Նար-Դոս

Բարերար և որդեգիր

Ե, Զ
Ե

Որդու՝ հոր առանձնասենյակից դուրս գալուց հինգ րոպե հետո, աղա Գրիգոր Մոսեիչի մոտ մտավ մոտ քսանևերկու տարեկան մի երիտասարդ։ Այնպիսի գեղեցկություն, որպիսին նրանն էր, ունենում են միայն կանայք և միայն կանայք են հագնվում այնպես կոկ և գեղեցիկ, որպիսին նա էր հագնված։

Դա երբեմն Թամամչյանի պատի տակ ընկած պատանին էր Բարսեղը։ Մտնելուն պես նա բարի լույս մաղթեց աղա Գրիգոր Մոսեիչին և համբուրեց նրա ձեռքը։

Ա՜, փողի համա՞ր ես եկել, ասաց ժպտալով «բարերարը»։ Ա՜յ, իսկույն, իսկույն... Պիտի ներես ինձ, որ այսօր միասին չկարողացանք թեյ խմել, որովհետև տեսնո՞ւմ ես՝ ինչքան գործեր ունեմ, հաշիվները ստուգում եմ, սարսափելի զբաղված եմ...

Այդ տեսնելով, նա դուրս քաշեց գրասեղանի արկղիկը, հանեց մի կույտ թղթադրամներ և համարելով հիսուն ռուբլի, տվավ նրան։

Բարսեղը խոնարհությամբ առավ և դարձյալ համբուրեց նրա ձեռքը։ նա միշտ այդպես էր անում, երբ ամեն կիրակի ստանում էր յուր «բարերարից» յուր շաբաթական անպակաս ռոճիկը հիսուն ռուբլին։

Բայց տես, Բարսեղ, ասաց աղա Գրիգոր Մոսեիչը, ճաշին ոչ մի տեղ չգնաս և շուտ տուն գաս, որովհետև գու գիտես, որ առանց քեզ ոչ կարողանում եմ ճաշ ուտել և ոչ երկար ժամանակ մենակ մնալ։

Ես ինչպե՞ս կարող եմ ճաշին ուրիշ տեղ գնալ կամ շուտ տուն չգալ, աղա Գրիգոր Մոսեիչ, քանի որ իմ պարտականությունն է միշտ ձեր խոնարհ ծառան լինել և անպայման լսել ձեր հրամանները, պատասխանեց Բարսեղը այն, ըստ երևույթին կեղծ խոնարհությամբ, որ նա միշտ ցույց էր տալիս յուր «բարերարին»։

Այժմ ո՞ւր ես գնում, հարցրեց նրան աղա Գրիգոր Մոսեիչը։

Զբոսնելու։

Հա՛, եղանակը գեղեցիկ է, ուզում ես փոքր-ինչ ազատ օդ շնչել... Գնա՛, գնա՛, սիրելիս, գնա՛ զբոսնիր, թող սիրտդ բացվի... ես եմ, որ այլևս առաջվա նման տնից շուտ-շուտ չեմ կարողանում դուրս գալ։

Բարսեղը երրորդ անգամ համբուրեց յուր «բարերարի» ձեռքը և դուրս գնաց նրա առանձնասենյակից։

Երկու րոպեից հետո բարակ, ճկուն ձեռնափայտը կռան տակին և դանդաղ կերպով հագնվելով կաշվե գեղեցիկ ձեռնոցները, նա փքված իջնում էր աղա Գրիգոր Մոսեիչի տան կարմիր շորով պատած ոլորապտույտ սանդուղքներով։ Սպասավորը իսկույն հարգանքով բացեց նրա առաջ դուռը, և նա դուրս գնաց փողոց։ Այդ րոպեին փողոցով անցնում էր մի դատարկ կառք։ Նա ձեռքով արավ։ Կառքը կանգնեց։ Նա նստեց և հրամայեց քշել։

Այդ միջոցին փողոցով անցնում էր նրա հասակին և նրա պես կոկ հագնված մի երիտասարդ։ Նա կանգնեց, որ կառքն անցնի, բայց տեսնելով Բարսեղին, կանչեց․

Վա՛հ, Վասո՞...

