Նար-Դոս

Զազունյան

5
21

Հյուրասենյակում Զազունյանը կանգնած էր լուսամուտի մոտ և հանում էր շագանակագույն ձեռնոցները։ Էմմային տեսնելուն պես՝ արագ մոտեցավ նրան։

Բարև ձեզ, տիկին, ասաց ժպտալով և ամուր սեղմեց նրա ձեռքը։

Բարի լինի ձեր գալուստը, պատասխանեց էմման։ Այժմ նա իրեն բոլորովին համարձակ էր զգում։ Շնորհավորում եմ, գործը տարել եք։

Շատ շնորհակալ եմ։ Բայց այժմ ի՞նչպես եք զգում ձեզ, տիկին, հարցրեց Զազունյանը, մի առանձին հայացքով նայելով նրան։ Զաքարն ասաց, որ դուք հիվանդ էիք։

Այո, փոքր-ինչ մրսել էի... հիմար բան էր, պատասխանեց Էմման։

Ով գիտե, ինձ ճանապարհ դնելու գիշերը մրսեցիք, այն գիշեր բավական ցուրտ էր։ Ճշմարիտ, խիղճս ինձ տանջում է, տիկին, որ ես եմ եղել ձեր մրսելու պատճառը։

Ախ, դուք մի այնպիսի մեծ նշանակություն եք տալիս այդ բանին, ասաց Էմման փոքր֊ինչ կարմրելով։ Խնդրեմ նստեցեք։ Ես ձեզ երկար ժամանակ սպասում էի թեյի։

Հա, գիտե՞ս ինչու այսքան ուշացանք, էմմա, ասաց Զաքարը։ Ես խո ուզում էի Զազունյանին կայարանից ուղղակի այստեղ բերել, բայց որովհետև հետը ճամպրուկ-մամպրուկ ուներ, այդ պատճառով դեռ գնացինք հյուրանոց, մի սենյակ վարձեցինք, ճամպրուկ֊մամպրուկն այնտեղ թողինք և մինչև հագուստը փոխեց, մինչև այս, մինչև այն, մինչև հյուրանոցից դուրս եկանք, մինչև կառք նստեցինք, մինչև եկանք, մինչև կառքից իջանք, մինչև զանգը քաշեցինք, մինչև ծառան դուռը բաց արեց, մինչև բարձրացանք և մինչև ներս մտանք այստեղ, արդեն բավական ուշացանք։ Հիմա վազեմ ասեմ, որ մեզ թեյ հրամցնեն։

Եվ իսկապես դուրս վազեց։

Զազունյանը, հակառակ իր սովորության, համարյա շարունակ նայում էր Էմմային. նրա հայացքը և՛ տխուր էր, և՛ քնքուշ, և՛ հետաքնին, կարծես փայփայում էր և միևնույն ժամանակ ինչ֊որ բան էր որոնում Էմմայի դեմքի վրա, որ և՛ հաջողվում էր, և՛ չէր հաջողվում գտնել։ Այնինչ այդ հայացքը շփոթեցնում էր Էմմային։ Նա չէր կարողանում համարձակ նայել Զազունյանին և շուտ-շուտ կարմրում էր։ Զազունյանը վերջապես դադարեց նրան նայել զննող հայացքով։

Ուրեմն, փառք աստուծո, տիկին, այժմ լավ եք, ասաց նա, կարծես, թեթևացած մի ծանր բեռից։

Այո, այժմ ինձ կատարելապես առողջ եմ զգում, պատասխանեց Էմման և, խոսքը փոխելով, հարցրեց, թե ի՞նչպես սկսվեց և ի՞նչպես անցավ նրա գործը, որովհետև չէր ուզում, որ իր հիվանդության մասին երկար խոսվի։

Զազունյանը համառոտակի պատմեց իր դատի ընթացքը։

Կարճ ժամանակից հետո եկավ և Աննան։ Էմման և Զաքարն անմիջապես ծանոթացրին նրան Զազունյանի հետ։ Սենյակը մտնելուն պես տեսնելով Զազունյանին, Աննան իսկույն հասկացավ, որ նա է։ «Ա՜, ահա թե ով է սրանց «զարմանալի ազնիվ» և «առաքինի մարդը», մտածեց նա, նայելով Զազունյանի փոքր֊ինչ այրված, լուրջ դեմքին և լայն, այրական թիկունքին։ Նրան տեսնելու հենց առաջին վայրկյանից նա հիասթափվեց իր երևակայած Զազունյանի վերաբերմամբ. ինչքա՜ն զանազանություն... Նա հիշեց Զաքարի «ուֆ» «ուֆը» և, նայելով նրան, ակամա ժպտաց։ Իսկապես որ ո՜ւֆ, ո՜ւֆ, պ․ Զաքար, կարծես ասում էր նրան։

Նա զննողաբար նայեց Էմմայի պայծառ և միևնույն ժամանակ շփոթված դեմքին։

Ինչո՞ւ այսքան ուշացար, Աննա, հարցրեց նրան Էմման։ Ես քեզ այսօր ավելի վաղ էի սպասում։

Եկեղեցումն էի, սիրելիս, պատասխանեց Աննան։ Մինչև պատարագը կվերջանար, բավական ժամանակ անցավ։ Էլ տուն չգնացի, եկեղեցուց ուղղակի այստեղ եկա։ Իսկ դու եկեղեցի գնո՞ւմ ես, հարցրեց նա։

Ինչպես չէ, պատասխանեց էմման։ Ոչ մի կիրակի ես եկեղեցուց ետ չեմ ընկնում, միայն այսօր չկարողացա գնալ, որովհետև սպասում էի պ. Զազունյանին։

Ցավում եմ, տիկին, որ իմ պատճառով իզուր ետ եք ընկել եկեղեցուց, ասաց Զազունյանը։

Էմման թեթև կարմրեց։

Ոչինչ, պ. Զազունյան, աննկատելի հենգությամբ պատասխանեց նրա տեղ Աննան։ Թանկագին հյուրի համար մի օր եկեղեցուց ետ ընկնելը, կարծում եմ, այնքան էլ մեծ զոհաբերություն չպետք է լինի։

Աննան իր ծանոթանալու հենց առաջին օրից զգում էր, որ Զազունյանի հետ ուրիշ կերպ չէր կարողանում խոսել, եթե ոչ հեգնորեն. ինչո՞ւ ինքն էլ չէր հասկանում. բայց միևնույն ժամանակ նա մի տեսակ հաճույք էր զգում նրա հետ խոսելիս և ուզում էր խոսել։

Եկեղեցի մենա՞կ ես գնում, հարցրեց նա Էմմային։

Ոչ, Արամիկին էլ հետս եմ տանում։

Հապա պ. Զաքա՞րը, հարցրեց Աննան, նայելով Զաքարին։

Այդ բանում ես ծույլ եմ և ժամանակ էլ չունեմ գնալու, շտապելով ասաց Զաքարը և ծիծաղեց։

