Մուրացան

Լուսավորության կենտրոնը

9

Երկրորդ մաս

Ա

Հին բարեկամը

Շատ անգամ սպառնացող վտանգից փախչելու ցանկությունը այնքան բուռն է լինում մարդու մեջ, որ ապավինելու տեղը և հանգամանքները չնախատեսելով՝ նա ավելի ծանր կացության մեջ է դնում իրեն վտանգից փախչելով, քան կարող էր դնել վտանգի դեմ խիզախելով։

Այսպես պատահեց և Վահան Սարյանի հետ։

Դուրս գալով տիկին Մարթայի տանից, նա արագ քայլերով առաջանում էր երկար և ընդարձակ փողոցի ուղղությամբ, առանց ետ նայելու և առանց ուր գնալը որոշելու։ Նրա միակ ցանկությունն էր փախչել, հեռանալ այն տանից և մարդկանցից որոնք այնքան հոգս ու վիշտ պատճառեցին իրեն։ Այս պատճառով «ո՞ւր գնալու» հարցը դեռ չէր զբաղեցնում նրան։ Նա զգում էր, որ քանի հեռանում է Մարթայի տանից, այնքան ավելի թեթևանում և ազատ է շնչում։ Նրան թվում էր, թե օդը րոպե առ րոպե ավելի թարմացնում ու կենդանացնում է իրեն. թե յուր ոտքերն ու թևերը հետզհետե ավելի ուժ ու կորով են ստանում. թե Թիֆլիս քաղաքը առաջին անգամն է սեփական աչքերով տեսնում, կամ կարողանում ազատ հայացքով աջ ու ձախ նայել, անցորդները դիտել, փողոցները քննել և գնալ՝ուր որ կարողանում կամ կամենում է։Մի տեսակ գաղտնի երկյուղից թե` մի գուցե դեռ նոր զգալի դարձող այդ ազատությունը խլեն յուր ձեռքից, նա առաջ էր գնում հաստատուն քայլերով, համարձակ, և խրոխտաբար կարծես սպառնալով յուր դեմն ելնող ամեն մի արգելք բռունցքներով տապալելու:

Այսպե, շատ անգամ, պատահում է այն պարկեշտ, երկյուղած և, միևնույն ժամանակ, անփորձ երիտասարդների հետ, որոնք ի բնե ազնվասիրտ, հավատացող և գաղափարական (idcaliste) լինելով` մտնում են կյանքի հորձանքները առանց փորձառու առաջնորդի: Շարունակ դեպի բարին և գեղեցիկը ձգտելով, շարունակ ճշմարիտն ու ազնվականը որոնելով, նրանք չեն կամենում հավատալ թե` ճշմարտություն ու արժանիք որոնած տեղը կարող են հանդիպել նաև ստության ու կեղծիքների: Այս պատճառով ամեն մի համարձակ և խիզախող ուժի վրա նրանք նայում են ակնածությամբ: Այդ ուժը իբրև հեղինակություն ընդունելով, խոնհարվում են նրա առաջ, և այդ անում են անփորձության հատուկ այն հավատով թե՝ անարժանը չի կարող ասպարեզ իջնել արժանավորի անունով: Այդ հավատը, վերջ ի վերջո պատժում է ազնվասիրտ երիտասարդներին: Նրանք տեսնում և համոզվում են, որ ստությունը ավելի ճշմարտության, քան սեփական դեմքով է շրջում մարդկանց մեջ: Իսկության հասու լինելուց ետ, նրանց ցնցում է անողոք հիասթափությունը: Հիասթափությանը հաջորդում է կասկածը և հավատը կործանվում է երիտասարդ սրտերի մեջ՝ կործանելով յուր հետ երիտասարդական սրտի գերագույն հույսերն ու ակնկալությունները: Այդ ժամանակ, ահա, արդարասիրության հոգին ապստամբվելով պարկեշտության և երկյուղածության դեմ, խզում է համբերության կապանքները և դուրս է թռչում ազատ ոլորտի մեջ ազատ ապրելու համար: Այնուհետև այդ ապստամբ հոգին և՛ զգույշ, և՛ կասկածոտ է. նա նմանում է վիրավորված վարազի, որ որսորդը տեսնելուն պես` սպառնում է նրան արյունռուշտ աչքերով և կատաղի ժանիքներով...

- Թող մի անգամ էլ այդ տեսակ մարդիկ փորձեն ինձ խաբել խաբել, թող մի անգամ էլ համարձակվեն սևը սպիտակ ներկայացնել ինձ... այն ժամանակ... ա՛յ, սրանցով պիտի պատասխանեմ, սրանցով. ինքն իրեն խոսում էր Վահանը, բռունցքները թափ տալիս և ճանապարհը շարունակում։

Երկար գնալուց ետ, վերջապես, մշեցի մշակի համբերությունը հատավ: Նա տեսնում էր, որ երիտասարդը առանց կանգ առնելու առաջ է գնում և այն էլ այնպիսի արագությամբ, որ ինքր հազիվ էր կարողանում ետևից հասնել։ Ուստի մոտենալով հարցրեց նրան։

Աղա՛, ո՞ւր պիտի գնանք։

Վահանը, որ մինչև այն միայնակ էր համարում իրեն, այս հարցի վրա ետ նայեց և տեսավ մշեցուն, որ իրեղենները շալակած հետևում էր իրեն։ Այն ժամանակ միայն նա կարծես քնից արթնացած ինքն իրեն հարցրեց. և իրավ, այս ու՞ր եմ գնում։

Այս խոսքի վրա նա կանգ առավ մի րոպե. մտածեց և ապա մեքենայաբար հարցրեց մշակին։

Լավ սենյակի տեղ չգիտե՞ս։

Սենյակ վա՞րն է. օթախ գուզե՞ս, հարցրեց մշակին։

Այո՛, օթախ կուզեմ, տեղը գիտե՞ս։

Օթախներ, ա՛յ, քարվանսերաները կան։

Քարվանսարաներո՞ւմ... հարցրեց երիտասարդը ինքն իրեն մտածելով։

Հա՛, աղա՛. քարվանսերաները լավ օթախներ կան։ Վահանի համար ծանր էր այնքան ժամանակ քաղաքի մեջ ապրելուց ետ նորեն քարվանսարաները վերադառնալ։ Բայց ի՞նչ կարող էր անել։ Փող չուներ, որ հյուրանոցում ապրեր. նա մտածեց, որ էլի քարվանսարաները կարող են յուր աղքատ գրպանների հետ հաշտվել, ուստի առաջին անգամ իրեն հյուրընկալող քարվանսարայի ճանապարհը բռնեց։

