Նար-Դոս

Բարերար և որդեգիր

ԺԱ, ԺԲ
ԺԱ

Նույն օրն երեկոյան աղա Գրիգոր Մոսեիչի սենյակներից մինում նստած խոսում էին չորս հոգի. աղա Գրիգոր Մոսեիչի կինը՝ տ. Գայանեն, աղջիկն՝ Իսկուհին, տղան՝ Գարեգինը և վերջինիս ընկերը՝ Սմբատը։ Նրանք բոլորովին տեղեկություն չունեին նույն օրվա անցքի մասին և զբաղված էին ինչ-որ քաղցր խոսակցությամբ, երբ հանկարծ դուռը բացվեցավ, և շեմքում երևաց աղա Գրիգոր Մոսեիչը։ Նրա մտնելուն պես սենյակում բոլոր գտնվողները կարծես մի զսպանակով լարված՝ իսկույն բարձրացան տեղերից։ Ում ասես կսպասեին, բայց ոչ երբեք աղա Գրիգոր Մոսեիչին և այդ պատճառով նրանք բոլորն էլ կարծես պապանձվեցան և դեռ մի րոպե մնացին արձանացած։

Աղա Գրիգոր Մոսեիչը մի քայլ միայն ոտը ներս դրեց և ասաց.

Մի ժամից հետո ձեզանից և ոչ մինը չլինի ո՛չ սենյակում, և ո՛չ այս տանը, հակառակ դեպքում ես գիտեմ...

Այդպիսի դիրք և այդպիսի եղանակ, որոնց նա գործ դրեց այդ խոսքերն արտասանելիս, վայել է միայն «ոտից գլուխ արքային»։ Այնուհետև նա սուր֊սուր նայեց ուղղակի կնոջ աչքերի մեջ և ավելացրեց.

Դուք ուզում էիք ինձ թունավորել, որպեսզի տիրանայիք իմ բոլոր կարողությանը, բայց ափսո՜ս, որ այդ ձեզ չհաջողվեցավ, և իմ բոլոր կարողությունը փոխանակ ձեզ մնալու, ես արդեն նոտարով հաստատեցի նրա վերա, որից դուք ուզում էիք խլել... ես ձեզ բոլորիդ վռնդում եմ այստեղից, որովհետև այս տունը, ինչպես և իմ բոլոր կարողությունն արդեն պատկանում է ուրիշին, իսկ ձեզ այստեղից մի ասեղ անգամ չի ընկնիլ... Կրկնում եմ, մի ժամից հետո ձեզանից և ո՛չ մեկը չլինի այստեղ։

Նա շուռ եկավ և ինչպես մտավ, այնպես էլ դուրս գնաց։

Սենյակում գտնվողները կարծես կախարդված շարունակում էին նայել նրա հետևից։ Նրանք կարծում էին, թե ինչ որ տեսան, լսեցին բոլորն էլ երազ էր։

Ամենից առաջ ուշքի եկավ տ. Գայանեն։

Թշվառ մարդ, կանչեց նա նրա հետևից դառն ժպիտով և դարձավ մյուսներին. Ի՞նչ եք այդպես կաշկանդված մնացել, ի՞նչ կա... Զարմացե՞լ եք, ապշել եք, չե՞ք հավատում ձեր աչքերին, ականջներին... Բայց այստեղ մի շատ չնչին, մի աննշան բան է կատարվել, որի վերա ուշադրություն անգամ չարժե դարձնել... Դուք միայն պիտի խղճաք, ցավիք այդ մարդու վերա, որովհետև նա այնքան ողորմելի և թշվառ է, որքան միամիտ և հիմար, որքան անպիտան և գարշելի...

Բայց, մայրի՛կ, լսեցի՞ր ինչ ասաց նա, կանչեց Իսկուհին, դուրս գալով յուր դրությունից։

Այո՛, լսեցի․ նա ասաց, որ յուր բոլոր կարողությունն արդեն հաստատել է ուրիշի վերա, որից այդ կարողությունը խլելու դիտավորությամբ մենք կամեցել ենք նրան թունավորել. հա՜, հա՜, հա՜... որքա՜ն ծիծաղելի է... Եվ ասացե՛ք, խնդրեմ, մի՞թե այդ մարդն արժանի չէ կարեկցության, ցավակցության... մի՞թե դրանից ավելի թշվառ, ավելի ողորմելի մարդ կա աշխարհիս երեսին... Մենք կամեցել ենք նրան թունավորե՜լ, հա՜, հա՜, հա՜...

