Նար-Դոս
Զազունյան
2
5
Չորս օր շարունակ Զազունյանը չերևաց։ Էմման տխուր էր, ինքն էլ չգիտեր ինչու։ Մենակ նստած ժամանակ՝ տան գործերով զբաղվելիս կամ գիրք կարդալիս նրա մտքերն ակամա դառնում էին դեպի Զազունյանը։
«Չէ, շատ տարօրինակ մարդ է», մտածում էր նա։ «Մեկ շատ խորհրդավոր է երևում, մեկ՝ շատ պարզ... չես իմանում, ինչպիսի մարդ է իսկապես։ Այնինչ Զաքարն ասում է՝ ազնիվ, խելոք և... սուրբ մարդ է, սուրբը ո՞րն է... ցիլինդրով էլ սուրբ կլինի՞», ծիծաղում էր նա։ «Բայց ես շատ եմ սիրում, որ ժպտում կամ ծիծաղում է... Մանավանդ նստելը, նստելը... ի՜նչ գեղեցիկ նստում է շիփ֊շիտակ, երբեք ետ չի ընկնում աթոռի մեջքին, իսկ ձեռքերն ի՜նչպես հանգիստ, ազատ է պահում ...»։
Արամի՛կ, հանկարծ կանչում էր նա, նայելով դռան կողմը։ Արա՛մ․.. Մա՛շա...
Ոչ Արամիկ էր հայտնվում, ո՛չ Մաշա։
Արամի՛կ... Մա՛շա... Մաշա, նորից կանչում էր նա։
Մտնում էր ռուս աղախինը։
Ո՞ւր է Արամիկը։
Երեխաների հետ խաղում է բակում, տիկին, կանչե՞մ։
Այո..․ Ոչ։ Թող խաղա, միայն ասա, որ շատ չվազվզի, չքրտնի։
Աղախինը դուրս է գնում։
Այնուհետև էմման սկսում էր մտածել ուրիշ բաների մասին, աշխատելով վանել իր մտքից Զազունյանի պատկերը։
Դրսից կառքի ձայն էր լսում, նա վեր էր կենում, լուսանմուտից նայում էր դուրս և, տեսնելով, որ միայն Զաքարն է, նորից նստում էր իր տեղը։
Մտնում էր Զաքարը՝ մշտական ժպիտը դեմքին։ Նստում էր կնոջ մոտ և սկսում պատմել, ինչ որ գիտեր կամ լսել էր այդ օրը։ Պատմում էր իրեն հատուկ աշխուժությամբ և կատակներով։ Կինն առանց գլուխը բարձրացնելու ձեռագործի վրայից, լսում էր նրան և, երբ հարկավոր էր ծիծաղել, ծիծաղում էր։ Զաքարը պատմում էր, պատմում և, երբ հոգնում էր շատախոսությունից կամ խոսելու նյութը սպառվում էր, վեր էր կենում և գնում առանձնասենյակը։
Զաքար, չորրորդ օրը կանչեց էմման ամուսնու ետևից, երբ նա շատախոսությունից հետո դուրս էր գնում։
Ի՞նչ է, սիրելիս։
Էմման թողեց ձեռագործը և նայեց նրան։
Քո բարեկամն, ինչպես երևում է, մեզ մոռացավ, ասաց նա ժպտալով։
Զազունյա՞նը։
Այո։
Է՜, մի վախիր, նա մեզ այսպես շուտ չի մոռանա։ Երևի գործ ունի, որ այս քանի օրը չի այցելում։ Սակայն այս երեկո ես մտադիր եմ գնալ նրա մոտ հյուրանոց։ «Գրանդ Օտելումն» է իջած։ Ուզո՞ւմ ես միասին գնանք։
Այդ ի՞նչ է անդրավարտիքդ, նկատեց էմման. համարյա կոշիկներիդ տակն է ընկել, չե՞ս կարող փոքր-ինչ վեր քաշել։
Զաքարը նայեց ոտներին և քթերի վրա բարձրանալով, սկսեց վեր քաշել անդրավարտիքը։
Վեր քաշելը չի օգնում, սիրելիս, օրը հազար անգամ վեր եմ քաշում, դարձյալ ոտներիս տակն է ընկնում։ Չգիտեմ սա՞ է երկար, թե ես եմ կարճ, ավելացրեց նա։
Անշուշտ դու ես կարճ և պետք է փոքր֊ինչ երկարես, ասաց էմման ժպտալով։
Զաքարը բարձրաձայն ծիծաղելով դուրս գնաց։ Մյուս սենյակից լսվեց նրա անճոռնի ձայնը, որ հեռանալով ինչ-որ երգում էր։
Էմման շարունակեց ձեռագործը և ցածր ձայնով ձայնակցեց նրան։ Նրա դեմքն այժմ ամբողջապես ժպտում էր։ Նրա անորոշ տխրությունը կատարելապես անցել էր։ Այժմ իրեն շատ հանգիստ և ուրախ էր զգում։
Երեկոյան մարդ ու կին, դուրս գալով զբոսանքի, ճանապարհին պետք է անցնեին Զազունյանի կողմը և եթե նրան հյուրանոցում գտնեին, պետք է վերցնեին իրենց հետ։ Չնայելով, որ ցերեկը բավականին տաք էր, բայց արևը մայր մտնելուց հետո, ինչպես մարտին լինում է միշտ, եղանակը զգալի կերպով ցրտել էր։ Նրանք նստեցին մի կառք և քշել տվին դեպի Միքայելյան կամուրջը։ «Գրանդ Օտելի» առաջ Զաքարը կառքը կանգնեցնել տվեց։
Բարձրանանք Զազունյանի մոտ, էմմա։
Ոչ, ես չեմ գա, դու բարձրացիր։
Ինչո՞ւ։
Մի րոպեի համար արժե՞ բարձրանալ։ Դու գնա, ես այստեղ կսպասեմ։
Ինչպես կամենում ես։
Զաքարն իջավ կառքից և մտավ հյուրանոց։ Էմման մնաց կառքի մեջ և սպասում էր։ Չանցավ երեք րոպե, հյուրանոցի երկրորդ հարկի պատշգամբներից մեկի դուռը բացվեց, և գլխաբաց դուրս եկավ Զազունյանը, իսկ նրա ետևից՝ Զաքարը։