Էլի մեզ մոտ էկար, աղա՛, խե՞ր ըլի, ասաց քարվանսարայի սենեկապան մշակը, Վահանի ցանկացած սենյակի դուռը բանալով։

Որ ձեզ մոտ եմ եկել՝ ձեզ համար խեր է ու խեր է, ժպտալով պատասխանեց երիտասարդը։ Դուն ասա՛քեզ համար խեր ըլի, թե չէ մեզ համար խերը միշտ կա. դուն չըլես, ուրիշը կգա։

Վահանը նայեց խոսող մշակի վրա. նրան այնպես թվաց, թե նա գիտե յուր արդի չքավոր դրությունը և կամենում է ծաղրել իրեն։ Բայց վերջինս, իհարկե, չէր էլ մտածում յուր խոսածի վրա և զբաղված էր նոր հյուրի իրեղենները բանալով ու սենյակը կարգի բերելով:

Կես ժամից ետ Վահանը նոր բնակարանում միայնակ նստած, մտածում էր յուր վիճակի վրա, քննում էր մոտիկ անցյալը, անորոշ ներկան և ապագայի համար տխուր գուշակություններ էր անում։

«Ի՞նչ հույսերով, ի՞նչ ակնկալություններով մտա այս քաղաքը, մտածում էր նա, ինչպես՞ քաղցր ժպտաց ինձ բախտը սկզբում, գործունեության ի՞նչ գեղեցիկ ասպարեզ բացավ իմ առաջ, ի՞նչ հուսածիծաղ ապագա էր խոստանում ինձ նա, և այդ բոլորը... ավա՝ղ, ինչպես շուտ, ինչպե՜ս աննկատ չքացավ իմ աչքերից։ Կարծես թե այն բոլորը, ինչ որ տեսա, ինչ որ զգացի, ինչ որ իմ շուրջը կատարվեցան, ոչ այլ ինչ էին, եթե ոչ երազ, հուսախաբ ցնորք, որոնք արևը ծագելուն պես անհայտանալով աներևութացան...»։

Արևն ասացի, այո՛, ճշմարտության արևը, որ շատ անգամ ծածկվում է սևաթույր ամպերի ետևում, որ լույս չէ տալիս աշխարհի գիշերային թագավորության ժամանակ, բայց որը, այսուամենայնիվ, ապրում է որոշ ժամանակից ետ, ծագում և լուսավորում է աշխարհը յուր կենարար շողերով։ Եվ սակայն յուր կարճատև բացակայության ժամանակ քանի քանի մարդիկ մոլորվում են ուղիղ ճանապարհից, քանիսնե՞րը գլորվում են փոսերն ու խորխորատները, գիշերային խավարը որքա՜ն վնասներ է պատճառում անհայտության մեջ խարխափող արարածներին...

«Ինձ համար, փառք աստուծո, այդ արևը ծագեց ավելի վաղ, քան իրավունք ունեի սպասել։ Այժմ արդեն ճանաչեցի, թե որտեղի՞ց են սկիզբն առնում մոլորության ճանապարհները, և որտե՞ղ են ծածկվում փոսերն ու խորխորատները... ճշմարիտ է, այդ ծանոթույունը ձեռք բերելու համար 'ժամանակի հետ միասին զոհեցի նաև իմ քնքուշ զգացմունքներից. իմ քաղցր հույսերից շատերը, բայց և դրանով ապահովեցի ինձ անփորձության սխալանքների դեմ։ Այդպես է։ Աշխարհում առանց զոհաբերության ոչ մի բարիք չի ստացվում ...»։ Այս այլաբանական խորհրդածությունների ժամանակ, լսվեցավ սուրբ Գևորգ եկեղեցու զանգահարության ձայնը: Վահանը նայեց ժամացույցին և զարմացավ, տեսնելով, որ արդեն երեկոյան ժամը հինգն է։ Օրը աննկատելի կերպով անցել էր, իսկ ինքը դեռ առավոտվանից անսվաղ էր։

Այդ բոլորը լավ. բայց պետք է մտածել ապրուստի վրա. երկու օրից ետ հացի փող չեմ ունենալ գրպանումս, ո՞ւր և ո՞ւմ պիտի դիմեմ այն ժամանակ...»։

Այս մտածմունքը կարծես սարսափեցրեց խեղճ երիտասարդին և նա շտապավ տեղից վեր կենալով գդակը ծածկեց և դուրս գնաց։

Բայց ո՞ւր էր գնում, ինքն էլ չգիտեր։ Վտանգը վերահաս տեսնելով նա կարծում էր թե՝ դուրս թռչելով կամ դես ու դեն վազելով կարող է փրկության ճանապարհ գտնել։ Երբ իջավ քարվանսարի դիմացի հրապարակը, կանգ առավ այդտեղ։

Երեկոյան դեմ լինելով, անցուդարձը շատացել և հրապարակը կենդանացել էր։ Մրգավաճառների բացականչությունները , կառքերի դղրդոցը, սայլերի ճռնչյունը, փողոցային տղաների աղաղակները և այլն, միախառնվելով բազմաթիվ անցորդների շարժման և շշուկի հետ, մի տեսակ աղմուկ ու ժխոր էին հարուցել այդտեղ։

Վահանը հուսալով, թե այդ անընդհատ անցուդարձի մեջ կարող է պատահել մի ծանոթ հայրենակցի, մի հին բարեկամի, կամ, ո՞վ գիտե, գուցե նաև մի մոռացված աղգակցի, որին կարող է դիմել խորհուրդ հարցնելու համար, ուշադրությամբ դիտում էր անցորդներին և լսում էր նրանց. բայց ամեն տեղ էլ օտար դեմքերի և անծանոթ ձայների հանդիպելով՝ երեսր դարձնում էր նրանցից։

Այդ հուսահատության ժամանակ հանկարծ անցորդներից մինը ձեռքը դրավ նրա ուսին և մտերմաբար հարցրեց։

Վահա՛ն, ի՞նչ ես շինում այստեղ։

Երիտասարդը շրջեց իսկույն երեսը և տեսավ, որ յուր հետ խոսողը շիրաջ-Մանասն է, այն զվարճախոս ուղեկիցը, որ յուր հետ միասին հայրենի քաղաքից եկել էր Թիֆչիս։ Վահանի համար կարծես մի նոր լույս ծագեց։