Բայց այդ բանը նա ի՞նքն է հնարել, թե ուրիշներն են նրան մոլորեցրել, ասաց յուր կողմից Գարեգինը։

Ո՞վ գիտե, պատասխանեց մայրը, և՛ այս, և՛ այն: Այդպիսի մարդիկն իրենց գլուխն արդարացնելու համար միշտ այդպիսի ստոր միջոցների են դիմում... Թո՛ղ դիմեն, թո՛ղ հավատացնեն թեկուզ ամբողջ աշխարհին, որ բոլոր մեղքը մերն է, բայց մենք մեր խղճի առաջ արդար ենք. և ապագան ցույց կտա ճշմարիտը...

Ո՞ւմ վերա է հաստատել յուր կարողությունը, հարցրեց Սմբատը։

Չգիտե՞ք ում վերա... ո՞վ կա ավելի սիրելի նրա համար աշխարհիս երեսին, քան յուր «որդեգիրը»։

Ուրեմն այն տղայի վերա... սաստիկ զարմացած կանչեց Սմբատը։

Ասեք յուր որդեգրի վերա, ինչպե՞ս եք համարձակվում «որդեգրին» «այն տղան» անվանել։ Դրանով դուք մի այնպիսի սոսկալի կերպով վիրավորում եք խեղճ, անկեղծ «բարերարին», որի նմանը դեռ չէ լսված... Այդպես անգթորեն արատավորել «բարերարի» անունը նույնքան ծանր հանցանք է, որքան անմեղ մարդ սպանելը... Օ՜, աշխա՛րհ, որքա՞ն փչացած ես դու, վերջապես կանչեց նա, և նրա ձայնը, թեթև կերպով դողաց։ Նա հեռացավ մի կողմ և դեմքը ծածկեց ձեռքերով։

Մի րոպե տիրեց այն ծանր լռություններից մինը, երբ մարդ զգում է յուր սրտի վերա մի ծանրություն։

Իսկուհին մոտեցավ մորը և կողքից գրկեց նրան։

Մայրի՛կ, դու վհատվո՞ւմ ես, ասաց նա դողդոջուն, բայց գորովալի ձայնով։

Ես ամաչում եմ, որ այդ մարդն իմ ամուսինն է և ձեր հայրը, պատասխանեց մայրը, առանց հեռացնելու ձեռքերը դեմքից։

Հիմա ի՞նչ անենք, մայրիկ... Մի՞թե մարդիկ այնքան կույր և անգութ կգտնվին, որ դրա համար կնախատեն մեզ... մի՞թե մարդիկ չեն իմանալ, չգիտեն, որ մենք անմեղ ենք և զոհ մի անարժան ամուսնու և անարժան հոր... Ո՛չ, մայրիկ հասարակաց կարծիքը և ամբոխի դատը միշտ և անպայման չեն դատապարտում։ Ընդհակառակը, կան դեպքեր, երբ նրանք պաշտպան են հանդիսանում անմեղներին, հալածվածներին և պատժում են հանցավորներին, հալածողներին: Արիացի՜ր, մայրիկ. մենք կհեռանանք այս տնից և երևի աշխարհիս երեսին կգտնենք մի խրճիթ, որտեղ կկարողանանք ապրել մեզ համար հանգիստ, խաղաղ, երջանիկ...

Օ՜, ինչ եք ասում, զգացված կանչեց Սմբատը։ Իմ տունը, որ իսկապես ձերն է, պատրաստ է միշտ ձեզ ծառայելու։ Գնանք, անգին բարեկամներս, հենց իսկույն գնանք...

-----

Մի քանի ժամից հետո աղա Գրիգոր Մոսեիչի տան վերին հարկը դատարկ էր բնակիչներից։ Նրանք իրենց հետ տարել էին միայն այն, ինչ որ իրենց էր պատկանում։

ԺԲ

Արդյոք հարկավո՞ր է ասել, թե այդ օրվա Բարսեղի ուրախությունը մինչև որ աստիճանի էր հասնում։ Այդ հասկանալու համար հարկավոր է լինել Բարսեղ և լինել նրա դրության մեջ։ Նա սաստիկ անհամբեր կերպով ցանկանում էր շուտով տեսնել Դարիա Կիրիլովնային և ավետել նրան կատարվածը, բաժանել նրա և նրա աղջկա հետ յուր անհուն ուրախությունը։