Տիկին, ինչո՞ւ չեք բարձրանում, ցած նայելով, ասաց Զազունյանը։ Խնդրեմ շնորհ բերեք։
Էմման իջավ և մտավ հյուրանոց։ Սանդուղքի վրա, մի քանի աստիճան շտապով իջնելով, ընդունեց նրան Զազունյանը և բարեկամաբար սեղմեց նրա ձեռքը։
Մի՞թե ձեզ հաճելի չէ ժամանակավոր բնակարանս արժանացնելու ձեր այցելության քաղցր պատվին, ասաց նա ժպտալով։
Չէ, գիտե՞ք, պ. Զազունյան, որովհետև զբոսանքի Էինք դուրս եկել, այդ պատճառով էլ չուզեցի մի քանի րոպեի համար իզուր բարձրանալ։
Ի՛նչ, զբոսանքի համար միշտ ժամանակ կարող եք գտնել։
Եվ, բացի դրանից, վախենում էի ձեզ անհարմար դրության մեջ դնեինք։
Ախ, դուք դարձյալ ինձ ամաչեցնում եք, տիկին, կանչեց Զազունյանը։ Ձեր այցելությունն ինձ համար միշտ փափագելի և սիրելի է։ Խնդրեմ համեցեք։
Այդ խոսքերի հետ նա բաց արեց իր սենյակի դուռը և ետ կանգնեց՝ էմմային ներս թողնելու համար։ Էմման մտավ։ Նրա ետևից՝ ինքը։
Տեսնո՞ւմ ես, էմմա, ասաց Զաքարը, դու ինձ հակառակում էիր, բայց Զազունյանը կարողացավ քեզ բերել այստեղ։
Եվ ես դրա համար շատ շնորհակալ եմ տիկնոջից, ասաց Զազունյանը և մի բազկաթոռ առաջ քաշելով՝ առաջարկեց էմմային։ Եվ չնայելով, որ դուք ուզում եք գնալ զբոսանքի, շարունակեց նա, բայց և այնպես այս երեկո ձեզ այդ չի հաջողվի։
Ի՞նչպես, հարցրեց Զաքարը։
Որովհետև դուք իմ հյուրս եք լինելու։
Ի՜նչ։
Այո՛, այո՛, ժպտալով պնդեց Զազունյանը և մոտենալով էլեկտրական հնչակի զսպանակին՝ մատով սեղմեց։ Դրսից լսելի եղավ հնչակի անընդհատ, դողդոջուն ձայնը, և նույն րոպեին ներս մտավ իմերել սպասավորը։ Զազունյանը հանեց գրպանից երկու հատ քսան կոպեկանոց և, տալով ծառային, ասաց, որ կառքը ճանապարհ ձգի։
Վա՛հ, ի՞նչ ես անում, այնպես գոռաց Զաքարը, որ խեղճ իմերել սպասավորի աչքերը չռած մնացին։ Նա վեր թռավ տեղից, վազեց ծառայի մոտ և խլեց նրա ձեռքից փողերը։ Այդ քաղաքավարությունը ո՞րտեղից ես սովորել, բարեկամ, ասաց նա լրջությամբ նայելով Զազունյանի աչքերին և փողերը վերադարձնելով նրան։ Վախենում ես, որ իմ գրպանում քառասուն կոպեկ չգտնվի՞։ էմմա, մենք մնում ենք, չէ՞, դարձավ նա կնոջը։ Այո, մնում ենք, նրա տեղ պատասխանեց ինքը և հանելով կառքի վճարը՝ տվեց ծառային, որ կառքը ճանապարհ ձգի։
Սպասավորը դուրս գնաց։
6
Այժմ դուք էիք ուզում մեզ ամաչեցնել, պ. Զազունյան, ժպտալով դիմեց նրան էմման։
Ես բոլորովին չէի կարծում, տիկին, թե դրանով ձեզ վիրավորած կլինեմ, ասաց Զազունյանն անկեղծությամբ։ Խնդրում եմ, ներեցեք։
Չէ, հիմա մեղա էլ կարդա, կանչեց Զաքարը, նստելով բազկաթոռի վրա։ Դու մեզ այս ասա, այս քանի օրը ո՞րտեղ էիր։ Կինս այսօր իզուր չնկատեց, որ դու մեզ մոռացել ես։
Այս քանի օրս այնպես զբաղված էի, որ բոլորովին ժամանակ չէի գտնում ձեզ այցելելու, ինչքան էլ այդ ինձ համար ցանկալի լիներ, պատասխանեց Զազունյանը, նստելով աթոռի վրա, ինչպես միշտ սովորություն ուներ, ուղիղ, առանց դեմ ընկնելու նրա մեջքին։ Ձեզ, կարծես, ասել եմ, որ գործս երեք շաբաթից պետք է քննվի, այնպես որ ես հիմա շտապում եմ պատրաստություններս տեսնել։ Ահա, հենց հիմա էլ այդ գործի վերաբերմամբ բարեկամիս մի նամակ էի գրում (նա ցույց տվեց գրասեղանի վրա դրած թուղթն ու թանաքամանը)։
Ո՞վ գիտե, մենք ձեզ խանգարեցինք, ասաց էմման։
Բոլորովին ոչ. ես արդեն վերջացրել էի։
Ուրեմն դու անձամբ ներկա պետք է գտնվես գործիդ քննությանը, ասաց Զաքարը։
Անկասկած։ Եկող շաբաթ պետք է գնամ Շ...։
Երկա՞ր կտևի դատը։
Ո՞վ գիտե... բայց կարծում եմ, որ շուտով կվերջանա, բոլոր փաստերն իմ օգտին են խոսում։
Նա բացատրեց գործի դրությունը և այն փաստերը, որոնցով պետք է տաներ գործը։ Նա խոսում էր իրեն հատուկ վստահ, հանդարտ եղանակով և առանց բառերի մեջ շփոթվելու, կարծես ասելիքն առաջուց անգիր էր արել։ Երևում Էր, որ, տաքացած ժամանակ անգամ, ուրիշ կերպ չէր կարող խոսել, եթե ոչ նույն եղանակով։ Խոսելու ժամանակ նա մերթ նայում էր Զաքարին, մերթ՝ Էմմային։