Չլինի՞ թե դուք մեր նոր մոդի երիտասարդներին եք ուզում հետևել։

Օ՜յ, Շտրաուսի կապիկների՞ն, կանչեց Զաքարը։

Ինչո՞ւ դուք այդպես ստորացնամ եք մեր երիտասարդությանը, նկատեց նրան Աննան։ Ի նկատի ունեցեք, որ ես մեր երիտասարդության զարգացած մասն ունեմ աչքի առջև, իսկ զարգացած մասն ամեն բանի, առավելապես կրոնական խնդիրների վերաբերությամբ համոզմունքով է գործում։

Եվ Աննան նայեց Զազունյանին, կարծելով, թե նա կպատասխանի իրեն (նա այդ խոսակցությունը բաց արեց իսկապես նրա համար, որ Զազունյանին խոսեցնել տա), բայց Զազունյանը լուռ էր։

Այսինքն դուք ուզում եք ասել հաստատհամոզմունքով, վրա բերեց Զաքարը։

Կարող եք և այդպես հասկանալ, ասաց Աննան, դարձյալ նայելով Զազունյանին։

Գիտե՜մ, գիտե՜մ, պատասխանեց Զաքարը։ Իհարկե հաստատ համոզմունքով է գործում, աստծու չեն հավատում Դարվին, կրոն չեն ընդունում Ռուսո․ իսկ Դարվին+Ռուսո=նիհիլիզմ, ոչնչականություն։

Ամենքը ծիծաղեցին նրա այդ համեմատության վրա, իսկ ինքը ավելի։

Հա, Արսեն, հանկարծ դարձավ նա Զազունյանին, ասում են, որ նիհիլիստների համար ոչ մի, թեկուզ բնատուր, բարոյական օրենք չկա. և ոչ մի աստվածային կամ մարդկային օրենքով իրենց կապված չեն համարում և խիղճ էլ չեն ճանաչում. ճի՞շտ է այդ։

Այդպիսի դեպքում, կարծում եմ, որ երկրորդ ջրհեղեղ պետք է լիներ, պատասխանեց Զազունյանը։ Իհարկե, մարդկությունը դեռ այդ աստիճանին չի ընկել և չի կարող ընկնել։

Կընկնի, կընկնի, բացականչեց Աննան։ Անպատճառ կընկնի և շատ շուտով։ Խոր թափանցողություն և խոր հասկացողություն չի հարկավոր, որպեսզի ամեն մեկն այդ բանում չհամոզվի։ Նայեցեք ձեր շուրջը, նայեցեք առօրյա կյանքին՝ որ երկրում և ո՞ր ազդության մեջ որ ուզում եք, և դուք կտեսնեք, որ բարոյականությունը ծանր հիվանդի նման հազիվհազ կանգնում է ոտքի վրա, և այսօր թե վաղն անպատճառ պետք է ընկնի, մեռնի։ Դրա տեղ անբարոյականությունը Դամոկլեսի սրի նման կախված է մարդկության գլխին և ամեն րոպե սպառնում է իջնել իր գործը կատարելու։ Մի քայլ էլ դեպի անբարոյականություն և ամեն ինչ վերջացած է մարդկության համար։ Նրա վիճակն արդեն վճռված է։

Իմ կարծիքով, սխալվում եք, տիկին, պատասխանեց Զազունյանը. մարդկության վիճակը դեռ չի վճռված, նրա վիճակը դեռ չի վճռված, նրա վիճակը նոր է որոշվում։ Ճշմարիտ է, բարոյականությունը ներկա ժամանակում, ըստ երևույթին, ընկած է և կարծես այդ իսկապես այդպես է, ըստ երևույթին, ինչպես դուք ասացիք, նա նմանում է ծանր հիվանդի, որ այսօր թե վաղը պետք է ընկնի, բայց, իմ կարծիքով, դուք շատ եք շտապում դատավճիռ կարդալու։ Բարոյականությունը ծանր հիվանդի նմանեցնելով, դուք այդ հիվանդի վրա նայում եք հուսահատ հիվանդատիրոջ նման, որ ձեռքերն արդեն լվացել, ետ է նստել. այնինչ՝ եթե դուք ուզում եք իսկապես իմանալ գործի էությունը, պետք է նայեք ոչ թե այդպես, այլ փորձառու բժշկի նման։ Ինչպես որ ծանր հիվանդն ունենում է ճգնաժամ կրիզիս, որ վերջնականապես որոշում է նրա դրությունը, այսինքն՝ որ նա կամ պետք է մեռնի, կամ պետք է առողջանա, նույնպես և մարդկությունը. մարդկության ներկա ծանր դրությունը նրա ապագայի ճգնաժամն է. այդ ճգնաժամը վերջնականապես կվճռվի, թե արդյոք մարդկությունը պե՞տք է մեռնի այսինքն՝ բարոյապես բոլորովին ընկնի՞, թե պետք է առողջանա այսինքն բարոյապես վերածնվի։

Ուրեմն միևնույն է, ես չեմ կարող նայել և իբրև փորձառու բժիշկ, ասաց Աննան, քանի որ փորձառու բժիշկն էլ չգիտե, թե ինչո՞վ իսկապես կվերջանա հիվանդության ճգնաժամը մահո՞վ, թե առողջությամբ։ Եվ ի՞նչ օգուտ դրանից։

Ինչո՞ւ չէ, պատասխանեց Զազունյանը։ Փորձառու բժիշկը, եթե նա լավ հասկացող է, հետևելով հիվանդության ճգնաժամին, այնուամենայնիվ, դարձյալ մի հետևանքի վրա ավելի կարող է պնդել, քան թե մյուս հետևանքի վրա. իսկ այդ մեծ բան է, այստեղ դարձյալ հույս կա։

Բայց դուք ո՞ր կողմն ավելի եք հակված մարդկության վերաբերմամբ, հարցրեց Աննան դարձյալ աննկատելի հեգնությամբ, դեպի բարոյականության կատարյալ անկո՞ւմն, թե՞ դեպի բարոյական վերածնություն։

Դեպի բարոյականության վերածնություն։

Ուրեմն մարդկության ներկա դրության ճգնաժամին հետևելով դուք ա՞յդ եզրակացության եք եկել, ա՞յդ հետևանքի վրա ավելի եք պնդում։

Այո։

Արդյոք կարո՞ղ եմ հարցնել, ինչ հիմունքով։

Այն հիմունքով, որ յուրաքանչյուր մարդ խիղճ ունի։

Ի՞նչ բան է «խիղճը», ես չեմ հասկանում, ասաց Աննան, որ ի ներքուստ սկսել էր գրգռվել, ինքն էլ չիմանալով, թե ինչու։

Խիղճը գիտակցությունն է, պատասխանեց Զազունյանը։

Յուրաքանչյուր մարդ առանց բացառության գիտակցություն ունի։

Ունի, բայց մեկինն ավելի զարգացած է, մյուսինն` ավելի թույլ. այդ դաստիարակությունից և մտավոր զարգացումից է կախված. լավ դաստիարակություն ստացած և կրթված մարդու գիտակցությունը զարգացած է, իսկ անխնամ թողածինը թույլ։ Բայց բանն այդ չէ. բանն այն է, որ երկուսն էլ ունեն գիտակցություն, ուրեմն և խիղճ։ Հայտնի է, որ արյունարբու ավազակ֊մարդասպաններն անգամ հասկանում և զգում են իրենց արարքի վատությունը։