Բարի լույս, Բախշո, կանչեց կառքի միջից Բարսեղը։

Կանգնեցնել տուր, տո՛, բան եմ ասում։

Բարսեղը կառքը կանգնեցնել տվեց և դարձավ դեպի Բախշոն, որը շտապով մոտեցավ նրան։

Հը՛, ի՞նչ ես ասում, հարցրեց նա։

Ո՞ւր ես գնում։

Ի՞նչ ես հարցնում։

Չէ, այնպես եմ ասում։

Մի տեղ։

Ո՞ւր։

Քեզ ի՞նչ։

Թե ման գալու ես գնում, ինձ էլ տար։

Չէ, ման գալու չեմ գնում։

Բա՞ս։

Վա՜հ, քեզ ի՞նչ։

Բաս այս գիշերը չե՞ս գալ։

Ո՞ւր։

Այնտեղ։ ֊ Ո՞ւր, է՛։

Մաշոյի ու Նադիայի մոտ։

Տեսնեմ... չէ՛, չեմ կարող գալ։

Ինչի՞։

Գործ ունիմ։

Ի՞նչ գործ ունիս։

Վա՜հ, քա՞նի հարցնես, տո՞, քեզ ի՞նչ, թե ինչ գործ ունեմ։

Բագրատն էլ է գալու, գիտե՞ս։

Ի՞նչ անեմ։

Բաս չե՞ս ասում, էլի՜, ուր ես գնում։

Է՜հ․ զահլա մի տանիր․․․ Մնաս բարով, մնաս բարով։

Եվ նա կառքը քշել տվեց, որի հետևից խեղճ Բախշոն մնաց նայելով

Քառորդ ժամից հետո կառքը կանգնեց Ս... թաղում գտնված երկհարկանի մի գեղեցկաշեն տան առաջ։ Բարսեղը ցած թռավ, վճարեց կառապանին և քաշեց տան զանգակը։ Մի րոպեից հետո ծառան բացեց դուռը, և նա գրեթե վազելով սանդուղքներով բարձրացավ վերև, շտապով բացելով հենց այնտեղ ևեթ գտնված դուռը, ներս մտավ բավական գեղեցիկ զարդարած մի սենյակ, որտեղ իսկույն աչքի էր ընկնում հմուտ և փափկասեր տանտիկնոջ նուրբ ճաշակը։ Սենյակում ոչ ոք չկար, բայց նա մտնելուն պես կից սենյակի դռան վարագույրները հանկարծ ետ քաշվեցան և սպիտակ, թեթև շորերով մի վիթխարի աղջիկ ներս ընկնելով, ուղղակի փաթաթվեցավ նրա վզովը։

Վա՛սյա, Վա՛սյա, ինչի՞ դու այսպես ուշացար, քեզ սպասելով հոգիս դուրս եկավ, կանչեց նա ռուսերեն լեզվով և սկսեց համբույրների կարկուտ թափել նրա դեմքի վերա։

֊ Ընդհակառակը, սիրելիս, ես վաղ եմ գալիս, յուր կողմից գրկելով համբուրելով նրան, պատասխանեց Բարսեղը, որ նրա ահագին գրկի մեջ մի երեխայի էր նմանվում։ Չէ՞ որ դեռ առավոտ է, և ես կարծում էի, թե դուք դեռ վեր կացած չեք լինիլ։

Օ՜. ի՞նչ ես ասում, այսպես ուշ մի՞թե կարելի է քնած լինել, դեռ ո՞ւր մնաց, որ ողջ գիշերն իմ քունս չի տանում, երբ մյուս առավոտը դու պիտի գաս մեզ մոտ... Ես այս գիշեր բոլորովին չեմ քնել, չնայելով, որ պարահանդեսից այնպես ուշ վերադարձանք տուն։

