որին տեղացիք կոչում են Նըհել. դա բաժանում է Աղբակա գավառը Ջոլամերիկից։ Գետի ափի մոտ, մի կանաչազարդ տափարակի վրա, մի գիշեր հարյուրավոր տեղերում վառվում էին փոքրիկ խարույկներ, որոնց շուրջը նստոտել էին զինվորված քրդեր, խոսում էին, ծխում էին, ծիծաղում էին, երգում էին, և երբեմն նայում էին կերակուրի կաթսաներին, որ դրած էին խարույկների վրա, կամ դարձնում էին մսի մեծ–մեծ կտորները, որ ձգել էին կարմրած ածուխների վրա խորովելու համար։ Ամեն տեղ երևում էր ուրախություն, որ արտահայտվում էր կատաղի զվարճություններով։ Վրանների մեջ ճրագներ չէին երևում, ամբողջ բանակը լուսավորված էր խարույկների լույսով։ Բայց մի վրանում միայն ճրագներ կային. դա Ջալալեդդինի փառավոր վրանն էր։
Բանակից հեռու, մի նեղ ձորի մեջ, որ գոգավորվելով բաժանվում էր Ղանլի–Դարայից, թմբուկի ձայն էր լսվում, և քրդի զուռնան հնչում էր «ջանիմանի» եղանակով։ Նույն ժամուն մի խումբ ձիավորներ անցնում էին այն կողմից, որտեղից լսելի էր լինում վայրենի նվագածությունը։
Այստեղ մի բան կա, ասաց նրանցից մեկը հազիվ լսելի ձայնով։
Ես էլ այսպես եմ կարծում, պատասխանեց մի ուրիշը։
Գնանք, տեսնենք։
Գնանք։
Ձիավորները դարձրին իրանց ձիերի գլուխները դեպի այն կողմը։ Նեղ շավիղը, որ տանում էր այն կողմր, տեղ–տեղ կորչում էր մացառների և մինը մյուսի հետ հյուսված պատատուկ թփերի մեջ։ Ձիով անհնար էր անցնել։ Նրանք ցած իջան ձիերից, տվեցին մեկին պահելու, և մյուսները առաջ գնացին։ Մի քանի րոպեից հետո նրանք գտնվում էին մի փոքրիկ բլուրի գագաթի վրա, որտեղից բացվեցավ նրանց առջև մի այսպիսի տեսարան.
Մի սարսափելի պարահանդես էր այդ, որի նմանը երբեք Դիոնիսիոսը չէ երևակայել իր բաքոսական բոլոր անբարոյականությամբ։ Մի կողմում թմբուկները և զուռնաները ածում էին, մի կողմում պար էին բռնել այն ձևով, որ մեզանում կոչվում է հալլի, իսկ քրդերը կոչում են գուանդ։ Պարում էին կանայք։ Նրանք բազմաթիվ էին, և մինը մյուսի ձեռքից բռնած, կազմել էին մի երկայն շարք, որ շղթայի նման պտտվելով, ձևացնում էին մի մեծ բոլորակ։ Բոլորակի մեջտեղում ցցած էին երկայն ձողեր, որոնց գլուխների վրա վառվում էին ջահեր։ Նավթի մեջ թաթախած ցնցոտիքը բոցավառվում էին և իրանց ծիրանի շառավիղներով լուսավորում էին պարող կանանց գունաթափված երեսները։ Ջահերի մոտ, բոլորակի միջնավայրում, նստած էին տղամարզիկ և դժոխային ոգևորությամբ նայում էին կանանց մերկ շղթայակապի վրա, որ անդադար շրջում էր նրանց շուրջը։
Երևում էր, որ այդ ողորմելի արարածները ակամա և ստիպմամբ հանձն էին առել այդ խայտառակ պարահանդեսը։ Ամոթը, անպատվությունը նրանց այն աստիճան մոլեգնության մեջ էին ձգել, որ իրանց կատաղությունը խելագարության էր հասնում։ Նրանց աչքերում վառվում էին բարկության բոցեր, շրթունքները դողդողում էին տենդային անհանգստությամբ և գունաթափ երեսների վրա երևում էին սոսկալի ցնցումներ։ Շատերը նրանցից այնքան թուլասիրտ էին, որ չէին դիմանում անտանելի ցավին, և ուշաթափ լինելով, ցած էին գլորվում։ Իսկ այդ բոլորը, որ մարդկային խղճի վրա կարող էր ազդել գութ, որ կարող էր ամեն մի սիրտ, որքան և քարացած լիներ նա, մեղմացնել և լցնել նրան առաքինական զգացմունքներով դեպի տկար և գեղեցիկ սեռը, ընդհակառակն, ավելի բորբոքում էր գերիչների վայրենի կրքերը և ավելի գրգռում էր նրանց անասնական ոգևորությունը։