Ա՜խ, բարեկամ, այս դո՞ւ ես, որքա՜ն ուրախ եմ, որ հանդիպեցի քեզ. ասաց Վահանր գրեթե հիացած և հին բարեկամի ձեռքը առնելով, խիստ մտերմաբար սեղմեց նրան։ Ի՞նչ է պատահել, մի գործ ունի՞ս ինձ հետ. ասա՝, սիրով կկատարեմ։

Գործ, այո՛, շատ կարևոր գործ ունիմ. բայց դու ժամանակ ունի՞ս ինձ լսելու։

Ժամանա՞կ... հա՛, սիրելիս, եթե երկար խոսելու բան է, այս րոպեիս ժամանակ չունիմ, Հավլաբար գինի ունիմ գնած, գնում եմ ստանալու։ Եթե կարող ես, երկու կամ երեք Ժամից ետ արի մեր գինետունը, այնտեղ կխոսենք։ Խո շտապելու բան չէ՞։

Ո՛չ, շտապելու բան չէ։ Բայց երկու կամ երեք ժամից ետ ձեր գինետունը փակ չի՞ լինիլ։

Մեր գինետունը բաց է լինում մինչև գիշերվա տասն ու մեկ ժամը։

Ուրեմն ժամը ութին ձեզ մոտ կլինեմ։

Համեցեք, ժամը ութին կսպասեմ ձեզ, ասաց շիրաջը և ողջունելով բարեկամին հեռացավ։

Վահանի վրայից կարծես մի ծանր քար ընկավ։ «Շիրաջ֊Մանասի ծանոթությունը կարող է փրկել ինձ»։ Այսպես էր մտածում երիտասարդը և մինչև անգամ զարմանում, թե ինչո՞ւ ավելի վաղ չէ մտաբերել նրա մասին։

Այս հանդիպումը այն աստիճան հուսադրեց խեղճ տղային, որ նա մինչև անգամ մտաբերեց յուր անոթությունը և ուտելու ցանկություն զգաց։ Ուստի առաջանալով դեպի հացագործը, գնեց նրանից հինգ կոպեկի հաց, իսկ դրացի խանութպանից հինգ կոպեկի պանիր և դիմեց դեպի յուր սենյակը։

Վահանի մնացորդ հարստությունը այն աստիճան փոքր էր, որ դրանից ավելի ծախսել չէր կարող։ Այսուամենայնիվ այդ սակավապետ ճաշը նա այնպիսի ախորժակով կերավ, որ կարծես թե Լոլկուլլոսի պատմական համադամներից էր նա կազմած։

Թիֆլսի մտնելու օրից սկսած այդ առաջին անգամ էր, որ նա այդքան ախորժակով և մանավանդ թե հանգիստ սրտով ճաշ էր վայելում։

«Ինչպե՜ս քաղցր, ինչպե՜ս սիրելի պիտի լինի արդար քրտինքով վաստակած հացը, մտածում էր Վահանը յուր ճաշը ավարտելով._ իզուր են կարծում, թե աստված անիծելու մտքով ասաց Ադամին թե՝ «քո երեսի քրտինքովն ուտես քո հացը»։ Այդ անեծք չէ. դա օրհնություն է։ Կա՞ արդյոք աշխարհում ավելի քաղցր և սիրելի պատառ քան ա՛յն, որ մարդ ձեռք է բերում յուր ճակատի քրտինքով, առանց խաբելու, զրկելու, ստորանալու, առանց այդ պատառի մեջ ուրիշի արցունքը և յուր խղճի լեղին խառնելու...Եվ ահա ա՛յս պատառի մասին էր խոսում հայրս. այս արդար պատառն էր կամենում, որ ես ձեռք բերեմ, որպեսզի նրա պատճառով իմ անկախությունը անազնիվ մարդկանց չվաճառեմ։ Իսկ ե՞ս… ո՞վ հիմարությանս, վիճում և հակառակում էի. դեռ աշխարհի չարիքները չտեսած կամենամ էի հաղթահարել նրանց...

«Չէ, իմ վիճակը որոշված է։ Պետք է շնորհակալ լինել բախտից այն դառը դասի համար, որ նա տվավ ինձ. այդ դասը թե՛ կծառայե ինձ իբրև զգուշության խթան և թե՛ կօգնե ինձ ապագա գործունեությանս հիմքը հաստատուն հողի վրա դնելու։ իմ գործը պիտի լինի նախ՝ գտնել արդար քրտինքով հաց վաստակելու ճանապարհը և ապա թե նվիրվել հասարակաց ծառայությանը։ Իմ ունեցած ուժը կարող է դիմանալ մարմնական ամենածանր աշխատության. հետևապես, եթե այդ աշխատությունը հասարակ մշակություն էլ լինի, ես փախուստ չեմ տալ նրանից։ Քար ու ջուր կրելը ավելի արդար և ազնիվ գործ է, քան թե մոմճյանների ու շաշյանների հետ միասին գերագույն նպատակների համար աշխատելը...»։

Այս խորհրդածություններով երիտասարդ Սարյանը յուր սիրտը հանգստացնելով՝ մինչև անգամ հոգեկան լավ տրամադրության մեջ մտավ. և սկսեց յուր նոր բնակարանը կարգավորել, նախ՝ տախտակե թախտի վրա յուր անկողինը փռելով, և ապա՝ պատուհանի մեջ գրքերը զետեղելով։

Երբ ժամը ութը լրացավ, նա դիմեց շիրաջ-Մանասի գինետունը, որ գտնվում էր Կոլոլ-թաղի նորաշեն տներից մեկի ընդարձակ նկուղում, բանուկ ճանապարհի վրա։ Նկուղի դռան բարավորի վրա կախված էր շքեղ ճակատագիր (вывеска), որի վրա ոսկեզօծ տառերով և ռուսերեն Լեզվով մակագրված էր. «Իսկական Կախեթի գինիների պահեստ Մանաս Թոփչյանի»։ Վահանը կարդաց ճակատագիրը և ինքն իրեն մտածեց. «Ամեն քայլափոխում ստության ես հանդիպում։ Այս մարդը, յուր գինիների մեծ մասը իմ հայրենիքումն է գնում, բայց այստեղ հայտարարում է թե իսկական Կախեթի գինիներ է վաճառում։ Արդյոք սա էլ խաբելու միջոց չէ՞, և տասը հաճախորդից գոնե հինգը չի պիտի խաբվին այս հայտարարությունիցս։

Քիչ էր մնում, որ այս փոքրիկ խորհրդածությունը ետ դարձներ միամիտ երիտասարդին դեպի յուր կացարանը. բայց նա շուտով խելքի եկավ,«էհ, ի՞նչ իրավունք ունիմ ուրիշների գործը քննելու, մտածեց նա, բավական է որ ինքս չլինեմ ստողն ու խաբողը...»։