Նա թողեց Բարսեղին և բռնելով նրա ձեռքերից, նստեցրեց գահավորակի վերա։

Նա բավական բարձրահասակ, հասունացած և փարթամ կազմվածքով մի օրիորդ էր, որի տարիքը քսանևերեքից եթե ոչ ավելի, պակաս էլ չէր կարող լինել։ Նա շիհակեր էր. կապտաչյա և կազմվածքին համեմատ՝ բավական տգեղ, այնպես որ, գոնե առաջին հայացքից, նրա մեջ օրիորդական ոչինչ չէր երևում։ Տգեղությունը ծածկելու համար՝ նրա թխլիկ, լայն դեմքը կրում էր մեծ քանակությամբ կարմիր և սպիտակ դեղեր, բայց որոնց հետ Բարսեղը բնական միախառնված սպիտակությունն ու կարմրությունը հավասարապես մրցում էին։ Նրա թե՛ շարժվածքների, թե՛ խոսակցության, ձայնի եղանակի, թե՛ սպիտակ, կարճ և ձեռքերն ու կուրծքը բաց հագուստի և թե՛ վերջապես շեկ մազերի սանրվածքի մեջ իսկույն նկատվում էր, որ նա ամեն ջանք գործ է դնում արվեստականապես գրավելու, մի բան, որ հատուկ է միայն ուրիշի գեղեցկությանը սաստիկ նախանձախնդիր տգեղ աղջիկներին և կիներին, որովհետև կնոջը ոչինչ այնքան բարոյական տանջանք չէ պատճառում, որքան յուր տգեղությունը և ուրիշի գեղեցկությունը, և, ընդհակառակը, կինը ոչ մի դեպքում այնքան երջանիկ չէ համարում իրեն, որքան երբ ինքը գեղեցիկ է, իսկ յուր հակառակորդուհին զուրկ այդ երկնային տուրքից։

Բայց ո՞ւր է մայրդ, Օլյա, հարցրեց նրան Բարսեղը։

Մայրի՞կս.․. մայրիկս իսկույն կգա... ահա՛ նա։

Մյուս սենյակից մի ինչ֊որ ծանր, հպարտ քայլերով ներս մտավ բարձրահասակ և հասակին համապատասխան հաստ կազմվածքով մի կին։ Չնայելով, որ նրա տարիքը հիսունից այնքան էլ հեռու չէին, բայց յուր սպիտակ, թեթև խորշոմներով ծածկված դեմքի վերա և առողջ կազմվածքի մեջ նա տակավին կրում էր յուր երիտասարդական աշխուժությունն ու թարմությունը։ Նրա թուխ մեծ֊մեծ աչքերի և համարձակ հայացքի մեջ նկատվում էր, որ նա մի ժամանակ կանացի շատ «չարություններ» էր արել և երևում էր, որ այժմ էլ հեռու չէր այդպիսի «չարություններից», որին ապացույց էր նրա թեպետև սև, բայց նորաձևության համեմատ ձևած և կազմվածքի վերա կանգնած շորը։

Ա՜, բարև ձեզ, Վասիլի Պետրովիչ, ասաց նա հայերեն ղարաբաղցու և թիֆլիսցու մի տեսակ խառնած բարբառով և քաղցրալիր ժպիտով մեկնեց դեպի նա յուր ձեռքը։

Բարսեղը, որ նրա մտնելուն պես վեր էր կացել և դիմավորել էր նրան, համբուրեց նրա ձեռքը, պատասխանելով նրա բարևին, և ավելացրեց.

Երեկ երեկոյան դուք ինձ ասացիք, որ այսօր ինձ հետ մի շատ կարևոր խոսելիք ունիք և ահա այդ պատճառով ես այժմ եկել եմ ձեզ մոտ, տիկին Դարիա Կիրիլովնա։

Այո, ես ձեզ հետ այժմ շատ կարևոր խոսելիք ունեմ, պ. Վասիլի Պետրովիչ, պատասխանեց Դարիա Կիրիլովնան, նստելով գահավորակի վերա։

Նստեցեք խնդրեմ։

Բարսեղը նստեց նրա դիմացը, բազկաթոռի վերա։

Մայրիկ, խոսեցեք ռուսերեն, ես հայերեն չեմ իմանում, ասաց Օլյան, որ պատրաստվում էր նստելու Բարսեղի կողքին։

Ո՛չ, Օլյա, պատասխանեց մայրը, քեզ համար ավելորդ է այն, ինչ֊որ ես այժմ պիտի ասեմ պ. Վասիլի Պետրովիչին... և դու լավ կանես, եթե դուրս գնաս մյուս սենյակը։

Ինչի՞, մայրիկ... ես այստեղ կմնամ, միևնույն չէ՞, ես խո հայերեն չեմ իմանում...