Չնայելով, որ էմմային նրա գործն այնքան էլ չէր հետաքրքրում, բայց և այնպես աշխատում էր ուշադիր լսել։ Նա շարունակ նայում էր Զազունյանի դեմքին, նայում էր հանդարտ, այնպես, ինչպես սովորաբար նայում են խոսողի դեմքին. բայց այդ ժամանակ նա ավելի մտածում էր այդ մարդու մասին, քան թե հետևում նրա խոսակցության թելին։ Եվ այդ պատճառով նա բոլոր ժամանակ համարյա լուռ էր։ Նրա գլխում արագությամբ զարթնում և անցնում էին այդ մարդու կյանքից զանազան անցքեր, որ մի քանի օր առաջ պատմել էր ամուսինը։ Այնուհետև զննողաբար նայում էր այդ մարդու դեմքի գծագրությանը, հագուստին, ուշադրությամբ լսում, թե ինչպես է հնչում նրա ձայնը, ինչպես է արտասանում բառերը, դարձյալ նայում էր, թե ինչպես է նստած աթոռի վրա, ոտներն ինչպես ունի դրած, արդյոք ետ չի՞ ընկնի աթոռի մեջքին կամ ձեռքերը չի՞ հեռացնի ծնկների վրայից։
Գիշերվա ժամը տասն էր, երբ երեքն էլ դուրս եկան հյուրանոցից։ Եղանակը բոլորովին ցրտել էր։ Երբեմն փչում էր մարտին հատուկ, թեև հանդարտ, բայց սառը, թափանցող քամի։ Գիշերային մուգ կապույտ երկինքը պարզ էր. աստղերը սովորականից խոշոր էին երևում. նրանք պսպղում էին այն պարզ, պայծառ լուսով, որ սովորաբար լինում է ցուրտ, պարզկա գիշերներին։ Վերջին քառորդի լուսնի եղջյուրը, որ արդեն բարձրացել էր հորիզոնից, աղոտ լույս էր սփռում քաղաքի վրա։
Էմման հենվեց ամուսնու թևին, իսկ Զազունյանն անցավ էմմայի կողմը, և երեքով անցան Գոլովինսկի պրոսպեկտ։ Երեքն էլ լավ տրամադրության մեջ էին, մանավանդ էմման. նրա սիրտը լի էր այն անմիտ, անխորհուրդ անձկությամբ, որով մարդ այսպիսի րոպեներին մի տեսակ քաղցր տանջանքով մի բանի, մի անհասկանալի բանի է ձգտում, ինչ բանի՝ ինքն էլ չգիտե։ Նա մինչև անգամ զգում էր, թե պատրաստ է արտասվելու։
Նա բարձրացրեց գլուխը և նայեց երկնքին։
Ի՜նչ սիրուն գիշեր է, շշնջաց նա, կարծես ինքն իրեն։
Բայց ցուրտ է, նկատեց ամուսինը։
Այո, լավ գիշեր է, բայց ցուրտ է, ասաց Զազունյանը, նույնպես նայելով երկնքին։ Եվ ցուրտը բավական զգալի է, այնպես որ ես վախենում եմ, թե դուք կմրսեք, տիկին։
Էմմային շատ դուր եկան այդ վերջին խոսքերը։ Նա նայեց Զազունյանին և քնքշությամբ, կարծես շնորհակալություն հայտնելով, ժպտաց.
Մի վախենաք, պ. Զազունյան, ասաց նա, ես այնքան էլ քնքուշ արարածներից չեմ, ինչպես դուք եք կարծում։ Ես այնքան տաք եմ հագնված, որ ցուրտն այժմ ինձ մինչև անգամ ախորժելի է։ Ա՜յ, գուցե դուք մրսեք, որովհետև թեթև վերարկուով դուրս եկաք։
Ե՞ս։ Չէ, ոչինչ, տիկին, պատասխանեց ժպտալով Զազունյանը։ Դուք մոռանում եք, որ ես ճանապարհորդ եմ, իսկ ճանապարհորդը ցրտին էլ սովոր կլինի, շոգին էլ։
Մեկ ինձ էլ հարցրեք, է՜, կանչեց Զաքարը։ Չնայելով, որ վերարկուով փալանված եմ, բայց դարձյալ մրսում եմ, ինչի՞ցն է։
Ինչի՞ցը։ Ասեմ քեզ, պատասխանեց էմման ծիծաղելով։ Որովհետև, դու բժիշկ ես, իսկ հայտնի է, որ բժիշկներն անդադար իրենց լավ պահելու հոգսում լինելով, ամեն մի հակաառողջական բանից լինի դա ցուրտ, շոգ կամ մի ուրիշ բան երկյուղ են կրում։ Իսկ այս էլ հայտնի է, որ մարդ, երբ որևէ բանից անդադար երկյուղի մեջ է, այդ բանը նրա համար ավելի զգալի է, քան ուրիշի համար, որ դրա վրա ուշադրություն չի դարձնում։
Բռա՜վո, կանչեց Զաքարը։ Բռա՜վո, էմմա, բռավո... Աստված է վկա, շատ հավանեցի բացատրությունդ։ Արսեն, լա՞վ բացատրեց, չէ՞։
Չնայելով, որ տիկինը կատակով տվեց իր բացատրությունը, բայց շատ ճիշտ բացատրեց, ասաց Զազունյանը։ Միայն մի բանում սխալվեց․ տիկինն ասաց որ, դու ամեն մի աննշան հակաառողջական բանից երկյուղ ես կրում, բայց այդպես չէ, այլ պետք է ասեր՝ ամեն մի, բացի մի բանից․․․
Որ ճաշից հետո անմիջապես քնո՞ւմ եմ, կոմիկական սարսափով կանչեց Զաքարը և իր սովորության համեմատ՝ ծիծաղեց։
Հենց այդ է, որ գտար, ասաց Զազունյանը հանդարտ ծիծաղելով։