Այս ասելով նա քարե սանդուղքներից ներքև իջավ։

Գինետան մեջ խռնված էր խառնիճաղանջ մարդկանց բազմություն։ Ոմանք սեղանների շուրջը նստած խմում ու երգում էին։ Դրանք դրսերից եկած գեղջուկ հյուրեր էին, որոնց գինետան հատուկ գործակալները վաճառատեղիներում պատահելով գրավում ու բերում էին այդտեղ, որպեսզի մի շամփուր խորովածի հետ (որր գինեվաճառը ձրի էր տալիս) խմացնեն նրանց տասնյակ շիշ գինի, որը, իհարկե, ձրի չէր տրվում։ Այդ կարգի հյուրերը մտնում էին այստեղ առավոտյան ժամը 10 12-ին և դուրս էին գալիս կես-գիշերին հարբած և նյութական ու ֆիզիկական ուժից ընկած։

Ուրիշները գինետան սեղանափակի (застойка) շուրջը խմբված հերթով մի-մի բաժակ գինի կամ օղի էին խմում և մի կտոր սև հաց, սոխ, կամ աղած վարունգ բերանները առնելով հեռանում էին։ Դրանք մեծ մասամբ արհեստավորներ կամ բանվորներ էին, որոնք աշխատանքից վերադառնալով անհրաժեշտ պարտք էին համարում, ըստ սովորականին, պատվել Մանասի գինետունը իրենց այցելությամբ և մի-մի բաժակ կենաց ջուր կոնծել այդտեղ։ Այդ, իսկապես, անհրաժեշտ էր նրա համար, որ տուն վերադառնալուց զվարթ տրամադրության մեջ լինին և շատախոս կնոջ կամ քրթմնջող մոր Ներկայությամբ կարողանան իրենց առնական արժան առժանապատվությունը բարձր պահել։

Այստեղ կային և ծառաներ, արհեստավորների աշակերտներ, աղքատ և ցնցոտիներ հագած փոքրիկ աղջիկներ, որոնք մի֊մի շիշ ձեռքերին բռնած սպասում էին գինի կամ օղի տանելու, մինը՝ յուր տիրոջ, մյուսը՝ յուր վարպետի և երրորդը՝ պառավ տատի, ծերուկ պապի կամ խմելու սիրահար ծնողների համար։ Շիրաջ֊Մանասը արճճապատ սեղանափակի ետևը կանգնած աչալուրջ ուշադրությամբ դիտում էր գինետան բոլոր անկյունները, հրամաններ էր արձակում և կարգադրություններ էր անում։ Նրա ժիր ծառաները ղաղաքի կոճկած արխալուղներով, արծաթե կամ կաշվե գոտիներով, լայն շալվարներով, որոնց ներքին մասը ամփոփվում էր կաշվե սռնապանների մեջ, փափուկ և անկրունկ ոտնամաններով, որոնք օգնում էին նրանց թե արագ և թե անձայն պտտելուն, աշխուժով դես ու դեն էին վազում և իրենց տիրոջ, հյուրերի և կամ հաճախորդների պատվերները կատարում։

Չորս մեծամեծ կանթեղներ, շրջանավոր լուսամփոփներով, որոնք կախված էին գինետան առաստաղից՝ մեկը մյուսից մի քանի գրկաչափ հեռավորությամբ, լուսավորում էին գինետունը յուր բոլոր պարունակությամբ. այն է՝ հյուրերով, հաճախորդներով, գինու կամ օղիի տակառներով, տավարի ուռած ու գինելի տիկերով և ուրիշ շատ մանրամասնություններով, որոնք այդ գինետան գեղագրական (իհարկե խմողների տեսակետից) ներդաշնակությունն էին կազմում։ Վահանը, որ Մանասի գինետան կենդանությունը տեսնելով մի առժամանակ շվարել կանգնել էր սանդուղքների վերին աստիճանի վրա, շուտով արժանացավ հառաջադեմ ծառաներից մեկի ուշադրության։

Աղա՛, ի՛նչ կուհրամայիք. համեցեք, խազեինը էստի է, ասաց մոտեցող ծառան և առաջնորդեց նրան դեպի յուր տերը։

Արի՛, Վահան ջան, ա՛րի. քեզ էի սպասում. տո՛ ստոլ թավազա արեք աղին, բացականչեց շիրաջը Վահանին տեսնելով և քաղցր ժպիտով դեպի նրան մոտենալով։

Այս ինչ ահագին ղալմաղալ է այստեղ, ամե՞ն օր է այսպես Լինում, հարցրեց Վահանը, բարեկամի ձեռքը սեղմելով։

Այո՛, համարյա թե ամեն օր։ Դյուր չէ՞ գալիս քեզ, հա՞։

Խոսքս ինձ համար չէ, դո՛ւք կարող եք ձանձրանալ:

Չէ, Վահան ջան, ես էլ սովորել եմ արդեն, մի օր որ այս ղալմաղալը չեմ լսում, սիրտս նեղանում է։ Լա'վ է։ Երևի շատ պինդ ջղեր ունեք, իսկ ես մի օր անգամ խառնաշփոթության մեջ մնալ չեմ կարող։

Ի՞նչ անենք, սիրելիս, դուք ուսում ու Գիտություն ունեք, կարող եք ձեր ուսումով հաց աշխատել, իսկ մենք, տգետ մարդիկ ենք, որ այս էլ չանենք, քաղցած կկոտորվենք։

Ուսում ու Գիտությո՞ւն... էհ, դրանք էլ մի կոպեկ չարժեն, էլի ձեր արհեստը լավ է... ասաց Վահանը հառաչելով։

Ի՞նչ ես ասում, Վահան ջան, ափսոս չէ՞ ուսումը, հապա ես որ ուսում ունենայի՝ այս իշանների հե՞տ կապրեի։

Հապա ո՛ւմ հետ կապրեիր։

Այ, քո բարեկամների նման տղերանց հետ։

Իմ բարեկամները ովքե՞ր են։

Վա՛, ա՛ յ Մոմճյանը , նրա ընկերները, դու հո նրա՞նց հետ ես լինում, ես իմացել եմ։

Այո՛ , նրանց հետ էի լինում, բայց Գիտե՞ս ինչ պիտի ասեմ քեզ։

Ո՛չ։

Քո այստեղի վերջին արբեցողները Մոմճյանից ու նրա ընկերներից ավելի լավ մարդիկ են։

Վա՛, վա՛, Վահան ջան, էդ ի՞նչ ես ասում:

Ինչ որ ասում եմ, ճիշտ եմ ասում։

Է՞, էդ ո՞նց կլինի, երևի բարկացած ես նրանց վրա։ Ի՞նչ է պատահել, սև կատու հո չի՛ անցել մեջերնիդ։

Ինչպե՞ս չէ, այն էլ ոչ թե հասարակը, այլ մեծ արջակատու։ Դե էդպես ասա է. ախար զարմանում եմ, թե դու ինչի՞ պիտի էդպես խոսք ասես:

Վահանը մի կողմ քաշեց շիրաջին և համառոտ կերպով ու նրա հասկացողության մատչելի եղանակով պատմելով նրան յուր գլխին եկածը, հայտնեց նաև յուր արդի խեղճ դրությունը և խնդրեց նրան օգնել իրեն, որ կարողանա մտնել ծառայության մի որևէ ծանոթ վաճառականի մոտ։

Շիրաջին շատ վշտացավ Վահանի պատմությունը լսելով և մի քանի սրտաբուխ հայհոյանքներ արտասանեց պարոն Մոմճյանի, տիկին Մարթայի և նրա աղջկա և փեսացուի հասցեին։ Գալով ծանոթ վաճառականի մոտ Վահանի համար պաշտոն գտնելուն, այդ մասին նա երկար մտածեց։ Այսինքն մի առ մի մտաբերեց յուր բարեկամներին, ծանոթներին, դրացիներին և մինչև անգամ իրենից մշտապես գինի գնող հարուստներին, բայց ոչ ոքի մոտ պաշտոն գտնելու հույս չտածեց։

Դուք գուցե մեծ շրջան չունիք, կամ չեք կարողանում մտաբերել, թե ո՞վ կարող է պաշտոն ունենալ, խոսեց Վահանը, բայց մտածեցեք, գուցե ձեզանից զատ գտնվի այստեղ մեր հայրենակիցներից այնպիսի մեկը, որ յուր ծանոթների շրջանում կարողանա մի պաշտոն գտնել ինձ համար։

Այդպիսի մեկը... այդպիսի մեկը... սպասիր... իսկույն,.. սկսեց մտածել շիրաջը՝ մատը շրթունքների վրա դնելով և աչքերը հատակի վրա ուղղելով։

Մի քանի րոպեից ետ նա հանկարծ ճակատին խփելով բացականչեց.

Ա՛յ, հիմա՛ր, հիմա՛ր, ինչպե՞ս մոռացել էի... Հապա մեր Թորոսյանը... դու էլ երևի չես մտաբերել։

Ո՞վ է Թորոսյանը, հարցրեց Վահանը հետաքրքրությամբ։

Պետրոս Թորոսյանը, չե՜ս ճանաչում, մեր հայրենակիցն է. այստեղ հայտնի հարուստներից մեկն է. քեզ էլ, կարծեմ, հեռու-մոտիկ ազգական է, չգիտեմ մո րդ, թե հորդ կողմից։

Չգիտեմ. չեմ ճանաչում։ Ինչպե՜ս չէ. ազգական է։ Ա՛յ, էդուց ժամը 10-ին արի այստեղ, ես քեզ կտանեմ նրա մոտ։ Նա ինքը եթե յուր գործում պաշտոն չունենա, անպատճառ յուր ծանոթներից մեկի մոտ կգտնե։

Հույս ունե՞ս։

Ինչպե՜ս չէ. պատվական մարդ է. ահագին կարողությ ուն ունի։

Ասենք թե կարողությունը կապ չունի պատվականության հետ. կարող է հարուստ լինել, բայց պատվական չլինել։

Չէ, չէ, հարուստ էլ է, պատվական էլ է։ Դու առավոտը եկ այստեղ, ես նրա մոտ կտանեմ քեզ և կտեսնես, որ նա քեզ համար պաշտոն կգտնե։

Վահանը սրտագին շնորհակալություն արավ յուր շիրաջ բարեկամին և խոստանալով նրան որոշյալ ժամանակին ներկայանալ, դուրս գնաց գինետնից ուրախ և հուսալից սրտով։

Բ

ՎԵՐՋԻՆ ՓՈՐՁԸ

Հետևյալ առավոտ, ճիշտ նշանակած ժամին, Վահանը մտավ Մանասի գինետունը։ Շիրաշը նույն սիրով ու մեծարանքով ընդունեց նրան ինչպես ընդունել էր նախընթաց երեկոյան և աթոռ հրամեցնելով՝ խնդրեց սպասել մի քանի վայրկյան, մինչև որ յուր հաճախորդներից մեկի հետ ունեցած փոքրիկ գործը կավարտեր։

Երբ վերջինս դուրս գնաց, Մանասը մոտեցավ Սարյանին և նրա առողջությունը հարցնելուց ետ հոգածու եղանակով ասաց.

Գործդ ձախ է գնում, այսօր ես չեմ կարող տանել քեզ Թորոսյանի մոտ։

Ինչո՞ւ, շա՜տ եք զբաղված։

Ոչ, զբաղված չեմ, բայց... այնպես մի բան պատահեց որ...

Եթե այսօր չեք կարող, վաղը տարեք, միևնույն է, ես մի օր կարող եմ սպասել, ընդհատեց Վահանը շիրաջին։

Բանն այդ է, որ վաղն էլ չեմ կարող։ Իսկ մյուս օրը՞։

Մյուս օրը... ինչպե՞ս ասեմ, մյուս օրը...

Գուցե չեք կամենում տանել, կամ չեք կամենում պատճառ դառնալ ինձ։

Ա՛յ, պարզն ասեմ էլի. ի՞նչ ունիմ քեզանից թաքցնելու։ Երեկ երեկոյան հենց որ դու դուրս գնացիր, Մոմճյանը մտավ այստեղ։ Դու նրան չտեսա՞ր։

Ոչ. չտեսա, հետո՞։

Նա քեզ տեսել էր։ Մտավ ինձ մոտ և հարցրեց թե՝ այս տղան ձեզ մոտ ի՞նչ է շինում։

Իսկ Մոմճյանի հետ ծանո՞թ եք դուք։

Ինչպե՞ս չէ. վաղուց. մենք մինչև անգամ լավ բարեկամներ ենք։

Մի՞թե, ես այդ չգիտեի։

Հապա՛, լավ բարեկամներ ենք... Հարցրեց ինձ, թե այս տղան ի՞նչ էր շինում այստեղ։ Մեկ ուզեցի ասեմ թե եկել էր գինի գնելու, մեկ էլ ինքս ինձ մտածեցի, թե ինչո՞ւ թաքցնեմ և քո գալու պատճառը հայտնեցի։ բացի այդ, իրա հետ էլ ըսկըսեցի կռվել և լավ խայտառակել, թե ինչո՞ւ քեզ նման խեղճ տղի գլխին այդ օյինները խաղացել են։ Բայց նա երդվեց խաչով, ավետարանով, սուրբերով թե՝ ինչ որ դու պատմել ես, բոլորը սուտ է. թե իրենք քեզ չեն նեղացրել, թե, ընդհակառակը, դու ես նրանց խայտառակել, մեծ սկանդալ ես սարքել և էլ չգիտեմ թե ինչեր ես արել։

Ե՞ս, ե՞ս եմ նրանց խայտառակել, ե՞ս եմ սկանդալ սարքել...