Պարը շարունակվում էր իր բոլոր դժոխային խաղարկությամբ։ Մերկ կանանց շարքը անդադար պտտվում էր թմբուկների եղանակով։ Տղամարդիկ նրանց բոլորակի միջնավայրում նստոտած, երգում էին, ծափահարում էին, գոռում էին և գոչում էին, և հերոսներից ամեն մեկը երբեմն իր թաշկինակը ձգում էր հավանած կնոջ վրա, և իսկույն սրտերի հակառակ մի զույգը մի հրեշտակ և մի դև առանձնանում էր մերձակա թփերի մեջ։
Մարդկային անգթությունների մեջ չկա մի ավելի սարսափելի բան, քան թե այն, երբ անմեղ ողջախոհությունը զոհվում է կատաղի բռնաբարության։ Այսպիսի անգթության մեջ ընդունակ է մարդը միայն, բայց գազանները և անասունները ավելի բարոյական են իրանց էգերի վերաբերությամբ։
Մինչ գիշերային մթության մեջ, ջահերի լուսավորության հանդեպ կատարվում էին այդ անամոթ զվարճությունները, բլուրի գագաթից անհայտ մարդերի մի խումբ խորին զզվանքով դիտում էր բոլորը։ Ընթերցողը արդեն գուշակեց, թե ովքեր էին դրանք։
Պետք է վրա տալ, ասաց Սարհատը։
Շատ են անիծածները, ասաց Դալի-Բաբան։
Միևնույն է, եթե մեզ պետք էր մի օր մեռնել, լավ է, որ այստեղ լիներ, պատասխանեց Սարհատը։
Բայց դու կկորցնես Ասլիին, որի համար եկել ես, ասաց Դալի-Բաբան։
Այս կնիկներից ամեն մեկը նույնքան մեր ցավակցության արժանի է, որքան Ասլին, պատասխանեց Սարհատը։
Ազնիվ երիտասարդը մոռացավ իր անձնական սերը, նրան գրավում էր այժմ կնիկների վիրավորված և անարգված պատիվը։
Պետք է հանկարծ վրա տալ, ասաց Դալի-Բաբան, և աշխատել առաջ ջահերը խորտակել․ խավարի մեջ ավելի հեշտ կլինի գործը։
Երկինքն էլ մեր բաղտից ամպում է, ահա լուսինը այլևս չէ երևում, նկատեց Քիթաբ-Դալիսին։
Կռվեցեք սրերով միայն, խորհուրդ տվեց Սարհատը, հրացան գործիքներով աղմուկ կբարձրացնեք, բանակը շատ հեռու չէ այստեղից, թող ձայնը այնտեղ չհասնի։
Քրդերի մոտ էլ չկային հրացան գործիքներ․ նրանք, որպես իրանց տանը, վեր էին առել թրեր և դաշույններ միայն, և այնպես հեռացել էին բանակից, ամեն մինը իր հետ բերելով իր զոհը։
Այդ միջոցում Մըստոյի դրությունը անտանելի էր. նա տեսավ, որ Սարհատը բոլորովին մոռացավ Ասլիին, բոլորովին թողեց այն նպատակը, որի համար եկել էր։ Նա տեսավ, որ այժմ իր սիրելի տերը ձեռնարկում էր մի այնպիսի հանդուգն և վտանգավոր գործի, որից հազիվ կարող էր ողջ դուրս գալ։ Ի՞նչ անել, մնալ նրա մոտ, նրա հետ միասին կռվել և նրա հետ մեռնել. այդ շատ էր ցանկանում բարի Մըստոն։ Բայց մյուս կողմում, մի աղջիկ, մի նազելի հրեշտակ, որին այնքան սիրում էր Սարհատը, որին ինքը վաղուց էր ճանաչում, որ այժմ գտնվում էր շեյխի բազմաթիվ գերի հարեմականների մեջ, և այդ թշվառը նույնպես օգնության կարոտ էր, նույնպես պետք էր ազատել նրան։ Դեպի ո՞րը դիմել։ Մի կողմում կանգնած էր իր մանկության ընկերը, մյուս կողմում նրա սիրուհին։ Նա ընտրեց վերջինը, և առանց հայտնելու Սարհատին միայնակ դիմեց դեպի շեյխի բանակը։
Նրա գնալուց հետո անակնկալ հարձակումը կատարվեցավ կայծակի արագությամբ։ Ջահերը իսկույն խորտակվեցան։ Ձորի մեջ տիրեց ընդհանուր խավարը խորին զարհուրանքի հետ։ Սարսափելի կոտորածը սկսվեցավ։
Խիստ ահռելի բան է ձեռնամերձ կռիվը, մանավանդ նեղ տեղում, այն ևս գիշերային խավարի մեջ։ Մի այնպիսի օրհասական կռվում սուր երկաթը սոսկալի գործ է կատարում մարդկային մարմնի հետ։ Կենդանի մարդը մահ զգեցած, կռվում է մահ գործելու համար։