Էմման նույնպես ծիծաղեց և նայեց Զազունյանին։
Իմ խեղճ բժշկիս լավ եք պատժում, պ. Զազունյան, ասաց նա։
Իմ հա՛խս է, իմ հա՛խս է, կանչեց Զաքարը։
Մի ժամի չափ զբոսնելով, էմման հանկարծ հիշեց Արամիկին և ստիպեց ամուսնուն, որ տուն գնան, չնայելով, որ տրամադրված էր թեկուզ մինչև լույս զբոսնելու։ Չնայելով, որ աղախինն առանձնապես հենց Արամիկի համար էր վարձված, իբրև դայակ, բայց այնուամենայնիվ գիշերները մայրը ինքն էր իր ձեռքով որդու հագուստը հանում և պառկեցնում քնելու։
Այս ժամանակ նա արդեն, ով գիտե, տասն երազ էլ է տեսել, ասաց Զաքարը։
Չէ, չէ, գնանք շուտով, սիրտս չի համբերում, շտապեցրեց էմման։
Գնանք։ Ուրեմն՝ բարի գիշեր, Արսեն, ասաց Զաքարը բաժանվելիս։ Վաղն անցիր մեր կողմը։
Այո, պ. Զազունյան, վաղը շնորհ բերեք մեր տուն, ասաց իր կողմից էմման։
Ցավում եմ, որ վաղը ոչ մի կերպ չեմ կարող գալ, տիկին, պատասխանեց Զազունյանը։ Առայժմ գործս շատ խճճված է, այնպես որ ուզում եմ օր առաջ ամեն ինչ կարգի ձգել, որպեսզի այնուհետև ազատ լինեմ։ Եթե կամենում եք, մյուս օրն ես ձեզ անհանգստություն կպատճառեմ իմ այցելությունով։
Եղբայր, ի՛նչ հարկավոր է այդպես կոմպլիմաններով խոսել. կանչեց Զաքարը։ Ուղղակի ասա՝ կգամ, էլի։
Ինչպես կամենում եք, ասաց Զազունյանին էմման։ Միայն թե դուք մեզ այս մի քանի օրվա պես չմոռանայիք։
Ասենք մոռանալով չի մոռանալ, բայց այս է, որ անպիտան գործերը միշտ խանգարում են, մեջ ընկավ Զաքարը։
Չնայելով, որ մենք բոլորովին միայնակյաց կյանք ենք վարում և սիրում ենք այսպիսի կյանքը, շարունակեց Էմման, բայց և այնպես ձեր ներկայությունը մեզ համար միշտ հաճելի է։
Այո, պարոն, ձեր ներկայությունը մեզ համար միշտ հաճելի է, կնոջը նմանեցնելով ասաց Զաքարը։ Բայց ճաշին կգաս, գիտե՞ս, Արսեն, թե չէ՝ ուրիշ ժամանակ մենք չենք ընդունի քեզ, այս լավ իմացիր։
Շատ լավ, շատ լավ, ասաց Զազունյանը։
Նրանք սեղմեցին միմյանց ձեռքը, բարի գիշեր մաղթեցին և հեռացան միմյանցից։
7
Բաժանվելով Մարկոսյաններից, Զազունյանը դիմեց դեպի հյուրանոց։ Հակառակ իր սովորության՝ գնում էր դանդաղ քայլերով, ցիլինդրը աչքերի վրա վայր թողած և, գլուխը խոնարհած դեպի գետին։ Մինչև Մարկոսյաններից բաժանվելը ուրախ տրամադրության մեջ էր, բայց նրանցից բաժանվելուց հետո անզգալի կերպով փոքր առ փոքր սկսեց մտախոհության մեջ ընկնել, և միևնույն ժամանակ մի տեսակ հանդարտ տխրություն պաշարեց նրան։ Ի՞նչն էր նրա մտախոհության և տխրության պատճառը ինքն էլ չգիտեր և բոլորովին չէր աշխատում իմանալ, կարծես, այդ այդպես էլ պետք է լիներ, ուրիշ կերպ չէր կարող լինել։ Ճանապարհին համարյա ոչինչ և ոչ ոքի չէր տեսնում։ Երբեմն միայն բարձրացնում էր գլուխը և այդ միջոցներին, ինչպես երազի մեջ կամ նիրհելիս, աղոտ կերպով տեսնում էր ծառեր, որոնք մայթի այս ու այն կողմն իրենց մերկ ճյուղերով ցից՝ անշարժ կանգնած էին. տեսնում էր անհամար վառ լապտերներ, որոնք շրջապատող մշուշի մեջ աղոտ լույս էին տարածում. տեսնում էր կառքեր, որոնք, իրենց լապտերների ցնցվող լուսով շտապով անցնում էին և փողոցի լռության մեջ ահագին դղրդոց էին բարձրացնում. հանդիպում էր մարդկանց, որոնք՝ ձեռքերը գրպանների մեջ դրած՝ նույնպես շտապով անցնում էին նրա մոտով։ Նա համարյա չիմացավ, թե ինչպես հասավ հյուրանոց և բաց արեց դուռը։ Շեկ ու նիհար ռուս դռնապանը, չնայելով, որ դեռևս վաղ էր, նիրհում էր իր աթոռի վրա։ Դռան բացվելու ձայնը սթափեցրեց նրան և նա, աչքերը բանալով, վեր կացավ տեղից։ Զազունյանը մինչև անգամ չնայեց նրան և նույն դանդաղ քայլերով սկսեց բարձրանալ սանդուղքով։