Ես քեզ ասում եմ՝ դուրս գնա, մինչև որ կվերջացնենք մեր խոսակցությունը։

Մի՞թե դուք ինձ գաղտնիք ունիք հայտնելու, տիկ. Դարիա Կիրիլովնա, զարմացած այդ նախազգուշությունից՝ հարցրեց Բարսեղը։

Այդ իսկույն կիմանաք, պատասխանեց նրան Դարիա Կիրիլովնան և նորից դարձավ դեպի աղջիկը. Օլյա՛, չե՞ս լսում... Օլյան անբավական կերպով մի ինչ֊որ փնթփնթաց քթի տակ և դուրս գնաց դեպի մյուս սենյակը։

Զ

Տիկին Դարիա Կիրիլովնան (հայերեն Փառանձեմ) ղարաբաղցի հայ հարուստ ընտանիքներից մինի աղջիկն էր։ Նրա հայրը ծագում էր Ղարաբաղի մի հին մելիքից, որ այդ երկրի պատմության մեջ հայտնի էր իբրև ազգի դավաճան։ Օրիորդ Փառանձեմը յուր ծնողների միակ զավակն էր, և այդ պատճառով ծնողները իրենց բոլոր սերը կենտրոնացրել էին միայն նրա վերա։ Նա շատ գեղեցիկ էր, գրեթե ամենաառաջին գեղեցկուհին իրենց քաղաքի մեջ, և դեռ տասնևչորս տարեկան ժամանակ, ինչպես այդ հատուկ է Ղարաբաղի սերնդին, նա ուներ մի այնպիսի հասակ և կազմվածք, որի նմանն ունենում են միայն քսան տարեկան արդեն հասունացած օրիորդները։ Գեղեցկության հետ նա ուներ հայ փափուկ սեռին ոչ հատուկ համարձակություն և բաց բնավորություն։ Եվրոպական «քաղաքականությունը» չէր կարող լինել դրա պատճառը, որովհետև կանանց կապանքներն արձակող այդ բարերար և միևնույն ժամանակ զորեղ ույժը այն ժամանակներում տակավին ներս չէր մտել Ղարաբաղի սահմանները, այլ այդ մի բացառություն էր հայ իգական սեռի դարավոր նահապետական սովորության և հատկության։ Ինչևիցե. բայց յուր այդ բաց և համարձակ բնավորության համար օրիորդ Փառանձեմին իրենց «ասիական խավարամտությամբ» բոլորն ատում էին, իբրև հայի սուրբ նահապետականությունը պղծող մի լիրբ աղջկա։ Ծնողները չար լեզուներին նյութ չդառնալու համար, որքան էլ աշխատում էին խրատներով զսպել նրան, բայց այդ խրատները նրա մի ականջից ներս էին մտնում և մյուսով դուրս գալիս։

Մի օր ծնողները լսեցին, որ աղջիկը գիշերով փախել է մի աստիճանավորի հետ, որ շատ ժամանակ չէր, ինչ եկել էր նրանց քաղաքը մի ինչ֊որ առանձին պաշտոնով և բնակվում էր նրանց տան կողքին։ Այդ լուրը լսելուն պես հայրն յուր մարդիկներով ընկավ փախստական աղջկա հետևից և կիսաճանապարհին բռնելով նրան, ետ դարձրեց տուն չնայելով նրան փախցնող աստիճանավորի ընդդիմություններին։ Աստիճանավորը դիմեց դատարանին և այս անգամ օրենքով առավ աղջկան, որովհետև աղջիկը նրան սիրում էր և համաձայն էր նրա հետ գնալու։ Աղջիկը յուր սիրած աստիճանավորի հետ գնաց Թիֆլիս և պսակվեցավ նրա հետ։ Այնուհետև նա կոչվեց ոչ թե Փառանձեմ (որ նրա ամուսինը չէր կարողանում արտասանել), այլ Դարիա Կիրիլովնա։ Նա ունեցավ չորս զավակ (երկուսն երկվորյակներ), որոնցից բախտ ունեցավ մնալու այս աշխարհիս երեսին միայն մեկը- Օլյան։

Բայց ահա սկսվեց 1878֊ի ռուս֊թուրքական մեծ պատերազմը։ Ամուսինը գնաց պատերազմի դաշտ և այլևս չվերադարձավ, և խեղճ Դարիա Կիրիլովնան մնաց այրի յուր տասնևհինգ տարեկան Օլյայի հետ։