Մի քանի ժամ կռիվը երկու կողմից ևս շարունակվում էր գազանային համառությամբ։ Ընդհանուր խռովության մեջ շատ անգամ ընկերը իր սուրը ընկերի կողքն էր մխում։ Հուսահատական դա՜ռն աղաղակները խառնվել էին զենքերի շաչյունի հետ։ Թե՛ սպանողը և թե՛ սպանվածը շաղախված էին տաք արյունի մեջ։ Դիակները ոտքերի տակ ավելի և ավելի խորտակվում էին։
Ձորը կրկին լուսավորվեց։ Լուսինը դուրս եկավ մոխրագույն ամպերի ետևից, կարծես, ցանկանում էր ականատես լինել մի գեղեցիկ գործի։ Նույն միջոցում հանդիսացավ մի սրտաշարժ տեսարան։ Մերկ կանանց խումբը բավական էր, որ հասկացավ, թե կռիվը իրանց ազատության համար է, նրանք կատաղի ֆուրիաների նման իրանք էլ խառնվեցան կռվի մեջ։ Սարսափելի բան է կնոջ մոլեգնությունը, երբ առաջ է գալիս անձնական վրեժխնդրությունից։ Այսպիսի րոպեներում կինը մոռանում է իր կնությունը․ նա դառնում է մահվան հրեշտակ և սկսում է իր ձեռքը մխել այն սրտի մեջ, որը անարգաբար ոտքի տակ տվեց իր պատիվը։ Այն կանայք, որ մի քանի ժամ առաջ, բռնության կոպիտ ձեռքից ստիպված, հանձն էին առել ցած պաշտոն, այժմ, երբ ականջներին հնչեց ազատության ձայնը, խլեցին իրանց ոտքերի տակ ընկած գերիչների զենքերը և սկսեցին կոտորել կենդանի մնացած գազաններին։ Պատվի զգացմունքը սկսեց պատերազմել անասնական կրքերի հետ. հրեշտակը դևերի հետ․․․
Լուսինը կրկին մտավ ամպերի տակ, և գիշերային խավարը քաշեց իր սև վարագույրը։ Տեսարանը ծածկվեցավ մթության մեջ…։
Վանա ծովակի արևմտյան ափերի մոտ, Սիփան լեռան ստորոտներում, մի փոքրիկ վտակի կանաչազարդ եզերքի մոտ, երևում էին խաշնարածների մի քանի չադրներ, որոնց արտաքին աղքատ կերպարանքը ցույց էր տալիս, թե այդ ողորմելի հովիվները չեն պատկանում քրդերի բաղտավոր որևիցե ցեղին։ Դրանք, հայերից ավելի հալածված, եզիդիների վրաններ էին, որ պատերազմի խռովությունների ժամանակ քաշվել էին այն լեռնային խուլ առանձնության մեջ իրանց կյանքը և փոքրաթիվ անասունները պահպանելու համար։
Հիշյալ վրաններից մեկի մեջ, որ իր վիճակով չէր զանազանվում մյուսներից,Ղանլի-Դարայի սոսկալի կոտորածից մի շաբաթ հետո, կարելի էր տեսնել մահճի մեջ պառկած մի տղամարդ, մահվան պես գունաթափված դեմքով և խորն ընկած մթին աչքերով։ Նա հազիվ կարողանում էր շունչ առնել և խիստ դժվարությամբ էր կարողանում շարժվել մի կողքից դեպի մյուսը. երևում էր, ծանր կերպով վիրավորված էր նա։ Հիվանդը Սարհատն էր։ Նրա բարձի մոտ նստել էր մի օրիորդ մաշված, վշտահար դեմքով արտասուքով լի աչքերով, դա Ասլին էր, որին Ղանլի-Դարայի անցքի ժամանակ Մըստոյին հաջողվել էր գողանալ։ Հիվանդի աջ և ձախ կողմերում, որպես տխրության երկու հրեշտակներ, նստած էին երկու ուրիշ աղջիկներ, և նույնպես լաց էին լինում. դրանք նրա քույրերն էին։ Վրանի մի կողմում, աչքերը բռնած, կուչ էր եկել նրա փոքրիկ եղբայրը։ Իսկ դրսում, վրանի մուտքի մոտ նստած հեկեկում էր ինքը Մըստոն։ Մի մանկահասակ կին գեղեցիկ սևորակ աչքերով ոտքի վրա պտտվում էր դա Մըստոյի կինն էր։
Հիվանդը գտնվում էր հոգեվարքի ճգնաժամի մեջ…։
Ղանլի-Դարայի կռվի մեջ Սարհատի ընկերներից ազատվեցան երեք վիրավորվածներ միայն, մյուսները բոլորը ընկան։ Ընկան և այն քաջազնուհիներից շատերը, որոնք բռնաբարության բարոյական մահը սրբեցին իրանց արյամբ…։
Վիրավոր առյուծը վերջին անգամ բաց արեց աչքերը։ Նայեց Ասլիի վրա, նայեց քույրերի և եղբոր վրա, և փակեց նրանց…։ Մի «ա՜խ» եղավ նրա վերջին խոսքը…։
«Դու իմ վրանիս տակն ես մեռնում, ո՛վ քաջ, և իմ վրա ես թողնում վրեժխնդիր լինել քո մահվան համար Մըստոն կկատարե այդ»… ասաց նա հառաչելով և գրկեց մեռնողի գլուխը։