Հապա՛։

Բայց ի՞նչ եմ արել. չասա՞ց, թե ի՞նչ է արել...

Ինչպե՞ս չէ, բոլորը պատմեց։

Այսինքն ի՞նչ․ մի երկու բան ասա տեսնեմ։

Չէ, Վահան ջան. ի՞նչ հարկավոր է. իզուր տեղից սիրտդ պիտի նեղանա։

Չէ, չէ․ հատուկ խնդրում եմ, ասացեք տեսնեմ ի՞նչ է պատմել։

Ապա ես կարո՞ղ եմ ասել, ինչո՞ւ ես ստիպում։

Խնդրում եմ, աղաչում եմ. ասացեք։ Ինչ որ ճիշտ լինի կասեմ, որ ճիշտ է. ես այստեղի խաբեբաներից չեմ. դուք ինձ լավ պետք է ճանաչեք․ եթե ինձ չճանաչեք, հորս հո՛ ճանաչում եք. մեր տանը սուտ խոսելու սովսրություն չկար, մի սուտ խոսքի համար հայրս կարող էր ինձ տանից արտաքսել...

Վա'. քո հորը չե՞մ ճանաչում, Հովսեփ ապերը ասիլ տղամարդ է։ Մենք հո միշտ պարծենում ենք, որ նրա նման ազնիվ մարդ ունինք մեր հայրենիքում։

Ուրեմն պիտի իմանաք, որ նրա որդին սուտ չի խոսիլ. ասացեք տեսնեմ ի'նչ է պատմել իմ մասին Մոմճյանը։ Ի՞նչ որ ճիշտ լինի, չեմ ուրանալ. եթե մի վատ բան արած լինեմ, կխոստովանեմ. ի՞նչ անենք, ամենքս էլ սխալական ենք. կարելի է ես էլ սխալվել, մի հանցանք եմ գործել։

Հա', այդ է, էլի՞․ նա էլ կարծում է, որ կարող ես սխալմունքով արած լինել։

Բայց ի՞նչ եմ արել, ասացեք վերջապես, համբերությունս հատնում է։

Ա՛յ թե ինչ. ասում է, որ ամբողջ ամիս Մարթայի մոտ ապրել ես, կերել ես, խմել ես և մի կոպեկ չես վճարել նրան...

ճշմարիտ է. այդ խո ես ինքս էլ պատմեցի ձեզ. փող չունեի, չվճարեցի. բայց հագուստներս գրավ դրի նրա մոտ։

Ասում է, որ ռոճիկդ երկու ամիս առաջ ստացել ես և իրենց գործին միայն վեց շաբաթ ես ծառայել։

Ե՛ս. ռոճի՛կ. այդպես բան նա ասո՞ւմ է...

Այո՛, բայց, ասում է, այդ ոչինչ. դրա համար չեմ մտածում, ուրիշ ավելի վատ բան ես արել։

Ի՞նչ...

Ասում է, որ Մարթայի աղջկանը համբուրել եմ...

Ե՞ս. Մարթայի աղջկա՞նը. համբուրե՞լ եմ..

Եվ թե, ասում է, Մարթայի փեսացուն, պարոն Մովսիսյանը, այդ բանը իմանալով, եկել մեծ սկանդալ է սարքել և քեզ ծեծել ու դուրս է արել...

Օ՞հ, տե ր աստված, մի՞թե մարդ արարածը կարող է այս աստիճան ստորանալ... տեղից վեր թռչելով և գրեթե գոռալով բացականչեց Վահանը և Մանասի ձեռքից բռնելով ու քաշելով. Գնա՛նք, գնա՛նք Մոմճյանի մոտ, ասաց, կամ այդ մարդը պետք է յուր բոլոր ասածները հաստատե, կամ թե չէ, ես նրան այս բռունցքներովս պիտի ջարդեմ։

Երեխայություն մի՛ անիր, Վահան, տեղդ նստիր. ի՞նչ հարկավոր է ամեն խոսածի վրա ուշադրություն դարձնել, համոզկեր ձայնով խոսելով սկսեց հանգստացնել երիտասարդին շիրաջը։

Չէ. անկարելի է. այդ մարդը, վերջապես, պիտի հասկանա, որ ամենքին միատեսակ խաբել կամ զրպարտել չի կարող և որ վերջապես կգտնվի մեկը, յուր ստախոս ու զրախոս բերանը կջարդե...

Իրավունք ունիս, Վահան, իրավունք ունիս. ես էլ քեզ տեղ լինեի, այդպես կվարվեի։ Բայց հետևանքի մասին էլ մտածի՛ր, է ։ Դնենք թե գնացինք նրա մոտ. նա, իհարկե, յուր խոսածները չի հաստատիլ...

Այն ժամանակ ես նրա գլուխը կջարդեմ...

Լավ. դնենք թե նրա գլուխն էլ ջարդեցիր, հետո՞.