Ինձ հայտնի չէ, և ես ոչ ոքի չեմ հավատա, մինչև որ ինձ ինքն արյունարբու ավազակ֊մարդասպանն այդ բանում անձամբ չխոստովանի, պատասխանեց Աննան։

Նա այլևս չէր կարողանում իրեն զսպել, գրգիռն ակամա երևան էր գալիս։

«Խոսում է այնպես, կարծես իրենից ավելի խելոք մարդ չկա աշխարհիս երեսին, մտածում էր նա, այստեղ գառներ է գտել, ուզում է խաբել, իրեն անսխալական ցույց տալ... ուրույն մտքեր է հայտնում իբր թե...»։

Զաքարը, որ հայտնի չէր, թե ինչ հրաշքով այդքան ժամանակ լուռ էր, հանկարծ, ինչպես ասում են, կոտրած գդալի պես մեջ ընկավ, բայց Էմման տեսնելով, որ խոսակցությունն Աննայի պատճառով քանի գնում, այնքան սուր ընթացք է ստանում, անսպասելի հմտությամբ վերջ տվեց նրանց վիճաբանությանը:

22

Զազունյանի և Մարկոսյանների միջև բարեկամությանն իսկապես այժմ սկսվեց։ Այս անգամ Զազունյանն առանց այլևայլության արդեն ինքն էր հաճախում նրանց տուն, և շաբաթվա մեծ մասը նրանց միմյանց մոտ կարելի էր տեսնել։ Իհարկե, նրանց ընկերության մեջ պակաս դեր չէր կատարում և Աննան։ Չնայելով, որ ինչ֊ինչ անհասկանալի պատճառներով նա հենց սկզբից չսիրեց Զազունյանին, բայց և այնպես այդ մարդու ներկայությունը նրա համար բոլորովին անախորժ չէր. մինչև անգամ, երբ պատահում էր, որ Զազունյանը բացակա էր լինում Մարկոսյանների տնից, նա կարծում էր, թե մի բան պակաս է, և այդ պակասն իսկույն լրանում էր, երբ Զազունյանը գալիս էր։ Զազունյանի հետ խոսում էր միշտ հեգնող եղանակով, ինչպես առաջին օրը․ ամեն բանում աշխատում էր հակառակել նրան, և այդ պատճառով օր չէր պատահի, որ նրանք որևէ բանի մասին չվիճաբանեին միմյանց հետ։ Զազունյանը նույնպես հենց առաջին օրից չսիրեց նրան և, չնայելով, որ այդ կնոջ ներկայությունն ընդհակառակն անախորժ էր նրա համար, այնուամենայնիվ, նա դեպի Աննան նույնքան քաղաքավարի և հարգանքով էր վերաբերվում, որքան և դեպի Էմման։ Սակայն, ինչ էլ որ լիներ, այնուամենայնիվ, ժամանակը բոլորի համար էլ անցնում էր ուրախ և աննկատելի կերպով։

Այնինչ Էմման օր֊օրի վրա սարսափով տեսնում և զգում էր, որ ինքն իսկապես սիրահարված է Զազունյանի վրա, ապա թե ոչ՝ ի՞նչ էր նշանակում այն անհուն ուրախությունը, որ Զազունյանն իր ամեն գալովը բերում էր նրա համար, ի՞նչ էր նշանակում սրտի այն երջանիկ թրթիռը, որով ամեն անգամ նա հանդիպում էր Զազունյանին. ի՞նչ էր նշանակում այն առանձին ախորժելի զգացումը, որով նայում էր նա Զազունյանին, լսում էր նրան, ի՞նչ էր նշանակում այն անտանելի սպանիչ զգացումը, որ պաշարում էր նրան, երբ մի օր չէր տեսնում Զազունյանին, ի՞նչ էր նշանակում... մի խոսքով՝ ի՞նչ էր նշանակում այն մշտական տենդային դրությունը, որի մեջ նա զգում էր իրեն։ Միառժամանակ քնած զգացմունքը նորից զարթել էր նրա կրծքի մեջ և այս անգամ արդեն այնպիսի ուժով էր սկսել գործել, որ թվում էր, թե այլևս ոչ մի Աննա չէր կարող այդ զգացմունքը նորից քնեցնել, հանգստացնել։ Այդ արդեն առաջվա զգացմունքը չէր․ առաջվա զգացմունքը մի թեթև քամի էր, որ հազիվ շարժում էր ծառերի կատարները, բայց Զազունյանի զգացմունքը մի ահեղ փոթորիկ էր, որ, հետզհետե սաստկանալով, սպառնում է ահագին կաղնիներ հիմն ի վեր տապալել անարգել առաջ սլանալու համար։ Սկզբում Էմման այդ զգացմունքին անձնատուր եղավ կուրորեն, առանց մտածելու, և այդ ժամանակ նա իրեն կատարելապես երջանիկ էր զգում, բայց մի անգամ, երբ ամուսինը նրան գուրգուրում էր, հանկարծ, մի ակնթարթում սոսկալի թույն ընկավ նրա սրտի մեջ, և այդ օրից արդեն սկսվեց նրա համար անասելի հոգեկան տանջանքների ժամանակը։ Նա միանգամից զգաց, թե որքան սարսափելի է իր դրությունը։ Դառն գիտակցությունն, ինչպես շիկացած երկաթ, շանթում էր նրա ուղեղն ու սիրտը։

«Ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ», անտանելի հուսահատությամբ մտածում էր նա։ «Այս ի՞նչ կրակ է սրտումս... ո՞ւր փախչեմ։ Ի՞նչպես ազատվեմ այս անտանելի դրությունից... Գոնե Զաքարն այնքան բարի չլինի, այնքան լավը չլինի, գոնե նա վատ վարվելիս լինի ինձ հետ․․․ ինչո՞ւ ես ատում եմ նրան, զզվում եմ նրանից... այն ժամանակ ես կփախչեի նրա հետ, հավիտյան նրանը կլինեի, նրա աղախինը, նրա ստրուկը կլինեի... տեր աստված, տեր աստված»։

Եվ ինչպես մի մարդ, որ, հանկարծ սթափվելով տեսնում է իրեն շրջապատված կրակի ահռելի բոցերով և ոչ մի տեղից, ոչ մի կողմից ելք չի գտնում ազատվելու համար, նույնպես և որ կողմից էլ քննում, կշռում էր իր դրությունն, ամեն կողմից տեսնում էր իրեն շրջապատված տանջանքով և հուսահատությամբ։ Մի ելք միայն կար այդ դրությունից ազատվելու համար, այն է՝ Զազունյանի ընդմիշտ հեռանալը, բայց այդ այն աստիճան սոսկալի էր թվում նրան, որ նա մինչև անգամ չէր ուզում, վախենում էր այդ մասին մտածել. նրան թվում էր, նա զգում էր, թե Զազունյանի հեռանալուն պես վշտից և հուսահատությունից անպատճառ կմեռնի ինքը։ Ընդհակառակն, նրա բոլոր մտավոր և հոգեկան աշխարհը մարմնացել էր միայն այն անհուն ցանկության մեջ, որ Զազունյանը միշտ իր մոտ, իր աչքի առջև լինի։

«Ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ», անդադար մտածում էր նա տանջվելով և ոչ մի տեղից պատասխան չէր ստանում այդ «ի՞նչ անեմ»֊ին։

Այնինչ Զազունյանը շարունակում էր հաճախել նրանց տուն։ Նրան տեսնելուն պես, կարծես, մի կախարդական զորությամբ, Էմմայի տանջանքն իսկույն չքանում էր, և դրա տեղ նրա սիրտը լցվում էր անհուն ուրախությամբ. բայց նա ամեն կերպ աշխատում էր զսպել իրեն, որպեսզի ոչ մի բանով չմատնի իրեն, մանավանդ այն ժամանակ, երբ Աննան ներկա էր լինում, որովհետև ոչ ոքից այնքան չէր վախենում, որքան Աննայից։ Առանց այն էլ նրան թվում էր, թե Աննան արդեն ամեն բան հասկանում է և իրեն միշտ հետամուտ է լինում, միշտ կասկածավոր աչքով է նայում։ Նա սկսեց խորշել Աննայից. ի՞նչ֊որ անհայտ մի զգացմունք ետ էր մղում նրան իր վաղեմի ընկերուհուց և այլևս թույլ չէր տալիս այնպես մտերիմ լինել նրա հետ, ինչպես առաջ։ Նա մինչև անգամ զգում էր, որ Աննան հետզհետե ընկնում էր իր աչքում, և մի տեսակ ատելության զգացմունք բույն էր դնում իր սրտի մեջ դեպի նա, մանավանդ այն ժամանակ, երբ Զազունյանի մասին խոսք ընկնելով, Աննան միշտ իրեն հատուկ հեգնությամբ էր խոսում նրա մասին։ Շատ անգամ Աննայի խոսակցության այդ հեգնական ձևը և Զազունյանի հասցեին շռայլած արհամարհական ածականներն այն աստիճան անտանելի էին թվում նրան, որ նա քիչ էր մնում ուղղակի արգելեր նրան, որ նա Զազունյանի մասին այլևս ոչ մի խոսք չարտասանի։ Երբեմն էլ նրան թվում էր, թե Աննան Զազունյանի մասին այնպես աննպաստ խոսում է միայն նախանձից, թեև տեսնում էր, որ Աննան իրեն ցույց է տալիս նույն քնքուշ մտերմական սերը, ինչ որ առաջ և նրա վարմունքի մեջ, ըստ երևույթին, հակառակորդուհու մի նշույլ անգամ չկա։ Պակաս չէր տանջվում նաև այն ժամանակ, երբ Զազունյանի մասին խոսում էր Զաքարը, չնայելով, որ նա Զազունյանի մասին միշտ հիացմունքով էր խոսում։ Մի անգամ, այլևս չկարողանալով համբերել, նա մինչև անգամ բարկացած կանչեց Զաքարի վրա.

Քանի՞ գովես, քանի՞... հազար անգամ լսել ենք։

Աննան այնպիսի արարածներից էր, որոնք մի հայացքով իմանում են, թե բանն ինչումն է, և որոնց սուր դիտողությունից հազիվ թե հնարավոր է լինում որևէ բան ծածկել. այդ պատճառով նկատում էր, թե ինչ է կատարվում Էմմայի մեջ, մանավանդ որ Էմման, չնայելով իր բոլոր նախազգուշություններին, այնքան էլ լավ չէր կարողանում պահել իրեն։ Սկզբում Աննան այդ բանին համարյա նշանակություն չէր տալիս, նա կարծում էր, թե մի աննշան տպավորություն էր, որ Զազունյանի պես գեղեցիկ մարդիկ սովորաբար թողնում են մանկահասակ կանանց վրա, քանի որ նրանք նոր են, խորհրդավոր են, և կարծում էր, որ ժամանակի հետ անցնելով Զազունյանի այդ խորհրդավորությունը, կանցնի և Էմմայի վրա թողած տպավորությունը․ այդ պատճառով նա ուշադրություն չէր դարձնում այդ բանի վրա։ Բայց տեսնելով, որ Զազունյանի թողած տպավորությունը հասարակ, անցողիկ տպավորություն չէ, Աննան սկսեց լուրջ ուշադրություն դարձնել այդ բանի վրա։ Էմման նրան տակավին շատ անփորձ էր թվում, և այդ պատճառով նա իր բարոյական պարտքն էր համարում նախազգուշացնել ընկերուհուն այն վտանգավոր ճանապարհից, որի վրա անգիտակցորեն ոտք էր դրել նա։ Մի քանի անգամ փորձեց այդ բանի մասին խոսք բանալ Էմմայի հետ, բայց ինչ-որ անհասկանալի պատճառով թե՛ սիրտ չէր անում և թե ժամանակը հարմար չէր լինում։ Վերջապես մի անգամ առավոտյան հաստատ վճռականությամբ նա գնաց Էմմայի մոտ պարզապես խոսելու այդ մասին։

23

Ամեն անգամ, երբ նա գալիս էր Էմմայի մոտ, ժպտալով կամ ծիծաղելով ուղղակի ներս էր վազում նրա սենյակը, բայց այս անգամ նրա դեմքի վրա ոչ ծիծաղ կար, ոչ ժպիտ։ Ներս մտավ ծանր, հաստատուն քայլերով և մինչև անգամ չնայեց Էմմային։

Էմման նստած էր լուսամուտի առջև։ Ձեռագործը ձախ ձեռքին՝ դրել էր ծնկան վրա, իսկ աջ ձեռքի արմունկը լուսամուտի տախտակին հենած և կզակն ափի վրա դրած՝ շարունակ նայում էր դեպի դուրս։ Ինչպես երևում էր, ընկղմված էր մտածմունքների մեջ, բայց Աննայի մտնելուն պես՝ հանկարծ սթափվեց և հարցական-զարմացական հայացքով նայեց նրան։

Էմմա, ես ուզում եմ քեզ հետ մի բանի մասին խոսել, ասաց Աննան դարձյալ չնայելով նրան և ձեռնոցները դուրս քաշելով ձեռքերից։

Էմման դեռ կարմրեց, հետո գունատվեց։ Իսկույն հասկացավ, թե բանն ինչումն է, և հպարտ, մինչև անգամ արհամարհական դիրք ընդունեց, կարծես դրանով ուզում էր ասել ասա՛, քեզնից չեմ վախենում։

Ի՞նչ բանի մասին, հարցրեց նա, աշխատելով որքան կարելի է ձայնին հանգիստ եղանակ տալ։

Աննան հանեց ձեռնոցները, վերցրեց գլխարկը, համարյա շպրտեց բասկաթոոի վրա, արագ մոտեցավ նրան և, կանգնելով նրա առջև, համարձակ նայեց նրա աչքերին։

Դու սիրահարված ես Զազունյանի վրա, ասաց նա։

Էմման թեև գիտեր, որ նա այդ պետք է ասեր և առաջուց պատրաստվել էր նրան համարձակ դիմավորելու, բայց այնուամենայնիվ դարձյալ չկարողացավ չկարմրել և չգունատվել։ Նա ոչինչ չպատասխանեց և, իբրև թե սաստիկ զարմացած, միայն աչքերը չռեց։