Ղարաբաղցի երբեմնի օրիորդ Փառանձեմը առաջին շաբաթներում շատ լաց եղավ, շատ տանջվեց թշնամու գնդակին զոհ գնացած ամուսնու վերա, բայց հետո փոքր առ փոքր մոռացավ նրան և գաղտնի կերպով սկսեց սիլի֊բիլի անել մի քանիսների հետ, որոնք ունեին փոքրիկ, բայց ձիգ, ոլորած բեղեր և մեղրածոր, բարակ շրթունքներ... Ոչ ոք, իհարկե, չէր կարող և իրավունք չուներ նրան դատապարտելու այդ անմեղ հանաքի համար, քանի որ հարկավոր էր չար բախտից վրեժ առնել, որ իրեն այդպիսի երիտասարդ հասակում զրկել էր անդորր կյանք վարելու և նրա պերճությունները վայելելու։ Նա վեհ սրբազան ցնորքներով կերակրվող կին չէր, գաղափարական աշխարհը նրա համար միևնույն նշանակությունն ուներ, ինչ որ ծխախոտի ծուխը․ նա ապրում էր իրական կյանքում, իրական կյանքից էլ նա ուզում էր օգուտ քաղել։ Բացի այդ բոլորից, նրան և յուր զավակին հարկավոր էր ապրուստի միջոց, որովհետև, ինչպես նա ամենքին հավատացնում էր, արքունի թոշակը, որ նշանակել էին նրա ամուսնու մահից հետո, իրենց չէր բավականանում։ Փափկակեցությունը և շռայլ կյանքը նա սաստիկ սիրում էր, այնպես որ թե՛ թոշակը և թե յուր բազմաթիվ դոն-ժուաններից ստացած գումարները ձեռաց գոլորշիանում էին, և նա դեռ սկսում էր պարտքեր էլ անել։

Սակայն անգութ, անխոնջ ժամանակը գլորվելով միշտ առաջ, տանում էր յուր հետ նրա երիտասարդական սիրուն, ծաղկափթիթ գարունը, և Ադոնիսները հետզհետե հրաժեշտ էին տալիս մեր Աֆրոդիտեից։

Այնինչ Օլյան, չնայելով որ արդեն մեծ էր, բայց դարձյալ մեծանում էր, մինչև որ վերջապես դարձավ բավական հասունացած օրիորդ, երբ նրան հարկավոր էր ամուսնացնել։ Բայց, դժբախտաբար, բնությունն այստեղ ևս պատժել էր տ. Դարիա Կիրիլովնային, պարգևելով նրան տգեղ աղջիկ, իսկ տգեղ աղջկան փեսացուներն այնքան էլ շուտ չեն հափշտակում։ Մայր և հայր գեղեցիկ էին, բայց ինչի՞ նրանց աղջիկը տգեղ էր այդ ոչ ոք չէր կարողանում հասկանալ. մնում էր միայն բոլոր մեղադրանքը բարձել խեղճ բնության վերա, որն երբեմն սիրում է այդպիսի անհասկանալի խաղեր խաղալ մարդկանց հետ։

Տարիներն անցնում էին, և խեղճ Օլյան քացախում էր միշտ օրիորդ մնալով։ Ո՛չ մի միջոց՝ գեղադեղերից սկսած մինչև արվեստական կերպով քայլելն ու խոսելը՝ չէր օգնում նրան փեսացուներ որսալու։ Արդյոք ճակատագի՞րն էր այդպես որոշել, թե ուրիշ բան էր դրա պատճառը, որովհետև, այնուամենայնիվ, լինում են տգեղ օրիորդներ, որոնք այսպիսի միջոցներով հասնում են իրենց նպատակին այդ խեղճ Օլյան չէր կարողանում հասկանալ, միայն նա ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե կանգնում էր հայելու առաջ, նայում էր յուր դեմքին և սկսում էր սգալ, աղի արտասուք թափել (մանավանդ առավոտյան, երբ երեսը նոր էր լինում լվացած), տրտնջալով աստծո դեմ, որ նրան էլ ուրիշների պես գեղեցիկ չէր ստեղծել։