Հետո էլ ի՞նչ, դրանով էլ բանը կվերջանա։

Ներողություն, դրանով բանը չի վերջանա, այլ կսկրսվի։

Ինչպե՞ս թե կսկսվի։

Հապա, կսկսվի․ մի՞թե չգիտես. նա էլ հո սուս չի՞ կենալ։

Նրան սուս կացնելը ինձ վրա թող. ես իմ բռունցքների ուժը ճանաչում եմ. ինձ Սարենց Վահան կասեն... խրոխտաց երիտասարդը։

Այդ չեմ ասում, է՜ . մի լսի՛ր, եթե դու նրան ծեծես, նա իսկի չի էլ պատախանիլ քեզ, դրա համար պոլիցիա կա, դատարան կա, դատաստան կա, քեզ կմեղադրեն, բանտ կնստեցնեն, ծնողներդ լսեն ի՞նչ կասեն քեզ։ Առաջին անգամ օտար քաղաք ես եկել, եթե հենց մի շաբաթ բանտ նստես, էլ այնուհետև ո՞վ կմոտենա քեզ, ո՞վ գործ կհանձնե. հետևանքը, որ ասում եմ, ա՛յ սա է։ ճշմարիտ է, դու ուսամնական ես, բայց ինձ չափ փորձված չես. քսան տարի է Թիֆլիսում շիրաջություն եմ անում և շատ չար ու բարի եմ տեսել, ինչ որ ասում եմ, լսի՛ր և չես փոշմանիլ։ Ի՞նչ չեմ փոշմանիլ, այ մարդ, եթե ես նրան իմ ձեռքի ուժը ցույց չտամ, նա այդ միևնույնն ուրիշ շատերին էլ կրպատմի, չէ . այն ժամանակ արդեն ես ավելի կխայտառակվեմ, քան թե բանտ նստելով։

Թող պատմե. ո՞վ է նրան հավատացողը։

Քանի որ դուք իմ հայրենակիցն եք, ինձ ճանաչողն եք, հավատում եք, ուրիշները ինչպե՞ս չեն հավատալ:

Ե՞ս. բնա՛վ. ես նրան չեմ հավատում։

Եթե չեք հավատում, ինչո՞ւ խոստումներդ ետ եք առնում և չեք կամենում տանել ինձ Թորոսյանի մոտ։

Դրա պատճառը, սիրելիս, այն չէ, որ ես Մոմճյանին հավատում ու քեզ վատ տղայի տեղ եմ ընդունում, չէ. պատճառր այդ չէ։

Հապա ո՞րն է:

Ա՛յն է, որ Մոմճյանը ինձ խնդրեց և համարյա՛ թե աղաչեց, որ ես քեզ համար գործ չգտնեմ, երևի այն պատճառով, որ դու երկար ժամանակ անգործ մնալով ստիպված լինես կրկին իրենց դիմելու։

Ավելի շուտ դժոխքը կերթամ, քան թե նրանց կդիմեմ։ բայց դուք այն ասացեք, մի՞թե խոստացաք նրա խնդիրը կատարել։

Խոստացա, չէի կարող չխոստանալ։

Ինչո՞ւ, ի՞նչ կապ ունիք նրա հետ։

Պատճառը հետո կասեմ։

Հիմա ասացեք, էլի՞. գոնե կլսեմ, կհանգստանամ։

Պատճառը, սիրելիս, ա՛յն է, որ այդ մարդը իմ լավ բարեկամն է։ Ճիշտ է, նրա՝ քո մասին պատմածները ես բանի տեղ չեմ դնում, գիտեմ, որ խոսածները բոլորը սուտ են. ես քեզ լավ եմ ճանաչում, բայց, ինչ մեղքս թաքցնեմ, խոստացել, եմ խնդիրը կատարել նրա համար, որ նա ինձ շատ լավություններ է արել և էլի անում է։ Եթե նրա այդ խնդիրը չկատարեի, կարող էր ինձ վնասել։

Ի՞նչ լավություններ է արել և ինչո՞վ կարող է վնասել։

Լավություններն այն, է, սիրելիս, որ նա շատ ծանոթներ ու բարեկամներ ունի, բոլորին էլ խնդրել և համոզել որ գինին ինձանից գնեն․ և նրանք էլ գնում են։ ճիշտն ասած, ես էլ, նրա բարեկամներին լավ գինի եմ տալիս. բայց լավ գինի բոլոր շիրաջները կարող են տալ, գնող էլ պետք է լիեի։ Տարեկան ամենաքիչը հինգ հարյուր կուժ գինի կծախեմ Մոմճյանի ցույը տված մարդկանը վրա։

«Մինակ նրա բարեկամի մի տրաքտիրը տարեկան երկու հարյուր կուժ գինի է մսխում։ Չոփուռի տղա Սանգրոն, թեկուզ թեյարան է պահում, էլի տարվա մեջ մի հիսուն կուժ գինի է տանում ու թաքուն իրա մուշտարիներին խմացնում։ Լավ ընտանիքներից էլ տանում են ու տանում։ Այս բոլորի համար բավական փող են վճարում ինձ. իսկ այդ անում են Մոմճյանի շնորհիվ։

«Բացի այս, նա եկամտի մի նոր աղբյուր էլ է գտել ինձ համար, այնպիսի աղբյուր, որի նմանը ոչ մի շիրաջ չունի։ Դու մի հարցրու, թե ի՞նչ աղբյուր»։

Ի՞նչ աղբյուր։

Ա՛յ, ասեմ,. զարմացիր։ Թիֆլիսում, ինչպես գիտես, անգործ աղքատ, բայց խմելու սիրահար մարդիկ շատ կան. ինչպես օրինակ, հին, դուրս արած չինովնիկներ, սնանկացած մանրավաճառներ, քելեխի ետքից վազող Հարբան֊տիրացուներ և այլն. Մոմճյանը խորհուրդ տվավ ինձ այդ տեսակ մի տասը, տասնևհինգ հոգու սովորեցնել, որ ման գան քաղաք վաճառանոցները, կշռանոցները և խմելու ցանկություն ունեցող մարդկանց, գյուղացիներ լինին նրանք թե քաղաքացիներ, թրևելով բերեն այստեղ և խմացնեն։ Ես Մոմճյանին լսեցի և այդ տեսակ մի քանի մարդկանց հետ կապվեցա։ Դրանք, որոնց Մոմճյանը գինետան գործակալներ է անվանում, արդարև, այժմ մեծ գործ են կատարում ինձ համար։ Մինակ չաչանակ Սերգոն, որին, երևի ճանաչում ես, տարվա մեջ հինգ հարյուր խմող կբերի այստեղ։ Ամեն ներս գալով հետը ունենում է չորս-հինգ հոգի։ Իսկ այդ չորս֊հինգ հոգին գոնե վեց-յոթ շիշ գինի են կոնծում։

«Այսպես հաշվիր և ուրիշ գործակալներին և տե՛ս, թե տարվա մեջ ի՜նչ մեծ օգուտ կտան նրանք իմ գինետանը։

Իսկ իրենք, գործակալները, ի՜նչ օգուտ են ստանում։

Ոչինչ, նրանց օգուտն այն է, որ բերած հյուրերի հետ ՛ձրի գինի են խմում, և մի֊մի անգամ էլ ինձանից պապիրոսի փող են ստանում։

Իսկ Մոմճյանը ի՞նչ օգուտ ունի ձեզանից, որ այս տեսակ լավություններ է անում ձեզ։

Ոչինչ։

Անկարեկլի է. նա չի կարող առանց մի որոշ օգտի կամ նպատակի բարիք անել ուրիշին:

Հավատացեք, որ ոչինչ։ Միայն թե երբեմն֊երբեմն գալիս է այստեղ և մեր գործակալների բերած մարդկանց հետ Նստում բաներ է խոսում, քարոզում, սովորեցնում...