Ճիշտ չէ՞, հարցրեց Աննան, շարունակ նայելով նրա աչքերին։

Էմման գլուխը բացասական կերպով շարժեց։

Ճիշտ չէ, պատասխանեց նա ծանրությամբ։

Սիրահարված չե՞ս, կրկնեց Աննան։

Սիրահարված չեմ, նույն կերպով պատասխանեց Էմման։

Աննան հոնքերը կիտեց, և նրա դեմքը խիստ արտահայտություն ստացավ։

Ինձնից ծածկո՞ւմ ես, հարցրեց նա ծանրությամբ։

Քեզնից ոչինչ չեմ ծածկում և ոչինչ չունեմ ծածկելու, համարձակ կերպով պատասխանեց Էմման։

Դու սո՛ւտ ես ասում, կանչեց Աննան։

Ես սուտ չեմ ասում։

Սուտ ես ասում, ասում եմ։

Սուտ չեմ ասում։

Աննայի դեմքը նորից հանգիստ արտահայտություն ստացավ։

Ես գիտեմ, որ դու սիրահարված ես, հանդարտ և համոզող ձայնով ասաց նա։

Դու սխալվում ես։

Չեմ սխալվում, Էմմա։

Էմման իբրև թե տարակուսանքով վեր քաշեց ուսերը և, չպատասխանելով, դեմքը դարձրեց դեպի դուրս։

Էմմա, ասա ճիշտը, ինձնից մի ծածկիր, համոզող ձայնով կրկնեց Աննան։

Դե որ գիտես՝ սիրահարված եմ, էլ ի՞նչ կանես իմ ասելը, հեգնորեն նկատեց Էմման, դեպի դուրս նայելով։

Ես ուզում եմ, որ դռւ ինքդ այդ հաստատես։

Ես քեզ ասում եմ, որ սիրահարված չեմ։

Ասա, ասում եմ։

Զարմանալի է, ի՞նչ ասեմ, քանի որ ոչինչ չկա, անհամբերությամբ կանչեց Էմման, արագ դեպի նա դառնալով։

Ասա, ասում եմ, կրկնեց Աննան։

Էմման նայեց նրան թշնամաբար։

Դու կատա՞կ ես անում, հարցրեց նա։

Ես կատակ չեմ անում, Էմմա։

Հապա՞։

Ես լուրջ կերպով եմ խոսում, շատ լուրջ կերպով։

Ի՞նչ ես ուզում ինձնից։

Խոստովանիր, որ սիրահարված ես Զազունյանի վրա։

Տեր աստված, անհամբեր արտասանեց Էմման։

Խոստովանի՛ր, ասում եմ։

Դիցուք թե սիրահարված եմ, հանկարծակի վճռականությամբ ասաց Էմման և սաստիկ ատելությամբ նայեց նրան։

«Դիցուք թե» չէ հարկավոր։

Լա՛վ, սիրահարված եմ, այո՛, սիրահարված եմ Զազունյանի վրա. ի՞նչ ես ուզում ինձնից, կանչեց Էմման և վեր թռավ տեղից։

Աննան կարճ ժամանակ նայեց նրան լուռ։

Գիտե՞ս, ես այդ պարզ խոստովանանքի տեղ եմ ընդունում, Էմմա, ասաց նա։

Ասում եմ՝ սիրահարված եմ Զազունյանի վրա, հիմա՞, ի՞նչ ես ուզում ինձնից, կրկնեց Էմման, իրեն համարյա կորցնելով։ Նա սաստիկ գունատվել էր, շրթունքները նկատելի կերպով դողում էին, աչքերը փայլում էին և սպիտակ ճակատի վրա կարմիր բծեր էին երևան եկել։

Այնինչ Աննան հանգիստ տխրությամբ նայում էր նրան։

Գիտե՞ս, Էմմա, ես քեզ այժմ բոլորովին չեմ կարողանում ճանաչել, կարճ լռությունից հետո ասաց նա կամաց։ Սերը քեզ բոլորովին փոխել է։

Ի՞նչ ես ուզում ինձնից, ի՞նչ, ասա՛, կանչեց Էմման։

Երբ հանգստանաս, այն ժամանակ կասեմ, իսկ հիմա ինձ չես հասկանա, թեթև հառաչելով ասաց Աննան և, հեռանալով նրանից, նստեց մի աթոռի վրա։

Էմման այս անգամ նայեց նրան արհամարհական հայացքով։

Գլխիս վերակացու է եկել, ասաց նա, իբրև թե ինքնիրեն, և շտապով դուրս գնաց, դուռն ամուր շրխկացնելով իր ետևից։

Աննան արագ նայեց նրան, վեր թռավ և վազեց նրա ետևից, բայց դռան մոտ հանկարծ կանգ առավ և դառնությամբ ժպտաց։

Ախ, սիրելիս, ինչպես խելքդ կորցրել ես, շջնջաց նա մեղմ տխրությամբ և վերադարձավ, նստեց իր տեղը։

Գիտենալով, որ այդ օրն այլևս ոչինչ չի կարող անել և իր մնալն ավելորդ է, մինչև անգամ ավելի կգրգռի Էմմային, նա շուտով վեր կացավ և հեռացավ սաստիկ տխուր ու ծանր սրտով։ Բոլորովին չէր նեղանում Էմմայից, որովհետև հասկանում էր, որ նրա փոփոխության պատճառը միայն սերն է, նա միայն մտահոգվում էր սիրելի ընկերուհու համար, որ այդքան կուրորեն անձնատուր էր եղել այդ սիրուն, որը, նրա համոզմունքով, կորստաբեր էր։

«Ո՛չ, ո՛չ, մտածում էր նա, ես չեմ թողնի այդպես․ այն դիմակավոր սրիկան կկործանի այդ խղճուկին և բավական չէ միայն դրան, նա այն խեղճ մարդուն Զաքարին էլ կթշվառացնի... իսկ Արամիկը... Չէ՛, չէ՛, ինչ ուզում է լինի, չեմ թողնի այդպես... Ախ, սրիկա՜, սրիկա՜...»։

Սաստիկ կատաղությունը բորբոքվել Էր նրա սրտում Զազունյանի դեմ, և նա դեռ ոչ ոքի այնպես չէր ատել, ինչպես այդ մարդուն։ Նրա կատաղությունն ու ատելությունն ավելի ևս բորբոքվում էին, երբ տեսնում էր, որ ինքը բոլորովին անզոր է այդ մարդու դեմ կռվելու։

24

Հետևյալ առավոտյան նա դարձյալ գնաց Էմմայի մոտ։ Զաքարը տանը չէր, ինչպես և նախորդ օրը։ Աղախինը հայտնեց նրան, որ տիկինը ննջարանումն է և ոչ ոքի չի ընդունում։