Նույն գիշեր նա թույլտվություն խնդրեց աղա Գրիգոր Մոսեիչից դուրս գնալ փոքր-ինչ զբոսնելու։ Աղա Գրիգոր Մոսեիչը, որ բավական հանգիստ էր երևում այդ ժամանակ, թույլտվություն տվեց, և Բարսեղը, սովորականից շատ վաղ, դուրս եկավ նրա սենյակից։ Նա անմիջապես դիմեց դեպի Դարիա Կիրիլովնայի տուն։ Վերջինս և յուր աղջիկը նստած էին մեզ ծանոթ սենյակում, կլոր սեղանի մոտ, որի վերա թանկագին գունավոր մի լամպար էր վառվում, և ձեռքերին բռնած «Русскии базар»-ի մի-մի թերթ՝ ուշադրությամբ նայում էին նրանց վերա նկարված նորաձև շորերին, տյուրնյուրավոր նկարներին, երբ հանկարծ ներս ընկավ Բարսեղը։

Ա՜հ, Վասյա, իբրև թե վախեցած՝ առաջինը կանչեց Օլյան, հանկարծ տեղից վեր թռչելով և ձեռքը սեղմելով քնքուշ կրծքի վերա։

Վասիլի Պետրովիչ, ինչպե՞ս եք ներս ընկնում, ի՞նչ է պատահել, իրեն հատուկ ծանրությամբ ասաց Դարիա Կիրիլովնան։

Ներեցեք ինձ, կանչեց շնչասպառ Բարսեղը, համբուրելով նախ մոր, ապա աղջկա ձեռքը։ Բայց ես ձեզ համար մի ավետիք եմ բերել։ Աղա Գրիգոր Մոսեիչն արդեն հաստատեց նոտարական կարգով ինձ վերա յուր բոլոր կարողությունը և մի քանի օրից հետո, նոտարի հաստատությունը ստանալով, նրա բոլոր կարողությունը, վերջնականապես իմս կլինի։

Իրա՞վ, միաժամանակ կանչեցին մայր ու աղջիկ, և նրանց աչքերը վառվեցան։

Ահա հաստատության թուղթը։

Եվ Բարսեղը ծոցից հանելով մի թերթ թուղթ, բացեց և ցույց տվավ յուր ապագա զոքանչին ու հարսին։

Դարիա Կիրիլովնան շտապով առավ այն նրա ձեռքից և կմկմալով սկսեց կարդալ։ Օլյան գլուխը կպցրեց նրա գլխին և աչքերով սկսեց հետևել նրա կարդացած բառերին՝ հարկավոր դեպքում ուղղելով նրա սխալ կարդացածը։

Երկար ժամանակ անցավ, մինչև որ մայր ու աղջիկ հավաքական ուժերով մի կերպ վերջացրին նոտարի արագ ու սահուն ձեռքով գրած ահագին թերթը, որին ստորագրած էր ինքն աղա Գրիգոր Մոսեիչը։

Վերջապես, ասաց Դարիա Կիրիլովնան, որ Բարսեղից պակաս չէր ուրախացել։ Այժմ դուք արդեն ազատ եք և հարուստ, և ես իմ աղջկա ձեռքը համարձակ տալիս եմ ձեզ։ Գնացե՜ք և ապրեցեք միասին երջանիկ և բախտավոր։

Օլյան անմեղ թռչնիկի նման թռչկոտելով փաթաթվեցավ Բարսեղի վզովը։

Այո՜, երջանիկ և բախտավոր, այնպես չէ՞, Վասյա, կանչեց նա միամիտ, անմեղ աղջկա նման յուր չաղ պարանոցը ծռելով և նայելով նրա աչքերի մեջ։

Օ՜, ինչպե՞ս չէ, յուր կողմից կանչեց Բարսեղը, որ քիչ էր մնում ճխլվի այդ վիթխարի աղջկա ուժեղ գրկի մեջ։ Ապա ո՞ւմ համար ես ձեռք բերի այսքան հարստությունը, չէ՞ որ միայն քեզ համար, ի՜մ հրեշտակ...