Ի՞նչ է խոսում։

Ի՞նչ գիտեմ, ես հոուշադրություն չեմ դարձնում։ Մի֊մի խոսքեր ականջովս ընկնում են. կարծեմ ազգի, ուսումնարանի կամ եկեղեցու մասին է խոսում։ Չգիտես, կարելի է լութերական է, ու լութերականություն է սովորեցնում. ես այդ բաներումը չեմ խառնվում։

Հը՛, հիմա հասկանում եմ, ասաց Սարյանը, և ապա ինքն իրեն մտածեց. «Այդ մարդը, ուրեմն, սիստեմատիկաբար գործում է ամբոխի մեջ և յուր ծրագիրը առաջ է տանում... Ես կարծում էի, թե միայն թեյարաններումն է պտտում, բայց այժմ երևում է, որ գինետներն էլ է հաճախում, ճաշարանների հետ էլ գործ ունի, միով բանիվ սարդի ոստայնը ամեն անկյունների վրա տարածվում է...»։

Այդպե՛ս, հա՞. ուրեմն Մոմճյանը ձեր երախտավորն է, դրա համար չեք ուզում խոսքիցն անց կենալ, դարձավ նորեն Վահանը խոսակցին։

Երախտավոր ինչո՞ւ է լինում, բարեկամ է, ասացի, չեմ ուզում թշնամացնել։

ճիշտն ասած, ես էլ չեմ կամենում, որ նա իմ պատճառով թշնամանա ձեզ հետ. չարասիրտ ու չարագործ մարդ է։ Ով գիտե, ի՞նչ վնաս կարող է հասցնել։ Ինձ որ այդպես հալածում է, քանի որ լավությունից զատ ոչ մի չարություն չեմ արել նրան, ձեզ հո ավելի կհալածե՝ մտածելով, որ մեծ երախտիք ունի ձեզ վրա...

Ես էլ աչդ եմ ասում է. ա՛յ, ինքդ էլ լավ հասկանում ես։ Այո՛, հասկանում եմ. բայց եթե մի քանի րոպեով ինձ հետ միասին մտնեք Թորոսյանի մոտ, կարծում եմ, նա այդ չի իմանալ։

Օ՜, նա ամեն բան կիմանա, նա ամեն տեղ մարդիկ ունի: Տեսա՞ր, երեկ մի քանի րոպե չոլախի քարվանսարի առաջ խոսացիք ինձ հետ, իսկույն բազազ Գարսոյի աշկերտ Վանոն խաբարը տարել էր։

Բազազ Գարսոյի աշակերտը ո՞վ է։

Չե՞ս հիշում. այն թուխ ու մազոտ երեսով տղան, որ Ձորաբաշի եկեղեցում մեզ թղթեր էր բաժանում։

Հա՛, հա՛, հիշում եմ, հետո՞:

Հետո էլ ի՞նչ. նա խաբարը տարել էր։ Մոմճյանն էլ եկավ քո բանը խանգարեց։ Հիմա եթե նա իմանա, որ Թորոսյանի մոտ եմ տարել քեզ, թե՛ ինձ հետ կթշնամանա և թե՛ Թորոսյանի մոտ գնալով քո մասին կչարախոսե:

Ուրեմն դուք Մոմճյանին չե՞ք հայտնել, թե մտադիր էիք Թորոսյանի մոտ տանել ինձ։

Ո՛չ. այլ ասացի, որ կամենում եմ մի որևէ վաճառականի մոտ պաշտոն գտնել քեզ համար:

Եվ նա հ՛րամայեց, որ չգտնեք:

Այսինքն, չհրամայեց, այլ խնդրեց:

Կնշանակե դուք, մինչև անգամ չեք կարող տանել և ծանոթացնել ինձ Թորոսյանի հետ։

Ոչ. չեմ կարող, սիրելիս. պատճառն էլ բացատրեցի: Բայց դու ինքդ կարող ես ներկայանալ նրան: Հարկավոր չէ, որ մեկ ուրիշը անպատճառ ծանոթացնե քեզ։ Թորոսյանը նոր մարդկանցից չէ: Բավական է, որ հայտնես նրան, թե Սարենց Հովսեփի տղան ես. նա քո հորը ճանաչում է, քեզ էլ սիրով կընդունի։ Եթե յուր գործում պաշտոն չունենա, ինչպես երեկ էլ ասացի, ուրիշի մոտ կգտնե, որովհետև ծանոթներ ու բարեկամներ շատ ունի։

Վահանը տեսավ, որ էլ թախանձելն ավելորդ է։ Նա չգիտեր, իհարկե, թե շիրաջը, որքան էլ համակրեր և մինչև անգամ սիրեր իրեն, դարձյալ յուր անձնական օգուտը պիտի գերադասեր։ Որովհետև առևտրական աշխարհում բարեկամի օգտի համար սեփական օգուտը զոհելու գաղափարն անծանոթ է, և անբնական կլիներ, եթե ծանոթ լիներ. ըստ որում, որտեղ երկու կողմի շահերի մրցումն է լինում, այնտեղ զոհելու մասին խոսք լինել չի կարող: Վահանը, անշուշտ այս ճշմարտությանն անտեղյակ էր։ Բայց կարծելով թե շիրաջր իսկապես վախենում է Մոմճյանից, որովհետև մի զորեղ մարդու տեղ է դնում նրան, չկամեցավ այլևս հոգեկան անհահգստություն պատճառել նրան։ Այլ մանրամասն տեղեկանալով Պետրոս Թորոսյանի առևտրական գրասենյակի տեղը, ողջունեց յուր երկչոտ բարեկամին և դիմեց դեպի անծանոթ վաճառականը՝ առանց հաջողության որևէ հույս ունենալու:

"Լուսավորության կենտրոնը" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Այզորների երգը
Գեորգի Գյուրջիև

Այզորների երգը

Լորդ Բայրոնի այցը Սուրբ Ղազար կղզի
Լորդ Բայրոնի այցը Սուրբ Ղազար կղզի
Խաղա առցանց