Եվ ոչ ի՞նձ, կանչեց Աննան։

Տիկինն այդպես հրամայեց, պատասխանեց աղախինը։

Ես նրան ցույց կտամ «տիկինն այդպես հրամայեց», ասաց ինքնիրեն Աննան և շտապեց դեպի Էմմայի ննջարանը։ Նա բռնեց դռան փականքից և առաջ հրեց։ Դուռը փակ էր ներսից։

Էմմա, բա՛ց արա, կանչեց նա։

Ներսից ձայն չկար։

Էմմա, բա՛ց արա, կրկնեց նա։

Դարձյալ ձայն չկար։

Չե՞ս լսում, Էմմա։

Նա շարժեց դուռը։

Ո՞վ է, վերջապես լսվեց ներսից Էմմայի ձայնը։

Ես եմ, բաց արա։

Հիմա չեմ կարող ընդունել։

Ասում եմ՝ բաց արա։

Հիվանդ եմ։

Բաց արա, քեզ ասում եմ։

Աննա, խնդրում եմ, հիմա ինձ հանգիստ թող։

Բաց արա, թե չէ կկոտրեմ դուռը, կանչեց Աննան և դուռն ուժգին չրխկչրխկացրեց։

«Ախ», լսվեց ներսից մի հուսահատական հառաչանք, և դուռը բացվեց։

Նրա առջև կանգնած էր Էմման գունատ և անշարժ։

Նրանք միաժամանակ նայեցին միմյանց, որպես երկու կատաղի, անհաշտ թշնամիներ։

Չե՞ս ամաչում... չե՞ս ամաչում... չե՞ս ամաչում, կանչեց Աննան հետզհետե ձայնը բարձրացնելով։ Դու գժվե՞լ ես, թե... Ինչո՞ւ էիր դուռը փակել և չէիր ուզում ինձ ներս թողնել․ ինչո՞ւ էիր փակել, ասա, տեսնեմ։ Նրա համա՞ր, որ ես ուզում եմ քեզ սխալ ճանապարհից հեռացնել, նրա համա՞ր, որ ես քեզ ուզում եմ կորստյան անդունդից հեռացնել, նրա համա՞ր, որ ես քեզ, աստված գիտե, թե ինչպես եմ սիրում։ Խելագա՛ր, անմի՛տ, մեկ մտածիր, թե ի՛նչ ես անում, ի՛նչ սոսկալի թշվառություն ես պատրաստում քեզ, ամուսնուդ և երեխայիդ համար... Ի՞նչ ես տեսել այն սրիկայի, այն կեղծավորի, այն, այն... դիմակավոր ավազակի մեջ, որի համար այդպիսի գժություններ ես անում։ Անմի՛տ, անմի՛տ, դու ամուսին ունես, դու որդի ունես։ Ախր այն սրիկան Զաքարի մի եղունգն անգամ չարժե, ո՞ւմ ես թողնում և ո՜ւմ գիրկն ես ընկնում, խելքդ ո՞րտեղ է։

Հոնքերը կիտած, քթածակերը լայնացրած և ձեռքերը բռունցք կազմած Էմման կանգնած էր նրա առջև անշարժ և, առանց ձայն-ծպտուն հանելու, սառն, արհամարհանքով շարունակ նայում էր հատակին։

Սիրում ես, ո՞վ է քեզ դրա համար մեղադրում, շարունակեց Աննան քիչ հանգստանալով։ Դու ի՞նչ մեղավոր ես, որ սիրում ես... բայց խո հասկանո՞ւմ ես, որ այդ սերը ներելի չէ քեզ, որ դու իրավունք չունես, քո պայմաններում սիրելու ուրիշին, ուրեմն, ինչո՞ւ չես ուզում, որ քանի ուշ չէ, դրա դեմն առնելու համար խելք խելքի տանք, մի բան անենք։ Ինչո՞ւ այդ ծածկում ես ինձնից և դեռ դուռդ փակում ես իմ առջև։ Մի՞թե կարծում ես, որ ես քո վատն եմ ցանկանում, ես, որ մանկական հասակիցս քեզ միշտ հոգով չափ սիրել եմ։ Ի՞նչպես չես տեսնում այն սոսկալի թշվառությունը, որ դու ինքդ պատրաստում ես քեզ համար, դեռ մի կողմը թողնենք Զաքարին ու Արամիկին... Եկ, եկ նստենք այստեղ և խոսենք հանգիստ, եկ։

Եվ նա, բռնելով Էմմայի ձեռքից, համարյա քաշ տվեց նրան իր ետևից, նստեցրեց, իսկ ինքը նստեց նրա դիմաց։

Գիշերը չեմ քնել քո մասին մտածելով, շարունակեց նա։ Երեկվանից դեռ ես իմը չեմ, քո տեղ ես եմ տանջվում, և դու դեռ իմ առջև փակում ես դուռդ... Ախ, Է՛մմա, է՛մմա, ի սեր աստծո, խելքի արի, խելքի, թե չէ... Մոռացիր այն սրիկային, այն ավազակին, նա քեզ չի տալ այն, ինչ որ դու ես ցանկանում. նա միայն կթշվառացնի քեզ, երդվում եմ, որ կթշվառացնի։ Դու չգիտես, թե ինչպիսի մարդ է նա, ի՛նձ հարցրու, ե՛ս եմ ճանաչում նրան. ամեն նայելովս թափանցում եմ նրա հոգին. նրա այն կոռեկտ, գեղեցիկ դիմակի տակ հազար և տասն հազար սատանա կա թաքնված, ի՞նչ ես նայում նրա արտաքինին կամ ի՞նչ ես նայում Զաքարին, որ իր անմիտ և անմեղ գովասանքներով նրան երկիրն է բարձրացնում. Զաքարը միամիտ մարդ է, քեզնից ավելի շուտ խաբվող դու ի՛նձ լսիր, ի՛նձ, ուրիշ ոչ ոքի և, աստված է վկա, չես զղջա։ Ախր մեկ այս էլ մտածիր. նրան որ սիրում ես, այդ աստիճան որ անձնատուր ես եղել այդ սիրուն, որ ոչ մի միջոցով չես ուզում դրա դեմն առնել, վերջն ի՞նչ պետք է անես, ինչո՞վ պետք է այդ բոլորը վերջանա։ Պետք է տունդ, տեղդ, ամուսնուդ, որդուդ թողնես և փախչե՞ս նրա հետ, հա՞․․․ պետք է անարատ անունդ, պատիվդ զոհե՞ս այն սրիկայի համար.․․ կանե՞ս այդ, հա՞ կանե՞ս... Ի՞նչ ես լռել, ինչո՞ւ չես խոսում։

Դու խոսում ես, է՛լի, ես էլ ի՞նչ խոսեմ, ասաց հեգնորեն Էմման, որը արհամարհանքով շարունակ նայում էր ուրիշ կողմ։

Աննան աչքի տակից մի զգաստ և խիստ հայացք ձգեց նրա վրա։

Էմմա, կարճ լռությունից հետո ասաց նա ծանր և հանդարտ, մի՞թե ես այլևս քո մտերիմ ընկերուհին չեմ։

Էմման չպատասխանեց։

Մի՞թե ես այլևս ոչ մի նշանակություն չունեմ քո աչքում։ Մի՞թե անկեղծ սրտացավությունս և սերս միայն արհամարհանք են շարժում քո սրտում։