Մի քանի աստիճան բարձրացած՝ նրա ականջին դիպավ հյուրանոցի դռան պինդ բացվելու և առավել ևս պինդ խփվելու չրխկոց, և միևնույն ժամանակ լսվեց երկու հոգու շտապ քայլերի և խոսակցության ձայն, որ, ինչպես երևում էր, մեկը տղամարդի էր պատկանում, մյուսն՝ կնամարդի։ Նա ետ չնայեց և նույն դանդաղությամբ, նույն մտախոհությամբ շարունակում էր բարձրանալ։ Սանդուղքի կիսում նոր մտածները հասան նրան, շարունակելով բարձրաձայն խոսել։ Նրանք խոսում էին ռուսերեն։ Զազունյանն ուշադրություն չդարձրեց, թե ինչ են խոսում նրանք, այլ միայն գլուխը կամաց բարձրացրեց և անուշադիր կերպով նայեց նրանց, երբ նրանք շտապով անցան նրա կողքից և բարձրանում էին։ Տղամարդու երկար շինելը ցույց էր տալիս, որ նա զինվորական էր։ Զազունյանը նրա դեմքը կարողացավ տեսնել միայն հարևանցիորեն։ Նրան հանկարծ թվաց, թե այդ զինվորականի դեմքը ծանոթ է իրեն, նույնպես և ձայնը, որը նրա մեջ ինչ֊որ մութ հիշողություն է զարթեցնում, բայց որովհետև նրան չհաջողվեց լավ տեսնել զինվորականի դեմքը կամ կրկին անգամ լսել նրա ձայնը, և, միևնույն ժամանակ, որովհետև ինքը մի տեսակ անորոշ դրության մեջ էր գտնվում, այդ պատճառով այլևս չաշխատեց իմանալ, թե որտեղ էր տեսել այդ դեմքը կամ որտեղ էր լսել այդ ձայնը։ Այնինչ կնոջ դեմքը նա պարզորոշ տեսավ։ Բարձրահասակ, տաք և գեղեցիկ հագնված, առողջ կազմվածքով, շիկահեր, կապուտաչյա, ավելի տգեղ քան թե գեղեցիկ, անդադար ժպտող, լիրբ հայացքով մանկահասակ կին էր։ Նա նայեց Զազունյանին, և նրա հայացքը վերջինիս դուր չեկավ։ Զազունյանը գլուխը խոնարհեց և, համարյա բոլորովին մոռանալով նրանց, նույն դանդաղությամբ, նույն մտախոհությամբ բարձրացավ նրանց ետևից։ Երբ միջանցքում նա գլուխը բարձրացրեց, նրանք այլևս չկային։ Նա բաց արեց իր սենյակի դուռը և մտավ։ Սեղանի վրա վառվում էին մոմերը։ Գլխից հանեց ցիլինդրը, դրեց բազկաթոռի վրա, իսկ ինքը նստեց սեղանի մոտ՝ աթոռի վրա, մեջքը դեպի մոմերն անելով, և ավելի խորասուզվեց իր մտախոհության մեջ։
Նա մտածում էր Մարկոսյանների մասին։
Մինչև այդ օրը նա այնքան էլ ուշադրություն չէր դարձնում իր վաղեմի ընկերոջ և նրա մանկահասակ կնոջ վրա մինչև անգամ իրենց հանդիպման առաջին օրը նա այն ջերմ զգացմունքով չընդունեց նրանց, ինչպես որ պետք էր, և նրանց հետ ունեցած իր հարաբերությանն ավելի սովորական ձև էր տալիս, քան մտերմական. բայց այդ օրը, երեկոյան, երբ Զաքարն անսպասելի կերպով մտավ իր մոտ և հայտնեց նրան, որ կինը սպասում է դուրսը և նա, դուրս գնալով պատշգամբը, տեսավ էմմային կառքի մեջ նստած, հանկարծ մի ինչ-որ բան շարժվեց նրա սրտում։ Շնորհակալության զդացմո՞ւնք էր այդ, համակրությո՞ւն, թե՞ խորին հարգանք, նա ինքն էլ չգիտեր, միայն զգաց, որ այդ րոպեից նա այլևս այն սովորական հայացքով չնայեց էմմային, ինչպես առաջ, այլ մի ուրիշ տեսակ, այնպես, ինչպես նայում են իրենց ամենամոտիկ բարեկամին, սրտակցին։ Այնուհետև, երբ ընդունեց էմմային սանդուղքի վրա և ներս հրավիրեց իր սենյակը, նա մի տեսակ ազնիվ հպարտություն զգաց․ կարծես անարժան էր համարում իրեն, որ այդ գեղեցիկ, քնքուշ մանկահասակ կինը պատիվ է անում իրեն այցելելու։ Կարծես նրա աչքերը նոր բացվեցին, և նա տեսավ, թե որքան ուշադրության արժանի և համակրելի կողմեր ունի այդ կինը։
Երկար ժամանակ նա նստած էր նույն անշարժ դրության մեջ։ Շրջապատող կատարյալ լռությունը նպաստում էր նրա մտախոհությանը։ Երբեմն միայն փողոցից խուլ կերպով լսվում էր որևէ կառքի դղրդոց, բայց նա այն աստիճան խորասուզված էր իր ակամա, անորոշ մտախոհության մեջ, որ բոլորովին ոչինչ չէր լսում։ Հանկարծ սթափվեց, նայեց ճրագներին, ինքն էլ չիմանալով, թե ինչու, ձեռքով շփեց դեմքը, վեր կացավ և սկսեց ետ ու առաջ քայլել սենյակում։ Նոր հասկացավ, որ մտախոհությունն իրեն շատ հեռու էր տարել։ Նա կատարելապես տիրապետեց իրեն և դուրս գնաց պատշգամբ՝ փոքր֊ինչ հովի դիպչելու։ Սառն օդն ախորժելի թվաց նրան։ Հինգ րոպեի չափ մնալով պատշգամբում և մտածմունքները բոլորովին ցրելով, նա նորից մտավ սենյակը, դուռը փակեց, հանվեց և պառկեց։ Մինչև քունը բոլորովին կգար, սկսեց մտածել ուրիշ բաների մասին, իր կալվածքների առաջիկա դատի մասին, ճանապարհորդության միջոցին իրեն պատահած զանազան արկածների մասին։ Այնուհետև սկսեց հիշել իր անցյալ կյանքից զանազան անցքեր և այդ ժամանակ հանկարծ հիշեց այն զինվորականին և նրան ուղեկցող կնոջը, որոնց այդ գիշեր պատահեց հյուրանոցի սանդուղքի վրա։ Զինվորականին հիշելուն պես՝ այս անգամ մտաբերեց, թե ով էր նա... Ու վեր թռավ տեղից, նստեց անկողնի վրա և մեքենայաբար նայեց դռան կողմը, կարծես զինվորականը պետք է ներս մտներ։