Աղջիկը գլխավորապես երկու դեպքում միայն բախտ կարող էր ունենալ ամուսնանալու. առաջինը՝ երբ գեղեցիկ է, և երկրորդ՝ երբ փող ունի (սակայն վերջին դեպքն ավելի հաղթող է հանդիսանում). այդ երկու դեպքումն էլ, ասում եմ, աղջիկը միշտ կարող է հասնել յուր նպատակին, բայց ցավալին այն էր, որ խեղճ Օլյան ոչ այս ուներ և ոչ այն։ Մայրը, որ պակաս չէր մտատանջվում աղջկա անհաջողության մասին, հույսը դրել էր երկրորդ դեպքի վերա։ Բայց փո՞ղ.․․ իհարկե, նա յուր աղջիկը ոչ մի դեպքում չէր տալ (և Օլյան էլ լայեղ չէր անիլ) ոչ լոթի գրագրի և ոչ հասարակ աստիճանավորի։ Ի՞նչ աներ խեղճ այրի կինը թոշակը քիչ էր, դոն-ժուանները բոլորը հեռացել էին, պարտք ուներ, առանց այն էլ պարտք շատ ուներ, և ոչ ոք էլ չէր տալ, իսկ տան թանկագին կահ-կարասիները նա ոչ մի դեպքում չէր ծախծխիլ։ Խեղճ Դարիա Կիրիլովնան ամեն հույս կտրած, թե ինքն երբևիցե կարող է փեսա ունենալ, ձեռքերը լվաց և ետ նստեց, ամեն բան բախտի բերմունքին թողնելով։

Եվ իրավ որ բախտը վերջապես հասավ նրան օգնության։

Ահա՛ թե ինչպես։

Թիֆլիսում ոչ մի մագազին չկար, որ ծանոթ չլիներ Դարիա Կիրիլովնային և նրա աղջկան։ Ի՞նչ ասել կուզե, որ այդ մագազիններից մի հայտնի տեղ էլ բռնում էր աղա Գրիգոր Մոսեիչի մագազինը, ուր Կիրիլովնան յուր աղջկա հետ միշտ հաճախում էր և միշտ իրեր էր գնում այնտեղից։ Աղա Գրիգոր Մոսեիչից բռնած մինչև ամենավերջին աշակերտը ծանոթ էին նրա և աղջկա հետ, իբրև մշտական հաճախորդների հետ։ Ծանոթ էր, իհարկե, և՛ Բարսեղը։

Մի անգամ Օլյան ուղղակի հայտնեց մորը, որ ինքը սաստիկ սիրահարված է Բարսեղի վերա և առանց նրան ապրել չէ կարող։ Այդ այն ժամանակն էր, երբ Դարիա Կիրիլովնան արդեն հույսը կտրել էր, թե յուր աղջիկն երբևիցե կարող է ամուսնանալ, և երբ Բարսեղն արդեն յոթերորդ տարին գտնվելով աղա Գրիգոր Մոսեիչի մոտ, մագազինում աղայից հետո երկրորդ տեղն էր բռնում։ Այդ էլ մի ուրիշ ցավ Դարիա Կիրիլովնայի համար, որովհետև, չնայելով որ նա ուրիշ անգամ ոչ մի կերպ չէր համաձայնիլ յուր աղջիկը գործակատարի տալու, բայց այժմ համոզված էր, որ, ընդհակառակը՝ գործակատարը չէր համաձայնիլ նրա տգեղ և անփող աղջիկն ուզելու, մանավանդ Բարսեղը, որ յուր տղա տեղովը հազար անգամ գեղեցիկ էր նրա աղջկանից և ընդնմին աղա Գրիգոր Մոսեիչի աչքի լույսը... Այդ նրան սաստիկ կատաղեցնում էր, իսկ մյուս կողմից նրան հանգիստ չէր տալիս սիրահարությունից գժված աղջիկը, որ բաց և համարձակ սպառնում էր թունավորել իրեն, եթե նա Բարսեղին անպատճառ չէր սիրահարեցնիլ յուր վերա և չէր ամուսնացնիլ յուր հետ (երևի նա մոռացել էր յուր տգեղությունը)։ Մայրը թե՛ ստիպված էր և թե՛ ավելորդ չհամարեց փորձել։