Էմման լռում էր։

Մի՞թե մի թափառական, մի բախտախնդիր սրիկա, որ զբաղված է ուրիշի երջանկությունը գողանալով և անմեղ ընտանիքներ սրբապղծելով, ինձ էլ կարողացավ քո սրտից հանել։

Էմման հանկարծ նայեց նրան, նրա հայացքը կատաղած էր:

Ի՞նչ ես ուզում ինձնից, հարցրեց նա խստորեն։

Այն սրիկային վռնդիր այստեղից, կանչեց Աննան։

Էմման նույն հայացքով նայեց նրան և սաստիկ կատաղությունից երկար ժամանակ ոչինչ չկարողացավ պատասխանել։

Հիմա ե՛ս պետք է ասեմ քեզ խելքի արի, վերջապես ասաց նա, և վեր կենալով տեղից, հեռացավ մի կողմը։

Ի՞նչ, դու կարծում ես, թե այս անկարելի՞ է, կարճ լռությունից հետո ասաց Աննան։ Ես խո չեմ ասում, թե նրա ցիլինդրը վերցրու և լուսամուտից դուրս շպրտիր կամ թե՝ ծառաներին հրամայիր, որ վզակոթին տալով դուրս անեն այստեղից։ Դու ուղղակի կարող ես հիվանդ ձևանալ և, երբ նա կգա, դուրս չգնալ նրա մոտ, պրծավ գնաց։ Այդպիսով նա ինքն ամեն բան կհասկանա և ոտը կկտրի այստեղից։

Խնդրում եմ, բավական է այդ մասին խոսես, ես այլևս չեմ կարող քեզ լսել, ասաց Էմման և ուզում էր դուրս գնալ։

Ո՛չ, բավական չէ՛, բավական չէ՛, կանչեց Աննան, վազելով նրա ետևից և բռնելով նրան, ես քեզ հանգիստ չեմ տա, մինչև չլսես ինձ, գիշեր-ցերեկ ես կտանջեմ քեզ, մինչև որ դու առաջվա ճանապարհի վրա չկանգնես։ Զազունյանին վռնդիր այստեղից, ես քեզ ասում եմ։

Թե չէ... հեգնական ժպիտով հարցրեց Էմման։

Թե չէ... ես ինքս կխայտառակեմ նրան և կվռնդեմ այստեղից։

Էմման մի ծաղրական֊արհամարհական հայացքով չափեց նրան ոտից գլուխ։

Հետո՞, հարցրեց նա։

Հետո նա ավելի շուտ գլուխը քարովը կտա, քան թե այստեղ այլևս ոտք կդնի։

Իսկ քեզ ո՞վ կվռնդի այստեղից...

Ոչ ոք։

Ե՛ս, խլվելով նրա ձեռքից և գոռոզ հպարտությամբ խփելով իր կրծքին, կանչեց Էմման։ Ե՛ս կվռնդեմ քեզ այստեղից, հասկանո՞ւմ ես, ե՛ս... Այստեղ նայիր․ ո՛վ ո՛ւմ տանն ի՛նչ իրավունքներ է ուզում բանեցնել... Խնդրեմ, խնդրեմ․․․ Դու ինչ-որ քեզ շատ ես երևակայում․.. Քեզ ոչ ոք չի խնդրել, որ գաս այստեղ կարեկից և սրտացավ լինես..․ Խրատներ ունես՝ տար ուրիշին տուր, այստեղ ոչ ոք հիմար չկա... ամեն մեկը իր խելքը, իր հասկացողությունն ունի։ Այնտեղ, այնտեղ, ձեր տանը... այս ուրիշի տունն է...

Եվ դարձյալ մի ծաղրական-արհամարհական հայացքով չափելով նրան ոտից ցգլուխ, ինքնավստահ, հպարտ քայլերով դուրս գնաց։

Աննան մնաց քարացած։

25

Զազունյանը մինչև իր Շ... գնալն անտարբեր չէր դեպի Էմման. նրա սրտումն էլ սիրո նման ինչ-որ բան էր սկսել շարժվել, որին նա համարյա ոչ մի նշանակություն չէր տալիս, որովհետև այդ միայն հիմարություն էր համարում։ Եվ դրա համար նա ուներ երկու պատճառ, որոնց նա ահագին նշանակություն էր տալիս. մեկն այն, որ Էմման ազատ չէր, ամուսին և զավակ ուներ, որոնք նրան սիրում և պաշտում էին, և այդ ամուսինն, իբրև անհատ, իբրև մարդ մի կողմը թողած, իր բարեկամը, իր ընկերն էր, որին դավաճանել չէր կարող, իսկ երկրորդ պատճառը... Սակայն երկրորդ պատճառը, ահագին նշանակություն ունենալով հանդերձ, այն աստիճան մեծ դեր էր խաղացել և դեռ շարունակում էր խաղալ նրա բարոյական աշխարհում, որ նա այդ մասին երբեք չէր ուզում մտածել և ամեն կերպ աշխատում էր մոռացության տալ... Սակայն առաջին անգամ անջատվելով Էմմայից և գնալով Շ..., նա զգաց, որ այն զգացմունքը, որ ինքը կատարյալ հիմարություն էր համարում, այնքան էլ հիմարություն չէր և արդեն կարողացել էր իր համար մի որոշ նշանավոր տեղ բռնել նրա սրտում։ Ինչպե՞ս, ե՞րբ.․․ ահա հարցեր, որոնց նա ինքն էլ չէր կարողանում պատասխանել և որոնք նրան, եթե ոչ երկյուղ, գոնե զարմանք էին պատճառում։

«Հիմարություն է, հիմարություն է», դարձյալ չէր ուզում նա հավատալ, չնայելով, որ Էմմայի պատկերը նրա աչքերի առաջից չէր հեռանում, չնայելով, որ այժմ, հակառակ իր սովորության, սկսել էր անձնատուր լինել «հիմար» ցնորքներին, որոնց մեջ նա մի տեսակ քաղցրություն էր զգում, մի տեսակ ախորժելի կաշկանդող ուժ։ «Հիմարություն է, հիմարություն», անդադար կրկնում էր նա ինքնիրեն։ «Այս մի տպավորություն է, որ շուտով կանցնի»։

Եվ իրավ. «հիմարությունը» սկզբի օրերում միայն հանգիստ չտալով նրան, այնուհետև սկսեց փոքր առ փոքր խաղաղել, իսկ շաբաթներ անցնելուց հետո նրա սիրտն սկսեց բաբախել սովորական կերպով. Էմմայի պատկերն էլ հեռացավ նրա աչքերի առաջից, «հիմար» ցնորքներն էլ հանգիստ տվին նրան. կարծես բոլորովին ոչինչ չէր էլ պատահել։ Այդ բանին քիչ չնպաստեց նրա դատի քննությունը, որ սկզբում շատ վատ էր գնում. նա ակամա ստիպված էր ցնորքները մի կողմ թողնել և մտածել իր դատի մասին, նոր միջոցների դիմել, միշտ աչալուրջ մնալ, որպեսզի դատը տանուլ չտա։ Եվ տանուլ չտվեց։ Ամեն ինչ վերջացնելով և կալվածքների մասին հարկավոր կարգադրություն անելով, նա պատրաստվեց Թիֆլիս վերադառնալու, իսկ Թիֆլիսից մտադիր էր անմիջապես շարունակելու իր ճանապարհորդությունը։ Նախքան Թիֆլիս գնալը, նա մտաբերեց Զաքարի խնդիրը և հեռագրեց նրան։