Օլյան առավել ևս պինդ սեղմեց նրան իր գրկի մեջ և թողնելով նրան, վազեց մոր մոտ։

Մայրի՛կ, մայրի՛կ, ուրեմն հենց այս րոպեին օրհնիր մեզ, ասաց նա այժմ նրան գրկելով։

Օրհնելը հեշտ է, աղջիկս. սպասիր, դեռ ես ուրիշ գործ ունիմ պ. Վասիլի Պետրովիչի հետ, պատասխանեց մայրը և ազատվելով նրա գրկից, դարձավ Բարսեղին. պ. Վասիլի Պետրովիչ, նստեցեք խնդրեմ։

Բարսեղը նստեց, Օլյան՝ նրա կողքին։

Աղա Գրիգոր Մոսեիչի բոլոր կարողությունն արդեն ձեզ վերա հաստատել տվիք, ասաց Դարիա Կիրիլովնան, այդ դժվար գործը գլուխ բերիք, պրծաք։ Բայց այժմ գիտե՞ք ինչ պիտի անեք։

Այժմ ես պիտի պսակվեմ Օլյայիս հետ, պատասխանեց Բարսեղը։

Այո՛, այժմ մենք միմյանց հետ պիտի պսակվենք. մայրիկ, դուրս ընկավ Օլյան։

Պսակվելն ինքնըստինքյան, ասաց Դարիա Կիրիլովնան։ Բայց նախքան պսակվելը գիտե՞ք ինչ պիտի անեք։

Ի՞նչ պիտի անեմ, զարմացած հարցրեց Բարսեղը։

Աղա Գրիգոր Մոսեիչին պիտի ճանապարհ դնեք։

Օ՜, այդ խո կա ու կա՛, կանչեց Բարսեղը։ Իհարկե, հենց դրա համար էլ ձեռք բերինք այս թուղթը և դրանով էլ ես պիտի վրեժխնդիր լինեմ աղա Գրիգոր Մոսեիչին... Ես այսուհետև պիտի ապրեմ իբրև ազատ մարդ միայն իմ անգին Օլյայիս համար, չէ՞, իմ հրեշտակս, դարձավ նա Օլյային։

Օ՜, ինչպե՞ս չէ, մենք պիտի ապրենք միայն միմյանց համար, պատասխանեց վերջինս, որ միշտ այդպիսի հարցերին էր սպասում, որ իսկույն փաթաթվի յուր ամուսնացվի վզովը։

Եվ դուք այդ բանը հենց այս շաբաթ պիտի վերջացնեք, ասաց Դարիա Կիրիլովնան. որքան շուտ, այնքան լավ... իսկ մի երկու շաբաթից հետո աղա Գրիգոր Մոսեիչի, այսինքն ձեր սեփական տանը ամենափառավոր կերպով կկատարենք ձեր երկուսիդ հարսանյաց հանդեսը։

Անշուշտ, անշուշտ, Դարիա Կիրիլովնա...

Իսկ այս թուղթը որպեսզի ավելի ապահով լինի, թողեք ինձ մոտ մնա... և մի ուրիշ բան ասեմ։ Դյուրին բան չէ Գրիգոր Մոսեիչին յուր տնից դուրս անելը, մտածելով, որ նրա կինը, զավակները զրկված են, և դուք տարօրինակ հանգամանքների շնորհիվ ուրիշի կարողության տեր եք դառնում, ես երկյուղ եմ կրում, որ մի գուցե դյուրությամբ ձեռք բերած կարողությունը ձեր ձեռքից գնա։

Ճշմարիտն ասեմ, այդ երկյուղը իմ մեջս էլ կա և մի տեսակ անհանգիստ եմ, ինչ անեմ, ինչպե՞ս ապահովացնեմ ձեռք բերածս։ Գիտե՞ք ինչ կա, ես ձեզ մի քանի մեծագումար պարտամուրհակներ կտամ անցյալ թվականով և եթե հարկավոր լինի, դուք կպահանջեք և իմ կարողությունս կգրավեք։

Արդյոք չէ՞ր կարելի այդ պարտամուրհակները մի տղամարդի տայիք. ես կին եմ, մի փոքր անհարմար է, կխոսեն ինձ վերա... խորամանկությամբ նկատեց Դարիա Կիրիլովնան։

Ո՛չ, ես ձեզանից ավելի ո՞ւմ վերա կարող եմ վստահանալ, ասածս ասած, վերջացրած է։

"Բարերար և որդեգիր" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Էլեգիա
Առնո Բաբաջանյան

Էլեգիա

Տխուր վերադարձ (ոչ ոք չի սպասում)
Տխուր վերադարձ (ոչ ոք չի սպասում)
Խաղա առցանց