Մի անգամ նա գնաց աղա Գրիգոր Մոսեիչի մագազինը մի ինչ֊որ գնելու պատրվակով և երկար ժամանակ Բարսեղի հետ առանձնապես բարեկամացած քաղցր զրույց անելուց հետո ամեն կողմից գովեց նրան, հայտնեց, որ շատ ուրախ կլինի նրա պես մի երիտասարդ բարեկամ ունենալու և վերջիվերջո խնդրեց նրանից, որ մի անգամ, երբ կամենա, շնորհ անե յուր տուն։ Բարսեղը գործակատարներին հատուկ նուրբ թափանցողությամբ իսկույն ևեթ հասկացավ Դարիա Կիրիլովնայի գաղտնի մտադրությունր և նրա հրավերի նպատակը, իհարկե այն տեսակետից, ինչ տեսակետից, որ նա ճանաչում էր այդ կնոջը... նա ուրախանալով, որ իրեն համար զվարճության մի նոր տեղ ևս ավելացավ, խոսք տվեց և գնաց նախապես ստացած հասցեով։ Նրա առաջ դուրս եկավ Օլյան մի ինչ-որ կարճ, սպիտակ, թափանցիկ և ամբողջ կուրծքն ու ձեռքերը բաց հանդերձով, որ Դարիա Կիրիլովնան կարել էր տվել առանձնապես այդ օրվա համար, որպեսզի գոնե այդպիսով հափշտակեցնել տա Բարսեղին յուր տգեղ աղջկա վերա։ Եվ իրավ, որ Բարսեղն, ինչպե՞ս եղավ, հենց առաջին հայացքից հիացավ նրանից, իհարկե, երիտասարդական այն կրքով, ինչ կրքով որ կարող է հիանալ նրա չափ տղան մի գրեթե կիսամերկ, հասունացած, փարթամ աղջկանից, ինչքան էլ որ կուզե տգեղ լինի նա։ Նախագիծը լավ անցավ։ Այնուհետև Բարսեղը, աղա Գրիգոր Մոսեիչից թաքուն, սկսեց գրեթե ամեն օր այցելել յուր նոր բարեկամներին և հետզհետե սերտ կերպով կապվել նրանց հետ։ Դարիա Կիրիլովնայի ուրախությանը չափ չկար, իսկ Օլյան արդեն կանգնած էր Ոլիմպոսի վերա։ Նա Բարսեղի առաջ դուրս էր գալիս միշտ առաջին օրվա հանդերձով, որ վերջինս շատ հավանել էր։ Դարիա Կիրիլովնան մեծ մասամբ նրանց մենակ էր թողնում։ Օլյան թռչնիկի նման թռչկոտում էր Բարսեղի առաջ, երեխայի նման վազվզում էր, շինծու, բարակ, քնքուշ ձայնով երգում էր, աշխատելով որքան կարելի է մերկ, բայց չաղ պարանոցը գեղեցիկ կերպով ծռել և բերանը փոքրիկ ու կլորիկ կերպով բացել, ժպտում էր, ծիծաղում էր, կրկչում էր և հազար ու մի, իբրև թե, անմեղ չարություններ էր անում, մի րոպե անգամ չկասկածելով, որ այդ բոլորից և ոչ մեկը չէր սազում իրեն։ Վերջապես մի անգամ, այլևս չկարողանալով զսպել իրեն, նա ուղղակի ընկավ Բարսեղի գիրկը և հայտնեց նրան յուր բոցավառ սերը։ Բարսեղը խոսք տվեց նրա հետ ամուսնանալու, միայն եթե նրա մայրը կհամաձայներ։ Դարիա Կիրիլովնան սկզբում իրեն շատ զարմացած ձևացրեց, իբրև թե բոլորովին չէր սպասում այդ բանը և վերջը թեթև կերպով նախատելով Բարսեղին, որ նա խլում է յուր միակ, ամենասիրելի աղջիկը, տվեց յուր համաձայնությունը։ Սիրո՞ւմ էր արդյոք Բարսեղն Օլյային, ո՛վ գիտե... միայն նա քանի տեսնում էր այդ հասունացած, փարթամ օրիորդին յուր սպիտակ, թափանցիկ շորի մեջ բաց կրծքով և ձեռքնրով, նա անհուն ցանկություն էր զգում նրան տիրանալու։

Սակայն Դարիա Կիրիլովնան, որքան էլ հույսը կտրած ունենար ուրիշ փեսացուներ ունենալուց և որքան էլ բռնադատված լիներ աղջկանից այնքան էլ անհեռատես կին չէր, որ յուր աղջիկը ձգեր մի քսանևերկու տարեկան դառ ու դատարկ տղայի ձեռքը, մանավանդ, որ ինքն էլ նպատակ ուներ օգուտ քաղելու փեսայի հարստությունից։ Մի բան կար, որ նրան մեծ հույս էր տալիս հարստության վերաբերությամբ Բարսեղի կողմից, և հենց այդ բանի համար էլ կանչել էր նրան։

"Բարերար և որդեգիր" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Յասաման
Տիգրան Համասյան

Յասաման

Տխուր վերադարձ (ոչ ոք չի սպասում)
Տխուր վերադարձ (ոչ ոք չի սպասում)
Խաղա առցանց