Երկաթուղու երկրորդ կարգի վագոնում նստած՝ նա վերադառնում էր Թիֆլիս, և նրա երևակայության մեջ նորից հարություն էր առնում Էմմայի պատկերը և դրա հետ առաջվա «հիմար» ցնորքները նորից պաշարում էին նրան։ Այդ բանի համար նա այլևս հաշիվ չէր տալիս իրեն, ուրեմն և չէր աշխատում հեռացնել իրենից երևակայության այդ անկոչ հյուրերին, որոնք ինչ-որ գաղտնի զորությամբ գողունի մտնում էին նրա ուղեղը և զբաղեցնում նրան։ Որքան մոտենում էր Թիֆլիսին, այնքան նրա սիրտը բաբախում էր անհանգստությամբ՝ նա կարծում էր, որ երկաթուղու կայարանում Զաքարի հետ իրեն կդիմավորի և Էմման, և ինքը նրա երևակայական պատկերի տեղ կտեսնի նրա իսկական պատկերը։ Ակամա անհասկանալի մի ցնծություն պաշարեց նրան։ Բայց երբ կայարանում նրան հանդիպեց միայն Զաքարը, նրա այդ ցնծությունը տեղի տվեց մի տեսակ հիասթափության, իսկ երբ Զաքարից իմացավ, որ Էմման նրա մեկնելուց հետո հիվանդացել էր, սկզբում շատ վախեցավ։ «Չլինի՞ թե սիրահարվել է ինձ վրա»․ առաջին անգամ այդ միտքը կայծակի արագությամբ անցավ նրա գլխով և, րոպեական երկյուղից հետո, նրա սիրտը թրթռար մի տեսակ երջանիկ ինքնաբավականությամբ։ Սակայն մտքումը նա իսկույն ևեթ սկսեց ծիծաղել իր վրա, որ այդքան հեռու գնաց, որովհետև ինչպես իր՝ Էմմայի վրա սիրահարվելը, նույնպես և Էմմայի իր վրա սիրահարվելը նա կատարելապես «հիմարություն» էր համարում։ Այնուհետև նույն օրը տեսնելով Էմմայի և սկսելով խոր դիտել նրան, նա մեկ համոզվում էր, որ նա անտարբեր չէ դեպի ինքը, մեկ էլ, իր թերահավատության պատճառով, նրան հակառակն էր թվում, բայց, այնուամենայնիվ, երկու դեպքումն էլ նա ի ներքուստ ավելի հակված էր դեպի վերջին ենթադրությունը։

Օրերն ու շաբաթներն անցնում էին։ Զազունյանն իր սրտի մեջ եղած «հիմարությանն» այժմ իր իսկական անունն էր տալի։ Ինքնախաբեությունով, իհարկե, ոչինչ չէր դառնա․ իրականությունն ամեն դեպքում միշտ իրականություն է մնում։ Օր֊օրի վրա նա սարսափով տեսնում էր, որ այդ «հիմարությունն» ահագին ուժ և զորություն է ստանում և անասելի արագությամբ տիրապետում է նրա բոլոր մյուս զգացմունքներին, նրա ամբողջ էությանը։ Ճանապարհորդությունը շարունակելու միտքը միշտ հալածվում էր նրանից, որպես բռնի ստեղծած ցնորք, երբեմն մտնում էր նրա գլուխը և առանց մի որոշ վճիռ ստանալու, նորից չքանում, անհետանում էր։ Ուրիշ ավելի քաղցր, ավելի հոգեզմայլ ցնորքներ շարունակ վխտում էին նրա գլխում, որպես կախարդիչ հուրիներ, և նրա բոլոր մտավոր կարողությունը կենտրոնացնում էին միայն իրենց վրա։ Որքան նա աշխատում էր սառը, լուրջ խոհականությամբ հալածելու իր գլխից այդ ցնորքները և կշռադատելու իր դրությունը, չափելու այն անդունդի խորությունը, որի մեջ աննկատելի կերպով ընկնում էր ինքը, այնուամենայնիվ, այդ բոլորի հետևանքը դարձյալ առաջվա ցնորքներն էին լինում։ Որքան նա աշխատում էր Էմմայից հեռու փախչել, այնքան այդ նորատի, գեղեցիկ կինը որպես մագնիս ձգում էր նրան դեպի ինքը, և նա չէր կարողանում դիմադրել այդ ձգողական ուժին։ Նա սիրում էր ամենավառ զգացմունքով և անասելի տանջվում էր, որ իր այդ սիրով ոչ իրեն և ոչ Էմմային չի կարող տալ երջանկության մի նշույլ անգամ, այլ, ընդհակառակն, իր հետ նրան Էլ սաստիկ ապերջանիկ կդարձնի։ Նա արդեն բաց է արել սոսկալի թշվառության դուռը և բռնած այդ անմեղ կնոջ ձեռքից՝ ուզում է նրան ներս քաշել այնտեղ... Ո՛չ, n՛չ, թեև արդեն մոտ են այդ թշվառության դռան շեմքին, բայց քանի դեռ ուշ չէ, բանի դեռ չեն կոխել այդ շեմքը, պետք է անհապաղ դրա դեմ միջոցներ ձեռք առնել, պետք է կանգ առնեք, առաջ չգնալ, պետք է ետ դառնալ, պետք է... այո՛, պետք է հեռանալ։ Եթե սիրում է և կամենում է իր սիրո առարկայի երջանկությունը, ապա այդ երջանկությունը, խղճի և առողջ դատողության ասելով, պետք է որոնի միայն իր ընդմիշտ հեռանալու մեջ։ Հապա այն վեհ, բարոյական պարտականությո՞ւնը, որ դրված է նրա վրա՝ որպես ընկերոջ վրա, այդ բառի ոչ թե սահմանափակ, այլ ամենաընդարձակ, բուն նշանակությամբ։ Մի՞թե անձնազոհությունը չէ դրա միակ և ուղիղ միջոցը։ Անձնազոհությո՞ւնը... Մի՞թե դա չէ այն երջանկությունը, որի ետևից վազում է մարդկությունը, բայց այդ որսում է դրա այլանդակած ուրվականը միայն... Մի՞թե սերը չէ դեպի ընկերն, ուրեմն և ինքնուրացությունը, անձնազոհությունն ընկերի համար։ Ինքնուրացություն, անձնազոհություն․․․ Մի՞թե բառը միշտ բառ պետք է մնա, հապա գո՞րծը․․․

"Զազունյան" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Այզորների երգը
Գեորգի Գյուրջիև

Այզորների երգը

Ռուբիկի դիմանկարը
Ռուբիկի դիմանկարը
Խաղա առցանց