«Մի՞թե այդ նա էր․․․ հապա նա՞․․․», ասաց նա համարյա բարձրաձայն։
8
Երկրորդ օրը Զազունյանը հիշեց, որ պետք է գնա Մարկոսյանների տուն։ Ուզում էր և՛ գնալ, և՛ չէ, բայց որովհետև խոսք էր տվել, չէր կարող չգնալ։ Եվ գնաց։
Ժամը երեքն էր։ Զաքարը տանը չէր, դեռ չէր վերադարձել հիվանդանոցից։ Զազունյանին առաջին օրվա պես դիմավորեց էմման։
Ես ձեզ ավելի վաղ էի սպասում, պ. Զազունյան, ասաց նա իրեն հատուկ քնքուշ, շնորհալի ժպիտով, ամուսինս էլ ձեզ դեռ առավոտյան էր սպասում թեյի, չնայելով, որ ասել էր ճաշին շնորհ բերեք։
Ես այնքան խառնված եմ, տիկին, որ սրանից վաղ գալ չէի կարող, պատասխանեց Զազունյանը՝ նստելով ոչ թե առաջարկած բազկաթոռի, այլ աթոռի վրա՝ իր սովորության համեմատ՝ առանց դեմ ընկնելու նրա մեջքին։
Էմման նստեց նրա դիմաց։
Կներե՞ք արդյոք, ասաց նա ձեռքը մեկնելով մոտի փոքրիկ սեղանի վրա դրած ձեռագործին, որով զբաղված էր մինչև Զազունյանի գալը։
Խնդրեմ, խնդրեմ, տիկին։
Էմման վերցրեց ձեռագործը։
Ես ձեզ արդեն տնային մարդու տեղ եմ ընդունում, պ․ Զազունյան, ասաց նա՝ սկսելով արագ գործել և շարունակ նայելով գործվածքին, և այդ պատճառով չեմ ուզում հետևել հյուրասիրության խստապահանջ կանոններին և կարծում եմ, որ դուք դրա համար ինձ կներեք։
Այդ ինձ համար շատ քաղցր է լսել, տիկին, թեև չգիտեմ, ճշմարիտ, թե ինչով եմ արժանացել այդ քադցր պատվին։
Էմման գլուխն ավելի խոնարհեց ձեռագործի վրա, և նրա մատներն սկսեցին ավելի արագ շարժվել։
Որովհետև դուք իմ ամուսնուս բարեկամն եք, արագախոսությամբ ասաց նա, այդ պատճառով ուզում եմ որ և ի՛մ բարեկամը լինեք։
Զազունյանը, որ ուղղակի նայում էր նրա դեմքին, տեսավ, թե ինչպես շառագույնը պատեց նրան։ Այդ րոպեին էմման այնքան նազելի, այնքան հրապուրիչ, այնքան գեղեցիկ էր, որ Զազունյանը ակամա հիացավ։ Նա ոչինչ չգտավ ասելու, շփոթվեց, չգիտեր ինչ պատասխաներ։
Հանկարծ էմման բարձրացրեց գլուխը և, շնորհալի ժպիտով նայելով նրան, մեկնեց դեպի նա ձեռագործը։
Ի՞նչպես է, հավանո՞ւմ եք, հարցրեց։
Զազունյանն առավ և նայեց։ Ձեռագործը շատ նուրբ էր։
Ես առանց չափազանցելու կասեմ, տիկին, ասաց նա, շատ սիրուն և շատ սիրելի բան է։
Էմման կարմրեց, ինչպես միշտ սովորություն ուներ կարմրելու, երբ նրան որևէ բանի համար գովում էին, այդպիսի դեպքերում նրա գեղեցիկ դեմքը միշտ կուսական ամոթխածություն էր արտահայտում։
Բայց կարծում եմ, որ Զաքարը ինձնից ավելի լավ կգնահատի, ավելացրեց Զազունյանը, վերադարձնելով նրան ձեռագործը, որովհետև նրա ճաշակը թե՛ ավելի ինքնուրույն է և թե՛ ավելի զարգացած։
Էլ նրա մասին մի հարցնեք, ասաց էմման ծիծաղելով. ինչքան էլ անճոռնի, հիմար բան դուրս գա ձեռքիցս, նա անպատճառ պետք է գովի, երկինք բարձրացնի։ Եվ միայն իմ վերաբերմամբ չէ, ամեն մեկի և ամեն բանի վերաբերմամբ նա միշտ լավ աչքով է նայում։ Աշխարհիս երեսին նրա համար վատ ասած բան գոյություն չունի․ ինչ որ կա, ասում է, ինչ որ գոյություն ունի, ուրեմն լավ է։ Թունդ լավատես է։
Զազունյանը կամաց ծիծաղեց։
Զաքարը իրավունք ունի, ասաց նա, ամեն բան, ինչ որ գոյություն ունի աշխարհիս երեսին, ուղղակի թե անուղղակի դեպի լավը, դեպի բարին է ծառայում։ Մարդիկ միայն բարի են ծնվում, իսկ չար երբեք։ Չարը բնական օրենք չէ, այլ սոցիալական անարդար կարգերի հետևանք։ Այդ պատճառով համարձակ կարելի է ասել, որ զարգացումը, լուսավորությունը հետզհետե առաջ գնալով և սոցիալական անարդար կարգերը վերանալով, մարդկությունը վերջ ի վերջո կհասնի այնպիսի մի ժամանակաշրջանի, ուր չարը բոլորովին կվերանա, և բարին միայն կտիրապետի աշխարհիս երեսին։
Ինչպես տեսնում եմ, դուք նույնպես լավատես եք, պ․ Զազունյան, նկատեց նրան էմման ժպտալով։
Զազունյանը նույնպես ժպտաց։
Սխալվում եք, տիկին, ասաց նա։ Ես հոռետես եմ և հոռետես ոչ թե hոգով, ինչպես որ այժմ տարածված է հոռետեսությունը դեռ կյանք չմտածներից մինչև կյանքի մեջ փտածները, այլ հոռետես եմ հոգով։ Որքան էլ ձեզ այդ հակասություն թվա իմ հայտնած հայացքներին, այնուամենայնիվ, այդ այդպես է։ Այդպիսի հակասություններ հատուկ են մարդկային բնավորությանը։ Բայց ես հոռետես եմ ինքս իմ մեջ. իսկ կյանքի մեջ, մարդկանց վերաբերմամբ ուզում եմ լավատես լինել և միշտ ձգտել եմ լավագույն հարաբերություններ պահպանել նրանց հետ։ Ես առանձնապես հետաքրքրվել եմ Շոպենհաուերի և Հարտմանի վարդապետությամբ. նրանք, ճիշտ է, մտքի մեծ պաշար են տալիս, բայց սրտին և ո՛չ մի։ իրենց հոռետեսությամբ նրանք բանն այնտեղ են հասցնում, որ առաջարկում են ամբողջ մարդկությունը միանգամից ոչնչացնել. թշվառությունը խո թշվառություն է, նրանք երջանկությունն էլ թշվառություն են համարում, մարդկության համար միակ երջանկությունը նրանք կատարյալ ոչնչացումի մեջ են գտնում։
Զազունյանն իրեն հատուկ հանդարտ եղանակով դեռ երկար ժամանակ խոսում էր այդ երկու նշանավոր հոռետես փիլիսոփաների վարդապետության մասին։
Էմման գործում էր և հետաքրքրությամբ լսում։ Նա բավական լավ կրթություն էր ստացել և ինչպես ամուսնանալուց առաջ, նույնպես և ամուսնանալուց հետո շարունակ պարապում էր ընթերցանությամբ, հետաքրքրվում էր գրական ամեն տեսակ նորություններով, այդ պատճառով Զազունյանի հայտնած կարծիքները և դատողությունները վերացական չպետք է թվային նրան, ընդհակառակն, նա շատ լավ հասկանում էր Զազունյանի ասածները Ա հարկավոր դեպքում ինքն էլ հայտնում էր իր կարծիքները, իսկ երբեմն էլ՝ հակաճառում նրան։
9
Խոսակցությամբ տարված՝ նրանք չնկատեցին, թե ինչպես ժամանակն անցավ։ Նրանք դարձյալ նույն նյութի մասին էին խոսում, երբ Զաքարը վերադարձավ պաշտոնատեղից։ Նա անչափ ուրախացավ, որ Զազունյանն եկել էր, և երբ իմացավ, թե խոսակցությունն ինչի մասին էր, ասաց, թե ինքն էլ ամենաոխերիմ թշնամի է հոռետեսության և ցավ հայտնեց, որ ինքը ներկա չէր եղել մի այդպիսի հետաքրքիր խոսակցության։ Նա չգիտեր ինչպես արտահայտեր իր ուրախությունը. իր սովորության համաձայն՝ շարունակ ծիծաղում էր, կատակներ անում, կամ խոսում էր լրջորեն Զազունյանի հետ, կնոջ հետ, երբեմն սրա մոտ նստելով, երբեմն նրա մոտ, երեխայի նման խաղում էր Արամիկի հետ, երբեմն մատով ծածուկ խփում էր նրա գլխին և ցույց էր տալիս, թե խփողն ինքը չէ, դուրս ու տուն էր անում, երբեմն խոհանոց, երբեմն սեղանատուն, խոհարարի և ծառաների հետ կատակներ էր անում։
Ճաշը շատ առատ և համեղ էր. ինչ որ միտն էր ընկել և ինչ որ կարողացել էր, Զաքարը չէր խնայել։ Մանավանդ հիանալի էր գինին, որի վրա նա միշտ առանձին ուշադրություն էր դարձնում։ Սեղան նստած միջոցին անգամ նա մի րոպե հանգիստ չէր մնում, կարծես նրա համար էր միայն ստեղծված, որ միշտ ծիծաղի և կատակներ անի։ Սակայն այժմ նրա գլխավոր հոգսը Զազունյանն էր, որին ամեն կերպ աշխատում էր հյուրասիրել։ Պակաս ուշադրություն չէր դարձնում և կնոջ վրա։
Էմմա, ասում էր նա, չգիտեմ ինչու, բայց այսօր Զազունյանի հետ դու էլ իմ աչքին հյուր ես երևում, իհարկե, անգին հյուր և սրա հետ քեզ էլ ուզում եմ լավ պատիվ տալ։ Համեցեք։
Եվ առաջարկում էր նրան մի որևէ համեղ խորտիկ։
Խոսակցությունը սեղանի շուրջը ավելի աշխույժ ու կենդանի էր։ Չնայելով, որ ընդամենը երեք հոգի էին նստած, բայց Զաքարն իր անվերջ կատակներով, ծիծաղներով և ոչ մի րոպե լուռ չմնալով, տասն հոգու չափ աղմուկ էր հանում, մանավանդ, երբ գլուխը փոքր-ինչ տաքացավ։
Երբ սեղանը հավաքելուն մոտ էր, Զազունյանը ժպտալով դարձավ Զաքարին.
Ի՞նչպես է, բարեկամ, քունդ չի՞ տանում։
Անզուսպ, բարձրաձայն ծիծաղը կարծես պատռեց Զաքարի կուրծքը։
Զազունյանը նույն ժպիտով նայեց էմմային, էմման նրան, և երկուսն էլ միաժամանակ ծիծաղեցին։
Իմ հա՛խս է, իմ հա՛խս է, ասաց Զաքարը, ծիծաղը հազիվ զսպելով և թաշկինակով սրբելով աչքերը։ Բայց քո ջգրու ես այսօր չեմ քնի։ Ճիշտն ասած՝ միտս էլ չէր, թե պետք է քնեմ, քո միտը ո՞րտեղից եկավ։
Երբ ճաշը վերջացավ, Զաքարն ու Զազունյանը դուրս գնացին հյուրասենյակ, իսկ էմման մնաց սեղանը հավաքելուն հսկելու։ Նա իրեն չափից դուրս ուրախ և երջանիկ էր զգում։ Այն գիտակցությունը, որ այնտեղ, մյուս սենյակում իր ամուսնու հետ նստած է Զազունյանը, և ինքն ամեն րոպե կարող է գնալ այնտեղ, տեսնել նրա խելացի դեմքը և առաջվա նման զրույց անել նրա հետ, սիրտը լցնում էր անհուն քաղցրությամբ։
Սեղանը հավաքել տալուց հետո նա աղախնին ասաց, որ Արամիկին տանի զբոսանքի, որովհետև եղանակը լավ էր։ Նա ինքն ուղղեց Արամիկի հագուստը, մազերը և մի քանի անգամ ամուր համբուրեց նրա վիզը, ծնոտի տակ։ Այնուհետև լվաց ձեռքերը, երեսը, ողողեց բերանը, ինչպես ճաշից հետո միշտ սովորություն ուներ, սրբվեց, ուղղեց մազերը, հագուստը և զվարթ ու գեղեցիկ գնաց հյուրասենյակ։ Երբ ներս մտավ, Զաքարը և Զազունյանը վիճաբանում էին գերմանական մի նշանավոր քաղաքագետի վերջերքը պառլամենտում խոսած մի նշանավոր ճառի մասին, որ քաղաքական մեծ աղմուկ էր հանել։ Ինչպես երևում էր, հաղթանակը Զազունյանի կողմն էր, որովհետև նա, ինչպես միշտ, նստած էր հանդարտ, իսկ Զաքարը կանգնած էր առջև և ոչ մի րոպե տեղում հանգիստ չմնալով՝ խոսում էր տաքացած։ Սակայն Էմմայի ներս մտնելովը նրանց վիճաբանությանը վերջ տրվեց, և խոսակցությունը փոխվեց ուրիշ նյութի մասին։
Արսեն, արի թուղթ խաղանք, հանկարծ ասաց Զաքարը, որ գիտեր այդպես անտեղի կերպով շուտ-շուտ մի բանից մյուսն անցնել։ Ի՞նչ կասես։
Ի՛նչպես կամենում ես, պատասխանեց ժպտալով Զազունյանը։
Դու ի՞նչ կասես, Է՛մմա։
Դու որ գիտես այդպիսի տարօրինակ բաներ, հանդիմանորեն, սակայն ծիծաղելով նկատեց նրան կինը:
Մի վախիր, փողով չենք խաղալու, չէ, կանչեց Զաքարը, նրա միտքը հասկանալով։ Ժամանակ անցկացնելու և զվարճանալու համար միայն, ուրիշ ոչինչ, թե չէ՝ ինքդ գիտես, որ ես թուղթ խաղալ համարյա չգիտեմ։
Նա վեր կացավ, որպեսզի սեղան պատրաստի, բայց Էմման կտրեց նրա առաջը և ինքը սկսեց պատրաստել։ Երեքն էլ նստեցին սեղանի շուրջը:
Ի՞նչ պետք է խաղանք, հարցրեց Զազունյանը։
«Դուռաչկի», ասաց Զաքարը։ Ի՞նչ անեմ, սիրելիս, որքան էլ այդ կոպիտ խաղ լինի մանավանդ երբ կին էլ է մասնակցում խաղին, այնուամենայնիվ ուրիշ խաղ չեմ կարող խաղալ, որովհետև բացի դրանից ես ուրիշ խաղ չեմ իմանում և այդ խաղը շատ եմ սիրում, չնայելով, որ, այս էլ պետք է ասած, «դուռաչկի» խաղալիս «դուռակը»՝ հիմարը, միշտ ես եմ մնում։
Զաքարը վերցրեց խաղաթղթերն, իրեն հատուկ կոմիկական աշխույժ արագությամբ ջոկեց հարկավոր թղթերը, խառնեց, կտրել տվեց, և բաժանելն իրեն ընկավ։ Խաղն սկսվեց։ Չնայելով իր աշխույժ խաղին և ամենից շատ աղմուկ հանելուն, իրավ որ նա շատ վատ խաղացող էր, համարյա ամեն անգամ «դուռակը» նա էր մնում, որով և ստիպում էր Զազունյանին երբեմն ժպտալ, երբեմն ծիծաղել, իսկ էմմային՝ միշտ կուշտ ծիծաղել։